Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

mariam tonoyan

Հայրիկիս անցած ուղին

Հարցազրույց Արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Տոնոյանի՝ իմ հայրիկի հետ

-Հայրիկ, ե՞րբ է սկսվել քո մարտական ուղին:

-Մարտական ուղիս սկսվեց 1993 թվականի հունիսի 17-ից, երբ զորակոչվեցի բանակ: Հունվարի 1-ի առավոտյան հրաման ստացանք Քարվաճառ գնալ: Մինչև Քարվաճառը մնացինք ընդհանուր շտաբում: Դրանից հետո պարբերաբար տեղափոխվում էինք այլ բնակավայրեր՝ Յանշակ, Բուզլուխ, Յամշլու: Պայմաններն անտանելի ծանր էին՝ ցեխոտ, անանցանելի ճանապարհներ, անտանելի ցուրտ, հատկապես՝ Օմարի բարձունքում, սակավ փամփուշտներ, դրանց հետ միասին՝ ընկերների ու հրամանատարների կորուստներ: Օմարի բարձունքում շատերը ցրտահարվեցին, դրսում 20 րոպեից երկար դիմանալ հնարավոր չէր:

-Պատմիր պատերազմից հետաքրքիր հիշողություններ կամ տպավորություններ: 

-Սուտ չեմ ասի, եթե ասեմ, որ չնայած ամեն տեսակ դժվարություններին՝ ծառայողական տարիներս կյանքիս լավագույն տարիներն էին: Ինչպիսի՜ ընկերներ ունեինք՝ Տերենտը, Արտակը, Վաչեն: Ամեն օրը արկած էր դառնում: Ընկերներս հատկապես զարմանում էին, որ կարողանում էի որոշել արկի ընկնելու տեղը՝ սուլոցի ձայնից:

-Կարո՞ղ ես նշել պատերազմի օրերին ամենադժվար օրը քեզ համար:

-Է՜հ, դժվար հարց ես տալիս: Հիշելն ահավոր է: Այդ օրը զարմանալի էր, երբ զոհվեց մեր հրամանատար Գասպարյան Վովան, նույն օրը աչքից վիրավորվեց Արտակը՝ մոտ ընկերս, որը ևս մահացավ:

-Ե՞րբ ես վիրավորվել:

-Շատ անգամներ եմ փրկվել մահից. այդ օրերը ես վերածննդի օրեր էի անվանում: Մի անգամ կյանքս փրկեց Էդիկ Կարապետյանը, բայց վիրավորվեցի: Մայիսի 6-ին շարժվեցինք դեպի դիրքեր: 3-րդ դիրքը ամենավտանգավորն էր, որտեղ կամավոր էին գնում: Ես ևս կամավոր գնացի 3-րդ դիրք: Դիրքում էինք ես, եզդի Մաջիթը, Արմենը, Ռաֆիկ Ավետիսյանը և կազակ զինվոր Տամերլանը: Ռաֆիկը գնալ ուզեց, ասաց, որ հետը գնամ, շրջվեցի, որ պատասխանեմ, որ հիմա հնարավոր չէ, թե չէ կխփեն: Շրջվեցի ինքնաձիգս վերցնելու, երբ տեսա մոտ 20 մետր հեռավորության վրա մի ժայռ կար: Այդ պահին ականանետը խփեց ժայռին, բեկորները պոկվեցին և գլխիս խփեցին: Նույն պահին Տամերլանին խփեցին, վիրավորվեցին Ռաֆիկը և Արմենը. կտրվել էր Արմենի ոտքը: Մաջիթը վիրավորվել էր գլխից: Աչքերիս առջև մշուշ էր, մտածում էի, թե մահացել եմ: Միայն ձայներ էի լսում: Փորձեցի շարժվել, վեր կացա, բայց ոչինչ չկար, սպիտակ էր՝ մշուշ: Լսում էի միայն Ռաֆիկի ձայնը, որ ասում էր. «Տոնոյան, փախիր, թուրքերն եկան»: Քիչ անց վերականգնվեց տեսողությունս: Տեսա, որ թուրքը 7 մետրի վրա է, սկսեցի կրակել: Մաջիթը ռացիայով օգնություն էր կանչում: Մութն ընկել էր, երբ օգնությունը հասավ:

-Վիրավորվելուց հետո շարունակեցի՞ր ծառայությունը:

-Բուժում ստանալուց անմիջապես հետո վերադարձա դիրքեր:

-Պարգևատրումներ ունե՞ս:

-Այո, մի շարք պատվոգրեր, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, «Մարտական ծառայություն» մեդալով, «Հատուկ գունդ» շքանշանով, ԼՂՀ «Մարտական ծառայության արիություն» մեդալով, «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

Հայրիկիս հետ սա իմ առաջին զրույցն էր: Ես դեռ շատ բան չգիտեմ: Հուսով եմ, հայրիկս էլի հուշեր կպատմի:

Diana Karapetyan

Մի փոքրիկ պատառիկ

Հարցազրույց մայրիկիս՝ Իրինա Կարապետյանի հետ: Սումգայիթյան ջարդերից հետո մայրիկիս ընտանիքը ստիպված էր հեռանալ Ադրբեջանից:

-Մամ, ո՞նց տեղեկացաք, որ պատերազմ  է լինելու:

-Դե, արդեն Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի ջարդերից հետո ադրբեջանցիները շարունակում էին  հայերին կոտորել, այրում էին նրանց տները, ավիրում էին ամեն ինչ: Եվ լուրերը հասնում էին նաև մեզ մոտ` Խանլար, որտեղ մենք էինք ապրում:

-Քանի՞ տարեկան էիր այդ ժամանակ: 

-Ես այդ ժամանակ 12 տարեկան էի:

-Ո՞նց որոշեցիք, որ պետք է հեռանաք Խանլարից:

-Մամաս հասկացավ, որ թուրքերը միայն Սումգայիթով չեն բավարարվի, և պատերազմ է սկսվելու, որոշում կայացրեց, որ հեռանանք Խանլարից ու գանք Հայաստան:

-Ընտանիքի բոլո՞ր անդամներն էին համաձայն, որ հեռանաք Խանլարից:

-Համենայն դեպս, ես համաձայն չէի: Ես սիրում էի մեր քաղաքը և չէի ուզում այնտեղից հեռանալ: Մամաս ինձ ստիպելով է նստեցրել մեքենա:

-Ի՞նչ ես հիշում ձեր հեռանալու օրվանից:

-Հիշում եմ, որ արդեն իրերը հավաքել էինք և դնում էինք մեքենայի մեջ, որ արդեն պիտի գնանք: Ես շատ խաղալիքներ ունեի, բոլորը հավաքել, լցրել էի մի պայուսակի մեջ, որն ուզում էի դնել մեքենայի մեջ: Բայց, արդեն տեղ չլինելու պատճառով մայրս խաղալիքներով լի պայուսակս գցեց աղբամանը: Ես լաց էի լինում, բղավում էի, ուզում էի վերցնել իմ խաղալիքները: Հիշում եմ՝ մի մեծ տիկնիկ ունեի, անունը Մոնիկա էր, երբ մայրիկս այն գցեց աղբամանը, թուրք երեխաները միանգամից այն վերցրին և ինձ ցույց տալով գոռում էին. «Քո խաղալիքը, քո խաղալիքը»: Իսկ ես չէր սիրում, երբ ինչ-որ մեկը ձեռք էր տալիս իմ խաղալիքներին: Հիշում եմ, թե ինչպես էի մեքենայի միջից դառը հայացքով հետ նայում, ոնց էի նայում մեր տանը, մեր բակին, բակի իմ ծաղիկներին:

-Առաջին տպավորությունդ Հայաստանից:

-Չգիտեմ, ես չհավանեցի Հայաստանը (ծիծաղելով):

-Ինչո՞ւ: Ինչ-որ պատճա՞ռ կար:

-Դե ոչ, ուղղակի երբ մտանք Հայաստան, շուրջս ամայի ճանապարհներ էին: Ճանապարհին ոչ մի մրգի ծառ չկար, բայց Ադրբեջանում այդպես չէր, Ադրբեջանը առատ երկիր էր: Նամանավանդ, երբ մտանք Գեղարքունիք, այն ընդհանրապես չհավանեցի, որովհետև շատ քարքարոտ տեղ էր: Բայց Սևանա լիճը շատ հավանեցի:

-Արդյոք հիմա ուզո՞ւմ ես հետ գնալ:

-Ես միշտ ուզեցել եմ հետ վերադառնալ: Ամենից շատ իմ շանն էի կարոտում: Նրա անունը Կաշտանկա էր: Հիշում եմ, մեր շենքերից վերև արևածաղկի դաշտեր կային, միշտ երեխաների հետ գնում էի և այդ դաշտերից արևածաղիկ էի գողանում: Ես հեռվից բարձր կանչում էի՝ Կաշտա՜ն, Կաշտա՜ն… Նա ինձ լսում էր և միշտ գալիս էր ինձ մոտ: Հետո մրցում էի Կաշտանի հետ, թե ով ավելի շուտ կհասնի տուն: Գիտե՞ս, մեկ էլ հիշում եմ, որ մեր հարևանի այգու ծիրանի ծառի ճյուղերը ցանկապատով անցնում էին մեր այգի, և ես մեր ծիրանները թողած, հարևանի այգու ծիրաններն էի քաղում: Շատ լավ ժամանակներ էին, հիմա կուզեմ գնալ ու մեր տունը տեսնել, մեր դպրոցը, իմ բակը, իմ ընկերներին:

Ես ուզում էի շարունակել իրեն հարցեր տալ, բայց նկատեցի, թե ինչպես մայրիկիս աչքերը արցունքով պատվեցին: Նրա համար դժվար էր հիշել այդ օրերը: Չէ՞ որ իր մանկության ամենավառ օրերը նա ապրել է այնտեղ, բայց մի օրվա ընթացքում կորցրել է ամեն ինչ՝ իր տունը, իր հավատարիմ ընկերոջը՝ Կաշտանկային: Յուրաքանչյուր երեխայի համար դա շատ դժվար է: Չէ՞ որ ծննդավայրից լավ տեղ չկա, կապ չունի, թե որտեղ ես ծնվել, մեկ է, քո ծննդավայրը միշտ ձգելու է քեզ:

Մեր կողքին ապրող վետերանները

Հարցազրույց Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Շահենի Սարգսյանի հետ:

Լուսանկարը՝Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝Սոնա Մխիթարյանի

-Կպատմե՞ք պատերազմից, երբ եք գնացել, ովքեր էին մեր գյուղից:

-Ծնվել ու մինչև հիմա ապրում եմ մեր գյուղ Ակնալճում: Ես պատերազմը սկսելուց տասնվեց տարեկան էի: Գյուղից էլի գնացողներ կային: Գյուղի ջոկատի հրամանատարը Հայկն էր: Հայկն էր, Մուրադը, Ֆերդինը, էս մեր հարևան Արայիկն էլ: Իրենց շքանշան էին տվել` «Մարտական խաչ» առաջին աստիճան:

Մենք պահում էինք Հադրութի գյուղերը. մոտ վեց, յոթ գյուղ: Երկու տարի էնտեղ եմ մնացել: Ընթացքում կռիվը հանդարտվեց՝ եկանք տուն, բայց 92-ին նորից ուժեղացավ: Գնացինք Արծվաշեն. օգոստոս ամիսն էր: Արծվաշենի կռիվները շատ ուժեղ էին: Էնտեղ եղել ա, որ երկու հոգով հարձակվել ենք մի դիրքի վրա: Շատ դժվար էր: Արծվաշենը ոնց որ կղզի լիներ: Չորս կողմից թուրքեր էին: Հայաստանի սահմանից 25 կմ թուրքերի միջով գնում էինք, նոր գյուղն էր: Հետո Վազգեն Սարգսյանը եկավ 92թ.-ի հուլիսին ու ասաց, որ կամ պիտի կռվենք, պայքարենք ու գրավենք, հետ չգնանք, կամ պիտի հանձնենք:

-Զինամթերքը բավականացնո՞ւմ էր:

-Սկզբից չկար զենք. որսորդական հրացաններ էին: Դեռ հայկական բանակ չկար: Մի հատ ավտոմատ ունեինք, էն էլ դպրոցինն էր: Վերանորոգել էինք ու մի կերպ օգտագործում էինք: Այդ թվերին ոչ մեկը չի օգնել մեզ: Նորմալ հագուստ էլ չունեինք: Մեր գումարներով վառոդ, փամփուշտ, հագուստ, վրան էինք առնում: 1992 թ.-ին, երբ Պաշտպանության նախարարությունը կազմավորվեց, արդեն զինամթերք տալիս էին:

-Ի՞նչ զինվորական կոչում եք ունեցել:

-Մինչև իմ վիրավորվելը պիտի ինձ լեյտենանտ տային, բայց որ վիրավորվեցի ու երկար ժամանակ չգնացի՝ չտվեցին: Բուժվելուց հետո գնացի, որոշ ժամանակ անց Արցախ կոմիտեի նախագահը եղա: Օգնություններ էինք բաժանում. մեր միջոցներով հայթայթում էինք սնունդ, հագուստ ու բաժանում էինք զոհվածների ընտանիքներին:

-Իսկ ինչպե՞ս եք վիրավորվել:

-Կռիվները ուժեղացել էր էլի: Արծվաշենն էլ արդեն գրավել էին: Թշնամին հարձակվեց մեզ վրա ժամը 12-ի կողմերը՝ ցերեկը: 10 -11 հոգով եկան ու հայերեն էին խոսում, իբր մերոնցից էին: Ասում էին` մի խբեք մեզ: Իրենք շատ էին մոտեցել մեզ ու սկսեցին կրակելը: Ու հենց այդ ժամանակ վիրավորվեցի: 1992թ.-ի օգոստոսի 11-ին:

-Բուժվելուց հետո մասնակցե՞լ եք նորից պատերազմին:

-Բուժումից երկու ամիս հետո էլի գնացել եմ,բայց վիճակ չկար վրես: Փամփուշտը մարմնիս միջով անցել էր, բայց որ մի քիչ ավելի լավ էի, երեք անգամ էլի գնացել եմ:

-Իսկ հիմա առողջական խնդիրներ ունե՞ք:

-Խնդիրներ կան, ո՞նց չէ: Դե տարեցտարի մեծանում եմ, թեթև մրսելուց հիվանդանում եմ: Դժվար ա, շատ դժվար ա: Էդ թոշակով ոչ մի բան չեմ կարողանում անել, չեմ հասցնում:

-Չե՞ք աշխատում:

-Աշխատում եմ, բայց քիչումիչ:

-Իսկ որպես պատերազմի մասնակից, պետության կողմից որևէ ուշադրության արժանացե՞լ եք:

-Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, թոշակ եմ ստանում: Անցած տարի միլիոն 300 հազարի շինանյութ են տվել: Ես էլ տանիքը փոխեցի: Ձրի են տվել: Անձամբ նախարարը:

-Եթե էլի պատերազմ լինի` կգնա՞ք:

-Բոլորիս պարտքն ա, չես կարող չգնալ: Ասենք, տես` քառօրյա պատերազմին գյուղի տղերքով արդեն պատրաստվել էինք, որ գնայինք: Մենք չպաշտպանենք, ո՞վ պիտի պաշտպանի մեր հայրենիքը:

Հ.Գ. Կուզենայի այնպես լիներ, որ պատերազմի մասնակիցները լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Նրանցից շատերը կորցրել են իրենց առողջությունը, դժվարությամբ են աշխատում և ապրում: Ինչ էլ լինի, պետք է նրանք միշտ զգան իշխանությունների և հասարակության հոգատարությունը:

nina arustamyan

Լավ ու վատի մասին

Հարցազրույց Գորայք գյուղի ամենամեծ հարսի՝ իմ տատիկ Մարիետա Առուստամյանի հետ:

Վերցրեցի հարցազրույցի համար իմ նախատեսված տետրը, գրիչը և ձայնագրիչը և որոշեցի գնալ և հարցազրույց անցկացնել հենց իմ տատիկի հետ: Տատիկս, ինչպես միշտ, իր տեղում նստած էր:

-Տատ՜, ի՞նչ կա, լա՞վ ես՞: Տատ կարա՞ս մի քանի րոպե ինձ տաս:

-Հա, խի՞ չեմ տա, բա: Որ քեզ չտամ, էլ ո՞ւմ պտի տամ:

-Տատ, ո՞րտեղ և ե՞րբ ես ծնվել:

Ես ծնվել եմ Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում՝ 1950 թվականի օգոտոսի 1-ին: Ես ծնվել եմ բազմազավակի ընտանիքում: ՄԵր տանը մեջ ելել ա 9 երեխա, ես ելել  եմ 7-րդ երեխեն:

-Ինչպիսի՞ մանկություն  ես  ունեցել:

-Իմ մանկությունը անցել ա Բազարչայ գյուղում: Ունեցել եմ շատ լավ, ուրախ, շիտակ, զվարթ մանկություն: Մենք մեր գյուղի երեխեքով տարբեր խաղեր ենք խաղացել: Խաղացել ենք «Որսորդն ու բադերը», «Պախկվոցի», «7 քար», «Երկեն էշ»:

-Ի՞նչ  կրթություն ունես:

-7 տարեկանս որ լրացավ, ես կնացիմ մեր գյուղի միջնակարգ դպրոց: Սովորել եմ հարվածային: Դպրոցական կայքն անցել ա շատ լավ:

-Ե՞րբ ես ամուսնացել:

-1965 թվականի նոյեմբերին,  15 տարեկանում  նշանվել եմ: Ամուսնացել եմ 1965 թվականի նոյեմբերի 18-ին: Ամուսնացել եմ մեր համգյուղացի Հարություն Առուստամյանի հետ:

-Ինչպե՞ս  ես  ծանոթացել պապիկի հետ:

-Իմ մարդու պապան որ մահացել էր, իմ մարդը ապրում էր Աշխաբադում: Գալիս է Հայաստան: Հայատանում տունը լինում ա մենակ մաման: Գալիս ա, որ իր մաման մենակ չմնա: Հին Բազարչայի տները ելել են շատ  մոտիկ: Ինքը մի անգամ անցել ա մեր տան մոտով, տեսել ա ինձ ու  սիրահարվել: Ծանոթացանք, հետո ես իմ 8-րդ դասարանը վերջացրեցի, ամուսնացանք: Մենք շատ մեծ ենք արել մեր հարսանիքը: Ես հագել եմ հարսի շոր: Բայց իմ շորը սպիտակ չի եղել, իմ շորը եղել ա յասամանի գույն, քուղս գցել են մի հատ վարագույրի կտոր, թագս եղել ա սիրուն ծաղիկներով սարքած պսակ:

-1965 թվականին ամուսնացել եք, ընտանիք եք կազմել, որտե՞ղ եք աշխատել:

-Աշխատել եմ, շա՜տ եմ աշխատել: Աշխատել եմ 30 տարի: Աշխատել եմ տարբեր բնագավառներում. կոլխոզում, խանութպան եմ եղել, հիվանդանոցում` սանիտարկա, հորթապահ եմ աշխատել… 1972 թվականին կոմերիտմիության 26-րդ համագումարի պատգամավոր եմ եղել: Եղել եմ շրջանային դեպուտատ: Եղել եմ գործկոմի անդամ: Եղել եմ աշխատանքի վետերան: Իմ լավ աշխատանքի շնորհիվ եղել եմ առաջավոր ամբողջ հանրապետության մեջ 17 հոգու հրավիրեցին «Ավագարդ» թերթի խմբագրություն  որպես առաջավոր աշխատող: Սիսիանի շրջանից մենակ ինձ էին գործուղել: Այնտեղ մեզ հետ հարցազրույց անցկացրեց Հրաչյա Մսթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը: Այդ ժամանակ թղթակից էր: Նա նյութ գրեց մեր գյուղի մասին: Թերթի մեծ մասը մեր գյուղի մասին էր: Հրաչյան ինձ ասաց. «Ձեր գյուղից է եղել իմ ուսանողական ընկեր Կարո Մկրտումյանը: Ես եղել եմ ձեր գյուղում: Ձեր գյուղի գետում լողացել եմ: Կերել եմ Ձեր գյուղի կարմրախայտ ձուկը, այդ 3-4 օրը եղել են իմ կյանքի ամենաուրախ օրերը…»: Ես ուղղակի մեծ հպարտություն զգացի այդ պահին: Ստացել եմ տարբեր մեդալներ: Լենինի 100-ամյակին ես ստացել եմ Լենինի  մեդալը,՝որ տալիս են հատուկենտ մարդկանց, ովքեր եղել են առաջավոր աշխատողներ: Ես ստացել եմ շատ պատվոգրեր: Ես ազատ չեմ մնացել, աշխատել եմ ու շատ գոհ եմ եղել թե իմ աշխատանքից, իմ կյանքից և իմ ընտանիքից:

-Քանի՞ երեխա ես ունեցել:

-Ես ունեցել եմ 4 երեխա՝ 1 աղջիկ, 3 տղա: Աղջիկս  ծնվել է 1967 թվականի մայիսի 22-ին, բայց աղջիկս ապրել է 2 ամիս: 1967 թվականի հուլիսի 9-ին բարձր ջերմությունից մահացել ա: Երեխուս մահը մեր մեղավորությունն էր. չտարանք հիվանդանոց ու մահացավ: Իմ աղջկան անուն չեն դրել, անանուն մահեցել ա: Մեծ տղես՝ Տիգրանս, ծնվել է 1968 թվականի հուլիսի 30-ին: Տղուս ծնվելուն մնում էր 2 ամիս, մարդուս տարան բանակ: Տղաս 2 տարեկան ա եղել, որ մարդս բանակից եկել է: Ես իմ մեծ տղուն պահել եմ սկեսուրիս հետ: Միջնեկ տղես՝ Սամվելս, ծնվել է 1971 թվականի մարտի 15-ին: Փոքր տղես՝ Արմենս, ծնվել է՝ 1973 թվականի մայիս 25-ին:

-Ին՞չ  կրթություն են ունեցել երեխաները:

-Տիգրանս դպրոցը ավարտել ա գերազանց: Իսկ երկու տղաներս` հարվածային: Տիգրանս և Արմենս սովորել են բուհում: Տիգրանս սովորել է Զովետի անասնաբուժական ֆակուլտետում, Արմեսն՝ Տեխնոլոգիայի կաշվեգործությունը: Իսկ Սամվելս՝ բուհ չի սովորել:

Ունեմ 8 թոռ: Հիմա 3 թոռներս ուսանող են, իսկ իմ 5 թոռները դեռ  սովորում են դպրոցում:

-Եվ վերջին հարցը: Կարո՞ղ եք ներկայիս և առաջվա սերունդներին համեմատել, ասել` ինչն էր լավ, ինչը` վատ:

-Բալես, էն ժամանակ լավ էր: Մաքրություն կար, պարզություն կար: Իսկ հիմա մաքրություն չկա: Դե կա, բայց քիչ: Էն ժամանակ մարդիկ հարգում էին միմյանց, թև ու թիկունք էին լինում,  իսկ հիմա մեկը մյուսի ապրելը չի ուզում:

-Եվ ի՞նչ կմաղթես մեր ապագա սերնդին:

-Աստված Ձեզ հետ, առողջ եղեք ու երջանիկ:

Յոթ «որդով» սեղան նստելու փոխարեն՝ մենակ

Համարյա մեկ դարյա կյանք տեսավ: Դժվարություններ հաղթահարելով յոթ երեխա լույս աշխարհ բերեց, մեծացրեց, ուսման տվեց: Բայց դժբախտաբար այսօր  մենակ է իր երկրաշարժից «հուշ» մնացած վագոն տնակում…

Քրտինքով կառուցած տունը ավերակ դարձրեց երկրաշարժը: Մնաց հույսով, թե պետությունը պետք է կառուցի, բայց այդ հույսը քիչ-քիչ մարեց, ու հիմա ապրում է  այն սպասումով, որ կիսակառույց տունը մի օր իր երեխաներն ու թոռները ոտքի կկանգնեցնեն: Ամեն օր աչքը նրանց ճամփին է, բայց ամենքն իր հոգսերի ու խնդիրների պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենի տուն, իրականացնել իրենց մոր երազանքը: Իսկ մոտ ապրող երեխաների կոչերը, որ տեղափոխվի իրենց հետ ապրելու, միշտ մերժում են ստանում:  
95
տարիների հիշողությունների մեջ դժվարանում էր գտնել երջանիկ պահերը, իսկ այն սպասումը, թե կյանքի վերջին տարիներին գոնե անհոգ կապրեր՝  այդպես էլ մնաց անկատար…

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

Զրուցում եմ ՝ Լոռու մարզի, Ջրաշեն գյուղի ամենատարեց բնակչի՝ 95-ամյա Մարիամ Զարգարյանի հետ:
Նոր էի ներկայանում, ասում, թե որտեղից գիտեմ իր մասին, թե ընդհանուր առմամբ, ինչի մասին եմ ուզում  խոսել, երբ նա առանց որևէ հարցի սպասելու սկսեց պատմել իր մասին.

-Մըր գյուղի դբռոծնի սովրա, հեդո գածի Լեննագան սովրա հաշվեպահ՝ իրեք տարի: Էգա, էն վախտ կադրերու բաժին կար, հմգը չկա, ընձի նշանագին Սպիտակում «Միստրեստ»-ի հաշվեպահ: Սովետի ժամանագ միս գիկար, որ ուղարգեինկ բանագի ֆոնդին, ես գգրեի: Անասուններուն գեղե գեղ գբերեին, օրինագ՝ մեգը մե 100 կիլանոց կով գբերեր, էդրա միսնի քանձներ, էդ ես գգրեի ու էդ սաղ գըղգեի բանագի ֆոնդին:
Հեռախոս լը չկար էն ժամանագ, ոտկով կերտեինկ, ոտկով գիկեինկ. ավտո, ավտոբուզ չկար… Հակուստ լե չկար, աբռելաձև չկար… Մեր գյուղիծ փոշտավո մը կար, մե հասագով մարդ, էդ մարդնի ճամպինի գկայնիր, որ ես  լը էրտամ, հիրուր հեդ էրտանկ՝ ինկ փոշտնի գբերեր Սպիտակից, ես լը կաշխադեի: Հիրգունն էլի ոտկով տուն գիկայ… Տանջանկով, չարճարանկով,  բայծ կարկվա, երեխեկ ունեծա, մե կերբ յոլլա գածինկ… Լավ տներ ունիյնկ, երգրաշարժ ելավ, փուլ էգավ… Տղես էրգու էրէխա ունիր, դե էն վախտ լը հակ ու կաբ չկար, բայծ գերազանծիգ գսորվեին դբռոծը: Հերն ըսեծ, թե ղրգիմ Երևան, էրէխեկն ամճծան, թե պաբա’, քաղկծի էրէխեկ հակաձ-կաբաձ, իսկ մենկ գյուղիծ,  կամճնանկ, որ էրտանկ…
Իսպանիայում աղճգաս տղա կար: Կանճեծ, թե մե տարի արի հուդը, էրեխեկին շորով-մորով աբահովե ու կանճե` թըղ գան հուդը… Ըդմալ լը էրավ տղեսի… Ուրանկ իմ մոդն իյն: Ես մանծի ես քանդվուգ դոմիգի մեջ, ուրանկ գածին Իսպանիա: Սորվան չորսը լեզու:
Տղես լը տասը  պրձավ ու գնած: Գնած, բայծ ըսավ՝ ես շադ մնամ հուդը, թե քիճ՝ ուրիշ աղճիգ չըմ ուզերի. ես հայ իմ, հայ լը աղճիգ գուզիմ: Իդը տերանիծ ուր դասհընգեր (դասընկերուհուն) ուզեծ տարավ ուր հեդ, հինկ չեգավ, հունը մնած. Առավ գնած… Հմգը էդ էրէխեկ էնդեղ ին՝ թոռ, հարս, տղա էնդեղն ին, ես լը կսպասիմ, որ հիկան, տուն սարկին: Թե չէ երգրաշարժն էն տներն ավիրեծ, էգանկ իդը դոմիգնի, ծագերինի թուխտ բան կբուծինկ, ինճ էղաձ կար թապեծինկ դուս, հում ինճ հարգավոր էր տարավ, մենագ մնածի ես…
Տղա ունիմ հուդը, կսե՝ մա՜մ, արի մըր տուն մանծ (մնա)… Իմա՞լ էրտամ. Մատերյալ դուռ թապուգ՝ էստեղ մատերյալ, էնդեղ մատերյալ… Հմգա լե  գողուտյան հեդ մե հադ ին. փագ չկա, բալնիք չկա… Դու էղնաիր կերտաի՞ր… Չգածի…
Էդ անձրևներու, բկի տագ լավ չեմ լսե: Որ մեգն ընձի ծանոտ է, հեդսի աշխադել է կամ բան, գիկա կսե՝ բարև, տատի ջան, կսիմ՝ դու ո՞վ իս, չըմ հիմնա… Կսին՝ վա՜յ, տատի՞, մի խաբի: Դու էն կնիգն իս, որ «Միստրես»-ը սաղ միսն ուղարգում էիր բանագի ֆոնդին, սաղ մարզ քզի գինար…
Հմգա լե մանծեր իմ՝ տեսնամ գիկա՞ն տուն սարկին, ի՜նչ էնին…
Յոտ էրէխա իմ ունեծի՝ չորս ախճիգ, իրեկ տղա… Ու ըդպես աշխադեր իմ, սաղ Սպիտակում հարգանկով, կարկով, պադվով… Հմգա չմգինա՝ դու իմ թո՞ռն իս, թե՞ չէ… Ըդմալ պադմուտյուններ ըստածվավ իմ կյանկ…

-Իսկ էդ տարիներից ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես: Թեկուզ այդ երկար ճանապարհն ամեն օր ոտքով անցնելիս ինչ-որ դեպք չի՞ պատահել, որ տպավորվել է ու հիշում ես մինչև հիմա:

-Էն ժամանագ հածը չեկով էր: Ետե դու տան անդամ էիր, 200 գրամ քզի կար, իսկ ետե ես կաշխադեի՝ հաշվեպահ, 500 գրամ էր: Ես լը էդ 500 գրամի չեկ գվերծիյ գտանիյ բազար, մե հադ հած է կառնեի, գբերեի տուն՝ ծնողներուս համար…
Հեդո, որ ես մենագ է կերտայ, էդ թիպուն, ցրդին, գվախենեի, որ գելեր վրա կիդան… Էդ ժամանագ Սպիտակից մե կնիգ մե ընձի գճանճնար էլի, կսեր՝ աղջիկ ջան, մի գնա, հմգա ձեր գյուղից մարդ գիկա, հեդը հնգերածի, նոր գնա: Կսեր՝ արի մըր մոդ մանծի, ըսի ՝ չէ…
Մե անկամ եգանկ ֆորղունով (ձիուն կցվող սայլ), գյեղի մեջնի էդ մե ֆորղունն իր, ես սովոր էի ոտկով էրտալ-գալ, էնկան որ հնգերանալու համար նստա, որ չվախնամ, էլի: Էդ մարդնի ըսավ՝ այ քուր ջան, կինս հիվանդ է, ծարավ է, ո՞նց անեմ: Ըսի՝ դե շիշն ի տուր… Վազման մե կիլոմետրի վրա, էգեր իմ մըր գյուղի առու կար, էդտեղիցնի ջուր իմ լծե ու վազման լը եդ իմ դառե՝ մե րոբվա հասուծեր իմ էն հիվանդ կնգան… Հուր որ տեսնար կսեր՝ դու իմ փրգարարն իս, մորկուր ջան…
Էնկա՜ն դժվարուտյուններ քաշեծի, այ բալա ջան, է ի՞նճ էնիմ… Հմի լը ոտկս գերեզմաններն ի, հարըրին դրուգ (ի նկատի ունի շուտով հարյուր տարեկան դառնալը) էլի դժվարուտյուններնի հառաճս ին… Բը՜, տղա ջան, իդմա բաներ… Հեչ մեգ լը իմ պադմուտյուն չգինար…

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

-Իսկ կհիշես՝ ամուսնուդ հետ ո՞նց ծանոթացար:
Մարիամ տատը դժվար էր լսում ու հարցս մի քանի անգամ կրկնելուց հետո էլ չլսեց: Բայց երբ կարողացանք բացատրել՝  խոսքն ինչի մասին է, միևնույն ժամանակ և ուրախացավ, և նեղսրտեց.

-Վա՜յ, տուն չսարկողի հերն անիձվի, որ անձրևներու տագ ես էս օրի հասա…
Ես ախճիգ էի, կաշխադեի հաշվեպահ: Մորս քեռիմե կար՝ մըր գյուղածի, հմնօր էդ քեռինի մըր տուն գիկար: Ըսիի՝ մամա, էդ հնչի՞ էդ քեռինի հմնօր մըր տուն գիկա: Ըսավ՝ որովհեդև, ախճիգ ջան, էդ իմ քեռին գուզե ուր քրոջ տղինի քզի ուզե: Ըսի՝ չէ, չէ, չըմ ուզի…
Վերջն որ շադ գնած-էգավ, դե ընձի լե հուզողներ շադ կային, շադ տղեկ կային գուզեին ընձի առնեին, ես չըյ ուզե: Վերջն ուզեծի՝ էդ իմ ամուսնուն…
Էս ամուսինս լե ախպեր ունիր՝ էրգու հադ՝ մեգ գնած բանագ, չեգավ՝ թուրկերու հեդ կռիվներուն, մեգ լը օտպուսկ էր էգի: Էդ ժամանագ լը մենկ բոստաններ քար քավակեինկ, մե մենձ յաշկիմե վրա կնգդիկ քարեր քավակեին, գթափեին: Հիրգունն էլ թոմառի՝ օխտ-ուտ (բոլորով՝ յոթ-ութ) հոկիսի ճամփով գիկեինկ: Տեսանկ՝ էդ իմ ամուսնու ախպորնի  (маряк էր): Էդ կնգտիկ մզի խրադեծին, թե էս տղի վրեն գծիձղաք. ընճի է կայնե մինագ ճամպու վրեն… Էգանկ, հասանկ էդ տղի մոդնի, ծիձաղեծինկ, էդ տղեն հերես թեկեծ. Է, ի՞նճ բդի ըսեր…,- ծիծաղում է,- Հեդո էդ քեռին, որ ուզեծ ընձի իմ ամուսնուն, ամուսինս ըսավ՝ Մարիա’մ, մե հադ նամագ գրե ախպորսի, ինկ բանագ է… Նամագնի գրեծի, բայց չսեծի՝ ես ով իմ: Ինկն էդ նամագի պադասխան ղրգեծ, ըսեծ՝ ես գինամ, թե դու ով իս: Ամուսինս լե զարմածավ, թե ո՞վի, որ գինաս: Ըսավ՝ էն աղճիգն ի, որ հնգերդանու հեդ էգան իմ վրա ծիձաղածին… Ըդպես էգավ… լավ-լավ, կիսուր կեսրարիս իմ գլխուծ լե վեր գպաեի, տուն լը չունեինկ, ըդմալ անծավ, հըրի (մինչև) էգանկ, տներ սարկեծինկ, էրեխեկիս լը ուսման տվի, էդ նեղ ժամանագ յոտին լը ուսման տվեծինկ…

Հմգա լը փեսեկ ունիմ, լավ տուն տեղ ունին: Կսին՝ մամա ջան, էս տները դու իս սարկի… Կսին՝ իմա՞լ կնիգ հալիս տուն սարկող ի՞մ, սարկող էղնեի ընձի համար գսարկեի… «Չէ՜,- կսե,- մըր տուն խալմախալ լը էղերի, խոսկ ու զրուծ լե, բայծ դու նես չես մդե: Մենկ բարիշեր ինկ, խոսածեր ինկ, խմուգ ինկ էղի, ինճ ինկ էղի՝ յոլա ինկ գածի, լավ-լավ տներ ինկ սարկի… Էդի քու շնորիֆնի…»

Մարիամ տատը ասում էր, որ երեխաներն իրեն լավ են նայում, թե որդին, օրինակ, 100 դրամ աշխատի, կեսն իրեն է ուղարկում, մյուս երեխաներն ամեն հարցով օգնում են, բայց միևնույնն է, ուշադիր լինելով Մարիամ տատի թե’ խոսքերում, թե’ աչքերում կնկատեիր խռովածությունը: Ինքը խռոված էր… Խռոված էր բախտից, կյանքից, մի փոքր էլ երեխաներից, որովհետև իրեն գումարներն ու մյուս բաները պետք չէին, այլ երեխաներին մոտ լինել էր ուզում: Կիսակառույց տունն օր առաջ ուզում էր կառուցված տեսնել, բայց հետո ակամայից խոստովանեց, որ ոչ թե իր համար է այդ տան կառուցմանը սպասում, այլ որդիներից գոնե մեկի վերադարձի:

-Քանի ես հլը կռնամ ժաժ հիկամ (շարժվեմ), թըղ էրէխեսի աշխադի, որ հիկա գոնե մե սենյագ սարկե: Որ ամռան շոկուն, էնտերան ուժեղ շոկ է, գա գոնե մե էրգու-իրեկ ամիս ուր մանդր էրէխեկու հեդ, գա հանգստանա, հով էղնի: Էն փոկր թոռնիգսի, տղիս թոռնիգնի, չըմ տեսերի, բայծ կսե՝ տադի ջան, պաբին որ եգավ գյուղ քեզ մոտ, ընձի որ չբերեց, ես սամալյոտ նստիմ գիկամ…

-Ասացիր, որ ձեր տունը երկրաշարժի պատճառով քանդվեց, կհիշե՞ս՝ ոնց այն տեղի ունեցավ, ի՞նչ հիշողություններ ունես կապված այդ օրվա հետ:

-Երգրաշա՞րժ… Ես գիդեմ մգլօրս է էղե, էս էրգօրնի էղե, բա չե՞մ հիշում… Մենձ տղեսի  խանուտ էր գածե, ամուսինս տունն էր. հիվանդ էր: Խանուտիծ տղես գիկա, մե հինգը կիլո սառաձ ձուգ առուգ, մեգ լը տեսնա, որ տներ փուլ է գիկան, ճամպեն ժաժ է գիկա: Էդ առուգ թողնա ու վազե գիկա իմ հավարին… Էգավ, որ տուն բլեր էր, թոռսի փոկր էր, մոդս էր, ինկ մանծել էր սենյագի մեջ, ես դուրս էի հելի: Դուս էի հելի, որ տեսնայի, թե էդ ինճ էղավ: Էդ էրէխեն ծըպա (խփվում) էն կողմ չըկռնա դուս հելնա. բլեր էր չորս կողմ է: Նոր մեգն էգավ՝ մըր հարևան, ըսի՝ ի՞նճ կեղնի, էրէխեն մանծել է սենյագի մեջնի, գնա հանե…
Հեդո տեսնամ՝ մըր մե մենձ սենյագնի չբլերի ու էրեխու ձեն լը գիկա էնտեխեն: Ըսի՝ էդ ի՞նճ էրեխայի: Ըսին որ՝ հարևանի տուն բլեր է, էրէխեկ մանցաձ մենագ, բերել է լուսամուդիծ նես է մդուծե… Բը չը՞մ հի՜շի… Իմ համար ինչխ որ հերեգ էղնիր …

-Իսկ հետո ո՞նց դուրս եկաք ծանր վիճակից: (Այս հարցը տվեցի ես, բայց պատասխանը լսելով հասկացա, որ իրոք միամիտ հարց էր, քանի որ այդ պատասխանն իմ աչքերի առաջ էր…)

-Ըշտը էն է, ու իդը ծանդր վիջագնի ես գքաշիմ…,-վրդովվում է,- Ըդրա համար լը էն ժամանագիծ մինճև հիմա իդը դոմիգի մեջն իմ…Իմա՞լ է գքաշիմ…,- քիչ առաջվա վրդովմունքը փոխարինվում է թախծով…

Ես էլ անկախ ինձնից տխրեցի. այս համարյա մեկ դար ապրած կնոջ կյանքում դժվարությունների ու վշտի պակաս չի եղել: Այդ համարյա մեկ դարում ինչեր ասես, որ չէր տեսել՝  թուրքերի հալածանքներից մինչև երկրաշարժ ու միայնություն…
Ու իմանալով, որ ջրաշենցիները Մուշից գաղթածների սերունդ են, չէի կարող չհետաքրքրվել,  թե Մարիամ տատն արդյոք ծնողներից լսե՞լ է ցեղասպանության ու գաղթի մասին.

-Մարիամ տատ ջան, դու փաստորեն ցեղասպանությունից էնքան էլ ուշ չես ծնվել: Ծնողներդ պատմե՞լ են էդ դեպքերից կամ, թե ո՞նց են եկել, հաստատվել Ջրաշենում:

-Կսին, թե մենք Էրգրից ինկ էգի…Թը որ երգրից չմգինա…
Ինձ թվում է Մարիամ տատի միամտությունը դեռ այն ժամանակվանից է գալիս, երբ թուրքերից ու հալածանքներից վախենալով, ծնողները լռել են էրգրի մասին: Կամ էլ միամտություն չէր ու լավ գիտեր, թե որն է այդ ՝ էրգիրը, բայց չէր ուզում խոստովանել. ամաչում էր, որ այն էլ մերը չի… Ու այս միջոցին մտքիս «Սասունցու հիմն» կոչվող երգից մի հատված եկավ. «Կռիվ էղավ Սասունում, ավեր էղավ Սասունում… Մեղուն ծաղկին, ձուկ մըջ ջրուն մոլորվեց… Բայց պապերը դեռ թոռներուն չեն պատմել…»

-Հերսի պառտնո է էղե, սաղ ռայոն մենագ հարս էր պառտնո, մենկ լը էն ժամանագ տուն ունեինկ՝ սենյագներ չունեինկ… Հերս մե սյունիծ լամպմ էր կախե ու սաղ ռայոնի շորեր գկարեր… Հեդո թուրկերն որ գիկան, գտեսնան, որ Լեռնավանուծ հըրի մըր գեղ (Ջրաշեն) չաիր-չիման ի վարդերով, բանով. անուն գդնին  ՝ Վարդնավ, յանի՝ վարդերով շադ երգիր… Մե քանի հադ թուրկ գիկան  ու գտիրապեդին մըր խեղջ հայերուն. սայլով, փայդով, էղաձով կառնին-կերտան… Հերս էդ ժամանագ, հոր ունեինկ տան մեջնի, էդրա մեջ կառտոշկաե քհորեինկ, հերըսի գմդնա էդ հորի մեջնի՝ գտապի (թաքնվում է), որ չտանին ուրին լե:  Ովկեր գիդեին հորս մասին՝ ուր շրջապադ, իրանծ հակուստ գկարեր, ըդբես լը ինկ մնաց…

Ըդոք (դրանք՝ թուրքերը), որ էրգրից գիկան՝ Երևանի կողմիծ, մըզի «Խոնա գյորմազ» կա, թուրկեր էդ դաշտի մեջնի գկայնին, որ հանգստանան, հանգստանալու ժամանագ թուրկերնի կսին՝ խոնա գյորմազ,  յանի՝ հանգստատուն. Խոնախ (հյուր) ինկ եղի հայերուն, գյորմազն էլ՝ «շադ լավ»-ն է…
Հեդո հայեր ինչքան էդ Երևան էրտալու ճամպի, էդ մասնի քար կա, գլծին էդտեխ, թե՝ թուրկեր էդտեղ սատկաձ ին…

-Իսկ ուրիշ դեպքեր, պատմություններ կհիշե՞ս կապված գյուղի հետ:

-Ի՞նճ պադմիմ, տղա ջան, ժաժկն էղավ, շադեր մահածան՝ որի  հեր-մեր, որի քուր-ախպեր, որի ամուսին մահածավ՝ մնած ինկն էրէխեկու հեդ… Տներ քանդվան, պեդուտյուն որին սարկեծ, որին չէ…
Մե կողմիծ լը Ղարաբաղի կռիվներն իյն: Էդ վախտ Ադրբեջանեն որ պոեզներ, վագոններ գիկաին վրեկներ գրուգ էր. «Շնորհավոր ձեր նոր տարին», յանի՝ ձըր երգրաշարժ շնորհավոր էղնի…

-Իսկ ծնողներից ինչ-որ պատմություններ չե՞ս լսել:

-Է՜, ծնողներս ի՞նճ… Մերսի խեղջ, տանջվուգ կնիգ իր, աբռուստ չկար, բան չկար, թուրկերուծ փախուգ ու վախենող ,- այ էստեղ քիչ առաջվա մտքերս ավելի հաստատվեցին,- Էն ժամանագ թուրկերն ին էգի, տիրապեդե: Մեգ լե չկար գոյնա հելնար թուրկերու դեմ կռվիր: Հում տուն մդնեին կսպանեին, էղաձլեր կառնեին, կերտեյն…
Էգե Լեռնավանու կողկի էդ լավ տեղ սկսեր ին աբռել մըրոնք: Լեռնավանծիկ լը էն վախտ չըին ուզի, որ հիկան մըր գեղի միջովնի հնծնայն. Գվախնեի՞ն, թե՞ ինչ…   Կռիվներ լը շադ կեղնիր, կսեին՝ դուկ հուրիշ իք: Է՜, խեղջ ժողովուրտ՝ ի՞նճ իյնկ տեսի, ի՞նճ գինաինկ…
Ուրախուտյուն մե չէ էղերի, ի՞նճ պադմիմ. մինագ տխուր պադմուտյուններ ին…  Ի՞նճ կյանկ տեսանկ, ի՞նճ էրինկ, ի՞նճ պադմիմ…,- նորից դառնացավ Մարիամ տատը:

Ինչ-որ ներքին զգացումով հասկանում էի նրան՝ ապրելով դառնություններով լի կյանք, դժվար է երջանիկ պահերը մտաբերելն ու պատմելը: Ամեն լավի հետ կրկնակի վատը ստանալով հիշողությունների այն երևակայական մասը, որ պատասխանատու է դրական բաները հիշելու համար ինքնըստինքյան մշուշվում է, դադարում գործել…
Այնուամենայնիվ ուզեցի մի փոքր ուրախ նոտայի վրա ավարտել զրույցը և մտածեցի, որ դրա համար հարմար տարբերակ է երազանքներից խոսելը.

-Իսկ էս տարիքում ի՞նչ երազանք ունես, տատ ջան,- ժպտալով հարցրի ես:

-Իմ երազանկսի էն է, որ էդ իմ տուննի սարկին, էրեխեկուսի տեսնամ ու ես էրտամ… Հերիկ է ուրանծ լե տանջիմ… Որ քարծուն՝ հիվա՞նդ իս: Որ հիվանդ լը մեռնիմ գխապիմ. կսիմ՝չէ, որ չիկան. ընդոկ լե տանջվուգ ին, հոկսեր ունին: Գխապիմ կսիմ՝ շադ լավ իմ… Հեն օր լը էն տղես զանգեծ էստեղի տղուս հեդնի խոսած, ըսի՝ տղա ջան, ըսե, որ շադ լավ իմ, այնինճ դեղերովե կաբռիմ… 

Մի հադ լը տղա կա, որ ընձի գտեսնա կսե՝ տադի ջան, դու հանգարծ չմեռնիս, դու որ չէղնաս, էս գյուղ ինչխ որ դառդագ կեղնի, էլի դու մեգ-մեգ խրադ կիդաս… Է՜, ջահել ին, կյանկ չըն տեսաձ, ի՜նճ էնիս… Ես լը գյեղի համենամենձն իմ…

Հետո  հանկարծ դեմքից տխրությունը կորում է մի պահ ու փոխարենը ինքն իրեն սկսում է ծիծաղել.

-Հանգարծ, որ կերտամ բժշկի, կսե՝ տադի, քանի՞ տարեգան իս (իդը տղիս լը նախօրոք խրադ իմ տվի, թե կսիք՝ յոտանասնհինգ (75) տարեգան իմ: Այնինճ՝ իննսընհինգ (95) տարեգան իմ),-սկսում է ավելի լիաթոք ծիծաղել, ծիծաղը փոխանցելով նաև մեզ,- Բայծ որ էն հանդեր անկետան գբերին… Թե ո՞վ է ըսի… Կիշին, որ անկետայիս մեջնի իմ ճիշտ թիվն ի գրուգ, վա՜յ,- ծիծաղը շարունակում է…
Այ, ես մըր ջայելներուն առողճուտյուն կիդամ (մաղթում), ջանսաղուտյուն, շառիծ փործանկներուծ հեռու… Մըր նման չչարճրվիկ, մըր նման չտանջվիկ… Լավ կյանկ քաշեկ, լավ ուրախ էղեկ…

Որ լավ աբռին՝ թըղ դբռոծում լավ սորվին, գորձ էղնի՝ գյուղում աշխադին, ընտունվին համալսարան, աշխադանկ ունենան՝ ուրանծ լը, ուրանծ ծնողներուն լը պային, մնան ուրանծ մոդ. Էդ է լավ…

Mher Taroyan

Անմահության սերունդ

Խոժոռ է երկինքը:  Սառնաշունչ առավոտը ցող է դրել կանաչի վրա: Վայրկյանը մեկ ցողի մի մարգարիտ է ընկնում հողին ու հազար կտոր լինում: Թվում է, թե ամեն բան բնական ու սովորական է, բայց ոչ: Ցողի ամեն կաթիլի հետ անասելի տագնապ է կաթում հողին: Եվ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում հողի ներծծած ամբողջ տագնապը գոլորշիացավ, բարձրացավ ու կախվեց օդում: Ու հանկարծ հակառակորդի կրակահերթը փշուր-փշուր արեց սպանող լռությունը:

-Տագնա˜պ, տագնա˜պ… – կոկորդը պատռելով՝ բղավեց հրամանատարը:

Ակնթարթ չանցած զորքն արդեն պատրաստ է մարտի: Բոց է թափում նրանց աչքերից: Ատամները, ջարդելու աստիճան կրճտացնելով, նրանք սպասում են հրամանի, ոչ սպանելու, այլ պաշտպանելու հրամանի: Մարդկային ամենաթանկ բանի՝ կյանքի գնով պաշտպանելու իրենց հայրենքը, հողն ու ընտանիքը:

Հրամանատարի հրամանաից հետո ամեն մեկը իր մարտական դիքը զբաղեցրեց, բացի Գևորգից ու իր երկու ընկերներից: Նրանք  իրադարձությունների էպիկենտրոնից փոքր-ինչ հեռու տեղակայված վրանում են ու ընդամենը մի քանի րոպեում զարգացած իրադարձություններից անտեղյակ: Կրակոցի ձայները լսելուն պես Գևորգը առանց ռազմական հագուկապի (որովհետև հանգստի ժամն է) պոկվեց տեղից ու վազեց դուրս: Հայացքը սառեց, բիբերը լայնացան՝ ասես առերեսվեց մահին: Հակառակորդի ինքնաթիռը գրոհել է մարտական դիքը ու մեկ-երկու րոպեից պատրաստ կլինի ոչնչացնել այն: Ակնթարթ անց քարացած զինվորը ուշքի եկավ, գիտակցեց պահի լրջությունը ու առանց վայրկյան անգամ կորցնելու, հովազի մի ցատկով հասավ վրան, վերցրեց զենքը, (որն ամենևին էլ նախատեսված չէ հակաօդային պաշտպանության համար) դուրս եկավ ու դիրքավորվեց վրանի առաջ: Գևորգին ու ինքնաթիռին մետրեր են բաժանում: Սևեռուն ու անթարթ հայացքով նա նայում է մահվան աչքերին:

-Երեք հաշվից,-մտքում ասաց նա,- մեկ…
Ու արդեն երկու հաշվին ինքնաթիռը, որն այդ պահին անխուսափելի մահ էր Գևորգի ու ընկերների համար, էլ չկա:
Գևորգը հաղթեց մահին, իսկ մահին հաղթելն ինքնին Անմահություն է: Նա մի օրինակն է այն հազարների, ովքեր այդ օրերին  Անմահացան ու պատմության մեջ մնացին՝ որպես Անմահության սերունդ:

Հ.Գ  Շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի մարտական ուղղաթիռը: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

«Ինձ ամենից շատ հետաքրքում է այսօրվա երիտասարդությունը»…

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

«Վաղը ժամը 4-ին մեզ մոտ է լինելու գրող, հրապարակախոս, նկարիչ Արևշատ Ավագյանը։ Ակնկալում եմ շատերիդ մասնակցութունը։ Պարոն Ավագյանը մեր մարզից է, ժամանակակից գրողներից է, Գրողների միության անդամ։ Տարիքով պապիկ է, ասելիք կունենա անցած ճանապարհի մասին։ Եկեք ճանաչենք մեր մարզի դեմքերին»:

Անսպասելի ստացա էսպիսի մի հաղորդագրություն «Աշտարակ» ֆեյսբուքյան խմբի Մարինեից ու չափից շատ ուրախացա, որ մեր երիտասարդական կազմակերպությունում էսպիսի մի հետաքրքիր հանդիպում է լինելու: Հիմա ոնց չուրախանամ: Մտածում եմ` ինչպես պետք է լինի, ինչ հարցեր եմ տալու, պատկերացնում եմ` ինչ հետաքրքիր է անցնելու, ու չեմ համբերում, թե երբ է լույսը բացվելու: Առավոտը արթնանում եմ, արագ-արագ դուրս գալիս տնից, գնում քոլեջ, թույլտվություն վերցնում, որ վերջին ժամին դուրս գամ: Տալիս են թույլտվությունը, ու իմ ուրախություն կրկնապատկվում է: Շտապում եմ հասնել Աշտարակ: Հասնում եմ, մտնում տուն ու արագ գնում Երիտասարդական, ու տեսնում Պարոն Ավագյանն էնտեղ նստած է: Ուշադիր նայում եմ նրան, բարևում: Սպասում ենք մինչև բոլորը հավաքվեն, որ սկսենք զրուցել: Ես ուշադրությամբ լսում էի և այսօր ձեզ եմ ներկայացնում հատվածներ այդ հանդիպումից:

-Ժամանակին մայր առուն կոչվել է Ուրարտական առու, հենց այդտեղ, որտեղ որ ես ծնել եմ` Կարմրավոր եկեղեցու մոտ էր գտնվում այդ թաղամասը: Այնտեղ կային մշեցիներ, վանեցիներ, խառը գաղթականներ: Իմ նախնիները մոկացիներ են: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որը լցված է եղել քրիստոնեական սիրով: Ամեն առավոտ և ամեն իրիկուն հայրս աղոթում էր, և ես էլ լսելով, տեսնելով հավատացել ու հավատում եմ: Եվ եթե հավատը ամրապնդված է, ապա դու կապվում ես տիեզերքի հետ: Միայն պետք է լինել մաքուր, արդար, կարգին մարդ:

Ես շատ սիրում եմ իմ ապրած կյանքը: Պառկում ու հիշում եմ մանկությունիցս սկսած: Հիշում եմ, որ ձմեռը թոնիր էինք վառում, ոտներս կախում ու նստում հեքիաթներ էին պատմում: Երբ վերջացնում էին, նրանց պատմածներից հորինում ու սարքում էի մի ուրիշ հետաքրքիր բան: Էսպես հավանում էին բոլորը իմ հորինած հեքիաթները, և ես փոքր երեխա լինելով, ամենալավ հեքիաթասացն էի դառել:

Հեքիաթների մեջ ասում էին. «Նա հանեց գրպանից հայելին և տեսավ իր սիրած աղջկա պատկերը», իսկ հիմա դա կարծես իրականություն է դարձել՝ հանում ենք հեռախոսը և կարող ենք խոսել օվկիանոսից այն կողմ գտնվող հարազատների, ընկերների հետ: Եվ դա ընդամենը հեքիաթ էր:

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Առաջին բանաստեղծությունս գրել եմ չորրորդ դասարանում: Պռոշյանի անվան դպրոցում էի սովորում Բերդաթաղի մոտ, գաղթականների փողոցն էր: Մայրիկս պայուսակ էր կարել ինձ համար, ու դրա մեջ գրքերս դրած դպրոց եմ գնացել: Մայրանուշ Խաչատրյանն իմ առաջին ուսուցչուհին է եղել, շատ խիստ էր: Հետագայում նրան բանաստեղծություն եմ նվիրել: 4-5-րդ դասարանում սիրում էի երկու աղջկա՝ մեկը սիրուն էր, մյուսը՝ ավելի լավ էր սովորում, որ օրը ով լավ էր պատասխանում, նրան ավելի էի սիրում: Չէի կողմնորոշվում:

…Մեր բարեկամի տանը մի տղայի տեսա, նստած էր համակարգչի առաջ ու խաղ էր խաղում: Ասացին` արի հաց կեր, նա էլ պատասխանեց` բերեք էստեղ: Ուզում եմ ասել` այնքան են ծուլացել, փոխարենը` թռվռան, խաղան, ճառագայթվում են, և այդպիսի մարդը չի կարող նորմալ մեծանալ:

Դժգոհ եմ այսօրվա հեռուստահաղորդումներից: Ոչ կրթում, ոչ էլ դաստիարակում են: Օրինակ, իմ թոռնիկները ցանկանում են նմանվել «Բանակումի» Համբարձումին, «Քարե դարդի» հերոսներին… Դրանցով կրթված մարդը չի կարող լայն մտահորիզոն ունենալ: Պետք է փնտրեք ու գտնեք ձեր միջի աստվածատուր շնորհը: Եթե մաքուր եք պահում ինքներդ ձեզ, ուրեմն դուք ձեզ հեռու եք պահում խաբվելուց, վատ մտքերից, իսկ այդ շնորհը կարող եք գտնել լավագույն բանաստեղծություններից, գրքերից, հիմա ես էլ ակտիվորեն կարդում եմ համացանցով և շատ ինֆորմացիա կա, կարող եք էդտեղից էլ շատ լավ նյութեր գտնել: Ամենակարևորը` ինքնամաքրման զգացողություն ունեցեք ձեր մեջ: Եթե ինչ-որ բան եք ուզում ասել կամ անել, մտքում որոշեք` ճի՞շտ է, թե ոչ:Երիտասարդ սերնդի առաջ պետք է դռները բացել: Ավելի լավ է ապրել ճիշտ, բաց ճակատով, գնալ ճիշտ ճանապարհով, որովհետև այդ կյանքի ճանապարհը տանում է անմահություն:

Ցանկանում եմ, որ մեր հանդիպումը հիշարժան լինի: Դա նշանակում է, որ բավարարված պետք է լինենք, հենց դա է բերում երջանկության: Երբ որ մենք որևէ բան ենք գնում, այն կշռում ենք, իսկ կան արժեքներ, որոնք գին չունեն, և որևէ մեկը չի կարող ասել իր հպարտությունը քանի դրամ արժե:

Ամեն ինչ հնարավոր կարող է լինել, որովհետև դուք ներունակությամբ եք լցված, դա պոտենցիալ ուժն է: Դուք պետք է փնտրեք ու հասնեք հաջողության:

meri antonyan

35 տարի առաջ

-Տատի, դու ինչ-որ հետաքրքիր պատմություններ գիտե՞ս, կարա՞ս մի բան պատմես։

-Հա, էս պատմության մասին պապդ էր մի 35 տարի առաջ հոդված գրել, տենց գիտեմ։ Ստեփանավանըմ մի ռուս կնիկ ա ապրելուց էղել։ Իրա սաղ էրեխեքը, արդեն չորրորդն էր, մահանըմ էին, ու իրան խորհուրդ են տալիս, որ միակ ձևը մի ուրիշ առողջ կնոջ էրեխու հետ իրա էրեխուն փոխելն ա։ Ու էնա, տենց էլ անըմ են։  Ռուսի էրեխեն փոխըմ են մի հայ կնոջ էրեխու հետ, բայց էս հայն զգըմ ա, որ սա իրա մյուս էրեխեքին հեչ նման չի։

Հայ ընտանիքի էրեխեն, որ մեծանըմ ա, մանկապարտեզըմ անընդհատ ճնշըմ են, ասըմ են. «Ռսի ես նման, ռսի ճուտ ես, քու մերը քեզ թողել ա գնացել»։ Դե, փոքր քաղաք ա, ոչ մի բան գաղտնի չի մնըմ, համ էլ հո՞ էդ մի հոգու ձեռով չի արվել։ Էրեխեն էլ գալիս, տանը ազդված ասըմ ա. «Մամա, էդ ճի՞շտ ա, որ ինձ ուրիշի հետ են փոխել», մերն էլ ասըմ ա. «Չէ, ճիշտ չի, ուղղակի դու յուրահատուկ ես, ախպերներիդ նման չես, դրա համար են տենց ասըմ»։ Բայց էս կինն էլ ա կասկածըմ, հիշըմ ա, որ ծնվելու օրը հետը մի ռուս էլ ա էղել, ու որ մանկապարտեզըմ տենըմ ա էն ռուս ընտանիքի էրեխուն, տենըմ  ա, որ նա ավելի շատ ա իրան ու իրա էրեխեքին նման, երկար նայըմ ա, մանկապարտեզի ճաղերի արանքով էրեխու թաթիկը բռնըմ ա, սիրըմ. մոր սրտով զգըմ ա, էլի։ Էն ռուս կնիկը, որ իմանըմ ա, արգելըմ ա, հետո էլ էնա հավաքվըմ են, գնըմ Ռուսաստան։

Էս հայ ընտանիքի տղեն, որ մեծանըմ ա, արդեն բանակ գնալուց առաջ վայենկոմատըմ հետաքրքրվըմ ա, իմանըմ ա, որ իրա ծնվելու շրջանըմ ըտեղ մի ռուս զինվորական ա էղել։ Հասցեն իմանըմ ա, ու որ ծառայըմ-վերջացնըմ ա ու գալիս ա տուն, որոշըմ ա էդ հասցեով գնա, տենա՝ տենց մարդ կա, թե չէ։

Գնըմ ա, դուռը ծեծըմ, իրա իսկական մերն ա բացըմ, հենց տենըմ ա տղուն, հասկանըմ ա, թե ով ա, ոնց որ  խուճապի ա մատնվըմ էլի, ասըմ ա. «У меня кроме Анатолика другого сына нет!», ու դուռը փակըմ։ Էս տղեն էլ արդեն հասկանըմ ա, որ իրոք էդ իրա մերն էր, բայց թողըմ գալիս ա Հայաստան։

Ռուս կնիկը էդ ներվային ցնցումից ծանր հիվանդանըմ ա ու մեռնըմ։ Բայց մեռնելուց առաջ իրա տղին կանչըմ ա, սաղ խոստովանըմ։

Էդ դեպքից 7 տարի ա անցած ըլնըմ, ռուս ընտանիքի տղեն՝ Անատոլիկը, գալիս ա Հայաստան, էդ վախտ արդեն 25 տարեկան ա էղնըմ։ Հարցնըմ ա Դոլմազյանների ընտանիքին, ասըմ են, որ հա, կա, նշանավոր ընտանիք ա։ Գալիս ա, գտնըմ ա տունը։ Իրա իսկական ընտանիքըմ իրանց կորած տղուն քեֆ-ուրախությունով ընդունըմ են, էս հայ ընտանիքի տղեն էլ իրան վատ ա զգըմ, որ իրա մերն իրան վատ ընդունեց, հլը հայը ոնց ա իրա կորած էրեխուն դիմավորըմ։ Ասըմ ա. «Ուրեմն ես իմ մորը պետք չեմ էլ էղել»…

Գնաց տորոն բերելու ու հետ չեկավ

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Այս տարի` օգոստոսի 15-ին, «Մանանա» կենտրոնի կողմից կազմակերպված Դիլիջանի մեդիա ճամբարի շրջանակներում նկարահանումներ էինք իրականացնում Տավուշի մարզի Գետիկ գյուղում: Մեր խումբը կազմված էր մոտ տասը հոգուց: Շրջում էինք գյուղով, հետաքրքիր պատկերներ որսում, հարցազրույցներ վերցնում մարդկանցից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, և պարզապես զրուցում փոքրիկ Գետիկում ապրող անչափ բարի մարդկանց հետ: Արդեն երեկոյանում էր, խմբի կեսը արդեն վերադարձի ճամփան էր բռնել, մեր փոքրիկ խումբն էլ` պարոն Արան, Շուշանիկը, Մարիամը, Նոնան և ես, նստեցինք մեքենան` արագորեն հյուրանոցի ճաշարան հասնելու հստակ մտադրությամբ. դժվար էր համակերպվել, որ բոլորն արդեն սեղանի մոտ են, իսկ մենք դեռ դեգերում ենք բարձրադիր Գետիկի գիրթ ճամփեքին: Թերևս բոլորս ենք զգացել, որ ոչինչ չի կարող այնքան դյութիչ լինել, որքան վերադարձի ճամփան, անկախ նրանից որտեղից` դեպի ուր: Բայց հանկարծ ճանապարհին այգիներից մեկի մուտքին դրված նստարանին տեսանք մի պապիկի, որն իր` բարությամբ լեցուն աչքերով, ուղեկցում էր մեքենային: Անհնար էր ուղղակի անցնել, և Շուշանիկի հաստատակամությամբ, բոլորս վազեցինք դեպի այդ պապիկը: Նոր էինք մոտեցել, երբ Շուշանիկը արդեն սկսել էր հարցազրույցը, և բացահայտում էր այդ խոհուն աչքերում թաքնված աշխարհը: Պարզվեց, որ պապիկը Ժորա պապիկն էր, տարիքը` չեմ հիշում, չասաց, թե ես չհասկացա, նրա բոլոր պատասխանները շատ ավելի խորիմաստ էին, քան մենք ակնկալում էինք: Ապրում էր որդու և հարսի հետ: Թոռների ու ծոռների թիվը ինքն էլ հստակ չէր հիշում, ոչ թե տարիքի, այլ նրանց շատութան պատճառով (երանի բոլոր պապիկներն էլ թոռներով այդպես հարուստ լինեին):

Ժորա պապիկը մատին ամուսնական մատանի ուներ, և առանձնահատուկ ուշադրություն պետք չէր տեսնելու, թե նա ինչ հպարտությամբ է այն կրում: Եվ ահա հնչեց մեր միամիտ հարցը նրա կնոջ մասին: Պատասխանը մեզ առեղծվածային թվաց. «Գնաց տորոն բերելու, ու հետ չեկավ»: Դե արի ու հասկացիր: Գիտեինք, որ տորոնը բույս է, որից գորգերի գունավորման համար կարմիր ներկ են ստանում, բայց թե ինչո՞ւ Ժորա պապի կինը չվերադարձավ այնտեղից, այդպես էլ անհասկանալի մնաց, իսկ նա աչքերի ներողամիտ ժպիտով չպարզաբանեց իրողությունը:

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Մտածեցինք, որ տորոն հավաքելիս երևի ինչ-որ դժբախտ դեպք է պատահել: Հարցրինք նաև նրա և իր կնոջ սիրո պատմության մասին: Ինչքան խոսուն են մարդու աչքերը: Ժորա պապի աչքերում մի մեղմ պայծառություն շողաց, անցած երջանկության մի հուշ, կարոտ ու թախիծ: Լռեց, աղերսագին հայացքով կարծես խնդրելով չքրքրել իր հոգու այն մի պատառ չքնաղ անկյունը, որ դեռևս մնացել էր կյանքի բազում չարչարանքներով անցնելուց հետո` հայրենազրկություն, տեղահանություն, ամեն ինչ կորցրած ու հուսահատ մարդու դեգերումներ: Շուշանիկի ջանադիր աղերսներն ապարդյուն անցան. նա միայն մի քանի չոր տեղեկություն տվեց այն գեղեցիկ սիրո մասին, որ եղել է նաև մեզ համար հեռու թվացող ժամանակներում: Մենք երբեմն մոռանում ենք, որ մեր մեծերն էլ մի ժամանակ երիտասարդ են եղել, գուցե մեզնից ավելի գեղեցիկ ու եռանդուն: Իմացանք, որ նրանք միասին կոլխոզում ծխախոտ հավաքելիս են եղել: Որ Ժորա պապիկի երջանկության առարկան «սիրուն էլ չէր, սևուկ-մևուկ աղջիկ էր», և այդքանը միայն, իսկ թե ինչու էր նա մի օր որոշել գնալ այդ չարաբաստիկ տորոնը հավաքելու, այդպես էլ չիմացանք:

Եվ անցնում է գրեթե մի ամիս, սեպտեմբերի տասին մենք կրկին «Մանանա» թիմով նկարահանումներ ենք իրականացնում այս անգամ Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, երբ ժամանակավորապես մի կողմ դրված, բայց չմոռացված հարցը իր լուծումը գտավ: Հարցազրույց էինք վերցնում Ջուջևանի միջնակարգ դպրոցի Հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի, գորգագործ Անուշ Ալեքսանյանից: Պարզվում է, որ տորոնը իսկապես բույս է. կարմիր ներկը ստանում են նրա հյութալի արմատներից, բայց գաղտնիքն այն է, որ այդ արմատները իրենց ճյուղավորումներով չափազանց խորացած են հողի մեջ, և նրանց հանելը տաժանակիր աշխատանք է: Հենց այդ խորության պատճառով, ժողովուրդը ստեղծել է «տորոնի գնալ» արտահայտությունը, որը նույնանում է մահանալ, կամ անդրաշխարհի ճամփան բռնել արտահայտությունների հետ: Փաստորեն` Ժորա պապիկի սիրելի կինը… մահացել էր:

Արհե՞ստ, թե՞ արվեստ

Հարցազրույց ժողովրդական վարպետ Անահիտ Աթոյանի հետ:

-Բարև, Անահիտ տատիկ: Մի քիչ ձեր գործից պատմեք. ինչպե՞ս որոշեցիք այս գործով զբաղվել:

-Զբաղվում եմ ձեռագործությամբ և շյուղագործությամբ, տիկնիկներ եմ պատրաստում: Աշխատանքներս սկսել եմ Թումանյանի հերոսներին պատկերելով: Թումանյանի 140-ամյակին որոշ գործեր ունեի պատրաստած, առաջարկեցին ցուցադրել, հետագայում մտահաղացում առաջացավ շարունակել:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

-Բացի ձեռագործությունը, որևէ մասնագիտություն սովորե՞լ եք:

-Այո: Մասնագիտությունս բուժքույր է:

-Իսկ ինչո՞ւ չշարունակեցիք ձեր մասնագիտությամբ:

-Գյուղում այն տարիներին իմ մասնագիտության համար աշխատանք չկար, հարմարվել եմ ու սկսել այլ գործով զբաղվել:

-Ինչո՞վ է մեր գյուղը առանձնահատուկ, և ինչո՞ւ սկսեցիք աշխատել հենց Դսեղում:

-Դսեղ եկել եմ ամուսնանալուց հետո, մինչ այդ էլ ձեռագործությամբ զբաղվել էի: Ամուսինս Դսեղից է, ես էլ սկսեցի ընտանիքիս հետ այստեղ ապրել:
Դսեղը առանձնահատուկ է և´ իր բնությամբ ու տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողներով, և´ ժողովրդով`դսեղցիք շատ հյուրընկալ ու բարի ժողովուրդ են: Բացի այդ, գյուղն ինքնին առանձնահատուկ է դարձնում Հովհաննես Թումանյանի ծննդավայր լինելու փաստը:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Սպիտակից եմ: Այնտեղ ապրել եմ յոթից-ութ տարի:

-Ինչպե՞ս հարմարվեցիք գյուղին ու նրա մարդկանց:

-Ես շատ մոտ եմ եղել գյուղին, թեև ապրել եմ քաղաքում, բայց սերել եմ հասարակ ու համեստ ընտանիքից: Բացի այդ, հանուն ընտանիքի ամեն ինչի էլ հարմարվում ես:

-Ստեղծագործելու համար ի՞նչն է ծառայել ոգեշնչման աղբյուր:

-Ընտանիքիս համերաշխությունը:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

-Իսկ ի՞նչն է ձեզ խանգարել:

-Երբեմն խանգարել է նյութականի, ստեղծագործելու համար անհրաժեշտ պարագաների բացակայությունը: Ցուցասրահիս տեղն էլ է փոքր, կցանկանայի ավելի մեծ լիներ: Բայց քանի որ միտքս միշտ աշխատել է, երբեք խոչընդոտների առաջ կանգ չեմ առել:

-Որո՞նք են ձեր գործի վատ կողմերը:

-Վատ կողմեր չեմ տեսնում: Թերևս միայն շատերի կողմից չգնահատված լինելը, բայց երբ տեսնում եմ ցուցասրահ մտնող մարդկանց զարմացած աչքերը, լսում նրանց խորհուրդները ու շնորհակալական խոսքերը, վատ կողմերը կորչում են: Ես ի սկզբանե, ամեն բան արել եմ առանց որևէ հատուցման սպասելու: Ժամանակի ընթացքում ստեղծել եմ նաև նյութականը, շնորհիվ իմ ընտանիքի մշտական աջակցության:

-Ե՞րբ եք ստացել ժողովրդական վարպետի կոչում:

-Թումանյանի 140-ամյակի միջոցառումների ժամանակ:

-Ձեր գործը համարում եք արհե՞ստ, թե՞ արվեստ:

-Երևի Արվեստ: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես գնահատի այն:
Ես մի գրքույկ եմ պահում, որի մեջ խնդրում եմ իմ ցուցասրահի մասին իրենց կարծիքը հայտնել նշանավոր մարդկանց, թեև յուրաքանչյուր այցելու ինձ համար նշանավոր է: Իմ մեջ տպավորվել է Սոս Սարգսյանի գրառումը. «Անահիտ ջան, հրաշալի է, ինչ-որ տեսա, հայոց արվեստի համար նոր տաղանդավոր երևույթ»: (Սոս Սարգսյան 17.08.2011թ.)
Ես իմ տիկնիկների, աշխարհի հետ կապված ամեն բան պահում եմ, նույնիսկ իմ մասին նյութ տպագրած ամսագրերը:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

-Ի՞նչն եք ամենից շատ գնահատում ձեր գործում:

-Ժողովրդի գնահատականը:

-Մի քիչ պատմեք ձեր հետագա անելիքների մասին:

-Անելիքներ, եթե առողջությունս ների, շատ ունեմ: Քանի որ Թումանյանի ստեղծագործությունների հերոսները շատ են, ու նրանց բոլորին դեռ պատկերել է պետք:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ձեր նման յուրահատուկ գործով զբաղվել:

-Համբերություն, համառություն և սեր ժողովրդի հանդեպ:

-Շնորհակալություն հետաքրքիր ու բովանդակալից հարցազրույցի համար:

-Ես էլ եմ շնորհակալ, որ ձեր նման երիտասարդները սկսել են հետաքրքրվել մեր նման ստեղծագործողներով: