anush mkrtchyan

Կետադրված կյանք

Բռնի՛ր ձեռքս ու արի: Արի՛, որ կետադրենք իրար, կետադրենք իրարով, կետադրենք կյանքը: Ես միշտ էլ սիրել եմ ստորակետ դնել քեզանից հետո ու առաջ, որ առանձնանաս, որ վերաբերականի նման միշտ էլ անկարևոր մեկը մնաս, որ նախադասության անդամ չդառնաս, որ այդպես էլ ողջ կյանքումդ եղանակավորես, իսկ դու ավելորդ մնաս:

Իսկ դու միշտ բութ ես դնում, որ ստորադասես մեզ, որ դու գերադաս դառնաս, իսկ ես կախվեմ քեզանից: Կամ էլ հեռացնում ես մեզ հատկացուցիչի ու հատկացյալի նման, մեր մեջ խցկելով ավելորդ բառեր, ավելորդ հեռավորություն:

Չհամարձակվես ինձ շեշտել, ու ոչ էլ անունս կբացականչես, քեզ պահիր ձևականություններդ, որ քեզ փակագծերի մեջ չառնեմ ու հարկ եղած դեպքում դուրս չշպրտեմ: Չեմ ուզում, որ ինձ մեծատառ գրես, ուզում եմ հասարակ լինել, չտարբերվել: Ոչ էլ կկրճատես կամ կուլ կտաս ինձ քո հապավումներում:

Ես քեզ չակերտների մեջ եմ առնում, որ ուղղակի կերպով մեջբերեմ, քեզնից հետո էլի ստորակետ դնեմ, հետո գծիկով նոր կյանք սկսեմ:

Ու բավական է այդ գրողի տարած բազմակետերով շարունակես պահել այն, ինչ չկա: Ատում եմ այդ անորոշությունը, ատում եմ այն բոլոր միջակետերը, որոնցով երբևէ հավասար ենք եղել:

Ջնջում եմ բոլոր նշանները, գրողի ծոցը թող գնա այդ հուզականությունը: Մի պահ դադար տուր ու դիր վերջակետ: Կյանքն ավարտվեց, իջեցրե՛ք վարագույրները:

anush mkrtchyan

Այսօր միայն ծաղիկ ստանալու օր չէ

Արդեն երրորդ անգամն եմ ջնջում ու քանի որ չգիտեմ ինչպես սկսել, արի այսպես էլ թողնենք: Չեմ եկել, որ պատմեմ, թե որքան զբաղված եմ դասերով ու պարապմունքներով, դե ձեռքի հետ էլ հասարակական աշխատանքները հանգիստ չեն թողնում: Հա, հա, ճիշտ ես, ֆուտբոլ էլ եմ հասցնում խաղալ, ուրեմն, հասկացար, թե ինչքան զբաղված եմ:

Եկել եմ, որ  ճանապարհներից խոսենք, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այդ ճանապարհները դարձել են դեպի պարապմունք տանող ճամփաներ: Հա, փաստորեն պարապմունքներից ենք խոսելու:

Չեմ ուզում պատմել այն դժվարությունների մասին, որոնք սովորական են արդեն: Ասենք, շաբաթական 4 օր տաքսով կողքի գյուղ պարապմունքի գնալ ու գալ, մնացած երկու օրը քայլել գյուղի մի ծայրից մյուսը (խոսքը մեր մեջ, դա էդքան էլ ծանր գործ չի), ու միայն ուրբաթ օրերին կարողանալ ցերեկը քնել ու հասկանալ, որ մաման չի արթնացնելու ու ասելու.

-Ուշանալու ես  պարապմունքից:

Չեմ եկել, որ կրթական համակարգի բացերից խոսենք, որ  ես բողոքեմ ավագ դպրոցից, որովհետև միևնույնն է, կրկնուսույցի մոտ եմ գնալու: Չեմ եկել, որ ասեմ, թե  ինչքան եմ հոգնել, երբ ամեն անգամ այն հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ՝ «դիվանագետ» պատասխանը տալուց հետո քանի ժամ եմ բացատրում դրա իմաստը: Ու չեմ էլ ասի, թե քանի անգամ են ինձ ասել, որ դիպլոմը ձեռքիս նստելու եմ տանը:

Եկել եմ ասելու, որ ինձ համար միևնույնն են նմանատիպ խոսքերը, որ, հա, ես աղջիկ եմ, բայց բանասեր կամ թարգմանիչ չեմ դառնալու: Ինձ համար անընդունելի են «Հայաստանում գործ չկա, եթե կարող եք՝ ուրիշ երկրում ձեր ապագան փնտրեք» տողերը: Որովհետև Հայաստանում ավելի քան ուրիշ տեղ գործ կա, որովհետև լիքը անելու բան կա:

Արդեն կապ չունի՝ ինչի համար եմ եկել, բայց արի պայմանավորվենք, որ ես հաջորդ անգամ  իրոք ճամփաներից կխոսեմ, ու գլուխդ չեմ տանի ծեծված թեմաներով:

Հ.Գ.  Ձեռքի հետ էլ շնորհավոր էն բոլոր կանանց ու աղջիկների տոնը, ովքեր գիտեն, որ Մարտի 8 -ը ծաղիկ ստանալու օր չի միայն, այլ  իրենց իրավունքներն ու  արժեքները հասարակության մեջ  բարձրաձայնելու օր:

sona mkhitaryan

Ակնալիճ գյուղի մարտի 8-ը

Ուզում եմ պատմել մեր գյուղի կանանց մտածմունքի մասին տոն օրերին: Լսելով նրանց խոսակցությունը, չես կարող անտարբեր անցնել: Հիմա կանանց մի մասը գեղեցկության սրահներում են, մի մասը տանը իրենց նվեր ստացած ծաղիկներն են ծաղկամանի մեջ դնում, իսկ մյուս մասը դրսում արևի տակ, քարին նստած մտածում է, թե պարտքերը ոնց է փակելու, երբ է դաշտի աշխատանքները սկսվելու և նման շատ այլ բաներ:

-Էս ծխելու օրենքն էլ հանեցին, էլի չպրծանք: Իմ մարդը շատ-շատ ա ծխում: Ամսեկան 60 հազարից ավել գնում ա էդ պապիրոսի վրա: Մեր գրպանը կծակե՞ր էդ փողը: Օֆ, չգիտեմ: Երեկ տղես էր զանգել (ծառայության մեջ է գտնվում Մատաղիսում), ասում եմ` ո՞նց ես, հա ասում ա՝ լավ եմ, լավ, բայց հազում էր: Երեխուս վրա իլլաջ չկար: Ես էդ զգում էի, հիվանդ էր (այդ ասելով`փորձում էր զսպել արցունքները, բայց արևի լույսը մատնում էր՝պսպղացնելով դրանք):

-Դե հիմա ոչինչ, օդ ա փոխել, ընդեղ ցուրտ էլ ա, առավոտները էդ ցրտին վազելուց ա մրսել, երևի: Կդզվի, հո տենց չի՞ մնա (փորձում էր հանգստացնել նրան հարևանուհիներից մեկը):

Փողոց մտավ առևտրականի մեքենա, որին պարտք էր նստած կանանցից մեկը: Հասավ նրանց, կանգնեց.

-Հը՞, չունե՞ս:

-Չէ, Վազգեն ջան: Մնա՝ թոշակին (մեքենան գնաց): Օֆ, էսքան տունը նստել կլինի՞: Երբ ա էս դաշտի գործերը բացվելու: Թոշակին մի հատ տենամ կարա՞մ ինձ լաթիկ առնեմ՝ դաշտի մեջ հագնելու համար, սրանք լրիվ հալից ընկել են:

-Հա, քեզ մարտի 8-ի նվեր արա (ասաց մայրս):

-Հա՜, բախտավոր ինձ: Մի տարի եմ մարտի 8-ին լավ նվեր ստացել` ոսկու կոմպլեկտ, վարկով առած էր, տարանք գրավ դրեցինք, գնաց, կորավ:

Կանանց մի մասը իր հոգսաշատ մարտի 8-ը նշում է այսպես:

sona mkhitaryan

Հայրս

Գարուն 

Ապրիլից հայրս գնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ես ու մայրս կարոտում ենք նրան, երբ գնում է, իսկ մյուս կողմից 2 քույրերս են շատ ուրախանում, երբ հայրս գնում է իրենց մոտ: Մեր սիրտը հանգիստ է այնքանով, որ այդ «օտարություն» ասվածը այդքան էլ այդպես չէ, երբ երեխաներդ են հագուստդ լվանում, արդուկում, քեզ կերակրում: Երբ դասից գալիս եմ, հարցնում եմ մայրիկիս.

-Մամ, զանգե՞լ ա պապան:

-Չէ հլը, Լիանի հետ եմ խոսել մենակ:

Հայրս ցերեկները մեկ-մեկ է զանգում մայրիկիս, հիմնականում երեկոյան է զանգում՝ սքայփով, որ ես տանը լինեմ, որ ինձ տեսնի:

-Պապ, բարև:

-Բարև, ցավդ տանեմ: Ո՞նց ես:

-Լավ եմ, դու քեզանից ասա:

-Ոչինչ, լավ: Դասերդ լա՞վ ա:

-Հա, լավ ա, պապ։

Էսպես մինչև ամառ:

-Բալես, դե քեզ ինչ պետք ա, կգնաս, կառնես:

-Հա, պապ:

-Մորդ չլսես, ինչ ուզես՝ կառնես:

-Հա, հա,- ծիծաղելով պատասխանում եմ ես։

Իրականում, երբ հայրս գումար էր ուղարկում, քույրիկներիս հետ խոսում էի, որ պապային տանեին իրեն հագուստ առնելու, թե չէ հայրս իրեն չի գնի: Հայրս միակն է ինձ համար: Ինձ ոչնչից չզրկելու համար գիշերն անցկացրել է խոնավ սենյակում, ծանր բեռներ է բարձրացրել, ավելացրել է իր ճակատի կնճիռների քանակը, ավելացրել է սպիտակ մազերի քանակը:

Աշուն 

-Դո՞ւ էլ ես հոպարի հետ գալու օդանավակայան:

-Հա, պապ, անպայման:

-Բա դասի՞ չես:

-Դա կապ չունի, ես քեզ կարոտել եմ…

sona mkhitaryan

Ակնալճի ձմռան ավարտը

Ուզում եմ պատմել մեր գյուղի` Ակնալճի, նիստուկացի մասին: Գարունը մոտենում է արդեն, իսկ մարդիկ վերսկսում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Ոմանք խաղողի վազերն են հողից դուրս բերում (բաղաբաց), ոմանք ծառերն են էտում, բայց բոլորը ունեն մի մտատանջություն` հանկարծ ջերմաստիճանը չնվազի, թե չէ՝ ամեն բան կցրտահարվի, ու ոնց որ մեր հարևաններն են ասում. «Էս տարի կմնանք առանց ծիրան»:

Ամեն մեկը իր գործը ունի: Այ, օրինակ,  դպրոցական երեխաները գոնե իրենց դասերով են զբաղվում, իսկ ավելի փոքրերը ամբողջ օրը դրսում են, ոչ մի զբաղմունք չկա նրանց համար:

Կան մարդիկ, ովքեր միայնությունից խելագարվում են արդեն: Գիտե՞ք, մի ընտանիք գիտեմ, ովքեր այս ձմեռ իրենց զույգ որդիներին ճանապարհեցին բանակ, մնացել են միայնակ ամուսիններով, ու չգիտեն` ինչպես են միայնակ հողագործական աշխատանքները կատարելու:

Մի տեսակ մեր փողոցը դատարկվել է: Առավոտյան, երբ գնում եմ դասի, դրսում միայն շներ են, երբ տուն եմ գալիս, կրկին նույնը: Կամ եթե տաք է լինում եղանակը, հարևանները հավաքվում են մեր տան մոտ, նստում, խոսում, սրճում, հետո էլի ամեն մեկը իր գործին:

Ես իրոք չեմ ուզում գարունը գա, որովհետև եթե դուք էլ տեսնեք գյուղացիների կռիվը իրենց օրվա հացի, ապրուստի համար, դուք էլ նույնը կցանկանաք:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի, Արմավիրի մարզ, ք. Արմավիր

Փետրվար

Աղավնաձոր

Ամեն տարի՝ ձմռանը, ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետների լավագույն ուսանողների համար կազմակերպվում է 4-օրյա հանգիստ Աղավնաձորում: Յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը իր ֆակուլտետից ընտրում է 5-6 ուսանողի և տվյալները ներկայացնում դեկանին: Աղավնաձոր հանգստյան բազան պատկանում է Մանկավարժական համալսարանին: Այս տեսակ հանգիստ նաև կազմակերպվում է ամռանը, բայց 15 օրով և երկրից դուրս։ Ուսանողները հանձնում են օտար լեզվի քննություն և գնում արտերկիր, իսկ արտերկրի ուսանողները գալիս են մեր Աղավնաձորի հանգստի գոտի։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում ուսանողների փոխանակում։

Այս տարի ես նույնպես այն 5 ուսանողների կազմում էի, որոնք ուղևորվեցին Աղավնաձոր։

Օր առաջին

Աղավնաձորում առաջին ուրախալի փաստն այն էր, որ ձյուն տեսանք։ Գնացինք ներս, սենյակների բանալիները վերցրինք, տեղավորվեցինք ու 2 ժամ սոված նստեցինք. սպասում էինք ժամը 2-ի ճաշին։ Համեղ ճաշից հետո գնացինք կոնֆերանս դահլիճ՝ ծանոթանալու մեր օրակարգին։ Օրակարգի մեջ մտնում էին բազմաթիվ ինտելեկտուալ և սպորտային խաղեր։ Այսօր մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի, որը անցկացվում էր 10 ֆակուլտետների միջև։ Հաղթեցինք մենք՝ ԿՀՍ-ի (Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի) ֆակուլտետը, ինչից շատ ոգևորվելով՝ զանգեցինք ու տեղեկացրինք մեր ՈւԽ նախագահին։ Ժամը 7-ին ընթրեցինք ու գնացինք երկրորդ հարկ՝ երաժշտություն լսելու։ Լավ, քնենք, ասում են՝ առավոտյան 8։30 պիտի առաջին հարկում նախավարժանքին պատրաստ լինենք։

Օր երկրորդ

Առավոտյան մի կերպ արթնանալով, նախավարժանքից ուշացած՝ իջնում ենք ներքև, 5 րոպե հետո նորից բարձրանում ենք սենյակ։ Այսօրվա մեր օրակարգում հիմնականում ազատ ժամանց էր։ Իսկ հաջորդ առավոտյան արշավի պիտի գնանք։

Օր երրորդ

Գիշերը ուշ քնելու պատճառով առավոտյան ուշանում ենք արշավից։ Մեր անուշ քունը խանգարեց դռան թակոցը և «վեր կացեք» հրամանը։ Կրկին մի կերպ արթնանալով՝ իջնում ենք նախասրահ։ Գնում ենք անտառ, ճանապարհին ձնագնդի ենք խաղում, կատարում վիդեոնկարահանումներ։ Վերդառնալուց հետո կոնֆերանս դահլիճում սկսեցինք քննարկել օրվա գրաֆիկը։ Օրվա կեսից մեզ միացավ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահը։

Օր չորրորդ

Մեզ այցելության էին եկել ՀՊՄՀ-ի պրոռեկտորը և այլ աշխատակիցներ, որպեսզի իմանան, թե ինչպես ենք, ուղղենք նրանց մեզ հետաքրքրող հարցերը։ Եկել էին նաև «Հաջողության բանաձև» հաղորդաշարի աշխատակիցները` նկարահանելու մեր առօրյան։ Օրվա երկրորդ կեսին հավաքվեցինք կոնֆերանս դահլիճում, և կատարեցին պատվոգրերի հանձնում։ Պատվոգրեր տրվեցին շաշկիի, շախմատի, սեղանի թենիսի մրցույթներում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրածներին, տրվեցին նաև ակտիվություն ցուցաբերած ուսանողներին։ Հետո դրսում խարույկ վառեցինք, շուրջպար բռնեցինք ու սկսեցինք պարել։ Բայց, իրականում, պարել են առանց մեզ, մենք (ԿՀՍ-ի ուսանողներս) դուրս չենք եկել, որովհետև հումորային մրցույթի պետք է պատրաստվեինք. ոչինչ չէինք արել։ Բավականին ծիծաղաշարժ սցենար մտածեցինք ու հանդիսատեսի բարձր ծափերին արժանացանք։ Արդեն ուշ էր, բարձրացանք սենյակ, ես քնեցի, մյուսները նորից գնացին այլ խաղերի մասնակցելու։ Բավականին շատ պարել ենք։ Դե ինչ, այսօր մենք արդեն տանն ենք։ Ավարտվեց մեր 4-օրյա հրաշալի հանգիստը։

Ani Harutyunyan

Մի զինվորի

Երբ դու գնացիր կամ քեզ տարան ծառայության, ես 16 տարեկան էի։ Իմ աչքին դու արդեն այնքան մեծ էիր, հասուն։ Արդեն 18 տարեկան. ա՛յ, տարիք եմ ասել, է՜։ Չափահաս է, իր գլխի տեր, տղան այնքան է մեծացել՝ արդեն բանակ է գնում։ Դու ինձ համար մեծ էիր, քանի դեռ ես ինքս 18 տարեկան չէի դարձել։ Դու չգիտեիր, որ քո 18-ից ես վախենում էի, իսկ իմ 18-ում ես դեռ չեմ կարողանում հասկանալ՝ վանիլայի՞ն պաղպաղակ եմ սիրում ես, թե՞ շոկոլադե։ Քո 18-ում դու արդեն զենքի ծանրությանն էիր վարժվել։

Ինձնից լավ ես հիշում, երևի, այն օրը, երբ իմացար, թե որտեղ ես ծառայելու։ Առաջինը ինձ էիր զանգել, դու ես ասել. դե, ծնողներդ էդտեղ էին, իսկ հաջորդ կարևոր մարդը կարծես թե ես էի։ Թեյիս մեջ շաքարավազը դեռ չէր հալվել, երբ ասացիր: Գիտեի՝ Արցախ։ Ես էլ գիտեի, բայց էդ ո՞վ էր ականջիս շշնջացել, որտե՞ղ էի կարդացել՝ չգիտեմ, չեմ հիշում, բայց գիտեի։ Թեյս չհասցրեց սառչել, երբ ես վերջնական հարմարվել էի տարածությանն ու հեռու լինելուդ։

Օրերն անցում էին, կամ մենք էինք մի կերպ անցկացնում, երբեմն վազում էին, չէինք հասցնում, բայց արդեն մեկ տարվա ծառայող էիր: Հիշո՞ւմ ես, ասում էիր՝ էլ «մալադոյ» չեմ, սերժանտ եմ, սերժա՛նտ, կպատկերացնեի՞ր։ Մտքումս ասում էի՝ հա, չես հավատա, բայց կպատկերացնեի. չգիտեմ՝ ո՞ւմ կտավում էի տեսել, ո՞ր հեղինակի տողերում էի կարդացել, որ այդքան շոշափելի պատկերացնում էի։ Մի տեսեք՝ տղան այնքան է մեծացել, որ սերժանտ է ստացել, վաստակել, դարձել։

Մինչ դու բանակում էիր, ես կրկնվող օրեր քիչ եմ ունեցել. դրանք պարապմունքներիս օրերն էին, իսկ դու ամեն օր նույնն էիր ապրում գրեթե, դեժավյուները սովորական օրերդ էին արդեն։ Քո գնալուց հետո ես հայոց լեզվի հետ ավելի երկար էի մնում իմ սենյակում։ Ասել էիր՝ քիչ «ստեղ-ընդեղ» կգնաս, ուշադիր կլինես։ Լինում էի։ Մինչ դու կեսօրդ շարային հրապարակում էիր անցկացնում, ես հասցրի ի վերջո «հախճապակի» բառը ճիշտ գրել սովորել, դերբայական դարձվածքը գտնել, կետադրել։ Ես հասցրի անձնագիր ստանալ, գործերս տանել համալսարան, 3 քննություն տալ ու ընդունվել, հասցրի ևս երկու անգամ դիտել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, իսկ դու ամեն օր նույն շարայինին ու կրակայինին էիր գնում։ Սեպտեմբերին ես առաջին անգամ ինձ ուսանող զգացի։ Դու, երևի, հերթական պարապմունքդ էիր անցկացնում։

Իմ կյանքում փոփոխություններն ամեն օր էին կատարվում։ Զգում էի, որ խոսելիս ավելի շատ էի ես պատմում, իսկ դու միշտ՝ դե, ոնց գիտես, նույնը։ Էլի, նորից, կրկին։

Բան չմնաց գալուդ: Արդեն 20 տարեկան ես, իսկ ես այնքան եմ, որքան դու գնում էիր։ Տեսա՞ք՝ տղան այնքան է մեծացել, որ արդեն պարտքը կատարած տուն է գալիս։ Իմ կողքով էլ 2 տարին հենց այնպես չի անցել, այնքան եմ մեծացել, որ համալսարանում դասերս ավարտելուց հետո ինքնուրույն գալու եմ քեզ դիմավորելու։

Ani Harutyunyan

Հիշողությունը երգելով

Ամենաշատ հիշողություններն իրենց մեջ պահպանում են երգն ու երաժշտությունը: Բույրն էլ ունի հիշողություն, բայց կարճատև: Մարդկանց տեսնելիս էլ ես հիշում, բայց դեմքերը հոգնեցնում են: Երգերն էլ են ինչ-որ ժամանակ հոգնեցնում (երբեմն՝ երբեք), բայց մարդկանց չես կարող ընդհատել, կամ քո սիրելի պահից 100 անգամ կրկնել իրենց խոսելը, անջատել ու հեռախոսիդ հետ շպրտել սեղանին, ականջակալ միացնել, որ ոչ ոք չլսի քո հիշողությունը: Երգն իր մեջ ամփոփում է բույրն էլ, մարդկանց էլ, տեղանքն էլ: Աչքերդ փակում ես ու տեսնում չորս տարի առաջ միայն հինգ օր տեսած մարդկանց. մեկի աչքերի գույնը լավ չես հիշում ու քո պատկերացումներով ես լրացնում, մյուսի քիթը փոքր էր` մեծացնում ես, բայց դու ես ու քո հիշողությունները, իսկ բոլորը չէ, որ լավ են հիշում ամեն ինչ:

Լսում ես ու զգում, որ քթիդ թեթև դիպչում է ինչ-որ ժամանակ ինչ-որ կանգառում սպասող տղայի օծանելիքը. դու էլ էիր ամեն առավոտ սպասում նույն կանգառում, դրա համար էլ լավ ես հիշում:

Տարիներով չլսածդ երգերը նորից լսելիս հասկանում ես, որ չես մոռացել, անկախ քեզնից բառերը քթիդ տակ երգում ես: Երգում ես ու հիշում ինչ-որ սրահներ, սենյակներ ու փողոցներ, որ ինչ-որ ժամանակ երգն այնտեղ ես լսել ու երգել:

Մեկ-մեկ այնպիսի երգեր են մտքովս անցնում, որ ուզում եմ րոպե առաջ լսել: Երևի ոչ թե երգի պահանջն է, այլ հիշողությունների:

Ավելի շատ լսեք ձեր հին երգերը, թեկուզ դրանք ձեր ներկա ես-ի ճաշակով չեն, թեկուզ դուք փոխվել եք ու ձեզ համար այդ երգերը բարձրաձայն լսելն ու ձեր պատին կիսվելն ամոթ է հիմա, բայց մեկ է, ձեր ամենալավ հիշողությունները դրանց մեջ են:

hovhannes ghulijanyan

Մի քիչ լուրջ, մի քիչ կատակով

Հաճախ լսվող արտահայտություն է՝ «Երկիրը երկիր չի»: Բոլորի համար սովորական է դարձել, բայց շատ իզուր, քանի որ, եթե մենք մտածենք, որ մեր երկիրը վատն է, ապա ինչպես կմտածեն այլ ազգեր մեր երկրի մասին, հաստատ ոչ լավը:

Կամ եկեք մտածենք, երբևէ կտեսնե՞նք մի անգլիացու, ով կասի «I don’t want to live in England, because the country isn’t a country»… Իհարկե ոչ, որովհետև առաջին հերթին այդպես խոսողի մասին կմտածեն, որ լեզվին լավ չի տիրապետում, դրա համար է միտք չարտահայտող նախադասություն ասում: Երկրորդ, այդ մարդիկ ամեն ինչին փորձում են հարմարվել, և ինչ էլ ունեն, չնայած շատ ունեն, ասում են, որ հոյակապ է: Հիմա կասեք՝ բերել մեր ազգը համեմատում է հզոր Անգլիայի հետ: Այո՛, արժե համեմատել, և նույնիսկ տեղին է, որովհետև Հայաստանը Տիգրան Մեծի ժամանակներում ոչնչով չէր զիջում ներկայիս Անգլիային, բայց մեկ է, մեր ապուպապերը էլի բողոքում էին, որի պատճառով էլ այսօր դարձել ենք այս փոքր պետությունը:

Այս թեմային  անդրադարձել է Դերենիկ Դեմիրճյանը իր «Վարդանանք» պատմավեպում. «Մենք մեզ չենք սիրում, չունենք ազգի հպարտություն: Մենք արհամարհում ենք մեզ, օտարն էլ մեզ է հետևում»: Սա էլ ցույց է տալիս, որ ինքնագնահատականի պակասը եղել է նաև 5-րդ դարում, այլ դարերում:

Փորձենք երկրի մասին մեր կարծիքը փոխել, քանի որ երկիրը երկիր է, և կարևոր է, թե ինչպես ենք մենք ընդունում: