Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

astghik hunanyan

Վարք Նարեկի

Ոչ ամանորյա շնչով բարևներ, ո՞նց եք, երկար ժամանակ է՝ չէի գրում։ Դե, ոչ թե սովորականի պես հավես չունեի, այլ գործերն էին խեղդում։ Հաստատ մտածում եք, որ եկել եմ էլի մի բանից բողոքեմ ու էլի ուղիղ մի ամիս կորչեմ։ Չկռահեցիք, էս անգամ պիտի գովեմ մեկին։ Իսկ այ, ո՞ր մեկին, կիմանաք մի քիչ ուշ։

Դեկտեմբերն էն ամիսն է, երբ մի խղճուկ հայացք ես նետում տարվա սկզբին, որ տեսնես՝ էդ տարում ի՞նչ արեցիր, ի՞նչ թողեցիր ու ինչքա՞ն փոխվեցիր։ Առաջին երկու հարցի մասին ավանդույթը չխախտելով՝ ուղիղ մի ամսից կխոսեմ (կատակեցի, 30 օրից ուշ կլինի արդեն, ես 29 օր հետո կխոսեմ), իսկ այ, երրորդ հարցն էն հարցն է, ինչի համար նորից գրում եմ։ Դե, մարդկանց փոխվելուն շատ բան կարող է նպաստել՝ եղանակը, հանգամանքները, կեղտոտված հագուստը, բայց մեծ հաշվով՝ մարդիկ են փոխում մարդկանց։

Այս տարի ինձ էլ մի մարդ փոխեց, ու պատկերացրեք՝ դեպի աջ (դե, դրական, էլի)։ Էն որ ասում են՝ դրական ու բացասական լիցքերն իրար ձգում են, չի ասվում, որ հետո դոմինանտը իր նման է դարձնում ռեցեսիվին, բայց ես ասում եմ, որովհետև նման մի բան էլ ինձ հետ է եղել։ Մի 1500 տարի առաջ էլ Կորյուն անունով մի աշակերտ ինձ նման նստեց, նստեց ու հասկացավ, որ պիտի իր ուսուցչի՝ Մաշտոցի կենսագրությունը գրի, ու հետո էդ ձանձրալի ստեղծագործությունը կոչի վարք (թե բա՝ սրբերի կենսագրություն)։ Ես ոչ մի սրբի մասին չեմ գրելու, իմ «սենսեյ»-ը հասարակ մահկանացու է՝ առանց սրբի պսակի, հա ու ոչ էլ իր մասին եմ գրելու, իմ նյութն այն մասին է, թե ինչպես ես փոխվեցի մեկի ազդեցության տակ։ Էդ «մեկին» դուք շատ լավ գիտեք, վերնագրից էլ երևի արդեն հասկացել եք, որ Նարեկն է, Բաբայանը, մալիշկեցին, էն 17-ցին՝ ամենասիրուն ունքերով ու ամենահավես ժպիտով։

Մի օր (էդ մի օրը 2017 թվականի փետրվարի չեմ հիշում որ օրն է) սովորականի պես մտա չաթ՝ «Մագեր», որ տեսնեմ՝ ինչ կա-չկա։ Բան չկար։ Էսօրվա պես հիշում եմ, է, սկսեցի «մեսինջերի» ֆուտբոլը խաղալ, մեկ էլ տեսնեմ՝ մեկը 170 միավորով ռեկորդ է խփել, մինչդեռ ես 5-ից ավել միավոր չէի կարողանում հավաքել: Դասական հետաքրքրասերին վայել՝ չաթում հարցրի ռեկորդակրի մասին ու իմացա, որ մի Նարեկ կա, ու որ էդ Նարեկի մասին լեգենդներ են պտտվում։ Վերջ։

Մեկ էլ մի օր էդ չաթի կորած-մոլորած Նարեկը որոշում է վերադառնալ հին ու բարի «մագեր»: Էդպես ծանոթանում ենք, սկսում շատ շփվել, մինչև անգամ դառնում ենք մոգական պատերազմում դաշնակիցներ, «մտքի բլոտ»-ի լավ ընկերներ։ Իրար հետ մոտ մի ամիս վիրտուալ շփվելուց հետո մի անգամ, ու ի դեպ՝ առաջին անգամ, ատամնաբուժարանում տեսնում ենք իրար։ Ես՝ նախկին հիպերկոմպլեքսավորված անձնավորությունս, սկսում եմ էնքան ամաչել, որ կողքին կանգնած՝ ձևացնում եմ, թե չեմ տեսել։ Ինքն էլ գաղտնի նկարում է ու հիմք դնում մեր սեզոնային գաղտնի նկարահանմանը։ Մի կլոր շրջան հենց իրար տեսնում էինք, պիտի գաղտնի նկարեինք, դա օրենքի նման մի բան էր՝ կոմպլեքսներս հաղթահարելու առաջին փուլը։ Դե, կամաց-կամաց էլ չէի ամաչում։ Հետո սկսեցի իր բառերով խոսել, հասկացա, որ կյանքի իմաստը ցանկացած իրավիճակում «օկ» կամ «հեհե» ասելն է, մտածելակերպս փոխվեց, աշխարհայացքս, սկսեցի հասարակը, պարզն ու հինը սիրել ու դրանց մեջ տեսնել կյանքի իմաստը։ Ձևամոլությունն ու պերճամոլությունն էլ արմատախիլ եղան միջիցս։ Էն «բա ամոթ չի՞» արտահայտությունն էլ թշնամացավ հետս էն դեպքում, երբ լեքսիկոնիս կարևոր արտահայտություններից մեկն էր։ Ասենք՝ հարցնում էր՝ կուզե՞ս 17-ի թղթակից դառնալ, ու ես պատասխանում էի՝ բա ամոթ չի՞։ Ամոթ եմ անում, որ էդպիսի ճղճիմ մտածելակերպ եմ ունեցել։ Երկար մտորելուց ու «չէ, ամոթ չի» մտածելակերպին հասնելուց հետո վերջապես դարձա 17.am-ի թղթակից։ Նարեկը սովորեցրեց, թե ինչպես ճիշտ ու հավես գրեմ նյութերը, որ պաթոսով գրելուս ու փիլիսոփայելուս վերջ տամ։ Չգիտեմ՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց սկզբից, որ նյութեր էի ուղարկում՝ կարդար, ասում էր՝ շատ լավ ա, երբ իրականում ահավոր վատ էին ստացվում, ու ես ոգևորվում էի ու շարունակում գրել, մինչև իսկապես սկսեցին նորմալ ստացվել։ Հիշո՞ւմ եք, մի նյութ եմ գրել 17-ի՝ ինձ փոխելու մասին, եթե մի քիչ անկեղծ լինենք՝ Նարեկն ինձ արդեն իսկ փոխել էր, դե, իսկ Նարեկին փոխել է 17-ը, ստացվեց, որ ինձ էլ է էս մոգական կայքը փոխել։ Հետո Նարեկն իր քայլերով հասկացրեց, որ կյանքի իմաստը միլիոն հատ անկապ, դեմքը փակ սելֆիների մեջ չի, ու որ բնական տեսախցիկից լավը չկա։ Նարեկից սովորեցի, թե որն է իսկական ընկերությունը, ինչն էլ ահռելի չափով անդրադարձավ իմ ու մոտ ընկերուհուս՝ Մարիամի վրա (էդ էս տարվա ամենամեծ ձեռքբերումներիցս էր)։ Նարեկը դարձավ իմ մոտիվացիան, ամբողջ մի տարի ոնց որ մրցակցության մեջ լինեի հետը։ Համ էլ լավ զրուցակից է, ինչից ուզես՝ կարող ես հետը խոսել, օրինակ՝ ունքերից, ունքերից, էլի ունքերից, ուղիղ ունքերից, հանած ունքերից, մի խոսքով՝ շատ թեմաներ կան։ Մի շրջան էլ կար, երբ գիշերները հենց օնլայն չէր լինում, պիտի պարտադիր գրեի ու օրս վերլուծեի, կիսվեի, ոնց դու արջուկիդ հետ կխոսես՝ ամենայն անկեղծությամբ ու ինչից ասես։ Դա օգնում էր սեփական սխալները վելուծել ու ուղղել դրանք։ Ու հետո էլ ո՞վ առավոտյան համբերատար կկարդար միլիոն հատ նամակ, եթե ոչ սենսեյ Շպակլին (դե, Նարեկը, էլի)։ Մի խոսքով՝ հասանք նրան, որ ես հիմա ուղղակի ատում եմ նախկին Աստղիկի նման մարդկանց։ Ապրես, եղբայր, ազգը քեզ չի մոռանա։

narek babayanՀ.Գ. Ասում եմ՝ Նար, քեզ ե՞րբ էին էսքան գովել։

hasmik givargizyan

Չնահանջեք

Դպրոցում մեր առաջ սահմաններ են դնում, սովորեցնում, որ այդ սահմանները երբեք չպետք է խախտվեն, ու մենք միշտ պետք է հիշենք, թե որտեղ է աշակերտը, որտեղ՝ ուսուցիչը:

Երեկվա պես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ դպրոցում այդքան հայտնի կենսաբանության ուսուցչուհին մտավ մեր դասարան ու սկսեց ծանոթանալ մեզ հետ: Առաջինը ես էի: Դեռ բերանս չէի բացել, նա ասաց.

-Անիի քույրի՞կն ես:

-Հա:

-Նմանեցրի: Անիի պես կանգնեցիր: Հուսամ՝ իր պես լավ կսովորես:

Այսպես ես զգացի ինձ վրա պարտավորություն՝ լավ սովորելու մի առարկա, որին մասնակի էի ծանոթ: «Ուժեղ կին է»,- այդպես էի մտածում նրա մասին, ու դեռ հետո պիտի շարունակ համոզվեի դրանում: Մեր առաջին հանդիպումից անցել է չորս տարի, իսկ իմ կարծիքն էդպես էլ չի փոխվել: Բայց փոխվել են փոխհարաբերություններն ու նրա կարգավիճակը: Հիմա նա մեր դասղեկն է, ու որ ամենակարևորն է՝ մեր ընկերը: Մենք չունենք սահմաններ ու կարիք՝ նրանից հեռու մնալու, մենք ունենք անսպառ սեր ու հարգանք նրա հանդեպ: Նեղանում է, երբ ասում եմ՝ տղամարդ կին եք, բայց, ախր, էնքան դժվարություններ է տեսել, որոնք մենակ է հաղթահարել: Գիտեք՝ հե՞շտ է 11-րդ դասարանի տղաների հետ լեզու գտնել, փախչել դասարանի հետ դասերից՝ իմանալով, որ պատասխանատվությունն անխուսափելի է, հե՞շտ է բոլորի առաջ պաշտպանել սխալ գործածներիս, իսկ մենակ մնալով՝ խրատել: Գիտե՞ք՝ նա ավելին է, քան դասղեկը, քան ընկերը, նա մեզնից մեկն է: Կխաղա, կերգի ու կպարի մեզ հետ, մենք ունենք անվերջ թեմաներ իրար հետ խոսելու, բայց դասը՝ դաս, ներում-բեկում չկա: Հենց էստեղ են մեր սահմանները՝ ընկերության ու աշխատանքի մեջտեղում: Ու նա չի վախենում մեզ հետ կիսվելուց, մեզ մոտ թողնելուց, որովհետև նա ուժեղ է ու նույնքան թույլ: Մեծանամ, նրա նման եմ լինելու: Չէ, ես մի քիչ ուրիշ կլինեմ, ես ես կլինեմ, բայց պարտք կվերցնեմ նրանից իր ուժեղ կամքը:

Հ.Գ. Ընկեր Հովսեփյան, մենք Ձեզ շատ ենք սիրում, երբեք չնահանջեք:

Սև ու սպիտակ տրամադրություններ «Հիշողության ձեղնահարկ»-ում

Ժամանակը վավերագրելու համար էր, որ մարդիկ ստեղծեցին ֆոտոապարատը։ Ամենասկզբում այն ոչ մի կապ չուներ մեր սերնդի ֆոտոապարատների հետ, իսկ ոչ վաղ անցյալում՝ 80-ական թվականներին, լուսանկարներն արվում էին շատերիս անծանոթ ժապավենների միջոցով, անցնում քիմիական մշակում, ու ստացվում էին կամ՝ ոչ։

Լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի առաջին անհատական ցուցահանդեսն իրենով ժապավենային հիշողությունների շարք էր՝ վավերագրած լուսանկարչի կյանքն ու աշխատանքը 1980-ական թվականներին։ Ասում է, թե որևէ ժանրային սահմանափակում չի տվել ցուցադրված լուսանկարներին, ընտրել է իրարից տարբերվող լուսանկարներ, աշխատել է համապատասխանեցնել դրանք խորագրին՝ «Հիշողության ձեղնահարկ»:

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Ցուցահանդեսն առիթ էր՝ ծանոթանալու լուսանկարչի շուրջ 30 տարվա աշխատանքային գործունեությանը։

Ճանապարհի սկիզբը․․․

Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի

Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի

Ծնվել եմ 1958 թվականին Երևանում։ Լուսանկարել սկսել եմ երևի 12-13 տարեկանից, երբ իմ ցանկությամբ ծնողներս ֆոտոապարատ նվիրեցին։

Տեխնիկումում և Մանկավարժական համալսարանում կամավոր լուսանկարում էի անցկացվող միջոցառումները։ Ստեղծել էի սեփական սարք՝ լուսանկարներս քիմիական մշակման ենթարկելու համար։ Համալսարանում քիմիա էի սովորում, ինչն ինձ շատ էր օգնում։ Այսօր այդպես չէ, բայց մի ժամանակ լուսանկարչությունն ու քիմիան իրար հետ սերտ կապի մեջ էին։

Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի

Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի

Ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցա որպես լուսանկարիչ։ Հեռուստատեսություն, մամուլ․․․ Արտահաստիքային լուսանկարիչ էի աշխատում մի քանի թերթերում։

Ռեպորտաժների նկարահանումների ժամանակ օգտվում էի առիթից ու լուսանկարներ անում անձնական արխիվիս համար։

Այդ արխիվից ցուցադրության էին դրված Ֆրունզիկի, Ազատ Գասպարյանի և ուրիշ հայտնիների լուսանկարներ՝ նկարահանման հրապարակից։

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Կյանքը՝ լուսանկարներում

Միշտ փորձել եմ նկարել այն ամենը, ինչ հետաքրքիր է, գեղեցիկ։ Չեմ առանձնացրել որևէ ուղղվածություն ու չեմ սահմանափակել ինձ։

Մինչ օրս հիշում եմ այն կադրերը, որ կորցրել եմ կամ չեմ հասցրել նկարել։ Դեպքեր են եղել, երբ ժամերով սպասել եմ, որ լույսը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում։ Այսօր մարդիկ ամեն ինչ հեշտացրել են, այնինչ տեսախցիկի հետ ճիշտ է պետք աշխատել, տեսնել այն վերջնարդյունքը, որ ուզում ես ստանալ, որոշել դիրքը, լույսը։ Այսօր մարդիկ ամեն ինչ տեխնիկային են թողել։ Այսպես ճիշտ չէ։

Ցուցասրահում ներկայացված նկարներից մեկին նայելիս Գագիկ Գասպարյանը մի պահ նորից իր հիշողության ձեղնահարկ բարձրացավ․

-Իրականում արտառոց ոչինչ չկա լուսանկարում, սովորական կրկեսային ներկայացում է, բայց ես հազիվ փրկվեցի լուսանից, որն ինձ վրա հարձակվեց լուսանկարելու պահին։ Մեզ մի բարակ ցանց էր բաժանում ու, կողքիս կանգնածները հազիվ հրեցին ինձ։

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Նման մի դեպք էլ եղավ ավտոմրցարշավ նկարելու ժամանակ։ Մի կին վարորդի խնդրեցի շրջանաձև պտույտ կատարել։ Կատարեց։ Մեկ կադրով ստացա լուսանկարն այնպես, ինչպես ուզում էի էմոցիաները, շարժումը , ամեն ինչ լավ էր։ Միայն դրանից հետո հասկացա, որ նման ցանկություններ այլևս չեն առաջանա երբ տեսախցիկը մոտեցնում էի աչքիս, տեսա, որ մեծ արագությամբ մեքենան պտույտ է գործելու այնտեղ, որտեղ ես էի կանգնած։ Արագ լուսանկարեցի ու հեռացա։ Մի վայրկյանից մեքենան կանգնեց իմ տեղում։

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարչի աշխատանքները հիմնականում սև ու սպիտակ են։ Ըստ նրա ՝ գույների հետ աշխատելը հեշտ է։ Գույներով ամեն ինչ էլ գեղեցիկ կլինի։

-Սև ու սպիտակն արդեն իսկ տրամադրություն է։ Անհրաժեշտ է ճիշտ աշխատել լույսի ու ստվերի հետ, որ այդ տրամադրությունն ամբողջական ու հասանելի լինի։

 Անհատական ցուցահանդես բացելու նպատակ վաղուց ուներ։ Ասում է՝ ամեն անգամ ինչ-որ պատճառով չէր ստացվում։ «Վերջին անգամ երկու- երեք տարի առաջ սկսեցինք աշխատել այս ուղղությամբ։ Նորից հետաձգվեց․․․․ Որոշել էի հրաժարվել, չեղարկել ամեն ինչ։ Բայց չարեցի»։

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը` Էլիզաբեթ Հարությունյանի

Այսօր «Հիշողության ձեղնահարկ»-ը նվիրված է լուսանկարչի որդու՝ օպերատոր Մուշ Գասպարյանի և բոլոր լուսանկարիչների ու օպերատորների հիշատակին, ովքեր կյանքից վաղ են հեռացել։

Որդու մասին խոսելիս լուսանկարչի ձայնը դողաց, աչքերն էլ ավելի թախծոտ դարձան։ Ժամանակն էր նրան իր հուշերի ձեղնահարկում մենակ թողնելու։

-Տղաս իմ առաջին ու ամենաիսկական աշակերտն էր։ Երաժշտությամբ էր զբաղվել, բայց իրենը լուսանկարչությունն էր։ Սիրով ու հետաքրքրությամբ լսում էր այն, ինչ սովորեցնում էի։ Հետևում էր աշխատանքիս։ Ես էի նրա համար այս ճանապարհը բացել, բայց ինքն ընտրեց այն, ինչ ցանկանում էր անել։

Anush abrahamyan

Աշնան ապտակ

-Աշունը դեռ չէր ավարտվել, բայց անսպասելի ցրտերը վրա հասան, դրա հետ մեկտեղ էլ առաջին ձյունը դրեց: Գյուղացու հոգսը միայն սարից անասուններին բերելն էր, որը առաջին ձյան դնելու հետ մեկտեղ դժվարացավ:

Գյուղի հերթական ցուրտ առավոտն էր: Արթնացա ու տեսա, որ գյուղը ճերմակին ա տվել: Ինքս իմ վրա մի լավ բարկացա ՝ ինչի շուտ չեմ բերել անասուններին սարից: Ախր, հարևան Մեսրոպը երեք օր առաջ էր բերել իր անասուններին, հլա մի բան էլ խնդրել էր, որ հետը գնամ: Բայց ո՞ւր գնայի, տան միակ տղամարդը ես էի, մեծ ախպերս ու հերս անցած տարի էին մեռել: Ախպորս կնոջ, երեք երեխի, ծեր մորս՝ Ազնիվի հոգսը ուսերիս էր մնացել: Մեսրոպի գնալու օրը ես ախպորս մեծ տղու՝ տասնչորս տարեկան Սուրիկի հետ հանդից բերած խոտն էի տեղավորում հացատան տանիքին, որ հենց անասուններին բերեմ, գործս էլ չծանրանա:

Որ էդ առավոտ տեսա ձյուն ա եկել, արագ վերցրի մի երկու տաք շոր, մի երկու օրվա ուտելիք ու ասի՝ գնում եմ անասունը սարից բերեմ: Մերս բա՝ տղա ջան, մենակ մի գնա, սպասի էս երկու օրն էլ, ձյունը հալվի, հովիվները սարից կբերեն: Ես բա՝ չէ: Ողորմած հորս բնավորությունն էր վրաս, մի բան որ ասի, էլ տեր չի փրկի, պիտի անեմ: Մերս տեսավ, որ ինձ հետ չի համոզի, ախպորս մեծ տղուն դրեց հետս: Բա՝ գոնե երկուսով գնացեք:

Էդ առավոտ կանուխ ոտով ճամփա ընկանք: Ճանապարհի կեսն էլ չէինք անցել, երբ տեսա, որ էս երեխեն հազիվ ա հասնում ինձ: Հիմա, դե, տասնչորս տարեկան երեխա, վրան բարկանաս՝ էն չի, ստիպես քայլի՝ մեղք ա: Մենք էլ դեռ գետ ունենք կտրել անցնելու, գոնե լուսով հասնենք, հա: Մեկի տանը կքնենք, առավոտը կգնանք: Վերջը խիղճս տանջեց, ասի՝ լավ, արի մի քիչ հանգստանանք ու մի կտոր հաց ուտենք: Մեծ քարերից մեկի վրայի ձյունը ձեռքով մաքրեցինք ու դողալով սկսեցինք հաց ուտել: Քիչ էլ անցավ, ու անսպասելի սկսեց ձյուն գալ: Արագ հավաքվեցինք ու սկսեցինք քայլել: Հիմա սիրտս վախ ա ընկել, էս անաստված ձյունը քանի գնում շատանում ա, դրա հետ մեկտեղ՝ մեր քայլերը դանդաղում են: Աշնան օրն էլ ի՞նչ օր ա, աչքդ թարթեցիր՝ մթնեց: Քայլում եմ ինձ ու իրան ռիսկ տալու համար ասում, որ հեսա կհասնենք յայլայի տներն ու չենք շարունակի քայլել: Քայլում ու մտածում եմ՝ հիմա մերս ոնց ա վախեցել: Ամուսինն ու տղեն սարի ճամփին մեռան, հիմա էլ կրտսեր տղեն:

Մի քիչ էր քայլեցինք, հասանք խորը ձորի մոտ, որ գիլու ձոր էին ասում: Հիմա ուշադիր նայում եմ, հանկարծ էս օրվա հետ մի անիրավ կենդանի չպատահի:

Ոնց նայեցի՝ ձորը դատարկ էր, ասի՝ լավ ա, շուտ կանցնենք, մի ժամից արդեն հաստատ տուն կպատահի: Շարունակեցինք գնալ: Հիմա ինձ ու ինձ սրտնեղում եմ՝ էս անտեր ձյունը հիմա՞ պիտի գար, ու հիմա՞ պիտի ես ճամփա ընկնեի: Բա որ գել պատահի, ես հեչ, բա էս երեխեն: Շատ չէր անցել, երբ Սուրենս վախից գոռաց՝ գելը: Ես էլ ինձ միանգամից կորցրի, ասի՝ վերջ, մեռանք: Հույս չկա:

Շրջվեցի, ասի՝ տեսնեմ, որ կողմից ա վրա տվել ու քանի հատ են: Հլա չէի հասցրել էդ սպիտակի մեջ բացի Սուրենից ուրիշ բան տեսնել, երբ էս կենդանին հասավ ու քսմսվեց ոտքերիս: Սիրտս հանգստացավ: Մեր հին ծանոթ Արծրուն պապի (ով դեռ յայլայում էր) շունն էր՝ Չուկմանը: Մի լավ ուրախացա, որ համ փորձանքից պրծանք, համ սպասվածից շուտ հասանք տներին: Գնացինք Արծրուն պապին հյուր ու գիշերն էլ մնացինք էնտեղ: Առավոտը հանգիստ խղճով շարունակեցինք մեր ճամփան ու անասուններին անփորձանք բերինք հասցրինք: Էդ երեկո վառարանի կողքին նստած, տաք կաթի բաժակը ձեռքին՝ Սուրենը ծիծաղելով պատմում էր՝ ոնց էր շնից էդքան վախեցել:

-Սարո պապ, իսկ դրանից հետո էլ ձյունով գնացի՞ր սար:

-Չէ, էդ առաջին ու վերջին անգամն էր:

Artyom Avetisyan

Թե ինչպես տատին դարձավ «տյոտյա»

Այո, այո, «տատի», ես հենց այդպես էի դիմում մեր հարևանուհի Սիլվային: Նա մեր ամենալավ ու իմ ամենասիրելի հարևանուհին է: Նրա մեջ ես սիրում եմ իր մեծահոգությունը, հոգատարությունը, սիրում եմ նրա ծիծաղը, սիրում եմ լսել նրա բոլոր պատմությունները, ինչ ժանրի ու ինչ թվականի էլ լինեն, որովհետև նա հոգի է դնում այդ պատմության մեջ ու այնպիսի ոգևորությամբ է ներկայացնում, որ կարծես թե ականատես ես եղել այդ ամենին: Սիրում եմ նայել, թե ինչպես է նա սուրճ խմում, որովհետև այնպես «ջիգյարով» է խմում, որ սուրճ չխմող մարդն էլ այդ պահին կխմի:

8-9 տարի առաջ ես նրան ասում էի տատի Սիլվա, ու նա ուրախություն էր ապրում, ժպտում էր, որ ես իրեն «տատի» էի ասում: Նա ոգևորությամբ էր ընդունում դա, որովհետև ես այն եզակիներից էի, որ նրան այդպես էի դիմում՝ բացառությամբ իր թոռնիկների: Տատի Սիլվան մայրիկիս ամենամոտ հարևանուհին է, կարելի է նրան համարել նաև իմ երկրորդ մայրը, որովհետև նա էլ է ինձ մեծացրել, ինչ-որ տեղ նաև դաստիարակել, ճիշտ ուղի ցույց տվել: Երբ գալիս է ամառը, հատկապես՝ հողամասը ջրելու, մշակելու ժամանակահատվածը, նա և մայրս բահերը դնում են ուսերին ու գնում «Բանդեր» կոչվող հատվածը՝ ջուր բերելու: Վերադառնում են մի-մի փունջ խոտաբույս հավաքած, հոգնած, բայց ժպիտով ու ծիծաղելով: Անգամ իրար պատմում են անցյալ տարիների չարչարանքներն ու ջուր բերելը:

8-9 տարի առաջ էր, երբ պատահաբար լսեցի, թե ինչպես քույրս նրան դիմեց «տյոտյա»-ով, ու այստեղ ամեն ինչ փոխվեց: Այդ պահը դրոշմվեց ուղեղիս, հիշողությանս մեջ: Դրանից հետո, երբ նրան տեսա, ասացի «տոտա» (այս բառն էլ փոփոխության ենթարկվեց) Սիլվա: Նա զարմացավ, կաշկանդվեց, բայց ոչինչ չասաց: Երկրորդ, երրորդ անգամ այդպես անելուց հետո, թե՛ նա, թե՛ ծնողներս ինձ հարցրին, թե ինչու եմ սկսել նրան այդպես դիմել: Ամեն ինչ ասացի, ու նրանք հասկացան, որ քույրս է դրա «մեղավորը»: Ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը, միայն փոխվեց իմ ներաշխարհը: Այլևս չէի կարողանում նրան հին ձևով՝ «տատի» դիմել, կարծես մեկն ինձ խանգարում էր: Ու մինչև օրս այդպես է: Հիմա, երբ նրան տեսնում եմ, կամ նա գալիս է մեր տուն, արդեն ես եմ մեծ ոգևորություն ապրում, անկախ ինձնից սկսում եմ ուրախանալ, ժպտալ: Երբ մտնում եմ տուն, իմ երկրորդ կամ երրորդ նախադասությունը հետևյալն է.

-Մամ, ի՞նչ կա, տոտա Սիլվան էսօր չի՞ եկել մեր տուն:

Այժմ կրկին նրան ուզում եմ դիմել «տատի»-ով, բայց, չգիտես ինչու, միշտ ինչ-որ բան խանգարում է. գուցե տարիքս է:

Հ. Գ. Տյոտյա Սիլվա, միշտ արի մեր տուն, սուրճ խմիր, պատմություններ պատմիր, որպեսզի ինձ հիշողությունների գիրկը գցես:

Պապս…

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Ամեն հրաժեշտ  յուրովի մեծ հետք է թողնում, ամեն անգամ առանձնահատուկ կերպ  եմ զգում հեռավորակարոտային ազդեցությունը, որ հետո է գալու: Այն կարող է գալ մի քանի  ժամ, կամ րոպե, կամ ավելի վատ է,  հենց հրաժեշտի պահին` գրկումդ ամուր պահած:

Ոչինչ:

Սա արդեն երկրորդ Մե՜ծ շրջանն է, որ վազում եմ ուսում կոչված անիվի մեջ` տանից-տեղից հեռու: Միտքս ոչ մի կերպ համաքայլ չի գալիս, գոնե  կարողանայի պայուսակումս պահեի: Չէ, այն տանն է` գյուղում` Պապիս ու Տատիս մոտ:

Այս անգամ Պապս… Պապս ակամա  ստիպեց զգալ այդ հեռավորակարոտային դառը համը և քարկոծել հրաժեշտին, որ ընդհանրապես գոյություն ունի:

Պապս.

-Բալա, ես բոշկի վրա եմ, դոմիկի դուռը,-ու փայտը կվերցնի դռան հետևից, դանդաղ աստիճանները կիջնի ու կգնա դեպի իր նստավայրը` փողոցին մոտ:

-Որ գոնե սպես մարդ տեսնիմ, ճվան՝ Բարև~, Սարուխան եղբայր: Թե չէ տունը տատիցդ բացի մարդ չեմ տեսնի, մեկ էլ ձեզի` բալեքիս:

Պապս…

-Ես խնձորները, քանի ծիդիկները չեն կերել, կերեք, բալա ջան: Չնայած ծիդիկին ի՞նչ մեխկ տրես, սոված կենդանի է, թող ուտե,- իր սպիտակ, անուշ ձեռքերով  քաղած այդ եղյամոտ խնձորները, այդ հաստ կապույտ ժակետի գրպանից կհանի, կդնի սեղանին:

Պապս…

Տատիկիս հետ անդադար վեճի կբռնվի, կնեղանա, կգնա կպառկի, կնայի վերև` մտքերով կթափառի ջահելության տարիներում, մեկ էլ կնայես` ժպտում է ակամա, տեսնես ի՞նչ է հիշել:

Ինչքան էլ հիվանդ լինի, կասի.
-Լավ եմ, բալա  ջան, Փառք Աստծու, տիա՝ մե ֆշշիկըմ խմեմ ` կլավնամ:

Պապս…

-Պա՛պ, իսկ ո՞ր թոռիդ ամենաշատը կսիրես,- հարցրեցի ես մի անգամ, ակնկալելով, որ կասի` «Մարիամս իմ համար ուրիշ է»:

-Բալա, ձեռիս նայե,-ու պարզեց, սպիտակ, ցցված երակներով, տարիների կոպտությունն ունեցող, բայց և նուրբ ու արդեն փափուկ ձեռքերը,- ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա. սա՛:

Ես հասկացա ասվածի իմաստը, ու ես նաև հասկացա, որ հենց այդ պահին դա պետք է լսեի, և դա ինձ բավարարեց այնքան, ինչքան չէր բավարարի իմ ակնկալած պատասխանը:

Պապս ջահել ժամանակ եղել է գյուղի ամենահումորով մարդկանցից մեկը: Նրա մասին հումորները մինչև օրս էլ խոսվում են գյուղում, երբ մեզանից մեկը ներկա է: «Պապդ տիպ մարդ է…»,- ասում են մեր համագյուղացիները:

Ուրեմն, պապիկիս մի փեսան ռուս է ազգությամբ, ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է Ռուսաստանից Հայաստան, ամուսնացել հորաքրոջս հետ և մնացել այստեղ, արդեն համարյա 30 տարի:

Մի անգամ, երբ պապիկիս հետ տանը աշխատում էին, պապս շատ է տպավորվում նրա արած գործից, և հետո հպարտությամբ է խոսում նրա մասին:

-Պետյան էնման լավ է հասկընըմ հայերեն, որ  կսեմ՝ վեդռոն տուր, հասկընըմ է, որ վեդռոյի հետ եմ, որ սըմ եմ՝ դռելը տուր, տալըմ է: Քա, Պետյա ջան, ըդման չի եղնի, յա…

Բա որ ձեռքը ձեռքին խփելով քահ-քահ ծիծաղում է: Վա՜խ, Պապ ջան:

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Մի օր  տատիկս գնում է հորաքրոջս տուն, պապիկիս մենակ է թողնում և երեկոյան վերադառնում է.

-Որ եկա, բալա, պապիդ մեջ բանմ փոխվել էր, բայց չհասկցա՝ ինչ:

Անցնում է մի շաբաթ, մեր բարեկամներից մեկն է գալիս հյուր, հենց մտնում է տուն,  միանգամից հարցնում է.

-Յա, այ Սարուխան պա՞պ, ես պեխերդ թրաշե՞լ ես:

Մեկ էլ տատս դառնում է.

-Վա՜յ, այ Սարուխան, ես պեխերդ չկա՞:

-Բա, բալա ջան, կնիգս է, 60 տարվա կնիգս է, մե շաբաթ էլ պեխերս չկա, ինքը չի հասկցե, բդի մեկմ սե, որ հասկնա: Տեսնի՞ս, հեչ պետքը չեմ:

Ես երբեք չեմ փորձի հիշել ու կարոտել մենակ պապիկիս: Իսկ տատի՞կս: Աշխարհի ամենակամեցող, իր ձագուկներին ուշադիր, ամենահոգատար, ամենաբարեհոգի ու ամենամեծ սիրտը ունեցող տատիկն է: Այս տարի արդեն 60 տարի միասին: Ինձ համար միակ օրինակելի ընտանիքը` մեծով, թոռով, ծոռով:

Տատիկս միշտ ասում է.

-Բալա ջան, երբ որ տունը մեծ չի եղնի, կերտան մե հադմ մե՜ծ, ծանր քար կբերեն կդնեն տունը, որ տունը մեծ ունենա:

Տատս ճիշտ է, հասկացե՛ք  այս խոսքերի իմաստը:

Շատ անգամներ, երբ արդեն գյուղից գալիս էի քաղաք,  պապս պատահում էր, որ քնած էր լինում, ես չէի արթնացնում: Նստում էի, մի քիչ վայելում պապիս ներկայությունը, նրա գեղեցկությունը, երկար նայում իմ հրաշք պապիկին:

Ես վերցնում էի նրան ինձ հետ:

margarita araqelyan

Հեքիաթներն այնտեղ են, որտեղ կան հեքիաթներին հավատացող մարդիկ

Մի քանի տարի առաջ մեր դպրոց Երևանից Ծաղկունք աշխատելու եկավ մի մանկավարժ-հոգեբան, ով հերիք չէր՝ հավատում էր հեքիաթներին, մի բան էլ կարողացավ հավատացնել մեզ՝ աշակերտներիս, մանկավարժներին, գյուղի բնակիչներին, իսկ հեքիաթների իսկական գիտակ տատիկներին դարձրեց իր գործընկերները՝ երեխաներին դաստիարակելու հարցում: Այն, ինչն առաջին հայացքից անհնար էր թվում:

Գրեթե երեք տարի առաջ Վարսենիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ մեր դպրոցում մեկնարկեց ու տարիներ շարունակ իրականություն դարձավ մի ծրագիր՝ «Տատիկի հեքիաթը»: Ամեն շաբաթ՝ չորեքշաբթի օրերին, մեր տարրական դասարանի աշակերտների տատիկներից մեկը հատուկ հրավերով գալիս էր դպրոց, մեր դպրոցի՝ իմ ամենասիրած գրադարանային անկյունում փոքրերի համար կարդում էր հեքիաթներ: Մենք՝ մեծերս, միշտ ժպիտով էինք նայում շարքով գրադարան բարձրացող փոքրիկներին, որոնց աչուկները փայլում էին ուրախությունից: Առանձնահատուկ ուրախությամբ էին դպրոց գալիս նաև տատիկները: Ինչպես ասաց ծրագրի ակտիվ տատիկներից մեկը՝ Կարինե տատիկը. «Մեզ համար շատ կարևոր է այս ամենը, մենք մեր թոռնիկներին հեքիաթների միջոցով մեր փորձն ենք փոխանցում, մասնակիցը դառնում նրանց դպրոցական կյանքի, մեր հոգեբանի ճիշտ ուղղորդմամբ կարողանում ենք քննարկել նրանց հետ շատ նրբին թեմաներ՝ մեծերի նկատմամբ հարգանքի, բարության, արդարության, հայրենասիրության և այլ երևույթների մասին: Մենք ամբողջ օրը ծանրաբեռնված ենք տարբեր հոգսերով և այստեղ գալը մեզ համար ևս դառնում է տոն, մենք էլ ենք ոգևորվում, որ մեր թոռնիկների համար նման լավ բան ենք անում»:

Հեքիաթային հանդիպումները չէին սահմանափակվում միայն հեքիաթների ընթերցմամբ. դասվարի և տատիկի հետ միասին մեր հոգեբանը քննարկում էր ծավալում հեքիաթի շուրջ, բեմադրում էին հեքիաթը, նկարում այն հատվածը, որը երեխային ամենից շատն էր դուր եկել: Երեխաները մեծ ոգևորությամբ սկսեցին կապվել գրքերին, սպասել չորեքշաբթիներին, տատիկներին հրավիրել բոլոր դպրոցական միջոցառումներին, շնորհակալական նամակներ գրել նրանց ու իրենց մանկական հիշողությունների մեջ պահել այդ ջերմ հանդիպումները:

«Տատիկի հեքիաթը» իր հեքիաթային շարունակությունը գտավ մեկ այլ, ոչ պակաս կարևոր ծրագրում՝ «Պատրաստվում ենք դպրոցին», որի նախաձեռնողը կրկին մեր ընկեր Խաչատրյանն էր: Մեր համայնքում չկան մանկապարտեզներ, մանկական ժամանցային կենտրոններ, դպրոցը միակ տեղն է, որտեղ մենք կազմակերպում ենք մեր հետաքրքիր առօրյան: Մեր համայնքի նախադպրոցական տարիքի երեխաները ոչ մի հնարավորություն չունեին նախնական պատրաստվածություն ձեռք բերելու դպրոցի համար, ինչի պատճառով շատերը դժվարությամբ էին հարմարվում ուսումնական գործընթացին: Այս հարցը լուծելու համար էլ ստեղծվեց ծրագիրը, որը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն փոքրերի, այլև մեր մեջ, քանի որ ավագ դպրոցականներս ևս հնարավորություն էինք ստանում մասնակցելու այդ դասերին՝ ուսուցանողների ու փոքրիկների համար ավագ ընկերոջ դերում:

Մենք մի քիչ նախանձով էինք վերաբերվում փոքրերին, քանի որ նրանք ավելի գունավոր ու հեքիաթային մանկություն ունեն, քան մենք ենք ունեցել, բայց միևնույն ժամանակ, հասկացանք, որ հեքիաթներն ինչ-որ տեղ հեռվում չեն, մենք ինքներս էլ կարող ենք ստեղծել մեր հեքիաթը: Ու ինչպես ընկեր Խաչատրյանն է ասում. «Հեքիաթներն այնտեղ են, որտեղ կան հեքիաթներին հավատացող մարդիկ»: Ու քանի որ ես արդեն վարակվել ու ոգեշնչվել եմ այս «հեքիաթով», գնամ իմ հեքիաթը հորինելու, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկն էլ հավատա իմ հեքիաթներին:

seda mkhitaryan

Լուսինեն

Նա սովորական մարդ է, 20 տարեկան մի աղջիկ, որը արտաքինից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից։ Գեղեցկադեմ է, մի քիչ կարճահասակ, ունի կարճ մազեր և կանաչ աչքեր։

Մանկությունից հիշում է. «Երեսառած երեխա էի, բավականին երկար մազեր ունեի, ու միայն մի դեպքում էր, որ դրանք հարդարելիս չէի լացում, երբ հայրս էր դա անում»,- ասում է Լուսինեն։

Լուսինեն իր կյանքի ամենալավ օրը համարում է իր ընդունելության քննության օրը, որովհետև, իր խոսքով ասած, իր «առաջին ինքնուրույն քայլն էր»:

Դա մի օր էր, որն իրեն տարավ դեպի նպատակ։ Իսկ նպատակն էր՝ ընդունվել ՎՊՀ հայոց լեզվի և գրականության բաժին։ Նա առաջին դասարանից էլ գիտեր, որ ուզում է դառնալ մանկավարժ։ Կանաչ աչքերով աղջիկը սիրում է հայոց լեզուն, իսկ գրականությունը նրա տարերքն է։ Լուսինեն ընդունվեց համալսարան։ Սիրում է իր կուրսեցիներին ու նրանցից յուրաքանչյուրի հետ շփվում է որպես առանձին անհատ։ Նա ընկերությունը համարում է մի բան, առանց որի մարդն ապրել չի կարող։ Դասախոսական կազմին անդրադառնալիս Լուսինեի դեմքին ժպիտ հայտնվեց, և նա ասաց, որ այդ անձնակազմի մեջ գտել է մեկին, որը իր կարծիքով ամենաանթերի մարդն է աշխարհում։ Այդ դասախոսը Գայանե Մալումյանն է, որը Լուսինեին դասավանդում է գրականություն։

-Բառեր չունեմ նրա մասին ասելու, բառերը շատ սովորական են նրա մասին խոսելու համար, դա տեսնել ու զգալ է պետք։ Ցանկանում եմ, որ վայելես նրա ուսանողը լինելու պատիվը։

Սակայն Լուսինեի կյանքում տեղի ունեցած մի իրադարձություն ամբողջովին փոխեց նրա կյանքը։

-Կյանքիս ամենավատ օրը հորս մահվան լուրն իմանալու օրն էր, մի քանի վայրկյանում կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Հայրս ինձ համար ամբողջ աշխարհն է, նրա մասին անցյալով խոսել չեմ կարողանում, որովհետև նա ինձ հետ է ամեն վայրկյան։

Սակայն այս դժբախտությունը չկոտրեց Լուսինեին, և նա չհանձնվեց, պայքարեց և կանգնեց սեփական ոտքերի վրա։

Հոր մահվանից հետո Լուսինեի հոգսերը կրկնապատկվել են։ Այժմ Լուսինեն ապրում է ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի` փոքր քրոջ և մոր համար։ Նա աշխատանքի է ընդունվել խանութում։

-Փորձում եմ ամեն կերպ լրացնել այն բացը, որն առաջացել է հորս մահվանից հետո: Ամեն ինչ անում եմ, որ փոքր քույրս ոչ մի բանի կարիք չունենա՝ թե ֆինանսապես, թե հոգեպես։

Աշխատելու փաստը Լուսինեն համալսարանում որպես զենք երբեք չի օգտագործում, չնայած հարկ եղած դեպքում նրան օգնում են և դասախոսները, և գործընկերները։

Կյանքում ամեն ինչի փորձում է հասնել ինքնուրույն, շատ դժվար է օգնություն ընդունում։

Լուսինեն այժմ միայն մի բանի համար է ափսոսում, որ ամաչել է հորից, կուզենար, որ նրա հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենար հասուն տարիքում։

-Մեր վերջին խոսակցությունը հեռախոսով էր։ Ափսոսում եմ, որ լսեցի նրան և համաձայնեցի, որ ավելի ուշ զանգի: Իսկ հայրս առաջին անգամ իր խոստումը չկատարեց…

Նա իրեն համարում է ուժեղ մարդ, և դա իսկապես էլ այդպես է։

Շատ եմ ուզում, որ Լուսինեն երբեք չկոտրվի և հասնի իր նպատակների իրագործմանը:

Մնացականը

Լուսանկարը՝ Մնացական Եփրիկյանի

Լուսանկարը՝ Մնացական Եփրիկյանի

Դու շատ սովորական մարդ ես մինչև այն պահը, երբ հասկանում ես, որ ինքնուրույն հասել ես որևէ բանի և ունես ուժ՝ փոխելու աշխարհը:

Հենց այս խոսքով եմ ուզում սկսել այն ամենը, ինչի մասին խոսելն ուղղակի զգացումներով կիսվելու չափ անկեղծ ու պարզ է: Նախ, ուզում եմ մի հարց տալ քեզ: Քո կարծիքով՝ ո՞վ է լավ լուսանկարիչը: Նա, ով որևէ ստուդիայում է սովորել կամ մասնագիտացված կենտրոնո՞ւմ, կարճ ասած՝ մեկն, ում օգնել են սովորել ու ուղղորդե՞լ են: Այս տեսակետին հակառակվելով՝ կպատմեմ մեկի մասին, որին նոր եմ բացահայտել:

«Սևան Ստարտափ Սամիթ 2017»-ին մասնակցում էին նաև լուսանկարիչներ ու լրագրողներ: Սամիթի առաջին օրը մեդիա թիմի հավաք տեղի ունեցավ, որի ժամանակ ծանոթացանք թիմի ղեկավարների հետ: Զգացվում էր, որ երկուսն էլ իրենց գործում շատ լավ մասնագիտացած են, որովհետև ինչ-որ թիմ ղեկավարելու համար բարձր մակարդակի գիտելիքներ են պետք: Իսկ մասնագետ լինելը մեզ մոտ միշտ կապվում է մեծ տարիքի հետ:
Մնացականը լուսանկարիչների ղեկավարն էր: Նրա հետ շփման ընթացքում իմացա, որ դեռ ավագ դպրոցում է սովորում: Լուսանկարչությամբ վաղուց է զբաղվում և, որ ամենակարևորն է, Մնացականն ինքնուս է լուսանկարչության մեջ: Սովորել է ինքնուրույն, նպատակասլացությամբ աշխատել ինքն իր վրա և հասել այն ամենին, ինչին կարող է և չհասնել երկար տարիներ լուսանկարչությամբ զբաղվող մեկը: Մնացականն այժմ աշխատում է ASI Media Agency-ի և Startup Armenia Foundation-ի մեդիա ոլորտում: Որակյալ ու գեղեցիկ լուսանկարներով աչքի է ընկել դեռ անցյալ տարվա Սամիթից, և սա հնարավորություն է տվել նրան սկսելու իր կարիերան: Լուսանկարիչները շատ-շատ են, այս ոլորտում անհրաժեշտ է լինել տարբերվող՝ ունենալով լուսանկարչության ուրույն ոճ, տեխնիկա, գունային համադրում: Հիմա, երբ խոսում եմ նրա հետ, անընդհատ զբաղված է, աշխատանքի է, պատվերներ է ընդունում: Այսինքն՝ արդեն սկսել է ձևավորել իր ոճը, և մեծ պահանջարկ ունի: Սակայն հասցնում է դպրոց հաճախել ու կատարել տնային աշխատանքները բոլորիս նման:
Երբ ավելի շատ շփվեցի նրա հետ, աշխարհայացքս լիովին փոխվեց: Սկսեցի այլ աչքերով նայել ամեն ինչին: Ինչպես նա է ասում՝ սիրելով այն ամենն, ինչն անում ես ժամանակիդ որոշ մասը դրան հատկացնելով, նպատակասլացությամբ ու համառությամբ անընդհատ աշխատելով՝ յուրաքանչյուրն էլ կարող է մեծ հաջողություններ ունենալ: Հաջողություններ, որոնց հիմքը մեր՝ ինքնուրույն ձեռք բերած գիտելիքներն են:
Նրա օրինակն ունենալով իմ կյանքում՝ հասկացա, որ ամենևին էլ պետք չէ ինչ-որ անհասանելի մեկով ոգեշնչվել, ում չես էլ տեսել: Ուղղակի անհրաժեշտ է ուշադիր շուրջդ նայել, արդյոք չկա՞ մեկը քո շրջապատում, որ դառնա քո ոգեշնչման աղբյուրը թեկուզ փոքրիկ գործով:
Կյանքի հետաքրքրությունը կայանում է հենց այսպիսի մարդկանց բացահայտելով: Նրանք հաստատ կան ու արժանի են գնահատվելու ու սիրվելու: