Հայրս

Դպրոցից` տուն, տնից` դպրոց: Ահա, թե ինչպես են անցնում իմ օրերը: Ամեն անգամ դպրոց գնալիս մտածում եմ, թե ինչու են մեր փողոցները այսքան անշուք, ինչու չկա հուշարձան կամ արվեստի մի որևէ աշխատանք:

Հայրս նկարիչ-քանդակագործ է, նա եղել է տարբեր երկրներում, ցուցահանդեսներ է ունեցել: Տարբեր վայրերում ունի իր աշխատանքներից դրված, իսկ հայրենիքում իր աշխատանքներից չունի: Նրան ավելի շատ ճանաչում են արտերկրում, քան Հայաստանում: Ուզում եմ, որ նա այստեղ աշխատի: Հայրս ստիպված է ամիսներով Հայաստանից բացակայել,  որպեսզի իր աշխատանքները կարողանա վաճառել, գեղեցկացնել այլ երկրների փողոցներն ու պուրակները: Բայց ես դա չեմ ուզում: Ուզում եմ, որ նա այստեղ լինի: Ստեղծի իր նկարչական դպրոցը: Համոզված եմ, որ շատ սաներ կունենա: Հայրիկիս Ճամբարակում շատ են սիրում ու հարգում: Ես ուզում եմ հորս  աշխատանքները Հայաստանում լինեն, ինչո՞ւ չէ, նաև` Ճամբարակում: Մի՞թե հնարավոր չէ:  

Արտագաղթի իմ բաժինը

Ես ունեմ բազմաթիվ երազանքներ և նպատակներ: Ներկայումս ինձ համար շատ ծանր շրջան է, որովհետև լավ կրթություն ստանալու նպատակով վեց տարեկան հասակում վերադարձել եմ հայրենիք: Անկեղծ ասած, չգիտեմ՝ հայրիկս ճի՞շտ է վարվել, որ ինձ բերել է այստեղ, իսկ եղբայրներս մնացել են Ռուսաստանում: Խոստովանում եմ, որ չեմ զղջում այստեղ կրթություն ստանալու համար: Պարզապես, ես մտածում և մտահոգվում եմ. դեռ ունեմ սովորելու հինգ տարի, բայց արդեն մտածում եմ, որ աշխատանք չեմ գտնելու: Ինձ այստեղ մնալու համար միայն խանգարում է կարոտը: Բայց մեծանալուս համընթաց սկսում եմ մտածել, որ պետք է ինքս ձևավորեմ իմ հետագա կյանքի ուղին և չպետք է մտածեմ, որ աշխատանք չեմ գտնելու: Եթե ես մի փոքր ջանք ներդնեմ և կարողանամ հասնել իմ նպատակին, կարող եմ այստեղ լավ աշխատել և, ինչու չէ, օգնել նաև եղբայրներիս, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան:

Որոշ ժամանակ առաջ մեր ուսուցիչներից մեկը դասարանին հարց ուղղեց, թե ինչպես ենք պատկերացնում մեր հետագա կյանքը՝ սկսած այս տարիքից: Բոլորի գրածները հավաքելուց հետո նա ասաց, որ իմն ամենահետաքրքիրն է: Ես բոլորի նման չէի գրել սիրո և ընտանիք ստեղծելու մասին, այլ նշել էի, որ ուսումս ավարտելուց հետո պետք է գտնեմ լավ աշխատանք, իմ երախտագիտությունը հայտնեմ ծնողներիս, կատարեմ նրանց անկատար, բայց հավանական թվացող երազանքները: Դրանից հետո արդեն կարող եմ մտածել կյանքի մնացած բարիքների մասին:

Ես շատ եմ կարոտում իմ հարազատներին: Գիտեմ, որ ինձնից առավել տանջվում է մայրս, քանի որ նա հիմա իմ կողքին է և չի տեսնում իր որդիներին, չի տեսնում, թե ինչպես է մեծանում իր թոռը: Շուտով կծնվի նաև եղբորս երկրորդ երեխան, իսկ մայրիկս չի զգա նաև նրա փոքր ժամանակվա քաղցրությունը: Պաշտում եմ մորս և հորս: Նրանց համար շատ դժվար է հիմա: Ես դա հասկանում եմ, չէ՞ որ, որքան էլ նրանք հիմա փորձում են ինձ համոզել, որ մեծացել են, իրենց համար կարևորը իրենց զավակների երջանկությունն է, ես շատ լավ հասկանում եմ, որ նրանք պետք է միասին լինեն: 

Ինչ անել աղբի հետ

Վայքում, ինչպես յուրաքանչյուր քաղաքում, առաջնային խնդիրը աղբահանության խնդիրն է: Աղբամաններ իհարկե կան Վայքում, բայց որոշ մարդիկ չգիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ: Նրանք փողոցում դրված փոքրիկ աղբամանների մեջ լցում են կենցաղային աղբը, իսկ եթե աղբամանի մեջ տեղ չի լինում, դնում են դրա կողքին: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այդ կողքին դրված աղբի հետ: Գիշերը թափառական կենդանիները փորփրում են տոպրակները ու տարածում աղբը: Իսկ հիմա տեղափոխվենք այն վայրեր, որտեղ չկան աղբամաններ: Այդտեղ մարդիկ իրենց կենցաղային աղբը հավաքում են ծառի տակ: Վայքի գետի` Արփայի ափերը նույնպես աղտոտված են, այնտեղ «թափառում են» պոլիէթիլենային տոպրակներ և պլաստմասե շշեր: Հիմա կարդալիս կասեք, թե Վայքում աղբահանություն չի կատարվում, բայց սխալվում եք: Վայքում շաբաթական երկու անգամ աղբատար մեքենան հավաքում է կենցաղային աղբը, իսկ մեկ անգամ աղբամաններում լցված աղբը, և  կարելի է ասել, որ աղբատար մեքենան, շաբաթական երեք անգամ հավաքում է աղբը: Այս երկու պատկերների մեջ հստակ երևում է, թե ինչ է կատարվում Վայքում: Սա բոլոր վայքեցիների խնդիրն է: Արի’ մաքուր պահենք Վայքը, չէ՞ որ դա մեր և մեր սերունդների տունն է:

Անընդհատ փոփոխություններ

Ներկայումս ինձ հուզում է երեխաների ուսման հարցը։ Օրինակ` ինչո՞ւ են միջնակարգ դպրոցի գրքերը վճարովի բաժանում երեխաներին։ Շատ ընտանիքներ կան, որ այդ վճարը չեն կարող տալ։ Հագուստ, դպրոցական պարագաներ գնելու ծախսերին գումարվում է նաև գրքերի գումարը, որը բավականին շատ է։ Միևնույն է, գրքերը վերադարձվում են դպրոցին, ինչո՞ւ դրանք չդարձնել անվճար, կամ գոնե շատ քիչ վճարով։ Երբ երեխան ավարտում է միջնակարգ դպրոցը, նրա առջև հարց է ծառանում՝ որտե՞ղ և ի՞նչ սովորել, որ մի քիչ մատչելի լինի, քանի որ չի ուզում նեղություն տալ ծնողներին և այդ պատճառով կամ չի սովորում  համալսարանում, կամ էլ ընտրում է ավելի մատչելի մի բան (քոլեջ, տեխնիկում), որոնց ուսման վարձը այդքան բարձր չէ: Իսկ հետո դժվար է գործ գտնելը, քանի որ ամեն տեղ պահանջում են բարձրագույն կրթության վկայական և աշխատանքային փորձ։ Մեր պետությունում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում կրթության ոլորտում։ Եվ այդ անկայունությունը վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Ի՞նչ իմաստ կա դպրոցը 12 տարի դարձնելու, գնահատման համակարգը 10 բալանոցի փոխելու։ Ես չեմ ուզում ասել, որ հայ երեխաները ընդունակ չեն, հակառակը՝ շատ խելացի են։ Տասներկուամյա կրթությունն անիմաստ է, նույնիսկ ուսուցիչներն են դժգոհում։ 

1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում ամեն ինչ փուլ եկավ…

Լուսանկարը՝ Մարիամ Գասպարյանի

Լուսանկարը՝ Մարիամ Գասպարյանի

Գյումրիում մինչ օրս էլ ամեն քայլափոխի մնացել են ավերված շինությունների փլատակները, որոնք ճնշում են մեզ: Երկրաշարժից հետո Գյումրին տնակավան էր հիշեցնում: Կամաց-կամաց քաղաքը վերականգնվում է, սակայն դեռ շատ են անօթևան մարդիկ, որոնք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում: Այդ կացարանները հաստատ 25 տարվա համար չէին նախատեսված: Թե ինչքան մարդ է այդ տնակների անտանելի պայմանների պատճառով կորցրել առողջությունը, չեմ կարող ասել: Բայց չէ՞ որ Գյումրին նաև մեծ արդյունաբերական քաղաք էր` բարձրակարգ մասնագետներով, իր կարևոր նշանակությամբ: Մեկ օրում բոլորը դարձան գործազուրկ, և մինչ օրս գործազուրկ են: Մի քանի տարի է, ինչ մեր հանրապետությունը Գյումրի քաղաքի անօթևաններին տուն է տրամադրում «Մուշ» թաղամասում: Սակայն այդ շենքերը շատ անորակ են, և եթե բնակարանի պատին անգամ մի նկար փակցնեն, ապա ամբողջ շենքը կփլուզվի… Մարդիկ դժգոհում են իրենց նոր բնակարաններից, բայց ի՞նչ անել, երբ տնակների մեջ ապրելն էլ այլևս հնարավոր չէ… Երբ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես մի տնակ այրվեց, թե ինչպես  տնակի առաստաղը փուլ եկավ, դե, չխոսենք էլ հիվանդությունների մասին… Ամենից շատ ինձ հուզում է մի հարց. ե՞րբ է երկրաշարժ տեսած գյումրեցին, որն ունի բազում հոգսեր, ապրելու ապահով կյանքով… 

Մաթեմատիկական կրքեր իրավաբանական թեմաներով

Նախ ասեմ, որ ցանկանում եմ ուսումս շարունակել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: Այս տարի սկսեցի պարապել կրկնուսույցների մոտ: Դե, ամեն կրկնուսույց ամսական պահանջում է 30 000 դրամ: Երեք առարկայի համար՝ 90 000 դրամ:  Պետք է պարապեմ երկու տարի, այդ դեպքում վճարը կկազմի 1 980 000 դրամ: Եթե ընդունվեմ, ապա տարեկան պետք է վճարեմ 800 000 ուսման վարձ: Ցավոք, չգիտես ինչու, իրավաբանականում բարձր առաջադիմության դեպքում անգամ անվճար տեղեր չկան: Բակալավրիատի չորս տարիների համար դա կկազմի 3 200 000 դրամ: Մագիստրատուրայի համար 1 600 000 դրամ: Եվ այսպես միայն ուսման վճարները կկազմի 6 780 000 դրամ: Չեմ հաշվում մարզից Երևան գալ-գնալու, բնակարան վարձելու, սնվելու և մյուս անհրաժեշտ ծախսերը:

Մի՞թե այսքանից հետո իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ և իմ աշխատավարձով կկարողանամ հետ բերել ուսմանս վրա ծնողներիս ծախսած գումարը:

Իմ ընտանիքը

Ընտանիքը մեծ հասկացություն է: Տարիքի հետ այդ հասկացության իմաստը էլ ավելի է մեծանում: Իմ ընտանիքն էլ է նման բոլորի ընտանիքներին, և միևնույն ժամանակ, տարբերվում է բոլորինից: Իմ ընտանիքը միշտ լի է, ու այդտեղ հնարավոր չէ մրսել: Լի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Երբ փոքր էի, ինձ թվում էր, թե դա սովորական ընտանիքի մոդել է, բայց իմ մանկական պատկերացումները լիովին փոխվեցին, երբ սկսեցի այցելել իմ այն ընկերուհիների տները, որոնց ընտանիքի անդամների թիվը չէր անցնում երեքից: Զարմանալի է, նույն մեծության տները ինձ թվում էին ավելի մեծ ու ճնշող, որտեղ միշտ մրսում ես, չնայած լավ ջեռուցմանը: Ընտանիքի իմ պատկերացումներից միայն մի երկու դեպք եմ հիշում իմ մանկությունից (դե, մանկությունը այն ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դրոշմվում է քո ենթագիտակցության և վարքի վրա): Առաջինը, երբ երկրորդ դասարանում իմ ուսուցչուհին մեզ հանձնարարեց նկարել մեր ընտանիքները: Իսկ իմ նկարած նկարը ոչ միայն ուղղակի նկար էր, այլ, կոպիտ ասած, դասակարգում, ըստ տարիքի ու վայելած հարգանքի: Բազմոցին նստած էին տատիկն ու պապիկը, բազկաթոռներին՝ մայրիկն ու հայրիկը, իսկ մենք՝ ես, քույրս ու եղբայրս` աթոռներին ու գետնին: Դա է իմ երազած ընտանիքի իդեալը: Հարգանք, սեր, մեկը մյուսին զիջելու ունակություն… Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքներին, հայկական ընտանիքներին: Իսկ մյուսը երևի ավելի լավ է տպավորվել իմ մեջ:

Մի վիրավոր ճնճղուկ ձեռքս փողոցից եկա տուն: Մայրս զայրացավ՝արգելելով տանը պահել թռչունին, իսկ ես լացակումած ու

ի հակադրություն մորս, վերցրի թռչունին և փակվեցի սենյակումս: Ընտանիքիս մնացած անդամները հավաքվել էին կողպված դռան մյուս կողմում և խնդրում էին, ինչու չէ, նաև պարտադրում, որ դուռը բացեմ և ազատեմ թռչունին: Բայց ասեմ, որ փոքր ժամանակ էլ էի համառ ու չէի բացի, եթե չլսեի տատիկիս ասածը:

-Տոտոն (այդպես էին ինձ դիմում), տե՛ս, հիմա դու նեղսրտած ես, և

մենք բոլորս անհանգստանում ենք քեզ համար, իսկ այդ ճնճղուկի ընտանի՞քը, չէ՞ որ նրանցն էլ է ընտանիք, նրանք էլ են անհանգստանում, երևի իրենց վիրավոր երեխայի համար կեր պիտի հայթայթեն, իսկ դու նրան վերցրել ու բերել ես տուն:

Ես լցված աչքերով նայեցի ճնճղուկին, հետո կողպեքին, բացեցի դուռը, դուրս հանեցի միայն ձեռքս, ճնճղուկը ափիս մեջ դրած, տվեցի տատիկին, հետո շարունակեցի լաց լինել: Բայց ոչինչ, փոքրիկ ընկերս ինձնից չէր նեղանա, ես կարող էի լաց լինել նաև ցածր գնահատական ստանալու պատճառով: Բայց այդ պատմությունը վառ օրինակ էր ընտանիքի միասնականության:

Այո՛, սա իմ ընտանիքն է, և միևնույն ժամանակ, երջանիկ ընտանիքի իդեալը: 

25 տարի առաջ

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Ես և իմ սերնդակիցները չենք տեսել 1988-ի ահավոր ու աղետաբեր երկրաշարժը: Սակայն Գյումրիում դեռ շատ կան երկրաշարժից ավերված շենքերի փլատակներ, որոնք ամեն օր հիշեցնում են մեզ 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին: Բացի այդ, այնքան շատ են պատմել, որ թվում է, թե ես եղել եմ ականատես: Տատիկս համարյա ամեն օր հիշում է դեկտեմբերի 7-ը: Բայց ավելի տխուր են այն հիշողությունները, որոնք կապված են աղետից հետո փլատակված քաղաքում ապրելու հետ: Մի դեպք տատիկիս մեջ շատ է տպավորվել: «Երկրաշարժից այնքան էինք վախեցած, որ մի փոքրիկ առիթ էր պետք նորից սարսափի մեջ ընկնելու: 1989 թվականի հունվարի 25-ից մեր դպրոցը սկսեց գործել վրանների մեջ,- պատմում է տատիկս, որը թե այն տարիներին, թե հիմա դասվար է աշխատում դպրոցում,- Գրատախտակը հարմարեցրել էին վրանում: Գարուն էր, սկսվել էին ուժեղ քամիները, բոլորը խոսում էին, որ իբր նորից ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու…

Աշակերտներին հանձնարարություն տալուց հետո նստեցի դասամատյանը լրացնելու: Ու հանկարծ լսեցի երեխաների ոտնաձայներ՝ թփթփոցներ: Ինձ թվում էր, թե ես արդեն գետնի տակ եմ, երեխաներն էլ են ընկնում անդունդը: Այդ պահին մի փոքրիկ աղջիկ՝ Սյուզաննան, գոռաց.

-Ո՞ւր եք վազում, ընկեր Անանյանը մնաց գրատախտակի տակ:

Ես բացեցի աչքերս, հասկանալով, որ գրատախտակն է պոկվել ու ընկել ինձ վրա:

Ինձ թվում է, բոլորին հասկանալի կլինի երկրաշարժի թողած ազդեցությունը մարդու վրա: Անցել է արդեն 25 տարի, չեմ մոռանում այդ աղետալի օրն ու ժամը: Ուզում եմ , որ ոչ մի սերունդ չտեսնի աղետ, ոչ մի մարդ վախեցած չապրի իր կյանքը»:

Մեղրաձորի ոսկու հանքը

Մեղրաձոր գյուղում, Փամբակի լեռնաշղթայում, վաղուց ի վեր հայտնաբերվել են ոսկու հարուստ պաշարներ: Դեռևս 19-րդ դարից կառուցվել և շահագործման է հանձնվել ոսկու փակ հանք: Մինչև այսօր այն որոշ խափանումներով աշխատում է և մեծ քանակությամբ ոսկի ապահովում ողջ Հայաստանին: Այն իր չափերով և ծավալած գործունեությամբ գերազանցում է Սոթքի ոսկու հանքին:

Չնայած հանքավայրը գյուղի բնակչության հիմնական մասի համար ապրուստի միջոց է, բայց այնուամենայնիվ, շատ վտանգավոր աշխատանք է: Հանքահորերը գտնվում են ոչ այնքան լավ պայմաններում, և շատ հաճախ հնարավոր չի լինում խուսափել փլուզումներից ու ցավալի պատահարներից: Դրանցից երկուսը ինքս եմ մտաբերում՝ 2008 և 2013 թվականներին: Բացի փլուզումներից, էլի շատ վտանգներով է լի հանքափորի աշխատանքը: Հանքերում արտանետվում են թունավոր, կյանքի համար վտանգավոր նյութեր: Դրանք վնասաբեր են ոչ միայն հանքում աշխատողների կյանքի համար, այլև ողջ գյուղի բնակչության, և նպաստում են շրջակա միջավայրի աղտոտմանը:

Դուրս բերված ոսկու հանքաքարը գնացքներով տեղափոխվում է Արարատ, ենթարկվում քիմիական և մեխանիկական մշակման և կորզվում ոսկին:

2012 թվականի դեկտեմբերից գյուղում սկսեցին լուրեր շրջանառվել, որ ցանկանում են ոսկու հանքին կից ոսկու կորզման գործարան բացել: Մեր գյուղի անդորրը խախտվեց: Ամենուրեք, անկախ տարիքից և սեռից, խոսում էին այդ մասին, անգամ երբեմն վեճեր էին ծագում դրա շուրջ: Գյուղի բնակչությունը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը կողմ էր գործարանի բացմանը, մյուս մասը, ընդհակառակը, կտրականապես դեմ էր դրան: Ավելի ուշ խոսակցությունները փոխվեցին գործնական քայլերի: Նախ, դեմ արտահայտվողները հանրահավաք կազմակերպեցին գյուղպետարանի դիմաց, իրենց բողոքի մասին տեղեկացրին գյուղապետին և ավագանուն: Նշեմ, որ դեմ արտահայտվողները դեմ էին գործարանի աշխատելուն, քանի որ, ըստ նրանց, գործարանն աշխատելիս կարտանետեր ցիանաթթու, ինչը շատ վտանգավոր է շրջապատի համար: Մյուս կողմը չէր ժխտում ցիանաթթվի արտանետման հանգամանքը, բայց և պնդում էր, որ այդ քանակությամբ վտանգավոր չէ:

Ի վերջո, վեճերը թեժացան: Շուտով գյուղ եկան բնապահպաններ, քիմիկոսներ, գիտնականներ, ովքեր ևս տարբեր կարծիքներ ունեին: Անց էին կացվում բուռն քննարկումներ, ուսումնասիրություններ: Ողջ համացանցը հեղեղված էր այդ լուրերով, «Մեղրոձոր-գոլդ» ՓԲԸ-ի տնօրենը ևս լուրջ քննարկումների մեջ էր: Շուտով վիճակն էլ ավելի թեժացավ, և հարցը հասավ ՀՀ նախագահին:

Ամեն դեպքում, գործարանի բացումը գյուղին  աշխատատեղեր կապահովեր, գյուղի սոցիալական դրությունը կբարելավվեր:

Այնուամենայնիվ, այս պատմությունը չի հանգել իր վերջնակետին: 

Համիկ պապի հեքիաթը

Սա հեքիաթ չէ, այլ իրական պատմություն:

Տարիներ առաջ, երբ սովորում էի ութերորդ դասարանում, բարեգործական նպատակով գնացել էինք Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ: Մենք հավաքեցինք` ինչ կարող էինք, ու գնացինք ծերերին այցելության: Շատ ճնշող էր այնտեղ. բոլորը ծեր էին, հիվանդ և մի տեսակ անպաշտպան: Երբ բաժանում էինք մեր տարած քաղցրավենիքը, իմ ուշադրությունը գրավեց մի պապիկ, որը հեռվում կանգնած լուռ նայում էր և չէր էլ մոտենում մեզ… Ես զգացի ինչ-որ պահանջ մոտենալու ու զրուցելու պապիկի հետ, սակայն չստացվեց, և ես մոռացա նրա մասին: Այդ այցելությունից անցավ երկու  տարի: Երբ հաճախեցի «Մանանա» կենտրոն, և ինձ առաջարկեցին  նկարահանել մի հետաքրքիր պատմություն, ես անմիջապես հիշեցի ծերերի տուն-ինտերնատի  բարի պապիկին, ով այդ օրը գրավել էր իմ ուշադրությունը: Եվ ես որոշեցի, որ իմ ֆիլմը հենց նրա մասին է լինելու:  Գնացիք տուն-ինտերնատ, գտանք իմ բարի պապիկին:  Նա ինձ հիշեց: Հարցրի՝ ինչպես է, ինչի կարիք ունի, նա պատասխանեց.

-Շատ լավ եմ, բալա ջան, ոչ մի բանի կարիք չունիմ:

- Ձեր անունն ի՞նչ է,- հարցրի պապիկին:

-Համիկ պապ,- պատասխանեց նա,- բայց երբ եկա էստեղ, հեչ պապ չէի:

-Իսկ ինչպե՞ս և ե՞րբ եկաք,- հարցրի  Համիկ պապին:

-Է~, բալամ, երկար պատմություն է,-ասաց Համիկ պապը, -մի վեպ կարելի է գրել իմ կյանքի մասին:

-Ոչինչ, պատմեք, Համիկ պապ,  հետաքրքիր է:

- Որ էդպես է, բալա ջան, նախ քեզ տանեմ, ցույց տամ, թե ես ոնց եմ խնամում էս այգին, էս պարտեզը:

Համիկ պապը հպարտությամբ ցույց տվեց ծերանոցի բակում իր աճեցրած այգին.  խնամված ծառերը, բանջարանոցը, պարտեզի գեղեցիկ ծաղիկները: Ամբողջ օրը նա զբաղված է այգին փորելով, ծառերը ջրելով, փոցխ անելով, մոլախոտերը պոկելով: Մի խոսքով, Համիկ պապը առավոտից մինչև ուշ երեկո զբաղված է:

- Համիկ պապ, այս բոլորը դո՞ւք եք խնամում,- հարցրի ես:

-Էս, օր կտեսնիս, բալա ջան, սաղ մեր ճաշարանի համար է; Ես կխնամեմ, հոգ կտանիմ, գեղեցիկ ծաղիկներ կաճեցնեմ: Չնայած՝ կյանքը դաժան գտնվավ իմ հանդեպ,  բայց սիրուն բան շատ կսիրեմ: Երկրաշարժին կորցրի  տունուտեղս, կնոջս ու միակ աղջկաս: Էդքան մեծ չէի, ընդամենը  քառասունյոթ տարեկան: Ուզում էի ինքնասպան լինել, ասի՝ էլ ում համար  եմ ապրում:  Բայց Արցախյան պատերազմը սկսվեց, ասի՝ գնամ, պատերազմի դաշտում զոհվեմ, գոնե մի բարի գործ արած կլինեմ հայրենիքիս համար: Բայց «գյուլլեն» ինձ չառավ: Շուշին գրավելուց հետո վերադարձա: Երկրաշարժից հետո մի «դոմիկ» էին տվել, բայց պատերազմում եղած ժամանակս էն էլ էին տարել: Ու էդպես մնացի անտեր ու անտուն:  Ասի՝ գնամ ծերանոց, բայց տարիքս էն չէր, հիսուներկու տարեկան էի: Եկա, տնօրենը բարի մարդ էր, իմացավ իմ պատմությունս, վերցրեց ինձ, տանիք եղավ գլխիս: Ես էլ ասի, մի հանրօգուտ գործ անեմ: Սկսեցի խնամել այգին, ծառ տնկել, բանջարանոց ստեղծեցի, որ մեր մրգերն ու բանջարեղենն ուտենք: Շներին ու կատվներին տիրություն  կենեմ: Անլեզու հայվաններ են, մեղք են, մեկը պիտի լինի՞ օր տիրություն անի նրանց: Սրանց մեջ էլ, ինչպես մարդկանց մեջ, կան բարի և համակերպվող, չար և իրարից փայ փախցնող կենդանիներ:  Այ ըսենց, բալա ջան, արդեն մոտ քսան տարի կապրիմ էստեղ: Իմ հարազատներն էս այգին, պարտեզը, շներն ու կատուներն են: Մի կին կար, մի քիչ «թլդիկ» էր, էստեղ էնքան էին նեղում նրան, որ մեղքս տվեց, ասի՝ արի ամուսնանանք իրար հետ, որ քեզ տիրություն անող լինի: Հիմա իրար հետ ապրում ենք, մեր կյանքի օրերը մաշում…

Լսեցի Համիկ պապի պատմությունն ու տխրեցի: Մտածում եմ՝ մարդը չունի ոչինչ, ոչ տունուտեղ, ոչ ընտանիք, ոչ երազանք, բայց այդքան  բարի է:  Նա ամբողջ օրը խոսում  է շների ու կատուների, ծաղիկների և ծառերի հետ, նրանց խնամում: Այդ ամենից հետո, նա ոչ թե չարանում, այլ ուրախանում է կյանքով: Չէ որ նա, ինչպես իմ պապիկը, կարող էր ունենալ երեխաներ ու թոռնիկներ, հարազատներ, հպարտանար նրանց հաջողություններով: Կյանքում տեսնել այդքան դառնություն և մնալ այդքան բարի, լինել իսկական քրիստոնյա…

Այդ օրը ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ մեծ, բարի ու անհատակ է մարդու հոգին`անկախ ամեն ինչից: