Mariam Harutyunyan new

Մատների պատերազմ

Հաղթանակից քիչ էր պակաս… Այդ ի՞նչ տարօրինակ կռիվ է։ Զգոնությունդ կորցրիր՝ կմեռնես, կամ էլ քեզ կուտեն, բայց չեն ծամի, ոչ մեկի երախում չես հայտնվի…

Սկզբում նստած ես, նայում ես դիմացինիդ. լարված է, ափերով տրորում է աչքերը, գիտունիկի դեմքով շարունակում պայքարել։

Կռիվ է։ Այստեղ ձիերին չեն հեծնում, նրանք մենակ են դուրս գալիս ճակատամարտ։

Սա էլ է սևերի ու սպիտակների կռիվ։ Այստեղ զինվորները մեռնում են, բայց կռվի ավարտին հաջորդող պատերազմի ժամանակ վերակենդանանում են՝ այս անգամ ուրիշի վերահսկողության ներքո հայտնվելով։

Ձիերն այստեղ ազնվական կենդանիներ չեն, նրանց ցանկացած պահի կարող են մատներով հրել, և նրանք շրխկոցով կընկնեն, որն էլ կազդարարի որևէ մեկի առավելությունը։

Թագավորներն իշխում են, բայց նրանք էլ մեկի ձեռքերի, ավելի ճիշտ՝ մատների իշխանության տակ են։ Քաղաքականությամբ կամ երկիրը կառավարելով չեն զբաղվում, դիվանագիտական հանդիպումների չեն մասնակցում, երկրի գահին բազմելու համար թեկնածություն չեն դնում. տարօրինակ են այս թագավորները։  Թագուհիները պճնված ու զարդարված իշխանուհիներ չեն, չեն խոսում ֆեմինիզմից և իրավահավասարության ջատագով չեն։

Այս պատերազմի մասնակիցներն առհասարակ խոսել չգիտեն, միայն առաջ են շարժվում՝ տապալվելու կամ տեղում մնալու պատրաստակամությամբ։

Եվս երեք քայլ, և զինվորը տապալվեց հատակին: Սա նման չէ մնացած պատերազմներին։ Այս պատերազմը ուղեկցվում էր անհասկանալի արտահայտություններով, որոնց ենթարկվում էին կռվի մասնակիցները։ Նրանք հայտնվել էին այն իրականության մեջ, որտեղ իշխողին չէին տեսնում, խոսելու իրավունք չունեին, նրանց միակ գործառույթն ու էությունը ենթարկվելն էր։

Մեկի շուրթերից շուտով հնչելու էր այդ երկու բառը, որը կազդարարեր պատերազմի ավարտը։ Բոլորը դրան էին սպասում. զինվորներն ընկած էին, ձիերը՝ նույնպես, թագուհիները ուժասպառ էին, թագավորները՝ կիսամեռ։ Ծանր հևոցներից վերև, հոգնածության ու ոգևորության անհասկանալի ձուլվածքից հնչում էր այդ երանելի արտահայտությունը, որը վերջապես ազդարարեց  պատերազմի ավարտը։

-Շախ և մատ….

Լռենք, լուռ գնանք․․․

Նման օրերը պիտի սկսվեն մի մատ խորքից, որ գոնե այդպես տեղ թողնենք առաջնեկ հույզերի համար, որ հիշենք ու ժպտանք փակ աչքերով` լայն։ Պահերը պիտի ընդունենք թափթփված, քամված ու լիքը, երբ լռում ենք, ու փոխարենը շնչում են հայացքները, հիմար շարժումները, որ չգիտես` ինչ պահ են արդարացնում։ Մեզ գծում ու ծափահարում են ճամփաները, որոնք մենակ չենք անցնում, բայց դա այն դեպքում, երբ շուրջդ մարդիկ են, որ հարգում են տարածքդ ու պատեհ պահի, առանց խոսքի, թույլ են տալիս ապրել առանձին քո շրջանակում, սիրել կյանքը մենակ, բայց չպատկերացնել այն առանց մյուսների։

Մեզ հոտնկայս ընդունում, թաքուն պահի խոնարհվում են քողարկված մարդուկները, որոնց չգիտեմ ինչպես ստեղծում ենք մեր մեջ ու արթնացնում այն օրերին, երբ ասելիք ունենք կյանքին ու պատրաստ ենք սրվելու մինչև խիստ երկնագույն։ Բայց նրանք սիրուն են այն ճամփաներին, երբ անցնում ենք մթին ու ճաշակում գիշերը, երբ մարդիկ ավելի իսկական են ու չեն վախենում մթի հպումից։ Պարզապես դրանք ժամանակներ են, որ տաքությունը մեր քունն է, որ հաճախ բաց ենք թողնում` այլոց քունը սիրուն տեսնելու համար, որովհետև մենք դրա համար ենք ընտրում ճամփաները։ Իսկ գրկելու, գլուխ շոյելու, կամ պարզապես հեռվից նայելու, բայց մոտիկ զգալու հավերժությունները մկանաթելերով կապում են իրար, ստեղծում տաք ալիք, որի հարվածից պիտի փռվեն բոլոր սառնությունները։ Հենց այսպես են վայելում գիշերը, երբ արահետները տանում են մի ուղղությամբ, որը ոչ այնքան սպասված էր, ինչքան կողքիդ մարդկանց անուշ քունը` չբարձրաձայնված հարցերի  ու աստղաթափ երկնքի տրամադրության ներքո։

Իսկ առավոտները պիտի սկսվեն թարմությամբ ու ընդարձակվեն այնպես, ինչպես ձգվում էինք բոլորս քնից հետո, և պիտի գունավորվեն այնքան, ինչքան առատ էր խաղաղությունը մեր սրտում ու նման Թբիլիսյան աշնանը։ Մենք քայլում էինք փողոցներով ու սրբում մեր ներսը մտքերից, դատարկում անհանգստացնող ամեն բան, հետո երկնքից նայում էինք քաղաքին ու երազում էինք լինել մեր տեղում։ Իսկ ամենասիրունը հենց երկինքն էր, որ մի քանի րոպեով ընդունել էր մեզ, փաթաթվել, որ քամիների հոսքից չմրսեն մեր սրտերն, ու երազ չլինի։

Մեզ խորտակում են վախերն ու արգելում շնչել կանոնավոր, դրա համար ապահով չլինելու ցանկությունը երբեմն ամենացանկալին գուցե և պարտադիրն է թվում։ Այդժամ, մենք փախնում ենք չհասցնելու վախից ու բարձրաձայնում, որ սիրում ենք իրար ու սիրում այն կյանքը, որը միասին ենք ապրում։

Ես նորից ընտրում եմ այդ ճանապարհը, որը միասին էինք անցնում, հողին կպած, երկնքում, դողի, բայց և պաշտպանված մթնոլորտում։ Ես նորից ընտրում եմ նրանց, ում հետ ժամանակ կիսելը եռման վայելք էր, թաքնված, կիսով բացված խոստովանություն, և ում հետ ասելիքն այնքան էր, որ լռությունն էր հաղթում։

Բայց վերջում ամենահիշվողն այն աչքերն են, որոնք փակ են ու քուն են մտնում, և այն հոգիները, որ ճանապարհ են գնում, անկեղծ են և չեն խաղում։ Ապրում են։ Մաքուր։

Susanna Charcyan

Երկիրս

Այս խև աշխարհում  դու լուսե աշխարհ,

Երկրի գեհենի անբասիր նշխար,

Քաղցր նայվածքով հար  ժպտում ես  դու

Այնքա՜ն բնորոշ քո Տիգրան որդուն։

 

Դու երգ ես  հուզիչ,  բարեհունչ ու մեղմ,

Պատմություն ես ստույգ, իմաստուն ու սեղմ,

Մայրական  աղոթք՝ ջերմ ու  սրտաբուխ,

Հայրական օջախը  շեն պահող  դու ծուխ։

 

Իմ  ավետաբեր աղավնի՜-երկիր,

Իմ  խաղաղության աղավնի՛, երկնի՛ր,

Բա՛վ է տառապես անշշունջ ու հեզ,

Հաղթանակներով ելի՛ր ասպարեզ…

Tigran Agajanyan

Ինչպես սկսեցի գրել բանաստեղծություններ

Ողջու՛յն, ես Տիգրանն եմ, 13 տարեկան։ Այսօր ես կխոսեմ, թե ինչպես սկսեցի բանաստեղծություններ գրել։ Պատմեմ ամենասկզբից։

Իմ գրականության ուսուցիչը հանձնարարել էր գրել հեքիաթներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, մի խոսքով, ստեղծագործել։ Ես կատարեցի ուսուցչիս հանձնարարությունը, և հասկացա, որ լավ է ստացվում։ Ճիշտ է, դեռ այնքան էլ լավ չեմ գրում, բայց կարծում եմ, որ քայլ առ քայլ ավելի կկատարելագործվեմ:

Իմ ամենառաջին պատմվածքը «Բարի ծերունին» վերնագրով մի պատմվածք էր։ Բայց 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը իմ կյանքն էլ փոխեց: Ես շատ էի մտածում հայրենիքիս, կռվող զինվորների ու հերոսների մասին: Այդ ժամանակից սկսեցի միայն հայրենասիրական բանաստեղծություններ գրել: Երիտասարդ տղաները մահվան աչքերի մեջ նայելով, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն մեր հերոսներին, անուններով ճանաչեն, այդ պատճառով էլ գրում եմ բանաստեղծություններ: Ինչպես ասում են` «Գրիչը ամենալավ զենքն է»։ Արդեն ունեմ երեք գիրք:

Ճիշտ է, դրանք դեռևս հրատարակված չեն, բայց ես հավատում եմ, որ մի օր դրանք լույս

կտեսնեն։ Իմ նպատակն է` դառնալ ազգին արժանի զավակ, ով բարձր կպահի հայի պատիվը, և կշարունակի տղերքի կիսատ թողած գործը։

 

Սեպտեմբերի 27

 

Բացվեց առավոտը  սեպտեմբերի՝

Մարդիկ խաղաղ էին անթերի։

Ժամը եկավ յոթը,

Մռայլվեց հայ օդը։

Մայրն էր աղոթում,

Աստծուն ծնկի եկած խնդրում՝

Որդուն պաշտպանի շուն թուրքից։

Հայի օրը դարձավ տխրալից։

Քանի սրտեր մնացին կիսատ։

Հայը ուներ հավատ՝

Կհաղթենք մենք անկասկած։

Քաջերը գնացին,

Բայց մի մեծ հետք թողեցին։

Նրանց մայրերը սևազգեստ

Սպասում են որդիներին հավետ։

Մենք ձեր գործը կշարունակենք՝

Ու անպայման կհաղթենք։

 

Վահագն Ասատրյանին

 

Վահագն Ասատրյան,

Դու քո կյանքը չխնայեցիր՝

Հայրենիքդ պաշտպանեցիր։

Դու քո կյանքը զոհեցիր՝

Մեզ նոր կյանք նվիրեցիր։

Մենք քեզ շատ ենք կարոտում,

Քո անունը միշտ բարձր պահում։

Դու գնացիր, մեր կյանքը փրկեցիր։

Դու ամենահրամանատար՝

Քո զորքը առաջ տարար՝

Դուրս եկար հաղթանակած։

Դու իմ հերոս,

Դու իմ քաջ սպա։

Դու ունեիր քեզ սպասող ընտանիք՝

Տվիր կյանքդ թանկագին։

Դու թշնամու ահ ու սարսափ՝

Կռվեցիր հերոսաբար։

Գնացիր խաղաղության համար,

Մանկան ժպիտի համար։

Դու հայի հերոս,

Ասում ենք` հազար փա’ռք:

Naira Shagoyan

Մեր օրերում հուզող հարցեր

Մեր օրերում մարդիկ ամեն ինչից կխոսեն, ամեն թեմայից, բոլորի սխալներից, բոլորին ապրելու ձև սովորեցնելուց, բայց երբեք չեն խոսի իրենց իրավունքներից, չեն բացատրի իրենց երեխային իրենց իսկ սահմանները։ Հասկանու՞մ եք, սահմաններ կան, որ անցնել չի կարելի։ Չգիտեմ, մարդիկ ինչքանով են ծանոթ իրենց իրավունքներից, ողջունելի կլիներ, եթե ամեն ծնող կարողանար սկսել իր երեխային վաղ տարիքից սովորեցնել իր իսկ իրավունքները։ Շուրջդ նայում ես, չես հասկանում, մարդիկ կամ չգիտեն իրենց իրավունքները կամ գիտեն, ուղղակի չեն կիրառում։ Դպրոցներում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ երեխաները, ովքեր իրենց չեն կարողանում պաշտպանել, ենթարկվում են բուլինգի (ի՞նչ է բուլինգը` ծաղրել, ստորացնել, նվաստացնել, հոգեբանական ճնշում գործադրել…): Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ երեխան իրեն պաշտպանել չգիտի, մտքում գիտի, մտքում հազար անգամ ինքն իրեն կպաշտպանի, միայն թե բերանից մի բառ չհանի (էդպես են սովորեցրել, որ պիտի լռես, էդպես են, չէ՞, գրել հանճարները, «որ լավագույն զենքը դա լռությունն է», իրենց ժամանակներում միգուցե, բայց երեխային սխալ է էդպես սովորեցնել։ Եկեք սովորեցնենք խոսել, ճիշտ խոսել, եկեք սովորեցնենք լռելու փոխարեն խոսել ու հասկանալ ընկերոջը, ու չենք ունենա այն պատկերը, որը ամեն օր հոգեկան առողջություն է վեր հանում։ Չգիտեմ, ասածիս հետ ինչքանով համակարծիք կլինեք, բայց կարծում եմ` ամեն ինչ ունի հիմք, իսկ եթե դաստիարակում եք երեխա, պիտի հիմքը այնպես դնեք, որ ձեր երեխան չունենա ինքնահաստատվելու, ինքնավստահության պակաս։ Համենայնդեպս, ուրիշի երեխայի հոգեկան առողջության ու խաղաղության հաշվին չպիտի լինի։

Երեկ կարդում եմ էն մասին, որ բոլոր երկրներում «բուլինգ» ասվածը գոյություն ունի, բայց կան երկրներ, որտեղ խիստ պայքար է գնում բուլինգի դեմ։ Օրինակ` Նիդեռլանդներում կիրառվում է հատուկ ծրագիր` «բուլինգի օրենսդրություն», որը պարտավորեցնում է դպրոցներին ստեղծել կանխարգելիչ միջոցներ։ Իսկ մեր երկրո՞ւմ։ Մեր երկրում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ կանխվի էս ամեն ինչը։ Մեր երկրում շատ իրավունքներից շատերս անտեղյակ ենք…

Հ.Գ. Չքարկոծե’լ, իրավունքներիցս տեղյակ կարծիք եմ հայտնել:

Sabina Davtyan

Պոեզիան ասում է

Հայերենում ասում են․ «Քեզ հետ հաճելի է զրուցել»։

Պոեզիան ասում է․ «Մտքերս արդեն վաղուց քո ձայնով են խոսում իմ գլխում»։‌

Հայերենում ասում են. «Դու մի առանձնահատուկ մարդ ես»։

Պոեզիան ասում է. «Քո ներկայությունը անտեսանելի թելերով հյուսված է իմ զգացմունքների, հույզերի ու հույսերի մեջ, և ամեն անգամ, երբ քեզ տեսնում եմ, կարծես իմ աշխարհը վերագտնում է իր կորցրած գույները»։

Հայերենում ասում են. «Դու ինձ համար կարևոր ես»։

Պոեզիան ասում է. «Քո ամեն մի ժպիտը դառնում է մխիթարություն, և քո հայացքում ես գտնում եմ իմ խաղաղությունը, որտեղ ոչ մի փոթորիկ չի կարող քանդել այն, ինչ ներսումդ ստեղծել ես»։

Հայերենում ասում են. «Ես քեզ կարոտում եմ»։

Պոեզիան ասում է. «Քո բացակայության պահին ժամանակը դադարեցնում է ընթացքը, իսկ լռությունն այնքան ծանրանում է, որ նույնիսկ ամենափոքր հնչյունը դառնում է աղմուկ։ Կարոտը մաշվում է ներսից, և քո անունն է արձագանքում ամեն անխոս անկյունում»։

Հայերենում ասում են. «Ես չեմ կարող քեզ մոռանալ»։

Պոեզիան ասում է. «Քո հիշողությունները թաքնված են ամեն մի առօրյա պահի մեջ՝ առավոտյան սուրճի տաք գավաթում, աշնան թափվող տերևներում և երեկոյան լույսերի մարող ստվերներում։ Ամեն ինչ քեզ է հիշեցնում, որովհետև դու արդեն ժամանակից դուրս ես»։

Հայերենում ասում են. «Դու փոխեցիր իմ կյանքը»։

Պոեզիան ասում է. «Քո գոյությունն իմ կյանքում գույն դարձրեց ամեն մի վայրկյանը, և հիմա, երբ նայում եմ իմ անցյալին, տեսնում եմ, թե ինչպես է քո ներկայությունը հյուսել իմ ներկայի ամեն մի մանրամասն»։

Հայերենում ասում են. «Մենք բաժանվեցինք»։

Պոեզիան ասում է. «Դու հեռացար, բայց քո ստվերն ու քայլերը դեռ շարունակում են ներկա լինել իմ հիշողության ամեն մի անկյունում։ Չկա մի օր, որ քո ձայնը չհնչի իմ մտքերի մեջ, իսկ քո բացակայությունը դարձել է իմ մշտական ուղեկիցը՝ լուռ, բայց ուժեղ»։

Հայերենում ասում են. «Ես միշտ քեզ հետ կլինեմ»։

Պոեզիան ասում է. «Թեկուզ բաժանի մեզ տարածությունը, օրերը, ու մեր ճակատագրերը այլ ուղիներ բռնեն, ես միշտ կգտնեմ քեզ իմ մտքերի մեջ, այնտեղ, որտեղ մեր սիրո պատմությունը շարունակվում է, անգամ եթե կյանքը կանգ առնի»։

Angela Sedrakyan

Իմ գրածները ոչնչի՝ քո մասին են…

Երևի ամենատարրական բանը կգրեմ, բայց կգրեմ՝ բարև… Աշունը սկսվել է,  իսկ ծննդյանս օրից ուղիղ մեկ ամիս է անցել, չեմ էլ հիշում՝ սպասու՞մ էի շնորհավորանքիդ, չնայած, եթե չեմ հիշում՝ ուրեմն չէի սպասում։

Էս քաղաքում տեղեր կան, որ արժի աչքերդ փակ անցնել, ու ես արդեն փակ չեմ անցնում, այլ պարզ, նայում եմ էդ «տեղի» աչքերի մեջ, կամ սրտի, կամ հոգու։

Հիշում եմ էդ ձմռան «տաք» օրը, խոստումների, երդումների ու արցունք սրբոցիի, «Ես քեզ չեմ ցավեցնի էնպես, ոնց քեզ կցավեցնեին երբևէ», փաստորեն դու «մեղավոր ես» էլ ավելի ժամանակից շուտ շատ բան հասկանալուս ու հիմա, ավելի շատ քայլերս հաշվարկելու մեջ, քո շնորհիվ ամեն օր անխոցելի դառնալուս ու Աստծո տված բումերանգի մասին հիշելուս համար: Հա, մեկ էլ հիշում եմ տաք շուրթերդ, որ մատներիս էին հպվում, համբուրում էին, չէին հավատում էդ մեծ հրաշքին, հետո՝ հավատացին, երևի դրա համար էլ չկաս, երևի դրա համար ես հիմա զրոյացած վիճակում, երևի դրա համար եմ չգոյությանդ հետ հաշտվել, ներել, անցել…

Ներում եմ, որովհետև ներելն իմ գործը չի, որովհետև էդ ծածուկ աղոթքների մեջ միշտ խնդրել եմ Իրեն՝ վերջ տա տառապանքներիս, որոնք ունեմ ու, որ երբևէ կունենամ:  Փաստորեն դու տառապա՞նք էիր, բայց չէ, որ տառապանքի պահին եկար ու ասացիր, լիքը բան ասացիր, փաստորեն՝ ուղղակի էին, քո նման անուղղակի։

Էս տողերը անհասցե են, բայց ուղարկում եմ ուղիղ քո հասցեով, ո՞վ կպատկերացներ, որ ամենամեծ հիասթափությանս անվան մեջ հենց այն տառերն են,  որ մարդկանց համար այդքան կարևոր է իրար ասել, իսկ դու զգոն պիտի լինես, քո մասին կգրվի, որովհետև կարդացողը պիտի հասկանա՝ ինչպիսին պիտի չլինել։

Դու անջնջելի հիասթափություն դարձար, դու քո նման մարդուն երբեք ոչ մի հնարավորություն չտվող մեկը դարձար, փոխարենը՝ ես մեծանում եմ ամեն օր, չտանելով էն վստահության երկու կամ երեք կաթիլը, որ ունեի, ու որը վառել էիր իմ մեջ, երևի դրա համար եմ հիմա սա գրում, երևի դու չես էլ հասկանում՝ ինչ է մարդու հոգեբանությունը, ապրումը, էմոցիան, երևի դու ես մեղավոր, որ սրտիս թելը խճճվել է, ու էդ ամենն այն մեծ հիասթափությունից, չընդունելուց ու չտանելուց։ Քեզանից հետո սովորել եմ՝ մի քանի բառով հստակ գրել ուզածը, որովհետև երկար տեքստերն էլ իմ կյանքում տեղ չունեն, իսկ այն, ինչն ուզում էի շարունակ միայն քեզ պատմել ու պատմել, հասկացա՝ հետաքրքիր չեն քեզ, իսկ աշխարհում ամենաշատը անտարբերությունը չեմ տանում, բայց հիմա ասում եմ քեզ՝ ես անտարբեր եմ քո հանդեպ, իսկ իմ գրածները ոչնչի (քո ոչնչի) մասին են։

Davit Shabazyan

Թե երբ են հարություն առնելու մեռածները

-Տա՞տ, իսկ որ մարդիկ կմեռնին, ի՞նչ կեղնի։

-Չգիտեմ, բալես․․․
Տատս արդեն վաղուց չկա, բայց ես համոզված չեմ, որ հիմա նա գիտի այդ հարցի պատասխանը (դե՜, հասկանում ես՝ ինչ նկատի ունեմ)։
Երբեմն վարկածները այնքան շատ են, մարդիկ քեզ այնպես համոզված են ինչ-որ վարկած ներկայացնում, կարծես թե նրանց վճարել են դրա համար, իսկ նրանք, ջանք չխնայելով, իրենց ֆանտաստիկ կրոնական, երբեմն էլ հակակրոնական առասպելներն են պատմում քեզ ու մի բան էլ նեղանում են, երբ կարծիքը չես կիսում իրենց հետ։
Այս պահիս այստեղ եմ այդ վարկածներից մեկի մասին ձեզ պատմելու, որը լսել եմ ոմն X-ից, ուղղակի դա այն մասին չէ, թե ինչ է լինում, երբ մարդիկ մահանում են, այլ մի հետաքրքրական պատմություն է այն մասին, թե երբ են հարություն առնելու մեռածները։
Մի օր ոմն X-ի հետ քայլում էինք Խանջյանով, խոսում ՀՀ ֆուտբոլի ազգայն հավաքականի վերջին փայլուն ելույթից, և հանկարծ նա ինձ հարցրեց.

- Էդ ֆուտբոլիստներին ինչքա՜ն շատ մարդ է ճանաչում, չէ՞: Ինչ դժվար է իրենց համար։
- Բայց ի՞նչն է դժվար, – հարցրի ես։
- Ըըը․․․ Լավ, նստիր` ասեմ, – ասաց նա՝ կարծես չուզենալով։
- Քանի՞ հոգու ես ճանաչում, որ հարություն են առել։
Ես մի տեսակ գույնս գցեցի ու շփոթված պատասխանեցի.

- Բայց այս ամենը ի՞նչ կապ ուներ քո հարցի հետ, չեմ հասկանում։
- Չէ, դու հարցիս պատասխանիր, քանի՞ հոգու։
Ես մի պահ մտածեցի և պատասխանեցի.

- Դե, ոչ մեկին էլ չեմ ճանաչում, չհաշված Աստվածաշնչյան տարբերակը։
- Չէ, դրա մասին չէր խոսքս, գիտե՞ս՝ ինչի չես ճանաչում։
- Ինչի՞։
- Որովհետև մարդ հարություն է առնում այն ժամանակ, երբ իրեն այս աշխարհում ճանաչող բոլոր մարդիկ մահանում են․․․
Ես մի պահ չկարողացա հասկանալ նրա ասածը, հայացքս հարցական էր, մի քիչ վախեցած։
- Լավ, մոռացի՜ր, վե՜ր կաց, գնացինք, – ասաց ոմն X-ը։
Բավական երկար ժամանակ է անցել այդ օրվանից, բայց ես դեռ այսօրվա նման հիշում եմ իր ասած խոսքերը, իր վարկածը, որը նա կարծես չուզենալով էր կիսվել ինձ հետ: Նա ինձ բացատրում էր, թե մենք որտեղից ենք դեժավյուներ ունենում, և որ այդ հարություն առնել ասվածը ծնվելու նման է: Մենք ամեն անգամ ծնվում ենք նորից, երբ աշխարհում բոլոր մեզ ճանաչող մարդիկ արդեն մահացած են լինում, ծնվում ենք ավելի խելացի, բայց և ավելի չար ու վայրենի, և որ մարդկությունը այսպիսի մի ցիկլի մեջ է ընկել, և որ ինչքան շատ ենք մենք նորից ծնվում, այդքան ավելի մոտեցնում ենք աշխարհի կործանումը։
Չգիտեմ, նա ճիշտ էր, թե սխալ, կամ նա իրական էր, կամ էլ թե որերորդ անգամ էր ծնվել, բայց նրա վարկածը վարկած էր, որն իրավունք ուներ, համենայնդեպս, գոյություն ունենալ։

np

Կյանքը՝ 44 օրվա սահմաններում

Չզարմանաս, խնդրում եմ, բայց պատերազմը այնքան հարազատ ու անբաժան է դարձել, որ առանց դրա օրս չի անցնում։ Դու էլ առանց դրա չկաս, և չեք էլ լինի… Սեպտեմբերի 27… Ուղիղ չորս տարի է, որ ապրում ես մղձավանջի ու քաոսի մեջ։ Փորձում ես լիարժեք ծիծաղել, ուրախանալ, բայց հոգուդ խորքում տանջվում ես ու դանդաղ մեռնում։ Օգնել չի կարող ոչ ոք, և ոչ ոք չի փորձի օգնել. նրանք վախենում են արձագանքիցդ, վախենում են քեզանից։ Մնացածը միայն կասեն, որ հպարտ են, որ քեզ ունեն, հպարտ են, որ գիտեն ու ճանաչում են քեզ։ Հերոս ես դու, բայց, գրողը տանի, ինչ գնով։ Կես մարդ դարձած, հետ ես եկել՝ բարձր ձայներից մինչև հիմա սարսռում ես։ Չէ, վախը քոնը չէ, դու չես վախենում. ուղղակի մոռանալ չես կարողանում ու քնել՝ նույնպես։ Հիշում եմ ամեն մի ասածդ ու ապրածդ։ Ամեն բառդ դաջվել է ոչ թե ուղեղումս, այլ հոգումս։ Չեմ կարողանում անդորր գտնել։ Չեմ կարողանում մոռանալ քո ապրումները՝ անքուն գիշերները, սովին մատնվելդ։ Հիշում եմ, թե ինչպես ձյունը հալեցնում էիր՝ խմելու ջուր ունենալու համար, չգիտես որտեղից ուտելիք հայթայթելու ջանքերդ։ Հիշում եմ նաև զինակիցներիդ վախը, երբ թշնամու համազարկերի տակ կռվում էիր։ Եվ հիշում եմ այն օրը, երբ համարյա ընկերոջդ կողմից փամփուշտ ստացար։ Պատերազմի դաշտում ոչինչ առաջվա պես չէր, և դու վերադարձար, բայց երբեք նույնը չես լինի…

Շուրջբոլորը քեզ «հերոս» են ասում։ 44 օր Օմարը կանգուն պահող հերոսներից մեկն ես եղել՝ ուժեղ, հաստատակամ, կռվել ես կոպիտ, առանց վարանելու։ Նույնիսկ ուտելիս զենքդ մի կողմ չես դրել, միշտ պատրաստ՝ ամեն վայրկյան նոր մարտի։ Բայց իրականում միայն ես գիտեմ, որ նուրբ հոգի ունես։ Քո ներսում ապրում է մի մարդ, որը խաղաղության կարոտ է, որը զգում է ամեն ցավ ու կորուստ։ Դու ապրում ես պատերազմի ստվերում, բայց քո հոգին չի կորցրել իր փխրունությունը։ Կռվի դաշտում դաժան ես եղել, բայց սրտիդ խորքում՝ զգայուն ու խոցելի։ Դու կարեկցում ես, սիրում ես, ու թեպետ այդ ամենը թաքնված է մահվան և պայքարի թանձր շերտերի տակ, ես զգում եմ, թե ինչպես է ամեն ինչ ապրում քո ներսում՝ չարտահայտված, բայց վառ։ Աշխարհը քեզ տեսնում է որպես անպարտ հերոս, բայց ես գիտեմ, որ ամեն հաղթանակդ ներսումդ մի նոր սպի է թողնում, մի նոր ծանրություն՝ հիշեցնող այն ամենը, ինչից ստիպված ես եղել հրաժարվել հանուն հայրենիքի։

Uluntc

Վրձինը ու Լիլիթը

Դեռ օգոստոսի 33-ն էր…

Հենց ամենաանսպասելի վայրկյանին, որ թվում է, թե մեր կյանքը տակնուվրա շուռ է եկել, մենք կորցրել ենք ինքներս մեզ ու մեր զգացմունքները կառավարելու կարողությունը, ամեն ինչ փոխվում է: Փոխվում ենք նաև մենք: Մենք կրում ենք ժպիտ մեր դեմքին ու երջանկություն մեր ներսում:

Իմ օրերը սկսվում են ու վերջանում  ծանր պայուսակը ուսիս մի կերպ տրանսպորտների մեջ շախմատ խաղալով, աջ ու ձախ վազվզելով: Բայց ես երջանիկ եմ ինձ համարում: Ես դժգոհ դեմքով վազում եմ վերևից դեպի ներքև կանգառների գծով, որ հասցնեմ իմ ավտոբուսին: Ես գալիս եմ տուն, վազում եմ մի սենյակի մեջ, որ հասցնեմ գործերս ժամանակին ավարտելը: Հետո վազում եմ, որ հասցնեմ հանգստանալ… Եվ ես փորձում եմ… Բացում եմ վերջերս սիրելի դարձած գիրքը ու տառերի հետ համընթաց վազքի մեջ փորձում շուտ ավարտին հասցնել, որ էլի հասցնեմ…

Մենք վազում ենք, մենք շտապում ենք ոչ միայն փողոցում, կանգառում՝ ավտոբուսին հասնելու համար, այլ նաև տանը, մտքերում, ամենուր… Մենք շտապում ենք: Շտապում ենք, և դա երևի թե մեզնից յուրաքանչյուրիս կյանքում կայացրած լավագույն ճիշտ որոշումներից է, որովհետև մենք շտապում ենք մերը հասցնելու ու մեր նպատակին  հասնելու համար:

Գիրք, հանգիստ, դաս, աշխատանք… Շղթա է անելիքների՝ հասցնելու:

Ես, համենայնդեպս, շղթան փորձում եմ հասցնել իր տրամաբանական նպատակակետին: Հարցնում եք՝  ո՞րն  է դա: Շղթան ավարտվում է հենց իմ ներսից, լսվում է «համարյա» արտահայտությունը, որը երբևէ չի բարձրաձայնվում, որովհետև իմ շղթան չի վերջանում: Դե՜ , նպատակակետերը անընդհատ շատանում են …

Շղթան շարունակում  է ցիկլիկ ընթանալ, և մենք եզրագծում ենք այդ շղթայական գործընթացը: Որպես կենտրոն ընտրում հասցնելը, որը մեզ պետք է մղի  դեպի առաջ և կորցնում ժամանակի կորուստը հասցնելու գործընթացի մեջ: Ես համենայնդեպս փորձում եմ հասցնելու մեջ հասցնել … Բայց հասցնելուն զուգընթաց մեզ կոտրում են ներսից: Կոտրում են կյանքի ու մեր առջև անընդհատ մեծացող ու դեպի վեր սավառնող երազանքները: Ինձ ճանաչողները միանգամից կպնդեն իմ գունատարօրինակ տեսակի մասին: Ես միշտ եմ երազում, նույնիսկ հիմա, որ էլի փշրվում եմ… Ես մինչև վերջ հավատս չեմ կորցնում, որ սրտումս պահած երազանքները մի օր ի կատար ածեմ: Գիտեմ, որ երազանքների մասին չեն բարձրաձայնում, բայց ես ուզում եմ խոսել ամենակարևոր երազանքիս մասին: Ես երազում եմ, որ իմ գունախառը երազանքները չխամրեն այդքան շատ գույների մեջ…

Արդեն օգոստոսի 33-ն է, և ես շտապում եմ հասցնել էլի հասցնելու մեջ: