anush hovhannisyan

Կար ու չկա

Մայրիկս միշտ պատմում է իր մանկությունից, և դա իմ ամենասիրելի զրույցներից է: Ես հետաքրքրասիրությամբ անընդհատ հարցեր եմ տալիս, իսկ նա սիրով ու համբերատարությամբ պատասխանում է: Պաշտում եմ, երբ նա սկսում է պատմել իրենց բակային խաղերից, որոնք նրանց առօրյայի մի մասն են եղել, իսկ մենք անգամ դրանց անունները չենք լսել:

Այ, օրինակ՝ յոթ քարը: Դա խաղացել են այսպես. ռետինե գնդակը (պայթած ու անպետք) կտրել են 7 շրջանների, որոնք 1-ից 7 համարակալված են եղել, և «գործնագործի» նման բաժանվել են 2 խմբի: Կենտրոնում իրար վրա շարված են եղել գնդակի կտորները, իսկ խաղի կենտրոնում գտնվողը պետք է գնդակից պաշտպանվելու հետ մեկտեղ կարողանար հարթ գետնին դասավորել կտորները և հակառակը՝ հավաքեր իրար վրա: Ակտիվ, շարժուն ու շատ հետաքրքիր խաղ, որի մասին լսելիս էլ անգամ ցանկանում ես ինքդ խաղալ:

Իսկ մյուս խաղի անունն է «չլիկ դաստա», որը, ըստ բակային կանոնների, խաղում էին միայն տղաները: Խաղում էին ընդամենը 2 փայտի կտորով, որոնցից մեկի օգնությամբ մյուսը պետք է կարողանային հարվածելով պտտեցնել: Երկու փայտի օգնությամբ նրանք կարողացել են խաղ մտածել ու հետաքրքրացնել իրենց առօրյան: Իսկ աղջիկները խաղում էին «ռեզին», պարան, «լյագուշկա»: Այսպես կարելի է խաղերի անվերջանալի մի շարք գրել ու անպայման շարքի վերջում չմոռանալ նշել բակային ճամբարները: Ինչպես ասում է մայրիկս՝ իրենց բակը լրիվ վերածված է եղել օլիմպիական խաղերի մարզադաշտի:

Միայն լսելուց այս ամենի մասին, մի պահ նախանձ եմ զգում, որ եղածը խաղեր են, բայց ես դրանք չեմ խաղացել: Չնայած՝ ես դեռ մի փոքր ուրախանալու տեղ ունեմ, քանի որ երբ փոքր էի, մեր բակում դեռ չկային տներ՝ համակարգիչներով զինված, ու մենք էլ էինք խաղում՝ մոռանալով ժամանակի մասին, խաղում էինք մինչև ուշ գիշեր:

Սիրում եմ, երբ մայրիկս սկսում է իրենց չարաճճիություններից պատմել, ու երբ հարցնում եմ, թե նա ինչ կաներ, եթե հիմա նույնը մենք անեինք, սկսում է ծիծաղել ու ասում, որ շատ խիստ կբարկանար ու կզրկեր բջջայինից: Իսկ իրենց ժամանակ ամենածանր պատիժը բակ իջնելու հնարավորությունից զրկվելն էր:

Այո, փոխվել է ժամանակը, անգամ պատժի մասին պատկերացումներն են փոխվել:

hovhannes ghulijanyan

Խանութում

Աշնան գեղեցիկ օրերից մեկն էր, ես էլ սովորականի նման գնում էի խանութ, բայց պատմությունս աշնան մասին չէ: Դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին և ակամա նայում էի իմ առջևում գտնվող ընտանիքին: Երեխան, որը մոտ վեց տարեկան կլիներ, մոր ձեռքից քաշեց և ինչ-որ քաղցրավենիք խնդրեց, որի արժեքը դժվար թե գերազանցեր երկու հարյուր դրամը։ Մայրն էլ բարկացավ երեխայի վրա՝ ասելով, որ չի կարող գնել։ Երեխայի հաջորդ՝ մի փոքր նեղված խնդրանքին հետևեց մոր ապտակը, և նա ասաց.

-Գումար չունենք, չե՞ս հասկանում։

Ես ինձ վատ զգացի, որ ներկա էի այդ խոսակցությանը: Ներկա էր նաև ընտանիքի հայրը, որը լուռ նայում էր կնոջն ու երեխային և հարմար առիթը բաց չթողնելով՝ ասաց.

-Երկու հատ էլ էդ սիգարետից տվեք։

Մարդիկ գումար չունեն երեխայի համար քաղցրավենիք գնելու, բայց այն հայտնվում է իրենց համար ծխախոտ գնելիս։ Հիմա կասեք՝ կախվածության մեջ է, դրա համար էդ ծանր վիճակում չի կարողանում թողնել ծխելը, բայց եթե կա ցանկություն, ապա չի լինի նաև ծխախոտ։ Գոնե երեխային չապտակեին:

Anna Andreasyan

17 առանց «-+»-ի

Արդեն երկու ամիս է անցել, ինչ Ամերիկայում եմ։ Չէի գրում, որովհետև զբաղված էի շատ։ Բայց, ամենայն անկեղծությամբ, անհամբեր սպասում էի, երբ կկարողանամ գրել։ Երբ շատ ասելիք ունես, և դա կուտակվում է առանց արտահայտվելու, մի տեսակ գրելը դարձել է անհրաժեշտություն՝ թեթև ու հանգիստ, բավարարված զգալու համար։ Եվ իհարկե, ինչքան էլ զբաղված լինեմ, չեմ կարող չգրել 17 տարեկան դառնալուս մասին։ 1 տարի 17 առանց «-+»-ի…

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 16 դարձա (դե, տրամաբանական է, չէ՞) ու նույնիսկ պատկերացում չունեի, որ մեկ տարի հետո լինելու եմ այստեղ։ Այնքան անսովոր է շնորհավորանքներ ստանալ ընտանիքի անդամներից Ֆեյսբուքով և ոչ դեմ առ դեմ կանգնած։ Մյուս կողմից՝ շնորհավորանքներ ես ստանում ամերիկյան ընտանիքիդ անդամներից՝ դեմ առ դեմ։

Գիտե՞ս, ինչն է հետաքրքիր: Երբեք այսքան շատ շնորհավորանքներ չէի ստացել ծննդյանս օրը, որքան այս տարի։ էլ ի՞նչ կա դրանից ավելի հաճելի՝ զգալ, որ սիրված ես ընկերներիդ ու մտերիմներիդ կողմից։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ պետք է իրարից հեռանան տարածության առումով, որ հասկանան, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, հասկանան, թե ինչքան կապված են ընկերների ու մտերիմների հետ։

Լավ, հերիք փիլիսոփայեմ։ Մի քիչ համառոտ պատմեմ՝ ինչպես եմ և ինչ եմ անում։ Արդեն հարմարվել եմ ամերիկյան կյանքին ու զգում եմ, թե ինչպես են շատ բաներ դառնում սովորական, մինչ առաջ շատ անսովոր էին։ Արդեն չեմ զարմանում, երբ չիպսը, մրգերը սեղանին են լինում ընթրիքի ժամին ու նման բաներ։ Երկու երկրներ աշխարհի երկու ծայրերից, նրանցից յուրաքանչյուրի մշակույթը զարգացել է յուրովի, այնքան տարբեր, միևնույն ժամանակ, որոշ նմանություններով։ Բայց մի բան հաստատ է, որ ինչքան էլ տարբեր լինենք, մեզ կապում է մի շատ կարևոր բան. մենք բոլորս երկիր մոլորակի բնակիչներն ենք՝ մարդիկ, և ունենք նույն զգացումները։

Հ․Գ․ Դե ինչ, ծնունդս շնորհավոր։ Սպասեք նոր հոդվածներիս։

Չեմպիոնի ուղին

Հարցազրույց բազկամարտի աշխարհի չեմպիոն Դավիթ Մադոյանի հետ: Այժմ Դավիթը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր և աշխարհի չեմպիոն: 

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Դավի՛թ, խնդրում եմ պատմիր, թե ինչպես և երբ սկսեցիր զբաղվել սպորտով: 

-16 տարեկանից ծնվեց սերը սպորտի նկատմամբ: Երբ դեռ պրոֆեսիոնալ չէի, սկսել էի զբաղվել բազկամարտով, մրցում էի, ուժերս էի փորձում հասակակիցներիս շրջանում: Սակայն առաջ գնալու համար պայմաններ չկային, բայց, ի ուրախություն ինձ, շուտով Արմավիրում բացվեց մի մարզասրահ, որն էլ իմ առջև բացեց մեծ ուղի դեպի բազկամարտ:

-Ի՞նչ էիր զգում առաջին մրցման ժամանակ: 

-Առաջին մեդալս վաստակել եմ Հայաստանի սահմաններում՝ Շիրակի մարզի բաց առաջնության ժամանակ, երբ զբաղեցրի երկրորդ տեղը:

-Կա՞ն մարդիկ, որոնք քեզ ոգեշնչում են, խրախուսում, որ միշտ առաջ շարժվես:

-Այո, իհարկե, յուրաքանչյուր մարզիկի կողքին պետք է լինի ոգեշնչող մեկը: Իմ կողքին են միշտ ընկերներս, մարզիչս, հարազատներս, ընտանիքս: Ծնողներս ամեն մրցաշարից առաջ ասում են, որ իրենց համար կարևոր չէ հաղթանակը, կարևորն այն է, որ վնասվածք չստանամ: Բայց երբ իմանում են հաղթանակիս մասին, շատ են ուրախանում, ու հենց նրանց հրճվանքն էլ ինձ ուժ է տալիս, որպեսզի մյուս անգամ նույնպես հաղթանակով վերադառնամ:

-Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բազկամարտը քո կյանքի մի մասն է: Կա՞ արդյոք քեզ համար սահմանված հաղթանակի բանաձև: 

-Ունեմ կարգախոս՝ հավատա քեզ յուրաքանչյուր իրավիճակում, որը, կարելի է ասել, ինձ բավականին ոգևորում է:

-Համեմատելով քեզ 16 տարեկանում և այժմյան սերնդին՝ տեսնո՞ւմ ես նույն ձգտումը սպորտի նկատմամբ: 

-Չեմ կարող ասել, որ չկա ձգտում, ուղղակի չկա այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ մենք ինքներս պետք է օրինակ ծառայենք նրանց համար, ու նրանք էլ, տեսնելով մեր հաղթանակները, պետք է ոգևորվեն ու ձգտեն մեզանից առաջ անցնել:

-Առաջիկայում կա՞ն մրցաշարեր, որոնց պատրաստվում ես մասնակցել: 

-Նախ ասեմ, որ իմ անձնական բժիշկն անգամ դեմ էր, որ ես մասնակցեի աշխարհի այս առաջնությանը, բայց իմ համառության շնորհիվ ես գնացի ու հենց վնասված ձեռքով էլ հաղթեցի: Իսկ հիմա զբաղվում եմ ձեռքիս լիարժեք ապաքինմամբ, քանի որ մայիսին Եվրոպայի առաջնությունն է Բուլղարիայում: Ամեն ինչ անելու եմ, ոչ մի ջանք չեմ խնայելու, որ միշտ Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնեմ Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Լուսանկարը՝ Դավիթ Մադոյանի անձնական էջից

Լուսանկարը՝ Դավիթ Մադոյանի անձնական էջից

-Աշխարհի առաջնությունում դու դուրս եկար մի վերնաշապիկով, որի վրա ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի նկարն էր, կպատմե՞ս մի փոքր այդ մասին: 

-Ադամը իմ ընկերն է եղել ու կա, մենք միասին ենք մարզվել, ու ամեն անգամ նա շատ էր ուրախանում իմ հաջողություններով: Ու ես իմ պարտքն էի համարում, որ իմ մեծ հաղթանակը նվիրեմ ընկերոջս. ես հասա դրան:

-Դժվար չէ՞ պահել չեմպիոնի կոչումը: 

-Ինչ խոսք, դա մեծ պատասխանատվություն է: Հաղթանակին հասնելն այլ բան է, իսկ այդ հաղթանակը պահելը՝ մեկ այլ բան: Ես միշտ պայքարելու եմ, որ հասնեմ ավելիին:

-Ի՞նչ կմաղթես ընթերցողին: 

-Բոլորին ցանկանում եմ մեծ հաղթանակներ, ու թող բոլորն էլ զգան այն, ինչ ես եմ զգացել, քանի որ մինչև պարտվել չսովորես, չես զգա հաղթանակի ուժը:

 

Հարցազրույցը վարեց Անուշ Հովհաննիսյանը

anush mkrtchyan

Աշունը` գրչիս ծայրին

Կյանքիս 15-րդ աշունը ես սիրում եմ այնպես, ինչպես մնացյալ 14-ը:

Աշունը սենյակում փակվելու ու տատիդ հավաքած ուրցով թեյը խմելու ժամանակն է:

Աշունը առանց անձրևանոցի թրջվելու, հետո 39° ջերմությամբ պառկելու ժամանակն է:

Աշունը երբեմնի թաղածդ հիշողությունները վերապրելու ժամանակն է:

Աշունը մամայի ամեն առավոտ ասվող.

«Տաք հագի՝ չմրսես» խոսքերն են:

Աշունը մարդիկ են, որ մի ժամանակ բրդյա տաք վերարկուդ ուսիդ էին գցում, որ չհիվանդանաս:

Աշունը մենակության մեջ մրսելու ու մտքերդ տերևների մեջ խեղդելու ժամանակն է:

Աշունը քո բաժին արևը մինչև մազերիդ ծայրը զգալու ժամանակն է:

Աշունը առավոտից մինչև իրիկուն անձրևի հոտով հարբած լինելու ժամանակն է:

Աշունը աշխարհի հետ հատման կետեր չունենալու, նրան անվերջ զուգահեռ լինելու քո ժամանակն է:

Գրում եմ, հետո ծալում աշունը` որպես մի դեղին տերև, դնում գրքիս արանքում ու մոռանում մինչև հաջորդ աշուն:

sona mkhitaryan

Կարոտելու մասին

Կարոտելիս պիտի ճիշտ կարոտես, ճիշտ մեկին կարոտես, որ կարոտդ փոխադարձ լինի: Շատ դեպքերում դու ուղղակի կարոտում ես՝ չիմանալով՝ կարոտդ փոխադարձ է, թե ոչ: Այ, օրինակ՝ ես կարոտում եմ իմ երեկվա օրը, որտեղ չկար կարոտ, բայց չգիտեմ՝ այդ օրն ինձ կարոտո՞ւմ է արդյոք: Կարոտում եմ մեր գրականության դասաժամերը, երբ տխուր էինք լինում ու մի տխուր երգից ակամա լաց էինք լինում: Ես էլի չգիտեմ՝ այդ օրերն ինձ կարոտո՞ւմ են: Կարոտում եմ հայոց լեզվի պարապմունքների ժամերը, կարոտում եմ ինձ՝ 12 տարի առաջ, երբ ցեխերով տնակ էի հավաքում, իսկ հիմա հեռախոսով տեքստ եմ հավաքում: Կարոտում եմ մամայիս, երբ ինձ օգնում էր դաս անել: Մայրս դեռ ժամանակ ուներ ինձ հետ նստելու, խոսելու, իսկ հիմա կա՛մ ես չունեմ այդ ժամանակը, կա՛մ նա: Կարոտում եմ պապայիս: Նա տանը չէ, հարևանի տանն էլ չէ, պարզապես երկրում չէ: Կարոտում եմ, երբ նա հայոց պատմության գիրքը վերցնում էր ու ասում, որ պատմեմ: Նա ուներ ժամանակ՝ իմ դասերը ստուգելու, իսկ հիմա… Հիմա այլ է: Կարոտում եմ քույրերիս ու այն օրերը, երբ համակարգչի համար կռվում էինք: Հիմա նրանք էլ տանը չեն, հարևանի տանն էլ չեն, ուղղակի երկրում չեն: Երկիրը՝ չգիտեմ, բայց ես կարոտել եմ:

Ani Harutyunyan

Հիշո՞ւմ ես ինձ

Տարբեր մարդիկ ինձ տարբեր անուններով են կոչել, բայց դրանից իմ էությունը չի փոխվել: Ես գալիս եմ հազարամյակների խորքից, այնտեղից, որտեղ մնացին իմ թշնամիներից ու բարեկամներից շատերը, մնացին, կործանվեցին, մոռացվեցին, բայց ես շարունակեցի քայլել ու կանգուն մնացի: Դժվար էր, հավատացեք: Ես՝ մեկը, անընդհատ ճնշողները՝ շատ:

Հաճախ ես էլ չէի հասկանում՝ որտեղից ինձ այդքան ուժ, այդքան կամք ու սեր դեպի կյանքը:

Ես մեծ էի, բայց, փոխանակ ավելի մեծանալուն, փոքրանում էի: Հակառակ բնության բոլոր գրված ու չգրված օրենքներին՝ ես փոքրանում էի: Ինձ սեղմում էին, վիրավորում, վերքեր հասցնում: Արյունաշաղախ ես շարունակում էի քայլել: Հաճախ ոչ ոք չէր էլ բուժում վերքերս: Ես ուժ էի գտնում՝ մտածելով ապագայում ինձ սպասողների մասին: Նրանց տեսնելով իմ երազներում՝ ես հաղթահարում էի ամենացավալի ու ծանր հարվածները: Բայց լինում էին պահեր, երբ ես հավաքում էի իմ ուժերն ու ցույց տալիս, թե ինչի եմ ընդունակ: Ես կռվում էի, պաշտպանվում էի, պաշտպանում էի այն, ինչ իմն էր ու նորից շարունակում էի քայլել:

Ես լսում եմ՝ ինչպես են միշտ խոսում իմ մասին: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են միշտ ինձ լքում ու հեռվից փառաբանում, կարոտի խոսքեր ասում ու չեն գալիս ինձ գրկելու: Իմ մասին միշտ երգեր են գրում ու երգում, բայց երբեք իրենց երգածներն իրականություն չեն դարձնում: Ինձ միշտ բանաստեղծություններ են նվիրում, բայց երբ երկարատև հիվանդանում եմ, խնամքի, օգնության կարիք եմ ունենում, ոչ ոք ականջիս չի շշնջում բանաստեղծություններն ու սփոփանքի խոսքերը: Բոլորն ինձ սիրում են, բայց քչերն են հոգ տանում իմ մասին:
Ես անկախ երիտասարդ եմ կամ երիտասարդ անկախություն, բայց եռանդս չի հերիքում օդանավակայանումս չվերթի իրենց հերթին սպասող ընտանիքին մտափոխելու համար:

Ես տեսել եմ՝ ինչպես են թալանում, սպանում հայրերիս, ցավով հետևել եմ ու ի զորու չեմ եղել օգնելու նրանց: Ես չեմ կարողանում փրկել որդիներիս ու թեև հավերժ գրկում եմ նրանց, բայց ցանկանում եմ պահել կողքիս:
Խնդրում եմ, դադարեք ինձ խեղդել ձեր խոսքերով, ուղղակի լուռ պայքարեք, օգնեք ազատվել ինձ ներսից մաշողներից, օգնեք հանգստություն ու իրոք անկախություն գտնել:

Բարև, մի մոռացիր ինձ, իմ անունը Հայաստան է:

hovhannes ghulijanyan

Պապիս պատմած առակը

-Թոռներ ջա՛ն, հլը էկեք։

-Էկանք, պապի ջան, ասա, լսում ենք։

-Ուրեմն, այ սենց, որ ձեզ տեսնում եմ, ուզում եմ կենաց խմել իմ թոռների միասնության համար։

-Հա, պապի ջա՛ն, անուշ ըլնի։

-Դե, էկեք՝ մի պատմություն պատմեմ միասնության մասին։
Երկու ընկեր քայլում են, ու մի ուրիշը գալիս, խփում ա ընկերներից մեկի փորին: Էս տղեն ասում ա՝ վա՜խ, մեջքս: Մի հատ էլ ա խփում փորին, էլի ասում ա՝ վա՜խ մեջքս։ Հետո, որ էդ խփողը գնում ա, էս ընկերը ասում ա, թե՝ քո մեջքին էին խփում, ինչի՞ էիր ասում՝ վախ մեջքս։ Էս տղեն էլ ասում ա. «Որ ես մեջք ունենայի, իմ փորին խփող չէր լինի»։
Բա, թոռներս, նենց ապրեք, որ ոչ մեկի ձեռքը ձեր փորին չհասնի։

Թոռներից մեկն էլ ես էի, ու էս պատմությունը շատ դուր եկավ ինձ, ասացի՝ ձեզ էլ պատմեմ:

ՀՊՄՀ-ի թանգարանում

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Ուսանողական երկրորդ շաբաթս իրականում հագեցած սկսվեց: Նախ, մենք գրանցվեցինք «classroom» հարթակում, ստացանք մեր առաջադրանքները, ու կարելի է ասել`ընկանք հունի մեջ: Այսօր կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին ուսանողները ՈւԽ-ի նախագահ Անժելա Գաբրիելյանի գլխավորությամբ այցելեցին ՀՊՄՀ-ի թանգարան: Ես լուսանկարչի դերում էի, ինչը պարտավորեցնող էր: Առաջին հայացքից հետաքրքրություն առաջացրեց: Ուսանողներին ամենից շատ գրավեց այն, երբ տեսան քայլող, խոսող Աբովյանին: Իրականում դա պարզապես հոլոգրամա էր, բայց շատ իրական: Սկզբում՝ մի քիչ վախեցնող: Ուսանողները տեղեկացան համալսարանի պատմության և նվաճումների մասին: ՈւԽ-ի նախագահը մեզ ոգևորված ներկայացնում էր «Erasmus+» ծրագիրը:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Թանգարանում տեսանյութ դիտեցինք այն մասին, թե հայ հայտնի և տաղանդավոր մարդկանցից ովքեր են եղել ՀՊՄՀ-ի ուսանողներ: Եվ վերջում ամեն կուրսից մեկ հոգի իր ցանկությամբ կարծիքների և տպավորությունների նոթատետրում գրառում էր կատարում: Ուսանողները, մեծ բավականություն ստացած, հետ վերադարձան լսարաններ:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Ani Harutyunyan

ԱԷԿ-ի կողքին նստած

Իմ գյուղը Մայիսյանն է՝ թաքնված երկու քաղաքների՝ Արմավիրի ու Մեծամորի արանքում։

Երբ գալիս ես Երևանից, ու վերջանում է Մեծամորը, ուշադիր նայիր աջ կողմդ ու կտեսնես գյուղիս սկիզբը՝ ծառուղին, այդ հատվածը կարծես ֆիլմից լինի։ Քայլում ես մինչև գյուղ ու մոռանում իրականության մասին։
Գաղտնիք չէ, որ դրականն ու բացասականը միշտ ձեռք ձեռքի տված են քայլում, ու եթե գյուղն ունի շատ առավելություններ, թերությունները նույնպես մեզ հանգիստ չեն տալիս։
Գյուղի ներսում առկա խնդիրների մասին չէ, որ խոսելու եմ։ Խոսքս նաև այն բնակավայրերի անունից է, որոնք գտնվում են Ատոմակայանի մերձակա տարածքներում։

Իհարկե, վտանգի դեպքում տուժելու է, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ տարածքը, բայց առաջին հարվածը ընդունելու ու հետ ենք մղելու մենք՝ շրջակայքում ապրողներս։
Տարվա մեջ լինում են միջոցառումներ ու նախնական պատրաստություններ, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում, բայց մենք չունենք համապատասխան պիտույքներ։
Տարբեր երկներում, որտեղ գործում են ատոմակայաններ, բնակիչները ստանում են հակագազեր ու առաջին անհրաժեշտության իրեր՝ վտանգի դեպքում պաշտպանվելու համար, իսկ մեր գյուղում, օրինակ, շատերն անգամ չգիտեն՝ ուր պետք է գնալ ճառագայթման դեպքում, որովհետև միջոցառումները գրեթե միշտ կազմակերպում էինք դպրոցական մակարդակով։
Ինչպես ասում են՝ մինչև դանակը չհասնի ոսկորին, ոչինչ չենք ձեռնարկի, հայ ենք, չէ՞։ Ինչո՞ւ սպասենք, մինչև վտանգավոր իրավիճակ լինի, խուճապ, նոր սկսենք գործել, ու հետևանքներն էլ լինեն անդառնալի։
Ամեն ինչ սկսվում է ինձնից, քեզնից, մեր բնակավայրից ու համայնքից։ Ի վերջո, մանրուքներին ուշադրություն դարձնելով ու փոքր թվացող խնդիրները լուծելով մենք կհասնենք ավելի մեծ խնդիրներին, ու ճիշտ նշանակետին խփելով, կունենանք մեր երազած Հայաստանը։