Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

jora petrosyan

Տաղանդներին չներկայացնելը սխալ է

Չգիտես ինչու, շատերս ձգտում ենք հարցազրույց անցկացնել միայն հայտնի մարդկանց հետ, բայց  այս անգամ ես որոշեցի   ներկայացնել Դիանա Մանասյանին` տաղանդավորբայց ոչ հայտնի մի երգչուհու:

-Դիանա, սկսենք սկզբից: Ինչպե՞ս սկսեցիր քո ճանապարհը երգարվեստում:

-Իմ պատմությունը նման չէ մյուսների պատմությանը։ Ես չեմ  երգել 4 կամ 5 տարեկանում։ Երգարվեստ մուտք գործեցի, երբ 10 տարեկան էի, իմ սիրած երգչուհուն՝ Ադելին նմանակելով։   Այնպես ստացվեց, որ մեկնեցի ճամբար: Մի առավոտ  ընկերներիս համար երգում էի Ադելի «Rolling in the deep» երգը:  Ջոկատավարներից մեկը, պատահմամբ, տեսել էր ինձ երգելուց, և երեկոյան, երբ ամեն մեկս ներկայանում էինք մեր կարողություններով, ջոկատավարը խնդրեց, նույնիսկ ստիպեց,  որ երգեմ այն երգը,  որն առավոտյան լսել էր։  Դե, իհարկե չէի կարող հրաժարվել, որովհետև  ջոկատավարն էր ասում։  Ես` կարմրած ու հուզված, սկսեցի երգել, ու ինձ թվում էր, թե այնքան վատ եմ երգում, որ վերջում ծաղրելու են ինձ, ու սենյակի ապակիները կոտրվելու են: Իրականում տեղի ունեցավ   հակառակը: Ես ծափահարությունների և գովեստի խոսքերի արժանացա։

 -Այդ ճամբարային երեկոն ինչ-որ բան փոխե՞ց  քո կյանքում:  

-Այդ պատմությունից անցել են տարիներ, ու հիմա ես ծննդավայրիս՝ Վարդենիսի եկեղեցում մենակատար եմ:  Մենակատար եմ նաև Վարդենիսի հ.1 երաժշտական դպրոցի Ժողովրդական նվագարանների անսամբլում։ Անցած տարի գերազանցությամբ ավարտեցի  դաշնամուրի բաժինը: Հետո որոշեցի ժամանակս անտեղի չանցկացնել և  մեկ այլ երաժշտական գործիք ուսումնասիրել։ Հիմա սովորում եմ կիթառ նվագել, զուգահեռ ուսումնասիրում եմ նաև ջութակն ու քանոնը:   Հետագայում, եթե զբաղվածությունս էլ ավելի չմեծանա, այլ գործիքներ էլ կուսումնասիրեմ:

-Իսկ ապագայի ի՞նչ ծրագրեր ունես: 

-Ցանկություն ունեմ կրթությունս շարունակել կոնսերվատորիայում։ Առաջին մասնագիտությամբ ուզում եմ  վոկալիստ-երգչուհի դառնալ։
Ի դեպ, երբ  կոնսերվատորիա ընդունվելու մասին խոսում եմ ընկերներիս,  ծանոթներիս հետ,  նրանք ասում են,  որ ամեն ինչ  զուր է,  քանի որ Վարդենիսում չկան համապատասխան մասնագետներ,  ովքեր կպարապեն նախքան կոնսերվատորիա ընդունվելը։ Բայց այնտեղ սովորելու ցանկությունս այնքան մեծ է, որ պատրաստ եմ  Երևան հասնել։

-Հուսանք, որ կկատարվի քո այդ մեծ երազանքը:

-Գիտե՞ք, իրականում ես շա՜տ երազկոտ եմ։  Բայց  երազանքներիս,  որպես երազանք չեմ նայում։  Փորձում եմ դրանք դարձնել նպատակ և հասնել այդ նպատակներին։

-Իսկ  կա՞  երազանք, որը քեզ անիրականանալի է թվում:

-Թերևս մի երազանք. երգել բրիտանացի երգչուհի Ադելի հետ նույն բեմում։  Ունենալ գործիքային և վոկալային բենդ, Վարդենիսում բացել վոկալի դպրոց.  սրանք առաջ երազանքներս էին, բայց այժմ   նպատակ են ինձ համար,  որոնք պետք է անպայման իրագործեմ:

-Իսկ երաժշտությունից բացի, այլ հետաքրքրություններ ունե՞ս: 

-Կարող եմ ասել, որ արդեն հմտացել եմ  հաղորդավարության ասպարեզում։ Անցած տարի մասնակցության հայտ լրացրեցի  «TEDx kids Yerevan» 2015-ի համար։ Ամեն ինչ շատ պատահական և հապշտապ ստացվեց։  Չհասցրի հստակեցնել թեման, և ընդհանուր առմամբ, այդ մրցման մասին այդքան էլ տեղեկացված չէի։  Թեմաս երգ-երաժշտությունն էր, բայց չանցա հիմնական կազմ:  Ես ընդհանրապես նահանջել չեմ սիրում,  այդ պատճառով մասնակցության հայտ լրացրի նաև այս տարի։ Քանի որ  ցանկություն ունեմ որպես երկրորդ մասնագիտություն, ընտրել հոգեբանությունը, որոշեցի  «TEDx kids Yerevan»-ում հանդես գալ «Մարդկային հոգեբանությունը և ժեստերի լեզուն» թեմայով: Այս տարի նախընտրական փուլը դժվարացել էր, մասնակցության հայտերը շատ էին՝ 500-ից ավելի: Պետք է ընտրվեր ընդամենը 25-ը։ Հուրախություն ինձ`ընտրվեցի: 

-Քո կարծիքով, հետաքրքի՞ր էր այդ թեման լսարանի համար:

-Թեմաս ժեստերի մասին էր: Մի քանի օրինակ բերեմ: Օրինակ, բոլորս գիտենք, որ  բութ մատը վեր պարզած ժեստը շատ տարածված է։ Իսկ տեղյա՞կ եք, որ   տարբեր երկրներում այն  տարբեր կերպ է մեկնաբանվում։  Օրինակ` ամերիկյան հասարակության մեջ, դա ճանապարհին մեքենա կանգնեցնելու ժեստն է:  Միմյանց դիմաց պահելը նշանակում է,  որ ամեն ինչ հիասքանչ է,  իսկ այ, Հունաստանում այն հայհոյանք  է համարվում, և շատ դեպքերում  օգտագործվում է աշակերտներին կամ ուսանողներին լռեցնելու համար։ Իսկ ծխելու ձևը կարող է շատ տեղեկություններ հաղորդել այն մասին,  թե ինչպես է վերաբերվում անհատն իր կյանքին. երբ ծուխը փչում է դեպի վեր,  նշանակում է,  որ  կյանքն իրեն դուր է գալիս,  եթե ներքև՝ վատատեսորեն է տրամադրված, եթե ուղղահայաց է փչում,  նշանակում է,  որ   իր կյանքում ամեն ինչ հավասարակշռված է։

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր նոր-նոր են մուտք գործելու երաժշտական աշխարհ: 

-Որպես հոգով  ամուր անձնավորություն, ով կարողացել է բարդ ուղի անցնել, մինչև երգարվեստում որոշ  չափով հաստատվելը, այս խորհուրդը կտամ. միշտ վստահեք ձեր ուժերին,  եղեք պայքարող,   փորձեք գտնել ելքեր` ձեր ուժերը բացահայտելու համար,  երբե՛ք մի նահանջեք,  քանի որ երգարվեստն ունի շատ բարդ ուղի,  որտեղ  կարող ես արդյունքի հասնել միայն աշխատասիրությամբ և համառությամբ։

Դիանան ինքն էլ այս նշանաբանով է առաջնորդվում, և հուսով ենք, անպայման մի օր նա կհասնի իր նպատակին:

Meri Antonyan

Անցած դարակեսին

Դեռ փոքր հասակից միշտ սիրել եմ լսել մեծ տատիս համով-հոտով պատմությունները՝ համեմված գյուղական բարբառով։ Ինձ հաճելի է եղել թեկուզ մի քանի ժամ անձայն լսել նրա կյանքի ամբողջական պատմությունը, կյանքի կարևորագույն պահերն ու հիշարժան իրադարձությունները։ Երբեմն նույնիսկ մեջս միտք է առաջացել գրքի տեսքով գրի առնել նրա բոլոր զրույցներն ամենայն մանրամասնություններով։ Ու հիմա վերջապես առիթ է ընձեռվել գրի առնել դրանցից մեկը։ Ստորև զետեղված է իմ ու իմ մեծ տատիկի՝ 83 -ամյա Ռոզա Մելիքյանի զրույցը։ 

-Տատ ջան, մի քիչ կպատմե՞ս ձեր գյուղից։

-Մերի ջան, մըր գյուղը, տեսի, ամենաառաջ, որ ես արդեն դպրոցական էրեխա էի, խելքս արդեն մի որոշ բան էր հասնըմ, ծնողներս ուզըմ էին գնան, դե գյուղից ռայոն են գնըմ, որ ռայոնից իրանց ինչ որ պետք ա, մինչև անգամ նավթ ա, դես ա, դեն ա, սաղ ընդեղերքից էին բերըմ: Դե գյուղում ի՞նչ կա. գյուղումը կարտոլ կար, հացահատիկ կար, գյուղի պայմանները դրանք էին, որ գնըմ էին, ասըմ էին` գնըմ ենք Դաստափյուռ, մըր ռայոնը ամենաառաջ եղել ա Դաստափյուռի շրջան, գյուղ Զագլիկ։ Մի որոշ ժամանակից հետո, որ արդեն հասել եմ 5-րդ, 6-րդ դասարան, արդեն մըր գյուղը, մըր ռայոնը փոխվել ա Խանլարի ռայոն։ Մի էրկու տարուց հետո արդեն Խանլարի ռայոնն էլ ա հեչ ըլել, բերել են Դաշքեսանի ռայոն՝ Քարհատ։ Էդքան բանը լավ եմ գիդում։

Մընք սովորըմ էինք, մընք լավ էինք սովորըմ, բայց պայմանները մըր, գյուղի պայմանները, ճանապարհները լավը չէին. ավտո չկար, ձիով էինք գնըմ ուրիշ տեղերից բան-ման բերըմ, դրա համար էրեխեքն էլ  էդքան ոչ լավ էին հագնըմ, ուտելը, դե հմի, ինչ-որ տեղ աշխատըմ էին, ուտըմ էին: Ով կարըմ էր, կով էր պահըմ, ոչխար, խոզ… Ապրըմ էին։ Բայց մընք, արդեն որ հասա 8-րդ դասարան, պտի 9-ը, 10-ը վերջացնեի, խելքս շատ էր հասնըմ: Մինչև էդ, ես որ գյուղից դուրս եմ եկել, մըր գյուղումը լույս գոյություն չի ունեցել, իսկ որ հանկարծ ցերեկը գնացել ենք դաշտերումը կարտոշկա ենք հավաքել, գործ ենք արել, անասունների համար խոտ ենք հավաքել, որ գալիս էինք, դպրոցում չէինք հասցնում, պտի սովորենք, չէ՞: Լույս չկար, ուշ ենք եկել: Ի՞նչ պետք ա անենք: Դրա համար պեչկը վառըմ էին, փետը վառըմ էին, ով որ ինձ նման խելքը հասնըմ էր, որ ուզըմ ա գնա, գյուղիցը դուրս գա, ավելի լավ սովորի, լավ մարդ դառնա, պեչկի դուռը բաց եմ արել շատ վախտ, նստել եմ ու կարդացել եմ ինչ գրքեր որ տվել են։

Դասատուները ոչ մեկն էլ ինիստուտը ավարտած չէր, բոլորը տեխնիկում, թերի բարձրագույն կամ երրորդ կուրսից եկած, ինչքան որ հնարավոր էր, աշխատըմ էինք սովորենք: Մընք  սովորըմ էինք, մեկը՝ ես։ Հա, շատ լավ էի սովորըմ, մըր դասարանի առաջին էրեխեն էի, խելքս հասնըմ էր, սովորըմ էի։ 

-Իսկ ե՞րբ ես Երևան տեղափոխվել։

-1950 թվին։ Էդ ա, էդ ժամանակ իմ ընկերուհու հերը մըր դպրոցի ռուսերենի դասատուն էր, իրա աղջիկն էլ իմ հետ առաջին դասարանից մինչև տասը իրար հետ վերջացրել ենք: Արդեն մընք պետք ա մըր պասպորտները հանենք, գնացել ենք Դաշքեսան՝ մըր ռայոնը, մինչև անգամ մըր գրասենյակում (կանցելար էինք ասում), որ թուղթ պետք ա տան, թե երբ ենք ծնվել, որ տանենք ռայոնից ծննդական հանենք, անգամ էդ էլ իրան կարգով չեն տալիս: Կա ոչ, ուրիշի, մի էրեխա մահացած ա ըլնում, նրա տեղն ա… Ինձ մի տարով մեծի, (ես իսկական 33 թիվ եմ, ինձ 32 թվով) տվել են։ Տվել են, գնացել ենք Դաշքեսան, էրկու օր գնացել ենք-եկել, որ էդ թուրքերը մըր ծննդականը տան, որ ծննդականի վրա էլ պասպորտ ունենանք։ Գյուղացուն հո պասպորտ չէի՞ն տալիս: Էլի տեղեկանքի պես թուղթ էր, որ գնըմ ենք սովորելու: Էդ տեղեկանքը պիտի ունենայինք, որ գյուղից թույլ են տվել գնանք սովորելու։ Վերջը, մի կերպ էդ տեղեկանքը վեր ենք ունըմ, գնըմ ենք, դառնըմ ուսանող։ Գյուղի էրեխեք … Ճիշտ ա, հայոց լեզու, մյուս  առարկաները լավ եմ սովորել, բայց ռուսերենը… Թուրքերենն անգամ լավ եմ սովորել, ես արդեն տասներորդ դասարանում ադրբեջաներեն էի խոսըմ, բայց ռուսերենը խոսըմ էի, էսօր Մանեն (քույրս է) ա ասըմ. «Տատիկ ախր, ես էլ եմ ռուսերեն խոսում, բայց գրելուց տառասխալներ եմ անում»: Մենք վաբշե հայերենըմ էինք տառասխալներ անըմ, որովհետև մերը բարբառ էր, գյուղի բարբառը, հա, քերականություն էինք անցնըմ, բայց մին-մին «փ»-ի տեղը «ֆ» էինք գրըմ, «ք»-ի տեղը մի ուրիշ բան … էդ ձևով, էլի։ Համենայն դեպս ավարտեցինք, ավարտեցինք-գնացինք (ծիծաղում է)։ Գնացինք  (Երևան): Հիմի մընք գյուղի գնացած էրեխեք ենք, քաղաք ես գնըմ, տանըմ են, օրինակ, որ թղթերը պետք ա տանք, նայըմ ենք շրջապատին: Դե ավելի շատ քաղաքի էրեխեքն են: Նրանք արդեն քաղաքի հագնված են: Մըզ համար էլ շոր են կարել, մի էրկու շոր ունենք, հա, կոշիկ են առել, բայց քաղաքի տեսք չունի, էլի. կոշտ-կոպիտ, չկար էլ, որ գնայիր խանութներից առնեիր: Էն վախտ էդքան ազատ չէր ամեն ինչը: Չկար, որ ինչ ուզես, էն էլ առնես-հագնես։ Հըմի մենք անհարմար ենք զգըմ մեզ: Ես ու ընկերուհիս ենք իրար հետ, իրա հերն ա մըզ տարել Երևան: Նայըմ ենք կողքներիս, մըր շորերը վոլտից (չիթ) կարած բարակ շորեր են, կոշիկներն էլ` ղորդան-ղորդան… Ու անհարմար ես զգըմ, ինչքան ուզըմ ա դու նրանցից կիրթ ըլես գիտելիքով, բայց նրանք ուրիշ են, մընք` ուրիշ, մենք քաշվըմ էինք։ Հիմի մեզ ով տարել ա, Արմիկի (ընկերուհին) հերը, մըզ ասըմ ա` ընենց տեղ ընդունվեք, որ շատ երկար չմնաք Երևանում, հինգ տարի չմնանք, երկու տարի: Այսինքն մենք պետք ա սովորեինք  ռուսական երկամյա ինիստուտ, որ գնանք գյուղումը կամ, ասենք, քաղաքումը տարրական դասարանների դասատու որպես։ Դե, մենք էլ իսկի համալսարանների ոչ հաշիվը գիտենք, ոչ տեղը, թե գնանք համալսարան: Ինձ որտեղ տային, էնքան ռուսերենը գրավոր չեղներ, ես ամեն տեղ էլ կանցնեի։ Բայց ըտե տարել են ռուսական էդ ինիստուտը, քառամյա էլ կա, մըր բաժինը երկամյա էր։ Աշխարհագրությունս հանձնեցի չորսի (մատները հերթով ծալելով՝ հաշվում է), լեզուս հանձնեցի իրեքի, գրականությունս ընգել էր Մաքսիմ Գորկու «Մայր» վեպը, համ հայերեն էի լավ սովորել, համ ռուսերեն, ըտե էլ որ ռուսերեն սկսեցի պատմել, մի քիչ երևի վերջավորությունները լավ չէր ըլում, ընդունող դասատուն ասավ`  հլա հայերեն պատմի։ Դե, հայերեն պատմեցի վեպի վերլուծությունը, չորս ստացա։ Բայց մինչև էդ ռուսերեն գրավոր էինք գրել, մըզ ասեցին՝ գյուղից եկածները եթե էն մնացածը լավ տան, գրավորը երկուս էլ լինի, կընդունենք։ Իմ ընկերուհին հենց առաջինից կտրվեց, բայց ես իրեքն էլ ստացա, գրավորն էլ գրեցի` էրկուս էր։ Որ արդեն քննությունները տվել էինք, պրծել, ես արդեն նենց ա, որ ընդունված եմ, էլ չեմ մտել տեղեկանք վեր ունեմ, որ ընդունված եմ, ինձ վեր կալան, տարան Վարդոանց (տատիկիս քույրն է) տուն, Քանաքեռ էր ապրում։ Ընկերուհուս հերն էլ տանըմ ա թղթերը տալիս ա կոոպերատիվ  տեխնիկում տասի բազայի վրա, հատուկ պլանային բաժին։ Պա՛հ, ես էլ ճամփա եմ պահըմ, ամսվա վերջին, պտի գամ, հանրակացարան ստանամ, որ թուղթ տան, որ գնամ սովորեմ։ Քիրս գալիս ա տենա՝ ընդունվել եմ, էդ հանրակացարանի համար թուղթ վերցնի, մեկ էլ քիրս գալիս ա, ասըմ ա. «Քու ազգը չկա, դու ընդունված չես»։ Ուրեմն քառամյայի ուսանողները, որ չեն անցել կամ ցածր աչոկներ են ստացել, դրանց սաղ բերել են երկամյայի, ու էն, ով որ էլ երկուս ա ստացել մեզ նման, նրանց էլ դուրս են թողել (ժպտում է)։ Իմ փեսեն պադպալկովնիկ էր։ «Բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք, բա էդքանից հետո ուղարկե՞նք գյուղ, տհե ո՞նց կըլի: Բան չկա, դե, Արմիկը ընդե սովորըմ ա, տանենք, քո թղթերն էլ տանք»։ Տհե տանըմ են, դե առանց քննության ա։ Համա դե ժամանակն անց ա կացել, բայց փեսես որ պադպալկովնիկ էր, ի՞նչ ա արել, ո՞նց ա արել, ընդունել են։ Ես էլ պլանային բաժնում սովորեցի։ Ընդունվել եմ, սովորել եմ, շատ լավ եմ սովորել, թոշակը ստացել եմ, մի հետ էլ ա կտրվել չեմ թոշակից: Էէ՜՜, էրկու տարի սովորել եմ, էրկու տարին էլ լրիվ թոշակ եմ ստացել։

-Իսկ որտե՞ղ էիք ապրում։

-Մըզ Բաղրամյանի վրա սենյակ տվեցին։ Թումանյանի տունը սարքել էին մեզնից մի քիչ ներքև։ Ավետիք Իսահակյանի տունն էլ էր Բաղրամյանի վրա, գնալ-գալուց միշտ տենըմ էինք, որ Իսահակյանը ցիլոյով, Դեմիրճյանը, ախր մեկ էլ էն գրականագետը, անունը չեմ հիշում, փոքր մարդ էր, կանգնում նայում էինք, թե ոնց են զրուց անելով, փետը ձեռին անցնում։

-Դու որևէ տեղ աշխատե՞լ ես։

-Ինձ ուղարկեցին Քանաքեռ՝ շրջանային սպառողական կոոպերացիայի գրասենյակ՝ որպես պլանավիկ։ Մի տարի աշխատեցի, մյուս տարի ամուսնացա։ Էս տունն առանք, էկանք ստի (Վանաձոր), էլ գործի չգնացի, ոնց որ, էն որ ասած՝ գյուղիցը փախա, որ գամ քաղաքումը ապրեմ, մըկ էլ նորից էկա գյուղ, մաքուր գյուղ էր, տո մինչև հմի էլ հլա ոնց որ գյուղ էղնի։

-Տատ, Ադրբեջանում կրթությունն ինչպե՞ս էր։

-Ադրբեջանում մընք հայի պատմություն չենք անցել։ Մընք ոչ մի հայկական բան էլ չենք անցել։ Մընք հայկական պատմությունը հայ պատմավեպերից ենք մի քիչ կարդացել, մեկ էլ, որ էկել եմ տեխնիկումում սովորելու, ինձ հայ ժող. պատմություն ընդե են տվել, որ մի թիք սկսել եմ իմանալ։ Նոր պատմություն, Ռուսաստանի պատմություն, աշխարհի պատմություն, բայց հայ ժող. պատմություն չկար, գոյություն չի ունեցել։ Դրա համար ուզըմ էինք դուրս գանք, բոլորս էլ ուզըմ էինք։ Օրինակ՝ ինձ բախտ վիճակվեց, ես դուրս էկա, իմ քիրն ընդեղ էր, պայման կար գնալու։ … Բոլորն են գնացել, միթամ հիմի մարդ կա՞ ընդեղ։

-Ո՞ր շրջանում է եղել ձեր գյուղը։  

-Մըր տարածությունը Սահակ Սևադայի, կարդացել՞ ես Սահակ Սևադայի մասին (գլխով եմ անում), նրա տարածությունն ա էղել, էէէ՜… Կիրովաբադից բռնացրած, Կիրովաբադի հալալ կեսը հայ, հայի չաստ, թուրքի չաստ կար, բայց դե կարացին էլի հայերին դուս անեն։ Բաքուն հայերը ստեղծեն, հայերին դուս անեն,  տհե ո՞նց կըլի։

-Ձեր գյուղում պատերազմական լարվածություն զգացվե՞լ է երբևէ։

-Խանլարը Կիրովաբադին կպած էր։ Ըտեղ լեմսեր էին ապրըմ, նեմեցի գյուղ էր, լեմսեր էինք ասըմ։ Որ պատերազմը դեռ կիսատ էր, արդեն 42-43 թվերն էին, արդեն Գերմանիան առաջ էր գալիս, ըտեղի հրամանատարներց մեկը էդ Խանլարի գերմանացիներին տեղահան ա անըմ, որ հանկարծ, ասենք, նեմեցը գա, սրանք պաշտպանեն ոչ նրանց։ Էդ ժամանակ մեր գյուղացիք, հարևան գյուղացիք, ում խելքը որ հասավ, շուտ գնաց դրանց տների մեջը մտավ, առանց փողի, գնացին ապրեցին, դառան քաղաքացի։

Անընդհատ ահուվախի մեջ էինք։ Որ նենց բան էր էղնըմ, որ նախագահն ուզում էր գյուղի ժողովրդին հավաքեր, ժողով աներ, թե սկսում ենք, օրինակ, խոտհարքը, սկսում ենք հունձը, որ ամենքը գիդենան, հատուկ մարդ կար, կուրիեր էին ասում, կանգնում էր ամենաբարձր տեղը ու ձեն էր տալիս. «Ա՜ ժողովուրդ, լսեցե՜ք…»։ Որ լսելու էղնեն, դպրոցի զանգը տալիս էին։ Որ հանկարծ զանգը տալիս էին, ժողովրդի սիրտը կանգնըմ էր, թե էս ի՞նչ ա պատահել, թուրքը վրա՞ ա տալիս։ Այ տհե վախելու բաներ կար։ Բայց դրանից առաջ էլ ա էղել: Բա սաղ թուրքեր են չորս կողմը, մեջտեղը` մեր գյուղերը։  Մըհել ես տենըմ նրանց անասունները ընգել են մեր կոլխոզի արոտների մեջը, չոբանները սկսըմ են կռվիլը, կամ պահողները՝ ղուրուղչին։ Ըտհե էլ են կռիվ անըմ թուրքն ու հայը։

Մըր ռայոնը միշտ էլ հայ կառավարիչ ա ունեցել։ Եթե առաջին քարտուղարը հայ չի եղել, երկրորդը անպայման հայ ա ըլել։ Բայց եթե հանկարծ թուրք ա ըլել ու հանկարծ հային մը թիքա  պաշտպանել ա, չէ՞, սպանել են իրանց թուրքին, որ հայամետ ա, հայերին պաշտպանըմ ա։ Դրա համար էլ ժողովուրդը էնա փախավ ու փախավ…

-Ապրես, տատ ջա՜ն։ 

Ինձ համար իմ օրվա լավագույն մեկ ժամն էր՝ տատիս կենդանի ու կենսատու խոսքով ուղեկցված։ 

Hasmik galstyan

Օձ բռնողը

Մենք ապրում ենք Արարատի մարզի Մասիս գյուղում՝ Արարատյան դաշտում: Այստեղ շատ շոգ է, ու լիքը օձ ու մողես կա, բայց ոչ մեր բակում: Տատիկս պատմում է, երբ փոքր էր, իրենց տանը օձ է եղել: Ամեն առավոտ տան մուտքի դռան վերևից մի օձ էր կախվում: Երբ ինչ-որ բան էին ուզում բերել, որ սպանեն կամ ինչ-որ մեկին են փորձել կանչել, օձը փախել է ու թաքնվել ինչ-որ տեղ:

Երկար ժամանակ փորձել են սպանել օձին, բայց չի ստացվել: Տատիկիս ծնողները՝ Օլյա տատը և Մաթևոս պապը, օձ բռնող են կանչել: Այդ կինը սկսել է ինչ-որ ձայներ հանել, սուլել, բայց օձը դուրս չի եկել: Հետո այդ կինը ջուր է խնդրել: Ջրի վրա ինչ-որ աղոթքներ է ասել, ու այդ ջուրը ողջ տնով մեկ պտտել և հեռացել: Հաջորդ օրը օձը չի հայտնվել: Եվ այդ օրվանից հետո մեր բակում օձ չի հայտնվել:

Ես այդպես էլ չիմացա, թե ինչ էր օձ բռնողի անունը: Բայց տատս պատմում է, որ հատուկ շնորհք է ունեցել: Ասում են նրա գործը շարունակում է նրա ծոռներից մեկը: Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ էր խոսել «օձ բռնողը», բայց չնայած շոգ եղանակին, մեր բակում օձեր չկան:

Syuzi Qosyan

Թատրոնը որպես խանդոտ կենդանի կամ` ընտրություն թատրոնի և ընտանիքի միջև

Զրուցակիցս պապիկս է՝ Մելս Սարգսյան՝ դերասան, քիմիագործ, ընտանիքի հայր ու պապ՝ իմ պապ: Այսօր համարձակվեցի հետը խոսել նրա երկու սերերի ՝ ընտանիքի ու թատրոնի մասին: Հետաքրքիր էր իմանալ իր ամենամեծ սիրո մասին:

-Պապ, մի քիչ պատմիր թատրոնի մասին:

-Թատրոնը անմահ է: Կինոն կարող է մահանալ, կրկեսը կարող է մահանալ, բայց թատրոնը անմահ է: Նույն ձևով էլ հավերժ կյանք ունի պարը: Թատրոնում խոսքով են արտահայտվում, պարում՝ շարժումներով: Թատրոնում ամեն մի ռեժիսոր ունի իր ոճը, ամեն սցենարիստ՝ իր գրելու ձևը: Դերասանները թատրոնում երկու ձևով են խաղում: Մեկը դերասանություն է անում, մյուսը իր կյանքն է խաղում:

-Ու՞մ է հանդիսատեսը ավելի շատ սիրում. Նրան, ով դերասանությո՞ւն է անում, թե՞ նրան, ով կյանքն է խաղում:

-Հանդիսատեսը սիրում է կյանք խաղացողին: Էդ ձև եղել են Հրաչյա Ներսիսյանը,  Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը: Նրանք համարվում էին բեմի հանճար, որոնք երկար ճանապարհ անցնելով, հասել են էն բանին, ինչ-որ պետք է եղել իրենց ազգին:

-Քո ամենասիրելի դերասանը ո՞վ  է:

-Ճիշտ է, Հրաչյա Ներսիսյանին համարում են հոյակապ դերասան, բայց իմ ամենասիրած դերասանը Փափազյանն է:

-Ի՞նչ դերեր ես խաղացել թատրոնում:

-Դե Սուրեն եմ խաղացել: Միքայել եմ խաղացել: Ու սենց էլի…

-Ո՞ր ներկայացումն ես շատ սիրում, որի մեջ խաղացել ես:

-Իմ ամենասիրելի դերը եղել է, երբ վեց տարեկան էի: Առաջին անգամ բեմ էի բարձրացել: Դա «Նոր տուն» պիեսն էր: Երկրորդը` «Փոքրիկ լամա» չինական ներկայացումն էր: Մեծ ժամանակ հաճույքով խաղացել եմ «Խաթաբալայում», «Պատվի համարում»:

-Ո՞ր ժանրն ես ամենաշատը սիրում:

-Ամենից շատ ես սիրում եմ կատակերգություն: Կատակերգությունը դա մի հոյակապ բան է, որ հաճույք է պատճառում հա՛մ հանդիսատեսին, հա՛մ դերասանին: Կար մի պիես, կոչվում էր «Սա իմ տեղը չէ», շատ հետաքրքիր ու շատ լավ կոմեդիա էր: Դա մեծ հաճույքով էի խաղում: Հենց կուլիսներից մտնում էի բեմ, ժողովուրդը կանգնած էր դիմավորում ու նենց օվացիա էր լինում, որ երբ արդեն սկսում էի խոսել, ժողովուրդը ազարտի մեջ ընկած ծափ էր տալիս:

-Եղե՞լ է դեպք, որ երբեք չես մոռանա:

-Ուրեմն, մենք խաղում էինք «Պատվի համարը»  ու հրավիրեցինք Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանին, որ նա մեզ օգնի բեմադրելու համար:  Եկավ, ու փորձի ժամանակ մեր ռեժիսորը ինձ ուղղություն տվեց, ասաց. «Մելս ջան, ցավդ տանեմ, թենց մի արա, այ սենց արա»: Մեկ էլ Աճեմյանը ընդեից. «Աշոտ, դրան չխանգարես, նա իր ա կյանքն ա խաղում»:

Դա նենց ոգևորություն էր: Տենց խոսքեր, էն էլ Աճեմյանից…

-Մինչև քանի՞ տարեկանն  ես եղել թատրոնում:

-Մինչև 28 տարեկան: Իմ վերջին ներկայացումը տվել եմ իմ նշանդրեքիս առաջին օրը: Դրանից հետո որպեսզի խելքը գլխին ընտանիք կազմեմ,  թողեցի թատրոնը: Վերջին  ներկայացումը խաղացել ու ասել եմ. հաջողություն, ես գնացի:

-Չէր կարելի՞ համադրել թատրոնը և ընտանիքը:

-Ոչ: Բեմը և ընտանիքը, դրանք անտանելի խանդոտ կենդանիներ են: Բեմը անտանելի ձգողական ուժ ունի: Մարդիկ կան, որ չեն հրաժարվում բեմից: Ուրեմն, էն մարդը, որ ուզում է նորմալ ընտանիք ունենա, պիտի հեռանա բեմից: Էնքան-էնքան մարդիկ են եղել, որ հեռացել են ընտանիքից, մարդիկ էլ կան, որ իրենց խաղընկերների հետ են եղել: Շատ դժբախտություններ են եղել թատրոնում:

-Ինչպե՞ս ես ընտանիքդ պահել թատրոնից հրաժարվելով:

-Ես ընտրեցի աշխատանքի մի ճյուղ, որ դժվար էր էն ժամանակ Հայաստանում: Բյուրեղացման արտադրամասում սկսեցի աշխատել՝ սկսեցի որպես աշակերտ ու վերջացրեցի բաժնի վարիչով: Դրա գծով շատ եմ ճամփորդել: Եղել եմ Շվեյցարիայում, Չեխոսլովակիայում:

-Իսկ թատրոնո՞վ:

-Թատրոնով… Հայաստանում տեղ չի եղել, որ չգնամ:

Ահա այսպես, ստացվեց, որ պապիկիս ամենամեծ սերը ընտանիքն էր։

Չնայած ով էլ կասկածեր…

 

laura manukyan

Սոլակն ու իմ նախնիները

Դեռ մանուկ հասակից ինձ հետաքրքրել է իմ ընտանիքի պատմությունը, գյուղի անցյալը: Որտեղի՞ց են արդյոք եկել նրանք և ինչպե՞ս հասել իմ գյուղ՝ Սոլակ: Եվ այդ պատճառով այսօր որոշել եմ  հարցազրույց անցկացնել իմ պապիկի՝ Դավիթ Մանուկյանի հետ:

-Բարև, պապ: Գիտե՞ս, երբ ես փոքր էի, կարծում էի, որ դու ու քո պապերը հենց եղել եք Սոլակից, բնիկ գյուղացի:

-Բարև,  թոռնիկս: Իրականում դա այդպես  չէ: Մեր գյուղը ստեղծել են մեր նախապապերը` բնակվելով այստեղ: Նրանք 1827 թվականին եկել են Մուշի Ջուջան գավառից, այսինքն՝ գաղթել են:

-Հետաքրքիր է,  պապ: Լավ, հիմա ինձ ասա, թե ի՞նչ հանգամանքներ կային, որոնք դրդեցին գաղթել Մուշից:

-Պարսիկները այդ ժամանակ հալածանքներ էին հասցնում հայերին, տանջում էին: Իսկ մշեցիները այդ հալածանքներից փրկվելու համար ստիպված գաղթում են:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հասան այս կողմերը ու սկիզբ դրեցին գյուղին:

-Թափառելով այս ու այն կողմ, վերջապես Հրազդանի կիրճը կարծես դուր եկավ մեր պապերին, ու նրանք հաստատվեցին Սոլակում, որը սկզբում ծավալվում էր Հրազդան գետի ձախ ափին: Հետագայում, մեծացնելով իր սահմանները, գյուղը դարձավ այսպիսին՝ մեծ ու հարուստ:

-Պապ, մի հարց էի մոռացել: Իսկ ինչո՞ւ է մեր գյուղը Սոլակ կոչվում:

-Դե, երբ հասան Սոլակ, թագավորը դարձավ Ցոլակը: Նրա անունով այն սկզբում կոչվեց Ցոլակակերտ, ապա Ցոլակ, և վերջապես հնչունափոխությամբ` Սոլակ: Գեղեցիկ է, չէ՞ հնչում:

-Շատ, պապ: Մի այսպիսի հարց էլ: Մյուս գյուղացիները գաղթել են Ալաշկերտից, Էրզրումից, Վանից, բնականաբար, գյուղում կան տարբեր ազգանվամբ մարդիկ: Ինչպե՞ս են կոչում այդ ազգանվամբ մարդկանց:

-Ասեմ, գյուղում կային ու կան տարբեր տոհմեր, որոնք սերվել էին իրենց նախապապերից: Ես կասեմ մի քանիսը. «Բավոյի գայլեր» (մեր ազգը)- սերվել են Գալուստ պապից ու իր սերունդներից, «Վռշիկներ»-սերվել են Ռշտունիներից, «Ջաթեյի ու Բռսալոյի ազգերը»- խոշոր ազգեր են, «Գսպեի ազգ»- սերվել են Գասպար պապից:

-Պապ, իսկ ինչո՞ւ մեր ազգը կոչվեց «գայլերի ազգ»: Միգուցե մենք ուժե՞ղ էինք, դրա՞ համար : Ի՞նչ կապ ունի գայլը մեզ հետ:

-Չէ, ջանս: Հիմա կպատմեմ պատմությունը: Գալուստ պապը, լինելով մեծահարուստ, ուներ ոչխարների հոտեր, որոնց խնամում էին  քուրդ  հովիվները: Երբ հովիվների պայմանագրի ժամանակը լրանում է, գնալուց առաջ նրանք գտնում են 5  գայլի ձագ, կտրում են նրանց պոչերն ու ականջները: Երբ ձագերը մեծանում են, բոլորը մտածում են, թե դրանք շներ են: Այդ գայլերը առանց հալածվելու անում են իրենց սև գործը. հոշոտում են ամեն պատահած ոչխարի: Հետո Գալուստ պապը ունենում է 5 որդի, որոնք չեն վախենում ոչ մի բանից: Մեծանալով դառնում են գայլերի նման ուժեղ ու հաստատակամ: Պատժում են նրանց, ովքեր վատ արարք են թույլ տալիս: Այդ անվախության և քաջության համար  ժողովուրդը նրանց անվանում է «Բավոյի գայլեր», իսկ Գալուստի որդիների անուններով  առաջացան մեր ազգանունները:

-Պապ, սկզբնական շրջանում ինչո՞վ էիք  զբաղվում: 

-Սկզբում բոլորը զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ:  Հետագայում  երկրի զարգացմանը զուգահեռ փոխվեց մեր առօրյան, կյանքը: Սկսեց գործել  շինարարությունը: Մեր հայրերը  տիրապետեցին մեխանիզմներին, դառնալով մեխանիզատորներ: Իսկ ես ինքս,  պոլիտեխնիկը ավարտելուց հետո, աշխատել եմ աշխղեկ, տեղամասի պետ, այնուհետև ջրմուղկոյուղում`  տեղամասի գլխավոր ինժեներ, հետո անցել թոշակի:

-Իսկ ինչպիսի՞ն  է գյուղը այսօր:

-Առաջ երեխաները խաղում էին  դրսում մինչև գիշերվա կեսը: Իսկ այսօր երեխան չգիտի` ինչ է  պահմտոցին, հավալան, հալամուլան և այլն: Համակարգիչը երեխային կտրել է ամեն ինչից: Այսօր գյուղում ստեղծվել է  կոոպերացիա, որը հոգ է տանում գյուղատնտեսական աշխատանքների մասին: Ժամանակի ընթացքում զարգացել է մեղվաբուծությունը, այգեգործությունը, որոնք գործում են մինչ այսօր, ընդարձակվել է վարելահողի տարածքը: Զարգացել է մշակույթը իր մեծ մշակութային  պալատի շնորհիվ, որը չես գտնի  Հայաստանի ոչ մի մարզում:

Mariam barseghyan

Քաղաքը, դպրոցը և մեր խնդիրները

Զրույց Վանաձորի Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանի հետ

-Ի՞նչ խնդիրներ եք նկատել մեր քաղաքում, որոնց վրա կցանկանայիք ուշադրություն հրավիրել:

-Խնդիրները շատ են, և բոլորն էլ լուծման կարիք ունեն: Օրինակ` գործազրկությունը, որն իր հերթին առաջ է բերում արտագաղթի խնդիրը,  ճանապարհների անբարեկարգ վիճակը, վթարային շենքերի ապագան,  էկոլոգիական աղտոտումը և այլն: Այս թեմաներին շատերն են անդրադառնում, բայց ես ավելի շուտ կցանկանայի խոսել այն խնդիրների մասին, որոնք կարծես թե ուշադրության չեն արժանանում, բայց ոչ պակաս հրատապ լուծման կարիք ունեն:  Օրինակ՝ այդպիսի խնդիր է մեր քաղաքի՝ Վանաձորի կանաչապատումը: Գաղտնիք չէ, որ Վանաձորը խոնավ քաղաք է: Ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք կանաչապատման աշխատանքներ կատարելիս համապատասխան մասնագետների հետ խորհրդակցո՞ւմ են՝  որտեղ է պետք կատարել այդ աշխատանքները, որտեղ, ընդհակառակը, պետք չէ: Առաջին հայացքից  ծառ  տնկելը շատ լավ գործ է, բայց տնկելու վայրը պետք է նպատակահարմար լինի: Շատ եմ  նկատել,  որ որոշ անհատներ հենց շենքերի մոտ՝ անմիջապես առաջին հարկի պատուհանի առջև,  ծառ են տնկում: Արդյո՞ք այդ ծառը,  փակելով արևի շողերը,  օգուտ է տալիս առանց այն էլ խոնավ տանը ապրող բնակչին:  Սկզբում  ծառը,  իհարկե,  չի անհանգստացնում, որովհետև փոքր է: Բայց այն աճում է և ժամանակի ընթացքում փակում  առաջին հարկի պատուհանը, հետո` երկրորդինը: Չեմ կարծում, թե պետք է գերակայությունը տրվի կանաչ  ծառին, ոչ թե բնակչին: Խնդիրն այն է, որ կանաչապատումն  իրականացվում է ոչ  ճիշտ վայրում, իսկ այնտեղ,  որտեղ իրոք պետք է,  ծառ չկա:

Կա նաև մեկ ուրիշ խնդիր: Շատերը  իրենց չպատկանող հողամասերը անօրինական դարձնում են իրենց սեփականությունը: Սկզբում ծառ են տնկում, հետո այդ ծառի տակ ոչ կարգին վիճակում գտնվող նստարան են դնում, հետո՝  սեղան,  և արդյունքում այդ տարածքը վերածում են թղթախաղի հավաքատեղիի: Մի՞թե դա գեղեցիկ է: Ծառ տնկելը շատ լավ գործ է, բայց նույնիսկ բարի գործ անելու համար, եթե դա քո տարածքը չէ,  պետք է համապատասխան  կառույցի հետ համաձայնեցնել: Մեր քաղաքի դեպքում,  կարծում եմ,  դա քաղաքապետարանն է: Օրինակ՝  մեր դպրոցի մոտ կա մի փոքր  տարածք, որտեղ մոտակա շենքի բնակիչները տնկել են ծառ, որի տակ շարունակ հավաքվում են տարիքով  տղամարդիկ, կարելի է ասել՝ կիսամերկ վիճակում, և սկսում են թղթախաղ խաղալ: Հաջորդ օրը այդ նույն վայրում  նույն ձևով նստում են մեր աշակերտները: Ընդամենը մեծերի մի արարքով մեր՝  ուսուցիչներիս տված դաստիարակությունը հօդս է ցնդում: Հնարավոր է՝  չնչին բան է թվում, բայց այս մանրուքները ազդում են մեր երեխաների վարքագծի վրա:

Կցանկանայի խոսել նաև դպրոցներ կամ այլ ուսումնական հաստատություններ տանող ճանապարհների մասին, որոնց մի մասը  կենտրոնական փողոցներ չեն: Այդ ճանապարհները քաղաքապետարանի  ուշադրությունից , թվում է, դուրս են մնացել: Պետք է ուշադրություն դարձնլ  նաև այն բանին,  թե  ուսումնական հաստատությունների կողքին ինչ ապրանք է  վաճառվում, որքանով է  նպատակահարմար այդտեղ առևտուր անելը: Որոշ վայրերում վաճառքը  պետք է սահմանափակվի կամ ընդհանրապես արգելվի:

-Համաձայն եմ Ձեզ  հետ: Կարծում եմ,  Ձեր նշած վերջին խնդիրը վերաբերում է Վանաձորի թիվ 6 դպրոցին, որովհետև նրա շրջակայքում առևտրականները միշտ շատ են: Իսկ ի՞նչ կասեք իմ հասակակիցների, այսինքն՝  դպրոցականների խնդիրների մասին:

-Կրթության հետ կապված, կարծում եմ,   հիմնական խնդիրն   այն է, որ երեխաները չունեն սովորելու  մոտիվացիա: Հաճախ երեխաները չեն սովորում ոչ թե նրա համար, որ ունակությունները չեն ներում, այլ որովհետև չունեն մոտիվացիա: Չեն գիտակցում,  թե ստանալիք  կրթությունը իրենց  որտեղ է պետք գալու: Պատճառն այն է, որ միայն դպրոցի դաստիարակությամբ չէ, որ  ձևավորվում է  անձի արժեքային համակարգը: Երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա  ազդում են  նաև միջավայրը, ընտանիքը, հեռուստատեսությունը, համացանցը: Երբ  տվյալ անձը չի ցանկանում սովորել,  ուսուցիչը,  որքան  էլ լավը  լինի,  չի կարող սովորեցնել: Սովորելու ցանկության վրա ազդում է նաև այն, որ ուսումնական ծրագրերը պարունակում են տարբեր առարկաներից  բավականին մեծ տեղեկատվություն, որոնք  հետագայում երբևէ պետք չեն գալիս: Երեխաների համար ուսումը հնարավորինս պետք է լինի պրակտիկ,  պետք է հասկանան՝  որտեղ է այդ գիտելիքը իրենց  պետք գալու:

-Դպրոցի շենքը  ի՞նչ խնդիրներ ունի, արդյոք  ունի վերանորոգման կարիք:

-Մեր դպրոցը չունի ցանկապատ, դպրոցի տարածքը, կարելի է ասել, զատված չէ շրջապատող բակերից և փողոցից, ինչի արդյունքում բնակիչները հաճախ տարածքը օգտագործում են որպես մեքենաների կայանատեղի, հաճախ էլ աղտոտում  կենցաղային աղբով, որոշ բնակիչներ էլ իրենց համար «բոստան» են ստեղծել՝ առաջացնելով  խնդրահարույց վիճակներ:

Մենք գտնվում ենք սեյսմիկ գոտում, իսկ մեր շենքերը,  որոնք,  իհարկե, նոր չեն կառուցվել,  չեն համապատասխանում  նորմատիվային պահանջներին: Այսինքն՝  անհրաժեշտություն կա կամ  նոր մասնաշենքեր կառուցելու, կամ  հինը վերակառուցելու: Իսկ դա հսկայական միջոցներ է պահանջում. դպրոցը իր սեփական ուժերով չի կարող նմանատիպ խնդիրները լուծել:  Ինչ  վերաբերում է նրան, որ դպրոցի շենքը խնամված լինի, պահպանվեն  նմանատիպ ծախսերը,  դպրոցը, կարծում եմ, ինքը  կարող է հոգալ, և դպրոցների մեծամասնությունը հոգում  է:

Բայց կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք  դպրոցը չի կարող լուծել: Օրինակ՝ դպրոցը չունի ոչ հանդիսությունների, ոչ էլ սպորտային դահլիճ, ճաշարան, նորմատիվային պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ:

Շատ եմ կարևորում խաղահրապարակների առկայությունը: Կարծում եմ՝  բաց խաղահրապարակը ավելի արդյունավետ է, որովհետև այն օգտագործվում է նաև ամռան ամիսներին, երբ դպրոցում դասերը ավարտված են: Չնայելով այն փաստին, որ մեր դպրոցը չունի խաղահրապարակ,  թաղամասի երեխաները ամռանը այստեղ են խաղում: Հետևաբար,  խաղահրապարակը տարվա ընթացքում կօգտագործվի մոտ 8-9 ամիս, քանի որ  գարնան և աշնան ամիսներին, եթե անգամ  դպրոցը սպորտդահլիճ էլ ունենա, այնուամենայնիվ ֆիզկուլտուրայի դասերը դրսում են անում:

-Իսկ ի՞նչ կասեք դպրոցի ջեռուցման մասին:

-Դպրոցը ջեռուցելու համար ֆինանսական խնդիր չունենք : Թե մեր, թե մյուս դպրոցները կարողանում են ջեռուցման սեզոնին ապահովել սահմանված ջերմաստիճան: Ավելին, շատ երեխաների համար դպրոցն ավելի տաք է, քան տունը: Այլ խնդիր է՝ ինչով, ինչպես ենք ջեռուցում դպրոցը: Մեր դպրոցը դեռևս ջեռուցվում է գազի վառարաններով, որոնց գործածությունը այնքան էլ անվտանգ չէ:

՞նչ կցանկանայիք փոխել կրթական համակարգում:

-Կարծում եմ,  հիմնական դպրոցներում նպատակահարմար կլիներ ավելացնել այն առարկաները, որոնք աշակերտին ավելի  գործնական գիտելիքներ, հմտություններ են տալիս: Այսինքն՝  այնպիսի առարկաներ, որոնք աշակերտներին  կնախապատրաստեն ինքնուրույն կյանքին: Գաղտնիք չէ, որ շատ աշակերտներ, հիմնականում տղաները,  9-րդ դասարանը դեռ չավարտած,  սկսում են աշխատել: Դպրոցը պետք է աշակերտներին տա այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց հետագայում նաև  իրենց աշխատանքի մեջ:

Պապիկիս սարքած խաղահրապարակը

Պապիկս շատ հետաքրքիր անձնավորություն է: Պապիկիս հմուտ ձեռքերը կարող են վերանորոգել, սարքել տանը փչացած կամ կոտրված յուրաքանչյուր իր: Մի օր առավոտյան արթնացա ու դուրս եկա բակ, աչքերիս չէի հավատում, փոքրիկ եղբայրներիս համար «խաղահրապարակ» էր սարքել: Ու ես էլ կատակով ասացի. «Փողով կաշխատացնեմ»:

Ծիծաղեց ու ասաց, որ էլի է բաներ ավելացնելու կիսատ «խաղահրապարակին»: Ու երևի հավեսը կորավ, որովհետև դեռ ոչինչ չի ավելացրել: Բայց երեխաները ամեն օր խաղում են մեր փոքրիկ կիսատ «խաղահրապարակում»:

Սա էլ պապիկիս փոքրիկ «գյուտը», բայց ես համոզված եմ, որ նա դեռ շատ «գյուտերի» հեղինակ կդառնա…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Պապիս եղբայրը սիրում է մականուններ դնել

Շատ մարդկանց, հասարակության մեջ, ընտանիքում, դպրոցում, ինչու չէ, նաև աշխատանքի վայրում, բացի իրենց սեփական անուններից, դիմում  են նաև այլ, մի ուրիշ անունով։ Երևի գուշակեցիք, որ խոսքս մականունների մասին է։ Այդ փոխարինող անունները սովորաբար կնքում են մեզ շրջապատող մարդիկ` հաշվի առնելով տվյալ մարդու  բնավորությունը, կազմվածքը կամ շարժուձևը։ Շատ անգամ լսած կլինեք «գիտունիկ» կամ  «ճուտ» պիտակները, որոնք ինձ թվում է ամենատարածվածրից են։  

Պիտակ դնելու հատկություն ունեցել է պապիկիս եղբայրը։ Ասեմ, որ նրա դրած պիտակները բոլորովին նման չեն մեզ ծանոթ ու մեր իմացած այն բոլոր պիտակներին, որոնց մենք միշտ առնչվում ենք շրջակա միջավայրում, թեկուզ և հենց ընտանիքում։

Այժմ ձեզ  կներկայացնեմ մի քանի շատ տարօրինակ հնչող պիտակներ, որոնցով պապիկիս եղբայրը կնքել է իր, եղբայրների ու քրոջ երեխաներին։

Հորս «անունը»  Իդրիս էր, հարազատ հորեղբորս՝ Հենդիբադ, իսկ մյուսինը՝ Համզո։ Ի դեպ, սրա հետ կապված մի բան ասեմ։ Հայրս պատմեց, որ իրենց գուղում Համզագուդան անունով մի ուժեղ մարդ է ապրել, ու քանի որ հորեղբայրս էլ էր ուժեղ եղել, այդ պատճառով Համզո են ասել։ Մյուս հորեղբորս անունը Կբո է եղել,  մյուսինը՝ Մոստոլ։ Համաձայնվեք, որ շատ կրեատիվ է։

Սա շատ զվարճալի ու հետաքրքիր է ինձ համար։ Կուզենայի ինձ էլ այս պիտակների նման մի անհեթեթ անուն դնեին, որ ես էլ չհասկանայի ինչո՞ւ և ի՞նչ պատճառով։

hripsime vardanyan

Ավստրուհի տատիկս

Փոքր տարիքից մինչ հիմա ինձ ասում են, որ ես նման եմ իմ ավստրուհի տատիկին: Այն ժամանակ չէի հետաքրքրվում, թե ով է նա, և ինչով եմ նման նրան: Ինձ հետաքրքրեց` տատիկս իրո՞ք եղել է ավստրուհի, թե նրա բնավորության ինչ-որ գծի համար են իրեն ավստրուհի ասել: Միակ մարդը, ով տեղյակ էր ամբողջ պատմությունից, դա իմ հորեղբոր կինն էր: Դե լավ, սկսենք պատմությունը: 

Իրադարձությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայրիկիս Հրաչ պապիկը գնում է պատերազմ: Կռվի ժամանակ վիրավորվում և գերի է ընկնում Ավստրիայում: Նրան և մյուս վիրավոր գերիներին տանում են հոսպիտալ: Հոսպիտալի բուժքույրերից մեկը նրան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վիրակապերը փոխելու ընթացքում զրույցները և հարցուփորձերը բուժքրոջը ստիպում են պապիկիս տեղափոխել իրենց տուն: Դժվարությամբ, բայց նա կարողանում է դա անել: Բուժքույրը  պապիկիս ծանոթացնում է իր աղջկա հետ: Այդ աղջիկը իմ տատիկն էր՝ իմ Մարիա տատիկը: Նրանք սիրահարվում են: Ինչ որ ժամանակ անց որոշում են ամուսնանալ: Սակայն երկրի կառավարությունը հրաման է արձակում, ըստ որի բոլոր գերիները պետք է աքսորվեն երկրից: Մարիա տատիկս որոշում է իր ապագա ամուսնու հետ հեռանալ: Նրանք գնում են ԱՄՆ, այնտեղ ապրում են որոշ ժամանակ, հետո վերադառնում են Հայաստան: Այստեղ ապրում են մոտ քառասուն տարի: Քառասուն տարի անց տատիկս որոշում է այցելել իր հայրենիք: Սակայն մերժում է ստանում, երկիրը նրան չի ճանաչում որպես քաղաքացի: Այսպես նա ստիպված է լինում  ամբողջ կյանքը անցկացնել և մահանալ առանց վերջին անգամ հայրենիքը տեսնելու:

Ահա այսպիսի հուզիչ պատմություն դուրս եկավ ավստրուհի տատիկիս պատմությունը:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ելենան՝ Կուրթանից

Գյուղում առավոտյան արթնանալիս կլսես ծիտիկների ներդաշնակ ճռվողյունը, կտեսնես ծառերի ու թփերի վրա ծանրացած առատությունը ու կզգաս գյուղի ողջ թարմությունը։

Սովորական օրերից մեկն էր, և սովորականի պես ես ու մորաքույրս նստած հաճելի զրույց էինք անում, երբ տուն մտան մորաքրոջս հարևանուհիները՝ մայրն աղջկա հետ։ Նրանք սկսեցին խոսել առօրյա գործերից, լավ ու վատ լուրեր հայտնել միմյանց, պատմել սեփական խնդիրրներն ու փնտրել դրանց լուծման ուղիները։  Մենք էլ մեր հերթին «ջահելներով» առանձնացանք ու մի շատ հաճելի զրույցի բռնվեցինք։

Ելենա Մինասյանը, ում հետ էլ հենց ծավալվեց իմ զրույցը, ապրում է Կուրթան գյուղում: Նրա հետ ես այսօր զրուցել եմ գյուղում ապրող երիտասարդների, նրանց կյանքի ու առօրյայի մասին:

-Ելենա, ո՞նց է անցնում երիտասարդների առօրյան էստեղ ՝ գյուղում։

-Դե, ընդհանրապես դպրոց գնալու ժամանակ դասերից հետո հիմնականում միջոցառումների ենք պատրաստվում, փորձեր ենք անում  ու բացի այս, ունենք «Ինփակտ» երիտասարդական ակումբը. դրան ենք հաճախում։ Ես դրա երիտասարդ լիդերն եմ. դե, ինձ էլ են նախապատրաստել առաջնորդության դասընթացների ժամանակ։ Ճամբարների էլ եմ եղել, ծանոթ եմ նրանցլիազորություններին։ Հա, մոռացա նշել, որ World Vision-ի հովանավորությամբ է  ստեղծվել այս ակումբը։ «Ինփակտ»-ով շատ ծրագրեր ենք անում գյուղի համար ու պատրաստվում ենք անել։

Ես ինքս աշակերտական խորհրդի նախագահ եմ, բայց չեմ կարողանում աշակերտականի էրեխեքի հետ ծրագրեր անել, ավելի շատ «Ինփակտ»-ի էրեխեքով ենք անում, որովհետև իրենք ավելի ակտիվ են, քան նրանք, ովքեր աշակերտական խորհրդի անդամ են։ Հատուկ այս ակումբի համար  վերանորոգված սենյակ ունենք դպրոցում, բայց կցանկանայինք տեղափոխվել, որ խուսափեինք որոշ խնդիրներից։

-Հա, դասերից հետո մնալու հետ կապվա՞ծ։

-Դե, այո:

-Լավ, իսկ ի՞նչ տարիքի էրեխեք են ընդգրկված այդ  ակումբում։

-Մոտ տասներեքից տասնյոթ տարեկան։

-Իսկ դո՞ւ քանի տարեկան ես։

-Ես` տասնչորս եմ։

-Հետաքրքիր է, տասնչորս տարեկան ես ու արդեն առաջնորդ: Ասացիր, որ ծրագրեր եք իրականացրել։ Կպատմե՞ս մի քիչ։

-Առաջինը վերանորոգել ենք գյուղի այգին, իսկ երկրորդը կարիքավոր, հաշմանադամ երեխաներին ներառել ենք համայնքային ծրագրերում, միջոցառումներ ենք կազմակերպել Նոր տարվան ընդառաջ, վերջում էլ նվերներ ենք տվել։  Ի դեպ, Ստեփանավանից երկու հաշմանդամ երեխա էլ կար, որ մի քանի ամիս սովորեցին գյուղի դպրոցում։

-Իսկ ո՞վ հովանավորեց այդ ծրագիրը։

-Դե, մի մասը՝ նվերները, գյուղապետը, իսկ մնացած նյութերը՝ թղթեր խաղերի հետ կապված և այլն՝ World Vision- ը։

-Այդ ծրագրերը դուք մենակ ե՞ք անում։  Ձեզ ո՞վ է օգնում։

-Մեզ հետ լիդեր է աշխատում, որը մեզ շատ է օգնում։ Ընդհանրապես մենք երեք լիդեր ունենք, բայց մեզ հետ մեկն է աշխատում։

-Ինչո՞ւ հենց մեկը ։

-Դե, մեկը դպրոցում ուսուցիչ է, մեկն էլ վերապատրաստման է հիմա։

-Շատ լավ է, որ այդքան ակտիվ եք։ Իսկ հետագա ի՞նչ ծրագրեր ունեք գյուղում անելու։

-Մեկը նորարարական ծրագիր է։ Էդ մրցույթ է, որին մենք պետք է ներկայացնեինք այնպիսի ծրագիր, որպիսին դեռ չէր եղել։ Մենք ներկայացրինք ու զբաղեցրինք առաջին տեղը։

-Շատ լավ։ Ու ի՞նչ  ծրագիր էր։

-Մենք նախագծել էինք քարանձավային պատկերասրահ։ Քարանձավներում էինք ցանկանում իրականացնել, բայց չգիտեմ, երևի չենք կարող, որովհետև դրան պետք է ուրիշ տեղերից մարդիկ լինեին, ու կարող էր այնպես ստացվել, որ չկարողանային մտնել կամ հասնել գյուղի քարանձավներ։ Դրա համար որոշեցինք գյուղում ավելի հարմար տեղ իրականացնել։ Մենք գյուղում ունենք չճանաչված, բայց տաղանդավոր արվեստագետներ.  իրենց նկարներն ենք նախատեսել պատկերասրահին ներկայացնել։

-Շատ հետաքրքիր բան եք մտածել, իսկ մյու՞սը։

-Մյուս ծրագիրը «Ինփակտն» է իրականացնելու՝ «Փոքր համայնքի մեծ խնդիրները» խորագրով։ Ուզում ենք վահանակների վրա փակցնել գյուղի խնդիրներն ընդգրկող լուսանկարներ։ Օրինակ՝ դեպի Հնեվանք տանող ճանապարհը այդքան էլ բարեկարգ վիճակում չէ կամ խախտված ջրագծերը։ Եթե ծրագիրը հաջողվի, Ստեփանավանում ու Վանաձորում էլ կանենք։

-Իսկ որտե՞ղ եք ցուցադրելու այդ վահանակները։

-Դե, հավանաբար գյուղի մարդաշատ վայրերում:

-Լավ, իսկ արձակուրդների ընթացքում ինչո՞վ եք զբաղվում։

-Դե,  արձակուրդների ընթացքում էլ ամառային ճամբարներ ենք կազմակերպում, ամռան վերջին էլ բակային ճամբարի փակում ենք անում։ Օրինակ՝ անցյալ տարի World Vision-ը նյութեր էր տրամադրել՝ գնդակ, բադմինտոն. շատ լավ անցավ։ Նույնիսկ ուրիշ տեղերից էլ են էրեխեք լինում, իրենք էլ են  շատ ուզում մասնակցել։ Ես ջոկատներից մեկի ջոկատավարն էի ու նաև կազմակերպիչը ընդհանուր ճամբարի։

-Իսկ քանի՞ հոգի եք լինում մի ջոկատում։

-Սովորաբար տասնհինգից քսան հոգի, եթե ոչ ավել։

-Ինչքա՞ն է տևում այդ բակային ճամբարը։

-Մի շաբաթ, բայց մենք անցյալ տարի երկարեցրինք, մեկ ամիս տևեց. էրեխեքը շատ էին հավանել։

-Կարելի՞ է մասնակցել մի անգամ։ Այս տարի անելո՞ւ եք։

-Էս տարի մի քիչ զբաղված եմ քննություններով ու էլի շատ հարցերով, բայց ինձ թվում է՝ կհասցնենք։

Մոռացա ասել, որ ունենք նաև շահերի պաշտպանության խմբակ։ Որոշել ենք մի քանի ծրագիր իրականացնել։ Ունենք  աղբահանության ու դպրոցի բուֆետի խնդիրներ։ Գրադարանի համար գույք ենք ստացել, գյուղապետարանն էլ տեղ է հատկացրել։ Որոշել ենք մի օր գնանք վնասված գրքերը վերանորոգելու։ Աղբահանության համար մի օր էլ կհավաքվենք աղբահանություն կկազմակեպենք, ու ինձ թվում է, կլուծվեն էդ հարցերը։ Բուֆետի հարցն էլ մի քիչ լուրջ է, տեսնենք՝ ի՞նչ ենք անելու։

-Այդքանն էլ, որ արել եք ,շատ լավ է, ապրե՛ք ։

Ու շարունակեցինք խոսել շատ ու շատ թեմաներից և չհասկացանք էլ, թե ինչպես թռավ ժամանակը։