Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

grigor hakobyan

Չեմպիոնի ճանապարհը

Հարցազրույց Դավիթ Մադոյանի հետ

Ինձ համար մեծ պատիվ է մարզվել և շփվել բազկամարտիկ Դավիթ Մադոյանի հետ: Նա ոչ միայն շատ ուժեղ է, այլ նաև շատ լավ մարդ, որի հետ շփվելիս միայն հաճույք կարող ես ստանալ: Կհամոզվեք, երբ այս հարցազրույցը կարդաք:

-Դավիթ ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիր այս սպորտաձևը:

-Դեռ մանկուց, երբ դպրոցական էի, շատ էի փորձում բազկիս ուժը դասընկերներիս հետ: Այն ժամանակվանից զգացել եմ, որ ինձ դուր է գալիս այդ սպորտաձևը, բայց մեր մարզում չկար այդպիսի խմբակ, որտեղ ես կարողանամ բազկամարտով զբաղվել:-Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես սպորտով 

-13 տարեկանից զբաղվում եմ: Արդեն 16 տարեկանում հաճախեցի բազկամարտի և զգացի, որ այդ սպորտաձևում եմ ինձ ամբողջական զգում: 3 տարի 8 ամիս է, որ զբաղվում եմ բազկամարտով:

Նշեմ, որ նա մասնակցել է մայիսի 20-28 –ին Եվրոպայի առաջնությանը՝ Ռումինիայում և նվաճել ոսկե մեդալ:

-Ի՞նչ զգացիր, երբ նվաճեցիր ոսկե մեդալ: 

-Սկսեմ նրանից, որ ես նախ գնացել էի թուրք մարզիկին հաղթելու, և նոր արդեն մտածելու մնացածի մասին: Հաջողությամբ հաղթեցի թուրք մարզիկին, և կարծես մի բոց վառվեց մեջս, և շարժվեցի առաջ, հաղթեցի 6 մարզիկի և նոր դուրս եկա բուլղարացի մարզիկի հետ եզրափակիչ:

Եզրափակիչում միայն ոսկու մասին էի մտածում: Դուրս եկա, մեծ վստահությամբ արեցի գործս և իջա բեմից: Չէի հասկանում` ինչ եմ արել, մինչ այն ժամանակ, երբ կանգնեցի պատվո հարթակի առաջին հորիզոնականում, և հնչեց օրհներգը, նայեցի` թուրք մարզիկները և ողջ տրիբունան ոտքի կանգնած էր, չեմ կարող բացատրել այդ զգացողությունները: Հույզեր, ուրախություն, հպարտություն և անհասկանալի շատ զգացումներ: Երբ իջանք «Զվարթնոց» օդանավակայանում, մեզ մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Այդ ժամանակ էլ ես զգում` դու ինչ ես արել քո ազգի համար:

-Դու նաև այս տարի հոկտեմբերի 1-ից 11-ը մասնակցեցիր աշխարհի առաջնությանը՝ Բուլղարիայում, որտեղ գրավեցիր 3-րդ տեղը: Մի փոքր պատմիր այդ մասին:

-Այս տարի մասնակցեցի աշխարհի առաջնությանը: Ասեմ, որ 72 երկրից 1200 մասնակից կար, և ես նվաճեցի բրոնզե մեդալ ոսկու փոխարեն: Ինչո՞ւ, որովհետև երբեմն լինում են թուրք մրցավարներ և ստիպում են պարտվել: Ծիծաղելին այն է, որ ես պարտվել եմ այն մարզիկին, ում Եվրոպայում հաղթել եմ, և նա գրավել էր 3-րդ հորիզոնականը: 

Ես չեմ ընկճվում այդ անարդարությունից, ավելին, ես շատ ջանք եմ թափելու, որպեսզի 2017 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնությանը ոչ մի անարդարություն չկարողանան իմ դեմ օգտագործել:

Մենք միշտ քո կողքին ենք, Դավիթ ջան, և ցանկանում ենք նորանոր հաղթանակներ:

Sofya Tadevosyan

Պապս

Այս մարդուն չճանաչելու և միայն նրա գործերին նայելու դեպքում երբեք չեք հավատա, որ նա ունի ընդամենը մեկ ձեռք՝ ձախը, և այդ ձեռքի վրա ընդամենը չորս մատ:

Եղիազարյան Գագիկ Բալաբեկի: Իմ պապիկը: Մարդ, ում ճանաչում և հարգում են ոչ միայն Գագարինում, այլև ամբողջ Գեղարքունիքի մարզում: Ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 30-ին Դդմաշենում:

Սովորել և ավարտել է տեղի դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: Ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, պապս էլ էր երազում ընդունվել համալսարան, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել, և ի վերջո, ընտանիք կազմել: Սակայն սկսվեց Հայրենական պատերազմը: Իսկ ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պատերազմ կիսատ է թողնում մարդկանց երազանքները: Գալիս է, որպեսզի մի հարվածով վերացնի ներկայի, անցյալի ու ապագայի սահմանը: Որպեսզի բոլոր մարդկանց կյանքը կիսի մինչ և հետպատերազմյան շրջանների:

1943 թվականն էր, և նոր դպրոցն ավարտած պապս իրենց գյուղի 28 կամավորների հետ զինվորագրվեց: Այդ թվականի հուլիսի 6-ին մեկնեցին Կուրսկի ճակատամարտ, իսկ մինչև այդ վերապատրաստվել էին Դիլիջանում, որտեղ պապս ստացել էր կրտսեր սերժանտի կոչում: Դաժան մարտեր էին մղում Կուրսկի մոտ, որտեղ որոշվում էր երկրի լինել-չլինելու հարցը:

Պապս կռվում էր Սիվաշյան-շտետինյան 15-րդ հրաձգային դիվիզիայում:

-Պապի, իսկ հիմա հիշո՞ւմ ես, թե ինչ մարտերի ես մասնակցել,- հարցնում եմ ես:

-47-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցել եմ Կուստորնոյի, Մալոարխանգելսկի, Յասնայա Պոլյանայի, Ստուդենեցի, Լոնի, Օսիպովիչի…,- անընդհատ թվարկում է նա, իսկ ես ընդհատում եմ և հարցնում պատերազմում ապրած իր ամենադժվար օրվա մասին:

Պապս հոգոց է հանում և սկսում է պատմել.

-Դնեպրի վտակ Սոժայի գետանցումը…

Պապիկս սևանցի էր, Հրազդանի ափին մեծացած մարդ, ով հաճախ կռիվներ էր վարել գետի ալիքների հետ, կռվել ու հաղթել: Դրա համար էլ իր գնդացրային ջոկին հանձնարարել էր ռադիոբարձրախոսը անցկացնել գետի մյուս ափը:

Իսկ 1944 թվականի հոկտեմբերի 15-ին Ռիգայի ծովափում ընկել էին ռմբակոծության տակ, ու հենց այդտեղ էլ պապիկս կորցրել էր աջ թևը: Մոտավորապես չորս ամիս նա անցկացրել է հոսպիտալում, հասել է մինչև հեռավոր Վլադիվոստոկի հոսպիտալը, իսկ պատերազմից հետո վերադարձել է հայրենի գյուղ:

Պատերազմն ավարտվեց, բայց աշխատել էր հարկավոր, ապրել ու նորից կառուցել այն, ինչ պատերազմը քանդել էր և վերացրել: Վերադառնալով հայրենիք` դարձավ Դդմաշենի ակումբի վարիչ: Աշխատելով մեկ տարի՝ անընդհատ մտածում էր ուսումը շարունակելու մասին: 1951 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը և այն ավարտել է 1955 թվականին: 1956 թվականին նշանակվել է նախկին Ավանի՝ ներկայիս Գագարինի դպրոցի տնօրեն և աշխատել է մինչև 2004 թվականը:

Ահա թե ով է իմ պապը:

Մենք` բաղանիսցիներս, այստեղ ենք

Հարցազրույց Բաղանիս գյուղի բնակիչ Սերյոժա Առաքելյանի հետ: Սերյոժան «Մանանա»-ի թղթակիցներից է: Ծանոթացել ենք Դիլիջանի մեդիա ճամբարի ժամանակ: Որոշեցի Սերյոժայից հարցազրույց վերցնել, քանի որ ապրում է Բաղանիսում, որը սահմանից 700-800 մ է հեռու, իսկ դա շատ վտանգավոր է:

-Ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում ես Բաղանիսում:

-Ճիշտ է, ես 16 տարեկան եմ, բայց 10 տարի է, ինչ ապրում եմ սահմանամերձ Բաղանիսում: 10 տարի, որովհետև ես փոքր ժամանակ Ռուսաստանում եմ ապրել ու Բաղանիս տեղափոխվել եմ 6 տարեկան հասակում:

-Պատմիր մի փոքր ձեր գյուղի մասին:

-Գյուղը, դե երևի արդեն տեղյակ կլինեք, գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, դիրքերի և գյուղի միջև ընկած հեռավորությունը 700-800 մ է: Վերջին հաշվարկներով բնակչության թիվը եղել է 835 մարդ: Գյուղից հեռացել է ընդամենը մի քանի ընտանիք`մի մասը տեղափոխվել է Երևան, իսկ մյուս մասը` Ռուսաստան: Բաղանիս անունը առաջացել է (բաղ) և (նիստ) անունից: (Բաղ) նշանակում է` այգի: Բաղ և նիստ անուններից առաջացել է` այգիների նիստ, Բաղանիս անունը, քանի որ գյուղի հարավային մասի ճանապարհի ներքևի հատվածը ամբողջությամբ այգիներ են, որոնց երկարությունը հասնում է 1կմ-ի:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Ես լսել եմ, որ համայնքների խոշորացման ծրագրով, ձեր գյուղը միացվել է այլ գյուղերի: Ի՞նչ կասես այդ մասին:

-Ես այդ մասին նյութ ունեմ գրած 17.am-ում, որտեղ նշել եմ տարբերությունը միացվելուց առաջ և հետո: Ներկայացված է նաև բացասական կողմերը: Բնականաբար, մարդիկ տրամադրված էին վատ, քանի որ գյուղի անուն չի լինելու: Էն ժամանակ այսպես էր. մեկ գյուղ` մեկ անուն, իսկ հիմա չորս գյուղ` մեկ անուն: Անվանվելու է Նոյեմբերյանի համայնք: Էն ժամանակ, ասում են էս գյուղի վրա են կրակել՝ շեշտվում էր գյուղի անունը, հիմա չեն ասելու, ասելու են` կրակել են Նոյեմբերյանի համայնքի վրա, որը իր մեջ ներառում է մի քանի գյուղ: Ճանապարհներ փակվեցին, ցույցեր կազմակերպվեցին, բայց անօգուտ: Գյուղերը միացան:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Դժվար չէ՞ արդյոք սահմանին այդքան մոտ ապրելը:

-«Սահմանին դժվար ապրել»` մի քիչ ճիշտ չէ ասված: Քանի որ ինչպես քաղաքներում, սահմանից հեռու գյուղերում են ապրում, այդ նույն ձևով ապրում են նաև այստեղ՝ Բաղանիսում: Այդ իսկ պատճառով, «դժվար» բառը կարելի է փոխարինել «վտանգավոր» բառով, քանի որ գյուղը գտնվում է հակառակորդի նշանառության տակ: Ամեն պահի կարող են կրակ բացել գյուղի վրա, դրա համար սահմանամերձ գյուղում ապրող յուրաքանչուր մարդ, այդ թվում նաև առաջին դասարանցի երեխան, գիտի, թե ինչ պետք է անի կրակոցների ժամանակ: Եթե գնացել է գյուղամեջ` խաղալու, կամ դպրոցից տուն է վերադառնում: Իսկ մնացած պարագաներում մտնում են նկուղ` մեծ զենքերից պաշտպանվելու համար:

-Գյուղացիները ինչո՞վ են զբաղվում: Աշխատանք կա: 

-Գյուղի հիմնական զբաղմունքներից է` անասնապահությունը, այգեգործությունը, բայց կրակոցների պատճառով որոշ գործեր մնում են անավարտ: Օրինակ, եղել են դեպքեր, երբ կրակոցների պատճառով գյուղացիները երկար ժամանակ այգի չեն գնացել, և բերքին հետևել չկարողանալու պատճառով, ամեն ինչ ջուրն է ընկել: Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և ծխախոտի արտադրությամբ: Գյուղում կան նաև մարդիկ, ովքեր պայմանագրային ծառայում են գյուղի զորամասում:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Եղե՞լ է, որ կրակոցներից տուժողներ լինեն ձեր գյուղում:

-Այո, շատ է եղել: Կրակել են գյուղի վրա և կպել են տարբեր տեղերի`կտուրներին, լուսամուտներին, գազատար խողովակներին: Իսկ գազատար խողովակներն էլ, բախտի բերմամբ, միացված չեն եղել, և փառք Աստծո, վնասները եղել են միայն նյութական:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Եղե՞լ են դեպքեր,երբ սահմանից զինվորները որևէ հարցով գան և դիմեն գյուղացիներին:

-Ճիշտն ասած, էդպիսի դեպք չեմ հիշում, քանի որ զինվորականները ապահովված են ամեն ինչով` թե սննդով, թե հագուստով: Երևի թե միակը բանը, որ գյուղացիներից հարցրել են, դա եղել է «տվարած» գնալու վերաբերյալ, թե առավոտյան որտեղ են տանելու անասունները արածացնելու, որպեսզի իմանան. արդյո՞ք ապահով վայր են գնալու, թե ոչ:

-Բաղանիսի երիտասարդությունը ինչո՞վ է զբաղվում:

-Կես կատակ-կես լուրջ կարելի է ասել, որ գյուղում զբաղվելու բան չկա, և այդ իսկ պատճառով մի մասը մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատելու, մի քանիսը պայմանագրային ծառայողներ են գյուղի զորամասում: Ու լինում է նաև, որ գյուղում կատարվող շինարարություններին են մասնակցում:

-Ի՞նչ խմբակներ կան գյուղում, կամ արդյո՞ք կան: 

-Խմբակներ չկան հիմա, ժամանակին եղել է կարատեի և պարի խմբակ: Բայց հիմա չկան այն պատճառով, որովհետև գյուղում չկա այնպիսի մի շինություն, որտեղ կարող են գործել այդ խմբակները:

-Ինչպե՞ս սկսեցիր ուսումնական տարին, ինչպե՞ս ես այս տարի տրամադրված: 

-Տրամադրված եմ «մարտական», քանի որ դասարանում 3 երեխա ենք: Ավարտական դասարան ենք, ունենալու ենք 3 հոգանոց «վերջին զանգ», և ամենակարևորը ինձ համար այն է, որ դպրոց գնալու առաջին օրը, սեպտեմբերի 1-ին իմ ծննդյան օրն էր:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

-Ինչպե՞ս ես պատկերացնում Բաղանիսի վաղվա օրը:

-Համեմատելով Բաղանիսը մի քանի տարի առաջվա հետ, տարբերությունը շատ մեծ է: Տեսնելով, թե ինչպես է գյուղս զարգանում և ծաղկում: Համոզված եմ, էլ ավելի է լավանալու գյուղի վիճակը, ու ոչ մի կրակոց չի կարող խանգարել իմ գյուղի զարգացմանը, քանի որ մենք՝ բաղանիսցիներս այստեղ ենք:

arevik avetisyan portret

Ազատության մարտիկները

Հարցազրույց հորեղբորս՝ Արմեն Ավետիսյանի հետ, պապիկիս՝ Սերգո Ավետիսյանի մասին

-Հորեղբայր, կպատմե՞ս, թե ինչպես է անցել քո մանկությունը Սերգո պապիկի հետ:

-Հաճելի, ուրախ, հիշողություններով ու տպավորություններով լի մանկություն եմ ունեցել հորս հետ: Ամենից լավ հիշում եմ, թե ինչպես էր հայրս ամեն ամառ մեզ տանում Սևանա լիճ, այնտեղ շա՜տ ուրախ էր անցնում: Վրան էինք կապում, քնում էինք այնտեղ և մնում մինչև օրվա վերջ:

-Գիտեմ, որ Սերգո պապիկը մասնակցել է Արցախյան ազատամարտին, իսկ կասե՞ս`որտե՞ղ է կռվել:

-Իմ հայրը գնացել է Մարտակերտ, Ասկերան, Ջաբրայիլ, էլ ո՞ր մեկն ասեմ:

-Իսկ դու քանի՞ տարեկան էիր, որ Սերգո պապիկը գնաց կռիվ:

-10-13 տարեկան երեխա էի: Հայրս շա՜տ խիստ, քաջ, ուժեղ կամքի տեր, հպարտ, նախաձեռնող, սեփական որոշումներում վստահ և, միաժամանակ, շատ բարի անձնավորություն էր:

-Պապիկը ե՞րբ որոշեց, որ պետք է գնա կռիվ:

-Երբ լսեց պատերազմ է, որոշեց, որ պետք է մասնակցի իր հայրենիքի պաշտպանությանը: 1989 թիվն էր:

-Ի՞նչ ապրումներ ունեիր, որ պապիկը գնաց կռիվ:

-Հպարտ էի, որ նրան զենք-զրահով էի տեսնում, որ երբ դուրս էի գալիս տնից, բոլորը մատնանշում էին՝ ասելով. «Սերգոյի տղան ա»,- ու ես դրանից ինձ լավ էի զգում:

-Իսկ ի՞նչ կասես նրա վերադառնալու և անհետ կորելու մասին:

-Նա ամիսը մեկ անգամ գալիս էր տուն, կիսվում իր տպավորություններով, պատմում, թե ինչպես են ոչնչացրել թշնամու տանկերը և այլ հրետանիներ: Հետո մեզ պատմել են, որ պայթյուն է եղել, և այդ ժամանակ հայրս անհետացել է:

-Դժվար չէ՞ր առանց հոր մեծանալը:

-Իհարկե դժվար էր, որովհետև միշտ զգում էի հորս կարիքը ամեն հարցում, ամեն տարիքում:

-Ո՞վ էր խնամում ձեզ պապիկի անհետ կորելուց հետո:

-Մեզ խնամում էին մեր հարազատները, հորաքույրներս, պապիկս և ուրիշ հարազատներ, որոնց շատ շնորհակալ եմ:

-Դու քո երեխաներին պատմո՞ւմ ես պապիկի սխրագործությունների մասին:

-Դե իհարկե, պատմում եմ, որ նրանք լավ ճանաչեն իրենց հերոս պապին: Բայց իմ պատմելուց երևի նրանք ոչինչ չհասկանան: Դե Սերգոն կհասկանա և պետք է հասկանա, քանի որ կրում է նրա անունը, իսկ փոքր երեխաս դժվար հասկանա, քանի որ դեռ ընդամենը 2 տարեկան է, բայց ես անպայման նրան էլ կպատմեմ, երբ մեծանա:

-Իսկ պապիկը որտե՞ղ է գնացել դպրոց:

-Մեր գյուղում՝ Գեղարքունիքի մարզիԿարմիրգյուղում: Լավ է սովորել: Դպրոցում նրան բոլորը սիրել են, պատմում էր, որ անգամ նրա դասի չգնալու համար իր դասղեկը եկել է մեր տուն, համոզել է, բայց չի կարողացել տանել դպրոց, բայց դե նա հաջորդ օրը ինքնակամ գնացել է:

-Ամենից լավ ի՞նչ էր կարողանում անել նա:

-Հայրս վերանորոգում էր մեր գյուղի մարդկանց փչացած հեռուստացույցները, կռվի դաշտում նաև տանկ է վերանորոգել:

-Մի քիչ պատմիր պապիկի մեդալների մասին:

-Հայրս ունի շատ մեդալներ, որոնք ես պահում եմ աչքի լույսի պես: Մեր գյուղի թիվ 1 դպրոցում կազմակերպել էին միջոցառում նվիրված հորս և եկել էին, որ մեզ հրավիրեն այդ միջոցառմանը: Մենք չմերժեցինք, գնացինք: Նրանք կազմակերպել էին նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին հորս մեդալները և նրա լուսանկարը, որը ես էի նվիրել նրանց, և այդ լուսանկարը այժմ փակցված է դպրոցի մի անկյունում, որը նվիրված է հենց հորս:

-Իսկ ինչո՞ւ ես որդուդ անունը հենց Սերգո դրել, որպեսզի նա է՞լ հորդ պես լինի:

-Որդուս անունը Սերգո եմ դրել, որպեզսի նա շարունակի հորս կիսատ թողածը, և նրա անունը միշտ անմար մնա և փոխանցվի նրա սերունդներին:

-Ի՞նչ ես կարծում, որդիդ նմա՞ն է պապիկին:

-Դե իհարկե, նման է, քանի որ նա էլ է հորս նման առույգ, ուժեղ և նպատակասլաց:

-Եթե հնարավորություն լիներ կյանքումդ մի բան փոխել, դու ի՞նչ կանեիր:

-Ես կցանկանայի հետ բերել հորս և մորս, քանի որ նրանք իմ կյանքում շատ թանկ մարդիկ են եղել և շարունակում են մնալ թանկ:

Պապիկս ու իր այգին

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Երբ հինգ տարեկան էի, նստում էի պապիկիս ծնկներին, ու նա ինձ հեքիաթ էր պատմում: Ես էլ մինչև վերջ չէի կարողանում լսել, քանի որ պապուս ձայնը այնքա՜ն եթերային էր, որ կեսից ինձ թվում էր, թե հեքիաթում եմ գտնվում: Փակում էի աչքերս, ու ահա` պապուս պատմած հեքիաթում էի հայտնվում: Իմ մանկության ընկերը պապիկս է եղել: Մայրս պատմում է, որ երբ սկսում էի լաց լինել, պապիկս ինձ իր գիրկն էր առնում; Այդ ժաամանակ հայացքս ուղղում էի նրան, նայում դեմքին, ժպտում, ձայնս կտրում էի, փակում աչքերս ու քնում:

Հիմա, երբ արդեն մեծ աղջիկ եմ` ոնց որ պապիկս է սիրում ասել, էլ պապուս պատմած հեքիաթները չեմ լսում, փոխարենը լսում եմ նրա խորհուրդները: Չկա մի օր, որ ինձ խորհուրդ չտա. «Իմ բալիկ, լավ կսովորես, որ մեր ազգի համար լավ մարդ դառնաս: Պետք է լավ սովորես, որ աշխարհ ման գաս, աշխարհ տեսնես: Դա իմ երազանքն է եղել, և ուզում եմ, որ հենց իրականացնես»:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապուս խորհուրդները ու ցանկությունները շատ են: Նրա ցանկություններից մեկն է, որ իր այգին գեղեցիկ լինի ու շատ բերք տա: Ամեն օր արթնանում է ժամը յոթին ու գնում այգի` իր երազանքն իրականացնելու: Աշխատում է, ծառեր տնկում, տնկած ծառերը ջրում, նստում է, վայելում այգու մաքուր օդը ու տուն վերադառնում: Մի բանից է բողոքում` եղանակից: Ամեն օր եղանակի տեսություն է նայում, որ իմանա` իր այգին ինչպես խնամի: Երբ կարկուտ է գալիս, տխրում է ու պատուհանից դուրս նայում: Երևի մտքում իր այգին է պատկերացնում ու նեղսրտում, որ իր ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է ընկնում:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապուս այգու բերքը ամենահամեղն ու ամենաօգտակարն է: Ես ամենաշատը մոշն եմ սիրում ու բալը: Բայց չեմ սիրում, երբ պապիկս է քաղում ու տուն բերում` ավելի համեղ է դառնում, երբ քո ձեռքով ես քաղում և ուտում:

Թեպետ դասերը խանգարում են շուտ-շուտ այգի գնալ, բայց գնալու դեպքում պապիկիս օգնում եմ` այգու բերքն եմ հավաքում: Հետո նստում ենք պապ ու թոռ, ուտում այգու բարիքները ու սկսում երկա~ր զրույց անել: Այնքան լավ է նման պապիկ ունենալը:

Սևան մեդիա ճամբար. Թիավարություն սպորտաձևը Սևանում

Հարցազրույց Ավետիք Մալխասյանի հետ, ով Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի գլխավոր մարզիչն է:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

-Պարոն Մալխասյան քանի՞ տարի է, ինչ այս ակումբը գործում է:

-Այս ակումբը գործում է արդեն քսանութ տարի: Այս սպորտաձևերով մեր դպրոցում մարզվում են այս պահին հիսուն երեխա:

-Ուրիշ երկրներում մրցումների մասնակցե՞լ եք և ի՞նչ հաջողությունների եք հասել:

-Տարբեր երկրներում մասնակցել ենք տարբեր մրցաշարերի: Մեդալներ չենք ունեցել, բայց ունեցել ենք աշխարհի տասնմեկերորդ, տասներկուերորդ և տասնյոթերորդ տեղ նվաճած մարզիկներ:

-Իսկ ապահովվա՞ծ եք անհրաժեշտ պարագաներով:

-Շենք ունենք վարձակալական հիմունքներով, որը կարելի է ասել, նվեր են տվել, միայն տարածքի պետական տուրքերն ենք մուծում, իսկ մնացած պարագաները պատրաստում ենք մեր ձեռքով:

-Իսկ մոտակա ժամանակներս մրցումներ ունե՞ք:

-Մենք հիմա պատրաստվում ենք պատանիների օլիմպիական խաղերին:

-Իսկ որտե՞ղ է այն կայանալու:

-Բրազիլիայում:

-Իսկ այդ խաղերին քանի՞ մարզիկով եք ներկայանալու:

-Լավագույն դեպքում, մեկ կամ երկու:

-Իսկ ակնկալիքներ ունե՞ք այդ մրցաշարից: 

-Իհակե ունենք, մենք միայն մեդալի համար ենք գնում:

-Իսկ ո՞վ է հոգալու ծախսերը:

-Ճանապարհածախսը ֆեդերացիան է հոգալու:

-Նավակները ինչպե՞ս եք ձեռք բերում:

-Հիմնականում ֆիրմաներից ենք վերցնում` վարձակալական հիմունքներով:

-Իսկ թա՞նկ են այդ նավակները:

-Այս մարզաձևին վերաբերվող յուրաքանչյուր գույք շատ թանկ է:

-Մարզումները շաբաթական քանի՞ օր է:

-Բացի երկուշաբթի օրերից, բոլոր օրերը մարզումներ ենք ունենում:

-Իսկ որտե՞ղ եք անցկացնում ձեր մարզումները:

-Հիմնականում Հրազդան գետի վրա:

-Իսկ գետը հատո՞ւկ է ընտրված:

-Մեր մարզումների համար սա հրաշալի վայր է:

-Փոքրերի խումբ ունե՞ք:

-Այո, ունենք մինչև տասնչորս տարեկանների խումբ:

-Այս մարզաձևի համար կարևոր դեր ունի ֆիթնես ակումբը,որտեղ պետք է մարզվեն թիավարողները: 

-Ցավոք, մենք ֆիթնես ակումբ չունենք: Ձմռանը, երբ գետը սառում է, մենք մարզվում ենք սպորտդպրոցում հատուկ մարզասարքերի վրա:

-Աղջիկ աշակերտներ ունե՞ք:

-Վերջին երկու տարիներին` ոչ:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

-Իսկ դիմողներ կա՞ն:

-Կան, բայց ծնողները թույլ չեն տալիս:

-Դուք թոռնիկ ունե՞ք, ով ցանկանում է զբաղվել այս սպորտաձևով:

-Ունեմ, բայց փոքր է դեռ: Հենց մեծանա, անպայման կբերեմ այստեղ:

-Մարզվող երեխաների ֆիզիկական վիճակը ինչպիսի՞ն է:

-Ի տարբերություն պայմանների, շատ լավ է:

-Այս մարզաձևով սահմանափակ կարիքներով երեխաներ կարո՞ղ են զբաղվել, և արդյո՞ք ձեր մարզադպրոցն ունի այդ հնարավորությունները: 

-Այո, մենք ունենք սահմանափակ կարողություններով երեխաների մարզվելու պայմաններ և երկու երեխա հաճախում են մեր մարզադպրոց:

-Իսկ նրանք տիտղոսներ նվաճե՞լ են:

-Մեկը ստացել է այս մարզաձևի միջազգային վարպետի կոչում:

seyran soghoyan

Իմ վոլեյբոլիստ տատիկը

Հարցազրույց տատիկիս՝ Հեղինե Սողոյանի հետ

-Տա’տ, ինչպե՞ս եղավ, որ դու ընտրեցիր սպորտի այդ տեսակը՝ վոլեյբոլը:

-Դպրոցական էի, սիրում էի սպորտը: 8-րդ դասարանում էի սովորում, երբ արդեն վոլեյբոլի խմբակ  կար, որոշեցի ես էլ մասնակցել: Մարզիչ Սմբատ Մհերյանն ինձ կանչեց, որ ես էլ դառնամ խմբակի անդամ: Մեր թիմը լավագույնն էր ներդպրոցական մրցույթներում, բոլորս մեծ հետաքրքրությամբ էինք մոտենում սպորտին:

-Սիրո՞ւմ էիր վոլեյբոլը և ինչպե՞ս էիր խաղում:

-Հաճելի էր, սիրում էի սպորտը, մեր  թիմի հետ մասնակցում էի շքերթներին: Նույնիսկ շքերթում ցուցադրության ժամանակ, մենք երեք ընկերուհիներով կամուրջ էինք իջնում, իսկ հաղորդավարը բղավում էր «Կերցցե’ Մայիսի 1-ը»: Դա  ուղղակի  հրաշք էր: Մեր  ժամանակները ավելի հետաքրքիր էին: Ես ո՛չ ուժեղ էի խաղում,  ո՛չ թույլ, բայց ճկունությանս ոչ ոք չէր գերազանցել: Երբ ես խաղում էի, թռնում, ընկնում էի գետնին, որպեսզի ոչ մի գնդակ չկորցնենք: Ընկեր Մհերյանը ասում էր. «Օ՛, ինչ անձնազոհ խաղացող է»:

-Իսկ մրցումների գնո՞ւմ էիր:   

-Ո՛չ, ցավոք սրտի, հայրս չէր թողնում: Մեր ժամանակ Մարտունիում շատ խիստ էին վերաբերվում աղջիկների սպորտով զբաղվելուն: Մեկ անգամ եմ ընդամենը մասնակցել, ու վերջ:

-Բացի վոլեբոլից էլ ի՞նչ սպորտի էիր տիրապետում:

-Սիրում և զբաղվում էի ակրոբատիկայով և ամբողջ ազատ ժամանակս գրեթե դրանով էի զբաղվում:

-Իսկ ի՞նչ եղավ, որ թողեցիր սպորտը:

-Մեծացա, դպրոցն ավարտելուց հետո էլ չմասնակցեցի ոչ մի բանի: Գորգագործության մեջ էլ եմ շատ ուժեղ եղել: Մեր և Գավառի միջև մրցույթ եղավ, լավագույնները նվերներ ստացան, ես էլ ստացա: Երգել եմ բեմերում, ունեցել եմ բազում-բազում հաղթանակներ:

-Իսկ կուզենայի՞ր դպրոցից հետո շարունակել ուսումդ: 

-Մեծ սիրով կուզենայի շարունակել, նախ` երաժշտությամբ, շատ լավ էի երգում, բայց ամուսնացա, ու ամեն ինչ մոռացվեց…

tereza davtyan portret

Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցին

Հարցազրույց Ծաղկունք գյուղի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի հետ:

-Տեր Նշան, ինչպե՞ս որոշեցիք դառնալ քահանա:

-1997թ.-ից մասնակցում էի Սուրբ Պատարագի Հռիփսիմե եկեղեցում, սկզբնական շրջանում պարզապես դա ցանկություն էր, որը կամաց-կամաց վերածվեց ճեմարան ընդունվելու ցանկության:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք ճեմարանում սովորելու տարիներից:

-Ճեմարանի ամեն օրը հետաքրքիր դեպքով է անցել: Բայց մի շատ հետաքրքիր դեպք կա (ծիծաղելով): Մի անգամ ճեմարանի երգչախմբով գնացինք Սբ. Գեղարդավանք` Պատարագը ձայնագրելու, և մեզ հետ հսկայական ուտելու պաշար էինք տարել: Ստացվեց այնպես, որ ստուդիայի աշխատակիցները ուշացան, մեր սովին զուգահեռ: Բացեցինք ավտոբուսի դռները և սկսեցինք ուտելիքը բաժանել: Ու գիտե՞ս ինչ եղավ, մարդիկ՝ անցորդները և զբոսաշրջիկները, մոտենում էին և հարցնում, թե ինչ արժե այս կամ այն ուտելիքը, և գումարի դիմաց առաջարկում վերցնել:

Լուսանկարը` Թերեզա Դավթյանի

Լուսանկարը` Թերեզա Դավթյանի

-Դուք ամուսնացա՞ծ եք, կպատմե՞ք, թե ինչպես գտաք Ձեր կնոջը:

-Սովորում էի երրորդ լսարանում, երբ վերսկսեցի մտերմությունը դասընկերուհուս հետ, ով ի վերջո դաձավ իմ կինը:

-Հոգևորականների ո՞ր դասին չի կարելի ամուսնանալ:

- Մեր եկեղեցում չեն ամուսնանում միայն կուսակրոնություն ընդունած հոգևորականները: Դրանք են ՝ աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարք և կաթողիկոս:

-Ինչպե՞ս եք համատեղում գործն ու ընտանիքը:

- Աստծու կամքով, երկուսն էլ սիրով և նվիրվածությամբ:

-Իսկ Ձեր ընտանիքը նո՞ւյնպես գյուղում է ապրում:

-Բնակվում եմ և՛ Սևան քաղաքում, որովհետև ծառայում եմ Սևանի տարածաշրջանում, և՛ նաև գյուղում:

-Ինչպե՞ս հարմարվեցիք գյուղական կյանքին: 

- Սովորականի պես, հոգևոր ծառայության բերումով:

-Իսկ եկեղեցին ե՞րբ է կառուցվել, ո՞ւմ կողմից:

-Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանագետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից 2006թ. հոկտեմբերի 7-ին օծվել է Սբ. Սարգիս եկեղեցին: Բարեգործն է Աղաջանյան ընտանիքը՝ ծնունդով Ծաղկունք համայնքից:

-Այժմ ի՞նչ միջոցներով է գործում:

-Համայնքապետարանի և բարերարի անձնական միջոցներով:

-Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք մեր գյուղի մասին, ինչպե՞ս հարմարվեցիք:

-Գյուղը իր ավանդույթներով և պատմություններով, սոցիալ-տնտեսական վիճակով չի տարբերվում հանրապետության մյուս գյուղական համայնքներից, և ես որպես հոգևորական պետք է ընդունեի ինձ բաժին հասած հոգևոր ծառայության վայրը:

Գյուղին հարմարվեցի գրեթե առաջին պահից սկսած: Դե ուրիշ ճար չունեի (ծիծաղելով), որովհետև տարածաշրջանի միակ գործող եկեղեցին՝ Սբ. Սարգիսը, գտնվում էր Ծաղկունք գյուղում:

-Մինչ ձեր գալը, ինչպիսի՞ն էր ժողովրդի հոգևոր վիճակը:

-Շատ ու շատ եկեղեցական և հոգևոր արարողություններից ոչ քաջատեղյակ: Հիմա փառք Աստծո, իմացությունն ու գիտակցությունը լավ հողի վրա է:

-Նոր սերունդը մեծերի համեմատ ավելի՞ աստվածավախ է, թե՞ ընդհակառակը:

-Այս հարցում տարբերություն չկա, աստվածավախությունը կա մարդկանց մեջ:

artyom avetisyan portret

Զարզանդ պապի արկածները

Երբ տուն վերադարձա, պապս հավաքում էր այգու ծառերի չորացած ճյուղերը:

-Մաքրվել է այգին, որ չորացած ճյուղերը հավաքել ես:

-Կարո՞ղ ես ինձ օգնել;

-Լսի’ր պապի, ուզում եմ ասես, թե ինչո՞ւ են քեզ ասում «Զարզանդ»:

-Դե, որովհետև շատ ավելի պահանջկոտ ու խիստ եմ եղել, քան հիմա: Հիմա դուք ինձ չեք լսում: Չգիտեմ` դա՞րն է փոխվել, թե՞ դուք եք ավելի չարաճճի դարձել:

-Պա՛պ, որ դու այդքան պահանջկոտ ես եղել, տատը ո՞նց է հավանել քեզ:

-Դե, եսիմ, հավանել է, էլի: Խստության հետ մեկտեղ, եղել եմ նաև կատակասեր: Հիշում եմ, որ ընկերոջս՝ Աշոտին, աղջիկ չէին տալիս իր տգեղ լինելու պաճառով: Իսկ նա աղջիկ էր հավանել և ուզում էր ամուսնանալ նրա հետ: Աշոտը ինձ առաջարկեց ներկայանալ իր փոխարեն: Երբ ընկերոջս ծնողները գնացին խնամախոսության, ինձ տարան իրենց հետ: Մինչ ծնողները զրուցում էին, ես աղջկան փախցրեցի և տարա ընկերոջս տուն:

«Ահա ընկերս, սա էլ քո հարսնացուն,  տես ինչ բացատրություն պետք է տաս նրան»: Ես տուն վերադարձա, մայրս զարմացել էր իմ պահվածքի վրա:

-Բա դու ինչպե՞ս ամուսնացար: 

-Ես տատիդ հավանել էի դեռ դպրոցում: Նա բարետես արտաքինով աղջիկ էր, սովորում էր գերազանց: Տատիկդ էլ ինձ էր հավանել, բայց չէր խոստովանում:

-Իսկ ինչպե՞ս իմացար, որ քեզ հավանել է:

-Երբ կանանց տոն էր լինում, նվեր անելիս տատդ չէր մերժում: Իսկ երբ սեր խոստովանեցի, չմերժեց. և մենք թաքուն ամուսնացանք;

-Թաքո՞ւն, ո՞նց, այ պապի, ոչ մեկ չիմացա՞վ:

-Էդ մեկն էլ չեմ ասի, դա իմ ու տատիդ գաղտնիքն է: Դու ինձ խոսեցնում ես, որ չաշխատե՞ս:

-Չէ՛ պապի, ինձ ուղղակի հետաքրքիր է քո անցած ճանապարհը:

-Էհ, իմ անցած ճանապարհը շատ դժվար է եղել: Այսօրվա նման ամեն ինչ այդքան հեշտ չի եղել: Մի կտոր հաց ստեղծելը շատ դժվար էր: Այդ պատճառով սկսեցի զբաղվել ձկնորսությամբ և խոհարարությամբ: Ես և կրտսեր եղբայրս ուռկան սարքեցինք և բոլորից թաքուն գնացինք ձուկ բռնելու: Վերցրեցինք նավակը և մտանք ծով (Սևանա լիճ): Սկսեցինք ձուկ բռնել: Ինչքան շատ էինք բռնում, այնքան ավելի ոգևորված գնում էինք խորքերը: Մի անգամ հենց գնացինք ծով, եղանակը վատացավ: Սկսեց ուժեղ քամի, և ծովն ալեկոծվեց: Մեր անզգուշության պատճառով եղբայրս ջուրն ընկավ: Ես մի կերպ փրկեցի նրան:

-Շա՞տ էիք վախեցել:

-Վախեցել էինք, բայց ոչ այնքան շատ, որ ես նորից չգնայի ծով: Ես արդեն մենակ էի գնում ծով և ավելի շատ ձկներ բռնում:

-Իսկ ի՞նչ էիր անում այդքան շատ ձկները:

-Վաճառում էի, չորացնում էի: Մի անգամ չափից ավելի շատ էի բռնել, և ոստիկանները տեսան:

-Բա քեզ ի՞նչ արեցին, պա՛պի:

-Ձերբակալեցին: Ինձ պատժամիջոց նշանակեցին. մեկ տարի տնային կալանք:

-Բա այդ ժամանակ ի՞նչ էիր աշխատում:

-Սկսեցի խոհարարությամբ զբաղվել:

-Ինչ դժվար է եղել քո կյանքը, պա՛պ:

-Հիշելը նույնպես դժվար է: Մի բաժակ ջուր բեր, շատ խոսեցի, կոկորդս չորացավ:

-Ա՛ռ պապի, ծովից եմ բերել, բայց մեջը ձուկ չկա:

-Դուռա՛կ, արդեն ձեռք ե՞ս առնում:

-Չէ պա՛պի, ուղղակի կատակեցի:

-Գնանք տուն, արդեն ցուրտ է, ճյուղերն էլ վերցրու, որ վառարանը վառենք:

Զարզանդ պապի ասածն ինձ համար օրենք է…

anush

«Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց»

Հարցազրույց հորս` Հայկ Աբրահամյանի հետ:

-Հայրիկ, որտե՞ղ ես ծնվել:

-Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, ջուլհակի ընտանիքում, հայրս նաև հողացործ էր: Ընտանիքում չորրորդ երեխան էի, սպասված երեխա էի, չնայած մայրս աղջիկ էր ուզում: Աղջկա անունը պետք է Հայկուհի դնեին, բայց որ տղա ծնվեցի, դրեցին Հայկ:

-Քո մանկությունից որևէ հետաքրքիր դեպք կարո՞ղ ես հիշել:

-Աղջիկս, թեև երբեմն կիսակուշտ էինք պառկում քնելու, հատկապես ձմռանը` կիսասառած վառարանի կողքին, միևնույնն է, կյանքը ջերմ էր:

Տատիկիս եմ հիշում, շատ անվախ կին էր, ու աչքի էր ընկնում աշխատասիրությամբ: Մի անգամ, հինգ կամ վեց տարեկանում, ինձ իր հետ տարավ հողամաս, որ ինքը կարտոֆիլը ջրի, իսկ ես մնամ իր կողքին: Հանկարծ նկատեցի, որ տատս վերցրեց բահն ու վազեց: Վեր թռա տեղիցս, որ տեսնեմ, թե ինչ է պատահել: Գայլ էր, փախչում էր, իսկ տատիկս հետևից բահով վազում էր: Տասը րոպե հետո վերադարձավ և բողոքեց, որ գայլին չի կարողացել բռնել:

-Ինչպիսի՞ն էիր դու դպրոցական տարիքում:

-Աշխույժ երեխա էի, լավ էի սովորում, հատկապես` ֆիզիկան: Նկարում էի, երբեմն փոքրիկ զարդեր քանդակում: Մի անաստված ուսուցիչ ունեինք, հենց մտնում էր դասարան, իր խռպոտ ձայնով գոռում էր` չշնչել: Մի օր իր հերթական «չշնչել»-ը գոռալուց հետո մոտեցավ ընկերոջս, ասաց.

-Այ տղա, շնչո՞ւմ ես:

Այս խեղճն էլ վախից, թե` չէ:

-Շան լակոտ, դու հիմի չե՞ս շնչում:

Այդ խիստ ու տարօրինակ ուսուցիչը ինձ շատ էր սիրում, դե, ես էլ երբեմն օգտվում էի դրանից:

-Իսկ որտե՞ղ ես ծառայել: 

-Ծառայել եմ հեռավոր Խաբարովսկում: Աշխարհի այդ ծայրում հազվադեպ էի նամակ ստանում ծնողներիցս:

-Իսկ որևէ արհեստի տիրապետո՞ւմ էիր մինչև բանակ գնալը: 

-Այո, հորեղբայրս սովորեցրել էր ինձ ուռկան գործել, սակայն մյուս եղբայրս` Արմենը, ավելի լավ էր գործում և արագ, նա հիանալի ձկնորս է:

-Քո ծառայությունը դեռ չէր ավարտվել, երբ մահացավ քո հայրը: Դրա մասին ե՞րբ իմացար:

-Ավարտեցի ծառայությունս ու ուղևորվեցի Հայաստան: Սիրտս կարոտ էր հողին, բացի այդ ուզում էի գրկել ծնողներիս ու եղբայրներիս, ովքեր միշտ ինձ հասած նամակների տակ նկարում էին: Ինձ դիմավորեցին հորեղբայրս ու քեռիս: Հայրս չկար: Հարցրի, չպատասխանեցին: Գյուղ հասնելուն պես ասացին, որ հայրս կաթվածից մահացել է, և ես հասկացա, որ առանց հորս դժվար կլինի բարակ ճյուղերով հաղթել քամուն:

-Պապ, իսկ ինչպե՞ս գոյատևեցիք «քաղցի» տարիներին:

-Դժվար էր: Ձմռանը անտառապահից թաքուն փայտ էինք բերում անտառից, ժամերով կանգնում էինք հացի հերթի ու «հո» անելով սպասում, թե այդ հազարավոր մարդկանցից հետո երբ կհասնի մեր հերթը: Իսկ հիմա արդեն տեսնում ես, ծառը արմատներ է ձգել:

-Հայրիկ, ի՞նչ կմաղթես մեզ` նոր սերնդին:

-Միշտ հավատացեք, որ ձմռանը կհաջորդի գարունը, գիշերվան` ցերեկը: Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց, որ ոչ մեկը չմնա ստվերում: Եվ վերջապես, որքան կարող եք` ամուր գրկեք ձեր ծնողներին:

-Հայրիկ, դու արտասվում ես:

Պատասխան չկա: