Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

sargis yenoqyan

Մի պատառիկ տատիկիս հետ զրույցից

-Տատ, ե՞րբ է եղել քո հարսանիքը:

-Իմ հարսանիքը տեղի է ունեցել 1950թ. հունվարի 24-ին: Ես հարևան գյուղում էի, իսկ ապագա ամուսինս` Լիճքում: Այդ օրը շատ անտանելի բուք բռնեց: Այդ ժամանակ տրանսպորտ չկար, կեսը ոտքով եկան, մյուսները` ձիով: Էն ժամանակ մեր մոտերքը փեսացուն հարսի հետևից գյուղից գյուղ չէր գնում: Հարսը պետք է գնար փեսի տուն, պիտի տանեին:

Ինձ նստեցրին սահնակի վրա և մի քանի մարդկանց հետ ինձ դաշտով բերեցին: Եկանք հասանք ճանապարհի կեսը, ու բուքն ուժեղացավ: Սահնակը շրջվեց, ու ես վրայից ընկա, մյուսներն էլ` հետս:

Շատ մրսեցի ու հետագայում հիվանդացա: Հետո ինձ բարձրացրին դրեցին սահնակը, ու մի կերպ եկա հասա Լիճք: Այստեղ ինձ դիմավորեց ամուսինս, ու լավ հարսանիք արեցինք:

Էսքանը:

marat sirunyan

«Հիմի ամեն ինչ կա՝ ուրախություն չկա»

Հերթական հարցազրույցս վարում եմ հայ հասարակ, աշխատավոր գյուղացու հետ: Մի՞թե կա մի արվեստագետ, ով ռանչպարից լավ կիմանա ու կպատմի, դառը դատելու ու աշխատանքի համն զգալու արվեստի մասին: Մի՞թե կա մի երաժիշտ, ով հող ու հերկից երգ քամողի չափ հուզիչ երգ գիտի: Ի՞նչ հոգեբան կարող է համեմատվել սեփական հոգսն ու ցավը հողին պահ տվող հողագործի հետ: Ով էլ լինի, որքան էլ լինի, մեկ է՝ ռանչպարի արվեստն ուրիշ է, ռանչպարի երգն ուրիշ է, ռանչպարի հոգսն էլ՝ ուրիշ է…
Շնորհակալություն լեռնավանցի Սիրուշ Հովհաննիսյանին հարցազրույցի համար…

-Քանի որ ձեր գյուղի մասին տեղեկություններ պարունակող նյութեր արդեն ունեցել ենք, այդ պատճառով կնախընտրեի խոսել ավելի շատ ձեր կյանքի, գյուղացու բառ ու բանի, ռանչպարի կյանքի ու օրվա մասին օրինակով:

-Ծնվել եմ Լեռնավան գյուղում, հովվի ընտանիքում: Մոտ տաս-տասներկու տարի ծնողներս ժառանգ չեն ունեցել, հետո ես եմ ծնվել: Մի քանի անգամ այդ առիթով աչքալուս են արել, քեֆ են արել, դուռ-դրկիցով, հարազատներով ուրախացել են: Ինձնից հետո ծնվել են չորս երեխա՝ երկու քույր, երկու ախպեր: Շատ լավ ընտանիքում եմ մեծացել` սերով, հաշտ-համերաշխ, աշխատասեր, երգով լի:

Հերս նվագող էր, մերս համեն գործ երգով կեներ: Լավ գործվածքներ կեներ, բաներ կթխեր, հերս կնվագեր: Ոչխար ենք պահե, կով ենք պահե… Հերս աշխատանքային հերոս է էղե՝ մեդալակիր, մերս հուշ տարիքում է աշխատե՝ ֆաբրիկան: Հորս ենք օգնե, կոլխոզի անասուններուն՝ ոչխարներուն, կովերուն ենք պահե, օգնել ենք գյուղի գործերում: Մի խոսքով, լավ աշխատե՝ լավ աբրել ենք…

-Դուք ասացիք, որ հաշտ-համերաշխ ապրել եք, իսկ ինչ-որ վիճաբանություններ չե՞ն եղել երեխաների մեջ:

-Մեծ ախպերս, կոմպոտ կփակեինք, ինքը բանար, խմեր գը թաքուն ու գցեր գը ամբարի եդևը: Մենք էլ ինչ չարություն էնեինք, արդեն սորվել էինք, քծեինք գը Արսենի վրա, կսեինք` Արսենն է էրե…

-Դուք նաև նշեցիք, որ մանկության տարիներին օգնել եք Ձեր հորը, ընտանիքին, ինչ-որ աշխատանքներ եք կատարել: Կմանրամասնե՞ք, օրինակ՝ ի՞նչ աշխատանքներ եք կատարել, ինչո՞վ եք զբաղվել:

-Մանկության տարիներին հերս հովիվ է էղե կոլխոզին, ոչխար է պահե, մենք էլ իրան օգնել ենք, գառ ենք պահե: Գնացել ենք ցերեկը կիթի ժամանակ, «բեր» կկոչվի, էլի, ոչխարին քշես՝ կթվորները կթեն գը: Հերս նստած ոչխարներու գլուխները կպահեր, իրանք կթեին գը: Սուրուի մեջ կար մե երկու, իրեք հատ էծ, լրիվ թաղի էրեխեքով կհավաքվեինք, կերթայինք, հերս իրա քովի փոքր բաժակով կկթեր էդ իծու կաթը, մեզի կխմցուր: Սարերը կերթայինկք, խոտ կհավաքեինք, մասուր, սունկ: Գառ ու ոչխար պահելու ժամանակ էլ էլի խոտ կքաղեինք, կօգնեինք էլի, էդման… Ժամը երկուսին կամ չորսին կելնեի, ես տան մենծն էի, մորս հետ հաց կթխեինք, մինչև ժամի վեցը արդեն սաղիս սունկեքը կազմ ու պատրաստ, կերթայինք համենքս մեր գործին…

-Իսկ Ձեր ամենասիրած աշխատանքը ո՞րն է եղել:

-Անասուններ էլ եմ սիրե պահել, բայց ամենաշատը հողի գործ եմ սիրե ու մինչև հիմա…

-Ամենավառ հուշը ո՞րն է Ձեր կյանքի:

-Ես որ ուշ եմ ծնվե, այսինքն ծնողներս համարյա 12 տարի էրեխա չեն ունեցե, ամեն յոթը տարի Սուրբ Հովհաննեսին խոստացել են մատաղ անել, ու ամեն տարի աշունը, մեր գյուղի շոֆերներեն մեկի ավտոյով կհավաքվեինք, հարազատով, հարևանով, մե երկու հատ էլ խոչ, ուտելիք-խմելիքով կերթայինք Սբ. Հովհաննես: Էնդեղ մատաղ կենեինք, կուտեինք-խմեինք: Յոթը տարի գնացել ենք:

-Ե՞րբ եք ամուսնացել:

-1985 թ.-ի հունվարին: 19 տարեկան եմ էղե:

-Ամուսնությունից հետո ինչո՞վ եք զբաղվել, նորից նույն աշխատանքնե՞րը:

-Նախքան էդ՝ մինչ ամուսնությունը, ֆաբրիկան եմ աշխատե: Լավ կսորվեի, բայց ծնողներս չթողին էրթայի սորվելու: Ամուսնանալեն հետո էլ էլի ճակնդեղն (ճակնդեղի դաշտերում) եմ աշխատե, ֆաբրիկան, էրկու տեղն էլ աշխատել եմ միաժամանակ:

-Ձեր կյանքից, կամ Ձեր լսած հետաքրքիր պատմություններ կա՞ն, որ կարող եք հիմա պատմել:

-Էն ժամանակ ոչխարի սուրուները սարն են մնացել: Հերթով պահել են, հորս հերթի ժամանակ, որ արտեն տուն գալուց է էղե: Դե հառաճ գիշերով էլ են խոտ բերե սելերով, որ ըսենք, հասուն խոտհավաքը: Հերս գուկա, էդ Ժանգոց քար կսենք, մինչև էդտեղ: Մե պառավ կնիկ կմանդիբի իրան, հանուն կուդար, հիմի չեն հիշե… Էդման զրուցելով գուկան մինչև Կոնդի ձոր կոչված տեղը, Էդ կնիկը կկորի: Հերս էդտեղ կվախենա. կսե՝ ուրեմն սատանա էր, ոչ թե մարդ էր… Ու էդտեղ կվախենա, որ հեչ մե բանեմ վախ չէ ունեցե, հլը որ կսեի՝ շնեն չես վախենա, կսեր՝ գիլու հեդ կռիվ տվողը շնեն կվախենա՞… Էդման էդ կնիկը կանհետանա՝, Կոնդի ձորը՝ ջրի քովը…

-Ու էդպես էլ չի՞ բացահայտվել, թե ի՞նչ է տեղի ունեցել:

-Չէ: Էդման էլ չի բացահայդվե: Հերս վախեցել է: Էն ժամանակ, չիդեմ, սատանա գոյություն ունեցել է, տը չէ, բայց ժողովրդի մեջ միշտ էդման խոսք է էղե… Ու կսեին գեղացի կնգամ կերպարով է էղե… Ձորի միջեն էլ չէր կարա էդման էրթար, որ չտեսնիր, կողքի հեդ քելելուց կորել է…

-Դուք խոսքի մեջ նշեցիք, որ Ձր հայրը գայլերի հետ կռիվ է տվել: Ի՞նչ կռիվների մասին է խոսքը, նման դեպքեր են եղե՞լ:

-Նման շատ դեպքեր են եղել: Ես էլ եմ իրա հետ սարն էղե, բայց ես գել չեմ տեսե: Մե անգամ ինքը անձրևի ու կարկուտի տակ ոչխար պահելուց է էղե սարը, երկու հատ գել են հնկե ոչխարի մեջ, երկու գելով չեն կարացե մե ոչխարմ տանին հորս մոտից: Երկուսին էլ քշել է: Մեկին քարով զարգել է հեռու պառկած, կսե՝ կոնգստաց ու փախավ: Էն մեկնե մենակ մե ոչխարիմ դմակն է ծագե: Հերս էդման ցեխոտ հարնակոլոլ հիրգունն էկավ տուն: Ինքը մահակ ունիր, ծերին էլ հաստ բանմ էր, էդով էլ էր խփել գելին: Սիրեր գը երգ, երաժշտություն: Համեն ինճ ունիր՝ կլառնետ, շվի, դուդուկ, բլուլ… Նվագեր գը ձմեռները , փոքր ախպերս դհոլ կնվագեր, մենծը՝ ակարդեոն: Մե խոսքովմ՝ համ հովվական, համ երաժշտական ընդանիք էինք…

-Մի փոքր էլ դպրոցական տարիներից կպատմե՞ք: Ո՞ր առարկաներն եք շատ սիրել, ի՞նչ հիշարժան իրադարձություններ են տեղի ունեցել Ձեր կյանքի դպրոցական տարիներին:

-Դպրոցական տարիներից… Առաջին դասարանից մինչև երրորդ դասարան Ռիմա Հովսեփյանն է դաս տվել, շատ եմ սիրել իրան ու միշտ ուզեցել եմ նմանվիմ իրան: Առարկաներեն մենակ քիմիան չեմ սիրե, մնացած սաղ էլ սիրել եմ: Գիրք կարդալ շադ գսիրեմ՝ հայրենասիրական գրքեր:
«Տիգրան Մեծ»-ը (հեղինակ՝ Հայկ Խաչատրյան) շատ եմ սիրել…
Դասերից փախել ենք՝ շատ ենք փախել: Ուսուցիչը ընկել է ետևներիցս, կանչել է հետ, չենք գնացել… Սորվող եմ էղե, բայց շադ չարաճճի… Դպրոցի հետ կաբված համեն բան էլ թանկ է: Շատ կաբված դասընկերներ ենք էղել, լավ է անցել, ուրախ: Ես էլ ուրախ բնավորություն ունիմ, հմի է, որ պառվցել եմ,- ծիծաղում է…

-Սիրո՞ւմ եք արդյոք Ձեր գյուղը: Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

-Շատ կսիրեմ մեր գյուղը, մեր բնությունը, մեր համեն ինչը: Կապված եմ, որովհետև բնության գրկում եմ համարյա մենծցե, համեն քար ու թուփը գյուղի գիտեմ, հաղբուրները… Շատ եմ սիրել էրթալ՝ քոլ (բանջար) հավաքելու, ծաղիկ հավաքելու, բնության հետ միշտ կապնված եմ էղե:

-Ասացիք, որ գյուղի տարբեր տեղերը լավ գիտեք, այդ դեպքում մի քանի հետաքրքիր տեղի մասին կասե՞ք:

-«Մաղարա» ունինք, ահագին շարքով քարեր են: «Հբարդ քար»ը կա, «Կախգլուխ քար» կա, էդ անվանումներով, հետո քարանձավներ է՝ «Թագավորի թախտ»ն է, էդորեն հետո` «Արջի բուն»-ն է: Էդոնց վերևը կընկնի «Փոսեր»-ը, էդոր մե կողմը «Ծաղկաձորն» է՝ շատ սիրուն ծաղիկներով, իսկական ծաղկաձոր է ՝ ծաղիկների ձոր: Մեկել կողմը մե՜նձ քարմ կա՝ « Դևաքար» (կամ ՝ Դևադաշ) կկոչվի: Էդման…
էս ցածը ժանգոց քարերն է: Էդտեղ մեղվի բուն էինք գտե՝ ախպորս հետ գառներուն պահելուց: Հորս կանչեցինք, ծուխ էրավ, որ մեղուները փախնին, էն էլ մեղուներն էլ վառան թապան,- ծիծաղում է,- կրակն ուժեղ էր էրե… Մե կտոր մեղր հանեցինք…
Քարերը կհանեինք մենձ ախպորս հեդ, օձերուն կսատկեցույնք… Անվախ եմ էղե, չեմ վախեցել ոչ մի բանից՝ իսկական չոբնի զավակ եմ էղել…: Տղա կար, որ չէր կարա թևս ծալեր (նկատի ունի բազկամարտում):

-Իսկ այդ բնավորությունը Ձեզ կյանքում օգնե՞լ է, թե՞ խանգարել:

-Ինչ-որ տեղ երևի օգնել է ՝ էդման բնավորություն ունենաս դի, որ լավ ընտանիքի մեր էղնիս, տուն-տեղ ղեկավարես: Ռիսկով դի էղնիս՝ քեռուս ըսած՝ կոտին (կազմակերպված) մարդ… Էդման էլ դի էղնիս, թեկուզ տղամարդ, թեկուզ կնիկ…

-Գիտենք, որ լեռնավանցիների մի մասը բասենցի են, մի մասը` մշեցի: Դուք բասենցիների՞ց եք, թե՞ մշեցիներից:

-Ես բասենցի եմ զտարյուն: Հերս էլ, մերս էլ բասենցի են:

-Գիտե՞ք, թե բասենցիներն ինչո՞ւ են գաղթել: Եղե՞ռնն է եղել պատճառը, թե՞ մեկ այլ բան:

-Ընձի կթվա, որ մեր գեղ նախքան եղեռնն արդեն էգողներ էղել են: Երևի էն ժամանակվանից էլ թուրքը կամաց-կամաց մաքրել է էլի Արևմտյան Հայաստանը: Բասենն էլ Սև ծովի ափերին մոտ է էղե, ու շուտ են գաղթե՝ եղեռնից հառաջ, կարծեմ…
Պապերուս չեմ տեսե, մե տատիս եմ տեսե՝ Ալթուն տատիս: Ես էլ մինչև խելքահաս էղա, ինքը մեռավ, գնած… Համարյա տատ ու պապ չեմ տեսե: Չեմ հասուցե էդման պատմություններն իմանամ… Էդ տատս մահացավ, էրկու պապիս աքսորել են, աքսորած տեղերն էլ մահացել են …

-Ինչպիսի՞ն է ձեր առօրյան հիմա:

-Հառավոտը ժամը 5-ին զարթնել, մինչև 10,11, 12՝ գիշերվա: Կով կթել, յեղ ու պանիր էնել, հավ ու ձագի հեդ, հողի: Համեն ինչն էլ կենեմ … Սիրեմ գը՝ հողի գործն էլ, անասունինն էլ… Տարբեր կենդանիներ եմ պահել՝ կով, խոզ, ճագար: Թռչուններ՝ բադ, սագ, ղազ , հնկահավ, հավ, աղավնի և այլն:

-Գյուղն ի՞նչ առանձնահատկություն, ավանդույթներ ունի:

-Նախկինում հարսանիքներին «ծաղկոց տուն» կսեին, որ հարսի քեռին որպես գլուխլվայի պես բան կենե, քեռու տունը ՝ ծաղկոցը կենեին: Կամ ուրբաթ հիրգուն կենեին կամ շաբաթ հառավոդ, մինչը հարսին տանելը… Հարսնիքի երրորդ օրը հարսին կհանեին դուրս` մոմերով պարեցնելու, բայց հմի լրիվ էդ ադաթները վերացել են…
Քյանդրբազ (լարախաղաց) գուկար գեղը հառաջ, կհավաքվեին… Երևի հառաջ ավելի ուրախ էր կյանքը, քան հիմի: Հիմի ամեն ինչ կա՝ ուրախություն չկա…
Համենքի տունը 5-6 էրեխա կար, ամենաքիչը 23 էրեխով տներն էին ՝ էդոնց բազմազավակ էլ չէին կոչե… Շատ էին էրեխեքը ՝ խաղային, հետաքրքիր բաներ կենեին… Հմի ի՞նչ… Լրիվ հեռախոսով է…

-Ո՞րն է կյանքում դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Ոչ մի դեպքում չդի կոտրվիս, կամքեն ուժեղ մարդ դի էղնիս: Չնայած ես շատ զգացմունքային մարդ եմ, շուտ հիասթափվող համեն ինչեն, բայց շուտ էլ վերականգնվող… Չդի կոտրվիս, պայքարես դի: Ու քու ուժերուդ վրա վստահ դի էղնիս:
Կյանք սիրում եմ… Դժվարությամբ ընտանիք կազմած, համեն հարցով տուր ու տանջանք տեսած, բայց սիրեմ գը կյանքը, իրեք էրեխիս, թոռներիս: Ուրախ եմ իրանցով, հպարտ եմ, որ մարդ եմ դաստիարակե էս ոչ ու փուչ աշխարհում…

-Դուք լինելով ռանչպար, աշխատավոր մարդ, համաձա՞յն եք հայտնի երգի խոսքերի հետ՝ «Աշխարհի շեն վըր գութնին է: Գութան չըլլեր` աշխարհն ի՞նչ էր…»:

-Համաձայն եմ, որովհետև գութանն է՝ վարե գը, ցանե գը: Գյուղացի լինելով գիդեմ հողի հեդ աշխատելը, հողի վրեն քրդինք թափելը, թե ինչղ կստեղծվի ամեն ինչը: Համաձայն եմ, որովհետև հողն է սնողը հաշխարհքին, մարդկությանը, ժողովրդին, քաղաքի ժողովրտին: Մեկ- մեկ լոպազ-լոպազ խոսողներ կան՝ գնա գյուղ` կով կթե: Էդ կով կթելը ստոր աշխադանք չէ: Գյուղացին, որ կով չկթե՝ քաղաքացին ի՞նչ դի ուդե… Էդման խոսող քաղաքացին թող էդիկ մդածե…

-Ի՞նչ, էսպես ասած՝ մեծական խրատ կտաք, Ձեզնից հետո եկող սերունդներին:

-Կրտսեր սերունդներուն կսեմ՝ լավն էղնին, բարի էղնին, աշխատասեր, իրանց ազգն ու հայրենիքը սիրող էղնին: Եթե անունները՝ հայ է, հայ մնան, հայի արժանապադվությունը պահեն: Մաքուր, իսկական հայ օջախ ու ընտանիք կազմեն, դաստաիրակեն: Մեր ազգը կարիք ունի շատ լավ մարդկանց, արժանավոր հայերու, որ դուսն են…

Հմի էստեղ, կմենձցունք, կսորվեցունք, դաստիարակենք, կերթան օտար հողերը գծաղկեցուն: Ընձի համար շադ ցավալի է էդիգ… Էդ մասին գմտածեմ, որ էդման սերունդ աճի, ոչ տը օտարամոլ սերունդ աճի՝ էրթա ձուլվի օտարին, կորի էրթա…

-Իսկ որտեղի՞ց է գալիս Ձեր այդքան հայրենասիրությունը:

-Չգիտեմ` որտեղից է գալիս… Ինչխոր տառերը ճանչեմ գը՝ գիրք կկարդամ: Երևի բնության հետ շատ եմ կաբնված՝ հող ու քարի հետ, սիրեմ գը իմ հայրենիքիս հող ու ջուրը, միշտ էդման բաներ եմ կարդցե, մեջս տպավորվել է: Իմ հողն ու ջուրը, իմ հայրենիքը ես շատ կսիրեմ…

hasmik

Երբ ասում են` Ստալինի ժամանակ

Հարցազրույց տատիկիս հետ նրա հոր` քաղբանտարկյալ Սերգեյ Իսպիրյանի մասին

(Տատիկիս հայրը` Սերգեյ Իսպիրյանը, եղել է քաղբանտարկյալ: Այդ մասին տատիկս մի անգամ պատմեց, և ինձ շատ հետաքրքրեց, ուստի ես ցանկացա մանրամասն տեղեկանալ այդ մասին)

-Տա’տ, մի քիչ կպատմե՞ս հայրիկիդ մասին:

-Հայրս իր ընտանիքին նվիրված, պարզ, անկեղծ, շիտակ, մարդ էր: Աշխատասեր էր, ամեն ինչ անում էր, որ լավ պահի իր ընտանիքը, բանվոր էր:

-Իսկ ի՞նչը եղավ նրա բանտարկության պատճառը: 

-Դե նա այդ ժամանակ շատ երիտասարդ էր, ընդամենը 18 տարեկան, նոր էր ամուսնացել, միամիտ էր և շատ անկեղծ: Մի անգամ ընկերների հետ գնացել էր հանդ` աշխատելու: Նա պատմեց, որ հանգստանալու ժամանակ զրույցի են բռնվել, խոսել կառավարությունից, ստալինյան կարգերից: Հայրս էլ հարցրել է, թե դա ճի՞շտ է, որ ասում են, թե` Ստալինը կաղ է: Եվ այդ ընկերներից եկուսը հաջորդ օրը, դավաճանելով նրան, բողոք են ներկայացնում կառավարություն, թե հայրս ձեռ է առել Ստալինին: Դե, այդ ժամանակ ստալինյան կարգերը շատ խիստ էին: Եվ այդպես, նրան դատապարտում են 10 տարի ազատազրկման:

-Իսկ ովքե՞ր էին այդ ընկեր-դավաճանները:

-Այդ երկուսը մեր համագյուղացիներն էին: Նրանցից մեկն անգամ դատի օրը կանգնեց և հաստատեց այդ փաստը` կործանելով հորս կյանքը:

-Իսկ ի՞նչ էր պատմում բանտարկության տարիներից:

-Նա 5 տարի եղել է խիստ ռեժիմի տակ, իսկ 5 տարին, որպես ազատ կալանավոր: Պատմում էր նաև, որ իր հետ մեկտեղ կալանավորված են եղել բանաստեղծներ, գրողներ` Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը: Նա ականատես է եղել նաև Չարենցի տանջանքներին: Նրան այնքան են տանջել, ծեծել, որ չդիմանալով այդ ամենին, ինքնասպան է եղել:

-Տա’տ, սկզբում ասացիր, որ բանտարկվելուց առաջ էր ամուսնացել: Կինը սպասե՞լ է իրեն:

-Հորս բանտարկվելուց հետո մայրս 5 տարի ոչ մի լուր չի ստացել նրա մասին: Բայց այդ ամենը նրան չի խանգարել, որ նա համբերատար սպասի իր ամուսնուն: 5 տարի հետո, երբ հորս խիստ ռեժիմից ազատել են, նա կարողացել է նամակի միջոցով իր եղբորը լուր ուղարկել: Այդ նամակով ցանկացել էր իմանալ, թե ինչպես են իր ծնողները, կինը սպասե՞լ է իրեն, թե՞ ոչ: Նամակի պատասխանը հա՛մ դաժան է լինում, հա՛մ ուրախալի: Դաժանն այն է լինում, որ իմանում է ծնողների մահվան մասին, իսկ ուրախալին այն էր, որ կինն այդքան տարի սպասել է իրեն և կշարունակի սպասել այնքան, մինչև նա վերադառնա: Թեև ծնողների մահվան լուրը շատ է ընկճում նրան, բայց կնոջ այդ քայլը նրա մեջ նոր ուժ է ծնում, որ դիմանա այդ ամենին և վերադառնա ընտանիքի մոտ: Եվ այդպես, նրան 1946 թվականին ազատ են արձակում, և նա վերադառնում է տուն:

-Տա’տ, ասացիր, որ 1946 թվականին ազատ են արձակել, այսինքն, Հայրենական պատերազմի տարիներին բանտարկված է եղել, բա նրան չե՞ն տարել պատերազմ:

-Ո՛չ, քաղբանտարկյալներ էին, ընդհակառակը, նրանց համարում էին ազգի դավաճաններ և խիստ ռեժիմի տակ էին պահում:

-Իսկ ազատվելուց հետո նա ցանկացե՞լ է իր դավաճան ընկերների հանդեպ վրեժխնդիր լինել:

-Դե, երբ նա վերադարձավ, այդ մարդիկ արդեն մահացել էին, իսկ նրանց ընտանիքների հանդեպ չչարացավ:

Ես, այս պատմության մասին իմանալով, հասկացա, թե ինչ դաժան է իրականում ստալինյան ժամանակաշրջանը եղել: Հենց անձամբ իմ ընտանիքը դրա զոհերից մեկն է: Բայց նաև մի կարևոր դաս նույնպես քաղեցի. ընտանիքը կարող է որոշիչ դեր ունենալ մարդու կյանքում, ինչպես այս դեպքում: Իմ տատիկի հորը ապրելու և պայքարելու ուժ է հաղորդել իր ընտանիքը, հավատարիմ կինը: 

anush hovhannisyan

Թե ինչպես հիվանդացա

Գիտե՞ք, արդեն մտածում եմ, որ աշնան գալը ու իմ հիվանդանալը չգրված օրենք է դարձել: Իմ նվնվալու սեզոնը սկսվեց հենց առաջին օրից: Սեպտեմբերի 1-ին հիվանդ էի ու երևի այսպիսի կարգախոս հորինեմ. «Ինչպես սկսեմ սեզոնը, այդպես էլ կավարտեմ»: Սա ինձ համար է ասված: Կիտրոնով թեյը դարձել է կյանքիս իմաստը: Աչքերս բացում եմ, արդեն ինձ է սպասում: Ու չասեմ, որ մի անգամ երազում էլ տեսա կիտրոնով թեյ: Այս մեկ ամսվա մեջ այնպես եմ հետը կապվել, որ դժվար կլինի մեր բաժանումը, չնայած եթե այս տեմպերով շարունակեմ, դժվար էլ բաժանվենք:

Պատմեմ թե ինչպես սկսվեցին իմ և հարբուխի «հարաբերությունները:

Սեպտեմբերի 21-ին, երբ դուրս էի եկել ֆոտոներ անելու, մնացի անձրևի տակ: Դե քանի որ շատ եմ սիրում անձրևի տակ զբոսնել, քայլերս չարագացան, բայց հասա տաղավարին, որտեղ պապիկները նստած նարդի էին խաղում: Դե քանի որ անձրև է, ինչո՞ւ չզրուցենք:

-Պապիկ ջան, ուզում եմ մի քիչ զրուցենք, այսօր անկախության օրն է:

-Ի՞նչ անկախություն, հը՞, ո՞ւր ա անկախություն: Հա, խոսամ, որ լավ նկարես, քցես տելեվզրի մեջ` խայտառակ լինե՞մ: Չեմ խոսա:

-Վայ, չէ, այ պապի ջան, ի՞նչ հեռուստացույց, ուղղակի զրուցենք, մինչև անձրևը կտրվի:

-Չէ, գնա ուրիշին գտի:
Բայց պապիկներից մեկը, ում աչքերի անասելի գեղեցկությունը չկարողացա անտեսել, սկսեց խոսել:

-Էհ, բալես, անկախությունը հիմա վերացել ա: Ո՞ւր ա: Դու զգո՞ւմ ես, որ անկախ ենք, չէ… Բա դա էր մեր էդքան տարվա երազանքը:

-Իյա… Էս չկարացա՞ր քեզ զսպես: Մի խոսա, այ տղա, գլխիդ կսարքեն,- միջամտեց խոսել չցանկացող ու, չգիտեմ ինչու, մարտական տրամադրված պապիկը:

Մտածեցի` ինչ անեմ, որ իմ մասին իրենց կարծիքը փոխեն և որոշեցի հյուրասիրել պապիկներին: Անձրևը դեռ չէր կտրվել, թրջվելով հասա մոտակա խանութը, բանան գնեցի և թրջվելով նույն ճանապարհով հետ եկա: Հյուրասիրեցի պապիկներին, կերան բանանը, բայց ապարդյուն: Ոչ մի բան էլ չփոխվեց, շարունակում էին լուռ իրենց նարդի խաղալ: Ես էլ որոշեցի պարզապես լուռ նստել մինչև անձրևը կտրվի:

Հաջորդ օրը` կիտրոնով թեյ, հարբուխ, մի տուփ անձեռոցիկ և իհարկե, նվնվոց…

taguhi mlqeyan

Տրակտորիստների ազգը

Հարցազրույց Սարուխանի մեխանիզատոր Թաթոս Նաջարյանի հետ

-Կպատմե՞ք Ձեր մասին:

-Մասնագիտությամբ մեխանիզատոր եմ, ծնվել եմ Սարուխան գյուղում, աշխատում եմ Սարուխան գյուղում համագյուղացիներիս համար:

-Քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք մեխանիզատորությամբ:

-Արդեն 25 տարի է, ես էս գործին եմ:

-Իսկ ի՞նչ կասեք աշխատանքային գործունեությունից, այն ինչպե՞ս է ընթանում գյուղում:

-Նորմալ է ընթանում, բայց մենք մեր աշխատանքից գոհ չենք, որովհետև ժողովուրդը չը կանում վճարա, ես չեմ ստանում իմ ծախսած գումարը, իմ վառելիքի գումարը, մե խոսքով, դժգոհությունը շատ է:

Ես կասեի, որ բնակչության շատ քիչ տոկոսն է վճարունակ, մնացածը պարտքով են թողնում` ասելով. «Աշունը տղերքը գան, կտամ»:

-Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր ունակ են վճարելու, սակայն չեն զբաղվում հողագործությամբ:

-Այո’, կան, ունեն ու չեն ներդնում: Էսօր հողագործությունը «լատարեի» նման բան է, Հիրանք էսօր ցանում են, մշակում, վերջում չեն կանում իրացնեն, դրա համար էլ էլ չեն զբաղվում, ասում են` դսից էկած փողը պահենք, ապրենք:

-Իսկ Դուք որպես գյուղացի հողագործությամբ զբաղվո՞ւմ եք:

-Այո, ես զբաղվում եմ, ցանում եմ հեկտարներով հացահատիկ, նաև կարտոլ: Ցանում եմ, մշակում ու ստացված եկամուտով պահում եմ համ ընտանիքս, համ գյուղացիներիս:

-Դուք նշեցիք, որ գյուղացիներին էլ եք պահում, իսկ ի՞նչ եք անում գյուղացիների համար:

-Ես իմ ստացած բերքը վաճառում եմ համեմատաբար ավելի էժան գնով և մեծ մասը «նիսյայով»:

-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր և համագյուղացիների հարաբերությունը:

-Մենք շատ լավ ենք իրար խետ, հիրարից երբևէ չենք նեղացե, հիրար հարգում ենք, մե խոսքով, լավ է:

-Իսկ բացի Ձեզանից գյուղում կա՞ն այլ մեխանիզատորներ և քանի՞սն են:

-Իհարկե կան, ես, եթե չեմ շփոթում մե 15 հոգի, շատվոր ենք, էլի:

-Իսկ ինչպիսի՞ աշխատանք եք կատարում գյուղում:

-Դը`, վար, ցանք, քաղ, կապ, կոմբայնով հացահատիկի հավաքում և գյուղատնտեսական բոլոր աշխատանքները:

-Ես գիտեմ, որ աշխատանքների ժամանակ վնասվածքները շատ են լինում, այ ի՞նչ կասեք դրա մասին:

-Հա’, բա ո՞նց, վնասվածքներ շատ են լինում: Ո՞նց կարա չըլնի, եթե մեր հողերը քարքարոտ են, մելորացիա արուկ հողեր են, առանց վնասի չըլնում:

-Իսկ վնասների դեպքում ո՞ւմ եք դիմում առաջինը, կա՞ արդյոք մեկը, ով աջակցում է Ձեզ այդ հարցում:

-Չէ խա, մըկա` ո՞վ ա ում աջակցում: Ես իմ ուժերով լուծում եմ լրիվ հարցերը, բայց դը դժվարությամբ, էլի: Առուկս գումարն էլ օգտագործում եմ էդ հարցերը լուծելու համար:

-Իսկ վնասված դետալներ գտնելը խանութներում հե՞շտ է, թե՞ ոչ:

-Գիդո՞ւմ ես, իմալ, կան դետալներ, որ հեշտ են ճարվում, կան որ շատ դժվար: Օրինակ, իմ կոմբայնի «պագռիշկեն» ծակվել էր: Ես ըտու համար 300 դոլար փող եմ ծախսե, գացեր եմ Վրաստանից բերեր եմ: Ես կխնդրեի, որ անվադողերի կազմակերպությունները օգնեին լուծել էդ հարցը: Ես կանի` իմ էդքան փողի 50 %-ը ծախսի, էդ «պագռիշկեն» էստեղից առնի:

-Պարոն Թաթոս, ի՞նչ տարբերություն կա սովետական և նոր մեխանիզմների միջև:

-Կա շատ մեծ տարբերություն: Դը սովետական ժամանակների տրակտորներն ու մեխանիզմները իմալ էլ հըլնի, լավն են, ավելի դիմացկուն, քան էս թեզա տրակտորները: Ես թեզեքը հլը չես քշում, մետր-մետրի վրա փչանում ու մեր փողերը ուտում:

-Գյուղում կա՞ն սովետական ժամանականերից մնացած գործող տրակտորներ:

-Այո, կան, ու էդ տրակտորներից մեկը ես եմ քշում:

-Իսկ սովետական տրակտորների դետալնե՞րն է հեշտ գնել, թե նոր տրակտորների:

-Հա, դե սովետականինը ավելի հեշտ ա, համ էլ էժան: Նորը շատ թանկ ա, գնելը դժվար ա, բայց ինչ անենք, եթե պետք ա լինում, առնում ենք, ինչքան էլ թանկ լինի:

-Գիդաք ի՞նչ կա, էնքան դժվար ա, որ էս կոմբայնի ակի համար չորս օր մնացել եմ դաշտում` կոմբայնի կողը, բացի էդ էլ, էնքան փող ծախսեցինք, որ էդ փողով իմ համար մե հատ թույն ավտո կառնի (միջամտեց որդին` Գարիկը):

-Գարիկ, դու որպես երիտասարդ, հարկ համարո՞ւմ ես լինել քո հոր կողքին, օգնել նրան աշխատանքում:

-Այո, եթե ես ու իմ ախպերները չըլնենք, էլ ո՞վ գըքա մեր հորը կօգնա, բացի էդ էլ, ես սիրում եմ էս գործը:

-Ցանկանո՞ւմ ես շարունակել հորդ գործը:

-Խա բը իմալ, համ ես, համ իմ էրեխեքը, մեր ազգը պըտի տրակտորիստների ազգ ըլնի:

Sose Zaqaryan

Պատմում է Սուրիկ պապիկը

Խերս՝ Ուլուճանի Բագրատը, բնիկ ուզեցի է: Էրկու քույրիկների՝ Յաղութի ու Մարգարիտի թաք ախպերը: Ուլուճան էին ասըմ, որովհետև, աշկերը շատ պստիկ էին, իշկո հոնի կոճ: Ինքը արհեստավոր էր. մաղեր էր կապըմ: Էն վախտը էտի շատ հարգի կործ էր: Կարաբաղից էլ էին կալի խորըս մէտը, մեր տան ուքագները ալուրը լիյն էր: Չորս կնիկ ա առի, բայց վեչ մեկից էլ չի պաժնվի, ուղղակի կնիյները մեռել են: Սաղից էլ էրէխա յա ծնվի:

Մէ կնիկըն էլ ուր խետը մէ տղայ ա պէրի, բայց խերս Հայկ ապուս, էտենց ինք ասըմ խորթ ախպորս, հարազատ խոր նման ա էլի: Ըղրկել ա Բաքու, հիվանդանոցի գլխավըր հաշվապահ ա էլի: Հայկ ապիս Աղավնիկ բաջուս մոր տղեն ա էլի: Բաջիս ընդունվել ա ինըստուտ Բաքու, բայց չի կնացի սորվա: Մեր մերը մեռած ա էլի, մեզի պախող չի էլի, ես նա Ազնիվը կախվել ենք բաջուս փեշերից, ասեր ենք.

-Բաջի, վեր տու էթաս, մեզ վո՞վ ա պախելու: էտենց, Սոսե ջան, բաջիս մնացել ա ինձ ու պապիկիդ պախել ա: Չնայած մենք մէ խորից, մէ մորից չենք էլի, բայց Բագրատ պապու ինը էրեխեքն էլ ուրար խետ շատ սէր ու բարիշ են էլի: Ես ու պապիկդ մէ խորից, մէ մորից ենք էլի, մէրս ապուս երրորդ կնիյն ա էլի: Ես մորս չեմ հիշում, մէ նկար էլ չունա: Հետո պապես ամուսնացել ա վայքցի մէ կնգա խէտ: Սոնեն շատ մաքրասեր կնիկ էր, մեզի էլ էտենց ա սորվացի: Խէրս ասըմ էր. «Մարդ աշխատասեր պդա ըլա, մաքրասեր, մեկ էլ սիրուն»:

Էն վախտը օղչար էինք պախըմ: Մեր հարևանին մէ սիրուն ամլիկ ուներ, խէրս էրկու օխչար տվավ, էդ մէ սիրուն ամլիկը վերցավ: Ասըմ էր` դռան շունն էլ մարդու պդա գեղեցիկ ըլա: Ամեն առավետ, որ օխչրներին խանըմ ինք, մեր հարևան մէ կէշ աղջիկ կար, էլնըմ էր օխչրի առաջը, խէրս էտ էրեխին ասըմ ա.

-Այ, աղջի, օղչարը քեզի տսնըմ ա, խրտնըմ ա:

Հիմա էդ աղջիկը, իմանը՞մ ես, ինչ սիրուն կնիկ ա էլի. պուդրի կրասկեն տըսնը՞ն ես, ինչ ա սարքըմ մարդուն:

Խերս Անդրանիկի մասին երգեր էր երգում, ափսոս, գրի չենք առի: Ինչ հարսանիք ըլնում էր, պապուս երգացըմ ին:

Կարաբուլաղում, որ խող ին պաժնըմ, մենք պապիկիդ խետ խող վերցանք ու տուն սարքանք: Ես ամուսնացա Անոյի խետ: Մեր հարսանիքին Աշոտավանից Շողեր մորքուրս մէ հորթ է նվեր տվել, Վաչո փեսես՝ Աղավնիկի մարդը, պիոներական վզկապը կապել էր հորթիկի վզից, բոլորը ծիծաղից մեռնըմ ին: Դհոլը զարկըմ ին, հորթը տռճկի էր տալիս գիժ թողլու նման:

Հետո անսպասելի սկսեց մաքուր հայերենով շարունակել խոսքը.

-Ես իմ աղջիկներին ու Ազնիվի աղջիկներին ասում եմ. «Էնպես հարսնություն արեք, որ չասեն` Մարգարենց աղջիկները էսենց-էնենց…»

Հետո նորից հարազատ բարբառով շարունակում է խոսքը: 

-Ես լավ չեմ սորվի, բայց մինչև մկա հիշըմ եմ Ավետիսյան Ալբերտից սովորածը. «Երեխաներ, «բայց»-ից, «իսկ»-ից առաջ ստորակետ է դրվում»: Շատ լավ դասատուներ ունեինք. Կարապետյան Արտեմը, Դավթյան Միրզոն, Ալբոն:

Հա, Սոսե ջան, էն վէր Ուզի մասին գրել ես, խի՞ չես գրել Լենժետի, Ֆրիդի, Լենադի, Լաֆարգի, Շիմիդի անունները: Իմանըմ ե՞ս,ո ր դարաբասցի Չապաևի անունը մեր կեղացի բուժակ Նիկալն ա տրի: Էն ժամանակ ինքը Դարաբաս էր աշխատում, էնքան են հարգի, որ առաջարկը չեն մերժի:

Հիմա աշխրքին ուզում եմ խաղաղություն ըլա, որ մարդ խիղճը հանգիստ աբրա: Բա, բալես,- ասաց Սուրիկ պապը և ծիծաղեց:

Ու ես նկատեցի, որ նրա մանր աչքերն էլ կորան, ինչպես իր հայր Ուլուճան Բագրատինը, ով իր գերդաստանին ավանդ էր թողել՝ Սիրել միմյանց:

Ժենիկ տատը

Զրույց մեր համագյուղացի` արզականցի Ժենիկ տատի հետ

-Ժենիկ տա՛տ, մի փոքր պատմիր քո մասին:

-Ի՜նչ պատմեմ, ազիզ ջան: Ես ծնվել եմ Կիրովաբադում, Դաշքեսանի ռայոն , գյուղ՝ Շահումյան, 1940 թվին, հիմա 76 տարեկան եմ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

-Ժենիկ տա՛տ,  փոքր ժամանակ  շա՞տ  կամակոր  երեխա ես եղել:

-Շա՜տ,  շա՜տ,  սաղին վառել  եմ, թողել եմ: Մանկությունս էլ շատ վատ ա  էղել, լավ չի եղել, ազիզ ջան: Վա՜յ, էնքան էինք տանջվում, բայց արդյունք էլ չկար: Գառ էինք պահում, ոչխար էինք պահում, բախ էինք  անում (փոցխում), կարտոլ շա՜տ,  հեկտարներով ցանըմ ինք, բուկ էինք թուլցնում:

Ա՜յ, քո չափ աղջիկ եմ էլել, ինչքա՞ն եմ բախել, ինչքան եմ ցանել, դեռ չին էլ հավատում, ասում էին` դու շատ էս բախել, էս երևի ուրիշն ա էլել հետդ բախող:

Էնտեղից  եկել եմ Չարենցավան՝  հորաքրոջս տուն, դեռ մերոնք չէին եկել: Հա՛, էկել եմ  էդ  տղային պատահել եմ, սիրահարվել ենք Աղվերանում: Պատահել ենք, սիրահարվել  ենք, նստել ենք զրույց ենք արել: Մի օր  էլ ասաց՝ մամաս էսպես խեղճ ա, մամաս տանջված ա: Ասի՝ դե մի լավ աղջիկ առ, որ մամայիդ  պահի: Ասավ` քեզնից էլ լավ աղջի՞կ: Մի հատ  գլխին խփեցի, ու  էդպես էլ  եկան ընձի  տանելո՜ւ: Իրանց ժողովրդին ասեց, որ ես էս  աղջկան եմ ուզում: Եկել են, տեսել են,  Հենոյի  բոռտավոյով  են բերել Չարենցավանից:

-Ինչ որ մասնագիտություն ունե՞ս, Ժենիկ տատ: 

-Եկել  եմ  Չարենցավան, որ էթամ թեթև  արդյունաբերության տեխնիկում, էն էլ ուրբաթը  շաբաթից շուտ ա եկել:  Էդպես էլ ոչ մի մանագիտություն չեմ ունեցել, բայց աշխատել եմ անտառտնտեսությունում, մի 20 օր հետո էդ տղային տեսել եմ,  ու  էդ ա  եղել:  Պարտիական եմ  եղել, շրջանային դեպուտատ եմ էլել՝ աղջիկ ժամանակ:

-Ինչ-որ հետաքրքիր դեպք կպատմե՞ս, Ժենիկ տատ,  աշխատանքային տարիներից:

-Հա, եկել եմ էստեղ, որ արդեն երեխեքս մեծ են էլել, գնացել եմ «սովմինի» հանգստյան տուն,  որ  դիմում տամ, ինձ հավաքարար ընդունեն գործի: Ասել են` ինչի՞ էս էդ գործն ընտրում, դու կուսակցական ես, դու դեպուտատ ես: Ասել եմ՝ ոչինչ, էս էլ ա լավ:

-Գիտեմ, որ ամուսինդ բանաստեղծություններ է գրել, տա՛տ, կպատմե՞ս այդ մասին: 

-Հա՛,  ճիշտ ես իմանում: Էդ բանաստեղծությունները ես էլ եմ կարդում, թոռներս էլ են կարդում: Իմ մասին բանաստեղծություններ էլ ա գրել: Ասեց. «Ասում ես` չես գրը՜մ, իմ մասին չես գրը՜մ, Ժենիկ ջան, էս էլ՝ քո մասին»:

-Քանի՞ երեխա  ունես, Ժենիկ տատ:

-Երեքն  էին, հիմա՝  2-ը ու՜նեմ, և ունեմ 4 թոռ: Սիրում եմ ամենաշատը աղջիկներին: Դե տղաներին էլ եմ սիրում, բայց որ ինձ աղջիկ չեմ ունեցել, շատ եմ ուզեցել ունենալ, չի էլել՝ երկուսին էլ  սիրում   եմ՝ Արաքսյային էլ, Անուշին էլ:

-Իսկ ի՞նչ երազանքներ ունես, Ժենիկ տատ:

-Երազանքներ ունեմ, որ իմ ոտին, իմ ձեռին,  անկողին չմտնեմ, իմ երեխաների ձեռքով հողը մտնեմ, դրանից ավել  էլ բան  չունեմ… Ի՞նչ ավելացնեմ… Թոռներս  բախտավոր ըլնեն: Է՛հ…

seda mkhitaryan

«Դասավանդիր, Հայաստան» ծրագրի մեր ուսուցիչը

 Հարցազրույց անգլերենի ուսուցչուհի՝ Անի Հարությունյանի հետ, ով մեր գյուղ է եկել «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում։

-Միսս Անի, կպատմե՞ք մի փոքր ձեր մասնագիտության ընտրության մասին:

-Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ` անգլերենի ուսուցչուհի: Ընդհանրապես կարծում եմ, որ մասնագիտության ընտրությունը իսկապես այն մի քանի կարևոր որոշումներից է, որ մարդ կայացնում է իր կյանքում: Մասնագիտությունս ընտրել եմ դեռահասության տարիքում, ինչպես մեզնից շատերը: Ընտրել եմ այն պարզ ու միամիտ մի պատճառով` սիրում էի այդ լեզուն: Իհարկե, ուսմանս ընթացքում արդեն սկսեցի մասնագիտությանս նայել կիրառական տեսանկյունից: Բախտս բերեց, որ սիրտս ճիշտ էր հուշել:

-Ինչպե՞ս հայտնվեցիք մեր գյուղում՝ Քարինջում։

-Որպես ընտրածս ուղու տրամաբանական շարունակություն դարձավ դասավանդման ոլորտը: Ուսումս ավարտելուց և որոշ ժամանակ դասավանդելուց հետո որոշեցի կրթական ծրագրով գնալ Չինաստան` այնտեղի դպրոցում դասավանդելու: Ամեն ինչ համարյա որոշված էր և պատրաստ: Սակայն 2014 թ. մայիսին մի քանի օրում իմ կյանքն իսկապես փոխվեց, որի համար ուրախ եմ հիմա: Հայաստանում գործում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպությունը, որը վերապատրաստում է տարբեր մասնագետների և ուղարկում Հայաստանի տարածքում գտնվող առավել կարիքավոր գյուղերի դպրոցներ` դասավանդելու 2 տարով: Համացանցում տեսա իրենց հայտարարությունը, և այդ գաղափարն ինձ միանգամից գրավեց: Որոշեցի մնալ իմ հայրենիքում: Դրանից սկսվեց ամեն ինչ: Մեզ` 14 ուսուցիչներիս, ուղղորդեցին տարբեր գյուղեր: Եվ այդպես ես հայտնվեցի իմ Քարինջում, որտեղի միջնակարգ դպրոցում արդեն երկրորդ տարին է, ինչ դասավանդում եմ անգլերեն:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գյուղում և արդյո՞ք դեռ կան ինչ որ բաներ, որոնց հետ դեռ չեք հարմարվել։

-Գյուղ գալուս առաջին իսկ օրվանից տեսել եմ շատ ջերմություն և սեր տեղի բնակիչների կողմից, ովքեր ինձ չճանաչելով անգամ, հյուրընկալել են և պատվել: Սակայն ուրախ եմ նաև, որ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել դժվարությունների ամեն օր: Դրանց շնորհիվ եմ ես ուժեղանում և շարունակում բացահայտել կյանքը: Ինձ համար` որպես անծանոթ գյուղ եկած ուսուցչի, դժվարություններ են եղել կապված նոր միջավայրի, կենցաղային խնդիրների հետ և այլն: Սակայն ամենամեծ դժվարությունը ինձ համար եղել և մնում է երեխաներին դպրոցը և ուսումը սիրել սովորեցնելը: Հուսով եմ, մենք կհասնենք նշանակալի արդյունքի:

-Ինչպիսի՞ն է մեր համայնքը Ձեր աչքերով, կցանկանայի՞ք մնալ և շարունակել աշխատել այստեղ։

-Սիրեցի ձեր բնությունը: Այստեղ զգացի իրական ներդաշնակություն: Դա նշանակում է, որ արդեն կապված եմ Քարինջի հետ, տեղի մարդկանց, ինչքան էլ տարբեր լինենք մենք: Սակայն իմ տունն այստեղ չէ: Ինչքան էլ ես սիրեմ այս գյուղը, մնում եմ հյուր: Ես ցանկանում եմ մի բան միայն` իմ աշխատանքի 2 տարիների ընթացքում հասցնել որևէ օգտակար բան անել դպրոցի, երեխաների և համայնքի համար: Կարծում եմ ինչքան էլ ցավալի լինի, երբեմն հեռանալն ավելի ճիշտ է:

-Ըստ Ձեզ, ո՞րն է մեր համայնքի առանձնահատկությունը։

-Համայնքը խրոխտ ու հպարտ է իր աշխարհագրական դիրքի նման: Ինչքան էլ տարբեր լինեն մարդիկ, նրանց միավորում է մի կարևոր հատկանիշ` իրար օգնելու ու հոգ տանելու պատրաստակամությունը: Հենց այդպես էլ կհիշեմ ձեզ:

greta khandanyan-2

Եղբայրս մաթեմատիկոս է

Ղազախստանում անցկացված Ժաուտիկովյան XI և XII, Թայլանդում և Հոնգ Կոնգում անցկացված IMO 56 և 57 օլիմպիադաներ: Մեր այսօրվա հերոսը, մասնակցելով այս չորս միջազգային օլիմպիադաներին, ամեն անգամ վերադարձել է՝ իր հետ բերելով մեդալներ: Երկու արծաթ և երկու բրոնզ. ահա եղբորս` Նարեկ Խանդանյանի հաջողությունների ապացույցը: 

-Կպատմե՞ս մի փոքր քո մասին: Որտե՞ղ ես սովորել, իսկ հետո առավել խորացրել մաթեմատիկական գիտելիքներդ:

-Ես Նարեկն եմ, Գավառից: Նախնական կրթությունս ստացել եմ Գավառի Ս. Քոչարյանցի անվան համար 1 դպրոցում: Ավարտելուն պես ընդունվել եմ Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը և այնտեղ եմ խորացրել մաթեմատիկական գիտելիքներս:

-Ինչպե՞ս ընտրվեցիր միջազգային օլիմպիադաների մասնակից:

-Յուրաքանչյուր միջազգային օլիմպիադայից առաջ հանրապետությունով մեկ հայտարարվում է մաթեմատիկայի մրցույթ: Քաղաքային և մարզային փուլեր հաղթահարած մասնակիցներին հրավիրում են մասնակցելու հանրապետական մրցաշարին, որտեղ կարգ ստացած մասնակիցները մասնակցում են նախընտրական փուլին: Լավագույն արդյունք ցուցաբերած վեց աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օլիմպիադային:

-Ի՞նչ մեդալներ ես նվաճել այս չորս օլիմպիադաների ընթացքում: 

-Ղազախստանում անցկացվող «Ժաուտիկովյան» միջազգային մրցույթից և՛ 2015, և՛ 2016 թվականներին վերադարձել եմ արծաթե մեդալներով: 2015-ին Թայլանդում անցկացված IMO 2015 և 2016 թվականին Հոնգ Կոնգում անցկացված IMO 2016 միջազգային օլիմպիադաներից վերադարձել եմ բրոնզե մեդալներով:

-Օլիմպիադաներից ո՞րն է եղել քեզ համար ամենատպավորիչը:

-Յուրաքանչյուր օլիմպիադա ունեցել է իր յուրահատուկ ու տպավորիչ կողմերը: Սակայն կարող եմ առանձնացնել Թայլանդում անցկացված օլիմպիադան: Պատճառը հենց Թայլանդն էր՝ իր տպավորիչ ուտեստներով, մշակույթով, արհեստական լեռներով և ոսկեզօծ արձաններով:

-Ի՞նչ է տալիս միջազգային օլիմպիադային մասնակցելը:

-Օլիմպիադան օգնում է ավելի լավ աշխատել ընտրածդ ուղղությամբ և հասնել արդյունքի: Հաճելի է այլ երկրների մասնակիցների հետ կանգնել բեմում և ծածանել եռագույնը: Դրանից բացի, նոր երկրներ ես տեսնում, ծանոթանում այլ ազգերի մշակույթներին:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

-Այժմ սովորում եմ Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Հետագայում ցանկանում եմ կրթությունս շարունակել արտասահմանում: