Հարցազրույց խորագրի արխիվներ

«Գնահատում եմ այստեղ անցկացրած ամեն վայրկյանը»

«Մանանա» կենտրոնի կինոստուդիայում արդեն մեկ ամիս է Հայ Կամավորների Միության նախաձեռնությամբ Պաբլո Գարսիա Կոնդեն և Մեհրդադ Էղբալին անց են կացնում կինոյի դասընթացներ: Այսօր ես կզրուցեմ Մեհրդադի հետ:

-Բարև՛, ես Մեհրդադ Էղբալին եմ, 31 տարեկան, Իրանից։ Մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Համալսարանն ավարտել եմ 2015-ին։

-Ինչպե՞ս եք ընտրել ռեժիսուրան որպես մասնագիտություն։

-Դպրոցում բավականին լավ էի մաթեմատիկա առարկայից, գլխավորապես մաթեմատիկա էի ուսումնասիրում։ Բայց համալսարան ընդունվելուց մի տարի առաջ նոր ընկերներ ձեռք բերեցի, ովքեր հետաքրքրված էին արվեստով։ Ես կապվեցի արվեստի հետ ու դադարեցի մաթեմատիկա սովորելը (ժպտում է)։ Գրեթե ամբողջ ժամանակս նրանց հետ էի անցկացնում։ Նրանք գրաֆիկ դիզայներներ էին, երաժիշտներ, արվեստագետներ։ Այդպես էլ ընտրեցի մասնագիտությունս։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Պինգ-պոնգ խաղալ եմ սիրում, մի փոքր դաշնամուր եմ նվագում։ Կարդում եմ վեպեր, պատմական վեպեր։ Նաև հետաքրքրված եմ քաղաքականությամբ։ Հետևում եմ ամբողջ աշխարհի նորություններին։

-Ինչպե՞ս որոշեցիք կամավորությամբ զբաղվել։ Սա Ձեր առաջի՞ն կամավորական փորձառությունն է։

-Այո՛, սա իմ առաջին կամավորական աշխատանքն է։ Ծնողներս շատ են սիրում Հայաստանը,  կարծում են, որ այստեղ խաղաղ է, ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Նրանք այստեղ հաճախ էին գալիս, ես էլ հաճախ միանում էի նրանց։ Ուզում էի ինքս ինձ մարտահրավեր նետել։ Ցանկանում էի փորձել ապրել հարևան երկրներից մեկում։ Այդ պատճառով էլ եկա այստեղ, դիմեցի AVC-ին և հիմա ես այստեղ եմ, որպես կամավոր։

-Իսկ ինչո՞վ եք այստեղ զբաղվում։

-Շաբաթական երկու օր անցկացնում եմ «Մանանա» կենտրոնում։ Այստեղ ես և մեկ այլ կամավոր` Պաբլոն, սովորեցնում ենք կենտրոնի սաներին ռեժիսուրա։ Ես աշխատում եմ պրակտիկ գիտելիքների ուղղությամբ, իսկ նա՝ տեսական։ Մնացած օրերին ես լինում եմ “Wedzig” կոչվող տեղում։ “Wedzig”-ը  ստարտափ է։ Այն կայք է, որը օգտագործվելու է Լոս Անջելեսում, բայց համակարգվելու է այստեղից։ Կայքը առաջարկում է բոլոր հարսանյաց ծառայությունները՝ ճաշացանկ, ծաղիկներ, երաժիշտներ և այլն, միաժամանակ մի վայրում։ Ես կայքի համար պատրաստում եմ հոլովակներ և զբաղվում եմ նրանց գովազդով։ Քանի որ որոշակի գիտելիքներ ունեմ ծրագրավորումից, նրանք էլ ինձ սովորեցնում են ծրագրավորման նոր լեզու։

-Ի՞նչ սպասումներ ունեիք Հայաստան գալիս։ Դրանք իրականացա՞ն։

-Մտածում էի, որ Երևանը շատ ավելի աղմկոտ ու մարդաշատ քաղաք կլինի, քանի որ այն մայրաքաղաքն է։ Այդպիսին է Թեհրանը։ Մարդիկ այնտեղ չեն քայլում, նրանք վազում են։ Բոլորը շտապում են աշխատանքի կամ մեկ այլ տեղ, քաղաքը շատ զբաղված է, բայց մարդիկ այստեղ շատ հանգիստ են։ Սակայն բնակչության համեմատ խցանումները Երևանում աննկարագրելի են։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ շատ ընտանիքներ մեկից ավելի մեքենա ունեն։

-Ի՞նչն եք սիրում Հայաստանում։

-Շատ բաներ եմ հավանում։ Բայց առաջին հերթին մարդկանց։ Ես շատ չեմ ճանապարհորդել, եղել եմ Միջին Արևելքի ու Ասիայի երկրներում, բայց միևնույնն է, այն կարծիքին եմ, որ մարդիկ այստեղ շատ ջերմ են ու բարի։ Նրանք շատ հյուրընկալ են։ Երբ հայտնվում ես նրանց տանը, քեզ զգում ես նրանցից մեկը։ Նման բանի դեռ ոչ մի տեղ չէի հանդիպել, բացի Իրանից։ Կարծում եմ, դա մեր երկու ազգերի ընդհանուր հատկանիշն է։

Նաև շատ եմ հավանում այստեղի լանդշաֆտները՝ սարերը, բլուրները։ Երբ Երևանից դուրս ես գալիս, հայտնվում ես նեղլիկ, գեղեցիկ ճանապարհների՝ սարերի մեջտեղում։ Ասես ֆիլմերի տեսարաններ լինեն։

-Սիրելի վայրեր ունե՞ք Հայաստանում։

-Շատ եմ սիրում Գյումրին։ Այնտեղ եղել եմ երկու անգամ։ Այս քաղաքի եկեղեցիները, ճարտարապետությունը, ուտելիքը, ամեն ինչը հիանալի է։

Նաև սիրում եմ Թումոն։ Մի ընկեր ունեմ, ով այնտեղ էր աշխատում, ինձ հրավիրել էր Թումոն տեսնելու։ Կարծում եմ դա իմ տեսած ամենագեղեցիկ ուսումնական կենտրոնն է։ Նման բան դեռ չէի տեսել։ Երեխաներն այստեղ սովորում են հիանալի սարքավորումներով, միջավայրը շատ ընկերական է։ Նրանք զբաղվում են անիմացիայով, ռեժիսուրայով, ռոբոտաշինությամբ։ Մի քանի կոմիքսներ տեսա, դրանք հիանալի էին։ Նրանք նաև  բջջային հավելված են մշակել Եվրոպական միության հետ համատեղ։ Այս տեղը շատ ոգեշնչող է։ Շատ կցանկանայի ինքս էլ հաճախել նման տեղ պատանեկությանս տարիներին։

-Իսկ ի՞նչը չեք հավանում այստեղ։

-Շատ ցուրտ է ինձ համար։ Նաև տրանսպորտը կարող է ավելի լավը լինել։ Վերջին անգամ «մարշրուտկա» նստել եմ երեք շաբաթ առաջ։ Դրանից հետո որոշեցի, որ էլ երբեք չեմ օգտվելու դրանցից։ Մահանում էի ներսում։ Երևի գիտես, թե ինչքան ծանրաբեռնված է այն լինում։ Նույնիսկ եթե կանգնած ես, միևնույն է, կյանքիդ վտանգ է սպառնում։ Պիտի բավականին ճկուն լինես մարշրուտկա նստելու համար։

-Հիմա տաքսիների՞ց եք օգտվում։

-Մետրոյից։ Չնայած որ պետք է 10-15 րոպե քայլեմ իմ ուզած տեղը հասնելու համար, միևնույն է, նախընտրում եմ մետրոն։

-Իսկ Ձեր առօրյան փոխվե՞լ է։

-Այստեղ շատ եմ քայլում, ֆիզիկապես ավելի ակտիվ եմ։ Բացի այդ, AVC-ի շրջանակներում հանդիպում եմ նոր մարդկանց տարբեր երկրներից։  Այստեղ մարդիկ կան ավելի քան հիսուն երկրներից։ Ամեն անգամ նոր կամավոր ենք ունենում աշխարհի մի ծայրից՝ Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից։ Չնայած այս ամենին, չեմ կարծում, թե կյանքս շատ է փոխվել։

-Հասցրե՞լ եք նոր ընկերներ ձեռք բերել։

-Իհարկե՛։ Բազմաթիվ նոր ընկերներ ունեմ արդեն։ Մենք իրարից շատ բաներ ենք սովորում, քննարկում ենք այն ամենը, ինչ հետաքրքրում է մեզ՝ քաղաքականությունը, հիմնախնդիրները, որոնք կան Հայաստանում։ Նրանցից մի քանիսին, ինչպես նաև ինձ, հետաքրքրում է Միջին Ասիայի քաղաքականությունը, որը շատ բարդ է։ Ներկայիս դրությամբ կամավորներից հինգը կինոռեժիսորներ են։ Նրանք ակտիվ սոցիալական աշխատանքներ են կատարում այստեղ՝ աշխատում են LGBT հասմայնքի ներկայացուցիչների համար, նկարում են վավերագրական ֆիլմեր։ Այս ամենը շատ հետաքրքիր է։

-Կմանրամասնե՞ք մի փոքր այն հիմնախնդիրները, որոնք նկատել եք այստեղ։

-Հիմնախնդիրներից մեկը, որն ինձ ամենաշատն է անհանգստացնում՝ ես տեսնում եմ բազմաթիվ դեռահասների, որոնք ծխում են։ Հիմնականում տղաները, իհարկե։ Կարծում եմ սա շատ վատ սովորություն է։ Հետևանքները ի հայտ կգան ավելի ուշ, բայց դա պետությանը բավականին թանկ կարժենա։

Մի ընկեր ունեի, որ ծխում էր գրեթե տասը տարի։ Նա արտագաղթեց Ավստրալիա ու մի քանի ամիս անց թողեց ծխելը։ Պատճառը ակնհայտ էր․ ծխախոտի տուփն այնտեղ մոտ 40 դոլար արժե, ինչը շատ թանկ է։ Նրանք բարձրացրել են ծխախոտի գինը, քանի որ ծխող մարդիկ, այն մարդիկ են, ովքեր հետագայում առողջական խնդիրներ են ունենալու, և պետությունը պարտավորված է լինելու նրանց խնամքի ծախսերը հոգալ այլ բնակիչների հարկերով։ Այդ պատճառով ծխող մարդիկ վճարում են իրենց հետագա խնդիրների համար։

Ծխելը լուրջ հիմնախնդիր է այստեղ։ Իմ տեսած գրեթե բոլոր տղամարդիկ ծխում են թե՛ հասարակական վայրերում, թե՛ մարշրուտկայում, թե՛ ավտոբուսներում։ Հետևանքները երկրի համար հսկայական են լինելու։

-Ինչքա՞ն եք նախատեսել մնալ Հայաստանում։

-Իրականում, մնալուս տևողությունը ես եմ որոշում։ Հաճախ եմ գնում Իրան և հետ գալիս։ Երկու շաբաթից կրկին գնալու եմ Պարսկական նոր տարին նշելու ու հետ եմ գալու։ Կարծում եմ՝ եթե կարողանամ աշխատանք գտնել, կմնամ այստեղ։ Ինձ դուր է գալիս այստեղի խաղաղ միջավայրն ու հնարավորությունները։ Այն փաստը, որ Հայաստանը զարգացող և փոքր երկիր է, շատերը կարող են համարել թերություն, սակայն դա այդպես չէ։ Հայաստանը պատրաստ է աճելու ու զարգանալու։ Դա է պատճառը, որ այստեղ ամեն ինչ շատ արագ է զարգանում։ Բազմաթիվ հաջողված ՏՏ ստարտափներ եմ տեսնում։ Օրինակ, վերջերս իմացա մի ստարտափի մասին, որը հսկայական հաջողություն էր գրանցել։ Լսե՞լ ես “Render Forest” ծրագրի մասին։ Այս ծրագրի վարկանիշը ավելի բարձր է, քան Ֆեյսբուքինը։ Եթե ունես բիզնես և ցանկանում ես գովազդային հոլովակներ նկարել դրա համար, սակայն չունես բավարար գումար, կարող ես օգտվել այս հավելվածից։ Դու ընտրում ես քո կերպարները, թեման և պատրաստում ես մեկ րոպեանոց անիմացիոն հոլովակ։ Այս ամենը նույնիսկ մեկ ժամ չի տևում։

Այո, կարծում եմ, որ երկիրը պատրաստ է զարգանալու։ Կարծում եմ՝ հիմա դուք ունեք լավ կառավարություն, հասարակությունը լավն է, երիտասարդների մեծ մասը կրթված են։ Տեսնում եմ, որ շատերը վերադառնում են ԱՄՆ-ից և Եվրոպայից։ AVC-ում շատերը նույնպես ցանկանում են այստեղ մնալ։ Սա, կարելի է ասել, երկրի Ոսկե դարաշրջանն  է։

-Հայաստանում ստացած փորձառությունն ի՞նչ է տալու Ձեզ։

-Ամեն անգամ, երբ ինքդ քեզ մարտահրավեր ես նետում, աճում ես որպես անհատականություն։ Սովորում ես՝ ինչպես հարմարվել նոր կանոններին, ապրելակերպին, եղանակին, երթևեկությանը, ամեն ինչին։ Նաև լեզվին։ Փորձում եմ հնարավորինս սովորել, սակայն շատ չի ստացվում։ Այս ամենը հսկայական անձնային աճ է ինձ համար և ինձ դուր է գալիս այս փոփոխությունը։ Չգիտեմ ինչքան եմ մնալու այստեղ, բայց գնահատում եմ այստեղ անցկացրած ամեն վայրկյանը։

Ծանոթացեք. մասնագիտությունը` ագրոէկոլոգ

Հարցազրույց ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանի հետ:

-Մի փոքր պատմե՛ք Ձեր մասին։

-Ես Լուսինեն եմ, մասնագիտությամբ ագրոէկոլոգ եմ, շատ հետաքրքիր մասնագիտություն ունեմ։ 2006 թվականից սկսած՝ մասնակցել եմ կայուն գյուղատնտեսության զարգացման տարբեր տեսակի ծրագրերի Հայաստանում։ Մենք փորձել ենք տարբեր գյուղական համայնքներում այնպես անել, որ գյուղատնտեսությունը դառնա ավելի եկամտաբեր, ավելի կայուն, և ստեղծվեն հնարավորություններ, որ մարդիկ չցանկանան գյուղը լքել, այլ ապրեն գյուղում, ստեղծեն իրենց եկամուտները, բայց միևնույն ժամանակ, չվնասեն բնությանը։ Դա է եղել ամբողջ գաղափարախոսությունը։ Եվ այդ ընթացքում (2006-ից մինչ հիմա) տարաբնույթ ծրագրեր են անընդհատ իրականացվել տարբեր գյուղական համայնքներում։ Հաջողված փորձերից մեկն էլ Սոլակ գյուղինն է եղել։

-Ո՞ր տարիքից եք հետաքրքրվում գյուղատնտեսությամբ։

-Մանկուց ինձ համար շատ գրավիչ, թանկ ու կարևոր է եղել բնությունը, միշտ ինձ համարել եմ բնությանը մոտ մարդ։

Ես քաղաքում ծնված, քաղաքում մեծացած աղջիկ եմ, «ասֆալտի վրա», եթե այդպես կարելի է ասել։ Եվ իմ սերը գյուղատնտեսության նկատմամբ չի գալիս մանկուց։ Իրականում կար սեր բնության նկատմամբ, ոչ թե գյուղատնտեսության։ Եվ երբ արդեն ժամանակն էր որոշելու՝ ինչ մասնագետ դառնալ, ես պատկերացնում էի ինձ բնապահպանության ոլորտում և որոշեցի, որ պետք է գնամ այդ ուղղությամբ, բնապահպան դառնամ։ Եվ այնպես ստացվեց, որ հայտնվեցի Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետում և սկսեցի ուսումնասիրել ագրոէկոլոգիան։ Ու դա դարձավ ուղի, ճակատագիր, որովհետև բոլորը՝ և՛ բակալավրը, և՛ մագիստրատուրան, և՛ ասպիրանտուրան, ագրոէկոլոգիայի ուղղությամբ են եղել։

Ագրոէկոլոգիան, իրականում, Հայաստանի և աշխարհի համար երիտասարդ գիտություն է։ Այն մասին է, թե ինչպես վարել գյուղատնտեսությունը, որ չվնասես բնությանը, կրկնօրինակես բնությանը, բայց նաև ստանաս օգուտ, այսինքն՝ դա լինի եկամտաբեր։ Եվ տարիներ շարունակ փորձում ենք տարբեր գյուղերում ներդնել ագրոէկոլոգիական սկզբունքները։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք վնասել բնությանը։ Օրինակ՝ գյուղացին իր գործունեության ընթացքում ինչպե՞ս է վնասում բնությանը։

-Մենք ի՞նչ ենք անում։ Մենք վարում ենք հողը ու վարում ենք շատ խորը։ Իրականում, հողը կենդանի օրգանիզմ է, բայց մենք հողին վերաբերվում ենք որպես ընդամենը միջավայրի, որտեղ աճում են մեր բույսերը։ Հողի մեջ կա այնքան շատ կյանք, որ ոչ մի այլ տեղում չկա, 1 հա հողի մեջ միլիարդների հասնող կենդանի օրգանիզմներ կան։ Դրանք փոքր են, անտեսանելի մեզ համար, բայց դրանք կենդանի օրգանիզմներ են և շատ կարևոր դեր են կատարում։

Եվ այսպես, ի՞նչ է անում գյուղացին։ Գյուղացին վնասում է ամենաառաջինը իր կերակրողին՝ հողին, սխալ վերաբերմունքով, միակողմանի հանքային պարարտացմամբ, խորը վարով, այսինքն՝ վերաբերվելով ոչ որպես կենդանի օրգանիզմի։ Մինչդեռ, օրինակ, կայուն գյուղատնտեսության մեթոդներն ասում են, որ հողը պետք չէ խորը վարել, պետք է միայն մակերեսային վարել, հողին պետք չէ տալ արհեստական պարարտանյութեր, հողը պետք է լինի միշտ ծածկված։ Բնության մեջ՝ անտառում, դաշտերում, սարերում, մենք երբեք չենք տեսնի լերկ, դատարկ հող։ Ուշադրությո՛ւն դարձրեք՝ վայրի բնության մեջ երբեք դատարկ հող չեք տեսնի, այն միշտ ծածկված է մոլախոտերով կամ ինչ-որ կանաչ զանգվածով։ Եթե ինքը ծածկված չէ, ուրեմն մի բան այդ հողի հետ այնպես չէ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք այդ ամբողջ խոշոր բազմազանությունը հանում ենք, վարում ենք, հեռացնում ենք, պայքարում ենք մոլախոտերի դեմ, ընտրում ենք մի մշակաբույս և ասում ենք, որ այդ մշակաբույսը պետք է այստեղ աճի, ու ոչնչացնում ենք մյուս բոլոր կենդանի օրգանիզմները։ Հողին դարձնում ենք այդպիսով շատ խոցելի։ Նաև մենք անխնա օգտագործում ենք թունաքիմիկատներ։ Օգտագործում ենք, օրինակ, մոլախոտասպան մի միջոց, որի անունն է «Round up», ազդանյութը՝ կլիֆոսատ։ Կլիֆոսատը թույն է, որն օգտագործում են մոլախոտերը վերացնելու, սպանելու համար։ Այն նպաստում է, որ բույսը չաճի։ Բայց դա այնքան վտանգավոր և ամենասպան նյութ է, որ սպանում է բոլոր տեսակի բույսերին։

Տատիկներից երևի լսած կլինեք «ДТТ»-ի մասին։ Դրանով ոջիլ էին սպանում, ցեցերի դեմ էին պայքարում և շատ այլ բաներ։ Տանն էլ էին պահում՝ դարակներում։ Հետո պարզվեց, որ դա շատ վտանգավոր թույն է, 30 և ավել տարի մնում է հողում, քաղցկեղածին է և այլն։ Մեր կազմակերպությունը մի քանի տարի առաջ հետազոտություն արեց։ Արարատի մարզի կանանց՝ կերակրող մայրերի կրծքի կաթից վերցրինք և հետազոտեցինք։ Կրծքի կաթի նմուշների գերակշիռ մասում՝ գրեթե 95%-ում, հայտնվեց «ДТТ»։ Սա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք այն վտանգավորի սահմանը, և դա ներթափանցել է մեր օրգանիզմ, մենք արդեն մայր-երեխա շղթայի միջոցով ենք դա փոխանցում։

Եվ նույնպիսի վտանգ իրենից ներկայացնում է գլիֆոսատ ասվածը, որը նույնպես քաղցկեղածին է, շատ երկար ժամանակ մնում է հողի մեջ, չի քայքայվում։ Սա ընդամենը մի օրինակ է, որ բերում եմ, բայց նմանատիպ օրինակները շատ-շատ են, և գյուղատնտեսությունը հենց այսպես է վնասվում։

Դիտարկենք անասնապահությունը։ Ինտենսիվ անասնապահության ժամանակ օգտագործվում են մեծ քանակի հակաբիոտիկներ։ Բացի այդ՝ գոմաղբը, գոմաղբահեղուկը գոմաղբամբարներից հանվում է և չկանոնակարգված մշակման է ենթարկվում։ Կարող է գնալ, լցվել մեր ջրային ավազանները և հանդիսանալ պատճառ՝ ջրերի ծաղկման։ Երբ սննդատարրերը ջրի մեջ մեծ քանակությամբ են հայտնվում, դա նպաստում է կապտականաչ ջրիմուռների աճին։ Ջրիմուռներն աճում են և պատում են ջրային ծածկույթները, ինչից ջուրը դառնում է ծաղկած, ինչը լավ չէ, որովհետև փոխվում է ջրի ողջ միկրոֆլորան։ Եվ ջրի օլիգոտրոֆ վիճակը, այսինքն՝ կայուն վիճակը, դառնում է էֆտրոֆ վիճակ, տեղի է ունենում էֆտրոֆիկացիա՝ ջրի ծաղկում։

Ուրիշ ի՞նչ վնաս։ Մենք անընդհատ ծանր տեխնիկա ենք օգտագործում հողը վարելու համար։ Փխրեցում ենք առաջացնում, կառուցվածքը խախտում ենք։ Հողը պնդանում է, հետո շոգի ժամանակ այդպես չորանում է, անձրևներից ճաքում է։ Մենք փչացնում ենք հողի որակը, ֆիզիկական հատկանիշները։ Այսպես կարող եմ շատ-շատ խնդիրներ թվել։

Իրականում, գյուղատնտեսությունը ամենախոշոր աղտոտիչն է, բայց այն նաև մեզ սնողն է․ չլինի գյուղատնտեսություն՝ չենք սնվի մենք։ Վերջերս մի ասույթ կարդացի, կարծում եմ՝ շատ դիպուկ է․ «Դու ուտում ես՝ ուրեմն դու կապ ունես գյուղատնտեսության հետ»։ Իրականում, հա, եթե մենք ուտում ենք, մենք կապ ունենք գյուղատնտեսության հետ, մենք կամա-ակամա սպառող ենք։ Եվ գյուղատնտեսությունն ինչքան էլ որ մեզ սնողն է, այն նաև ամենախոշոր աղտոտողն է՝ արդեն փորձագիտական տվյալների համաձայն։

-Այսինքն` Դուք փնտրում եք գյուղատնտեսությունն ավելի ապահով վարելու եղանակներ։

-Այդ եղանակները կան, մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, բայց մենք փորձում ենք այդ եղանակներն ադապտացնել Հայաստանի պայմաններին և անել այնպես, որ դրանց կիրառման արդյունքում վնասներ չլինեն, այլ լինեն օգուտներ։ Օրինակ՝ Սոլակում մենք որոշել և ստեղծել ենք կայուն երկրագործության կենտրոն։ Այդ կենտրոնում կառուցել ենք փոքրիկ ջերմոց, որտեղ գյուղի կանայք (հենց կանայք, որովհետև գործը հիմնականում իրենց վրա է) աճեցնում են սածիլներ, հետո վաճառում դրանք։ Սածիլներն աճեցվում են առանց որևէ քիմիական միջամտության, ամբողջովին մաքուր, անվտանգ, օրգանական մեթոդներով և վաճառվում կամ տրամադրվում են գյուղաբնակներին։ Վերջիններս էլ աճեցնում են լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ, ինչը որ կլինի։ Սա մի տարբերակ։

Մենք իրենց տվել ենք օրգանական պարարտանյութեր արտադրելու հնարավորություն։ Մեր օգնությամբ՝ գյուղացիները զբաղվում են որդակոմպոստացմամբ կամ ձեռք են բերում որդակոմպոստ։ Այդ նույն գոմաղբը հատուկ միջավայրում հատուկ ձևով տալիս են որդերին, որդերը ուտում են, և նրանց արտաթորանքը դառնում է օրգանական պարարտանյութ՝ ոչ վնասակար, անվտանգ որդակոմպոստ։ Այդ պարարտանյութը տալիս են բույսերին, բույսերը շատ լավ աճում են։

Բացի այդ՝ մենք հավաքում ենք բոլոր անձրևաջրերը, մեր անձրևաջրերը չեն գնում կորչում։ Հատուկ կայան ենք կառուցել հողի տակ, որտեղ կուտակվում են անձրևաջրերը։ Ջրային ռեսուրսները շատ կարևոր են գյուղատնտեսության մեջ։ Այդ տարածքում ջուր չկար, իսկ ոռոգման ջուր շատ քիչ էին տալիս, և հնարավոր չէր ջրել։ Իսկ հիմա մենք կարող ենք և՛ ջրել, և՛ արդյունք ստանալ։

Մեկ այլ բան, որ անում ենք․ ստեղծել ենք արևային արկղատիպ չորանոցներ, որտեղ տարբեր ընտանիքներ հնարավորություն ունեն իրենց մրգերը չորացնելու մաքուր պայմաններում ու վաճառելով կամ օգտագործելով սեփական կարիքների համար՝ օգուտներ ունենալու։

Դրանից բացի՝ ստեղծել ենք մեկ հատ էլ արտադրական չորանոց։ Դա հիբրիդ տեսակի չորանոց է, որն աշխատում է և՛ արևի էներգիայով՝ արևային մարտկոցների շնորհիվ, և՛ էլեկտրականությամբ։ Եթե այդ պահին արև չկա, որպեսզի բերքը չփչանա, միանում է էլեկտրականություն։ Իսկ եթե կա արև, էլ չէ։ Մի ժամանակ միայն արևային պանելներով էր, հիմա դրել ենք նաև մարտկոց։ Այսինքն՝ կարող ենք գեներացնել հոսանք և այդ հոսանքով իրականացնել չորացում։ Ամբողջովին բնապահպանական մոտեցում․ քիչ ենք սպառում, շատ ենք ստեղծում, արժեք ենք ստեղծում չսպառելով։

Մենք ստեղծել էինք մի հետաքրքիր փոքր խանութ, որը կոչվում է «Կանգ և առ» կամ «Առողջ կանգառ» («Stop and buy», «Healthy stop») Սևան-Երևան մայրուղու 39-րդ կիլոմետրին։ Դա ճանապարհային խանութ էր, որտեղ գյուղաբնակները կարող էին վաճառել իրենց ձեռքով աճեցրած հատիկաընդեղենը և իրենց արտադրած գյուղմթերքը։

Չորս գյուղերից մեր ֆերմերների խմբին, օրինակ, տարել ենք Ֆրանսիա՝ փորձի փոխանակման։ Նրանք սովորել են կայուն գյուղատնտեսության, էկոտուրիզմի տարբեր գործելակերպեր Ֆրանսիայում, վերադարձել են և փորձել են դրանք այստեղ կյանքի կոչել։ Դրանից բացի՝ մենք իրենց տվել ենք շա՜տ մեծ քանակի գիտելիք։ Ամենամեծ ուժը գիտելիքն է։ Եթե դու գիտելիքով զինված ես, ուրեմն հարուստ ես և կարող ես շատ բաների հասնել։ Մենք իրենց կրթել ենք տարբեր ուղղություններով և փորձել ենք դարձնել ավելի մրցունակ։ Օրինակ՝ կրթել ենք, թե ինչպես պատրաստել որդակոմպոստ կամ կենսահումուս, թե ինչպես չորացնել կամ ստանալ արևային չորամրգեր, ինչպես կառուցել արևային չորանոցներ, ինչպես պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ՝ առանց թունաքիմիկատների կիրառման և ինչպես ստանալ եկամուտ կայուն գյուղատնտեսության միջոցով։ Կաթիլ առ կաթիլ, ամեն օր մի նոր քայլ դնելով առաջ ենք գնացել։

Ի դեպ, մեր կենտրոնում բացի ջերմոցից մենք ունենք նաև բարձրացված մարգեր, որտեղ մարդիկ աճեցնում են տարբեր տեսակի մշակաբույսեր։ Հեկտարներով մշակվել են ոսպ, հաճար, և էլի չեն օգտագործվել քիմիական եղանակներ, օրգանական պարարտանյութերով են պարարտացվել, և շատ լավ արդյունքներ ենք ստացել։

Ունենք նաև մի փոքր տարածք, որը նախատեսված է ագրոտուրիզմի զարգացման համար, և շատ մեծ պլաններ ունենք դրա հետ կապված։ Կահավորված լավ խոհանոց ունենք և մարդիկ, ովքեր շատ համեղ պատրաստում են։ Հնարավորություն կա գնալու, այդտեղ ճաշելու և, օրինակ, վայելելու սոլակյան սիրուն տեսարանը։ Մենք ուզում ենք ամբողջացնել բոլոր ուժերը և ստեղծել համընդհանուր արդյունք, որը կօգնի ընդհանուր գյուղի զարգացմանը։

-Իսկ ե՞րբ է բացվել այդ կենտրոնը։

-Կենտրոնը սկսել է գործել 2010 թվականից, և ամեն տարի մենք դրա վրա ինչ-որ նոր բան ենք ավելացնում: Անցյալ տարի, օրինակ, կատարեցինք դիզայներական աշխատանքներ, տարածքը արդեն շատ սիրուն նստելու տեղեր ունի, որ երբ մարդիկ գան հանգստանալու, իրենց ոչ միայն գյուղատնտեսությունն ու այդ համեղ բաները ձգեն, այլ նաև ընդհանուր հանգստանալու հնարավորությունը։

-Արտադրական չորանոցներում ի՞նչ չրեր եք պատրաստում:

-Պատրաստում ենք խնձորաչիր, սալորաչիր, ծիրանաչիր, ամեն ինչ չորացնում ենք հետագա վաճառքի համար։ Վաճառում ենք այդ ճանապարհամերձ խանութում, և նաև իրականացվում է ուղիղ վաճառք: Շատ սրճարաններ գիտեն մեր մասին, գիտեն, որ մեր կանայք արտադրում են ոսպ, գնում են կատարում ոսպի։ Վաճառում ենք նաև շուկաներում ուղիղ վաճառքի միջոցով։ Մենք նաև վաճառքին խրախուսելու համար առաջինն ենք եղել Հայաստանում, ով 2010 կամ 2011 թվականին, դժվարանում եմ հիմա հիշել, նշել ենք գյուղի կանանց միջազգային օրը, որն ամեն տարի տոնվում է հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի կողմից։ Դա այն օրն է, երբ բոլոր մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեն գյուղի կնոջը, մեծարեն իր կատարած աշխատանքների համար։ Ու մենք փորձեցինք Հայաստանում այդ մշակույթը մտցնել և հետաքրքիր ցուցահանդես-վաճառքներ էինք կազմակերպում մեր գյուղատնտեսական շուկաներին կից։ Կանայք գալիս էին, բերում էին իրենց արտադրատեսակները, մենք օգնում էինք, իրենց համար դա տեղափոխում էինք, տոնի էինք վերածում, շատ սիրուն զարդարում էինք տաղավարները, մարդիկ ոգևորված գալիս էին, որովհետև այդ արտադրատեսակները տարբերվում էին սովորական շուկայում առկա արտադրատեսակից։ Միջոցառումներ էինք կազմակերպում և փորձում էինք կարևորել կնոջ դերը։ Ցավոք պետք է նշեմ, որ կանայք ասում էին՝ այսքան տարիների ընթացքում մենք այսպիսի ուշադրության չէինք արժանացել նույնիսկ ընտանիքի անդամների կողմից։ Եվ դա կարծես թե ինչ-որ լուսավոր և ուրախալի օր էր իրենց կյանքում։ Եղել են դեպքեր, երբ հեռավոր սահմանամերձ գյուղերից եկած կանանց համար դա առաջին այցն է եղել Երևան, և իրենց համար դա շատ մեծ միջոցառում էր։ Ամեն տարի փորձել ենք կազմակերպել այս միջոցառումը՝ կախված հնարավորություններից։ Երբ ծրագիր էինք ունենում, անպայման կազմակերպում էինք։

Մենք ասելով նկատի ունեմ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը։ Եվ այս ամենը ես ձեզ ներկայացրի որպես այդ ՀԿ-ի ագրոէկոլոգ և ծրագրերի համակարգող։

-Կպատմե՞ք այդ ՀԿ-ի մասին։

-ՀԿ-ն ստեղծվել է 1999 թվականին Ելենա Մանվելյանի կողմից։ Միայն ես էի էկոլոգ, մյուս անդամները հիմնականում բժիշկներ են։ Եվ ինչո՞ւ առողջության և առողջ շրջակա միջավայրի, որովհետև մենք փորձում ենք բոլոր խնդիրները դիտարկել այն տեսանկյունից, որ այդ խնդիրները կամ բնապահպանական խնդիրները չվնասեն մարդու առողջությանը, այնպես անել, որ շրջակա միջավայրը լինի առողջ ու անվտանգ մարդու համար։ Կազմակերպության կայքում կտեսնեք, որ շատ տարաբնույթ ծրագրեր ենք իրականացնում՝ սկսած կայուն ջրօգտագործումից, գյուղատնտեսություն, բնապահպանություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, տարբեր բնույթի ծրագրեր։

-Կազմակերպության կազմում միայն կանա՞յք են։

-Կազմակերպության կազմում միայն կանայք են, այո, միայն մեկ վարորդ ունենք։ Մենք էդպիսի գենդերային խնդիր չունենք, ու ոնց որ մեր տնօրենն է ասում՝ մենք տղամարդկանց դեմ չենք, մենք տղամարդկանց կողմ ենք։

-Իսկ «ORWACO»-ից կպատմե՞ք։

-«ORWACO»-ն 2011 թվականին հիմնված հայ-նորվեգական փակ բաժնետիրական ընկերություն է, այսինքն՝ բիզնես ընկերություն է։ Ես «ORWACO»-ի հիմնադիր տնօրենն եմ։ Այն հիմնվել է որպես օրգանական պարարտանյութեր արտադրող ընկերություն, որի նպատակն է` արտադրական օրգանական թափոնները վերցնել և դրանք վերափոխել օրգանական պարարտանյութերի։ Եվ մենք 2011 թվականից սկսած՝ Հայաստանի համար արտադրում ենք օրգանական պարարտանյութեր, որոնք հավաստագրում ունեն։ Այս պահին միայն Հայաստանի համար ենք անում, բայց նաև զբաղվում ենք արտահանման հարցերով։ Հուսամ՝ շուտով արտահանելու հնարավորություն կունենանք։

-Ովքե՞ր են «ORWACO»-ի հիմնադիրները։

-«ORWACO»-ն ունեցել է շատ համահիմնադիրներ՝ երկու նորվեգական ընկերություն, մեկ հայկական ընկերություն և երեք հայ, այդ թվում նաև ես, բաժնետերեր։ Գաղափարի հիմքում և ֆունկցիոնալ կառավարման հիմքում եղել եմ ես, բայց մենք ունեցել ենք շատ խոշոր օժանդակողներ, աջակիցներ ու գաղափարի հետևորդներ։

Իմ գործընկերոջը՝ Ռոլֆ Կեվինին, ես պատիվ ունեցա հանդիպել 2009 թվականին։ Նա ինձ ներկայացրեց Լուսակերտի բիոգազի կայանի թռչնաղբի խնդիրը։ Բիոգազը ստացվում էր, և էնտեղ առաջանում էր թռչնաղբ՝ մոտ 95 տոկոս խոնավությամբ ջրիկ զանգված։ Նա չգիտեր՝ ինչ անել, որովհետև տեղափոխել անհնար էր։ Սկսեցինք ուսումնասիրություններ ագրարային համալսարանի հետ մեկտեղ։ Իմ գաղափարն էր փորձել, տեսնել՝ արդյոք որդերը կուտեն դա։ Աշխարհում էդպիսի փորձ չկար դեռ։ Հաջողությամբ ստացվեց, կարողացանք արդյունքները ամրագրել, արձանագրել։ Ու գնացինք առաջ։ Հենց մեր նորվեգացի գործընկերը ստեղծեց այդ կապը մյուս օղակների միջև։ Մեր Հայաստանում, բայց իր շնորհիվ, ստեղծեցինք «ORWACO»-ն։ ORWACO նշանակում է organic waste processing company՝ օրգանական թափոնների վերամշակման գործարան։

-Իսկ կարո՞ղ եք նկարագրել պարարտանյութ ստանալու գործընթացը։

-Եթե երկու բառով ասեմ, ապա արտադրական թափոնները վերցնում ենք, իրենց դարձնում ենք ավելի համով ու գրավիչ որդերի համար, որոնք դա ուտում են, ու այդ որդերի արտադրանքը սև հողագույն զանգված է դառնում։ Դա հատուկ անձրևաորդերի տեսակ է, կոչվում է կալիֆորնիական կարմիր որդ, որը 1999 թվականին սերմախաչվել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում և ավելի շատ է ուտում, քան սովորական անձրևաորդը։ Դեռևս Դարվինը ասել է, որ որդերը Երկրի երիկամներն են։ Երևի բոլորդ փոքր ժամանակ հողի հետ խաղացել ու տեսել եք մեծ, չաղլիկ անձրևաորդերի։ Այդ որդերը ամբողջ հողն անցկացնում են իրենց մարմնի միջով։ Ինչքան հողի մեջ անձրևաորդ շատ կա, այնքան հողը լավն է, դրանք հողի որակի ինդիկատոր են։ Եվ հենց այդտեղից է գալիս բնությանը կրկնօրինակելու գաղափարը․ մարդիկ տեսել են, թե ոնց է բնության մեջ որդը ուտում ու ստեղծում լավը, և տվել են որդին հնարավորություն՝ արտադրության մեջ ուտելու և ստեղծելու արդյունք։

-Որտեղի՞ց եք վերցնում օրգանական թափոնները։

-Այս պահին օգտագործում ենք արտադրության թափոնները։ Մեր արտադրամասը Աբովյան քաղաքում է, որտեղ մենք նաև ունենք բանջարանոցներ, որի արտադրանքը դեռ չենք վաճառում, բայց 2019 թվականին պլանավորում ենք նաև սկսել դրանց վաճառքը։ Գործարանում աշխատում են և՛ աղջիկներ, և՛ տղաներ։ Գործարանը շատ երիտասարդ է, և աշխատակիցները նույնպես երիտասարդ են։ Ինձնից բացի ևս մեկ գյուղատնտես ունենք՝ ագրոէկոլոգ աղջիկ, որը մեզ համար իրականացնում է փորձերը և աճեցման աշխատանքները։

-Իսկ համագործակցություն եղե՞լ է «ORWACO»-ի և ՀԿ-ի միջև։

-Իհարկե, եղել է․ «ORWACO»-ն տրամադրել է անվճար պարարտանյութեր ՀԿ-ի ծրագրերի իրականացման համար։ Այս տարի «ORWACO»-ն իրականացրել է դիզայներական աշխատանքներ, տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ Սոլակում։

-Տան պայմաններում հնարավո՞ր է պարարտանյութ պատրաստել, թեկուզ՝ առանց որդերի։

-Այո, հնարավոր է։ Պետք է մի քիչ զգույշ լինել հոտից, կրծողների և վնասատուների հավաքումից, բայց հնարավոր է։ Համացանցում միլիոնավոր վիդեոներ կան պարարտանյութերի պատրաստման մասին, պարզապես պետք է շատ ճիշտ մոտեցում ցուցաբերել, իմանալ՝ ինչը կարելի է կոմպոստացնել, ինչը՝ չէ, պետք է իրականացվի աղբի ճիշտ առանձնացված հավաք, և ցանկալի է, որ սովորական մարդը զբաղվի կոմպոստացմամբ, եթե ունի պատշգամբ կամ այնպիսի տարածք, որն անմիջապես բնակարանի ներսում չէ։ Սակայն եթե ամեն ինչ ճիշտ արվի, հերմետիկ ամաններում, ապա հնարավոր է նաև այդ ամենն անել լոգարանում կամ խոհանոցում։

-Այսինքն՝ դրա համար հատուկ գործիքներ պետք չե՞ն։

-Գործիքներ՝ չէ, բայց ցանկալի է, որ հատուկ տարրաներ օգտագործվեն, որպեսզի ավելի ապահով լինի։

-Կպատմե՞ք Ձեր առաջին աշխատանքի մասին, Ձեր աճեցրած առաջին բույսի մասին։

-Երբ փոքր էի, բույսեր աճեցնում էի ու շատ էի նեղվում, որ պատշգամբ չունեինք ու տանը շատ մեծ տարածք չունեինք շատ բույսեր ունենալու համար, բայց ծաղիկներ միշտ ունեցել ենք։ Դպրոցից մի դեպք կարող եմ պատմել, երբ ամառային արձակուրդներն ավարտվել էին, ու պետք է սեպտեմբերին գնայինք դասի, գնացել էի բոլոր ծաղիկների հողերը փխրեցրել էի, բոլորը գեղեցիկ սարքել էի, ծաղկամանները մաքրել էի։ Հետո անզգույշ պտտվեցի և այդ ծաղկամանները մետաղական պատվանդանի վրայից ընկան մաքրած հատակի վրա, լրիվ ջարդուփշուր եղան։ Սա ուղղակի մի հիշողություն էր մանկությունից։ Իսկ եթե վերադառնամ մասնագիտականին, ես միշտ ասել եմ, որ եզակի երջանիկ մարդ եմ, որովհետև իմ այցեքարտի վրա ամենաառաջին իսկ օրվանից գրվել է ագրոէկոլոգ։ Ես ընդունվել եմ ՀԿ աշխատանքի որպես ագրոէկոլոգ՝ հենց իմ մասնագիտությամբ։ Կարծում եմ՝ շատ քչերին է դա տրվում։ Առաջին պրոֆեսիոնալ աճեցրած բույսը եղել է երրորդ կուրսում միամյա երեքնուկը, և հետո դրա հետ կապված եղավ նաև իմ բակալավրի թեզը՝ երկու տարվա փորձերի արդյունքների հիման վրա։

-Ի՞նչ երազանքներ եք ունեցել թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա։

-Պատանեկության տարիներին միշտ մտածել եմ, որ ուզում եմ ունենալ մի սենյակ, որը կլինի գրադարան, բայց որը ամբողջությամբ լցված կլինի ծաղիկներով, ճոճանակ կլինի այնտեղ, որ մարդիկ կարողանան գիրք կարդալ բույսերի ու ծաղիկների ներկայությամբ, դա ինձ համար միշտ շատ կարևոր է եղել։ Դեռևս չունեմ հենց իմ ցանկացած այդ անկյունը այստեղ, բայց այս տարի, երբ Պալմա դե Մալյորկայում էի, հյուրանոցը հենց այդպիսի սենյակ ուներ, և ես ապշեցի՝ կարծես թե իմ երազանքը այդ հյուրանոցում իրականացրել էին։ 

Պրոֆեսիոնալ երազանք նույնպես ունեցել եմ, և ես կարողացել եմ այն իրականացնել։ Երբ ես տեսնում էի, օրինակ, թե ոնց էին ծաղկի խանութներում տերևները հավաքում ու թափում, այնպիսի ցավ էի ապրում, քանի որ դա ռեսուրս է, որը թափվում ու դառնում է աղբ։ Բայց դա աղբ չէ, իրականում շատ մեծ ռեսուրս ունի իր մեջ։ Եվ այսօր, գուցե ոչ ամբողջությամբ, բայց ամեն դեպքում մենք ունենք գործարան, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ, և այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ երջանիկ մարդ եմ։

-Քանի որ խոսում ենք ռեսուրսերից, անդրադառնանք նաև այս հարցին։ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր ռեսուրսները, և գյուղատնտեսությունը պետք է զարգանա միայն ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք, ի՞նչ է նշանակում` ռեսուրսների սխալ օգտագործում, ճիշտ օգտագործման ի՞նչ ուղիներ կան։

-Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մենք ամեն ինչ անում ենք տարերայնորեն, մենք ոչինչ չենք պլանավորում։ Իսկ այն, որ մենք չենք պլանավորում, արդեն խնդիր է։ Հատկապես շատ անխնա ենք վերաբերվում հողային ու ջրային ռեսուրսների հետ։ Հայաստանը, լինելով «ջուր ստեղծող երկիր», թույլ է տալիս, որ իրենից ջուրը հոսի դուրս։ Մենք ջուրը վերցնում ենք բնությունից, օգտագործում ենք, ու թողնում ենք, որ հոսի։ Սխալ ենք իրականացնում ոռոգումը, ու հետո կանգնում ենք խնդրի առջև։ Տարիներ առաջ մասսայական տարածում ունեցավ ձկնաբուծությունը և արտեզյան ջրերի օգտագործումը ձկնաբուծության համար։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք նորվեգացի գործընկերոջ հետ գնում ձկնաբուծարաններ և հարցնում՝ դուք հետաքրքրվա՞ծ եք արդյոք ջրի շրջապտույտ իրականացնող համակարգի տեղադրմամբ (ջուրը մաքրվում է, նորից օգտագործվում), մեզ պատասխանում էին, որ Հայաստանում ջուրն այնքան էժան է, որ դա ընդհանրապես իրենց չի հետաքրքրում։ Մեկ տարի անց, երբ բոլորի թույլատրությունները փակվեցին, մարդիկ կանգնեցին փաստի առաջ։ Երբ լիքը գյուղեր դարձան խմելու ջրին կարոտ, նոր մտածեցին, որ կարելի է բոլորին թույլ չտալ օգտագործել ջուրը, մինչդեռ կարելի էր ի սկզբանե ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Այո, մենք սխալ մոտեցում ունենք մեր ռեսուրսներին։ Այս տարի մենք ունեինք կարտոֆիլի թանկ գին, կտեսնեք՝ հաջորդ տարի կունենանք այնքան կարտոֆիլ, որ կմնա, չենք կարողանա իրացնել։ Ինչի գինը թանկանում է՝ հաջորդ տարի բոլորը դա են աճեցնում։

-Կառավարությո՞ւնը պետք է իրականացնի պլանավորումը։

-Ոչ, կառավարությունը չի կարող ասել՝ ով ինչ աճեցնի, բայց կարող է օգնել։ Մենք ունենք շատ մասնատված հողակտորներ․ Սովետական միության փլուզումից հետո իրականացվել է հողերի սեփականաշնորհում։ Յուրաքանչյուր գյուղում ապրող մարդ ստացել է հող՝ անկախ նրանից՝ կարողություններ ու գիտելիքներ ունի այդ հողը մշակելու, թե ոչ։ Նա է իր հողի տերը, և տարիների ընթացքում կուտակված, մնացած, ձեռք բերած գիտելիքների հիման վրա իրականացնում է իր գործունեությունը։ Որոշ մարդիկ հաջողում են, որոշները՝ ոչ։ Ով չի հաջողում, բնականաբար, գնում է արտերկիր՝ աշխատելու։ Ամեն մեկը իր հողի տերն է և ինքն է որոշում՝ ինչ աճեցնել։ Պետությունը, բնականաբար, չի կարող ասել ինչ-որ մեկին աճեցնել կարտոֆիլ գազարի փոխարեն, բայց պետությունը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, այնպիսի հնարավորություններ մարդկանց կրթելու, որպեսզի նրանց համար հասանելի դարձնի ճիշտ մեթոդներ, մոդելներ, միջոցներ։ Այդ ժամանակ արդեն կձևավորվեն թիրախային ուղղություններ՝ գյուղատնտեսության զարգացման։ Օրինակ՝ մեզ համար թիրախային ուղղություն է խաղողագործության զարգացումը, որովհետև մեր երկրում շատ լավ է ստացվում գինեգործությունը, մենք ունենք հազարամյակների պատմություն գինեգործության, և պետք է ամբողջ պետության ներուժը ծախսենք այդ ամենը շատ ուժեղ գովազդելու ու առաջ գնալու վրա։ Իսկ մեր կառավարությունը որոշել է, որ գինու հիմնադրամը պետք է փակի,  գինեգործները հիմա Ազգային ժողովի դիմաց ցույց են անում, որ չփակեն։ Վրաստանը ունի մեզնից ավելի քիչ գինու պատմություն, բայց ունեն շատ ինտենսիվ պետական ծրագրեր` օժանդակելու, օգնելու, զարգացնելու վրացական գինու լեգենդը։

Կան ուղղություններ, որոնք կարելի է թիրախավորել ու օժանդակել դրանով զբաղվող գյուղացուն։ Այդ դեպքում մարդիկ կգնան այդ թիրախային ուղղության զարգացմանը։ Մեր կազմակերպությունը, իհարկե, անում է այդպես, բայց մենք շատ փոքր հասարակական կազմակերպություն ենք՝ սահմանափակ ռեսուրսներով, իսկ այս ամենը պետք է կատարվի պետական մակարդակով։

-Ուրիշ տեղ կենտրոններ ունե՞ք։

-Ուրիշ գյուղերի հետ նույնպես աշխատում ենք։ Լայնածավալ, մեծ կենտրոն միայն Սոլակում է, բայց այլ գյուղերում նույնպես ունենք ավելի փոքր կենտրոններ՝ շուրջ 10-15 գյուղերում։

-Հե՞շտ է աշխատել գյուղացիների հետ։ Ինչպե՞ս են նրանք ընդունում նոր գաղափարները։

-Ես երբեք չեմ ասում մարդկանց՝ եկել եմ ձեզ ինչ-որ բան սովորեցնելու։ Երբ առաջին անգամ գնացի գյուղ՝ սեմինարի, 21 տարեկան էի։ Բոլորն ասացին՝ էս երեխեն ա եկե՞լ։ Ասացի՝ հա բա, եկել եմ՝ ձեզնից սովորեմ։ Ու շուրջ երեսուն միջին տարիքի գյուղի տղամարդիկ նստել էին, ու ես իրենց պատմում էի ինչ-որ բաներ օրգանական գյուղատնտեսության մասին։ Վերջում մոտեցան՝ բալա ջան, բա դու որտե՞ղ ես սովորում, էս ինչքան բան գիտես։ Երբեք պետք չէ ասել մարդուն, որ իրեն պետք է բան սովորեցնես, պետք է ասել հակառակը։ Երբ ասում ես մարդուն, որ ուզում ես իրենից բան սովորել, ավելի բաց է դառնում, շփումը ավելի հեշտ է ստացվում։

-Եղե՞լ են դեպքեր, երբ սկսել եք որևէ ծրագիր, ու այն հաջողություն չի ունեցել։ Որո՞նք են Ձեր առաջին հաջողությունն ու առաջին ձախողումը։

-Ձախողում չեմ համարի, բայց եղել է դեպք, երբ անջրդի հողում հացահատիկ ենք ցանել, ու անձրև ընդհանրապես չի եկել։ Շատ դժվար էր, շատ քիչ ստացվեց հացահատիկը։ Ձախողում չէր, բայց այն չէր, ինչ մենք էինք սպասում։ Այլ ձախողված ծրագրեր չեմ հիշում, երևի դրանք այնքան փոքր են եղել ու հաղթահարելի, որ չեն տպավորվել։ Իսկ առաջին հաջողությունը երևի կենսահումուսի կույտերն էին։ Դեռևս համալսարանում, երբ անցնում էինք որդակոմպոստացումը, այն ինձ շատ էր հետաքրքրում։ Ու երբ ընդունվեցի աշխատանքի, առաջին բանը, որ արեցի, որդակոմպոստացման մասին բուկլետ պատրաստելն էր։ Այդ նյութը տարածեցինք գյուղերում, ու առաջին որդերը գնեցինք։ Գյուղում դրեցինք կույտերը, ու որդերը կերան, ստեղծեցին հումուսը։ Այն, որ մենք ինքներս դա արել ենք, ինձ համար հրաշք էր։

-Եթե Ձեր պատմությունը ոգեշնչի ինչ-որ մեկին լինել բնության համար պիտանի մարդ, որո՞նք պետք է լինեն նրա առաջին քայլերը։ Ինչի՞ց պետք է սկսի սովորական մարդը։

-Ամեն մարդ ինքն իրենից պետք է սկսի։ Պետք է սկսի նրանից, որ սուպերմարկետում տասը տոպրակ վերցնելու փոխարեն վերցնի մեկը, կամ ընդհանրապես չվերցնի ու գնա իր կտորից տոպրակով։ Պետք է զգուշավոր լինի վնասելու, պոկելու մոլուցքի նկատմամբ։ Գոնե չվնասելը արդեն իսկ օգնել է։ Սյունիքի մարզում՝ հատուկ պահմանման տարածքներին կից, հատկապես՝ Գորիսի շրջանի մոտ 6 դպրոցներում, մի ծրագիր ենք իրականացրել աշակերտների համար՝ անտառագիտություն էինք ուսուցանում։ Ամեն ամիս գնում էինք դպրոց, յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ դասընթաց ունեինք, և միշտ բոլոր դասընթացները ավարտվում էին գործնական պարապմունքներով։ Մի անգամ, երբ մեր թեման աղբն էր, դրա վերամշակումը, դասից հետո ունեինք հատուկ ընտրված տարածք, որը պետք է մաքրեինք աղբից։ Տարածքը աղբուր էր, որտեղ մարդիկ գնում էին հաց ուտելու։ Հենց այդ ժամանակ էլ մարդիկ էին նստած, ու թարմ կտրած ձմերուկի կեղև էր թափած։ Սկզբում փորձում էին ինձ համոզել, որ ձմերուկը իրենցը չէ, իսկ հետո, երբ տեսան, թե ինչպես են երեխաները ձեռնոցներ հագած հավաքում աղբը, միացան մեզ, բոլորով սկսեցինք հավաքել։ Հետո երեկոյան գյուղում բոլորը դրանից էին խոսում, որ Երևանից ինչ-որ մարդիկ եկել մեր աղբն են հավաքում։ Ես կուզենամ, որ էսպիսի բաներ չլինեն, կուզեմ՝ մեր մեջ մտնի այդ կուլտուրան, որ մեզնից հետո մաքուր թողնենք։ Ախր, դա այնքան փոքր բան է, ես ցավում եմ, որ մենք մինչ այսօր դրա մասին խոսում ենք։ Անհարմար եմ զգում, որ այսօր ես դեռ դրա մասին խոսում եմ։ Սրանք են հենց սկսելու այդ փոքրիկ քայլերը։ Մենք լվանում ենք մեր ձեռքերը, երբ դրանք կեղտոտ են։ Մեզնից հետո մաքրելն էլ պետք է լինի այդքան սովորական, դրա նման մի բան։

-Ինչպե՞ս եք տեսնում, առհասարակ, գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում։

-Ես լավատես եմ ու կարծում եմ, որ լավ է լինելու։ Նկատում եմ, որ հիմա մեծ տենդենց կա գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելու։ Շատ կուզենամ, որ այդ ներդրումները հաջողությամբ պսակվեն, և մենք ունենանք զարգացած գյուղատնտեսություն։ Ամեն դեպքում, ես ապագայում տեսնում եմ բարձրարժեք գյուղատնտեսությունը։ Ես տեսնում եմ, որ հավելյալ արժեք ունեցող տեսակների աճեցմամբ և դրանց հետագա վերամշակմամբ մենք կարող ենք հավելյալ արդյունք ստեղծել։ Մենք միշտ պետք է մի քանի քայլ առաջ լինենք, և մի քանի քայլ առաջ մտածենք, որպեսզի կարողանանք հաջողել։

-Ըստ Ձեզ՝ հաջողության հասնելու համար, առհասարակ, ի՞նչ է պետք։

-Ցանկություն։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ես ուզում։ Դա աքսիոմ է։ Պետք է հստակ իմանալ՝ ինչի ես ուզում հասնել, և դա ինչ է։

-Հետագա զարգացման ի՞նչ պլաններ ունեք թե՛ ՀԿ-ի, թե՛ «ORWACO»-ի համար։

-ՀԿ-ի գործունեությունը իր հունով գնում է և տանում է ավելի նոր ծրագրերի իրակացմանը և խոշորացմանը։ Իսկ «ORWACO»-ին մենք տեսնում ենք տարածաշրջանի ամենախոշոր օրգանական պարարտանյութ արտադրող, արտահանող ընկերության դերում։ Հիմա նոր ծրագիր ունենք, «ORWACO»-ն պլանավորում է հոգ տանել օրգանական թափոնների մասին, և հիմա մենք տարբեր սրճարանների, կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու՝ օրգանական թափոնները տարանջատելու վերաբերյալ։ Հետո մենք դրանք կկոմպոստացնենք։ Թափոնները հավաքում ենք դեռևս միայն Երևանում։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը

Mari Baghdasaryan malishka

Եղեգնաձորի ՀՊՏՀ մասնաճյուղը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Համալսարանի ներկայիս գործունեության, փոփոխությունների և առաջիկա ծրագրերի մասին ինձ հետ զրույցում պատմում է համալսարանի նորանշանակ տնօրեն Արփինե Հովակիմյանը: 61e76d873654aba0a911697e

-Պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել, ի՞նչ մասնագիտություն ունեք: Մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը, որտե՞ղ եք աշխատել:

-Ես ծնվել եմ Եղեգնաձորում 1982 թվականին: 1999 թվականին ավարտել եմ Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմության համար պարգևատրվելով ոսկե մեդալով: Ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման ֆակուլտետը և 2004 թվականին ավարտել այն գերազանց առաջադիմությամբ: 2006 թվականին ընդունվել եմ նույն բուհի ասպիրանտուրան` «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Պաշտպանել եմ ատենախոսությունը` «ՀՀ գյուղական բնակչության զբաղվածության հիմնահարցերը» (Վայոց ձորի մարզի օրինակով) թեմայով և 2012 թվականի ՀՀ ԲՈՀ-ի կողմից ինձ շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006 թվականից մինչև 2013 թվականն աշխատել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայության» Եղեգնաձորի տարածքային բաժնում որպես գլխավոր մասնագետ: 2010 թվականից համատեղությամբ դասավանդել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում: 2013 թվականից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն աշխատել եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում որպես փոխտնօրեն: 2017 թվականին ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

-ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 11-ամյակն եք նշել, այդ մասին խոսեք:

-2007 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը, և 2018 թվականի դեկտեմբերին նշեցինք մեր մասնաճյուղի հիմնադրման 11-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման և կայացման գործում անգնահատելի ավանդ ունեցած նախկին տնօրեններ պարոն Էդգար Ղազարյանը և պարոն Սոս Խաչիկյանը, որոնք շնորհավորեցին ներկաներին և հանդես եկան զեկուցումներով: Զեկուցումներով հանդես եկան նաև մասնաճյուղի դասախոսները և ուսանողները:

-Բացի դրանից, այլ միջոցառումներ կազմակերպվո՞ւմ են, կամ մասնակցություն ունենո՞ւմ եք այլ միջոցառումների:

-Այո, մասնաճյուղում պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, տարբեր գիտական, կրթական և մշակութային միջոցառումներ, կազմակերպվում են էքսկուրսիաներ: Մասնակցում ենք նաև մարզային և հանրապետական միջոցառումների: Օրինակ՝ ամեն տարի անցկացվող Արենիի գինու փառատոնին:20190125_134808

-Ուսման որակը բարձրացնելու նպատակով ի՞նչ աշխատանքներ են տարվում:

-Մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ռազմավարությունը բխում է մայր բուհի ռազմավարությունից, որի շրջանակներում իրականացվում է ուսուցումը: Կազմակերպվում են ուսանողների համար պրակտիկաներ, որոնց շրջանակներում համագործակցում ենք մարզում գործող տարբեր բանկերի հետ: Մասնաճյուղը հագեցած է կրթության իրականացման համար անհրաժեշտ համակարգչային լսարաններով և կոնֆերանս դահլիճներով, գործում է գրադարան:

-Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք պատրաստվում եք իրականացնել մոտ ժամանակներս:

-Կարևոր ծրագրերից է տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներառումը կրթական ծրագրերի մեջ: Կարևորում եմ նաև օտար լեզուների իմացությունը և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար, որովհետև, ինչպես գիտենք, մասնագիտական գրականությունը հիմնականում օտարալեզու է: Կարևորում եմ այդ ուղղությամբ հատուկ դասընթացների կազմակերպումը և վերապատրաստումը:

-Տարվա կտրվածքով քանի՞ շրջանավարտ և քանի՞ դիմորդ եք ունենում:

-2017-2018 ուստարում ունեցել ենք 84 շրջանավարտ, 2018-2019 ուստարում մասնաճյուղը կավարտեն 57 ուսանողներ: Ինչ վերաբերում է դիմորդներին, ինչպես գիտենք, վերջին տարիներին բուհերում դիմորդների թիվը գնալով նվազում է:

Մենք ընդունելություն ենք իրականացնում առկա բակալավրիատում` «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում» և «Կառավարում» մասնագիտություններով, հեռակա բակալավրիատում «Կառավարում» մասնագիտությամբ, իսկ առկա մագիստրատուրայում` «Գործարար վարչարարություն» և «Հանրային ֆինանսներ» մասնագիտություններով: Ուսանողները հիմնականում նախընտրում են «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտությունները:

Հաջողության պատմություններ. Արտ Լանչ

Հարցազրույց «Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։

-Ներկայացե՛ք, խնդրեմ։ Ի՞նչ կրթություն ունեք, ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում։

-Բակուր Մելքոնյանն եմ, «Արտ լանչ»-ի համասեփականատերը։ Ընտանեկան բիզնես է, մյուս 50 տոկոսը կնոջս է պատկանում։ Կրթությունս ստացել եմ պոլիտեխնիկական համալսարանի հաշվողական տեխնիկա բաժնում՝ ավտոմատ կառավարման համակարգեր։ Զբաղվում եմ «Արտ լանչ»-ով, մարդկանց կերակրելով։

-Ինչպե՞ս է ստեղծվել «Արտ լանչը», և ովքե՞ր են հիմնադիրները։

-Հիմնադիրները մենք ենք՝ ես ու կինս։ Ստեղծվել է 2002 թվականին, երբ արտերկրում առաջին անգամ գնացել էինք առևտրի, ապրանք էինք բերում և վաճառում Հայաստանում։ Գնացել էինք օգնելու մեր ընկերոջը։ Այդ ժամանակ բիզնեսմեններից մեկը հրավիրեց լանչի, բայց քաղաքից բավականին հեռու էինք գնացել։ Մինչև գնանք քաղաք, մինչև ճաշենք, ասաց՝ ավելի լավ է պատվիրենք, ու պատվիրեց։ Առաքման այդ մեթոդը, ձևը առաջին անգամ այդտեղ տեսանք։ Ու մենք որոշեցինք սկսել այդ ամեն ինչը նաև Հայաստանում։ Սկսեցինք մեր բնակարանից՝ 4-րդ հարկում՝ խոհանոցից, հետո տեղափոխվեցինք ավտոտնակ, ավտոտնակից հետո սեփական տարածք գնեցինք, տեղափոխվեցինք այնտեղ։ Այդպես եկանք, որոշեցինք, որ պետք է առաքում անենք։ Առաջին 4-5 տարին միայն առաքում է եղել։ Կինս պատրաստում էր խոհանոցում, ես էլ տանում տալիս էի գրասենյակի աշխատողներին։

Առաջին ճաշարանը Բիլայնի ճաշարանն էր։ Շատ դժվար էր իրականում, 4-5 տարի տևեց մինչև կարողացանք առաջին ճաշարանը վերցնել։ Մրցույթների մասնակցելիս, բնականաբար, չէինք շահում, քանի որ առաջին պայմանով դրված էր փորձառությունը։ Իսկ Բիլայնինը շահեցինք, որովհետև իրենք տեսան, որ փորձառությունը մի կողմ՝ իրականում իրենց աշխատակիցները, ներսի ճաշարանը թողած, մեր առաքումից էին օգտվում։ Ասացին՝ ավելի լավ է եկե՛ք, հենց տեղում էլ դո՛ւք պատրաստեք, տվե՛ք։ Առնաց նայելու այն պայմանին, որ մենք չունեինք համապատասխան փորձառություն, վստահեցին մեզ, որովհետև առաքման միջոցով ապացուցել էինք, որ կարողանում ենք լավ սնունդ տալ։

-Այժմ քանի՞ մասնաճյուղեր ունի «Արտ լանչը» և որտե՞ղ։

-«Արտ լանչ» հիմա կա Ղազախստանում՝ Ալմաթիում, ունենք Վրաստանում՝ Թբիլիսիում, Մոսկվայում և Հայաստանում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում մի մասնաճյուղ։ Հայաստանում 40 կետից ավելի կա։

-Ե՞րբ և ինչպե՞ս են բացվել արտասահմանի մասնաճյուղերը։

-Արտասահմանի մասնաճյուղերը բացվել են վերջին 2-3 տարիների ընթացքում։ Առաջարկը եղել է Արաբական Էմիրություններում՝ Դուբայում եղած ծանոթների կողմից։ Մենք հիմա բացել ենք գործընկերոջ հետ, բայց նոր ձևաչափով։ Օրինակ՝ Մոսկվայում արդեն փորձում ենք ֆրանչայզինգի նման ընդլայնվել, ոչ թե ուրիշ գործընկերոջ, այսինքն՝ մենք մասնակցենք ոչ թե տարածքի վարձակալմանն ու ֆիրմայի բացմանը, այլ զուտ մենեջմենթի և մարքեթինգային ծառայությունները վերցնենք մեզ վրա։ Ստացվում է, որ այսօր փորձում ենք Մոսկվայում իրականացնել «Արտ լանչի» առաջին ֆրանչիզայի վաճառքը։

Մյուս երկրներում ֆրանչայզինգ չէ։ Օրինակ՝ Թիֆլիսում մենք ենք հենց բացել, անմիջական մասնակցություն ունենք։

-Հայաստանից ինչպե՞ս եք իրականացնում տարբեր մասնաճյուղերի համակարգումը։

-Հենց այդ մշակված մեխանիզմի շնորհիվ։ Այսինքն՝ դա մի համակարգ է, որով կենտրոնացված մենյու է կազմվում, ուղարկվում բոլոր մասնաճյուղեր, ներառված են նաև վերահսկման տարբեր մեխանիզմներ, արդի տեխնոլոգիաներ։ Դրանց միջոցով ստուգում, վերահսկում ենք աշխատանքը։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է հեռակա կառավարումը։ Հենց այդ փաթեթն էլ պիտի առաջարկվի որպես ֆրանչայզինգի փաթեթ՝ իր բոլոր մանրուքներով։

Ֆրանչայզինգի ամբողջական փաթեթը, ճիշտն ասած, դեռ պատրաստ չէ։ Բրենդը մեկ ամիս առաջ փոխեցինք, հիմա արդեն փաթեթի վրա ենք կենտրոնանում։ Անձամբ մեզ համար ծրագիր ենք կազմում, ինչը մի քիչ բարդ է, բայց միակ պայմանն է, որի դեպքում կկարողանանք նորմալ ֆրանչիզա վաճառել։ Որպես այցելու Վարշավայի ֆրանչայզինգի ցուցահանդեսին ենք մասնակցելու։ Մի քանի անգամ այդ ձևով կայցելենք։ Իսկ հոկտեմբեր ամսին ոչ թե որպես այցելու, այլ որպես մասնակից կփորձենք հանդես գալ։

Հայաստանի մասնաճյուղերում ու ընդհանրապես բոլոր մեր կետերում կա իր հսկող մենեջերը, ով պատասխանատու է այդ կետի համար։ Նա չի հանդիսանում սովորական աշխատակից, այսինքն՝ նրա աշխատավարձը ձևավորվում է եկամտից՝ տոկոսային հարաբերությամբ։ Պատասխանատուն որպես սեփականատեր է աշխատում։ Վերահսկողությունը այդքանով արդեն բավականին հաջողված է, որովհետև ավելի մեծ է շահագրգռվածությունը: Նույն այդ հաջողված մեթոդը մենք կիրառեցինք հյուրանոցային բիզնեսի մեջ, ու շատ լավ ստացվեց։ Դիլիջանում բացեցինք մեր առաջին փոքր հյուրատունը՝ «Արտ գեսթհաուսը», իսկ հիմա բավականին մեծացրինք․ 7 համարից սկսեցինք, հիմա ունենք 24 հյուրանոցային համար։ Այսինքն՝ այդ մեխանիզմը, որ ինչ-որ մեկը սեփականատեր է, մեծացնում է շահագրգռվածությունն ու մոտիվացիան, եկամուտն էլ կախված է իր աշխատեցնելուց։ Booking.com-ով արդեն 3-րդ, 4-րդ տարին է՝ Դիլիջանի լավագույն հյուրատունն ենք համարվում։ Մեկնաբանություններում էլ որպես սեփականատեր նշում են Ջորջին ու Լյուսիին, այսինքն՝ մեր մասին ոչ մի տեղ գրված չկա։

-Ե՞րբ է առաջացել «Արտ գեսթհաուս»-ի գաղափարը։

-Մոտ 5 տարի առաջ գաղափարն առաջացավ։ Դիլիջանում 3 կետ ունենք «Արտ լանչի» և երբ գնում էինք այնտեղ, բավականին մեծ գումարներ էինք ծախսում, բայց, ճիշտն ասած, դժգոհ էինք սերվիսից, մանավանդ տեղի հյուրանոցների սերվիսի որակից։ Որոշեցինք էդ հյուրատունը սարքել մեզ համար, այսինքն՝ մնալու մի տեղ մեր աշխատակիցների և մեզ համար։ Սկզբում գաղափարը վարձակալության տալը չէր, հյուրատուն սարքելը չէր, սկզբում մեզ համար սարքելն էր։ Ու այդպես էլ արեցինք։ Հետո տեսանք, որ կողքից էլ են ուզում մնալ մեզ մոտ, որպես բիզնես հաջողում է, ու վերածեցինք բիզնեսի։

-Իսկ քանի՞ մասնաճյուղ ունեն «Արտ գեսթհաուսները»։

-Երևանում ունենք 2 փոքրիկ «Արտ գեսթհաուս», 2 Դիլիջանում, 1 Ծաղկաձորում։ Ծաղկաձորինը ուղղակի մենք չենք հիմա աշխատեցնում, 3 տարվա պայմանագրով տուրիստական կազմակերպությունը ամբողջությամբ վերցրել է մեզնից։ Այսինքն՝ մենեջմենթը իրենց է պատկանում, բայց մեր ցանցի մեջ է մտնում։

-Գործունեության ընթացքում ի՞նչ հաջողություններ ու անհաջողություններ եք ունեցել։

-Հաջողությունները երևում են փաստացի, այն է, ինչին որ հասել ենք հիմա։ Հայաստանի ամենամեծ ճաշարանների ցանցն ենք։ Ամենամեծ հաջողությունը կլինի, եթե կարողանանք նաև ֆրանչիզա վաճառել։ Կլինենք առաջինը հայկական բրենդներից, որ կարողացել է այդպիսի բան անել։ Կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են, բայց այս պահին դեռ արդյունք չկա։ Աստված տա՝ բոլորն էլ կարողանան, իհարկե, ինչքան շատ հայկական բրենդ ֆրանչիզա վաճառի, այնքան երկիրը կզարգանա (դրսից գումարների գալու առումով եմ ասում)։

Անհաջողություններ եղել են, շատ են եղել։ Մի օրինակ բերեմ, որ մենք, վստահելով հաճախորդին, որ, օրինակ, տարածքում կա այսքան պոտենցիալ հաճախորդ, կետ ենք բացել այդտեղ։ Բայց իրականում պարզվել է, որ այդ տարածքում հաճախորդների այդ քանակը չկա։ Այդպես մեկ-երկու կետ բացեցինք, չկարողացանք աշխատեցնել։ Հետո արդեն փորձառությունը ստիպեց, որ ոչ թե վստահենք դիմացինին, այլ ինքներս սկսենք առավոտյան բիզնես կենտրոնի, հիմնարկի մոտ կանգնել և հաշվել մարդկանց, թե քանի մարդ է իրականում մտնում։ Փոքրիկ անհաջողություններ եղել են։ Իհարկե, սկզբից դրանք փոքրիկ չէին, բավականին մեծ էին, որովհետև ֆինանսական առումով բիզնեսը հաջողություններ չէր բերում, մոտավորապես երկու տարի հազիվ ծախսերն էր փակում։ Երկու կոպեկ գումար հազիվ մնար, ինչը հնարավորություն չէր տալիս բացարձակապես այլ ներդրումների կամ ընդլայնվելու մասին մտածել։ Հետո արդեն, երբ երկու տարվա մեջ գործի մեջ դարձանք պրոֆեսիոնալ, սկսեցինք հասկանալ մանրուքները, նրբությունները ու դրա շնորհիվ նոր սկսեցինք արդեն կամաց-կամաց աճել։

-Իսկ ի՞նչն է «Արտ լանչը» առանձնացնում ոլորտի մնացած ներկայացուցիչներից։

-Առաջին կարևորագույն բանը, ուզում եմ շեշտել, մեծ մենյուն է։ Այն իրապես մեծ է, ընդ որում ամբողջ աշխարհում մեր նման կազմակերպություն չեմ տեսել իրականում, որ մեր մենյուի չափ մենյու ունենա՝ իր բազմազանությամբ։ Իսկ մեր յուրահատկությունը հենց դրա մեջ է, «Արտ լանչ» մարդիկ գալիս են ոչ թե հաճելի ժամանակ անցկացնելու, մի բաժակ խմելու ու իրենց սիրած ուտեստը վայելելու, այլ գալիս են տնական ձևով պատրաստված սովորական ճաշ ուտելու համար։ Նույնն էլ մեր ընդհանուր մենյուն է դրսում, որը ինտերնացիոնալ է, այսինքն՝ ինչ-որ ուղղվածություն չունի։ Բայց ինտերնացիոնալ լինելով հանդերձ՝ փորձում ենք հայկական ուտեստներին փոքր-փոքր տեղ տալ (դրսի մասին եմ ասում, իհարկե), սովորեցնել մարդկանց։

Հետաքրքիր հաջողություն ունեն նաև հայկական խոհանոցի օրերը․ սպասարկողները հայկական տարազներով են, ուտեստները՝ ամբողջովին հայկական։ Բավականին հետաքրքիր արձագանք ենք ունենում, բոլորը ոգևորվում են․ «Սա ի՞նչ ա։ Բա սա ի՞նչ ա»։ Դրանով մենք մշակույթ ենք ներկայացնում։ Շատ հետաքրքիր է։

Իսկ մյուս առանձնահատկությունն այն է, որ սովորական աշխատակիցները սովորական տնային տնտեսուհիներ են, որոնք պատրաստում են տնային ուտելիքներ․ դա մեր հաջողության գրավականներից մեկն է։ Չենք օգտագործում որևէ տեսակի կիսաֆաբրիկատ, դրսից պատրաստված որևէ խմորեղեն կամ դրսում պատրաստված ցանկացած բան, այսինքն՝ ամբողջը մեր արտադրության է։ Նույնիսկ այսօր հասել ենք նրան, որ հացի 60-70%-ը մեր արտադրանքն է, տեղում պատրաստված հացեր ենք վաճառում։

-Մենյուները տարբերվո՞ւմ են՝ ըստ մասնաճյուղերի։

-Նույն օրը բոլորինը միանման է լինում։ Տարբեր երկրներում էլ, բոլոր տեղերում նույն օրը միանման մենյու է ուղարկվում՝ հաշվի առնելով, իհարկե, տվյալ երկրի առանձնահատկությունները։ Օրինակ՝ Էմիրաթներում կամ Ղազախստանում չենք տալիս խոզի միս։ Զավեշտալի դեպքեր էլ են եղել, երբ նոր էինք բացվել Ալմաթիում։ Առաջին օրը դրեցինք բազուկի ճավով ճաշ՝ որպես հարգի ճաշ մեզ մոտ։ Հայ մենեջերն էր տեսել բավականին հարմար գնով ու ոգևորված բերել։ 2-րդ, թե 3-րդ հաճախորդից պարզ դարձավ, որ դա իրենց համար վիրավորական ուտելիք է։ Իրենք այդ ճաշը չեն ուտում, ճավը կովերին են տալիս։ Դրա համար էդ ազգային բաները պետք է հաշվի առնել։ Դրանից հետո երբ գնում ենք ինչ-որ երկիր, առաջինը խոհանոցն ենք ուսումնասիրում հասկանալու համար, թե իրենց ինչ է պետք տալ, որ չվիրավորվեն։

-Ավանդական ուտեստների օրը բոլոր մասնաճյուղերո՞ւմ է լինում։

-Չէ, չենք կարող այդպես անել, որովհետև դրա համար ամեն կետի անձնակազմը չունի այն պրոֆեսիոնալ որակական հատկությունները և ֆիզիկական հնարավորությունները, որոնք պետք են խոհանոցն ամբողջապես փոխելու համար։ Այսինքն՝ այդ օրերին մեր ադմինիստրատիվ անձնակազմը գնում է այդ կետում օգնելու, դրա համար, եթե ենթադրենք՝ այս ամիս հայտարարվել են ֆրանսիական խոհանոցի օրեր, գնում ենք հերթով ամեն կետում օգնելու։ Դրա համար ամեն շաբաթ մեկ-երկու կետում մի ազգային խոհանոց է դրվում։

-Արտ լանչը ունի՞ իր ֆերման։

-Այո, Արտ լանչը կիսաֆաբրիկատներ չի օգտագործում։ Թե մսի, թե հացի հումքը ապահովվում է մեր կողմից, մենք ենք արտադրում։

-Դա ցույց տալու համար երբևէ բաց դռների օր արե՞լ եք։

-Արտ լանչի կետերից կեսից շատում խոհանոցը բաց է, երևացող։ Դա ինքնին արդեն բաց դռների օր է, մարդիկ տեսնում են՝ ինչպես է ուտելիքը պատրաստվում։ Եթե հիմա մեր մի կետում աշխատում է 22 հոգի, կիսաֆաբրիկատ օգտագործելու դեպքում կաշխատեին 6-ը։ Մարդիկ տեսնում են՝ ինչպես է ուտելիքը թարմ պատրաստվում, հացը թխվում է ու տաք-տաք դրվում գծի վրա։ Ոչ թե նույն աշխատողն է գիշերը պատրաստում, իսկ առավոտն էլ անցնում աշխատանքի, ինչպես անում են շատ տեղերում ու ուտելիքը թարմ չի լինում, այլ տարբեր մարդիկ են պատրաստում, տարբեր մարդիկ վաճառում են։ Մենք այդ աշխատուժը չենք խնայում, որովհետև դա է՝ թարմ եփվող ուտելիքն է հենց մեր հաջողության գրավականը։

-Իսկ ընդհանրապես բիզնես կառուցելու ճանապարհին որո՞նք են լինում հիմնական դժվարությունները ու այն գործոնները, որոնք օգնում են այն առաջ տանել։

-Բիզնես սկսելու համար նախ և առաջ մարդը պետք է ձեռնարկատիրական ունակություններ ունենա։ Ինքս լինելով բիզնեսմեն և, այսպես ասած, բիզնեսի ջատագով՝ ելույթ ունենալիս միշտ ասել եմ, որ բիզնես պետք է անե, ու դա մի քիչ վատ հետևանքներ է ունենում, որովհետև շատերը մտածում են՝ ինչու գնալ ինչ-որ մի տեղ աշխատել, եթե դրա փոխարեն կարող են բիզնես անել։

Ու լավ օրինակները միշտ էլ երևում են։ Աշխարհի այսօրվա միլիարդատերերի մեծ մասը բիզնեսմեններ են, ու այդ թոփ օրինակները վերցնելով՝ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում՝ դե, ինչի՞ համար աշխատեմ, չարչարվեմ, մասնագիտություն ձեռք բերեմ, եթե կարող եմ բիզնես անել։ Բայց նրանք չեն նկատում դրա ռիսկերը և չեն տեսնում բիզնեսի դժվարությունները։ Երբ ես սրա մասին խոսում էի, ինձ ասացին, թե ուզում եմ վախեցնել։ Բայց եթե մարդը որոշել է բիզնես անել ու իմ ասած երկու բառից պիտի վախենա, ավելի լավ է չանի, որովհետև եթե խոսքից վախենալու է, ապա իրական դժվարությունները խոսքից տասը անգամ ավելի են լինելու։

Ես միշտ օրինակ եմ բերում մեզ, երբ մենք նոր էինք սկսել մեր գործը։ Մեկ, երկու ամիս տարբերությամբ մեկ այլ կազմակերպություն նույնպես սկսեց զբաղվել լանչերի առաքումով՝ երկու ընկերներով էին բացել։ Իրենք բավականին մեծ էին, ավելի մեծ գումար էին ներդրել, գովազդի վրա ավելի շատ էին ծախսել, ավելի շատ հաճախորդ ունեին ու երկու տարի մեր մրցակիցն էին։ Երկու տարի հետո իրենք շուկայից միանգամից հեռացան։ Ու մոտ մի քանի ամիս առաջ իրենց սեփականատերերից մեկին հանդիպեցի, էդ ժամանակ ես դեռ չգիտեի դրա մասին։ Ընկերոջս հետ նստած էին, ծանոթացրեց, ու երբ խոսում էինք, ասաց․ «Էն ժամանակվա ԱրտԼա՞նչն ես»։ Պարզվեց՝ ինքն էլ էն ժամանակվա մեր այդ մրցակիցն է։ Հարցրի՝ ինչո՞ւ փակվեցին, ասաց, որ իր մասնագիտական աշխատանքով ավելի շատ գումար էր վաստակում, քան բիզնեսն էր բերում։ Եվ նա ճիշտ էր։ Ասում էր՝ չգիտեր գիշերը, ցերեկը ինչ է, քնելը ինչ է․ «Գիշերը գնա առևտուր արա, արի, պատրաստվի, առաքում արա, բողոքներ լսի։ Իսկ դրա փոխարեն նստում ծրագիր էի գրում, ես իմ գումարը աշխատում էի»։

Այդ մարդու ասածի մեջ իրականություն կա, որովհետև եթե ինչ-որ մի տեղ աշխատում ես որպես մասնագետ, դու այդ ռիսկը չունես, որ, կոպիտ ասած, անգործ կմնաս, որովհետև մասնագիտականդ չի կորի, եթե դու, իհարկե, լավ մասնագետ ես։ Բայց բիզնեսի պարագայում, եթե այն չհաջողվեց ու այդ բիզնեսի մեջ հանկարծ «տակ տվեցիր», բիզնեսդ փակվեց ինչ-որ պարտքերով, բիզնեսից դուրս եկար՝ չունենալով հավաքած մասնագիտական կամ այլ պաշար․ դու ինչ-որ բիզնես ես փորձել անել, որը չի ստացվել։ Դրա համար ռիսկայնությունը պետք է համեմատել ու հասկանալ։ Այսինքն, եթե 1000 բիզնեսմենից հաջողում է, ենթադրենք, 10 բիզնեսմեն, ապա 1000 աշխատանք փնտրողներից, ովքեր մասնագիտություն են սովորում, հաստատ 990-ին հաջողվում է աշխատանք գտնել ու աշխատել։

Բիզնեսով զբաղվողն ասում է, որ նախկինում վեցին վերջացնում էր աշխատանքը, գնում էր ընտանիքի հետ նստում իր տանը, կամ գնում էր մի տեղ՝ ման գալու։ Բիզնեսի ժամանակ գիշեր ցերեկը խառնվում է իրար, չկան աշխատանքային օր, աշխատանքային ժամեր, այսպիսի հասկացությունները վերանում են բիզնեսմենի համար։ Այսինքն, պետք է հասկանալ՝ արդյոք դու պատրա՞ստ ես դրան, դա քեզ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ, պատրա՞ստ ես արդյոք այդ եռուզեռին, այդ գլխացավանքին, ինտրիգներին, չքնելուն։Ես միշտ ոգևորված եմ խոսել բիզնեսի մասին, բայց մի դեպք պատմեմ, որն իմ հարազատներից մեկի հետ եղավ, որը բիզնես սկսեց ու չհաջողվեց ու բավականին մեծ պարտքեր կուտակեց իր վրա, այն դեպքում, երբ ինքը բավականին լավ մասնագիտություն ունի։ Ստիպված գնաց իր մասնագիտությամբ խոպանում աշխատելու ու բիզնես սկսելու համար կուտակած պարտքերը փակելու։ Մարդը պետք է այդ ամենը շատ լավ գնահատի ու նաև լսի կողքի խորհրդատուներին, ինչ-որ ձևերով փորձի հասկանալ, վերլուծել։ Մարդու համար դժվար է ընդունել, որ ինչ-որ բան անել չի կարող, բայց դա պետք է արվի, պետք է սառը դատել, որոշել, որ դու էսինչ բանը կարող ես անել, էսինչ բանը չես կարող անել։ Այն ժամանակ ընկերս բավական հաջող ծրագրավորող էր ինստիտուտում ու ինձ ասում էր՝ իրար հետ ծրագրավորում անենք։ Մի քանի ամիս գնալուց հետո ես հասկացա, որ չեմ կարողանում, որովհետև հիշողության խնդիր ունեմ։ Ես դա ընդունեցի և թողեցի։ Եթե համառորեն շարունակեի այդ ուղղությամբ, միգուցե անիմաստ ժամանակ կորցնեի այդտեղ։ Պետք է ճիշտ անալիզ անել` հնարավորությունների սահմաններում սիրած մասնագիտության մեջ աշխատելու, սիրած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու համար։ Որովհետև ցանկացած բիզնեսի, ցանկացած գործի մեջ կան շատ փող աշխատողներ, և դրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են իրենց գործը, ովքեր նվիրվում են դրան, ոգևորված են դա անում։ Իսկ այն մարդը, ով պարզապես փող աշխատելու համար է դա անում, կարող է՝ ինչ-որ ձևով ինչ-որ բան աշխատի, բայց մեծ հաջողությունների հասնելու համար պետք է դա հաճույքով անել։ Հաճույքով անելու դեպքում կունենաս հաջողություն։

-Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ի՞նչ դժվարություններ եք ունեցել նոր կադրեր աշխատանքի ընդունելիս։

-Կադրային լուրջ խնդիրներ կային, առավել ևս Հայաստանում։ Ասել, որ ինչ-որ մեկը ավարտել է և դիպլոմ ունի, և դա բավարար պայման է, որ ինքը մասնագետ համարվի, սխալ է։ Հատկապես, եթե ինչ-որ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ չի, խոհարարական քոլեջի դիպլոմ է։ Իրենք կարող են դիպլոմ ունենալ ու բացարձակապես մասնագետ չլինել։

Կադրերի հետ կապված խնդիրները լուծելու համար մենք մեր փոքր խոհարարական ուսումնական կենտրոնը բացեցինք, որտեղ մենք ինքներս ուսուցանում ենք աշխատակիցներին։ Այսինքն՝ սովորական տնային տնտեսուհիները երկու շաբաթ անցնում են պրակտիկա, մեր լավ խոհարարները սովորեցնում են այդ աշխատանքը, ու իրենք մտնում են աշխատանքի։ Մեր բոլոր հայտարարությունները առանձնանում են նրանով, որ հենց գրված է՝ աշխատանքային փորձ անհրաժեշտ չէ։ Վերջին ֆեյսբուքյան հայտարարության մեջ գրել էինք, որ փնտրվում է հենց անգլերենի և ռուսերենի լավ իմացությամբ, ճանապարհորդելու ցանկություն ունեցող, աշխույժ աշխատակից։ Ֆրանչիզայի վաճառքի մասնագետի հայտարարությունն էր։ Ու շատերը զանգում հարցնում էին, թե ինչ աշխատանք է, ինչ պիտի անեն։ Դե ասում եմ՝ ֆրանչիզա պետք է վաճառել, հարցնում են, թե դա ինչ է։ Գիտեմ, որ չեն իմանա՝ դա ինչ է, Հայաստանում փորձ չկա, որ ես դրա մասնագետին փնտրեմ, դրա համար պայմաններն ենք գրել։ Ճիշտ է, շատերը ոգևորվել էին, ասում էին՝ ճանապարհորդել շատ ենք սիրում, բայց անգլերեն, ռուսերեն չգիտենք, կլինի՞ գանք աշխատելու, այդպիսի դեպքեր էլ են լինում։ Ամեն դեպքում ուզում եմ ասել՝ հիմա որոշել ենք, որ էդ աշխատակցին վերցնենք ու քանի որ Եվրոպական բանկի հետ համատեղ ուսուցման ծրագրի ենք մասնակցում բավականին մեծ գումարով, այնտեղ կուսուցանենք մեր մասնագետներին հենց այդ հատկությունները և պրոֆեսիոնալիզմը, բարձրակարգ մասնագետները կգան մեզ մոտ թրեյնինգի։ Մտածել, որ Հայաստանում դու այսօր կկարողանաս բարձրակարգ մասնագետ ճարել, մի քիչ բարդ է, որովհետև լավ մասնագետները, որոնք արդեն որոշակի փորձ ունեին, ցավոք սրտի լքել են Հայաստանը։ Իսկ օրինակ, ֆրանչիզայի կամ նմանատիպ նոր մասնագիտությունների գծով ուղղակի փորձ չկա, ինչքան էլ ինչ-որ մեկը խելացի լինի, միևնույնն է՝ աշխատանքի փորձ չունի։ Այսինքն՝ դա պետք է սովորել, սովորեցնել։

-Միայն ֆրանչիզայի և խոհարարի որակավորմամբ մասնագետնե՞ր չեք գտել, թե՞ այլ որակավորումներ ունեցող մասնագետների կարիք նույնպես ունեցել եք։

-Ճիշտն ասած՝ բոլոր մասնագետների կարիքն էլ ունենք։ Ասում են՝ աշխատանք չկա Հայաստանում, իրականում աշխատանք կա, բայց նաև ասել, որ գործազուրկ չկա, դա էլ է սխալ։ Լիքը գործազուրկ կա, ուղղակի իրենք չեն համապատասխանում այն աշխատանքին ու որակավորմանը, որն անհրաժեշտ է։ Իսկ գործազուրկը չի ուզում իր վրա աշխատել, աշխատելու փոխարեն մտածում է, որ պետությունը պետք է ինչ-որ փոփոխություններ անի, այնպես անի, որ ինքը կարողանա ուղղակի նստել, աշխատել։ Ինքը չի մտածում, որ պետք է անընդհատ աշխատի, սովորի, անընդհատ սովորի։ Ու ես մի գրառում էի արել ֆեյսբուքում, որ նույնիսկ եթե ձեզ աշխատանք առաջարկեն առանց աշխատավարձի, դուք մտեք աշխատելու, եթե վստահ եք, որ դա ձեր աշխատանքն է, որովհետև դուք մի քանի ամսում կկարողանաք ապացուցել գործատուին, որ դուք պրոֆեսիոնալ եք, կկարողանաք ձեր պայմանները թելադրել։ Մի քանի հոգի գրել էին, որ ստրկատիրական մտքեր եմ հայտնում, իսկ ես ասում եմ, որ ես ոչ մեկին միտք չունեմ ստրկատիրական բաներ ասելու։ Ինքս այդ ճանապարհով եմ անցել, գործազուրկ եմ եղել։ Գործընկերոջս քեռու պահածոների գործարանում, երբ հարցրեց, թե ինչքան եմ ուզում ստանալ, ասացի՝ ինչքան կտաք, դե ինքն էլ ասաց, որ չի տա։ Մի տվեք, ասացի, դե կաշխատեմ` կնայեք, եթե բանի պիտանի եմ՝ կտաք, եթե պիտանի չեմ՝ մեկ է՝ չեք տալիս։ Ընդամենը վեց ամիս հետո ամենաբարձր աշխատավարձն իմն էր։ Մեկ տարի հետո հարց բարձրացրեցի, որ ինձ մոտիվացիա է անհրաժեշտ, ընդհանուր եկամտից տոկոս է անհրաժեշտ, որ ես մոտիվացվեմ, աշխատեմ, աշխատավարձը էլ հետաքրքիր չի։ Սեփականատերը չհամաձայնեց։ Էդ ձևով չստացվեց, ես դուրս եկա, ու լավ էր, որ դուրս եկա։ Սկսեցի իմ բիզնեսը։

-Արտ լանչը գովազդ անո՞ւմ է։

-Գովազդի տարածված կլասիկ ձևից, առհասարակ, խուսափում ենք։ Գովազդը առաջին հերթին պետք է նպատակային լինի։ Եթե գովազդենք՝ եկեք Արտ լանչ, ու Արտ լանչում նստելու տեղ չլինի, գովազը լրիվ անիմաստ կդառնա։ Գիտակցել է պետք, որ եթե ես տեղ չունեմ, ի՞նչն եմ գովազդում։ Մյուս կողմից, հետաքրքիր են մեր սոցիալական ուղղվածություն ունեցող քայլերը, որոնք ավելի լավ ու դրական արդյունք են տալիս։ Ստեղծում են մեր դրական իմիջը, մենք մեզ լավ ենք զգում, հաճախորդի պակաս չունենք։ Պարզապես գումար տալ ու հեռուստատեսությամբ գովազդ թողարկել չենք ուզում։ Հիմա գովազդի այդ ձևից շատերն են հրաժարվում, նույնիսկ՝ ոլորտի գիգանտները։ Ծրագրեր իրականացնելու, միջոցառումներ անելու միջոցով են փորձում գովազդ անել, ոչ թե փող տալ ու գովազդ սարքել։

-Իսկ որո՞նք են այդ միջոցառումները, որոնցով փոխարինել եք գովազդը։

-Նորից խոսեմ ռեստորանի ու ճաշարանի տարբերության մասին։ Ռեստորանը ունի գովազդի կարիք, որովհետև նույն մարդը այդ ռեստորանը կարող է գնալ ամիսը մեկ, երկու ամիսը մեկ։ Մեր հաճախորդների 99 տոկոսը նույնն են։ Այսինքն՝ թիրախային հաճախորդին տեսնելով՝ կարող ենք մեկ անգամ անվճար հյուրասիրություն կատարելով նրան դարձնել պոտենցիալ հաճախորդ։ Դա ավելի գրագետ է, քան մասսայական գովազդը ամբողջ Հայաստանով կամ ամբողջ ֆեյսբուքով այն դեպքում, երբ, օրինակ, կետ ենք բացել Դավթաշենում։ Տվյալ տարածքի հաճախորդը մեկ անգամ գալիս է, օգտվում, համը տեսնում է ու դառնում պոտենցիալ հաճախորդ։ Իսկ ռեստորանը, ինչքան էլ լավ ուտելիք առաջարկի, միևնույնն է, ամեն օր չես գնա։ Դրա համար էլ ռեստորանը կարիք ունի անընդհատ գովազի, անընդհատ իր անունը հիշեցնելու։ Որ հաճախորդը, ենթադրենք, երբ ուզում է ռեստորան ընտրել, հիշի իր տեսած վերջին գովազդը, լավ գովազդը ու գնա հենց այդտեղ։

Գովազդի փոխարեն մենք նաև որոշեցինք մեր մենյուն ամեն օր փոխել։ Դա երկու պրոբլեմ է լուծում՝ հաճախորդը միշտ գիտի, որ նոր բան կգտնի, և վստահ է, որ երեկվանից մնացած ուտելիքը չի ուտում։ Ինչքան էլ ասենք՝ թարմ է, եթե երկու օր հաճախորդը նույն ուտելիքը տեսնի, կմտածի, որ երեկվանից մնացածն է։

-Բիզնեսում հաջողությունների հասնելու համար ի՞նչ հատկանիշներ և հմտություններ են անհրաժեշտ ըստ Ձեզ։

-Որոշ պայմաններ կան դրա համար։ Բայց եթե այդ պայմանները «բռնում» են, դա դեռ չի նշանակում, որ դու հաջողակ բիզնեսմեն կդառնաս, և հակառակը՝ չի նշանակում, որ եթե ինչ-որ բան չկա, ուրեմն չես կարող հաջողակ բիզնեսմեն դառնալ։ Այդպիսի պայմանները շատ են՝ աշխատասիրություն, պարտաճանաչություն, խելացի լինել, կազմակերպչական ձիրք, լավ սովորել, ստանդարտ կետեր շատ կան։ Բայց երբ նայում ես հաջողակ բիզնեսմենների կենսագրությունը (շատերինն եմ ուսումնասիրել, ինձ հետաքրքիր է եղել միշտ), նրանք բոլորը այս ոսկե կանոններից անպայման շեղվում են ու այդ շեղումների շնորհիվ են հաջողության հասնում։ Ոսկե կանոնները պահելը դեռ չի նշանակում, որ հաջողակ կդառնաս, ասեմ ավելին՝ կարող է նշանակել, որ դու հաջողակ չես դառնա։ Դպրոցում մեկը անգիր պատրաստում, հինգեր էր ստանում, ու կար մեկը, ով ալարում էր անգիրը սովորել, մի բան ասում էր դրա տեղը, մի բան ստանում էր, մի ձև ինքը ավարտում էր։ Այսինքն՝ որոշել, որ ինքը ավելի վատ մասնագետ կդառնա, քան թե բոլոր առարկաներից հինգ ստացողը, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև ոնց որ Գեյթսն էր ասել․ «Ես իմ ամենաբարդ աշխատանքը տալիս եմ ամենածույլ աշխատակցին, որովհետև ինքը գտնում է լավագույն միջոցը, թե ինչպես կարելի է այդ հարցը խելքով լուծել»։ Իրական դեպքերից էլ մի օրինակ բերեմ, որտեղ մի մեծ գործարան բավականին շատ աշխատակից է պահում ու հյութերի լցման մաս է ունենում, թղթե տուփերի մեջ հյութեր են լցնում։ Բայց կարող է մի քանի հարյուր հատը կամ հիսուն հատը մեկ խոտան լինել, չլցվել։ Կանգնած է աշխատակից, որը հատ-հատ պետք է դրանք ստուգի, դատակը գցի մի կողմ, որ նորից լցվի, գա։ Աշխատակիցներից մեկը ծույլ է լինում, մեկ երկու օր նույն գործողությունն անելուց հետո պտտվող օդափոխիչը բերում դնում է, ու որ տուփը թեթև է լինում, շպրտվում է մի կողմ։ Այսինքն՝ ծույլ մարդն իր գործը հեշտացնելու համար ամբողջ արտադրական պրոցեսին լուրջ հաջողություն է բերում․ այդքան մարդու փոխարեն սարքը դրած պտտվում է։ Այսպիսի հետաքրքիր դեպքեր կան։ Իրական կյանքը, ինչպես ասում են, գրված կանոններից տարբերվում է։

-Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ուզում են զբաղվել բիզնեսով։

-Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ բիզնեսը պետք է սկսվի հայրենիքում։ Հիմա կարծում եմ՝ հնարավորությունները ավելի շատ են, քան առաջ։ Վերցնենք հենց մեր դեպքը 2002 թվականին։ Երբ նոր էինք սկսում, սովորական ինտերնետին միանալը, մի նկար քաշելը, ինչ-որ բան սովորելը 3 ժամ էր տևում, շատ բարդ էր։ Այսօրվա տեխնոլոգիաներով անհամեմատ հեշտացել է բիզնես սկսելը։ Առավել ևս, մրցակիցների մասին ինֆորմացիան բաց է։ Իսկ ես ինչո՞ւ ներսի շուկայի մրցակիցներին չեմ ուսումնասիրել։ Որովհետև այդ հետաքրքիր մրցակիցը չկա։ Միշտ գնում ենք դուրս՝ այնտեղից հետաքրքիր գաղափարներ բերելու։ Լավագույն տարբերակը դա է, ու հեշտ է իրականացնելը։ Մոտ տասը տարի առաջ, երբ շրջում էինք Եվրոպայում, Իտալիայում տեսնում էինք փոքրիկ ռեստորաններ, փոքր, քիչ սեղաններով։ Իսկ Հայաստանում այդ ժամանակ ինտենսիվ կերպով կառուցվում էին մեծ սրահներով ռեստորաններ։ Հետո, ով առաջինը Հայաստան բերեց Եվրոպայում արդեն շատ վաղուց տարածված այդ փոքրիկ ռեստորանները, մեծ հաջողության հասավ։ Օրինակն էլ հենց Սարյան փողոցի ու Կասկադի փոքր ռեստորաններն են։ Ուզում եմ ասել, որ հիմա Հայաստանում բիզնես սկսելու համար բավական է դրսում արդեն առկա լավ գաղափարները վերցնել ու անել այստեղ։ Երբեմն թվում է, թե արտասահմանում հնարավորությունները ավելի շատ են, բայց իրականում հակառակն է։ Հայաստանում բիզնես սկսելու դեպքում կա տեղ, որտեղից կարող ես սովորել, կա տեղ, որը այստեղից՝ Հայաստանից, առաջ է։ Իսկ Եվրոպայում բիզնես անողներից շատ օրինակներ գիտեմ, որ հաջողության չեն հասել, որովհետև սովոր չեն այնտեղի մրցակցությանը, այնտեղի տեխնոլոգիաներին։ Փորձեցին այստեղի տեխնոլոգիաներով գնալ դուրս, այնտեղ կիրառել, ինչն էլ չստացվեց։ Իսկ Հայաստանում շատ հեշտ է նայել, թե աշխարհում ինչ նոր տենդենցներ կան, որոնք շուտով այստեղ դառնալու են պոպուլյար։ Առաջինը, ով սկսում է բիզնեսը, նա էլ շահում է։ Այլ խնդիր է` ճիշտ սկսելը ու չհիասթափվելը։ Բիզնեսմենը պետք է ունենա երեք շատ կարևոր հատկություն՝ չհիասթափվելու, չնեղվելու, չփոշմանելու։ Այս երեքը բիզնես կատեգորիաներ չեն։ Եթե դրանցից որևէ մեկը ունեք, ավելի լավ է՝ ուրիշի մոտ աշխատեք, որովհետև եթե ինչ-որ բանից նեղվեք, մի տեղից դուրս կգաք, ուրիշ տեղ կաշխատեք։ Իսկ բիզնեսում ումի՞ց նեղանաս, քո բիզնեսն է։ Ուրեմն դու ինքդ պետք է աշխատես քո վրա, քո բիզնեսի վրա, որ էլ էդպես չլինի։

-Ի՞նչ հետագա պլաններ, զարգացման նոր ուղիներ ունեք։

-Առաջնային նպատակը այսօր ֆրանչիզան է։ Դրա կարևորությունը շատ մեծ է ոչ միայն մեզ համար՝ որպես կազմակերպություն, այլ նաև հայ իրականության համար։ Շվեյցարիայի նման փոքր երկիրը ունի երեք հարյուրից ավելի բրենդ, որոնք ֆրանչայզինգ են անում։ Դրանք մեծ գումարներ են։ Եթե դիտարկենք Ամերիկայի ֆրանչիզա վաճառող բրենդներին, դրանք մի օրում Հայաստանի բյուջեի չափ եկամուտ են բերում իրենց երկրին։ Հետևաբար, երկրի համար էլ շատ լավ կլինի, եթե կարողանանք Արտ լանչի ֆրանչիզայի վաճառք իրականացնել ու հաջողության հասնել, որովհետև դրսում մրցակցությունը շատ մեծ է։ Այն, որ մենք Արտ լանչ բացեցինք նաև արտասահմանում, այն բանի համար չէր, որ մենք ուզում էինք անպայման շահույթ ունենալ նաև այդ երկրից։ Ընտրել ենք իրարից հեռու տարբեր անկյուններ՝ Դուբայ, Ալմաթի, Վրաստան, որպեսզի կարողանանք դրսի մրցակցությանը դիմանալ, որը ուժեղ է, չի գործում այնպես, ինչպես Հայաստանում։ Այնտեղ պետք է քո ուժեղ մարքեթինգը ունենաս, ուժեղ թիմ, լավ մտածված քայլեր, կրեատիվ մտածողություն։ Այլապես ուժեղ մրցակիցները քեզ հում-հում կուտեն։

-Հայաստանում ի՞նչ մրցակիցներ ունի Արտ լանչը։

-Հայաստանում միշտ ուրախ եմ լինում, երբ իմանում եմ, որ ինչ-որ նոր ճաշարան է բացվել։ Ուրախ կլինեմ տեսնել իրական մրցակցություն։ Որովհետև ես ուզում ես դուրս գնալ։ Եթե չկարողանամ Հայաստանի լավ մրցակցությանը դիմակայել, էլ ինչպե՞ս դա կանեմ դրսում։ Մրցակցությունը լավագույն միջոցն է միշտ զգոն լինելու, միշտ առաջ գնալու։ Ցավով պետք է նշեմ, որ մրցակիցների 99 տոկոսը կրկնօրինակում է, ինչը լավ չէ, երբեք հաջողություն չի ունենա։ Մենք դա երբեք չենք արել, որովհետև մինչև մրցակիցը վերցնում է մեզնից նույնությամբ ամբողջը, մինչև սկսում է անել, մենք արդեն մի քայլ առաջ ենք։ Իրենք նորից մի քայլ հետ են մնում ու զարմանում են, թե ինչու են փակվում, իսկ մենք շարունակում ենք աշխատել։ Այդ «ինչու չի ստացվումների» պատասխանը հենց դա է՝ որովհետև գալիս, մեզ եք նայում։ Մենք երբեք Հայաստանում չենք նայել ուրիշին, այդ ուրիշը չի էլ եղել։ Իրականում, լավ կլինի, որ լինի, մենք էլ գնանք, փորձենք ուսումնասիրել, որոշ բաներ սովորել։ Մրցակից ասելով՝ նկատի ունեմ իրական մրցակիցներին, որոնք գաղափարներով են քեզ հետ մրցակցում, ծառայությունների մատուցման ձևով են մրցակցում։ Այդպիսի մրցակցի առկայության դեպքում դու զարգանում ես, առաջ ես գնում, որովհետև դու տեսնում ես։ Էմիրաթներում մենք այդ փորձը ունեցանք, ու այդ փորձը հենց դրանով էր լավ, որ մենք անընդհատ նայում էինք՝ կողքինները, առաջատարները ինչ են անում, ինչպես են հաճախորդին կանչում։ Մենք փորձեցինք մեր մարքեթինգային քայլերը այնտեղ անել, բայց պարզվեց, որ այն ամենը, ինչը Հայաստանում գործում է, այնտեղ ռադիկալ ուրիշ է, չի գործում։ Հայաստանում, երբ Արտ լանչ ենք բացում, ամենաշատը երեք օր հետո արդեն բոլորը գիտեն դրա մասին, որովհետև երբ մի հաճախորդ այսօր մեզ մոտ ճաշում է, վաղը արդեն գալիս է իր ընկերների հետ։ Իսկ այնտեղ մի մարդը մեզ մոտ մեկ ամսից ավելի ճաշում էր, իր կողքի նստածը չէր իմանում մեր մասին, նա չէր կիսվում։ Մենթալիտետի տարբերությունները, սովորույթները բիզնեսի զարգացման լրիվ տարբեր ուղիների մշակում են պահանջում։ Ճիշտ մրցակից ունենալու դեպքում էլ դու անընդհատ խորանում ես այդ ուղիների մեջ, ավելի հզոր ես դառնում, հնարավորություն ես ունենում իրական մրցակիցների դեմ պայքարելու, որովհետև երբ դուրս գաս, մրցակիցներդ լինելու են այնպիսի գիգանտներ՝ KFC-ն, McDonald’s-ը, որոնց մի ժամվա բյուջեն մեր մեկ տարվա բյուջեի չափ է։ Դրա համար պետք է լինել ավելի ճկուն, կրեատիվ, որպեսզի կարողանանք նման գիգանտների հետ մրցել ու հաղթել։

-Զարգացման ուրիշ ոլորտ փնտրո՞ւմ եք։

-Հաճախ թվում է, թե ռեստորանային ու ճաշարանային ոլորտը նույնն է։ Այնքան շատ է թվում, թե նույնն է, որ նույնիսկ վիճակագրական վերլուծությունները նույն ձևով է անում վիճվարչությունը, նույն դասակարգման մեջ ենք։ Իրականում ռեստորանն ու ճաշարանը ամբողջովին տարբեր բաներ են։ Մեզ համար ավելի հեշտ կլինի գյուղատնտեսությամբ զբաղվել, քան թե ռեստորանային բիզնեսով։ Ֆերման ու ճաշարանը իրար ավելի մոտ են, քան ճաշարանն ու ռեստորանը։ Սա չգիտակցելով՝ շատ ռեստորանատերեր փորձում են ճաշարանային բիզնես անել ու կրում են մեծ վնասներ։ Իսկ մենք, դա գիտակցելով, չենք վերցնում ռեստորանային բիզնես, քանի որ դա լրիվ ուրիշ ուղղվածություն ունի։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը

50120753_605435963231093_1755291544044175360_n

Անիմատորները գաղափարական մարդիկ են, ողորմություն չեն ընդունում

50644024_2299669560310579_450600635524448256_nՄեր հյուրն է ռեժիսոր-անիմատոր Նաիրա Մուրադյանը

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ անիմատոր:

-Որովհետև նույնիսկ չեմ հիշում երբվանից` նկարում էի: Ծնողներս էլ նկարիչներ էին, ու ես չեմ զգացել, երբ եմ սկսել նկարել, միշտ նկարել եմ: Իսկ մուլտեր, երևի բոլոր երեխաներն էլ սիրում են, ու ես հասկացա, որ անիմացիան այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել: Ծնողներս լուրջ նկարիչներ էին, ու ինձ թվում էր, որ ես չեմ կարող այդպիսինը դառնալ, ու ընտրեցի իմ ուղին՝ որպես անիմատոր: Նաև սիրում էի պատմություններ հնարել: Այդ եկուսն էլ կարևոր են անիմատոր դառնալու համար:

-Որտե՞ղ եք սովորել անիմացիա:

-Անիմացիա սովորել եմ «Մուլտ ցեխ»-ում` Հայֆիլմում: Այն ժամանակ ինստիտուներում չկային առանձին բաժիններ, չկային անիմացիոն խմբակներ: Ավելի շատ խմբերով էին աշխատում, ու գալիս էին նոր մարդիկ, միամում խմբին և սկսում ամենապարզ բաներից: Այդ պարզ բաներից է ներկելը: Այն ժամանակ մուլտիպլիկատից հետո թղթի վրա գծվում էր ուրվագիծը` կոնտուրը, ու դա կատարվում էր անիմատորի կողմից: Գունավորողներն էլ ներկում էին այդ դետալները:50048225_530666694078768_5736916245379284992_n

-Ինչի՞ց է սկսում անիմացիան:

-Անիմացիան սկսվում է պատմությունից: Ինչ-որ մեկին հետաքրքրում է մի թեմա, ու ինքը որոշում է դրա հիման վրա մուլտ նկարել: Ենթադրենք կարդում ես գիրքը և մտածում, թե կարդացածը ինչպես ցույց տալ: Եթե դու ինքդ նկարիչ չես, դու մտածում ես սցենարը ու որոշում նկարելու ոճը. գունեղ ես ուզում, թե գրաֆիկա, դրա հիման վրա էլ, եթե դու ինքդ նկարիչ չես, այլ ռեժիսոր, ընտրում ես քեզ նկարիչ: Նկարչին ցույց ես տալիս որոշ նկարներ, ֆոտոներ,  այսպես ասած, նկարչին «հավեսի ես գցում»: Դրա հիման վրա նկարիչը անում է էսքիզներ: Էսքիզները մի քանի նկարներ են, որոնց վրա պատկերված են հերոսները, տան ձևավորումը և այլն: Եթե ռեժիսորը հավանում է այդ կերպարները, ապա այդ նկարները տալիս է մուլտիպլիկատորին: Մուլտիպլիկատորը շարժում է դրանք: Այսինքն, մուլտիպլիկատորը, ինչ որ իմաստով, և նկարիչ է, և դերասան: Այդ հերոսներին նայելով, նա արդեն պատկերացնում է` հերոսը արագաշարժ է, թե դանդաղաշարժ, ինչ շարժումներն են նրան հատուկ և այլն: Եթե նկարած ֆիլմ է, ինչպես Դիսնեյի, կամ նկարած ռուսական հին մուլտֆիլմերի դեպքում, այսինքն, լավ նկարած պլաստիկ շարժման դեպքում, մուլտիպլիկատորից հետո սկսում է աշխատել «ֆազովչիկը»` փուլավորողը, ով մուլտիպլիկատորի արած հիմնական շարժումների միջև նկարում է մի քանի լրացնող կադրեր: Օրինակ` մարդը կանգնած է և հետո նստեց, այդ կադրերի միջև կան միջանկյալ հինգից յոթ այլ կադրեր, որոնք նկարում է փուլավորողը: Նա թղթի վրայից նկարն անցկացնում է ցելոիդի` թափանցիկ ժապավենի վրա: Հատուկ ներկերի և գրիչների օգնությամբ նկարում է ուրվագիծը: Հետո ուրվագծի հիման վրա նկարում են լրացնող կադրերի ուրվագծերը` «ֆազովկաները»: Նկարիչը որոշում է փուլերի գույները և ուղարկում գունավորողներին:

-Անիմացիոն ի՞նչ տեխնիկաներ կան:

-Շատ են: Նկարածից բացի կա օրինակ, «պերեկլադկայի» տեխնիկա, երբ դետալներով են աշխատում` գլուխը առանձին, թաթիկները առանձին և այլն:  Այդ տեխնիկայով աշխատում է Նորշտեյնը: Դա իմ սիրած ձևն է, ուղղակի ես նույնը անում եմ համակարգիչով: Կա նաև տիկնիկային տեխնիկան, երբ դարձյալ կադր առ կադր շարժում են տիկնիկները և նկարում: Հիմա ամբողջ աշխարհը 3D-ով է անում, և հատուկենտ մարդիկ են, որ կարողանում են հասնել այնպիսի որակի, որ մուլտը ստացվի կենդանի, ոչ թե մահացած մարմիններ լինեն:

Կա նաև անիմացիա ավազով: Այն շատ հետաքրքիր է, ու կատարվում է ապակու վրա: Նաև յուղամատիտներով են անում, ածուխով, այն ամենով, ինչով հնարավոր է նկարել, ու շարժել, ցանկացած բանով կարելի է: Նույնիսկ աղով, խոհանոցում ինչ կա` կարող եք օգտագործել: Օրինակ՝ Նատալյա Միրզոյանը արել էր տարբեր թեյի խոտիկներով, բայց photoshop-ով ներկում էր:50626146_234314490832564_2148662315875041280_n

-Ե՞րբ եք նկարել ձեր առաջին ֆիլմը:

-Որպես ռեժիսոր իմ առաջին մուլտը նկարել եմ «Շողակաթ» հեռուստաընկերությունում 2000 թվականին, երբ արդեն շատ մեծ էի: Միշտ աշխատել եմ ուրիշի մոտ: Ամուսնուս` Յուբիկ Մուրադյանի մոտ նկարիչ եմ եղել: Դե այն տարիներին, երբ լույս չկար, շատ ռեժիսորներ «կորցրեցին» իրենց, չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է անիմացիա անել, եթե լույս չկա: Նաև համակարգչին չէին տիրապետում, իսկ ես շատ շուտ սովորեցի համակարգչով աշխատել և «Շողակաթ» հեռուստաընկերությունում շարք սկսեցի հայկական պոեզիայի հիման վրա… Հին ձայներ վերցրեցի ռադիոյից, օրինակ՝ Վահրամ Փափազյանն է կարդում, Հրաչյա Ներսիսյանը: Չարենց, Դուրյան, Սևակ, Լևոն Շանթ և այդպես յոթ ֆիլմ: Պոեզիայով եմ սկսել անիմացիան:

-Պոեզիա նկարելը Ձե՞ր միտքն էր:

-Այո, ես առաջարկեցի: Հավանեցին, բայց ես դեռ այդքան էլ չէի հասկանում համակարգչից, ու թղթերի վրա նկարում ու կտրտում էի: Չէի մտածել, որ կարելի է ուղղակի սքանավորել նկարները: Գրքերից, ամսագրերից կտրտում էի նկարները, քանի որ այդ անիմացիան կոլաժային էր: Անփորձությունից գրքերից տրտում էի կերպարները ու սքանավորում, այնինչ կարելի էր դա անել առանց կտրտելու: Այդպես մեկի հետ էի անում անիմացիան, հետո սկսեցի մենակ աշխատել: Շատ դժվար է մենակ աշխատել, բայց եթե գիտես անել, ավելի լավ է ինքդ անես: Ինքնուրույն սկսեցի աշխատել «Ճանապարհ» ֆիլմի վրա:

-Իսկ ինչո՞ւ է ավելի լավ մենակ աշխատելը:

-Մի կողմից լավ չէ, քանի որ քեզ «խղճում» ես ու բարդ բաներ չես անում: Իսկ հակառակ դեպքում, պետք է բացատրես, թե դու ինչ ես զգում, ինչ ես ուզում, իսկ դա այդքան էլ հեշտ չէ: Եթե մի բան անում է գործընկերդ, ու քեզ դուր չի գալիս, դժվար է նրան դա ասելը, իսկ ինքդ քեզ կարող ես:49914743_392205041346136_5812150199660838912_n

-Ձեր սիրած անիմատորը ո՞վ է:

-Խիտրուկը («Վիննի Թուխը», «Բոնիֆացիուսի արձակուրդները»), Միաձակին («Ուրվականներից քշվածները», «Քայլող ամրոցը»): Իհարկե նաև Նորշտեյնը («Ոզնին մշուշի մեջ»), ով չտեսնված ռեժիսոր է: Որպես չափանիշ այս երեքն են, որոնց կողքին դեռ ոչ ոք չկա կանգնած:

-Մեկ մուլտով մարդը կարո՞ղ է համարվել անիմատոր:

-Այո, իհարկե, եթե ֆիլմը լավն է: Օրինակ՝ Խիտրուկը 36 տարեկան էր, երբ նկարեց իր առաջին մուլտը՝  «Մի ոճրագործության պատմություն» ու դրանով նա դարձավ ամենահայտնի ռեժիսորներից մեկը: Մինչ այդ նա երկար տարիներ աշխ Ատամանովի և այլոց մոտ որպես մուլտիպլիկատոր: Հետո մեկնել է ռազմաճակատ և պատերազմից հետո դարձյալ զբաղվել է մուլտով: Խորհուրդ կտամ, որ կարդաք նրա գիրքը` «Մասնագիտությունը` անիմատոր»: Կարդացեք նաև Նորշտեյնի գիրքը` «Ձյունը խոտի վրա»:

-Ի՞նչ անձնային հատկանիշներ և մասնագիտական հմտություններ են պետք անիմատոր դառնալու համար:

-Շատ տարբեր են անիմատորները, և չես կարող ասել, թե այս որակը ունես, ուրեմն, վերջ, դու անիմատոր ես:  Կարևորը՝  նստելն է, նստելն ու գործ անելը: Խիտրուկը մի խոսք ուներ` անիմատորի չուգունե հետույքը…

Ընդհանրապես անիմատորները գաղափարական մարդիկ են, ողորմություն չեն ընդունում:

-Իսկ ի՞նչ ազդեցություն են ունենում փառատոները մուլտիպլիկացիայի զարգացման վրա:

-Փառատոն ունենալը քաղաքում շատ կարևոր բան է: Ոչ միայն ֆիլմեր նայելն է կարևոր, այլև մարդկանց հետ շփվելը: Օրինակ, ինձ շատ է դուր գալիս «Կրոկ» փառատոնը, երբ տասներկու օր նավի վրա հավաքվում են անիմատորները, և նավի անձնակազմից բացի ուրիշ մարդ չկա:

-Ըստ Ձեզ, որո՞նք են աշխարհի լավագույն անիմացիոն ստուդիաները:

-Հիմա ստուդիա հասկացությունն ձևափոխվել է: Առաջ անիմատորները հավաքվում էին խմբով ու անում իրենց աշխատանքը: Իսկ հիմա որտեղ որ էժան է մուլտի այս կամ այն պրոցեսը, ուղարկում են այնտեղ: Օրինակ` Չինաստանում անում են գունավորումը: Խմբային հասկացությունը կամաց-կամաց կորչում է, դառնում է արտադրություն: Իսկ հեղինակային ֆիլմերի դեպքում հավաքվում են մի քանի հոգի` նախկին խմբի ձևաչափով:

Բժիշկ Համբարձումյանները

Ընտանիքում երեք տղա են և մեկ քույր. Անուշը ավագն է, հետո Կարենն է (1983թ), Դավիթը (1985թ) և Խաչիկը (1991թ): Նրանք սովորել են Մ.Հերացու անվան ՊԲՀ-ում և հիմա աշխատում են:

Բժիշկ Կարենը և Խաչիկը ընտրեցին սրտաբանությունը, հիմա աշխատում են Գորիսի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնում:

Իսկ Դավիթն ընտրեց գինեկոլոգիան, աշխատում է Էրեբունի բժշկակական կենտրոնում:

Ես զրույց ունեցա նրանց մայրիկի` տիկին Հասմիկի հետ.

-Կարենը մանկո՞ւց է երազել դառնալ բժիշկ: Եվ ի՞նչ դժվարություններ է ունեցել մինչ համալսարան ընդունվելը:

-Կարենը 2-րդ դասարանում էր, երբ որոշեց դառնալ բժիշկ: Իսկ ինչ վերաբերվում է դժվարությանը. մենք գումար չունեինք, որ մասնավոր պարապեր ընդունելության համար: Բայց նա նպատակ դրեց. դպրոցը ավարտելով ոսկյա մեդալով, իր ուժերով ընդունվեց համալսարան:

-Ինչպիսի՞ն է եղել Դավիթը փոքր ժամանակ:

-Նա շատ հետաքրքրասեր էր: Ամեն քայլափոխի հարց էր տալիս, ամեն ինչ պետք է իմանար, նաև շատ խիզախ պատանի էր: Դպրոցում սովորում էր գերազանց և հիմա նույն ոգով դաստիարակում է իր բալիկներին:

-Ինչպե՞ս Խաչիկը որոշեց դառնալ սրտաբան:

-Խաչիկը այնպիսի մասնագիտություն էր ուզում, որ մարդկանց օգնի: Նրա եղբայրները շատ գոհ էին իրենց ընտրած մասնագիտությունից, դրա համար Խաչիկն էլ որոշեց դառնալ բժիշկ:

Տիկին Հասմիկը հպարտությամբ պատմում է իր զավակների մասին: Ահա այսպիսի ընտանիքներն են իմ և շատերի համար նմանվելու օրինակ:

«Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմը

 Հարցազրույց «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի հեղինակ- ռեժիսոր Գոռ Ղազարյանի հետ

-Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմը։ 

-Տիգրան Մեծի և Հալեյի գիսաստղի միջև եղած կապի մասին առաջին անգամ տեղեկացա պատմաբան Արտակ Մովսիսյանի հեղինակային «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» փաստագրական ֆիլմից, որտեղ հեղինակը հակիրճ անդրադարձել էր այդ իրադարձությանը։

Զինվորական ծառայությանս վերջին շրջանում, երբ պատրաստվում էի «Հանուն Հայրենիքի» ամսաթերթում գրել հերթական գիտական հոդվածը, որոշեցի անդրադառնալ Տիգրան Մեծի գիսաստղին, քանի որ մեր կարծիքով, այն շատ ուշագրավ իրողություն է, որը արժանի է հասու լինել նախևառաջ հայ ազգի, ապա նաև օտարազգի ուսումնասիրողների լայն շրջանակներին։ Հարցրի պարոն Մովսիսյանից, ով որոշակի տեղեկություններից հետո ինձ ուղարկեց այս հարցը լուսաբանող մասնագետների՝ դրամագետ- պատմաբան Ռուբեն Վարդանյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հոդվածը, որը համացանցում տեղադրված էր միայն անգլերենով։

Ուսումնասիրելով վեջիններիս հոդվածը գիսաստղերի մասին, տիեզերագիտական նյութերը, ինչպես նաև Տիգրան Մեծի ռազմաքաղաքական հաջողությունները՝ պատրաստեցի հոդված, որը «Հանուն Հայրենիքի» ամսաթերթում տպվեց «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» վերնագրով։ Պետք է ասեմ, որ հենց հոդվածի աննախադեպ տարածումը նպաստեց այն ֆիլմ դարձնելու գաղափարի առաջացմանը։

-Ինչո՞վ է տարբերվում ձեր հոդվածը կամ ֆիլմը վերոնշյալ անդրադարձներից։

-Ռ. Վարդանյանը և Վ.Գուրզադյանը փաստել են՝ Տիգրանի դրամների վրա իսկապես Հալեյի գիսաստղն է, իսկ Ա.Մովսիսյանը իր ֆիմում իրազեկել է այդ մասին։ Մեր ֆիլմում մենք փորձել ենք տալ այդ իրողության գիտական բացատրությունը, մասնավորապես Տիգրան Մեծի հաջողությունների և գիսաստղի հայտնվելու կապի մասին։ Բացի այն, որ Հայոց երկնակամարում գիսաստղի հայտնվելը ընկալվել է Տիգրան Մեծի հաջողությունների երկնային նախանշան, ունի նաև իր գիտական հիմքերը։

-Ֆիլմը ինչպե՞ս ընդունվեց հանրության կողմից, և ինչպիսի արձագանքներ եղան։

-Ֆիլմը հիմնականում դրական ընդունվեց։ Չնայած Տիգրանի գիսաստղի մասին իրողությունը վերոնշյալ ուսումնասիրողների կողմից հաստատվել է 2005թ.-ին, սակայն հայոց մեջ առավելապես տարածվեց մեր հեղինակային ֆիլմի միջոցով, դրա մասին են վկայում նաև համացանցում բազմաքանակ դիտումները։ Ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց տեղեկացա, որ մի շարք դպրոցի տնօրեններ, նաև մասնագետ -ուսուցիչներ դպրոցներում կազմակերպել են ֆիլմի ցուցադրություններ։ Տիգրան Մեծի գիսաստղին անրադարձել է նաև գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը իր «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» գրքում։ Այս ամենը միաբերան վկայում են այն մասին, որ այս փաստը առաջիկայում մեծ ճանաչում կվայելի՝ մտնելով տարբեր ոլորտներ՝ գեղարվեստական գրականություն, պատմագրություն, կերպարվեստ և այլն։

Այստեղ պետք է խոսեմ նաև քննադատությունների մասին: Ոմանք առարկեցին՝ Վերջինյան աստղն է Տիգրանի դրամներին, բացատրեցինք, որ Վերջինյան աստղը իրապես պատկերված է Տիգրանի դրամների վրա, բայց այստեղ խոսքը ոչ թե առավել տարածված դրամների մասին է, որտեղ Տիգրանը պատկերված է «ավանդական» թագով, այլ դրամների համեմատաբար քիչ քանակության մասին, որոնք տարբերվում են իրենց պատկերագրությամբ։ Տիգրանի թագին ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղ է գտել գիսավոր աստղը։ Որոշներն էլ պնդում էին, իբր թե այն դրամահատարանի թույլ տված սխալ է՝ մոռանալով իհարկե, թե ինչպես կարող էին տարբեր դրամահատարաններ, տարբեր ժամանակաշրջաններում միևնույն սխալը թույլ տալ, և որ ամենակարևորն է, ինչպես կարող էին այդ «թերի» դրամները շրջանառվել փառահեղ արքայի կառավարման ժամանակաշրջանում։

-Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք այդ ընթացքում։

-Բոլոր դժվարությունները հեշտ հաղթահարելի են, եթե շրջապատված ես հայրենասեր մարդկանցով, որոնց մեջ պետք է նշեմ Մերի Ստեփանյանին, ով առաջարկեց և անշահախնդրորեն կատարեց ֆիլմի սցենարի ռուսերեն և անգլերեն թարգմանությունները։ Ֆիլմի տարբեր լեզուներով թարգմանությունը միտում ունի օտարների շրջանում մեծացնել հայագիտական նյութերի հանրամատչելիությունը, ինչպես նաև լրացնել այն կռվանների շարքը ընդդեմ պատմության կեղծարարների, առավելապես Ադրբեջանի։

-Արդյո՞ք սա Ձեր առաջին աշխատանքն է այս ոլորտում, եթե ոչ, ապա հակիրճ պատմեք մյուսների մասին։

-Հայագիտական ֆիլմեր սկսել եմ պատրաստել տասնվեց տարեկանից։ Առաջին աշխատանքս «Ես մարդասպան չեմ» փաստագեղարվեստական ֆիլմն էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հիմքում ուներ հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ձեռամբ եղեռնագործ Թալեաթի սպանության դրվագը։ Այդ ֆիլմը ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից ճանաչվեց ուսումնաօժանդակ նյութ։ Նկարահանել ենք նաև «Այլոց աչքերով» կարճամետրաժ գեղարվեստական համր ֆիլմը, ինչպես նաև «Սովորենք պատմությունից» հաղորդաշարը, որտեղ անդրադարձել ենք հայոց պատմագրության մեջ ըստ արժանավույն չգնահատված նշանավոր գործիչների։

-Ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, որոշ ֆիլմերում նաև օպերատոր։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ։

-Ֆիլմերը պատմագիտական են: Իմ մասնագիտությանը համապատասխանում է միայն ֆիլմի հեղինակ լինելը։ Մնացածը յուրացրել եմ ինքնուս։ Իրականում բոլորն էլ հոգեհարազատ են։ Պատմության հանդեպ սերը և վերջինիս չափազանց կարևոր նշանակության գիտակցումը իմ մեջ իհայտ է եկել դեռ մանկությունից: Երբեք պատմությանը չեմ վերաբերվել իբրև մասնագիտություն։ Պատմության կարևորությունը ընդգծեմ Նժդեհի խոսքերով. «Սիրով և երկյուղած մոտեցիր ազգային պատմությանը, և մի՛ մոռացիր, որ ցեղի հոգին ճանաչելու համար բավական չէ միայն ուսումնասիրել նրա պատմությունը, պետք է վերապրել այն»։ Ռեժիսորի համար ասեմ, որ փոքր հասակից սիրել եմ կինոաշխարհը և միշտ մտածել եմ` ինչու մենք ֆիլմերով այնպես գեղեցիկ չենք ներկայացնում մեր պատմության փառահեղ և էպիկական էջերը։

Ստեղծագործելիս միշտ փորձում եմ պահել շատ կարևոր պատվիրաններից մեկը. «Մի՛ ավելացրու աշխահի աղբը»։ Այսինքն, քո ստեղծագործության չգոյությունը ավելի օգտակար չպիտի լինի բնությանը, քան գոյությունը։ Այստեղ պետք է նշել, որ ֆիլմերը երբևէ չեն ունեցել որևէ հովանավոր և ստեղծվել են առանց զգալի նյութական միջոցների՝ հեղինակի նախաձեռնությամբ։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ֆիլմերում մի շարք գործառույթներ վերցրել ենք մեզ վրա։ Ինձ է պատկանում նաև ֆիլմերի համակարգչային մոնտաժը, որոշակի անիմացիաներ և գրաֆիկական աշխատանքներ։ Այս ամենը բնականաբար պրոֆեսիոնալ անձնակազմ չունենալու պատճառով է։ Օրինակ, «Ես մարդասպան չեմ» ֆիլմում տեքստը կարդում էի ես, իսկ «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմում ցանկություն հայտնեց Մարիամ Գևորգյանը։

-Ի՞նչ նշանակություն ունեն այս և նմանատիպ այլ ֆիլմերը։

-Տարիներ առաջ, երբ դեռ նոր էի սովորել օգտվել համացանցից, դեռ չգիտեի հայոց պատմության թեմաներով ինչ ֆիլմեր ունենք, և որոշեցի փնտրել։ Սկսեցի ինձ համար ավելի նախընտրելի թեմաներից` Պապ թագավոր, Արտաշես 1-ին։ Ոչինչ չգտա։ Մտածեցի՝ որոնեմ Տիգրան Մեծի մասին տեղեկություններ, ի վերջո մեր ամենաճանաչված արքան է, իր մասին մի բան գոնե պետք է լինի: Ցավոք գտա միայն Արտակ Մովսիսյանի փաստագրական ֆիլմը։ Այդ պահից նպատակադրվեցի հայոց պատմության թեմաներով ֆիլմեր պատրաստել, սկզբում վավերագրական, իսկ հետագայում, նյութական միջոցներ ունենալու դեպքում, նաև գեղարվեստական։ Բարեբախտաբար մենք հայոց պատմության մեջ ունենք այնպիսի առասպելական իրադարձություններ, որոնց մասին կարելի է հոլիվուդյան մակարդակի ֆիլմեր նկարահանել:

-Կա՞ն կինոաշխարհում այնպիսի ռեժիսորներ, որոնց կցանկանք նմանվել։

-Ինձ համար համաշխարհային կինեմատոգրաֆիայի գագաթը Սերգեյ Փարջանովն է, իսկ նրա ֆիլմերից «Նռան գույնը», որն ինձ համար դեռ շաունակում է մնալ առեղծվածային, և ես շարունակում եմ այն բացահայտել։ Նմանվել ինչ-որ մեկին, երբևէ չեմ ցանկանա, բայց նաև չպետք է թաքցնեմ, որ իմ ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Հենրիկ Մալյանը, Մոկո Հակոբյանը, Ներսես Հովհաննիսյանը և այլք:

-Ի՞նչ ծրագրեր կան կապված 2019 թվականի հետ։

-2019թ.-ին շարունակելու ենք «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի թարգմանությունները այլ լեզուներով (ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն), ինչպես նաև նախապատրաստվում ենք նկարահանել վավերագրական ֆիլմ Գառնիի ճակատամարտի առեղծվածի մասին և խոհափիլիսոփայական ֆիլմ «Խենթի» մասին։ Ծրագրերը հիմնականում կախված են նյութական միջոցներից, իսկ մենք նպատակ ունենք նկարահանել հայոց պատմության թեմաներով գեղարվեստական ֆիլմեր։

Չես կարող անընդհատ զարգացող ոլորտում տեղում կանգնած մնալ…

Զրույց երիտասարդ ծրագրավորող Ալեքսանդր Բաբկայի հետ

Պոլիտեխնիկը ինձ համար մի վայր է դարձել, որտեղ ես ամեն օր նոր, հետաքրքիր ու ոգեշնչող մարդկանց եմ հանդիպում: Ու սեպտեմբերը նաև Ալեքսանդրի հետ ծանոթությամբ էր նշանավոր: Ալեքսը իմ համակուրսեցին է, ով 17 տարեկանից Picsart ընկերությունում է աշխատում (Picsart-ի մասին դեռ առանձին կպատմեմ):

-Ալեքս ինչպե՞ս ստացվեց, որ 17 տարեկանում սկսեցիր աշխատել, այն էլ այդպիսի նշանավոր ընկերությունում:

-Երբ որ հիմնական դպրոցից հետո Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց ընդունվեցի, մտածում էի, որ ֆիզիկայով եմ շարունակելու ուսումս: Բայց ժամանակի ընթացքում հասունացավ այն միտքը, որ ուզում եմ ծրագրավորում սովորել: Ընկերներիցս մեկը ինձ ուղղորդեց, ինչի արդյունքում սկսեցի Microsoft Innovation Center-ում ծրագրավորման դասընթացների հաճախել: Այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի: C#-ի (ծրագրավորման լեզու) երկու մակարդակները ավարտելուց հետո պրակտիկա անցա Volo ընկերությունում: Պրակտիկայի ընթացքում հարցազրույցից և թեստից բաղկացած առաջին փուլը հաղթահարեցի, իսկ երկրորդ փուլը, որից հետո պետք է աշխատանքի անցնեի՝ չանցա, ասացին՝ փոքր ես: Մի քանի ամիս ուղղակի տանը ինձ համար զբաղվում էի, մինչև որոշեցի ուժերս Picsart-ում փորձել: CV-իս ուղարկեցի, կանչեցին հարցազրույցի, և մեկ ամիս փորձաշրջանը անցնելուց հետո պաշտոնապես աշխատանքի անցա:

-Աշխատանքի սկզբում բավարարո՞ւմ էին արդյոք ունեցած գիտելիքներդ:

-Picsart ես գնացել եմ այն գիտելիքների բազայով, որը ինովացիոն կենտրնում էի ստացել: Այսինքն՝ C#, OPP-ի բազային գիտելիքներ, Web ծրագրավորման հիմունքներ ու Asp.Net MVC-ի պրակտիկա էի անցել: Բայց ըստ իս, IT-ն այն ոլորտն է, որտեղ գիտելիքներդ երբեք մինչև վերջ չեն բավարարում: Դու անընդհատ ինչ-որ նոր բան ես սովորում: Երևի յուրաքանչյուր ծրագրավորողի համակարգչում Google search-ը օրը 24 ժամ աշխատում է, որովհետև աշխատանքային պրոցեսի ընթացքում դա ուղղակի անխուսափելի է:

-Դու քեզ թիմային խաղացո՞ղ ես համարում:

-Ես կարծում եմ, որ թիմում աշխատել իմանալը շատ կարևոր է: Որպես կանոն թիմային աշխատանքը ավելի լավ արդյունք է տալիս, քան երբ անհատական ես աշխատում: Այստեղ հավաքվում են ամենատարբեր մտածելակերպով, հմտություններով ու գիտելիքներով մարդիկ, ովքեր միևնույն գաղափարի շուրջ հավաքվելով, իրար լրացնում են, և աշխատանքը ավելի դյուրին ու ամբողջական են դարձնում: Picsart-ում թիմ հասկացողությունը կա, և ինձ հատկապես դուր է գալիս այն փաստը, որ թիմերը անընդհատ իրար հետ փոխազդում են: Եվ բացի քո թիմի աշխատանքից, դու հնարավորություն ունես հետևել այլ թիմերի աշխատանքին նույնպես: Իմ 8 հոգանոց թիմում ես միակ տղան եմ: Եվ այո, թե՛ այդ փաստը, թե՛ աշխատանքը այս թիմում, ինձ ավելի քան դուր է գալիս:

-Ո՞րն է քո դերը թիմում:

-Հեշտ չէ աղջիկների թիմում միակ տղա լինելը, պետք է բարձր տրամադրություն միշտ ապահովես: Դրա համար էլ ահավոր շատախոս եմ…

-Եթե պատկերացնենք, որ Picsart-ը չկա, այլ կազմակերպություններ կա՞ն Հայաստանում, որտեղ կցանկանայիր աշխատել:

-Բարեբախտաբար Picsart-ը կա, և անկեղծ ասած, դեռևս չկա այնպիսի կազմակերպություն, որը կնախընտրեի Picsart-ի փոխարեն: Իրականում աշխատանքի համար դիմելուց առաջ ես հստակ գիտեի, որ չեմ ուզում ձանձրալի գրասենյակում նստել, որտեղ երբեք ոչինչ չի կատարվում: Picsart-ը ոչ միայն մասնագիտական աճ է ապահովում, այլ նաև նպաստում է սեփական անձի զարգացմանը: Անմիջական ու ազատ աշխատանքային մթնոլորտ կա, որտեղ ամեն օր նոր գաղափարներ են կյանքի կոչվում:

-Ինչի՞ վրա ես հիմա կոնկրետ աշխատում:

-Մեր թիմը գրում է Picsart հավելվածը Windows օպերացիոն համակարգի համար: Մեր վերջին հզոր թարմացումն այն եղավ, որ մինչև Նոր տարի Windows-ի հավելվածը հասցրեցինք ավելի հզոր ու նոր տեսքի: Ընդհանուր ծրագրի, գործիքների որակային փոփոխություններ ենք իրականացրել և ինտերֆեյսն ենք ձևափոխել, ծրագիրը հարմարացնելով Widescreen-ներին (լայնէկրան սարքեր):

-Հե՞շտ է ուսումը և աշխատանքը համատեղելը:

-Ես փորձում եմ մաքսիմալ իմ ժամանակը աշխատանքիս տրամադրել: Հեշտ չէ, որովհետև ստիպված ես ամբողջ շաբաթվա դասերը սովորել ազատ երկու օրվա ընթացքում, էլ չասեմ` քննությունները: Ու դրա հետ մեկտեղ ուզում ամեն ինչից տեղեկացված լինել: Հատկապես իմ մասնագիտության մեջ ինքնակրթությունը չափազանց կարևոր է, որովհետև չես կարող անընդհատ զարգացող ոլորտում տեղում կանգնած մնալ: Բայց ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հասցնել:

-Ի՞նչ ես կարծում, ինչքանո՞վ կկարողանաս այստեղ քո նպատակները և գաղափարները իրագործել:

-Ես ամեն օր այստեղ ավելի շատ բան եմ սովորում, բայց նաև գիտեմ, որ ամեն դեպքում կգա մի օր, որ ուղղակի էլ աճելու տեղ չի լինի: Ու հաստատ կգա այն պահը, որ առաջ գնալու համար, պետք է սկսել սեփական գաղափարները իրագործել:

Արվեստն ավազում

-Մյուս տարվա համար նախատեսում ենք նկարել ավազանկարչական մուլտ: Արդեն ունենք սցենարը և նաև որոշ կադրեր ենք պատրաստել,- այս մասին հայտնում է ավազանկարչուհի Լիլիթ Ստեփանյանը և ավելացնում,- անիմացիան կլինի ավելի շատ հեքիաթային ու այլաբանական ժանրով, իսկ ավելի ուշ նախապատրաստում ենք մանկական ներկայացում, որտեղ կօգտագործենք ավազանկարչական տարրեր:
Ըստ Լիլիթի, ավազանկարչությունը սկիզբ է առել Կանադայում, իսկ Հայաստան տեղափոխվել է Ռուսաստանից: ‹‹Հայկական ոճը բավական տարբեր է, թե′ նկարելու, թե′ տեխնիկայի և թե′ ավազի բաղադրության առումով,- նշում է ավազանկարչուհին,- մեր աշխատանքային ավազն ավելի նուրբ է, հարմար տարբեր երանգներ ստանալու համար, իսկ ռուսականը փոքր-ինչ ավելի կոշտ է ու ամուր››:
Ավազանկարչության հումքը՝ ավազը, ծովի նույն ավազը չէ: Այն բարձրակարգ տեսակի է, մի քանի մաքրման փուլ է անցնում մինչ հայտնվելը ավազանկարչի ձեռքերում: Ավազանկարիչ լինելու գլխավոր պայմանը պրոֆեսիոնալ նկարիչ լինելն է: -Ավազի վրա նկարելը ավելի դժվար է, որովհետև այս դեպքում միջնորդավորված գործիք չունենք, շատ ջնջումներ կամ ուղղումներ անելու հնարավորություն էլ չկա: Այստեղ թե′ մեր մատիտը, և թե′ ռետինը մեր ձեռքերն են,- պարզաբանում է մեր հերոսը:
Ավազանկարիչ լինելու երկրորդ պայմանը, ըստ Լիլիթի, վառ երևակայություն ունենալն է: Կրեատիվությունը, ստեղծագործական ճաշակն ու երաժշտությունը զգալը ամբողջացնում են այս մասնագիտության անհրաժեշտ որակները:
Յուրաքանչյուր ավազանկարչի տեխնիկան տարբեր է:
-Ինձ ավելի հարմար է նկարել ցուցամատով, մեկ ուրիշին` ափերով, երրորդին` ճկույթով,- նշում է ավազանկարչուհին,- ինձ համար դրանից ավելի կարևոր է իմ աշխատանքի որակը: Ես մինչև ավազին անցնելը նույն աշխատանքն անում եմ թղթի վրա՝ նկարում եմ, հղկում, կադրավորում, ջնջում ու նորից փորձում և հետո նոր միայն սկսում աշխատել ավազով:
Մատների ճկունությունը ավազանկարչի հաջողության գրավականն է: Ինչպես ասում է պրոֆեսիոնալ ավազանկարչուհին՝ այս հատկությունը մարդուն ի ծնե է տրվում: Իհարկե, այն զարգացնելու հնարավորություն այնուամենայնիվ կա, սակայն մատների նուրբ ու զգացական շարժումները պետք է բխեն մարդու հոգուց: Այժմ ավազանկարչությունը Հայաստանում բավական տարածված է և նույնիսկ մրցունակ է արտասահմանյան շուկաներում:
Ավազանկարչությունը իր ուրույն տեղը պետք է գտնի թատրոնում՝ դառնալով արվեստի լիարժեք տեսակ:

«Եթե ես չհավատայի հրաշքների, երևի թե չէի կարողանա ստեղծել դրանք»

Հարցազրույց «Ամեն ինչ, բացի սովորականից» (“Всё, кроме обычного”) հաղորդման ֆինալիստ, աճպարար Արտակ Մոսոյանի հետ

-Ինչպե՞ս եք ընտրել աճպարարի մասնագիտությունը:

-Դա երևի թե հնարավոր ամենաանհետաքրքիր պատմությունն է: Մոտ 12 տարեկանում համացանցում տեսա մի աճպարարի ելույթ, և ինձ դուր եկավ: Սկսեցի նայել և հետաքրքրվել դրանով, երբ տեսա մի նյութ, որն ասում էր. «Սովորի՛ր մի հնարք հենց հիմա»: Ես ուրախացա, սովորեցի, ցույց տվեցի մայրիկիս: Մայրիկս չզարմացավ, որովհետև շատ վատ ցույց տվեցի, բայց ես հասկացա, որ ունեմ ներուժ և որոշեցի զբաղվել դրանով:

-Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ:

-Ուզում էի դառնալ ռեստորատոր, որ ունենամ սեփական ռեստորան: Եթե լավ աճպարար լինեմ, կարող եմ նաև ռեստորատոր լինել: Գուցե Կոպերֆիլդի նման կբացեմ իմ մոգության ռեստորանը: Իրականում, միտք ունեի բացել մոգական թեմատիկայով ժամանակի սրճարանի նման հաստատություններ, այսինքն՝ մարդիկ պետք է վճարեն այնտեղ անցկացրած ժամանակի համար: Սակայն դա դեռ գաղափար է:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Ձեր մասնագիտության մեջ:

-Այն, որ ես երևի թե կարող եմ անել ամեն ինչ: Ես անում եմ այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել, բայց ուզում են տեսնել: Նաև, ինձ դուր է գալիս ազատությունս: Ես ազատ եմ գործատուներից, աշխատանքային գրաֆիկից, ամենօրյա մոնոտոն գործ անելուց: Իմ աշխատանքը մարդկանց համար երջանկություն և հրաշք ստեղծելն է, ու ես կարծում եմ, որ դա հոյակապ է: Ընդհանուր առմամբ, գրեթե ամեն բան իմ մասնագիտության մեջ ինձ դուր է գալիս:

-Ամենաշատը ու՞մ եք սիրում հնարքներ ցույց տալ՝ ծանոթներին, անծանոթներին, մեծերին, փոքրերին:

-Բոլորին, բայց իմ ցույց տված հնարքները հիմնականում մեծահասակների համար են: Ես ելույթ եմ ունենում տարբեր հնարքներով, սակայն, մանկական մոգության սիրահար չեմ: Ես ուզում եմ, որ աճպարարությունը դիտվի որպես արվեստ, այլ ոչ ուղղակի մի պահ զարմացնող բան: Ես սիրում եմ իմ կախարդանքը մատուցել ինչ-որ հետաքրքիր սոուսով, հետաքրքիր գաղափարով, իմ էության մի մասնիկով: Ցավոք, երեխաներն այդպես չեն ընդունում, քանի որ իրենց ուղղակի անիմատոր է պետք: Անիմատորները շատ լավ, երկաթյա նյարդերով մարդիկ են, ումից մենք շատ բան կարող ենք սովորել, բայց ես ինձ չեմ կարող նույնականացնել անիմատորի հետ:

-Ձեր մասնագիտությունը Ձեզ չի՞ խանգարում հավատալ հրաշքների:

-Ոչ: Ինչպե՞ս այն կարող է խանգարել: Եթե ես չհավատայի հրաշքների, երևի թե չէի կարողնա ստեղծել դրանք:

-Պատահե՞լ է, որ բեմում հնարքը չստացվի, և եթե այո՝ ի՞նչ եք արել:

-Այո, պատահել է: Ես հասկանում եմ, որ ֆիլմերում շատ է լինում, որ մեկը հնարք է ցույց տալիս, չի ստացվում, բայց նա հետաքրքիր կերպով դուրս է գալիս այդ իրավիճակից, և ստացվում է ավելի լավ բան: Սակայն, իմ դեպքում, ես ուղղակի հուսահատված լքեցի բեմը:

-Օրվա մեջ ինչքա՞ն ժամանակ եք տրամադրում հնարքները «վարժեցնելուն»:

-Հիմա ավելի քիչ, քանի որ արդեն ունեմ որոշ հմտություններ, որոնք ուղղակի պետք է պահել նույն ձևով: Սակայն, ամեն օր պետք է ժամանակ տրամադրել դրան, որ հնարքներն ավելի ու ավելի լավ ստացվեն: Երբ նոր էի սովորում, ամեն օր 4-5 ժամ տրամադրում էի հնարքներին՝ անընդհատ կրկնելով նույն բանը: Դա բարդ էր, բայց անհրաժեշտ էր: Ու հենց նրա շնորհիվ, որ ես այն ժամանակ լավ աշխատել էի, հիմա մի քիչ ծուլացել եմ, բայց կուղղեմ դա:

-Բեմական մոգության ի՞նչ տեսակների եք տիրապետում:

-Ես կարող եմ աշխատել բոլոր տեսակներով, բայց սիրում եմ միկրոմոգության տեսակը (close up), որը շատ տարածված է Ամերիկայում և Եվրոպայում: Աճպարարը ստեղծում է փակ ցուցադրություն ոչ մեծաքանակ հանդիսատեսի (50-70 հոգու) համար, որի ժամանակ մարդիկ շունչները պահած նայում են, թե ինչ է կատարվում: Երբեմն ստիպված եմ լինում բեմում մեծ շոուներ անել, օգնականներով և այլն, բայց դա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Ինձ թվում է, որ բեմական մոգությունը որպես ժամանցի տեսակ քիչ-քիչ վերանում է: Եթե Ռուսաստանում դա դեռ ընդունված է, ապա Ամերիկայում, Եվրոպայում և մյուս այն երկրներում, որտեղ բեմական մոգությունը հասարակության համար շատ կարևոր մաս է՝ դժվար ընդունելի է: Իրենց պետք է ինչ-որ ավելի մեծ բան, ավելի իմաստավոր: Նրանք ուզում են գալ և շունչները պահած նայել, թե ինչ է կատարվում, ու այդ ժամանակ իրենց էլ պետք չեն պարող աղջիկներ, արկղեր, մասնատումներ և այլն:

-Դուք ունե՞ք ամենասիրած հնարք:

-Ոչ: Հարցն այն է, որ քչերը գիտեն, որ ինչպես յուրաքանչյուր այլ արվեստում, այնպես էլ աճպարարության մեջ կա որոշ հիմք, որոշ արդեն պատրաստի հնարքներ և դրանց օգնությամբ, դրանք համադրելով են մարդիկ ստեղծում նորերը: Այսինքն՝ եթե ես ասեմ, որ ունեմ ամենասիրած հնարք, ես սխալ կլինեմ, քանի որ մի շաբաթից կարող եմ փոփոխել այդ հնարքը: Այն ինչ-որ չափով նման կլինի իր առաջին տարբերակին, բայց միևնույն ժամանակ շատ կտարբերվի: Այսպիսով, չեմ կարող նշել ամենասիրած հնարք, բայց կարող եմ ասել, որ ունեմ ամենասիրած ռեկվիզիտ՝ մետաղադրամներ: Ես շատ եմ սիրում աշխատել մետաղադրամներով և դրանցով ցույց եմ տալիս ամենատարբեր հնարքներ:

-Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով ասեր, որ Ձեր մասնագիտությունը մարդկանց խաբելն է, և ուրիշ ոչինչ:

-Նախ, ինձ այդպես ասել են, երկրորդ, ինձ շարունակում են այդպես ասել: Եկեք սկզբում հասկանանք, թե ի՞նչ է խաբեությունը և ի՞նչ է պատրանքը: Խաբեությունը այն է, երբ մոլորեցնում են մարդուն, և նրան դրանից վատ է լինում: Պատրանքի դեպքում մարդուն մոլորեցնում են, բայց նրան դրանից լավ է լինում: Ես չեմ կարող դա վատ բան համարել: Այո, ես մարդուն ճշմարտությունը մինչև վերջ չեմ ասում, բայց դա նրան դուր է գալիս: Նաև, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում նայել իմ հնարքները, ես չեմ պարտադրում: Լինում են հանդիսատեսներ, որ չեն ուզում խաբված լինել կամ հուսահատվում ու նեղանում են, որ չեն հասկանում, թե ինչպես արեցի: Այդ դեպքում ես ոչինչ չեմ կարող անել, եթե չեն ուզում նայել՝ կարող են չնայել: Քանի որ իմ բարեկամների մտածելակերպը, այսպես ասած, մի քիչ մնացել է սովետական մակարդակում, նրանք ասում են, որ աճպարարները դրամաշորթ են ու խաբեբա: Սակայն դա նորմալ է, քանի որ 90-ականներին շատ մարդիկ են խաբվել: Այդ դեպքերի պատճառով մեր արվեստին բացասական են վերաբերվում հենց Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում: Ուղղակի ժամանակ է պետք: Երբ հաղորդման շրջանակներում ինձ սկսեցին հեռուստացույցով ցույց տալ, բոլոր բարեկամներս սկսեցին հակառակն ասել: Այսինքն՝ տուր նրանց արդյունք, ցույց տուր, որ իրականում դա լավ բան է, և նրանք սկսում են հասկանալ այդ: Ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են վերաբերվում մասնագիտությանս:

-Ունե՞ք սիրած աճպարար, որ ոգեշնչում է Ձեզ:

-Այդպիսի մի մարդ չկա: Ես կարող եմ անվանել վարպետների, ումով հիացել եմ և ում օգնությամբ սովորել եմ անել այն ամենը, ինչ հիմա կարողանում եմ ցույց տալ: Չեմ կարող ասել, որ հասել եմ գերազանց արդյունքների, բայց մի քիչ լավ արդյունք կա, և դա Ամերիկայի աճպարարների շնորհիվ է: Ես կանվանեմ երկու-երեքին, բայց նրանք ավելի շատ են: Նրանք այդքան էլ հայտնի չեն ոչ աճպարարների շրջանում՝ Դեյվիդ Սթոուն, Դեյվիդ Ռոդ և Էրիկ Ջոնս: Նրանք հիմա Ամերիկայում խթանում են այս ժանրը այնքան լավ ու հետաքրքիր ձևով, որ մարդիկ գնում են իրենց համերգներին, ոչ այնքան հնարքներ նայելու, ինչքան հենց այդ կատարողներին՝ որպես անձ տեսնելու: Դա հենց այն է, ինչին ես ձգտում եմ:

-Ի՞նչ իրավիճակում կթողնեք Ձեր մասնագիտությունը:

-Երևի պատերազմի ժամանակ: Չնայած, դժվար թե: Ես մտածել եմ այդ մասին: Անգամ մտածել եմ, թե ինչ կարող է լինել, եթե, օրինակ՝ իմ ձեռքերը կտրեն: Ես անգամ ելքն եմ գտել: Մարդկանց կասեմ, որ կարողանում եմ մտքեր կարդալ, իմանալ անցյալն ու ապագան և կսկսեմ ելույթ ունենալ որպես մենտալիստ: Մենտալիստներն էլ են աճպարարներ, բայց իրենց ներկայացնում են որպես մտքեր կարդացողներ կամ գուշակներ: Բայց ես նրանց անվանում եմ ոչ աշխատասեր աճպարարներ: Չնայած, կարող եմ անվանել մի հիանալի անգլիացի մենտալիստի՝ Դերոն Բրաունին, ում դժվար է ծույլ անվանել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով ուզում է զբաղվել աճպարարությամբ:

-Ոչ մի խորհուրդ չեմ տա: Եթե ինձ մոտ գա մեկն ու ասի, որ շատ է հավանում այն, ինչ անում եմ, և ուզում է ինձ պես անել, ես կպատասխանեմ, որ դա շատ լավ է, թող անպայման փորձի, ու կստացվի, և վերջ: Իսկ եթե նա գնա ու գտնի ինչ-որ բան, գա ու ցույց տա, թե ինչ է սովորել, ես նրան կկարողանամ օգնել: Ուղղակի իմ ելույթներից հետո հանդիսատեսներից շատերն են ոգևորությունից ուզում հնարքներ սովորել, ասում են, որ սովորեցնեմ, բայց ես մարդկանց չեմ սովորեցնում: Հիմա մեզ մոտ այնքան զարգացած է ինֆորմացիոն ոլորտը, որ մարդն ինչ էլ ուզի դառնալ, կարող է դառնալ: Ուզու՞մ է աճպարար դառնալ, ժամանակ կծախսի, կգտնի, կհասկանա ու կանի: Ու եթե այնպիսի մեկը գա, որ սկսել է, բայց չգիտի, թե հետո ինչ անի, ինչպես հմտանա և այլն, այդ դեպքում, իհարկե խորհուրդներ կտամ, թե ինչպես ճիշտ և լավ զարգացնի իր հնարքները:

-Ի՞նչ դժվարությունների բախվեցիք «Ամեն ինչ, բացի սովորականից» հաղորդմանը մասնակցելու ժամանակ:

-Հաղորդման ժամանակ ամենադժվարը հենց ելույթ ունենալն էր, քանի որ նկարահանումների ժամանակ ես հիվանդացել էի թոքաբորբով: Ամեն վայրկյան հազում էի և խեղդվում: Առաջին փուլի հոլովակում մի քիչ երևում է, որ փորձում եմ պահել ու չհազալ, բայց չի ստացվում: Եվ երևի ամենադժվարը ոչ թե հնարքներն էին, որ արդեն մի քանի տարի է հաջողությամբ ցույց եմ տալիս, այլ հիվանդության դեմ պայքարելը, քանի որ նկարահանում է, և ոչ մի դեպքում չի կարելի կանգնեցնել այն, և ոչ ոք չի էլ կանգնեցնի: Ամեն բան արդար է՝ հազացիր, վատ արեցիր, հեռացիր: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ ելույթս այնքան էլ վատ չստացվեց:

-Ի՞նչ տվեց Ձեզ հաղորդումը:

-Երևի թե ես սկսեցի ավելի շատ սիրել ելույթ ունենալ մեծաքանակ հանդիսատեսի առաջ: Այնտեղ կային աճպարարներ, որ մեծ համարներ էին ցույց տալիս՝ մեծ արկղերով, կրակներով և այլն, իսկ ես ցույց տվեցի փոքր, շատ փոքր հնարք, որտեղ պետք էր շատ ուշադիր հետևել ամեն բանին, ու հանդիսատեսին դա շատ դուր եկավ: Ես շատ ուրախացա հենց դրա համար: Դա նրանից է, որ իմ հնարքները ձեռքերի ճարպկության շնորհիվ են կատարվում, որն ավելի մոտ է մարդկանց, քան աճպարարական սարքերը, որի դեպքում մարդիկ հասկանում են, որ հնարքը դրանց մեջ է: Ես հուսով եմ, որ մարդիկ այդպես են մտածում: Նաև, քանի որ ես սովորել եմ միայն եվրոպական (իսպանական, իտալական) և ամերիկյան տեսություններով, ռուսական մոգական դպրոցին ծանոթ չէի: Հաղորդմանը իրենց փորձելու էին եկել Ռուսաստանի և ԱՊՀ-ի բացարձակապես բոլոր աճպարարները: Քանի որ ես տեսա ամբողջ պատկերը ներսից, սկսեցի հասկանալ, թե ուր է գնում և ինչի է ձգտում մոգությունը Ռուսաստանում: Երևի թե կասեմ, որ այն շատ արագ ձգտում է ներքև, ու դա ինձ տխրեցրեց:

-Դուք եղե՞լ եք Հայաստանում:

-Այո, փոքր ժամանակ: Ես ծնվել եմ Վրաստանի հայկական փոքր քաղաք Նինոծմինդայում, որն այն ժամանակ կոչվում էր Բոգդանովկա: Այն շատ մոտ է Հայաստանին, այնպես որ եղել եմ Հայաստանում: Երևանում էլ եմ եղել: Երբ 6-7 տարեկան էի, մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, և դրանից հետո ես չեմ վերադարձել: Առհասարակ, Ռուսաստանից այլ տեղ չեմ գնացել: Չնայած դրան, ուզում եմ գալ, բայց թե երբ ու ինչպես, դեռ հարց է մնում: Ինձ համար Հայաստան գալ նշանակում է գալ ամենաքիչը մի ամսով, քանի որ շատ բարեկամներ ունեմ, ում պետք է հանդիպեմ: Մի ամիս տևողությամբ ուղևորություն կազմակերպելը բարդ է, բայց ես փորձում եմ անել դա:

-Դուք գիտեք հայերեն: Ձեզ համար ինչո՞վ է կարևոր Ձեր մայրենի լեզուն իմանալը:

-Քանի որ ես իմ հայրենիքից հեռու եմ գտնվում, լեզուն օգնում է ինձ չզգալ այդ հեռավորությունը, այդ պատնեշը: Հայերենն ինձ օգնում է հայ զգալ: Ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց, որ ասում են, թե ինչ-որ ազգի են պատկանում, բայց իրենց մայրենի լեզուն չգիտեն: Նկատի ունեմ, որ կարող են լինել շատ տարբեր իրավիճակներ, բայց իմ դեպքում, մեր ընտանիքում մենք միշտ խոսում ենք հայերեն, և երբ ռուսերեն եմ պատասխանում, ծնողներս խոսում են վրաս: Իհարկե, ինձ ավելի հեշտ է դժվար բառեր ասել և ավելի ճիշտ արտահայտել մտքերս ռուսերեն, քան հայերեն, բայց դա Հայաստանից հեռու գտնվելուց է: Նաև, երբ ես Մոսկվայում հանդիպում եմ այլ հայերի, ու նրանք հարցնում են` գիտեմ հայերեն, թե՝ ոչ, ես հպարտորեն հայերեն եմ խոսում: Հայերենն ինձ օգնում է կապված մնալ Հայաստանի հետ անգամ հեռու գտնվելով: