anna  andreasyan

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը` Զատիկը: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում այն տոնվում է մեծ շուքով: Այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում երեխաների շրջանում, քանի որ այս օրը հնարավորություն են ստանում ձու ներկելու և դրանցով խաղալու: Չեմ սխալվի եթե ասեմ, որ որոշ  մեծահասակներ, ինչպես փոքրերը, Զատիկի մասին մտածելիս բացի ձու ներկելուց ու խաղալուց այլ բան չեն տեսնում: Չկարծեք, թե ինչ-որ բան ունեմ տոնը այսպիսի հետաքրքիր ձևով անցկացնելու դեմ: Ընդհակառակը, երեխայի պես անհամբերությամբ եմ սպասում ձու ներկելուն ու խաղալուն: Շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ մանկությունից այս սովորույթների հետ կապված: Սակայն չեմ կարողանում հասկանալ, երբ մարդկանց (նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են համարում) Զատիկի միայն այդ ուրախ ու զվարճալի մասն է հետաքրքրում

Այդպիսի մարդիկ հաճախ նույնիսկ չեն էլ մտածում տոնի խորհրդի մասին, հնարավոր է նույնիսկ չգիտեն, բայց Պատարագի ժամանակ օրհնված ձու բաժանելու պահին առաջին շարքում են միշտ: Պատրաստ են իրար հրել, նույնիսկ վիրավորել, միայն թե այդ բաժանվող բանից վերցնեն (ու այնքան էլ կարևոր չէ, թե ինչ է դա): Բնականաբար, լինի դա օրհնված ձու, ուռենու ճյուղ, ջուր թե կարագ՝ ժողովրդի համար է: Բայց այն վերցնելու ձև կա, որին շատ մարդիկ կարծես անտեղյակ են: Մի պահ ձեզ հարց տվեք. արժե՞ արդյոք, քրիստոնեական մի քանի խորհուրդ արհամարհելով, վերցնել այդ օրհնված ձուն, որ իր օրհնանքը կորցնում է ձեր պահվածքից:

Ցավոք, կարելի է ենթադրել նաև, որ մեր ժողովրդի մեջ շատերը առանց իմանալու քրիստոնեության էությունը ու խոհուրդները, իրենց համարում են քրիստոնյա: Նրանք պատրաստ են մի մեծ խաչ կրել ու այստեղ-այնտեղ հպարտորեն ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են, մինչդեռ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Այս խմբին պատկանող մարդիկ, բնականաբար, եկեղեցի գնում են միայն տոներին, երբ ինչ-որ բան են բաժանում:

Սակայն ուզում եմ պարզաբանել. վերոնշյալ հատկանիշները և պահելաձևը վերաբերում է մարդկանց մի խմբի միայն: Բարեբախտաբար, շատ են այն մարդիկ, ովքեր հասկանում են քրիստոնեության էությունը և ավելի մեծ ուշադրություն են դարձնում տոնի խորհրդին, քան ձևական կողմերին:

Այսօր, Հարության ուրախ ավետիս տալիս մի քիչ մտածենք հենց խորհրդի մասին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

sona mkhitaryan

Մեր գյուղում իրավիճակ չի փոխվել

Չգիտեմ` մնացած մարզերում ինչպես է, բայց մեզ մոտ արդեն գարուն է։ Դուք չեք պատկերացնի, թե տանտիկինները ամեն նոր գարնան ինչպես են սպասում։ Չէ՛, ծաղկած բալենիներով հիանալու ու սելֆի անելու, ֆեյսբուք գցելու ու սիրուն տողեր գրելու համար չէ, ոչ էլ բակի նարգիզները ծաղկամանով հյուրասենյակում դնելու համար, այլ ուրախանում են, որ դաշտերում աշխատանքի կգնան։ Գիտե՞ք, մեզ մոտ կանայք ուրախանում են, որ աշխատելու են, այն էլ օրական ոչ թե 5000 դրամով, այլ 6000 (երկրում իրավիճակ է փոխվել), ուրախանում են, որ Ռուսաստանից իրենց ամուսիններին կանչել են աշխատելու, ու իրենց երեխաները, այդ ամենը տեսնելով, զգալով, բայց չարտահայտվելով` գնում են խանութ ու փորձում 1500 դրամի սահմանում ընտրել «երևացող» նվեր իրենց մայրիկի համար։ Ինչ խոսք, պատկերը տխուր է։

Մեր հարևան բոլոր կանայք միասին մի տեղում են աշխատում, ու ինչպես իրենք են ասում.

-Դեղ կուլ տալով աշխատում ենք, էլի։

Մեկը աշխատում է, որովհետև ամուսնու առողջականը չի ներում աշխատելու համար, մյուսն աշխատում է, որովհետև զինվոր որդի ունի, մեկն աշխատում է, որովհետև ուսանող ունի, մյուսն էլ՝ որովհետև «ճակատին է գրված»։

Գյուղական համայնքներում պատկերն այսպիսին է, և ես ցավով եմ գրում այսքանը։
Այսքանը…

sona mkhitaryan

Արդեն պրակտիկանտ եմ

Մի տեսակ տրամադրված չէի գնում պրակտիկայի, դե, դա երևի սկզբնական շրջանում էր։ Բարեբախտաբար, պրակտիկայի ղեկավարները բավականին հետևողական, պատասխանատու և պահանջկոտ են։

Կուրսի մյուս պրակտիկանտներից բազմաթիվ դժգոհություններ եմ լսում թե՛ ղեկավարների անհետևողականությունից, և թե՛ դպրոցից, որտեղ պրակտիկայի են գնում։ Յուրաքանչյուր դպրոց պրակտիկանտի նկատմամբ ցանկալի է, որ նորմալ վերաբերմունք ցուցաբերի։ Գիտե՞ք` նորմալ չէ, երբ մանկավարժը պրակտիկանտին նյութեր պատճենահանելու է ուղարկում։

Մանկավարժներից մեկի հետ ես և ընկերուհիս ընդհարում ունեցանք, սակայն մենք փորձում էին հնարավորինս բարեհամբույր լինել, որովհետև վերջում, միևնույնն է, մենք էինք տուժելու, բայց միևնույն ժամանակ հասկացնում էինք, որ մեզ անտեղի վիրավորելը մանկավարժին հարիր չէ։ Պրակտիկանտին` «սրանք» և 7-րդ դասարանի տղա երեխային «գործ տվող» անվանելուց առաջ խորհուրդ կտայի մանկավարժի իրավունք, պարտականություն և էթիկա վերընթերցել։

Պրակտիկայի ընթացքում 9-րդ դասարանում շատ եմ դիտում անցկացրել և ամեն անգամ մտքով համեմատություններ էի անում մեր գյուղի աշակերտների հետ։ Ինձ համար սարսափելի էր պատկերը։ Տղա-աղջիկ դասարանական հարաբերություններում բացարձակ հարգանք չկա։ Շփվում են միմյանց վիրավորելով, հարվածելով։ Իսկ մեր գյուղում դասարանի տղաները միամսյակի կապակցությամբ դասարանի աղջիկների համար անակնկալ խնջույք են կազմակերպում։

Հիշում եմ, որ առաջին դասարանից մինչև 12-րդ դասարանը յուրաքանչյուր մարտի 8-ին կողքիս նստող դասընկերս ինձ նվեր էր բերում, իսկ ես նրան՝ հունվարի 28-ին, և այսպես ամբողջ դասարանը։ Նույնիսկ մենք անակնկալ էինք անում տղաներին տորթով, նվերներով ու ժպիտներով։ Երևի դա նրանից է, որ նրանք 9-րդ դասարանից բաժանվում են և այդպես էլ ընկերներ չեն դառնում, իսկ մեր գյուղում ամենալավ ընկերը դասարանական, դպրոցական ընկերն է։

aniharutyunyanarm

Ադամի կործանումը

Բացում եմ դուռը ու մտնում տուն, վառարանի ջերմությունը ներս է քաշում ինձ միանգամից, հանում վերարկուս, շարֆս, կոշիկներս, գլխարկս էլ միգուցե հանեի, բայց գլխարկ դնելու սովորություն չունեմ: Արդեն նստել եմ` ամբողջովին բեռնաթափված, շորաթափված, անելիքս սառած մատներս տաքացնելն ու մտածելն է հավանաբար:

Մի քանի կին աշխարհում Գեղեցկուհի Հեղինեին ունի իր մեջ, որոնց պատճառով Տրոյան ու աշխարհի ցանկացած քաղաք կկործանվեր ևս մեկ անգամ, բայց մեր կյանքը դիցաբանություն չէ, կյանքում նրանք կկործանեն միայն տղամարդկանց:

Որոշ կանայք ինչ-որ չափով Կլեոպատրա են` ոչ այնքան գեղեցիկ ու ոչ իդեալական դիմագծերով, բայց անդիմադրելի ձգողականությամբ: Յուրաքանչյուրը նրանցից կգրավեր Հուլիոս Կեսարին ու կդառնար թագուհի, բայց հիմա կեսարներ չկան, բարեկա՛մս, հիմա միայն կանանց մեջ քնած կլեոպատրաներ են, որոնց արթնացնելու համար Եգիպտոսի էությունն էլ առաջվանը չէ:

Կանանց ինչ-որ մասը Ժաննա դ’Արկ է` պատերազմող, կռվող, հաղթող, բայց մի երազիր, սիրելի՛ս, որովհետև հիմա պատերազմները չեն ավարտվում, հիմա մարդկանց միայն մահացած են հրկիզում` Հնդկաստանում:

Կան կանայք, որ հավերժ են` Էլիզաբեթ Երկրորդի նման, նրանք միայն ձևական են, նրանք միայն գեղեցկության համար են, որովհետև թագուհիները վաղուց արդեն մոդայիկ չեն:

Արքայադուստր Դիանան մահացավ երիտասարդ, բայց նրա ժողովրդի աչքերում դեռ արցունքը չի չորացել: Անմոռանալի կանայք կան քո կյանքում, ընկե՛ր, ինչպես Դիանան` Ուելսի, ու դու երբեք չես դադարի սգալ նրանց կորուստը:

Ախ, գրո՛ղը տանի, որոշ կանայք էլ Մերլին Մոնրոն են, որ անգամ ինձ են խելքահան անում, իսկ դու դեռ մտածում ես` ճի՞շտ էր արդյոք ընտրությունդ:

Կանայք, որոնց մենք ամենից շատն ենք սիրում` մեր սեռից անկախ, Մայր Թերեզան են ամբողջությամբ, մայրերն են ուղղակի, բոլորը, միշտ:

Ու ի վերջո, Ադա՛մ, սիրելի՛ս, մենք բոլորս, մենք` կանայքս, Եվաներն ենք, որ քեզ տանելու ենք կործանման, ու դու ամեն ինչ իմանալով մեզնից հեռանալ չես կարողանալու, դու քո կործանման դեմ ոչինչ անել չես կարողանալու:

anna  andreasyan

Ապրիլմեկյան

Գիտե՞իր, որ երեկ հուլիսի 1-ն էր: Հիմա հավանաբար մի պահ կանգ առար ու մտածեցիր, թե վրիպել եմ: Իրականում կատակում էի: Ապրիլի 1-ն էր՝ ծիծաղի օրը: Տարբեր պատմություններ են կապվում այս տոնի սկզբնաղբյուրի հետ, բայց անկախ նրանից, թե որն է իրականը, մի բան հաստատ է՝ սա այն հազվադեպ օրերից մեկն է, երբ մարդիկ ուղղակի փորձում են ուրախանալ և ուրախացնել մյուսներին: Մարդիկ իրենց աշխատանքային լուրջ ու երբեմն էլ ձանձրալի մթնոլորտից մի պահ շեղվում են ու փոխում օրվա սովորական ընթացքը: Դե մենք՝ աշակերտներս էլ, հնարավորություն ենք ստանում մեկս մյուսի և ուսուցիչների գլխին մի չար կատակ խաղալ՝ առանց պատժվելու վախի:

Վստահ եմ, որ գոնե մեկ անգամ յուրաքանչյուրդ էլ ինչ-որ մեկի կատակի զոհն եք դարձել կամ ինքներդ եք մեկին խաբել: Ուղղակի հետաքրքիր է, թե որ տեսակի կատակ անողներից եք դուք: Նրանց կարելի է բաժանել երեք հիմնական խմբի՝ անհամ կատակներ անողներ, հետաքրքիր ու խելամիտ կատակներ անողներ և չար կատակներ անողներ: Հիմա անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Մեր առաջին խմբին հիմնականում պատկանում են երեխաները: Նրանք այնպիսի բաներ են ասում, որ շատ հնարավոր է, որ պատահի, և դրա լինել չլինելուց առանձնապես բան չի փոխվում, ինչպիսին է, օրինակ՝ վրադ փոշի կա, երբ այդպիսի բան գոյություն չունի:

Երկրորդ խմբին պատկանում են այն մարդիկ, ովքեր օրվա իրական իմաստը հասկանալով, այնպիսի կատակ են անում, որ վերջում երկու կողմն էլ մի լավ ծիծաղում և ուրախանում է: Հումորը սովորաբար լինում է շատ տեղին ու խելացի:

Իսկ երրորդ խումբը, իմ ամենաչսիրած խումբն է: Երևի հասկացաք՝ ինչու: Նրանց կատակը միայն իրենց է ուրախացնում, իսկ դիմացինին սովորաբար վախեցնում կամ էլ վատ վիճակի մեջ է գցում:

Իրականում այս երեք խմբերը և նրանց բնորոշ կատակները ներկայացնում եմ, որ ընթերցողս լավ մտածի նախքան կատակ անելը: Հաջորդ ապրիլի մեկին և ինքը, և դիմացինը մի լավ  կծիծաղեն, և օրը իր խորհրդով կլինի ստացված:

aniharutyunyanarm

Ո՞ւր կորան երեխաները

   Ասում են` ժամանակները փոխվել են: Ժամանակները փոխվե՞լ են: Ինչպե՞ս են փոխվում ժամանակները, հետաքրքիր է: Եթե, օրինակ, չլիներ ժամանակի վրա մարդու ազդեցությունը, ինչո՞վ կտարբերվեր 1905 թվականը 2019-ից: Փոխվում են մարդիկ, ոչ թե դարը, ժամանակները, կյանքը կամ աշխարհը: Փոխվում են մարդիկ` ինչ-ինչ գործոններով ազդելով ու փոխելով նաև թվարկվածները: Օրինակ` իմ գյուղը նույն գյուղն է, ինչ եղել է տասը տարի առաջ, երբ ես իմ մանկությունը թողեցի ինչ-որ ուրիշ ժամանակում ու տեղափոխվեցի պատանեկություն: Գրեթե նույնն է, որովհետև ժամանակի հետ մարդիկ որոշ փողոցներ լուսավորել են, տեղ-տեղ ասֆալտ են շռայլել, որ անձրևոտ եղանակներին գոնե հնարավոր լինի ոտքով քայլել, ոչ թե փոքրիկ նավակով տեղաշարժվել, մի քանի տների տանիքներ են նորոգվել, թե չէ` մնացած ամեն ինչ նույնն է` Գևորգի տունը իր տեղում է, դաշտերը միշտ մշակվում են, ծերուկները` ձանձրանում: Գյուղը մնում է նույնը, մարդիկ` փոխվում: Փոխվում են ու փոխում գյուղի կյանքը, որովհետև հարևանի բակում երեկոյան մարդիկ շատ քիչ են հավաքվում, երեխեքը մեր մանկության խաղերը էլ չեն խաղում, տներում իսկական վառարաններին նոր ջեռուցման համակարգեր են փոխարինում: Չեմ ասում` վատ է, որ մարդիկ ձգտում են հնարավորինս հեշտացնել իրենց կենցաղը, բայց գյուղը կորում է, ծխի հոտը քիչ-քիչ պակասում է:

   Գյուղի փողոցներից կորում են նաև երեխաները, իսկ ո՞ւր. տեղավորվում են համակարգիչների հարմարավետ աթոռներին, կամ բազկաթոռներին` սմարթֆոնները ձեռքներին: Երեկոյան, երբ երբեմն քայլում եմ ինչ-որ տեղ գյուղում, թվում է, թե ինչ-որ գերբնական ուժով երեխաները անհետացել են ու, չգիտես ինչու, մնացել եմ միայն ես: Իսկ ես, երբ երեխա էի, ընկերներիս հետ անտեսում էինք անգամ այն, որ մեր փողոցով ամենաշատն էին մեքենաներ անցնում, ու հենց փողոցի մեջտեղում գործնագործ էինք խաղում, բռնոցի, երեկոյան հավաքվում էին նաև փողոցի ավելի մեծ երեխեքը` անգամ մինչև 20 տարեկան, ու սկսվում էին լուրջ առաջնությունները` պահմտոցիի, այգեպանի կամ կարմիր կոճակի: Հիմա չգիտեմ էլ, թե ինչպե՞ս կարձագանքեն 10-15 տարեկանները, եթե նրանց առաջարկեմ, օրինակ, բռնոցի խաղալ:

   Մանկությանս լավագույն խաղերից մեկը «ճամբարն» էր: Դե, ոչ այնքան խաղ, որքան ամենամյա մեծ միջոցառում, որ կազմակերպվում էր փողոցից ինչ-որ մեկի բակում: Ճամբարը իր մեջ նախ ընդգրկում էր տարբեր մրցույթներ` ով ավելի արագ մի մեծ բաժակ ջուր կխմի, ով արագ վարունգ կուտի կամ մի տուփ քաղցր թխվածք և այլն: Սա ճամբարի ամենաինտրիգային մասն էր ու իմ ամենասիրելին, դե, որովհետև ուտելու գործ կար: Հետո պարի, երգի մրցույթների ժամանակն էր` իմ ամենաչսիրածը, որովհետև ես մի քիչ անտաղանդ էի: Տարիքով ավելի մեծ երեխեքը կազմակերպում էին նաև ցուցադրություններ` հիմնականում հագուստի, ու պարզվում է, որ տարիներ անց մեր հորինած հագուստները` հին վարագույներից շրջազգեստներ, պապիկի վերնաշապիկներից զգեստներ և այլն, այսօր մոդայի լավագույն ներկայացուցիչներն են: Ամենաշատը, որ տպավորվել է հիշողությանս մեջ, փոքրիկ գունավոր թղթերն էին, որոնք փակցնում էինք երկար թելերի վրա ու կապում ամբողջ բակով մեկ` մեր գլխավերևում: Թղթերը միշտ փողոցի երեխեքից մեկի մոտ էին լինում, ամեն տարի վերցնում էինք նրանից, ու ինձ թվում էր, որ դրանք հենց հատուկ մեր ճամբարի համար էին պատրաստվում, դրանից հոգիս փառավորվում էր, բայց հիմա հիշում եմ նաև, որ դրանք ինչ-որ պահածոների` դեռ չօգտագործված պիտակներ էին, բայց ոչինչ, ես ինձ խաբված չեմ համարում: Ճամբարն ավարտվում էր պարով ու մեծ, համեղ տորթը կիսելով. դե հասկացաք՝ էլի իմ ամենասիրելի հատվածներից։

Մենք մանկությունից յուրահատուկ հիշողություններ ունենք` ամեն փողոցին ու բակին հատուկ ավանդույթներով, խաղերով ու աղմուկով, ու հիմա հաճախ եմ ուզում երեխաներին փողոցներում տեսնել` դասերից հետո մինչև ուշ գիշեր` ուժասպառ, փոշոտված ու սոված, ուզում եմ, որ որոշ ժամանակով ինձ իմ մանկություն տեղափոխեն:

Ո՞ւր եք կորել, երեխեք:

anna  andreasyan

Գործի գիտակները

Քիչ առաջ կարդում էի նախորդ հոդվածներս ու մտածում՝ ի՞նչ կլինի, որ հաջորդ նյութս բողոք կամ քննադատություն չլինի ինչ-որ հարցի շուրջ, այլ մի պատմություն: Սկսեցի շրջագայել գլխումս, մի բան հիշելու համար: Վերջապես՝ մտքիս ամեն մի անկյունը փորփրելուց հետո, հիշեցի մի հետաքրքիր դեպք, որ թեև մի քանի տարի առաջ էր պատահել, բայց մինչև հիմա էլ այն հիշելիս դեմքիս ժպիտ է գալիս:

Ուրեմն մեր Մայիսյան գյուղին բնորոշ մի շոգ ամառ էր: Դե, ամառային արձակուրդներ էին, ու բան չունեի անելու: Ամբողջ ցերեկը տանջող շոգից հետո, վերջապես եկել էր երեկոն՝ իր հետ բերելով ամառային երեկոներին բնորոշ զով քամին: Ես ու մայրս հեռուստացույցով մեր սերիալն էինք դիտում՝ սերիալ դիտողներին բնորոշ համակ ուշադրությամբ, որ անտեսում է շրջապատում կատարվող ամեն ինչը (կար մի ժամանակ, երբ ես հեռուստացույցով սերիալներ էի նայում): Մեկ էլ զանգահարեց հորեղբայրս (նա և տատիկս խաղողի այգում էին) և ասաց, որ մեր հարևանը տեսել է, թե ինչպես են մեր խոզի ձագերը դուրս եկել գոմից: Անկեղծ ասած՝ դա ինձ սկզբում այնքան էլ չհետաքրքրեց, և ես շարունակեցի իմ դիտումը, բայց հետո, մայրս, ստուգելով դրա ճշմարտացիությունը, վերադարձավ ինձ ասելու, որ գնամ օգնեմ խոզի ձագերին նորից ներս տանել: Այստեղ մի պարզաբանում է պետք իրավիճակը ավելի լավ հասկանալու համար: Չնայած գյուղում ապրելուն՝ երբեք գործ չէի ունեցել մեր ընտանի կենդանիների հետ, ավելին՝ նրանցից վախենում էի (ինչպես գրեթե մյուս բոլոր կենդանիներից): Նրանց հորեղբայրս ու տատիկս էին պահում, այնպես որ, մայրս էլ համարյա թե գործ չուներ նրանց հետ: Ու հիմա ինձ՝ այս գործերից բացարձակ անտեղյակիս, տանում են օգնելու: Ինչ արած, հո չէի՞նք թողնելու, որ խոզերը կորչեն: Ես ու մայրս գնացինք նրանց փնտրելու՝ հետներս ապահովության համար վերցնելով պետք եկածից ավելի մեծ ու ամուր փայտեր:

Եվ այսպես, խոզերին գտանք, նրանք մեր գոմի հետևում էին, այնքան էլ հեռու չէին: Թվով 12-ն էին ու չնայած դեռ ձագեր էին՝ բավականին մեծ էին չափսերով: Պլանը այսպիսին էր՝ մայրս պետք է նրանց քշեր դեպի գոմ, իսկ ես թույլ չտայի, որ ճանապարհից շեղվեին: Սկզբում ամեն ինչ նորմալ էր գնում, բայց հետո նրանցից մի քանիսը հանկարծ մտափոխվեցին և որոշեցին մի քիչ էլ վայելել ազատության մեջ գտնվելու բացառիկ հնարավորությունը: Մենք էլ սկսեցինք այդ մի քանիսի հետևից վազել՝ բավականին մեծ աղմուկ բարձրացնելով: Ու հենց այդ աղմուկը լսելով էլ՝ մեր հարևան կանայք, որոնք եթե ոչ մեզանից պակաս, ապա հաստատ ավել էլ չէին հասկանում այդ գործից, հավաքվեցին՝ առաջարկելով իրենց օգնությունը: Ես էլ, առիթը բաց չթողնելով, մի փայտ տվեցի նրանցից մեկին, որ հետս կանգնի իմ նշանակված տեղում:

Մինչ այս ամենը կատարվում էր մեր՝ ազատությանը կարոտ խոզերը ավելի էին ոգևորվել ու ոչ մի կերպ չէին ուզում ներս մտնել: Իրականում, ինչպես հետո տատիկս ասաց, մենք նրանց վախեցրել էինք մեր փայտերով ու վազվզոցով: Տե՜ս է, ինձ էլ ամբողջ ընթացքում թվում էր, թե այդտեղ միակ վախեցածը ես էի։ Փաստորեն, խոզերն էլ էին նույն վիճակում, ուղղակի մեկս մյուսի լեզուն չէինք հասկանում:

Մի շատ ծիծաղելի տեսարան էր, մի 5-6 հոգով վազում էինք խոզերի հետևից, փորձում նրանց բռնել, իսկ նրանք փախուստի ճամփան միշտ գտնում էին: Իմիջիայլոց, մեր հարևաններից երկուսը, որ խոզերի հետ վարվելու ձևերին ծանոթ էին, հեռվից զարմացած մեզ էին նայում՝ հավանաբար խղճալով ոչ թե մեզ, այլ խոզերին:

Մի խոսքով՝ մեր ու խոզերի շնչառությունը, սրտի զարկերի արագությունն ու քանակը հավասարվել էին, երբ տատիկս ու հորեղբայրս վերադարձան տուն: Անմիջապես եկան մեզ մոտ: Տատիկս մի պահ զարմացավ՝ տեսնելով մեր խմբին շնչակտուր, մեծ փայտերը ձեռքներիս: Հանգիստ մոտեցավ խոզերին, ասաց «մաշ-մաշ» կախարդական բառերը, և խոզերը հանգիստ ներս անցան: Դե, պատկերացրեք, մեր խմբի զայրույթն ու զարմանքը: Կես ժամից ավելի 5-6 հոգով չէինք կարողանում մի քանի խոզերի մեզ ենթարկել, իսկ տատիկս առանց ջանք թափելու նրանց ներս տարավ:

Ամեն անգամ այդ պատմությունը հարևաններով հիշելիս մի լավ ծիծաղում ենք, ու ես ակամա հանգում եմ այն մտքին, որ ամեն մարդ իր գործի գիտակն է:

anna  andreasyan

Միավորողը

Մարդու կյանքում լինում են հատուկ պահեր, որ ինչ-որ կարևոր բան են սովորեցնում կամ էլ ուշադրություն են հրավիրում մինչև այդ չնկատված հարցի վրա: Այսպիսի մի պահի և դրանից առաջացած մտքերի մասին էլ ուզում եմ խոսել:

Նոր էի գնացել Ամերիկա ու գրեթե ոչինչ չգիտեի նրանց սովորույթների ու մշակույթի մասին: Մի ճամբարում էինք, ուր իրար գլուխ էր հավաքում նահանգի բոլոր կողմերից եկած մի մեծ բազմություն: Մի անգամ այդ ճամբարի ընթացքում զբոսնում էի հյուրընկալող ընտանիքիս հետ և հանկարծ մի երգ ականջիս հասավ ու նկատեցի, որ նույն պահին գրեթե բոլորը հանեցին գլխարկները, թեքվեցին դեպի Միացյալ Նահանգների դրոշը ու ձեռքերը դրեցին սրտին: Մի պահ շփոթված նայեցի շուրջս, հասկանալու համար՝ ինչ կատարվեց, հետո հասկացա, որ Ամերիկայի օրհներգն էր հնչում (ինչ մեղքս թաքցնեմ, նրանց օրհներգին ծանոթ չէի): Անկեղծ ասած, ինձ հիացրեց այն, թե ինչպիսի լրջությամբ ու հարգանքով էին նրանք վերաբերվում իրենց օրհներգին:

Այդ պահին ակամա հիշեցի, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ազգային օրհներգին: Իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերում, բայց մի ճնշող մեծամասնություն հեգնանքով է նայում նրանց, ովքեր մեր օրհներգը լսելիս կանգնում են կամ ինչ-որ ձևով հարգանք են ցույց տալիս:

Երկար ժամանակ մտածում էի այդ տարբերության պատճառի, դրա արմատների մասին ու եկա այն եզրակացության, որ մեր՝ պետության մասին պատկերացումների և ընկալումների մեջ է խնդիրը: Այն միակ բանը, որ ամերիկացիներին միավորում է, իրենց պետությունն է:

Կուզեի, որ մենք սկսենք գնահատել նաև մեր պետականությունը, և մեր պետական խորհրդանիշներին ոչ թե անտարբերությամբ, այլ հարգանքով ու հպարտությամբ վերաբերվենք:

aniharutyunyanarm

Հարևանություն

 Գյուղացիները իրենց փողոցում կատարվող իրադարձությունները երբեք բաց չեն թողնում: Տղամարդկանց շրջանում հատկապես մեծ իրարանցում է առաջանում, երբ հարևաններից մեկի մեքենան փչանում է, հատկապես, երբ մեքենան վերջերս են գնել ու նոր մոդելի է: Բոլորը իրենց պարտքն են համարում հավաքվել ու կանգնել մեքենայի կողքին: Անգամ Արթուրը, որ ամբողջ կյանքում տրակտոր է վարել, խոր ու մտածկոտ հայացքով նայում է շարժիչին, «ապե»-ներով հագեցած խառը ու տարօրինակ նախադասություններ ասում ու նեղանում, որ իրեն չեն հասկանում: Ընդհանրապես, բոլորն էլ գալիս ու լուրջ հայացքով նայում են, սկզբում փորձում են առաջինը լուծումը գտնել ու հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը, բայց կամաց-կամաց սկսում են ուրիշ խոսակցություններով տարվել` մեքենային ու տիրոջը թողնելով մենակ:

Առհասարակ, ձմռան ցուրտ օրերից բացի` փողոցի անկյուններից մեկում միշտ տղամարդիկ են հավաքված, ու միշտ հեռվից մեկը` բարձր խոսելով ու գոռալով քննարկմանը մասնակցելով, ուշացած մոտենում է: Տղամարդիկ հարևանություն են անում փողոցում, կանայք` սուրճի սեղանի շուրջ կամ տան դռան դիմաց, երբ հարևանին տուն են ճանապարհում: Տղամարդիկ հարևանություն են անում մի կապոց խոտ ու բահ փոխանակելով, կանայք` շաքարավազ ու մերան: Տղամարդիկ վիճում են ու երեկոյան կովերին դաշտից տուն բերելիս բարձր ծիծաղում, կանայք վիճում են հավիտյանս հավիտենից: Հավաքված տղամարդիկ խոսում են ու երբեմն լսում իրար, կանայք միայն խոսում են։

Մեր փողոցում ամեն օր լուրջ հարցեր են լուծվում, որովհետև Հրաչը երկրի կառավարման լավագույն ծրագրերն ունի, միայն թե հավես չունի դրանք գրելու, ներկայացնելու. ինքը զբաղված է, հողը պիտի մշակի: Վրեժը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել հաստատ կարող է, բայց դե «զահլա չկա»` քաշքշուկների մեջ ընկնելու: Անուշը բավարարվում է միայն գյուղատնտեսական հարցերը քննարկելով, թե չէ` ամբողջ երկրի հոգսը մի քիչ շատ է իր ծերացած ուսերի համար։

Մեծ հարցերից իջնելով փոքր գյուղ՝ կանայք սկսում են ապրել բոլորի փոխարեն՝ եթե ես լինեի Գոհարի տեղը, տղային էդ աղջկա հետ չէի ամուսնացնի, ախր, դա հարսի փռած լվա՞ցք ա, ես բա էդպես կանեի՞։ Սուրճի բաժակները դատարկվում են մեկ օրվա հավաքված թեմաների հետ. բոլորի կյանքը քննարկված ու դատապարտված է, ճիշտն ու սխալը՝ որոշված, մնաց միայն փողոցի երկու երիտասարդների նոր-նոր սկսվող սերը բացահայտել, բայց սուրճն արդեն վերջացել է, ճաշն էլ վաղուց գազօջախին եռում է։

Գյուղում կանայք իրենց տղաներին հարսնացու են ընտրում ըստ աղջիկների` լավ եփել-թափելու, գործ անելու մակարդակի` բացի, ինչպես հասկացաք, Գոհարից: Գյուղում ապրող աղջիկները բակ ավլել, լվացք փռել ու եփել-թափել պիտի կարողանան, բայց ավելի լավ է` միայն եփել, իսկ եթե կենցաղային գործերը հիանալի անելուց բացի նաև հող մշակել կարողանան, այ դա իսկական երազանքների հարս է: Ո՞ւմ է հետաքրքիր աղջիկների սովորածը, կարդացածը, հավանած գրքերն ու սիրած ֆիլմերը: Գյուղի կանայք հիմնականում գործ անողներին են սիրում, որովհետև ոչինչ, որ իրենց հարսի հետ երկու բառ փոխանակելն անհնար է, ոչինչ, որ հարսի համար երեխա դաստիարակելն անհնար է, կարևորը առավոտյան 9-ին արդեն բակը մաքուր, ճաշը պատրաստ ու փոշիները սրբված լինեն: Բայց շատ մի մտածեք, ինչ էլ անեք, մեկ է` հարևանի հարսը, դե գիտեք, միշտ էլ լավն է:

Տղամարդիկ հարևանություն են անում Ամանորից Ամանոր` խոպանից վերադառնալիս, կանայք` տղամարդկանց սպասելով: Գյուղում տղամարդիկ իսկական հարևանություն անել գիտեն, կանայք էլ:

Anna Andreasyan

Սկսել են դպրոցական օլիմպիադաները

Մեկ տարվա ընդմիջումից հետո՝ երեկ վերջապես նորից օլիմպիադայի մասնակցեցի: Ի տարբերություն նախորդ անգամների՝ գրեթե լարվածություն չկար, ու կարող էի ավելի մեծ ուշադրություն դարձնել կազմակերպչական մասին: Եվ բացի դրանից, հիմա արդեն այլ տեսանկյունից եմ նայում այդ ամենին, ինչն ինձ օգնում է ավելի շատ բան նկատել: Հիմա կասեք՝ միշտ բողոքում եմ, բայց թերությունները մատնանշելը դրանք շտկելու ճանապարհի առաջին քայլն է: Հիմա անցնեմ բուն նյութին:

Նախ և առաջ այն, որ օլիմպիադաները միշտ ուշացումով են անցնում, նորություն չէ, բայց սա դեռ այնքան էլ անտանելի չէ: Վերջին րոպեին դասասենյակ ազատելը աշակերտներին տեղավորելու համար, խոսում է օլիմպիադայի՝ ոչ այնքան կազմակերպված լինելու մասին:

Մարդիկ մի վատ սովորություն ունեն՝ դիմացինից պահանջում են մի բան, որ իրենք իսկ չեն կարողանում անել: Օլիմպիադայի սենյակում մեզանից պահանջում են լռություն պահպանել, այնինչ իրենք՝ կազմակերպիչներն են ամբողջ ընթացքում խոսում՝ թույլ չտալով աշակերտներին կենտրոնանալ: Հետո էլ բողոքում են, թե աշակերտները կանոններին չեն հետևում՝ առանց մտածելու, որ գուցե դրա պատճառը կազմակերպման ձևն է, ոչ թե մասնակիցները:

Հենց այս պարզ պատճառով էլ աշխատում եմ չմասնակցել պետական մարմինների կողմից կազմակերպված որևէ մրցութային քննության: Եվ կարծում եմ՝ ավելի լավ կլիներ՝ նախքան աշակերտներին մեղադրելը, այդ մրցույթների կազմակերպիչները իրենց արած գործին և դրա որակին հետևեին: