meri avetisyan

Ինչ եմ սովորում ԵԹԿՊԻ-ում

Ես հաշվել եմ իմ ամենօրյա ճանապարհը: Այն կազմում է մոտ 130 կմ, կամ գուցե ես եմ չափազանցնում, բայց ամեն դեպքում Սևանից Երևան և հակառակ ուղղությամբ, ես ամեն օր գնում-գալիս եմ։ Երևանում է գտնվում իմ ինստիտուտը, որը իր բնույթով եզակի է, իր ոճով և չափազանց ակտիվությամբ թատերական ինստիտուտը միշտ տարբերվել է։ ԵԹԿՊԻ-ն  մշակութային բուհ է, և այստեղ սովորողները մշտապես ծանրաբեռնված են դասերով, փորձերով ու քննություններով։

Թատերական ինստիտուտը տան  պես է. այստեղ է անցնում իմ օրվա մեծ մասը: 9:30-ից մինչև ժամը 7-ը մնալ ինստիտուտում, իսկ երեկոյան գնալ որևիցե ներկայացում կամ ֆիլմ դիտելու: Բայց  բացարձակապես չեմ հոգնում, քանի որ  ինձ դուր է գալիս։ Ես մասնագիտությամբ սցենարիստ դրամատուրգ եմ, խորանալով այս մասնագիտության մեջ, սովորեցի ամենակարևոր բաները, որոնք վստահ եմ, գրողներին միանշանակ պետք կգան:

Եթե ցանկանում ես գրել պատմվածք, սցենար կամ որևիցե այլ նյութ, ապա այն պետք է ունենա իր մեկնարկը, կուլմինացիան (գագաթնակետ) և հանգուցալուծումը, ցանկացած նյութ պետք է ունենա ինչ որ մի խնդիր: Ինչպես իմ կուրսղեկն է ասում. «Գրականությունը սկսվում է այնտեղ, որտեղ խախտվում է ներդաշնակությունը», և օրինակ էր բերում Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի մեկնարկը. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»: Ի՞նչ էր պատահել` կռիվ էր ընկել, ահա սա է խնդիրը և սրա վրա է հյուսվում ամբողջ ստեղծագործության և ֆիլմի սցենարը։ Սցենարը առհասարակ պետք է ունենա, այսպես ասած, սյուժետային մի (բարակ թել), որը պետք է հյուսվելով, ամբողջ ֆիլմը հասցնի իր տրամաբանական ավարտին։

Ֆիլմում և գրականության մեջ շատ կարևոր է նաև կերպարների միջև կոնֆլիկտը, որը պետք է հասունանա ամբողջ ֆիլմի ընթացքում և իր վերջնական լուծումը ունենա՝ կամ հերոսները հասնեն երջանկության կամ ինքնասպանության, ինչը հաճախ հանդիպում է Ա.Չեխովի պիեսներում։ Մեր խնդիրը այն չէ, որ միանգամից հաշտեցնենք ու ելք գտնենք  հերոսների համար, այլ այն, որ կոնֆլիկտը աղետի, կատաստրոֆայի հասցնենք և նոր լուծում գտնենք։ Ֆիլմում ցանկացած փիլիսոփայական գաղափար պետք է արտահայտվի ոչ թե խոսքով, այլ կոնֆլիկտի գործողություններով։ Ֆիլմում շատ կարևոր է դրամատիկական իրավիճակը, որից կերպարը պետք է դուրս գա, կարևոր է նաև մոտիվացիան, որը պիտի ազդի գիտակցական, ենթագիտակցական, բնազդային մակարդակի վրա։

Ցանկացած հոդված գրելիս պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ ենք գրում և թե ինչպես պետք է գրենք: Եթե օրինակ, նյութը պետք է ծառայի հանրությանը, պետք է գրված լինի հանրամատչելի լեզվով, իսկ եթե գիտական նեղ մասնագետների շրջանակի համար է, ապա պետք է գրվի տերմինաբանությամբ, որը հասկանալի է միայն տվյալ բնագավառի մասնագետներին։ Գրական նյութ գրելիս կարելի է օգտագործել պատկերավոր գեղարվեստական բոլոր միջոցները, ինչը նյութին գեղեցիկ երանգներ կտա։ Եթե նյութը պետք է ծառայի ֆիլմին կամ թատրոնին, ապա մեծամասամբ պետք է լինի գործողություններից բաղկացած, բայց կարևոր է նայել, որ հեղինակը ուղղորդումներ տա և մանրամասն բացատրի տվյալ իրավիճակը և վայրը, իսկ խաղը պետք է թողնել արտիստի երևակայությանը և ունակություններին։

Թատրոնին կամ ֆիլմին ծառայելու համար նախ պարտադիր է իմանալ դրանց ակունքները, պատմությունը, զարգացման ընթացքը ու ժանրերը,  պետք է կարողանալ աշխատել այդ բնագավառում ծառայող յուրաքանչյուր անդամի հետ, սկսած հավաքարարներից վերջացրած ռեժիսորները: Պետք է կարողանալ բոլորին հավասար վերաբերմունք ցուցաբերել, քանի որ եթե մի դերասանի հետ շատ աշխատես, մյուսի հետ ո՛չ, ապա համոզված եղիր, որ ֆիլմդ կամ ներկայացումդ դատապարտված է տապալման։ Պետք է բոլորը իմանան, թե ինչ արդյունքի կարող են հասնել աշխատասիրությամբ, վարպետությամբ ու ճշտապահությամբ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե դերասանը որոշի ուշանալ ներկայացումից կամ նկարահանումից…

Ուրեմն, ամեն ինչում պետք է լինել լավ վարպետ և ճշտապահ, պետք է իմանալ, որ լավ ռեժիսոր լինելու համար պետք է լինել լավ դերասան։ Լավ դերասան լինելու համար պետք է իմանալ էթիկայի բոլոր կանոնները ու լինել ճշտապահ: Լավ սցենարիստը պետք է լինի դերասան ու ռեժիսոր, որպեսզի այնպես գրի, որ իր գրածը կարողանա մեկնաբանի ռեժիսորը և կարողանա խաղալ դերասանը։

Տեսնո՞ւմ եք, ամեն ինչ սերտ փոխկապակցված են, մեկի միջակությունը խանգարում է մյուսներին և ամբողջ այն նախագծին, որով զբաղվում են։

Ահա այսպես ամեն օր երևի 130 կմ անցնելով, ես սովորում եմ այն, ինչ կարևոր է ինձ համար, և այն, ինչ ես շատ եմ սիրում: Գուցե մի օր ես կդառնամ սցենարիստ կամ թատերագետ, բայց ինչպես Կ.Ստանիսլավսկին է ասում. «Արվեստով պետք է զբաղվել անշահախնդիր»։

Ներկայացնում է Գագարինի «Կանթեղ» գրական խմբակը

luiza gagarin

Երազանքի առաջնորդությամբ

Ամանորը պատշաճ առիթ է՝ երազելու, նոր անելիքներ ծրագրելու համար: Երազելը անհրաժեշտություն է, որովհետև երազանքից է սկսվում ամեն-ամեն ինչ: Երազանքները կարող են փոխել աշխարհը: Կարևոր է, որ մարդը երբեք չկորցնի երազելու ունակությունը:

Ես Լուիզան եմ: Ինչպես բոլորը՝ ես էլ ունեմ երազանքներ ու նպատակներ: Իններորդ դասարանցի եմ: Ես հաստատ վճռել եմ, որ իրավաբան դառնալու իմ երազանքն իրականանալու է:

Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչպես կայացվեց այդ որոշումը: Վերջերս համադասարանցիներով հաճախ ենք խոսում մեր երազանքների ու անելիքների մասին: Քանի որ մենք հիմնականում երազում ենք մեր ապագա մասնագիտության մասին, ուստի զարմանալի չէ, որ մեր զրույցը հիմնականում դրա շուրջն է ծավալվում: Մեր մեջ ասած, կարգին աղմկում ենք, ամեն կողմից լսվում են ճիչեր ու առարկություններ: Ոմանք համակարծիք են, ոմանք էլ աղմուկից ուղղակի լռում են:

Օրինակ՝ մեկնումեկն ասում է.

-Ես ուզում եմ դառնալ ուսոուցչուհի, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եմ:

Թեր և դեմ կարծիքներ են հնչում, քննարկումը թեժանում է:

Ահա հերթն ինձ հասավ.

-Լուիզա՛, դու լսեցիր բոլորիս, դե հիմա դու՛ էլ ասա:

-Դե… Ես էլ երազում եմ դառնալ կամ դերասանուհի, կամ էլ իրավաբան: Ի՞նչ եք կարծում, ո՞րը…

-Երևի… իրավաբան:

-Չէ՛, դերասանուհի՛…

-Իսկ դու ինքդ ի՞նչ ես ուզում:

-Իրավաբա՛ն,-ինքս ինձ համար էլ անսպասելի վճռականությամբ ասացի ես:

…Այո՛, ես միշտ ապավինել եմ մտերիմներիս խորհուրդներին: Իմ ուսուցչուհի ընկեր Ղարիբյանն ասում է, որ ես կարող եմ դառնալ հրաշալի բժշկուհի, իսկ ընկեր Բրագինան կարծում է, որ ես կարող եմ նաև լավ լրագրող լինել: Ուսուցչուհիներիցս բացի՝ տատիկս ու մայրիկս էլ են տարակարծիք: Ըստ տատիկիս՝ ես կարող եմ դառնալ խիստ ուսուցչուհի, իսկ մայրիկս ասում է.

-Հաշվապահը լավ մասնագիտություն է, կարող ես մտածել նաև այդ ուղղությամբ:

Ես կարևորում եմ նրանց կարծիքները, սակայն որոշել եմ անվարան լինել ու հիանալի իրավաբան դառնալ:

Դա է իմ որոշումը, քանի որ ես ուզում եմ, որ իմ երկրում կայուն և հզոր լինի արդարությունը: Այն չպետք է վաճառվի կամ գնվի: Մարդկային հասարակությունում չպետք է տեղ ունենա «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» տեսակետը: Բոլոր մարդիկ պետք է ունենան հավասար իրավունքներ, անկախ նրանից՝ հարուստ են, թե աղքատ, ֆիզիկապես ուժեղ են, թե թույլ: Երբ ես մեծանամ ու դառնամ իրավաբան, այս աշխարհի անարդարությունը կպակասի:

Լուիզա Սարգսյան, իններորդ դասարան

Իմ գրադարանավարը

Դպրոցում ուսանելուս առաջին տարուց ի վեր ես ամեն օր այցելում եմ մեր դպրոցական գրադարան: Այո՛, ես դպրոցի գրադարանի «հիմնական բնակիչներից» եմ՝ գրքերից ու տատիկիցս հետո: Շուրջ երեսունվեց տարի է, ինչ տատիկս աշխատում է որպես գրադարանավար: Նա բյուրավոր գրքերը դասավորել է այբբենական հերթականությամբ, և արդեն ես էլ ստույգ գիտեմ, թե որը որտեղ է:

Երբ ամառային արձակուրդների ընթացքում տատիկիս հարցնում եմ, թե ինչ կարդամ, նա այնքան հայ ու արտասահմանյան գրողների անուններ ու ստեղծագործությունների վերնագրեր է ասում, որ ես չեմ կողմնորոշվում, թե որն ընտրեմ: Այս տարի գրադարանավարների օրվա առթիվ մենք տատիկիս համար անակնկալ էինք պատրաստել: Դա նրա համար լիովին անսպասելի էր, և նա ի սրտե ուրախացավ:

Գիտե՞ք, գրադարանավարի աշխատանքը ևս հեշտ չէ, բայց տատիկս սիրով ու պատասխանատվությամբ է կատարում այն: Տատիկս իմ մանկության անբաժան մասն է, նա միշտ իմ կողքին է: Ի դեպ, ես նրա առաջին թոռնուհին եմ: Նա սիրում է պատմել, թե ինչպես է օրորոցայիններ երգել ինձ համար, ինչպես եմ ես սկսել քայլել ու խոսել:

Նա ինձ միշտ քաջալերել է: Պատահել է՝ ես այնքան էլ լավ չեմ սովորել կամ սխալներ եմ արել, բայց նա շարունակել է ինձ սիրել: Ես ու տատիկս շատ ենք զրուցում տարբեր գրքերից ու բանաստեղծություններից. Օրինակ՝ ինչու՞ է գրողն ընտրել հենց ա՛յս վերնագիրը, ինչու՞ է այս ավարտն ընտրված ու բավականին շատ ինչուներ:

Ինչպես գրադարանում՝ տանը նույնպես մեր գրքերը կոկիկ դասավորված են, տատիկս հոգ է տանում, որ մենք չխառնենք հերթականությունը, գրքի էջերը ծալելու փոխարեն էջանիշներ գործածենք: Նա պատմում է, որ երբ մեր տարիքին է եղել, շատ գրքեր է կարդացել և մինչ օրս հիշում է դրանց բովանդակությունը, հաճախ է անգիր մեջբերումներ անում:

Թող աշխարհի բոլոր երեխաները տատիկ ունենան: Հավատացե՛ք, տատիկ ունենալը իսկական հարստություն է:

Այնքա՜ն եմ ուզում, որ մռայլությունը երբեք չթակի նրա հոգու դուռը: Երբ նա ժպտում ու ծիծաղում է, շրջապատն ասես լուսավորվում ու զարդարվում է: Այդ պահին նա գարնան արևի պես պայծառ է:

-Լսու՞մ ես, տա՛տ, ես սիրում եմ քեզ, ժպտա՜…

Սյուզան Գևորգյան, իններորդ դասարան

im tarva mardy

Իմ «Տարվա մարդը». Ընկեր Սաքո

Ընկեր Սաքո։ Հա, դե մենք նրան էդպես էինք ասում վիքիճամբարում։

2019 թվականի հոկտեմբերի 26, երջանիկ դեմքով հավաքում էի իրերս, առավոտյան գնալու էի այդքան հարազատ դարձած վիքիճամբար՝ արդեն 3-րդ անգամ։

Առավոտյան արդեն վիքիճամբարում էի՝ գրկախառնություններ ընկերների հետ, կարոտած դեմքեր։

Նոր ջոկատավարներ ունեինք, սկզբում չէի ուզում ծանոթանալ նրանցից ոչ մեկի հետ, մտածում էի, որ ինձ արդեն ծանոթ ջոկատավարների հետ շփումը ավելի լավ է։ Բայց զարմանալիորեն մի քանի րոպեների ընթացքում ինչ-որ հատուկ բան զգացի 2-րդ ջոկի ջոկատավար Սարգիս Մելքոնյանի հանդեպ, կամ ինչպես ընդունված է ասել ճամբարում՝ ընկեր Սաքոյի հանդեպ։ Մեր ու ընկեր Սաքոյի տարիքային տարբերությունը շատ չէր, ինչը անմիջականություն էր մտցնում մեր հարաբերությունների մեջ։ Եթե անկեղծ, առաջին օրը մտածում էի, որ իր ջոկի երեխաներից բացի՝ մյուս ճամբարականներին ուշադրություն չի դարձնի։ Բայց, երբ հանգստի ժամին գրեթե բոլոր ճամբարականներին հավաքեց 5-րդ քոթեջում ու պատմեց Բոհեմ-ի մասին, մեզ հետ միասին երգեց, հասկացա, որ նմանը չունեցող մարդ է։

Ընկեր Սաքոն ճամբարում մնաց ընդամենը 2 օր։ 3-րդ օրը իրեն որպես 2-րդ ջոկատի ջոկատավար փոխարինեց ճամբարի բժշկուհին։ Բոլորիս հոգում ինչ-որ բան էր կատարվում, բոլորս տխուր էինք, բոլորիս մեջ ինչ-որ բան էր կոտրվել, ինչ-որ բան կիսատ էր մնացել։ Իմ տխրությունը անսահման էր, կարծես թե 100 տարվա մոտ ընկերս գնացած լիներ, այլ ոչ թե 2 օրվա։

Ճամբարից հետո առաջին բանը, որ արեցի, ընկեր Սաքոյին գրելն էր։ Անկեղծ չէի սպասում, որ կհիշի, որ այդպես նուրբ կգրի ինձ։

Գիտե՞ք՝ ինչու եմ հենց ընկեր Սաքոյին ընտրել իմ «Տարվա մարդ», որովհետև ինքը փոխել է իմ արժեհամակարգը, դարձել է մոտիվացիայի աղբյուր ինձ համար, ինքն այն եզակիներից է, ում առանց պատճառի կարող եմ գրել, այն միակն է, որ կապ չունի՝ ինչ հոգեվիճակում լինեմ, մեկ է՝ կհասկանա, կօգնի ու որ ամենակարևորն է՝ չի թողնի տխուր մնամ։

Ընկեր Սաքոն իմ ավագ ընկերն է, ես պարզապես երջանիկ եմ, որ ճանաչում եմ իրեն։ Նա ոչ միայն իմ այս տարվա ամենամեծ ձեռքբերումն է, այլ նաև ամբողջ կյանքի։

Իմ «Տարվա մարդը». Քույրս

mariam tonoyan

«…Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին։

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց»:

Պարույր Սևակ

-Ընտանքիս երկրորդ երեխան եմ։ Ասում են՝ միջնեկները ձախորդ են լինում, որովհետև ի սկզբանե ծնվել են «երկու քարի արանքում»՝ ո՛չ մեծն են, ո՛չ փոքրը, ո՛չ մեծի արտոնություններն ունեն, ո՛չ փոքրի միշտ ներվող կամակորությունները։ Բայց ես ծնվեցի, որ փոխեմ ընդունված կանոնները ու ևս մեկ անգամ ապացուցեմ, որ ոսկե միջինն ամենահաստատունն է բոլոր եղածների մեջ…

Հավանաբար, այսպիսի առաջաբան կունենար քրոջս մասին պատմությունը, եթե ես վեպ գրելիս լինեի, բայց առայժմ ստիպված եմ տողերի քանակը սահմանափակել։

Օրեր առաջ քույրս դպրոցից անտրամադիր տուն վերադարձավ, մի պահ հեռուստացույցի ալիքները հետուառաջ անելուց հետո փաթաթվեց իր տաք ծածկոցի մեջ ու քնեց մինչ երեկո։ Երբ արթնացավ, արդեն գիտեինք՝ ինչ է պատահել։ Ինքն էլ իսկույն կռահեց, որ ամեն ինչից տեղյակ ենք ու վրդովված սկսեց.

-Ինձ չեն հավատում։ Դա ամենացավալին է…

-Արտագրել ես, ասա՝ արտագրել եմ,- ասաց մայրս,- Ինքնուրու՞յն ես 8 ստացել։

-Ասել եմ, որ մատյանում դնեն այն,  ինչի արժանի եմ։ Ինձ երբեք գնահատականը չի հետաքրքրել, բայց… Ինձ չեն հավատում:
Դանդաղ քայլերով խոհանոց գնաց՝ ջուր խմելու, ու երբ հետ վերադարձավ, կանգնեց կողքիս ու շշուկով ասաց.
-Չգիտեմ՝ ինչպես եմ ճիշտ պատասխանները նշել: Դու դրան ինտուիցիա կանվանես, իսկ ես՝…Աստված: Կկարծեն խելագար եմ, չէ՞, եթե ասեմ, որ Աստծուց հուշումներ եմ ստանում:
Փոքր ինչ զարմացած նայեցի նրան ու արագ պատասխանից խուսափելով՝ խոստացա, որ գիշերը առանձին կզրուցենք: Կարծում էի՝ մինչև գիշերվա վրա հասնելը, պատահածը անցած-գնացած կհամարի, բայց հենց առանձնացանք սենյակում, խոսեց.
-Գիտեմ, որ դու հավատում ես ինձ: Ուրեմն խնդրում եմ, լսիր մինչև վերջ, դու կարող ես այդ: Տես այս տոնածառը՝ լուսավոր, զարդարուն. միանգամից տրամադրություն է բարձրացնում: Ի՞նչ կլինի, եթե ամեն օր մի նոր նախշ ավելացնելու փոխարեն վերցնենք մեկ այս լուսավորումը, մեկ այն խաղալիքը: Հա, այն կդառնա հասարակ եղևնի՝ մնացած փշատերև ծառերից ոչնչով չտարբերվող: Գիտե՞ս, երևի դպրոցում ուզում են, որ ես էլ մյուսների նման դառնամ: Ես լուսավոր երեխա էի, երբ դեռ նոր էի դպրոց գնացել, բայց հիմա սովորական երեխա եմ՝ «վատ սովորող» պիտակով: Լույսերն իմ հույսերն էին՝ իմ, ապագայիս հետ կապված հույսերը,- մի պահ դադար տվեց: Զայրույթը կուտակվել էր ներսում, աչքերը կարմրել էին, բայց ճիգեր էր գործադրում, որ իմ ներկայությամբ լաց չլինի: Ավելի մոտ նստեցի նրան, ու նա շարունակեց,- Առաջին դասարանում վախենում էի ճանապարհ գնալ առանց իմ խաչի, որը միշտ մոտս էի պահում: Հիշո՞ւմ ես, այդ ժամանակ դպրոցում էի մնացել մինչև հետևիցս եկաք՝ ինձ տանելու:  Ուսուցչուհիս ինձ նախատելով՝ վերցրել էր խաչը ձեռքիցս: Նույն ուսուցչուհին իմ ձեռքով հավաքած նորածիլ մանուշակները հրաժարվեց ընդունել, որովհետև կարծում էր, որ ավելիին է արժանի…

Ամեն անգամ ես կորցնում էի  հույսի մի նշույլ, երբ դասընկերներս բնազդաբար առանձնանում էին դասի հետ կապված հարցեր քննարկելու համար, երբ ուսուցիչներս զարմանում էին, որ մենք՝ լինելով հարազատ քույրեր, այդքան տարբեր  հետաքրքրություններ ունենք կրթության հանդեպ (կարելի էր, չէ՞, ինձ առանձին անհատականություն ընդունել) կամ երբ նույնիսկ լավ պատասխանելուս դեպքում ստանում էի նախկինում ստացած գնահատականներիս համարժեք գնահատական: Ամեն անգամ «չես կարող», «էդ հալով ո՞նց ես հոգեբան դառնալու» արտահայտություններից հետո ոչ միայն մոտիվացիաս էի կորցնում, այլև անտարբեր էի դառնում ամեն ինչի հանդեպ: Իսկ երբ դասընկերներիցս բնութագրեր խնդրեցի ու գրվածքների մեջ մի քանի անգամ երևացին «չնայած վատ է սովորում…» արտահայտությունը, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ: Ես այդքան էլ կասկածամիտ չեմ մնացածի նման: Ես հավատացի նրանց ու ինքս ինձ սովորելուն անպիտան համարեցի:
Քույրս հուսահատված էր: Խորհուրդներն ու խրատներն այլևս ապարդյուն էին: Նրա բնավորության մեջ օրեցօր ավելի էր ընդգծվում անտարբերությունը և շատախոսությունը դասերի ժամանակ, որոնց համար միշտ պատասխան ուներ.
-Ուսուցիչը տարբեր մեթոդներ կարող է կիրառել, եթե իրոք ցանկանում է դասը հետաքրքիր դարձնել: Պետք է ուղղակի նվիրվել աշխատանքին ու աշակերտներին, այլ ոչ թե աշխատանքային 45 րոպեին: Ուսուցիչը պետք է ոչ միայն տա, այլ նաև վերցնի: Կրթությունը համագործակցություն է:
Այս փոքրիկ փիլիսոփայի կյանքում շուտով լուրջ փոփոխություններ սկսվեցին ուսուցիչներից մեկի առանձին զրույցի և սոցիալական կենտրոնի հոգեբանի՝ աշխատանքը լքելուց առաջ նրան թողած երկտողից հետո, որտեղ ասվում էր. «Կյանքը մեզ տալիս է ուժեղանալու և մեր սխալները ուղղելու հնարավորություն, քանի որ մենք ենք մեր ճանապարհի առաջնորդը: Եվ ԴՈՒ բացառություն չես»:
Պայքարը և ձգտումը վերածնվեցին նրա ներսում: Այս տարի նա մասնակցեց մի շարք ինտելեկտուալ խաղերի, մրցույթների ու դասընթացների: Վերանայեց իր նպատակներն ու հստակեցրեց իր հետագա քայլերը: Նրա ընթերցած գրքերի շարքում ավելացան «Մտածել ինչպես Շերլոկը», «Ինքնատիրապետման արվեստը», «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա», «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» և այլ հոգեբանական գրքեր: Վերջերս սկսել է ուսումնասիրել նաև ժեստերի լեզուն ու կարողանում է հստակորեն նկարագրել մարդու հոգեվիճակը տվյալ պահին՝ հիմնվելով ժեստերի վրա:
Քույրս ուժեղ մարդու լավագույն օրինակներից է ինձ համար: Նրա հետ ամենօրյա շփումն ինձ համար ավելին արժե, քան Նոբելյան մրցանակի արժանացած որևէ խորիմաստ գիրք ընթերցելը: Նա իր տարբերվող, ըմբոստ, բայց միշտ պայքարող տեսակով ապացուցեց, որ նպատակին հասնելու համար, երբեք էլ ուշ չէ կրթություն ստանալը, չէ՞ որ Էյնշտեյնն էլ դպրոցում վատ առաջադիմություն ուներ: Նա ոգեշնչեց ինձ, խրախուսեց, որպեսզի ինքնակրթությամբ լրացնեմ մաթեմատիկայի իմ բացթողումները ու չվախենամ հետաքրքրվել ֆիզիկայով:

Հ.Գ. երբ նրան ասացի, որ գրառում եմ իր պատմությունը, նա ևս մեկ անգամ ինձ զարմացրեց.
-Դու հիմա գրում ես սա: Գուցե հաղթես, գուցե պարտվես, -ասաց նա,- ես մտածում եմ, որ պետք չէր անկեղծության համար հաղթողներ որոշել, որովհետև անկեղծությունը անչափելի է 1-9 բալանոց սանդղակով: Այն գին ու գնահատական չունի:

zarine kirakosyan

Ձոն տաքսիստին

Չէ, բայց դուք պատկերացնո՞ւմ եք, 120 կմ ճանապարհ մեն-մենակ միջին վիճակագրական  հայ տաքսիստի հետ: Օրվա էներգիադ սպառած ուզում ես մի կերպ տուն հասնել, միակ շփումը պատկերացնում ես ականջակալներիդ երգերի հետ, բայց մեր էս  հորեղբայրը որոշել է, որ ես լուսանկարիչ եմ, ու ուզում է պատմել  արվեստի հետ իր ունեցած բոլոր կապերից, Րաֆֆու «Սամվելի» նկարագրությունների մանրամասնությամբ բացատրում է, թե իրենց տան դաշնամուրը որ պատի տակ էր դրած, լույսն էլ ինչ աստիճանի անկյան տակ էր ընկնում, թե ինչպես ինքը էդպես էլ չսովորեց ակորդեոն նվագել ու մի օր իրենց բարեկամի տան ոչխարի արձանիկը դրեց մեկին մեկ նկարեց:
Դե իհարկե, 120կմ-ում այսքանով չես սահմանափակվի:  Մենք ծանոթացանք Սամվել պապիի ամբողջ գերդաստանին,  բոլոր նախորդ մեքենաներին իրենց տեխնիկական խնդիրներով, հիացանք Սևանի հայելու վրա ընկած լուսնի լույսով,  բայց որ ամենակարևորն էր` ի տարբերություն միջին վիճակագրական հայ տաքսիստի, էս մարդը Ռուսաստանում բիզնես չուներ:  Սամվել պապիին բոլոր մնացած տաքսիստներից առանձնացնում էր այն, որ ինքը ինձ թվում է, վերջի  30 տարին չի ապրել այս աշխարհի վրա,  և ահա ամեն ինչ սկսվեց այսպես.

Էպիզոդ 1

-Սպասեք` տամ վարորդին, բացատրեք ձեր տեղը, լա՞վ,- հայկական մուննաթով արտասանեց հեռախոսավարը:
-Լավ
-Բարև Ձեզ, կարո՞ղ եք մոտենալ Պարույր Սևակ-Ուլնեցի խաչմերուկ, «Պեպսիի» գործարանի մոտ:
- Բայց «Պեպսիի» գործարանը շամպայնի գործարանի մոտ ա:
-Ըը, չէ, սրտաբանական հիվանդանոցի  մոտ ա:
-Լավ, բալես, դե ես 20 րոպեից  կգամ, բայց հեռախոս չունեմ: Էս դիսպետչերի համարն ա, ըտեղից չշարժվես, որ գամ` կարենամ գտնել:
-Ը, լավ էդ դեպքում ես մեծ ուսապարկով եմ,  երևի կնկատեք:

Էպիզոդ 2.

25 րոպե հետո.
-Ո°ւր ենք գնում:
-Ճամբարակ, Շորժայի կողմերը:
-Հա~, բալես, ես Սևանի էդ կողմը չեմ քշել ընդհանրապես, ճանապարհներին ուշադիր կլինես, չքնես` սխալ չքշեմ:
-Լա~վ (պլաններս խախտեց):

Էպիզոդ 3.

Մեկ րոպե անց.
Պ.Սևակ-Ազատության պողոտա:
-Բալե՞ս:
-Լսում եմ:
-Կարո°ղ ա իմանաս` էս խաչմերուկում  թողո՞ւմ ա աջ անել (լուրջ էր հարցնում):

Էպիզոդ 4.

-Բալես, հեռախոս ունեիր, չէ՞:
-Հա, իհարկե:
- Դե լավ ա: Ես ճիշտն ասած,  իմ ավտոն էսօր խփել եմ, ուրիշի մեքենան եմ վերցրել, հեռախոսս էլ փչացել ա, ճանապարհի վրա ենք, մարդ ես, էլի:

Էպիզոդ 5.

-Բայց էդ Ճամբարակը ընդհանրապես չեմ լսել:
-Սովետական շրջանում տարածաշրջանը Կրասնոսելսկ ա կոչվել:
-Հա, Կռասնին ա՞, մի հատ էլ գյուղ ունի` Արծվաշենը: Բարեկամ ունենք էնտեղ, փոքր ժամանակ գնացել եմ:
-Հա, բայց  երևի էլ չունեք, Արծվաշենը հիմա անկլավային տարածք ա, Ադրբեջանի սահմանում :
-Ո°նց, Արծվաշենը վերցրե՞լ են, էդ  ե՞րբ, Ապրիլյանի՞ն:
- Չէ, 27 տարի առաջ, օգոստոսին:
Իհարկե Սամվել պապին շատ տխրեց, երբ իմացավ իրենց հեռու բարեկամը  էլ 27 տարի է` էդ գյուղում չի ապրում, ինչին հաջորդեց.
-Բալես, կարա՞մ ծխեմ:

Ես խորը շունչ քաշեցի, ուժ հավաքեցի, որ ասեմ` չէ, հետո հիշեցի, որ Սամվել պապին հենց նոր կորցրեց իր հեռու Արծվաշենի բարեկամներին, հեռախոսը չի աշխատում,  մեքենան խփել ա,  էս մարդը հենց նոր ա  իմացել, որ «Պեպսին» էլ շամպայնի գործարանի մոտ չի, ու չի եղել, Ճամբարակը նույն Կրասնին ա, Պարույր Սևակից էլ կարելի ա աջով մտնել Թբիլիսյան: Մի խոսքով, հարգեցի էս մարդու վիշտը ու ասացի.
- Եթե ուզում եք` կանգնեք, դուրս եկեք, ծխեք:

Աշնան վերջին օրը Հայաստանում

mariam tonoyan

Փախուստ ներսից

Կարծես թե այդ չեղած ծխի հոտից արթնացած լինեի՝ չնայած վատ հոտառությանս։ Երազիս մեջ ինչ-որ բան այրվում էր՝ առանց կրակի։ Լսում էի կրակի բոցկլտոցը, տեսնում էի ծխի՝ վեր բարձրացող քուլաները, հասկանում էի, որ ինչ-որ բան բռնկվել ու մոխրի է վերածվում, բայց ինքը՝ կրակը չկար, չէր երևում։

Երեկոյան ժամը տասն էլ չկար, ինչ քնել էի, հիմա երեքն անց է, բայց հյուրասենյակի լույսը դեռ վառվում է։ Ե՞րբ եմ մոռացել անջատել։

Երբ մտա հյուրասենյակ և ուզում էի լույսն անջատել, հանկարծ նկատեցի նրան, որ դեռ արթուն էր ու սեղանի վրա կռացած, գրիչի սահքի հետ հավասար լարված աչքերն էր մի տողից մյուսը սահեցնում։

-Երկա՞ր ես պատրաստվում կուրանալ,- հարցրի։

-Ինչքան որ ստիպված լինեմ,- առանց աչքը տետրից կտրելու՝ պատասխանեց նա։

-Ո՞վ է քեզ ստիպում մինչև ժամը երեքը թղթեր թանաքոտել, որ մի օր էլ ինչ-որ ոլորտի մասնագետ դարձած, անտառահատումների դեմ պայքարես, թղթի վերամշակման կոչեր անես…

-Լավ ապագայի հանդեպ ձգտումը, նպատակին հասնելու ցանկությունը, գրողի տարած ընդունելության քննությունները, կրթական համակարգի պահանջները… գնա քնելու։

Նման չէր իրեն. հայացքի մեջ գերհոգնածություն ու վախեցնող անտարբերություն կար։ Էջերով ինչ-որ տեքստեր էր անգիր ասում դեմքի այն զրոյական արտահայտությամբ, որով աշխատում է ստրուկը, երբ պարտադրված ու իրեն չհետաքրքրող աշխատանքին արդեն վարժվել է։ Հետո չափից դուրս լարված ու անիմաստ շտապողականությամբ շարունակում էր իրար հետևից մի շարք վարժությունների պատասխաններ գրել տետրում։ Գիտեր, որ ճիշտ են, բայց շարունակ ստուգում էր և ռոբոտի նման մեխանիկորեն շարունակում նմանատիպ վարժություններ գրել՝ ասես նրա գլխուղեղում նման հրահանգ էին ներմուծել։

-Ո՞րն է քո նպատակը,- չեմ համբերում ես ու հարցնում եմ նյարդայնացած,- հիմնական գիտելիք ստանա՞լը, թե՞ ինչ-որ գրքեր ու վարժություններ անգիր անելը պարզապես քննություն հանձնելու համար։

-Ինձ հանգիստ թող, խնդրում եմ, ես ժամանակ չունեմ և սարսափելի քնել եմ ուզում։

Ես վախեցա նրա համար։ Նա չգիտեր, թե ինչ էր ուզում, և թե ուր էր տանում իրեն այդ պարտադրված ճանապարհը, որն, ըստ էության, ոչ էլ պարտադրված էր։ Մենք շատ տարբեր էինք դարձել։ Զգում էի, որ որքան փորձում էր նոր ճանապարհ գծագրել դեպի իր բուհական կյանք, այնքան ավելի էր ջնջում արվեստի ու իր սիրած զբաղմունքների համար քաշված գծերը՝ ասես դրանք թերություն համարելով։ Մենք օտարանում էինք, որովհետև մեր ընդհանուր նախասիրություններն ասես լղոզվել էին հաստ շտեմարանների ստվերներում։ Վերջին անգամ ե՞րբ էր ժամանակ գտել լսելու, հասկանալու համար՝ նախ իրեն, ապա մարդկանց, երևույթները, ե՞րբ էր ձեռքը գրիչ առել՝ ստեղծագործելու, այլ ոչ թե ճիշտ պատասխաններ շրջանակի մեջ առնելու համար, ե՞րբ էր անզուսպ ուրախությամբ վրձին ձեռքն առել կամ Հեսսե կարդացել մեր սիրելի գերմաներենով… Չգիտես՝ ինչու, սաստիկ շտապողականությամբ նա ամեն ինչ հասցնելու փոխարեն շատ բաներ բաց էր թողնում։

Մոտեցա նրան, ձեռքս դրի ուսին ու մատներիս տակ զգացի նրա՝ լարվածությունից անմիջապես թուլացող մարմինը։ Պղտորված աչքերով նայեց ինձ, գլուխը ձեռքերի մեջ առավ։

Կրկին առա գիշերվա ծխահոտը։ Նրա մեջ ինչ-որ բան ծխում էր, այրվում՝ առանց կրակի։ Ճանաչեցի այդ ներքին այրումը, նրա մեջ ի վերջո ճանաչեցի ինձ։

Անջատեցի հյուրասենյակի լույսը, որ քնելուց առաջ մոռացել էի անջատել, և սենյակի խավարը լցվեց իմ մութ մենությամբ։

Mary Yengoyan

Ապրել և ստեղծագործել

Երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Նարեկ Հակոբյանին Վարդենիսում ճանաչում են բոլորը։ Բոլոր միջոցառումներին նա ակտիվ մասնակցում է իր սրտակից բարեկամի՝ կիթառի հետ։ Նարեկը ծնվել է Վարդենիսում՝ երաժշտասեր ընտանիքում։

-Քանի՞ տարեկանից ես սկսել կիթառ նվագել և ինչո՞ւ հենց կիթառ։

-Կիթառ նվագել սկսել եմ 15 տարեկանից, հայրս նույնպես կիթառահար է, և նրա շնորհիվ իմ մեջ սեր արթնացավ այս գործիքի նկատմամբ։ Հետագայում ես սկսեցի ինքնակատարելագործվել։ Իսկ ստեղծագործել սկսել եմ 17 տարեկանից։

-Ի՞նչ դեր ունի կիթառը քո կյանքում։

-Կիթառը ինձ համար սոսկ երաժշտական գործիք չէ։ Այն շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում կայանալու, միգուցե նաև ռեժիսորի մասնագիտություն ընտրելու հարցում։ Կյանքիս ամենակարևոր պահերին այն ինձնից անբաժան է եղել։

-Երաժշտական ո՞ր ժանրում ես ստեղծագործում։

-Ինձ հոգեհարազատ է հեղինակային երգը, որովհետև այն հնարավորություն է տալիս բացահայտել մարդուն, նրա ներաշխարհը, և այս երգերում յուրաքանչյուրը գտնում է իրեն հոգեհարազատը։ Այն կարծես անկեղծ զրույց լինի հանդիսատեսի հետ։

-Ինչի՞ մասին են քո երգերը։

-Իմ երգերը հիմնականում սիրո քնարական բնույթի են, որոնք ստեղծվել են ինձ հուզող հարցերի արդյունքում։

-Ո՞վ է քո ամենասիրելի հեղինակ-կատարողը։

-Սիրելի հեղինակ-կատարողներ շատ ունեմ, սակայն կառանձնացնեմ Վլադիմիր Վիսոցկուն, Ռուբեն Հախվերդյանին և Արթուր Մեսչյանին։ Նրանց ստեղծագործությունները ոգեշնչել են ինձ և մեծ ազդեցություն են գործել իմ՝ որպես հեղինակ-կատարողի կայացման վրա։

11nov (2)

-Արդյոք այսօր կա՞ հեղինակային երգի պահանջ։

-Քանի դեռ մարդիկ ապրում են, սիրում, ատում, ունեն իրենց հուզող հասարակական հարցեր, հեղինակային երգը պահանջ կունենա։

-Հանդես եկե՞լ ես որևէ պրոֆեսիոնալ հարթակում։

-Հուլիսի 19-21-ը տեղի ունեցավ «Հուսո առագաստ 2019» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որտեղ ես հանդես եկա իմ հեղինակային «Հենիր լուսինը իմ ուսին» երգով և հայտնվեցի լավագույն տասնյակում։ Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել երիտասարդ հեղինակ-կատարողներին, հնարավորություն տալ նրանց շփվել այս ժանրի լավագույն երգահանների հետ և սովորել նրանցից։ Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ 1-ին փուլում կազմակերպվում են լսումներ, ժյուրին ընտրում է լավագույն տասնյակ, որն էլ հանդես է գալիս 2-րդ՝ եզրափակիչ փուլում։ Փառատոնն ամփոփվում է բարդ ժանրի մի քանի սերունդների մասնակցությամբ գալա համերգով։

-Ի՞նչ տվեց քեզ մասնակցությունն այս փառատոնին։

-Նոր ծանոթություններ, ընկերներ, փորձ, անմոռանալի պահեր և շատ դրական էմոցիաներ։

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում։

-Շարունակելու եմ նվագել և ստեղծագործել։

rima eghiazaryan

Կայացած երկխոսություն

Հարցազրույց պատանի դուդուկահար Արևշատ Մաղաքյանի հետ: Արևշատը մեր դպրոցի նախկին սանն է, այս տարի ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան։

-Ինչպե՞ս ես եկել դեպի երաժշտություն։

-Ինձ դեպի երաժշտություն են ուղղորդել իմ ծնողները: Իրենք հավանաբար զգացել էին, որ սիրում եմ երաժշտարվեստը: Ունեի նաև ընկերներ, որոնք արդեն իսկ հաճախում էին երաժշտական դպրոց։ Նրանք նույնպես իրենց խորհուրդներով ոգևորեցին ինձ։

-Դուդուկն ինչպե՞ս ընկալեցիր, հարազատացար։ Ինչպե՞ս կբնորոշես դուդուկը:

-Շատ նուրբ գործիք է այն: Իրեն, այսպես ասած, սիրել է տալիս: Ցանկացած դուդուկահար կհասկանա ինձ։ Դուդուկը նաև շատ բարդ գործիք է: Ամեն մարդ չէ, որ կարող է դուդուկը վերցնել ու ընկալել, զգալ նրա նրբությունը, հաղորդակցվել էության հետ։ Պետք է դուդուկին հասկանալ և երկխոսել նրա հետ։

-Քո սիրած գործը…

-Շա՛տ կան այդպիսիք… Սակայն ամենահոգեհարազատը «Հովերն ընկան»-ն է: Շատ դուդուկահարներ են նվագել այդ մեղեդին: Օրինակ՝ Ջիվան Գասպարյանը, Կամո Սեյրանյանը, Վաչե Հովսեփյանը։ Բայց միշտ մեղեդին յուրովի ու նորովի է հնչում:

-Ինչպիսի՞ն է դուդուկի հանդիսատեսը. նա տարբերվու՞մ է։

-Վստահաբար այո՛, դուդուկի ձայնը հանդիսատեսն ասես այլ կերպ է ունկնդրում: Կարող է նվագել մեկ այլ գործիք, բայց երբ գալիս է դուդուկի հերթը՝ բոլորի ուշադրությունը սևեռվում է դեպի դուդուկը։

-Ի՞նչ մրցույթների, փառատոնների ես մասնակել…

- 2018թ.-ին մասնակցել եմ «Art music» մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: 2019թ.-ին նույն մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ տեղը։

-Ընդունված է ասել, որ դուդուկը տխուր առիթների գործիք է. համամի՞տ ես։

-Թեև այդ կարծիքն ընդունելի է համարվում, բայց դուդուկի երաժշտության միջոցով կարող ենք նաև շատ ուրախ տրամադրություն փոխանցել մարդկանց:

arevshat

-Այժմ Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանում ես սովորում. ի՞նչ տպավորություններ ունես:

-Տպավորություններս մեծ են ու խոստումնալից: Շփվում եմ արվեստագետների, դուդուկահարների հետ: Կարողանում ես խորամուխ լինել քո արվեստում, ավելի հստակ ես ընկալում, որ քո՛նն է դուդուկը:

-Կա՞ ինչ-որ դուդուկահար, որին կուզեիր նմանվել։

-Իհա՛րկե, շնորհալի և օժտված դուդուկահարները մեր երկրում շատ են: Պատիվ կհամարեմ, եթե կարողանամ նրանց պես՝ ըստ արժանվույն ներկայացնել մեր դուդուկը: Բայց, միևնույն ժամանակ, ամեն արվեստագետ պիտի ունենա իր ուրույնն ու հատուկը:

-Ոգեշնչման մասին…

-Երբ ընդունվեցի երաժշտական ուսումնարան, ավելի ոգեշնչվեցի: Վստահորեն համոզվեցի, որ դուդուկն է իմ տարերքը, որ ուզում եմ դառնալ արվեստագետ-դուդուկահար։

-Ի՞նչ ես զգում դուդուկ նվագելիս։

-Նայած՝ ինչ գործ եմ նվագում: Օրինակ՝ ժողովրդական գործեր նվագելիս բեմի վրա հուզմունքս շատ է: Ուրախ մեղեդիներ նվագելիս ավելի ազատ եմ զգում։

-Արգելքներ հաղթահարելու ձգտումներ…

-Արգելքներ հաղթահարելու անհրաժեշտություն կա նաև այն պատճառով, որ դուդուկն այնպիսի գործիք է, որը ստիպում է միանգամից և՛ սիրել, և՛ հիասթափվել։ Տարբեր գործեր նվագելիս՝ կարող է մեկ շաբաթ, երկու շաբաթ նվագես ու չստացվի։ Բայց եթե դու վստահ լինես, որ ի վերջո ստացվելու է, վստահես քեզ ու ապավինես աշխատասիրությանդ, հաղթանակն անպայման քոնը կլինի։

-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը։

-Իհա՛րկե, քննադատողներ եղել են, և ես հաշվի եմ առնում նրանց կարծիքը: Աշխատում եմ այն ուղղությամբ, որ ավելի լավ լինի և հաջորդ անգամ ես հարցնեմ այդ քննադատողին՝ քեզ դուր գալի՞ս է, լա՞վ էր։ Իմ ամենախիստ քննադատներն իմ ծնողներն են:

-Սիրո՞ւմ ես, երբ ելույթիդ ժամանակ ծնողներդ դահլիճում են լինում: Դա ավելորդ լարվածությո՞ւն է առաջացնում, թե՞ հակառակը։

-Ընդհակառակը՝ ինձ ավելի վստահ եմ զգում, երբ իմ ծնողները նստած են առաջին շարքերում և հպարտանում են ինձանով։

-Հաջողության գրավականը…

-Իմ հաջողության գրավականն իմ աշխատասիրությունն է, ձգտումը ավելիին։

-Ի՞նչ նպատակներ ունես։

-Ուզում եմ դառնալ մեծ երաժիշտ, նվագել հեղինակավոր բեմերում: Ուզում եմ, որ ճանաչեն ինձ: Իմ ապագան տեսնում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Ուզում եմ մեր դուդուկը ներկայացնել նաև արտերկրում, որ բոլորը զգան հայ մշակույթի ուժն ու զարմանան: Ուզում եմ, որ օտարերկրացիները նաև ծիրանափողի շնորհիվ բացահայտեն Հայաստանի՝ մշակութային գերտերություն լինելը։