Ճանաչեք մեր հերոսին` Արտաշ Այվազյան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում իր կյանքը զոհեց ու Վարդենիկ գյուղի հերոսների շարքին դասվեց նաև ժամկետային զինծառայող Արտաշ Այվազյանը։ Արտաշը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Ընտանիքի առաջնեկն էր, ժպտադեմ ու աշխույժ երեխա։ Սովորել է Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 դպրոցում, ապա՝ ինչպես տարեկիցները, Վարդենիկի կրթահամալիրում։ Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 20-ին։

«Եղբայրս բանակ է զորակոչվել ան ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսը մեծ թափ էր առել։ Խնջույք չենք արել՝ չէր թույլատրվում, բայց բավականին ուրախ ենք ճանապարհել: Ինքը  շատ ուրախ ու ոգևորված էր բանակ գնալու փաստից, նույնիսկ մեզ էր ուժ ու թև տալիս։ Ասում էր՝ կծառայի, անփորձանք հետ կգա, կաշխատի, կամուսնանա, ինչպես բոլորը»,-պատմում է Արտաշի կրտսեր եղբայրը՝ Արեգ Այվազյանը։

«Ջաբրաիլում (Մեխակավան) էր ծառայում, ամեն օր զանգում էր, միշտ էլ կապի մեջ էր բոլորիս հետ, օր կար` մի քանի անգամ էր զանգում։ Ծառայությունից գոհ ու ոգևորված էր, պատմում էր՝ ինչքան հետաքրքիր է անցնում կյանքը բանակում ու ինչքան է ամեն ինչ տարբերվում քաղաքացիական կյանքից։

Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին ենք խոսել, ասում էր որ ամեն ինչ լավ է, բայց թե որտեղ էր՝ չասաց, մինչև այսօր էլ չգիտենք՝ որտեղ է եղել»,- նշեց Արեգը։

«Արտաշի եղբայր լինելը հիմա կրկնակի հպարտություն ու կոչում է ինձ համար։ Եղբայրս չի վախեցել, չի փախել, իր մարտական ընկերների կողքին է եղել մինչև վերջին շունչը։ Եղբայրս զոհվել է վիրավոր ընկերների կողքին մնալու արդյունքում։ Նույնիսկ որոշները եղբորս հետ վեճի են բռնվել, որ թողնի ընկերներին, որ գոնե իր կյանքը փրկի․ չի համաձայնել, հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը․ կրծքավանդակի՝ աջ հատվածին են կրակել, փամփուշտը թիկունքի՝ ձախ կողմից դուրս է եկել,- ասաց Արեգը շարունակելով,- մեր բոլորի մխիթարությունը թերևս այն է, որ եղբայրս թշնամու ձեռքում չի հայտնվել, չեն ստորացրել, չեն նվաստացրել, եղբայրս հպարտությունը սրտում ու իսկական հերոսի պես է ընկել»։

Խոսելով եղբոր բնավորության մասին Արեգը ընդգծեց եղբոր անսահման բարությունն ու ընկերասիրությունը․ «Արտաշն ուրիշ էր՝ լուրջ, նստած, տեղը եկած պահին բոլորից անլուրջն ու հումորովը։ Մեծի հետ մեծ էր, երեխայի հետ՝ երեխա։ Ամենակարևորը՝ անսահման բարի, համբերատար, հարգալից ու ընկերասեր էր։ Աշխատում էր ոչ ոքի չնեղացնել ոչ մի հարցում։ Արտաշին մի-երկու տողով նկարագրելն այդքան էլ հեշտ բան չէ, իր մասին ժամերով կարելի է խոսել»,-եզրափակեց Արեգը։

Արտաշի մասին հիշողությունները այժմ ավելի են ջերմացնում դասընկերների սրտերը․«Արտաշը խաղաղ մարդ էր, ոչ ոքի հետ խնդիրներ չուներ, բոլորի հետ համերաշխ էր, հարմարվող,- փաստում է Արտաշի դասընկերուհին, շարունակելով,-կազմակերպված էր, ամեն ինչի մեջ շնորհքով ու հարգանքով։ Մեծահասակների հանդեպ աննկարագրելի լավ վերաբերմունք էր ցույց տալիս, անկախ նրանից, թե ով է։ Ուսուցիչները անասելի շատ էին սիրում Արտաշին։ Անընդհատ շեշտում էին նրա ու իր եղբոր՝  Արեգի բնավորությունների չափազանց տարբեր լինելը։ Արտաշն էլ իր հերթին բոլորից շատ եղբորն էր սիրում, Արեգին մի բան պատահեր՝ բոլորին խառնում էր իրար։

Դասընկերուհիներով իրեն շատ էինք հարգում ու վստահում, չկար մեկը, ում խնդրանքը Արտաշը չփորձեր կատարել»։

Խոսելով Արտաշի նպատակների ու յուրահատկությունների մասին, դասընկերուհին ավելացրեց․

«Որորշել էր՝ բանակից վերադառնար՝ օպերատոր էր դառնալու։ Շատ էր սիրում ավտոմեքենա վարել։ Հիշում եմ, թե ինչքան շատ էր ուրախացել վարորդական իրավունք ստանալիս։ Արտաշը մեծ ապագա պետք է ունենար, պատերազմը խլեց նրա ու շատ տղաների անկատար նպատակները․․․»

«Իմ Արտաշեսը շատ խելացի, հավասարակշռված, հասկացող, ընկերասեր ու բարի աշակերտ էր (ցավ եմ ապրում անցյալով բնութագրելուս համար։

Շատ պարտաճանաչ ու պատասխանատու անձնավորություն էր։ Երբեք չէր անում այնպիսի մի բան, որի համար նկատողություն պետք է արվեր։ Միշտ ժպտերես, կենսուրախ ու շատ հարգալից բոլորի նկատմամբ։

Կարծում եմ Արտաշեսն առհասարակ ոչ մեկի հետ չէր կարող խնդիր ունենալ։ Նա ավելի շուտ խնդիրների լուծում էր, քան  խնդիր առաջացնող։ Իր հասակակիցների համեմատ շատ գիտակից էր, համբերատար ու բարի թե՜ ուսուցիչների, թե՜ իր ընկերների, և թե՜ իրեն շրջապատողների հանդեպ․․»,-եզրափակեց Արտաշի ուսուցչուհին՝ Ռուզաննա Պողոսյանը։

Արտաշ ջան, քեզ երբեք չենք մոռանա: Հավերժ փառք քեզ, հերոս…

Առանց քեզ անթև թռչուն ենք

Արցախյան երկրորդ պատերազմը  անտարբեր չանցավ նաև ՀՀ ամենամեծ գյուղի՝ Վարդենիկի կողքով։ Գյուղի հերոսներից մեկը՝ Տիգրան Արշակյանը, ևս դասվեց այն հայորդիների շարքին, ովքեր հավերժի ճամփան բռնեցին՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը։

Տիգրանը ընտանիքի առաջնեկն էր, սպասված զավակ։ Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Սովորել է տեղի՝ Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 դպրոցում, ապա՝ Վարդենիկի կրթահամալիրում։ 2019 թվականի հուլիսի 25-ին զորակոչվել է բանակ։

«Իմացանք՝ Մեղրիում է ծառայելու, ընկերներով շատ էինք  ուրախացել, որ Հայաստանում է, մտածում էինք համեմատաբար ավելի անվտանգ կլինի, քան Արցախում։ Տիգրանը զորակոչվելու առաջին իսկ օրից մեզ հետ կապի մեջ է եղել, միշտ էլ զանգել ու գրել է բոլորիս։ Բոլորս՝ այդ թվում և ինքը, հանգիստ ու վստահ էինք, որ ողջ ու առողջ հետ է գալու։ Այնքան վստահ էինք, որ անգամ հետ գալու խոստում չպահանջեցինք…»,-ընդգծեցին Տիգրանի մտերիմ ընկերները։

Հարցին, թե ինչպիսի՞  ընկեր է եղել Տիգրանը, միաբերան պատասխանեցին. «Մենք Տիգրան անունով ընկեր չենք ունեցել, մենք Տիգրան անունով եղբայր ենք ունեցել, այսօր արդեն Տիգրան անունով հերոս եղբայր ունենք…

Բոլորիս (թե՛ տղա ու թե՛ աղջիկ ընկերների) կողքին է միշտ եղել ամեն հարցով, ցանկացած իրավիճակում մեր հույսը ինքն էր, բոլորս էլ գիտեինք՝ Տիկոն մի բան կանի։ Մեր ընկերական շրջապատի ամենադրական կերպարն էր, միշտ ժպիտով, ուրախ, իր պատմություններով մեր տրամադրությունը բարձրացնող ու ամենակարևորը՝ մեզ լավ ճանաչողն ու մեզնից մեկը»։

«Մի յուրահատկություն էլ ուներ. գյուղի բոլոր մեքենաները ըստ իրենց համարների գիտեր՝ ում էր պատկանում, ես էլ մեր մեքենայի համարները Տիգրանից եմ սովորել, միշտ մոռանում էի, ինքն էր հիշեցնում»,-եզրափակեց ընկերը։

Տիգրանի քույրը՝ Էլենը նշեց.

«Նպատակասլաց ու յուրահատուկ էր դեռ մանկուց։ Ավտոմեքենաներ շատ էր սիրում, իրեն ճանաչողները գիտեն, թե ինչքան շատ էր սիրում վարել։ Առհասարակ Տիգրանին առանց ավտոմեքենայի տեսնելը հազվադեպ պատահող երևույթ էր։

Գյուղը սիրում էր, բայց նպատակները դրսում էին։ Նպատակ ուներ բանակից գար, աշխատեր, տուն կառուցեր…»

Էլենը եղբոր մասին  պատմելիս ընդգծեց եղբոր՝ բռնկուն, բայց միաժամանակ, ուշադիր ու հոգատար լինելու փաստը. «Շատ բաներ կար, որ արգելում էր ինձ ու քրոջս, մենք էլ՝ նեղանում։ Հիմա եմ հասկանում եղբորս խրատները, իր ասած ամեն մի բառը»։

«Միշտ զանգում էր՝ համարյա ամեն օր։ Ասում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում։ Պիտի «սերժանտ» տային իրեն, սերժանտական դասեր էր անցնում, իսկ պատերազմի ժամանակ էլ դիրքի ավագն էր… Հոկտեմբերի 2-ին Մեղրիից տարել են Ջաբրաիլ (Մեխակավան)։ Մինչև հոկտեմբերի 8-ը խոսել ենք հետը, ամեն ինչ լավ էր, ինքն էլ՝ ոգևորված։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈՒԱԶ» մեքենայով անցնելով շուրջ 130 կմ, իր ընկերներին հասցնում է փոքր հոսպիտալ ու նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս։ Նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան։ Այդ ընթացքում եղբայրս կոմայի մեջ է հայտնվում և, ուշքի չգալով, մահանում հոկտեմբերի 14-ին»,- պատմում է Էլենը։

«Պատմում էր, որ ծաղիկներ է մշակում զորամասում։ Ասում էր՝ «Զորացրվողները իրենց ծաղիկները իմ խնամքին են թողնում», իր աճեցրած ծաղիկն էլ մեզ են ուղարկել… Եթե հնարավորություն ունենայի եղբորս գոնե մի անգամ տեսնելու, կասեի, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, թե ինչքան թանկ մարդ է ինքն իմ կյանքում ու, որ առանց իր ներկայության ինձ անթև թռչուն եմ զգում…»,- եզրափակեց Էլենը։

seyran soghoyan

Հավատա՛, հրաշքներ լինում են

Մինչ պատերազմը ծառայում էի Որոտանում: Վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր էի: Պատերազմի առաջին օրերից մեկնեցինք մարտադաշտ: Կյանքը փոխվեց:

Առհասարակ մինչ պատերազմը «հրաշք» բառն ինձ համար շատ սովորական բառ էր, մանավանդ «Հավատա՛, հրաշքներ լինում են» նախադասությունը։ Էս ամեն ինչը մինչև պատերազմի սկսվելը:

Հիմա պատմեմ իմ «հրաշքներից»։ Էն, որ մենք քնում ու արթնանում էինք՝ մի աչքը բաց, մեկը՝ փակ, արկերի անձրևի տակ, դա ձեզ մի հրաշք։

Մի տանկից մյուս տանկ վազելիս, մանկությունից մինչև էդ պահը գալիս էր աչքերիս առաջ, մինչև բարեհաջող տեղ էի հասնում. էս մի ուրիշ հրաշք։

Տանկիս մի քանի անգամ արկերով հարվածեցին, իմ հմուտ մեխանիկիս շնորհիվ մեր տանկին բան չեղավ. էս մի այլ հրաշք։

Էս մի հրաշքը տարբերվում ա մնացած բոլոր հրաշքներից նրանով, որ երբ զգացի, որ ոտքերս չեմ զգում, որ չեմ կարող խոսել, չեմ կարող շարժվել, չգիտեմ՝ ոնց իմ «հրաշք» ընկերների շնորհիվ դուրս եմ բերվել տանկից։ Երբ զգացի, որ պառկած եմ սառը գետնին, աչքերս հանգիստ փակեցի։ Երբ լսեցի, որ ինձ ուզում են զոհվածների հետ տեղափոխեն, կատարվեց հերթական հրաշքը, և ես սկսեցի խոսել. «Ես սաղ եմ»։

Հիվանդանոցում ընկա հրաշագործների ձեռքը: Վերածնվեցի։

Բժիշկները «հրաշքով» փրկեցին կյանքս, որի համար այդքան պայքարում էի ողջ դաժան ճանապարհի ընթացքում։

Հիմա էս պատմությունը ունի շատ ավելի «հրաշք» ընթացք։ Երբ ընդհանրապես չէի կարողանում խոսել, չէի կարողանում շարժվել, նորմալ շնչել, հիմա, փառք Աստծո, կարողանում եմ անել բոլոր թվարկածներս։

Ու ամենակարևորը, սպասում եմ հաջորդ «հրաշք»-ին, որը հավատում եմ, անպայման լինելու է  շնորհիվ Աստծո և հրաշագործ մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են ինձ հետ. ես քայլելու եմ: էս էլ մի ՀՐԱՇՔ։

Ամեն:

Աշխարհին խաղաղություն, մնացածը լավ կլինի

Ամեն կորստի հետ ատամներդ սեղմում ես, կոկորդում հավաքվածը կուլ տալիս, հետո գլուխդ բարձրացնում։

Փաստորեն պապս, որ միշտ ամեն բաժակ բարձրացնելուց ասում էր․ «Աշխարհին խաղաղություն, մնացածը լավ կլինի», իր տեսածից էր ասում։ Մենք խաղաղության մեջ ենք մեծացել, մենք  խնդիրներ ենք ունեցել պապիս ասած «մնացածը լավ կլինի»-ի մեջ։ Մենք խաղաղության մեջ դժվարություն, հուսահատություն, աղքատություն ու ամեն ինչ զգացել ենք, իսկ տատս միշտ իմաստուն ժպտացել ա, իմանալով, որ կարևորը խաղաղության մեջ ենք աղքատ։ Պատերազմում տղա կորցրած տատս ժպտալ գիտեր։

Էս հողում ամեն սեղանի շուրջ, նույնիսկ հարսանիքի, կանգնած հիշել են ընկածներին, մեր պապերը`  իրենց հայրերին, հետո մեր հայրերը արցախյանում ընկած իրենց եղբայրներին, մեր հերթն էլ եկավ, ցավոք: Էլի մի սերնդի ուրախության ամեն բաժակի մեջ մի բաժին տխրություն կմնա։

Սարի գլխի էս մեր տունը ուղիղ պոստերին ա նայում։ Սենյակներից մեկի հատակը փազլի պես կարելի ա քանդել-հավաքել, քանդել ու հայտնվել գետնափոր հողից  սենյակում։ Մանկության «հալամուլայի» իմ թաքստոցը 90-ականներին հոպարն ա բահով փորել թուրքերի հետ «հալամուլա» խաղալուց, որ թաքնվելու տեղ լինի կրակոցներին, փորել ու գնացել ա իր բաժին կռվին։ 30 տարի էդպես էլ չի վերանորոգվել էդ հատակը, աչքը շատ բան տեսած պապս գիտեր, որ կարող ա էլի մի օր հարևանների  հետ «հալամուլա» խաղանք։

Թումանյանը ուղեղումս անընդհատ պտտվում ա նույն տողերով.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան.

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան…

Բոլոր անգիր արածս տողերը իմաստավորվել են մտքումս, էլ ոչ մի բանում պաթոս չկա, ամեն սերունդ գալիս ու ստիպված ա լինում իր փորձով ստուգի մեծերի ասածը, ամեն սերունդ իր փորձովա ա ճանաչում հակառակորդին, որ մարդակեր էլ մնացել է։

Թումանյանը մի քիչ սխալվել էր։

Դավիթս իջել ա դիրքերից հանգստանա: Միտքը` զբաղված, հայացքը` չկենտրոնացած, երկու շաբաթ չջրած ծաղիկներն ա ջրում։ Ուրեմն չենք չարացել, ուրեմն տատիս պես մենք էլ դեռ կժպտանք։

Չէ՞ որ դու Սեյրանն ես

Եկեք առանց երկար-բարակ նախաբանի պարզապես ձեզ պատմեմ Սեյրանի մասին։ Սեյրանին ճանաչում եմ արդեն չորս տարի՝ 17.am-ի` Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարից։ Այն ժամանակ դեռ չգիտեի՝ ինչ բան է խմբային աշխատանքը, իսկ նա կոլեկտիվի ոգին էր. միշտ պատրաստակամ նոր գործի ձեռնամուխ լինելու կամ կողքինին օգնելու, կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու կամ որպես ուշադիր դիտորդ՝ երբեմն-երբեմն միջամտելու։

Նա այն մարդկանցից է, որոնց ուզում ես լսել, լսել… Որովհետև այնքան լայն մտահորիզոն ունի, որ ամեն հետաքրքրությունների տեր մարդ էլ կարող է գտնել այն, ինչ փնտրում է, կամ այն, ինչ հենց նոր է բացահայտում։ Միտքը կարող է վերածել գաղափարի ու ծրագրի, իսկ իր ծրագրերը կյանքի են կոչվում անմիջապես. հենց որոշեց հարցազրույց վերցնել մեկի հետ, րոպեներ հետո նրա համաձայնությունը ստացած, կազմ-պատրաստ, ճկուն հարցերի տեղատարափով ներկա կլինի պայմանավորված վայրում։

Հիշում եմ, որ շատ լավ պատմություն գիտի։ Պատմության մասին նրա զրույցներն ու բանավեճերը լսելով, ես ոչ միայն խոր ակնածանքով էի լցվում Սեյրանի հանդեպ, այլև նոր կերպարներ ու հերոսներ էի բացահայտում ինձ համար, նոր ուսումնասիրությունների թեմաներ ու հարթություններ սկսում փնտրել։

Արդեն չորս տարի ես ինձ համար բացահայտել եմ այս ուժեղ մարդուն, ով մի հայացքով կարող է մարդուն դաստիարակել, մի մեղմ ժպիտով վստահություն ներշնչել։

Երեկ իմացա, որ մարտում տանկիստները, որոնց թվում էր նաև Սեյրանը, շրջափակման մեջ են հայտնվել, ու Սեյրանը վիրավորում է ստացել։

Այսօրվա հաղթանակ կերտողները մեր ընկերներն են, հասակակիցները, եղբայրները։

Սեյրա՛ն, որքան էլ վերքդ ծանր լինի ու հիշողության սպիները՝ տանջող, պետք է հավատալ, որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է և ամեն նոր հնարավորություն իր մեջ հույս ու ակնկալիքներ ունի։ Հավատա, որ քեզ ճանաչողն ու չճանաչողը, մի պահ խորը շունչ քաշելով, իր մտքում քեզ շուտափույթ ապաքինում է ցանկանում։ Իսկ միտքը ուժ ունի, և ինքդ էլ ուժ ունես այնքան, որպեսզի բոլոր խոչընդոտները հօդս ցնդեցնես։ Չէ՞ որ դու Սեյրանն ես։ Չէ՞ որ դու հաղթող ես քո էությամբ։

Էլի ժպտա, շատ ժպտա քո մեղմ ու խոսուն ժպիտով, որովհետև դու արդեն հաղթել ես, մենք արդեն հաղթել ենք…  Ու շուտ ապաքինվիր, ընկերս, բարեկամս, մարտիկս…

Քո բոլոր ընկերները քեզ հետ են:

Երբ լույսը մեռնի, մենք լույս կդառնանք…

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում քաջաբար զոհվել է Շանթ Նավոյանը։ Շանթը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին քաղաք Երևանում։ 2019 թ-ին ընդունվել էր՝ Հայաստանի ֆրանսիական համալսարան, մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ ձմռանը մեկնել էր ծառայության։

Շանթի մասին հիշողություններով կիսվեց ընկերը (անունը չցանկացավ նշել), ով հերոսի մասին մեծ հիացմունքով էր խոսում:

- Շանթը եղել է իմ հին ու անգին ընկերը։ Հիշում եմ նրա ամեն մի բառը, խորհուրդները։ Ցանկացած պահի, երբ դիմում էի նրան, օգնում էր, աջակցում։ Նույնիսկ գաղտնիքներս չէի թաքցնում նրանից։ Յուրաքանչյուր հարց իրար հետ էինք քննարկում, անգամ եթե գիտեր՝ սխալ եմ, մեկ է, ասում էր, որ ուժեղ լինեմ՝ լավ կլինի ամեն բան։ Շատ խելացի էր, մեկ-մեկ էնպիսի մտքեր էր արտահայտում՝ զարմանում էի։

Շանթը ընկերուհի ուներ՝ Էլենը, ում անչափ շատ էր սիրում, մեծ նպատակներ ունեին: Երբ պատմում էր Էլենի մասին, աչքերը փայլում էին։ Շատ ներդաշնակ էին ու տարբերվող։ Նրանց սերը այնքան մեծ էր, որ անգամ այս պատերազմին հաղթեց։ Սակայն ուր էլ լինի Շանթը, միշտ կհիշենք նրան և այն խոսքերը, որը մի առիթով գրել էր. «Երբ լույսը մեռնի հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից մենք, լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»:

Մերօրյա հերոսները կերտում են մի նոր պատմություն։ Հանուն հայրենիքի նրանք զոհաբերում են ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Մեր օրերի հերոսը

Արյան կանչը, ինչպես Հայաստանի ցանկացած բնակավայրում, այնպես էլ Գագարին գյուղում ծնված հայորդուն, տարավ Արցախ։ Արցախի ազատության վեհ գաղափարի համար ապրեց և անմահացավ Տիգրան Ղարիբյանը։ Երեք ամիս էր մնացել, տուն պիտի գար։ Սովորել է հենց Գագարին գյուղի միջնակարգ դպրոցում։ Հաճախել է նաև տեղի նկարչական դպրոցը։

Խոսելով Տիգրանի դասընկերուհու` Մերի Սաղաթելյանի հետ, (նա նաև ազգակցական կապ ունի Տիգրանի հետ) խնդրեցի մի փոքր պատմել նրա մասին։

-Շատ կատակասեր էր մեր Տիգրանը։ Նրան անվանել էին հորեղբոր անունով, քանի որ հորեղբայրը ևս մասնակցել էր Արցախյան մարտերին և անհայտ կորել։ Տիգրանը ընտանիքի սփոփանքն էր։ 9-րդ դասարանից բոլորս դուրս եկանք (քանի որ շատ քիչ էինք) ամեն մեկս մեր ճանապարհով գնաց, բայց կապը միշտ մնաց։ Ի դեպ, Տիգրանը շատ լավ էր նկարում: Դպրոցում, եթե որևէ միջոցառում կամ բաց դաս էր լինում, մեր դասարանի մոտ հերթեր էին գոյանում։ Բոլորի համար նկարում էր, ոչ մեկին չէր մերժում: Անչափ աշխատասեր էր, սիրում էր աշխատել, գումար վաստակել, տանեցիներին օգնել։ Երբ դուրս էինք գալիս զբոսնելու, հանկարծ տեսներ մի մեծահասակի, ով ծանր տոպրակները հազիվ էր տանում, արագ վազում էր օգնելու։ Տիգրանի հետ լինել, նշանակում էր միշտ ուրախ լինել։ Մեծ ցավ է, որ այսօր նա մեզ հետ չէ, բայց ես նրա ուրախ կերպարն եմ միշտ հիշում։ Մեր խաղերը, կատակները մոռանալ չի լինի։

Մերին հետաքրքիր մի պատմություն ևս պատմեց։ Տիգրանի մայրիկը, երբ զանգել է նրան, շատ ուժեղ քամու ձայն է լսել, հարցրել է` ո՞ւր ես, Տիկ ջան։ Տիգրանն էլ պատասխանել է` մամ ջան, ներսում տաք նստած եմ: Մայրը ասել է` իսկ էդ ի՞նչ ուժեղ քամու ձայն է, ասել է` վայ՜,մամ, բայց դու ի՞նչն ես…

Այն,  ինչ անում  են հայ զինվորները այս պահին, գրվում է ոչ միայն հայերիս, այլ նաև ամբողջ աշխարհի պատմության էջերում։

Մենք հաղթելու ենք, մենք հաղթում ենք և մենք հաղթել ենք

Այն, ինչ պետք է պատմեմ հիմա, տեղի է ունեցել պատերազմը սկսվելու պահից։ Հստակ օրերն արդեն ինքս էլ չեմ հիշում։ Մինչ այժմ կարծում էի, որ ավելի լավ կլիներ պատերազմից հետո գրել՝ դրվագներ հիշելով, ինչպես վատ երազն են հիշում արթնանալիս, որպեսզի պակաս զգացմունքային ու ավելի իրատեսորեն արտահայտվեմ։ Բայց այսօր լռելը մեղք է։

Երեկո էր։ Պատերազմի մասին բոթն արդեն շրջանառվում էր ամենուր։ Լսել էի, որ համառ մարտեր են ընթանում, և երկու կողմերի տրամադրվածությունն էլ մարտական է, բայց քանի որ նոր էինք տեղափոխվել Երևան և տունը դեռ ամբողջ տեխնիկայով չէինք հասցրել կահավորել ու տանը դեռ հեռուստացույց էլ չունեինք,  հեռախոսիս ինտերնետ կապի վրա էլ հույս դնել չէր կարելի, անհամբեր սպասում էի այս ու այն կողմից ստացվող լուրերին։ Դրսում կռիվ-կռիվ խաղացող երեխաները ճայթուկներ էին պայթեցնում, ու քանի որ ծնողներս էլ աշխատանքի էին, տանը մենակ մնալով՝ ամեն փոքր աղմուկից վեր էի թռնում։

Այդ երեկո հյուրեր ունեինք՝  մոտերքում ապրող Գավառի մեր հարևանները։ Տիկին Անուշը իր աղջկա՝ Արմինեի ու թոռնիկների հետ միասին (բոլոր անունները փոխված են)։ Ձմեռային լուսնի նման գունատ էին։ Ինչ թեմայից զրուցեցինք, միշտ մի բան պակասում էր։ Բոլորս ուզում էինք էդ անիծյալ պատերազմից խոսել, բայց շրջանցում էինք։ Երեխաներին կողքի սենյակ ուղարկելուց հետո մեծերը սկսեցին խոր հոգոց հանել։

-Գնաց Արան,- թրջված աչքերը խոնարհելով սկսեց Արմինեն,- Երեկ գիշեր իրենց տղերքն եկան հետևից։ Տղես շորերը հագել էր, նստել, որ հորը ճանապարհ դներ, բայց չդիմացավ, նստած տեղը քնեց։

Ամբողջ օրը Արայից լուր չէին ստացել։ Այդպես ձգվեց օրեր շարունակ, մինչև կապը վերականգնվեց։

-Գրիգորին էլ են կանչել,-խեղդված ձայնով մրմնջաց տիկին Անուշն իր որդու մասին,-իրեն չեմ ասել։ Գիտեմ, հենց իմանա, կգնա։ Ո՞նց թողեմ գնա, ո՞ւմ հույսին մեզ թողի… Չէ՜, չեմ ասի։

Ցուրտ էր։ Սարսռում էի, բայց չէի հասկանում՝ ցրտի՞ց, թե՞ անորոշությունից եմ դողում։ «Տաք Երևանում արդեն ցուրտ է,-մտածում էի,-հիմա սահմանին կանգնած տղաների համար էլ է ցուրտ…»։

Փոքրիկներն էլ ամեն ինչ գլխի էին ընկել։ Աղջիկը կրկնում էր.

-Պապան Երևանում ա։

Եղբայրը սաստում էր.

-Պապան հեռու տեղ ա գնացել, էսօր չի գա։

Երեխաները նույնքան անհանգիստ էին, նույնքան սպասումով լցված ու ասես միանգամից այնքան հասունացած, որ կարողանում էին սատարել մորը։ Ինչո՞ւ… Ինչո՞ւ մանկությունը վայելելու փոխարեն փոքրերը պետք է պայթյունի ձայնից կուչ գան անկյունում, կամ կռիվ-կռիվ խաղան, իրենք իրենց մտածելով, որ եթե մի օր թուրքի առերեսվեն, այ, էդպես են դնգստելու։

Ի վերջո Գրիգորն էլ կամավոր գնաց…

Հիշում եմ՝ տարիներ առաջ պատերազմի մասին շարադրություն էի գրել, որտեղ «ատում եմ պատերազմը» արտահայտությունը ուսուցչուհիս ընդգծել էր՝ թե պետք չէ ատել, անխուսափելի բան է, որ Երկրի մարդաքանակը կարգավորելու նպատակ ունի։ Եթե դա դեռ նույն նպատակն ունի ու այսքան անմեղ զոհերի հաշվին, ուրեմն ես այդպես էլ ապրել չսովորեցի, որովհետև դեռ ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ։

Ռադիո եմ լսում։ Ամենուր օգնություն է հավաքվում։ Տղաները սահմանին են պայքարում, քաղաքացիները՝ թիկունքում, սփյուռքահայերը՝ դրսում։ Ամեն կողմից աղաղակում են ճշմարտությունը, բայց ողջ աշխարհը կուրացել ու համրացել է, իսկ մեր թղթե շերեփն այդպես էլ երկաթ չդարձավ։

Պատերազմը միայն խլում է, տանում ու ոչինչ, ոչի՜նչ չի տալիս։ Զոհվածների անուններն են կարդում։ Ամեն նոր անունի հետ մորս դեմքն այլայլվում է, իսկ հորս զայրույթը, որ մի կերպ է թաքցնում, պայմանավորված է իր հիշողությամբ։ Այս օրերին ամեն ինչ վերապրում է. մերթ ուզում է ինքն էլ գնալ, բայց մորս ամեն ինչ ասող հայացքին բախվելով հանդարտվում է, մերթ աշխարհն անարդար համարում ու ափսոսում, որ էս երկրի համար ինքն էլ է դժոխքի միջով անցել։ Իսկ ես… Ես պարզապես աղոթում եմ, որ այդ բոլոր անունները հորինված լինեն, որ պատահաբար ոչ մի ծանոթ անուն չկարդամ։ Բայց ի՞նչ տարբերություն ծանոթ են, թե անծանոթ, երբ մեր տան մոտ գտնվող եկեղեցում ամեն օր մեկի հոգեհանգիստն է անցկացվում։ Ո՞նց մոռանամ այդ մայրերի ողբաձայնը, որ տնից էլ է լսվում, ու՞ր փախչեմ, որ փողոցներում չտեսնեմ աչքերը սրբող երիտասարդ աղջիկների, ինչպե՞ս խաղաղություն խնդրեմ, որ ձայնս մինչև Աստված հասնի, ինչպե՞ս համոզեմ ինձ, որ խելագարվելու փոխարեն ինձ համար զոհվածների չապրած կյանքը ապրել է պետք ու հաղթել, անպայմա՜ն հաղթել, նրա՛նց համար հաղթել…

Դասընկերներիս բանակ ճանապարհելու օրը թղթի վրա այդ օրվանից հուշեր էինք թողել՝ ինչ-որ բաներ գրելով։ Պայմանավորվել էինք ծառայությունից հետո նորից հանդիպել։ Բայց մեզնից մեկը արդեն պակասում է, այնքա՜ն է պակասում, որքան ավելացել է աշխարհի արտասուքը… Այդքան շատ է պակասում։ Ունայնության այս փուլը ծանր խրոնիկ հիվանդության է նման, որ ոչ մի դեղամիջոցով չի բուժվում և գնալով ավելի ու ավելի է խորանում, հասնում սրտիդ, ուղեղիդ կամ նյարդերիդ ու դանդա՜ղ քայքայում քեզ ներսից։

Այս պատերազմը ոչ մի այլ նպատակ չի հետապնդում, եթե ոչ`  ոչնչացնել այն ազգը, որը պատմության չափ հին է, բայց չի դադարում ժամանակի հետ նորանալ։

Մենք հաղթելու ենք, մենք հաղթում ենք և հաղթել ենք արդեն իսկ, որովհետև մեզ հաղթել չի՜ լինի։ Բնաջնջել այն ազգին, ով գիտի որտեղից է գալիս և ուր է գնում, ով ամուր կառչած է իր արմատներին,  գեներին, ինքնությանն ու պատմական ժառանգությանը, պարզապես անհնար է։

Հ.Գ. Համալսարանում ընկ. Էլոյանին խոստացել ենք ապագայում յուրաքանչյուրս 10 հայորդի պարգևել հայրենիքին։

Սարսափի՛ր թշնամի, դողա՜ թուրք…

Ես Արոյի աղջիկն եմ` Սյուզաննա Արայիկի Նավասարդյանը

Դեռ չէր հայտարարվել զորահավաք, երբ Սյուզիի հայրը ՝Վարսեր գյուղից, (այն գտնվում է Գեղարքունիքի մարզում) շտապեց առաջնագիծ։ Հայրը գնաց իր պարտքը կատարելու, դուստրն էլ հոր թիկունքում իր գործն է շարունակում։ Սյուզին իր շուրջն է հավաքել արցախցի երեխաներին և որոշ չափով փորձում է նրանց օգտակար լինել։ Սյուզիի հետ խոսելիս խնդրեցի, որ մի քիչ պատմի երեխաների մասին։

-Լսի,՛ էնքան լավ երեխեք են, չես պատկերացնի: Էնքան ուժեղ, կյանքով լեցուն։ Մեր հարկի տակ ընդունեցինք, ինչքան որ հնարավոր էր շոր ու սնունդ հասցրինք, մի քիչ խոսեցինք, խաղացինք, որ ցրվեն երեխեքը։ Իսկ էս իրավիճակի հետ կապված ոչինչ չուզեցինք հարցնել, որովհետև չէին կարողանում իրենց տեսածը պատմել, մենք էլ չուզեցինք կրկնակի ցավ պատճառել։

Լուսանկարը Սյուզաննա Նավասարդյանից (Սյուզին ՝ձախ կողմի աղջիկն է)

Նրա շուրթերից ոչ մի տրտունջ չլսեցի միակ բանը, որ անընդհատ կրկնում է, հետևյալն է.

-Ես Սյուզաննան եմ Արայիկի Նավասարդյան։ Ես Արոյի աղջիկն եմ։

Սյուզին 19 տարեկան է, սովորում է Բրյուսովի  պետական համալսարանի ՝ թարգմանության և միջմշակույթային  հաղորդակցության ֆակուլտետի գերմաներեն միջմշակութային հաղորդակցության բաժնում։   Նա նաև ստեղծագործում է։ Գրում է տարբեր թեմաներով։ Այս օրերին ավելի շատ  է գրում ստեղծված իրավիճակի ու հերոս հոր մասին։

Մի տեսակ սառել է օդը

Ու խեղդում է ինձ կարոտը,

Ուզում եմ գալ մոտդ,

Բայց ասում են «պատերազմ»:

Թող լինի լավ գրքի վատ կազմ,

Ընդամենը թվացյալ երազ,

Որ արթնանամ`  դու գաս

Ու երբեք էլ չգնաս։