Հայոց Անմահների գունդը խորագրի արխիվներ

«Ես ապրում եմ»

«Խաղաղ երեկո»-ից «Մեր Բոհեմը», «Մարտիկի երգ»-ից «Կյանք ու կռիվ». բոլոր զինվորական և երբեմն էլ ոչ զինվորական երգերը հնչեցին ապրիլի 17-ին՝ «Ես ապրում եմ» խորագիրը կրող միջոցառմանը՝ մի շարք ծանոթ և անծանոթ մարդկանց կողմից, որոնց նպատակը մեկն էր՝ ապրեցնել Վազգենին:

Վազգեն Գալստյանը Արցախյան վերջին պատերազմի հերոսներից է: Անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ Ջրականում: Նա այդ օրը կդառնար19 տարեկան:
Հիշատակը վառ պահելու համար Վազգենի ծննդյան օրը իր ընկերները, մասնավորապես սիրած աղջիկը՝ Գրետա Սարգսյանը, կազմակերպել էին փոքրիկ միջոցառում՝ Երևանի կենտրոնում, որտեղ հնչում էր երաժշտություն: Երիտասարդները նվագում էին տարբեր երաժշտական գործիքներ, երգում էին ու այս կերպ նշում Վազգենի 19 ամյակը:

«Վազգենի հետ կապված որևէ բան պլանավորելիս ես ու իր ծնողները մտածում ենք այն մասին, որ ամենը Վազգենին վայել լինի, ու սա էլ բացառություն չէր: Նպատակը այն էր, որ քաղաքի կենտրոնում երաժշտություն հնչեր ու իր շուրջը հավաքեր ծանոթ-անծանոթ մարդկանց, ու այդպես էլ ստացվեց: Կարելի է ասել, որ Վազգենի ծնունդը քաղաքի կենտրոնում նշեցինք՝ ծանոթ-անծանոթների հետ: Ովքեր չէին ճանաչում, մոտեցան, տեսան, ծանոթացան, ու այսպես վառ պահեցինք նրա հիշատակը»,- նշեց Գրետան:

Գրետայի խոսքով՝ երիտասարդները, ովքեր երգում կամ նվագում էին, շատ մեծ պատասխանատվությամբ էին միջոցառմանը մոտեցել:
«Շնորհակալ եմ երիտասարդներին: Իսկապես շատ հուզիչ ու ազդեցիկ էր: Բանն այն է, որ երկու օր առաջ էլ իմ ծննդյան օրն էր: Միշտ սկզբում ինքն էր գալիս, համբուրում ու շնորհավորում ինձ, հետո իր ծննդյան օրը ես էի նույնն անում: Մի տեղ գնում էինք, նստում կամ մտերիմների, ընկերների հետ որոշում էինք տանը նշել: Երկու տարի առաջ, երբ Վազգենը ընդունվեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց, ամբողջ դասարանին հրավիրեցինք բացօթյա ռեստորան ու նշեցինք տարեդարձը: Շատ երջանիկ էր, շատ, աչքերը փայլում էին: Ցավոք սրտի, դա վերջին ծնունդն էր, որ նշեցինք»,-ասաց Վազգենի հայրը՝ Յուրի Գալստյանը:
Վազգենի մայրը շնորհակալություն հայտնեց բոլորին, ասելով, որ ամեն բան չէ, որ պետք է տխուր անցնի:

«Անցած տարի իմ ծննդյան օրվա գիշերը մի նամակ եկավ, տեսա իրենից է. կողքի սենյակից էր ուղարկել: Սլայդ շոու էր պատրաստել իր նորածին տարիքի լուսանկարներից մինչև իր մեծ տարիքը: Շատ հուզվեցի: Իր կողմից նրա վերջին նվերն էր ինձ»:
Գրետան մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, հրապարակեց իր գիրքը՝ «Բարևն էր մեղավոր» վերնագրով: Գրքում եղածը իրական պատմություն է անկեղծ սիրո մասին, որն ընդհատվում է Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով: Գրքի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Վազգեն Գալստյան» գիտակրթամշակութային հիմնադրամին:

«Ես հիմնադրամ եմ բացել ու հուսով եմ, որ հիմնադրամը իր նպատակին կծառայի ու կգործի: Նպատակը բարեգործությունն է, որպեսզի գիտությունը, մշակույթը զարգանա, ինչպես նաև որդուս անունը վառ պահվի»,-ասաց Վազգենի հայրը:

Գիտե՞ս` ինչ է կորստի ցավը

Պատերազմից արդեն անցել է համարյա 7 ամիս, ու շատերը հավանաբար մոռացել են, որ պատերազմ է եղել, որ 18-20 տարեկան տղերք են անմահացել։ Նրանք, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ հիմա, մեքենաների երաժշտության ձայնը բարձրացրած անցնում են Երևանի փողոցներով` չմտածելով սգացող մայրերի, քույրերի հոգեվիճակի մասին։

Գիտեք, արդեն 6 ամիս է անցել, ինչ եղբայրս մեզ հետ չէ։ Բայց ես չեմ համակերպվում այդ մտքի հետ, չեմ ուզում հավատալ, որ նա էլ չկա, չի գալու, չի ժպտալու ու չի խոսելու ինձ հետ։ Մինչև հիմա ես ինքս ինձ չեմ կարողանում խոստովանել, որ Սևակս էլ մեզ հետ չէ, որ թողել է մեզ և բռնել է հավերժի ճամփան։

Գիտեք, ինչքան դժվար է, որ դու չես կարողանում համակերպվել այդ մտքին, որ արդեն 6 ամիս է անցել, ու դու չես գնացել եղբորդ գերեզմանին, խունկ չես վառել ու ծաղիկներ չես խոնհարել։ Ինչքան դժվար է, երբ լսում եմ էդ անիծյալ «պատերազմ» բառը ու ինքնաբերաբար ամբողջ ներսս տակնուվրա է լինում, երբ լսում եմ Սևակ անունը, աչքերիցս արցունքները  գնում են։

Երբ դու քո մեջ ուժ չես գնում գնալ, դու ինքդ քեզ չես կարողանում խոստովանել, որ ինքը էլ չկա, որ դու ինքդ քեզ համոզում ես, որ կզանգի, կասի, թե ողջ է էսքան ամիս անց, կգա կասի, որ  փախել էր, թաքնվել էր, ապաստարան էր գտել իր համար, որ կազդուրվել է, ամեն ինչ հիշել է, տուն է վերադարձել։ Բայց չկա, չէ, ինքը չկա։ Արդեն ժամանակն է ինքս ինձ խոստովանելու։ Գիտեք, ինչքան դժվար է ցավը սրտում պահել և ինքդ քո մեջ տառապել, չկիսվել ոչ մեկի հետ, չասել ոչ մեկին ոչինչ, թե ինչ ես զգում, ինչ է կատարվում հոգումդ, որ չկարողանաս գոռալ ցավից, չկարողանաս լացել,  չկարողանաս հավատալ իրականությանը։ Հավատով սպասես, որ եղբայրդ կզանգի քեզ ու կասի, որ ինքը չի մահացել, բայց ամեն անգամ նայելով հեռախոսիդ, սիրտդ փշուր-փշուր է լինում, հոգիդ մղկտում է ցավից։

Սևակ… Դու գնացիր ու քեզ հետ տարար մեր դեմքի ժպիտը, տարար մեր ուրախությունը, մեզ դարձրեցիր սառնասիրտ, դարձրեցիր քար, անզգացմունք ու կյանքից հիասթափված։ Գիտե՞ս, Սև, երբ կուրսընկերս պատմեց, թե ոնց է փրկվել այդ պահին, երանի է տալիս, որ դու էլ փրկվեիր, դու ֆիզիկական ցավից գոռայիր ու չթողեիր, որ մեր հոգիները ցավից գոռային։ Թող ոտք, թև չունենայիր, Սև, բայց մեզ հետ լինեիր։ Մենակ թե իմանաս, թե ինչքան եմ քեզ կարոտել, թե ինչպես է կարոտը խեղդում կոկորդս, իսկ սիրտս ցավից կուչ է եկել։

Իմ հավերժ հերոս, դու միշտ ինձ հետ կլինես, իմ Սևակ։

Կյանքի գինը

Ամեն առավոտ արթնանալիս նայիր երկնքին. այնտեղ են նրանք, որոնց շնորհիվ դու այսօր արթնացար։ Մի օր էլ, երբ երազանքների գիրկը կընկնես, հիշիր, որ ինչ-որ մեկի երազանք կիսատ է մնացել, որ ինչ-որ մեկի երազանքը փամփուշտը փշրել է։ Աշնան 44 այդ օրերը մեզնից խլեցին մեր ամենաթանկ մարդկանց։

Իմ քաջ ու արի եղբայր՝ Ղազար Սարուխանյան, կյանքդ զոհեցիր հանուն կյանքի։ Անմահացար, հանուն այն հողի, որի համար տարիներ շարունակ ազգս պայքարել է։ 2001 թվականի մայիսի 29-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում ծնվեց տան միակ արու զավակը՝ հերոս եղբայրս։ 2006-2007 թթ. ընդունվելով Կոթիի Շահնազար Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոցը, այն ավարտելով 2018թ., ընտանիքով տեղափոխվեցին Երևան։ Աշխատում էր արագ սննդի կետում։ Համալսարան չէր ընդունվել, մտածում էր՝ բանակից անմիջապես հետո կզբաղվի ուսմամբ։ 2019 թ. հուլիսի 10-ին զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Մատաղիսում։ Լավ ծառայության համար շնորհեցին կրտսեր սերժանտի կոչում և նշանակեցին 111 մարտական դիրքի ավագ։ Մեկ տարի երկու ամիս էր, ինչ ծառայում էիր հայոց բանակում։ Ծառայում էիր արժանապատվորեն։ Նպատակներ ունեիր, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնա։ Երազանքներ, որոնք այդպես էլ չեն իրականանա։

Մեծ Ղարաբաղի փոքր անկյունում

Խոր ձորերի մեջ՝ լեռներով պատված,

Գյուղ կա մի փոքրիկ Մատաղիս կոչվող,

Անամպ երկնքով, խաղաղ թվացող

Բայց և անհանգիստ`

Թե փամփուշտների սուլոցի ձայնից

Եվ թե արկերի զիլ դղրդոցից։

Փոքր է գյուղը, պատմությունն է մեծ,

Մեծ ու դարավոր:

Հազարամյակով պատերազմ տված

Ու ամեն մարտում հաղթանակ տոնած,

Բայց հոգու խորքում արցունքը պահած

Զոհված քաջերի կորցրած արյան

Ու կյանքի համար։

Այն կյանքի համար, որ չեն խնայել

Ու հենց դրանով ողջ ազգն են պահել։

Եղբորս խոսքերն էին՝ իր սիրելի Մատաղիսին։ Սեպտեմբերի 27-ի թեժ կռվի ժամանակ եղել է դիրքերում։ Ուրախ էր, ծիծաղը շուրթերին, այնպես էր խոսում, կարծես պատերազմի մեջ չէր։ Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ հոկտեմբերի 8-ին, և այլևս տեղեկություն չեն ունեցել։

Մայր իմ սիրելի,

Շատ մի մտածիր,

Որդիդ պահում է

Հողը հայրենի:

Ու կանցնի շատ շուտ

Այս երկու տարին,

Տուն կգամ բարով`

Խոստմանս հավատարիմ։

Սակայն այս խոստումդ դու դրժեցիր ու տուն չվերադարձար խոստմանդ հավատարիմ։ Հոկտեմբերի 10-ին ընկար հերոսաբար` հրետանու արկի բեկորներից։

Առաջադրանք են կատարել, բարձունք պետք է գրավեին, այդ պահին երեքով են եղել, Ղազարն անմահացել է։ Այնինչ ժպիտը շուրթերին հերոսս վստահեցնում էր. «Կգամ, անպայման կգամ, բայց հիշեք, որ ամեն բան այս կյանքում ժամանակավոր է»։ Ծառայության մեկնելուց առաջ 10-ից 10 էր ստացել ու վարորդական իրավունք ձեռք բերել, թեև, որպես զինվորական, մեքենայի ղեկին նստել չէր ուզում. «Այսպես ես մեկ հոգու համար եմ պատասխանատու՝ միայն իմ, իսկ եթե ղեկին լինեմ, մեքենայում գտնվող բոլոր զինվորների համար պիտի պատասխանատվություն կրեմ»։

«Ուզում եմ, որ գյուղից վառոդի հոտը վերանա, մանուկներն ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ»,- հայրենասիրական թեմայով շարադրության մեջ  ընդգծել էիր դու,Ղազար, և հանուն այդ խաղաղության էլ կյանքդ զոհեցիր՝ բոլորիս թողնելով կարոտ քո տունդարձին, նույնիսկ սիրած աղջկադ, ում զգացմունքներիդ մասին պետք է ասեիր ծառայությունն ավարտելուց հետո, բայց հերոսացար հանուն բոլորիս խաղաղության։ Հերոսացար` հավերժ մնալով մեր սրտերում։ Հերոսացար, քեզ հետ տանելով մեր մի մասնիկը ու դատապարտելով մեզ հավերժ կիսատ մնալու։ Անմահացար հանուն այն դիրքերի, որոնք այսօր էլ չկան։

Միշտ ինձ հետ ես դու, իմ թանկ բացակա, անունիդ կողքին գրում եմ ներկա։

Հայոց անմահները. Աբրահամ Բարնջյան

Բարձրահասակ, գեղեցիկ, անչափ խելացի և հայրենասեր, ահա այսպիսին էր մեր հերոսը։ Նա Աբրահամն է, իրական հայրենասերը և նվիրյալը, գիտելիքի հզոր զենքով և գեղեցիկ ժպիտով։ Ուժեղ կամք, հաստատակամություն, մտքի թռիչք… Ահա նրա որակական հատկանիշները:

Աբրահամ Արտաշեսի Բարնջյան, ծնվել է 1993թ մայիսի 12-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:  2010թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ընդունվելուց կես տարի անց զորակոչվել է, ծառայել Ռուսաստանի Դաշնության Արտաշատի սահմանապահ զորամասում։ 2013 թվականից նույն զորամասում ծառայությունը շարունակել է որպես պայմանագրային զինվորական, և  2016 թվականին զորացրվելով,  շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանում՝ ուսումը համատեղելով աշխատանքի հետ։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին նա երդում տվեց և ընդունվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Թալինի «Արամ» կոմիտեության շարքերը։ 2019 թ. մարտ ամսից Աբրահամը ընդգրկվում է «ՀՅԴ Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունում, և պատերազմի առաջին օրերին այդ կազմակերպության և իր մարտական ընկերների հետ մեկնում է Արցախ:

Աբրահամի համար «հայրենիք», «հայրենասիրություն» պարզապես հասկացություններ չէին, այլ վեհ գաղափարներ, ինչը կրում էր ամբողջ հոգով և էությամբ: Հայրենասիրության ամենաթանձր գույնը խտացված էր Աբրահամի մարդ-հայրենասերի կերպարում: Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Աբրահամը գիտակցված կամավորագրվել և մեկնել է Արցախ:

Եղբայրը պատմում է.

-Երբ զանգեց, միանգամից ասաց. «Թշնամին հարձակվել է, ես գնում եմ պատերազմ, սկսվել է…»:

Կամավորագրվելուց  և մեկնելուց առաջ Աբրահամը ասել էր. «Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»:  Սա գիտակցված քայլ էր…

Մարտական թեժ գործողություններ են ընթացել Վարանգաթաղում, Աբրահամը աչքի է ընկել իր արիությամբ, անձնուրաց պայքարով՝ անտեսելով մահը:

Արցախյան 44-օրյա պատերազմի տասներորդ  օրը՝ հոկտեմբերի 6-ին, հերոսի մահով ընկավ կամավորական Աբրահամ Բարնջյանը՝ թշնամու ձեռքն անցած Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը գրոհելիս։ Վարանգաթաղի ճակատամարտում նրա հետ անմահացան տասնյակ հերոս դաշնակցականներ։

Աբրահամ, քո սխրանքն անմահ է, քեզ միշտ ենք հիշելու, դու միշտ կմնաս մեզ համար վառ օրինակ իսկական Հայ զինվորի, կամավորի… Դու անմահացել ես հանուն հայրենիքիդ, գիտակցված կռվել և ընկել ես հանուն ժողովրդիդ ազատության և հայրենիքիդ խաղաղության… Դժվար է բառեր գտնել քո հերոսությունը նկարագրելու համար…

Հավերժ փառք քեզ, Անմահ Հերոս:

seyran soghoyan

Երեք բառ

Երեք բառ, որ ստիպեցին ինձ շարունակել պայքարել հանուն ապրելու, հանուն քրոջս, եղբորս, ծնողներիս ժպիտը տեսնելու։

Հիմա մարդիկ կան՝ շարունակում են ապրել սեփական նստատեղը պահելու համար, մարդիկ կան՝ ապրում են ճանապարհներ փակելու համար, մարդիկ կան՝ ապրում են աթոռ ու սեղան ջարդելու համար, մարդիկ կան՝ ապրում են թվաքանակ ապահովելու համար, մարդիկ կան՝ ապրում են քննադատելու ու նվաստացնելու համար, մարդիկ կան՝ ապրում են ծափ տալու, գոռալու, սուլելու համար։ Ապրում են, էլի, ի՞նչ ասեմ: Մինչդեռ քանիսը կուզեին ապրել` իրենց մորը, քրոջը, ընկերուհուն, ուսուցչուհուն, սիրած մարդուն գոնե ապրեցնող ժպիտ պարգևելու համար, երկար ու կարճ բարեմաղթանքներ ասելու համար, նպատակներին հասնելու ու արարելու համար, ապրելու համար…

Երբ վերակենդանացման բաժանմունքում էի, մայրս մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս, ժպտաց ու անվերջ նայում էր ինձ, երբ ես ասացի մորս, որ ոտքերս չեմ զգում՝ չիմանալով, որ մայրս չգիտի։ Մայրս զսպեց իրեն, որ ես վատ չզգամ ու ասաց.

-Ոչինչ: Կզգանք: Չմտածես…

Կապանի կիսատ մնացած կյանքերից մեկը

Փոքր քաղաքները միշտ մի տեսակ յուրահատուկ կոլորիտ են ունեցել։ Բոլորը իրար ճանաչում են, ծանոթ կամ բարեկամ են։ Եթե պատերազմից հետո շրջեք նման քաղաքներից մեկում, ամեն բակում մի վառվող լույս կնկատեք։ Եվ իրոք, նրանից ամեն մեկը մի լույս էր, նրանք ավելի լուսավորեցին իրենց հայրենիքը։

Կապանն ապրում էր իր բնականոն կյանքով։ Պատերազմը խլեց բնականոնությունը. քաղաքում մեզ հանդիպող տղաներին, որոնց թեկուզ չէինք էլ ճանաչում, բայց դեմքով էլ հո՞ գիտեինք։ Կապանը իր տղերքից հերոսներ ունեցավ՝ ուժեղ, խիզախ ու անվախ։ Նրանցից մեկը Գառնիկ Խլղաթյանն է։ Հերոսը 19 տարեկան էր և ծառայում էր Քարվաճառում։ Գառնիկը հետախույզ էր և օրինակելի զինվոր։ Պատերազմի առաջին օրը եղել է իրեն վստահված դիրքում, որտեղ էլ հենց անմահացել է։

Նա սովորում էր Կապանի բժշկական քոլեջի չորրորդ կուրսում։ Մանուկ հասակում ապրել է նաև Արցախում։ Տան միակ զավակն էր։ Մայրը երկարամյա բուժքույր էր Ջաբրաիլի զորամասում։ Մայրն էր նրա մեջ արթնացրել սերը առ բուժական գործ, նա պատրաստակամ էր օգնել ցանկացածին։

Գառնիկենց տուն այցելելիս զգում ես նրա շունչը․ տան ամեն մի անկյունը հիշեցնում է նրան ու լցված է նրանով։ Շարված են Գառնիկի նկարները, որոնց մեջ նա ժպտում, հանգստություն է հաղորդում իր տանն ու հարազատներին։ Գառնիկի տատիկն ու մայրը ամեն օր զրուցում են իրենց Գառնիկի հետ, չեն համակերպվում կատարվածին։

Տատիկն ու մայրը մտածում են, ուր որ է Գառնիկը տուն է գալու, ուղղակի իր սովորության համաձայն ուշանում է։

Գառնիկի տատիկը՝ տիկին Մայան, կարոտով հիշում է այն օրերը, երբ նրանք դեռ Արցախում էին ապրում՝ Ջաբրաիլում։ Կարոտում է այն ուրախ ու անհոգ օրերը, որոնք ապրել են միասին։ Ասում է՝ շատ մտերիմ են եղել ինքն ու Գառնիկը, միշտ միասին են եղել, օրվա անբաժան մասն է կազմել Գառնիկը։ Հիմա կյանքը կանգ է առել առանց նրա։

Գառնիկի մայրը ասում է, որ որդին երբեք ոչնչից չի բողոքել․

-Ասում էի` Գառնիկ ջան, հաց կերե՞լ ես, ասում էր՝ մամ ջան, կարևորը սև կոֆեն ու սիգարետը կա։

Մայրը նաև հիշում է, որ Գառնիկը բակի երեխաներին միշտ տուն էր կանչում, բոլորին կոնֆետ էր տալիս ու շատ էր ոգևորվում դրանից։

Գառնիկը ոգևորությամբ է մեկնել ծառայության ու միշտ փորձել է լավագույնս դրսևորել իրեն։

Գառնիկը շատ նպատակներ ուներ․ ցանկանում էր վերադառնալուց հետո վերանորոգել իրենց տունը։ Սակայն հերոսի անկատար մնացած երազանքներից մեկը կատարել են իր ընկերները։ Մայրը պատմում է, որ ընկերները մեկ մարդու պես օգնել են շատ կարճ ժամանակահատվածում վերանորոգել բնակարանը։

Հերոսն ապրել է 20 գարուն ու հասցրել է սիրվել բոլորի կողմից։ Գառնիկը ընկերական շրջապատի համն ու հոտն է եղել, միշտ օգնել է բոլորին։ Ընկերները կարոտում են հերոսին, շատ են զգում նրա կարիքը։

Գառնիկ Խլղաթյանը մեկն է այն երիտասարդներից, որոնք զոհեցին իրենց կյանքը հանուն մեզ ու հանուն մեր ապագայի։ Մենք պիտի փորձենք արժանվույնս ապրել նրանց կիսատ թողած կյանքը․ մեր մեջ այնքան կիսատ մնացած կյանքեր են ապրում․․․

Հրահատ Կարապետյան. անմահ հերոս

Շաքի բնակավայրի ցավն ավելի է սաստկանում՝ 5-րդ հերոսն է նահատակվել, 5 կիսատ մնացած կյանք: Այսօր էլ Հրահատ Կարապետյանն է եկել ձեզ միանալու տղերք…

Հրահատ Կարապետյանը ծնվել է 1983 թ-ին Սիսիան քաղաքում: Տեղի թիվ 2 դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում ՝ որպես վարորդ: Այնուհետև 2001 թ.-ին զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայել Էջմիածնում: Զորացրվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Շաքիի քարի արտադրամասում, ավելի քան 20 տարի ապրել է Շաքի բնակավայրում, ապա սոցիալական խնդիրների պատճառով մեկնել  ՌԴ, 2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք՝ հավերժ հայրենիքում մնալու նպատակով: Նա գտնում էր, որ հայրենիքն ուրիշ է, միևնույնն է, օտար հողում մնում ես օտար, քո հայրենիքն է քեզ ուժ տվողը: Ամուսնանալով Հասմիկ Կարապետյանի հետ և ունենալով 3 զավակ՝ նոր համ ու երանգով շրջապատեց իրեն:

-Ընտանիքը զորեղ բան է,- ասում էր Հրահատը:

2013 թ.-ից  անցել է պայմանագրային  զինվորական ծառայության:
-Նա երբեք չէր խոսում իր ցավերի մասին: Ամեն բան լուռ էր տանում, որ չանհանգստանանք: Բոլորին սիրող ու հարգող էր, սիրտն էլ կհաներ ու կտար: Ժպտերես էր: Երբ ինչ-որ բան էր որոշում, ամեն ինչ անում էր, որ ասածը կատարեր: Շատ էր սիրում ընտանիքի հետ տեղ գնալ: Անգամ մահից առաջ՝ մինչ պատերազմն սկսելը, որոշել էր, որ Սևան ու Տաթև պիտի գնանք, բայց այդպես էլ երազանք մնաց,- հիշում է Հրահատի կինը՝ Հասմիկը:

Հրահատը շատ ընկերասեր ու հարգանքով լի էր: Նա ընտրեց, որ պետք է գնա ընկերների հետ: Գնաց՝ անվերադարձ:
-Անգամ մի կտոր հաց ուտելիս կոկորդով չէր գնում, եթե ընկերների հետ չէր: Ընկերներով շատ էին կապված: Գնալուց առաջ ընկերներն ասում էին, որ մնա, քանի որ երեք բալիկ ունի, սակայն Հրահատը չհամաձայնվեց, ասելով, որ չի կարող ընկերներին մենակ թողնել, պիտի անպայման գնա նրանց հետ: Այդպես էլ արեց: Միասին գնացին ու միասին էլ անմահացան,- շարունակում է Հասմիկը:

Հոկտեմբերի 8-ի գիշերը, դիրքերից իջեցնելիս, եղբայրն ասել էր, որ Հրահատի փոխարեն իրեն տանեն, սակայն չէր համաձայնվել:
-Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին՝ գիշերը ժամը 5:00-ին զանգեց: Մեր զրույցն ընդհատվեց,-հիշում է Հասմիկը:

Հրահատը զոհվել է Ղարաբաղում, բայց պատերազմի դաշտ չի հասցրել հասնել: Հոկտեմբերի 10-ին,Կարմիր շուկայի մոտ, իրենց մեքենան պայթեցրել են: Գնալուց առաջ Հրահատը մորն ասել է, որ Աստված ունի, ուրիշ բաներ չմտածեն, անպայման հետ է գալու: Սակայն շատ ու շատ կամավորների, զինվորների պես Հրահատն էլ գնաց հայրենիքի պաշտպանության սուրբ գործով և այդպես էլ ցավոք հետ չեկավ:

Թշնամին խլեց կյանքդ, զորեղ ընտանիքդ թևը կտրեց,  բայց քո հերոսությունը ու քո նման հերոսների ուժով տունդ փլատակ չի դառնա, նենգ թշնամին տանդ մոտ չի գա…հերոս, ննջիր խաղաղությամբ՝ քեզ հավերժ փառք:

Պատմության գիրքը

2019թ., մայիս

Դպրոցական էինք, պատմության դաս էր, ինչպես միշտ Մամիկոնը բարձրաձայն վերընթերցում էր պատմության դասը։

-2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվեցին Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, Արամ Արայիկի Աբրահամյանը, Հրաչյա Վարդանի Գալստյանը և ուրիշներ….,-հետո դադար տվեց ու շարունակեց,- Մա՜ր, էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա…

- Մամիկոն, լավ էլի, սուս մնա, դաս եմ լսում,- ասացի ես՝ մի փոքր կոպիտ ձայնով։

2020թ. սեպտեմբերի 27

«Տեսնես Մամիկոնը ո՞նց ա, Մարտունիում էլ են թեժ մարտեր, ավելի լավ ա՝ չզանգեմ. շատ վտանգավոր ա»,- շարունակ մտածում էի ես։

2020թ. հոկտեմբերի 19 

Չարաբաստիկ զանգը հնչեց, վերցրի. լացի ձայն էր։

-Խը… խփեցին… Մամիկոնին խփեցին…

«Էնքան կուզեի՝ պատմության  գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի»… Երանի չլսեի այս խոսքերդ, երանի չճանաչեի քեզ, չճանաչեի, որ կորուստիդ ցավը տանելի լիներ, երանի չտեսնեի աճյունդ, երանի չտեսնեի մորդ ողբը։

Նստած եմ պատուհանի մոտ, նայում եմ ուղիղ դիմացս. երկնքի կապտաթույր երանգի խորքում կիսադեմդ եմ տեսնում. այնքա՜ն խորհրդավոր է, հայացքիդ մեջ անբացատրելի լրջություն կա, աչքերիդ մեջ՝ հերոսի հայացք… Հայացքդ դեռ ոչինչ, բայց ձայնդ այնքա՜ն իրական է, այնքա՜ն կենդանի. «Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա» ….Սարսուռ անցավ մարմնովս, ափերովս ծածկեցի երեսս. ոչ… Ոչ դեմքս շոյող աստղափաթիլների անփույթ առատությունից, այլ այն սաստող ու միամիտ ձայնիցդ, որը սուր լռության մեջ ուզում է լռեցնել բութ աղմուկը, որ նորից, կրկին ու անընդհատ լսեմ. «Էնքան կուզեի պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ…»

Անունդ թողեցիր պատմության գրքում ու ինքդ էլ պատմություն դարձար։

Անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ

Այս պատերազմի ընթացքում քաջաբար զոհվել է Հովիկ Վերանյանը։ Հովիկը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13- ին։ Գագարին գյուղի խիզախ հայորդին, ավարտելով 9-րդ դասարանը, ընդունվել է քաղաք Սևանի բազմագործառության պետական քոլեջ, ծրագրավորման բաժին։ Դեռ 6 ամիս կար, որպեսզի ավարտեր քոլեջը, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվել է բանակ։

Հովիկի եղբորը՝ Հայկին, խնդրեցի պատմել եղբոր մասին։

- Հովս ինձ միշտ շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս, եթե մի բան սխալ էի անում, ինչպես նախատում, այնպես էլ հանգիստ բացատրում էր։ Կռվի ժամանակ եղել է Հադրութում, երբ խոսում էի հետը, իր հանգիստ տոնից ես էլ էի հանգստանում։ Հիշում եմ մի անգամ, երբ հարցրի` Հով, ի՞նչ կա, ի՞նչ ես անում, ասաց, թե` ծիտ եմ կրակում (կատակում էր, իրականում խոսքը անօդաչու թռչող սարքերի մասին էր): Հարցրի` հեչ խփե՞լ ես, ասաց` հա՜, էն էլ ինչքան։ Հոկտեմբերի 21-ին Դրախտիկ գյուղից տեղափոխվելու ճանապարհին թշնամին հարձակվել է և սկսել իրենց ուղղությամբ կրակել։ Դիմացից ընթացող երկու մեքենաները հաղթահարել են շրջափակումը ու առաջ անցել, իսկ այն մեքենան, որի մեջ Հովիկն է եղել, չի կարողացել դուրս գալ շրջափակումից։ Մեքենայի մեջ եղել է 5 հոգի։ Բոլորն էլ զոհվել են։

Հերոսի եղբայրը պատմեց նաև, որ երբ դեպքը տեղի է ունեցել, ընտանիքի անդամներին ասել են, որ վիրավոր է, սակայն հունվարի 12-ին  տեղի ունեցավ Հովիկի հոգեհանգստի արարողությունը, իսկ նախքան այդ ընտանիքի անդամները սպասում էին վիրավոր զինվորի վերադարձին և պատրաստություններ էին տեսնում, որպեսզի այլ առիթով, ուրիշ սրահում հավաքվեին՝ ուրախանալու…

Հովիկի մասին վառ հիշողություններով կիսվեց նաև իր դասընկերուհին՝ Լուսինեն:

-Հովիկին գիտեմ դեռ մանկուց։ Միասին հաճախել ենք միևնույն մանկապարտեզը, այնուհետև նաև դպրոց։ Շատ վառ ու խենթ հիշողություններ ունեմ՝ կապված Հովիկի հետ։ Անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ կողքիս ապագա հերոս է նստած։ Հիմա այնքան դժվար է հավատալ, որ էլ իրեն չեմ տեսնելու։ Ինքը ուրիշ էր, իրոք, ուրիշ։ Անգամ ծառայության ժամանակ տոն օրերին, միշտ ժամանակ էր գտնում շնորհավորելու ու մանրամասն հարցնելու՝ ո՞նց եմ, դասերս ո՞նց են, ինչո՞վ եմ զբաղված։ Նա չի մահացել, իրոք, չի մահացել։ Հակառակը` անմահացել է։ Շատ մեծ է բացը Հովի՝ մեր կյանքում, դասարանի աղջիկներով շատ կապված էինք իր հետ, որովհետև շատ ընկերական էր, հոգատար։ Հպարտ եմ` նման խիզախ ու լավ եղբայր ունենալու համար։

Դպրոցում Հովիկը իր խելացիությամբ և լավ վարքով առանձնացել է մյուսներից, այս մասին խոսեց Հովիկի դասղեկը՝ Աննա Սիմոնյանը:

-Հովիկը խելացի էր, հարգալից թե՛ ուսուցիչների, թե՛ ընկերների հանդեպ։ Բոլորին հասկանում էր կես խոսքից, կամ ընդամենը հայացքից։ Մեծ հարգանք էր վայելում ընկերների շրջապատում, բարի էր ու պատրաստակամ։ Քաջ էր ու համարձակ, սակայն այս ամենով հանդերձ, շատ համեստ էր։ Ամեն ինչ անում էր մեծ նվիրումով և այդ նվիրումով էլ իր ծաղկուն կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին։ Աննկարագրելի էր Հովիկի կորստյան ցավը, սփոփանք է միայն այն, որ անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ։ Բոլորիս կողմից սիրված, ազնիվ և համեստ մեր Հովիկը, մեր լուսավոր հերոսը հավերժ զինվորագրվեց Աստծո բանակին։ Հովիկ ջան, տղաս, խրոխտ հայորդի, բոլորիս սրտերում կմնաս քո լուսավոր ժպիտով, քո առաքինի կերպարով և քո անմահ սխրանքով։

Այս պատերազմում շատերը հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանք չմահացան, այլ անմահացան, իսկ անմահների ընկնելը վախճան չէ, այլ սկիզբն է հավերժության, որի մասին խոսվելու է այսօր, վաղը և հավիտյան։

Ինձ բացակա չդնեք. Գոռ Օհանյան

Մեր դասարանում մի խելոք տղա էր սովորում, ով թեպետ շատ համեստ ու հավասարակշռված էր, բայց որտեղ կռիվ լիներ, առաջինը ինքը կգնար մասնակցելու։ Գոռն էր այդ տղան ` հաղթանդամ, ամրակազմ, բարձրահասակ, թիկնեղ ու արծվաքիթ։ Հենց սկսում էր շարժվել Գոռը, կարծես մի հսկա քայլելիս լիներ։ Խոշոր ձեռքեր ուներ նա, խիստ հայացք ու բարի աչքեր։ Թեև լավ չէր սովորում, բայց առաջինը ինքն էր մտնում դասարան առավոտ շուտ։ Տարվա վերջում էլ գրքերը հանձնելիս բոլորս կատակում էինք. «Ամենալավը Գոռն է պահում իր գրքերը, էջերը` մաքուր ու սպիտակ, թերթերը` չբացված»։

Հիմա այն ժամանակվա նման չենք ծիծաղում, որովհետև Գոռը վերևից կլսի մեր բարձր ձայնը ու կնեղանա, որ առանց իրեն ենք հավաքվել։ Ո՜վ կպատկերացներ, որ մի օր երանի կտանք այդ  հուշացած ակնթարթներին։ Հիմա ետ եմ շրջվում ու դպրոցական լավագույն հուշերումս միայն քեզ եմ տեսնում, Գո՛ռ։

Գոռը չկարդացված գիրք էր։ Ժպտում էր, ու փոքրացած աչքերի մեջ տխրության մի խորունկ ծով էիր նկատում։ Հիմա  դպրոցում Գոռին ենք փնտրում` իր դասասեղանը, աթոռը, փնտրում ենք ու մեկ էլ կանգ առնում. ախր, Գոռն ամենուր է։ Դպրոցում մի գործ չկա, որ ինքը արած չլինի։ Արդեն բոլորը սովորել էին. հենց օգնության կարիք էր լինում,  բոլորը վազում էին մեր դասասենյակ, նայում մեկ ուսուցչին, մեկ մեզ ու վերջ, Գոռն արդեն գիտեր իր անելիքը. ձեռքերը բռունցք էր անում, սպիտակ ատամներով ժպտում ու ծանրաքայլ դուրս գալիս դասասենյակից։ Գոռն ամենուր է։ Նա այնքան լավն էր, որ դասի չեկած օրերին անգամ ուսուցիչները մատյանում բացակա չէին դնում։ Բոլորիս ականջներում Գոռի ձայնն է անընդհատ հնչում, ու հերթով սկսում ենք պատմել չխոսկան Գոռի հետ ունեցած մեր կցկտուր խոսակցությունները։

Երբ Տավուշ գնաք, անպայման այցելեք Գոռի գերեզմանին։ Ծաղիկներ կտանեք ձեզ հետ, անպայման դաշտային, որովհետև մեր Գոռը իսկական սարեցի էր, Սադիր սարի թագավորը։ Կկանգնեք բարձունքում ծածանվող եռագույնի մոտ ու կնայեք շիրմաքարին` Գոռ Գագիկի Օհանյան, 2001-2020։ Բայց հանկարծ ձեր հայացքը չխոնարհեք, այլ կնայեք վեր, վե՜ր, որտեղ սավառնում է լուսաշող տղայի հոգին։ Կփնտրեք նրա կերպարանքը խռովված երկնքում ու կզրուցեք Գոռի հետ։ Ինքը չի պատասխանի ձեզ, ինչպես երբեք չէր պատասխանում մեզ, այլ լուռ լսում ու միայն ժպտում էր։ Հիմա էլ չի խոսում մեզ հետ։ Նեղացե՞լ ես մեզնից, Գոռ։

…Գոռի փառքի անկյունում ամփոփված է նրա կարճ ջահել կյանքը։ Լուսանկարներ, որոնք տակնուվրա են անում ապրողներիս հոգիները, հուշեր, որ ժապավենի նման սահում են մեր աչքերի առջևով, արցունքներ, անսահման, անսահման, ու մայր հող, որ մատղաշ տղերքին իր գիրկն է առել։ Գոռի անկյունում առաջինը վերցնում եմ փոքրիկ նոթատետրը։ Գոռը, որ դպրոցում չէր ուզում մի տառ անգամ գրել, իր նման մանրիկ տառերով շարադրել է. «Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ։ Ամենամեծ կորուստն այն է, ինչ մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք»։ Խրոխտ տղա, դու շարունակում ես հրեշտակային ժպիտովդ ժպտալ, իսկ մենք դեռ երկար ժամանակ ենք սգալու։ Սև հագիր, սևսիրտ մարե…

Գոռ Գագիկի Օհանյանը ծնվել  է 2001թ. հուլիսի 25-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Գոռը ինը տարի սովորել է Տավուշի միջն. դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում` խոհարարի մասնագիտությամբ։ Դեռ փոքր տարիքից ընտանիքի հոգսերն ուսերին առած` անտրտունջ ու անխոնջ աշխատում էր Գոռը։ Երկու եղբայրներից իրապես տարբերվում էր տղան. ուրիշ բնավորություն, հայացք, սիրտ ուներ նա։ Շատ ուշադիր էր տատիկի ու հոգատար մայրիկի հանդեպ։ Լռակյաց ու չխոսկան Գոռը իր նպատակների մասին ոչ ոքի չէր պատմում, այլ պահում էր սրտում, որ կամաց-կամաց իրագործի։ Բայց ամեն ինչ պիտի սպասեր. ժամն էր մեկնել հայրենիքի պաշտպանության։ Գոռը բանակ է զորակոչվում 2019թ. դեկտեմբերի 19-ին ու ծառայության անցնում  Ջաբրայիլում։ Շարքային Օհանյանը կարգապահ էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական կյանքում։ Նրան սիրում ու հարգում էին զինվորից մինչև հրամանատար։ Գոռի ծառայության իններորդ ամսում սկսվեց պատերազմը։ Առաջինը արձագանքելով հրամանատարի կոչին` մեկնել առաջնագիծ, տավուշցի հերոսը առանց վարանելու ելնում է մարտի։ Գոռը կռվեց Հադրութում, ապա Ֆիզուլիում, կռվեց 23 օր քաջաբար ու հերոսի պես, կռվեց վահանով ու եկավ վահանի վրա։ Նրա զոհվելու մասին լուրն առանք հոկտեմբերի 21-ին, իսկ վերջին անգամ ընտանիքի անդամները Գոռի ձայնը լսեցին զոհվելու նախօրեին։ Օրեր շարունակ անքուն մնացած, ոտքերին կապտուկներ առաջացած, հոգին վրեժով լցված, կարոտը սրտում պահած Գոռը կյանքը նվիրեց հայրենիքին։ Ու թեպետ ժամանակից շուտ «զորացրվեց», բայց հիմա էլ Նվարդ մայրիկը շարունակում է որդու ետդարձի օրերը հաշվել արցունքով, հպարտությամբ, ցավով։ Գոռ Գագիկի Օհանյանը ապրեց 19 տարի` անունը ոսկե տառերով գրելով մեր պատմության արյունոտ էջերում։

Նա շատ երազանքներ ուներ։ Եկեք որդեգրենք դրանք ու տեր լինենք նրա անընդգրկելի մեծ գործերին։