


Գյուղի աստեղային շաբաթը
Գյուղից դեպի դուրս գնացող ճանապարհին միշտ խցանում է, ներս են գալիս մեկ-մեկ, մնում՝ հազվադեպ։ Դեպի գյուղ եկող ճանապարհին երբեմն լսվում է հին մեքենայի՝ բերքի ու գյուղական մթերքի ծանրության տակ ճռռացող անիվների խուլ տնքոցը ու ղեկին նստած ծերուկի հառաչանքը։ Ձմռանը ծերուկն ու մեքենան չեն երևում ճանապարհին։ Մեքենան չի դիմանա ձմռան ծանրությանը, ծերուկն էլ։
Գյուղի փողոցները վաղուց մթությունը ցրելու աստիճան լուսավորված չեն. հին լույսերը չեն աշխատում, նորը գնելու համար մարդիկ չկան, պետք էլ չի: Մի քանի տուն է նշմարվում՝ բակի պատին իմիջիայլոց լույսեր գցված. երեխաները մի քիչ կուրախանան, ավելին անելու ժամանակ չկա, հավես չկա, պետք էլ չի:
Գյուղն այնքան փոքր է: Մարդիկ էլ, սերն էլ այնքան են պակասել, որ փողոցով քայլելիս հաջորդ տարվա համար ամեն հանդիպողին կարող ես առանձին բարեմաղթանք ասել հատուկ իր համար, իր կյանքը իմացողի, խնդիրը հասկացողի, երազանքը գուշակողի նման, ամեն մեկին իր փայ երջանկությունը ցանկանալ: Ամեն մեկին առանձին գրկել, ամեն մեկի հետ մի բաժակ խմել ու մի կտոր հաց կիսել, Ռաֆիկ պապին հանդիպելիս ասել՝ մի տարի էլ գլորեցիր, ծերո՛ւկ, ու երբեք նրան նեղացած չտեսնել քո խոսքերից, դրա կարիքը, թերևս, չկա, պետք էլ չի:
Գյուղն այնքան փոքր է, ցուրտ է, որ մարդիկ ուզած-չուզած իրենց ներսի ջերմությունն են դուրս բերում: Առաջվա մարդաշատ փողոցներին փոխարինել են մի քանի տան վառվող վառարանները, մարդաշատ փողոցներում իրար անտարբեր հայացքով նայողները դարձել են հարևանի հետ անընդհատ խոսել ցանկացողներ, ոմանք էլ ուղղակի հարևանի կարիք ունեն, որ զգան՝ մարդիկ ապրում են, ինչ-որ մի տեղ, բացի իրենցից:
Գյուղի Նոր տարվա հեքիաթը ձմեռ պապերն ու նվերները չեն, Նոր տարվա իսկական հրաշքը դեկտեմբերի վերջին գյուղ եկող ճանապարհի խցանումներն են, կյանքում միակ տեղն ու ժամանակը, երբ խցանումը երջանկացնում է. տուն են գալիս։
Տոներն անցան: Գյուղը նորից փոքր է ու մենակ:
Հունվար, 2018

ԱՐԴԵՆ 7-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ
Բերձորն իմն էր, ես՝ Բերձորինը
Վերջին տարիներին սկսել էի Բերձորն ամուր պատանեկական սիրով սիրել: Բերձորն իմն էր դարձել, ես՝ իրենը: Ու մինչև վերջին պահը, արմատներս հողին ամրացրած, ես Բերձորում էի: Եթե ոչ ես, ապա սիրտս Բերձորինն էր, միտքս ու ուղեղս միայն Բերձորն էին: Բերձորն արդեն իմ երազանքների քաղաքն էր դարձել: Միգուցե ես էլ իր երազանքների պատանի բնակիչն էի դարձե՞լ: Այդ արդեն այժմ չգիտեմ, չհասցրի հարցնել… Չհասցրի:
Ես շատ բան չհասցրի: Ես չհասցրի հրաժեշտ տալ հող ու ջրիս, ես չհասցրի վերջին անգամ տանս նայել, որովհետև վստահ էի՝ սա հրաժեշտ չէ:
Ես չհասցրի հավաքել հիշողություններս ու ճամպրուկումս տեղավորել: Մարմինս անզգայացել էր, հոգիս ցավից լռել, միտքս՝ բթացել: Միայն հետո ես հասկացա՝ ինչ եմ կորցրել. տուն, ընկերներ, հայրենիք… Եվ այս ամենը ես գուցե փուչ համարեի, եթե հայրենիքս չլիներ: Ես գուցե կարողանայի ներել ճակատագրին, եթե հայրենիքս չլիներ:
Իսկապես, հայրենիք կորցնելը սարսափելի բան է, ավելի սարսափելի, քան քո տեսած բոլոր սարսափ ֆիլմերն ու դրանցից եկած այդ դատարկ զգացումները: Հիմա ես ոչինչ չեմ զգում, որովհետև զգացմունքներս Արցախում մնացին:
Հիմա ես էլ ոչ մի տուն, ոչ մի դպրոց, ոչ մի դասարան, ոչ մի արև ու ոչ մի երկինք չեմ ընդունում, որովհետև իմն Արցախում է: Ու քանի տարի էլ անցնի, ինձ հասնող արևի մեջ ես Արցախն եմ տեսնելու, երազներիս մեջ Արցախում եմ լինելու ու լուրթ երկնքի պարզության մեջ ես իմ խաղաղ երկիրն եմ տեսնելու:
Եվ վստահ եմ՝ մի օր էլ, ինչպես առաջին անգամ, ես քաղաքիս գիրկն եմ վազելու՝ մանկացած, ու արցունքոտ աչքերով ծածանվող Հայոց Եռագույնն եմ տեսնելու:
Մայիս, 2021

Արդեն 6-րդ օրն է` Արցախը շրջափակված է թշնամու կողմից

Արդեն 4-րդ օրն է Արցախը շրջափակված է թշնամու կողմից
Գազ չի կա՝ պլիտա կվառինք։
Լյուս չինի՝ փիչնք վռլան,
Փիչ չինի՝ մոմնք վռլան
Մոմել չինի ՝ մի աձեալում փթաթվելուվնք, հարազատներավ մի օթաղում նստինք ֆանարիկնեն միացնինք, խոսինք, ծիծաղինք, ապրինք։
Վեշմինը թող ուրխանա վեչ, վեր արցախցին սոր էս օրինա։Ու մտածեվեչ, վեր արժանիյա, կամ կոտրվալա։
Մեզ հինչքան շատ փորձին հեռու պահին ստղան, էնքան ավելիյնք սիրլան մեր տոնը։
Ես իմ անունասում խոսում, ու ընտանիքիս անունան։
Սաղել գիդումն հինչքանում սիրում քաղաքս, միշտում սիրալ, ու սիրլանում։
Մունք ուժ օնինք, ոգի, թասիբ, ինքնասիրություն։
Մենակ գազ չի օնինք։
Էքուծել կարողա լյուս կամ ինտերնետ չի ինի, վեչինչ
Աշխարհի վերջը չի
Մարդու տրվումա էնքան հինչքան կարե հաղթահարե։
Տիյեր Աստված կա

Իմ գյուղը` Դարբաս
Կա՞ արդյոք մի տեղ, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում, ոչնչից չի վախենում, ապահով է, սիրված ու գնահատված: Դա իհարկե, հայրենիքն է և առաջին հերթին հայրենի տունը: Իմ հայրենի տունը իմ գյուղն է:
Իմ Դարբասը (նախկինում Աղվերծ, Ըղվերծ) գտնվում է Սյունիքի գեղատեսիլ բնության մեջ և շրջապատված է հսկա լեռներով: Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ թվացել է, թե այդ լեռները ուս-ուսի տված զինվորներ են, որոնք պաշտպանում են մեզ, և միշտ ակնածանքով ու հպարտությամբ եմ նայել նրանց: Մանավանդ այն սուրբ լեռանը, որին Եղյակ ենք անվանում: Այն միշտ էլ ժողովրդի համար սրբատեղի է եղել, և ժողովուրդը հավատացել է այդ սուրբ լեռան զորությանը:
Տատիկս պատմում է.
-Էն ժամանակ մարդիկ քինում էին Եղյակից քար պիրում, քցում գետը, որ անձրև կյա:
Հիմա էլ Եղյակը սրբատեղի է համարվում, և այնտեղ հաճախ են ուխտագնացություններ լինում:
Մեր գյուղի հրաշալիքներից մեկը մեր եկեղեցին է: Ժամանակին յոթ եկեղեցի ենք ունեցել, որոնք ցավոք չեն պահպանվել: Մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 5 տարի առաջ երկու բարերար եղբայրների ջանքերով: Նրանք մինչև հիմա շարունակում են մեր գյուղը շենացնել: Մենք մի կամուրջ ունենք, որին Արզումանի կամուրջ են անվանում: Այն ժամանակին շատ կարևոր նշանակություն է ունեցել: Բարերարները այս կամուրջը վերանորոգեցին:
Գիտե՞ք ինչքան էի ուրախանում այս ամենը տեսնելով, ուրախանում էի, որ մեր գյուղը օր-օրի շենանում է, և ես էլ էի ցանկանում մի լավ գործ անել մեր գյուղի համար` թեկուզ փոքր գործ:
Չէ՞ որ փոքր գործերից է ծնվում մեծ գործը:
Երբ նայում եմ այս բնությանը, այս ծաղիկներին, լեռներին` հասկանում եմ, որ նրանք էլ են կարողանում զգալ ու խոսել: Եվ ո՞վ է ասել, որ նրանք անկենդան են: Հենց նրանց մեջ է ամփոփված իմ գյուղը իր վաղեմի պատմությամբ, գեղեցկությամբ և հրաշալիքներով:
Սեպտեմբեր, 2015

Համարակալված տերևը, որ բաժին հասավ ինձ
Դեղնանարնջագույն նոյեմբեր… Արևը սառնագույն ու նուրբ շողերով փաթաթվեց այգու ամբողջության միակությանը: Աղջիկը մտամոլոր ու փնթի քայլերով հաշվում էր հսկայական այգու երկարությունը: Տերևները՝ դեղին, կարմիր, բայց առավելապես շագանակագույները, նրան ընկերակցում ու օգնում էին… Նրանցից յուրաքանչյուրը դասավորված էր յուրահատուկ կերպով, որոնց ետնամասում աղջիկն ինչ-որ նշումներ արեց ու հեռացավ: Տուն տանող ճանապարհն այնքան տհաճ ու միաժամանակ հեռու էր թվում, որ նա առաջին իսկ պատահած նստարանը դարձրեց իր տունը: Չէ՜, ցուրտ չէր… Տերևները տաքությունն ամբողջությամբ ապահովում էին. Դե՜, էլ ինչ էր պետք երջանիկ զգալու համար. գույներ, մի քիչ ջերմություն ու նոթատետրը…
Անդադար գրում ու ջնջում էր, լացում, իսկ արցունքները միահյուսվելով կապույտին, մաքրում էին կոպիտ տառերը սահուն գույնով:
Մի քանի բառ ընթեռնելի էր. այնպես, հենց, արև, քար…
Փորձեցի նորից ստեղծել ջնջվածը, ու արդյունքում ստացվեց. «Կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, հենց այնպես արևն անգամ չի շողում: Անձրևը նույնպես այնպես չի գալիս, կապույտը կամար չի կապում այնպես, բայց հիշիր՝ կյանքում արև ու անձրև, կանաչ ու կապույտ, քեզ ուղեկցում են «հենցայնպես» ճամփով:
Շարժվիր դու առաջ, առանց «այնպես»-ի, որ կյանքում հանկարծ չբախվես «հենց»-ի:
Ուզում եմ հասնել անծայր արևի ես հենց կենտրոնին
առանց «այնպես»-ի ու առանց «հենց»-ի,
Միշտ պայծառագույն հստակ քայլերով:
Ու հիշի՜ր, աղջիկ, այդ ճանապարհին քեզ կկանգնեցնեն ամենահսկա քարերն այն սուր, բայց դու չընկճվես ու չվախենաս, քայլերդ ամուր կսեղմես գետնին ու կբարձրանաս ու դու կհասնես հենց այն կենտրոնին` ամենաանծայր արևի կողքին…
Աղջիկը փակեց նոթատետրը, հավաքեց իրերն ու հեռացավ:
Ճանապարհին բախվեց դեղնակարմիր, բայց առավելապես շագանակագույն տերևին, ոտքն անմիջապես ետ քաշեց, որ չտրորի… Հետաքրքի՜ր էր, թե ինչու այդքան երանգավոր ու նոր տերևների կողքին հենց դա ընտրեց: Հենց այդ տերևն էր, որ թույլ չտվեց նրան շարունակելու անիմաստ չափումներն ամբողջ այգով: Վերցրեց ու ամրացրեց նոթատետրին: Արևն էլ չէր շողում, նստարանը դատարկ էր, իսկ գետինը համարակալված տերևներով. Այգու ծայրամասում գունավոր աղջկա վերջին շողքն էր, որ չքացավ…
Սիրուն էր, շատ ամեն ինչ, ամեն բան ամեն ինչի ներսում, դրսում էլ: Մեզ մնում է մեր մտքերը համարակալել այնպես, ինչպես աղջիկը՝ տերևները: Մեզ մնում է չվախենալ միայնության զգացումից ու քայլել, իսկ միայնության վախը կանցնի հենց իմ ստեղծած ամենատարբեր գույներն ունենալով գրպանում, հոգում ու ամեն-ամեն տեղ…
Դեղնանարնջագույն նոյեմբեր… Աշնան վերջը ու էլի` ես:

Հայացք դեպի անցյալ
1992 թվականի պատերազմի մասին ծնողներիցս ու դասախոսներիցս էի լսել, 2016-ի պատերազմի մասին խոսել չեմ ուզում, որովհետև փոքր էի ու ոչինչ համարյա չէի գիտակցում, իսկ այ, սեպտեմբերի 27-ի մասին լռելը հանցագործություն կլինի ուղղակի:
Ուղղակի` ինչու՞ հենց մենք, ինչու՞ հենց մեր սերունդը…
Պատերազմ բառի մեջ շատ ցավ կա, կորուստներ, ապրումներ, անքուն գիշերներ, մղձավանջներ… Այնքան բան կա պատերազմի մասին ասելու… Դժվար է գիտակցելը, որ առաջ պետք է շարժվես, որովհետև տեղում մնալը նույնպես անիմաստ է, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարես պայքարել: Պայքարել միշտ էլ պետք է հանուն նրանց, ովքեր հերոսի մահով ընկան ու հանուն նրանց, ովքեր պատերազմից վերադարձան, ու եթե նրանք շարունակում են ապրել, դու չապրելու իրավունք չունես, հանձնվելու իրավունք չունես…
…Իր հետ խոսելիս միշտ պատերազմի թեմայից խուսափում էի` ցավ չպատճառելու համար, իսկ նա էլ ընդհանրապես չէր էլ խոսում: Մի՞գուցե դեռ վերքերը լիովին չէին ապաքինվել, իսկ միգուցե ինձ ցավ չպատճառելու համար խոսել չէր ուզում, բայց թե ինչը ստիպեց նրան խոսել պատերազմից այդ օրը, չգիտեմ: Չէ որ այնքան ժամանակ բառ անգամ չէր ասել ու միանգամից կտրուկ սկսեց խոսել:
- 44 օր տևած պատերազմի ընթացքում Օմարը 45 օր կանգուն պահեցինք, 44 օր աչք չփակեցինք, այնքան ցուրտ էր, որ ձեռքերս ցրտահարվել էին, բայց զենքը ձեռքիցս դնելու միտք չեմ ունեցել: Մահվան մասին չեմ մտածել ոչ թե որ ժամանակ չկար կամ ժամանակը չէր, այլ գիտեի, որ կյանքի ու մահվան ուղիղ մեջտեղում եմ գտնվում, բայց չէի վախենում, այլ պայքարում էի… Պայքարում էի հայրենքիս համար, ու ինչու չէ, նաև քո, թեկուզև այդ ժամանակ ծանոթ չենք եղել, բայց ներքին ձայնս հուշում էր, որ ընտանիքիցդ զատ սպասող ունես, պետք է պարտադիր տուն վերադառնաս…
Գիտե՞ս, Օմարում սիրուն էր, նամանավանդ, երբ ձյուն էր գալիս: Ճիշտ է, ձյան ժամանակ դժվար էր, մի կերպ էինք կարողանում քայլել ձյան մեջ, որովհետև բավական խորն էր, բայց սիրուն էր, շատ սիրուն…
Եթե հնարավորություն ունենայի, քեզ կտանեի, ու քո աչքով այդ գեղեցկությունը կտեսնեիր: Գիտեմ՝ սիրում ես բարձրությունը, բացի դրանից՝ լուսանկարել նույնպես սիրում ես: Այնքան գեղեցիկ նկարներ կլինեին…
Ու վերջապես, կտեսնեիր` ինչի համար ենք պայքարել, ինչի համար ենք անքուն մնացել, ինչի համար են ընկերներս իրենց կյանքը տվել…
Իր խոսելու ընթացքում ոչինչ չէի խոսում, որովհետև կյանքում առաջին անգամ խոսելուս ունակությունը լքել էր ինձ: Ի՞նչ խոսեի, ինչպե՞ս մխիթարեի, չէ որ կյանքի գնով պահված հողը ուղղակի հանձնեցին թշնամուն… Մնում էր միայն գրկել նրան այնքան պինդ, որ գոնե ցավի կեսը վերցնեի ինձ: Գոնե քիչ ցավեր, գոնե ցավը հավասար կիսվեր մեր մեջ: Զգացմունքներս խառնվել էին իրար: Չգիտեի անգամ, թե ինչ էի զգում հպարտությու՞ն թե՞ թշնամանք, հուսահատություն թե՞ ուրախություն…
Հպարտություն կոչվածը կոկորդիցս պինդ բռնել ու խեղդում էր, իսկ հուսահատությունն էլ փորձեր էր անում, որ ոտքի կանգնի կամաց-կամաց: Բայց հասկանում էի` ավելի լավ է խեղդվեմ հպարտությունից, քան թույլ տամ պարտվել հուսահատությանը, քանի որ Հերոսի կողքին լինելու համար առաջին հերթին պետք է արժանի լինել, այսինքն՝ մոռանալ հուսահատության մասին, խաչ քաշել «հանձնվել» արտահայտության վրա ու միայն կարմիրով գծել «պայքարել» և «ուժեղ լինել» արտահայտությունները:
Ես նայում էի նրան ու չէի հասկանում, ինչպես կարող է նրա համեստ հայացքի և գեղեցիկ դարչնագույն աչքերի ետևում այդքան ուժ, մի ամբողջ ազգի պատմություն, մի ամբողջ պայքար, մի ամբողջ կյանք թաքնված լինել:
Ուշադիր նայում էի նրան ու հասկանում, որ կրկին կռիվ լինելու դեպքում անգամ ես ետ պահել նրան չեմ կարողանա: Միգուցե սերս բավական էր ետ պահելու նրան շատ այլ քայլերից, բայց Հայրենիքի պաշտպանությունից նրան ոչ ոք ետ կանգնեցնել չէր կարող: Միայն կարողացա նրան ասել.
-Չգնաս էլ… Դու քո կռիվն արդեն տվել ես…
Մի պահ անթարթ նայեց աչքերիս, հետո համբուրեց ճակատս ու ժպիտով ասաց.
-Եթե ես չգնամ, ո՞վ քեզ պետք է պաշտպանի, ինչպե՞ս գլուխս հանգիստ դնեմ բարձին ու քնեմ, եթե ընկերներս այնտեղ` սահմանին, միայնակ են… էլ ո՞ր օրվա ընկերն եմ ես…
-Վախենում եմ հայրենասիրությունդ, նվիրվածությունդ ու ընկերասիրությունդ քեզ խլեն ինձանից…
-Իսկ դու վախենալու իրավունք չունես, ես քեզ սովորեցրել եմ ոչնչից չվախենալ, առավել ևս, կապ չունի, թե ես ուր եմ գնում: Ես միշտ հետ եմ գալու, միշտ քեզ մոտ եմ գալու:
-Գիտես, որ միշտ կսպասեմ:
-Գիտես` երկար սպասեցնել չեմ տա:
Ու այդ պահից ի վեր հասկացա, որ եթե թշնամուն դեմ դիմաց լինենք կամ կռվի էպիկետրոնում, և նա ասի, որ ամեն ինչ լավ է լինելու, ես նրան կհավատամ…

Խաչմերուկ
Մեր գյուղի` Բաղանիսի միջով անցնում է երկու ճանապարհ: Երկուսն էլ տանում են Երևանից Թբիլիսի: Ամենազարմանալին այն է, որ այդ ճանապարհները հատվում են մեր գյուղի մեջտեղում, իսկ այդ ճանապարհների հատման տեղը գյուղացիները անվանում են Խաչմերուկ: Հիմա կմտածեք, թե ինչու եմ ճանապարհներից խոսում: Ճանապարհները երբեմն լինում են դժվարանցանելի, հանգիստ, հանդարտ, բայց այս երկուսն ունեն իրենց կառուցողական իմաստը մեզ համար, իսկ որոշ մարդկանց համար այդ ճանապարհները ընդամենը սովորական ճանապարհներ են: Նրանք գալիս անցնում են ու մոռանում այդ ճանապարհների մասին:
Ճանապարհներից մեկն անցնում է գյուղի երկայնքով և գտնվում է հակառակորդի դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա: Այն գնդակոծվում է թշնամու դիրքից, և այդ պատճառով ութ տարի առաջ կառուցվել է երկրորդը, որն անցնում է գյուղի հանդիպակած Հարսնաքար լեռան լանջով և գրեթե անտեսանելի է թշնամու դիրքից: Այդ մի ճանապարհը կիսով չափ անցնում է գյուղի միջով:
Մի դեպք պատմեմ: Երեխաներով կանգնած էինք այդ խաչմերուկում, երբ Ռուսաստանից մարդիկ էին անցնում: Նրանք կանգ առան.
-Բարի օր, տղե՛րք:
-Բարի օր,- պատասխանեցինք մենք:
-Ո՞ր ճանապարհով գնանք, որ վտանգավոր չլինի:
Մեր տղաներից մեկը կատակեց.
-Է՜ն ճանապարհը վտանգավոր ա, իսկ է՜ն մինը՝ «ապասնի»:
…Ճանապարհները նման են մեր կյանքին:
Մարտ, 2016

Արտասովոր սովորականություն
Անձրև չի գալիս, աշուն չէ։ Խորթ է թվում, բայց տերևաթափ էլ չկա։ Առհասարակ, ժամանակներն են փոխվել։ Հիմա տերևները հաղթում են քամուն, պնդերես են կամ երևի չափից դուրս շատ են վախենում թափառականի՝ ճակատագիր դարձած իրենց ուղուց։ Ոչինչ չի հուշում, որ այսօրը նման չի լինելու միլիոնավոր անցածներին ու մի այդքան էլ սպասվողներին․ ամեն բան սովորական է։ Հետո՞ ինչ, որ այսօրը հայտնվել է այստեղ, արտասովոր ոչինչ չկա, երեկվա մասին էլ մեկ ուրիշն էր պատմել, վաղվա մասին խոսողների պակաս էլ վախենամ՝ չզգացվի։ Ոչ մի օր անտարբերության չի մատնվի, բայց դրանց նույնության ծանրությունը կշարունակի կախված մնալ քաղաքի վրա, մի քիչ էլ աշխարհի ու եթե բախտը բերի, մոլորակի վրա… Ապա նաև կրկնությունից փախչող մեկի որբացող հոգում։ Մոլորակի վրա կախված էդ ծանրությունը քչերը կնկատեն․ թեթևների դարն է, չէ՞ վերջապես։ Բայց դու՝ իմ լավ ու հիմար ընկեր, դու ինչպես միշտ առաջինը կզգաս էդ ծանրությունն ու մի պահ կթվա, թե ահա, խեղդվում ես դրա՝ ժամ առ ժամ խտացող գոլորշիներից, դու էդպես էլ չսովորեցիր թեթևների օրակարգը, էդպես էլ չմտար նրանց դարաշրջան։ Ինչ է թե տարբերվո՞ւմ ես, գրողը տանի քեզ, խելագար, վերջ տալ է պետք, էդ ծանրությունները կյանքից դուրս շպրտելու անպատկառություն ունեցիր… Իսկ եթե չէ, ուրեմն մի դժգոհիր, որ լուսանցքում ես մնացել։ Անառակները մեղավոր չեն քո թուլամորթ բարոյականության համար։ Իսկ եթե իրոք կոկորդ ճանկռող ծանրությունից շնչառությունդ դադարեցնի իր տարիներ տևող անմիտ պայքարը, ի՞նչ ենք անելու, տապանաքարիդ վրա մեծ ու խոշոր տառերով գրելու ենք․ «Մեռավ, որովհետև տարբերվո՞ւմ էր, որովհետև այնքան ուրիշ էր, որ խեղդվեց ձեր միօրինակության խղճուկ ջրափոսո՞ւմ»։ Վերջացրո՛ւ ու ապրի՛ր, ինչքան հնարավոր է՝ արագ-արագ ապրիր։
Սովորական օր է։ Ու հենց դա է «անհամակերպվելին», ախր էդ սովորականությունը հավերժություն ենթադրող սարսափելի անհավասարություն է ամփոփում իր մեջ։
Հերթական մի օր է՝ մեկի համար ազատության մեջ նվնվալու, մյուսի համար՝ մի տեղ փակված՝ հանուն դրա պայքարելու, մեկի համար՝ սիրելիին գրկելու, մյուսի համար՝ նրան անվերջ կարոտելու սովորական կոչվող ու հոգի մաշող մի օր։
Սովորական է, իսկ մենք դրանից հրճվում ենք։ Մեր մեղքը չէ, գոհանում ենք նրանով, որ այսօրը երեկվանից մի քայլ էլ հետ չէ, ինչքան էլ կոկորդ պատռենք, մեկ է՝ մենք վախենում ենք այն ամենից, ինչ նոր է… Սովորել ենք հնի տաղտկալի կանոններին, վախենում ենք, որ մի թեթև փոփոխությունից հետո կկորցնենք այն ամենը, ինչ երբեք չհասցրինք վաստակել։ Ահա՝ ինչու սովորականության գիտակցումով սրտի մի ծանր բեռից ենք ազատվում կարծես, որը գուցե ամբողջ գիշեր տանջել է մեզ։ Սովորակա՞ն, չէ, մեզ աշխարհ է պետք, որում երջանկության հերթափոխ կլինի, որ ի վերջո ամենօրյա երջանիկների ու տարաբախտների միջև մի քիչ համաչափություն մտնի։
Լավ է, որ գոնե անձրև չի գալիս, թե չէ նա, ով կարոտում է, հաստատ կտխրեր, ախր իր անձրևանոց բռնողը չկա ու չկա, իսկ ինքը այդքան ուժ չունի միաժամանակ կարոտելու ու անձրևանոց քարշ տալու համար։ Ինքը պիտի թրջվի ու թրջվի այնքան, մինչև անձրևը հոգնության կամ խղճահարության բեռան տակ մարդանա ու հանձնվի, հետո փակվեն մոլորակի բոլոր անձրևանոցները, բոլորը՝ բացի մեկից, որն էդպես էլ չէր բացվել…
Մարտ, 2020