Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

sofya abrahamyan

Մեր ընտանիքի առաջին տիեզերագնացը

Ուզում եմ ձեզ ներկայացնել տատիս` Սոֆիկ Ադամյանի հետաքրքիր պատմություններից: Ի դեպ, ինձ հենց նրա անունով են կնքել: Ասեմ, որ նա քառասուներեք տարի աշխատել է դպրոցում` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, նաև ուսմասվար, իսկ այժմ թոշակի է անցել: Ծնվել և մեծացել է Վերնաշեն գյուղում: Տանը վեց երեխա են եղել. ինքն էլ` ամենափոքրը: Վերջերս տպագրվել է նրա «Գիրս մնա հիշատակող» ստեղծագործությունների ժողովածուն: Գրքում հիմնականում իր մանկության և պատանեկության քաղցր հուշերն են: Եթե պապս թեման չփոխի, տատս հազվադեպ կպատմի այդ քաղցր հուշերի մասին:

Պապս հումոր շատ է սիրում: Նրա ամեն խոսքում հումոր ու կատակ կա: Երբեմն մենք չենք կարողանում առանձնացնել նրա հումորը ճշմարտությունից: Հիշում եմ՝ մի անգամ տիեզերագնացի օրը ասաց.

-Առաջին տիեզերագնացը տատդ է, տա՛տդ:

Իմ մանկական հետաքրքրասիրությունը շարժվեց. ինչպե՞ս թե: Ես խնդրեցի տատիս, որ պատմի, թե ինչու է պապս նրան համարում տիեզերագնաց: Տատս խորհրդավոր ժպտաց ու ասաց.

-Կուզեի՞ր տիեզերագնաց տատ ունենալ:

Խնդրեցի այդ առեղծվածը մանրամասն պատմել: Մի երանելի ժպիտ խաղաց տատիս դեմքին:

-Գուցե ասեք` անդունդագնա՞ց:

-Տա՛տ ջան, խնդրում եմ, պատմիր,- անհամբերությամբ մեջ մտավ եղբայրս:

Տատս հոգոց հանեց և սկսեց.

-Ես շատ փոքր եմ եղել, նույնիսկ չեմ հիշում: Այնքան են այդ մասին պատմել, որ թվում է, թե հիշում եմ:

Մեր սարի տունը գտնվում էր մի անդնդախոր ժայռից տասը մետր հեռավորության վրա: Այդտեղ մեծացել են մեր և երկու հորեղբայրներիս տասնինը երեխաները: Ոչ ոքի մտքով չի անցել խաղալ ժայռապռնկին և հատապտուղ քաղել այնտեղ աճած փոքրիկ թփից: Ըստ պատմածի՝ ես շատ ճարպիկ եմ եղել. մեկուկես տարեկան եմ եղել, երբ այդտեղ խաղացել ու տասնհինգ մետր բարձրության ժայռից ընկել եմ ձորի մի մեծ քարի վրա: Մայրս երկար է փնտրել. վերջապես մոտեցել է ժայռապռնկին և ինձ կանչել: Ես ներքևից  ձայն եմ տվել: Մորս ծնկները կպել են գետնին: Խեղճ մայրս լացել է, օգնություն կանչել, բայց շրջակայքում ոչ ոք չի եղել: Մայրս մի կերպ, ընկնել-վեր կենալով ձորի երկարությամբ վեց հարյուր մետր իջել, այդքան էլ վերև է բարձրացել ու հասել է ինձ: Լացով, հեծկլտալով ինձ քարի վրայից վերցրել է, գրկել որդեկորույս մոր մրմուռով ու դուրս եկել ձորից՝ ամեն վայրկյան սպասելով իմ մահվանը:

Ի ուրախություն բոլորի՝ ես չեմ մահացել. տասնհինգ օր բժիշկները պայքարել են ինձ ոտքի կանգնեցնելու համար:

Ինչպես տեսնում եք՝ ես կենդանի եմ մնացել:

Քանի որ նշեցի, որ տատս աշխատել է դպրոցում, հաստատ չի կարող մի հետաքրքիր բան պատահած չլինել: Ձեզ եմ ներկայացնում հետաքրքիրներից մեկը:

Ներեցե՛ք, խնդրում ենք

Երբ որ դասից փախչում տուն էինք գալիս, տատս պապիս միջամտությամբ այդպիսի չարաբաստիկ պատմություններ էր հիշում ու սկսում.

-Ձմեռային արձակուրդի նախօրյակն էր: Մի լավ սովորող ու շատ չար դասարան ունեինք: Բոլորը հպարտանում էին նրանց լավ սովորելով, բայց դժգոհում քաղցր չարաճճիություններից:

-Հիանալի դասարան է, գտե՛ք նրանց սիրտը տանող ճանապարհը,-հորդորում էի ուսուցիչներին:

Այդ դասարանում պարապող մի ուսուցիչ հիվանդացել էր: Դասացուցակը փոխեցի, կերպարվեստի ուսուցչի փոխարեն ուղարկեցի հայոց լեզվի ուսուցչուհուն:

Նախորդ ժամին լսածս դասի քննարկումը դեռ չէի սկսել, երբ աշխատասենյակիս դուռը կրնկի վրա բացվեց, ու երևաց հայոց լեզվի ուսուցչուհու՝ զայրույթից կարմրած և փքված դեմքը: «Տեսնես ի՞նչ է պատահել»,- մտածեցի:

-Ես խնդրում եմ՝ ինձ այլևս այդ դասարան չուղարկեք,- ասաց զայրացած ուսուցչուհին:

Ես դադարեցրեցի իմ աշխատանքը, ներս հրավիրեցի նրան և խնդրեցի պատմել եղելությունը: Պարզվեց, որ երեխաները հատակը մաքրելու փայտի վրա հագցրել են դույլը, դրել դռան վրա, որ կերպարվեստի ջահել ուսուցիչը, որ իրենց հետ գրեթե ընկերություն էր անում, դուռը բացի և փայտի հարվածն ստանա:

Մինչ ես մտորում էի, թե ինչպես խոսեմ, ինչպիսի «պատիժ» տամ չարաճճիներին, միջանցքից ոտնաձայներ լսվեցին: Դուռը բացեցի: Ամբողջ դասարանը շարվել է պատի տակ. ավագը կարկամ քայլերով մոտեցավ ինձ.

-Ներեցե՛ք, խնդրում ենք, թույլ կտա՞ք ներս գանք:

-Անցե՛ք,-մի կերպ զսպեցի զայրույթս: Վազքով ներս մտան, շրջանի մեջ առան վիրավորված ուսուցչուհուն: Դասարանի ամենաչարաճճին, երևի իր մտահղացումն է եղել, աղաչական ձայնով ասաց.

-Մենք Ձեզ համար չէինք արել:

Ապա բոլորը միաբերան ասացին.

-Ներեցե՛ք, խնդրում ենք:

Ինչպես միշտ աշակերտները շահեցին, և ուսուցչուհու զայրույթը փոխվեց ժպիտի:

Տո՜, տո՜, տո՜…

-Ես Հռիփսիկ Հայրապետյանս, է՜, Խաչատրյանս…

- Տո՜, տո՜, տո՜…Այ կնի՞գ, էլի սկսեցի՞ր: 57 տարի կյանքս կերար, իմ փառավոր,  թագավոր ազգանունս չէիր ուզե` չգայիր զագս:

-Է՜հ, ըշտը` էշ խելքս սեմ, էլի: Մադոս կսեր էլի, որ իսան չես, ես չլսի, ելա հետդ եկա: Համ էլ սին` խելոք տղա  է, ինչ ուզեմ` կրամ ենեմ, էն էլ սպես դուս եկավ:

Ահա այսպես էլ սկսվեց իմ հարցազրույցը տատիկիս ու պապիկիս հետ: Պապիկս ամեն հարցի պատասխանը սկսում էր «տո՜, տո՜, տո՜» ասելով: Դա նրա ամենասիրելի արտահայտությունն է: Իսկ երբ խոսքը գնում է Մադո պապիկի մասին (նա տատիկիս մեծ եղբայրն է), պապիկս սկսում է  ավելի  մտածված արտահայտվել, որպեսզի ցույց տա, թե միևնույնն է, առավել է նրանից:

Նրանց հավերժական պայքարը  հասակի մեջ է: Պապիկս ցածրահասակ մարդ է, իսկ Մադո պապին շատ բարձրահասակ: Պապիկս մեկ էլ կասի.
-Մարդ բդի իմ պես մինիատյուրնի եղնի: Չէ, բը` Մադոյի պես  երկար:
Ես փորձում էի  նրանց հետաքրքիր  կյանքը բացահայտել, բայց  հարցազրույցը սկսվեց  կռվով, որը մեզ ուղեկցեց ողջ ընթացքում:

-Պապ, ի՞նչղ եղավ, որ տատիս առար:
-Դե, բալա ջան, հարուստ էին, հերը ջաղաչ ուներ, լիքը ալուր ունեին, առա:
-Տատ, ի՞նչղ եղավ, որ  պապին առար:
-Բալա ջան, էման սիրուն տղա էր, առա:

Պապս հեռվից հավելեց:
-Դե սիրահարվանք, առանք:
Տատս գոռաց:
-Յա, այ տղա, եքա 80 տարեկան բիձա ես, ռոմանտիկադ բռնե՞ց: Ես քեզի չեմ սիրահարվել, եղա՞վ, եդիկ միշտ հիշե:Լուսանկարը` Մարիամ ՀայրապետյանիԴե իմ հարցազրույցը վերածվեց  «սիրել եմ, չեմ սրել» վերնագրով մի կռվի: Ինչքան էլ ասեն, որ չեն սիրել, միևնույնն է, իրենց արարքները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս:

Սիրո մասին անիմաստ փիլիսոփայելու փոխարեն պատեմ մի կյանք:

Տատս ու պապս միասին են արդեն 57 տարի: Մենք տոնել ենք արծաթե հարսանիք, ոսկյա հարսանիք ու հստատ ադամանդյա հարսանիք էլ  կտոնենք:
Տեսնենք` իսկական սերը որն է:

Մի անգամ տատիկենցս տան տանիքի վերանորոգման համար  Վանաձորից եկել էին մի քանի երիտասարդ տղաներ, մի 20-22 տարեկան: Նրանք տատիկիս ու պապիկիս հետ շատ էին մտերմացել, բայց ինչպես պապիկս  փաստում է, ավելի շատ տատիկիս: Մի անգամ պապիկս ինձ տարավ գաղտնի խորհրդակցության:
-Բալա ջան, եկե ըսման ձեռը քցել էր տատիդ ուսին, կարճ շորթիկը հագը, մե գլոխ հռհռացին: Սաղ կյանքը իմ հետս ըդման չհռհռաց:

Ես  հազիվ ծիծաղս  զսպեցի, որպեսզի պապիկիս չվիրավորեմ: Բա սիրում է, բա հիսունյոթ տարվա կնիկն է, բա կխանդի: Գնացի տատիկիս  պատմեցի ծիծաղելով, բայց, իհարկե, չպետք է նման բան անեի: Մեկ էլ տատս զայրացավ, գնաց դուռը բացեց ու…
-Կնիգը բդի ծառից կախված եղներ, դու էլ գայիր թռնեիր-թռնեիր չհասնեիր:
Ես ինձ շատ վատ զգացի, խաբարբզիկի պես եկա ամեն ինչ խառնեցի իրար, բայց պապիկս իրավիճակը հարթեց, գրկեց տատիկիս, ու ծիծաղեցին միասին:
Այսպիսի փոխադարձ հարգանքը ու սերը արդյունք է այսքան տարվա միասին ապրած լավ ու վատ տարիների: Միասին գյուղից գյուղ տեղափոխվել, միայնակ տուն կառուցել, պահել-մեծացնել վեց երեխաներին:

Կառուցվել է թանկարժեք ժառանգություն՝ սեր, հարգանք, ընտանեկան ջերմություն, 15 թոռնիկներ, 10 ծոռնիկներ:

Հ.Գ. Ու այսօր այդ սիրելի թոռներից մեկի ծնունդն է: Շնորհավոր:

anush hovhannisyan

Գյումրվա քաղցր բարբառով

-Բարև, Սիրուշ տատի:

-Հազար բարի, Անուշիկ ջան, տատդ ո՞ւր ա, բալես:

-Ներսն ա, գնա առաջ:

-Վա՜յ, քնել է: Ինչխ էլ հավեսով է քնել, երևի շոգից է, գիտե՞ս:

Սիրուշ տատիկը մեր հարևանուհին է և տատիկիս ընկերուհին: Նա հոգով-սրտով գյումրեցի է ու միշտ պատմում է իր քաղաքի մասին:

Ու քանի որ տատիկս հավեսով քնած էր, նա որոշեց նստել իմ կողքին, իսկ ես մտածեցի, որ սա շատ լավ հնարավորություն է նրա հետ զրուցելու համար: Միացրեցի ձայնագրիչը: Ի դեպ, նա այդպես էլ չիմացավ, որ ձայնագրում եմ:

-Ու՜ֆ, ինչխ շոգ է, չես կրնա դիմանաս, սպես էլ բա՞ն կեղնի:

-Դու էլ Գյումրի գնա, ավելի հով չի՞, քան էստեղ:

-Էհ՜, այ բալա, ո՞վ պտի ինձ տանի Լեննական:

-Ես շատ եմ սիրում Գյումրին, մի անգամ գնացել եմ:

-Հա՞, բա ե՞րբ ես եղե ընդեղ:

-Անցյալ տարի դասարանով ենք գնացել, էքսկուրսիա էր:

-Է՜, բա որ մնա՞ս, բալա ջան: Էնքան լավ տեսարժան վայրեր կան, հլը առաջ, նախքան երկրաշարժը, հրաշք տեղ էր իմ Գյումրին:

-Երկրաշարժի ժամանակ Գյումրիում ես եղե՞լ:

-Չէ, բախտս բերել է, ստեղ եմ եղել: Բայց մե չքնաղ քաղաք էր, Երևանն ի՞նչ էր օր Լեննականի դեմը… Ըդպես է եղե, բայց դե …

Ա՜խ, այդ «բայց դե»-ն , այնքան ցավով ու ափսոսանքով ասաց, հետո փորձեց վատ տրամադրությունը հեռու վանել ու սկսեց.

-Հարուստ է եղե, հարուստ ամեն ինչով. լիքը՜, ճո՜խ, ժողովուրդն էլ շատ հյուրասեր, մեր տուն, օր կմտնեիր չէ, սեղանը դարդագ չէիր տեսնի: Ամառ-ձմեռ լիքն է եղե,- ծերացած դեմքին մի փոքր ժպիտ հայտնվեց ու երկար լռեց,- անցյալ տարի ընդեղ էի, իրգնները հարսս կսեր. «Հորքուր ջան, հելի էրթանք թատրոնի մոտ քիչմ ման գանք»: Կերթայինք ընդեղ, մինչև 11-ը կնստեինք, հետո կսեր. «Հորքուր ջան, հմի հերթապահ հրեշտակները գուկան»: Կսեի` ի՞նչ հերթապահ հրեշտակ, ըդոնք ո՞վ են: Իրանց ֆոռմի վրա սպես մեծ հրեշտակի նկարը նկարած, սիրուն հաքած, ընբես էլ սիրուն տղերք էին, օր էլ չասած,- երկուսս էլ ծիծաղեցինք, չնայած ի՞նչ կա որ, տատին հավանել էր տղաներին: Ինչևէ, պատմությունը դեռ շարունակվում էր:

-Էն կողմից եկան, ընձի, օր տեսան, նստած էին չորսով: Սեցին. «Վա՜խ տատի ջան, ար՛ի, արի ստեղ` իմ տեղս նստի»: Հարսս էլ խնդալեն կսե. «Հորքուր, ինչխ լավ է, օր քեզի հետ կեղնինք, մեզի շուտ տեղ կուդան»:

-Հա՜, գյումրեցիներին ես շատ եմ սիրում, տարբերվում են, բարբառնել ա շա՜տ հավես:

-Համով են, քաղցր: Մեր լեզուն ուրիշ է, լավն է, բայց մարդ էլ կա` տնազ է դնում… Լսի, հլը կսեմ, օր ըդպես շատ կսիրես, քելե քեզի Լեննական պսագենք:

-Իյա՜, էտ էլ, ու վերջ,- հանկարծակի միջամտեց մայրիկս, ով մի փոքր հեռու մուրաբա էր պատրաստում:

-Էտ ընչի՞ օր, լավ տղա էղնի, քու ինադու կուզի… Թող ջահելներին լավ բախտ եղնի, ըդիգ է կարևորը, ես 50 տարի ապրել եմ մարդի հետ, էլ ինչի՞ս է պետք, թող բոլոր ջահելները զույգ ապրեն, երկար ապրեն իրար հետ:

-Օ՜ֆ, Սիրուշ տատի, ի՞նչ կա քո Գյումրին, մենակ փողոցներն ա սիրուն,- ընդհատեց մայրիկս:

-Լսե, որտեղ օր ղսմատդ եղավ, ընդեղ էլ կերթաս… Իյա՜, ի՞նչխ թե, ստեղաց լավ բանը ընդեղ 2 հատ կա, իմացա՞ր:

-Սիրուշ տատի, բա ո՞նց եղավ, որ Գյուրին թողեցիր` Հոկտեմբերյան ամուսնացար:

-Քա դե ես շատ գիտեմ, մերոնք էլ օժար չէին: Բայց դե ինչ էնեի, ընձի կամ էին տեսե: Ուզեի-չուզեի` էտ էր, ղսմաթ էր էլի, չիդեմ:

-Բայց էն ժամանակ լա՞վ էր, որ առանց ճանաչելու էիք ամուսնանում:

-Տո չէ հա, ի՞նչն էր լավ: Մերը պատահական է եղե: Առաջին հայացքից, որ դուր է գալիս մեկը մեկին, էլ ի՞նչ կա: Կարևորը առաջին հայացքն է, թե չէ մնացածը պրոբլեմ չէ…

Շուշան Վահանյան

Ապրել և ապրեցնել

Հարցազրույց ազատամարտիկ, լրագրող, արձակագիր, բանաստեղծ Արիս Գրիգորյանի հետ:

Արիս Գրիգորյանը ծնվել է 1959թ. Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում: 1986-ին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Արիս Գրիգորյանը տպագրել և ընթերցողի դատին է հանձնել ավելի քան 17 գիրք:

-Ի՞նչ դեր ունի բանաստեղծությունը Ձեր կյանքում։

-Գիտե՞ս, հաճախ եմ ինքս ինձ նույն հարցն առաջադրել, բայց, պատկերացրու, դժվարացել եմ գտնել ճիշտ պատասխանը։ Բանաստեղծությունն ինձ համար հա՞ց է, ջո՞ւր, օ՞դ: Գուցե շատերը չհավատան, բայց որ յուրաքանչյուր անցնող ակնթարթն առանց բանաստեղծության չի պատկերանում ինձ, ինչպե՞ս ասեմ, որ հավատաս։ Որովհետև, իրոք, այդպես է։

-Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք ամենաշատը սիրում:

-Ընդհանրապես՝ հեղինակներն իրենց գրվածքները չեն սիրում և ընտրություն կատարելիս միշտ ընտրում են թույլ գործերը։ Ես նույնպես բացառություն չեմ։ Հաճախ, բանաստեղծություններս կարդալիս թվում է, թե որոշակիորեն պարզել եմ, գոնե ինձ համար, իմ լավ ու, այսպես ասած, թույլ գործերը, նաև՝ որոնք են ինձ համար ընդունելի ու սիրելի, իսկ որոնք՝ ոչ։ Լինում են նաև պահեր, երբ թվում է, թե ես «մարդամեջ» հանելու գործ չունեմ ընդհանրապես։ Կարծում եմ՝ ստեղծագործող մարդը չպիտի հավանի իր ստեղծածն ու մշտապես որոնումների մեջ լինի։

-Ի՞նչ կարծիք ունեք մերօրյա երիտասարդության մասին, արդյո՞ք մենք պոեզիայի, արձակի հանդեպ սիրով գերազանցում կամ հետ ենք մնում մեր նախորդներից :

-Մերօրյա երիտասարդության մասին իմ կարծիքը հուսադրող է։ Արդյո՞ք նրանք արդարացնում են մեր սպասելիքները։ Արդյո՞ք կարդարացնեն։ Կարևորն այն է, որ սպասելիքներ կան։ Այսօրվա հարցերի հարցը գրականություն-ընթերցող փոխհարաբերություններն ուղիղ համեմատական իրավիճակից մեկ զուգահեռի վրա տեղավորելն է։ Գիրք ընթերցելուն, լինի պոեզիա կամ արձակ, այսօր խանգարում է համացանցը։ Կարելի է ասել՝ համացանցն ընթերցողին կտրել է գրքից (առարկայական իմաստով), այնինչ՝ համացանցը զգալիորեն օգնում է՝ ցանկացած գործ ցանկացած պահի կարող ես գտնել և ընթերցել, ու էլ չես նետում քեզ գրադարաններ և գրքերի կույտերում որոնում քեզ պետք եկած բանաստեղծությունը։ Փույթ չէ, որ գրադարաններից պակասում են այցելուները, կարևոր է՝ չի նոսրանում ընթերցողական բանակը, որն այսօրվա երիտասարդությունն է։ Այո, այսօրվա երիտասարդությունն ավագների արժանի փոխարինողն է։

-Հայ դասականներից ու՞մ գործերն եք սիրում ընթերցել:

-Ասում ենք դասական, ու դրանով ամեն ինչ է ասված։ Ես, իհարկե, հիմնականում նախընտրում եմ պոեզիան ու իմ սեղանին միշտ Շիրազն ու Չարենցն են, Սահյանն ու Սևակը։

-Ո՞րն է այն խորհուրդը, որ կցանկանայիք փոխանցել նոր սերնդին։

-Ապրել ու ապրեցնել, ինչ էլ որ լինի։ Իսկ դրա համար պետք է սիրել կյանքը։ Այն, ինչ մենք ստեղծում ենք՝ ժառանգել ենք մեր պապերից, մեր հետնորդներն էլ թող ժառանգեն մեզնից, ու այդ կապն ավելի կսերտանա, մեր հողին կկապվենք ավելի ամուր կապերով։

Mari Baghdasaryan malishka

Շատ կարճ զրույց

Անդրեյ Վարդումյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Նա ծառայում էր Մարտակերտում: Քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվել էր և երկար ժամանակ բուժվում էր:Անդրեյը չէր կարող անգամ պատկերացնել, որ նման վնասվածք ստանալուց հետո կարող է քայլել: Բայց բժիշկների ցուցաբերած ուշադրության և մեծ աշխատանքի շնորհիվ Անդրեյը սկսել է քայլել՝ առայժմ հենակների օգնությամբ:

-Անդրեյ, Դուք սպասում էի՞ք թշնամու կողմից նման հարձակման:

-Մենք չգիտեինք թշնամու հարձակման մասին, բայց միշտ պատրաստ ենք եղել թշնամու բոլոր ոտնձգություններին դիմադրելու:

-Բոլորն էլ ունենում են երազանքներ ու նպատակներ, և գիտեմ, որ Դուք էլ շատ նպատակներ ու երազանքներ եք ունեցել, քառօրյա պատերազմը ինչ-որ բան փոխե՞ց Ձեր մեջ:

-Ունեցել եմ և մինչև հիմա էլ ունեմ երազանքներ, ոչինչ չի փոխվել: Ես ձգտում եմ հասնել իմ բոլոր երազանքներին, ուղղակի դրանց ավելացավ ևս մեկը՝ քայլել և ամուր կանգնել ոտքերիս վրա:

-Մենք` երիտասարդներս, գիտենք. միշտ չէ, որ մեր երազանքի ճանապարհը կարող է լինել սահուն և առանց խոչընդոտների: Ուստի, ասացեք, խնդրե՛մ, լավատեսորե՞ն եք տրամադրված վաղվա օրվա հանդեպ:

-Այո իհարկե, և արդյունքներն էլ տեսնում եմ…

-Ես Ձեզ առողջություն եմ ցանկանում, և Աստված տա, հասնեք Ձեր բոլոր երազանքներին: Ես հավատում եմ, որ մի օր անպայման ամուր կկանգնեք Ձեր ոտքերի վրա…

«Շեն եղեք, շեն մնացեք»

Հարցազրույց տատիկիս` Լուսիկ Ավետյանի  հետ

Երբ ես փոքր էի, սիրում էի ուսումնասիրել ընտանիքիս անդամների անձնագրերը: Մի հետաքրքիր փաստ. Նրանցից մի քանիսի ծննդյան վայրը Հայաստանը չէ: Օրինակ, տատիկս ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում:  Այդ փաստը հուշեց, թե ում հետ կարելի է հարցազրույց անել: 

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

-Տատիկ, որտե՞ղ և ե՞րբ ես ծնվել: 

-Ես ծնվել եմ 1955թ.-ին` հոկտեմբեր ամսին, Ալթայ երկրամասի Պակրովկա գյուղում:

-Ինչո՞ւ ես ծնվել ՌԴ-ում:

-Հայրիկս 1945թ. բանակից վերադարձել է, հետո` 1949թ.մայիսին հորս, մորս և երկու եղբայրներիս աքսորել են Սիբիր:

-Մինչև քանի՞ տարեկանդ ես ապրել ՌԴ-ում:

-Մինչև յոթ տարեկանս ապրել եմ Ռուսաստանում: 1956թ. մայիսին մեզ ազատել են աքսորից, մենք տեղափոխվել ենք Կրասնոդարի երկրամասի Պետրոպավլովկա գյուղ: Անտեղ ապրել եմ մինչև յոթուկես տարեկան:

-Մի քիչ պատմիր քո ընտանիքի մասին:  

-1949թ., երբ մեզ աքսորեցին Սիբիր, մեր ընտանիքում չորս հոգի էին` հայրս, մայրս և երկու եղբայրներս: 1949թ. հոկտեմբերին ծնվեց մի եղբայրս, 1951թ.` մյուսը, 1954 թվականին ծնվեց փոքր եղբայրս, իսկ 1955թ. ծնվել եմ ես: Իմ ծնվելուց վեց ամիս հետո տեղափոխվել ենք Կրասնոդար:

-Իսկ ինչո՞ւ դուք վերադարձաք Հայաստան:

-Հայրիկս` մինչև մեր ընտանիքով Մարտիրոս գնալը, նորից եղել էր Հայաստանում, տեսել էր իր քույր-եղբայրներին, մի խոսքով, կարոտը տանջում էր իրեն: Հետ եկավ Կրասնոդար, հավաքեց իր ընտանիքին և գնաց իր հայրենիք` հայրենի Մարտիրոս գյուղ: Մարտիրոսից երկու բեռնատարներ եկան և կանգնեցին մեր տան դիմաց, և մեր ամբողջ եղած-չեղածը հավաքեցինք մեքենաներում: Եվ էդպես մենք եկանք Հայաստան: Ես և իմ երկու եղբայրները փոքր էինք` 7.5, 8.5, և 9 տարեկան, ուրախ էինք Հայաստան գալու համար: Բարձրանում էինք մեքենաների վրա ու ասում.  «Поедим в Армению и горы увидим»: Մեզ սովորեցրել էին, որ մենք գնանք Հայաստան, վերջապես սարեր ենք տեսնելու: Եկանք ու տեսանք:  Մեր հայրական տան մեջ, որտեղ ապրել էր մեր ընտանիքը մինչև աքսորվելը, ապրում էր ուրիշ մարդ, բայց երբ մենք վերադարձանք, կոլխոզը դուրս արեց նրան, և մենք շարունակեցինք ապրել մեր տանը: Շատ լավ էր, որովհետև հյուրասիրություն կար, հարազատների ջերմ ընդունելությունն այնքան լավ էր, որ մենք չէինք էլ զգում, որ Ռուսաստանի լավ կյանքը թողած եկել էինք Մարտիրոս: Երբ մենք եկանք, հունիս ամիսն էր, սեպտեմբեր ամսին ես գնացի առաջին դասարան, մի եղբայրս առանց հայերեն բառ իմանալու` երկրորդ դասարան, իսկ մյուս եղբայրս՝ երրորդ դասարան, բայց մենք լավ սովորեցինք և համալսարաններ ընդունվեցինք:

-Իսկ դու ունեի՞ր ընկերուհիներ Մարտիրոս գյուղում:

-Այո’, ես ունեի շատ ընկերուհիներ Մարտիրոսում, բայց ես ամենաշատը մոտ էի մեր հարևանուհի Գոհար Ստեփանյանի հետ, ով նաև իմ դասընկերուհին էր: Մենք 10 տարի ձեռք-ձեռքի բռնած գնացել ենք դպրոց:

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

-Ինչպե՞ս հարմավեցիք, տարբերությունը շա՞տ էր:

-Ես գնացել էի էնտեղի մանկապարտեզը, սովորել էի էնտեղի կյանքին:  Էնտեղի էլածը, լի ու բոլ էր, մեծ բակ ունեինք, գոմեր՝ հավով, հնդուշկայով, խոզով, ճագարներով: Մեծ այգի ունեինք ունեինք. մեծ հողամաս, մեկհարկանի տուն: Նույնիսկ առանձին ծաղկանոց ունեինք, այգի, որ մենակ ծաղիկներ էին մեջը: Այ, այդքան հող ունեինք: Մեր գոմի կտուրում  ցորենի պարկեր էին, իսկ տան կտուրին` ձեթի ֆլագաներ, սեմուշկայի կույտեր… Մի խոսքով, ամեն ինչ էնքան լի ու բոլ էր, որ չկարողացանք այդքանը բերել: Ռուսաստանից երկու մեքենան ի՞նչ կարող էր բերել: Երբ  եկանք Հայաստան, մենք ամեն ինչ ունեինք` շուբ, հեծանիվ, գլխարկներ, շոր, պայուսակներ: Մարտիրոսում երեխաները ձեռքով կարված տուրիկներ էին, դրանցով էին գնում դպրոց, իսկ մենք՝ պայուսակներով: Նրանք գնում էին ձեռքի կարված շորերով, իսկ մենք՝ շուբերով, գլխարկով: Երբ եղբայրներս հեծանիվը հանեցին բակ, գյուղի երեխաները վազում էին հեծանիվի հետևից: Էն վախտ Մարտիրոսում ոչ մի բան չկար: Մեզ հետ մեր մեծ եղբայրը չեկավ և գնաց Դոնեցկ և մինչև հիմա ապրում է այնտեղ: Ես սովորել և ավարտել եմ Մարտիրոսի միջնակարգ դպրոցը, դրանից հետո սովորել եմ Վայքում հաշվապահական, ապա ամուսնացել Վայքում:

-Ճի՞շտ է, որ դուք մեր շենքի առաջին բնակիչներից եք եղել:

-Այո՛, մենք այս շենքի առաջին բնակիչներից ենք, այս շենքում բնակվելու համար հերթագրվեցինք, և մեզ հատկացվեց բնակարան:

-Դժվա՞ր էր Մարտիրոսի սեփական տանից հետո ապրել շենքում:

-Դե, էն ժամանակ Վայքում ջուր չկար, միայն դրսում աղբյուր կար, ջուրը այնտեղից էինք բերում և լվացք էինք անում, ճաշ էինք եփում և ամաններն էինք լվանում, և էդպես 2-3 տարի շարունակ: Հետո Բուլախլարից շատ ջուր բերեցին, և Վայքը այլևս ջրի պակաս չունի, շենքում ապրելն էլ շատ հեշտ ա: Որ 80-ական թվերին  ստացանք էդ տունը, շատ ընտիր ժամանակ էր: Էստեղ լավ էր, աշխատավարձ ունեինք, հեշտ  էինք ապրում, ամեն տարի ծովափ, հանգստյան տներ էինք գնում: Էդպես ապրել էինք մինչև 88-89 թվականները: Ղարաբաղյան շարժումից հետո արդեն գործն էլ պրծավ, երկիրն էլ շուռ եկավ: Էհ, ես լավն էլ եմ տեսել, վատն էլ եմ տեսել: Ես ուզում եմ ավելացնել, որ էսօրվա ջահելությունը ապրի ավելի լավ, ոնց մենք ենք 80-ականներին ապրել, ու երեխաներն էլ ունենան լավ մանկություն, ոնց որ ես եմ ունեցել: Մեր ջահելությունը արժանի չի էդ կյանքին, որով ապրում են: Շեն եղեք, շեն մնացեք, ի՞նչ ասեմ:

«Հորովել»

Հարցազրույց Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի մեներգիչ, «Մաշտոց» թերթի գեղարվեստական խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Ստեփան Դալլաքյանի հետ:

-Պարոն Դալլաքյան, պատմեք ձեր երաժշտական ուղու մասին: 

-Մեր ընտանիքում ձայնային տվյալներով աչքի էր ընկնում մայրիկիս կողմը, բայց ոչ մեկը երգիչ չի դարձել, հորական կողմում էլ տատիկս էր: Պապիկս էլ լավ պարում էր, էն մեր քոչարին, որ տեսնեիր պարելուց, խելքդ կգնար. իսկական, ծանր, համով:

Եվ դեռ մանուկ հասակում հայրս ուշադրությունս հրավիրեց մեր ժամանակի լավագույն երգիչ-երգչուհիների վրա՝ Արաքսյա Գյուլզադյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան… Բայց իմ ամենասիրելի երգիչը Շարա Տալյանն էր. մի բազմակողմանի զարգացած մարդ, ասեմ, որ նա եղել է աշուղ Շերամի հորեղբոր տղան: Տալյանների գերդաստանում տատի անունը Տալո է եղել, և այնքան հզոր կին էր, որ գերդաստանի ազգանունը նրա անունով դրել են Տալյան: Ջիվանին էլ նրանց փեսան է եղել, քրոջ ամուսինը: Շարա Տալյանը միակ երգիչն էր, ով ստեղծեց առաջին գուսանական անսամբլը, բերեց ու մեզ ներկայացրեց հայ հին աշուղական երգը. դա կլիներ Ջիվանու երգերից, Շերամի, Նիազի… Մի խոսքով, այսօր էն հայկական երաժշտական ծաղկեփունջը, որ ապրում է, ապրում է նրա շնորհիվ: Բացի այդ, նա նաև յուրահատուկ օպերային երգիչ էր. տենորի պարտիա էր երգում, բարիտոնի, բասի պարտիաներ, շատ ունիվերսալ մարդ էր: Նրա ազդեցությունը իմ վրա շատ է եղել: Դեռ չորս տարեկանում, երբ ինձ հարցնում էին՝ ինչ պիտի դառնամ, ասում էի` երգիչ: Ժամանակին մի պահ շեղվեցի, գնացի դեպի շինարարություն ու շինարարական կրթություն ստացա: Պոլիտեխնիկում մի ինքնագործ խումբ ունեինք, ես այդտեղ երգում էի: Ավարտական երեկոյի ժամանակ Ղուկաս Ղուկասյանի անվան մշակույթի տան տնօրենը ինձ նկատեց և հրավիրեց այդ ժամանակվա վոկալ-պարային անսամբլ: Այդ օրվանից սկսվեց իմ բեմական գործունեությունը: Դա 1968 թվականն էր: Կարծեմ հոկտեմբերի տասնհինգին էր առաջին ելույթս: Մինչ այդ ժամանակ ծխախոտ էի օգտագործում, բայց այդուհետև հրաժարվեցի դրանից ու շատ ճիշտ արեցի, որովհետև կարողացա շուրջ հիսուն տարի երգել, ու մինչև հիմա էլ կոկորդս լավ պահպանվել ա: Այսպիսով պոլիտեխնիկական ինստիտուտը շրջվեց, դարձավ երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին: Իմ կոլեգաներից մեկը՝ Ազատ Ճուղուրյանը, դարձավ իմ վոկալի դասատուն: Շուրջ հինգ տարի ձայնս մշակեցի՝ սովորելով դասական բաժնում: Ավարտական քննության ժամանակ, սովորաբար չեն ծափահարում, բայց ինձ ծափահարեցին, որովհետև շատ բարդ ծրագիր երգեցի. արիաներ «Пиковая дама»-ից, «Անուշ» օպերայից Սարո երգեցի: Ըստ կարգի, պիտի երգեի չորս երգ, մի դուետ, բայց երգեցի համարյա ութ երգ: Բայց կոնսերվատորիա չգնացի: Շատերն էին գնացել ու էնքան գոռացնելով երգացրել էին, որ հիվանդություն ձեռք բերեցին: Կոլեկտիվը 1972 թվականից դարձավ պետական, ես էլ դարձա պետական անսամբլի մեներգիչ: Կողքիս ունեի ավագագույն երգիչներ, ուսուցիչս՝ Ազատ Ճուղուրյանը, նաև Սուրեն Թորոսյանը, Ռոբերտ Մխիթարյանը, Ամալյա Պողոսյանը, նրանցից ամենաերիտասարդը ես էի, 17-18 տարեկան, և ես գողացա նրանցից ամեն ինչ: Այդպիսով սկսվեց իմ երաժշտական կարիերան և շարունակվում է մինչև այսօր: 90-ականներին պետական ստատուսը կորցրինք, բայց շարունակեցինք երգել:

-Հե՞շտ էր արդյոք այդ ժամանակ գործունեություն ծավալել:

-Դժվար էր: Մեզ սվիններով դիմավորեցին… Դե, մենք շրջանի կոլեկտիվ ենք, առաջ մայրաքաղաքից բացի ուրիշ ոչ մի տեղ պետական անսամբլ չկար: Թաթուլ Ալթունյանին ուղարկեցին, որ գա տեսնի` մենք ինչ մակարդակ ունենք, որ մեզ պետական ենք կոչում: Եկավ, համոզվեց, ողջունեց, ասաց. «Ամեն ինչ տեսած եմ, ամեն մրցանակ ունեմ, բայց պատիվը մարդուս՝ աշխատանքի իրավունք ունենալն է»: Մեր կոմպոզիտորին ասաց ՝աշխատիր, տղա՛ս, քեզ մեծ աշխատանք է տրված: Եվ աշխատեցինք՝ մեծ համբավ բերելով մեր կոլեկտիվին, ունեցանք բազմաթիվ շրջագայություններ մի քանի անգամ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Իրաքում, Իրանում: Ես ինքս մենահամերգներով հանդես եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց այսօր ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ, ուզում եմ մնալ իմ հայրենիքում: Վերջին տարիներին էլ ընդունվեցի Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ: Չնայած Վանաձորի մասնաճյուղում եմ սովորել, բայց իմ դիպլոմի մեջ նշված է, որ հենց բուն ինստիտուտն եմ ավարտել: Ստացել եմ արվեստի կառավարման բակալավրի աստիճան: Արդեն վաթսունն անց էի, որ ավարտեցի այն:

- Ի՞նչ զգացողություններ էիք ունենում բեմ բարձրանալիս երիտասարդ տարիքում, և հիմա արդեն որպես փորձված արտիստ՝ ի՞նչ եք զգում:

-Երիտասարդ տարիքում ավելի էի լարվում, պատասխանատվությունը ավելի մեծ էր: Դե, երիտասարդ տարիքում էն փորձը, վարպետությունը չունես: Այսօր ցանկացած երիտասարդի որ լսես, էդ հուզմունքը, վախը կզգաս: Կամաց-կամաց ճանապարհ են անցնում, ինքնահաստատվում: Երիտասարդ տարիքում երգիչը ցույց է տալիս իր ձայնը, ավելի մեծ հասակում երգում է ամբողջ մարմինը՝ ոտքից մինչև գլուխ: Հիմի որ մտնում եմ փորձասենյակ, ամբողջովին մտնում եմ էդ աշխարհը, իսկ առաջ ջահել էինք, ձայններս զրնգում էր: Երիտասարդը ինչպե՞ս կարող է, ենթադրենք, երգի Ջիվանու «Ձախորդ օրերը» ու դրա իմաստը հասկանա, չի կարող: Մինչև 35-36 տարեկանը ես վախենում էի Շերամ երգել, իսկ այսօր մեծ երգացանկ ունեմ Շերամից, նաև Ջիվանի, Աղասի, Նաղաշ Հովնաթան, Սայաթ Նովա:

-Կպատմե՞ք ինչպես ծնվեց Լոռվա աշուղ Գուսան Զաքարյանի երգերի մշակման գաղափարը:

-Ես, կարելի է ասել, մոռացությունից փրկեցի Գուսան Զաքարյանին: Նրա հուղարկավորության օրը ես ինքս իմ մեջ երդվեցի, որ չպետք է թողնեմ, որ նա մոռացվի: Այսօր իմ ձայնագրությունների շնորհիվ ունենք նրա երգերի նոտագրված գիրքը, որից քսան երգը ես եմ տվել, նաև ժամանակակիցների հուշերից հավաքված նրա կենսագրությունը: Գյումրեցիները շատ են պարծենում իրենց Շերամով, բայց մենք էլ ունենք Գուսան Զաքարյան, ով գովերգում է մեր հրաշք բնությունը. Թումանյանը բառերով էր գովերգում, Գուսան Զաքարյանն էլ՝ երգով:

- Քանի՞ տարի տևեց այդ աշխատանքը:

-Շուրջ 20 տարի փնտրտուքների մեջ եղա, ինքս իմ պրիզմայով անցկացրի յուրաքանչյուր երգը: Օտար ելևէջներ կային երգերի մեջ, դրանք հանեցի, տեղեր կային` դադարներ չկային. դադարներ դրեցի: Մի խոսքով, երգերին գույներ հաղորդեցի՝ ավելի դասականին մոտեցնելով: Գունեղ երգեր են, բայց շատ դժվար կատարվող: Գիտեի՞ք, որ միակ երգը, որ գրվել է Հովհաննես Թումանյանի մասին, գրել է Գուսան Զաքարյանը: Չարենցի մասին միակ երգը, Խաչատուր Աբովյանի, շատ-շատերի մասին նա երգեր է գրել: Կուզեմ նշել, որ ինքը բնավորությամբ մի քիչ կոպիտ էր: Երբ լսում էր, որ իր երգը մի քիչ աղավաղում են, զայրանում էր, հայհոյում: Դրա համար շատերը վախենում էին երգել նրա երգերը:

-Ե՞րբ արժանացաք վաստակավոր արտիստի կոչմանը, և, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին:

- 2011թվականին արժանացա վաստակավոր արտիստի կոչմանը: Դա իմ երկար ու ձիգ տարիների վաստակն էր: Ցավոք սրտի, ես ոչ մի անգամ չկարողացա մնալ Երևանում: Մի քանի անգամ հրավիրեցին, տարան: Դարձա Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի մեներգիչ: Պատկերացրու, այդ նվագախմբում երգել են վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանը, Լևոն Իսպիրյանը, Ռուբեն Սահակյանը, Էդվարդ Դարբինյանը, Սուսաննա Սաֆարյանը և շատ հոյակապ երգիչներ: 6 ամիս աշխատեցի, շատ դժվարություններ ունեցա. չկարողացա մնալ: Մեկ-մեկ ասում եմ, որ Աստված էդ հնարավորությունը տվել ա, պետք ա մի քիչ էլ կարողություն տա: Երևանում էդ մասնագետը չկար, որ ես ձայնս մշակեի: Ես պիտի օպերային երգիչ դառնայի: Հայրս գյուղական ուսուցիչ էր, հնարավորությունը չէր ներում, թե չէ ես էլ կգնայի Իտալիա, ձայնս կմշակեի: Այսօր սրանից էլ եմ գոհ. իմ պատիվը, հարգանքը ունեմ թե որպես մարդ, թե որպես երգիչ:
Ինչ վերաբերում է կոչումներին, կասեմ, որ ժամանակ է եղել, որ ուզում էի էդ կոչումը տանել հետ տալ, քանի որ շատ մարդիկ, ովքեր ստացել են այդ կոչումը, պարզապես այդ արժանիքները չունեն: Կոմունիստների ժամանակ այդ կոչումը տալիս էին նրան, ով իրոք այդ վաստակը ուներ, իսկ հիմա ազատություն ա, անկախություն ա: Մինչև այդ կոչումը ստանալը կա հանձնաժողով, որին երաշխավորագրեր են տրվում քաղաքապետի, մարզպետի կողմից, քո ինքնակենսագրականը, երաշխավորագրեր երկուսից երեք ժողովրդական արտիստի կողմից. էդ ամեն ինչը գնում է նախարարություն: Ես ունեցել եմ հինգ երաշխավորություն: Իմ դեպքում 11տարի ձգեցին, վերջում տվեցին… Որովհետև Երևանում չեմ ապրում, դրա համար: Էստեղ մնալը, դա մեր պրոպագանդայի պակասն ա:

-Այսօր կա՞ն արդյոք շնորհաշատ երիտասարդներ, ովքեր, ըստ ձեզ, կշարունակեն ձեր գործը:

-Իմ, այսինքն տենորների գծով կասեմ, որ քաղաքում գրեթե չկան: Մի երիտասարդ ունեմ, ում հետ աշխատեցի 1-1.5 տարի: Երբ առաջին անգամ լսեցի նրան, ձայնի տեմբրը ինձ դուր եկավ, բայց, ցավոք սրտի, այսօր ինքը ուրիշ բնագավառում է աշխատում: Եթե մտնի երգարվեստ, հույս ունեմ հաջողություններ կունենա: Աղջիկներ ունենք Երգի թատրոնում, մեր անսամբլում է Հասմիկ Թորոսյանը: Ինքն էլ շատ լավ տեմբր ունի, նրա հետ շատ աշխատեցի, չարչարվեցի, պատրաստեցի նրան «Ժողովրդական երգիչ» նախագծին, բայց էդտեղ էլ թասիբներս չհերիքեց էնքան sms ուղարկեինք, որ հաղթեր: Մոսկվայում ունենք Արսեն Ալչանգյան անունով տենոր: Նրա հետ նույնպես աշխատեցի, պատրաստեցի կոնսերվատորիայի համար: Այսօրվա մեր անսամբլի տնօրենը՝ Արմեն Ներսիսյանը, նույնպես իմ աշակերտն է եղել, 8 տարեկանից թաթիկը բռնած տարել եմ երգի:

-Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք ձեր երաժշտական կյանքից:

-Իտալիայում ֆոլկլորային արվեստի փառատոնի էինք: Մասնակցում էին ութ պետություն: Ութ հատ էշ էին բերել ու դրանց պոչին գրել էին մասնակցող երկրների անվանումները: Թարսի պես մեզ մի հատ պառավ, մեջքը կռացած էշ էր հասել: Մեր տղաներից մեկը՝ Ռոբերտ Աղամալյանը, շատ ճարպիկ էր, ասացինք, որ էդ էշին նա պետք է նստի: Էս մեր էշը գնում- գնում էր, տեղ չէր հասնում: Էս տղեն երկու անգամ էշից ընկավ: Երկրորդ թե երրորդ տեղը գրավեցինք… վերջից: Դիպլոմը հանձնելուց բարձրացա, վերցրի էշի դիպլոմը տվեցի Ռոբերտին, մինչև հիմա պահում ա:
Մի դեպք էլ պատմեմ: Էլի Իտալիա էինք: Կաթոլիկ եկեղեցում պատարագ էր: Պատարագից հետո հնարավորություն են տալիս ցանկացած պետության տարազներով ելույթ ունենալ: Ուզում ես երաժշտություն միացրու, ուզում ես երգ երգիր: Բարձրացա, տղաներին ասացի դուդուկները հանեն, «Հորովելը» նախապատրաստեն: Սկսեցի երգել, դու մենակ լսեիր էդ ահռելի տաճարում ո՜նց էր հնչում: Պատվավոր հյուրերի օթյակ կար: Նայեմ` տեսնեմ նստածներից մեկը արտասուք ա թափում: Տղամարդ էր: Վերջացնելուց հետո որ հանդիպեցինք, պարզվեց տվյալ քաղաքի քաղաքապետն ա: Ձեռքի մազերը ցույց տվեց. փշաքաղվել էր: Հետո ձեռքը դրեց սրտին ու բարձրացրեց երկինք, ասաց. «էս ինչ աստվածային երգ էր»: Պատկերացրեք, օտարերկրացին յուրովի էր ընկալել այդ հրաշք երգը, սրտի նուրբ լարերին կպել էր ու ստիպել էր՝ արտասվի:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ստեփան Դալլաքյան երգիչը դարձավ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

-Շատ ժուռնալիստ ընկերներ ունեմ. Խալաթյան Սամվելը իմ քենակալն է, ընկերներիցս Գագիկ Անտոնյանը մեր, նաև բանաստեղծներ Մանվել Միկոյանը, Աթաբեկյան Գագիկը, Խորեն Գասպարյանը…Նրանք խոսում են, քննարկում են, սրա մասին գրենք, նրա մասին գրենք, մեկ, երկու, երեք, չորս… Ու էդպես տեսան, որ ես այդ ձիրքը ունեմ: Սերգո Երիցյանի մասին գրեցի, թումանյանական օրերի, Գուսան Զաքարյանի, շատ-շատերի: Եվ այդպես սկսեցի մոտենալ ժուռնալիստիկային: Մի խոսքով, մեկ, երկու, երեք, չորս, դարձա «Մաշտոց» թերթի գեղարվեստական խմբագիր… Ահագին բաներ ունեմ գրած: Տղաները խորհուրդ տվեցին, ասացին` էսքան բանը անում ես, էս մի բանն էլ արա:

-Ի՞նչն եք կարևորում լրագրողի աշխատանքում:

-Լրագրողի մասնագիտության մեջ կարևորում եմ առաջին հերթին նրա ազնվությունը: Լրագրողը պետք է ունենա սեփական կարծիք, չընկնի ուրիշների ազդեցության տակ, այսինքն, պահպանի իր սեփական ես-ը: Շատ կարևոր է անկախությունը, լրագրողը պիտի լինի անկախ. մարդիկ կան, գումարը տալիս են ու պարտադրում են իրենց ուզածով գրել: Լրագրողը պիտի պետության, ժողովրդի կողմից ապահովագրված լինի, որպեսզի կարողանա խոսի, ասի էն իրականությունը, ինչը կա:

-Մի փոքր կպատմե՞ք ձեր ընտանիքից: 

-Լավ ընտանիք ունեմ: Կինս սկզբից գծագրող-ինժեներ էր, հետո վերջին տարիներին աշխատեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանում որպես էքսկուրսավար: Երբեք չէի պատկերացնի, որ գծագրող-ինժեները կդառնա էքսկուրսավար, բայց ինքը իր վրա աշխատեց, ու նույնիսկ եղել են դեպքեր, որ այդ շրջայցից հետո ծափահարել են իրեն, իսկ հիմա արդեն թոշակի է անցել: Ունեմ երեք երեխա` երկու աղջիկ, մի տղա: Մեծ աղջիկս բժշկուհի է, Մոսկվայում է աշխատում, փոքր աղջիկս ճարտարապետ-դիզայներ է, սովորել է Միացյալ Նահանգներում, հիմա այնտեղ է, փոքրիկ տղա ունի, նրան է պահում: Տղաս ավարտել է Լենինգրադի պետական ծառայության ակադեմիան, այսօր հանդիսանում է ՎՏԲ բանկի Լոռու և Շիրակի մարզերի 18 մասնաճյուղերի տարածքային տնօրեն: Վեց թոռնիկ ունեմ, մեծ թոռնիկս Մոսկվայում տնտեսագետ է, փոքր թոռնիկս էլ երկու տարեկան է: Արդեն, փաստորեն, ոչ միայն վաստակավոր երգիչ եմ, այլև վաստակավոր պապիկ:

vardik barkhudaryan-2

Ամենաաշխույժ և ամենաիմաստուն տատիկը

Հարցազրույց Ռոզա տատիկի հետ

Ես քայլում եմ դեպի մեր գյուղի` Սյունիքի մարզի Նորավան գյուղի ամենաաշխույժ և ամենաիմաստուն տատիկի մոտ: Ռոզա տատիկը մեր գյուղի սեղանների թամադան է: Մի պահ նայում եմ և տեսնում, որ նա իրենց բակում քարին նստած է:

-Բարև, Ռոզա տատիկ: Ինչպե՞ս ես: 

-Դու լավ լինես, ես լավ եմ, այ բալա:

-Մի քիչ կպատմե՞ս քո անցյալի մասին:

-Ի՞նչ ասեմ, այ բալա: Սովի ու ցավի, տառապանքի մեջ եմ ապրել: Կյանքում լավը չեմ տեսել, ու տհե՜նց…

-Իսկ ե՞րբ տեղափոխվեցիր Նորավան:

-20 տարեկան էի, որ ամուսնացա ու մնացի Տաթևում: Հետո սովի մեջ էինք ապրում, էրեխեքին առանք ու էկանք Նորավան. ստեղ գոնե հաց ու ջուր կար…

-Իսկ ինչ-որ տեղ աշխատե՞լ ես:

-Անապատում գործ էինք անում, առաջ էստեղ գյուղ չկար, ամայի տարածք էր. կով ու ոչխար էինք պահում: Վա՜յ, մեր տեղը կտրվի…
Տատը մի պահ նայում է հեռուն ու լռում… Հետո լցնում աչքերն ու ասում.
–Ա՛յ աղջի, էլի կարտոշկան ա ջրում:

Հարևանի հարսն էր, ով շեղեց տատին իր ցավից: Ես էլ լռեցի։Հետո շարունակեցի:

-Քանի՞ հոգի եք եղել ընտանիքում:

-Հերս, մերս, քուրս ու երկու ախպերքս…

-Իրար օգնո՞ւմ էիք:

-Իրար հետ ոչխար ու կով էինք կթում: Ի՜նչ օրեր էին…

Տատի հայացքում կարոտ կար: Անասանելի մեծ կարոտ: Հետո հասկացա՝ տատի վերքերին աղ էի լցնում: Մեղավոր զգացի: Հավաքեցի մտքերս ու որոշեցի հանգիստ թողնել տատի անցած-գնացած ցավերը…

-Ծոռդ ո՞ նց ա, տատ:

Փորձեցի շեղել տատին իր մտքերից: Մի քանի ամիս առաջ տատի տանը ուրախություն էր՝ մեծ թոռանը երեխա էր ծնվել: Տատի աչքերը միանգամից փայլեցին: Արցունքների միջից շողաց երջանկության կայծը:

-Ապրես, քեզ ղուրբան… Տունս լցել ա էդ էրեխան: Ապրե՜ս…

Տատին էլի նույն աշխույժ, նույն ուրախը դարձավ:

-Շնորհակալություն, տատ ջան: Իսկ ի՞նչ կավելացնես:

-Թող ոչ մի նոր սերունդ սով ու ցավ չտեսնի. մեր նման…

Վեր կացավ տեղից: Էլի նույն ցավն էր սրտում: Թեքեց հայացքը: Ձեռքերով արագ-արագ սկսեց մաքրել աչքերը…

 

violeta mkrtchyan

Ապրում ենք զինվորի շնչով

Քեռակինս՝ Արմինե Նորվարդյանը, մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է: Ունի ենթասպայի կոչում  և Աշտարակ քաղաքի  Մուղնի թաղամասում տեղակայված զորամասում  որպես դեղատան պետ-բուժակ  է աշխատում:   Վաառողջ զինվորին առաջինը  նա է բուժօգնություն   ցույց տալիս: Քեռակինս  իմ իդեալն է: Միշտ երազել եմ նրա պես ծառայել բանակում, հագնել համազգեստ, նրա նման ուղիղ կեցվածք ունենալ:Եվ  ոչ միայն դա: Այն, ինչ կապված է զինվորական առօրյայի հետ, ես սիրում եմ: Իսկ քեռակնոջս  սիրում և հարգում եմ նաև այն պատճառով, որ մանկուց,  իր ձեռքերի մեջ եմ մեծացել: Եվ այնքան է խնամել ինձ , որ կարծում եմ,  իրեն եմ «քաշել»:

-Մանկության տարիներին, ի՞նչ ես  երազել դառնալ և ինչո՞ւ:

-Հստակ չեմ հիշում, թե ինչ եմ երազել դառնալ, բայց դպրոցական տարիքից երազում էի ուսուցչուհի դառնալ, որովհետև սիրում էի  հսկել բոլորին:

- Իսկ չափահաս տարիքում փոխվե՞ց մտածելակերպդ:

-Երբ արդեն չափահաս դարձա, փոխեցի որոշումս, և ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Դա  ավելի հոգեհարազատ էր ինձ: Ընդունվեցի Երևանի պետական բազային բժշկական ուսումնարանը և ընտրեցի մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը: Սովորում էի գերազանց, ունեի լավ առաջադիմություն: Գնացի ուսումնարան, որովհետև բժշկական համալսարանի տարեկան վարձը շատ էր, իսկ իմ ծնողների հնարավորությունը` քիչ:

-Բժշկի մասնագիտության ո՞ր կողմն է քեզ դուր գալիս և հետաքրքրում:

-Նախնական  մասնագիտությունս`մանկաբարձ-գինեկոլոգ, ինձ շատ էր  դուր գալիս: Ես, գիտակցելով, որ միանգամից երկու մարդկային կյանքի հետ գործ ունեի՝ մոր և նորածին մանկան, սովորում էի գերազանց, փորձում էի մեծ գիտելիք ձեռք բերել: Ամեն անգամ մի նոր բան սովորելուց, ես մտնում էի ավելի նոր և հետաքրքիր աշխարհ:

-Իսկ առհասարակ դժվա՞ ր մասնագիտություն է, և  ի՞նչ գաղտնիքներ է պարունակում:

-Այո՛, իմ մասնագիտությունը շատ բարդ, դժվար ու գաղտնիքներով լի մասնագիտություն է: Ես միայն տեսականը  չէի սովորում: Մասնակցում էի նաև գործնական աշխատանքներին, հիվանդանոցների ծննդատներում մասնակցում էի տարբեր տեսակի մանկաբարձագինեկոլոգիական պրոցեդուրաների:

-Ավարտելուց հետո որտե՞ղ աշխատեցիր և ինչո՞ւ:

-Երբ կրթությունս ավարտեցի, ինձ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում տեղակայված զորամասում բուժակի աշխատանք առաջարկեցին: Սկզբում, ճիշտն ասած, մի քիչ կաշկանդվեցի, բայց ընդունեցի առաջարկը:

-Ինչո՞ւ հիվանդանոցում աշխատանքի չանցար, այլ ընտրեցիր զորամասում ծառայելու և բուժակ աշխատելու գործը:

- Որովհետև հենց առաջին առաջարկը եղավ զորամասից: Իսկ առաջարկն ընդունեցի, որովհետև բացի բժշկի մասնագիտությունից, սիրում էի նաև զինվորականի համազգեստը, ճշտապահությունը և կարգ ու կանոնը: Արդեն 13 տարի է` աշխատում եմ այդ զորամասում որպես դեղատան պետ-բուժակ, և հպարտությամբ եմ կրում ենթասպայի կոչումը:

-  Աշխատանքը զինվոր տղաների հետ հե՞շտ է:

-Իմ աշխատանքային օրը շատ հագեցած է, բազմազբաղ, փորձություններով, դժվարություններով և նորություններով լի: Բացի իմ մասնագիտական հմտություններից,   անհրաժեշտ եղավ, որ զինվորական գաղտնիքներ  և հմտություններ  սովորեմ: Քանի որ  սիրում եմ իմ երկրորդ մասնագիտությունը՝ բուժակի և զինվորականի, ապա ինձ համար այն ինչ-որ առումով հեշտ է:

-Ենթադրում եմ, որ նաև սիրով ես կատարում այդ աշխատանքը:

-Սիրով եմ կատարում իմ գործը և ջանասիրաբար, որովհետև այն իմ հայրենիքի, իմ ապագայի, իմ որդիների համար է: Ամեն անգամ հիվանդ զինծառայողին տեսնելիս` սիրտս մայրական գորովանքով է լցվում, և ուզում եմ ամեն կերպ օգնել և բուժել իմ սիրելի զինվորներին: Ճիշտ է, ես զորամասում խիստ բուժաշխատող եմ, բայց հոգուս խորքում շատ նուրբ զգացմունք ունեմ, որովհետև մի քանի տարուց էլ իմ տղաներին եմ ճանապարհելու հայոց բանակ:

-Կարողանո՞ւմ  ես «լեզու գտնել» զինծառայողների հետ, երբ նրանք հիվանդ են:

-Ես միշտ էլ կարողանում եմ լեզու գտնել նրանց հետ, դա իմ բնավորության լավ գիծն է, և ասեմ ավելին, իմ զինվորները բացի իրենց առողջական խնդիրներից, ինձ դիմում են  նաև անձնական խնդիրներով:

-Քեզ ինչպիսի՞ բժիշկ ես համարում:

-Երկար տարիների աշխատանքային փորձով, մասնագիտական հմտություններով, զինվորական գիտելիքներն օգտագործելով հանդերձ,  ծառայության մեջ, ես չեմ կարող ինձ գնահատական տալ, բայց հաշվի առնելով  հրամանատարության կողմից ստացած խրախուսանքները, իմ կոլեգաների, զինծառայողների հարգանքը, կարծում եմ, որ ինձ  սիրում են, և ընդունված զինվորական բուժաշխատող եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս ապագա բուժաշխատողներին:

-Մեր ապագա բժիշկներին մաղթում եմ խաղաղ և անփորձանք ծառայություն: Ուզում եմ, որ այս մասնագիտությունը ընտրելուց առաջ լավ մտածեն, նոր կայացնեն իրենց որոշումը, որովհետև բժիշկ կամ բուժաշխատող լինելը դա վեհ գաղափար է, և մեծ պատասխանատվություն` յուրաքանչյուրի կյանքի համար:

-Ի՞նչ սպասումներ ունես ապագայից:

-Իմ սպասելիքները դրական են, լավատեսական: Ամեն  դեպքում, ես այդպես եմ ուզում: Ուզում եմ, որ լինենք ազատ, անկախ և ապրենք խաղաղ պայմաններում: Թող ոչ մի զինվորի մայր իր զավակին արցունքներով չճանապարհի,  դիմավորելու՛ց էլ, միայն ուրախության արցունքներ  լինեն: