Anush abrahamyan

Բահս չե՞ս տեսել

Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ երկար սպասեցին պապին: Պապը չեկավ:

-Տղե՜րք, շուտ գնացած կլինի Արշոն: Հաստատ չի համբերել: Բերքի համար ամբողջ տարին մենակ չարչարվեց տնաշենը:

-Հա, ո՜չ հարսը, ո՜չ տղեն, գոնե մեկ օր ձևի համար էդ կողմերը չերևացին,- հայացքը հեռու դաշտերին ուղղելով ասաց նրանցից ամենածերը:

-Էհ, գնացինք։

Աղբյուրի սառը ջրից մի-մի կում արին ու բահերը ուսներին առան:

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Արշո պապն է: Ձեռքերը մեջքի ետևում՝ այս ու այն կողմ է քայլում ու կրկնում.

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Հանկարծ լվացքի գույնզգույն շորերը ձեռքին՝ կիսաքուն տնից դուրս եկավ հարսը։

-Թամար, լաո՜, օրը բարի:

-Բարի, պապ, հազար բարի։

-Արամիս քնից հանի, հետս դաշտ տանեմ։ Գյուղի երեխեն հողին սովոր պիտ էղնի:

Շորերը ծուլորեն պարանին փռող հարսը մի պահ կանգ առավ, թեք նայեց պապին:

-Հողը բացի չաչարանքից ու անիմաստ տանջանքից օգուտ չունի: Էսօր բերքը կարկուտն է ջարդել, վաղը արևը կվառի, իսկ դու քեզ դրա համար սպանում ես: Արամիկը թող արթնանա, տառերը կտամ նորից գրի՝ չմոռանա։ Հողը հա էլ կա։ Թող սովորի, մարդ դառնա:

Պապը խորը շունչ քաշեց.

-Է՛ լաո՜, ինձ սպանում եմ, որովհետև մարդն էն հողով է գնահատում աշխարհի առատությունն ու Աստծո ազնվությունը, որը սիրում է, որը խնամում է: Թող սրտովդ լինի, մենակ ճամփա կընկնեմ։

Պապը քայլում է դեպի խորդանոց: Զննող հայացքով նայում ամեն անկյուն, բայց բահը չկա ու չկա:

-Լաո՜, բահս չե՞ս տեսել: Երեկ էստեղ էր,- խորդանոցից բարձր ձայնով հարցրեց պապը:

-Պապ, էդտեղ չի բահդ:

Պապը խորդանոցից դուրս եկավ:

-Երեկ առավոտ էստեղ եմ դրել։

-Հա, պապ, ուղղակի երեկ,- կմկմալով խոսեց Թամարը,- երեկ զիբիլի ավտոն եկավ՝ թաղի զիբիլը հավաքելու, ու Աշոտը,- Թամարը կարմրեց,- Աշոտը քո մասին մտածեց՝ բա թե պապան մեղք ա, ի՞նչ բահ, ի՞նչ բերք, ի՞նչ չարչարանք: Ես ամենը աշխատածս փողով կառնեմ: Իրան էլ առոք-փառոք կպահեմ:

Պապի շուրթերը սկսեցին դողալ․ զայրույթից էր, թե մեկ այլ բանից՝ չգիտեմ։ Փորձեց խոսել՝ չկարողացավ։

-Բահս զիբիլն է գցել, հա՛: Հորս բահը զիբիլն է գցել։

Պապը խորդանոցի դուռը շրխկացրեց ու քթի տակ ինչ-որ բառեր ասելով՝ դուրս եկավ տնից ու քայլեց դաշտի ուղղությամբ:

Թամարը մի պահ նայեց պապի հետևից ու շարունակեց գործը:

Մոտ քսան օր անց կարկուտը նորից ջարդեց բերքը: Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ էլ պապին չսպասեցին: Գիտեին՝ էլ երբեք չէր գալու…

Հիշողություններ քառօրյա պատերազմից

Ապրիլյան քառօրյա մարտերի մասնակից, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի բնակիչ Գարիկ Ամիրյանը բանակ զորակոչվել է 2016 թվականի հունվարի 18-ին։ Ծառայել է Մատաղիսում՝ կրտսեր սերժանտ կոչումով։ Քառօրյա պատերազմի սկզբից մինչև ավարտը եղել է նախ Մատաղիսի, ապա Թալիշի դիրքերում։

-Ապրիլի 1-ի գիշերը` ժամը մոտ 2:30-ին, Թալիշում սկսվեցին կրակոցները,- պատմում է Գարիկը,- ապրիլի 2-ին զորամասից մեզ տարան թաքստոցներ, երկու օր հետո, գիշերով, թշնամու համար աննկատ, կարճ ճանապարհներով գնացինք Թալիշ, որտեղ երկրորդ գծում պաշտպանությունն իրականացնելուց բացի՝ նաև առաջին գծում ինժեներական աշխատանքներ ենք կատարել։ Ռմբակոծվում էին հրամանատարական շենքերը, մեր թաքստոցները, ուսումնական գումարտակը, բատալյոնները։ Առաջին օրվանից մեզ միացան կամավորները, որոնց թվում նաև գավառցիներ էին։ Սկզբում բոլորս խուճապահար էինք, վախենում էինք, որովհետև մեր ապրելու հավանականությունը գրեթե 20% էր, ու երբ հասկանում ես, որ գուցե մեռնես, միշտ գերադասում ես առանց վախենալու մեռնել։ Մահը հանկարծակի է գալիս, անկոչ հյուրի նման գալիս է ու հաճախ տանում մտերիմ դարձած զինակից ընկերներիդ, և ամեն անգամ նման դեպքեր հիշելիս՝ ակամա շունչդ կտրվում է, իսկ ողջ ընթացքում քեզ ուղեկցող տագնապն ու գիտակցումը, որ քեզ տանը սպասում են, ստիպում են ամեն գնով ապրել։

-Երբ լուրերով լսեցինք, որ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է, ես ու ամուսինս տեղներս չէինք գտնում,- ասում է Գարիկի մայրը,- ամեն րոպե համացանցով հետևում էինք դեպքերի զարգացմանը։ Ամուսինս սկզբում ուզում էր կամավորների հետ Ղարաբաղ գնալ, բայց համոզեցինք, որ մնա ու պետք եղած դեպքում անհրաժեշտ իրեր հասցնի։ Քառօրյա պատերազմի ընթացքում սպաները իրենց հեռախոսներով թույլատրում էին հաճախակի զանգել տուն։ Զրույցների ժամանակ ամուսինս գլխի ընկավ, որ ջրի պակասություն կա, ու որոշեց ջուր հասցնել։

Հիշողություններով տարված` Գարիկը շարունակում է.

-Քանի որ ամբողջ օրը թշնամին կրակում էր, մեքենաներով ջուր, սնունդ հաջողվում էր միայն գիշերվա ընթացքում հասցնել։ Իսկ մեկ մեքենայով բերված ջուրը պետք էր բաժանել 4 վաշտերի միջև։ Օրվա ընթացքում մեկ բաժակ ջրով բավարարվում էինք։ Փոքր տարիքում պապիցս սովորել էի, որ փշի որոշ տեսակներ, դորդոփի թուփը իր մեջ ջուր է պարունակում, և ուտելով՝ կարող ես ծարավը հագեցնել, այդ կերպ փորձեցինք ես ու ընկերներս, իսկ քաղաքներից եկած զինվորները հրաժարվեցին՝ վախենալով թունավորվել։

Ապրիլի 2-ին վիրավորվել էր մեր բուժակը, ու վիրավորներ ունենալու դեպքում մեկս մյուսին մեր իմացածի չափով առաջին օգնություն էինք ցույց տալիս։ Քանի որ մայրս բուժքույր է, ես բավականին լավ եմ տիրապետում առաջին բուժօգնության կանոններին։ Նման դեպքերում հասկանում ես, որ մարդասիրությունն ու հայրենասիրությունը միշտ փոխկապակցված են։

Ծառայությունն ավարտելուց հետո Գարիկ Ամիրյանը կրթությունը շարունակում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, սակայն ի տարբերություն իր մարտական ընկերներից շատերի՝ չի օգտվում քառօրյայի մասնակիցներին տրված ուսման վարձի 50% զեղչման արտոնություններից, քանի որ նրա զինգրքույկում մարտական հերթապահությունից բացի՝ նշված չէ քառօրյայի մասնակցի կարգավիճակը։

Գարիկը կարծում է, որ հայրենասիրությունը երեխայի մեջ պետք է սերմանվի շատ վաղ հասակից, որպեսզի տարիներ հետո հայրենիքի պաշտանությունը ոչ թե պարտականություն, այլ փոքր ներդրում համարի իր հայրենիքի հզորացման գործում։

mariam tonoyan

Ասում են

Ասում են՝ հիվանդ է։ Չգիտես՝ ինչու, ասում են՝ հիվանդ է և նույնիսկ համարձակվում ավելացնել, թե հոգին է հիվանդ։ Իսկ երբ հարցնում ես, թե հոգին ի՞նչ է, որ ունակ է նույնիսկ հիվանդանալու, լեզուները կապ է ընկնում.

-Չէ՜, ոչ թե հոգին, այլ հոգեկան աշխարհը, ներաշխարհը, մտքերը։

Ակամա ուզում ես հարցը կրկնել, բայց գիտես, որ էլի մի անտարբեր պատասխան ես ստանալու, որովհետև բառերով «ներաշխարհը» բացատրելը ու «հիվանդ» բառի ազդեցությունը մեղմացնելը բարդ է։

Ես ամենևին էլ չհամաձայնեցի։ Հակառակը՝ մեծ, թուխ աչքերում կարծես բռնկվել էր կյանքի, ապրելու թրթիռը, ամեն ասած բառի մեջ հաստատակամություն ու հավատ կար, շարժուձևում՝ ազատություն ու անկեղծություն, որ շատերը կուզենային ունենալ, բայց փոխարենը ասում են՝ հիվանդ է, որովհետև նա իրենց նման չէ, որովհետև նրա աշխարհն ուրիշ է։ Նրա մոլորակը սերն է, բնակիչները՝ հոգատարությունը, ապրելակերպը՝ հավատը։ Հավատը սիրո արտահայտման միջոցն է. պիտի հավատաս, որ սիրես։

Մի քանի անգամ կիրակի օրերին պատարագի ընթացքում տեսել եմ նրան։ Աղոթում էր, շարականները ծայրից ծայր անգիր գիտեր, ժպտում էր, զգացվում էր, որ հանգստանում է ու խոսքերը որպես բառերի կույտ չի ընկալում։ Հոգի՞ն էր հիվանդ, ներաշխա՞րհը, մտքե՞րը, թե՞ նրանք, ովքեր նրան հիվանդ են անվանում։

Այսօր նա առաքյալի էր նման, որ հալածվելով ու խոչնդոտների դեմ իր հավատը վահան դարձրած պայքարելով՝ դուրս էր եկել պատշգամբ՝ իր ուսմունքը քարոզելու։ Բարձր էր երգում, պարզ։ Շարականներին մերթ ընդ մերթ հաջորդում էին փոքրիկ քարոզները կյանքի, բարության, սիրո, հանդուրժողականության, ներողամտության և այլ արժեքների մասին։ Ձեռքին մի մեծ խաչ կար, որով խաչակնքում էր անհայտ հավատացյալներին։ Անցորդները մի պահ խեթ նայում էին նրան, ապա հայացքները շրջում ու ամենօրյա դեմքի արտահայտություն ստանալով շարունակում ճանապարհը։

Ես, չնայած դպրոց էի շտապում, մի հաստաբուն ծառի թինկնելով, պատսպարվեցի ու որոշեցի լսել.

-Սիրելի՛ հավատացյալներ,- դիմում էր անտեսանելի բազմությանը,- եկեք աղոթենք մեր մայրերի համար։

Ասված խոսքերի ազդեցությունից մի պահ հայացքս սառեց, լսողությունս ու տեսողությունս կարծես խափանվեցին՝ առաջ մղելով մեղքի զգացողությանը։ «Վերջին անգամ ե՞րբ եմ մորս համար աղոթել,- մտածեցի ես, բայց չկարողացա մտաբերել,- միգուցե հիվա՞նդ եմ, հիշողությունս հիվանդացե՞լ է։ Իսկ նրանք ասում են՝ նա է հիվանդ»։

-Աղջիկ ջան, մոտ արի,- հանկարծ սթափեցրեց ինձ նրա ձայնը։ Նկատել էր ինձ ու նայում էր ուղիղ աչքերիս մեջ։- Տերունական աղոթքը գիտե՞ս։

Ինձ թվաց, թե գլխով նշան եմ անում, բայց նա, նկատելով անշարժությունս, շարունակեց.

-Կրկնի՛ր։ Հայր մեր, որ յերկինս ես…

-Հայր մեր, որ յերկինս ես,- մեխանիկորեն շշնջացի ես։

Շարունակությունը չլսեցի։ Երևի լսողությունս հիվանդացել էր, կամ մտքերս էին չափից շատ։ (Գուցե նրա մտքերն է՞լ են չափից շատ։) Վերջում երևի պահպանիչ աղոթք էր կարդացել ու «Ամեն»-ով եզրափակել, որովհետև երբ անձրևը սկսվեց, նրա պատշգամբում արդեն ոչ ոք չկար, իսկ դուռը փակ էր։

Ամաչում էի։ Մտքումս աղոթեցի նախ մորս համար, ապա՝ բոլորի, նույնիսկ փողոցի անտուն կենդանիների, որ շուտով թրջվելու են բաց երկնքի տակ։

…Ասում են՝ հիվանդ է։ Հոգի՞ն էր հիվանդ, ներաշխա՞րհը, մտքե՞րը, թե՞ նրանք, ովքեր նրան հիվանդ են անվանում։ Բոլորս ենք հիվանդ՝ մեկը մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս։

meri avetisyan

Արտիստը

Այդ օրը սովորական օր էր, ներկայացում դիտելու էինք գնացել Երևանի թատրոններից մեկում: Դեռ ներկայացումը չսկսված՝ մեր հետևի շարքում տեղավորվեցին երեք կին, հավանաբար աշխատանքից էին եկել, բայց հոգնած տեսք չունեին, ավելի շատ մարտական էին տրամադրված։ Թե ինչին էին մարտական տրամադրված՝ շուտով կիմանաք, քանի որ ես ինքս էլ չեմ կարողանում բառերով բացատրել:

Ներկայացումը սկսվեց՝ կատակերգություն էր երկու գործողությամբ: Երևի հինգ րոպե էլ չէր անցել, երբ կանանցից մեկը խոսեց.

-Թող խաղան, սրանց խաղացածը ինչ պետք ա լինի:

-Մի նորմալ դերասան էլ չունենք,- ավելացրեց մյուսը:

-Բա հլը հագածները…

Ես շրջվեցի և խնդրեցի, որ լռեն, քանի որ խանգարում են և ավելացրի, որ ամեն դեպքում պետք է հարգել նրանց, ովքեր կանգնում են բեմի վրա, իսկ վերջում շեշտեցի, որ հագուստը բեմական հագուստ է: Ի պատասխան իմ խնդրանքի՝ կանայք ավելի բարձր շարունակեցին իրենց քննադատությունները, և նրանց զրույցը ավարտվեց դռնապահուհու նկատողությամբ: Ներկայացման երկրորդ գործողության ժամանակ կանանցից մեկը զրուցում էր հեռախոսով և դռնապահուհին երկրորդ անգամ նկատողություն արեց և ասաց, որ պետք է անջատել բջջային հեռախոսը կամ բարի լինել և լքել դահլիճը:

Ներկայացումը ես շատ էի հավանել, բայց մի տեսակ տրմադրության անկում ունեի, արդյո՞ք պատճառը կանանց վերաբերմունքն էր առ թատրոն: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես նրանք պետք է ոտքի կանգնեին ներկայացման վերջում ու ծափահարեին դերասաններին, և չտեսա էլ՝ կանգնեցին ոտքի, թե ոչ: Ի վերջո, պետք է ընդունել, որ դերասանի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտությունն է: Թատրոնում դերասանը գործի է դնում իր ողջ զգացմունքները, հոգևոր, մտավոր, ֆիզիկական կարողությունները, այնտեղ նա պարտավոր է լաց լինել, եթե դերը դա է պահանջում, անգամ այն դեպքում, երբ հոգին երջանկությունից թնդում է, և պարտավոր է լիաթոք ծիծաղել, երբ հոգին նույնիսկ սգի մեջ է: Դերասանը թատրոնում լոկ խամաճիկ է, և նա պարտավոր է ստիպել հանդիսատեսին ժպտալ և լաց լինել իր հետ միասին:

Հիշեցի մի դեպք, որը ինձ հետ պատահել է տարիներ առաջ: Մենք դասարանով ներկայացում դիտելու էինք գնացել։ Բեմադրվում էր Ա. Շիրվանզադեի «Արտիստը»: Ներկայացման ավարտին, երբ Լևոնի դերակատարը փռվել էր բեմահարթակին՝ իբրև մահացած, ես սկսեցի լաց լինել: Ներկայացումից հետո, երբ արդեն դուրս էինք եկել դահլիճից, ինձ մոտեցավ դերասանը և հարցրեց, թե ինչու եմ լաց լինում:

-Դուք մահացաք այնտեղ՝ բեմի վրա,- պատասխանեցի ես՝ զարմանքս ու հուզմունքս զսպելով:

Դերասանը ասաց, որ դա ընդամենը խաղ է, որը արդեն ավարտվել է։ Նա ժպտում էր, որովհետև կարողացել էր հանդիսատեսին ստիպել հավատալ, որ կերպարը մահացել է: Այդ դեպքից հետո՝ ամեն անգամ պատմվածքը կարդալիս, ես այդ արտիստին էի հիշում, որը բեմահարթակից նկատել էր լաց լինող երեխային:

Mary Yengoyan

Քսաներկու հոգի գնդակի հետևից են վազում

-Դե, դե, ապրես, լավ անցար, խփի… գոոոոոոոլ…

Անհնար է պատկերացնել մեր տունն առանց իմ գոռոցների ու ուրախության ճիչերի: Եթե հերթական ֆուտբոլային հանդիպմանը հաշված րոպեներ են մնացել, ինձ չեն հետաքրքրում ո՛չ տոները, ո՛չ հետաքրքիր իրադարձությունները, և ո՛չ էլ անգամ իմ ծննդյան տարեդարձը: Ես կթողնեմ ամեն ինչ և կվազեմ հեռուստացույցի մոտ: Չեմ սիրում լուռ ֆուտբոլ դիտել: Ուղղակի հանգիստ նստել բազմոցին ու դիտել, դեռ մի բան էլ ընթացքում ուտել կամ խմել: Չէ՜, դա ֆուտբոլ դիտել չի: Իրական երկրպագուն պիտի հուզվի, ապրի հանդիպումը խաղի առաջին րոպեից մինչև ավարտը: Երբեմն այնքան եմ տարվում խաղով, որ բոլորովին մոռանում եմ իրենց քունը վայելող տանեցիների մասին ու այնպիսի գոռում-գոչյուն եմ դնում, որ նրանք արթնանում են: Մեկ-մեկ բարկանում են ինձ վրա, բայց երբեք չեն արգելում ֆուտբոլ դիտել: Անկեղծ ասած` իրենց էլ եմ հասկանում: Բոլորը հոգնած ու ուժասպառ վերադառնում են տուն, և երբ վերջապես քնում կամ հանգստանում են ծանր օր ունենալուց հետո, ես՝ ֆուտբոլի աշխարհի բնակիչս, միացնում եմ հեռուստացույցն ու տեսնելով, որ լեփ-լեցուն մարզադաշտն ու սիրելի ֆուտբոլիստներս ինձ էին սպասում, մոռանում եմ, որ տանը միայնակ չեմ ապրում: Դե, մնացածն արդեն հանդիպման ընթացքից է կախված: Եթե սիրելի թիմս հաղթեց, ճիչեր, գոռոցներ, երբեմն նույնիսկ ուրախության արցունքներ: Հիշում եմ` երկու տարի առաջ, երբ իմ թիմը կարևոր խաղում վերջին վայրկյաններին հաղթական գոլ խփեց, ամբողջ գիշեր լաց եղա ուրախությունից: Իսկ եթե իմ թիմը պարտվում է, ընտանիքիս անդամները ստիպված պետք է լսեն իմ լացի ձայները մինչև առավոտ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է ֆուտբոլն ամենասիրված սպորտաձևը: Գեղեցիկ գոլերի, աննկարագրելի սեյվերի, հրաշալի տեխնիկայի և խաբսերի՞… Այդ ամենն անասելի գեղեցիկ է, բայց առաջին հերթին ֆուտբոլը սիրում ենք հենց այս զգացմունքների համար: Իսկ դուք ասում եք, որ «քսաներկու հոգի գնդակի հետևից են վազում»:

meri avetisyan

Թե ինչպես պարզվեց, որ Սևանում ապրում է երեսուներեք կամ երեսունչորս մարդ

Սևան-Երևան ավտոմեքենան շարժվեց: Ժամը յոթն էր կամ յոթն անց տասը րոպե, դա կարևոր չէր։ Կարևոր չէր, քանի որ ես հոգնած էի. ամբողջ գիշեր չէի քնել, իսկ ավտոմեքենայի մեջ լռություն էր տիրում: Ես նայում էի պատուհանից դուրս։ Անձրև էր գալիս: Անձրևի դանդաղ կաթիլները իջնում էին՝ ապակու վրա հետք թողնելով, իջնում էին, որ մի քանի րոպեով խլացնեն քաղաքի աղմուկը բամբասանքներից։

-Սևանում մարդ չմնաց,- ցածրաձայն խոսեց վարորդը,- սաղ գնացին։

-Ինչպե՞ս թե,- ասաց կարմիր վերնաշապիկով կինը։

-Եսիմ է, սաղ գնացին, երեկ էլ հարևանս գնաց, ասում էր՝ ստեղ անելու բան չկա։ Մի աղջիկ ուներ, անցած տարի ավտովթարից մահացավ։ Ինքն էլ մենակ էր ապրում, ուսուցչուհի էր:

-Ախր, այ հոպար ջան, աշխատանք չկա, բա մարդիկ ինչպե՞ս ապրեն, հը՞ն,- խոսեց վարորդի կողքին նստած երիտասարդը,- տատս պատմում էր, որ ԽՍՀՄ-ի տարիներին Սևանում գործում էին վեցից ավելի խոշոր գործարաններ, ամեն մեկը ուներ հազարից ավելի աշխատող, հա- հա, մի զարմացեք։ Իսկ հիմա՞, ոչ մի գործարան չկա, բա էդ խեղճ մարդիկ ի՞նչ անեն, հը՞ն:

-Ինչ էլ որ լինի, սևանցիք չպիտի գնան, ո՞վ է ասել, որ Սևանում աշխատանք չկա։ Թող գան, գործարանները բացեն, աշխատեն:

-Գործարան բացելը հեշտ չի, տարիներ են պետք, ես էլ օգոստոսի վերջին գնալու եմ,- ասաց երիտասարդը:

-Ես երեք օրից եմ գնալու Մոսկվա՝ որդուս մոտ,- խոսեց կարմիր վերնաշապիկով կինը:

-Գնացե՛ք,- բարկացավ վարորդը,- սաղդ գնացեք, թող Սևանում մարդ չմնա՛:

-Բայց նոր դուք ասացիք, որ Սևանում էլ մարդ չի մնացել,- փորձեց սրամտել սև զգեստ հագած աղջիկը:

Ըստ երևույթին՝ աղջիկը քասնմեկ կամ քսաներեք տարեկան էր և ուսանող։ Իսկ այն, որ սևանցիները գնում են, ճիշտ է։

-Իսկապես, քանի՞ մարդ է ապրում Սևանում,- հարցրեց կարմիր վերնաշապիկով կինը:

Ես մտքումս սկսեցի հաշվել․ «Սևանում ապրում է իմ ընտանիքը՝ երեք մարդ, գումարած իմ հարևան Օլգա տատիկը, դերասան Արման Խաչատրյանը, ձուկ վաճառող Աշոտ պապիկը, իմ դպրոցի ուսուցիչները, մեր բակում խաղացող երեք երեխաները, իմ դասարանի չորս աշակերտներ, հետո ուղղեցի ինձ, մեկը Սևանից չէ, ու Բաքվից եկած թիթիզ տատիկը (նա միշտ հագնում է վարդագույն կիսաշրջազգեստ, կանաչ կոշիկներ, շատ է սիրում չամիչով հացաբուլկեղեն, պաղպաղակ և քաղցր բամբակ)։

-Սևանում ապրում է երեսուներեք մարդ,- վստահ ասացի ես:

-Ինչպե՞ս թե,- ուրախացավ վարորդը,- ինձ հաշվել ես, չէ՞: Ես սարսափեցի․ ինչպե՞ս կարող էի այս կոլորիտային սևանցուն չհաշվել։ Ես գունատվեցի, սարսափեցի ու պատասխանեցի.

-Ոչ, բայց դա խնդիր չի,- սխալս ուղղելով՝ ասացի ես,- դուք էլ գումարած ՝ երեսունչորս։

-Կնոջս, երեխեքիս, մորս էլ հաշվի,- հրամայեց վարորդը:

-Ինձ էլ հաշվի,- ասաց երիտասարդ աղջիկը:

-Մորս էլ հաշվի,- ասաց երիտասարդը,- պապիկիս էլ, մորեղբորս երեք երեխաներին էլ, հա մեկ էլ էն հեռախոս վերանորոգող Հրաչին էլ հաշվի, լավ տղա է, ու կանաչ աչքերով Մանանին էլ հաշվի:

Հետո շատ հանկարծակի երիտասարդը լռեց, երևի մտածում էր՝ արդյոք Մանանի աչքերը կանաչ էին, հետո ուղղեց իրեն.

-Կապույտ աչքերով Մանանին:

-Սպասե՜ք, սպասե՜ք,- ասացի ես,- ես կորցրի հաշիվս, օգնեք ինձ:

Վարորդի դեմքը պայծառացավ, երևի մտածեց, որ Սևանում ավելի շատ մարդ է ապրում:

-Հաշվում եք, հաշվում…

Հաշվեցեք հապա, թե ինչ ձևերով աղջիկը պարզեց, որ Սևանում ապրում է միայն երեսուներեք մարդ:

-Երեսունչորս,- ուղղեց վարորդը:

-Հաշվեցեք նաև, մի վերջին անգամ,

Թե այդ ինչ ձևով,

Ինչ մեքենայի օգնությամբ բարի

Դեռ կարելի է Սևանում ապրել,- շարունակեց երիտասարդ տղան:

-Սևակ եք սիրում, հա՞,- դիմեց կինը երիտասարդին:

-Սևակ չեմ սիրում, Սևակ կարդում եմ,- նեղացավ երիտասարդը:

-Հա լավ, ի՞նչ ասացի, որ նեղացար, շատ լավ է, որ կարդում եք, ես շատ ուրախ եմ:

Երիտասարդը ասաց, որ չի նեղացել: Անկասկած, Սևանում աշխատատեղեր քիչ կան, և մարդկանց արտագաղթը կապված չէ սեփական քաղաքը չսիրելու հետ: Բայց իհարկե, կարելի է այս խնդիրը լուծել. բացել գործարանները, ոչինչ, թող տարիներ տևի, բայց մարդիկ աշխատանք կունենան, չէ՞։

Ավտոմեքենան կանգ առավ Երևանի Երիտասարդական մետրոյի դիմաց: Երևանում անձրև չէր գալիս, շոգ էր, օդ չկար շնչելու: Երեխա լինեի ու հավատայի, որ հնարավոր է եղանակը տեղափոխել այնտեղ, ուր գնում եմ: Հետո մտածեցի, որ շատ եմ փիլիսոփայում։ Անշուշտ հոգնածության հետևանք է։ Երբ մարդը շատ հոգնած է լինում և ոչինչ չի կարողանում անել, սկսում է փիլիսոփայել։ Հետո Երևանում բնակվողներին նայեցի ու սրամտելով շարունակեցի ճանապարհս։

Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում…

Հաշվեցեք, խնդրեմ, հաշվեցեք նաև,

Թե ձեզանից գոնե մեկը իր կյանքում

Քանի անգամ է եղել Սևանում։

Ծիծաղեցի իմ այս մտքի վրա և մտածեցի, որ Սևանում շատ հետաքրքիր մարդիկ կան՝ դերասան Արմանը, թիթիզ տատիկը, կանաչ կամ կապույտ աչքերով Մանանը, Օլգա տատիկը, կոլորիտային վարորդը, Սևակ կարդացող երիտասարդները: Բայց մի րոպե․ քանի՞ մարդ է ապրում Սևանում:

Մեր նոր թղթակիցները

Հունիսի 25-28-ը «Մանանա» կենտրոնում անց էին կացվում Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի 17.am կայքի նոր թղթակիցների նախապատրաստման դասընթացները: Մասնակիցները տարբեր մարզերից էին`  Սյունիքից, Երևանից, Շիրակից, Լոռուց, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից,Կոտայքից, Տավուշից և այլն:Anahit Badalyan

-Բարև Ձեզ, ես Անահիտ Բադալյանն եմ Սյունիքի մարզի Կապան քաղաքից, 17 տարեկան, սովորում եմ Իտալիայում UWC քոլեջում, հիմա ամառային արձակուրդները անցկացնում եմ Հայաստանում։

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել այդ ծրագրին և կրթությունդ շարունակել Իտալիայում։

-Առհասարակ, մշակութային, փորձի փոխանակման և նմանատիպ այլ ծրագրերը լավ հնարավորություն են, որպեսզի ընդլայնես քո մտահորիզոնը, շփվես այլ մտածելակերպի տեր մարդկանց հետ ու իրենցից սովորես լավը ու հետաքրքիրը, որը դու երբևէ չես նկատել, ու դու էլ իրենց փոխանցես քո իմացածը։ Փուլերը հաղթահարելով ընդունվեցի։

-Ինչո՞ւ որոշեցիր թղթակցել 17.am-ին, ի՞նչ հետաքրքրություն տեսար կայքի մեջ։

-Ես հետևում էի 17-ի թղթակիցների հոդվածներին, որոնք ներկայացնում էին իրեց գյուղը, քաղաքը և խնդիրները, ու մտածեցի, որ ես էլ գրեմ, կլինեն մարդիկ, որ իմ պես կկարդան իմ հոդվածները, և իրենց համար հետաքրքիր կլինի։

-17.am-ը դրական ազդեցություն ունեցա՞վ քո վրա։

-Այո, մտածեցի, որ իմ համայնքի խնդիրների մասին, և ոչ միայն խնդիրների, կիսվելը և արտահայտելը իմ մտքերը կհետաքրքրի մարդկանց։ Այն ինձ համար մեծ հնարավորություն էր ինքնաարտահայտվելու։

-Լրագրությունը քո հոբբի՞ն է, թե՞ ընտրած մասնագիտությունը։

-Երկար ժամանակ մտածել եմ, որ լրագրող եմ դառնալու, մասնակցել եմ լրագրողական ծրագրերի, սակայն երբ իմացա այլ մասնագիտությունների մասին, ուսումնասիրեցի, հասկացա, որ ինձ ավելի համապատասխանում է տնտեսագետի մասնագիտությունը։ Ես արդեն իմ մասնագիտությունը ընտրել եմ, և թղթակցում եմ 17-ին, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, ես շարունակելու եմ լրագրությունը, քանի որ ես սիրում եմ այն։

-Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որոնց կառաջարկես թղթակցել 17-ին և ընտրել լրագրողի մասնագիտությունը։

-Իմ ընկերներից շատերը չգիտեին 17-ի մասին, բայց երբ գրեցի հոդվածներ, տեղադրեցի, բոլոր ընկերներս արդեն իմացան կայքի մասին։

-Կրթությունը վերջացնելուց հետո կմնա՞ս Իտալիայում, ի՞նչ պլաններ ունես։

-Այս տարի կավարտեմ քոլեջը և կդիմեմ բարձրագույն հաստատություն, ցանկություն ունեմ Միացյալ Նահանգներում շարունակելու, վերջացնելուց հետո անպայման վերադառնալու եմ Հայաստան և այստեղ եմ գործունեություն ծավալելու։

Աննա Վարդանյան

***

Anush Muradyan-Ես Անուշ Մուրադյանն եմ, Վանաձորից։ Սովորում եմ Վանաձորի պետական համալսարանի լրագրության բաժնում։

-Ցանկություն ունե՞ս Վանաձորում կրթություն ստանալուց հետո այն շարունակել հայրենի քաղաքից դուրս։

-Այո, ցանկություն ունեմ։ Մագիստրատուրան հավանաբար կշարունակեմ Երևանում։ Չեմ սահմանափակվի միայն լրագրությամբ։ Ամենայն հավանականությամբ, իրավաբանական բաժնում։ Դեռևս հաստատ չեմ որոշել, բայց երկրորդ մասնագիտություն ձեռք բերելը համարում եմ անհրաժեշտ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունես 17.am-ի կազմակերպած դասընթացներից։

-17.am-ի կազմակերպած դասընթացներն ինձ իսկապես ոգեշնչում են, և ակնկալում եմ այստեղ ավելի մասնագիտանալ, տեսնել իմ սխալները, սովորել։ Օրինակ՝ երբ 17.am-ը չի հրապարակում ուղարկածդ նյութը, սկսում ես մտածել, թե որտեղ ես թույլ տվել սխալ, և ինչն է քո աշխատանքի թերությունը։ Այսպես դու կարողանում ես տեսնել քո թերությունները և դրանք շտկել։

-Երազե՞լ ես լրագրող դառնալու մասին մանկության տարիներից, թե՞ ավելի հասուն տարիքում ես կատարել ընտրությունդ։

-Մասնագիտական ընտրությունս կատարել եմ հասուն տարիքում։ Մանկության տարիներին երազում էի նկարչուհի դառնալ, սակայն փոխեցի որոշումս և չեմ զղջում իմ ընտրության համար։

-Ի՞նչ կմաղթես բոլոր ապագա լրագրողներին։

-Խորհուրդ կտամ լինել պատրաստակամ, որովհետև լրագրությունը բավականին բարդ մասնագիտություն է։ Կմաղթեմ ուժ ու եռանդ, որ կարողանան հասնել իրենց նպատակներին և չհիասթափվեն։

Մարի Ենգոյան

**

Mary YengoyanՄարի Ենգոյանը Վարդենիս քաղաքից է, 14 տարեկան։ Խոսելով հարազատ քաղաքի մասին՝ Մարին նշում է. «Փոքր քաղաք է, որտեղ բոլոր մարդիկ մեկը մյուսին ճանաչում են,

բոլոր մարդիկ քեզ հարազատ են»։

Դեռ հստակ մասնագիտություն չի ընտրել, սակայն նրա ամենամեծ նախասիրությունը ֆուտբոլն է և պատմում է, որ ֆուտբոլ սկսել է նայել 4 տարեկանից և ուզեցել է հաճախել 5-6 տարեկան հասակից, սակայն չի ստացվել։ Մարին ասում է. «Ֆուտբոլը սիրելու համար պետք է տեսնել էն կողմը, որը չես կարող տեսնել։ Պետք է ապրել ֆուտբոլով»։
Արդեն ավարտել է երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի բաժինը։ Ասում է. «Դաշնամուրը իմ արյան մեջ է»։

«Ես հետաքրքրված եմ լրագրությամբ, իսկ 17.am-ը շատ լավ հնարավորություն է տալիս արտահայտելու սեփակաան մտքերդ»։

Տեսնելով 17.am-ի 4-օրյա դասընթացների հայտարարությունը՝ Մարին շատ է ոգեշնչվում և որոշում է մասնակցել։

«Շատ եմ սիրում այս կայքում տեղ գտած նյութերը, հատկապես՝ շատ եմ սիրում գյուղական կյանքին վերաբերող նյութերը, բոլորը ունեն իրենց հետաքրքիր կողմերը»։

Նա հուսով է, որ 17.am-ը կօգնի իրեն հասկանալու՝ արդյո՞ք լրագրությունը իր մասնագիտությունն է, թե ոչ։ Պնդում է, որ այստեղ բոլորը շատ հետաքրքիր են, իր ճանաչած բոլոր մարդկանցից տաբերվում են։
Մարին թղթակիցներին մաղթում է նորանոր հաջողություններ, անսպառ ուժ և եռանդ, որ միշտ վստահ լինեն իրենց ուժերի վրա։

«17.am-ը կանվանեմ շատ հետաքրքիր կայք, շատ կցանկանամ, որ չփոխի այս ոճը, միշտ անկեղծ ու իրական պատմություններ տեղադրվեն»։

Անուշ Մուրադյան

***

Haykush-Ողջույն, ես Հայկուշն եմ Հովսեփյան, Կոտայքի մարզից, գյուղ Նոր Երզնկայից:

-Ինչպե՞ս իմացար 17.am-ի մասին, և ինչո՞ւ ցանկացար դառնալ թղթակից:

-Ես 17.am կայքի մասին իմացել եմ համացանցի միջոցով, և իմանալուն պես սկսել եմ գրել իմ առաջին հոդվածը, որը հետագայում տպագրվեց կայքում: Իսկ այժմ մասնակցում եմ 17.am-ի կողմից կազմակերպած դասընթացներին:

-Ի՞նչի մասին էր քո առաջին նյութը:

-Առաջին նյութս բնապահպանության մասին էր, որը, կարծում եմ, արդիական թեմա է մեր ժամանակներում: Ես ընտրել էի օդի աղտոտվածության թեման և ներկայացրել էի դրա հետևանքները: Կարծում եմ, որ հասարակությանը դա կհետաքրքրի:

-Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, և արդյոք 17.am-ը օգնո՞ւմ է քեզ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հարցում:

-Ես ցանկություն ունեմ դառնալ հեռուստալրագրող, և դասընթացները, իհարկե, կնպաստեն. ես ձեռք կբերեմ գիտելիքի զգալի պաշարներ, որոնք նաև հետագայում ինձ պետք կգան մասնագիտության մեջ կիրառելու համար:

-Մոտիվացվա՞ծ ես գրելու հետագայում նյութեր 17.am-ի համար:

-Այո,՛ ես կգրեմ նյութեր ինձ հուզող խնդիրների մասին և կփորձեմ որոշ չափով դրանց նաև լուծում տալ, ինչը կօգնի ոչ միայն ինձ, այլ նաև իմ տարածաշրջանում բնակվող մարդկանց:

-Ի՞նչ ես կարծում՝ քո գրած նյութերը կհետաքրքրե՞ն հանրությանը, և ինչո՞ւ:

-Այո՛, անշուշտ կհետաքրքրեն, քանի որ այն, ինչ գրելու եմ, վերաբերելու է մեր տարածաշրջանին և իրենց:

-Ըստ քեզ՝ ինչո՞ւ պետք է լինել 17.am- ի թղթակից:

-Այստեղ անհատը ստանում է գիտելիքի ահռելի պաշարներ, և ինչու չէ, նաև ձեռք է բերում նոր ընկերներ: Ես խորհուրդ կտամ բոլորին դառնալ թղթակից և կիսվել իրենց հուզող խնդիրների մասին։

Մերի Ավետիսյան

Davit Ghahramanyan

Ես եմ «Ես եմ»-ից

Բարև ձեզ, ես Դավիթն եմ։ Ոմանք ինձ կհիշեն, ոմանք նույնիսկ մոռացած կլինեն, իսկ շատերի հետ ես կուզենայի ծանոթանալ: Ես վաղուց եմ կորցրել իմ ակտիվությունը 17.am-ում, բայց դա ունի իր պատճառները՝ ես արդեն մեկ տարի և վեց ամիս է, ինչ ծառայում եմ բանակում:

Ինչպես հասկացաք՝ ես գրելու եմ իմ ծառայության մասին: Ծառայություն, որը այդքան էլ սովորական չէ, տարբերվում է մեր բոլորի մեջ տպավորված ծառայության ձևից։ Խոսքս «Ես եմ» ծրագրի մասին է: Ինձ թվում է, թե ծրագիրը ստեղծել են հենց ինձ համար։ Իմացել են, որ այդ տարի գնալու եմ բանակ, և ստեղծել են: Ինչպես տեսնում եք՝ ես գոհ եմ: Թերևս իմ ծառայությունը ունի և՛ դրական կողմեր, և՛ բացասական:

Երբ ինձ կանչեցին զինկոմիսարիատ և ներկայացրին «Ես եմ» ծրագիրը, ես չհամաձայնեցի, քանի որ սկզբում խոսեցին միայն բացասական կողմերի մասին, իսկ հետո, երբ արդեն իմացա նաև դրական կողմերի մասին, համաձայնեցի:

Ծրագրի դրական կողմը 2+1+1 ձևաչափն է: Զինվորը տասնչորս օր անցկացնում է մարտական հերթապահությունում, յոթ օր՝ ազատ արձակուրդում, և յոթ օր՝ զորամասում: Սա հիանալի տարբերակ էր՝ մտածում էի ես, բայց հիշում էի նաև բացասական կողմերի մասին, որոնցից մեկը այն էր, որ ես երկու տարվա փոխարեն ծառայելու էի երեք տարի: Իհարկե, սկզբում հարազատներս հավանություն չտվեցին և ստիպեցին հետ կանգնել որոշումիցս, բայց արդեն ուշ էր, ես հաստատ որոշել էի:

Առաջին օրը մեզ շատ լավ դիմավորեցին Երևանում, և մենք հունվարի 28-ին մասնակցեցինք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող միջոցառմանը։ Հենց այդ օրն էլ մեզ տեղափոխեցին Արցախ: Ճանապարհին բոլորս լուռ էինք, այն, ինչ մենք էինք զգում, բառերով բացատրելը հնարավոր չէր: Կարճ ժամանակում հասցրի ճանաչել ու սիրել Արցախը։ Հետո, երբ սկսեցի գիտակցել այստեղ հայտնվելուս նպատակը, սկսեցի ուրիշ աչքերով ամեն ինչին նայել, մի տեսակ կարծես ամեն ինչ ինձ էր պատկանում, բայց ես չէի իշխում դրանց, այլ պահպանում էի: Հետո գիտակցեցի նաև, որ կարևոր չէ, թե ինչ ծրագով ես ծառայում և որտեղ, կարևորը, որ զգոն լինես և հիշես, որ քո թիկունքի հետևում մի ամբողջ ազգ կա:

Ես դեռ էլի կգրեմ ու կպատմեմ իմ ծառայության մասին իմ արձակուրդների օրերին:

zarine kirakosyan

Թարս էր

Պապս ասում էր` առավոտ բաց ոտքերով խոտերի մեջ քայլելը օգտակար ա, հիշեցի ես ու գուլպաներս հանեցի:

Բայց մինչ դա, պապս, որ իմ «արևելյան փիլիսոփայության» հիմքն է, նաև ասում էր. «Մենք ապրում ենք էնքան, ինչքան արթուն ենք» (նկատի ունեցեք, որ հնարավոր է` պապս չի ասել սա): Էս ինչի՞ եմ պատմում, իրիկունը 1-ն էր` պառկեցի քնելու, ամենասովորական մարդու պես մտքերով ընկա, մեկ էլ տեսնեմ` պատուհանից արևը բացվում է: Դե, գիտեք` հիմա տարվա ամենաերկար օրերն են, 5-ին արդեն լույս է լինում, այ հենց էդ ժամանակ էլ հիշեցի պապիս վերջին ասածը ու որոշեցի էսօր մի քանի ժամ ավել ապրել: Գնացի` տեսնեմ, թե ոնց է շրջապատող աշխարհը ծավալ ու գույն ստանում լույսի հաշվին:

Վերջին անգամ արևածագը էսպես դիմավորել էի մի 6 տարի առաջ, շորերս հագա, վերցրի տեսախցիկս ու տնից դուրս եկա: Ոնց հասկացա` միակ արթուն արարածները ես ու հարևանի շունն էինք, ուրիշ կենդանի շունչ դեռ չէր երևում: Կես ժամ արևին սպասեցի, իսկ էդ ընթացքում թաղի մի ծերից ոչխարների ու կովերի ձայները սկսեցին մրցել էն շան հաչոցի հետ: Ես դեռ մի կես ժամ էլ էսպես խոտերի մեջ պապիս ուսմունքն էի կիրառում, մեկ էլ հարևանի հարսը.

-Մարինին ասա` Սուրիկանց կովը վեր ա ընգել, վետը կոտրել, փայ են տնում:

«Խաթա ա,- մտածում էի ես,- էհ, ժամը 6-ն ա, էս ժամին դեռ շատ մարդ երազ ա տեսնում, իսկ էս կովը լույսը չբացված հասցրել ա մահկանացուն կնքի»: Դե, դուք մտածում եք` ինչ մահկանացու, ոտքն ա կոտրել, բայց հիմա եկեք բացատրեմ հայերեն, թե «փայ դնելը» որն է:
Ուրեմն էսպիսի մշակույթ կա, եթե մարդու անասուններից մեկի հետ դժբախտություն է պատահում, վերոհիշյալ անհաջողակի դեպքում` ոտքն է ջարդվել, բժիշկ կանչելը իզուր է, պրակտիկայում նման դեպքեր չեն լինում, մինչև սատկելը մորթում են, բաժանում մասերի` ընտանիքների թվով, կարճ ասած` չեն թողնում, որ էս մեր անհաջողակի միսը մնա տիրոջ վրա, դե, բոլորն էլ իրենց հոժար կամքով միսը առնում են, ինչ գիտեն` կարող է վաղվա անհաջողակն էլ իրենց Մարալը լինի: Իդեպ, Մարալը կովի շատ հարգի անուն է մեր կողմերում:

Մամային ձեն տվեցի, էս կողմ, էն կողմ, կշեռքը տար, դրամապանակը բեր, սառանարանի դուռը մի հատ բացի, թավան բեր: Ու էսպես բաց թողեցի արևի` հորիզոնից պոկվելու սպասված պահը:

Դե, ինչ ասեմ, ես ավելի ռոմանտիկ լուսաբաց էի պլանավորել, բայց դե կովը չգիտեր դրա մասին: Որպես մխիթարություն երկու ժամից խաշլամա կարելի է ուտել:

mariam tonoyan

Նամակ երկնքից

Երկնքի անթափանց կապույտը՝ սպիտակ, բամբակե հետագծով կարկատած ինքնաթիռը սահում է վերևում։ Կապույտ անորոշությանը աստիճանաբար խառնվում են հույսի մի քանի ամպիկներ. վերևում միշտ հույս կա, ինչ-որ մեկը պետք է պահի, չէ՞, երկինքը, որ այն չփլվի մեր գլխին։

Քաղաքը շշուկների մեջ է, իմ քաղաքը աղմկել չի սիրում, իսկ աղմուկը կա՛մ շատ կտրուկ ու կարճ է լինում, կա՛մ բնության ձայների հետ միատոն՝ ասես վախենալով խանգարել մեկի անդորրը, մեկին արթնացնել խորը քնից։ Սիրում եմ այս լռությունը վայելելը։ Ամեն տեսակ լռության պատրաստ եմ, բայց աղմուկին դիմանալը բարդ է։ Ժամերով պատրաստ եմ նստել պատշգամբի իմ անկյունում ու անխոս հետևել քաղաքի շշուկներին՝ ականջ դնելու նման։ Իսկ երբ ինտերնետ չունեմ, ընթերցանությունից բացի միակ զբաղմունքս մեր տան բարձրից քաղաքի փոփոխվող գույներին ու տրամադրությանը հետևելն է։

Մտախզբզանքներով զբաղված՝ հանկարծ նկատեցի, որ թելից կախված մի թուղթ վերևից անսպասելի, դանդաղ ներքև է իջնում։ Երբ հասավ այն բարձրության, որ ձեռքս կհասներ, բռնեցի, հանեցի վրայից լվացքի ամրակալը, բացեցի թուղթը և կարդացի. «Ա՞ր, Արա՞քս, տեղո՞ւմ ես»։ Արաքսը քույրս է: Վեր նայեցի։ Արամեն էր՝ մեր հինգերորդ հարկի հարևանի տղան, ձեռքս թափահարեցի՝ ի նշան ողջույնի։

-Արա՜քս,- փույթով կանչեցի քրոջս, և երբ եկավ, ես, նման նամակագրական գաղափարից հիացած ու զարմացած, ծիծաղով շարունակեցի,- նամակ ունես։

Արաքսը վազեց գրիչի հետևից։ Չանցած մեկ րոպե` պատասխան նամակը պատրաստ էր. «Կիջնե՞ս դուրս խաղալու»։ Ամրակալը վրան խփեց, երկու անգամ ձգեց թելը՝ այդպիսով նշան տալով, որ նամակը հետ քաշելու ժամանակն է։ Դանդաղ-դանդաղ, օդում պտույտներ գործելով, ու երբեմն լվացքի պարանների արանքում խճճվելով՝ ինքնաթիռի նմանվող նամակը առաջին հարկի մեր պատշգամբից ուղևորվեց դեպի ամենավերին՝ հինգերորդ հարկը։ Երկրորդ, երրորդ, չորրորդ հարկ, շուտով հինգերորդ, և Արամեն ստանում է նամակը։

-Չդիմացար, էլի, առանց ինտերնետի,- կատակի եմ տալիս,- վերջը նամակ գրելու մի ձև մոգոնեցիր։

-Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար,- մեջբերեց քույրս։

Մինչ նամակը կիջներ, Արաքսը վազեց տուն։ Քիչ հետո վերադարձավ թխվածքներով լի ամանով։ Պատասխանը հասել էր. «Չէ՜, շոգ ա, հովը ընկնի, նոր կիջնենք դուրս»։

Քույրս գրեց. «Պեչենի կուզե՞ս», համեմեց նամակը ծիծաղող սմայլներով, տոպրակի մեջ դրեց մի կտոր թխվածք, ամրացրեց թելին, ստուգեց ապահովությունը և երկու անգամ ձգեց թելը։

-Բա որ Ալլա տատիկենց տուն ընկնի՞,- չեմ դադարում հրճվել ես՝ ճոճվելով վեր բարձրացող տոպրակի ընթացքին հետևելով։

-Հա, ոչինչ, մի կտոր էլ թող Ալլա տատիկը համտեսի,- ծիծաղեց Արաքսը և վեր նայեց։

Ծանրոցը դեռ նոր երրորդ հարկ էր հասել։

-Հը՞, Արամ, կապը թո՞ւյլ ա, նամակս չի հասնո՞ւմ։

Վերևից լսվում է Արամեի զրնգուն ծիծաղը։ Հաջորդ նամակի բովանդակությունը շատ համեղ էր։

«Սովորություն է դառնալու,- մտածում եմ,- հաստատ էսպես շատ ենք հաղորդակցվելու»։

Այսպիսի նամակները պարզ են, հստակ են ու անմեղ, անկեղծ, ավելի ուրախ, քան վիրտուալ աշխարհում, ավելի զվարճալի, միապաղաղությունից, խաբեությունից զերծ…

Եթե մի օր հանկարծ վերևից քեզ էլ նամակ իջնի, ոչ մի դեպքում չանտեսես, ուշադրությամբ կկարդաս ամեն տող ու համապատասխան պատասխան կշարադրես։ Գուցե դա թղթե չլինի, գուցե հստակ հասցեատիրոջից չլինի, բայց վերևից եկած նամակները անտեսել չի կարելի, վերևում շատ հույս կա, ինչ-որ մեկը պետք է պահի, չէ՞, երկինքը, որ այն չփլվի մեր գլխին։