
Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

Անահիտ տատիկը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի
Մայրիկիս 94-ամյա Անահիտ տատիկը նույնպես ապրում է Կալավանում` երեխաներով, թոռներով ու ծոռներով շրջապատված: Անահիտ տատիկը ծնվել է Չովդառ գյուղում (այժմ Ադրբեջանի տարածք) հասարակ գյուղացու ընտանիքում: Իր պատմելով գյուղը այնքան էլ մեծ չի եղել, հազիվ հարյուր բնակիչ է ունեցել (ճիշտ մեր գյուղի նման): Մի քույր և վեց եղբայր է ունեցել, եղբայրներից երեքը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նրանցից մեկը վերադարձել է, երկուսը՝ զոհվել (պատմելիս աչքերը լցվեցին): Երբ հարցրեցի, թե ինչպե՞ս է հանդիպել ամուսնուն՝ Վարդևան պապիկին և ամուսնացել, ծիծաղեց ու պատասխանեց.
-Դե, էնա իրանք եկել են մեր տուն, տհե տեսել ենք ու ամուսնացել:
Ամուսինները գյուղից դուրս են եկել և տեղափոխվել քաղաք՝ Կիրովաբադ (այժմ Գանձակ, գտնվում է Ադրբեջանում): Ծնվել են նրանց հինգ երեխաները՝ երեք աղջիկներն ու երկու տղաները: Երկար տարիներ ապրել են այնտեղ, մեծացրել են իրենց երեխաներին կրթել, դաստիարակել ամուսնացրել ու դարձել թոռնատեր: 1988 թվականի շարժումը սկսելուն պես ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ այնտեղ ապրել են ընդամենը երեք տարի, քանի որ ռուսների և հայերի մեջ սկսած պառակտությունը վտանգավոր էր դառնում:
Ընտանիքը կրկին պետք է տեղափոխվեր, այս անգամ՝ Հայաստան: Ու ինչպես տարբեր տեղերից եկած փախստականներ, այդպես էլ Անահիտ տատիկի ու Վարդևան պապիկի ընտանիքը, բնակություն հաստատեց Կալավանում: Չնայած ամենաուշն էին եկել, բայց գյուղի առաջին տունն էին վերցրել:
Ես իհարկե, չդիմացա ու հարցրեցի, թե ո՞նց է եղել, որ սկզբի եկածներից ոչ մեկը այդ տունը չի վերցրել: Անահիտ տատիկը ասաց, որ տանը բնակվող ադրբեջանցիները շուտ են լքել գյուղը՝ մինչ փախուստը, և այն մնացածներից ավելի քանդված ու ավերված է եղել:
Այսպես Անահիտ տատիկի ու Վարդևան պապիկի ընտանիքը սկսել է ապրել Կալավանում: Աստիճանաբար շինել են տունը, այնուհետև վերանորոգել, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել: Այսպես անցան տարիներ, մեծացան նաև թոռները, նրանք էլ ամուսնացան: Ամուսինները դարձան ծոռնատեր: Վարդևան պապիկի մահից արդեն անցել է վեց տարի, Անահիտ տատիկը հաճախ է պատմում նրա մասին, հիշում ու արտասվում, բայց շարունակում է ապրել շրջապատված երեխաների, թոռների ու ծոռների սիրով:

Երաժշտության հնչյունները

Ապրիլը ապրիլյանից հետո. Տիգրան Մակարյան
Պապան առավոտյան վաղ արթնացնում է.
-Երևանից ապրիլյանին մասնակցած մի տղա, Տիգրան ա անունը, Չաուշի բլրի վրա խաչ ա կանգնեցնելու՝ զոհված տղերքին նվիրված: Կուզե՞ս՝ գաս, զրուցես հետը:
Անկասկած ուզում եմ: Սկսում եմ լուրջ-լուրջ հարցաշար կազմել: Հետո մոլորված քայլում տան մեջ, սպասում ժամին ու մտքումս նրա հավանական արտաքինի մոդելները գծագրում, փորձում գուշակել, թե ինչ պատասխան կտա հարցերիս…
Մի քանի ժամ անց Չավուշի արձանի մոտ զրուցում եմ Տիգրանի տատիկի հետ: Պարզվեց, որ քառօրյա պատերազմի օրերին նա ոչ թե ժամկետային զինծառայող է եղել, այլ կամավոր: Հարցաշարս մի կողմ եմ դնում:
Տատը ժպիտով պատմում է տղայի մանկությունից, ասում է՝ դեռ տասը տարեկանում շուկայից ապրանք էր բերում, որ իրենց խանութում վաճառեին: Դպրոցից հետո ընդունվել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ ու գնացել բանակ, հետախույզ է եղել: Վերադառնալուց հետո թողել է ուսումն ու մեկնել Ռուսաստան: Հիմա այնտեղի քաղաքացի է: Պատերազմի լուրը լսելուն պես վերադարձել է ու առանց ծնողներին մի բառ ասելու՝ գնացել Արցախ: Տատը հպարտանում է՝ հայրենասիրությունն ու համարձակությունն իրենից է ժառանգել: Ինքն էլ ժամանակին կռվողներին հաց էր բաժանում: Հայրենասիրությունը երևի նրանց գենի մեջ է. Տիգրանի հորեղբայրներն էլ Արցախյան պատերազմին են մասնակցել: Հայրն ասում է, որ ապրիլյանի սերունդն ավելի պատրաստ էր պատերազմին, քան ժամանակին իրենք: Պատերազմն իրենց համար ֆիլմ էր, գիրք, ծնողների հիշողություններ Հայրենականից ու ոչինչ ավելին, իսկ ապրիլին հերոսացած սերունդը ծնված օրվանից գիտեր՝ ինչ է պատերազմը: Հարցնում եմ՝ ինչպես ընդունեց որդու կռիվ գնալը, ասում է՝ էդպես էլ պիտի լիներ. «Անհանգստանում էի իհարկե, բայց հպարտ էի: Դուրս էի գալիս բակ, հարցնում էին՝ տղադ ծառայել, պրծել է, ինչո՞ւ թողեցիր`նորից գնա: Ասում էի՝ ես չթողնեմ, դու չթողնես, բա վերջը էս մեր թաղից մեկը պիտի գնա, չէ՞: Լռում էին»: Հիմա նա պարզ ճակատով է քայլում ու գիտի՝ եթե նորից մի դեպք լինի, արդեն մյուսներն էլ կգնան:
Մտքումս արդեն ուրվագծվել է Տիգրանի կերպարը: Տատն ասում է՝ գլխարկովն է ինքը, հենց տեսնես, վռազ կճանաչես: Բարձրանում եմ բլրի գագաթը: Խաչի կողքին հավաքված ընկերներից, բարեկամներից առանձին նստած է գլխարկովը ժայռի ծայրին: Ճանաչում եմ: Պարզվում է՝ Տիգրանի ծնունդն է: 29-ամյակը նշելու սիրուն տարբերակ է, չնայած ասում է՝ հատուկ չի ընտրել օրը, ուղղակի այսպես ստացվեց: Իր ծառայակից ընկերոջ՝ Հովհաննեսի հետ ուխտ էր արել՝ տեղադրելու խաչը: Հետագայում զոհված տղաների նկարներն են դրվելու՝ իրենց մասին պատմող գրություններով: Ուզում է, որ հաջորդ սերունդներն էլ տեսնեն, ճանաչեն հերոսներին:
Խաչը տեղադրելու վայրը պատահական չի ընտրել: Հետևի ֆոնին՝ Արարատ սար ու Խոր վիրապ: Իսկ բլուրը պատմական է դառնում, որովհետև միավորում է հայրենիքի համար կռված երեք տարբեր սերունդների. նախ ֆիդայի Գևորգ Չաուշի արձանը, ապա ազատամարտիկներին նվիրված խաչքարը, հիմա էլ խաչն ու դրոշը՝ ի հիշատակ քառօրյա պատերազմի զոհերի:Տիգրանը երկար-բարակ չի մտածել Արցախ գնալու որոշումը կայացնելիս: Ասում է. «Եթե կորցնեմ ծնողներիս, կկորցնեմ իմ աստվածներին, եթե կորցնեմ հայրենիքս, ամեն ինչ կկորցնեմ»: Ֆեյսբուքում կարդայի՝ կմտածեի՝ պաթետիզմ է, էլի, հիմա այդպես չեմ մտածում: Ասում եմ՝ ձեր ներկայությունը ոգևորում էր, չէ՞, ջահելներին, ավելի ջահելներին, պատասխանում է՝ դրա կարիքը չունեին, նրանք իրենցից էլ «դուխով» էին: «Թեժ պահերին ասում էինք՝ դուք հետ քաշվեք, չէին գնում, դեռ մի բան էլ վիրավորվում էին»: Պատերազմից սիրուն հուշեր էլ ունի՝ բժշկուհի Անահիտից նամակ է ստացել, խնդրում էր՝ ողջ-առողջ վերադառնալ: Վերադարձավ:
Տիգրանն ինձ օգնում է իջնել բլրից ու շարունակում պատմել.
-Դեռ լույսեր պիտի տեղադրենք, որ գիշերը…
Գուրգեն պապի անցած ուղին
Հայաստանի և հայերի համար յուրահատուկ օր է մայիսի 9-ը:
Սա և՛ ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է, որում իսկապես մեծ է հայ ժողովրդի դերը, և՛ Շուշիի ազատագրման օրն է, և՛ ազգային ազատագրական բանակի կազմավորման օրը: Այս երեք հերոսական առիթները միավորում են հայ ոգու արիությունն ու կամքը: Եվ բոլորովին պատահական չէ, որ դրանք երեքն էլ բաժին են ընկել միևնույն օրվան:
Ամեն տարի մայիսի 9-ին մենք եռակի ենք փառավորում ու ոգեշնչվում մեր խորհրդային և հետխորհրդային հերոսների տարած հաղթանակներով, քանի որ ունենք բանակ, որն իր մեջ կրում է այս պատմական հաղթանակների հերոսական ոգին՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում թշնամուն հիշեցնելու իր անզիջում պայքարի ու հերոսական մարտերի մասին:
Հայրենական պատերազմի մասին ես տեղեկացել եմ պատմության էջերից, մեծերի պատմածներից և ֆիլմերից: Մեր գյուղից շատերն են մասնակցել հայրենական պատերազմին: Ամեն տարի մայիսի 9-ին կազմակերպված միջոցառումերին ինքս էլ եմ մասնակից եղել, որտեղ մեծարվել ու փառաբանվել են նրանք՝ մեր հերոսները: Հիշում եմ նաև իմ մեծ պապիկին՝ Գուրգեն Գարսևանի Մանասյանին, ով մասնակից էր այդ պատերազմին:
Ամեն տարի մայիսի 9-ին նա մեծ հպարտությամբ էր հագնում իր տոնական զգեստը, որի կրծքին կային բազմաթիվ մեդալներ: Նրա համար այդ տոնը մեծ տոն էր: Նա իր շուրջն էր հավաքում բոլոր թոռնիկ-ծոռնիկներին ու պատմում էր պատերազմում իր անցած դժվարին ուղու մասին: Նա հիմա չկա, ու չնայած ես այն ժամանակ դեռ փոքր էի, բայց աղոտ հիշում եմ այս ամենը, ու հիմա հպարտ եմ, որ ճանաչել եմ պատերազմ անցած այդ բազմահազար մարդկանցից գեթ մեկին, լսել եմ նրա պատմածներն ու նստել եմ նրա բազմաչարչար ծնկին: Նրա քաջության ու արիության ապացույցն էին նրա պատվոգրերը, խրախուսանքները, շքանշանները: 1985 թվականին «Սովետական Հայաստան» թերթում հունիսի 21-ի համարում «Արզականի խիզախները» հոդվածի մեջ գրված է նաև պապիկիս մասին, և հատկապես նշվում է թերթում, որ «Գուրգեն Գարսևանի Մանասյանը իր մարտական մկրտությունն ստացավ 1941 թվականի օգոստոսին, Սմոլենսկ քաղաքի պաշտպանական ծանր մարտերում: Վորոնեժի սպայական դպրոցն ավարտելուց հետո նա, որպես դասակի հրամանատար, 50-րդ հրաձգային կորպուսի կազմում մասնակցեց Վորոնեժի համար ծավալված մարտերին: 1943 թվականի ձմռանը թշնամին ամրացել էր քաղաքի մատույցներում և ձգտում էր կասեցնել սովետական զորամասերի առաջխաղացումը: Հրամանատարության հանձնարարությամբ Մանասյանի դասակը դեսանտ իջեցվեց թշնամու թիկունքը և հակառակորդի համար անսպասելի գրոհի նետվեց:
Զավթիչները չդիմացան սովետական մարտիկների հարվածներին, մեծ կորուստներ կրելով, անկազմակերպ նահանջեցին: Այնուհետև նրա դասակը հերոսական մարտեր մղեց Օրիոլ-Կուրսկի աղեղում, Կիևի, Խարկովի, իսկ 1944 թվականի գարնանը՝ Բեսարաբիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման համար: Կարպատյան լեռներում նա անձամբ ոչնչացրեց 2 դզօտ, 15 հիտլերական, որի համար պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով: Նրա դասակը հաջողությամբ անցնելով Տիսա գետը, հարվածներ հասցրեց թշնամուն, այրեց 2 տանկ, գերի վերցրեց 35 հիտլերական զինվոր ու ապա և մեծ քանակությամբ ռազմական ավար: Այդ մարտերում դասակի մարտական գործողությունները լավագույնս ղեկավարելու և արիության համար լեյտենանտ Մանասյանը պարգևատրվեց Հայրենական պատերազմի Երկրորդ աստիճանի շքանշանով: Նրան ընդունեցին կոմունիստական կուսակցության շարքերը: 1945 թվականի հոկտեմբերին նա տուն վերադարձավ հաղթանակով: Նախկին ճակատայինը, այժմ էլ երիտասարդ ավյունով աշխատում է Չարենցավանում»:
Թերթում այսքանն է նշված պապիկիս մասին: Ավելին իմանալու համար գնացի իր տուն: Աղջիկները, որոնցից մեկը իմ տատիկն է՝ Էլիդա Պետրոսյանը, քույրը՝ Սուսաննա Մանասյանը, խնամքով պահում են իրենց հոր շքանշանները, պատվոգրերը, լուսանկարները, որոնք դուք հիմա տեսնում եք:
Դե՛, չնայած դա պապիկի շնորհիվ էլ է, որ ես հիմա կարող եմ տեսնել այս ամենը, քանի որ նա իր ծառայությունը և աշխատանքը գնահատելով, խնամքով պահպանել է իր անձնական իրերը և փոխանցել աղջկան, ով նույն կերպ խնամքով պահպանում և գնահատում է իր հոր կատարած սխրանքը: Նաև իր անձնական իրերի մեջ գտա իր ինքնակենսագրականը, որը գրել է ինքն իր ձեռքով…
Կարող եմ նաև մեջբերումներ անել ինքնակենսագրականից…
«Ես՝ Գուրգեն Գարսևանի Մանասյանս, ծնվել եմ 1920թ. նոյեմբերի 20-ին (Ախտայի շրջանի) Հրազդանի Արզական գյուղում, հայ չքավոր գյուղացու ընտանիքում:
1929թ-ին սովորել եմ Արզականի 7-ամյա դպրոցում:
1937-1940թ. միջնակարգ կրթությունը ստացել եմ Ախտայի շրջանի Ալափարսի միջնակարգ դպրոցում…»
Եվ այսպես՝ տետրի երեք էջ… Մինչև 1989թ.-ը»:
Պապիկս մահացել է 2002թ.-ին:
Ասեմ, որ դեռ ողջ է պապիկիս կինը՝ Գոհար Մանասյանը: Գուրգեն պապիկի մահից հետո, որպես վետերանի կնոջ, նրա թոշակի մի մասը հասնում է Գոհար տատիկին, ով արդեն 93 տարեկան է:
Գուրգեն պապիկը պատերազմից վերադառնալուց հետո ասել է.
-Սրանից հետո մայիսի 9-ին ենք նշելու իմ ծննդյան օրը:
Ու մենք բոլորս՝ թոռնիկ-ծոռնիկներով ամեն տարի այդ օրը հավաքվում ենք նրանց տանը՝ անկախ նրանից, որ նա արդեն 15 տարի է, ողջ չէ:
Եվ այս տարի էլ բացառություն չէ, պետք է գնանք… Պետք է գնանք Գուրգեն պապիկի գերեզմանին ծաղիկներ դնենք: Պապիկը շատ է սիրել ծաղիկներ, և բոլորը՝ ամեն մեկը, իրար հերթ չտալով կպատմեն նրա մասին, կհիշեն Գուրգեն պապիկի սխրանքները: Նաև ասեմ, որ պապիկը երեխաներ շատ է սիրել: Դա երևի կապված է եղել, ինչու ոչ, իր աշխատանքի հետ՝ «Լուսաբաց» ճամբարում 25 տարի աշխատել է որպես տնտեսական մասի վարիչ:
«Սպիտակ» ջոկատը
Ինձ միշտ զարմացնում ու հիացնում էր այն ոգևորությունը, որով նա պարում էր ազգագրական պարերն ու հիացնում այն ոգին, որ նա դնում էր յուրաքանչյուր շարժման մեջ։ Դա սովորական հայրենասիրություն չէր։ Հայրենասիրություն էր խառնված հերոս պապ ունենալու հպարտությամբ ու երբեմն էլ պապի սկսածն ավարտելու կամ ավարտված տեսնելու ցանկությամբ։
Իսկ երբ խոսում էր հերոս պապի մասին, արցունքոտ աչքերը փայլում էին հպարտությունից ու նույնիսկ լացակումած ձայնի դողով սահուն պատմում էր պապի անցած ճանապարհի, դժվարությունների ու հաղթանակների մասին։ Պատմում էր՝ պապի կորցրած յուրաքանչյուր ընկերոջ կորստյան ցավով ապրելով ու յուրաքանչյուր թիզ հողի առաջընթացով ուրախանալով։
Պատմությունս Արցախյան պատերազմի մասնակից, «Սպիտակ» ջոկատի մարտական շտաբի պետ Սահակ Սահակյանի մասին է, ով պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Սահակ Սահակյանը, «Սպիտակ» ջոկատի կազմում մասնակցել է ջոկատի մղած բոլոր կռիվներին, կորցրել մարտական ընկերներ և անցել պատերազմական իրադրության ողջ թոհուբոհի միջով։ Պատերազմական իրադրությունը իր հուշերում ներկայացնում է հենց ինքը։
«1992 թ. մայիսի 28-ին պաշտոնական հանդիսությամբ հիմնադրվեց «Սպիտակ» անվանումով մեր ջոկատը։ Մեր նորաստեղծ ջոկատը հունիսի սկզբներին մասնակցեց Իջևանի շրջանի Վազաշեն, Այգեհովիտ գյուղերի ինքնապաշտպանությանը։ Հունիսի 16-ին մարտական նոր առաջադրանք ստացանք. հատուկ վաշտի կարգավիճակով, քառասուն հոգով մեկնեցինք ԼՂՀ։ Ծանր օրեր էին։ Մեր հատուկ վաշտի, Սիսիանի, Սևանի, Ստեփանակերտի ազատամարտիկները՝ Արկադի-Տեր Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրեցին Մարտակերի շրջանի շատ գյուղեր։
Համալրվելուց և ուժերը վերականգնելուց հետո օգոստոսի 4-ին «Սպիտակ» ջոկատը մեկնեց Կարմիրի շրջան, մասնակցեց Արծվաշեն գյուղի պաշտպանության համար մղվող կատաղի մարտերին։
1994 թ. հունվար-մարտ ամիսներին «Սպիտակ» ջոկատը մասնակցեց Օմարի լեռնանցքի 2րդ գրավման մարտերին և փառքով վերադարձավ տուն»։
Իսկ վերջում հարցիս, թե ինչպես է հիշում պապին, պատասխանեց.
-Ես նրան հիշում եմ ու կհիշեմ որպես հերոս: Նա ինձ համար հերոսի իսկական մարմնացում է։
Հ.Գ. Այնքա՜ն կցանկայի, որ նյութս լիներ ոչ թե հիշողությունների ու պատմությունների հիման վրա, այլ հարցազրույց հերոս սպիտակցու հետ, որով բոլորս հպարտանալու առիթներ և որից սովորելու շատ բան ունենք։

Հումորիստը
Նավակ, ձի, թագուհի

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի
Նավակ, ձի, փիղ թագուհի, թագավոր, զինվոր, սեւ, սպիտակ… Քո հերթն է խաղալու, քայլ արա, երկար մի մտածիր. Ժամանակդ կգնա…
Արդեն վեց տարի` ամեն օր այս ձայների տակ եմ դաս անում, գնում նրա փոխարեն խանութ, սովորում նրա դասերը, երաժշտությունը ականջակալներով լսում, ես եմ դասավորում գրադարակը, ես եմ օգնում մայրիկին: Արդեն վեց տարի է` մեր տան մի փոքրիկ անկյունում գտնվում է սեւ ու սպիտակ վանդակներով մի երեւույթ: Երեւույթ, որովհետեւ… Որովհետեւ ես գլուխ չեմ հանում` ոչ սեւ ու սպիտակ տախտակից, ոչ դրանց վրա կանգնած խաղաքարերից: Նույնիսկ զարմանում եմ, երբ տեսնում եմ տախտակի առջեւ նստած, գլուխը ձեռքերով բռնած ու անթարթ հայացքով աղջկան: Ինչպես է կարողանում ժամերով կտրվել իրական կյանքից: Իսկ, երբ խոսում ես հետը, գիտեք, ինչքան ծիծաղելի է` սկսում է մտածել, բառերն է դասավորում, որ մտքերը ճիշտ ասի, մտածում է սխալ բան չասելու մասին, ինձ թվում է, ինչպես շախմատում, կյանքում էլ` մտածում է մի քանի քայլ առաջ: Մայրիկի այն հարցին, թե` Նարե, դասերդ սովորել ես, Նարեն երկար մտածում է ու պատասխանն է լինում.

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի
-Ես դասս պատասխանել եմ մեկ շաբաթ առաջ, ընթացքում գրել ենք երկու գրավոր աշխատանք, մի օրը դասի չեմ գնացել. Ինձ դաս չեն հարցնելու, վաղը գրավոր ենք գրելու: Կարող էր, չէ՞, պատասխանել, որ գրավոր են գրելու, բայց ոչ: Նարեն պետք է ամբողջ անցածը վերլուծեր, այնպես, ինչպես իր յուրաքանչյուր շախմատային պարտիան է վերլուծում: Ինձ նույնիսկ թվում է` թե ինքը գիտի, թե ինչ է լինելու վաղը, մյուս օրը, որ մտքում ամեն օրվա ավարտին, վերլուծում է իր օրը, դրա համար էլ, օրվա ընթացքում արտասանած նրա բառերը մաթեմատիկայից ամենաթույլն անգամ կարող է հաշվել: Չզարմանաք, երբ հարց տաք նրան ու սպասեք մի քանի րոպե` պատասխանն իմանալու համար: Թե ինչ է մտածում, ոչ ոք չի կարող ասել: Մի անգամ էլ` իր շախմատի ուսուցիչը ասել էր մայրիկին, որ Նարեն չի խոսում, միայն մտածում է: Երեւի դժվար գտնվի մի մարդ, որ հասկանա շախմատ խաղացողներին, ես չեմ հասկանում: Միայն կարող եմ ասել, որ նրանք այլ աշխարհում են ապրում, որտեղ ապրում են թագուհի-թագավոր, մի շարք զինվորներ, այդ աշխարհը սեւ ու սպիտակ է, այնտեղ բոլորը լարված են, մտածում են: Նարեին կարող ենք տեսնել կամ տանը, կամ էլ շախմատի դպրոցում: Երկու դեպքում էլ` շախմատի տախտակի առջեւ նստած, երկու դեպքում էլ լուռ: Էլ չասեմ` երբ վերադառնում է մրցումներից հետը խոսել չի լինում, նույնիսկ դեմքից չես կարող գուշակել` հաղթել է, թե պարտվել: Միշտ խաղերից հետո դեմքի նույն արտահայտությունն ունի: Դե, մեր տանը մի քիչ էլ արտոնություն ունի: Նախ` տան փոքրն է, հետո էլ ինքը պետք է շախմատ խաղա, իսկ տան մնացած հարցերի հետ ինքը գործ չունի: Դե, ես եմ տուժվում, բայց հետո, երբ տեսնում եմ քույրիկիս շախմատային արդյունքները, տեսնում նրա հաջողությունները, պատրաստ եմ լինում ամբողջ գործը ես անել, միայն հասնի հաջողության ու դեմքի արտահայտությունը մի փոքր փոխվի: Ու, չնայած քույրիկներ ենք, բայց ոչնչով նման չենք, այսպես ասում են, մեր բոլոր ծանոթները:

Լուսակարները` Chess Academy of Armenia-ի ֆեյսբուքյան էջի
Ես չգիտեմ, թե քույրս ինչ է գտել շախմատի մեջ, բայց այդ շախմատը ձեւավորել է մի այլ Նարեի: Նարեն մի քիչ այստեղ է, մի քիչ` իր մտքերում…
Շատ սիրուն ու հեռացող մի դարաշրջան
Մի օր զրուցում էի տատիկիս հետ, և նա պատմեց իր ուսուցչի՝ ընկեր Գրիշա Ադամյանի մասին: Պարզվեց, որ նա ողջ է և մոտ 90 տարեկան է: Ընկեր Ադամյանն ինձ շատ հետաքրքրեց, ծանոթ մարդկանց միջոցով տեղեկություններ հավաքեցի և գնացի հարցազրույցի: Ցավոք, ընկեր Ադամյանը չպատասխանեց իմ բոլոր հարցերին, քանի որ արդեն ծեր էր և չէր կարողանում մտքերը հավաքել:
Ընկեր Ադամյանը՝ Ադամյան Գրիշան, երկար տարիներ դասավանդել է հայոց լեզու և գրականություն Ապարան քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 դպրոցում: Վաղ տարիքում զրկվել է հորից և մորից: Նրան միայնակ պահել և մեծացրել է տատիկը: Որբ երեխան, ճրագի լույսի տակ սովորելով, գնացել է Երևան և ընդունվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: -Ես հիմա ասես մեռած լինեմ, աչքերս քոռցե, բան չտենամ:
-Գիտե՞ք այնպիսի աշակերտների, ում դուք դասավանդել եք, և նրանք Ձեր ճանապարհով են գնացել:
-Մեր մոտ Ավետիքն էր շատ սիրում լեզու: Գիշեր-ցերեկ գրքեր ուներ, բերում կարդում էր: Էն ներքի թաղերն էլ կան: Մանուկյան Մարատն էր: Նույնիսկ իմ աղջիկն էլ՝ Գայանեն (թոռնուհին): Գայանեն լավ լեզու գիտի: Աղջկերքի մեջ էնի շատ լավ գիտի: Իմ մասնագիտությունով Հովհաննեսն ա (քանի որ ընկեր Ադամյանը ինձ չէր ճանաչում, բնականաբար չիմացավ, որ Հովհաննեսը իմ հարազատ հորեղբայրն է, ես էլ չընդհատեցի նրան): Քանի տարի ա Բլխեր (Շենավան) դաս ա տալիս: Որ սիրտ ունենայի՜, բալա ջան: Ինձնից մի նեղվի: Տենում ես իմ հալը: Հետո մի հատ աղջիկ էլ կար Հարթավանում: Քանի տարի դաս կիդեր: Բայց թույլ էր: Էնի ըսկի իրա անուն գրել չգիտի: Էնի տղաներով ա զբաղված: Մեր դպրոցում Ավետիքի երեխեքն էին ընդունակ, ինքն էլ էր ընդունակ:
1952 թվին ընդունվա համալսարան: Վեց տարի սովորեցի: Էն Մարգարյանի մոտ կարաս գնաս: Էնի նայած լավ ա, ոչինչ: Ոչ թե լավ ա, նա ինձնից փոքր ա: 10-16 տարի փոքր ա: Նա դեռևս մի 10 տարի կապրի: Նրա փեշը բռնի: Լավերից նա ա մնացել: Քեզ մի քիչ ուղղություն ցույց կտա: Իմ գրքերուց էնի տարավ, միջև հիմա հլը չի տվել: Դու լավ մարդու աղջիկ ես: Ես քեզ կօգնեի:
-Ի՞նչ տարբերություններ կան Ձեր ժամանակվա երեխաների և ներկա սերնդի միջև:
-Էն վախտ լռություն կար: Ավետիքն էր: Շուտ մահացավ, շուտ: Կարճ տևեց նրա կյանքը: Մենք պլաններ ունեինք՝ ուր գնայինք: Էն լճափ գնայինք: Ավետիքի հետ գնայինք ամենուր, բայց Աստված չթողեց: Դու Մարգարյանի մոտ գնա: Էդ երկուսի: Մեկ էլ Հովհաննեսի: Հովհաննեսն էր գալիս ինձ մոտ, խորհուրդներ հարցնում, գրքերս կարդում: Առաջվա մանկավարժներից Ղարաքիլիսեն կար, Բլխեր: Հիմա ոչ մեկը չկա: Մենակ Ավետիքը լավ լեզու գիտեր, էն էլ էդպես կարճ տևեց: Ես էլ լալ ու կյառ եմ դարձել: Տենում ես, Անուշ ջան: Ես սիրով քեզ կօգնեի, բայց վիշտս ծանր ա: Գիտես՝ կին չունեմ, անտեր: Ի՞նչ անիմ, ինչպե՞ս ապրիմ, ինչպե՞ս շնչիմ: Որ նույնիսկ չկարողանամ սափրվեմ, Անուշ ջան: Էդպես: Սրանք որ գրել ես, էս հարցադրումնե՞ր են: Ինչ սիրուն գրել ես, աչքերս լավ չի տեսնում (ասելուց հետո վերցրեց տետրը ձեռքիցս և առանց ակնոցի կարդաց հարցերը):
-Ձեր աշակերտներից կա՞ն մարդիկ, որ հիմա հայտնի են դարձել:
-Գրիգորյան Լյովան: Գլխավոր բժիշկ ա: Իրա սեփական հիվանդանոցն ունի: Ես էն վախտ հազար կտոր գիրք ունեի, իսկ հիմա մի կտոր գիրք կա: Մեր տան լրիվ գրքերը սաղ տարած: Իմ կինս էլ մահացավ, ես էլ թոռոմա: Իմ գրքերը սաղ տարած, թալանած:
-Ինչպիսի՞ն էր Ձեր վարվելաձևը աշակերտների հետ:
-Բարի եմ եղել, շատ լավ հասկացրել եմ, սովորեցրել եմ: Առանց ինձ ոչ մի տեղ չէին գնա, Անուշ ջան: Լավ, գերազանց սովորեցրել եմ: Էդքան հաց չէի ուտում, մի կտոր հաց չէի առնի, ուտեի, որ գիրք առնեի: Գրքերս սաղ գողցան ավազակները:
-Ինչո՞վ եք տարբերվել մյուս ուսուցիչներից:
-Լեզվի ճոխությամբ: Լեզու ես շատ լավ գիտեմ: Ես լավ կարդացել եմ ու բացատրել եմ: Ով եկել ա գյուղ, խոսացել եմ: Թաղման տեղերին իմ նման խոսող չկար, եթե ուզում ես իմանաս: Այ, դրանով եմ տարբերվել: Սեր ունեի, սեր: Գիշեր-ցերեկ կարդում էի, սեր ունեի, Անուշ ջան:
-Կպատմե՞ք Ձեր դպրոցական և ուսանողական կյանքից:
-Է՜, այ քու տունը շեն, էտի ըսկի Կամոն չկռնա պատմա (այդպես էլ չկարողացա իմանալ՝ ով է այդ Կամոն): Ասեմ, որ ուսանողական 6 տարիներին սովորածիցս 6 րոպե չմոռցա: Ինչքան գիրք կար էդ գրադարանները, ես բոլորը կարդացի, Անուշ ջան: Հետո եկան ուսանողական տարիները, արդեն ավելի պարտաճանաչ դարձա, ավելի շատ դժվարություններ եղան: Հա, մեր շրջանից մեկը կար՝ Քերոբյան Քերոբ: Մեր դպրոցի դիրեկտորն էր: Չնայած էտի էս եռսուն տարի ա՝ մեռել ա: Մեր էս գյուղի դպրոցի հիմնադիրն ա: Մեր դպրոցում էդ վախտ տեղացի դիրեկտոր չի եղել: Ես որ գնացել եմ դպրոց, հիշում եմ՝ Սաման անունով կին կար: Մահացել գնացել ա: Մադաթյան Մադաթ, Մադաթյան Սերոբ: Հիմա մարդ չկա, կենդանի են Ռազմիկը, Մարգարյանը: Կարաս՝ Չապաևի մոտ գնա: Էն էլ լեզու լավ գիտեր, լավ զբաղվում ա, կարդում ա, գրում ա:
-Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել մեր լեզուն, մեր երկիրը:
-Մեր լեզուն լավն ա, մեր լեզուն փառահեղ է և մի քանի ածականներ կկպցնես՝ կգնա, էլի: Մեր հայոց լեզուն լրիվ անաղարտ, մաքուր, լավ լեզու է: Բոլորը սիրել են: Մեր լեզուն աշխարհի հարուստ լեզուներից մեկն է: Հարուստ:
-Ինչպիսի՞ն էր երկիրը 1940-ական թվականներին:
-Վայ, ցավով, ցավով: Հայրենական պատերազմը սկսվավ 1941 թվականին, ավարտվեց 1945-ին: Ես պատերազմ չեմ եղել: Ես պատերազմ չգնացի, որովհետև մեր տանից 3 հոգի գնացին և զոհվեցին: Մենակ ես մնացի պուպու (միայնակ):
-Ովքե՞ր էին:
-Իմ հայրը և հարազատ եղբայրները: Անհայտ կորան, գնացին ու գնացին: Մեր գյուղում ամենից շատ մեր տանը վնաս եղավ: Լավ չանցավ, էլի, կյանքս: Էս վերջին տարիներին էլ կնոջս մահը: Գիշեր-ցերեկ լաց եմ լինում, Անուշ ջան: Ինչի՞ հիմա Ավետիքը չըլներ, նստեինք ավտոն, քշեինք: Ղարաքիլիսա քշեինք, Աթմագյուղ, ուտեինք, խմեինք, ուրախանայինք, վերադառնայինք: Արդեն 90-ն անց եմ: 1927 թվին եմ ծնվել:
-Ի՞նչ սիրած գրողներ եք ունեցել:
-Է՜, ծով ա: Թումանյան, Չարենց, Իսահակյան, Նարեկացի… Ամենից շատ Թումանյան եմ սիրել. նրա հայերեն բանաստեղծությունները: Է՜, կյանքս գնաց, բան չհասկացա: Հազար կտոր գիրք ունեի, էդ էր…
Ես այլևս հարցեր չտվեցի, թեև շատ էի պատրաստվել այդ հարցազրույցին: Մի բան ընկեր Ադամյանն անընդհատ հիշում էր ցավով. իր գրքերը, վաղ մահացած ընկերոջն ու սիրելի կնոջը…
Նկարչի աշխարհը
Տարիներ առաջ գարնանային արևոտ մի օր ես որոշեցի ձնծաղիկ հավաքելու գնալ՝ մայրիկիս նվիրելու: Հետաքրքրասիրությունս շարժեց մի անծանոթ մարդ, ով հովանոցի տակ կանգնած նայում էր հեռուները: Մոտեցա նրան, և տեսա, որ նկարում էր մեր գյուղի զարթնող բնությունը: Ձնծաղիկներն այնքա՜ն գեղեցիկ էին:
Այդ օրվանից ես սկսեցի հաճախակի տեսնել այդ անծանոթին:
Նա ժամերով կանգնում էր ու անվերջ նկարում՝ նույնիսկ եթե շատ շոգ էր կամ շատ ցուրտ: Շուտով նա արժանացավ գյուղացիների համակրանքին, վայելեց թե մեծերի եւ թե փոքրերի հարգանքը: Նրան սկսեցին կոչել նկարիչ Հակոբ: Հիշում եմ, երբ նրան տեսնում էի նկարելիս, իմ գույնզգույն մատիտները վերցնում և վազում էի նրա մոտ, փորձում էի ինքս էլ նկարել:
Գուսանագյուղցիները շատ են հարգում իրենց նոր համագյուղացի նկարիչ Հակոբին և համարում են, որ նա մեր գյուղի պատվավոր նկարիչն է:
Հարցազրույց նկարիչ Հակոբ Հովհաննիսյանի հետ
-Նախ, կուզենայիք պատմեք Ձեր մասին. ինչպե՞ս որոշեցիք զբաղվել նկարչությամբ:
-Դե, ես բոլորի նման փոքր ժամանակից նկարչական դպրոց եմ գնացել՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոց: Երևանում էլ եմ սովորել, հետո սկսել եմ նկարել: Երկար տարիներ ապրել եմ ՌԴ-ում, շատ երկար՝ մի 20-22 տարի, հետո եկա Գյումրի 2003թ., իսկ ավելի ուշ այս գյուղը՝ Գուսանագյուղ, ու շատ սիրեցի, ցանկացա այստեղ ապրել և նկարել:
Նկարում եմ, ցուցահանդեսների եմ մասնակցում: Շատ եմ սիրում այս գյուղը, գյուղացիներին: Ինձ համար Գուսանագյուղը ոգեշնչող է: Ես էստեղից եմ ստանում իմ էներգիան: Էստեղ կա նկարչական խորհուրդ, երեխաներին եմ դասավանդում՝ շատ լավն են: Այս գյուղը իմ մանկության կորցրած գյուղն է: Ես որ փոքր էի, իմ ծնողները թույլ չէին տալիս գնալ իմ տատիկ-պապիկի մոտ: Երբ եկա այստեղ, ասես հետ բերեցի իմ կորցրած տարիները և իմ մանկությունը վերապրեցի:
-Իսկ դուք այս գյուղի՞ց եք եղել արմատներով:
-Ոչ, իմ տատիկն ու պապիկը Ջաջուռ գյուղից էին: Երբ եկա էստեղ, շատ նմանություն գտա, ցանկություն առաջացավ ապրել այստեղ, և տուն գնեցի:
Այստեղ ես հիմնականում բնանկար եմ նկարում, քանի որ բնանկարն է ամենից շատ ինձ հուզում, բայց առաջ ես շատ ժանրերով էի նկարում, իսկ հիմա դա է ամենից շատ ինձ հուզողը:
-Ասացիք, որ հիմնականում բնանկար եք նկարում, և մեր շատ հայ նկարիչներ, որ բնանկար են նկարում, հենց Շիրակից են: Բայց Շիրակը առանձնապես գունառատ չէ: Ինչո՞վ դա կբացատրեք:
-Շիրակը գունառատ է, դուք դա չեք նկատում: Գիտե՞ք ինչու: Դուք նկարիչ չեք: Գունառատը հարաբերական է: Շատ միստիկ, հետաքրքիր մարզ է Շիրակի մարզը: Եթե դուք ունենայիք նկարչի աչք, ապա կտեսնեիք, որ լույսը, տարածքը և ռելիեֆը շատ հետաքրքիր են: Էստեղ լավ նկարիչներ են եղել՝ Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Անանիկյան… Որ էստեղ խաղող չկա, դա չի նշանակում, որ էստեղի բնությունը վատն է: Շիրակի մարզը շատ խորհրդավոր տարածք է: Եթե մի քիչ շատ ման գաք, ուսումնասիրեք, կհամոզվեք, որ նկարչական իմաստով այն գեղեցիկ տարածք է: Ավետիք Իսահակյանն էլ է էստեղից, պոետ Աշոտ Ավդալյանն էլ: Գյուղում աշնանը, վաղ գարնանն է սիրուն, նույնիսկ էս ցեխոտ փողոցները սիրուն են: Ուղղակի դա պետք է տեսնել:
-Մինասին հենց նայում ենք, ամբողջությամբ վառ, պայծառ գույներ են: Իսկ Շիրակում այդ գույները չես հանդիպի:
-Ես անձամբ շփվել եմ Մինաս Ավետիսյանի հետ: Դա գիտե՞ք ինչից է: Էդ վառ գույներով չի, որ Մինասը լավ նկարիչ է, կարելի է վառ գույներով նկարել, բայց վատ նկարել: Դրանից չէ, որ Մինասը, Սարյանը լավ նկարիչներ են: Նրանց հակառակ, կա Մարտին Պետրոսյան: Դուք տեսե՞լ եք նրա նկարները: Նա փառահեղ նկարիչներից է: Կան բաներ, որ կախված է ընդհանուր գունային համադրությունից, նկարչի տեսակից: Էնպես որ, ոչ միայն Սևանում կարելի է հանգստանալ, այլ նաև այստեղ: Պարզապես դա տեսնել ու զգալ է պետք:
Էս տարածքը շատ խիստ է: Ոչ միայն բնությունը, մարդիկ էլ են այս բնության պես խիստ: Արարատյան դաշտավայրում ուրիշ են: Էստեղի բարբառը, լեքսիկոնը ուրիշ է: Ինչ մնում է տարածքին, այն շատ սիրուն է նկարչական առումով: Դուք որ նկարիչ լինեիք, կհասկանայիք: Էդ կարմիր-կապույտ գույները, որ Մինասը տեսել է, նույն գյուղն է, ուղղակի նկարիչը մի քիչ ուրիշ տեսակ է տեսնում սառը-տաք հարաբերությունները: Սառը կապույտի տեղը նա կարող է դնել ուրիշ գույն, տաքի տեղը, ասենք, դեղին: Տեսնել միայն նկարելով դա քիչ է: Նկարը պիտի զգաս, դա ֆոտո չէ: Արտանկարելը ուրիշ է: Նկարիչը վերարտադրում, իր միջով է անցկացնում, նկարում է զգալով: Մինասի նկարների մեջ էնտեղի բնությունը էդպես չի: Սարյանը, երբ որ նկարել է, կինը ծիծաղել է, թե կարմիր ծառ կամ դեղին գետ կա՞:
-Կպատմե՞ք ձեր նկարչական խմբի մասին: Ինչպե՞ս եք երեխաներին հավաքել, ի՞նչ եք սովորեցնում:
-Նկարչական խումբը դպրոցի երեխեքն են, իրենց ցանկությամբ են գալիս: Նկարում ենք, մեկ-մեկ ներկայացումների ու ցուցահանդեսների, նկարահանումների ենք գնում: Իրենք շատ են սիրում նկարել, տարբերվում են քաղաքի երեխաներից: Կապված են բնության հետ, առանց երկմտելու կարող են նկարել, օրինակ, կով, ոչխար: Իսկ քաղաքի երեխեքը չեն կարող: Նրանք պիտի նկարեն գրքերից, մուլտերից: Շնորհալի, ակտիվ ու տաղանդավոր են մեր երեխեքը: Նրանք ակադեմիական կրթություն չեն ստանում, նրանք փոքրերն են: Նրանցը մինչ ակադեմիականն է, այսինքն, շեշտը դրված է երևակայության վրա: Մենք իրենց չենք սովորեցնում համաչափություն, գունատեսություն, ծավալի հասկացություն: Կարևոր չէ, թե նրանք ոնց են նկարում: Կարևորն այն է, թե նրանք ոնց են մտածում ու ինքնաարտահայտվում: Ակադեմիական կրթության ժամանակ, օրինակ, շեշտը դրված է, թե ոնց են նկարում խնձորը, կճուճը, չափը, ձևը, գունային համադրությունը… Ամեն ինչ նշանակություն ունի: Տարբերությունը դա է փոքրերի ու մեծերի մեջ:
-Իսկ երեխաների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք հետագայում նկարչությամբ կզբաղվեն:
-Հիմա դա չի երևա. նրանք առաջին անգամ են շփվում ներկի, գույնի, վրձնի հետ: Դա նրանց հեքիաթային մանկությունն է: Կարող է նկարիչ չդառնան, բայց նրանց մեջ ճաշակ է ձևավորվում: Նկարիչ դառնալու համար խմբակները կարևոր չեն: Լավ է իմանաս նկարչության մասին: Արամ Խաչատրյանը ավարտել է ֆիզիկայի ֆակուլտետը, բայց հետո սովորել է կոնսերվատորիայում: Քչերի մոտ կստացվի էդ համապատասխանությունը: Իմ կորցրած մանկությունը ես վերականգնել եմ գյուղ գալով: Եթե հայրս թողներ, որ ես գնայի-գայի գյուղ, ես էդ պակասը չէի զգա: Իմ մեջ կարոտը դեպի գյուղ մնացել էր: Երաշխիք չկա, որ երեխաները կդառնան նկարիչներ: Ոչ ոք չի ծնվել ինչ-որ մասնագետ դառնալու համար, այն ընտրում են տարիների ընթացքում: Ընտրությունը բարդ բան է:
-Դժվար չէ՞ր քաղաքից գյուղ տեղափոխվել, հարմարվել:
-Գիտե՞ք ես ինչ քաղաքներում եմ ապրել: Ես ապրել եմ Ս.Պետերբուրգում 22 տարի: Էնտեղ աշխատում էի: Էս գյուղը ձեր պատկերացրածը չի, որ ես տեսնում եմ: Էական չի սոցիալական վիճակը, հարմարությունը: Ստեղծագործող մարդու համար քիչ բան է պետք. քաղաքից դուրս հանգիստ տեղ ապրել, ստեղծագործել: Ես մենակ չեմ. ինձ նման շատ կան հասարակ մարդիկ, ու շատ լավ է էստեղ ապրելը:
-Իսկ ստեղծագործելու առումով ո՞րն է քաղաքի և գյուղի տարբերությունը:
-Քաղաքում կարող է ձեր նման մի քանի խումբ մոտենա, ճանաչի քեզ, ուզենա զրույցի բռնվել: Իսկ էստեղ քիչ են գալիս, և ինձ համար դա լավ է: Շատ ես ուզում մնալ մենակ՝ ինքդ քեզ հետ, զբաղված ես, ունես աշխատելու ժամանակ ու ստեղծագործելու: Քաղաքում բարդ է: Հոգնել եմ քաղաքում ապրելուց: Քաղաքում ես մասնակցում եմ ցուցահանդեսների, շփվում եմ այլ նկարիչների հետ ու նորից վերադառնում իմ գյուղ:
-Ձեր կարծիքով Դուք գտե՞լ եք ձեր կոչումը որպես նկարիչ:
-Ես փոքր հասակից՝ 5-6-րդ դասարանից նկարել եմ մեծ սիրով: Ամեն ինչ շատ բարդ է. պետք է ասելիք ունենաս ու ցանկություն, թե չէ ոչ մի բան չի լինի: Եթե նորից ծնվեի, կնկարեի նորից: Կան բաներ, որ քո մեջ պիտի լինի, ոչ թե սովորեցնում են: Պիտի ազատ մնաք, որպեսզի դուք էլ գտնեք ձեր մասնագիտությունը: Գործը միայն փող աշխատելով չէ: Շատ պոետներ չեն սովորել: Շիրազը չի սովորել. նա բանասեր չէր: Լավ մասնագիտությունը լավ մարդն է՝ անկախ նրա պաշտոնից: Նա լավատես է, ուրախ է ամեն լավ բանի համար:
-Երբ մենք ներս մտանք, հայ-ճապոնական ցուցահանդեսի պաստառ տեսանք: Համագործակցո՞ւմ եք տարբեր ազգերի նկարիչների հետ:
-Ցուցահանդես եղավ Տոկիո-Երևան: Սկզբում մեր ցուցահանդեսն էր, հետո իրենք եկան Հայաստան՝ մասնակցեցին: Նրանք մոտ 20 հոգի էին: Մենք մասնակցում ենք զանազան ցուցահանդեսների Եվրոպայում, Ճապոնիայում, Ամերիկայում: Կապ չունի, թե որտեղ է ապրում նկարիչը: Մի ռուս գրող կար՝ Սոլժենիցինը, նրան քաղաքական հայացքների համար ժամանակին վտարեցին Խորհրդային Միությունից: Գնաց Ամերիկա, հետո հեռուստատեսությամբ ցույց տվեցին: Մի խուլ տեղ էր ապրում, էս իմ ապրած տեղը ավելի լավ էր. ոչ պարիսպ կար, ոչ բան: Հեռվում դրված էր տեսախցիկ, որ չմոտենային տանը… Կիսափլված տան մեջ էր ապրում: Պարիսպը փշոտ ծառեր էին:
-Իսկ Ձեր կարծիքով հայ նկարիչները տարբերվո՞ւմ են այլազգի նկարիչներից և ինչո՞վ:
-Իհարկե, այո: Մենք անգամ փոքր Հայաստանի մեջ ենք տարբերվում իրարից: Ասացի, չէ՞, Շիրակի մարզն ու Արարատյան դաշտավայրը օրինակ: Ամերիկայի, Եվրոպայի և Հայաստանի նկարիչներն էլ բնականաբար տարբերվում են իրարից մշակութային առումով:
Հարցազրույցը վարեցին՝ Մերի Հարությունյանը, Արթուր Սահակյանը, Դիանա Շահբազյանը, Լիլիթ Կարապետյանը
Հարցազրույցը գրի առավ՝ Մերի Հարությունյանը