Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

Հայկական նվագարանները մի տան մեջ

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Հայկական երաժշտություն, հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթի մի մասն է: Այն սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։

Ես ճանաչում եմ նման ընտանիքի, որտեղ քույր ու եղբայր նվագում են դհոլ ու քանոն: Ասեմ ավելին, քույրիկը ՝քանոնահար Գրետան, համատեղում է քանոնը դաշնամուրի հետ, իսկ եղբայրը` Կարենը, շատ լավ նվագում է դհոլ:

Ես զրուցել եմ Գրետայի և Կարենի և նրանց մոր`Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակչուհի Վեհանուշ Աֆրիկյանի հետ:

-Տիկին Վեհանուշ, ձե՞ր որոշումն էր, որ երեխաները հաճախեն երաժշտական դպրոց:

-Նրանց մեջ տեսնելով երաժշտական լավ տվյալներ, ինչու չէ, նաև իմ և երեխաների սերը դեպի երաժշտությունը, նաև մանկուց չիրականացած երազանքս, որոշեցի որ անպայման պիտի հաճախեն:

Համացանցում փնտրեցի և գտա քնարի մասին: Պարզվում է, որ այն գրեթե նույն քանոնն է, որոշեցի, որ Գրետան պիտի նվագի քանոն, ձայն էլ ինձ շատ դուր է գալիս:

Պարզվում է, քանոնը շատ հին գործիք է, և նախատիպը հայտնվել է Եգիպտոսում: Աստվածաշունչ կարդալիս ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու է, օրինակ, Դավիթ թագավորը հենց քնար նվագում:

-Դուք ասացիք, որ դուք եք երեխաների փոխարեն որոշել: Իսկ իրենք սիրո՞վ են հաճախում:

-Դե, սկզբից այդքան էլ չէ, սակայն հիմա մեծ սիրով են հաճախում:

-Հաճա՞խ են նվագում տանը, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Երբ նոր էին սկսել ես անընդհատ հիշեցնում էի, որ պարապեն, սակայն հիմա ձեռքից վայր չեն դնում գործիքները: Ամբողջ օրը նվագում են: Գրետան քանոնից անցնում է դաշնամուրի, դաշնամուրից` քանոնի, իսկ Կարենը համարյա ամբողջ օրը նվագում է դհոլ: Ես դրան ամենևին վատ չեմ վերաբերվում:

Կցանկանայի, որ բոլոր երեխաները սիրեն երաժշտություն, նվագել սովորեն: Երաժշտությունից վնաս չկա, ու բացի այդ, այն մի ուրիշ ներաշխարհ է: Եթե զբաղմունք չունես և անգործ նստես տանը, դե բնական է, որ պիտի կամ համակարգչով խաղաս, կամ էլ դուրս գաս բակ` կռիվ անելու:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

-Գրետա, մի քիչ կպատե՞ս քո գործիքի մասին:

-Քանոնը հայկական գործիք է: Այն նվագում են բութ մատի և ցուցամատի օգնությամբ: Քանոնը մեր երկրում ամենատարածված և սիրելի նվագարաններից է: Սկզբում քանոնը եղել է տղամարդու գործիք, իսկ հետո քանոնահարուհի Անժելա Աթաբյեկանի շնորհիվ, քանոնը դարձրել է կանանց համար սիրելի գործիք:

-Երբ մայրիկդ ասաց, որ պիտի հաճախես քանոնի, ինչպե՞ս ընդունեցիր այդ առաջարկը:

-Ճիշտն ասած, համ ուզում էի, համ` չէ : Սկզբից ասացի` չեմ ուզում, հետո մի լավ մտածելուց հետո հասկացա, որ դրանից եթե օգուտ չլինի, ապա վնաս չի լինի:

-Իսկ ավելի շատ սիրում ես դաշնամո՞ւր նվագել, թե՞ քանոն:

-Չեմ կարող ասել: Մեկը մյուսին չեն զիջում:

-Իսկ համատեղո՞ւմ ես դասերիդ հետ: 

-Մի կերպ: Ազատ ժամանակ չեմ ունենում, բայց ոչինչ: Կարևորը հասել եմ արդյունքի. թե դպրոցում, թե երաժշտականում գերազանցիկ եմ:

-Իսկ ինչո՞ւ հենց քանոն և դաշնամուր:

-Քանի որ Մրգաշատի երաժշտական դպրոցում՝ աղջիկներ համար միայն դաշնամուր և քանոն են դասավանդում:

-Հետագայում ի՞նչ նպատակներ ունես:

-Շարունակելու եմ այդ գծով: Իմ երազանքն է դառնալ կիրթ և գրագետ երաժիշտ:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

-Իսկ դո՞ւ, Կարեն, քանի տարի է, ինչ հաճախում ես երաժշտական դպրոց:

-Նոր եմ սկսել, արդեն մեկ տարի կլինի: Ճիշտն ասած, սկզբից, որ գնացի, չէի ուզում, բայց երբ առաջին անգամ մտա դասարան ու տեսա ուսուցչին, շատ ուզեցի գնալ:

-Երազանքներ, նպատակներ ունե՞ս կապված դհոլի հետ:

-Շատ եմ սիրում դհոլի ձայնը և ուզում եմ շարունակել սովորելը:

-Իսկ դասերիդ չի՞ խանգարում: 

-Եթե մարդու մտքին տեղ լինի, ամեն ինչ էլ կհասցնի:

meri muradyan

Արկածներով լի պապիկը

Խոսքը մեր հարևան Աշոտ պապի մասին է: Նա բավականին հետաքրքիր մարդ է: Սիրում է ուրախացնել իր շրջապատի մարդկանց:

Մի անգամ  Աշոտ պապը տեսնում է, որ ձմռան համար փայտ չի մնացել, որոշում է գնալ իրենց այգու չոր ծառերից մի քանիսը կտրել: Վերցնում է սղոցը և գնում: 10  րոպե չանցած  տնեցիները ուժեղ դմփոց են լսում: Դուրս են գալիս, տեսնում` Աշոտ պապը բարձրացել է ծառին, նստել այն ճյուղի վրա, որը պետք է կտրվեր և սկսել սղոցել այն: Ծառի ճյուղի հետ միասին գետնին է ընկել նաև ինքը:

Նոր տարուն մնացել էր 2 օր, երբ բոլորը ամանորյա եռուզեռի մեջ էին, Աշոտ պապը որոշում է, որ ինքը պետք է կտրատի միսը: Բայց նա շփոթում է աղը և շաքարավազը, 10 կիլոգրամ մսի վրա աղի փոխարեն լցնում է շաքարավազ և հենց այդպես հյուրասիրում է իր հյուրերին:

Հաջորդ օրը Սուսան տատը տոլմա է փաթաթում: Վաղ առավոտյան արթնանում է, որպեսզի գնա կաթսան դնի գազի վրա: Աշոտ պապը ասում է.

-Դու քնի` ես գազը կվառեմ:

Ու առանց ջրի դնում է գազի վրա: Մինչև ժամը 9-ը տոլմայից ոչինչ չէր մնացել:

Մի օր էլ առավոտյան ժամը 6-ին Աշոտ պապը արթնանում է, տանում է կովերին արածացնելու և ինքը վերադառնալուն պես արթնացնում տան անդամներին և ասում.

-Գտեք ժամացույցս, գործից ուշանում եմ:

Տան անդամները խառնվում են իրար, սկսում են փնտրել ժամացույցը: Երբ գալիս է ժամը 8:45 րոպե, Աշոտ պապը ասում է.

-Վայ, գտա, ձեռքիս կապած է՝ գնացեք քնելու:

Իսկ այս մի  պատմությունը կատարվել է վերջերս:

Պապիկը գնում էր իրենց տան նկուղ: Նրա կինը` Սուսան տատը, ասում է նրան, որ ձեռք չտա քարերին: Բայց պապի հետաքրքրությունն այնքան շատ է լինում, որ ձեռքի փայտով զգուշորեն քարը քաշում է իրեն, և այդ ժամանակ քարը ընկնում ու ջարդում է 10 լիտր օղու տարան:

Աշոտ պապը մինչև հիմա էլ չի դադարում  ուրախացնել մեզ:

marat sirunyan

Ստալինի որդին ու ապրելու արհեստը

Իրապատում՝ Սարգիս Պողոսյանի հետ անցկացված հարցազրույցիս հիման վրա…

1946 թվականն էր: Պարսկաստանի ձմեռային սովորական օրերից մեկը՝ դեկտեմբերի 21-ը, դարձավ արյունոտ: Ադրբեջանցիները հարձակվեցին իր խաղաղ կյանքով ապրող մի հայ օջախի վրա:
Առաջին բանին, որ ականատես եղան ընտանիքի անդամները, երկու տարեց այրերի սպանությունն էր, հետո սպանվեցին նաև երկու երիտասարդներ, մեկին վիրավորեցին: Սպանություններին հաջորդեց թալանը: Սրբեցին ամեն ինչ, այն աստիճանի, որ նրանց գնալուց հետո հարուստ տան մեջ մի լաթի կտոր անգամ չգտնվեց արնաքամվող վիրավորի վերքը կապելու համար:

Թալանի ընթացքում տան չորս-հինգ երեխաներին լցրին թոնիրը, որ վառեին ողջ-ողջ, բայց ինչ-որ հրաշքով կամ էլ «ոսկու փայլից» կուրացած, մոռացան սպանելու մոլուցքն ու գնացին: Վախեցած երեխաներին տատը հավաքեց թոնրի շուրջ, ու այդպես կուչ եկած սպասում էին, թե ինչ է լինելու: Եվ հանկարծ գիշերվա մի ժամի երդիկը բացվեց: Տատը, կարծելով, թե վերադարձել են իրենց էլ վերացնելու, երեխաներին քաշեց մի անկյուն.
-Եկել են գիշերով սաղիս մորթեն:

Այդ պահին վերևից լսվեց կնոջ ձայն.
-Ես եմ, Շանին եմ,- թուրք կին էր,- գիտեմ, հայասպանություն ա եղել, ձեզ հաց եմ բերել…

Լավաշը կապել էր փորին, մի ամանով կաթ, մի ամանով էլ մածուն, պարանով երդիկից իջեցրեց անօգնական մնացած հայերին.
-Կերե՛ք, մենակ չասեք, որ ես հաց եմ բերել …

Այսպես մի կերպ փրկվեցին,  բայց դժբախտությունները նրանց հանգիստ չթողեցին…
Բանտարկեցին նրան, ում ոտքից վիրավորել էին ադրբեջանցիները՝ Ստալինին: «Ստալինը» նրա մականունն էր. նրան այդպես էին անվանում բռնապետ Ստալինին արտաքնապես շատ նման լինելու պատճառով: Իսկ իրական անուն ազգանունը Պողոս Պողոսյան էր: Այն չարաբաստիկ օրը սպանված տարեց այրերից մեկը իր հայրն էր, մյուսը՝ կնոջ հայրը, սպանված երիտասարդներից մեկը՝ իր եղբայրը, մյուսը՝ կնոջ քրոջ տղան: Ինքը սկսել էր զբաղվել հայրենիք ներգաղթի կազմակերպմամբ: Առաջին խումբն ուղարկել էր արդեն հայրենիք, երկրորդ խմբի մեջ պետք է լինեին նաև ինքն ու ընտանիքի անդամները, բայց ձերբակալեցին:
Բանտից դուրս գալուց հետո իրեն էլ, ընտանիքին էլ աքսորեցին, իրենց հետ ևս մի հայ և մի ասորի ընտանիքի: Աքսորավայրը Պարսկաստանի ամենատաք վայրն էր՝ Լորիստանը, ուր կիսավայրենի ժողովրդի հետ էին ապրում: Չորս կողմը փշալարեր էին, փախչելու ելք չկար:
Մի գետ էր հոսում այդտեղով: Դրա մեջ մի օր Պողոսը ձուկ  նկատեց: Եկավ տուն  և սկսեց թոռ գործել: Հաջորդ օրը, որդու՝ Սարգսի հետ գնացին ձուկ բռնելու: Նրանց այնտեղ էլ ոստիկաններ էին հսկում:
Սարգիսն այդ ժամանակ ինը, թե տասը տարեկան էր. ադրբեջանցիների վայրագությունից փրկված երեխաներից մեկը:
Փաստորեն գետում ձուկն այնքան շատ էր, որ թոռը գցելն ու ամբողջությամբ ձկով լցվելը մեկ եղավ: Այսպես իրենց ձկնորսությունն էին անում, երբ նկատեցին իրենց մոտեցող մարդկանց. հարևան գյուղից էին: Երբ եկան, մի պահ նայեցին Պողոսի ուղղությամբ, ապա շրջվեցին ու փութով շարժվեցին գյուղի կողմը: Անցավ մոտ տասը-տասնհինգ րոպե: Հայր ու որդի այն տեսան, որ քիչ առաջ գնացած մարդիկ վերադառնում են մեծ բազմությամբ, ձեռքերին առած փայտ, մուրճ, բահ, և ինչ ձեռքները կընկներ: Դա տեսնելով՝ հսկող ոստիկանն ասում է, որ փախչեն, որովհետև այդ կատաղած մարդիկ գալիս են իրենց վրա: Իսկ պատճառն այն էր, որ Պողոսի թևին Մարիամ Աստվածածնի պատկերն էր դաջած: Այդ դաջվածքը տեսնելով՝ գյուղացիներն ասել էին.
-Կիկո՜ն, Կիկո՜ն, Կիկոյի ցեղից են…

Այդ Կիկոն Պարսկաստանի բանակի փոխգնդապետ էր: Կռիվների ժամանակ հենց նա էր գրավել Լորիստանը:
Կատաղած ամբոխը հետապնդում էր հայր ու որդուն, որ բռնեին ու իրենց ոխն առնեին: Պողոսն ու Սարգիսը թաքնվեցին դարպասների հետևում, իսկ ամբոխը, չգտնելով նրանց, հետ դարձավ: Վտանգն այդ պահին անցավ, բայց վախը մնաց նրանց սրտում. վախենում էին դուրս գալ: Եթե դուրս գային, կարող էին սպանել:

Այդպես նրանց տեղափոխեցին Քաշամ քաղաք: Քաշամ քաղաքում այդ ժամանակ հայ չկար, կամ էլ գուցե ծպտյալ էին:
Պողոսը շատ մտածելուց հետո, թե ինչ անի, վերցրեց մի քանի տախտակ, մեխեց իրար, երկու լաթ գտավ. Կոշիկի քսուկ և օր ու գիշեր սկսեց կոշիկներ էր մաքրում: Պողոսը մաքրում էր կոշիկները, իսկ Սարգիսը դրանք հասցնում էր հարուստներին կամ խանութներին, փողը բերում, տալիս էր հորը: Այդպես գոյատևում էին…

Օրերից մի օր էլ, երբ Սարգիսն իր սովորական գործին էր, կոշիկներն էր տարել հարուստի տուն ու հետ էր վերադառնում, փողոցով քայլելիս նկատեց, որ երկու հոգի իր հետևից գնում են: Մեկի անունը Նազար էր, մյուսինը՝ Բենո: Հանկարծ այդ երկուսն սկսեցին խոսել.
-Նազա՛ր,- Բենոն դիմեց ընկերոջը:

-Ի՞նչ ա:
-Էս էրեխեն, որ գնում ա, է, արունս  իրա վրա եռում ա, ոնց որ հայ էլնի…
-Ա՜,- անհավատ ձայնեց Նազարը,- դու էլ բան ասիր. էս քաղաքում հայ կա՞ որ: Հայն էստե ի՞նչ ա  անում:

Այդ միջոցին Սարգիսը շրջվեց .
-Քեռի՛, հայ եմ:
Այդ լսելուն պես երկու ընկերները վազեցին ու փարվեցին Սարգսին:

-Քեզ ո՞վ ա բերե ստեղ, ո՞վ ա գողացե բերե,- զարմացած հարցրին հուզված ընկերները:
-Չեն գողացել: Մենք աքսորված ենք: Ստեղ մնում ենք, կոշիկները տանում եմ, պապաս մաքրում ա, բերում եմ տալիս հարուստներին:
Հետո Սարգիսը ցույց տվեց իրենց տան տեղը: Նոր ծանոթները խոստացան, որ երեկոյան կայցելեն: Երբ հորը պատմեց, որ շատ հարուստ հայերի է հանդիպել ինքը, ու նրանք ասել են, որ երեկոյան կգան, Պողոսը պատասխանեց՝ չեն գա…
Այնուամենայնիվ երեկոյան այդ հայերը եկան: Եկան ու կարծես արդեն որոշած, ասացին նրանց.
-Էստեղ դուք չպետք է մնաք, ձեզ անպայման պետք է տեղափոխել. ո՛չ եկեղեցի կա, ո՛չ գերեզմանատուն կա, ո՛չ հայ կա, ոչ մի բան չկա: Աստված ոչ անի, մի բան պատահի…

Հայեր մնում էին Իշվահան քաղաքում: Այդ քաղաքում էլ հենց ապրում էին այդ երկու հարուստ հայերը: Պողոսի ընտանիքին էլ գետն անցկացրին, տարան իրենց մոտ՝ իրենց հարևան: Տուն վարձեցին նրանց համար: Այսպես վերջապես բախտը մի փոքր ժպտաց այս դժբախտ հայ ընտանիքին…
Անցավ մի տարի: Մի տարի հետո Սարգսենք ընտանիքով տեղափոխվեցին Թեհրան: Պատերազմական ժամանակ էր: Պատերազմի մի ընթացքում ֆաշիստները փորձեցին Թուրքիայով մտնել Պարսկաստան, այնտեղից էլ ճակատ բացել՝ Սովետական Միության վրա հարձակվելու համար: Բայց այդ ընթացքում սովետական բանակն արդեն մտավ Պարսկաստան:
Սովետական բանակի շատ հայերի հետ կար նաև մի փոխգնդապետ՝ Չարխչյան ազգանունով: Պողոսենց տունը գտնվում էր այն շենքի հարևանությամբ, որտեղ աշխատում էր այդ փոխգնդապետը: Նա, տեսնելով Սարգսին, շատ է կապվում նրա հետ: Ամեն երեկո գալիս է, նրան վերցնում ու իր ձիու վրա դրած իր հետ տանում զորամաս: Զորամասը գտնվում էր մոտակա գյուղից դուրս գտնվող սարի տակ: Իր քայլը Չարխչյանը Սարգսին բացատրում էր այսպես.
-Ես էլ քո տարիքի մի երեխա ունեմ, որին շատ եմ կարոտել:

Երեկոները տանում էր, առավոտյան բերում: Հետո Սարգիսը պետք է արհեստ սովորեր ու դարձավ աշակերտ: Չորս տարի սովորելով՝ ձեռք բերեց խառատի մասնագիտություն: Բացի դա նաև երաժշտական կրթություն ստացավ. ակորդեոն էր նվագում ու երգում:
Հետո եկավ բանակ գնալու ժամանակը: Բանակը երկու տարով էր, բայց Սարգիսը ծառայեց տասնհինգ ամիս: Հայաստան տեղափոխվելու համար նրան գումար ու քսանչորս ժամ ժամանակ տվին, որ Պարսկաստանից դուրս գա: Ու նա եկավ: Եկավ Պարսից ծոցի ափը, այնտեղից նստեց ռուսական «Пионер» նավը: Առավոտյան ժամը ինին նստեց նավը ու հաջորդ օրը նույն ժամին իջավ Բաքվում:

Երբ իջավ, հեռվից տեսավ, որ մեկը ձայն է տալիս.
-Սերո՜ժ, Սերո՜ժ, Սերո՜ժ…
«Իյա՜,- մտածեց նա ,- Սովետական Միություն, Բաքու, առաջին անգամ եմ եկել, ի՞նչ իմանամ` Սերոժն ով ա. հո էդ մենակ իմ անունը չի՞»: Մտերիմները Սարգսին անվանում էին Սերոժ:
Հետո, անցակետն անցնելով, տեսավ ընկերոջ մեծ եղբորը, որը սահմանն ավելի շուտ արդեն անցել էր: Գրկախառնվեցին և հենց այդ պահին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ այն ժամանակվա «кгбеичник»-ները, եկան ու բռնեցին այդ տղային: Հարց ու փորձ արեցին, թե որտեղից է ճանաչում նոր եկած երիտասարդին՝ Սարգսին, և պատասխանն ստանալուց հետո թողեցին, որ գնան: Սարգսին տարավ ու տեղավորեց մի հյուրանոցում, որտեղ տասնհինգ օր մնաց մենակ, հետո ընտանիքն էլ միացավ իրեն ու բոլորով տեղափոխվեցին Հայաստան:
Երբ եկան Հայաստան, հաստատվեցին Վանաշեն գյուղում: Սարգիսը գնաց շրջանի զինկոմիսարիատ ներկայացավ, տեղեկացրեց, որ ծառայել է պարսկական բանակում:
Հետո ընդունվեց հարևան գյուղի «Հայգյուղտեխնիկա» աշխատանքի՝ որպես բանվոր:

Աշխատանքի անցնելուց հետո, երբ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, արհեստանոցի վարիչը եկավ ու հանձնարարություն տվեց նրան, որ կցորդիչի համար հեղյուսներ պատրաստի.
-Ի՞նչ կարգի ես,- նորեկ աշխատողին հարցրեց արհեստանոցի վարիչը:

«Այ մարդ, կարգն ի՞նչ ա, կա՞ռք ա, ֆայտո՞ն ա…»,- մտածմունքի մեջ ընկավ Սարգիսը՝ չիմանալով, թե ի՞նչ է՝ «կարգը»:
-Գործը կանեմ՝ տես,- ելքը գտավ Սարգիսը:
Գործն արեց, վարիչը նորից եկավ.
-Հը՞ն, արե՞լ ես:

-Հա:
-Քանի՞ հատ:
- Երեսունութ հատ:
- Ո՜ւ, դու հլը սորվելու տեղ ունես,- դժգոհեց վարիչն ու խոսքն ուղղեց հին աշխատողներին,- Արմո՛,  Զու՛լիկ, քանի՞ հատ եք տաշում օրեկան:
-Օրեկան հարյուր հիսուն- հարյուր վաթսուն հատ: Էդքան տաշում ենք,- պատասխանեցին աշխատողները:
Ապա վարիչը նորից խոսքն ուղղեց Սարգսին.
-Ո՞ւր ա գործդ:
Երբ Սարգիսը պատրաստած հեղյուսները հանձնեց նրան, վարիչը պոռթկաց.
-Դավայ, քելե, գնում ենք դիրեկտորի մոտ:
Գնացին տնօրենի մոտ: Երբ ներս մտան, արհեստանոցի վարիչը խոսեց.
-Ընկե՛ր Սարգսյան, վարպետին ո՞նց վարձատրենք:
«Մինչև էս պտի սորվեի, հմի ասում ա՝ վարպետ». մտքում զարմացավ Սարգիսը:
-Քանի՞ հատ է սարքել,- հարցրեց տնօրենը:
-Երեսունութ հատ,- պատասխանեց արհեստանոցի վարիչը:
-Օ՜, չէ՜, տար տղերքից մեկի մոտ, թող սովորի:
-Ընկե՛ր Սարգսյան, ինքը չի սովորելու, ինքը պետք է սովորեցնի…- Սարգսի պատրաստած հեղյուսներից մի քանիսը դնելով սեղանին՝ վստահ պատասխանեց  արհեստանոցի վարիչը:
Զարմացած տնօրենը խոսքն ուղղեց նորեկ բանվորին.

-Շիլիֆովկա՞ ես արել:
-Չէ:
Պարզվում է` մյուսները բարձր հաճախությամբ աշխատող սարքի միջոցով էին պատրաստում, առանց մանր բաների հետևից ընկնելու, իսկ Սարգիսը՝ ձեռքով աշխատող սարքով՝ մանրակրկիտ:
-Տա՛ր, վարձատրիր էնպես, ոնց որ պետքն է,- կարգադրեց տնօրենը:
Երբ դուրս եկան տնօրենի սենյակից, արհեստանոցի վարիչը Սարգսին պատվիրեց, որ տեսնի, թե ինչպես են պատրաստում մյուսները, և այդպես էլ ինքը պատրաստի: Եկավ հաջորդ օրը.
-Հը՞, տաշե՞լ ես:
-Հա:
-Քանի՞ հատ:
-Երկու հարյուր հիսուն հատ:
-Ես քեզ փչացրի: Սրանից հետո, որ գործ լինի, ու ես կգամ քեզ կասեմ, դու քո իմացած ձևով կսարքես, եթե չէ՝ տես տղերքը ոնց են անում, տենց էլ դու արա:

Այդպիսով Սարգիսը քիչ-քիչ դարձավ արհեստանոցի ամենալավ բանվորը:
Մի օր զինկոմիսարիատից նրան նորից կանչեցին:  Կանչել էին, որ առաջարկություն անեին:
-Կուզե՞ս մեզ մոտ սովորել, աշխատավարձն ու մնացած բաները կպահպանվի, տարին երեք ամիս:
Սարգիսը համաձայնվեց: Հետախույզ էին պատրաստելու: Մտածում էր, որ կարող է պատահի իրեն ուղարկեն Պարսկաստան, որտեղ սպանել էին հարազատներին, և վրեժը կլուծեր: Ոչ, նա այնտեղ բոլորի հանդեպ չէր վրեժով լցված, միշտ ասում էր, որ ադրբեջանցիների մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Ու որպես ապացույց ասում էր.
-Ասենք՝ հենց Շանին: Դրա ձեռի պոպոքն օրը ցերեկով չէիր ուտի, բայց ես էդ թուրք կնգա արածը կարո՞ղ ա պատահի` մոռանամ. օրը հազար անգամ դրան ողորմի կտամ:

Բայց արի ու տես, պարզվեց իրեն ուղարկելու են Թուրքիա: Սկսվեցին պարապմունքները: Սախարով ազգանունով մեկը սովորեցնում էր քարտեզն ու դրա հետ կապված բաները, մի ազգությամբ ադրբեջանցի ավագ լեյտենանտ սովորեցնում էր թուրքերեն և  Սարգսյան ազգանունով մեկն էլ սովորեցնում էր Մորզեի այբուբենը: Պարապմունքները զորամասի փոխարեն անցկացվում էին մի սովորական շենքում:
Եկավ առաջին առաջադրանքը կատարելու ժամանակը: Եկան ու հայտնեցին Սարգսին, որ պետք է իրեն ուղարկեն Թուրքիա: Հոկտեմբերյանի մոտից սահմանն անցկացրին և ուղարկեցին: Մոտ երեք-չորս կիլոմետր խորանալուց հետո նրան դիմավորեցին ու տարան: Երկու օր մնաց Սարիղամիշում: Թղթեր պետք է տար՝ տվեց, նրանցից էլ թղթեր վերցրեց, հետո բերեցին նույն տեղն ու ճանապարհեցին հետ: Յոթ տարի, տարին երեք ամսով աշխատեց որպես հետախույզ ու այդ ընթացքում երեք անգամ գնաց Թուրքիա:
Մի օր, երբ մի սեղանի շուրջ խմում էին, ինքն ու այն ադրբեջանցի սպան, հանկարծ սպան մի խոսք բերանից թռցրեց.
-Ես սխալվեցի եկա, դու ինչի՞ եկար:
-Ո՞նց թե,- զարմացավ Սարգիսը:
Ադրբեջանցի սպան խառնվեց իրար.
-Ոչ մի բան, ոչ մի բան:
-Չէ՜, պիտի ասես: Թե չես ասել, իրիկունը կգա Սախարովը, Սախարովին կասեմ:
-Խնդրում եմ, տենց բան չանես, ես կասեմ պատճառը:
-Ասա:
-Հիմա, թե մե սխալ բան անես կամ ստեղ գլուխդ կուտեն կամ եթե գնացիր, ուղարկեցին արտասահման, էնտեղ կվերացնեն:
-Բա ո՞նց անեմ, որ սրանցից պրծնեմ,- անհանգստացավ Սարգիսը:
-Ոչ մի բան չի փրկի, մենակ թե փրկի՝ Մորզեի վրա էդ հաղորդել-ընդունելուց սխալներ պիտի շատ անես, որ քեզ հեռացնեն:

Այս իմանալուց հետո Սարգիսը սկսեց այդպես էլ անել: Սխալներ էր թույլ տալիս, Սարգսյանը, ով Մորզեի հետ կապված դասավանդողն էր, բարկանում էր.
-Դու լավ գիտեիր, ախր, լավ էիր սովորում…
-Եսիմ, էլի լավ գիտեմ, ի՞նչ ա եղել,- իրեն միամիտի տեղ էր դնում Սարգիսը:
Մի օր էլ, երբ տարել էին Գառնիի կողմ, ու այնտեղից հաղորդումներ էր տալիս, հեռվից մի մեքենա նկատեց: Ասացին, որ գեներալն է գալիս: Գեներալը եկավ, այն էլ ինչ գեներալ. ֆաշիստ սպաներից էլ գեշ: Թե մինչ այդ Սարգիսը սխալներ էր թույլ տալիս, նրան տեսնելուց հետո էլ ավելի սկսեց սխալվել: Եվ դրա արդյունքում նպատակը կատարվեց. գեներալը կարգադրեց՝ հեռացնել աշխատանքից…
Նորից եկավ իր գործին:
1971 թվականին մարշալ Բաղրամյանը եկավ Արարատի մարզ: Գործկոմի նախագահը կանչեց Սարգսին:
-Քեռի՛, Բաղրամյանը գալու ա Վեդի, Վեդիից էլ գալու ա գյուղ՝ ճաշկերույթի: Տղերքին կվերցնեք, կգաք նախագահի տունը, որ նվագեք:
Սարգիսը համաձայնվեց: Բաղրամյանը շրջելուց հետո եկավ գյուղ՝ նախագահի տուն, Սարգիսն էլ երաժիշտ ընկերների հետ գնաց այնտեղ: Առաջին բաժակը բարձրացրին, որ խմեն Բաղրամյանի կենացը: Մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսեցին. հերթը հասավ Բաղրամյանին: Նա շնորհակալություն հայտնեց, ուզում էր խմել, երբ Սարգիսը ձայն տվեց.
-Ընկե՛ր մարշալ, մի՛ խմեք՝ Ձեր բաժակին երգեմ:
Բաղրամյանը բաժակը ցած դրեց: «Անդրանիկ»-ը նվագեցին: Չորս կողմից ձեռքով-ոտքով հասկացնում էին, որ դադարեցնեն, որովհետև այն ժամանակ դա արգելված երգ էր: Դա նկատելով՝ Բաղրամյանը սանձում է.
-Ջահելին մի՛ խանգարեք,- հետո խոսքն ուղղում է Սարգսին,- շարունակի՛ր երգը:
Երբ ավարտեց երգը, Բաղրամյանը պատվիրեց, որ նորից երգի, հետն էլ՝ մի այլ ֆիդայական երգ: Դրանք էլ երգելուց հետո Բաղրամյանը բաժակը վերցրեց  ու ասաց.
-Չենք խմում Բաղրամյանի կենացը, բոլորս մի մարդու պես խմում ենք Անդրանիկի կենացը. Անդրանիկը մի մարդ էր, եկավ ու գնաց… Բաղրամյանը կյանքում Անդրանիկ չի դառնա, Անդրանիկն ուրիշ մարդ էր:
Վերջում գնալու ժամանակ Սարգիսը մոտեցավ Բաղրամյանին: Երբ ուզում էր մոտենալ, շրջկոմի քարտուղարը ձեռքով հրեց նրան՝ ասելով, թե մարշալին չանհանգստացնի: Բաղրամյանն այդ պահին բռնեց Սարգսի ձեռքն ու իր մոտ քաշեց.
-Ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում:
-Ուզում եմ՝ իրար հետ նկարվենք, եթե կարելի է:
Երաժիշտներից մեկի զուռնան վերցրեց Բաղրամյանն ու այդպես՝ զուռնան ձեռքին էլ նկարվեցին:
Ժամանակի ընթացքում Սարգիսը հասարակ բանվորից դարձավ արհեստանոցի ավագ վարպետ, աշակերտներ ունեցավ: Աշակերտներից հատկապես առանձնացնում էր Գառնիկին՝ որպես լավագույն:
Մի օր գործ անելիս զգաց, որ մոռացել է, թե ինչպես էր պետք անել: Որոշեց զանգել Գառնիկին:
-Գառնի՛կ ջան, էս գործը ո՞նց էր արվում:
-Այ վարպե՞տ, ձե՞ռ ես առնում ինձ: Ախր, դու ես էդ ինձ սովորացրել, հիմա ինձնից ես հարցնում:
-Է՜, մեծացել եմ, Գառնի՛կ ջան, մոռացել եմ:
Այդպիսով վարպետն աշակերտի բացատրությամբ վերհիշեց ձևն ու ավարտին հասցրեց գործը:
Աշխատանքի վայրը փոխեց, հետո առողջական խնդիրների պատճառով անցավ թոշակի:
Մի անգամ էլ որոշեց հաղթանակի օրը գնալ Երևան՝ Հաղթանակի զբոսայգի: Գնաց՝ հետը վերցնելով Բաղրամյանի հետ ունեցած նկարը: Հավաքված տարեց մարդկանց մոտով անցնելիս, որոնց կրծքերը զարդարված էին բազում շքանշաններով, լսեց, որ նրանցից մեկն ասում է, թե եղել է Բաղրամյանի զինվորը.
-Որ Բաղրամյանի նկարը ցույց տամ, կճանաչե՞ս ,- քմծիծաղ տալով ու հավաքվածներին մոտենալով հարցրեց նա:
Երբ նկարը ցույց տվեց, այն ծերունու զարմանքը քար կտրեց.

- Յա՜հ: Բաղրամյանը: Բարեկա՞մ եք դուք:
Այսօր ծիծաղով պատմում էր այս դեպքը իր տարեկից հարևանին ու նրա թոռանը: Ծերացել է արդեն այդ կյանքի փորձություններ տեսած մարդը, ով մինչև կոկորդը լցված է վրեժով, որն այդպես էլ մնաց անկատար: Ծերացել է, բայց աշխատանքից ձեռք չի քաշում. 1952 թ.-ից աշխատում է՝ տասը տարի Պարսկաստանում, 1960 թ.-ից մինչև 2000 թ.-ը աշխատեց Շիրազլուի (Ոսկետափ) «Հայգյուղ տեխնիկայում» որպես ավագ վարպետ, դրանից հետո էլ 2000թ.-ից մինչև 2016 թ.-ը «Վեդի Ալկո»-ում, բայց յոթանասունութամյա Սերոժ պապը մինչ օրս էլ աշխատում է: Իր ձեռքերով տարբեր սարքավորումներ է ստեղծել՝ ցորեն մշակող, ու իհարկե, իր արհեստի գործիքը: Իր կյանքի վատ օրերը համարում է նրանք, երբ չի աշխատել, ու զարմանում է, որ  տեսնում է հիմա երիտասարդները չեն աշխատում: Ամենալավ օրն էլ համարում է այս օրը, որ տարեկից դրկիցի հետ նստած կողք-կողքի հին օրերն են հիշում:
Հետո սկսեց երգել այն երգը, որը Բաղրամյանի կենացին էր երգել.

«Կարկուտն ելավ Խանասորա դաշտումը, Ֆիդայիներ՝ հայրենասեր, վրեժ լուծող, ջան ֆիդայ…
Մեկ ժամվա մեջ մզրա ցեղը ջնջվեցավ, Խանասորա կանաչ դաշտեր, արյան գույնով ներկվեցան»

…-Էն ժամանակ ավելի լավ էի երգում: Է՜, հմի ատամ չկա…

-Ատամ չկա՞, ասա մի երկու հատ պարտքով տանք,- կատակեց տարեկից-դրկիցը:
-Հա՜ բա: Ատամ էլնի` կքցես քո բերան, էլի, ինձ խի՞ կտաս ,- կատակը շարունակեց ինքն, ու սկսեցին ծիծաղել:

Ասեց-խոսեց, հետո վեր կացավ ու գնաց. գործ կար անելու…

lusine atanesyan-2

Գյուղական խանութի հոգսերը

Հարցազրույց Ռոզա տատիկիս հետ

Գյուղերում շատ վայրեր չկան, ուր մարդիկ են հավաքվում: Բայց խանութ ամեն գյուղում երևի կա, մեր գյուղում էլ` Անգեղակոթում: Որոշեցի  հարցազրույց անցկացնել խանութպանների մասին: Միանգամից հիշեցի, որ իմ մորեղբայրը խանութ ունի, և այնտեղ հիմնականում աշխատում է իմ տատիկը, իսկ տատիկին հարմար չլինելու դեպքում, մորեղբայրն է լինում խանութում: Մտածեցի,  որ տատիկի հետ հարցազրույց անցկացնելը ավելի ճիշտ է: Գնացի խանութ և պատմեցի այդ մասին տատիկին, նա միանգամից համաձայնվեց, ու մենք սկսեցինք:

-Տատ, ինչպե՞ս առաջացավ խանութ բացելու գաղափարը:

-Մեր կյանքը բարելավելու համար մենք որոշեցինք բացել մի փոքրիկ: Բացի այդ, կարելի է ասել, որ ես երազել եմ ունենալ իմ սեփական խանութը, ու միանգամից համաձայնվեցի:

-Իսկ սկզբում դժվա՞ր էր:

-Սկզբում շատ դժվար էր, մինչև ընտելացա, երկար ժամանակ պահանջվեց:

-Քանի՞ տարի է, որ խանութ ունեք:

-Մենք արդեն 10 տարի է, ինչ բացել ենք խանութը, բայց այդ 10 տարիները շատ արագ անցան: Սկզբում խանութը բացել էինք ուրիշ տեղ, իսկ հետո տեղափոխեցին մեկ ուրիշ վայր: Առաջին տեղում ավելի հարմար էր, քան այստեղ: Անցուդարձը ավելի շատ էր, հիմնականում մարդիկ խանութի մոտ էին հավաքվում, որովհետև խանութը գյուղի մեջտեղում էր, և գործը առաջ էր գնում:

-Իսկ ինչո՞ւ տեղափոխվեցիք:

-Փոքր էր տարածքը:

-Տատ, տարվա ո՞ր եղանակին է առևտուրը ավելի լավ և ինչո՞ւ:

-Ամռանը, որովհետև  սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները:

-Տատ, երբևէ պատահե՞լ է, որ շփոթել ես ապրանքների անունները կամ գները:

-Հենց երևի ծիծաղելի և, միևնույն ժամանակ, տհաճ այդպիսի դեպքերն են եղել: Ես սկզբում խառնում էի գները, և մարդկանց թվում էր թե մենք իրենց խաբում ենք:

-Գիտեմ, որ մարդիկ ձեզնից շատ են պարտքով ապրանք վերցնում:

-Դա, այսպես ասած, մեր թուլությունն է, չենք ուզում պարտքով աշխատել, բայց չենք էլ կարող: Մենք մտնում ենք մարդկանց դրության մեջ, հասկանալով, որ այդ պահին չունեն գումար, սակայն իրենց անհրաժեշտ է այդ ապրանքը, տալիս ենք և ընկնում կրակը, սպասելով այն օրվան, թե  երբ կվերադարձնեն պարտքը:

-Իսկ ինչպե՞ս են փակում պարտքը:

-Հիմնականում փոխանակում ենք անում: Փոխանակում ենք ապրանքը ցորենի, գարու, պանրի հետ:

-Տատ, իսկ ո՞ր ապրանքն է գյուղում ամենաշատը վաճառվում և երբ:

-Ամենաշատը վաճառվում է դիզվառելանյութը, մանավանդ ամռանը:

Գյուղի խանութն ուրիշ է. այստեղ գալիս են իրար տեսնելու, զրուցելու, հոգսերից պատմելու: Ավելի շատ, ոնց որ մի տեղ լինի, որտեղ և քեզ կլսեն, և նեղ օրը կօգնեն: Տատիկս չի պատմում, բայց ես տեսել եմ նրա բազմաթիվ «պարտքով տետրերը», որոնք դեռ սպասում են, թե երբ են փակելու…

Երանի մի օր այդ տետրերը վերանան, ու մարդիկ ստիպված չլինեն պարտքով առևտուր անել:

Ջահել վախտերս խո խորոտ չեմ հելե…

Ասում են, երբ մարդ դադարում է ապրել հույսերով ու ապրում է լոկ հիշողություններով, ուրեմն ծերացել է: Ծերությունը ինքնին կյանքի շարունակականության խորհրդանիշն է, որովհետև, ով ուզում է ապրել երկար, պետք է հարմարվի ծերանալուն և ծերությանը: Մեր տեսակի մեջ առաջնայինը հոգին է: Է՜, հոգի մի ասեք, մի կրակ ու բոց, ինչ ասես, որ չեն բերել գլխիս ծերուկներս` Եղիպատրուշ գյուղի իմ բարի ու միամիտ տատիկներն ու պապիկները:

-Ումուդ ջան, ումու՜դ…

Մտածում եմ ինքս ինձ. «Ի՜նչ հաճոյախոս պապիկ է»: Է՞, բայց մինչև ե՞րբ կարող էի չիմանալ` ինչ է նշանակում ումուդ: Ավելի լավ էր չիմանայի: Բայց պապիկը հո վիրավորելու համար չէր ասում. մի քնքշանքո՜վ, մի նազանքո՜վ, երազանքո՜վ…

Այ, էսպես մաքուր, ազնիվ և միամիտ են մեր ծերուկները: Սիրում եմ նրանց միամիտ-միամիտ հարցերը ու, որ սկսում են իրենց  «սուպերմեն» և «երկաթե լեդի» ժամանակների  մասին խոսել:

Հիշում եմ, երբ փոքր էի, պապիս պատմած լեգենդները, թե ինչպես է մի գերանով  յոթ գլխանի դև տապալել, կամ ինչպես է մի ամբողջ այլմոլորակայինների ջոկատի հետ նրանց լեզվով բանակցել ու հետ ուղարկել իրենց մոլորակ: Դե, փոքր եմ եղել, ինչ ասել են` հավատացել եմ…

-Պրոթեզներս բերեք:

-Օ՜, ոչ, չէ էլի, ոչ իմ ներկայությամբ, ես պատրաստ չեմ 22+ տեսարանին:

-Իյա՜, բա նկարս գեշ ըլնի՞, այ բալա, ջահել վախտերս խո խորոտ չեմ հելե, իշքան աղջիկ-մաղջիկ կար` հմեն ընձի կուզին…

Պապիկներն իրենց երկրպագուհիների, տատիկները իրենց երկրպագուների հոծ բանակներից են անվերջ պատմում ու մի բան էլ մեր սերնդից են բողոքում:

-Էդ, որ նկարես, պտի քցես «Կիսաբաց լուսամուտնե՞ր»:

-«Կիսաբաց լուսամուտնե՞ր», ի՞նչ «Կիսաբաց լուսամուտներ», չէ տատի ջան, Հայաստանի պատանի թղթակիցների ցանցին եմ թղթակցում:

-Հայաստանի պատանի ինչի՞ն  ա ի՞նչ  կանես…

-Լրագրող եմ, էլի:

-Խա՞, օղո՞րթ, էն ա, որ  միգռաֆոն կառնեն` կմտնեն մարդկանց բերա՞ն:

-Դեռ ոչ:

Սա վերջն  էր, սիրով ներկայացնում եմ ծերուկներիս ֆոտոշարքը:

 

Ինչպես տիեզերագնացը՝ փոքրիկ պատուհանից

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Իմ մանկության հիշողությունից դեռևս չէր ջնջվել այդ տեսարանը։ Միշտ հիշել եմ այդ անվասայլակով մարդուն, ով փոփքորն էր վաճառում Ստեփանավանի փողոցներում։ Փոքր ժամանակ պապիկս շատ էր իմ ու եղբորս համար այդ պապիկից գնում։ Բայց որոշ ժամանակ անց նա այլևս չէր երևում։ Ես հաճախ էի պապիս հարցեր տալիս նրա մասին, թե ինչո՞ւ այլևս չի երևում, ինչո՞ւ փոփքորն չի վաճառում, ո՞ւր գնաց, և միշտ էլ նույն պատախանները ստանալով՝ նորից ու նորից հարցնում էի։

Պարզվեց, որ նրա երկրորդ ոտքը նունպես անդամահատել էին, և քանի որ նա միայնակ էր ապրում քաղաքի շենքերից մեկի չորրորդ հարկում, տանից այլևս չէր կարողանում դուրս գալ։ Հիմա կմտածեք, թե ո՞ւր է նրա ընտանիքը, արդյոք ունի՞ նա ընտանիք, ո՞ւր են նրա բարեկամները, ընկերները։ Այս բոլոր հարցերի պատասխանները կգտնեք նրա հետ իմ ունեցած զրույցը կարդալուց հետո։

Մի օր պապիկս առաջարկեց նրանից հարցազրույց վերցնել, և եթե հնարավոր է` նաև ֆիլմ նկարահանել։ Ես հավանություն տվի պապիս առաջարկին։ Օգոստոսի չորսին՝ չորեքշաբթի օրը ես ու պապիկս որոշեցինք այցելել նրան։

Ինչպես ասացի, նրա տունը չորրորդ հարկում էր։ Մոտեցանք դռանը, զանգը տվեցինք։ Ներսից մի ձայն ասաց, որ դուռը բաց է, և որ մենք կարող ենք ներս մտնել։

-Բարև Ձեզ։

-Բարև, բարև Վիգեն ջան։ Ներս եկեք, նստեք։ Էս մեծ թոռնիկդ ա՞, էս ինչքա՞ն ա մեծացել։ Ո՞ր դասարան ես, ազիզ ջան։

-Տասնմեկ։

-Հա՜։ Խաղող փորձեք։ Շատ ժամանակ չգիտեմ ինչ անեմ, ֆռռում-ֆռռում, խալադելնիկը բացում մի բան ուտում, ֆռռում- ֆռռում․․․ Անգործությունից չգիտեմ ինչ անեմ։ (Դադար)։ Լսում եմ Ձեզ։ Հիմա պետք ա սաղ հարցերին պատասխանեմ։ Ես Գագիկ Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1955թ․-ին։

-Տատիկի տարիքին ա, էլի,- ասում է պապիկս։

-Հա, տատիկդ ինձանից մի ամսով մեծ ա, էտ էլ ասեմ։

-Ո՞րտեղ եք սովորել։

-Ստեփանավանում։ Սկզբից ընտանիքի ոչ ապահով պայմաններից ելնելով սովորել եմ գիշերօթիկում՝ առաջին դասարանից մինչև ութը։ Իններորդ և տասներորդ դասարանները սովորել եմ առաջին դպրոցում։ Ամենաշատը պատմությունն ու ռուսաց լեզուն եմ սիրել։ Չեմ հիշում, վեցերորդ թե յոթերորդ դասարան էի, մի դասատու ունեի․ որ դաս էր բացատրում, բերանս բաց արած լսում էի, էնքան լավ էր բացատրում։ Տենց ռուսերենը շատ եմ սիրել։ Մի պատմության դասատու էլ ունեինք, էլի հարգում էի, չնայած խմող էր։ Գալիս էր, գիրքը փակում, թե պատմի, ես պատմում էի, ինքը արդեն քնած էր։ (Ծիծաղում ենք):

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ընդունվելու համար մի քանի անգամ քննությունների եմ գնացել։ Մի անգամ Վանաձորում` պատմական, մի անգամ էլ Երևանում` իրավաբանական։ Երկու անգամն էլ երկու միավոր պակաս եմ ստացել ու չեմ ընդունվել։ Ջղայնացել եմ, 1973-ին գնացել եմ բանակ։ Երեք տարի եմ ծառայել։

-Երեք տարի՞։

-Հա, մարսկոյ, մարյակ։ Հետո էնտեղից միանգամից Տուապսե եմ գնացել։ Էնտեղ հանդիպել եմ ապագա կնոջս, սիրահարվել, վերցրել ու փախցրել եմ։

-Ո՞նց հանդիպեցիք ձեր կնոջը։

-Ուրեմն, ասեմ, աղջիկ ջան։ Նավի վրա էի ծառայում։ Հիվանդացա։ Գնացի Տուապսե ու էնտեղ էլ հանդիպեցի։ Մի քանի անգամ ասին` մածուն մերել սովորացրա։ Էնտեղի հայերից էին, բայց չգիտեին։ Սովորացրի, բայց տենց էլ չսովորին։ Էդպես ա եղել։ Փախցրեցի բերեցի էստեղ, կես տարի մնացինք ու 77 թ.-ին գնացինք նորից Տուապսե։ Ընտանիք կազմեցի, երկու աղջիկ ունեցա, իմ հալալ քրտինքով տուն դրեցի։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Իսկ Տուապսեում ի՞նչ եք աշխատել։

-Տարբեր տեղեր եմ աշխատել։ Առևտրի ցանցում եմ աշխատել, կաթի գործարանում, հետո սկսեցի ողջ Ռուսաստանով շրջել, գործարքներ կնքել և այլն։ Ասեմ, որ ինձ ոչ ոք չի օգնել։ Երկու տարեկան էի, երբ հայրս ու մայրս բաժանվեցին։ Դրա համար մամաս ինձ ստիպված գիշերօթիկ տվեց։ Շատ ծանր մանկություն եմ ունեցել, ճիշտն ասած, բայց երբեք չեմ ընկճվել։

Հետագայում մեր կյանքը հարթ չընթացավ։ Մի օր էլ բաժանվեցինք։ Դե, ընտանիք ա, քսան տարի ապրեցինք` ձանձրացանք երևի։ Թե իմ մեղքով, թե իրա մեղքով։ Ընտանիքը մութ անտառ ա, շատ դժվար ա ասել` ոնց եղավ, ինչ եղավ։ 1996 թվին եկա Հայաստան։ Էստեղ էլ` ինչ, 98թ-ին պապիկիդ մոտ պահակ աշխատեցի։ Հետո ուզում էի էլի գնալ, բայց հիվանդություն ի հայտ եկավ, և ոտքերս էլ սենց եղան։ Սկզբից ոտքիս մատները կտրեցին, ու էդպես աստիճանաբար 2002թ-ին ամբողջ ոտքս կտրեցին։ Բացի էդ, էնտեղ էլ տուն չկար։ Ինչ-որ պատճառով գրավի տակ էին դրել և զրկվել տնից։ Հիմա էլ տեսնում ես, աղջիկ ջան, ապրում եմ, էլի, ծանր պայմաններում, բայց ապրում եմ։ Հիմա ես կարամ շեշտեմ, որ միակ մարդը, որ ինձ օգնել ա, Վիգենն ա` պապիկդ։ Միակ մարդը քաղաքում, ով իմ ամենադժվար պահերին կողքիս ա եղել։ Մի քանի անգամ էլ քաղաքապետն ա օգնել՝ Միքայել Ղարաքեշիշյանը։ Իսկ ընդհանրապես թոշակը` ի՞նչ։ Երեսուներկու հազար թոշակով մի՞թե կարելի ա ապրել։ Ասում են` դեղերը անվճար են, բայց էդ դեղերը էն դեղերը չեն, որոնք պիտանի են հիվանդի համար։ Դժվար ա։

-Ձեր կյանքում եղե՞լ ա մի էնպիսի դեպք, որ դուք մինչև հիմա չեք մոռացել։

-Ես կարամ հիշեմ միայն մի դեպք։ Էդ ժամանակ 9-րդ դասարան էի։ Շատ լավ դեպք ա։ Դե բոլորը մամա-պապա ունեին, ես պապա չունեի։ Իմացա, որ հերս Ռոստովում ա։ Թողեցի ու գնացի հորս գտնելու, որ հորս մորս հետ միացնեմ։ Հարցուփորձով ա, ինչով ա, մի կերպ գտա տունը։ Գնացի, հերս տանը չէր, կինն էր։ Ասավ թե` աշխատանքի ա։ Էնքան էլ ցուրտ էր, փետրվարն էր։ Չկարողացա գտնել։ Բայց շատ էի ուզում գտնել-բերել։ Ճիշտ ա, հերս ինձ համար ոչ մի բան չի արել, բայց ծնողը մնում ա ծնող։ Մի երկու տարի հետո, երևի իմացել էր, որ գնացել եմ, ինքը եկավ։ Դա արդեն 73 թիվն էր, բանակ գնալուց առաջ։ Բերեցի մեր տուն։ Մերս եկավ դուռը թխկթխկացրեց։ Բացեցի, ասավ` ո՞վ կա տանը, ասեցի․«Ամուսինդ ա, բերել եմ, որ միանաք»… Թողեց հետ գնաց։ Ու էդպես էլ չստացվեց։ Երբեք չեմ մոռանա։ Ես էլ աղջիկներ ունեմ, բայց իրենք շատ սառն են, դա սխալ ա։ Մեկ-մեկ զանգում են, ասում եմ` հա, ներել եմ, բայց ինքս ինձ խաբում եմ։ Սենց ասում եմ, բայց սիրտս լաց ա լինում։

(Այս խոսքերն ասելիս նրա դեղնած աչքերում փայլ նկատեցի, արցունքի մի շողացող փայլ):

-Աշխարհին նայում ա էս բալկոնի բացվածքից,-ասում է պապս։

-Էս չորս տարի ա` տնից դուրս չեմ եկել։

-Շատ դժվա ա,- ասում է պապիկս,-բայց դե էս մարդու մեջ էնքան ուժ ու հավատ կա, որ պայքարում ա, դժվարությունները հաղթահարում ա, հաճախ էլ ինքն ա օգնում ուրիշներին,-այս ասելով պապս ցույց տվեց պահարանի գլխին դարսված ստվարաթղթե արկղիկները, որոնք դատարկ էին, և օգտագործվում էր ձմեռը տունը տաքացնելու համար։

-Օգնություն չի, աղջիկ ջան։ Բա մի անգամ հոքրիս աղջիկը եկավ ասավ․«Գագո, էս լավ էլ ապրում էս, էլի», ասի․«Հա, օգնություն ա, չեմ հասցնում` հանեմ օգտագործեմ»: Բայց հետո ասի, որ կարդոններ են։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Հիմա ճիշտ ա, կյանքդ փոխել չես կարա, բայց էս պահին ի՞նչ կուզեիր, որ լիներ,- հարցնում է պապիկս։

-Կուզենայի ամենամոտ բարեկամների ու ընկերների մեջ արթնանար մարդկությունը։

-Այսինքն, բարի վերաբերմունք կուզենայի՞ր քեզ շրջապատող աշխարհից,-ասում է պապիկս։

-Բարի վերաբերմունք, դա ա մնում կյանքում։ Շատ կուզեի թոռնիկներիս տեսնեի, նրանցով շրջապատված լինեի, նրանց ճղոցը լսեի, բայց ո՞ւր ա, չկա։

-Էս աշխարհի մարդկության մասին ի՞նչ ես մտածում,-կրկին հարցնում է պապիկս։

-Մարդկություն չկա։ Այլասերված են բոլորը։ Կորել ա մարդկությունը։ Չկա։ Էսքան ժամանակ ես եմ ինձ համար պայմաններ ստեղծել, գոնե որոշ չափով բարվոք ապրելու համար։ Գոնե որ առաջին հարկում լինեի` լավ կլիներ։ Չնայած էս բոլորին, գոհ եմ իմ կյանքից, հետաքրքիր կյանք եմ ունեցել, ճիշտ ա, բարդություններով ու խնդիրներով։ Փառք Աստծուն, հիմա առողջ եմ, կամ, ապրում եմ՝ ունենալով մի երկու հոգի՝ լավ մարդիկ, բարեկամներ, և դա ինձ շունչ ա տալիս, հույս ա տալիս։

-Պատկերացրա, որ մի տիեզերանավի մեջ տիեզերքով գնում ես։

-Է՜, Սուքիասյան ջան։ Կարելի ա և այդպես մտածել։ Ինչպես տիեզերագնացն ա իր փոքրիկ պատուհանից տիեզերքին նայում, այնպես էլ ես եմ իմ պատշգամբից նայում աշխարհին։

«Հավատա նրան, ինչ-որ անում ես, արա այն, ինչին հավատում ես»:

Հարցազրույց նախկին ուսուցիչ Ռոբերտ Եղյանի հետ

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

-Խնդրում եմ ներկայացեք:
-Ռոբերտ Եղյան, երկար տարիների մանկավարժ. մոտ 36 տարվա ստաժ ունեմ: Իհարկե, ինձ համարում եմ ոչ այն ուսուցիչներից, որ մենակ ստաժն է հաշվում ու դրանով պարծենում: Յուրաքանչյուր աշակերտիս փողոցով անցնելիս ժպիտով բարևելը մի մեծ պարգև է ինձ համար: Համենայնդեպս, ինձ թվում է, որ աշակերտներիս, որոնց ես շատ-շատ եմ սիրում, իրենք էլ գիտեն դա, իրոք մի բան տվել եմ և ինչ-որ հետք նրանց մի զգալի մասի կյանքում անպայման թողել եմ, ու դա ինձ շատ-շատ ուրախացնում է: Բայց, ցավոք սրտի, անցյալ տարի ես ստիպված լքեցի դպրոցը, որովհետև զգացի այս համակարգի հետ այլևս չեմ կարող, ժողովրդի լեզվով ասած, «յոլա գնալ»: Ինձ ասում են` ոչ թե աշակերտին գիտելիք տուր, այլ վարժեցված շնիկ սարքիր, որ նա թեստեր լրացնի. դա իմը չէ:

Իսկ հատկապես պատմությունը էն առարկան է, որ հիմա ամբողջությամբ ծանրաբեռնել են անիմաստ թվերով, փաստերով, և ինձ էլ պարտադրում են, որ ես դա աշակերտից պահանջեմ: Դա իմը չէ, և դրա համար ես դուրս եկա:

Եվ նույնիսկ մի էսպիսի համեմատություն արեցի: Երբ 2002 թվի մայիսի 9-ին իմ աշակերտներից 6 հոգի, որոնք Ղարաբաղում կռվել էին, Շուշիի ազատագրման տասնամյակի օրը ինձ հրավիրեցին երեկույթի, և բոլորը հատուկ իմ կենացը խմեցին այն արտահայտությամբ, որ իրենց այս դաստիարակության գործում ամենամեծ դերը ես եմ խաղացել: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն էր, և ինձ համար այդ երեխաները, որոնցից ոչ մեկը գերազանցիկ չէր, գտնում են, որ ես անհամեմատ ավելին եմ տվել իրենց, քան էն 5 պոկողները, գերազանց պոկողները, որոնք հետո թքած ունեն թե՛ հայոց պատմության վրա, թե՛ ընդհանրապես հայ ժողովրդի վրա:

Ես երկար ժամանակ պայքարեցի, որ ինչ-որ բան փոխեմ, բայց զգացի, որ անիմաստ է, և դրա համար… Գուցե ես էի սխալ, սխալ էի իմ մոտեցումներով, դրա համար դուրս եկա:

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:
-Մի ծիծաղելի պատճառով: Ուրեմն համալսարանում մենք մանկավարժության քննություն էինք հանձնում, իսկ իմ դասախոսը քարացած հայացքների տեր անձնավորություն էր, չնայած հանրապետության մեջ ճանաչված մասնագետ էր: Քննության ժամանակ իրար հետ վիճեցինք, և նա ինձ ասաց, որ ինձնից ընդհանրապես մանկավարժ դուրս չի գա: Մեր ամբողջ կուրսում միակ 3-ը ես ստացա: Ամբողջ կուրսը 4 ու 5 ստացավ: Նույնիսկ ինչ-որ տեղ ամոթ էլ էր, բայց ես դրանից ինձ վատ չէի զգում: Երբ պրակտիկայի գնացի Երևանի դպրոցներից մեկը, այնտեղ զգացի, որ այնուամենայնիվ ես երեխաներին ավելի շատ բան կարող եմ տալ: Համալսարանից անմիջապես հետո ես աշխատել եմ նաև Պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում (այն ժամանակ Կիրովականի մասնաճյուղ էր) և զուգահեռաբար աշխատում էի նաև դպրոցում: Զգացի, որ այդ ինստիտուտում աշխատելը սուտ պատիվ է: Ես պիտի աշխատեի այնտեղ, որտեղ կարող էի ավելի շատ օգուտ տալ, և դրա համար ընտրեցի դպրոցը ու չեմ ափսոսում:

-Արդյոք դժվա՞ր էր երեխաների հետ լեզու գտնել:
-Գիտեք, այ իմ բնավորությունը այնպիսին է, որ ես ինքս եմ միշտ ձգտում դժվարությունների, և այդ դժվարությունները հաղթահարելը ինձ շատ ավելի մեծ բավականություն է պատճառում: Հիշո՞ւմ ես Գորկու «Բազեի երգը»: Իմ ամենասիրած ստեղծագործությունն է… Ես բազեի կյանքն եմ միշտ սիրել, օձի կյանքը չեմ սիրել, որ քարանձավում, խոնավության մեջ, մթության մեջ հանգի՜ստ հաշտ ու խաղաղ ապրում է: Ի դեպ, ասեմ, ես ավելի շատ սիրել եմ հենց դժվար դասարանների հետ գործ ունենալը: Այն դժվար երեխաների, որոնք զգացել եմ` ուղեղ ունեն, պարզապես չեն աշխատում, մի քիչ տղայություն են ուզում անել, այդպիսի տղաների հետ, այդպիսի դասարանների հետ ես ավելի հաճույքով եմ աշխատել: Հենց տեսել եմ նման մարդիկ կան, ասել եմ` նրանց պետք է նվաճեմ: Նվաճել ոչ թե ժողովի ժամանակ նրանց արժանապատվությանը կպնելով, այլ նրանց սիրտը նվաճելով: Մեծ մասամբ դա ինձ հաջողվել է:

-Ես ինքս էլ եղել եմ ձեր աշակերտը և գիտեմ, թե ինչքան անմիջական կարող եք շփվել աշակերտի հետ և, դրա հետ մեկտեղ, շատ խիստ լինել: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
-Անմիջական շփումը, ես համոզվել եմ, գալիս է նրանից, որ ես միշտ ուզում եմ աշակերտների հետ անկեղծ լինել: Երբեք այնպես չի եղել, որ երեսին մի բան ասեմ, հետևից մի ուրիշ բան: Դասարանում մի բան ասեմ, դրսում` ուրիշ բան: Նրանք գիտեն` ես ինչպիսին կյանքում եմ, այնպես էլ դասարանում եմ: Անգամ իմ խոսակցականը դրսում նույնն է, ինչ դասարանում: Չեմ լարվում, որ գրական խոսեմ, փառք Աստծո, մաքուր հայերենով եմ խոսում, բայց ինչ-որ լարվածոթյուն, որ լրիվ մաքուր գրական խոսեմ, երբեք նման բան չի եղել: Ուսուցիչը ոչ թե պետք է լինի հոգեբան, այլ պարտավոր է և պարտադիր է, որ լինի: Վերջին հաշվով մեր և բժշկի սխալը ճակատագրական է: Բժշկի սխալը ֆիզիկապես կարող է հիվանդին սպանել, իսկ ուսուցչի սխալը հոգեպես կսպանի:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչաշակերտ հարաբերությունները:
-Անկեղծ, պահանջկոտ: Վերջին հաշվով, այսպիսի մի բան` ուսուցչի և աշակերտի միջև կա որոշակի սահման, սահմանագիծ, բայց այդ սահմանագիծը միայն ուսուցիչը պետք է խախտի, և իրեն այնպես պահի, որ աշակերտը իմանա, որ ուսուցիչը խախտեց, բայց ինքը երբեք չխախտի: Օրինակ` մինչև վերջին դասարանը, նախկինում 10-րդ դասարան էր, հիմա` 12-րդ դասարան, աշակերտներից պահանջում էի ու շատ խիստ էի պահանջում, ոչ մի ներում-բեկում չկար: Վերջում, երբ արդեն տեսնում էի` իմ առարկայի գծով չեն գնում, համենայնդեպս, շատ երևույթների առաջ աչք էի փակում: Դարն է այդպիսին դարձել. երեխաները այստեղից այնտեղ են վազում, մի պարապմունքից մյուս պարապմունքը, և ոչինչ չեն հասցնում: Ի՞նչ իմաստ ունի, որ օրինակ, բժշկական ինստիտուտ գնացող երեխային անընդհատ պարտադրեմ, որ նա պատմություն սովորի: Հա, մինչև վերջին դասարանը, անկախ ամեն ինչից, իր ազգի պատմությունն է` պետք է սովորի, բայց վերջում ես մի փոքր բաց էի թողնում: Էլի իմ մանկավարժի կոչումը երբեք չէի մոռանում` ինչով հնարավոր է աշակերտներին միշտ օգնել եմ խորհուրդներով, խրատներով: Ամենակարևորը` ինձ շատ ուրախացնում է, որ իմ աշակերտներից շատերը ինձ ասել են, որ` այս ձեր խոսքը ես միշտ հիշել եմ, և իմ կյանքում շատ օգուտ է տվել ինձ, դա արդեն շատ մեծ բան է:

-Ինչպիսի՞ քայլերի եք դիմել, որպեսզի աշակերտին հետաքրքիր լիներ ձեր դասին նստելը:
-Ուրեմն, վերջերս, որ թեստեր էին տվել տնօրինության կողմից, այնքան հիմար հարցեր կային, այնքան հիմար, որ ես ասացի` դրանց պատասխանը նույնիսկ ես չգիտեմ: Ի՞նչ պարտադիր է, թե աշակերտը իմանա` այսինչ բանը ամսի 24-ի՞ն է եղել, 25-ի՞ն, 26-ի՞ն թե՞ 27-ին: Թող նա էությունը իմանա, մեկնաբանությունը իմանա, դա ինձ համար ավելի կարևոր է: Եվ այսպիսի մի բան. oրինակ, ինձ քննադատել են այն բանի համար, որ այսօր աշակերտակենտրոն ուսուցում է գնում, բայց էլի ես եմ դասերի ժամանակ ավելի շատ խոսում: Երբ ինձ ասացին` ուսուցիչը շատ չպետք է խոսի, ես ասացի,որ չպետք է խոսի այն ուսուցիչը, ով խոսելու բան չունի, իսկ ով որ խոսելու բան ունի, թող նա շատ խոսի: Եվ եթե ուսուցիչը կարողանում է աշակերտին գրավել, իր խոսքը աշակերտին հասցնել, դրանից լավ բան այս աշխարհում չկա: Իմ հայ գրականության ուսուցչուհին, որի հիշատակի առաջ ես գլուխ եմ խոնարհում,նրա ամեն մի բառը, նախադասությունը իմ ուղեղում և սրտում տպվում էր: Եվ նա ինչքան շատ էր խոսում, ես ինձ ավելի երջանիկ էի զգում, որովհետև նա է ինձ շատ բան տվել:

-Պատմեք մի փոքր ձեր երիտասարդ տարիների մասին: Նաև` ձեր նախասիրությունների, թե՛ հիմա, թե՛ երիտասարդ տարիներին:
-Եթե ես նորից լինեի երիտասարդ, այսինքն, հիմա էլ երիտասարդ եմ. ընդամենը մի շաբաթ առաջ 3-րդ անգամ 20 տարեկան դարձա, ես էլի կվայելեի իմ երիտասարդությունը, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ: Իմ երիտասարդությունը շատ հագեցած է եղել. Խաղաղ օվկիանոսից մինչեւ Եվրոպա որպես ուսանող շրջել եմ: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում եղել եմ, լավ սովորել եմ: Երևանում սովորելով, ինչ հյուրախաղեր գալիս էին, լիներ թատրոն, օպերա, թե ռոք երգիչ-երգչուհիներ, միշտ օգտվում էի: Ճիշտն ասած, ծնողներիցս թաքուն նաև երաժշտական դպրոցում պահակ էի աշխատում, 82 ռուբլի աշխատավարձ էի ստանում: Այդ 82 ռուբլի աշխատավարձը միայն իմ կարիքների վրա էի ծախսում: Կարիքներ ասելով ոչ թե ինչ-որ ռեստորաններում ուտել-խմելու էի գնում, այլ տոմսեր էի առնում: 4 ամառային արձակուրդ եմ ունեցել, 4-ն էլ անց եմ կացրել ուսանողական շինարարական ջոկատներում:
Նախասիրություններս այնքան շատ են, որ ես ինքս մեկ-մեկ խճճվում եմ, թե որին նախապատվություն տամ: Դեռ երեխա ժամանակ ուզում էի երաժիշտ դառնալ, բայց մատներս փչացան, ու ես չկարողացա այդ ուղղությամբ շարունակել: Բայց սերը երաժշտության հանդեպ պահպանվեց մինչ օրս: Լսում եմ ամենատարբեր երաժշտական ուղղություններ բացի ռաբիզից ու ռեպից: Դասական երաժշտություն, մեր գուսանական երաժշտությունը: Երևանում սովորելու ժամանակ ես օպերայի թատրոնի աբոնեմենտ էի ձեռք բերել և մշտապես այցելում էի: Նույնիսկ ինձ այնքան լավ էին ճանաչում, որ եթե շատ լավ հյուրախաղեր էին լինում, ինձ համար տոմս պահում էին, որովհետև գիտեին. անպայման գնալու եմ:

Մեր քաղաքում լավ գիտեն, թե ռոք երաժշտության ինչ սիրահար եմ: Ունեմ ձայնասկավառակների շատ մեծ հավաքածու, ընդ որում, մոտ չորս հազար, իսկ դա կազմում է մոտավոր մի 600-700 հազար երգ, առանձին երգիչ-երգչուհիների խմբերի ամբողջական հավաքածուներ: Մշտապես լսում եմ: Մեր տանը երաժշտությունը երբեք չի լռում : Լռում է այն ժամանակ, երբ քնած ենք լինում: Դեռ ուսանողական տարիներից հավաքել եմ մետաղադրամների հավաքածու, շատ հարուստ հավաքածու ունեմ` 150 երկրների մոտ 10 հազար մետաղադրամ: Դրանք ինձ համար մի ուրիշ աշխարհ են: Երբ հոգնած եմ լինում կամ նյարդային վիճակում, մի որևէ տուփ բացում եմ և տվյալ երկրի մետաղադրամները նայում եմ, մեկը մաքրում եմ, մեկը ուղղում եմ…

Ուսանող ժամանակ Պոլիտեխնիկ ինստիտուտում ստեղծեցի ուսանողական թատրոն, որը կոչվում էր «Միայնակ տղամարդկանց թատրոն»: Անդրկովկասում միակ ուսանողական թատրոնն էր, որը ժողովրդականի կոչում ստացավ, և այդ թատրոնում հիմնականում իմ գրած պիեսներն էին բեմադրվում: Դրանցից մեկը` «Այս խելակորույս, բայց հիասքանչ աշխարհն» էր: Հիմա էլ շարունակում եմ սցենարներ գրել և պիեսներ գրել: Ազատ ժամանակս դրա վրա եմ ծախսում: Վերջին մի քանի տարվա ընթացքում զբաղվում եմ այգեգործությամբ: Հրաշալի այգի եմ մշակում, բոլոր տեսնողներն են զարմանում, որ ոնց կարող է պատմության մասնագետը նման այգի մշակի: Շատ սիրում եմ սպորտը, հատկապես ֆուտբոլը:
Այս քառօրյա պատերազմը, երբ տեղի ունեցավ, ես անմիջապես գնացի կամավորագրվեցի, բայց ստացվեց այնպես, որ ինձ ուղարկեցին Ղարաբաղ, երբ պատերազմը վերջացել էր: Ես մնացի մի քանի օր Ղարաբաղում, մեր դիրքերում, մեր զինվորների կողքին կանգնեցի: Հերոսությամբ աչքի չեմ ընկել, բայց երբ հրաժեշտի ժամանակ մեր զինվորները, (նրանց ցավը տանեմ,այդ ինչ տղաներ էին, ես իրոք հիացած էի), բոլորը ինձ փաթաթվում էին, թե` հոպար, էլի կգաս, արդեն դա ցույց էր տալիս, որ իմ գնալը իզուր չի անցել:

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

-Երիտասարդներին ի՞նչ խորհուրդ կտաք մասնագիտության ընտրության հարցում:
-Ծեծված խոսք է, բայց ճշմարիտ է՝ վատ մասնագիտություն չկա, կա վատ մասնագետ: Ամեն ժամանակվա երիտասարդություն իր շատ լավ կողմերն ունի և թերությունները: Եթե որևէ մեկը փորձի երիտասարդության մասին վատը խոսի, նշանակում է, որ այդ մարդը արդեն ծերացել է: Ոչ թե այդ վախն է իմ մեջ խոսում, որ ես հանկարծ վատը չխոսեմ, ո´չ, պարզապես ես լավ գիտեմ մի բան, լավ եմ հիշում, երբ ես էի երիտասարդ, հորս հետ անընդհատ վիճաբանում էինք: Հայրեր և որդիներ հակամարտությունը միշտ էլ եղել է, և նորմալ մարդը, իսկ ուսոցիչը առավել ևս, պետք է հասկանա, որ դա կա: Երիտասարդները որոշ բաների ուրիշ աչքերով են նայում, քան ես, ու ես պետք է հաշտվեմ իրենց հետ, ոչ թե իրենց ստիպեմ շարժվեն իմ ձևով:

Դպրոցում աշակերտների շփման իմ հաջողությոնները գալիս են նրանից, որ ես միշտ մտածել եմ` գուցե հենց իրենք են ճիշտ, ես եմ սխալ: Սիրեք ձեր մասնագիտությունը և կտեսնեք` ինչքան հաջողությունների կհասնեք:
Հավատա նրան, ինչ-որ անում ես,արա այն, ինչին հավատում ես:
-Ինչպե՞ս եք նայում այն հանգամանքին, որ ծնողները իրենց երեխային խանգարում են մասնագիտություն ընտրելու հարցում:
-Շատ վատ, որովհետև ես նկատել եմ մի բան, որ հիմնականում ծնողներն են փչացնում իրենց երեխաներին: Ընդ որում, հոգեկան տրավմա են պատճառում, երբ ծնողը ինքն է որոշում, թե իր երեխան ինչ դառնա,ինչ ուղղությամբ գնա, դա շատ ցավալի է: Եթե երեխան իհարկե սրտանց է ուզում սովորել, բայց հարկադրված է ծնողի կամքը կատարել, արդեն այդ երեխայի համար ողբերգություն է: Բայց եթե երեխայի համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի. Այնքան, որ գնա որևէ թղթի կտոր, որը դիպլոմ է կոչվում, ստանա, այդ ժամանակ ծնողներն ինչ-որ թելադրում են, նման երեխան որևէ հոգեկան տրավմա չի ստանա: Բայց բոլոր դեպքերում, երեխային պետք է լայն հնարավորություն տրվի, որ նա ինքը իրեն դրսևորի: Իմ ընտանիքում այդպես է, ու ես շատ ուրախ եմ, որ ընթացքում չեմ սխալվել:

-Ձեր ընտանիքում որևէ մեկը ընտրե՞լ է ձեր մասնագիտությունը:
-Ոչ: Ուսուցչի մասնագիտությունը վատ մասնագիտություն չէ, բայց ես էլ չէի ցանկանա, որ ընտրեին: Նրանք երկուսն էլ գերադասեցին մտնել տնտեսագիտության ասպարեզ: Մեծ տղաս այսօրվա դրությամբ փայլուն տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին, թուրքերենին: Հիմա արտասահմանում է աշխատում: Իհարկե, նրա տեղը Հայաստանում է, գալու է: Համենայնդեպս կարողանում է իր գործազուրկ հորը պահել:

-Ձեր մանկավարժության տարիներին դասի ընթացքում ի՞նչ տպավորիչ միջադեպ կպատմեք:
-7-րդ դասարանում մի աշակերտուհի կար: Ոչ մի անգամ ես նրա ձայնը չէի լսել: Անընդհատ գլխով էր անում: Ու հիմնականում չէր սովորում: Մի օր հարցրեցի, թե` սովորե՞լ ես դասդ, գլխով այո արեց: Ասացի` արի գրատախտակի մոտ: Ուրախությունից ներքուստ արդեն պատրաստվում էի հրճվել, որ վերջապես այս երեխայի ձայնը լսելու էի: Եկավ ու հենց առաջին նստարանի դիմաց կանգնեց, լավ թափով տղա էր նստած այնտեղ, ինչ-որ բան ասաց աղջկան: Սա էլ, առանց ձայն հանելու, դիմացի գիրքը վերցրեց ու մի հատ լավ հավեսով տղայի գլխին տվեց: Դասարանը ծիծաղեց: Հետո 3-րդ շարքի մի ուրիշ տղա էլի բան ասաց, էլի աղջիկը գիրքը վերցրեց ու սուսուփուս գնաց, նրա գլխին էլ խփեց: Զարմացած նայեցի: Ու կատակով ասացի` սպասի, ես էլ մի քիչ հեռու կանգնեմ, որ նոր պատմես: Դասարանը ծիծաղեց: Էս երեխեն էլ սկսենց լաց լինել: Ասում եմ` ինչի՞ ես լացում, երկու «զառլամա» տղու գլուխ ջարդեցիր: Փոխանակ քիթդ վեր բարձրացնես, դու ես լացում:

-Նորից սեպտեմբեր է, ի՞նչ կմաղթեք աշակերտներին և ուսուցիչներին:
-Ես եղել եմ Բելառուսի դպրոցներում: Դասեր եմ լսել: Դուրս գալուց հետո ասել եմ` մեր հայ միջակ երեխան նրանց գերազանցիկներին մի հազար տակ կծալեր, գրպանը կդներ, որովհետև մեր երեխաները շատ մտածող և տրամաբանող երեխաներ են: Ու երբ չեն սովորում, ես մեծ ցավ եմ ապրում: Ախր, ձեր ուղեղի պես ուղեղ ունեցող երեխաներ փողոցներում թափած չեն: Սովորեք, ձեր գիտելիքը ձերն է լինելու:

Ցանկանում եմ գնահատականի պաշտամունքը վերանա մեր դպրոցից: Գնահատականի պաշտամունքը ուղղակի կործանում է տաղանդավոր լավ երեխաներին: Ծնողները ուզում են իրենց երեխան գրազանցիկ լինի, որովհետև հարևանի բալիկը գերազանցիկ է: Գիտելիքի վրա թքած ունեն: Մաղթում եմ, որ երեխաները գան դպրոց գիտելիք ստանալու համար:

Եվ ուսուցիչներն էլ ամեն ինչ անեն, որ այդ գիտելիքը տան: Ուսուցիչներին մաղթում եմ համբերություն, որովհետև այնուամենայնիվ այսօրվա մեր իշխանությունները պարզապես ստորաբար վարվեցին ուսուցչի հետ, խաբեցին ուսուցչին ամենակեղտոտ ձևով, աշխատավարձից սկսած մինչև ծրագրային տարբեր մոտեցումներով: Այսօրվա դրությամբ մեր հասարակության ամենախոցելի և ամենախեղճ խավը ուսուցիչներն են դարձել: Համոզված եմ, ուսուցչի աշխատավարձը այս պահին 50%-ով որ կրճատես ու ասես` պիտի աշխատես, կասի` հա, դե պիտի գանք, աշխատենք: Բա որ այսօրվա եղածի՞ց էլ կտրեն:

Մաղթում եմ նաև մի փոքր էլ ըմբոստ բնավորություն, որովհետև մարդը ինչքան խեղճ ու կրակ մնա, այնքան խոցելի է լինելու:

Կարոն

Լուսանկարը՝ Արմինե Սահակյանի

Լուսանկարը՝ Արմինե Սահակյանի

Երջանկությունն այն բառն է, որը բոլորը գոնե մեկ անգամ արտասանել են, բայց եթե յուրաքանչյուրիս հարցնեն, թե ինչ է երջանկությունը, հնչած պատասխանները կտարբերվեն միմյանցից։ Ամեն մեկս յուրովի ենք պատկերացնում երջանկություն ասվածը, և շատ քչերն են կարողանում այս կյանքում ստեղծել կամ էլ գտնել այն։

…Անքուն գիշերներս մի առավելություն ունեն: Երբ քնած է ողջ գյուղը, ես արթուն եմ, արթուն եմ ու վազում բարձրանում եմ սարը։ Մեր գյուղի արևածագը կրակոտ է, ու ոչ մի տեղ երբեք արևն այդքան սիրով չի բացվում։ Նկարոտ, ոչ մի ֆիլմում երբեք չեղած մի տեսարան է, երբ աղջամուղջի մեջ ցրվում է մութն ու տրվում արևին, ընդունում արևի լույսը ու հավատում նրա այն խոստմանը, թե եկող օրը ամեն ինչ փոխելու է, թե գյուղացու առօրյան մի քիչ թեթևանալու է։

Տատը չի սիրում, երբ արթնանում է ու ինձ տանը չի գտնում, հենց այդ պատճառով էլ հենց գյուղն արթնանում է, շտապում եմ իջնել սարից ու տուն գնալ։ Մի անգամ էլ գյուղի միջով քայլելիս տեսա, որ ինչ-որ մարդիկ իրերով էին լցնում վերջերս վաճառված տունը. մեր նոր հարևաններն արդեն ժամանել էին։ Մտա տուն, ու տատը ձայն տվեց.

-Բալես, արի, շուտ արա, արի ինձ ու Արև տատին կոֆե դիր։

Ամեն առավոտ սուրճ եփելիս ուզած, թե չուզած ծանոթանում էի գյուղի բոլոր թարմ նորություններին, որովհետև դրանք տատիս պատմելը համարվում էր մեր հարևան Արև տատի կարևոր պարտականություններից մեկը, որով էլ միշտ սկսում էր նա իր օրը։

-Բա չիմացա՞ր, էն Օնոյենց Պետրոսի տունը երևանցի մի դոկտոր ա առել։ Ասում են` Երևանում մեծ հիվանդանոցում ա աշխատում, կենտրոնում էլ տուն ունի։ Մենակ մի բան չեմ կարում հասկանամ, դա մեր գյուղումը ի՞նչ ա կորցրել, որ էդ քաղքի կյանքը թողել, էկել ա էստեղ ապրելու։ Մի տեսակ լավ հոտ չեմ առնում ես էս պատմությունից։

-Հա էլի, Արև ջան, ո՞վ ա իր օրում լսել, որ մարդ քաղաքը թողնի, գա գյուղում ապրի։ Համ էլ` կարող ա չի ապրելու, դաչայի տեղ ա բանացնում։

-Էդ մեկը չեմ իմանում, բայց գիտեմ, որ էսօր էլ ունեցած-չունեցածն են բերել, ձեր տուն գալուց տեսա։

-Հա, ես էլ էի նկատել, որ էդ տան դուռը բաց ա։

Արդեն պարզ էր, որ այսօրվա գլխավոր սենսացիան մեր նոր հարևանն էր, ով բոլորի շրջանում մեծ զարմանք էր առաջացրել մեր գյուղ տեղափոխվելով։ Ու չեմ թաքցնի, որ ինձ էլ շատ էր հետաքրքրում, թե ով էր այդքան բարձր գին վճարել Պետրոսի հին ու կիսաքանդ տան համար, որը ոչ մի առանձնահատուկ գրավող բան չուներ իր մեջ։

Մեր գյուղը բարձրադիր է համարվում ու մենք այստեղ ավելի մոտ ենք արևին, քան քաղաքի մարդիկ։ Ցերեկները արևը խանձում է մաշկդ, իսկ գիշերները սարից եկած քամին ստիպում մինչև ոսկորներդ մրսել։ Հենց դրա համար էլ պաշտում եմ երեկոները, երբ արևն արդեն թուլանում է ու թաքնվում սարերի ետևում, բայց հողը դեռ պահում է իր մեջ արևի շողերն ու տաքություն տալիս։ Քամու տված սառնությունն էլ տանելի է դառնւմ, նույնիսկ հաճելի է, թե ինչպես է խաղում մազերիդ հետ ու պարել ստիպում ողջ բնությանը։ Մեր գյուղում ես վայելում եմ բոլոր երեկոները՝ լցված խենթ քամով ու արևի մարած ջերմությամբ։

Խորհրդավոր հարևանները մի քանի շաբաթ էր, ինչ եկել էին: Այդպիսի մի հրաշք երեկո էր, ես էլ բարձրացել էի տան կտուրն ու համակված էի երջանկության զգացումով, երբ ընկնում ես երազանքների գիրկն ու ամեն ինչ աչքիդ ավելի սիրուն է թվում։ Նկատեցի հանկարծ, թե Պետրոսի տունը, որն արդեն վաղուց էլ Պետրոսին չէր պատկանում, ինչքան էր փոխվել՝ այգին մաքուր էր, գեղեցիկ ու հազվագյուտ ծաղիկներ էին հայտնվել, տունը կարգի էր բերված: Ամեն դեպքում դրսից շատ էր գեղեցկացել, իսկ հենց տան դիմաց դրված էր մի մեծ ճոճանակ։ Զարմացած մտածում էի, թե ինչպես էր այդ կիսաքանդ տունը փոքրիկ ու թաքուն մի անկյուն դարձել,  երբ տեսա մեկը մեր տան կողմն է գալիս։ Մինչ կհասցնեի իջնել կտուրից, տատս արդեն դուրս էր եկել տանից:

-Բարև Ձեզ։ Ես Ձեր նոր հարևանն եմ, անունս Կարո է,- մեծ խանդավառությամբ ու լայն ժպիտով հարևանության առաջին փորձերն արեց բժիշկ Կարոն։

-Բարով ես եկել մեր գյուղ, տղա ջան, ես էլ Արշալույս տատն եմ, համեցի, – տատս մի քիչ շփոթված պատասխանեց անսպասելի հյուրին: Ես էլ ուշադիր զննում էի այն տարօրինակ մարդուն, ով հանդգնել էր թողնել քաղաք կոչվածն ու դեմքով շրջվել դեպի գյուղը։ Ժպտերես էր, մորուքով ու սև հագնված, բայց սևը նրան չէր պղտորում, այլ ավելի խորհրդավոր, խորը ու միաժամանակ հասարակ դարձնում։

Բժիշկը անչափ հումորով էր ու շատախոս. չնկատեցինք էլ, թե սուրճի սեղանի շուրջ տարածվող զրույցն ինչպես մի քանի ժամ տևեց, նրա հետ անհնար էր ձանձրանալ։ Տեսա, որ նրա ձեռքերին վերքեր կային, ու չգիտեմ էլ ինչու միանգամից ենթադրեցի, որ բակն ու տունը ինքն իր ձեռքերով էր կարգի գցել, ճոճանակն էլ անձամբ նորոգել։ Ուզեցի հարցնել, թե ով է սարքել ճոճանակն ու նոր շունչ տվել այն կիսաքանդ տանը, բայց չհամարձակվեցի ընդհատել տատիկ-պապիկի ու հյուրի զրույցը։ Նա խոսում էր, ու ես զգում էի, թե ինչպես էին նրա արտաբերած հնչյուններն ինձ համակում։ Ինչ-որ չբացահայտված, ոչ ոքի կողմից չհասկացված մի երանգ տեսա ես նրա էության նկարի մեջ։ Նա մարդ էր, ում ոչ բոլորը պիտի հասկանային, ու շատերը պիտի քննադատեին, պիտի տարօրինակ մարդու տեղ դնեին ու նույնիսկ վախենային նրանից, մինչդեռ նա պարզապես իրական էր, առանց կեղծիքների, առանց պատնեշների, նա մարդ էր, ով ամեն օր սեփական ձեռքերով կերտում էր սեփական երջանկությունը։

Այդ օրվան հաջորդող բոլոր երեկոներին, երբ բարձրանում էի կտուր, տեսնում էի, թե ինչպես էր ինքն իր ձեռքով մշակում հողը, տնկում տնկիներն ու ջրելիս սեր փոխանցում հողին։ Ընդամենը մեկ ամիս էր անցել, բայց տխուր ու մռայլ այգին աննման գույներով ներկվել էր ու մեր կտուրից նայելիս մի հրաշալի նկարի տեսք էր ստացել։ Նայում էի գյուղի բոլոր  տնամերձ հողերին, ուր գույները խամրած էին, տանջանքի ու երբեք չվերջացող բողոքի ամպը չէր վերանում, հողը բերք չէր տալիս, ոսկի հասկ չէր երկնում, իսկ Կարոն, Կարոն կյանք էր տվել մեռած, սառած հողին։ Ոչ մի ամպ չկար նրա տան բոլորն, ու արևի շողերը ջերմացնում էին ամեն մի սերմը։ Ես տեսնում էի, ես զգում էի այն երջանկությունը, որ օդի հետ Կարոյի հողամասից գալիս հասնում էր ինձ։ Հոտոտում էի ու զգում, թե ինչքան բարի, անհոգ ու թեթև է դարձել մեր գյուղի օդը։

Նստում էր Կարոն իր իսկ սարքած ճոճանակին, սուրճի բաժակը ձեռքին նայում էր այգուն, մեկ-մեկ գլուխը հետ գցում ու կարծես վերանում էր այս աշխարհից։ Կարոն երջանիկ էր, երջանիկ ինչպես ոչ ոք, ու հենց Կարոն էր, որ ստիպեց ինձ մտորել, թե ինչպես կարող է մարդ գտնել իր երջանկությունն այնտեղ, որտեղից բոլորը ցանկանում են փախչել, ազատվել, ուր ամպերը չեն ցրվում, ու վառ գարունը երբեք չի բացվում։ Կարոյի գարունը չէր ավարտվում, նա ձմեռ չուներ։ Կարոն մարդ էր, ով չէր թողնում իր սրտի ծաղիկները թոշնեին։

Կարոյին գյուղում տարօրինակ մարդ էին համարում, ու քչերն էին շփվում նրա հետ։ Նա ուրիշ էր, իրոք որ նման չէր ոչ ոքի։ Կարոն ստեղծել էր մի բան, որը բոլորը փնտրում են ողջ կյանքում, ու շատերն էլ մեռնում են առանց գտնելու։ Կարոն ազատ էր, դրա համար էլ կապանքներով աշխարհում մարդիկ նրան չէին տեսնում, չէին ընդունում։

Ես երբեք չտվեցի Կարոյին սկզբից ևեթ բոլոր գյուղացիներին տանջող այն հարցը, թե ինչու էր այդ տղան թողել ամեն ինչ, առել ընտանիքն ու տեղափոխվել գյուղ։ Չտվեցի, որովհետև տեսա, զգացի այդ հարցի պատասխանը։ Կարոն հոգով, տեսակով մարդ էր, ով չէր փնտրում երջանկություն, այլ քարը քարի վրա դնելով կերտում, քանդակում էր սեփական երջանկությունը։ Նա չէր վազում երջանկության հետևից, նա ստեղծում էր երջանկություն այնտեղ, ուր ոչ ոք երբեք չէր էլ փորձել փնտրել։ Քաղաքի փոշուց աղմուկից հեռու նա գտել էր մի վայր, ուր կարելի էր հանգստանալ, թոթափել վախերը, գցել տան հետևով վազով առվակն ու հանգստանալ, մի պահ երջանկանալ։

Նա գտել էր ու ադամանդի պես փայլեցնում էր այն, ինչը մենք բոլորս տրորում էինք խիստ բարկությամբ ու երազանքներ կառուցում քաղաքի մասին, ուր մարդիկ միայն վազում են երջանկության հետևից ու երբեք չեն փորձում ստեղծել այն։

albina hovsepyan

Աղբյուրի մոտ

Լոր գյուղիս կենտրոնում` Ս.Գևորգ եկեղեցու հարևանությամբ, հոսում է մի սառնորակ աղբյուր, որը նույնպես հիշատակ է 1941-1945 թվականների զոհվածներին: Ամբողջ գյուղը` ծայրից ծայր, օգտվում է աղբյուրից: Լորեցու համար ջրի գալը, ջուր բերելը, երբեք հոգս չի եղել: Ջրի գալով մեկը տեսնում է իր սիրած մարդուն, մյուսը մի քիչ կտրվում է առօրյա հոգսերից` տեսնելով ծանոթին ու գրույցի բռնվելով: Երբ գրում էի, հիշեցի մի դեպք կապված աղբյուրի հետ, ու որոշեցի փոքրիկ հարցազրույց վերցնել մեր հարևան Սաշինկա (Մաշիկ) տատիկից:

-Սաշինկա տատ, ասում են աղբյուրի հետ կապված դու հետաքրքիր հուշեր ունես: Դե, պատմիր` իմանանք:

-Է~, հի՞նչ պատմեմ: Սիրահարվալ էի Լևոնիս: Դե իրան տեսնելու միակ միջոցը գյուղամեջ քինալն էր: Ինքն էլ գյուղամեջ գյուղի ջահելներին հետ բիսետկի տակը կարտ էին խաղում, բայց դե ինքը գուդում չէր, էլի, որ ես սիրահարվալ եմ իրան:

-Օրվա մեջ քանի՞ անգամ էիր գնում ջրի:

-Էհ~, բալաս, ամեն օր, օրվա մեջ գիդո՞ւմ ես քանի անգամ էի քինում գյուղամեջ: Բաչոկս վեր էի անում, ծամերս քցում ուսերիս, գնում ջրի, թե հինչա` գոնե մի քանի րոպեով տեսնայիմ էլի Լևոնիս: Հետո կալիս էի, մինչև մեր տուն հասնելը բաչոկիս ջուրը թափում, նորից քինում ջրի: Մի քանի անգամ բերում էի թափում, նորից բերում թափում, նոր արդեն տանում տուն: Բայց դե ըտանավ բավարարվում չէի, քինում էի մեր մահլի տատիկների բաչոկները վերցնում, էլի գալիս ջրի, ու թհենց ամեն օր:

-Մաշիկ տատի, բա ոչ մեկը չէ՞ր հասկանում քո ջրի գնալու նպատակը:

-Էհ~, դե գուդո՞ւմ ես` հինչ… Մերս մի բան հսկացալ էր, որովհետև հարևանները տեսնում էին, որ ջուրը բերում թափում եմ, դե մորս ալ խաբար էին տվել:

-Բա հետո՞, որ մամադ իմացավ բան չասա՞վ:

-Բա էլ հի՞նչ ասեր, է: Արդեն սաղ կեղը գիդում էր, բացի Լևոնից:

-Բա վերջը ո՞նց եղավ:

-Դե մի օր էլ սովորական ալհա քինացիմ ջրի, մեկ էլ Լևոնս եկավ: «Մաշիկ ջան, էս ձեր ջրերը հլա տվա՞լ չեն»,- նհենց մի տեսակ ծիծաղելով հարցրեց ու ձեռքիցս վեր կալավ բաչոկը: Ես էլ ծիծաղեցի, ու քինացինք տուն:

-Այսինքն ինքը հասկացա՞վ քո ջրի գնալու նպատակը:

-Հա, բալաս. բա հի՞նչ արավ… Էդ աղբյուրն էլ դառավ մեր միության խորհրդանիշը: