Moving ideas forward, Մոնտենեգրո. Օր 1-ին

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Էլի օդանավակայանում։ Այս անգամ ուղևորությունը դեպի Մոնտենեգրո է՝ մասնակցելու Moving ideas forward թրեյնինգին։ Մեր հինգ հոգանոց խումբը, որի մեջ էին` Հովնանը, Լիլիթը, Անուշը, Սուրենը և ես, Վարշավայում կապակցող թռիչք ունենալով, ճանապարհվեց դեպի Մոնտենեգրո։ Դե ինչ խոսք, ընկերներով ճանապարհը միշտ էլ հետաքրքիր ու հաճելի է անցնում։ Ճանապարհին «Այլ կերպ»-ի առաջնություն էր ընթանում, որի շրջանակներում Անուշը և ես հաղթեցինք Լիլիթի և Սուրենի թիմին։ Հովնանն էլ թիմերի անուններն էր որոշում։

Եվ այսպես, հասանք Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոտգորիցա, որտեղից մեզ դիմավորեցին և տարան Սուտամորե քաղաքը, որտեղ մնալու ենք առաջիկա մեկ շաբաթը։ Նախ ասեմ, որ հենց ինքնաթիռից դուրս եկանք, առաջին հաճելի բանը` արևոտ ու խոնավությամբ հագեցած եղանակն էր։ Սուտոմորե տանող ճանապարհը մոտավորապես տևեց մեկ ժամ, որի ընթացքում արդեն հասցրինք նմանություններ գտնել Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև։ Անընդհատ համեմատում էինք ճանապարհները և լեռները Հայաստանի տարբեր հատվածների հետ։ Ինչ վերաբերում է լեռներին, նրանք ամենուր էին և մեզ հիշեցնում էին Սյունիքը։ Միակ բանը, որ այնքան էլ չէր համընկում Հայաստանին՝ ծովի առկայությունն էր։ Նույնիսկ ռադիոյի ձայնը մեզ մի պահ թվաց, թե հայերեն է։ Մի խոսքով, մեզ այնքան էլ օտար չէինք զգում այստեղ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Վերջապես հասանք Սուտամորե։ Այն փոքր քաղաք է, որ կարծես բաժանարար գիծ է հանդիսանում ծովի ու լեռների միջև։ Մեր հյուրանոցը ծովից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է, այնպես որ տեղավորվելուց հետո գնացինք ծովափ, որտեղ, մինչ ես ու Անուշը նստած ավազին դեսից-դենից էինք խոսում, Հովնանը, Լիլիթը և Սուրենը վայելում էին Ադրիատիկ ծովի ջրերը։

Ծովից հետո ընթրեցինք, որից հետո էլ բոլոր մասնակիցներով արդեն սկսեցինք ծանոթանալ և կանոններ մշակել մեկ շաբաթվա համար։ Ուրախ մթնոլորտում մեր ծանոթանալը վերջացնելուց հետո, նորից գնացինք ծովափ` վայելելու Ադրիատիկ ծովի գեղեցիկ տեսարանը, կարմրավուն լուսնի շողերի ներքո։ Ահա այսքանով ավարտեցինք մեր առաջին օրը Մոնտենեգրոյում։

Վաղվանից դասընթացներն սկսում են: Հետևեք մեզ 17-ում:

anna  andreasyan

Մարդը, որ ապրում է հավերժ

Արդեն 10 օր է ամբողջ աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի մահը։ Բոլորն անխտիր գնահատում և ընդունում են նրա մեծ ավանդը երգարվեստում, կինոյում և ընդհանրապես, պատմություն մեջ։ Մարդիկ հիշում են նրա գրած երգերը թե՛ իր կատարմամբ, թե՛ ուրիշների։ Նա աշխարհին հայտնի է, որպես ֆրանսիացի` հայկական արմատներով։ Բայց հենց այստեղ է, որ տարբերվում են իմ ու շատերի տեսանկյունները Ազնավուրի մասին։

Ես՝ որպես մեկը նրա բազմահազար երկրպագուներից, հիանում եմ նրա տաղանդով, իմ երգացանկում միշտ կարող ես գտնել նրա երգերը։ Սակայն այս ամենից բացի, որ անժխտելիորեն արժեքավոր են, ինձ համար, եթե ոչ ավելի, ապա համարժեք կարևոր է նրա մարդասիրական գործունեությունը՝ հայրենասիրականը։ Նա մեր ժողովրդի կողմից միշտ ընկալվել է ուրիշ կերպ, ավելին, քան մյուսների կողմից։

Վերևում արդեն անդրադարձա  այն արտահայտությանը, որ Ազնավուրը ֆրանսիացի է, հայկական արմատներով։ Բայց ես ուզում եմ նրա մասին խոսել շեշտելով՝ նա հայ է, որ ծնվել, ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում` լինելով նրա արժանի քաղաքացին։ Այդ երկու արտահայտությունների մեջ ես մեծ տարբերություն եմ տեսնում։

Գուցե տարօրինակ հնչի, բայց Ազնավուրի գոյությունը աշխարհում ինձ համար, որպես հայի, մի տեսակ ապահովության զգացում էր ստեղծում։ Ասես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ պաշտպաններից լիներ նա, որ մեզանից հեռու Ֆրանսիայում միշտ մեր՝ հայերիս, կողքին էր, ում, կարծում եմ, խորապես հուզում էին, հայերը, Հայաստանը և այստեղ կատարվող ամեն մի իրադարձութուն։

Իրականում այս ամենը և նույնիսկ գրածս, ինձ մտորումների առիթ են տալիս, թե մարդ ինչքան  մեծ պետք է լինի, որ նույնիսկ նրա մահը այսքան կարևորվի և ուշադրության կենտրոնում լինի: Նա կարողացել է համատեղել արվեստը մարդասիրության հետ, միաձուլել ֆրանսիականը՝ հայկականին: Երևի սա է, որ նրան դարձնում է այդքան տարբերվող:

Այս օրերին, երբ Հայաստանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, չկա մեկը, ով իր ելույթում չանդրադառնա Ազնավուրին: Նա պետք է այստեղ լիներ:

Ասում են՝ մարդիկ չեն մահանում, քանի դեռ նրանց հիշում են: Եթե հավատանք այս արտահայտությանը, ուրեմն Ազնավուրը ապրելու է հավերժ:

Anush margaryan

Արտևանունքներ՝ գունավոր երազանքնե՞ր

-Արտևանունքները աչքի օժանդակ ապարատի մեջ են մտնում,- վեհ ձայնով կարտաբերեն ճերմակ խալաթներով մարդուկները, այդ ընթացքում էլ մի լավ կթարթեն:

-Արտևանունքներ, թարթիչներ, թերթերունքներ… Չքնաղ բառեր են, ա՜խ, այս նոր սերունդը ինչպե՞ս չի գնահատում,- կաղաղակեն լեզվի տեսչության աշխատակիցները:

-Թարթիչավորնե՜ր, թարթիչնե՜ր,- մտքում կկրկնեն ու հերթական ինֆուզորիային մանրադիտակի տակ կզննեն բրիտանացի գիտնականները:

Դե, իսկ գուգլում դու անպայման կգտնես «Ինչպես ունենալ ավելի փարթամ թարթիչներ», «Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչպես կարելի է երկարացնել ձեր թարթիչները ընդամենը 1 վայրկյանում» վերնագրերով անթիվ-անհամար հոդվածներ՝ միմիայն Ձեր թարթիչների բարօրության համար:

Ը՜, իսկ եթե հարցնեք ինձ նման Նոստրադամուսին, ապա անպայման ձեզ խորհուրդ կտամ եռացնել ձեր թարթիչը, ավելացնել կես թեյի գդալ շաքարավազ ու կակաո: Չէ՜, իրականում կատակում եմ: Դուք չեք էլ հասցնի նկատել Ձեր այտի վրա ընկած թարթիչը, քանի որ ես արդեն ձեզ հիշեցրած կլինեմ այդ փոքրիկ էակի մասին ու դուք, ամենայն հավանականությամբ, երազանք պահելու ճանապարհին կլինեք:

Դասընկերներս կարծում են, որ իմ ամենասիրելի զբաղմունքը թարթիչներ փնտրելն է ու մարդկանց ստիպելը, որ ցանկություններ ու երազանքներ պահեն: Դե՜, ինչ արած, ես էլ թարթիչաբան կլինեմ ու կհիմնադրեմ «Թարթիչալոգիա» գիտությունը:

-Անո՜ւշ, շուտ երազանք պահիր ու ասա՛, թե որ այտիդ է թարթիչը,- բղավեց Նարեն՝ ընկերուհիս, մինչ ես փորձում էի ստամոքսումս տեղավորել բուլկու վերջին մասնիկը:

Նարեն իմ ապագա նոր գիտության հետևորդներից է:

-Ա՞ջ,- սրտատրոփ ու անհանգիստ պատասխանեցի ես:

-Է՜, սխալվեցիր, որ ասեիր` ձախ, ի՞նչ կլիներ,- զայրացավ Նարեն ու այտիցս վերցրեց թարթիչը:

-Ո՜ւֆ, չգիտեմ, Նարե, արդեն երկրորդ անգամն է, որ նույն երազանքն եմ պահում, բայց մեկ է, սխալ եմ գուշակում: Բա որ չկատարվի՞: Ա՜խր…

-Ոչ մի ախր, երազանքները թարթիչների շնորհիվ չէ, որ կատարվում են. երազանքների համար պայքարում են, աշխատում ու իրագործում…

Հը՜մ, գիտե՞ս, այ հիմա քո այտին մի փոքրիկ ու սիրուն թարթիչ կա, չգիտեմ` ասեմ քեզ դրա մասին, որ երազանք պահես, թե՞ լսեմ Նարեին ու լռեմ… Ըըը, դե ասա՝ ո՞ր այտիդ է…

aniharutyunyanarm

Ֆարենհայթի աստիճանը

«Մարդիկ սարսափում են արտասովորից»,- ասում է Բրեդբերին:

Միգուցե համաձա՞յն ես մտքի հետ ու արտասովոր մարդկանց ուզում ես դո՞ւրս հանել հասարակությունից: Քո կարծիքով տարբերվող մարդիկ նորմալ չեն, իրենց միտքը միշտ ուրիշ տեղերում է թափառում, կապույտ մազերով աղջիկները երբեք անկեղծ չեն սիրում. ո՞նց կարող է նման արտաքինով մեկը զգացմունքներ ունենալ: Սեփական կարծիք ունեցող մարդիկ գոռոզ ու ինքնավստահ են, որովհետև քո անգիր արած դատողություններն իրենց հետաքրքիր չեն, որովհետև երբ դու խոսում ես ուրիշի նախադասություններով, երբ դու սերը պատմում ես Սևակով, աշունը` Տերյանով, նա խոսում է իր «ես»-ով, ու դու դրա համար նրան չես սիրում, որովհետև քեզ բարկացնում է քո անկարողությունը, քո կաղապարված լինելը, որովհետև դու բավականին շատ ես խրված ամբոխի մեջ, որ կարողանաս դուրս գալ, մտածել, դատողություններ անել, որովհետև քեզ համար հեշտ է համաձայնել նրա հետ, ում հետ դու այդ պահին խոսում ես, որովհետև դու չես ուզում երբեք վիճել, պաշտպանել քո համոզմունքները:

Ես քեզ նմաններին տեսնում եմ ամեն օր։ Քեզ, որ վախենում ես խորտակվել դիմացինի աշխարհում, դրա համար դու ուզում ես հեռու լինել նրանից, քեզ համար հեշտ է փախչել ամբոխի մեջ, քան կարդալ, որովհետև կարդալով դու կսկսես մտածել, մտածել ու հասկանալ, հասկանալ ու մտածել, իսկ հասկանալը երբեմն ցավոտ է, գիտակցելը երբեմն տանջում է, երբ վերլուծում ես, թե որքան սխալ բաներ կան աշխարհում, թե դու որքան անելիք ունես, դու դրանից վախենում ես: Քեզպեսները սիրում են ապրել անգիտակից, ասել է, թե` անտեղյակ, կամ ավելի կոնկրետ` բթացած:

Մեղավորը մենք ենք՝ բոլորս, որովհետև մենք սիրում ենք լսել, կարդալ, տեսնել հասանելին, պարզն ու հասարակը, որ չի ստիպի նախ զարմանալ, հետո փշաքաղվել, սառել տեղում, վերջում անկարող լաց լինել ու հասկանալ, թե որքան փոքր ենք մենք այն մարդկանց մոտ, որոնք ստեղծում են արժեքներ։

Մենք չենք գտնում ինքներս մեզ, մենք չենք գտնում մեր տարբերությունը, մենք յուրաքանչյուրս մի մատնահետք ենք, մի տերև՝ միակը, չկրկնվող, յուրահատուկ։ Մենք, գրողը տանի, ծնվում ենք ամեն մեկս ուրիշ լացով, որ հետագայում դարձնում ենք հազիվ լսելի մի ձայն, որ երբեմն ամբոխի մեջ «այո» գոռալու համար ենք բարձրացնում։

Մենք մեզ կապկպում ու գցում ենք մեր ներսի ամենամութ անկյունը, մեր մարմնի մեջ մենք բանտարկված ենք ու ազատությունը տվել ենք ուրիշին։ Ասում են՝ գիրքն այրվում է 451°-ում՝ ըստ Ֆարենհայթի, ընտրությունը մերն է. մենք կգտնե՞նք ամեն գրքում մեր տողը, թե՞ անտարբերության կրակով կայրենք դրանք։

aniharutyunyanarm

Ալիսան բանասերների աշխարհից

Գրքերից ու ֆիլմերից դուրս` իրական ու մեզ շրջապատող աշխարհում, մեր կողքին, ընկերների ու ծանոթների մեջ մենք ունենք մարդիկ, օրինակներ, որոնց ցանկանում ու ձգտում ենք նմանվել: Նմանվել՝ ինչ-որ բաներ սովորելու իմաստով, նրանցից լավն ու դրականը վերցնելու իմաստով:

Ցածր ու հաճելի ձայնով, նուրբ շարժումներով Ալիսա Սահակյանին հաճախ եմ հանդիպում: Նստում ենք ու զրուցում, խոսում ամեն ինչի ու բոլորի, կենդանի ու գրքային, ֆիլմային ու իրական հերոսների մասին: Լսում եմ խորհուրդներ, պատմություններ, որոնք, անկախ ինձնից, իմ ներսում, հոգում ինչ-որ բաներ են փոխում, որ հետո եմ զգում ու նկատում: Ինքն իր բնավորության ու «ես»-ի հետ անընդհատ կռվող, իր թերությունների դեմ պայքարող Ալիսան շատերի համար, գուցե, սովորական կին է` խելացի, գեղեցիկ, հոգատար, բայց իմ սրտում` ինչ-որ մի տեղ, Ալիսան իմ իրական աշխարհի օրինակներից մեկն է, որից ես երբեք չեմ դադարում սովորել:

«Երբ փոքր էի, երազում էի… Շուտ մեծանալ, դառնալ ուսանող, ինձ պատկերացնում էի երկար եղունգներով, շպարված, թիթիզ ուսանողուհի, բայց երբ մեծացա, հասա այդ տարիքին, ինձ ամենևին մեծ չէի զգում և շպարին ու եղունգներին արդեն մեծ նշանակություն չէի տալիս: Մինչև հիմա էլ կարծես իմ տարիքը չեմ գիտակցում, ինձ մեծ չեմ զգում: Սիրում էի գրքեր թերթել, դասամատյան էի կազմում ինձ համար, երևի նրանից էր, որ մանկությունս դպրոցում է անցել, անընդհատ այդ միջավայրում եմ եղել, ուսուցչի աշխատանքն եմ տեսել ու սիրել: Բայց մի ընթացք էլ կար, երբ տարված էի «Պարզապես Մարիա» սերիալով, որտեղ հերոսուհին հագուստի մոդելավորող էր, ես էլ երազում էի մոդելավորող դառնալ, մեծ տետր ունեի, որտեղ հագուստներ էի նկարում ու ինձ ապագայում մոդելավորող էի պատկերացնում: Բայց պարզվեց, որ ուսուցիչ դառնալու երազանքը կամ ցանկությունն ավելի մեծ էր, և ի վերջո, այն հաղթեց, ու ես ընտրեցի ուսուցչի մասնագիտությունը:

Ես մեծացա այն ժամանակ… Երբ պապս կաթված ստացավ: Նա մեր տան հիմնասյունն էր, հիմքը, մեծը, ու նրա հիվանդությունից հետո ես մահը մոտ զգացի մեր տանը, առաջին անգամ մահվան շունչը զգացի, թեև այդ ժամանակ նա առողջացավ, բայց գիտակցում էի արդեն, որ նրան կարող էինք կորցնել: Իրականում երևի ես ավելի ծանր ապրումներ եմ ունեցել նրա հիվանդության սկզբնական շրջանում, քան մահվան ժամանակ, որովհետև երկար հիվանդությունը կարծես արդեն նախապատրաստել էր մահվանը, բայց հիվանդությունը անակնկալ էր բոլորիս համար, ու ես ամեն ինչին, կյանքին արդեն այլ աչքերով էի նայում:

Բանասեր, որովհետև… Սիրում էի բառը: Երբ փոքր էի, հորաքրոջս տանը հաճախ էի լինում արձակուրդներին, նա էլ պարապում էր դիմորդների հետ: Երեխաների հետ ես էլ էի թելադրություններ գրում ու «բազկաթոռ» բառը սխալ էի գրել: Հետո մտածեցի, որ արմատը «բազուկն» է, ու արդեն յուրաքանչյուր բառի արմատն էի փորձում գտնել, թե ինչի հետ է կապված: Մենք սկսում ենք խոսել, բայց տեղյակ չենք լինում խոսքի կանոններին, բառերին, ու երբ սկսեցի ուսումնասիրել բառերը, ինձ համար օրինաչափություններ գծել, կապել միմյանց դրանք, սիրեցի լեզուն ու գնացի բանասիրական: Հիմա երբեմն փոշմանում եմ ընտրությանս համար, որ կարող էի ավելի գործնական, շահութաբեր մասնագիտություն ընտրել, կամ այնպիսին, որ ավելի միջազգային լիներ, տարբեր երկրներում գնահատվեր ու ընդունվեր, բայց քանի որ ունեմ իմ մասնագիտությունը, փորձում եմ լավը լինել դրա մեջ: Բավականին երկար ժամանակ է` դպրոցում եմ աշխատում, բայց, ցավոք, դեռ ոչ իմ մասնագիտությամբ:

Եթե ֆիլմ, ապա… Պատմական ֆիլմեր, որոնք համաշխարհային գլուխգործոց համարվող գրքերի, ստեղծագործությունների հիման վրա են նկարահանվել, որոնք, հիմնականում, նայում եմ գիրքը կարդալուց հետո: Հազվադեպ է եղել, երբ ֆիլմն ավելի շատ է տպավորել, քան գիրքը: Երբեմն, ըստ տրամադրության, կոմեդիաներ եմ նայում: Չելենտանոյի, Ֆելինիի, իտալական ռեժիսորների ֆիլմերն եմ հավանում: Ֆիլմեր ընտրելիս մեծ ուշադրություն չեմ դարձնում դերասաններին, եթե սցենարը, միտքը սիրեմ, այդքան էական չի լինի` համաշխարհային աստղեր խաղում էին, թե ոչ:

Գիրքն ինձ համար… Սովորելու, լիցքաթափվելու, հանգստանալու միջոց է: Խոստովանեմ, որ վերջին տարիներին շատ չեմ կարողանում կարդալ. երբեմն ժամանակ չի լինում, կամ ծուլությունն է հաղթում: Հիմա գրասեղանիս Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» է: Նոր եմ սկսել կարդալը: Բայց էլի շատ չեմ կարողանում կարդալ, որովհետև անգլերեն եմ սովորում: Արդեն ոչ թե տրվում եմ սիրած գրքերին կամ գրողներին, այլ անում եմ այն, ինչ ինձնից պահանջվում է և ինձ պետք է հետագայում: Ձեռքիս տակ միշտ կա հունական դիցաբանությունը: Կարծում եմ` սա շատ կարևոր, մեծ բան տվող գիրք է: Շատ արվեստի գործեր կան, որոնք ստեղծվել են դիցաբանության հիման վրա, և առանց տեղյակ լինելու` դժվար կլինի դրանք հասկանալը: Շատ առասպելներ, թևավոր խոսքեր դուրս են եկել դիցաբանությունից, որոնց մենք հաճախ ենք հանդիպում ու ինքներս էլ շատ ենք օգտագործում, բայց սկզբնաղբյուրը չգիտենք: Արվեստի շատ գործեր նաև աստվածաշնչյան կերպարներով ու թեմաներով են: Գրքեր կարդալով մենք նաև արվեստին ենք շատ մոտենում:

Գեղեցիկը… Գնահատում եմ շատ: Գեղեցիկ մարդկանց, իրերը միանգամից նկատում եմ: Գեղեցիկի զգացողությունը մարդու մոտ դեռ փոքր տարիքից պետք է զարգացնել, որն էլ երեխայի հետ մեծանում է, հասունանում: Տարբեր տարիքում տարբեր կերպ ենք ընկալում գեղեցիկը: Նույն կերպ էլ մարդկանց մոտ է գեղեցիկի պատկերացումը տարբեր. կան մարդիկ, որոնք գնահատում են միայն արտաքին տեսքը, մարդիկ էլ կան, որոնք թափանցում են հոգին, բնավորության գեղեցկությունն են փնտրում: Կարծում եմ` մենք առաջինը պետք է մարդկանց արարքների մեջ գեղեցիկը տեսնենք, գնահատենք: Հիմա կյանքի այն փուլում եմ, որ սոցիալական տարբեր խավերի մարդկանց հետ եմ շփվում, որ հնարավոր է փողոցում տեսնեի, այդքան չնկատեի այդ մարդուն, որովհետև նա արտաքինով աչքի չի ընկնում, բայց երբ սկսում եմ շփվել մարդկանց հետ, ամեն մեկի մեջ, ամեն մեկի արարքի, բնավորության մեջ կարողանում եմ տեսնել գեղեցիկը:

Չեմ սիրում բնավորությանս մեջ… Ծուլությունը: Երբ որևէ գործի նվիրվում եմ, ոգևորվում եմ ու հանկարծ որևէ բան չի ստացվում, միանգամից հիասթափվում եմ: Իսահակյանից մի երկտող հիշեցի` բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական: Ես հիմա չգիտեմ` դիպվածի բերումո՞վ է, որ կյանքս այսպես է ստացվել, թե՞ կամքի թուլության պատճառով, բայց հիմա մտածում եմ, որ պետք է ավելի կամային լինեմ, թույլ չտամ, որ միայն դիպվածները տանեն ինձ առաջ: Ես պիտի ուժեղ լինեմ ու ես ինչ-որ բաներ փոխեմ իմ կյանքում: Երբեմն մտածում եմ, որ սովորելու տարիքը բաց եմ թողել արդեն, բայց շուրջս օրինակներ եմ տեսնում, որոնք նորից մոտիվացնում են ինձ, որ ինձնից ավելի տարիքով մարդիկ սկսում են որևէ լեզու սովորել, կատարելագործել իրենց իմացածը, մտածում եմ, որ ես էլ դեռ իմ ժամանակն ունեմ սովորելու, ու դրա համար երբեք ուշ չի լինում:

Մարդկանց մեջ գնահատում եմ… Մարդ լինելը. դա բոլորս էլ փորձում ենք, ու կրթությունը էական չէ մարդ լինելու ու մնալու ճանապարհին: Սովորելու ցանկությունը, աշխատասիրությունը: Երիտասարդ սերնդի մեջ ձգտումն եմ գնահատում շատ, գործնական լինելը: Իդեալիստ ռոմանտիկ չեն, ավելի իրատես, գործող են, գիտակցում են, թե իրենց ինչ է պետք ու կարողանում են ոչ միայն երազել, այլև գործել, կյանքում գտնել իրենց տեղը: Մեր սերունդն այդքան էլ համարձակ, վստահ չէր: Երևի պատճառն այն էր, որ մեզ մութ ու ցուրտ տարիներն էին բաժին հասել, բայց, այսօրվա երիտասարդներին նայելով՝ ես իրոք հաճույք եմ ստանում:

anna  andreasyan

Ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում

Ինչպես ինքս եմ նկատել՝ իմ հոդվածները հիմնականում խմբավորվում են երկու կատեգորիայի՝ փիլիսոփայություն և բողոք ու քննադատություն։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է՝ երկրորդ տեսակից ոչինչ չեմ գրել, ինչի արդյունքը բողոքի և դժգոհության կուտակումն է ներսումս։ Այսօրվա բողոքիս թեման Հայաստանում մարդկանց՝ չափից ավելի «մուննաթ» լինելու մասին է։

Հայաստանում ինչքան խանութ, օֆիս, օդանավակայան, բանկ, մի խոսքով՝ սպասարկման ոլորտի հետ առնչվող յուրաքանչյուր տեղ մտելիս միշտ հանդիպել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեհամբույր վերաբերմունքի։ Հասարակ և ամենօրյա իրավիճակ․ մտնում ես խանութ ու հանկարծ մի հարց ես ուզում տալ ինչ-որ ապրանքի վերաբերյալ, այնպիսի «մուննաթ» դեմքով պատասխան ես ստանում, որ որոշում ես էլ երբեք այդ խանութում որևէ հարց չտալ։ Կամ լավագույն օրինակը, որ միշտ հիշում եմ, օդանավակայանն է, երբ մոտ 5 տարի առաջ երկրից դուրս էի գնում և առաջին անգամ պետք է օդանավ նստեի, բնականաբար, այնքան էլ լավ չգիտեի՝ որտեղ պետք է կանգնեմ, ինչ վերցնեմ հետս և այլն, հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Դե, բնականաբար, սպասում էի, որ աշխատակիցները կօգնեն և ուղղություն ցույց կտան, բայց բացի «մուննաթ» դեմքի արտահայտությունից ու զարմանքից՝ ուրիշ ոչինչ չստացա։

Հիմա այս օրինակները բերեցի այն բանի համար, որ դժգոհությունս ավելի հասկանալի լինի սպասարկան ոլորտի աշխատակիցների ոչ այնքան բարեհամբույր ու օգնելու պատրաստակամ չլինելու մասին։ Եթե մեկը ինչ-որ բան չգիտի, դա լրիվ նորմալ երևույթ է, և կարելի է ավելի ըմբռնումով մոտենալ։ Սա էլ այն պատճառներից մեկն է, որ մարդիկ Հայաստանում մի տեսակ վախեցած են հարց տալուց։

Ասեմ, էլի կասեք՝ ասաց, բայց օրինակ՝ Ամերիկայում ինձ հիացնում էր մարդկանց այդչափ բարեհամբույր լինելը։ Յուրաքանչյուր տեղ հանգիստ կարող էիր տվյալ ոլորտի վերաբերյալ հարց տալ կամ օգնություն խնդրել, և ժպիտը դեմքին՝ մեկը միշտ շատ քաղաքավարի կօգներ քեզ։ Հա, հա, հենց այն ժպիտը, որ մեր՝ հայերիս մոտ մի տեսակ ծիծաղ է առաջացնում ու կասկածներ դիմացինի՝ հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։

Եզրափակելով այսօրվա բողոքիս ալիքը՝ ուզում եմ նշել, որ չեմ ակնկալում փողոցում հանդիպած յուրաքանչյուր մարդ ժպտա կամ բարեհամբույր լինի, բայց եթե ինչ-որ տեղ աշխատում եք, որը ենթադրում է մարդկանց հետ շփում, խնդրում եմ, եթե ոչ ձեր իսկ ցանկությունից մղված, ապա ձեր աշխատանքային պարտականությունները հաշվի առնելով՝ մի քիչ ավելի բարեհամբույր եղեք։

Հ․Գ․ Ու հա, մեկ-մեկ էլ ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում։

aniharutyunyanarm

Հռոմից մեծ Երևան՝ մեծ խնդիրներով

Ես չգիտեմ՝ սիրո՞ւմ եմ Երևանը, թե՞ ոչ, բայց երբեք չեմ կարոտում: Չի պատահել այնպես, որ արձակուրդի ժամանակ գյուղում տանը նստած լինեմ, հանկարծ վեր թռչեմ, արագ հագնվեմ ու գնամ Երևան, որովհետև կարոտել եմ ու էլ չեմ դիմանում: Դե, յուրաքանչյուրի համար իր ծննդավայրն է հարազատ, բայց տարիներ շարունակ անընդհատ Երևան գնալ-գալը էլի ինձ համար սեր չի դարձել: Միգուցե խնդիրը իմ մեջ է, երևի ես շատ եմ կապված գյուղիս հետ, ու իմ սրտում նրանից բացի ոչ ոքի համար տեղ չկա: Ինչևէ:

Ես շատերին եմ տալիս առաջին տողի հարցը ուղղակի, հենց այնպես, բայց Երևանի խնդիրների մասին շատ քիչ եմ խոսում երևանցիների ու մարզաբնակների հետ: Հերթը խնդիրներին էլ հասավ, մենք էլ` հայերս, մի տեսակ սիրում ենք մեր խնդիրների մասին երկար խոսել, բայց նաև հետաքրքիր ու ճիշտ լուծումներ առաջարկելու տաղանդ էլ ունենք: Ես արդեն լսել եմ դրանք, դուք էլ կարդացեք։

Գայանե Պողոսյան, Երևան, դասախոս

-Ամենակարևորն այն է, որ մարդը, քաղաքացին բարեկիրթ լինի, մտածող լինի, սիրելը չասոցացնի կեղծ դրույթների հետ, սերը չլինի պլակատային, ռաբիզ երգերով չարտահայտվի, «այո՛» գոռալով չլինի:

Ամեն մեկը պատասխանատվությունը պետք է նախ իր վրա վերցնի, չսպասի, որ քաղաքապետը իր համար ինչ-որ բան է անելու. քաղաքապետն ընդամենը կազմակերպելու է աշխատանքը, իսկ այդ կազմակերպվող աշխատանքում ամեն մեկս ունենալու ենք մեր դերը, և ամեն մեկիս դերը մեզ բաժին հասած աշխատանքը լավ կատարելն է: Ամենակարևորն այն է, որ այդ ամենը անենք հաճույքով, մտածելով, որ սա իմ քաղաքն է, որ ես անում եմ ինձ համար, իմ երեխայի, հարևանի, քաղաքապետի համար, և երբ ամեն մեկս ունենանք մեր պատասխանատվության չափը և դրանք գումարենք իրար, կունենանք մի մեծ պատասխանատվություն ու հաստատ կունենանք այն Երևանը, որ բոլորս ուզում ենք տեսնել:

Երբ ես չեմ թափի թուղթը ու ասի, որ աշխատող կա, կմաքրի, երբ չեմ անցնի լացող երեխայի կողքով և ասի, որ ինքը մամա ունի, թող իր մաման մտածի, ամեն մեկի ցավը, ուրախությունը երբ կդառնա ընդհանուր, երբ կկարողանանք իրական շփման միջոցով գնահատել լավն ու վատը, ճանաչել մարդուն, խոժոռ կամ տխուր հայացքի տակից մարդու ցավը տեսնել, երբ կվերանա անտարբերությունը, և իշխող կդառնան ջերմությունը, սերը, փոխըմբռնումը, հարգանքը, անպայման մենք կունենանք լավ Երևան, և քաղաքապետից արդեն ոչ թե կպահանջենք, այլ կօգնենք նրան։

Մայա Չուխաջյան, Երևան, ուսանող

-Նախ, բնականաբար, այժմ մենք պետք է լուծենք քաղաքապետի խնդիրը, որ կարողանանք հերթով լուծել մնացած խնդիրները: Առաջին տեղում ինձ համար փողոցների մաքրության հարցն է: Ապրելով Կենտրոն համայնքում՝ շատ տհաճ է, երբ երեկոյան դուրս եմ գալիս զբոսանքի և տեսնում եմ լցված աղբամաններ, աղտոտվածություն, փողոցային առևտուր: Մեր երկիր` հատկապես հեղափոխությունից հետո, շատ-շատ են գալիս զբոսաշրջիկներ, և նրանց համար առաջին տպավորությունը շատ կարևոր է: Փողոցում վաճառում են ծխեցրած ձկներ, հաց, կաթնամթերք. հակահիգիենիկ վիճակ է ստեղծում այդ ամենը:

Ես եղել եմ տարբեր երկրներում. առավոտյան 6-ից սկսած, յուրաքանչյուր նորմալ երկրում, մաքրում են փողոցները, նույնիսկ հատուկ փոշեկուլներ են օգտագործում: Սինգապուրում, եթե ինչ-որ թղթի կտոր գցես կամ պատահական քո պայուսակից ընկնի, քեզ 600 դոլարի չափով կտուգանեն: Ուրիշ երկրներում շուկայական առևտուրը համակարգված է, հատուկ տեղեր են հատկացված, որ մարդկանց չխանգարի:

Ես ինչ-որ մեծ նշանակություն չեմ տալիս, թե ով կլինի քաղաքապետը` որպես անձ, Հայկ Մարությանը, թե ուրիշ մեկը: Կարևորը` իմ քաղաքը մաքուր լինի, մթնոլորտը լինի լավը, ու քաղաքապետը կարողանա լուծել քաղաքացու խնդիրները:

Մոնիկա Մարտիրոսյան, Երևան, դասախոս

-Ինձ համար համատիրությունների խնդիրն է առաջնայինը: Այսինքն` համատիրությունը պատասխանատու է շենքերի համար. ամեն շենք ունի իր պատասխանատուն: Մենք վարձ ենք վճարում քաղաքին շենքի մաքրության, աղբահանության համար, ունենք համատիրության ղեկավար, որ համակարգում է այդ բոլոր գումարները, տարեկան մուծումները` խնդիրների լուծման համար: Փաստացի այդ համակարգը չի աշխատում մեզ մոտ. բարձրահարկ շենքերում աղբահանություն չկա: «Սանիտեկը» ոչ մի համայնքում նորմալ գործունեություն չի ծավալում, բայց ոչ թե միայն «Սանիտեկին» պետք է մեղադրել, այլ համայնքին և համատիրությանը: Այսինքն` ինդուկցիայից դեդուկցիա մեթոդը պետք է գործի: Համատիրությունը հիմա ձևական բնույթ է գրում: Մի շենքում պետք է լինեն մի քանի լիազոր մարմիններ, որ ամեն ինչ կարգավորված աշխատի:

Քաղաքում մենք ունենք մշակույթի կենտրոններ, շախմատի դպրոցներ, տարբեր խմբակներ: Ավելի լավ է մենք մի փոքրիկ սիմվոլիկ գումար վճարենք, որ ամեն ինչ լինի որակյալ, քան անվճար ու անորակ: Հիմնականում նման խմբակներում պարզապես ժամավաճառությամբ են զբաղվում: Աճող սերնդին պետք է ճիշտ ու որակյալ դաստիարակել, քանի որ եթե մանկուց հիմքը ճիշտ չդրվի, հետագայում մենք մեր երկրի զարգացման համար նրանց վրա հույս դնել չենք կարողանա:

Թող տուգանեն, երբ ես, իմ երեխան, ուսանողը, որևէ մեկը աղբը կգցի գետնին, ինչ-որ մեկը կծխի և մնացորդները կթափի. նման դեպքերում հատուկ մարմինները գան և տուգանեն, ինչպես Գերմանիայում է: Ինչո՞ւ, երբ մենք գնում ենք Գերմանիա, աղբ չենք թափում` իմանալով, որ մեզ կտուգանեն, բայց գալիս ենք մեր քաղաք և կեղտոտում:

Եթե մենք ուզում ենք, որ Երևանը դառնա քաղաք, որտեղ մարդիկ ձգտում են գալ, ծառայությունների բնագավառներին պետք է ուշադրություն դարձնենք. լինի դա տաքսի ծառայություն, սրճարան, որևէ ռեստորան: Փաստացի այդ բնագավառը չի վերահսկվում: Մարդիկ սահմանում են այնպիսի գներ, որոնք թանկ են՝ աշխարհի հետ համեմատած:

Եվ ամենալուրջ խնդիրներից մեկը, որի հետ ես առնչվում եմ, փողոցային առևտուրն է: Նախ, շուկաները կորցրել են իրենց կոլորիտը: Մարդիկ փողոցում ձուկ են վաճառում, միրգ, պանիր, և ես հասկանում եմ, իհարկե, մարդիկ գումար են վաստակում, աշխատում են, բայց պետք է այնպես անել, որ լինի համակարգում, տարանջատում: Մի որևէ տարածք հատկացնեն, թեկուզ փոքրիկ գումարի դիմաց, որ սնունդ վաճառելու համար լինեն համապատասխան պայմաններ:

Ինձ համար Երևանի քաղաքապետը պետք է լինի կիրթ, փորձառու, դիվանագետ և մարդ, ով կարող է շփվել և լավ համակարգող լինել: Որքանով հասցրել եմ հետևել թեկնածուների ծրագրերին, կարծես թե ոչ ոք չունի Երևանի ծայրամասերի հետ կապված որևէ առաջարկություն:

Սոնա Սարգսյան, Արթիկ, ուսանող

-Մայրաքաղաքում ինձ դուր է գալիս հասարակության մտածելակերպը։ Կապ չունի՝ դու տանից դուրս ես գալիս կոկիկ հագնված, մազերդ հարդարած, թե ուղղակի տնային հագուստով ու գզգզված մազերով, քո արտաքին տեսքով համեմատաբար ավելի քիչ են կարծիք կազմում քո մասին, ինչը չէի ասի իմ ծննդավայրի` Արթիկի մասին: Երևանում ցանկացած ժամի, երբ չունես տրամադրություն կամ ուղղակի ուզում ես քայլել, կարող ես դուրս գալ քո փողոցում, քեզ մոտ գտնվող այգում զբոսնել, ու ոչ ոք չի ասի` էս աղջիկն ինչի՞ ա տնից դուրս եկել էս ժամին: Այստեղ ես համեմատաբար ազատ մտածելակերպի եմ հանդիպել:

Արթիկում, կարելի է ասել, քաղաքային տրանսպորտ չկա, ամեն ինչ իրար մոտ է, և Երևան տեղափոխվելուս առաջին տարում շատ դժվար էի հարմարվում երթուղայիններին, նախընտրում էի Կենտրոնից Զեյթուն ոտքով բարձրանալ, քան անգամ կանգնելու տեղ չունեցող երթուղայիններից օգտվել: Հիմա արդեն բավականին սովորել եմ, բայց կրկին խնդիր է գոնե նորմալ կանգնելու տեղ գտնելը:

Շրջաններից եկած երեխաների համար Երևանում սովորելը դժվար է, քանի որ տուն վարձելն այդքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ տանից 2-3 ուսանող կա, ու նաև ուսման վարձն է գումարվում: Կցանկանայի, որ իմ համալսարանը` մանկավարժականը, ունենար ապրելու համար բավարար պայմաններով հանրակացարան, որ գոնե մարզերի երեխաների համար ավելի հեշտ լիներ:

anna  andreasyan

Բժշկից մինչև ռեժիսոր

Երբ փոքր էի, հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ։ Գրեթե բոլորը այդ տարիքում գիտեն իրենց ապագա մասնագիտությունը։ Ես վստահ էի, որ բժիշկ եմ դառնալու։ Դա շատ տարածված է փոքր երեխաների մոտ։ Մի երկու բժշկական խաղալիք ու մի երկու խրախուսական արտահայտություն տանեցիներից, և ապագա բժիշկն արդեն պատրաստ է։ Բայց դե, այդ ժամանակ որտեղի՞ց իմանայի, թե դեռ ինչքան եմ փոխելու միտքս։ Եվ այսպես, մի քիչ մեծանալով ու պատկերացնելով, թե ինչքան երկար պետք է սովորեմ բժիշկ դառնալու համար՝ արդեն մի տեսակ սկսեցի տատանվել։ Իսկ ավելի ուշ, երբ դպրոցում սկսեցի ուսումնասիրել բնագիտական առարկաները, հրաժարվեցի բժիշկ դառնալու մտքից։

Հետո որոշեցի, որ պետք է ծրագրավորող դառնամ։ Տանեցիք էլ միանշանակ կողմ էին, չնայած ինչ էլ որ ասում էի, միշտ կողմ էին լինում, երևի գիտեին, որ անընդհատ միտքս փոխելու եմ։ Հա, մոռացա ասել, որ մինչև ծրագրավորող դառնալ ուզելը, որոշել էի հաշվապահ դառնալ։

Իհարկե, որոշ ժամանակ հետո հասկացա, որ դրանցից և ոչ մեկը իմը չէ։ Քանի որ այդ նույն ժամանակ ես պատմությունից շատ լավ էի ու հաճույքով էի պատմության դաս անում, մտածեցի, որ ուզում եմ պատմաբան դառնալ։ Հետո իրավաբան, արևելագետ, մշակութաբան և այսպես շարունակ։

Իմ մասնագիտության կողմնորոշման հարցում մի հետաքրքիր բան կար։ Հենց մի նոր ֆիլմ էի նայում, որտեղ, ասենք, գլխավոր հերոսը հոյակապ բժիշկ էր, իրավաբան, ինժեներ, ուզում էի ես էլ լինել։ Ու դա միշտ ինձ մի տեսակ շփոթության մեջ էր գցում։

Վերջապես, բոլորովին վերջերս մի պարզ բան հասկացա, որ այսքան ժամանակ չէի հասկացել։ Այդ բոլոր ֆիլմի հերոսների մասնագիտությունների՝ ինձ գրավելու պատճառը ոչ թե մասնագիտությունն ինքն էր, այլ դրան տիրապետելու մակարդակը։ Այսինքն՝ ինձ գրավում էր, թե մարդիկ ինչքան փայլուն կարող են լինել այն մասնագիտության մեջ, որը սովորել են։

Դրանից հետո ինձ համար մի հետևություն արեցի՝ ինչ մասնագիտություն էլ ընտրես, պետք է նվիրվես, սիրես այն, ինչ անում ես ու անես լավագույն ձևով, որ կարող ես։

Հ․Գ․ Այս պահի դրությամբ որոշել եմ ռեժիսոր դառնալ։ Իսկ թե դա վերջնական է, թե ոչ, ժամանակը ցույց կտա։

anna  andreasyan

Նոր դարձած հինը

Նորից սեպտեմբերն է: Մի քանի տարի առաջվա իմ հաշվարկներով արդեն պետք է համալսարանի 1-ին կուրսում լինեի: Բայց ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու և Հայաստանում իմ ավարտական տարին բաց թողնելու պատճառով պետք է վերջին դպրոցական տարիս կրկնեմ:

Առաջին անգամ մտնում ես դպրոց, ու թվում է, թե ամեն ինչ նույնն է: Բայց փոքր-ինչ հետո հասկանում ես, որ այդպես չէ: Մի տեսակ՝ մի բան պակաս է: Փնտրում ես այն մարդկանց դեմքերը, ում հետ 11 տարի սովորել ես: Դպրոցն էլ, ընկերներդ էլ, բոլորն էլ փոխվել են, այնպես, ինչպես դու ես փոխվել: Եվ դա բնական է, մարդիկ անընդհատ փոխվում են, երբեք նույնը չեն մնում: Կախված միջավայրից և այլ հանգամանքներից՝ այդ փոփոխությունը տարբեր է լինում բոլորի մոտ: Ահա, հենց այստեղ է մեր փոփոխությունների տարբերությունը: Այս մեկ տարվա ընթացում մենք տարբեր միջավայրերում ենք ապրել, և դա մեզ փոխել է տարբեր ուղղություններով:

Գիտես, փոխանակման աշակերտ լինելու դժվարություններից մեկը այն է, որ դու լիարժեքորեն քեզ մեկ մշակույթի, մեկ շրջապատի ու մեկ համայնքի մասը չես զգում էլ: Մի տեսակ միաժամանակ պատկանում ես երկուսին էլ: Մեզ տրված ձեռնարկներից մեկում վերջին նախադասությունը ասում էր՝ «Քո փոխանակման տարուց հետո դու դառնում ես աշխարհի քաղաքացի»: Հիմա հասկանում եմ՝ այդպես է: Մի տեսակ կարիք ես զգում նոր մարդկանց հանդիպելու, ովքեր կլինեն տարբեր մշակույթի կրող, պատմել քո մշակույթի մասին ու լսել նրանց պատմությունները:

Նորից պետք է պայուսակ դասավորեմ, օրագիր լրացնեմ ու նման բաներ: Ուղղակի մի տեսակ կրկնության ու տեղում դոփելու է նմանվում:

Բարեբախտաբար, կան մարդիկ, որ հարազատ են մնում անկախ ամեն ինչից, և հենց այդ մարդիկ են, որ օգնում են հարմարվել նոր դարձած հնին:

sona mkhitaryan

Տարիքից շուտ ծերացածները

Այսօր Էջմիածին-Արմավիր ավտոբուսում նստած էի, երբ մի կին բարձրացավ, առավելագույնը 40 տարեկան կլիներ, բայց 60-ն անցի տեսք ուներ: Հիմա կասեք՝ ինչպես ենթադրեցի իրական տարիքը. Արմավիրի գյուղական համայնքների բնակչուհիների գրեթե 80%-ը տարիքից շուտ մեծացել են: Հարցրեց՝ երբ է շարժվելու ու նստեց դիմացս: Ավտոբուսում մի քանի երիտասարդ աղջիկներ էին նստած միայն, ու զգացի, որ չարձագանքեցին նրա հարցին, ես էլ սպասում էի, որ նրանք պատասխանեն, ուշացումով պատասխանեցի ես.

-1-ին 20 պակաս:

Դիմացս նստել էր մի երիտասարդ՝ կնոջ կողքին, որը իր աղջկա հետ էր (երևի 5 տարեկան): Զգում էի, չէ, տեսնում էի, որ քիչ-քիչ հեռանում է կնոջ կողքից: Գիտեք՝ ինչո՞ւ: Պատմեմ արտաքինի մասին: Կինը ուներ նորմայից ցածր քաշ, ըստ իս, հյուծված կառուցվածք, դեմքի ոսկորները ինչքան ուժ ունեին՝ խոժոռ կանգնած էին, իսկ կնճիռներն իրար հերթ չէին տալիս՝ մեկը մյուսի վրա տարածվելով ողջ դեմքի վրա: Իսկ ձեռքերը: Ախ, դուք չեք էլ պատկերացնի, թե այդ ձեռքերը ինձ ինչպես բաց գրքի նման պատմեցին նրա տանջալից կյանքի մասին: Մատները կոշտացած, վերքերով, ու շոգն էլ մի կողմից: Հասկացաք՝ ինչու էր հեռու գնում: Երևի ինքն էլ զգաց, ինձ հարցրեց․

-Զանի՞տ ա, ազիզ ջան, կողքդ:

-Չէ, չէ, ազատ ա:

Մի կին էլ բարձրացավ այդ պահին ու կողքիս հյուծված արտաքինով կնոջը ծանոթ էր: Բարևեցին, ոնց ես, ոնց չես, կողքիս կինը սկսեց պատմել, որ գնում է աղջկան օգնելու՝ պահածո փակեն: Ու հետո իր այդ ծանոթ կնոջը (կարծես հարևաններ էին) ամեն կերպ համոզում էր գալ իրեն հյուր.

-Արի էլի, մեկ ա՝ մենակ եմ ամբողջ օրը, դեղձերս հասել են, կհյուրասիրեմ:

-Է, ժամանակ չի լինում է, տենանք: Հետ ա, էս քանի օր ա կարտոշկես պրծել էր, էսօր հազիվ հարմարացրի, եկա՝ առնեմ:

Պատասխանը բավարար է, որ հասկանանք՝ նրա վերաբերմունքը ոչնչով չտարբերվեց երիտասարդ կնոջ արարքից։

Բայց երիտասարդ կնոջ վարքը այդքանով չսահմանափակվեց: Իր կողքին աղջիկն էր նստած, ու արդեն բոլոր նստատեղերը զբաղված էին, ավտոբուսը շարժվել էր, կանգառից մի տարեց պապիկ՝ ձեռքին տոպրակ, բարձրացավ ու կանգնեց հենց երեխայի դիմաց: Մի կին երեխային կանչեց իր գիրկը հենց նույն պահին, որ պապիկը նստի: Ես էլ քիչ թե շատ հոգեբանորեն կնոջ հայացքից հասկացա, որ իրեն դուր չեկավ: Խոսեց էգոիզմը, կրկին:

Համաձայն եմ, հնարավոր է՝ հաճելի չէ նստել այդպիսի արտաքինով կնոջ կողքին, ով բավականին քրտնած էր, բայց եթե այդ կինը իրեն իմ նստած տեղից դիտեր, բոլոր բայց-երը մի կողմ կդներ:

Ու իր ծանոթին իր տուն հրավիրելիս կարծես խնդրեր, որ գոնե նա գնա իրեն հյուր:

Ես շատ հաճախ եմ այդ ավտոբուսով երթևեկում, ու շատ հաճախ եմ նման արտաքինով՝ դժվար, ծանր կյանք, ապրելակերպ ունեցող գյուղացիների հանդիպում, ու երևի, որ ես էլ հենց գյուղում եմ ապրում, ու մեր գյուղում էլ կան նման մարդիկ, դրա համար էլ աշխատել եմ հարգանքով վերաբերվել իրենց, չվանել ու չվանվել: Ի՞նչ գիտեք, նման վերաբերմունքից ինչ մտածմունքների մեջ կընկնեն: Հայրս, երբ փոքր էի, միշտ ասում էր՝ պիտի հարգես, որ քեզ էլ հարգեն: Հիմա էլ չի ասում, հիմա ես եմ ձեզ ասում, հարգեք, որ հարգվեք: Տատիկս էլ միշտ ասում էր՝ է՜, բալամ, կմեծանաս, նոր մեծի ղադրը կիմանաս, էլ ըտենց հեշտ չես խոսի:

Դժվար կյանքը մարդկանց ժամանակից շուտ հասցնում է ծերության շեմին, ու էդ մարդկանց համար արդեն միևնույնն է իրենց արտաքինը, իրենց հագուկապը, իրենք ինչ ունեն՝ էդ են հագնում, իսկ վաստակած գումարով փակում են սերմնացանի համար գնված սերմերի պարտքերը, որի արդյունքում մնում և երևում է միայն իրենց տանջանքը: Ու եկեք, բոլորդ իրենց հերթով հարցրեք, ասեք՝ որ ձեռք չի տալիս, ինչի՞ եք տանջվում էդքան: Ու ես վստահաբար կասեմ, որ իրենք կպատասխանեն.

-Բա որ էս էլ չանենք, ինչո՞վ ապրենք…