Մշակույթ խորագրի արխիվներ

Մի քիչ բաղչագողի ու սևանալու մասին

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Սևանալու սեզոնը փակվում է: Մտածեցիր՝ արևայրուքի մասի՞ն եմ խոսում: Ո՜չ, սև թութ ուտելիս էլ ես «սևանում»:

Ինձ համար քաղցր է այն միրգը, որը ինքս քաղում եմ ծառից ու ուտում՝ թեկուզ «սևանալով»: Բայց և այնպես, ինձ հազվադեպ եմ «գցում» ծառերի վրա ու վայելում բնության բարիքները՝ ի տարբերություն փոքր ժամանակվա, երբ ծառերի վրա էի խաղում:

Սիրում եմ, երբ գնում ենք «բաղչագող»: Եթե չգիտեք՝ ասեմ, որ «բաղչագողը» դա այն հաճելի երևույթն է, երբ գնում ես առատ այգի ունեցող հարևանի, մեկ-մեկ էլ՝ հեռու բարեկամի բաղչա՝ այգի, «գողություն» անելու: Բայց ինչպես մենք ենք գնալիս ասում՝ արևածաղկի կամ մրգի գողը գող չի:

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Իհարկե, այս արարողությունն աշխատում ենք անցկացնել առանց ծառերը վնասելու՝ մեր հաջորդ տարվա բաղչագողի մասին մտածելով:

Շատ հաճախ սև թութ ուտելուց հետո «բռնվում ենք». մեզ դավաճանում են մեր սևացած բերաններն ու ձեռքերը՝ չնայած, որ խակ թթով ահագին մաքրվում ենք (խակ թութը օգնում է հետքերի դեմ):

Սև թթի սեզոնը փակվում է, դե՜, սևանալունն էլ:

Հաղարծնի շաբաթ կամ #HaghartsinWeek

Երևի կհիշեք, որ ունեմ այսպիսի մի նյութ, ավտոստոպով Բաղանիսից Նոյեմբերյան, եթե հիշում եք՝ մեքենայի մարդկանց էլ չմանրամասնեմ, եթե չեք հիշում, նյութս լիարժեք հասկանալու համար, կարդացեք՝ այդ մեքենայի աղջիկների հետ մտերմանալուց հետո այնքան մեծ էր շփումը, որ անգամ ինձ ճամբար հրավիրեցին, իսկ ես բնականաբար չմերժեցի՝ անհամբեր սպասելով ճամբարի առաջին օրվան: Օրերից մի օր սովորականի նման մտնելով ֆեյսբուքյանս էջը, տեսա, որ հայտնվել եմ մի անծանոթ միջավայրում, խմբակային փակ նամակներ և առանձին փակ խումբ: Դե, ես մեդիա բաժին էի ընտրել բնականաբար, ամենահոգեհարազատը, բայց ազատ ժամանակ զբաղվում էի նաև նկարչությամբ, նկարելով մարդկանց: Մի խոսքով, ինչպես կաներ յուրաքանչյուրը, սկսեցի հերթով մտնել իմ բաժնի մարդկանց ֆեյսբուքյան էջերը՝ մոտավոր ճանաչելու համար: Հաճելի տրամադրությամբ տեսա, որ միայն մեր խմբում կա երկու 17-ցի՝ Էմմա Քոսակյանը և Հեղինե Ենոքյանը: Էմմային դե երկար ժամանակ է՝ գիտեմ, իսկ Հեղինեին ոչ, որովհետև նոր էր միացել մեր 17-ի ընտանիքին: Բայց նոր է միացել թե ոչ, մենք արդեն մի կտուրի տակ ենք համագործակցում, որի անունն է՝ 17.am:

Հեղինեի հետ նույնպես ծանոթացա, ճիշտ է, կարճ ժամանակ շփվեցինք, բայց դա էլ էր բավական, որպեսզի ճանաչեմ իրեն:

Սփռված ենք, էլի, հո զոռով չի՞:  Ամեն տեղ կա 17-ը, եթե մի տան մեջ չկա, ապա մյուսում երկուսը կա:

Առաջին օրն էր. մարդու չեմ ճանաչում: Առաջինը ծանոթացա Պետրոսի հետ, երկրորդ օրը կարծես հարյուր տարվա ընկերներ լինեինք: Այնքան հաճելի էր, երբ շրջապատվածես հաճելի մարդկանցով, երբ կատակը անպակաս է, և միայն իրար նայելուց ժպտում են: Մեկը կիթառ էր նվագում, չէ, կներեք, մեկը չէ: Սերոժը, բայց ոչ ես: Բանից պարզվեց՝ ունենք նույն անունը, նույն մասնագիտությունը, ավելին՝ սովորում ենք նույն համալսարանում:

Եթե ասեմ՝ ճամբարում հանգիստ նստած Տավուշի բնությունն էինք վայելում, ապա ճիշտ չեմ ասի: Եթե կամավոր ես, ունես պարտականություններ: Բայց խոստովանեմ՝ ամենաբարդը էքսկուրսավարների գործն էր. անընդհատ նույն պատմությունը ներկայացնել տարբեր մարդկանց  տարբել լեզուներով ու անընդհատ ոտքի վրա կանգնած լինել, հեշտ չէ:

Ես լուսանկարչությամբ էի զբաղվում, գրում օրվա անցուդարձը, և եթե ազատ էի լինում, վերցնում էի գուաշները, մեկի համար Տավուշի լոգոն էի նկարում, իսկ մյուսին՝ խաչ կամ եկեղեցի: Բայց կային երեխաներ, որ կամ վիշապ էին խնդրում կամ սարդ-մարդ, դե ինչ արած, նկարիչ ես՝ գլուխդ կախ նկարիր, ինչ ասում են: Հա, ի դեպ, բացի մենք մեր աշխատանքով՝ նկարել, փազլով տունիկ հավաքել և այլն, կատարում էինք մեր երկրորդ բարի գործը. մեր հյուրերի աջակցությամբ գումար էինք հավաքում սահմանամերձ գյուղերում թաքստոցներ կառուցելու համար: Մեր հյուրերը գնում էին մեկ փազլ և օգնում պլակատի վրայի տունիկի կառուցմանը: Անգամ մեկ փազլը մեծ նշանակություն ուներ թաքստոցը կառուցելու համար:

Հաղարծինի օրերին բազմաթիվ հայտնի մարդիկ այցելեցին Հաղարծին, երգչախմբեր, ազգային պարի խմբեր, դերասաններ և այլն: Մեզ հյուր էին եկել բռնցքամարտիկ Կարո Մուրատը, երգիչ Հայկոն իր կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի և երեխաների հետ,  X – Factor հայտնի հեռուստաշոուի երգիչ  Ծյոմը ՝ ջազ նվագախմբի հետ միասին: Հա, մոռացա նշել մեր գլխավոր հյուրերից մեկին՝ Բելգիայի Մալին Բրուքսելի շրջանի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ժան Քոքրոուսին, ով Հայաստան էր եկել ուխտագնացության, այցելեց մեզ և համոզվեց, որ Հայաստանը չքնաղ է, իսկ Տավուշը՝ բացառիկ:

Հաճելի է, երբ շփվում ես հայտնի մարդկանց հետ, երբ զբաղվում ես նաև ուրիշ գործերով, լինի կավագործություն, թե խոհարարություն:

Շաբաթը շատ արագ անցավ: Շատ տխրեցինք բաժանվելիս, սակայն հուսադրողն այն է, որ Հաղարծնի շաբաթը կկազմակերպվի ամեն տարի, և հույս ունենք նորից հանդիպել իրար:

Դե լավ, այսքանը ասացի՝ մի բան էլ ասեմ. այս շաբաթը ինձ շատ փոխեց նաև մեկ այլ առումով. ես սիրահարվել եմ: Հա, չզարմանաք, բայց ես մեղավոր չեմ: Բոլորի հետ էլ պատահում է: Եթե ամեն ինչ լավ ընթացք ունեցավ, այդ մասին նույնպես կգրեմ:

Sose Zaqaryan

Եկեք չխորանանք

Ինչպես բոլոր ազգերը, այնպես էլ հայերը, սիրում են սուրճ խմել: Բայց, ի տարբերություն մնացած ազգերի, հայերը սիրում են նաև սուրճի մրուրով գուշակություններ անել, իսկ թե որքանով է դա ճիշտ՝ չգիտեմ:

Կան, չէ՞, մարդիկ, որոնց «փեշակը» բաժակ նայելն է: Հիմա՝ ի՞նչ, դա արհե՞ստ է, թե՞ արվեստ, դժվար է ասել: Դե, պատկերացրեք. եթե ձեր բաժակի մեջ կա հինգ թիվը, ուրեմն, լավ է ու հաջողություն է սպասվում, ինչը չես կարող ասել 7-ի մասին: Չորս թիվը բաժակում նշանակում է փոքր սեղանի մասնակցություն: Արտահայտություններ կան, որոնք օգտագործում ենք միայն բաժակ նայելուց: Օրինակ՝ «դանդաղ եկող հաջողություն», կամ՝ «բախտդ բացի»: Արագիլը նշանակում է նորություն: Մի խոսքով՝ բավականին դժվար և հետաքրքիր մասնագիտություն է:

Ինձ թվում է՝ բաժակ նայելը հատուկ հորինել են հայ տնային տնտեսուհիները, որոնք ամեն օր հարևաններով սուրճ են խմում ու ավելի հետաքրքիր և երկար իրար ներկայությունը վայելում: Դրա համար նրանք ստեղծել են այդ «փեշակը»: Դե, այն, որ կրիան դանդաղ հաջողությունն է, մի տեղ կարելի է հասկանալ, բայց որ ձին խորհրդանշում է մուրազը, արդեն անհասկանալի է: Երևի ձիու թռիչքը նմանեցնում են մարդկային մտքի թռիչքին, բայց խոսքը մեր մեջ, ոչ ձին է ուղղակի իմաստով թռչում, ոչ էլ մարդկային միտքը: Մի անգամ բարեկամներիցս մեկը, որը դեմ էր բաժակ նայելուն, ասաց.

-Բաժակը շրջելիս՝ բախտն էլ եք շրջում:

Սա էլ է, չէ՞ հնարավոր: Չեղավ, չեղավ. կարծես՝ ես էլ եմ սկսում գուշակություններ անել՝ տողատակերում խորհուրդ ու նշանակություն փնտրելով:

Դե, քանի դեռ չեմ խորացել այս ասպարեզում, ավելի լավ է վերջացնեմ ու լվանամ սուրճի բաժակները առանց շրջելու:

Անավարտ հարցազրույց

Հարցազրույց տատիկիս Վարդանուշ Մուրադյանի հետ

Լուսանկարը՝ Քրիստինե Սարգսյանի

Լուսանկարը՝ Քրիստինե Սարգսյանի

Վարդանուշը` հորական տատիկս, 88 տարեկան է: Քանաքեռցի է եղել, ամուսնացել է պապուս` Խաչիկ Թովմասյանի հետ և տեղափոխվել Արագածոտնի մարզի գյուղ Ագարակ: Ունեցել են 5 երեխա՝ 4 տղա և 1 աղջիկ: Ցավոք սրտի, միայն հայրս է ամուսնացել և ունի 7 զավակ: Տատս մեզ շատ է սիրում, միշտ պատմում է, որ իր գրկում է մեծացրել մեզ:

Տատիս պատմեցի, որ  լրագրողությամբ եմ զբաղվում, շատ ուրախացավ, ասաց.

-Բալի՛կ ջա՜ն, սովորի՛ր, սովորի՛ր, քանի կարող ես:

Եվ սրանից հետո սկսեցի հարցուփորձս:

-Տատ ջան, ինչպիսի՞ ընտանիքում ես մեծացել:

Տատս սկսեց հպարտորեն պատմել:

-Բալա ջան, հայրիկս՝ Վահանը, էղել ա գիտուն մարդ` տեխնիկումն ա սովորել, ավարտել ա հինգերով, իսկ մորս հետ պսակվելուց հետո դարձել ա Քանաքեռի եկեղեցու քահանա: Մամս` Սուսամբարը, անգրագետ կին ա եղել, դպրոցում չի սովորել, բայց շատ խելամիտ էր: Մամայենքս եղել են 5 ախպեր, 2 քուր: Իմ քեռիները բոլորը վանական են էղել: Թուրքերը սաղին սպանել են, մնացել են 2 քուր` մերս ու մորքուրս: Փախել, էկել են Քանաքեռ, էնտեղ էլ հանդիպել ա հորս:

Ախպերս՝ Եփրեմը, իրա նման ախպեր ոչ մեկ չի ունեցել: Իմ ախպերը մեզ շատ էր սիրում, մենք էլ իրեն: Իմ հերը մի բուռ ոսկի տվեց, որ գնա Էրեվան սովորի ,- հուշերի գիրկն ընկավ տատս,- իսկ քուրս՝ Շողիկը, բարի, խելամիտ մարդ էր, շատ նման էր մորս:

-Տա՛տ, իսկ ինչպե՞ս եք ապրել:

-Բալա ջան, չեմ բողոքում, լավ էինք ապրում, բայց լուսամուտներին շուշա չկար, շորերով էինք փակում: Հետո հերս մի տեղից  2 կոպեկ ոսկի ճարեց, թազա տուն առանք:

-Դպրոցից հետո ինչո՞վ ես զբաղվել:

-Է՜հ. գնացի բուժքույրական սովորեցի, պրծնելուց հետո մեր Քանաքեռի բուժկետում էի աշխատում մինչև պապուդ հետ ամուսնանալս:
-Տա՛տ, պապուս հետ ո՞նց ես ծանոթացել:
-Իմ պապաս ու պապուդ պապը իրար ընկերներ են էղել, որոշել էին, որ իրանց թոռները իրար հետ պիտի պսակվեն, ու տենց էլ էղավ: Պապդ էկավ ձեռս խնդրեց, հերս ու ախպերս էլ համաձայն էին, էդպես ամուսնացանք:

-Ի՞նչ պայմաններում ես ապրել:

-Պապուդ տունը լավը չեր: Մկան բնից մի քիչ էր մեծ, անձրևների ժամանակ կաթում էր, բայց աշխատում էր, փող էր հավաքում` տուն սարքելու համար: Ես ու պապդ շատ տանջվեցինք: Ես, որ գյուղական կյանքին սովոր չէի, դժվարությամբ, բայց հարմարվեցի էդ կյանքին: Հող էի մշակում պապուդ հետ հավասար: Վերջը` մենք փող հավաքեցինք ու հորեղբայրներիդ ու հորդ հետ սկսեցինք նոր տուն սարքել:

-Իսկ ինչպիսի՞ն են եղել երեխաներդ փոքր տարիքում:

Այս հարցս այդպես էլ անպատասխան մնաց, տատս գլուխը խոնարհեց ու սկսեց լաց լինել՝ հիշելով իր16-ամյա մահացած որդուն ու զավակների դաժան մանկությունը:

Astghik Ghazaryan

Բանահյուսական երգեր Գետահովիտ գյուղից

Առավոտյան շուտ արթնացա,
Տեղս հավքի, տունը մաքրի,
Դեռ հարս չելեր:
Ասի գնամ, կովը կթեմ:
Կովը կթի, կաթ բերեցի,
Դեռ հարս չելեր:
Մտա սենյակ, էլ ի՞նչ տեսնեմ.
Երկու գլուխ, չորս հատ ոտքեր:
Սուրը հանի, սիրտը խոցի:
Հարսն արթնացավ:
-Տու’նդ քանդվի, դաժա’ն կեսոր,
Ծոցիս քնած քո բալիկն է,
Յոթը տարվա քո ղարիբն է:

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող`Աստղիկ Ղազարյան
06.02.2017թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

***

Ես մի մարալ, ես մի ջեյրան, ա’յ նանա,
Ինձ տվել ես մի չիրքինի, վա’յ նանա,
Վեչխար չի, թե սյուրվին խառնեմ, ա’յ նանա,
Կյոմոշ չի, թե բազար տանեմ, ա’յ նանա:

Ես մի մարալ, ես մի ջեյրան, ա’յ նանա,
Ինձ տվել ես մի չիրքինի, վա’յ նանա,
Ես ուզում եմ իմ չոբանին, ա’յ նանա,
Մոտը նստեմ, դարդս պատմեմ, ա’յ նանա:

Ինչ եմ անում կվիրկոթի կաստյումն, ա՜յ, ա՜յ,
Կամ թե նրա խրոմակի սապոկը:
Ես ուզում եմ իմ չոբանին, ա’յ նանա,
Մոտը նստեմ, դարդս պատմեմ, ա’յ նանա:

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող`Աստղիկ Ղազարյան
23.04.2017 թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

 

ella mnacakanyan yerevan

Գիշերային երաժշտություն

Բարև: Էլի ես եմ ու էլի 58 համարի ավտոբուսի մասին եմ խոսելու: Չէ՛, այս անգամ խոսքն անտանելի շոգի ու կաթվածահար երթևեկության մասին չէ՝ չնայած, որ էլի սարսափելի շոգ ու նույնքան սարսափելի երթևեկություն է Երևանում: Այս անգամ պատմելու եմ մի 16-17 տարեկան աղջկա մասին, որն ստիպեց ճանապարհիս կեսը մտորումների մեջ անցկացնել:

Հերթական անգամ երթևեկում էի ավտոբուսով, բնականաբար, կանգնած, երբ, ի ուրախություն ինձ, նստելու տեղ ազատվեց: Ժպտալով նստեցի, որովհետև հիշել էի, որ սիրելի գիրքս մոտս է: Հարմար տեղավորվելուն պես բաց արեցի պայուսակս ու հանեցի գիրքս: Սկսեցի կարդալ: Վերջին շրջանում այնքան զբաղված էի, որ միայն երթևեկելիս էի կարողանում ընթերցել: Աչքերով գտա այն տողը, որի վրա կանգ էի առել անցած անգամ, քանի որ ստիպված էի եղել իջնել իմ կանգառում, ու սկսեցի:

Գրքասերները կհասկանան ընթերցանությունը սկսելուն հաջորդած 4-5-րդ րոպեին առաջացող այն զգացումը, երբ սկսում ես կամաց-կամաց կտրվել քեզ շրջապատող իրականությունից (նույնիսկ աղմկոտ շարժիչով ավտոբուսում գտնվելու դեպքում), եթե իհարկե սյուժեն հետաքրքիր է, ու մտովի հայտնվում ես այնտեղ, որտեղ տեղի են ունենում կարդացածդ գրքի գործողությունները: Հենց այդպիսի մի էյֆորիկ պահի մեջ էի, երբ հանկարծ վեր թռա: Չէ՛, պատճառը ավտոբուսի կտրուկ արգելակումը չէր, այլ մի աղջկա հարցը, որը կանգնած էր իմ նստատեղի մոտ՝ կարծես գլխավերևումս:
-Քուրի՛կ, որ խնդրեմ` էդ գրքի անունը կասե՞ս,- թեթև ռուսական առոգանություն նկատեցի խոսքի մեջ:
Ես, հանկարծակիի եկած, ռեֆլեքսորեն փակեցի գիրքը ու կարդացի կազմի վրա.
-Ночная музыка,- ասացի այնպես, իբր եթե չնայեի կազմին, չէի կարողանա հիշել անունը:
-Մոյեսի՞նն ա:
-Ահա,- պատասխանեցի ես ու անմիջապես վերադարձա ընթերցանությանս. հետաքրքիր մասում էի կանգ առել:
Շարունակեցի կարդալ, կարդացի երկու-երեք տող, հետո զգացի, որ չեմ ընկալում գրվածը, նորից կարդացի, էլի չհասկացա, երրորդ անգամ էլ նույնը: Պատճառն այն էր, որ միտքս զբաղված էր այն աղջկանով, որի տված հարցը զարմանալիորեն մտորումների մեջ էր գցել ինձ: Կտրվեցի գրքիցս, նայեցի աղջկան: Մենակ չէր, հավանաբար ընկերուհու կամ քրոջ հետ էր, որն իրենից տարիքով ավելի մեծ էր թվում ու կարծես հայաստանցի էր: Չէի էլ նկատել, թե երբ ու որտեղ էին ավտոբուս նստել, կամ թե ինչպես էր այդ աղջիկը հայտնվել գլխավերևումս ու քանի րոպե էր հետևում կարդալուս ընթացքին: Գիրքը փակեցի, տեղավորեցի պայուսակումս ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Չգիտեմ՝ ինչու, հոգիս ուրախությամբ էր պատվել այն մտքից, որ հիմա էլ ավտոբուսներում երիտասարդները իրար հարցնում են ոչ թե հագած զգեստի գնից ու խանութից կամ լսած երաժշտությունից, այլ կարդացած գրքից ու երբեմն կազմից անգամ գուշակում են գրքի հեղինակին:

Իսկ ես արդեն գրքի վերջաբանին եմ մոտեցել, տեսնես այդ աղջի՞կն էլ կարդաց գիրքը:

Astghik Ghazaryan

Բանահյուսական սիրո երգեր

I տարբերակ

-Օրը մութն է, ես չեմ հասնիլ քյարվանին,
Օրը մութն է, ես չեմ հասնիլ քյարվանին,
Սյուրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:
-Օրը ճաշ է, դու կհասնես քյարվանին,
Օրը ճաշ է, դու կհասնես քյարվանին,
Մատաղ լինիմ քո ման էկած տեղերին,
Ո՜վ այ հյուր, գիշերելու տեղ չունեմ…
-Յոթը տարի ես թողել եմ մի ծաղիկ,
Սյուրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:
Ես Սայադն եմ յոթը տարի կորած եմ,
Սյուրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:
-Որ Սայադն ես, ի՞նչ ես էլ ինձ չարչարում,
Արի’, ա’յ հյուր, աչքիս վրա տեղ ունես:

Ասացող` Մաստեր Սարգսյան (Փչան Մաստեր)
Գրի առնող` Աստղիկ Ղազարյան
24.11.2016թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

II տարբերակ

-Տանջվող սերը ես հանձնում եմ տանջողին,
Մատաղ լինեմ ման էկածըդ տեղերին:
Օրը մութն ա, ես չեմ հասնիլ քյարվանիս,
Սիրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:

-Տանջված սերը ես հանձնում եմ տանջողին,
Մատաղ լինեմ ման էկածըդ տեղերին:
Օր դեռ շատ կա, դու կհասնես քյարվանիդ,
Անցի’ր, ո’վ հյուր, գիշերելու տեղ չունեմ:

-Ման էկածըդ տեղըմ այգի լինեի,
Այգում բուսնած վարդ, մանիշակ լինեի,
Օրը մութն ա, ես չեմ հասնիլ քյարվանիս,
Սիրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:

-Ման էկածըդ տեղըմ այգի լինեի,
Այգում բուսնած վարդ, մանիշակ լինեի,
Օր դեռ շատ կա, դու կհասնես քյարվանիդ,
Անցի’ր, ո’վ հյուր, գիշերելու տեղ չունեմ:

Հայրենիքում դուն իմ թողած ծաղիկն ես,
Վաղուց է, որ վերադարձիս կսպասես:
Օրը մութն ա, ես չեմ հասնիլ քյարվանիս,
Սիրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:

-Ման էկածըդ տեղըմ այգի լինեի,
Այգում բուսնած վարդ, մանիշակ լինեի,
Եթե իմն ես, էլ ինչ ես իզուր տանջում,
Արի’, ո’վ հյուր, գլխիս վրա տեղ ունես…

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող`Աստղիկ Ղազարյան
24.11.2016թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

Լրագրողի, նրա դերի, ազատության և էլի այլ հարցերի մասին

Հարցազրույց Զինուժ հեռուստածրագրի մեկնաբան և լրագրող Դավիթ Դավթյանի հետ

-Ի՞նչ եք կարծում՝ մեդիայի նպատակը հաղորդելն է այն, ինչը հետաքրքրում է լսարանին, թե՞ վերջինիս մտահորիզոնն ընդլայնելը։ 

-Մեդիայի նպատակն իրականում երկուսն է։ Առաջինը, իհարկե, մտահորիզոնն ընդլայնելը, որովհետև եթերում ներկայացվում են և՛ Հայաստանի, և՛ արտասահմանի այն բոլոր թրենդները, որոնք կարող են զարգացնել մարդկանց մտահորիզոնն ու ճաշակը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով առաջին հերթին հանրության լրատվական պահանջը բավարարելն է։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը՝ Հայաստանում և աշխարհում։ Հենց այդ գործառույթն էլ իրենց վրա կրում են լրագրողները և պարտավոր են ու ստեղծված են նրա համար, որպեսզի պատրաստեն բավարար քանակով տեղեկություն հանրության լրատվական պահանջը լրացնելու համար։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լրագրողի աշխատանքը Հայաստանում։ Արդյո՞ք լրագրողն ազատ է արտահայտել իր միտքը։

-Կարծում եմ՝ բավականաչափ, այո։ Եթե հետևենք լրատվական հոսքին, ապա ըստ էության չկա մի տեղեկություն, որը կարող է թաքցվել։ Եթե տասը կամ քսան տարի առաջ կարողանում էին սահմանափակել լրագրողի ազատությունը, որպեսզի տվյալ ինֆորմացիան չհրապարակվի՝ հիմա արդեն բավարար միջոցներ կան։ Եթե լրագրողը լրատվամիջոցով չի կարողանում ներկայացնել ինֆորմացիան, ապա նա ունի իր սոցիալական ցանցի էջն ու այդ առումով ավելի անկախ է։ Ընդ որում՝ քանի որ մեդիա դաշտը չի սահմանափակվում միայն հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով, այդ դեպքում բավականին մեծ խնդիր է իր վրա կրում համացանցը։ Համացանցային լրատվությունն անկառավարելի է, և հնարավոր չի սահմանափակել խոսքի ազատությունը։ Երբեմն բլոգերները նույնպես կատարում են լրագրողի պարտականություններ։ Այսինքն՝ ով ինչ ինֆորմացիա ցանկանում է, որտեղ և ինչպես ցանկանում է՝ հրապարակում է։ Հետևաբար այսօր խոսքի ազատության սահմանափակման մասին խոսելը, կարծում եմ՝ բավականին ժամանակավրեպ է։

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ թերի կողմեր ունի հայաստանյան մեդիան։

-Իմ խորին համոզմամբ, գլխավոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի պակասն է։ Մենք բավական երկար ժամանակ աշխատում ենք լրագրության մեջ, փորձում ենք ինչ-որ նորամուծություններ անել՝  հետևելով արտասահմանյան մեդիա դաշտին, բայց իրականում բավականին թերի ենք աշխատում։ Եթե հետևենք լրատվական հոսքին, ուշադիր դիտենք, թե ինչպես են աշխատում լրագրողները, ինչ ձևակերպումներ են օգտագործում, հարցազրույցի ընթացքում հյուրերին ինչպես են վերաբերվում. իմ կարծիքով՝ այդ ամենը երբեմն չափազանց ոչ պրոֆեսիոնալ է։ Այդ առումով ունենք զարգանալու շատ մեծ խնդիր, որովհետև լրագրողը չպետք է սահմանափակվի միայն ռեպորտաժ պատրաստելով և կատարվածը ներկայացնելով։ Եթե նա ցանկանում է մի փոքր վերլուծական տեսքի բերել իր նյութը, ապա պետք է զբաղվի նաև ինքնազարգացմամբ։ Այդ առումով, առաջին հերթին, կարծում եմ՝ պետք է շատ ընթերցել, դիտել ֆիլմեր և տարբեր տեսանյութեր, որոնք ուղղորդող են, և իհարկե, հետևել միջազգային լրահոսին, որովհետև միջազգային լրագրողները շատ սրընթաց կերպով են լուսաբանում իրադարձությունները և կարողանում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին դատողություններ անել և ընտրել ձևաչափ, որով կարելի է գրավել հեռուստադիտողին։ Մեզ մոտ մի նորություն լինում է ու հնարավոր է երկու ամիս չլինի, իսկ դա ձանձրացնում է. պետք է հեռուստադիտողին գրավելու բազմաթիվ մեխանիզմներ կիրառել։

 -Ճի՞շտ հասկացա՝ լավ լրատվություն տրամադրելու հիմնական ձևը տեսնում եք հենց գիտելիքի՞ մեջ։

-Իհարկե, առաջին հերթին գրագիտությունն է, հետո կրեատիվը։ Կարծում եմ՝ դասական լրագրության տարբերակով առաջնորդվելը սառը ազդեցություն կարող է թողնել։ Այդ պատճառով կրեատիվը ևս շատ կարևոր է։ Լրագրողը միշտ պետք է մտածի տարբեր ձևով իրադարձությունը ներկայացնելու մասին։ Պատկերացրեք՝ միջոցառում է, ներկա են քառասուն լրագրող և պետք է էնպես անես, որ դու մնացած 39-ից տարբերվես քո նյութերով։

-Եվ վերջին հարցը, որն իսկապես կարևոր է հատկապես Հայաստանի պարագայում. ի՞նչ եք կարծում, հայաստանյան մեդիան ունի՞ բավարար միջոցներ՝ լրագրողներին պատերազմական գոտիներ ուղարկելիս՝ նրանց կյանքի ապահովագրման համար. չէ՞ որ ապրում ենք պատերազմական երկրում, և այս խնդիրը շատ կարևոր է։

-Լրագրողի կյանքը սահմանին ապահովագրել որևէ մեկը չի կարող։ Եթե հնարավոր լիներ ապահովագրել լրագրողի կյանքը՝ նույն ձևով կապահովագրվեր նաև զինվորինը։ Էստեղ ոչ թե կյանքի և գոյության խնդիրն է, այլ անվրեպ աշխատանքը։ Լրագրողները մինչև առաջին գիծ մեկնելը պետք է տիրապետեն բավականին շատ գիտելիքների, որպեսզի չպատրաստեն էնպիսի նյութեր, որոնք թիրախ կհանդիսանան հակառակորդի համար։ Եթե մարտական հենակետում ռեպորտաժ է պատրաստվում, չպետք է տվյալ նյութի պատճառով հաջորդ օրն այդ դիրքը տուժի։ Այսինքն, չպետք է ներկայացվի տարածքը, տեղանքը, այդ դիրքի սպառազինությունը։ Լրագրության մեջ հիմա ունիվերսալիզմն է ընդունված, այսինքն՝ լրագրողները նյութեր պատրաստում են բոլոր ոլորտներով, բայց ռազմական լրագրությունն, իմ կարծիքով, շատ առանձնահատուկ ոլորտ է և պետք է դրան առանձին անդրադառնալ՝ հատուկ մասնագետներ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ պայմաններում շատ կարևոր է առաջնագծի ռեպորտաժը։ Պետք է գիտակցել գոնե ամենապարզ պատճառը. տրամադրվող ինֆորմացիան և կադրերը տեսնում է ոչ միայն մեր հանրությունը, այլ նաև հակառակորդը։ Եվ շատ դեպքերում դրանք հատուկ վերլուծությունների են ենթարկվում, հնարավոր են նաև պատասխան գործողություններ, որոնց մասին գուցե չիմանանք։ Գուցե չպատկերացնենք, որ դա մեր նյութի հետևանքով է, բայց անուղղակի կերպով մենք ազդեցություն կունենանք ինչ-որ դժբախտության գործում։

armida

Խաղիկներ

Գյուլում, գյուլում գյուլչչաք,

Ես, տյու մտնենք մի փչակ,

Մինչև լյուս քչփչանք,

Լյուսին նհետ տյուս կկյանք:

***

Նա~ն աղջիկ, ջա~ն աղջիկ,

Մուշտարիքդ կյան աղջիկ,

Ճմփին ուրյուտ տան, աղջիկ:

***

Քաչալ, քաչալ քշմաչի,

Քաչալն ուտի շան կաշի,

Օխտը րաբա հյուն պիրեք,

Մեր քչալին տուն պիրեք:

***

-Հե~յ, անա’ն:

-Ի՞նչ ա, աջան:

-Էն տղեն ասի դուդուն ածի,

Զիզի հարսին պար ածի:

-Հե~յ, անա’ն:

-Ի՞նչ ա, աջան:

-Սխտորըթակին վե՞րդե ա:

-Էն ա, ալ խնձորին տակին ա:

-Խնձոր կծեմ, թուլ անեմ

Զիզի հարսին կուլ անեմ:

Ասացող` Ռիմա Ծուղունյան

Գրի առնող` Արմիդա Բաղիյան

anna sargsyan

Դադարել կարդալ նշանակում է` դադարել մտածել

Շատ եմ սիրում կարդալ: Ժամանակին, երբ փոքր էի, կարդում էի մանկական գրքեր, դրանք հաճախ անիմաստ էին լինում, բայց ես կարդում էի: Գրադարանը մեր տանը մոտ է, այդ պատճառով ինձ համար խնդիր չէր լինում գիրք վերցնելը:

Երբ մեծացա, դե այդքան էլ չէ, երևի 13-15 տարեկան էի, դադարեցի կարդալ: Կարդում էի, բայց հազվադեպ: Շատ ժամանակ էի տրամադրում համակարգչին և ընկերներիս: Բայց երբ այդ ճգնաժամը հաղթահարեցի, հասկացա, որ մի տեսակ անգույն եմ ապրում, երևակայությունս սկսել է ժանգոտվել: Կարծում եմ՝ գիրքը կախարդական աշխարհ է:

Հետո վերսկսեցի կարդալը, բայց էլի առաջ չէին գնում գործերս գրքերի հետ, մինչև չգտա այն, ինչ ինձ պետք էր: Բայց այդ գիրքն օնլայն էր, դրա համար չկարողացա մինչև վերջ կարդալ, որ տեսողական խնդիրների չառնչվեմ: Այդ գիրքը ես գտել էի Վահե Ստեփանյանի նյութերից մեկում, Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ»-ն էր: Ես այդ ժամանակ 17-ի թղթակից չէի, բայց բախտս բերեց, որ հետևում էի կայքին: Դրա շնորհիվ ես գտա այն կամուրջը, որը կրկին ինձ և գրքերը կապեց իրար:

Հաջորդ գիրքը, որ կարդացի, «Կորած օրագիր»-ն էր, հեղինակը՝ Մուշեղ Բաղդասարյան, Վարդգես Քալանթարյան: Իմ հասակակիցները տարված էին այդ գրքով, և դա ինձ գայթակղեց: Ես նույնպես ընթերցեցի: Արդեն կարողանում էի ես էլ մասնակցել գրքի քննարկումներին:

Մյուսը դարձավ «Աստղերն են մեղավոր»-ը, հեղինակը՝ Ջոն Գրին: Ես դրա ֆիլմը տարիներ առաջ էի նայել, իսկ այ, գի՜րքը: Գիրքը, անխոս, ցնցող էր: Ուղղակի ինձ համար այն կիսատ մնաց, ու գիտե՞ք՝ հետաքրքիրն այն էր, որ հերոսուհու սիրած գիրքն էլ էր կիսատ մնացել, ու նրա շատ հարցերն անպատասխան էին: Իմ հարցերը՝ նույնպես:

Հաջորդ գիրքս «Թալիո»-ն էր: Այն հայ կնոջից և թուրք տղամարդուց ծնված տղայի մասին էր: Նա «հիբրիդ» էր, որին իր ծննդավայրում ՝ Բաքվում, «հայի ճուտ էին ասում»: Բայց նա շատ փորձություններից հետո գտավ իր երջանկությունը, իր «արքայադստերը»…

Հիմա կարդում եմ Շիրվանզադե՝ «Նամուս», «Պատվի համար» ու վերընթերցում եմ «Արտիստը»:

Կարդալու շնորհիվ մենք կարծես նորից սկսում ենք շնչել, բայց՝ ավելի «կյանքով լեցուն» օդով: