Այստեղ ձյուն չի գալիս միայն օգոստոսին

Լուսանկարը` Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը` Մանե Մ. Սարգսյանի

-Որտեղի՞ց ես:

-Ճամբարակից:

-Իսկ դա որտե՞ղ է…

Սովորական դարձած հարց, որը հաճախ շարժում է իմ զայրույթը: Ախր, Ճամբարակը Գեղարքունիքի մարզի հինգ մեծ քաղաքներից մեկն է, ինչո՞ւ ոչ ոք չի հիշում տարածքով փոքր, բայց այնքան գեղեցիկ և բարի մարդկանցով բնակեցված քաղաքի մասին: Այժմ բնակավայրիս մասին խոսելով ուզում եմ մի փոքր պատմել Ճամբարակի բնության և մարդկանց մասին:

Ճամբարակը մի վայր է, որտեղ ձյուն չի գրանցվել միայն օգոստոս ամսին: Զարմանո՞ւմ եք: Ես նույնպես զարմացա, երբ իմացա… Չնայած Ճամբարակը միշտ էլ աչքի է ընկել իր ցուրտ կլիմայական պայմաններով:

Ճամբարակը վայր է, որտեղի շատ շինությունների պատերին մնում են կրակոցի հետքեր, և մեր ծնողների ականջներում հնչում են այդ ձայները մինչ այսօր; Այստեղ մարդկանց սրտերը ահից սկսում են արագ աշխատել նույնիսկ հրավառության ձայնից: Բայց այս ամենի հետ մեկտեղ ճամբարակցին մնում է իր բնակավայրում, չի լքում այն, և արյան գնով պաշտպանում է:

Սիրում եմ նաև Ճամբարակի բնությունը: Այստեղ դեռ չեն հասցրել աղտոտվել ինչպես մարդկային սրտերը, այնպես էլ օդը:

Ինչևէ… Սիրում եմ Ճամբարակը, սիրում եմ այստեղի բնությունը, մարդկանց: Հպարտ եմ, որ  այստեղ եմ ծնվել: 

Ծառայում եմ հայրենիքիս

Հետաքրքիր է մարդկանց առեղծվածը. ծնվում են գիտնականներ, գրողներ, դյուցազուններ, բժիշկներ: Մեկը փայլում է խելքով, մյուսը` ուժով և համառությամբ:

Իմ շրջապատում ևս կան հետաքրքիր, խիզախ և ազնիվ մարդիկ, որոնք երբեք չեն սիրում հպարտանալ, ցույց տալ իրենց կատարած սխրագործությունները: Նրանք երբեմն չափից դուրս համեստ ու բարի են, իսկ մի՞թե դա ավելի հետաքրքիր չէ և ուշադրության արժանի: Ահա այդպիսի մի մարդ է իմ պապիկը՝ Աղասի Չիլինգարյանը: Նա ողջ կյանքում անշահախնդիր ծառայել է իր հայրենիքին: Երկար ու ձիգ տարիներ պաշտպանել է հասարակական կարգը, պայքարել հանցագործների ու գողերի դեմ: Անհրաժեշտության դեպքում չի վախեցել խուլիգանների և հանցագործների մահափորձերից, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ նա առանց վարանելու վերցրել է զենքը և անտառների ու ձորերի միջով հասել շրջափակման մեջ գտնվող իր հայրենի Արծվաշեն: Նա վերջինն է եղել այն մարդկանցից, ով դուրս է բերել խաղաղ բնակչությանը շրջափակումից և այլևս օգնության հույս չունենալով, հետ նահանջել հարազատ գյուղի դիրքերից: Իսկ երբ մենք նրան հարցնում ենք այդ մասին, նա համեստորեն ժպտում է, կարծես թե ոչինչ չի կատարվել: Ականատեսները նշում են, որ երբ շրջանի ղեկավարությունը գնում էր բանակցությունների, նրանք իրենց հետ անպայման վերցնում էին նաև պապիկիս, երևի թե նա իրոք հավատ և ուժ էր ներշնչում իրեն շրջապատող մարդկանց:

Արդեն 60 տարվա շեմին, երբ հանրապետության նախագահը նրան էր հանձնում խիզախության համար հայրենիքի բարձր պարգևը նա արտասանեց ընդամենը երկու բառ.

-Ծառայում եմ հայրենիքիս:

Մի՞թե նա արժանի չէ դասվելու հետաքրքիր մարդկանց շարքերը, որոնք անվերապահորեն նվիրված են հայրենիքին:

Ճակատագրին հակառակ

Ես ձեզ կներկայացնեմ երկու հետաքրքիր մարդկանց մասին պատմություն, որոնց ճակատագրերը վերջ ի վերջո միահյուսվում են: Նրանք միասին ստեղծում են իրենց համատեղ կյանքի պատմությունը: Նրանց կյանքը նման էր հեքիաթի: Այս պատմության գլխավոր հերոսը՝  Սարգիսը, ուներ վեց երեխա, որոնցից ամենափոքրը երեք տարեկան էր, երբ կինը մահանում է: Ամուսինը փորձում էր երեխաների համար երկրորդ մայր գտնել, սակայն երկար ու ձիգ տարիներ հալալ կաթնակեր նրան չի հանդիպում: Եվ ի վերջո, ավագ որդու միջնորդությամբ նա ամուսնանում է չորս անչափահաս երեխաների մայր Նարգիզի հետ, որը նոր էր վերադարձել աքսորից: Նարգիզին աքսորել էին, քանի որ նրա ամուսինը՝ Մեժլումը, եղել էր Վլասովի բանակի մարտիկ: Նարգիզը և Սարգիսը համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու դուստր: Նրանց տասներկու երեխաներն էլ իրար  հետ մեծացան: Բոլորին հավասար աչքով էին նայում, բոլորին հավասար էին սիրում, և նրանցից ոչ մեկը երբեք խորթություն չի զգացել: Վաղուց չկան Նարգիզն ու Սարգիսը, սակայն նրանց ստեղծած ընտանիքի անդամները միշտ վառ են պահում ծնողների հիշատակը: Այսքանից հետո ուզում եմ ասել, որ Սարգիս Սարգսյանը իմ հայրիկի պապիկն է:

Որտեղ ես ծնվել եմ

Իմ ծննդավայր, իմ բնակավայր, իմ հարազատ օրրան, իմ Ճամբարակ: Մի ամբողջ կյանք է կապված քեզ հետ, մի ամբողջ մանկություն, կյանքի 17 գարուն, որի ընթացքում դու ինձ հարազատ ու թանկ ես դարձել: Քո ամեն մի քարը, ամեն մի ծառը ծանոթ է ինձ: Ամեն մի անցած ճանապարհի հետ՝ գեղեցիկ հիշողություններ են այցի գալիս:
Գուցե առաջին հայացքից այստեղ արտասովոր ոչինչ չկա. ո՛չ բարձրահարկ շենքեր, ո՛չ կանաչապատ պուրակներ, բայց այստեղ անձեռակերտ բնությունն ինքնին կերտում է իր շքեղությունը:

Ճամբարակը թառած է լեռների գրկում: Ամուր պարիսպների նման այդ լեռները հավերժորեն ստանձնել են մեր փոքրիկ տարածքի պաշտպանությունը: Գողտրիկ դիրքում լինելով անգամ՝ նա էլ զգացել է թշնամու արկերի հարվածները, լսել ռումբերի պայթյունի ձայները, նրա սրտում էլ պահպանվել են թշնամու պատճառած վնասների սպիները: Միջին և դրանից բարձր տարիքի ճամբարակցիների հիշողության մեջ պահպանվել են դեպքեր, որոնք հիշելիս նրանք ցավ են ապրում, արցունքոտվում են ոմանց աչքերը, պատմում են ակնթարթներ այդ օրերից և ավելացնում. «Աստված տա, որ դուք էլ չզգաք այն, ինչ մենք ենք զգացել: Միայն թե դուք էլ պատերազմ չտեսնեք»:

Այո՛, հալածվել է նաև Ճամբարակը, սակայն ոչինչ չխախտեց նրա բնության ներդաշնակությունը, ոչինչ չկարողացավ ջնջել Ճամբարակ անունը այս լեռների գրկից: Այս լուռ կանգնած ժայռերը ականատեսն են մեր գյուղի պատմության, և նրանք էլ լրացնում են ճամբարակյան բնության «ստեղծագործության» յուրօրիանակությունը:

Այսօր էլ ճամբարակցին շարունակում է իր բնականոն կյանքը. աշխատում է, արարում, հնձում, ցանում, մշակում: Այսօր էլ նա հյուրընկալ է և սրտաբաց, պատրաստ օգնելու և հիշեցնելու, որ դեռ գոյատևում է այս փոքրիկ անկյունը:

Քսանմեկերորդ դա՞րն է

Լույսը նոր էր բացվել, երբ մայրիկս կանչեց.

-Նելլի, Կարինե, Դավիթ, գնացեք ջրի, տանը ջուր չկա, ճաշ պետք է եփեմ:

-Էլի՞, մամ, ես երեկ եմ գնացել, հետո էլ՝ իմ ֆուտբոլի թիմը ինձ է սպասում, պետք է գնամ,- ասաց եղբայրս և գնաց:

-Կար, արթնացիր, ջրի պիտի գնանք:

-Էլի՞… Լավ, հիմա կգամ, դու Մանեին զանգիր, երեքով ճանապարհը կարճ կթվա:

Մանեն մեր հարևանն է, ու մենք հիմնականում միասին ենք ջրի գնում: Ամեն մեկս վերցրեցինք երկուական տարա և իջանք բակ, սպասեցինք, մինչև Մանեն եկավ, և ճանապարհ ընկանք:

-Նել, այսօր ձեր ջրերը տվե՞լ են,- հարցրեց Մանեն:

-Դե, հա, բայց չտվածի հաշիվ ա, շատ կեղտոտ էր, հիմա պետք է ամանները լվանալու համար էլ բերենք, էլ չեմ խոսում, որ մայրիկը պահածո էլ պետք է անի… Այսինքն, այսօր մի քանի անգամ պիտի գնանք ջրի:

Խոսելով հասանք աղբյուր: Ինչպես միշտ, ջուրը շատ բարակ էր գալիս, լավ է՝ գոնե շատ մարդ չկար, հերթ չէր գոյացել: Տարաները լցրեցինք և ճանապարհ ընկանք:

-Չեմ հասկանում՝ ինչքա՞ն պիտի շարունակվի, ե՞րբ ենք վերջապես դադարելու ջուր կրել:

Դե, ինչ, քսանմեկերորդ դարն է, բայց մեր ծորակներից հոսում է «կոկա-կոլա», և մենք գնում ենք դույլերով մաքուր ջուր բերելու:

 

Իմ ամենասիրելի մարդը

Իմ ամենասիրելի մարդը, իհարկե, մայրս է, բայց ես ուզում եմ պատմել նույնքան սիրելի տատիկիս մասին։ Չգիտեմ՝ ինչու, բայց նա իր բոլոր թոռնիկներին սիրում է կարելի է ասել մայրական սիրով։ Իմ հանդեպ շատ հոգատար է և շատ է սիրում ինձ։ Նա բնակվում է Ճամբարակում և եթե իմանա, որ ես այդտեղ եմ և չեմ այցելել իրեն, շատ կնեղանա, ես էլ իմ հերթին շատ սիրելով, չեմ կարող նեղացնել նրան։ Եթե հեռու տեղից գայի, առաջինը տատիկիս կտեսնեի, հետո նոր ծնողներիս, քանի որ նա անհանգստությունից իր տեղը չի գտնում: Շատ հոգատար է, երևի օրվա մեջ ժամը մեկ կարող է զանգահարել և հարցնել.

-Բալես, ո՞նց ես, լա՞վ ես, առողջությունդ ո՞նց ա, ե՞րբ ես գալու, արդեն կարոտել եմ։

Եվ այսպես միշտ շփվում ենք իրար հետ շատ ջերմ։ Տատիկս մայրիկիս մայրն է, և նրանք գաղթել են Արծվաշենից։ Նա ինձ շատ է պատմում իրենց գյուղի մասին, համեմատություններ անում։ Եվ ես ուշադրությամբ լսում եմ նրան և մեծ դասեր քաղում։ Նա շատ մեծ կամքի ուժ ունի. չնայած այդքան մեծ կորստին՝ նա ամեն ինչ սկսեց նորից, և ես հպարտանում եմ իրենով: 

Գյուղի հոգսը

Ինձ հուզում է մեր գյուղի` Թթուջրի, սոցիալական վիճակը, որի հետևանքով մարդիկ լքում են գյուղը: Գյուղում շատ քիչ են աշխատատեղերը, գյուղացիների մի մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, բայց ոչ բոլորն ունեն գյուղատնտեսական տեխնիկա և քչով մի կերպ բավարարվում են: Շատերն են ուզում լավ ապրել, սակայն, գյուղում շատ դժվար է, չի ստացվում: Մարդիկ լքում են գյուղը աշխատանք գտնելու նպատակով և հիմնականում չեն վերադառնում:

Մանկության առաջին ուղեկիցը

Տատիկս` Սուսաննա Մելքումյանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է: 58 տարեկան է, ունի երեք երեխա և ութ թոռ:

-Ի՞նչ մասնագիտություն ունես, տատ:

-Ես մանկավարժ եմ: Այժմ` Ճամբարակ քաղաքի թիվ 3 մսուր- մանկապարտեզի տնօրենն եմ:

-Քանի՞ տարի է, որ աշխատում ես:

-Արդեն 40 տարի: 11 տարի եղել եմ դաստիարակ, իսկ 1984 թվից, արդեն 29 տարի, տնօրեն եմ:

-Ինչո՞ւ ընտրեցիր հենց մանկավարժի մասնագիտությունը:

-Մանկուց սիրում էի այդ մասնագիտությունը և որոշեցի դառնալ մանկավարժ:

-Հե՞շտ է արդյոք տնօրեն լինելը:

-Տնօրեն լինելը շատ դժվար և, միաժամանակ, շատ պատասխանատու աշխատանք է:

-Քանի՞ խումբ և քանի՞ սան ունի մանկապարտեզը:

-4 խումբ և 120 սան:

-Դժվար չէ՞ շփվել երեխաների, ծնողների և աշխատողների հետ:

-Հաճույքով եմ շփվում թե’ երեխաների, թե’ ծնողների և թե’ աշխատողներիս հետ, քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը, և տարիների փորձը օգնում է ինձ:

-Կարողանո՞ւմ ես համատեղել աշխատանքը և ընտանիքը:

-Բնականաբար, այո: Աշխատանքի վայրում կատարում եմ մտավոր, կազմակերպչական աշխատանք, իսկ ընտանիքում դրան լրացնում է ֆիզիկական աշխատանքը:

-Ինչպե՞ս են երեխաները իրենց օրն անցկացնում մանկապարտեզում:

-Կազմակերպվում են խաղեր, կատարվում են երաժշտական պարապմունքներ:

-Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում:

-Բոլոր տոների և կարևոր օրերի առթիվ կազմակերպվում են հանդեսներ: Նախ, «Գիտելիքի օր», ապա «Ոսկե աշուն», Սուրբ Ծննդյան և Ամանորի հանդես, Մայրության և գեղեցկության տոն և, այսպես շարունակ, մինչև «Ավարտական հանդես»:

-Արդյոք գո՞հ են ծնողները:

-Իմ կարծիքով, այո:

-Դուք գո՞հ եք աշխատավարձից:

-Գոհ չենք, բայց հնարավորությունն այսքանն է: Երեխաների վրա դա չպետք է անդրադառնա:

-Իսկ ե՞րբ ամեն բան լավ կլինի:

-Ես լավատես եմ, հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մի օր էլ արևը դեպի մեզ կթեքվի: Մանկապարտեզը կհամալրվի նոր և ժամանակակից խաղալիքներով, տեխնոլոգիաներով, գույքով, և կլինի աշխատավարձի բարձրացում: 

Ազատ ժամանցը՝ պարապություն

Իմ գյուղում` Վահանում, չկան մշակութային կենտրոններ: Իմ հասակակիցները չունեն զբաղմունք, և շատ ձանձրալի է անցնում գյուղի կյանքը: Ես հաճախում էի պարի, սակայն դա երկար չտևեց: Դրանից ես շատ տխրեցի, որովհետև շատ եմ սիրում պարել: Իմ ընկերուհին հաճախում էր դաշնամուրի, սակայն մեր գյուղում չէ, այլ` Ճամբարակ քաղաքում: Նա գնում էր Ճամբարակ պատահական մեքենաներով: Մանավանդ ձմռանը շատ էր դժվար: Իմ հասակակիցների շրջանում կան երեխաներ, ովքեր գնացել են նկարչական խմբակի, բայց դարձյալ Ճամբարակում: Ես շատ կցանկանայի, որ մեր գյուղ մասնագետներ այցելեին և խմբակներ բացեին: Ես վախենում եմ, որ հետագայում իմ հասակակիցները իրենց կյանքից շատ կձանձրանան և կթողնեն գյուղն ու կգնան: