serine harutyunyan

Բաց մի թող, որ չգնա

Երբևէ պատկերացրե՞լ ես քո կյանքն առանց քեզ համար թանկ մարդու, կամ ուղղակի նրանից հեռու: Դե, հա: Մի քիչ դժվար է: Կամ, մտածե՞լ ես, այ, այդ թանկ մարդիկ ովքեր են: Ինչպե՞ս հայտնվեցին քո կյանքում: Ինչո՞ւ են քեզ համար դարձել թանկ, դարձել կարևոր: Իսկ այդ թանկ մարդկանց մասին մտածելիս մտածե՞լ ես, թե դու իրենց համար ինչքան կարևոր ես, կամ ընդհանրապես, կարևո՞ր ես, թե՞ չէ: Երևի քեզ համար էլ թանկ մարդիկ մի քանի խմբի են բաժանվում, չէ՞: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր չգիտես էլ ինչու, քեզ համար շատ թանկ են, ու դու սիրում ես նրանց, որովհետև սիրում ես: Սիրում ես, ու վերջ: Ու երևի կլինեն մարդիկ, առանց ում դու ուղղակի քեզ չես պատկերացնում, քեզ կիսատ ու միայնակ ես զգում: Ու կան մարդիկ, ովքեր միշտ-միշտ քո մտքում են, ովքեր քո սրտում են, քո աղոթքներում: Ովքեր միշտ քո կողքին են անկախ նրանից՝ հեռու են, թե մոտ: Ու երևի մեկին, կամ մի քանիսին էլ բախտը մի քանի անգամ է ժպտացել, երևի… Նրանք այդ բոլոր խմբերում էլ տեղ ունեն, մեկում՝ քիչ, մեկում՝ շատ, մյուսում՝ ավելի շատ: Բայց երևի մարդ ինչ-որ երկար, երբեմն էլ փորձություններով լի ճանապարհ պիտի անցնի, ու հետո դառնա կարևոր մեկը: Մի օր էլ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը քո մի մասնիկն է, հասկանում ես, որ անգամ քո ամենաանկեղծ ժպիտներն են այդ մարդու համար: Ու մի օր երևի կհիշես ամեն ինչ, ամենասկզբից… Ինքդ քեզ վրա կծիծաղես ասածդ առաջին խոսքերի համար, կհասկանաս, թե ինչպես սառն ու անտարբեր խոսքերը դարձան ամենաջերմը, կհիշես՝ ինչպես ծանոթացաք, ինչպես մտերմացաք, ու կհասկանաս, թե ինչպես առանց այդ կարևորի երևի անգամ չկարողանաս էլ ապրել, կամ գուցե ապրես, բայց ապրածդ կյանքը անգույնից էլ ավելի անգույն լինի: Երևի առանց այդ թանկի այն կարմիրը, կապույտը, դեղինն ու մյուս բոլոր վառ գույները կկորչեն կյանքիցդ, կամ ուղղակի կթաքնվեն սևի ու մոխրագույնի հետևում, երբեմն էլ քեզ կնայեն ու կծիծաղեն վրադ:

Հըը՜մմ, երևի շատ փիլիսոփայեցի: Եկեք ուղղակի կարևորենք մեր կարևորին, ամուր-ամուր բռնենք նրան ու բաց չթողնենք, պահենք մեզ մոտ: Ու եկեք սիրենք մեր կարևորին, սիրենք ամբողջ հոգով, սիրենք առանց կասկածների ու վերապահումների: Սիրենք անշահախնդիր, առանց ակնկալիքի: Ու եկեք ասենք մեր կարևորին, որ իրեն շատ ենք սիրում ու հիմարի պես չմտածենք, թե նա դրա մասին գիտի:Դե, հենց հիմա, առանց վայրկյան կորցնելու մոտեցիր, կամ զանգիր, կամ գրիր նրան, ասա, որ շա՜տ-շա՜տ ես սիրում…

Հա, ու եթե բախտդ բերել է, ու դու նրան գրկելու հնարավորություն էլ ունես, գնա, խեղդելու աստիճան ամուր գրկիր ու էլ բաց մի թող, որ չգնա: Հա՜-հա՜, բաց մի թող, թե չէ՝ կգնա: Բաց մի թող, որ չգնա…

 Մարտ, 2017

IMG_353

Տո՜, տո՜, տո՜…

-Ես Հռիփսիկ Հայրապետյանս, է՜, Խաչատրյանս…

- Տո՜, տո՜, տո՜…Այ կնի՞գ, էլի սկսեցի՞ր: 57 տարի կյանքս կերար, իմ փառավոր,  թագավոր ազգանունս չէիր ուզե` չգայիր զագս:

-Է՜հ, ըշտը` էշ խելքս սեմ, էլի: Մադոս կսեր էլի, որ իսան չես, ես չլսի, ելա հետդ եկա: Համ էլ սին` խելոք տղա  է, ինչ ուզեմ` կրամ ենեմ, էն էլ սպես դուս եկավ:

Ահա այսպես էլ սկսվեց իմ հարցազրույցը տատիկիս ու պապիկիս հետ: Պապիկս ամեն հարցի պատասխանը սկսում էր «տո՜, տո՜, տո՜» ասելով: Դա նրա ամենասիրելի արտահայտությունն է: Իսկ երբ խոսքը գնում է Մադո պապիկի մասին (նա տատիկիս մեծ եղբայրն է), պապիկս սկսում է  ավելի  մտածված արտահայտվել, որպեսզի ցույց տա, թե միևնույնն է, առավել է նրանից:

Նրանց հավերժական պայքարը  հասակի մեջ է: Պապիկս ցածրահասակ մարդ է, իսկ Մադո պապին շատ բարձրահասակ: Պապիկս մեկ էլ կասի.
-Մարդ բդի իմ պես մինիատյուրնի եղնի: Չէ, բը` Մադոյի պես  երկար:
Ես փորձում էի  նրանց հետաքրքիր  կյանքը բացահայտել, բայց  հարցազրույցը սկսվեց  կռվով, որը մեզ ուղեկցեց ողջ ընթացքում:

-Պապ, ի՞նչղ եղավ, որ տատիս առար:
-Դե, բալա ջան, հարուստ էին, հերը ջաղաչ ուներ, լիքը ալուր ունեին, առա:
-Տատ, ի՞նչղ եղավ, որ  պապին առար:
-Բալա ջան, էման սիրուն տղա էր, առա:

Պապս հեռվից հավելեց:
-Դե սիրահարվանք, առանք:
Տատս գոռաց:
-Յա, այ տղա, եքա 80 տարեկան բիձա ես, ռոմանտիկադ բռնե՞ց: Ես քեզի չեմ սիրահարվել, եղա՞վ, եդիկ միշտ հիշե:

Դե իմ հարցազրույցը վերածվեց  «սիրել եմ, չեմ սրել» վերնագրով մի կռվի: Ինչքան էլ ասեն, որ չեն սիրել, միևնույնն է, իրենց արարքները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս:

Սիրո մասին անիմաստ փիլիսոփայելու փոխարեն պատեմ մի կյանք:

Տատս ու պապս միասին են արդեն 57 տարի: Մենք տոնել ենք արծաթե հարսանիք, ոսկյա հարսանիք ու հստատ ադամանդյա հարսանիք էլ  կտոնենք:
Տեսնենք` իսկական սերը որն է:

Մի անգամ տատիկենցս տան տանիքի վերանորոգման համար  Վանաձորից եկել էին մի քանի երիտասարդ տղաներ, մի 20-22 տարեկան: Նրանք տատիկիս ու պապիկիս հետ շատ էին մտերմացել, բայց ինչպես պապիկս  փաստում է, ավելի շատ տատիկիս: Մի անգամ պապիկս ինձ տարավ գաղտնի խորհրդակցության:
-Բալա ջան, եկե ըսման ձեռը քցել էր տատիդ ուսին, կարճ շորթիկը հագը, մե գլոխ հռհռացին: Սաղ կյանքը իմ հետս ըդման չհռհռաց:

Ես  հազիվ ծիծաղս  զսպեցի, որպեսզի պապիկիս չվիրավորեմ: Բա սիրում է, բա հիսունյոթ տարվա կնիկն է, բա կխանդի: Գնացի տատիկիս  պատմեցի ծիծաղելով, բայց, իհարկե, չպետք է նման բան անեի: Մեկ էլ տատս զայրացավ, գնաց դուռը բացեց ու…
-Կնիգը բդի ծառից կախված եղներ, դու էլ գայիր թռնեիր-թռնեիր չհասնեիր:
Ես ինձ շատ վատ զգացի, խաբարբզիկի պես եկա ամեն ինչ խառնեցի իրար, բայց պապիկս իրավիճակը հարթեց, գրկեց տատիկիս, ու ծիծաղեցին միասին:
Այսպիսի փոխադարձ հարգանքը ու սերը արդյունք է այսքան տարվա միասին ապրած լավ ու վատ տարիների: Միասին գյուղից գյուղ տեղափոխվել, միայնակ տուն կառուցել, պահել-մեծացնել վեց երեխաներին:

Կառուցվել է թանկարժեք ժառանգություն՝ սեր, հարգանք, ընտանեկան ջերմություն, 15 թոռնիկներ, 10 ծոռնիկներ:

Հ.Գ. Ու այսօր այդ սիրելի թոռներից մեկի ծնունդն է: Շնորհավոր:

Սեպտեմբեր, 2016

Erik Petrosyan

Ինձ համար բարդ է

Ինձ համար բարդ է

Իմ եսը դարձել:

Հոգիս ալեկոծ

Վտանգ է առել:

Միտքս ամեն տեղ`

Քեզ հետ, առանց քեզ,

Նա միշտ կլինի

Այստեղ ու այնտեղ,

Ես միշտ կխորհեմ

Ու կմտածեմ:

Ես ինձ իմաստուն

Երբեք չեմ կարգել

Ու չեմ դարձրել

Ինձ ամենագետ…

Հասարակ մարդ եմ,

Ով կամ կսիրի,

Ով կամ կսիրվի,

Ով մթի մեջ անգամ

Դեռ լույս կտեսնի,

Ով չի հանձնվի

Ու կմաքառի,

Հոգին կազատի

Զազր ու աղարտից:

Ժպիտիս մեջ կա

Թախծոտ տխրություն,

Արցունքներիս մեջ`

Մեծ ուրախություն:

***

Գարունը բացվեց

Ու մարդկանց

Ավետիս բերեց.

-Հեյ մարդիկ, ելեք,

Վարուցանք արեք,

Ելեք, աշխարհը

Պիտի ծաղկեցնեք…

Ելեք ու այսօր

Բարին տարածեք,

Սեր սերմանեցեք:

Միշտ ուրախ եղեք,

Լցրեք հոգիներդ

Ջերմեռանդությամբ:

Աշխարհին հայտնե’ք`

Գարուն է եկել:

«Միակ չհասկանալս ցավն էր, որ կար ամեն տողի մեջ». Մերի Վարդանյան

Երևանի տարածաշրջանային N1 Պետական քոլեջի Ռեժիսուրայի բաժնի ուսանողուհի Մերի Վարդանյանը նկարահանել է դոկումենտալ ֆիլմ, որը  նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Ֆռանգուլյանին։ Ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնվեց փակ դիտմամբ` 01.28.2023-ին։ Պրեմերիային ներկա էին նաև Ռաֆայելի մարտական ընկերները։

Ֆիլմը պատմում է Ռաֆայել Ֆռանգուլյանի և նրա մահից հետո ընտանիքի կյանքի մասին։ Կյանքը մինչև 44 օրյա պատերազմը և դրանից հետո։

«Սա մեր և Ռաֆայելի ֆիլմն է, ու այս ֆիլմը ավարտ չունի, որովհետև Ռաֆայելի մասին միշտ խոսելու են»,-ասում է Մերին։

Նա նշում է, որ ֆիլմը նկարելու գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ Ռաֆայելի մայրը պատմում էր, իսկ ինքը չէր հասկանում. «Միակ չհասկանալս ցավն էր, որը կար ամեն տողի մեջ»։

«Նկարահանման ընթացքը  բավականին բարդ էր, քանի որ ամեն ինչ ես միայնակ էի անում, կապված տեխնիկական խնդիրների հետ։ Ֆիլմի նպատակն էր ներկայացնել Հերոսի ընտանիքի ապրումները նրա մահից հետո»,-ասում է Մերին:

«Ռաֆայել Ֆռանգուլյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մարտունի երկուսում, նրա հետ ընկան նաև շատ հերոսներ, ում մենք հավերժ պարտական ենք»,-եզրափակեց նա։

lilia Gevorgyan

Ծաղկելդ իմ առավոտներին

Լուսաբացին մատներս ձգեցի դեպի արևը, աչքերս փակեցի ու արևն առա  որպես համբույր: Բացեցի պատուհանս ու առաջին բարևն ասացի Տիրոջս, ինչպես մայրս է անում ամեն առավոտ: Որպես կանոն, տրորեցի աչքերս ու ինքս ինձ ասացի, որ աշխարհում ամենից թանկ պահը ևս մեկ օր լույս տեսնելն է…

Ժամանակն է նայել հայելուն ու խոստովանել, որ ամենից տաք համբույրը ճակատիս ստացածն է` ի նշան հպարտության, ու ամենից ջերմ ապրվածը… Պետք է խոստովանեմ, թե այս իրականությունում իմ բաժին հեքիաթ ստեղծելն է կարևորը, որ չունի ավարտ. ես ունեմ երեք խնձոր ընդամենը, բայց չգիտեմ ումն են դրանք…

-Ինչպես սկսում ես օրդ, այնպես էլ պետք է շարունակես,- ասաց մի աղջիկ` նայելով ծաղկած հայելուն:

Ու երբ երկինքը կգրկի իր բաժին լուսինը, ես կնստեմ աթոռին ու աշխարհին կմատուցեմ օրվա բերքը, ասելով, թե այսօրվա բերքն առողջ է եղել…

Վերջում մոռացա… Այնժամ, երբ ծաղիկները վարսեր էին թվում, ու աստղերն էլ ծածկում էին ուսերս, քամին օրորում էր վարագույրս. երազն ավարտվել է, լուսաբաց է հիմա…

***

Եթե ինձ մեկ ժամով համարեմ հեքիաթասաց, ապա ամենափոքր մարդուկի ականջին կշշնջամ, որ այս կյանք հայտնված ցանկացած արև դառնում է երկրինը, բայց օրերից մի օր ծնունդը հաստատում է երկնքի այն միակի մեջ:

Երբ օրը նոր է բացվում, մենք արագ-արագ սկսում ենք վազել այս սենյակից այն սենյակը: Մեկը նախաճաշն է պատրաստում, մյուսը սանրում է երազներից խառնված գանգուրները, իսկ երրորդը…

Մենք ամբողջ օրվա ընթացքում վազում ենք, երբեմն հանգստանալով մեզ խրախուսում: Իսկ ո՞վ պետք է մեր փոխարեն հասկանա այն, թե ինչու ենք հայտնվել աշխարհում, չէ՞ որ յուրաքանչյուրս առաքելություն ունենք, պտուղ ունենք քաղելու: Հաճախ եմ լսել, որ կյանքդ ավարտին հասնելու ժամանակ ինքդ քեզ պիտի հարցնես, թե ինչ տվեցիր աշխարհին: Ասեմ, որ շատ սխալ ժամանակ են գտել մարդիկ դա իրենց հարցնելու համար, չէ՞ որ շատերը հասկանում են, որ պարզապես ոչինչ ո‘չ թողնում են, ո‘չ էլ տանում: Կուզեի մարդկանց սովորեցնեին այդ հարցն իրենց տալ ամեն օր, որ պակասությունը լցնել ցանկանային:

Օրվա վերջում պիտի հավաքես այդ օրվա քո ապրածը, ծանր ու թեթև անես, գուցե հաճախ բարկանաս քեզ վրա: Շատ սիրում եմ այն մարդկանց տեսակը, որ կարողանում են իրենց թերի արված գործերի կամ կիսատ ասված խոսքերի համար քննադատ դառնալ:

Ամեն գիշեր, երբ պատրաստվում ես ամուր փակել աչքերդ, պիտի հիշես մի բան, որ դու շնորհակալ ես աշխարհին ու պատրաստ ես դառնալ այն մեկը, որն արժանի է օգտվել դրախտի բարիքից…

Ruben Nersisyan

գիշեր է

***

գիշեր է,

կանգնած ես

պատուհանի դիմաց.

աչքերիդ առաջ

մեռնում է երեկը`

անձայն գոռալով,

ոռնալով

ցավի

ու

կյանքի համար։

աչքերիդ առաջ

դողում է ներկան`

տոկուն թմրությամբ,

վերջին ցոլքի պես

պարզ,

հանդարտ։

միայն թե`

չկա վաղը,

չքացած ու ցմքած է այն,

կամ կգա,

կամ սոթ կտա,

կընկնի սառած ասֆալտին,

ինչպես թռչունը այլ ուղի բռնած,

որ փետրաթափ եղավ։

ու կսատկի,

կսատկի

ձմռան վերջին օրը`

լուսաբացը

չտեսած։

 

 

Կոտրելով կարծրատիպեր. Աղաբաբյան քույրերի պայքարի ուղին

«Մարդկանց համար խորթ էր, որ նման խնդիրներ ունեցողները կարող են բարձրագույն կրթություն ստանալ։ Համալսարանում մեզ թերահավատորեն էին մոտենում, սակայն մենք ապացուցեցինք հակառակը»,- ասում է Սյուզաննա Աղաբաբյանը։

Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Տավուշի մարզի Կողբ բնակավայրից են։ Երեք տարեկանում երկվորյակ քույրերը ձեռք են բերել ֆիզիկական հաշմանդամություն, հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն չեն դադարել առաջ շարժվել. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են համալսարան, ստացել բարձրագույն կրթություն։

Քույրերի առավոտը, ինչպես իրենք են նշում, սկսվում է «մյուս մարդկանց նման». շտապում են աշխատանքի։ Սյուզաննա եւ Ռուզաննա քույրերն աշխատում են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում։

Այն հարցին՝ բարդ չէ՞ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, Սյուզաննան պատասխանում է. «Ոչ, ինքս ունենալով հաշմանդամություն, միշտ ցանկացել եմ աշխատել նման խնդիրներ ունեցող երեխաների հետ. լավագույնս կարող եմ հասկանալ նրանց, նրանց հաջողություններն ու դժվարությունները, բարձրաձայնել խնդիրները»։

Քույրերին գրեթե միշտ կարելի է միասին հանդիպել, հաճախ իրենց հոր՝ Գագիկ Աղաբաբյանի ուղեկցությամբ։ Ռուզաննան ասում է, որ մի անգամ առանց ծնողների ուղեկցության որոշել են հարևանին այցելել, և իրենց համարձակության, իրար օգնելու շնորհիվ կարողացել են հաղթահարել թեև կարճ, բայց ոչ այդքան դյուրին ճանապարհը։

Քույրերը նշում են, որ իրենք այդքան ուժեղ չէին լինի, եթե չլիներ իրենց ծնողների աջակցությունը. «Հայրս միշտ ասում էր` չմտածեք, որ ինչ-որ մեկը ձեզանից բարձր է, դուք բոլորի հետ հավասար եք, չփորձեք ձեզ տարբերակել ուրիշներից։ Երբ պարզվել է, որ մենք ունենք մանկական ուղեղային կաթված, բժիշկներն ասել են` այս երեխաները ոչ կարող են խոսել, ոչ շարժվել, ոչ հասկանալ, բայց ծնողներիս աջակցության և հավատքի շնորհիվ մենք շատ ավելի կայացած ենք, քան ուրիշները»,-հավելում է Սյուզաննան։

Խոսելով հասարակության մեջ իրենց դերը գտնելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունների մասին, Սյուզաննան ասում է, որ ցանկացել են կրթություն ստանալ, ստացել են, ցանկացել են աշխատել, հիմա աշխատում են, բայց պայքարել միշտ է պետք։ «Կարծում եմ` մենք բացառություն չենք, և ցանկացած մարդու մոտ էլ պայքարի շրջանը միշտ էլ կա. կապ չունի՝  հաշմանդամություն ունի, թե՝ ոչ, մարդ պետք է իր կյանքի ուղին ինքը իրենով, իր դժվարությունները հաղթահարելով առաջ գնա»։

Զուգահեռաբար նշում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպող խոչընդոտների մասին, որոնցից մեկն էլ շրջապատող անմատչելիությունն է. թեքահարթակների, ճանապարհներին բազրիքների, բռնակների բացակայությունը, որոնք նախատեսված կլինեին ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև երեխաների և տարեցների համար։ «Մանկության տարիներին դեպքեր են եղել, որ աստիճանները բռնակ չունենալու պատճառով նստած ենք բարձրացել։ Բարձրանալու ժամանակ մեզ ոչ թե տառապանքն էր համակում, այլ ուրախանում էինք, որ առանձնահատուկ ձև ունենք բարձրանալու»,- հավելում է քույրերից Ռուզաննան։

Աշխատանքին զուգահեռ քույրերը նաև ազատ ժամերին ստեղծագործում են, իսկ վերջին տարիներին հոր հետ հիմնադրել են ընտանեկան բիզնես. զբաղվում են գինու արտադրությամբ։ Քույրերից յուրաքանչյուրը բիզնեսում իր դերն ունի։ Սյուզաննան զբաղվում է թղթաբանական հարցերով, Ռուզաննան` ընկերության մարքեթինգի և սոցիալական էջերի վարման աշխատանքներով։

Հ.Գ. Զրույցի վերջում քույրերին խնդրում եմ իրենց խորհուրդը հղել դժվարություններ և խնդիրներ ունեցող անձանց։

Սյուզաննա Աղաբաբյան.

«Կյանքում երբեք չընկճվել, յուրաքանչյուր իրավիճակում, անկախ կարողություններից, հնարավորություններից առաջ գնալ, երբեք չբողոքել, անցյալը չհիշել, անցյալի վրա չհիմնվել։ Եթե անցյալի վրա հիմնվելով ապրենք, կկորցնենք ապրելու մեր տեսլականը, անցյալը վերհիշելու փոխարեն պետք է առաջ գնալ, պայքարել սեփական իրավունքների, նպատակների և երազանքների համար»։

Ռուզաննա Աղաբաբյան.

«Քո կյանքի ճանապարհը դու ես անցնում, և ուրիշի կյանքի փորձը քոնը չէ։ Պետք է անցնես այդ ճանապարհը, որ գտնես կյանքի բանալին և բոլոր հարցերի պատասխանները։ Կարևորը պայքարելն ու քո ուժերին հավատալն է»։

Anahit Arshakyan

Կրկնահիշողություններ ու երևակայատեսիլներ

Անշտապ, բայց ներքին շտապողականությամբ հանգցնում է ծխախոտը։ Ծանոթ ու հարազատ մեղեդին առաջին բանն է, որ հասնում է ականջներին։ Օրվա ամբողջ լարվածությունն անհետանում է արտաշնչի հետ։ Լսվում են նուրբ շշուկներ, կանացի ու տղամարդու միաժամանակյա լիաթոք ծիծաղներ, սառույցի խորանարդիկների թափահարման չխկոցներ ու գարեջրի սարքի ձայներ։ Կարմիր ու դեղին լույսերը համահունչ լցված են տարածության մեջ՝ ընդգծելով առանձին հատվածներ, որ պատին հենվելու ու հարմարավետ լռելու ցանկություն են առաջացնում։ Կախում է բաճկոնը։ Մատները զգում են կախիչի փայտի անսովոր սառնությունն ու փշաքաղվում է, չնայած, որ իր մատներն էլ միշտ սառն են։ Մի կողմում տեղավորած փարթամ ու իդեալականորեն վերևի ձախ անկյունից ընկած լույսի տակ փայլող առողջ մազերը բացում են սև զգեստի քառաթելը, որ ընկնում է իրանի մեջտեղում, ոչ իդեալականորեն ուղիղ՝ ընդգծելով թեքված պարանոցը, որ փոքր ինչ լարված ու այնքան փխրուն է թվում։ Մեջքի բաժանումները ստիպում են ցանկանալ դիպչել՝ վախենալով, որ մի անզգույշ շարժում, ու այն կկոտրվի։ Աջ ու ձախ թիակների արտահայտիչ հատվածներից սկիզբ առնող ձեռքը նման է աշնան մերկացած մի ճկուն ճյուղի, որ կիսածալվել է։ Նրանից սկիզբ են առնում հինգ երգուն, ավելի բարալիկ ու մեղմ անտառային քամով սնուցված ոստեր։ Դրանք իրենց գիրկն են առել խմիչքի բաժակը, որպես հասած պտուղ, որ ցանկացած պահի կարող է ընկնել, բայց չի ընկնում, մինչդեռ կարող ես սպասել այդ իրադարձությանը այնքան անվերջ, որքան ոտքերդ թույլ կտան կանգնել նույն անշարժ դիրքով։ Զգեստի մետաքսե ծալքերը ժողովված են իրար դիպած ոտքերի երերուն ծնկների վերևի հատվածում։ Ոտնաթաթերը ռիթմի հետ գնում ու գալիս են, ընդգծված ոսկորները խառնվել են կոշիկի թելերի հետ, որ գրկում են դրանք։ Նորամար ծխի գրեթե ցնդած հոտը հետ է բերում կյանքի բնականոն ռիթմին, տարածությունը խորն ու երկար շնչից հետո շարունակում է շնչել սովորականի պես։ Գլխի բարեհամբույր շարժումով ու ինչ-որ հեռու տեղ թափառող հայացքով հասկացնում է մատուցողուհուն, որ օգնության կարիք չկա, որ նա գիտի, թե ուր է գնում, որ իրեն սպասում են։ Սառը մատները ողջույնի փոխարեն հպվում են ուսիս աջ հատվածին։ Գիտի, որ չեմ վախենա։

Կիսաքնած երևակայատեսիլներից ազատվելու համար որոշում եմ դուրս գալ տանից։ Վերմակի խառնումներն ու թափահարումները իրենց վրա պետք է վերցնեին բոլոր մտքերը։ Դրա փոխարեն սենյակն է լցվում է ինչ-որ անբնական նարնջագույն լույսով։ Աչքերս բաց նայում եմ առաստաղին։ Անշարժ եմ։ Վերհիշում եմ՝ ինչից արթնացա։ Դեռ երկար ժամանակ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ անել ինձ տրված ժամանակի հետ։ Կրկնահիշողություններն ու ծակծկող զգացումապատկերները նորից լցվում են մարմնովս մեկ։ Կիսաարթուն մտքերից ազատվելու համար որոշում եմ ամեն դեպքում դուրս գալ տանից։ Անկողնուց վեր կենալիս, որը գրեթե հավասար է հատակի հարթությանը, մի պահ նույնիսկ չեմ ցանկանում բաց թողնել այդ վիճակը։ Ոտնաթաթերս գետնին հանդիպելու հետ մեկտեղ տխրությունով են պատվում վերջույթներս, որ վերջացավ․․․ Հետո գրեթե բան չեմ հիշում։ Սովորականի պես՝ նույն ճանապարհով, երգ լսելով, մարդաշատ ավտոբուսներով ու մենակ։ Սիրում եմ այս մենակությունը, որն ավելի շատ ազատության հոմանիշն է։ Սիրում եմ այս նույն ճանապարհը, որից կարելի էր հինգ տարում հանգիստ հոգնել, բայց ես երբեք երևի չեմ հոգնի։ Ամեն օր այն նման է դատարկ գրքի էջի և ամեն օրվա վերջ՝ նման վերընթերցելու պիտանի էջի։ Ինքն անշուշտ սխալվում էր, ասելով, որ իրենից շատ շուտ հոգնելու եմ։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ էդպիսին չեմ ու իրենից չէի հոգնի։

Երեկ, այս նույն ավտոլվացման կետի մոտ, մի աղունիկ էր կանգնած, ես նրան տեսնում էի ասես մոտեցրած օբյեկտիվով ու սևուսպիտակ հին ժապավենով կադրի մեջ։ Կարծես թե ոտքը վնասված էր։ Ես գլուխս որքան հնարավոր է երկար զննում էի նրան, երբ մի անցորդ զարմացած նայեց ինձ, և այդպես էլ չիմացա։ Ինքը հիշում էր, որ հենց այս՝ մրգերի ու բանջարեղենների արկղերի մոտ էր խոսել։ Հիշում էր․․․

Ես լսում էի դասախոսին դադարներով, հասկանում միայն ձեռքի շարժումների նշանակությունն ու ընկալում կանգնած դիրքը, ու թե ինչպես շտապողաբար ներս մտնելով, արագ հանեց վերարկուն, կախելով աթոռի մի հատվածում՝ ոչ ուղիղ դիրքով, և դեռ շնչակտուր սկսեց զեկույցը։ Քանի դեռ նա ուշանում էր, ես հանել էի նոթատետրս, որն ամեն դեպքում դրել էի պայուսակում, որևէ անհետաքրքիր կամ ամեն ինչից զատվելու ցանկության դեպքում մի բան նկարեմ կամ գրեմ մեջը, իմանալով, որ դժվար էլ թե ինչ-որ բան անեմ։ Նոթատետրը թաղվել էր ոտքերիս ու ձեռքերիս մեջ, երբ չգիտեմ թե որքան ժամանակ հետո և ինչից նորից աչքերս բացեցի ու դիրքս փոխեցի։ Ես չէի հիշում արդեն դրանում նկարվածների ու գրածների մասին։ Թեթևակի ժպիտ առաջացավ դեմքիս՝ մի էջ նայելիս։ Ժամանակը հետ տալու ցանկություն չկար, միայն գիտեի, որ այդ օրերին, երբ նկարվել էր նկարը, այնքան լա՜վ էր ամեն ինչ։ Ցանկացած պահ էլ մեռնելու համար իդեալական է։ Իսկ եթե ընտրել կյանքիցդ, ապա, ո՞ր պահը կլինի ամենաիդեալականը։ Չշարունակեցի որոնել այդ պահը, հարցնողը չէր սպասում պատասխանի, ու մտքերս ի վիճակի չէին շրջել անցյալով։ Հիմա էլ չգիտեմ ինչու չեմ ուզում մտածել դրա մասին։ Ինքն անշուշտ կմտածեր։ Նույնիսկ չհասցնելով մտածել՝ այդ պահը միանգամից կգտնվեր իր մտքում։ Այն կլիներ իրոք իդեալական։ Պարզության ու ռեալիզմի գեղեցկությանը չտիրապետող որևէ մեկը արժեք չէր գտնի նրա պատասխանի մեջ ու նույնիսկ կհիասթափվեր՝ սպասելով մի որևէ այլ արժեքավոր դրվագի։ Շատերի մոտ ուղղակի հարցականի նմանվող հայացք կառաջանար, որն ունակ չէ դուրս գալ իր տիրոջ աշխարհից ու մտնել նրա աշխարհ։ Իսկ ես նորից կլսեի պատասխանը՝ շուրթերից գիրք գրվելու պես ու կկուտակեի հիացած հայացքս լայնացած բիբերիս մեջ, որ չտեսնի։ Բայց իմ հայացքն էլ կլցվեր անվերջ մի հարցով․ անպատասխան  հարցով, որովհետև այդ զգացումը հենց ինքն է։ Ես  չունեմ պատասխանվելիք հարցեր․․․ Ենթագիտակցորեն ստուգում եմ մեր միջև հարաբերությունը՝ թեթևակի հեռանալով, թողնելով նրանց ազատ՝ ինձնից։ Նրանք հեռանում են լիովին այդ ազատությանն իրենց արժանի համարելով։ Ոչինչ չի փոխվում նրանցից առաջ ու հետո։ Հիմա նույնիսկ ազատ թողնելը, որ հեչ դժվար չէր՝ չի զբաղեցնում իմ միտքը՝ ամեն դեպքում պատասխանատվություն դնելով ուսերիս, էնպես որ մենակ շատ ավելի լավ եմ զգում ինձ։ Տարօրինակ օր է, նման անձրևային ու ամպամած օրվա։ Բայց իրականում թեթևակի ամպամած է, ու անձրև չկա։ Ես փորձում  եմ նկատել մարդկանց, շուրջբոլորը։ Նկատում եմ ինչպես լղոզված իրականության փաստադրվագներ։ Նրանք բոլորը ու ամեն ինչ կամ ինձ հետ կապ չունի կամ ինձնից անպոկ է։ Սիրում եմ այս երգը։ Այն զգացումները, որոնց մասին այն խոսում է այնքան հասկանալի են ինձ, բայց այնքան հեռու են թվում․․․ Ոչ ուրախ եմ այդ առիթով, ոչ էլ տխուր։ Չեմ ասոցացնում ինձ երգի հետ, երգն ազատ է ինձնից, մտածում եմ երևույթի մասին։ Մտածում եմ, որ այն կա կյանքում։ Մի օր եղել է իմ կյանքում, միգուցե էլի է լինելու։ Մտածում եմ, որ եղել է ուրիշների կյանքում։ Որ ձգտել են դրան ու փախչել դրանից, բայց միևնույնն է՝ ապրել դրանով ու շնչել այնքան ուժեղ, որ հնարավոր է միայն այն դեպքում, երբ գիտակցում ես, որ ցանկացած պահի կարող է  հենց օդդ շունչդ կտրել։

Laisse-moi devenir

L’ombre de ton ombre

L’ombre de ta main

L’ombre de ton chien

Վերելակով վերուվար եմ անում։ Մտածում էի ավելի շատ վիճակիս կհամապատասխանի աստիճաններո՞վ բարձրանալը, թե՞ ՝ վերելակով։ Բարձրանում եմ ամենավերևի հարկ, հասկանում, որ այն չէ, որն ինձ է պետք, բայց գիտակցում, որ երբեք չեմ նկատել պատուհանից բացվող լայն ու մեծ տեսարանը։ Կարելի էր վայրէջք կատարել ուղիղ դիմացի տանիքին, եթե թռչել իմանայի։ Երկար չեմ նայում ու չեմ էլ հիշում, թե ո՞նց էի նայում։ Նորից կանչում եմ վերելակը՝ այս անգամ պատահաբար սեղմելով այն հարկի նիշը, որն ինձ պետք էր։ Բացակայությունը ներկա է միայն կրկնահիշողություններով ու երևակայատեսիլներով։ Ուրիշ ոչնչով։

Ուրիշ ոչնչով․․․

Lilit Vardanyan amarayin

Վայրի կարմիր կակաչներ

Չեմ սիրում վարդեր, դրանցից սուր հոտ է գալիս, իսկ ես սուր հոտերից ալերգիա ունեմ։ Նախընտրում եմ վայրի կարմիր կակաչներ վարդերի փոխարեն։

Փետրվարի վերջին, երբ եղանակը փոքր-ինչ տաքանում է, նախընտրում եմ հագնել կարճ կիսաշրջազգեստ, որ մի փոքր մրսեմ ու չզգամ գարնան մոտենալը։ Տնից դուրս գալիս երբեք չեմ մտածում ուրիշների հայացքների ու հնարավոր տհաճ դեպքերի մասին։

Սիրում եմ ընկերուհուս հետ գիշերային անկեղծ զբոսանքները, երբ դրսում բացի մի քանի սև հագած տղաներից ու գիշերային մարզանք անողներից ոչ ոք չկա։

-Մարտի ութդ շնորհավոր,- կլսեմ նորից ինչպես ամեն գրողի տարած տարի։

-Շնորհակալություն,- կասեմ մի քանի վայրկյան անց որպես պատասխան։

«Փորձանքը մի անգամ ա լինում»,- ամեն անգամ կրկնում է տատիկս, երբ տնից ուշ ժամի եմ դուրս գալիս։ Նայում եմ նրա անհանգստացած հայացքին, վերցնում հեռախոսս։

«Գնացի տատ»,- եթե ես ամեն օր տնից դուրս գալիս մտածեի հնարավոր փորձանքների ու ուշ ժամին ապահով հետ վերադառնալու մասին, կդառնայի տան բույս ու չէի կարողանա ապրել կյանքն ամբողջությամբ։

Աշխարհում երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ֆիզիկական բռնության զոհ է դառնում։ Դեպքերի մեծամասնությունը մնում է ստվերի տակ։ Քչերը ունեն բավականաչափ համարձակություն իրենց պատմությունը բարձրաձայնելու։

Ներկայիս ՀՀ Օրենսգրքում նշված է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության սկզբունքի մասին, սակայն ինչու՞ են կանանց բռնությունների դատավարությունները ավարտվում դեռ չսկսված՝ դեպքի կրկնվելու ռիսկով։

Ապրելով պատրիարխալ հասարակությունում, որտեղ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից ամեն օր զգում ես հասարակության կողմից ընդունված նորմերի պարտադրումը՝ մարտի ութի շնորհավորանք ստանալը արդեն վիրավորական է դառնում։ Կարծես հատուկ ընդգծվի, որ ես՝ լինելով իգական սեռի ներկայացուցիչ, ունեմ մի յուրահատուկ օր այդ մասին ևս մեկ անգամ հիշեցնելու։ Իսկ հետո կստանամ թանկարժեք վարդերը, որոնց պատճառով ալերգիաս ավելի կսրվի ու կշարունակվի ամբողջ գարնան ընթացքում։ Կանանց միամսյակ է, ասում են։

Մարտի ութը բավականին սխալ է ընկալվում մեր հասարակության կողմից։ Այն դարձել է տոնական զեղչերի ու վաճառքները բարձրացնելու միջոց։

«Մարտի ութդ շնորհավոր»,- ասում են։ Բայց ի՞նչ առիթով են նրանք շնորհավորում՝ կին լինելու՞, թե՞ երկու դար առաջ կանանց՝ քվեարկելու իրավունքը ձեռք բերելու առիթով։

Մարտի ութը այլևս արդիական չէ։ Ես այն դատապարտում եմ և դեմ եմ գնում մեր կողմից այդ օրվա սխալ ընկալմանը։ Մարտի ութը ուղղակի ոչ աշխատանքային օր է, առիթ՝ թանկ գներով ծաղիկներ գնելու և կանանց հաճելի նվերներ անելու։

Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության պայքարը ամեն օր է։ Մարտի 8-ին, ապրիլի 7-ին, հունվարի 28-ին և նույնիսկ դեկտեմբերի 4-ին։

1917 թվականին սպիտակ կանանց ընտրական իրավունքի ձեռքբերումից 2 դար է անցել։ Այդ ընթացքում կանանց՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու պայքարը շարունակվել է՝ ամեն անգամ զարգանալով և նոր գաղափարներ առաջ բերելով։ Չնայած նրան, որ Հայաստանում նույնպես կարող ենք նկատել դրական փոփոխություններ, բայց հիմնական գաղափարը մնում է այն, որ մարտի ութը մնացել է սովետական սովորույթներից մնացած հնաոճ տոն։

Ըստ 2021թ-ի տվյալների Հայաստանում ամեն 4-րդ երեխան չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման պատճառով։

Ակնհայտ է, որ դեռևս ընտանիքում գոնե մեկ տղա երեխայի առկայությունը ավելի ողջունելի է և ավելի մեծ ոգևորությամբ է նշվում։ Պատճառները շատ են, բայց դրանք չեն արդարացնում չծնված աղջիկների փոխարեն տղաներին նախընտրություն տալը։

«Պահանջվում է վաճառողուհի» կարդում եմ ես երբեմն խանութների կողքով անցնելիս։ Հիմնականում նրանք փնտրում են «բարետես արտաքինով» երիտասարդ կանանց։

Գործատուները բնականաբար աշխատանքային հարցազրույցի ժամանակ կարող են թեթևակի շոշափել կնոջ անձնական կյանքի մասին հարցերը՝ ամուսնացա՞ծ են, արդյոք պլանավորու՞մ են երեխա ունենալ։

«Բա ե՞րբ ես ամուսնանում»,- կիսակատակ կհարցնեն բոլոր հետաքրքրված բարեկամները, հարազատները, հարևանները։ Իսկ ամուսնանալուց հետո հաջորդ ամենաշատ տրվող հարցը կարծում եմ պարզից էլ պարզ է։ Կինը պարտավոր է հասարակության կողմից ակնկալվող ժամանակահատվածում ամուսնանալ, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Իսկ ինչու՞ պետք է ինչ-որ մեկը որոշի մեր փոխարեն։ Կանայք ունեն ընտրության իրավունք 1917թ-ից սկսած։ Ինչպես հագնվել, երբ և որտեղ գնալ, ում հետ շփվել ու երբ ամուսնանալ։ Այս ամենը կնոջ անձնական կյանքի մասն է կազմում, որը չպետք է քննարկվի ուրիշների կողմից։

Նույն Մարտի 8-ը, նույն ծաղիկներն ու տոնական զեղչերը։ Արդեն ձանձրալի է դառնում։

 

 

 

 

 

 

 

«Ես ոճաբան եմ, ով ցանկանում է օգնել»

Կոկո Շանելը, որն ամբողջությամբ փոխեց 20-րդ դարի նորաձևության աշխարհը, դարձավ Անահիտ Մարգարյանի ոգեշնչման աղբյուրը:  Երևանում բնակվող 14-ամյա աղջկա համար Շանելի մասին պատմող ֆիլմերն ու հաղորդումները հիմք դարձան, որ հետաքրքրվի նորաձևությամբ. «Այդ ժամանակ ավելի շատ մտածում էի Կոկո Շանելի նման հագուստի դիզայներ և նախագծող դառնալու մասին, գաղափար չունեի` ոճաբանությունն ինչ է », – ասում է նա: Մինչդեռ այսօր ունի իր խանութ սրահը և օգնում է մարդկանց նորաձև հագնվել: 4 տարի առաջ ոգեշնչված Շանելից, Անահիտն ընդունվեց քոլեջ, որտեղ ուսումնասիրեց հագուստի նախագծում և մոդելավորում: «Սկսեցի սովորել ու հասկացա, որ ցանկություն չունեմ ամբողջ կյանքում կարի մեքենայի առաջ նստելու, ավելին էի ուզում։ Եվ սկսեցի ուսումնասիրել նորաձևության ոլորտը: Հիմա չեմ հիշի ինչպես, բայց բացահայտեցի ոճաբանի մասնագիտությունը», – ասում է մասնագետը: Այնուհետև փոխվեց իր ոգեշնչման աղբյուրն ու սկսեց հետաքրքրվել ռուս ոճաբան Ալեքսանդր Ռոգովինովի աշխատանքով, իսկ քոլեջն ավարտելուց հետո մեկնեց  Ռուսաստանի Դաշնություն` իր երազանքների մասնագիտությունը սովորելու: «Ոճաբանության դասընթացների մասնակցել եմ նաև Հայաստանում, սակայն անունները չեմ նշի, քանի որ վատ փորձ ունեմ ՀՀ-ում դրա հետ կապված», – նշում է Անահիտը:

Թե որքանով է զարգացած ոճաբանությունը մեր երկրում, նա ասաց. «Մեզ մոտ դեռ շատ ցածր մակարդակի է այս ոլորտը ,քանի որ մարդիկ հագուստին կարևորություն չեն տալիս, մինչ այսօր չենք հասկացել, որ իրոք կրեատիվ և ճիշտ հագնվելու միջոցով կարելի է ավելի ընդգծել գեղեցկությունը»: Անահիտը նշում է, որ ճիշտ կլիներ արտերկրին այս առումով շատ մոտ լիներ  Հայաստանը, բերելով Վրաստանը որպես օրինակ, որտեղ անընդհատ կազմակերպվում են Fashion Street Style-եր,  իսկ այստեղ  դրա մասին գրեթե չի խոսվում:

2018 թվականին բացում է իր սոցիալական հարթակն ու սկսում տեղադրել որևէ բրենդի հագուստ, նշելով, թե ինչն է այդ տարի նորաձև, ու ինչի հետ կարող են համադրել տվյալ հագուստը, «ընթացքում ինսթագրամս սկսեց ավելի զարգանալ, քանի որ խորհուրդներս ավելի հստակ և իմաստալից էին դարձել։ Մինչև հիմա շարունակում եմ անվճար խորհուրդներ տալ և օգնել մարդկանց, բայց դրա հետ մեկտեղ ունեմ նաև վճարովի ծառայություններ, որոնց միջոցով աղջիկների հետ ավելի խորացված աշխատանքներ եմ տանում»,- նշեց նա: Ոճաբանի կարծիքով  շատ քիչ գումարով նույնիսկ կարող են նորաձև հագնվել,  իր համար կարևոր է  հագուստի որակը, հագուստի վրայի դետալները, դրանք կարող են էժանագին տեսք տալ հագուստին և փչացնել կերպարները: «Եթե անընդհատ տեսողական ճաշակը զարգացնենք, կսկսենք նկատել բազմաթիվ գեղեցիկ հագուստներ, որոնք նախկինում ուշադրություն չէինք դարձնի։ Այդ դեպքում հիմնականում մատչելին ու գեղեցիկը համատեղվում են, քանի որ մարդու միտքը և տեսողական ճաշակը զարգացած է լինում »,- նշում է նա և ընդգծում, որ նույն հագուստը մի քանի անգամ հագնում է, բայց ոչ ամեն օր: Սիրում է անընդհատ նոր համադրություններ կազմել և չունի ֆիքսված ոճ:

«Ես ինձ լավ եմ զգում թե դասական, թե սպորտային, գրանժ, քեժուալ ոճերի մեջ», – ասաց Անահիտը,- Հայաստանում մասնագետներին չեն հարգում, – ընդգծում է 21-ամյա ոճաբանն  ու նմանեցնում բժշկության ոլորտին,որտեղ հաճախ  ինքնաբուժությամբ են զբաղվում` ավելի վատացնելով վիճակը: Իսկ ոճաբանության առումով ասում է.  «Շատ եմ լսում  «նորաձևությունը  մեզ հետաքրքիր չի, մենք հագնում ենք այն, ինչ ունենք» արտահայտությունը։

Միշտ ասում եմ, որ ցանկանան թե ոչ, իրենք, այնուամենայնիվ, նորաձևության հետ առնչվում են, քանի որ բոլոր խանութ-սրահները փորձում են առաջարկել այն իրերը, որոնք համաշխարհային մասշտաբով նորաձև են»: Եվ վերջում խորհուրդ է տալիս, որ մարդիկ սկսեն լսել բոլոր ոլորտի պրոֆեսիոնալներին ու վերջում ավելացնում.
«Ես ոճաբան եմ, որը փորձում է առանց որևէ շահի օգնել ցանկացողներին` հագուստի միջոցով ավելի ընդգծել իրենց յուրօրինակությունն ու գեղեցկությունը»։