Զգոն մնա՛, քաղաքացի

Սարսափելի զգացումները դադար չեն տալիս։ Էս ամենի մեջ անհասկանալի սիմվոլիզմ կա, հայրենասիրություն, ընտանիքի ու աշխարհի հանդեպ սեր: Շանդ ու կատվիդ հետ էլ ինչ որ էմոցիոնալ կապ ես զգում: Նեղվում ես, որ լեզու չունեն ու չեն կարող իրենց զգացածը արտահայտել։ Հա՛, էդ կրակոցների տակ երևի ամենաանկենդանն էլ կենդանանում ու զգացածի մասին խոսել ա ուզում։

Դու սահմանին կանգնել չես կարող, բայց պատուհանի մոտ կանգնելով, էդ կրակոցները լսելով (ես Ճամբարակում եմ ապրում), թվում է, թե զենքը ձեռքիդ է, ու պատրաստվում ես կրակել։ Շարքային քաղաքացի, կրա՛կ…

Կողքի սենյակից Փաշինյանի ձայնը էնքան վախեցնող ա հնչում, ասում է.

-Մենք զոհվելու ենք հանուն մեր հայրենիքի։

Հա, մենք ոչինչ անել չենք կարող, մեզ մնում է զգոն-զգոն հետևել լուրերին, հետևություններ անել, վախենալ, հետո ինքներս մեզ սփոփել։

Էս ամենի մեջ ամենասարսափելին գիտե՞ք որն ա։ Մարդկանց մի տեսակ կա, որ սիրում են խուճապահար լինել ու խուճապի վատնել բոլորին: Սոցկայքում փոստ անել, բոլորին խառնել իրար, 4 տարեկան երեխու հետ էլ դնել քննարկել, որ` պապան սահմանին ա ու կարող ա չգա էլ։

Աշխարհը արդեն քնել ա  կորոնավիրուսի պատճառով, մենք էլ անմարդկային ու ամենահասարակ նորմերին չտիրապետող մարդկանց պատճառով քնել չենք կարողանում։

Խաղաղությունը պատերազմով պետք է նվաճել, միգուցե պա՞հն ա։

elita balyan

Ցեխից խմորեղեն պատրաստող աղջնակը

Ողջույն, հուսամ լավ ես ու տրամադրությունդ էլ բարձր է: Եթե` այո, ապա զինվիր համբերությամբ,  ես քեզ պատրաստվում եմ պատմել մի շատ երկար պատմություն։

-Էլի՜տ, արի տուն։

-Մամուլ, լավ էլի, մի քիչ էլ խաղամ։

-Հերիք ա, բալես, արի տուն: Վաղը էլի կխաղաս, արդեն ուշ ա։

-Լավ, մամ, հեսա գալիս եմ։

Այսօրվա պես հիշում եմ, երբ փոքր էի, ամեն անգամ մայրս բակից ինձ  տուն էր կանչում, իսկ ես տրտնջում էի ու անվերջ խաղալ էի ուզում։  Առավոտյան մորիցս վաղ էի արթնանում ու առանց մի բան ուտելու վազում էի դուրս, որ ցեխից կիսատ մնացած խմորեղենս  ավարտին հասցնեմ, հետո աղցան պատրաստեմ,  որի մեջ լցնում էի  աչքս շոյող ու ձեռքիս ամենահասանելի խոտերն ու հատապտուղները։  Մինչ ես աղցանս էի պատրաստում, մայրս  տանը արդեն համեղ ուտելիքներով լի սեղան էր բացում ու ինձ մի կերպ տանում էր լոգարան, որ ձեռքերս լվամ ու հաց ուտեմ։ Արագ ուտում էի ու վազում դուրս` իմ փոքրիկ խաղասրահն ու բոլորին անհասանելի աշխարհը։ Իմ ամեն օրը սկսվում ու ավարտվում էր այսպես, մինչև սկսեցի դպրոց գնալ։ Դասից գալիս էի ճաշում, արագ դասերս ավարտում ու վազում խաղալու։ Երբ մի քիչ մեծացա, էլ դրսում ցեխից խմորեղեն  ու գունավոր աղցան չէի պատրաստում։ Մեր տան փոքրիկ ուսուցչուհին էի դարձել,  ով անվերջ տիկնիկներին դաս էր տալիս ու երբեմն էլ բարկանում աղմկելու համար։

Տարիները անցան, ու  ցեխից խմորեղեն պատրաստող աղջնակը դարձավ հասուն աղջիկ։ Ամիսներ առաջ լրացավ 18 տարեկանս, ու մայրս ինձ մեր` Կալավան գյուղից ուղարկեց քաղաք՝ քրոջս մոտ, որպեսզի ընդունվեմ համալսարան։ Ես ամբողջ օրը տանն էի լինում ու պարապելուց բացի ուրիշ զբաղմունք   չունեի, ուստի քրոջս խնդրեցի ինձ համար աշխատանք գտնել, ու նա չմերժեց ինձ։

Անցավ մի քանի օր, ու քույրս ինձ համար աշխատանք գտավ հենց այն նույն խանութում, ուր ինքն էր աշխատում։ Ինձ կանչեցին պրակտիկայի, որից հետո պարզ կդառնար` կմնա՞մ աշխատելու, թե ոչ։

Պրակտիկան տևեց երեք օր, ու ինձ ընդունեցին աշխատանքի։ Ասեմ, որ արդեն մի ամիս է, ինչ աշխատում եմ ու շատ ուրախ եմ։

18-ս լրանալուց հետո  շատ բան փոխվեց կյանքումս: Սկսեցի ավելի ուշադիր լինել, ավելի հետևողական ու պատասխանատու դարձա։ Ու նաև հասկացա, որ ժամանակը կանգ չի առնում: Այն սլանում է արագ ու անաղմուկ։ Դեռ երեկ ես մայրիկի փոքրիկ ու նվնվան աղջնակն  էի, իսկ այսօր արդեն հասուն մարդ, ով  էլի վերջ չի տվել իր նվնվոցներին։

Եթե առաջ մորս ձայնից էի արթնանում, հիմա զարթուցիչիս ձայնից եմ արթնանում։

Ժամը ուղիղ 7:30 է,  զարթուցիչս զնգաց:  Կներես, պիտի գնամ, որ աշխատանքից չուշանամ։

anush davtyan

36 հարց, կամ ինչպես սիրահարվել ցանկացած մարդու

Մոտ վեց տասնամյակ առաջ Կալիֆորնիայի համալսարանի ուսանողներ Արթուր Արոնը և Էլեյն Սփոդլինգը համբուրվեցին գլխավոր դահլիճում ու անմիջապես սիրեցին իրար։ Տարիներ անց նրանք դեռ միասին էին, ամուսնացած։

Իրենց սիրո պատմությունը ոգեշնչում էր ու միևնույն ժամանակ, շատ հարցեր առաջացնում զույգի մոտ։ Արդյո՞ք հնարավոր է լաբորատոր պայմաններում ստեղծել մտերմություն ու ստիպել մարդկանց անմիջապես սիրահարվել։ Spoiler alert. այո։

Այդ դեպքում ո՞րն է սիրահարվելու ամենաարագ ու հաստատ տարբերակը։

Դե, հիմա այդքան էլ մեծ գաղտնիք չէ, քանի որ «The New York Times»-ն ամեն ինչ բացահայտել է։ Ամեն դեպքում պատմեմ։

Ուրեմն, երկու անծանոթ նստում են իրար դիմաց։ Եթե նայեն իրար աչքերի մեջ խոսելու ընթացքում, ապա սիրահարվելու շանսերը մեծանում են։ Նրանց դիմաց դրված են 36 հարցերով թերթիկներ, զույգը հերթով կարդում է դրանք, ու  երկուսն էլ պատասխանում են ամեն հարցի։ Արոնն իր թիմի հետ հատուկ այնպես է մշակել հարցերը, որ դրանք միանգամից քո հոգին չեն բացում դիմացինի առաջ, այլ անում են դա աստիճանաբար, բայց շատ արագ։ Մյուս կողմից էլ, պարզվել է, որ եթե հարցերը մեկումեջ լինեն ավելի խորը, հետո ավելի մակերեսային, ապա արդյունքն առավելագույնն է։

Արոնի անցկացրած փորձից քիչ անց մեկ զույգ ամուսնացել է, շատերը կրկին գնացել են հանդիպման։ Բացի Արոնից եղել են շատ ուրիշներ, որ կատարեն այս գիտափորձը, ու ամեն անգամ եղել են ամուսնացողներ։

Ու եթե ես գրեի երիտասարդ ու միջին տարիքի կանանց համար ամսագիր, ապա այստեղ անպայման կնշեի, որ մեր բլոգի խորհուրդներն օգտագործելով՝ քեզ կարող է սիրահարվել յուրաքանչյուրը։ Բայց ինչքան էլ որ անհավատալի թվա, ինչքան էլ մտածես, որ աշխարհում ինչ֊որ տեղ կա քո կեսը, եթե դեռ չես գտել, Արոնի հարցերը հաստատ անտարբեր չեն թողնի դիմացինին։

Ժամանակակից մոտեցմամբ՝ փորձի վերջում արդեն ծանոթները 4 րոպե առանց խոսելու պետք է նայեն իրար աչքերի մեջ։ Սա ամրապնդում է փորձի արդյունքները, երևի ինչ-որ կապ է ստեղծում զույգի միջև։

Չգիտեմ՝ ոնց դու, բայց ես հավատալու համար պետք է փորձեի։ Ցավոք սրտի, ոչ մի հարմար անծանոթ չկար մոտակայքում, ստիպված ընկերուհուս հետ փորձարկեցինք հարցերը։

Ինչ ասեմ, չեմ սիրահարվել, ինքն էլ, սպասելի էր։ Հասանք 16֊րդ հարցին, որովհետև պարզվեց, որ ծանոթներն իրար ավելի շատ բան են պատմում, ու երկու ժամ մենակ տասնհինգ հարցի վրա ենք ծախսել։ Հետո նաև իմացանք, որ ինչքան էլ մոտ լինենք, մնում են որոշ բաներ, որ չենք հասցրել իրար պատմել։

Մենք դպրոցից ենք ընկերություն անում, ու մինչև դպրոցական տարիքը կյանքում կատարվածների մասին չէինք խոսել։ Օրինակ՝ երբեք մտքովս չէր անցել պատմեմ, որ մանկապարտեզում քնի ժամին տեղիցս ցած էի թռչում, որ գետնին դրված կոշիկներս ուղղեմ, եթե ինչ֊որ մեկը անցնելիս շարժում էր դրանք։ Ինքն էլ ինձ չէր պատմել, թե ոնց էին տանեցիները խաբում ու առանց իրեն գնում ծով, նույն ինքը` «գրադարան»։

Հա, ու եթե շատ մոտ ես զրուցակցի հետ, ընկերներ եք, առավել ևս մոտ ընկերներ, հաստատ ավելի շատ չեք մտերմանա, մեր փորձագետներն ապացուցել են։

Եթե էդ հարցերը չգտնես կամ ալարես ման գալ, կուղարկեմ, բայց արդյունքների մասին պիտի կիսվես հետս։ Միայն գիտական հետաքրքրությունից ելնելով եմ ասում։

Իսկ եթե որևէ մեկը իմ այս անկեղծությունից հետո (մի քանի հարցի պատասխանել եմ տեքստում) հանկարծ ու սիրահարվեց ինձ, էդ էլ գրեք, սպասում եմ։

mariam tonoyan

Մի շփոթիր շարժումը գործողության հետ

-Սպասումի քաղաք է էս ձեր Երևանը,- կանգառում երթուղայինին սպասելիս ասացի արդեն երկար ժամանակ Երևանում բնակվող ընկերուհուս,- Ժամերով պատրաստ եք սպասել կանգառում, որ ինչ-որ թվանշանով մեքենա գա ու ձեզ հասցնի պետք եկած տեղը։ Հետո մեքենայի մեջ սպասում եք, թե երբ եք հասնելու։ Հենց թվում է, թե հասել եք, պետք է նորից սպասեք, որ լուսակիրը կանաչ նշանը ցույց տա, շքամուտքում սպասում եք, որ վերելակը ներքև իջնի, ապա կրկին սպասում, որ ձեզ ուզած հարկը հասցնի։ Դուռը թակելուց հետո սպասում եք, որ բացեն… Ու սա դեռ ամենապարզ ու առօրյա շղթան է։

Ես ծիծաղեցի ու շարունակեցի.

-Իսկ գիտե՞ս՝ ես ինչ կանեի, եթե Գավառում լինեի։ Ինձ պետք եկած ուղղությունը բռնած՝ ոտքով կիջնեի այնքան, մինչև երթուղայինի կհանդիպեի, իսկ եթե չէ՝ մեծ բան չէ, բնավ չեմ էլ օգտվում. քաղաքի մի ծայրից մյուսը մեկ ժամում կարող ես հասնել։ Կհասնեի հինգհարկանի շենքին, վազելով վեր կբարձրանայի ու կսպասեի միայն, որ դուռը բաց անեն։

-Բայց պետք է, չէ՞, ինչ-որ բանի սպասել, ու թույլ տալ, որ որևէ տեղ ինչ-որ մեկը քեզ սպասի,-առարկեց ընկերուհիս,-իսկ մեջտեղում դու շահում ես մտածելու ժամանակ։

-Է՜, մտածել… Ամեն երկրորդ մարդ ինքն իրեն զբաղեցնում է կանգառներում։ Մեկը հեռախոսի մեջ է խրված, մեկին զանգել են, չհաշված, որ մեծամասնության ականջներում ականջակալ կա։

-Դեռ սկիզբն է, կընտելանաս,- ժպտաց ընկերուհիս,- կարոտել ես, դրա համար էլ սկսել ես համեմատել, ինքդ քեզ համոզել։

Ես լռեցի։ Մեկը մյուսի հետևից սլանում էին մեքենաները։ Մարդիկ անցնում էին իրար կողքով՝ առանց միմյանց վրա հայացք գցելու։ Ես հասկանում էի, որ մեծ քաղաքում դա ավելի նորմալ է, քան ամեն պատահած մարդու հետ զրույցի բռնվելը։ Ընկերուհիս նշան արեց, և միասին բարձրացանք կանգառում արգելակած վարդագույն ավտոբուսներից մեկը։ Պատուհանից այն կողմ շտապում էր աշխարհը։ Շենքերից մեկի վրա հասցրեցի կարդալ. «Մի շփոթիր շարժումը գործողության հետ»։

-Շարժումը գործողություն կդառնա, եթե այն նպատակային է,- մտքումս գտա պատասխանը ու սկսեցի մոտավորապես պատկերացնել, թե ուղևորներից ով ինչ նպատակով է շարժվում քաղաքի մի մասից մյուսը։

Վերջապես վերհիշեցի նաև իմ նպատակը, որ շարժումս գործողության պետք է վերածեր ու առույգացա։

-Գիտե՞ս՝ ինչ բան է հայմվեհը,- հանկարծ դարձա ընկերուհուս։

-Համեղը՞,-հարցրեց։

-Հայմ-վեհ, գերմաներենից բառացի՝ հայրենիքացավ, այսինքն՝ տուն դառնալու ցանկություն, կարոտ,- արտասովոր զվարթությամբ սկսեցի բացատրել։

Ընկերուհիս չփորձեց անգամ քաղաքավարությունից դրդված ծիծաղը զսպել, որովհետև լավ էր ճանաչում ինձ։ Ես գտել էի մի հույս, որից պետք էր կառչել փոփոխությանն ընտելանալու ու նոր իրականությունն ընդունելու համար։ Չէ՞ որ իզուր չէի այստեղ հայտնվել։

-Ասածս այն է, որ թեկուզ միայն այդ բառը սովորելու համար արժեր Երևան հասնել,- ժպտալով արդարացա ես ու մտածեցի, որ ամեն մանրուք ու պատահականություն կարող են հույս ներշնչել, երբ առաքելությունդ իրագործելու ճանապարհին ես։ Չէ՞ որ գիշերը պարզապես լույսերի հանգման արարողություն է, երբ կարող ես լուսաբացն անտարբերությամբ դիմավորել։ Իսկ երբ գիշերային լույսերն անգամ որպես կախարդանք ես ընդունում, առավոտդ դիմավորում է քեզ հարազատ մոր պես ջերմ, որտեղ էլ որ արթնացած լինես՝ քո տանը, թե մեկ այլ քաղաքում։

mamikon kirakosyan

Մադլենի ոտքերը երբեք այդքան կեղտոտ չէին եղել

16 տարեկան աղջիկ, չգիտեմ ինչ անուն ունի, անունը կարևոր չի։ Մեր իրականության մեջ, մեր մոռացված գյուղերում մարդու անունը, զգացմունքները ու կարիքները կարևոր չեն։

Մենք մի իրականության մեջ ենք, որտեղ շատերի համար նորմալ է 16 տարեկանում ամուսնանալը։ Սա ահավոր ցավոտ թեմա է։ Սա հնարք է երեխեքից արագ ազատվելու, վզին գցած պարանն էլ հանելու ու դեն նետելու։

Մադլենը 12 տարեկան մի աղջիկ էր, ով սոցիալական հարցում իրականացնելու ժամանակ փորձում էր օգնել ու շրջել գյուղով ինձ հետ։ Ես ուրախ եմ, որ մեզ հետ ապրող մադլեններ կան։ Մադլենի համար աննորմալ երևույթ էր իր քրոջ 16 տարեկանում ամուսնանալը։ Ոստիկան դառնալ էր երազում, անարդարություններ չէր սիրում, նեղվում էր, երբ ինձ վատ ապրող ընտանիքի տուն էր ուղեկցում։ Ասում էր՝ սիրում եմ գյուղս, ամեն բան անելու եմ գյուղիս համար։ Ու թեև Մադլենի ոտքերը, որոնք փոշուց սևացել էին, խոսում էին չհանձնվելու ու իրենից փոքր 5 եղբորը ու 2 քրոջը հոգ տանելու մասին։ Մադլենի մաշված հողաթափերը ու մոր չափից դուրս նորմալ կոշիկները տարածաշրջանում առկա անմարդկային ու ստորացնող իրավիճակի մասին էին պատմում։

Չէ՛, Հայաստանում ոչինչ լավ չի, չէ՛, Հայաստանում մարդիկ մարդ չեն, ու չէ՛ ,Հայաստանում փառահեղ արժեքները կարևոր էլ չեն. մարդիկ ուղղակի վախենում են քնել, աչքերը փակել, որովհետև մի օր սովից կանգ կառնեն։

Մարդիկ մարդ չեն, մենք էլ իրենց հետ: Մենք երբեմն զուրկ ենք մարդկային ամենահասարակ ապրումակցումից։

Մադլենի ընկերը քամին էր, որ բաց պատուհանով տուն էր մտնում, մեկ էլ Սամոն, որ դեռ չէր խառնվել մարդկային արջի ցեղերին, դեռ չէր հասկացել, որ ստամոքսում թանկ ուտելիքն է կարևոր ու մեկ էլ անճաշակ, բայց բրենդային խանութից առած ռոկոկո վերնաշապիկը։

lusine araqelyan

Արդի երազանք

Երազում եմ գոնե մի անգամ նստել իմ երևակայությունից շինված գնացքն ու մեկնել 20-րդ դար։ Մի ժամանակաշրջան, որտեղ ըստ իմ դիտած ֆիլմերի ու կարդացած գրքերի՝ կանայք հագնում էին լայնեզր շրջազգեստներ, կրում էին կնոջը բնութագրող աքսեսուարներ, իսկ տղամարդիկ կրում էին բաճկոններ ու խորհրդավոր գլխարկներ։

Մի ժամանակաշրջան, որտեղ համացանց ու հեռախոս գրեթե չկար, իսկ եթե կար, ապա այն ոչ թե օրվա մի մասը կազմող բջիջն էր հանդիսանում, այլ պարզապես հաղորդակցվելու միջոց էր։ Երբ մարդիկ միմյանց նամակներ էին գրում հասարակ, գուցե և անմշակ կաթնաոսկեգույն թղթի վրա։ Դա այն երևույթն էր, երբ ձեռագրի միջոցով կարելի էր խոսել միմյանց հետ, այդ հասարակ, բայց և ամեն ինչ ասող թղթի կտորով արտահայտել քո ներքին հուզմունքն ու էմոցիոնալ ապրումները։ Երբ քեզ հասցեագրված նամակով կարելի էր հասկանալ մարդու գրագիտության աստիճանն ու վերաբերմունքը։

Ու կարելի էր այդ նամակի խոնավության աստիճանից ենթադրել, որ քեզ համար գրված նամակը արտասվելով են գրել, կամ ձեռագրի շեղվածությունից որոշել, որ այն գրված էր գուցե և վախով կամ տագնապով…

Քեզ հասցեագրված նամակին սպասել, սպասել ժամերով, օրերով, հաշվել, թե փոստատարը քանի րոպեից կհասնի, գուցե այնքան, մինչև որ սուրճդ սառչի, ու երբ ձեռքդ առնես նամակը, գուցե ապրումներդ թույլ չտան սուրճդ վերջացնել…

Մի երևույթ, որի դեպքում սպասումը գեղեցիկ է դառնում։

Գուցե քո նամակն այնքան արժեքավոր լիներ, որ այն դնեիր հուշերիդ տուփի մեջ։ Գուցե և այդ տուփը երբեք չբացեիր։ Գուցե խռովությունից այրեիր նամակն ու մոխիրը քամուն տայիր… Վերադառնալով մեր ժամանակներ՝ կասեմ, որ դա իսկապես ամենահաճելի զգացողությունը կլիներ, երևակայիր, խնդրում եմ։

Իսկ մեր իրականության մեջ նամակները գրվում են քեզ որպես SMS։ Ինչքան անհետաքրքիր ու անբովանդակ նամակներ ենք ստանում, տառասխալներով, շա՜տ հաճախ էլ բառասխալներով ու գրեթե միշտ անպատասխան։

Այնպես կուզեի հայտնվել վաղ 20-րդ դարի պարահանդեսներում, երբ այդ խորախորհուրդ ու հսկայական դահլիճում հավաքված պարոնների ու լեդիների համար հնչում էին ամենախորհրդավոր դասական մեղեդիներն ու դրանց հմայքի տակ պարում էին ամենագեղեցիկ օրիորդները, որոնց գեղեցկության հիմքում մի քանի շերտերից բաղկացած դիմահարդարումը չէր։ Եվ իհարկե, թիկնեղ տղամարդիկ․․․

Այդ դարի պարահանդեսներում ամեն ինչ արտակարգ էր ու ինչ-որ խորհուրդ կար դրանում, իսկ հիմա ամեն ինչ սահմանափակվում է համացանցային հարթակում ուղիղ եթերներ անելով։

Եվ իհարկե, կուզենայի հայտնվել մի ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանը տեղափոխել 21-րդ դար, որտեղ կային ամենաիսկական արքայադուստրեր ու արքայազններ՝ սպիտակ ձիերով։ Եվ ամեն անգամ նմանատիպ ֆիլմեր դիտելիս մի ակնթարթ հայտնվում եմ նրանց ընթրիքի սեղանին, նրանց պարահանդեսներում… Մի պահ փակվում են աչքերս ու ֆիլմը մնում է կիսատ։ Ու արթնանում եմ 21-րդ դարի հայ իրականությունում։ Բարի լույս։

lusine araqelyan

Պատշգամբից ներքև

Ես մի անվախ աղջնակ էի, որին անգամ համավարակի իրական վտանգի ապառնալիքով տանը պահել հնարավոր չէր, ես մի ազատ թռչնակ էի, ով անկախ իրավիճակից՝ ճախրել էր ուզում։ Բայց այսօր, երբ ինձ համար շատ մտերիմ մարդն այդ լուրջ խնդրի առաջ է, հիմա այդ խենթ աղջիկը, նույն ինքը՝ ես, այնքան մտահոգ եմ, բայց անկախ ամեն ինչից՝ իմ սրտում կուտակված տխրության մեջ կային ուրախ բջիջներ, վերջինիս մոլեկուլներում՝ ցնծության նշույլ, քանզի ես գիտեմ, որ իմ սրտից բխած ոչ ցուցադրական աղոթքները տեղ են հասնում։

Գուցե իմ ուրախ առօրյան ինձ թույլ չի տալիս արտասվել, այսինքն՝ իրական էմոցիոնալ վիճակս ցույց տալ, բայց այդ պայծառ առօրյայի «միջանցքներում» հաճախակի հյուրընկալող տագնապ ու տխրություն կա։

Ինչևէ, թողնելով գործերս, զբաղվածությունս հաշվի չառնելով՝ վերցրի իմ ձեռքով սարքած մի գեղեցիկ նվեր, մի քանի համով բան գնեցի խանութից ու անհրաժեշտ դեղեր, հագա պաշտպանիչ, բայց և շնչառական խնդիրներ ի հայտ բերող դիմակս ու շտապեցի ընկերուհուս տուն, ավելի ստույգ՝ իրենց տան պատշգամբի տակ կանգնեցի ու մի փոքրիկ քարով հարվածեցի պատուհանին։ Վերջին գործողությանս նպատակն այն էր, որ դուրս գան տանից, որ տեսնեմ իրենց, թեև երկու մետր հեռավորությունից։

Արդեն երեկոյան ինն էր, երբ քաղաքի եռուզեռը, փողոցի լույսերը, մարդկանց անցուդարձը ուրախ թվացող փողոցում ինչ-որ յուրահատուկ տրամադրություն էին առաջացնում։ Այդժամ ես կանգնել էի ուղիղ իրենց տան պատշգամբի ներքևում։ Եվ կարծես թե իմ քարի հարվածները իրենց նպատակին էին ծառայում։

Երբ տեսա նրան ու իր ընտանիքի անդամներին, պայծառ ու շողացող ժպիտն ու աչքերի մեջ առկայծող կրակը, հասկացա, որ աշխարհում կա մի գեղեցիկ երևույթ, որը «հույս» է կոչվում։

Արցունքներս զսպելով՝ ես էլ ժպտացի իրենց, այնուհետև ընկերուհիս իրենց պատշգամբից մի երկար պարան ձգեց դեպի ինձ, ու ես դողացող ձեռքերով նվերները դրեցի իրենց պարանին կապած տոպրակի մեջ, և նա պարանի օգնությամբ դրանք վերև բարձրացրեց։

Դա կյանքիս մեջ պատահած այն գեղեցիկ երևույթն էր, որ երկու բառով նկարագրել եմ ուզում՝ բարություն և ինքս իմ անձի հանդեպ դրսևորված երախտագիտություն։

Այս ամենին հաջորդեցին օդային համբույրները, ու ես լայն ժպիտը դեմքիս տուն գնացի։

mariam tonoyan

Մայրը

Իրիկնամուտ էր. արևն առնում էր իր վերջին շողերը՝ կանաչավարս ծառերի ոսկևորված տերևները շոյելով։ Ամառային տաք քամին երեկոյան այդ ժամին հագել էր իր սարսռացնող վերարկուն ու փարվում էր փողոցներում դեռևս շրջող, թեթև հագնված մարդկանց ու նրանց սիրով մինչ տուն էր ուղեկցում։ Ճրագալույցի հետ սարերից իջնում էին հովիվները՝ ոչխարների հոտերն ու նախիրները գյուղական ախոռներ ցրելով։ Մթնող երեկոյի այդ ամայության մեջ պսպղում էին զույգ աչքեր՝ պարզ երկնքի պես բաց կապտավուն։

Հովիվներից մեկը, հանկարծ նկատելով խոտերի մեջ խլրտացող ստվերը, քայլեց այդ ուղղությամբ։ Եվս երկու քայլ ու կտեսներ, թե ով է դա, բայց հանկարծ բարձրահասակ խոտերի միջից մի բռունցքաչափ քար թռավ ու դիպավ հովվի ուսին։

Հովիվն անսպասելի հարվածից խրտնած՝ մռնչոցով մի քայլ հետ թռավ։

-Հի-հի-հի՜,- ձեռքը բերանին դրած ու բռնկուն քրքիջը հազիվ զսպելով՝ խոտերի մեջ երևաց փոքրիկ, նիհար մի աղջնակ՝ երկնագույն աչքերով։

Հովիվը զարմացած առաջ քայլեց.

-Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այս ժամին դրսում։

-Քըշ-քըշ,- ձեռքը հանդիմանանքով թափահարեց աղջիկը,- սո՜ւս…

Հովիվը շփոթվեց, կռացավ աղջկա հասակի չափ ու պատասխանի սպասող հայացքով սկսեց զննել նրա դեմքը. երկու՝ դեմքի հետ անհամապատասխան մեծ, փայլփլուն աչքեր, ներս ընկած, կեղտոտ այտեր, փոքրիկ բերան, որ թվում էր՝ միշտ ժպտում է, թուխ խոպոպիկներ, որ քամու հետ խաղալով դեսուդեն էին ընկնում նրա գունատ դեմքի վրա։

-Ծնողներ ունե՞ս, աղջիկ,- ավելի բարյացկամորեն հարցրեց հովիվը։

Աղջիկը հայացքը չկտրելով հարևան տան ցանկապատից՝ պատասխանեց.

-Մայր ունեմ։

-Հապա ինչո՞ւ դեռ քեզ տուն չի կանչել։

Աղջիկը չպատասխանեց, կռացավ, մի փոքրիկ քար վերցրեց ու նետեց հարևան տան բակը։ Ներսից մեկն ի պաստասխան երկու անգամ թխկթխկացրեց բարձր, փայտե ցանկապատը։ Հավանաբար դա ինչ-որ դրական ազդակ էր, քանի որ փոքրիկի դեմքն ակնթարթորեն փայլեց, ապա նա տեղում շորորվելով ու չարաճճիորեն երկարացնելով վանկերը, ի վերջո պատասխանեց.

-Մայրս հյուր ունի։ Երբ նա հյուր է ունենում, մեզ ուղարկում է դուրս՝ խաղալու։

Հովիվը խոժոռվեց։ Մինչ նա կխնդրեր իր հետևից եկող  հովիվներին, որ իր պատասխանատվության տակ գտնվող հոտը ևս ախոռներ հասցնեն, աղջիկն արդեն մոտերքում չէր երևում։

Մթնել էր. գյուղի ճանապարհները լուսավորվում էին տների պատուհաններից դուրս փախչող լույսերի նեղլիկ պատառիկներից, որոնք մերթ ընդ մերթ աղճատվում էին՝ ներսում անցուդարձողների ստվերներն իրենց վրա առնելով։ Թրթռացող լույսերի մեջ ողջ աշխարհն ասես երերում էր և մի պահ հովվին թվաց, որ այդ  երերուն իրականությունից փոքրիկ աղջիկն էլ սահել, անցել է մեկ այլ, ալիքվող հորիզոներ։ Քայլերը մեխանիկորեն բերեցին դեպի ցանկապատը։ Ներսի կողմից քչփչոցներ էին լսվում։ Հովվի կասկածները, թե աղջիկն այնտեղ կլինի, հաստատվեցին։

Մինչ կվճռեր ներս անցնել, նրա ուշադրությունը գրավեց վարդագույն կադիլակը, որ այնքան գռեհիկ էր գյուղի խղճուկ ֆոնին, ինչպես ադամանդյա պսպղան մատանին անխնամ ու արևակեզ մատի վրա։ Տնից, որի առջև կայանված էր մեքենան, դուրս եկավ հաստագլուխ, երկարավիզ, անճոռնի մի կերպարանք, նստեց մեքենան ու նորաոճ կադիլակը գյուղից դուրս սլացավ՝ վարդագույն դռնակները ցեխով նախշազարդելով։ Շուտով նույն տնից դուրս եկավ հաստլիկ մի կին ու այսուայնկողմ նայելով բղավեց.

-Լուսինե՜, Լուսինե՜…,- տեսնելով, որ մոտակայքում մարդ չկա, փողոց դուրս եկավ, ու լայն-լայն քայլերով շարունակեց,- Արմա՜ն, ո՞ւր եք… Լուսինե՜…

-Արման, շուտ արա, շո՛ւտ,- հովիվը լսեց աղջկա ձայնը ցանկապատի մյուս կողմից։ Չանցած մի ակնթարթ՝ զիլ ձայնով ներսում ինչ-որ բան դրմբաց ու դրան հաջորդեց խռպոտ տղամարդկային ձայն.

-Գողությո՞ւն եք անում, հաա՜, սատանաներ։

Դարպասն իսկույն բացվեց ու աներևակայելի արագությամբ ներսից դուրս վազեց աղջիկը, իսկ նրա հետևից՝ էլ ավելի փոքրիկ տղան, ով դեռ ձեռքում էր պահել գողոնը ու փոքր-ինչ դանդաղելու պատճառով հասցրեց վզակոթին մի քոթակ ստանալ տանտիրոջ կողմից։

-Լուսինե՞, էդ դո՞ւ ես,- մյուս կողմից ճղճղալով վրա հասավ կինը, ու բռնելով փոքրիկ աղջկա ձեռքից, մյուս ձեռքով ապտակ հասցրեց նրան,- ա՛ռ քեզ, չէի՞ ասել՝ հեռու չգնաք։

Անզուսպ զայրույթը չկառավարելով՝  ոտքից գլուխ թափահարեց նաև ավելի փոքրին։

-Հեյ, հե՜յ…,- փորձեց խառնվել հովիվը և կնոջ ձեռքից առավ կտորի նման թափահարվող տղային։

Անսպասելի տեսարանից շվարած՝ տանտերը կանգնել էր դարպասի առաջ ու աչքերը կկոցած փորձում էր տեսնել զայրացած տիկնոջ դեմքը։

-Այ կին,- վերջապես միջամտեց նա, և դուրս գալով ստվերից, հստակ երևաց։ Դա մի կորացած ծերուկ էր, ով չնայած ծերությանը, բավականին առույգ ու առողջ էր թվում։ -Դրանց դաստիարակած լինեիր, հիմա ո՛չ ես կխփեի, ո՛չ դու։ Տե՛ր կանգնի, մատղաշ են, մեղք են։

Աղմուկը լսելով՝ մի քանի գյուղացիներ դուրս էին եկել տեսնելու, թե ինչ է պատահել և ծերունու այդ խոսքերը, որ հնչեցին ականատեսների առջև, էլ ավելի վիրավորական թվացին կնոջը։ Նա բորբոքվեց.

-Իմ միսն ու արյունն են, ե՛ս եմ մերը, ե՛ս եմ որոշում՝ ոնց դաստիարակեմ,- ճչաց նա, ու հանկարծակի մի շարժումով հովվի ձեռքերից խլելով տղային, նրան աղջկա հետ միասին տուն քարշ տվեց։

Տանտերը նրանց հետևից ձեռքը թափ տվեց՝ ի նշան այն բանի, որ նրանց հետ գլուխ դնելն անիմաստ է, ապա շրջվեց, ուզում էր ներս մտնել, բայց հովվի մասին հիշելով, կրկին հետ դարձավ.

-Կանգնել, թամա՞շ էիր անում՝ ոնց են գողանում, այ ջահել։

-Էդ կինն ո՞վ է,- խեթ նայելով ծերունուն՝ հարցրեց հովիվը։

-Սև շո՛ւնն է… անոթի է թողում մի մատ երեխեքին, որ ինքն իրենով զբաղվի,  դրանք էլ գող են մեծանում, որ սոված չվնգստան։

…Տանտերը ներս անցավ՝ իր երկար խալաթի փեշերից կախած տանելով անլուսին գիշերվա մթությունը։ Հովիվն իր գլխավերևում նկատեց առաջին աստղերը՝ իր հարյուրավոր գառների նման անսահման թվացող, բայցև հաշվելի, որ կարծես սովից հարձակվել էին մթի վրա ու արածում էին երկինքը։

Հովիվը քայլեց մթության մեջ ու մտածեց, որ ոչխարն իր գառի բերանից խոտը չէր գողանա։