aniharutyunyanarm

Ծիրանի օղի

Օղի քաշելու առաջին փուլը սկսվում է ծիրանի հասնելուն պես: Երբ դեռ ծիրանը ծառերին տերևների գույնն ունի, Գևորգն արդեն սկսում է նկուղից հանել, մաքրել, դասավորել ու հավաքել օղի քաշելու սարքը: Սարքը դեռ Գևորգի պապի ժամանակներից է մնացել, ինքն էլ միշտ ասում է.

-Մեր ընտանիքում լավ արաղ քաշելը ցեղական ա, ես էլ տղուս եմ սովորեցնելու։

Օղի քաշելու արարողությունն ընդհանրապես մեծ իրարանցում է առաջացնում հարևան տղամարդկանց շրջանում: Ովքեր հասցնում են տեսնել Գևորգին` սարքը հավաքելիս, արդեն ձեռքերը իրար շփելով սպասում են ծիրանի հասնելուն: Երբ ծիրանն արդեն մի քիչ քաղցրանում է, բուն նախապատրաստական աշխատանքները սկսվում են` պետք է ցախերը հավաքել ու ձեռքի տակ հարմար դասավորել, սարքի ամրությունը վերջնական ստուգել, օղու համար նախատեսված մեծ տարաները լվանալ ու նորից ձեռքի տակ պահել և վերջում, իհարկե, մի քանի փոքր բաժակ տանից բերել ու դնել կողքին, որովհետև տարիների փորձից Գևորգը գիտի` սկսելուն պես հարևաններն ու ընկերները կհավաքվեն` մի-մի բաժակ խմելու ու օղին փորձելու:

Ծիրանը հասնում է, բայց մինչև օղի դառնալը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Գևորգը ծիրանը հավաքում է, կորիզներից մաքրում, կորիզները լվանում ու փռում արևին։ Երեխեքը սիրում են ամբողջ բակը կեղև անելով ուտել չորացած կորիզները։ Կորիզազրկված ծիրանը լցնում է մեծ տարաները ու սպասում, մինչև ամբողջությամբ պատրաստ կլինի` դառնալու առիթների ժամանակ իր ու ընկերների սեղանի անբաժան մասը: Իսկ արդեն օղին քաշելու իսկական գործընթացը սկվում է, երբ ծիրանը, սարքը և հարևանները վերջնականապես պատրաստ են լինում.

-Դե լից, լից մի բաժակ խմենք, փորձենք,- առաջինը սկսում է Արթուրը, որ օղիներից գլուխ է հանում ու հենց Գևորգն էլ նրա կարծիքն է հիմնականում հաշվի առնում:

Բայց հո բոլորն էլ գիտեն, որ միայն մեկ անգամ քաշած օղին դեռ որոշակի համ, հոտ ունի, որոնք վերանում ու մաքրվում են երկրորդ անգամ քաշելուց հետո:

Մինչ Արթուրը փորձագետի հայացքով զննում է օղին, Գևորգը ուշադիր հետևում է, որ հանկարծ կրակը չհանգչի, թորված օղին այնքան չլցվի, որ բարձրանա ու թափվի, ու ընդհանրապես, Գևորգի գործը հեշտ չէ, որովհետև նա իր կատարած ցանկացած գործին լրջությամբ է մոտենում, օղի քաշելուն՝ առավել ևս, հեշտ չէ օրվա շոգ պահին անընդհատ հետևել կրակին, արագ գնալ գոմ, կենդանիներին ջուր հասցնել, մի քանի գործ անել դաշտում ու նորից արագ վազել դեպի օղին։ Հեշտ չէ, բայց Գևորգը հասցնում է, չի բողոքում, ասում է, որ հիմա մի քիչ կտանջվի, բայց ձմռանը ամեն ինչ իր տեղում կլինի:

Օղին քաշելու երկրորդ կամ երրորդ օրն արդեն օջախից մի փոքր հեռու փոքրիկ սեղան է հայտնվում՝ վրան հիմնականում մի քանի օղու բաժակ, պանիր, հաց ու կանաչի, լոլիկն էլ հենց կողքին է` այգում, ցանկացած պահի, երբ ինչ-որ մեկը գալիս է, Գևորգն արագ մտնում է այգի, քաղում ու հպարտությամբ կտրատում իր աճեցրած քաղցր լոլիկը: Սեղանի շուրջ միշտ տղամարդիկ են հավաքված, երեխեքն էլ սարքի կողքերը վազվզում են, Գևորգը բարկանում է.

-Շան լակոտներ, կամաց, ձեզ մի վնաս կտաք, արաղս էլ հարամ կանեք։

Բայց երեխեքը շարունակում են վազվզել, տղամարդիկ՝ խմել, երեխեքը հոգնում են վազվզելուց, տղամարդիկ խմելուց՝ երբեք։ Օղին քաշելու վերջին օրն արդեն բոլորով են հավաքվում Գևորգին շնորհավորելու ու մի կտոր հաց ուտելու։

Վերջապես օղին հասնում է նկուղ, բայց երկար էլ չի մնում, որովհետև Գևորգի օղին լավն է, իսկ հաճախորդները՝ շատ։

anna  andreasyan

Մեզ առանձնացնող սովորությունները

Տարբեր մշակույթների ու ազգերի ներկայացուցիչների հետ ծանոթանալու դրական կողմերից մեկն էլ այն է, որ կարողանում ես քո մշակույթին կողքից նայել, այն նույն ձևով, ինչպես երկրորդ լեզու սովորելուց հետո մայրենի լեզուդ էլ ես սկսում որպես լեզու դիտարկել: Պատճառն այն է, որ երբ մի բան քոնն է, չես կարողանում անաչառորեն վերլուծել այն: Հաճախ, երբ տարբեր առիթներով քննարկվում են ժողովուրդների մշակութային տարբերությունները, մի տեսակ բացասական երանգ են հաղորդում թեմային: Բայց կարծում եմ՝ այդ տարբերություններն էլ իրենց գեղեցկությունը ու արժեքը ունեն:

Մեր առօրյայում տեղ գտած շատ սովորություններ կան, որ մեզ թվում է՝ ամբողջ աշխարհում նույնն է, բայց դա իհարկե այդպես չէ, համենայնդեպս, ոչ բոլոր դեպքերում: Իհարկե, մեզ բնորոշող շատ առանձնահատկություններ կան, բայց այսօր այս մի քանի օրինակը բերեմ, որ կարծում եմ՝ սովորաբար չի նկատվում:

Օրինակ՝ մեզ՝ հայերիս համար սուրճ խմելը նույն իմաստը չունի, ինչ արևմտյան ժողովուրդների համար: Հիմա կասեք՝ սուրճ խմելու իմաստը որն է: Ասեմ: Երբ մի հայ մյուսին հրավիրում է սուրճ խմելու, դա իրենից մի ամբողջ «արարողակարգ» է ենթադրում: Մի ամբողջ աղանդերի սեղան է պատրաստվում, հավաքվում են հիմնականում կանայք ու սկսում են քննարկել աշխարհի բոլոր-բոլոր թեմաները (ամեն մեկը՝ ըստ իր մտքի կարողության ու հետաքրքրության): Դե վերջում էլ, եթե խմբում «բաժակ նայող» կա, իր ուժերն է փորձում ոչ այնքան նրա համար, որ բոլորը հավատում են նման բաների, այլ ուղղակի արդեն սովորություն է դարձել, ժամանակ անցկացնելու մի ձև է: Այստեղից երևում է, որ մեկին սուրճի հրավիրելը ամենևին էլ սուրճ խմելու մասին չէ, դու կարող է ինձ նման թեյի սիրահար լինել, բայց քեզ տուն հրավիրելուց միևնույն է ասում են՝ գնանք սուրճ խմենք:

Մի ուրիշ օրինակ էլ հացն է: Մեզ մոտ հացը և՛ նշանակում է ուտելիք, և՛ հենց ինքը հաց: Այստեղից, օրինակ, կարող ենք տեսնել, թե մեր մշակույթում ինչ մեծ դեր ունի հացը: Առանց հացի հայերը սեղան չեն նստում, այն համարվում է սեղանի տարրական ու գլխավոր մասը: Իսկ օրինակ արևմտյան երկրներում, հացի ներկա լինել-չլինելը առանձնապես դեր չի խաղում: Սա իհարկե, մասնագիտական խոր վերլուծություն պահանջող թեմա է, որի մասին ես ուղղակի որպես կողքից նայող եմ խոսում:

Այս վերջին օրինակս ամերիկացիների մոտ էլ եմ նկատել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, մեզ շատ բնորոշ է: Երբ ինչ-որ տեղ հյուր ենք գնում և վերջում արդեն վեր ենք կենում տուն գնալու, այնքան էլ հեշտությամբ չենք անում դա: Փոքր ժամանակ, երբ մի տեղ էինք գնում ու մեծերը արդեն ոտքի էին կանգնում՝ գնալու, ես նստած էի մնում, որովհետև գիտեի, որ ոտքի կանգնելը դեռ գնալը չէ, նրանք պետք է մի կես ժամ էլ մուտքի մոտ զրուցեին: Ու ես նստած սպասում էի այնքան, մինչև հավաստիանում էի, որ այս անգամ իսկապես գնում ենք, նոր վեր էի կենում: Իհարկե, հիմա ինքս էլ եմ հաճախ այդպես վարվում, դե, սովորության հարց է:

Իսկ այս նյութի վերջաբանը մուտքի մոտ կասեմ: Տեղիցս վեր եմ կացել, բայց սովորության համաձայն՝ դեռ չեմ վերջացրել:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ամառ, արև, Հայաստան

Ակնալիճ գյուղի ամառը

Ակնալիճ գյուղի երեխաների ամառը ահա այսպիսինն է: Երեխաները չունեն խաղահրապարակ, և խաղերը կազմակերպվում են փոշոտ, ջարդված ապակիներով, և քարերով լի տարածքում: Երեխաների հետ զրուցեցի: Իրենց համար դա սովորական է, բայց նշեցին. «Դե, մենք քաղաքում չենք ապրում, դրա համար չունենք տենց բաներ»:

Կարևորը խաղալ սիրում են ու խաղում են:

 

anna  andreasyan

Մեր բակի հերոսները

Ամառը: Այն տարվա չորս եղանակներից մեկն է: Բայց միայն այսքա՞նը: Իհարկե ոչ: Ամառը մի ամբողջ երևույթ է, որի մասին մտածելիս ոչ միայն պատկերացնում ես տարվա ինչ-որ ժամանակահատված, այլ գործողությունների մի ամբողջ շարան: Բնականաբար, ամեն մեկիս համար ամռան կերպարանքը տարբեր է: Ոմանց համար ամառը ասոցացվում է հանգստանալու գնալու հետ, ոմանց համար (հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողների)՝ աշխատանքի եռուն շրջանի, մյուսների համար՝ տանը նստելու ու ոչինչ չանելու ժամանակաշրջանն է, մի ժիր ու աշխույժ խմբի համար էլ բակային խաղերի երանելի երեք ամիսներն են:

Հասկանալի է, որ այս վերջին խմբի ներկայացուցիչները երեխաներն են: Միանգամից առաջ անցնեմ ու ասեմ, որ մեր փողոցի երեխաները դեռ հին ու բարի ժամանակների ձևով են խաղում՝ օրվա մեծ մասը դրսում են: Հաճելի է ուղղակի նստել բակում ու հետևել նրանց խաղին: Երեխաների խաղը՝ մեկ-մեկ ընդմիջող կռիվներով, կենդանություն է հաղորդում այլ ժամանակ հանգիստ ու անաղմուկ շրջապատին: Երևի հենց այդ աղմուկն է մեծերին տներից դուրս հանում՝ հարևանների հետ զրուցելու: Երեխաները իրենց համար վազվզում ու խաղում են, մեծերը (այս դեպքում՝ կանայք) աշխարհում գոյութուն ունեցող և նույնիսկ դեռևս չբացահայտված թեմաներն են մեկ առ մեկ քննարկում: Այս ամենի էպիկենտրոնը հենց մեր տան դիմաց է: Հետևաբար, ես էլ դրա մի մասն եմ կազմում: Բայց ես սովորաբար այդ երկու մեծ խմբերից ոչ մեկին էլ չեմ պատկանում, այլ մի երրորդ խմբի անդամ եմ, որի միակ ներկայացուցիչը ես եմ այդտեղ: Ինձ համար մի առանձին տեղ նստում եմ ու սկսում եմ դիտել շուրջս կատարվող երևույթները: Այսօր էլ, ինչպես տեսնում ես, սիրելի՛ ընթերցող, քեզ հրավիրել եմ, որ իմ երրորդ խմբում մենակ չլինեմ, այլ միասին դիտենք, տեսնենք՝ ինչ է կատարվում:

Մեր բակի դիմաց՝ ավազի կույտի հենց կողքը, քարերով ու փայտով հարմարեցված տեղում են հավաքվում մեծերը: Նայիր այն երկու տատիկներին, որ փայտերը իրենց կողքին հենած՝ նստել զրուցում են, նրանցից մեկը իմ տատիկն է, մյուսը՝ մեր հարևանը: Երկու եղբայրների կանայք են: Իրար դեռ մանկությունից են ճանաչում, մի գյուղում են մեծացել: Այնպես որ, բացի ներկայի անցուդարձը քննարկելուց, շատ հիշելու բան ունեն ու կարող են անվերջ զրուցել՝ առանց խոսելու նյութի սղության: Մի քիչ հետո նրանց կմիանան ավելի երիտասարդները, ու խոսակցությունը նոր հուն կստանա:

Իսկ ավազի կույտի վրա նստած տղաները Էդմոնն ու Առնակն են, մորաքրոջ տղաներ են, երկուսն էլ 6 տարեկան են, իրենց համար ինչ-որ բան են կառուցում, հետո՝ քանդում: Մի քիչ էլ որ սպասես, կտեսնես, թե ինչպես են հանկարծ անհամաձայնության գալիս ու կռվում: Բայց լուրջ մի ընդունիր, երկու րոպե հետո նորից կհաշտվեն ու կշարունակեն իրենց շինարարական աշխատանքները:

Ավազից մի քիչ այն կողմ տեսնո՞ւմ ես այն երկու աղջիկներին: Լիլիթն ու Նարեն են, շուտով երկուսի 8 տարեկանն էլ կլրանա: Լիլիթը Էդմոնի քույրն է, Նարեն՝ Առնակի: Հիմա կմտածես՝ մեր փողոցում բոլորը իրար բարեկամ են: Այդպես է, որ կա: Լավ, շարունակենք դիտել, թե այդ երկուսը ինչով են զբաղված: Նորից ճամբար են պլանավորում՝ նման այն տասնյակ ճամբարներին, որ պլանավորվել էին մինչև այդ, բայց այդպես էլ չեն իրագործվել: Մի տեսակ իմ մանկությունը հիշեցի, մեր ճամբարներն էլ երբեք իրականություն չէին դառնում: Երևի մանկական ճամբարի էությունը հենց այն է, որ այն միայն պլանավորելով է սահմանափակվում:

Իրենց բակից հենց նոր դարպասից զգուշությամբ բռնվելով դուրս եկավ Իսահակը: Նա Լիլիթի ու Էդմոնի կրտսեր եղբայրն է: Մեկ տարեկան ու մի քանի ամսեկան է: Հիմա կսկսի խառնվել բոլորի գործերին: Հետաքրքիր է, չէ՞, ինքը մյուս երեխաներին հանգիստ չի տալիս ու փորձում է նրանց հետ խաղալ, ես էլ՝ իրեն: Իսահակը, կարելի է ասել, ինչ-որ չափով պատկանում է իմ երրորդ խմբին: Նրա հետ սկսում ենք զբոսնել ու միասին ուսումնասիրել, թե ով ինչով է զբաղված: Դե, մեկ-մեկ էլ միջամտում ենք, մենակ դիտելով հո՞ չէ:

Տես է, արդեն ուշ է, բոլորը գնացին տուն: Բայց մի անհանգստացիր, այս մի օրով չվերջացավ, դու դեռ էլի շատ առիթներ կունենաս կարդալու մեր բակի բնակիչների ու նրանց անցուդարձի մասին:

sona mkhitaryan

Չբողոքելու նուրբ արվեստը

Բարև: Ուշ-ուշ եմ գրում, կներես դրա համար: Դե, համալսարան, քննություններ, պարապմունքներ, նյարդային նոպաներ: Չես կարող չնյարդայնանալ, երբ տեսնում ես ուսանողների հոծ զանգված, որը միշտ, ամեն ինչից ու ամեն տեղ բողոքում է: Բողոքում են դասախոսներից, ու գիտե՞ք` ինչի համար` թե բա, իրենցից դուրս հարցեր են դրել, ոնց կարելի ա, էսքանը ոնց պիտի հասցնենք, իբր գիտելիք են տվել, հիմա էլ պահանջում են: Իսկ հարգելի ուսանող, դու ե՞րբ եկար էդ դասախոսի դասին հետաքրքրությամբ լի հայացքով դասախոսություն լսեցիր, որ հանգել ես այն եզրակացությանը, թե էդ մարդը գիտելիք չի տալիս: Դուք նման ուսանողներին միայն պիտի հետևեք, թե ինչպես են պաթոսով խոսում` հազիվ էլի, մանկավարժականում սենց էլ պիտի լիներ, նորմալ ա:

Ես անկեղծ չեմ հասկանում` ինչո՞ւ է մարդկանց մեջ նման կարծրատիպ ձևավորվել Մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Չէ, դուք ուղղակի սովոր եք բողոքել, արդարանալ, միացնել ու չանջատել ձեր պաշտպանական մեխանիզմները ու մենակ արագ-արագ արդարանալ: Մտածում եք` ԵՊՀ-ում խնդիր չկա, տնտեսագիտականում չկա, ափսոս, ձեզ պիտի հիասթափեցնեմ: Ձեր այդ ասած «գիտելիք չտվող» դասախոսները ամենուր էլ կան, էդ մանր խնդիրներից, որոնք գտնում եք ու կախվում եք դրանցից, ավելի բարդերը կան:

Ես իմ համալսարանի և՛ բացասական կողմերը գիտեմ, և՛ դրական: Եթե ուսանողը ցանկություն ունենա գիտելիք ստանալու, իրեն ոչ դեկանատը կկոտրի, ոչ դասախոսը, ոչ լսարանի շոգ լինելը (այ, էսպիսի մանր խնդիրներից են կախվում):

Ես անկեղծ կարող եմ ասել, որ ԿՀՍ (կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի) ֆակուլտետի շատ դասախոսներ հենց առաջին կուրսից շատ մեծ ազդեցություն են թողել իմ դիրքորոշումների, արժեհամակարգի, աշխարհայացքի, մենթալիտետի, նույնիսկ` բնավորության ձևավորման վրա: Անգամ ձեր ասած «վատ» դասախոսը ինձ շատ բան է սովորեցրել, օրինակ` ինչպես ճիշտ կոնտակտ հաստատել բարդ բնավորության տեր անձի (այդ դասախոսի) հետ: Ես շնորհակալ եմ իմ դասախոսներից յուրաքանչյուրից, ինձ թե՛ լավ, թե՛ վատ դասեր տալու և գիտելիքը փորձ ձեռք բերելու տեսքով մատուցելու համար:

anna  andreasyan

Հետավարտական մտորումներ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե տեղյակ էլ չեք՝ վերջերս ավարտեցի դպրոցը: Վերջին զանգից հետո բավականին ազատ ժամանակ եմ ունեցել՝ զբաղվելու իմ ամենասիրած գործերից մեկով՝ մտածելով, կամ ավելի ճիշտ՝ վերլուծելով անցած-գնացած 12(13) տարիները: Բոլորս էլ, անկախ նրանից՝ դպրոցը սիրել ենք, թե ոչ, լավ ենք սովորել, թե ոչ, չենք կարող չընդունել, որ ավարտելով դպրոցը՝ կյանքի մի մեծ փուլի հրաժեշտ ենք տալիս: Հիմա ես 18 տարեկան եմ: Այսինքն՝ կյանքիս երկու երրորդը անցկացրել եմ դպրոց հաճախելով: Չեմ ուզում արդեն ծեծված բառերով գովերգել դպրոցը ու դրա տված գիտելիքները: Բայց նաև չեմ կարող չխոսել այն ամենից, ինչ ստացել եմ դպրոցից: Ուրեմն սկսենք սկզբից:

Իմ դպրոցը փոքր է՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցն է, 1-ինից մինչև 12-րդ դասարաններում սովորող մոտավորապես 250 աշակերտով: Աղոտ կերպով հիշում եմ ինձ առաջին դասարանում, և ինչքանով որ հիշում եմ, ոգևորված էի: Միշտ էլ պատկանել եմ աշակերտների այն խմբին, որը սիրել է դպրոց գնալը: Շատ առարկաներ իմը չեն եղել, որոշներն էլ շատ եմ սիրել, բայց դպրոցը սիրելը երբեք էլ դրանով պայմանավորված չի եղել, ես այնտեղ միշտ հաճույքով եմ գնացել: Իհարկե, տարբեր ժամանակներ դպրոցը սիրելու պատճառները տարբեր են եղել: Մի ժամանակ, երբ դպրոցից դուրս առաձնապես ներգրավված չէի այլ բաներում, այն միակ լուսավոր կետն էր կյանքումս: Այն, առօրյայի մի մաս լինելով, ինձ միշտ կտրում էր ձանձրացնող առօրյայից: Հետո էլ, եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, միայն ընկերներին տեսնելը բավարար էր, որ ցանկանայի դպրոց գնալ:

Հետո, վեցերորդ դասարանում, մեր դպրոց նոր ուսուցիչներ եկան: Դե, փոփոխությունը հաճելի է, մի տեսակ թարմ շունչ է հաղորդում: Նրանց գալը հենց այսպիսի ազդեցություն էլ ունեցավ: Սկսեցի էլ ավելի մեծ ոգևորությամբ սովորել: Իրականում, մարդիկ հաճախ շատ ուշադրություն չեն դարձնում այն կարևոր հանգամանքին, որ ուսուցչին սիրելը կարող է սեր ձևավորել նաև առարկայի հանդեպ: Իհարկե, աշակերտն էլ պետք է ձգտումը ունենա ու սովորել ցանկանա: Բայց իմ սեփական փորձից վստահեցնում եմ, որ երբ սեփական ցանկությունը և արտաքին ազդեցությունը միախառնվում են, արդյունքը, անշուշտ, չի հիասթափեցնում:

Հենց այս ժամանակ էր, երբ մաթեմատիկան, որից ի սկզբանե շատ ավելի լավ էի, քան մյուս առարկաներից, և որը բոլորի կողմից համարվում էր իմ տարերքը, սկսեց իր տեղը զիջել լեզվին, գրականությանն ու պատմությանը: Մի կողմ դրեցի բժիշկ, հաշվապահ, ծրագրավորող դառնալու միտքը և սկսեցի պատկերացնել ինձ պատմաբանի, իրավաբանի, լրագրողի դերում: Այս ընթացքում ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէր անցնում, մի տեսակ տեղս չէի գտնում, մեկ մի բան էի որոշում, հետո՝ մյուսը, մի օր տրամադրությանս ոչինչ չէր հասնի, իսկ հաջորդ օրը հետս խոսել չէր լինում (չնայած՝ այս հարցում առանձնապես բան չի փոխվել): Երևի տարիքից էր, հետո էլ ես ինքս ինձ միշտ էլ շատ եմ քննադատել: Ինձ միշտ թվացել է, թե ես ամեն ինչ պետք է իմանամ ու սխալվելու իրավունք չունեմ: Այս պատճառով էլ հաճախ ստիպված եմ լինում ինքս ինձ բացատրել, որ ես չեմ կարող դեռ պատանեկան տարիքում միանգամից հասկանալ ու ըմբռնել կյանքի ամբողջ փիլիսոփայությունը՝ իր բոլոր շերտերով ու առանձնահատկություններով, ժամանակ է պետք: Կամ գուցե երբեք էլ չհասնեմ այդ կետին: Բայց լավ, էլի թեմայից շեղվեցի:

Հասել էինք այնտեղ, որ վեցերորդ դասարանից մինչև երևի տասներորդ դասարան գաղափար չունեի՝ ինչ եմ ուզում անել, ու ինձ մնում էր դպրոցում լավ սովորելն ու ակտիվ լինելը: Չմտածեք՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց հստակ գծագրի պես հայտնվել աչքերիս առջև, ուղղակի արդեն վերացական պատկերները որոշակի հստակություն էին ձեռք բերում: Այստեղից արդեն գիտեք՝ գնացի իմ փոխանակման տարին անցկացրի ԱՄՆ-ում ու նորից վերադարձա իմ դպրոց:

Ես միշտ հոգուս խորքում գիտեի, որ դպրոցն ու ես այդքան հեշտությամբ իրարից բաժանվողը չենք: Այս վերջին տարին՝ տեսներեքերորդը, շատ խառն ու մշտական զբաղվածության մեջ անցավ: Գիտեք նաև այն, որ սկզբում բողոքում էի այս ավելացած դպրոցական տարուց: Բայց հիմա հասկանում եմ, որ այս տարին ինձ տվեց լավագույնը, որ կարող էի պատկերացնել: Դե, իսկ այդ լավագույնը թող մնա իմ փոքրիկ գաղտնիքը, ինչպես բոլոր նվիրական ու կարևոր բաներն են մնում այդպես էլ չբացահայտված:

Հիմա վերջապես ասեմ, թե ինչն եմ այդքան շատ սիրել իմ դպրոցում: Պատկանելու զգացողությունը: Ամեն անգամ դպրոց մտնելիս ես ինձ լիարժեք դրա մի մասն եմ զգացել: Այն ժպիտները, որ ինձ հանդիպում էին միջանցքում, դասասենյակում, դպրոցի բոլոր անկյուններում, ունեին իրենց մեջ մի սրտացավ վերաբերմունք, որ մեկ էլ միայն տանն է լինում, երբ քեզ թույլատրում են, ներում են կամ արտոնում են զուտ նրա համար, որ դու իրենցն ես:

Երկար տարիների ընթացքում ձևավորված հարաբերութուններ է ներկայացնում դպրոցը, երբ մարդիկ գիտեն՝ ում ինչն է բնորոշ, ով ինչ սովորություն ունի, կամ ասենք, ով որ կողմի աստիճաններով է նախընտրում բարձրանալ երկրորդ հարկ:

Այսպիսի մանրուքներն են, որ դպրոցը դարձրել են հարազատ: Հո հենց այնպես չի՞ առաջացել այն հայտնի արտահայտությունը, թե դպրոցը մեր երկրորդ տունն է:

Միշա, առաջ…

Բարև ձեզ, ես Էլենան եմ։ Ես ձեզ կպատմեմ մի պատանու մասին, ով չնայած իր տարիքին՝ արդեն հայտնի է որպես լավ ֆուտբոլիստ։ Նա Միշան է՝ մեր գյուղի ամենալավ դարպասապահը։ Միշան 15 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ Նա շատ երազանքներ ունի և փորձում է իրականացնել դրանք։

-Միշ, իսկ ինչպե՞ս եղավ, որ հաճախեցիր ֆուտբոլի խմբակ։

-Հայրիկս ինձ միշտ ասում էր՝ տղաս, գնա ֆուտբոլի։ Եվ ես, նրան լսելով, եկա և դժգոհ չեմ այդ որոշումից։

-Քանի՞ տարի է, ինչ հաճախում ես ֆուտբոլի խմբակ։

-Արդեն 5 տարի։

-Ո՞րն է քո սիրած ֆուտբոլային թիմը։ Եվ ինչո՞ւ ես սիրում այդ թիմը։

-Իմ սիրած թիմը Բարսելոնան է։ Սիրում եմ այս թիմը, որովհետև այստեղ ամեն մեկը գիտի, թե ինչ է անում, ունեն իրենց տեղը և խաղում են գրագետ։

-Ո՞վ է քո սիրած ֆուտբոլիստը։

-Իմ սիրած ֆուտբոլիստը Մեսսին է։

-Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

-Եթե ազատ ժամանակ եմ ունենում, տրամադրում եմ ընտանիքիս։

-Ո՞ւմ ես երազում տեսնել հայտնի ֆուտբոլիստներից։

-Իհարկե, Մեսսիին։

-Ո՞ր ֆուտբոլային թիմում ես խաղում։

-«Փյունիկ Մրգաշատ»։

-Կա՞ այնպիսի ֆուտբոլային խաղ, որը քեզ համար եղել է անմոռանալի։

-Այո, եղել է, Հանքափորի թիմի հետ խաղը։

-Շարունակելո՞ւ ես զբաղվել ֆուտբոլով։

-Այո, իհարկե։

aniharutyunyanarm

Բանջարեղեն ծախող մեքենան

   Գյուղում եղանակների տաքանալը ազդարարում է մրգերով ու բանջարեղեններով բեռնված հին «Վոլգայի» բարձր ու ականջ ծակող ազդանշանի ձայնը, այնքան է բեռնված, որ եթե նախնիների պատիվը պահելու հարցը չլիներ, «Վոլգան» երևի գյուղի առաջին փողոցից վերև չբարձրանար: Դեռ փողոց չմտած` գյուղի սկզբից, որտեղ նոր-նոր սկսվում են մշակովի այգիները, մեքենան բարձր ազդանշան է տալիս ու հայտարարում իր գալուստը, որ տնային տնտեսուհիները հասցնեն ձեռքերը խմորից ու փրփուրից լվանալ, փողը արագ վերցնել ու դուրս գալ բակ: Կամ նրանք, ովքեր նախօրոք չգիտեին` ինչ է պետք գնել, արագ պահեստը նայեն` ինչ պակաս մթերք կա, ու դուրս գան բակ:

   Տատիկների հետ միշտ դուրս են գալիս թոռները, չնայած առևտրից այդքան էլ գլուխ չեն հանում, բայց մեքենայի գալը միշտ էլ ուրախություն է երեխաների համար, որովհետև բոլորը խառնվում են իրար, փողոցում աղմուկ է` գին են գցում, լավ ու վատ ապրանքներն են ջոկում, Մարիամն էլ միշտ իր կշեռքն է բերում, որ հանկարծ իրեն ապրանքի քաշի մեջ չխաբեն: Երեխեքը հատկապես ուրախանում են, երբ տատիկները հանձնարարած են լինում` հենց բանջարեղեն ծախող մեքենան գա, ինձ անպայման ձեն կտաս, որ բադրիջան առնեմ: Որքան էլ խաղով զբաղված լինեն` Արամը, ազդանշանը լսելուն պես, սլանում է տուն` տատիկին ձայն տալու, ու հանձնարարությունը կատարած լինելով` գոհ-գոհ վերադառնում է խաղին:

   Անտանելի շոգն ու անցնող մեքենաներից բարձրացող փոշին չեն խանգարում կանանց արագ ջոկել ամենալավ մրգերը, ով էլ առաջինն է հասնում` լավագուն պտուղները նրան են բաժին հասնում: Վարորդն էլ միշտ սրտնեղում է, թե որ դուք էդպես ջոկում եք, բա մի քիչ վնասվածները ի՞նչ անեմ: Բայց կանայք շատ են, ինքը` մենակ, ի՞նչ կարող է անել, մնում է հարմարվել ու գյուղի վերջին փողոցները հասնելիս ապրանքի գինը իջեցնել, որովհետև արկղերում մնում է միայն վնասվածը, դա էլ թանկով չես վաճառի:

Սոնան հազվադեպ է ապրանք գնում. ինքն իր այգին ունի, բայց անպայման դուրս է գալիս ու մասնագետի աչքով քննադատում կիլոմետրեր անցած, մի քիչ թոռոմած, արևից թուլացած բանջարեղենն ու ոչ պակաս թուլացած, խեղճ վարորդին.

- Է՜, թանկ ես ասում էս թոռոմած քյալամի համար, երեկ մի ուրիշ ավտո էր եկել, նույն գնով նորմալ ապրանք էր ծախում:

- Դե լավ, էլի, մորքուր ջան, ամեն անգամ նույն պատմությունն ես սարքում. չես հավանում իմ ապրանքը, մի՛ առ, մարդկանց էլ կամ ու կացի մեջ մի՛ քից:

Վեճը դեռ երկար կշարունակվի, եթե Անոն իրեն պետքական բանջարեղենը գնելուց հետո Սոնային չհրավիրի սուրճի` ժպտալով ու ներողություն խնդրող հայացքով աչքով անելով վարորդին, իբր` մեր Սոնան է, էլի, սրտիդ մոտ մի ընդունիր: Բայց այս իրարանցման մեջ էլ հարևանությունը մնում է հարևանություն.

- Գոհար, հազար դրամ տուր` կանաչի ու վարունգ առնեմ, մինչև իրիկունը տղես գործից գա, կվերցնեմ, կտամ:

Գոհարը փողոցի այն հարևանուհին է, որ միշտ մերան, մի բաժակ ավելի սուրճ ու շաքարավազ ունի, նաև մեքենայի գալու օրերին` հազար դրամ պահեստային փող` հարևանուհիներին օգնելու համար: Փողոցում Գոհարի ամուսինն էլ հենց այն տղամարդ հարևանն է, որ ցանկացած համարի պտուտակ ու ցանկացած մեծության ուրագ ունի, ու էլի միշտ պատրաստ է հարևաններին օգնել:

Այդպես մեքենան բարձրանում է մինչև գյուղի ամենախորքը` թեթևացնելով նստատեղերի բեռն ու ծանրացնելով վարորդի գրպանը, որ հաջորդ օրը նորից «Վոլգան» բեռնած, մեքենային մի կերպ համոզելով վերադառնա: Ոչ ոք չգիտի` վարորդը որտեղից է գալիս, հետո ուր է գնալու, ինչ մրգեր ու բանջարեղեն են դրանք առհասարակ, ու ոչ ոքի առանձնապես չի էլ հետաքրքրում, որովհետև Սոնան միշտ վիճելու է, Անոն անպայման մի բան է գնելու, Գոհարն էլ, անկախ ամեն ինչից, պարտքով տալու փող է ունենալու:

Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնը

Այսօր` մայիսի 28-ին Բաշ-Ապարանի հերոսամարտի օրն է, որը Ապարանում յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով:

Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի սաների, պատանի զինվորականների մասնակցությամբ տոնը ամբողջացվում է: Քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքը զարդարվում է, ամբողջ քաղաքի բնակիչների համար Ապարանի հուշահամալիրի պատկերով տորթ է պատրաստվում, համերգ է կազմակերպվում, ցուցահանդեսներ` մշակույթի սաների ձեռքի աշխատանքները և բազմաթիվ այլ միջոցառումներ: