Պատանի դիվանագետի դպրոց

Գրեթե մեկ ամիս առաջ ֆեյսբուքում նկատեցի «Պատանի դիվանագետի դպրոց»-ի մասին հրապարակում, շատ հետաքրքրեց: Խոսելով ուսուցիչներից մեկի հետ՝ ավելի շատ տեղեկատվություն ստացա և որոշեցի դիմել ընդունվելու համար։ Եվ արդեն երեք շաբաթից ավելի է՝ Պատանի դիվանագետի դպրոցի սաներից մեկն եմ։ Այն համարվում է «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարան, դիվանագետներիս խմբին կից կա նաև իրավաբանների խումբ՝ Պատանի իրավաբանի դպրոց։ Դասերը լի են քննարկումներով, նոր տեղեկություններով, հաճելի մթնոլորտը միշտ ապահովված է պատանի դիվանագետներիս խմբում։ Շատ եմ ափսոսում, որ հենց ընդունելության առաջին օրվանից չէի իմացել դպրոցի մասին։

Այս ընթացքում հասցրել ենք ունենալ այցելություններ, օրինակ՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատուն, Փաստաբանների պալատ։ Դեսպանատանը հանդիպեցինք արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ։ Փաստաբանների պալատ այցը բավականին հետաքրքիր էր, ինֆորմացիոն։ Տեղեկացվեցինք ՀՀ փաստաբանական դպրոցի մասին, Փաստաբանների պալատի, փաստաբանների գործունեության մասին, հանդիպում ունեցանք Արա Զոհրաբյանի հետ, որին լսելը բավական հաճելի էր։

Մեզ դեռ սպասվում են նոր, ավելի հետաքրքիր դասախոսություններ, այցելություններ։

Տպավորություններս բավականին մեծ են, ակնկալիքներս նույնպես:

bella araqelyan

Իմ աղավնին

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Հոկտեմբեր ամիսն էր, ցուրտ, ցեխ ու ձյուն: Կլիներ մոտ մեկ ամիս, ինչ ինձ հետապնդում էր անհաջողությունը ամեն քայլափոխի, նույնիսկ երազում:

Անախորժությունը դարձել էր իմ մտերիմ ընկերը, և իմ կյանքում անկոչ հյուր էր ձախողում կոչվածը:

Կլիներ մեկ ամիս, ինչ «թաթախվել» էինք անձնագիր հանելու գործի մեջ: Անձնագրիս վավերականության ժամկետը լրանալու պատճառով ինձ հարկավոր էր նորը, նորը հանելու համար՝ հինը, որը կորցրել էի։ Ինձ շտապ անձնագիր էր հարկավոր, իսկ հինը չգտնելու դեպքում մինիմում մեկ ամիս սպասելու էի: Հնարավոր է, որ կարդալով չպատկերացնես, բայց կատարյալ քաոս էր տիրում։

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Մեկ շաբաթ անընդմեջ անձնագրային գնալ-գալով հոգնել էի: Երբ հասկացա, որ անձնագիրս գտնելու հնարավորություն չկա, որոշեցի սպասել մեկ ամիս, սակայն աշխատողներից մեկը ինձ առաջարկեց, որ հետ գնամ տուն, նորից փնտրեմ և չգտնելու դեպքում հաջորդ օրը հայտ ներկայացնեմ:

Տուն էի գալիս, տան դռան մոտ տեսա մի սպիտակ աղավնի՝ խոտը բերանին, ինձ Նոյի աղավնուն հիշեցրեց։ Մայրս ասաց.

-Լավ լուր ստանալու նշան է:

Դեռ տան դուռը չբացած՝ անձնագրիս տեղը հիշեցի ու բղավեցի.

-Հիշեցի՜, հիշեցի՜…

-Ի՞նչը,- հարցրեց մայրս:

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

-Իմ աղավնին,-ասացի ես,- աղավնին իմն է, ոչ ոքի չեմ տա, պահելու եմ: Հիշեցի անձնագրիս տեղը:

-Այ քեզ լավ լուր, հաստա՞տ:

-Հա՜, հա՜, հաստատ:

Անձնագիրս գտա: Խոսքիս տերն էի, պահեցի աղավնուն, մինչ օրս պահում եմ ու պահելու եմ, և գիտե՞ք ինչ՝ նա չի էլ փախչում, մեր հավիկների ու ճուտիկների հետ հաշտ-համերաշխ ապրում է:

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Իսկ հիմա ինձ հետապնդում է հաջողությունը, մտերիմ ընկերս աղավնին է, և իմ հյուրն է երջանկությունը:

Սնահավատ չեմ և չեմ էլ եղել, պարզապես աղավնու միջոցով շատերին է երջանկություն փոխանցվել:

davit tizyan

Սովորական սահման

Մի քիչ մեր սովորական աշխարհի անսովոր կյանքից

Մի պահ ձգտում եմ խրամատում էնպիսի տեղ կանգնել, որ հնարավոր չափով ամենամոտիկը լինեմ մեր դիրքի ամենահեռու ու խորը կետին, ու ավելի մոտ «հակառակորդին», ու էդ պահին հասկանում ես, որ քեզ պատկանող 200 մետրում, գումարած դրան կողքի դիրքերի մեջ եղած հեռավորությունը, որոնցից մեկը ավելի քան 600 մետր է հեռու, իսկ մյուսը՝ 300, ընդհանուր առմամբ՝ 900 մետր կտրվածքով քո դիմաց հայ չկա։ Բոլոր հայերը, Հայաստանը, ընկերդ, սիրելիդ, սովորությունները, հայկական տոլման, խորովածը, պարերը, բարբառները ու վանքերը, բոլորը քո հետևում են։

Զուտ մենակ զգացողության մասին

Մի տեսակ եզակի է ու հետաքրքիր, բայց շատերը էստեղ ժամանակ չունեն մտածելու նման՝ երևի անիմաստ բաների մասին։

Ոտքիդ տակ զգում ես, որ հողը զզվել է քեզնից, ու երևի հողը մի հատ մեծ երևույթ է, որը ունի զգայարաններ, ու ամեն անգամ բահը խփելիս ու մի մասնիկ իր վրայից պոկելիս ցավեցնում ես իրեն։

Ու մտածում ես՝ տեսնես կգա մի օր, որ էս հողին չեն անհանգստացնի մարդու ձեռքով սարքած ինչ-որ երկաթե իրերից առաջացած պայթյուններ։ Ու երևի ինձ պես հողն էլ է ուզում թեկուզ մի 100 տարի հետո երեխեքի ձեն ու ջահելների կռիվ տեսնի, դե էդ կռվի մեջ ոնց էլ չլինի՝ մեկը մյուսի հետ ընդհանուր ծանոթ կգտնեն, կգնան մոտակա գարեջրատուն, ծանոթության կենացը կխմեն, կամ ուղղակի մի հաճելի զրույցի կբռնվեն։
Հողը կժպտա, խորը, հանգիստ շունչ կքաշի։

Հնարավոր է էդ ժամանակ դիրքս մեկի տունը կլինի, իսկ հարևան դիրքը՝ հարևանի տունը (ի դեպ, շատ լավ պոտենցիալ ունի տուն դառնալու)։
Ու այսպիսով էս հարուստ հողերը կծառայեն իրենց նպատակին, ոչ թե մենք՝ «հարուստ հողերին»։

Մի քիչ էստեղի աստղերի մասին

Մեզ մոտ աստղերը ավելի շատ են, քան աշխարհի մնացած բոլոր կետերում, բայց հաշվել լինում ա: Ուղղակի երկու տարին, ասում են, քիչ է մինչև վերջին հատիկը հաշվելու համար, բա որ հաշվելուց կողքից շեղում են, ու հաշիվը կորցնում ես, դաժան ա։

Էստեղ՝ մեզ մոտ, 40 աստիճան շոգը 60 աստիճան է լինում, դրա պատճառն էլ էն ա, որ էստեղի արևը սովորական արևից լա՜վ մեծ ա, չնայած՝ չգիտեմ ուրիշ տեղ ինչ չափ ունի, համենայնդեպս, տեսածս ու զգացածս եմ ասում։

Էստեղի գիշերները սովորական չեն, երկար են սովորականից, ու եթե ուրիշ տեղ 8 ժամ ա, մեր մոտ 16 ժամ է լինում, իսկ ձմեռները ցերեկ չի լինում։

Ու էստեղի անձրևը նման է լույսի մարդուն, այ էդքան չես ուզում, որ գա։ Գիտեմ, որ ուրիշ տեղերում դա ռոմանտիկ ա, իսկ էստեղ՝ ուղղակի ցեխ։ Սկսում ես մենակ քո մասին մտածել՝ մոռանալով, որ մի ամբողջ «հող» երևույթ դրա կարիքը ունի, իսկ որ երկնքից նայեմ, հողի վրա իսկի չեմ էլ երևա։

Ու էստեղի բոլոր գրքերը կարդացվել են, շատ չեն չնայած, բայց գոնե բացվել փակվել են, կապ չունի, որ մեծ մասամբ թերթերը բացակայում են, կեսն էլ կաթացած մոմից կպել են իրար։

Լուսի՜նը… Չեմ մոռացել…

Լուսինը նույն էֆեկտը ունի էս հողերի համար, ինչ մոմը՝ փակ սենյակում:

Հավատո՞ւմ եք, որ լուսնի դեմք հիշեցնող հայացքները փոխվում են քո տրամադրությանը համապատասխան, կամ էլ ուղղակի փոխում են քո տրամադրությունը։
Հեչ մտածե՞լ եք, որ լուսինը ձայն ունի։ Գիշերվա ընթացքում գոնե մի քանի անգամ առիթ լինում ա, չէ՞ անհանգստանալու ինչ-որ տարօրինակ, չլսված կամ անհասկանալի ձայնից, դե ինչ կա որ, հնարավոր է՝ լուսինն ա հորանջում՝ հոգնած էս պայքարի տեսարաններից:

Քամի՜ն…

Քամին գիշերը նման է օտար լեզվի բառարանի, հետը տարօրինակ բառեր է բերում ու անծանոթ անուններ, իսկ հետևից եկող քամի՜ն (ժպտում եմ)։
Որ խորը շունչ քաշես, կարող ես անգամ քո շենքի շքամուտքի համով ուտելիքի հոտը զգալ, ու մի պահ դպրոցից սոված տուն գալդ հիշել, ու էն կասկածելի պահը, որ ամեն դեպքում՝ տենաս մեր տնի՞ց ա էս հոտը:

Ու մի պահ աչքերդ փակես ու զգաս, որ սիրածիդ կողքով էլ ա անցել էս քամին, ու փորձես քամու տաք կաթիլների մեջ իր օծանելիքի հոտը ման գալ։

Ու տեսնես, որ լուսինը դեմքի արտահայտությունը փոխեց, ու ոչ մի բան կողքիդ չի անհանգստացնում, իսկ ուշադրությունդ պարտավորված է իրան զգում։

Էհ, դեռ մի քանի թերթ էլ կարելի է խոսել զգացողությունների, իրերի, երևույթների համ ուրիշ, համ նույնը լինելու մասին, գլուխներդ տանել ամեն տեսակ մտքերով, բայց շատերի համար պաթետիկ ու անձնազոհ, իսկ մեզ համար սովորական ու առօրյա դարձած սահմանին կանգնելը սպասում ա։

zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ գարուն չէր

Այս լուսացույցների ու գովազդների քաղաքում
Մենք սովորել էնք մեզ ազատ կոչել,
Բայց ընդամենը վարժվել ենք մեզ թելադրող փողոցներին,
Ուր մեզ թվում է, թե ընտրություն կա:
Մեկ-մեկ լուսացույցի տակ չեմ ուզում սպասել,
Ուզում եմ երկուշաբթի օրը փակել բանկերը,
Անջատել քաղաքում կապի միջոցները
Ու սպասել մարդկանց՝ իրենց վանդակները հետ պահանջելուն:

Քաղաքում, ուր գարունը սարերից է իջնում,
(Շիրազն ասաց)
Մեկ-մեկ հետը սարերից անհնազանդություն է բերում,
Բայց դե քամու պես չես կարող վազել,
Մենք այստեղ արդեն բարձր շենքեր ենք կառուցել ու երկաթե կարծիքներ,
Գլուխդ կխփես բետոններին կամ
Ավելի կարծր մարդկանց:

Քաղաքում, որտեղ օդ չկար շնչելու,
Մենք շնչում էինք մարդկանց արտաշնչած զգացմունքները,
Ու Գարունը չկարողացավ խցկվել մեր արանքները:

Քաղաքում որտեղ գարունը եկվոր է,
Ես ինձ իրեն ընկեր եմ զգում:
Մենք երկուսս էլ չկանք այս քաղաքի անկանոն ռիթմերի մեջ,
Ուր չես նկատում արևը ոնց ընկավ հորիզոնից,
Ուզում եմ գարնան հետ կորչել սարերի կողմը:

Քաղաքում, որտեղ ես գրում էի էս տողերը
«Տուն» փախչելու մասին,
Մեկը ասաց՝ էդ ի՞նչ ես թփթփացնում մատներդ ստեղնաշարին։
-Գրում եմ, երևի։
-Ծնունդի պիտի՞ գնաս։
Քաղաքում, ուր մենք ազատությունը էինք ման գալիս
Հարցերն էլ էին «պիտի»-ով տալիս:

nelli khachatryan

Թեթև ապրելու մասին

111 տարի 1 օր առաջ կանանց իրավահավասարության համար ցույցեր էին լինում: Հաջորդ տարվանից մինչ օրս այդ օրը նրանց շնորհավորում են: Չխախտեմ ավանդույթն ու մեր ազատ ընտրության իրավունքի մասին ևս մեկ անգամ հիշելու օրը շնորհավորեմ:

Էս տարի ընկերներով որոշեցինք այդ օրը մեզ նվիրել մի քիչ Թիֆլիս:

Նեղ, սիրուն փողոցներ, սիրուն տանիքներ ու սրճարաններ, կոլորիտային շենքեր ու միջավայր, գետ ու ապակե կամուրջ: Բայց էս էն ամենը չէ, ինչի մասին ուզում եմ պատմել:

Մարդիկ: Հավես ու հետաքրքիր: Առանց կոմպլեքսների ու ազատ:

Էնտեղ մարդիկ ուղղակի սիրում են շփվել անծանոթների հետ: Բոլորի մեջ համով ջրիկություն կա:

Մի տղա մոտեցավ, ձեռքին՝ բուկլետներ: Սկսեց վրացերեն, հետո մեր հարցական հայացքներից հասկացավ, որ պետք է շարունակել գոնե ռուսերեն: Սիրուն ժպիտով սկսեց նրանից, որ նախ ներենք իրեն, որովհետև սա իր աշխատանքն է (դե, էսքանից հետո ոնց չլսենք), իսկ հետո սկսեց պատմել, որ նավի վրա պտույտը մարտի ութի կապակցությամբ կես գին է և այլն:

Սրճարանում մատուցողուհին երաժշտության տակտի հետ պարում ու շարժվում էր, ու էդ հավես էր:

Նկարվում ես, մեկ էլ կտեսնես՝ մեկը կողքիդ պատրաստ դիրքով կանգնել է, որ հետդ նկարվի:

Հաց ուտելու վայր ես ման գալիս, մի ակտիվ երիտասարդ գալիս քեզ «էստի համեցեք» է անում, ու դու չես կարողանում չմտնել:

Էսքան անծանոթներ քեզ հավես պահեր ու հիշողություններ են ապահովում: Երիտասարդությունը պոզիտիվ է, ու քո հետ կիսում են պոզիտիվ տրամադրությունը:

Հայաստանում մենք կոպլեքսավորված ենք ու լուրջ: Մեզ սովորեցրել են անծանոթների հետ չխոսել: Մենք չենք նստի անծանոթի մոտ ու կոնֆետ չենք հյուրասիրի, բուկլետներ ամաչելով ու լուռ ենք բաժանում: Մենք հո խելառ չե՞նք՝ ուրիշի կադրում հայտնվենք:

Էդ մեր արյան մեջ է: Մեզ հետաքրքիր ապրելու համար համարձակությունն է պակասում:

Ինչն է առավել կարևոր իմ կյանքում

Syuzanna Kharatyan VahanԿա մի պարզ իրողություն, որ մենք ուզած, թե չուզած մեծանում ենք։ Ոմանք միայն տարիքով և ֆիզիկապես, մյուսները՝ տարիքից շատ, շատերն էլ զարգանում ու մեծանում են ժամանակին և օրինաչափորեն։ Եվ կատարվում է այն, որ տարիքի հետ մենք ուրիշ ենք դառնում ՝ այն, որ երեկ չէինք և այն, որ վաղը չենք լինի։ Ունենում ենք նոր արժեքներ, նոր ցանկություններ, փոխվում են առաջնահերթություն ներկայացնող երևույթները։ Թերևս կան արժեքներ, որոնք անփոխարինելի են, միշտ կան և ժամանակի հետ չեն անհետանում։ Մենք ասում ենք շատ երբեքներ, հաստատներ, ու կյանքը ոչնչացնում է այդ գաղափարները ու մեզ տալիս ուրիշ իրականություն։ Անհավատալի է, թե որքան մենք կարող ենք սովորել կյանքի մասին։ Հետաքրքիր է կյանքի ու բնության համեմատությունը։ Օրինակ՝ գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին ու կռահել հարյուրավոր տարիներ առաջ եղած կլիմայի և բնական պայմանների մասին։ Ծառերի աճն ուսումնասիրելիս՝ մենք կարող ենք սովորել, որ կատարյալ պայմաններում ծառերն աճում են բնականոն ու նորմալ արագությամբ։ Հակառակ դեպքում աճը դանդաղում է, քանի որ նրանք էներգիան ծախսում են գոյատևման համար անհրաժեշտ տարրական էլեմենտների վրա։ Այ քեզ համեմատություն։ Նույնը և մարդու դեպքում է։ Մարդու առողջ կենսագործունեությունը, նրա համար կարևորները, նպատակները, պահանջները կախված են ապրելու պայմաններից և շրջակա հարաբերություններից։ Դրա համար հաճախ մեկը զարմանում է դիմացինի կատարած արարքից, որովհետև դա իր արժեհամակարգից դուրս է, բայց միգուցե նրա ապրած պայմաններում իր հայտնվելու դեպքում ինքն էլ նույն կերպ կվարվեր։ Ինչևէ․․․

Հաջորդ կարևոր բանը մեր զբաղվածությունն է։ Եթե անկեղծ լինենք, ապա կխոստովանենք, որ ներկայումս շատ հեշտ է զբաղված լինել։ Մենք ստեղծում ենք գործողությունների մի ցուցակ և ծանրաբեռնում մեզ։ Այսօր շատերի համար զբաղված լինելը առավելություն է, բարձր ինքնագնահատականի հիմք, մեծ ինքնաարժևորում։ Անընդհատ լցնում ենք մեր ժամանակը՝ անգամ ճնշված ու հոգնած պահերին։ Բայց ցանկացած բան, որ հասնում է ծայրահեղության, վնասում է մեզ։ Մենք մոռանում ենք մեր աշխարհը, դառնում միջոց, դառնում բոլորինը, անհանգիստ, շտապում ենք, դառնում պարտավորված։ Երբեմն անում ենք շատ բաներ ստիպված՝ չկենտրոնանալով կարևորի վրա։ Մոռանում ենք մեր հույզերը, չենք նկատում դիմացինի զգացմունքները և անում ենք ինչ-որ բաներ։ Այսօր արդիական է բազմաֆունկցիոնալ մարդը։ Մտածում ենք, երազում՝ չապրելով պահը։ Պլանավորում ենք, բայց երբ հնարավորություն ենք ունենում՝ վախենում ու փախչում ենք։ Երբեմն էլ նպատակները դառնում են ամբիցիաներ, կանգնում կոկորդին։

Ես շատ եմ տպավորվել «Тысяча слов» ֆիլմից, որտեղ կարևորվում է ինքն իր հետ ներդաշնակությունն ու լռությունը։ Ցույց է տալիս սեփական ժամանակի գնահատման կարևորությունը։ Այսինքն՝ պետք է դուրս գալ կյանքի խելահեղ ընթացքից ու կարևորել ոչ թե հասարակությունից պարտադրվածը, այլ սեփականը։

Հակասական է, որովհետև միևնույն ժամանակ դուրս ես մնում հասարակական կյանքից։

Մտածելիս ուղղակի մոլորվում ես, չես ուզում ոչինչ հասկանալ ու կենտրոնանալ, պարզապես ուզում ես լինել։

Իմ կյանքում կա մի ճշմարտություն, որ պարզության մեջ է հստակությունն ու գեղեցկությունը, որը չենք գնահատում պարզ լուծումներ որոնելիս։ Կա կարծրատիպ՝ ինչքան բարդ, այնքան հետաքրքիր։

Ինձ համար կարևոր է պարզությունն ու թեթևությունը ընտանեկան հարաբերություններում, քանի որ այս հարցում անհաջողությունը չի կարող փոխհատուցվել ոչ մի այլ հաջողությամբ։ Նույնիսկ հասարակ երեկոյան ընթրիքը ընտանեկան հարաբերությունների նկարագիրն է։ Հայտնի է, որ այս հարաբերությունները՝ լավ, թե վատ, մենք տանում ենք միջանձնային շփում։ Մարդկային ցանկացած ճիշտ փոխհարաբերությունում գործում են շատ պարզ կանոններ՝ մենք խոսում ենք մեկս մյուսի հետ, ոչ թե մեկս մյուսի մասին։ Մենք սովորում ենք իրարից՝ սիրելով մեր տարբերություններն ու նմանությունները։ Նվիրում ենք միմյանց ժամանակ և օգտակար ենք լինում պարզապես լսելով։

Եվ վերջապես ամենակարևորն ինձ համար ինքներս մեզ հետ հարաբերությունն է։ Երբ ուսումնասիրում էի անձի արժեքները, հասկացա, որ բոլորի համար կարևոր են կողմնակի ինչ-որ բաներ կամ ինչ-որ մեկը, բայց ոչ հենց իրենք։ Ես գոնե մեկ տարի առաջ ամեն հարցում թերագնահատում էի ինքս ինձ, ուրիշներն ամենալավն էին ու ամենատաղանդավորները։ Ոչ, դա թերարժեքության բարդույթ չէր, դա անհիմն ինքնաարժեզրկում էր, դա ինքնաքննադատություն էր, բայց առողջ չէր։ Ես սովորեցի լսել ինքս ինձ, և սկսեցի զբաղվել ինքնաճանաչմամբ։ Օրինակ՝ ինձ համար շատ հաճելի են միայնակ զբոսանքները։ Ասում են՝ որքան մեծ է ճնշումը, այնքան հարմարումն ուժեղ է։ Ես ձգտում եմ չտրվել ճնշումներին։ Միգուցե թերություններն ավելի հաջողակ դարձնեն, կարևորը էֆեկտիվ կիրառումն է։

Հեշտ ապրելը գուցե անհետաքրքիր է։

anahit  abrahamyan

Ինչպես էր գալիս գարունը

2008 թվականի մարտի 1-ին ես 7-րդ դասարանի աշակերտուհի էի, ու մեր դպրոցում գեղեցիկ ավանդույթ կար՝ գարնան առաջին օրվա կապակցությամբ մենք ուսուցիչներին ձնծաղիկներ էինք նվիրում (կեսը գնում էինք, կեսը՝ քաղում ու խառնում բոլորը միասին, որ ստացվի՝ ամեն փնջում մենք մեր աշխատանքի մասնիկն ունենք)։ Բայց այդ օրը չնվիրեցինք, որովհետև շաբաթ օրը դասի չէինք, պայմանավորվել էինք, որ պետք է մի քանի աղջիկներով գնայինք շուկայից գնելու։ Առավոտյան սովորականի պես, երբ միացրինք հեռուստացույցը (այդ ժամանակ համացանց չունեինք ու ոչ էլ սմարթֆոն, որ միանգամից լուրերը իմանայինք), չգիտեմ՝ որ ալիքն էր, հաղորդում էր, որ Երևանում լարված դրություն է, ու ես մտածում էի. «Երևի ադրբեջանցինե՞րն են մտել Երևան ու Սևան էլ կգան, հնարավոր կլինի՞ հետները խոսել ու իմանալ, թե պապիկս իրենց մո՞տ է, կամ տեսե՞լ են»։ Բայց մայրս ասաց, որ հայերն են, ու հետո, երբ արդեն կադրերը կային, ու լիքը բաներ էի տեսել, իմ` 7-րդ դասարանցու ուղեղում չէր տեղավորվում, թե հայերը ինչի՞ համար պետք է հայերին սպանեն, էդ սև հագածները հայ չեն հաստատ, մեզ խաբում են, մենք մեզ ինչի՞ համար պիտի ծեծենք, կրակենք, սպանենք մեր կողքի կանգնած մարդկանց՝ թե՛ շարքային քաղաքացուն, թե՛ ոստիկանին։ Կադրերում ծեծվող կանայք ու աղջիկներ էլ կային ու ես, միևնույնն է, չէի հասկանում՝ ինչո՞ւ, թե՛ պարի ժամանակ, թե՛ դասին նստած, թե՛ քայլելիս ինձ այդ «ինչուն» տանջում էր։ Տարիներ հետո ես լիքը «ինչուների» պատասխան ստացա, բայց ոչինչ չփոխվեց։

Այդ տարի մենք մեր ուսուցչուհիներին ձնծաղիկներ չնվիրեցինք, իրենք չժպտացին ու գարնան ավետաբերներին չտարան իրենց տուն։ Այդ տարվանից հետո, բոլոր մարտի 1-երին մեր դպրոցում «տագնապի օր» էր։ Զանգը ժամը 12։40 հնչում էր, ու բոլորս դպրոցից դուրս էինք գալիս, հետո ներս մտնում, չգիտեմ՝ ով էր հեղինակը, բայց կարծես թե այդ զանգը միշտ հնչում էր, որ հիշեցներ 2008-ի մարտի 1-ը ու մեզ զգուշացներ, որ չանենք էդպիսի վայրագություն, չսպանենք մեր դիմացինին, չհարամենք այսքան սիրուն օրը, թողնենք գարունը ծաղիկներով գա, երջանկության ձնծաղիկներով ու հիացական ժպիտների շնորհակալությունով գա։

Տարիներ անցան, ու այդ գեղեցիկ ավանդույթը էլի վերադարձավ, բայց հիմա չեմ հիշում, թե գարնան որ օրն էինք նվիրում։ Բայց մարտի 1-ը չէր հաստատ։

Հասարակական ակտիվությունը՝ որպես պետության զարգացման նախադրյալ

Սոցիալական փիլիսոփայության մեջ ընդունված է հասարակությունը մեկնաբանել տարբեր կերպերով։ Շատ փիլիսոփաներ կարծում են, որ գոյության արժանի է միայն այն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է բաղկացած լինի որոշակի վեհ գաղափարներ կրող անհատներից, որոնք, տարբեր խնդիրներ լուծելով, պետությունը կտանեն զարգացման ճանապարհով։ Իսկ երբ մարդը տեղեկացված է, ունի հստակ նպատակներ ինչ-որ խնդիր լուծելու, թերություններ հարթելու, բարելավելու համար, պայքարում է, որպեսզի նպատակն իրագործվի։ Այսպես է կարծում նաև Գավառ համայնքի ակտիվ երիտասարներից մեկը՝ Անի Պետոյանը։ Անին սովորում է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ապագա քննիչ է և 16 տարեկանից սկսել է կրթությանը զուգահեռ ներգրավվել նաև տարբեր հասարակական միջոցառումներում։

-Իրավագիտության ուսումնասիրումը ոչ միայն իրավաբան, փաստաբան, քննիչ, դատավոր դառնալու համար է պետք, այլև այն միաժամանակ օգնում է ցանկացած ոլորտում, հասարակական, համայնքային տարբեր խնդիրների հետ առնչվելիս, երբ տեղյակ ես քո ու դիմացինիդ իրավունքներից ու պարտականություններից, և տեղեկացվածությամբ ու կարծիք արտահայտելով կարողանում ես որոշ դրական փոփոխություններ իրականացնել համայնքում,- ասում է Անին։

Ըստ նրա՝ ակտիվիստը պետք է իր մեջ աստիճանաբար ձևավորի վերլուծական մտածելակերպ, որպեսզի կարողանա տեսնել խնդիրն իր դրական և բացասական կողմերով, առաջնորդի հմտություններ ունենա, սառը դատելու կարողություն, համարձակություն, հաղորդակցման հմտություններ, համագործակցելու պատրաստակամություն։

Անին խրախուսում է երիտասարդների մասնակցությունը տարաբնույթ սեմինարների ու դասընթացների, քանի որ դրանց արդյունքում նրանք հնարավորություն են ունենում համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, մասնակցել մի շարք ծրագրերի ու ներգրավվել համայնքային աշխատանքներում։

20-ամյա ակտիվիստը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Դրանցից են` Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը, երիտասարդական հիմնադրամը, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, «Դարույնկ» հասարակական կազմակերպությունը, որպես կամավոր մասնակցել է Կանանց իրավունքների պաշտպանության գրասենյակի, «World Vision»-ի կողմից կազմակերպված մի շարք ծրագրերի, կամավոր ու ծրագրային աշխատանք է տանում նաև Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում։

-Բացի դպրոցի տված ֆորմալ կրթությունից՝ ակտիվությունը օգնում է ծանոթանալ ուսուցման ոչ ֆորմալ մեթոդներին, թույլ է տալիս ուժերդ փորձել տարբեր ոլորտներում, մշտադիտարկումներ իրականացնելու փորձ ձեռք բերել, մեծ ներգործություն է ունենում մտածելակերպիդ վրա, զարգացնում է ազատ արտահայտվելուդ կարողությունները, թույլ է տալիս ընդլայնել ծանոթներիդ, ընկերներիդ շրջանակը,- ասում է Անին և շարունակում,- կար ժամանակ, երբ պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի հետ հանդիպումը շատերի համար երազանք էր, բայց քաղաքացիական ակտիվության շնորհիվ դա հեշտ է դառնում։

Ինչպես ցանկացած գործ՝ հասարակական ակտիվությունը ևս ունի իր դժվարությունները։ Անին հիշում է, որ սկզբում դժվարանում էր ազատ արտահայտվել, կարծում էր, որ իր կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրի, ու գերադասում էր լռել, իսկ այժմ դժվարությունների մասին խոսելիս նա ասում է.

-Դժվարությունները պետք է դիտել որպես փորձություններ, որոնք պետք է հաղթահարել։ Երբ սովորում ես հաղթահարել տարբեր բարդության փորձություններ, դրա արդյունքում հասուն տարիքում քո առջև նոր դռներ են բացվում։ Դժվարությունների դեմ իմ առաջին և ամենակարևոր հաղթանակը բանավեճի ակումբում ներգրավվելն էր ու ազատ խոսքին, հռետորությանը վարժվելը։ Արդեն 10 տարի է, ինչ բանավեճի ակումբի անդամ եմ։ Բանավեճի միջոցով ես բացահայտեցի իմ ներսում թաքնված շատ կարևոր հատկություններ, սովորեցի կառավարել զգացմունքներս, աշխատել թիմում։ Այդ գործում իր մեծ ներգործությունն ունի նաև Գավառի պետական համալսարանը, որը միշտ խրախուսում է ակտիվ երիտասարդներին, որոնք բուհական կրթության հետ զուգահեռ ժամանակ են գտնում համայնքային ակտիվության համար։ Բուհի սաներից շատերը Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի շահառուներ են, տարբեր ոլորտներում մասնագիտացած մարդիկ, ովքեր կամավոր հիմունքներով կիսվում են իրենց հետաքրքրություններով ու երիտասարդությանը ներգրավում համայնքային խնդիրների լուծման գործընթացում։

Անին հավաստիացնում է, որ կամավոր, ակտիվ աշխատանքը վարձատրվում է նոր գիտելիքներով ու հմտություններով, նոր փորձով ու ընկերներով, և խորհուրդ է տալիս երիտասարդներին ակտիվ, տեղեկացված ու պահանջատեր լինել, ու ամենակարևորը՝ երիտասարդ մնալ, որովհետև երիտասարդությունը մարդու հետ չի մեծանում, եթե դու այն պահպանես քո մեջ, այն միշտ կուղեկցի քեզ։

Nelli Bragina

Մեր ընկեր Գալստյանը…

Հիրավի, կան կրթօջախներ, որոնց գոյությունը դժվար է պատկերացնել առանց տվյալ ուսուցչի լուսավոր ու անհրաժեշտ ներկայության: Այդօրինակ ուսուցիչը դպրոցի բարի ոգին է, ով ոգեղեն ջերմություն ու կամք է փոխանցում աշակերտներին ու գործընկերներին: Կամք՝ ինքնանվեր դասավանդելու, կամք՝ բացահայտելու ու կերտելու, լույս ու այրում արարելու…

Այդպիսին է իմ ուսուցչուհին՝ ընկեր Գալստյանը: Թեպետ հիմա ինքս էլ ուսուցչուհի եմ նույն դպրոցում, բայց սիրով շարունակում եմ ինձ նրա աշակերտը զգալ… Ասես հայտնվում ես մի այլ՝ զուգահեռ իրականությունում: Միայն աչքերն են նույնը՝ սիրելի ուսուցչուհուդ բարի հայացքը, աջակցող խոսքն ու գործը:

52646413_380663752713391_2975023536978001920_n

Անասելի լարված էի, երբ որպես պրակտիկանտ՝ ընկեր Գալստյանի ներկայությամբ դաս էի վարում: Ուզում էի արժանի լինել նրա աշակերտը լինելուն, չվրիպել որպես Ուսուցիչ և Մարդ…

Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե մեր ընկեր Գալստյանին ինչպես է հաջողվում բազմամարդ դասարանը կառավարել… հայացքով: Նա միշտ թե՛ աշակերտի, թե՛ նորեկ ուսուցչի կողքին է: Աշակերտական և ուսանողական տարիներին նա սիրահոժար ինձ էր տրամադրում իր անձնական բյուրահատոր գրադարանի արժեքավոր գրքերից, որպիսիք չեն ճարվում անգամ գրադարաններում… Հիշում եմ՝ գիրքը վերցնելիս կամ վերադարձնելիս ինձ չէր «հաջողվում» հեռանալ առանց որևէ համեղ հյուրասիրության: Եվ նա իր տան հյուրընկալ, բարեկամական մթնոլորտը բերել է ուսուցչանոց. գործընկերների միջև ստեղծել կուռ միասնություն ու հարազատություն:

Մեր ուսուցչանոցում թաղարների մեջ ծաղկում են տասնյակ բույսեր: Որ ամսվա որ օրն էլ լինի՝ բազմագույն ծաղկաբույլերը տրամադրություն ու գեղեցկություն են սփռում: Մեր ընկեր Գալստյանի օրինակին հետևելով՝ այլ ուսուցիչներ ևս դասարաններում կանաչ անկյուններ են կազմակերպել:

Հաճախ է պատահում, երբ նրանցից որևէ մեկը ոստն ու թաղարն առած գալիս է.

-Ընկեր Գալստյան, Դուք տնկեք, եթե Ձեր ձեռքը կպնի, հաստատ կաճի…

Եվ իրոք, մեր ընկեր Գալստյանի ձեռքով տնկված տերևն իսկ շուտով արմատակալում ու փթթում է…

Այգի ունի, որտեղ մեկը մյուսին հերթ չտալով ծաղկում են բույսերը: Ինքը նկարում է հեռախոսով: Նկարները թերթելիս իր դեմքին էլ է ժպիտ ծաղկում…

-Նելլի՛, իսկ տեսե՞լ ես իմ ծաղկած բեգոնիան…

Ու հպարտությամբ ցույց է տալիս տասնյակ անուններով, զարմանազան գույներով ու տերևներով անթիվ բույսեր…

Եթե նույնիսկ «չխոսկան սանիկներն» են զգում ընկեր Գալստյանի սերն ու հոգածությունը, էլ ի՜նչ ասել «խոսող սանիկների» մասին: Նրա կողքին մոլորվելն անհնարին է: Պատահել է՝ մեզ՝ աշակերտներիս քերականությունը մթին անտառ է թվացել, որտեղ ձեռք ձեռքի շուրջանակի պտտվում են դերբայները, ու բայն աճպարարի պես ձև ու կերպարանք է փոխում…

Հնչում է ուսուցչուհու հանգիստ ու վստահելի ձայնը.

-Դասն սկսեք հասկանալ հենց վերնագրից: Վաղակատար. այսինքն՝ խոսքն ավելի վաղ՝ նախկինում կատարված գործողության մասին է:

Ու նորից հայտնվում ես հայերենի հանդարտասուն անտառակում, որտեղ անգին քարերի պես պեծին են տալիս ու շողշողում մեր հրաշագեղ բառերը: Եվ հոգիդ լցվում է արևով: Արև, որ է՛ սերն առ մայրենին: Հիմա այդ արևը միշտ է իմ հոգում, և ես կուզեի այն փոխանցել իմ աշակերտներին…

Վերջերս աշակերտուհիս՝ Լուիզան ասաց.

-Ընկեր Բրագինա, Ձեզ հետ ամեն ինչ այնքա՛ն հեշտ է…

Ակամա ժպտացի. հիշեցի ինքս ինձ այդ տարիքում և մտովի շնորհակալություն հայտնեցի ընկեր Գալստյանին՝ այն Մարդուն, ումից միշտ ուզում եմ սովորել… Հենց նրա՛ շնորհիվ է, որ դեռ աշակերտ եղած ժամանակվանից գիտեմ, որ ուսուցիչ լինելու առաջին նախապայմանը զգայուն ու մտածող մարդ լինելն է: Երեկ մեր ուսուցչուհիներից մեկը խոսքի մեջ նշեց, որ այսինչ երեխան ուզում էր մասնակցել «Կենգուրու» մրցույթին, բայց գումարային պահի մասին իմանալուց հետո լռեց…

-Դա ի՛նչ խնդիր է,- անմիջապես արձագանքեց ընկեր Գալստյանը,- ես կվճարեմ: Ու եթե էլի կան շնորհալի երեխաներ, ովքեր ուզում են մասնակցել, բայց գումարի հետ կապված խնդիր ունեն, ասե՛ք ինձ…

Երբ ամեն օր աչքիդ առջև է Ուսուցչի ու Մարդու այդ տեսակը, չես կարող չձգտել ավելի լավը դառնալ, ավելին իմանալ ու կարողանալ…

53255416_332920774002543_3960792168624291840_n (1)

Պատկերացնում եմ, թե այս տողերը կարդալիս իմ ընկեր Գալստյանն ինչպես զարմացած կժպտա, բայց ես մի՜ քիչ նախանձում եմ նրա հիմիկվա աշակերտներին… Ընկեր Գալստյանը կրկնում է. «Դասի ընթացքում չանտեսեք ոչ մի աշակերտի, հենց վատ սովորող աշակերտի առաջադիմությունն է ձեր լավ աշխատանքի ապացույցը»: Չգիտեմ, թե ինչպես է ընկեր Գալստյանին հաջողվում պահպանել բարության, խստության, պահանջկոտության այն ճշգրիտ համամասնությունը, որը ուսուցչի աշխատանքի հաջողության գրավականն է։

…Հեշտ ու հաճելի է աշխատանքը, եթե կողքիդ կա այն աջակցող ու գրագետ մարդը, ում միշտ կարող ես վստահել ու ապավինել:

Սիրելի ուսուցչի աշխատանքը արժևորելու համար պետք չեն հատուկ տոներ ու միամսյակներ:

Մեր ընկեր Գալստյան, թույլ տվեք խոստովանել, որ թե՛ որպես աշակերտ, թե՛ որպես գործընկեր՝ սիրում ու գնահատում եմ Ձեզ…

DSC_0971

#ԵՐԻՏԱՍԱՐԴ_ԽՈՍՆԱԿ

Երբևէ լսե՞լ եք «վախ բեմից» արտահայտությունը։ Դա հիմնականում երիտասարդների շրջանում շատ տարածված սոցիալական վախերից է, երբ մարդը վախենում է հանրության առաջ, հրապարակային ելույթներից, մեծ լսարանի առաջ հանդես գալուց։ Ըստ հոգեբանների՝ ելույթներից առաջ վախ զգում է մարդկանց 95%-ը։ Վախի այս տեսակն ի հայտ է գալիս ամենատարբեր պատճառներով. լսարանի հանդեպ անվստահություն, վատ պատրաստվածություն, բացասական ընդունելություն ու արձագանք, լավագույն ձևով ելույթ ունենալու ձգտում և այլն։

Հին ժամանակներում «հասարակություն», «հանրություն» բառերը ասոցացվում էին «կյանք» բառի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև հանրության մեջ հեշտ է պաշտպանություն գտնելը վայրի կենդանիներից ու այլ վտանգներից։ Հնագույն ժամանակներից ի վեր մարդը ակամա հաղորդակցվել է ուրիշ մարդկանց հետ ու, նրանցից օգնություն ու պաշտպանություն ստանալով, միայնակ գոյատևելը դարձել է ավելի ու ավելի դժվար։ Այդ պատճառով մինչև այժմ էլ մենք վախենում ենք լինել չընդունված այլ մարդկանց կողմից, վախենում ենք մեկուսացումից։

Նմանատիպ վախ իմ մեջ ես ևս բացահայտեցի, երբ դեռ երրորդ դասարանից դպրոցական տարբեր միջոցառումներից սկսեցի խուսափել՝ անհիմն արդարացումներ փնտրելով։ Ծնողներիս, ընկերներիս հորդորներն ու նախատինքները չփոխեցին ոչինչ։ Միայն վերջերս, երբ ինքս գիտակցեցի, թե ինչքան կարևոր է վստահ արտահայտվելը, ինքնատիրապետումը չկորցնելը մարդկանց ներկայությամբ, սկսեցի աշխատել այդ թերությունը հարթելու ուղղությամբ։ Նախ դպրոցում դասերը սկսեցի պատմել այնպես, ասես ոչ թե պատմում եմ, որպեսզի ուսուցչուհին ուղղի խոսքս, այլ որպեսզի սովորեցնեմ դասընկերներիս։ Հետո ուսումնասիրեցի «Ինքնատիրապետման արվեստը» գիրքը, իսկ այնուհետև, բախտի բերմամբ, թե պատահմամբ, իմացա «Երիտասարդ խոսնակ» ծրագրի մասին, որի նպատակն է` հռետորության, ելույթի միջոցով բարձրաձայնել համայնքային խնդիրներ, առաջարկել լուծումները, որից հետո առավել առաջնային խնդիրները ներգրավել ավագանու նիստի օրակարգում ու պատշաճ լուծում տալ։

Շուտով ընտրեցի ելույթիս թեման. «Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները համայնքում»։ Թեման առավել մանրամասներով ուսումնասիրելուց հետո գրեցի ելույթիս տեքստը ու սկսեցի պատրաստվել։ Ինքնավստահություն, հստակ խոսք, խնդրի մասին բարձրաձայնում՝ առավել պարզ բառեր օգտագործելով, դրական տրամադրվածություն, ժեստեր, ժպիտ. ահա այն ամենը, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել ելույթը պատրաստելիս։

DSC_1096

Ելույթ ունենալու վախի դեմ պայքարելու լավագույն տարբերակներից մեկը լավ պատրաստվածությունն է։ Այդ դեպքում բառերը դուրս են թռչում բերանիցդ ինքնաբերաբար։ Իսկ երբ դու ժպտում ես ու պատասխան ժպիտի ես հանդիպում, լարվածության աստիճանը իջնում է մինիմումի։ Մեկ այլ կարևոր գործոն է դիմախաղը և աչքերի կոնտակտը։ Պետք է կարողանալ կառավարել դիմային մկանները, որպեսզի նույնիսկ շփոթվելու կամ տեքստը մոռանալու դեպքում դրանք աննկատ պահել։ Հայացքների փոխանակումը օգնում է վտահություն առաջացնել ունկնդիրների մոտ, բայց պետք է հիշել, որ արդյունավետ է, երբ հայացքները հավասաչափ ես բաշխում։

«Երիտասարդ խոսնակ» ծրագիրը հնարավորություն տվեց վստահորեն բեմ բարձրանալ, խոսել, արտահայտվել՝ չմտածելով արձագանքների մասին, որոշ չափով հաղթահարել վախը բեմից։

Սիրելի՛ ընթերցող, եթե դու էլ ես վախենում հանրության առաջ արտահայտվելուց, եթե քո կարծիքը համարում ես պակաս կարևոր, եթե մտահոգ ես բացասական արձագանքներ ստանալուց, ինչպես ես, ահա խորհուրդս քեզ. եղիր ինքնավստահ ու խոսիր՝ կարևոր չէ, թե ինչի մասին, ընտրիր որևէ անհավանական թեմա, կեղծ տեղեկատվություն, ու փորձիր վստահորեն համոզել լսարանին, որ դա հաստատված ճշմարտություն է։ Փորձիր այսօր, քանի որ միայն այդ միջոցով դու կհասկանաս, թե ինչպես է ընդունվում քո խոսքը, և որքան շուտ համոզվես, որ ելույթ ունենալն այդքան էլ սարսափելի չէ, այնքան արագ դու կազատվես քո վախերից։