Հետաքրքիր մարդիկ խորագրի արխիվներ

Meri Muradyan

Դեռ շատ գաղտնիքներ կան

1920-ական թվականներին բոլորս էլ գիտենք, թե ինչ էր կատարվում Հայաստանում: Պատերազմական լարված իրավիճակում բոլոր տղամարդկանց տանում էին պատերազմ: Նրանցից շատերը հետ չէին վերադառնում, իսկ վերադարձողները բոլորը վիրավոր էին լինում: Լինում էին դեպքեր, երբ ինչ-որ հանգամանքների հիման վրա տղամարդկանց պատերազմ չէին տանում: Առաջին պայմաններից մեկը չորս տղա երեխա ունենալն էր: Գարսևանը մեր Կողբի գյուղի սովորական գյուղացի մարդ էր, որն ուներ երեք տղա և եթե մի տղա էլ ունենար, նրան պատերազմ չէին տանելու: Եվ հետաքրքիր պատմությունն էլ սկսվում է հենց այստեղից: Նա և իր կինը որոշում են ևս մեկ տղա ունենալ, որպեսզի Գարսևանը կռիվ չգնա, բայց նրանց չորրորդ երեխան աղջիկ է ծնվում: Այսինքն՝ նրան կռիվ էին տանելու: Ամուսիններով որոշում են իրենց աղջկա անունը դնել Հրաչիկ: Իհարկե, մի քիչ անհավանական է թվում ծնվել աղջիկ ու մինչև կյանքի վերջը ունենալ տղամարդու անուն, բայց դա իրականություն է: Դրանից հետո Գարսևանին կռիվ չեն տանում, իսկ նրա աղջկա անունը դառնում է Հրաչուհի:

Նա իննսուն անց կին էր, երբ մահացավ, բայց իմ ճանաչած ամենաբարի և նույնիսկ այդ տարիքում հումորի անսպառ պաշար ունեցող տարեց մարդկանցից էր: Չմտածեք, որ Գարսևանը վախենում էր կռիվ գնալուց, նա մտածում էր իր տղաների ու աղջկա մասին, որոնք մեծանալու էին առանց հոր:

nina arsutamyan portret

Արամը

Մանկուց սիրել եմ տղաների հետ խաղալ, տղաների հետ շփվել: Գիտե՞ք՝ ինչու, քանի որ տղաները քեզ ավելի լավ են հասկանում, քան աղջիկները (դե, իհարկե, բացառություններ կան):

Երևի կարդացել եք իմ նախորդ հոդվածը ճամբարի մասին: «Digicamp»-ը տարբերվեց ինձ համար: Մի օրում կարողացա գտնել իմ մոտ ընկերուհուն՝ Արմինեին: Իսկ երրորդ օրն արդեն կարողացա գտնել ինձ համար հարազատ մի մարդու՝ Արամին: Արամը 14 տարեկան է, ծնվել է Երևանում, շատ է հետաքրքրվում ծրագրավորմամբ: Արամից անգամ հարցազրույց են վերցրել այդ թեմայով:
Ինչպես մնացած երեխաները, այնպես էլ Արամը ուներ իր նախագիծը, ավելի ճիշտ՝ նախագծերը՝ «Խելացի լույս» և «Խոսող գազ»: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է՝ կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն: Նրա նախագծերն են հաղթել եզրափակչում՝ գրավել առաջին հորիզոնականը:
Անկեղծ կասեմ: Երբ սկզբից նա գնաց իր նախագիծը ներկայացնելու, առաջին իսկ հայացքից շատ հավանեցի դրանք:
Դե, հետո շատ մտերմացանք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արամն ու իր ընկերը փորձում էին մողեսով վախեցնել ինձ: Այնտեղի մոծակներն անտանելի էին. այնքան էին խայթել, որ ոտքերս ուռել էին, և ես մի կերպ էի շարժվում: Պետք է գնայինք արշավի դեպի մի լքված եկեղեցի, որը շատ հեռու էր: Ու պետք է հաղթահարեինք սարը: Բարձրանալը հեշտ էր, խնդիրը իջնելն էր: Արամը եկավ, օգնեց ինձ, և միասին իջանք: Երբ տխուր էի, Արամն առաջին մարդն էր, որ մոտենում էր, հարցնում՝ ինչ է պատահել, ինչու եմ տխրել:

Հիմա լայն ժպտում եմ, բայց աչքերիս մեջ թախիծ կա, քանի որ կռվել ենք մի նկարի պատճառով:
Երբ իրար հետ զրուցում ենք, միշտ շեշտում եմ՝ դու ուրիշ ես: Գիտեք՝ ես նրանից երկու տարի մեծ եմ:
Է՜հ, կարոտել եմ նրան: Շատ եմ կարոտել:

hovik vanyan dsex

Մի ավտոբուս՝ լի հայերով

Գիշերվա ժամը երկուսն էր: Քունս տանում էր, ես ո՞ր օրվա էդքան դիմացողն էի, ժամը 11-ն անցավ՝ պետք ա քնեմ: Արդեն գլխիս տեղը հարմարեցրել էի ավտոբուսի չոր պատուհանին, որ քնեմ ու… Էլ չեմ հիշում ինչ եղավ, երևի իսկապես քնել էի:

ՌԴ-ից, ավելի ճիշտ՝ Սարատովից, պետք է հասնեինք Հայաստան: Շուրջ երկու օր: Առաջին անգամ էի ավտոբուսով այդքան երկար ճանապարհ անցնելու: Չգիտեմ՝ ինչքան էի քնել, երբ արթնացա ինչ-որ մեկի բարձր խռռոցից՝ վերջին շարքի երրորդ նստարանին նստած մարդն էր: Էլ այդպես էլ քունս չտարավ: Չգիտեի՝ ինչ անեմ: Հիշեցի բարեկամիս թխած խաչապուրու մասին ու ընկա տոպրակի մեջ, որ գտնեմ: Արդեն փշուրներն էի մաքրում վրայիցս, երբ մի բարձր դմփոց լսեցի: Պարզվեց, որ ավտոբուսը կանգնել էր, ու պետք է անիվը փչեին, բայց ինչպես ասում են՝ ունքը հանելու տեղը տվեցին աչքն էլ հանեցին: Էնքան էին փչել, որ ակը չէր դիմացել ու պայթել էր:

Չէինք էլ հասկանում, թե ինչպես է ժամանակն անցնում: Արդեն մտերմացել էինք ավտոբուսի ժողովրդով, ու ով ինչ գիտեր՝ պատմում էր: Ամենահամով ուղևորն էլ Արտաշեսն էր՝ ութ ամսական: Շատ էի զարմացել, թե ոնց էր խելոք մնում այդ երեխան՝ մի ծպտուն չէր հանում, մենք էլ հերթով պահում էինք փոքրիկ մարդուկին: Ընթացքում երևի բոլորն էլ քնում էին, էլի վեր կենում… Հաշվեցի բոլոր մարդկանց, վարորդներին էլ հաշված` քառասուն հոգի էինք, երկու աղջիկները կարծես ռուսներ լինեին, մի տղա կար՝ վրացահայ, իսկ մյուսներս հայեր էինք՝ Հայաստանի բոլոր մարզերից: Վրացահայ տղան՝ Դավիթը, մեր տրամադրությունը միշտ բարձր էր պահում, շատ հումորով ու սրամիտ տղա էր: Իմացանք, որ էշին էլ վրացերեն ասում են «վիռո»: Մի տատիկ էլ կար՝ ասող-խոսող, շատ հավեսով էր, արդեն ուզում էինք ամուսնացնել, էն էլ փեսացուն ամաչկոտ պապիկ էր. դեմքն արդեն կարմրել էր:

Խոսում էինք դեսից-դենից, եթե ճանապարհն ավելի երկարեր, միգուցե բարեկամներ էլ դառնայինք վերջում: Ափսոս, այդ երկու օրը կարճ տևեց, ու արդեն հրաժեշտի պահն էր:

Երբ կարդում եք Հայաստանից Ռուսաստան, կամ հակառակ ուղղությամբ մեկնող ավտոբուսների մասին, հիշեք, որ ավտոբուսի մեջ քառասուն, գուցե ավելի, գուցե պակաս կյանքեր են, որ ճանապարհի ընթացքում միահյուսվում են իրար:

Քարերին նստած տատիկների զրույցը

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Դուրս եկա փողոց: Դրսում՝ քարի վրա, նստած էին հարևան տատիկները: Լուռ նստեցի նրանց կողքին, լսեցի, թե ինչ են խոսում: Նրանք դժգոհում էին, որ երեխաները բարձրագույնն ավարտում են ու նստում են տանը: Քանի որ ես էլ անելու բան չունեի, սկսեցի Թամար տատիկին հարցեր տալ: 

-Թամար տատի, որտե՞ղ ես ծնվել: 

-Ես ծնվել եմ գյուղ Անգեղակոթում: Իմ ծննդավայրը Անգեղակոթն է, որն էլ շատ սիրում եմ:

-Իսկ ի՞նչ ես աշխատել: 

-40 տարի աշխատել եմ գրադարանում, լավ եմ աշխատել: Իմ աշխատանքից ես հաճույք էի ստանում, իմ 2-րդ տունն էր գրադարանը, շատ իմ սիրում կարդալ, արժանանում էի միշտ խրախուսանքի:

-Քանի՞ երեխա ունես: 

-Ունեմ հինգ երեխա, հետո… Էլ ի՞նչ ասեմ:

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Արևիկ Մկրտչյանի

-Հպարտանո՞ւմ ես նրանցով, Թամար տատի: 

-Այո: Բա ինչ եմ անում, իմ երեխաներով շատ-շատ եմ հպարտանում, հինգն էլ խելոք են: Երեք աղջիկ ունեմ, երկու տղա: Աղջիկներս ամուսնացել են, մեկը երկու երեխա ունի, մյուսը՝ երեք: Հետով… Փոքր տղաս դեռ նոր է ամուսնացել, երեխա չունի: Մեծ տղաս՝ Մկրտիչ Արզումանյանը, երկու երեխա ունի՝ մի տղա, մի աղջիկ: Հետով էլ ի՞նչ ասեմ, մասնակցել է պատերազմի, վիրավորվել է Լաչինը գրավելու ժամանակ, 2-րդ կարգի հաշմանդամ է, շատ հայրենասեր տղա է: Նա էս պատերազմին մասնակցել ա, ապրիլյան պատերազմին նույնպես մասնակից ա եղել, հա: Էլ ի՞նչ ասեմ:

-Թամար տատի, ո՞ր թվականին տղադ գնաց պատերազմ:

-Սովետական բանակից հենց եկավ, էդ ազգային շարժումները սկսվեցին, այդ ժամանակներից հենց ինքը մասնակցել էր պատերազմների: Նախիջևանի սարերն էին գնում, մասնակցում էին խմբով: Մեր սահմանակից սարերից, որ կրակում էին, ինքը մասնակցում էր: Ազատագրական շարժումների ժամանակ ջոկատ կազմեցին: Վուրգի ջոկատն էր՝ Վոլոդյա Կարապետյանի գլխավորությամբ: Մասնակցեցին Լաչինի ազատագրմանը, դրանից հետո՝ պատերազմին: 1993թ. մարտի 31-ին շատ ուժեղ կռիվ եղավ, վիրավորվեց: Դրա հետ մեկտեղ՝ Վուրգը մահացավ իր աչքի առաջ, իր ձեռքերի մեջ: 12 հոգի ևս այդ օրը մահացան, որից 7-ը մեր գյուղից էին, մնացածը՝ Բարձրավանից, Բռնակոթից: Քանի՜ տղերք մահացան կռիվների ժամանակ: Մուկուչը շատ ծանր վիրավոր էր: Բոլորը մեզ մեր տանը ցավակցեցին, հետո գնացինք Գորիս, տեսանք՝ վիրավոր է: Շատ ծանր վիճակով տեղափոխեցին Երևան՝ ուղղաթիռով: Մի քանի անգամ վիրահատվեց, մի փոքր ապաքինվեց, հիմա էլ 2-րդ կարգի հաշմանդամ է:

-Նա ինչպիսի՞ տրամադրությամբ գնաց Լաչին: 

-Ինքը իսկի մեզ չի ասել: Ես չէի հավատում, որ կռիվ ա գնում: Ասաց, որ գնում են գրավյալ տարածքները պաշտպանեն, ասաց՝ մենք կռվի չենք մասնակցում, բայց առաջին օրվանից էլ ինքը մասնակցել ա: Դե, մեզ խաբեց: Ասում էր, որ ինքը չգնա, մյուսը չգնա, բա էլ ո՞վ գնա: Բոլորն էլ գնում են, ես էլ պիտի գնամ, պաշտպանեմ մեր հայրենիքը:

Էսպես ամռան մի սովորական օր քարերին նստած տատիկները պատմեցին մեր պատմության ծանր ու հերոսական օրերից, որ կերտվել է իրենց վիշտ ու արյունով:

«Դրսի ձայնը հեռվից գեղեցիկ կուգա ». պարոն Հայկ

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Զրուցակիցներս խոսում են իրենց նախնիների, Հալեպի կյանքի, սիրիական պատերազմի, հայկական իրականության ու մի շարք այլ թեմաների մասին:

1915թ.-ի ջարդերը այս ընտանիքի կողքով չեն անցել: Պարոն Հայկի (անունը փոխված է) պապը սպանվել է Մարաշից Հալեպ տանող ճանապարհին. փրկվել են հորեղբայրներն ու տատը, որը մի քանի ամիս անց հենց մեր հերոսի հորը պիտի լույս աշխարհ բերեր: Երկար ժամանակ դժվարությունների միջով են անցել, հետո ամեն մեկն իր աշխատանքով սկսել է ապրել:

Պարոն Հայկը ծնվել է 1958թ.-ին Հալեպում: Սովորել է տեղի «Հայկազեան » վարժարանում (6 տարի): Հետո գնացել է արհեստի ու հավերժ կապվել ոսկերչությանը:

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

«Մինչև այսօր աշխատում եմ, դադար չունիմ: Ցածրից բարձրացել եմ, հետո իջել, հետո նորից բարձրացել: Կյանքը այդպես է՝ ելևէջներով: Մի՛ կարծեք՝ նույն ձևով կը գնա կյանքը:
Ես 40 տարվա ոսկերիչ եմ, 41 վարպետ ձեռքիս տակեն դուրս եկած է»:

Կինը՝ տիկին Աննան (անունը փոխված է), հավելեց. «Հիմա ոսկերչությամբ չի զբաղվում. շահավետ չէ: Կը փորձէ օրվա գումարն աշխատել՝ տաքսի վարելով»:

Պարոն Հայկն ու տիկին Աննան ամուսնացել են 1996թ.-ին Հալեպի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, որի խորանը կառուցվել է պարոն Հայկի աջակցությամբ: Հագուստի խանութ են ունեցել, տուն, աշխատանք: Ավելի ուշ՝ 2002թ.-ին եկել են Հայաստան, 2007թ.-ին ծնվել են նրանց 2 զավակները, դիմել են դայակի օգնությանը, բայց նա էլ իր գործը պետքն եղած կերպով չի կատարել: Զայրացել են, մեկնել Հալեպ, բայց իրար խոստացել են, որ նորից հետ կգան: 2008թ.-ին նրանք Հայաստանում էին, սակայն 2010թ.-ին մարդագող ճանապարհները նրանց նորից Հալեպ տարան…

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Հարցիս, թե պատերազմը ե՞րբ և ինչպե՞ս հասավ իրենց ու ստիպեց հեռանալ, պատասխանեց.
«Կը հիշեմ՝ 2015թ.-ի օգոստոսի 3-ն էր: Մեր շենքից 50-60 մետր հեռավորության վրա հրթիռ ընկավ, ատ շենքը ներքև իջավ: Մարդիկ լաց կըլլային, կը բղավեին, ատ նկարը, որ տեսա, ըսեցի՝ չի պետք է այլևս մնանք այստեղ. հաջորդը կըրնա իմ շենքը լինել:
Էս գալ չէր, փախեցանք, 18 ժամում Սիրիայից Լիբանան հասանք, մինչդեռ 4 ժամվա ճանապարհ է, հետո Լիբանանից էլ՝ Հայաստան»:

Հարցրի՝ ինչո՞ւ Հայաստան, երբ հարազատներն ու ընկերները հիմնականում Եվրոպա ու ԱՄՆ են մեկնել:
Ժպտաց ու ասաց. «Դրսի ձայնը հեռվից գեղեցիկ կուգա, բայց որ այնտեղ գնացիր, կը մխրճվես, կը գնաս, կը կորես: Ես սիրում եմ հայրենիքս, չնայած վատ կողմերին: Գիտե՞ք՝ Սիրիայում և Հայաստանում ապրելակերպը մասամբ նման է: Ընտանիքի հայրը կըրնա ըսել իր երեխուն, որ սա սխալ ես անում, բայց Եվրոպայում չես կըրնա: Էստեղ դժվար է կյանքը, դյուրին չէ: Բայց, եթե դու շահում ես հաց ու պանրի փող, չպիտի մեկնես էստեղից:
Շատերը կուզեն գալ, բայց կառավարությանը չեն հավնէ և ճիշտ կընեն: 6-7 ամիս է՝ քաղաքացիություն ունեմ, բայց ընտրության գացած չեմ. խեղկատակություն է: Նախ էստեղի մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի, որ երկրին մեջ ալ բան մը փոխվի: Մեր ժողովուրդը այս երկրի հարկը չի իմանում: Խոսածը մի բան է, գործածը՝ մի բան: Սկիզբեն պետք է ամեն բան փոխվի, որ ամեն բան ճիշտ ըլլա, թե չէ այստեղ զանգով հարց կը լուծեն, օրենք չկա: Քանի մը շենքեր կան, վրաները գրված է ծախու, վարձու, ծախու… Ինչի՞ համար: Կառավարությունը պիտի հասկանա, որ քաջալերել է պետք, որ մարդը բանա: Ովքե՞ր են այստեղ լավ ապրում՝ գողերը, իսկ ես գող չեմ, ես առավոտից իրիկուն վազվզում եմ, ես իմ երեխուն հարամ հաց չեմ տա: Բոլորը բողոքում են, թե կյանք չէ, պիտի թողնեն գնան»:

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Լուսանկարը` Սոֆի Թովմասյանի

Պարոն Հայկը սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի, ասում է՝ դիմել է Սփյուռքի նախարարություն, բայց նրանց տրամադրածը եղել է ընդամենը 365 հազար դրամ, ինչը չնչին գումար է եղած խնդիրը լուծելու համար: Մնում է այն կարծիքին, որ այս նախարարությունը պիտի փակվի, որովհետև օգտվում է ազգից՝ իր սեփական շահերը առաջ տանելով: Եվ երբ իրենք են օգնության կարիք ունենում, ոչինչ չկա: Ասում է՝ պիտի փակվի, որովհետև հարկ չկա ավելորդ դրամ ծախսելու: Նախարարությունը հայտնում է, որ պատրաստ է օգնել, բայց դիմումները մեծ մասամբ անպատասխան էլ մնում են:

«Իրենք կըսեն՝ հալեպահայությու՜ն, համեցե՛ք, էսի ձեր հողն է, միասին պիտի սարքենք, բայց ամեն բանն ալ օդին մեջ է: Մեզի օգնություն «ՍՕՍ- հայկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցույց տված են»:

«Նաև, երբ նոր էինք եկել, Կարմիր խաչի ընկերությունը սնունդով, դեղորայքով օգնել է, անգամ կարի մեքենա, սառնարան ու մսաղաց տված են, բայց մեր հիմնական խնդիրը տան հարցն է, վարձքը տալ հնարավոր չէ: Պատկերացրեք՝ այստեղ բնակիչը տուն ունի և չի կարող ապրել, բա դրսից եկո՞ղը: Նոր գործ, նոր շրջանակ, նոր մարդիկ: Գոնե ժամանակավոր կացարան տան, մինչև որ հունի մեջ ընկնենք: Ահա շենքը կըսեն, փողը տու՛ր, ա՛ռ: Ասկեց ավելին չկա»,- ասում է տիկին Աննան:

Ինչ վերաբերում է կրթական խնդիրներին՝ Հալեպում երեխաները հաճախել են «Զվարթնոց» վարժարան, հիմա՝ երևանյան դպրոցներից մեկը: Նրանք ի սկզբանե լեզվական խնդիրներ են ունեցել: Ամռանը երեխաները անգլերենի, ռուսերենի ու հայագիտության դասընթացների են հաճախելու՝ կրկին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:

Վերջում պարոն Հայկն ասում է. «Շռայլությունը մեղք է, ապրի՛ր ինչ որ պետքն է, գեշ օրերին համար էլ միշտ դրա՛մ պահիր: Մեր երկիրը հրաշք է, մաքուր ջուր ու օդ, բնություն, չորս եղանակները կան, սնունդը քիմիա չէ, այլ՝ բնական, մարմինը առողջ կը մնա, բայց դրա փոխարեն մարդիկ իրենց հոգիները կը թունավորեն՝ ստի մեջ ապրելով: Այստեղ ապրելը դյուրին չէ, բայց Աստված մեծ է, պետք է վստահենք նրան և միշտ հույսով ապրենք»:

lilit khlghatyan portret

Թանկ մարդիկ

Առաջին անգամ, երբ նա մտավ մեր դասարան, աչքերս ուրախությունից սկսեցին փայլել, այնքան հպարտ էի: Անդադար նայում էի, զննում ծեր, հոգնած մատները: Նա մեզ Մաքսվելի տեսություն էր բացատրում և այնքան ոգևորված էր խոսում, կարծես նոր էր ավարտել համալսարանը, և իր առաջին դասն էր: Առաջինը չէր, բայց վերջինն էր: Ձեռնափայտն էլ չէր խանգարում, որ զգայինք նրա եռանդը, անընդհատ ուզում էր նվիրել իր գիտելիքները, և ստացվեց: Ես նրան տեսա ընդամենը երկու անգամ, բայց հիշելու եմ ողջ կյանքում: Երբ արդեն դպրոցից գնում էր, այլևս չդիմացա և անգամ մի կողմ դնելով ամոթս՝ մոտեցա և ասացի, որ ուզում եմ իր հետ նկարվել: Նրա կողքին մեկ նկար ունենալով՝ ես ինձ հպարտ եմ զգում: Ափսոս, չհասցրի նկարը փոխանցել. կամ ես ուշացա, կամ էլ ինքն էր շտապում: Նրա մասին հոդված կարող եք գտնել նաև 17-ի էջերում, Արտյոմ Ավետիսյանը հարցազրույց է վարել նրա հետ: Խոսքը Գևորգյան Սերգեյի մասին է: Քանի սերնդի հուշերում կա նա, և քանի սերունդ է կրթել…

Իսկ հիմա խոսեմ մեկ ուրիշի մասին, չէ՛, նրան ես շատ եմ տեսել ու շատ եմ գրկել՝ ինչքան կուզեի: Ոչինչ, որ ոսկրոտ այտը՝ տարիքի հետ ծերացած, դժվարությունների մեջ կոպտացած, հպվելով երեսիս կցավեցներ իմ ջահել անհոգ երեսը: Ամեն անգամ ես զգում էի այդ ցավը, բայց ավելի ամուր էի գրկում: Այժմ չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, երբ գնամ նրանց տուն, ներս մտնեմ՝ առանց նրա ձայնը լսելու, որ միշտ ասում էր.

-Արի՛, Լիլո ջան, արի՛, ազիզ աղջիկ:

Ես նրան ավելի շատ եմ կարոտում, հուշերն ավելի շատ են: Այդ կինն այնքա՜ն նուրբ էր, այնքա՜ն քնքուշ, որ ժամերով կարելի էր նստել ու նայել շարժումներին, անգամ՝ հաց ուտելիս: Չնայած՝ այնքան չուտող էր, միշտ ասում էին.

-Ռիփսիկը մի ծիտիկի չափ է ուտում:

Նա այն մարդն էր, ում երջանկությունը ծերանում էր, բայց չէր մահանում: Երջանկությունն այսօր էլ ողջ է, նա՝ չկա: Երբ կանգնած էի կողքին, իսկ ինքը պառկած էր՝ աչքերը պինդ փակած, այնպիսի տպավորություն էր, կարծես հրեշտակային քուն էր մտել, ու ճիշտ որ. քնած էր հրեշտակի պես:

-Ո՞ւր է մերդ,- ասաց տատս անկողնում պառկած:

-Հորքուր Ռիփսիկը էլ չկա,- այլևս չկարողացա զպել արցունքներս:

Գիտե՞ք՝ ինչն է լավ, որ մարդիկ իրենցից հետո թողնում են լավ հիշողություններ, երբ հիշում ես, ու հոգիդ պարուրվում է ջերմությամբ, ստիպում է ժպտալ:

lilit khlghatyan portret

Երկրորդ արևը՝ արևից հետո

Արևը բոլորիս համար էլ մեկն է, այն ջերմացնում է բոլորիս հավասարաչափ և ոչինչ էլ չի պահանջում: Բացի հսկա արևից՝ իմ կյանքում կա նաև փոքր արև՝ մսից և արյունից: Չէ, նա փոքր չէ, ինձնից մեծ է, բայց փոքր է արևից: Ես նրան ընդամենը մեկ անգամ եմ տեսել, այն էլ՝ հեռվից:

Շատ լավ եմ հիշում նրա դեմքը. այդ պահին մեր հայացքները բախվեցին ու մինչև այսօր էլ հիշում եմ այդ պատկերը, որը խնամքով մտապահել է հիշողությունս:

Այնքան ջերմ էր ժպտում, կարծես արևի շողերից պոկված լիներ, այն ժպիտներից, որ ժպիտ են բերում: Եթե գիտությունն այնքան զարգացած լիներ, որ ստեղծեր հզոր տեսախցիկ, որը կկարողանար նկարել հիշողության մեջ մտապահված պատկերները, հաստատ գիտեմ՝ լավ նկար կլիներ: Նկարչական այնպիսի բնատուր շնորհ էլ չունեմ, որ կարողանայի թղթի վրա նկարել, գիտեմ՝ գեղեցիկ կտավ կլիներ: Այնպիսին, ինչպիսին Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան է: Այն պետք է օծված լինի արևի շողերով, որոնք կճառագայթեին ու կջերմացնեին նաև մեզ: Այսօր ավեի հստակ եմ հիշում նրա դեմքը, փոքրիկ աչքերը, գեղեցիկ թուշիկները, ջերմացնող ժպիտը, ձեռքերն իրար վրա դրած կանգնած էր: Շատ եմ ափսոսում, որ չմոտեցա ու չգրկեցի նրան: Արդեն մի 100 գրկախառնություն եմ խոստացել նրան, բայց, ինչ արած, հեռավորությունն է խանգարում:

Երբ սկսեցի Ամալյայի հետ շփվել, սկսեցի լրիվ այլ կերպ նայել և՛ արևին, և՛ լուսնին: Այժմ չափից շատ եմ սիրում գրկել մարդկանց: Իսկ դուք գիտե՞ք, որ նա լացկան է՝ ուրախ արև, որ միշտ լաց է լինում: Բայց նա ուժեղ է, այնքան ուժեղ, որ դիմանում է ամեն տեսակ անարդարությունների, նա ինձ համար չկոտրվող, հզոր կամքի տեր մարդու օրինակ է: Երբ ամեն անգամ հավատով ասում եմ.

-Ա՛մ, լավ կլինի:

Ասում է.

-Հուսանք:

Մեկ-մեկ բարկացնում է, որովհետև ես գիտեմ, որ հաստատ ամեն ինչ լավ կլինի: Հիշում եմ այն օրը, երբ անգլերենի քննության էր: Արդեն կեսօր էր, երբ գրեցի.

-Ամ, ի՞նչ ստացար:

-Լիլ, 20:

Ես հաստատ գիտեի, որ բարձր էր ստանալու, չնայած՝ կրկին ասում էր «հուսանք»: Եթե Ամալյայի մի հոդվածի վերջում չկարդայի, որ ամաչում է առաջինը գրել ու ծանոթանալ, երևի այդպես էլ չծանոթանայինք:

Իմ ամաչկոտ Ամալյային այսօր էլ խոստանում եմ մեկ գրկախառնություն: Ու դա էլ թող լինի 101-րդը: Մի օր իսկապես կգրկեմ այնպես, ինչպես դու ես գրկում բոլորին՝ սիրով լեցուն:

Այգեպանի խորհուրդները

-Զորի՛կ պապ, գոնե լավ գումար լինո՞ւմ ա էս ծիրանից:

-Չէ հա, բալես, լավ փողը էն «ֆուրատերերինն» ա: Ես իմ տարվա ծախսն եմ հանում:

-Է, բա մի քանի գյուղացիներով միացեք, մի հատ «ֆուր» առեք:

-Լավ ասիր: Բայց, դե միշտ հիշի, ինչքան շատ բան ունես, էդքան էլ ավել խնդիրներ ունես: Ես էս դաշտն ունեմ, ու իմ խնդիրներն ինձ հերիք են։

Երևի արդեն հասկացաք, որ գնացել եմ սեզոնային աշխատանքի, ծիրան եմ հավաքում։ Դաշտատերը շատ լավ մարդ էր, և արդյունքում մենք սկսեցինք ջերմ զրույց վարել:

Առաջին հայացքից շատ հասարակ բան ասաց՝ ինչքան շատ բան ունես, էդքան էլ ավել խնդիրներ: Երբ մի քիչ մտածեցի, հասկացա, որ իրոք, եթե քիչ բան ունես, բայց քեզ բավարարում է, խնդիրներդ էլ են քիչ, սակայն, երբ չես բավարարվում և ավելին ես ուզում, խնդիրներդ ավելանում են։
-Ուրեմն մի անգամ մի միլիոնատեր եկավ մեր գյուղ, ուզում էր բիզնես դներ, իմ իմանալով, մինչև 50 մլն եվրո ներդրում էր պատրաստվում անել։ Մի օր էլ իրար հետ խոսում էինք, ասեց թե՝ Զորիկ պապ, դու ինձնից հարուստ ես, ասի թե՝ ոնց, այ տղա, դու էսքան փող ունես, ես իսկի 50 մլն չեմ տեսել: Ասեց՝ չէ, Զորիկ պապ, դու ավելի հարուստ ես, որովհետև գիտես բավարարվել, դու էդ դաշտովդ էլ շատ լավ ապրում ես, իսկ ինձ իմ միլիոններն էլ են քիչ։ Տենո՞ւմ ես, տղես, ասածս հենց էս ա, որ պտի միշտ ձգտես բավարարվել քոնով, որովհետև Աստծուն էլ հաճելի չի, երբ իրա տվածը դու քիչ ես համարում։ Բա դու ի՞նչ ես ուզում դառնալ։
-Ուզում եմ ճեմարան ընդունվել, Զորի՛կ պապ։
-Ապրես դու։ Էս եկեղեցին տենո՞ւմ ես։ Հենց կառուցվի, կգամ քեզ կբերեմ ստեղ։

Այդ եկեղեցին էլ Այգեզարդ գյուղում էր կառուցվում, ու հողատարածքը Զորիկ պապինն է եղել: Պատմեցին ինձ գյուղացիները, քանի որ Զորիկ պապը էլի համեստություն արեց ու չհպարտացավ իր ներդրումով։

Ամեն օրը յուրովի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Դրսում նստած` հիշում եմ արդեն անցյալում մնացած պարապմունքասթրեսային օրերը: Հիշում եմ` մտածում էի, երազում էի, որ քննություններից հետո սկսվելու են «թույն» օրերը…

Հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, թվում է, թե սկսվել են անհոգս, անկրկնելի օրերը, բայց միևնույն է, ես ու ընկերներիցս շատերը շարունակում ենք պարապմունքային ուրախ հուշերով ապրելը: Համոզված եմ, որ շատերս ունեցել ենք, իսկ ովքեր շարունակում են նույն կերպ ապրել, խորհուրդ կտամ, ինչպես ընկերս ասաց. «Ազատվեք այդ հուշերից, շարունակեք փնտրել նորը, որովհետև դրանք ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն (որը դեռ այդքան էլ լավ չի ստացվում…):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

 

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Սակայն այս հարցում պապս վարպետ է: 86 տարեկան հասակում չի դադարում աշխատել, գտնել նոր զբաղմունքներ, ինչպես «Գևորգ Մարզպետունու» մեջ «անհանգիստ մարդը» (Լավ, է… Էլի պարապմունքներս հիշեցի):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Երբ հարցնում եմ, թե՝ պապ, ի՞նչ կա, ինչո՞ւ ես տխուր, սկսում է հիշել կոլխոզում, սովխոզում անցած-գնացած օրերը, ու դրանց հաջորդում է ամենասիրած արտահայտությունը` «Էն ժամանակ թուրս աջ ու ձախ կտրում էր»… Բայց հետո անմիջապես թեման փոխում է` հիշեցնելով, որ գործերը շատ են, արագացնեմ, չենք հասցնի (նույնիսկ այն դեպքում, որ անելու բան ընդհանրապես չկա): Միշտ փորձում է գործունյա մարդու տպավորություն թողնել, որը, ի դեպ, շատ լավ էլ ստացվում է:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ահա և լուծումը, որը պապս օգտագործում է ութսունվեց տարի շարունակ՝ ամեն օրը սկսելով յուրովի: