Վանաձորը` և լավ, և վատ

Լուսանկարը՝ Դիանա Ղազարյանի

Լուսանկարը՝ Դիանա Ղազարյանի

Ցանկացած քաղաք ունի իր դեմքը, ճարտարապետական իր ոճը, բարքերը, ավանդույթները, ունի իր զարգացման հեռանկարները: Քաղաքը, ինչպես և ամեն մի ուրիշ բնակավայր, կառուցվում ու շենանում է սերնդեսերունդ` միևնույն է, նոր է այն, թե` հին: Ես կփորձեմ ներկայացնել իմ հարազատ քաղաք Վանաձորը:

Ինչպես ցանկացած քաղաք, Վանաձորը ևս ունի իր լավ ու վատ կողմերը: Թերևս առաջին վատը`քաղաքի աղտոտվածությունն է: Մարդիկ իսկապես մոռացել են, որ քաղաքը աղտոտելով վնասում են հենց իրենց: Քաղաքին անշուք տեսք են հաղորդում հատկապես կիսաքանդ  շինությունները, դրանց կողքով քայլելիս քեզ թվում է, թե  կողքիդ այդ պահին կան ուրվականներ: Հենց դրանց մեջ մարդիկ թափում են առօրյա աղբը, որը երևի` ալարում են թափեն աղբամանը: Բոլոր բացասական գծերից ամենավատը քաղաքի իշխանությունն է, որն ընդհանրապես չի հոգում քաղաքի և դրա բնակչության մասին: Իսկ լավ գծերից է քաղաքի կանաչ  միջավայրը, որի շնորհիվ քաղաքում համեմատաբար մաքուր օդ կա: Քաղաքում քիչ չեն նաև գեղեցիկ հուշարձանները, եկեղեցիները: Բայց քաղաքի ամենամեծ առավելությունը այն է, որ ես այստեղ ունեմ ընկերներ, հարազատներ և ծանոթներ: Երևի թե հենց սա էլ օգնում է աչք փակել քաղաքի բացասական կողմերի վրա և նկատել միայն լավը: 

Մենք գյումրեցի ենք

Լուսանկարը` Վահե Սուքիասյանի

Լուսանկարը` Վահե Սուքիասյանի

Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, բայց մեկ տարի է, ինչ ապրում եմ Երևանում: Անշուշտ, երբ ինձ հարց են տալիս, թե որն է իմ բնակավայրը, ես միանշանակ պատասխանում եմ ` Գյումրին: Ինչքան ավելի շատ եմ մեծանում, այդքան ավելի շատ եմ սկսում հասկանալ քաղաքիս յուրօրինակությունը և ուզում եմ ձեզ նույնպես պատմել Գյումրիի առանձնահատկությունների մասին:

Այնտեղ ամեն ինչ այլ է. մարդիկ անկեղծ են, ջերմ, միմյանց նկատմամբ հոգատար, չմոռանանք նաև հումորի բարձր զգացումի մասին:

Ի դեպ, անկեղծության մասին. եթե ձեզ թվում է, որ ես չափազանցում եմ և հնարավոր չէ մինչև վերջ անկեղծ լինել, սխալվում եք: Շատ հաճախ,  անկեղծությունը, որը հենց ճշմարտությունն է, կարող է վիրավորել դիմացինին: Եվ պատկերացրեք, հենց դա է գյումրեցիների   առանձնահատկություններից մեկը: Ասել է թե, որքան էլ  ուզում է ճշմարտությունը տհաճ լինի քեզ համար, գյումրեցին քեզ այն անպայման կասի: Որպեսզի համոզվեք, որ չեմ չափազանցում, մի դեպք պատմեմ ձեզ,   որը պատահել է ինձ հետ:

Ուրեմն, ես ունեի ռետինե ճտքակոշիկներ, որոնք հագնում էի անձրևի ժամանակ: Մի անգամ այդ ճտքակոշիկներով գնացի դպրոց:  Երբ դասերս ավարտվեցին և գնում էի տուն, փողոցում մի պապիկ մոտեցավ. սկզբում նայեց ճտքակոշիկներիս, հետո  ինձ ու ասաց.

-Բալա’ ջան, էս ի՞նչ ես հագե, նորմալ բան չկա՞ր հագնեիր: Մատղաշ էրեխա էս, էս կալոշները քեզի ինչ սազական բան է:

Ես, իհարկե, չպատասխանեցի, ժպտացի և շարունակեցի ճանապարհս: Խնդրեմ էս էլ ապացույցը:

Բայց կա ևս մի յուրօրինակություն, որի մասին ուզում եմ պատմել:

Մենք` գյումրեցիներս, եթե ուզում ենք հյուր գնալ` հարևանի, բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տուն, ոչ զանգում ենք, ոչ էլ զգուշացնում մեր գալուստի մասին: Իհարկե, ձեզ թվում է, որ դա քաղաքավարի չէ: Պետք է անպայման զգուշացնել, մարդկանց անհարմար դրության մեջ չդնել: Դուք իհարկե նման երևույթին կտաք բացասական գնահատական: Բայց շտապեմ ասել, որ ո’չ : Դա ցույց է տալիս, թե ինչքան հարազատորեն են իրար  վերաբերվում մարդիկ, և եթե ուզում են այցելել ընկերոջը, գնում են հյուր` համոզված լինելով, որ ցանկացած պահի  նա գրկաբաց կընդունի քեզ:  Հավատացնում եմ, որ դա այդպես է: Իսկ  ծննդյան   տարեդարձին ընդհանրապես  ոչ մի բարեկամի կամ ընկերոջ չեն զանգահարում և հրավիրում, որովհետև համոզված են, որ այդ մարդկանց քո հատուկ հրավերը ամենևին էլ պետք չէ: Նրանք հաստատ կհիշեն և կգան քեզ շնորհավորելու:

Բայց ես ամենաշատը հպարտանում եմ նրանով, որ մենք  շատ համախմբված ենք և իրար երբեք չենք լքի դժվար պահին. կարևոր չէ` ծանոթ ենք, թե անծանոթ, եթե միայն գիտենք, որ դիմացինը գյումրեցի է, ապա դա հերիք է նրան աջակցելու և ջերմ վերաբերվելու համար:

Ընդհանուր առմամբ, մեզ մի քանի խոսքով կարելի է բնութագրել այսպես. մենք հեռու ենք գլոբալիզացիայից. մեզ համար կարևոր են` մեր անկեղծ, հարազատ, վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք եկել են դարերի խորքից,   և այս նոր ժամանակակից անտարբեր հարաբերությունները մեզ համար անընդունելի են և չեն համապատասխանում մեր բնույթին:  Մի խոսքով, մենք` համով-հոտով, յոլով-ղայդով ժողովուրդ ենք:

Մենք մենակ չենք

-Էսօր գիշեր սաղդ կքնիք. ես ֆուտբոլ բդի նայեմ…

Այո’, երբ ես ֆուտբոլ եմ նայելու, բոլորը քնած են լինելու, կամ ցանկության դեպքում, եթե իհարկե մինչև վերջ նայելու են, կարող են ինձ հետ նայել հանդիպումը:

Իսկ իմ ֆուտբոլ նայելը մի իսկական հանդիսություն է. հագնում եմ իմ սիրած ակումբի՝ «Բարսելոնայի» շապիկը, դնում Բարսայի լոգոյով գլխարկս, պատին ամրացնում եմ իմ սարքած մեծ պաստառը, թուղթ ու գրիչը վերցնում եմ ձեռքս ու նստում եմ խաղը նայելու:

Ամեն ինչ պետք է ըստ կարգի լինի. սկզբում օրհներգն է հնչում, ու էդ րոպեից մերոնց քունը խանգարվում է, քանի որ ես, լինելով հավատարիմ երկրպագու, ֆուտբոլիստների հետ հավասար երգում եմ. Blaugrana al vent, un crit valent tenim un nom el sap tothom: Barca, Barca, Barca…

-Լիլի’, քիչըմ կամաց:

Կարող է թվալ, որ սա ձևականություն է, բայց հնարավոր չէ արդեն իսկ 7 տարի ձևացնել: Երբ փոքր էի, ֆուտբոլ մեծ եղբորս հետ էի նայում՝ թիմերին տարբերելով մարզաշապիկի գույներով միայն: Ճի’շտ է, եղբայրս բացատրում էր, սակայն միևնույնն է. շապիկի գույներով տարբերելը ավելի հեշտ էր…

Իսկ մի ուրիշ հաճույք է այն, երբ Բարսաս իր հերթական գոլն է խփում, և այդտեղ ես մտածում եմ, թե ինչ եմ ասելու այն ընկերներիս, որոնք Մադրիդի «Ռեալի» երկրպագու են. ֆուտբոլ նայողները կհասկանան ինձ, որովհետև ամենահավես բաներից մեկը այն է, երբ հեգնում ես քո չսիրած թիմին:

Այո˜… Հերթական հաղթանակը…

Առավոտյան գնում եմ դպրոց, ու սկսվում է.

-Հը, Լի’լ, ի՞նչ էղավ:

Ու ես հպարտորեն միշտ ասում եմ, որ հաղթել ենք՝ ոգևորված բացատրելով խփած գոլը:

Էդ էլ մի ուրիշ հաճույք է, երբ տղաները ինձանից են իմանում խաղի մանրամասները…

Բայց երբ սկսում են լուրջ չվերաբերվել, ինչ-որ մեկնաբանություններ անել, իմ սիրած ֆուտբոլիստներին ասել, որ լավը չեն, կամ որ շատ աղջիկների նման ես էլ եմ ֆուտբոլիստների գեղեցիկ լինելու համար նայում ֆուտբոլ, ես կատաղում եմ, որովհետև իմ սիրած ֆուտբոլիստների ցանկի մեջ մտնում են նաև Դիդիե Դրոգբան, Նիկոլա Անելկան, Զլատան Իբրահիմովիչը և այլք. չէ՞ որ նրանք այդքան էլ գեղեցիկ չեն:

Ինչևէ…Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ըստ իս, աշխարհում միակ բանն է, որի ժամանակ աշխարհը մի պահ կանգ է առնում և իր կարճատև քնից արթնանում, երբ բարձրանում է երկրպագուների հսկա ալիքը… Եվ երևի պատահական չէ այն, որ ամեն տարի ծննդյանս օրը միշտ համաշխարհային մակարդակի մի հանդիպում է լինում, որից ես էլ ավելի եմ ոգևորվում: Ֆուտբոլասերները մի ունիվերսալ լեզու ունեն, որը նույնն է բոլոր մշակույթների և մարդկանց համար: Եվ ես գիտեմ, որ իսկական ֆուտբոլասերները երբեք մենակ չեն: Մենք լեգեոն ենք, և միակ բանը, որ ընդհանուր է մեզ համար, ֆուտբոլն է…

Սարսափ ֆիլմերի գլխավոր հերոսը

3 պոլիէթիլենային տոպրակ 2 մթերքի համար, որոնք 30 րոպե օգտագործումից հետո ուղղակի դառնում են դեն նետելու աղբ: Իսկ մենք, դրանք նետում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք՝փողոցում, նույնիսկ աղբամանների կողքին: Ինձ հուզում է այդ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի հետագա կյանքը, վերջում որտե՞ղ են դրանք հայտնվում, ի՞նչ է լինում դրանց հետ. չէ՞ որ դրանք դժվարությամբ են քայքայվում:

Շատ գեղեցիկ պար է ստացվում, երբ պոլիէթիլենային տոպրակը սկսում է պարել օդում, քամու երաժշտության տակ: Այն անընդհատ օրորվում է, մինչև չհայտնվի մեկի տանը՝որպես անկոչ հյուր, կամ էլ կախված մնա ծառի ճյուղերին իբրև տոնածառի խաղալիք:Եթե Վայքում ապրելիս լինեիք կամ  մեկ անգամ  ոտքով գնայիք Վայքի եկեղեցի, ապա ճանապարհի մի հատված ձեր ուշադրությունը ավելի կգրավեր, քան հենց եկեղեցին: Մի փոքրիկ տարածք ամբողջությամբ լցված է պլաստիկ շշերով: Նման տարածքներ Վայքում շատ կան: Իսկ միջոցառումներ, բնապահպանական թեմաներով սեմինարներ, կրեատիվ գաղափարներ աղբը արդյունավետ օգտագործելու համար նույնպես շատ են, բայց սայլը տեղից դժվար է շարժվում, որովհետև մեզանից յուրաքանչյուրը չի գիտակցում, որ կարող է փոխել ինչ-որ բան: Չէ՞ որ մենք՝ամեն մեկս, մեկն ենք այն 7 միլիարդ ռեժիսորներից, որոնք որոշում են երկրի ապագան: Եթե յուրաքանչյուրս մտածենք միայն մեր մասին, ապա այս ֆիլմը կդառնա մի սարսափ ֆիլմ, իսկ գլխավոր հերոսներ կդառնանք ոչ թե մենք, այլ՝աղբը:

Քաղաքը եղեգների հովտում

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Ես ծնվել և արդեն 13 տարի է` ապրում եմ Եղեգնաձոր քաղաքում: Այն փոքր քաղաք է: Եղեգնաձորում գտնվող թուրքերը քաղաքը անվանել են նախ Քեշիշքենդ, ապա` Դարալագյազ, ավելի ուշ վերանվանվել է Միկոյան, իսկ հետո` Եղեգնաձոր: Քաղաքն անվանել են Եղեգնաձոր, քանի որ գտնվում է եղեգնուտներով շրջապատված Արփա գետի հովտում: Ջերմ արևը եղեգնուտներով հարուստ Արփայի հովիտը վերածել է անուշահամ ծիրանենիների, դեղձենիների, կեռասի, սալորի և ամենակարևորը, խաղողի այգիների: Եղեգնաձորը Վայոց ձորի մարզկենտրոնն է: Մարզի անվանումը կապված է 735թ. հուլիսի 21-ին Մոզ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետ: Երկրաշարժի հետևանքով կործանվեց Մոզ քաղաքը, որին զոհ գնացին 10000 բնակիչ: Այս աղետի հետ է կապված Վայոց ձոր անվանումը: Դեռ հնուց Վայոց ձորը հայտնի է եղել պատմամշակութային կոթողներով. Թանահատի վանք, Նորավանքի և Սուրբ խաչի վանական համալիրներ, Սպիտակավոր, Շադիվանք, Գնդեվանք, Սմբատաբերդ, Մարտիրոսի եկեղեցի և այլն: Հայտնի է եղել նաև Գլաձորի համալսարանը, որը հիմա վերածվել է թանգարանի: Եղեգնաձորում գործում է երեք հանրակրթական դպրոց, մեկ քաղաքային վարժարան, մեկ երաժշտական դպրոց և 3 մանկապարտեզ: Ունի մշակույթի տուն, փոքր ծավալով աշխատում է ռելեի (ինքնանջատիչ) գործարանը: Գործում է նաև գինու գործարանը: Մեր փոքրիկ քաղաքը ունի նաև եկեղեցի, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը իր «Տանկի բլուրով», որտեղ գտնվում է Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը փոքրիկ զբոսայգով, որը հարում է մշակույթի տանը և իր ամենաերկար փողոցով, որի ծայրին էլ գտնվում է իմ տունը:

Այստեղ ձյուն չի գալիս միայն օգոստոսին

Լուսանկարը` Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը` Մանե Մ. Սարգսյանի

-Որտեղի՞ց ես:

-Ճամբարակից:

-Իսկ դա որտե՞ղ է…

Սովորական դարձած հարց, որը հաճախ շարժում է իմ զայրույթը: Ախր, Ճամբարակը Գեղարքունիքի մարզի հինգ մեծ քաղաքներից մեկն է, ինչո՞ւ ոչ ոք չի հիշում տարածքով փոքր, բայց այնքան գեղեցիկ և բարի մարդկանցով բնակեցված քաղաքի մասին: Այժմ բնակավայրիս մասին խոսելով ուզում եմ մի փոքր պատմել Ճամբարակի բնության և մարդկանց մասին:

Ճամբարակը մի վայր է, որտեղ ձյուն չի գրանցվել միայն օգոստոս ամսին: Զարմանո՞ւմ եք: Ես նույնպես զարմացա, երբ իմացա… Չնայած Ճամբարակը միշտ էլ աչքի է ընկել իր ցուրտ կլիմայական պայմաններով:

Ճամբարակը վայր է, որտեղի շատ շինությունների պատերին մնում են կրակոցի հետքեր, և մեր ծնողների ականջներում հնչում են այդ ձայները մինչ այսօր; Այստեղ մարդկանց սրտերը ահից սկսում են արագ աշխատել նույնիսկ հրավառության ձայնից: Բայց այս ամենի հետ մեկտեղ ճամբարակցին մնում է իր բնակավայրում, չի լքում այն, և արյան գնով պաշտպանում է:

Սիրում եմ նաև Ճամբարակի բնությունը: Այստեղ դեռ չեն հասցրել աղտոտվել ինչպես մարդկային սրտերը, այնպես էլ օդը:

Ինչևէ… Սիրում եմ Ճամբարակը, սիրում եմ այստեղի բնությունը, մարդկանց: Հպարտ եմ, որ  այստեղ եմ ծնվել: 

Հրազդանի թատրոնի անցյալը և ներկան

Հարցազրույց Հրազդանի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Աշոտ Սարգսյանի հետ

Առավոտյան արթնացա և հասկացա, որ կրկին նույն պարապությամբ է լցվելու օրս (իդեպ, օրը կիրակի էր): Հանկարծ հիշեցի, որ ես ինչ-որ չափով թատրոնի հետ կապ ունեմ և որոշեցի գնալ Հրազդանի Դրամատիկական թատրոն ու մի փոքր զրուցել թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Աշոտ Սարգսյանի հետ: Զրույցի ընթացքում ինքս ինձ համար բացահայտեցի այնպիսի բաներ, որոնք մինչ այժմ չէի իմացել: Ստորև ներկայացնում եմ մեր զրույցը:

-Ո՞ր թվականին է հիմնադրվել թատրոնը:

-Թատրոնը հիմնադրվել է 1953 թվականին, որպես ինքնագործ խումբ:

-Ի՞նչ ներկայացումներ են բեմադրվել:

-Բեմադրվել են մի շարք ներկայացումներ: Բոլորը չեմ կարող թվել: Օրինակ՝ «Օթելլո», «Իվան Ֆրանկո», «Գողացված երջանկություն», Լերմոնտովի «Դիմակահանդեսը», «Միրհավ», «Եզերքի մոտ ճանապարհին» և այլն:

-Ի՞նչ հայտնի դերասաններ ունի թատրոնը:

-Այս պահին հայտնի դերասաններ չունենք, սակայն ունեցել ենք և հայտնի դերասաններ, և հայտնի ռեժիսորներ, որոնց մեծ մասը եղել է դրսից: Այդ թվում են դերասաններ Վոլոդյա Դավթյանը, Մկրտիչ Բադալյանը, Ռուզաննա Հարությունյանը, Շնորհիկ Նազարյանը և այլք: Իսկ հայտնի ռեժիսորներից՝ Իշխան Ղարիբյանը, Արշավիր Ղազարյանը, Պերճ Գևորգյանը, Վրույր Մանվելյանը, Զեպիկ Զաքարյանը և այլք:

-Այս պահի դրությամբ քանի՞ դերասան ունի թատրոնը:

-Այս պահին ունի հինգ դերասան, սակայն, եթե պետք է լինում, մենք հրավիրում ենք դերասաններ:

-Բոլոր դերասաններն ունե՞ն դերասանական կրթություն:

-Այո, բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն:

 -Իսկ ինչո՞ւ են թատրոնում այդքան ուշ-ուշ բեմադրվում ներկայացումներ:

-Թատրոնը չի ջեռուցվում, և հետո էլ մենք չունենք համապատասխան մասնագետներ, որպեսզի ստեղծենք բեմի լուսավորումը: Թատրոնում կան շատ քիչ թվով աշխատողներ, այդ պատճառով ես ինքս, լինելով գեղարվեստական ղեկավար, կատարում եմ այնպիսի աշխատանքներ, որոնք իրականում բանվորների կամ նկարիչների աշխատանք են: Պարզապես իմ բախտը բերել է նրանով, որ քիչ թե շատ նկարչությունից հասկանում եմ:

-Իսկ առաջիկայում ի՞նչ ներկայացումներ ունեք:

-Դեռևս աշխատում ենք բեմադրել Չարենցի կյանքը, սակայն ցրտի պատճառով փորձերը կսկսենք ապրիլից:

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք թատրոնում:

-1975 թվականից որպես դերասան, իսկ արդեն քսաներկու տարի է՝ գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

-Իսկ այդ քսաներկու տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ է ունեցել թատրոնը:

-Մեկ անգամ երկրորդ կարգի դիպլոմ ենք ստացել, մեկ անգամ՝ երրորդ և բազմաթիվ այլ մրցանակներ:

Տաշած քարը գետնին չի մնա

Լուսանկարը՝ Հասմիկ Դոդոռյանի

-Սասունցի Դավիթ,- պատասխանեց նա խորին հպարտությամբ՝ հազիվ կարողանալով արտասանել այդ բառերը:

Մեր երկրում այդպիսի հարցեր տալ կարելի է նաև մեկ տարեկան երեխային: Զարմանալի է, բայց դա լիովին բնական է համարվում: Մենք՝ հայերս, սովոր ենք ավելի շուտ կողմնորոշել մեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում: Դրանում համոզվելու համար բավական է հիշել մեր հին հայկական ավանդույթներից մեկը՝ ատամհատիկը: Մեր՝ հայերիս շրջանում այս սովորույթը բավականին սիրելի է: Չկա մի հայ երեխա, ում ատամհատիկ չեն արել, և այդ կարևորագույն իրադարձության ժամանակ իր շուրջ գտնվող փողերը հարազատներից մեկը ձեռքը չի խցկել, որպեսզի նա հետո հարուստ դառնա:

Երբ երեխան հանում է իր առաջին ատամը, հավաքվում են ամբողջ գերդաստանով, բազմաթիվ ընդեղեններից խաշած խառնուրդը լցնում փոքրիկի գլխին, կողքին բազմաթիվ մասնագիտություններին վերաբերող իրեր շարում  և  անհամբերությամբ սպասում, թե երեխան ո՞րը կընտրի: Համաձայն ավանդույթի՝ այն իրը, որին առաջինը կդիպչի փոքրիկը, դա կդառնա իր ապագա մասնագիտական գործիքը: Դրա համար փոքրիկի ծնողները, տատիկներն ու պապիկները, հորաքույրներն ու մորաքույրները, քեռիներն ու հորեղբայրները, հարևաններն ու հարևանների բարեկամները անպայման հոգում են, որ փոքրիկի դիմաց դրվեն միայն, այդ ժամանակ նրա համար բավականին անհետաքրքիր, «կանաչ թղթեր»,  գրիչ, տետր և վերջապես այդքան սարսափելի ներարկիչը: Տատիկս պատմել է, որ հին ժամանակներում այդ շարքը լրացրել են մկրատը, բահը, ուրագը, իսկ այդ արարողության համար մի քանի կտոր թուղթ ճարելու նպատակով դիմել են գյուղի փոստատարին կամ դպրոցի «դիրեկտորին»: Դե իհարկե, դրա համար կարելի էր մեծ զոհողության գնալ: Չէ՞ որ դրանով երեխայի ճակատագիրն էր որոշվում…

Ատամհատիկի «որոշումից» հետո անցնում են տարիներ, և ամեն տարվա հետ երազանքներն ու ցանկությունները փոխվում են: Սկզբից բոլոր երեխաներն ապրում են երազներով: Մեր օրերում 1-12 տարեկան երեխաների մեծ մասը երազում է դառնալ դերասան, երգիչ, մոդել, ֆուտբոլիստ կամ որևէ այլ հայտնի մարդ, իսկ այ, օրինակ, սովետական ժամանակներում՝ օդաչու, ուսուցիչ և այլն: Ասածս ապացուցելու համար բավական է հիշել հայտնի սովետական բանաստեղծությունը.

Կուզեմ դառնամ օդաչու,

Ամպերի մեջ սլանամ,

Սովետական աշխարհի

Անվախ հերոս կդառնամ…

Այս տողերը ժամանակին կարելի էր լսել յուրաքանչյուր երեխայի բերանից, ով ուներ իսկական սովետական դաստիարակություն: Բայց երբեմն երազանքները չեն իրականանում: Փոքրիկ օդաչուները դառնում են շինարարներ, դերասանները՝ հաշվապահներ, բժիշկները՝ մսագործներ և այլն…

Փոխվում են ժամանակները, փոխվում են ցանկությունները, փոխվում են մասնագիտություններն ու, վերջապես, մարդիկ: Որոշ մասնագիտություններ դառնում են հին ու ոչ արդիական, ինչպես օրինակ, մեքենագրուհին, որը բավականին պահանջված էր սրանից մի քանի տարի առաջ, բայց հիմա իմ սերնդակիցներից  քչերը գիտեն, որ այդպիսին նույնիսկ եղել է: Կան նաև մասնագիտություններ, որոնք այդքան էլ նորաձև չեն համարվում: Այդպիսիք են հիմնականում բնական գիտություններին և գյուղատնտեսությանը վերաբերվող ցանկացած մասնագիտություն: Դրան հակառակ, մեր հասարակության մեջ լավ մոդայիկ են համարվում տնտեսագիտությունը, իրավագիտությունը, դիվանագիտությունը և վերջապես լեզվաբանությունը, որոնց մասնագետների կտրուկ աճի շնորհիվ առաջարկը գերազանցում է պահանջարկին: Արդյունքում, աճում է գործազրկությունը: Այսպիսով, աղջիկների փայլփլուն դիպլոմները դառնում են իրենց օժիտի ամենակարևոր մասը, իսկ տղաները դրանք թողնում  են փոշոտ դարակների մի անկյունում և մեկնում արտագնա աշխատանքի: Իսկ ո՞վ է դրա համար մեղավոր… Արդյո՞ք դա սխալ կողմնորոշման արդյունք չէ…Իսկ ո՞վ պիտի լինի այդ ճիշտ կողմնորոշողը…

Մասնագիտությունների մասին խոսելուց չպետք է մոռանալ նաև մեր օրերում բուռն ծաղկում ապրող և համեմատաբար նոր  սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի և նման մի քանիսի մասին: Եթե դու ստեղծագործող, ճկուն միտք ունեցող և աշխատասեր անհատ ես, ուրեմն այս մասնագիտությունները հենց քեզ համար են:

Եթե սրանից հիսուն-վաթսուն տարի առաջ գյուղում ապրող երիտասարդի միակ հնարավորությունը կոլխոզնիկ դառնալն էր, ապա հիմա ընտրության հնարավորությունները բազմազան են: Դու կարող ես ընտրել ցանկացած մասնագիտություն, սովորել աշխարհի ցանկացած համալսարանում, կախված իհարկե քո գիտելիքների պաշարից, գործադրած ջանքերից, ինչու չէ, նաև փողից ու ծանոթից:

Մի խոսքով, առաջարկը շատ է, ընտրությունը՝բարդ, քանի որ կյանքում մի անգամ ես մասնագիտություն ընտրում, բացառությամբ որոշ դեպքերի, և ամբողջ կյանքում այն քեզ հետ է լինելու: Ամեն առավոտ դու նրա ձեռքից բռնելու ես ու տանես աշխատանքի: Առավոտից երեկո քեզ մոտ միայն նրա մասին են խոսելու: Այդ պատճառով դու պետք է համոզված լինես. ուզու՞մ ես նրա հետ ապրել ողջ կյանքդ, թե՞՝ ոչ: Պետք է հիշել նաև, որ մասնագիտությունն ինքնին փող աշխատելու միջոց է, ոչ թե միայն սիրված զբաղմունք, քանի որ, եթե դու սիրում ես քո գործը, բայց այն քո բնակավայրում արդիական չէ, և դու դրանով փող չես աշխատում, ապա մի օր կենցաղը կփաթաթվի վզիդ ու կխեղդի քեզ: Մասնագիտությունը առաջին հերթին սեփական ոտքերի վրա կանգնելու, որպես մարդ, անհատ ձևավորվելու միջոց է:

Այդուհանդերձ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրելու լինենք, պետք է հիշենք, որ մեզ մեզնից լավ ոչ ոք չի ճանաչում և չի կարող ճիշտ գնահատել մեր ուժերը: Պետք է ձգտել ու հասնել: Ուրիշ ոչինչ: Այո՛, ուրիշ ոչինչ: Պետք է պարզապես լավ մասնագետ լինել: Ժողովուրդը մի ընդհանուր մասնագիտություն ունի՝ փիլիսոփան, ու դրանից անպայման մի քիչ կա մեր բոլորի մեջ: Ու հենց այդ նույն ժողովուրդը մի օր ասել է. «Տաշած քարը գետնին չի մնա»: Այո՛, հրաշալի է: Ի՜նչ լավ է ասված…       

Խին-խին պաներ

Նախապատմություն

…Շեքսպիրյան հերոսի ողբերգական  ոճով՝ ձեռքը ճակատին և ունքերը կիտած, մի անկյունում նստած էր տատս: Գրե՞լ, թե՞ չգրել. այս էր մեր տան այդ օրվա գերխնդիրը:

-Քեզի կասեմ չկյրես,- հաստատ, բայց աղերսական պահանջեց տատս:

…Ես, դասը չսովորած աշակերտի նման՝ գլուխս կախ ու «հնազանդ», կանգնել էի տատիս դատաստանի առջև:

-Տա՛տ, տատ,  լավ էլի, կասե՞ս` Ճավկի Էդոն ո՞վ ա,- ասացի ես՝ անգամ այդ «օրհասական» պահին փորձելով մի նոր նյութի թեմա գտնել:

-Էսի ընձի ծեռ ա կառնի, ճժե՛ր,-դարձավ տատս դեպի սեղանակիցները,- հերիք չի մեզի ցնոտ նկարեց տվեց կամպուտրի մեջ (Տատս նախորդ նյութիս մասին էր խոսում), հըմի էլ կուզի սաղ գեղի խետ թուր-թվանք անի: Էտ մարդերի թոռներըն, որ ըտոնց հեվլի անուններըն կարդացին, քեզի կանիծեն, քֆուր կտան (Սիրում եմ տատիս այսչափ պարզ միամտությունը):

-Է՜, ա՛յ մեր, բան էլ չեն անի,- մեջ մտավ քեռիս՝ ինձ օգնելու,-սաղ էլ ուրախ կլնեն, որ իրանց պապիկների մասին գրեն: Գյուղի մեջ սաղ էտ են խոսում: Նստում են, ընտանիքներով կարդում են, խաբա՞ր ես:

-Ա՛յ մեր, մի բան պատմի թող էս էրեխեն գրի,- փորձեց տատիս համոզել մորաքույրս,- կարողա՞ վատ բան ա անում: Գյուղի հին-հին պատմություններն ա հավաքում: Պիտի մոռացվեին, գնային, էլի:

-Թող էթա ռնդամալցիքի, ախպարեցիքի մասին կյրի: Մեր կեղացիքից հեռու մինակ,- նորից նեղսրտեց տատս,- կամ էլ ի՞նչ ա կկյրի որ: Բառադի պաներն են էլի: Մեկն էն վախտ շատ ա ճավիկ գողցե կերե, անուն տրած են Ճավիկ, էն մեկելն էլ շտուկ ա շատ խմե, անուն տրած են Շտուկ: Ասեյ Խլսուկն էլ շատ հարուստ ու չաղ մարդ ա էլել, «շփոթված»  անուն տրեր են Խլսուկ՝ պայսուկ, պրծուկ (Ես մտովի հրճվում էի. տատս առանց գիտակցելու ինձ նոր նյութ էր տալիս): Ասեյ ըտու մեջըն ի՞նչ կա:

Հանկարծ տատիս դեմքի կնճիռները մի  քանիսով էլ ավելացան, և նա տվեց իր հանկարծակի հղացած հարցը՝ կարծես սարսափելով լսել պատասխանը.

-Ճժե՛ր, էտի Բարաք Օբի մոտն էլ կկարդա՞ն:

-Խա՛, բա ոնց: Առանց ըտու ոնց կլնի,-ասաց պապս, որ մինչ այդ ծխում էր՝ հանգիստ սպասելով մեր զրույցի հանգուցալուծմանը:

- Վա՛յ, ըտեղ էլ խայտառակ արեց մեզի շան տղի աղջիկըն: Ամերկան՝ Ամերկա, բայց հարգանքըն լավ պան ա: Ըտե են ասե ճժին մե պան ասա` սաղ աշխարհըն հիմընա: Դուք ընձի արդեն նեռվախան կանեք,- գլուխն ափերի մեջ առավ տատս:

-Իմ կնգան չջղայնացնեք,- ձեռքը սեղանին խփեց պապս:

-Պապի՛, լավ էլի, տատիին ասա, թող մի բան պատմի, կամ էլ դու պատմի,-սկսեցի ես իմ ձևերը,- էս տատին չի ուզում, որ ես հայտնի դառնամ, Բարաք Օբաման իմ հոդվածնեը կարդա, Օսկար շահեմ, Հոլիվուդում իմ աստղն ունենամ…Լավ է, դուք ինձ մի ճանճի չափ չեք սիրում: Վեր՛ջ, ես նեղացա:

- Թոռիս չնեղացնեք,- նորից ձեռքը սեղանին խփեց պապս,-Լալա՛, շու՛տ արա, էն խին-խին պաներից պատմի:

-Լա՛վ,- ասաց տատս ու սեղանի կեղտոտ շորը գցեց հեռախոսիս վրա:- Ըսենց չես կանա ձայնագըրես: Ես էլ յավաշ իմ պատմությունըն  կանեմ:

 

Կուռուղչի Յաշան, տատիս հընգերուհի Ժենոն ու

-Ջահել ժամանակ շատ էր կէթինք Զանգուն լողկնալու,-սկսեց տատս իր պատմությունը,-էն ժամանակ էտենց պաներ չկար: Աղջիկ, տղա շորներս կխանինք կմտնինք ճուր: Մե անգամ էլ ըտենց կլողնինք Զանգուն, մեկ էլ էս իմ խրոխպոր տղա Յաշան ծիով էկավ: Էտի իմ հընգերուհի Ժենոյն էր կսիրեր, ազի՛զ: Էն էլ կխավներ ըտուն, բայց… (Տատս երկար մտածում էր, թե ինչ անուն տա նրան, ինչին մեր օրերում «ձևեր տալ» են ասում, հետո շրջանցեց այդ պահը):

…Էկավ, ծեռն թալեց, Ժենոյ շորերըն վերուց, տրեց ծիու քամկին: Մեյ՝ սաղս, հելայ, խաքայ, էս Ժենոն մացեր ա ճրի մեջ: «Էշի՛ քուռակ, էշի՛ քուռակ, շորերս տուր»,- կասի: Էս էլ բա. «Չե՛մ տա»: «Քեզի կասեմ, տու՛ր», «Չե՛մ տա: Մինչև ընձի չառնես, չե՛մ տա»…

Էտ  ժամանակ ես պստի ճիժ իմ: Էն վախտ, որ Յաշան Ժենոյ խետ տարվուկ կխոսար, ես յավաշ կյացիմ, հմա ծիու քամկից շորերն առամ, մտամ ճուր, ասիմ.«Ժենո, արի հես եմ»: Յաշան, որ տեսավ, տառը նայեց աշկերիս մեջ ասեց. «Լալա՛, տու իմ բարեկամն իր, չպտի ըտենց պան անիր…»:

-Տա՛տ, բա հետո ի՞նչ եղավ, ամուսնացա՞ն,-հարցրեցի ես:

-Խա, բա ոնց. փախցըրինք: Ես ի, Յաշան էր, Աշխարհն էր, խրոխպորս տղեն էր, մեր հարևնի տղեն էր. ըտենց մե քսան խոքի: Էն վախտ սաղ գեղով ին աղջիկ փախցնում:

Էս Ժենոյ, որ կպռնեն, կկպնի կռավաթին, կքյաշի, կխասցու մինչև տուռըն: Էնենց էր կճվար, էնենց էր կճվար, որ իմ սիրտըն կմրմռար, ասիմ. «Տնա՛շեններ, մե քիչ կամաց եք»: Ըտենց կտանեն Դիլիջան, ճամփին կլնի կփախնի, կմտնի քյարերի արանք: Կպռնեն, կտանեն մե երկու օր կպախեն, ըտենց կհամաձայնվի: Էլ ճարըն ինչ. մարդիկ կասին պանը պանից հնցե:

Տատս մի քանի վայրկյան հիշողությունների գիրկն ընկավ: Հետո դեմքին կենդանացավ անցյալի ժպիտն ու  երեսը երկինք հառած և արցունքոտ աչքերով  վերջացրեց պատմությունը.

-Բայց, որ կհիշեմ ըտոնց, շատ սերով մարդ-կնիկ ին, է՜, շա՜տ,- տատիս արցունքոտ հայացքի մեջ կարոտ կար: Եվ դա երևի նրանից էր, որ այս պատմության հերոսներից շատերն էլ չկան, ու նրանց մասին այս պատմությունը մեզ համար այդպես էլ կմնա առասպել: Առասպել՝ միամիտ սիրո մասին:

 

 

Դուրսն հըլնեմ՝ անբախտ եմ, ներս մտնեմ՝ անբախտ եմ

-Մեր Սիլվան շատ խորոտ աղջիկ էր: Շատ ուզողներ ուներ…

Մե օր էլ ժամի տուռ կոլոնվուկ կլնեն, էսա մեր Հրազդանի մերըն կասի. «Սիլվա՛ ջան, արի քեզի ուզեմ իմ Վալոդին»: Էս էլ կվերու կասի. «Չէ՛, չեմ խավնե քու տղին»: Էս մեր Հրազդանն էլ կկյա մորս կասի` քու աղջիկըն էսենց-էսենց պաներն ա կասի:

-Յա՛, Լալա՛,- ասաց Սիլվա տատիկը՝ կարծես վիրավորվելով իր «հեղինակային» իրավունքների խախտումից,- ես էտենց պան չեմ ասե: Ես ասեր եմ՝ ես քու տղին կթալեմ թումբընիս մեջ, կխեղդեմ: Էզդա պան: Էլ մեկել անգամ ընձի սուտ չխանես: Ոնց ասեր եմ, էտենց ասա: Ճժերին ընչի՞ ա կխաբես…

Մի լավ ծիծաղելուց հետո հայացքս հանկարծ որսաց  երկու հպարտ ու գոհ հայացքներ. մեկը՝ Սիլվա տատիկինը, որ իշխող, բայց անթաքույց սիրով նայում էր ամուսնուն, իսկ մյուսը՝ Երեմ պապիկինը, որ կարծես գոհ էր կնոջ տված պատասխանից: Կարծես հենց այդ «ճիշտ» պատասխանից էր կախված եղել տարիներ հետո ճակատագրով կանխորոշված նրանց ամուսնությունը:

 

 

Կոլխոզն ու՞մ ա պատկանում

-Որդկարած Շաշինի Վազգեն կէթա ընդունվի կոմունիստ: Խարց կտան. «Կոլխոզն ու՞մ ա պատկանում»: «Հընգեր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ»,- կասի: Հընգեր Հակոբյանը մեր կոլխոզի նախակահն էր: Էն վախտ մեզի կասին, որ կոլխոզըն ժողովրդինն ա, բայց դե Շաշինի Վազգեն ի՞նչ հիմընար կոլխոզն ումն ա: Ծնված օրից զոմից տուն չէր էկե. որդիկ էր կարածցներ: Ըտենց էլ ըտուն չընդունին կոմունիստ: Քննությունըն կըդրվեր էր, էլի…

 

Դու չգիդե՞ս, որ ստե ճնջուղ զանելու տեղ չի

-Քոչինյան մեր թագավորն էր՝ Դեմրճյանից հառեճ: Մե օր կեթա Հանքավան՝ անտառի փեշեր, ախոտնի հրացանով թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ. ճնջուղ ա զանի…

Սովխոզ էր էտ վախտ: Սովխոզի որդիկներն էլ ըտե կարածին: Էտ անգլուխ Երամն էլ որդկարած էր: Էդ, որ ճնջուղ զանի որդկներն խրտնի փախնի: Կեթա ինչ քֆուր գիդի կասի. «Ես քու ըսենց ընենցը, ես քու ծնողը, ես քու…Լոպազ շան որդի ըստե ճնջուղ զանելու տեղ ա՞…»

Էն յանից մեր Ալոյ Լուկաշըն, ծանոթ ին էլի, կասի. «Ա՛յ տղա Անկլոխ, դու գիդես էտի ո՞րն էր»: «Որն կուզի հլնի: Որդկներս խրտնցրել ա»: «Էտի մեր թագավորն ա, գիդե՞ս, հընգեր Քոչինյանն ա: Կնա՛, ներողություն խնդրի»: Կեթա չոքի դեմը. «Ես քու բալեքին մեռնեմ: Ես չիմ գիդե տու ոն իր»: Քոչինյանն էլ կվերու կասի. «Ոչինչ, ոչինչ, տղա՛ ջան, վեր կաց: Բա հորթերդ խրտնեցրել եմ, պիտի ուշունց տաս»: Կասեն Երամն մինչև լուս ըտենց չոքուկ ա մացե: Շվարե մացեր էր… Բա, ըտուն Քոչինյան կասեն…

 

Թե ինչու էր հեքիաթը կիսատ մնում

-Հմա մութըն կընգներ, սաղ դաշտից կկյին, կժողովվին մեկի տուն, ոտներ կկախին թունդիր ու մեծից պստիկ հեքիաթ էր անգաջ կանին: Էն ժամանակ ըտենց պաներ չկար. էտի մեր խմա հա՛մ տելեվիզըր էր, հա՛մ ինտերնետ, հա՛մ թերթ ու ռադիո: Ըտով էր հիմնիյ աշխարհն ինչ կա, ի՞նչն ա լավ, ինչ՝ չէ, ոն ա լավ մարդըն, որն՝ չէ…

Գեղի ամենալավ հեքիաթ ասողըն Հայդո Երամն էր: Շատ բոյով, դռբով, խորոտ մարդ էր: Ըտու խմա էլ կասին Հայդո: Լավ-լավ հեքիաթներ գիդեր, նաղլ, մասալա ու էտենց պաներն էլի: Բայց հմա կկյար կխասներ հեքիաթի ամենալավ տեղըն, կասեր. «Լավ է, կյացեք քնեք, ուշ ա»: Կասին. «Չէ՛, պըտի պատմես: Չարի չպատմես չեյ էթա», կասեր. «Չէ՛, քյունս կտանի, կեսն էլ առավոտ…»: Սաղ գիդին, թե հինքըն գիդեր՝ կպատմեր, տու մի ասա մինչև ըտե էր հորինե: Կկյար կխասներ հեքիաթի ամենամեթավուր տեղըն. «…Տուռըն կզանեն. գյըմփ, գյըմփ, գյըմփ: Մեկ էլ մե խատ ճոչ-ճոչ ատըմներով պառավ…»

Շարունակելի… 

Իմ Մալիշկան

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Ես Աստղիկն եմ՝ 16 տարեկան: Ապրում եմ Մալիշկա գյուղում: Այն շատ մեծ է և միաժամանակ շատ գեղեցիկ: Համեմատած գյուղական այլ համայնքների` մեր գյուղում կա 2 դպրոց և 2 մանկապարտեզ, որտեղ աշխատում են կրթված և խելացի մարդիկ, ովքեր գիտեն երեխաների հետ շփվելու հմտությունները:

Մալիշկա գյուղի բնակիչները տարբերվում են բոլորից: Նրանք աշխատասեր են և չեն սիրում ապրել ուրիշի հաշվին: Նրանք ինքնահավան չեն, այլ շատ համեստ են: Նրանք իրենց արժանիքներն ու առավելությունները չեն բարձրաձայնում, այլ ցույց են տալիս գործով: Մեր գյուղացիները շատ հյուրասեր են: Երբ այլ գյուղերից կամ քաղաքներից նրանց հյուր են գալիս, նրանք մտնում են մառանը և բերում ամենահամեղ բարիքներից: Գեղեցիկ սեղան են գցում և հյուրերին ստիպում, որ ուտեն: Լավ հյուրասիրում են, այնուհետև ճանապարհում:

Գյուղում աշխատատեղեր չկան, և գյուղացիները ստիպված գնում են արտերկիր աշխատելու: Հնարավոր է` մի օր էլ մենք հեռանանք գյուղից, սակայն ես շատ եմ սիրում մեր գյուղը և չեմ ցանկանա հեռանալ այստեղից: