Anna Andreasyan

Դպրոցական առարկաների տարբերությունները Ամերիկայի և Հայաստանի դպրոցների միջև

Նորից ես: Ինչքան հետաքրքիր է, չէ՞. մեկ տարի առաջ տանը նստած էի, իսկ այսօր արդեն օվկիանոսի մյուս կողմում եմ, հազարավոր կիլոմետրեր հեռու տնից: Բայց լավ, ուրիշ բանի մասին էի ուզում գրել, ուղղակի ինչպես միշտ թեմայից շեղվեցի: Ուրեմն այսպես՝ Ամերիկայի ու Հայաստանի դպրոցների տարբերությունների մասին բազմիցս խոսվել է: Եվ այդ տարբերություններից մեկի մասին էլ այսօր ես կխոսեմ: Խոսքս առարկաների բազմազանության մասին է: Այն, որ այստեղ բազմաթիվ և տարբեր մակարդակների առարկաներ կան, կարծում եմ շատերը գիտեն: Բայց այստեղ ի տարբերություն մեր դպրոցների, ավագ դպրոցներում կան այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ նկարչություն, 3D դիզայն, փայտագործություն, մետաղագործություն, կար, երաժշտություն և այլն: Ի դեպ երաժշտության ժամերին ոչ միայն երգել, այլ նաև տարբեր երաժշտական գործիքներ նվագել են սովորեցնում: Դրանք բոլորը առանձին առարկաներ են:

Իհարկե, Հայաստանում էլ ենք անցել այս առարկաներից որոշ բաներ, բայց միայն տարրական կամ միջին դպրոցում: Եվ սովորաբար մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում այդ առարկաներին, մի տեսակ «մատների արանքով» ենք նայում: Մեզ համար «լուրջ» առարկաներ են մաթեմատիկան, լեզուները, գրականությունը և այլ՝ այդ դասին պատկանող առարկաներ: Իհարկե, դրանք շատ կարևոր են, բայց երեխաների բազմակողմանի զարգացման համար, կարծում եմ, պետք է սկսենք ուշադրություն դարձնել նաև այն առարկաներին, որոնց մասին քիչ առաջ խոսում էի:

Եթե նկարչությունը կամ երաժշտությունը, կամ այդ առարկաներից մեկը ժամերով կարդալ ու գրել չեն պահանջում, դա դեռ պատճառ չի՝ դրանք ուշադրությունից դուրս թողնելու համար: Մենք հավելյալ պարապմունքների ենք գնում այդ ամենը սովորելու համար, իսկ այստեղ ավագ դպրոցը ավարտելով, արդեն տիրապետում ես այդ ամենին, իսկ եթե հետո ուզես, իհարկե, կարող ես խորացնել հմտություններդ այդ ոլորտներում:

Դպրոցը տրամադրում է բոլոր պայմանները՝ երեխաներին ապահովելու այդ ամենով: Ունենալով հիմնական հմտություններ այդ ամենից, ավելի հեշտ է կողմնորոշվել, թե ինչի մեջ ես ուզում խորանալ, ինչն է քեզ մոտ ավելի լավ ստացվում, ինչը՝ ոչ:

Հ. Գ. Ի միջի այլոց, կիսամյակայիններ գրելու շաբաթն է այստեղ, այնպես որ, ինձ հաջողություն մաղթեք:

anush mkrtchyan

Կյանքը` ճռռացող փեղկերի արանքից

Երբ բոլոր ճռռացող պատուհանները փոխվեն, ու արևն առաջվա նման չծակի աչքերդ, դու կտեսնես կյանքը այլ գույներով:

Երբ քեզ հասնող կիսախավարը մշուշով ծածկի հոգիդ, դու կզգաս, որ մենակ ես:

Բայց երբ հույսդ կորցնես, բացի’ր վերջին ճռռացող փեղկն ու ապրի’ր…

***

Նրան այդ վիճակով տեսնելը վաղուց սովորական է: Տեսնում եմ ամեն կիրակի, ու հայացքս թաքցնում շարֆիս արանքում: Հայացքը միշտ գետնին հառած, սառած ձեռքերով փայտ է հավաքում իր պես միայնակ այգուց: Նրա մասին խոսում են բոլորը, ափսոսանքով ու խղճահարությամբ: Ժամանակին գյուղի փայլուն երիտասարդներից մեկը, ամեն կիրակի սառած ձեռքերով, հայացքը գետնին փայտ է հավաքում, իր պես լքված այգուց…

Անունը նշել անիմաստ եմ համարում, որովհետև նրա անունը վաղուց մոռացված է, երևի: Շենիկում առեղծվածային պատմություններ են պտտվում նրա պահած ոսկիների ու դժբախտ կյանքի մասին: Կյանքը ներքաշել է նրան իր հորձանուտը ու կորցրել բոլորի աչքից: Նրա մասին միայն քչփչում են պատերի տակ ու ցուցամատները պարզում դեպի նա:

***

Ես համարձակվում եմ գրել քո մասին: Դու, անգամ չես էլ նկատել, թե ինչպես եմ ես ամեն անգամ դանդաղեցնում ընթացքս քո այգու կողքին: Ես, գրում եմ, վստահ լինելով, որ երբեք չես էլ կարդալու այս տողերը, ու երբեք չես իմանալու, որ ես երբեք քեզ չեմ խղճացել: Ես խղճում եմ քեզ վրա ցուցամատ պարզող բոլորին, որովհետև նրանք երբեք չեն հասկանա քո թաքցված հայացքի իմաստը: Գրում եմ, որ չթուլանաս, որ որոշես նորից ապրել, որ կյանքը չհաղթի քեզ: Պարզապես, բացի’ր վերջին ճռռացող փեղկն ու ապրի’ր…

Հ. Գ. Հաճախ մարդիկ մեռնում են մեր անտարբերությունից ու անվերջ օդում կախված ցուցամատերից…

Ani Harutyunyan

Գյուղի աստեղային շաբաթը

Գյուղից դեպի դուրս գնացող ճանապարհին միշտ խցանում է, ներս են գալիս մեկ-մեկ, մնում՝ հազվադեպ։ Դեպի գյուղ եկող ճանապարհին երբեմն լսվում է հին մեքենայի՝ բերքի ու գյուղական մթերքի ծանրության տակ ճռռացող անիվների խուլ տնքոցը ու ղեկին նստած ծերուկի հառաչանքը։ Ձմռանը ծերուկն ու մեքենան չեն երևում ճանապարհին։ Մեքենան չի դիմանա ձմռան ծանրությանը, ծերուկն էլ։

Գյուղի փողոցները վաղուց մթությունը ցրելու աստիճան լուսավորված չեն. հին լույսերը չեն աշխատում, նորը գնելու համար մարդիկ չկան, պետք էլ չի: Մի քանի տուն է նշմարվում՝ բակի պատին իմիջիայլոց լույսեր գցված. երեխաները մի քիչ կուրախանան, ավելին անելու ժամանակ չկա, հավես չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է: Մարդիկ էլ, սերն էլ այնքան են պակասել, որ փողոցով քայլելիս հաջորդ տարվա համար ամեն հանդիպողին կարող ես առանձին բարեմաղթանք ասել հատուկ իր համար, իր կյանքը իմացողի, խնդիրը հասկացողի, երազանքը գուշակողի նման, ամեն մեկին իր փայ երջանկությունը ցանկանալ: Ամեն մեկին առանձին գրկել, ամեն մեկի հետ մի բաժակ խմել ու մի կտոր հաց կիսել, Ռաֆիկ պապին հանդիպելիս ասել՝ մի տարի էլ գլորեցիր, ծերո՛ւկ, ու երբեք նրան նեղացած չտեսնել քո խոսքերից, դրա կարիքը, թերևս, չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է, ցուրտ է, որ մարդիկ ուզած-չուզած իրենց ներսի ջերմությունն են դուրս բերում: Առաջվա մարդաշատ փողոցներին փոխարինել են մի քանի տան վառվող վառարանները, մարդաշատ փողոցներում իրար անտարբեր հայացքով նայողները դարձել են հարևանի հետ անընդհատ խոսել ցանկացողներ, ոմանք էլ ուղղակի հարևանի կարիք ունեն, որ զգան՝ մարդիկ ապրում են, ինչ-որ մի տեղ, բացի իրենցից:
Գյուղի Նոր տարվա հեքիաթը ձմեռ պապերն ու նվերները չեն, Նոր տարվա իսկական հրաշքը դեկտեմբերի վերջին գյուղ եկող ճանապարհի խցանումներն են, կյանքում միակ տեղն ու ժամանակը, երբ խցանումը երջանկացնում է. տուն են գալիս։

Տոներն անցան: Գյուղը նորից փոքր է ու մենակ:

anush hovhannisyan

Ձոն կորցրած մուսայի և գտած հայոց լեզվի մասին

Ամանորից առաջ էր, երբ անսահման ցանկություն ունեի գրելու, բայց իմ հարգելի մուսան երևի ինձնից նեղացել է, քանի որ ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ մեր ոսկեղենիկ հայոց լեզվին: Հիմա կասեք. օհ, ոսկեղենիկ, չէ մի չէ՝ հազարագանձ ու մեսրոպատառ, բայց հավատացեք, հայոցը մաթեմի պես բան է, ինչքան խորանում ես՝ այնքան շատ բան ես բացահայտում: Համեմատեցի մաթեմի հետ, որ բնագիտական հոսքի երեխեքն էլ հավատան հրաշքին ու սիրեն:

Նյութերիցս մեկի մեջ, եթե իհարկե կարդացել եք ու հիշողության մի փոքրիկ հատվածի մեջ պահել, խոստացել էի մի քանի հայերեն բառեր ասել, որոնց դուք, հայ լինելով հանդերձ, վստահ եմ, որ ծանոթ չեք: Այո, շտեմարանը հրաշք գիրք է, որը ստիպում է իմանալ ավելին, քան կարող ես: Դե ինչ, սկսենք.

Համբակ – հիմար,

Քղանցք – փեշ,

Վիթ – եղնիկ,

Տիտեռ – կոկորդիլոս,

Խոնջանալ – հոգնել,

Մգլել – բորբոսնել,

Ընդարմանալ – թմրել,

Ապաշավանք – ափսոսանք, զղջում,

Գերմարդ – սուպերմեն,

Տխիլ – պնդուկ,

Ագուգա – կավե խողովակ,

Բեդվին – անապատի քոչվոր ցեղ,

Գրգամոլ – փափուկ կյանք սիրող,

Դերվիշ – մահմեդական թափառական կրոնավոր,

Դրվատել – գովաբանել,

Մեղանչել – մեղք գործել, այլ ոչ թե՝ մեղքերի թողություն ստանալ,

Անպաճույճ – առանց զարդարանքի, համեստ, այլ ոչ թե՝ անկասկած,

Հա, համաձայն եմ, կան բառեր, որոնք երբեք չենք օգտագործելու, բայց եկեք խոստովանենք, որ շատ հետաքրքիր է, և թող 17-ի մեր բարբառային բացատրական բառարանի կողքին լինի նաև այս բառարանը:

Այս տարօրինակ բառերի աշխարհում ես նորից խնդրում եմ իմ մուսային, որ հետ գա, ու ապրենք համերաշխ, ոնց առաջ էինք:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

anush mkrtchyan

Անվերնագիր

Տոնածառը զարդարեցինք երեկ երեկոյան: Այն չի փոխվել քո գնալուց հետո, միայն ծայրի կտորն է պոկվել, բայց հանգիստ եղիր, արդեն ամրացրել ենք:

Առաջին խաղալիքը ես կախեցի, դե, սովորության համաձայն,  որպես տան փոքր: Հարցնում ես, թե Ձմեռ պապից ի՞նչ եմ ուզել, ոչինչ:

Զարմանալի պատահականությամբ քո գնալուց հետո Ձմեռ պապը որոշեց, որ ես արդեն մեծ եմ, կամ էլ համարեց, որ  ունեցածս աման-չամանը բավարար են ողջ կյանքիս համար: Մինչև մեկ տարի առաջ պահում էի դրանք, բայց 15-ում որոշեցի, որ արդեն հոգնել եմ դրանցից:

Գիտես, ես էլ հեքիաթի գրքեր էլ չեմ կարդում, վաղուց մեծ եմ դրանց համար: Լուրջ  գրականություն եմ ուսումնասիրում, դե այն գրքերը, որոնցից մի ժամանակ հոտ էի քաշում:

Կեսգիշերին շամպայնը Հայկն է բացում, արդեն վարպետ է այդ գործում, գիտի առանց ջրհեղեղի բացել:

12-ից առաջ էլի նախագահն ու կաթողիկոսն են խոսում: Չես հավատա, բայց նրանց խոսքերն էլ են նույնը:

Ամեն ինչ նույնն է, բայց առաջվանը չի: Առաջվանը չի, որովհետև ես շատ շուտ բացահայտեցի, որ 12-ին Ձմեռ պապը չէր թակում դուռը, այլ դու էիր երեք անգամ զգուշորեն թխկթխկացնում սեղանի տակ: Ամեն ինչ նույնը չի, որովհետև ես կարոտել եմ այդ ձեռքն ու երեք թխկթխկոցը…

Շնորհավոր Նոր տարի, պա՜ պ:

hovhannes ghulijanyan

Այս օրերի խոսակցությունները

Շուտով Նոր տարի է: Մարդիկ, դա հիշելով, ունենում են երկու տեսակի արձագանք՝ «Ա՜, էլի Նոր տարի է» և՝ «Ջա՜ն, հեսա Նոր տարի է»։ Ես այս տարի առաջին արձագանքն ունեի, քանի որ հիշեցի Նոր տարվա մասին, երբ խանութից տուն էի վերադառնում, և ձեռքերս սկսեցին ցավել ծանրությունից: Բայց, ընդհանրապես, ես այն տեսակի մարդկանցից եմ, ում համար մեկ է Նոր տարին: Դա մանկուց էլ այդպես էր, քանի որ ես իմ կյանքում երբեք նամակ չեմ գրել Ձմեռ պապիկին։ Ու հիմա ինձ համար Նոր տարվա գլխավոր դրական կողմն այն է, որ շատ լավ հանգստանում ենք, քանի որ մեր դպրոցում աշնանային և գարնանային արձակուրդն էլ է միացված ձմեռայինին։

Իսկ հիմա եկեք թողնենք իմ այդ «մանկական» մեկնաբանությունը Նոր տարվա մասին և փորձենք մի փոքր վերլուծել, թե մեծահասակների տեսանկյունից ինչպես է ընդունվում Նոր տարին։ Դրա համար ինձ կրկին օգնության են գալիս խանութում պատահած խոսակցությունները։

-Տեսնես՝ ո՞վ է հորինել էս ձևականությունը, իբր քիչ էին մեր ծախսերը, հիմա էլ Նոր տարին։

-Դե, ի՞նչ ես բողոքում։ Արժե գոնե տարվա մեջ մի անգամ մեզ լիարժեք ուրախ զգանք և կտրվենք առօրյա հոգսերից։

-Դե հա, բայց ո՞ւմ է պետք էդ ուրախությունը, եթե պիտի դրանից հետո մի երկու ամիս էլ էդ երկու օրվա ուրախության ծախսերը վճարենք…

-Ոնց եմ սիրում էս Նոր տարին։

-Ինչո՞ւ։

-Դե, հազիվ հանդիպում ենք «կորած» բարեկամներով։ Ամբողջ տարին ոչ մի օր չենք հարմարեցնում իրար հյուր գնալ, գոնե Նոր տարուն հիշում ենք իրար։

-Հա, ճիշտ ես։ Ուրիշներին թողնես՝ մենակ բողոքեն…

sona mkhitaryan

Իմ 2017-ը

2017թ.-ն ինձ տվեց և խլեց ինձնից շատ թանկ բաներ: Ես ավարտեցի դպրոցը՝ կորցնելով այն դպրոցական, դասարանական ջերմ միջավայրը, որից թվում էր, թե անբաժան էի: Տվեց ուսման մեջ նոր հնարավորություններ, նոր շրջապատ, հետաքրքիր առօրյա: Խլեց պապիկիս, չնայած, որ չեմ կարողանում հավատալ: Տվեց ինձ հնարավորություն՝ թեկուզ մեկ, բայց ոչ վերջին անգամ աշխատելու սեփական գումարս: Տվեց ինձ՝ քրոջս և իր երեխաներին տեսնելու, գրկելու, գրեթե մեկ ամիս նրանց հետ անցկացնելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, խլեց մյուս քրոջս ու իր երեխային տեսնելու հնարավորությունը (հույս ունեմ նրանց 2018թ.-ին տեսնել): Տվեց ինձ շատ մեծ ցավ (հայրիկիս առողջությունը շատ թանկ է ինձ համար), որը կհաղթահարենք: Տվեց փորձություն ու այդ փորձությունը հաղթահարելու համար այնպիսի մեկին, ով ձեռքս բռնեց ու տարավ առաջ (մինչև հիմա ձեռքս բռնած է): Տվեց քննություններ, որոնք բավականին լավ կարողացա հանձնել:

Հիմա ես եմ խնդրում, որ տա ինձ ուժ, որ գալիք քննություններիս նույնպիսի արդյունք ստանամ:

anush hovhannisyan

Իմ 2017-ը

Ի՞նչ տվեց ինձ 2017-ը: Հը՜մ, որտեղի՞ց սկսեմ, երևի ճիշտը սկզբից գալն է, դե ուրեմն գնացինք: Տարին այդքան էլ ուրախ չսկսվեց: Մեր ընտանիքում մեծ կորուստ ունեցանք, և հիմա տատիկս մեզ հետ չէ: Բայց ինչևէ, պետք չէր կոտրվել, ու ես շարունակեցի աշխատանքային տեմպով նպատակներիս իրականացմանը գնալ: Վերջապես կարողացա իմ ամենա-ամենա երազանքը իրականացնել,  և հիմա իմ անբաժան մասնիկը՝ ֆոտոապարատս, ինձ հետ է:

Ապարատը կա, ի՞նչ մնաց անելու: Դե իհարկե, անդադար նկարել, բայց մինչև դասերի սկսվելը, քանի որ ես այս տարի վերջապես հասկացա, որ ուզում եմ դառնալ լրագրող ու որոշեցի, որ արդեն պետք է սկսեմ ընդունելության քննությունների համար պարապել:

Սկսել եմ ու ասեմ, որ բավականին հաճելի է, գիտե՞ք: Քեզ շատ պատասխանատու ու լուրջ ես սկսում պահել: Դե դու պատրաստվում ես ուսանող դառնալ:  Օ՜, այո, ես պարապում եմ հայոց լեզու: Մի երկու բառ ասե՞մ՝ զարմանաք: Բայց չէ, թող մնա մի ուրրշ նյութի մեջ հետաքրքիր  բաներ կբացահայտեմ հայոց լեզվից:

Իսկ հիմա հասանք ամենակարևոր իրադարձությանը: Յուհո՜ւ… Ինձ հնարավորություն ընձեռվեց  Հայաստանից դուրս, Վրաստանում ներկայացնել իմ «Մանանա»-ն Tbilisi Sunrise միջազգային կինոփառատոնի ժամանակ: Այդ մասին ռեպորտաժների շարք եմ գրել, կարող եք կարդալ 17-ում: Հա, առիթից օգտվեմ ու ասեմ, որ «թույն» օրեր էին, որ մի օր հանդիպենք, ավելի շատ կպատմեմ: Մենք վերադարձանք սպասվածից էլ լավ արդյունքով՝ երկու գլխավոր մրցանակ երկու տարբեր անվանակարգերում: Հանդիպել աշխարհի տարբեր երկրների կինոաշխարհի ներկայացուցիչների, մեկ շաբաթ անընդհատ ապրել կինոյով, ի վերջո ոգևորվել, որ մենք էլ իրենցից պակաս չենք, նույնիսկ իրենց մեջ լավագույնն ենք, շատ ոգևորիչ էր, շատ մեծ փորձ  ու առաջ շարժվելու ևս մեկ օգնող քայլ:

2017թ-ի իմ լավագույն ձեռքբերումների համար ինձ միայն մնում է ևս մեկ անգամ շատ մեծ շնորհակալություն հայտնել  իմ միակ ու անկրկնելի և իհարկե, անփոխարինելի «Մանանա»  կենտրոնին:

sona mkhitaryan

Հասարակության գործելակերպի ու իմ դիրքորոշման մասին

Համալսարան ընդունվելուն պես դրսում շատ երևույթների եմ հանդիպել, որոնց մասին շատ եմ մտածում, մտահոգվում, քննարկում ընկերներիս հետ: Մի դեպք պատմեմ:

Ընկերուհուս հետ նստած սպասում էինք ուսանողական տրանսպորտին, երբ մեզ մոտեցավ մի կին (40-ն անց կլիներ)՝ ասելով.

-Երեխեք ջան, մի հարյուր դրամ կտա՞ք, մամաս հիվանդ ա, պիտի դեղ առնեմ:

-Դուք առողջական որևէ խնդիր ունե՞ք,- հարցրի ես:

-Չէ, մամաս ա հիվանդ:

-Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:

-Տեղ չկա:

-Գիտեք՝ դուք կարող եք ուղղակի հավաքարար աշխատել, կապ չունի՝ փողոց կավլեք, թե որևէ խանութ, կարևորը, որ դուք ձեր քրտինքով ձեր ամսական թեկուզ 30 հազարը կվաստակեք, ու ձեր մայրիկին դեղով կապահովեք: Ես կտամ ձեզ էդ գումարը, բայց իմացեք, որ այդ 100 դրամը իմ ծնողն էլ հեշտությամբ չի վաստակում:

-Հա, լավ, չես կարա՝ մի տուր,- ասաց նա ու գնաց:

Դե, հիմա եկեք քննարկենք: Մի՞թե սխալ եմ: Ախր, ինչո՞ւ են միշտ հեշտի կողմը վազում, գումար հավաքելը (առանց հաշվի առնելու՝ ուսանողի է մոտենում, թե մեկ այլ անձի), մուրացկանություն անելը արդյո՞ք պատվաբեր է: Եթե անզեն աչքով տեսանելի լիներ իր վատ առողջական վիճակը, որ կարիքից դրդված է անում մուրացկանություն, ես ոչ մի բառ չէի ասի:

Մեկ այլ դեպք էլ պատմեմ: Ընկերուհուս ու իր ընկերոջը (նա զինվոր է ու տվյալ պահին զինվորական հագուստով էր) եկեղեցու բակում նկարում էի ֆոտոխցիկով: Եկեղեցի էինք բարձրանում ու մի մոմավաճառ կին, կոպիտ ասած, կպել ու պոկ չէր գալիս զինվորից: Համոզում էր, որ 20 մոմ գնի 1200 դրամով: Դե հա, որ հաշվենք մեկ մոմը 60 դրամ՝ այդ գինն է գալիս: Այդ տղան գնեց մոմը՝ չնայած, որ մենք եկեղեցի չէինք մտնելու ու եկեղեցում էլ մոմեր վաճառում են: Հետո կինն սկսեց համոզել, որ սրբապատկեր էլ գնի: Այս երևույթին հակառակ, երթուղայիններում փակցված տողեր եմ կարդում. «Զինվորից երթուղայինի գումար չեմ վերցնում»: Դիմե՞մ այդ կնոջը: Չէ՞ որ այդ զինվորի շնորհիվ է, որ դուք հանգիստ այդ տարածքում մոմ եք վաճառում:

Հակառակ դրան՝ ևս մի բան ասեմ: Գիտեմ այնպիսի կանանց, ովքեր անծանոթ զինվորների խոսակցությունը լսելով (ասել են, որ շատ սոված են)՝ տարել և հյուրասիրել են տաք ուտելիք, տաքսիով հասցրել են զորամաս: Մարդկանց մտածելակերպն ու խղճի չափը շատ տարբեր են: Այդ նույն տարածքում մեկ այլ սրբապատկեր վաճառող կնոջ հեռախոսը iPhone 6 է: Ցավալի է շատ, որ մեր շրջապատում կան այդպիսի մարդիկ: Շատերն էլ ասում են.

-Այ մարդ, նրանք մեզնից լավ են ապրում:

Մեկ-մեկ մտածում եմ, որ ճիշտ են ասում…