Anush abrahamyan

Ցանկությունների ավտոբուս

-Տո՛ այ քո ցավը տանեմ, ես էտ հարցը արդեն լուծել եմ։ Դու գործերիդ նայի, էտ ի՞նչ ա, որ ես չկարանամ գլուխ բերեմ։ Հա ՛, հա (այս անգամ ծիծաղելով), դե ինձ գիտես։ Միշտ պատրաստ,- երիտասարդը հեռախոսը անջատում է, անփութորեն սեղմում ջինսի գրպանը։

-Մամ ջան, բարև, ի՞նչ կա, ո՞նց եք: Եսիմ է, կիսուրս հարևաններին հավաքել ա գլխին, նստել ա տունը: էնքան ասի` արի իրար հետ գնանք, չեկավ։ Ի՞նչ անեմ, հոգատարությունս չի գնահատվում։ Ես էլ մենակ գնում եմ Գայուշենց տուն: Հա՛, էսօր ծնունդն ա, -միջին տարիքի կին է, բավականին սիրունատես։

-Պապ ջան, համալսարան չեմ հասել, հասնեմ` կգրեմ։ Դու խմե՞լ ես դեղերդ, էսօր վերջին օրն ա, չէ՞։ Դե  լավ, պապ ջան, պատրաստվի, կգամ` կգնանք հիվանդանոց։ Չէ՛, պապ, հենց էսօր ենք գնում, տեսնենք՝ ի՞նչ արդյունք կա (ժպտում է)։ Դե լավ, պապ ջան, կգրեմ,- հեռախոսն անջատելուց հետո երիտասարդ աղջիկը կրկին հայացքը սահեցրեց ապակուց դուրս։

Ամեն օր մոտ քառասուն րոպե եմ անցկացնում ավտոբուսում, ու ակամա միտքս  բախվում է շատերի երազանքներին, ցավերին, կարոտած տխուր ու հոգնած հայացքներին։ Ու քիչ- քիչ հասկանալի է դառնում, որ ավտոբուսը հազարավոր երազանքներ է տեղափոխում մի տեղից մյուսը, այդ երազանքները երբեմն կես և ավելի ժամեր խցանման մեջ են մնում ,բայց չեն կորցնում իրենց թարմությունը։ Հազարավոր կարոտներ են տեղափոխում, որոնք իրենց գոյության մեծամասնությունը անցկացրել են խցանումների մեջ։ Տարիներ են տեղափոխում ու մարդկանց, որոնք մաշվում են  ու ամեն վայրկյան մոտենում մահվանը։ Միգուցե, չգիտեմ, թե էլ ինչեր են տեղափոխում այդ ավտոբուսները:  Շատ բան չգիտեմ։ Չգիտեմ, թե ինչու այդ «միշտ պատրաստ երիտասարդները» քնած են ձևանում, երբ հարկ է լինում իրենց տեղը զիջել ծերերին: Չգիտեմ, թե ինչու են այդ հոգատար հարսները բոլորի հետ ցանկանում խոսել իրենց սկեսուրի մասին ու շեշտել իրենց բարի, համբերատար, ներող լինելը։ Ա՛յ, համբերատարության հրաշալի ձև եմ ասել, է: Չգիտեմ,  թե ինչու եմ այդքան  ցանկանում, որ հորը հիվանդանոց տանող աղջիկը լիարժեք ժպտա գարնան թռչունների ծլվլոցը լսող մարդու ժպիտով։

Շրջվում նայում եմ  կողքիս նստած պապիկին ու փոքր  թոռնուհուն, ով անդադար հարցեր է տալիս՝ պապիկ, ծաղիկը կանաչ է, չէ՞,  իսկ արև՞ը։ Եթե արևը կանաչ լինի, աշխահն էլ, չէ՞, կանաչ կլինի։

Մի պահ ցանկանում եմ  պարզապես շրջվել ու ասել՝ հա՛, կանաչ են։ Ամեն շնչող ու գեղեցիկ բան կանաչ է, ու ժպիտն էլ կանաչ է, դրա ցանկությունն էլ։ Ցանկացա նայել պատուհանից ու տեսնել այդ կանաչությունը  փողոցով անցնող հղի կնոջ դեմքին կամ  թևանցուկ քայլող տատի ու պապի ճերմակ մազերի մեջ։ Ցանկացա այդ կանաչությունը տեսնել այն համբույրի մեջ, որը մայրը որդուն դպրոց ճանապարհելիս է տալիս։

Մենք երբեմն այնքան մեծ ժամանակ ենք անցկացնում կանգառներում, ավտոբուսներում, խցանումների մեջ։ Եվ քայլ առ  քայլ մոտենում ենք անխուսափելի մի երևույթի,  որը կգա մեկ անգամ, անչափ անսպասելի։ Մենք այնքան ժամանակ ունենք մեր  հազարավոր կանաչ երազանքները նպատակներ դարձնելու համար։ Այնքան  ժամանակ։

Կանգառում տարեց կինը իջնում է ավտոբուսից ու հեռանում։ Երիտասարդը հեռախոսը գրպանից հանում է.

-Հա բռատ, հա, խնդիր չկա, քո համար ամեն ինչ կանեմ…

gevorgtergbr

Անաստված կինո թատրոն

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:

2018-11-03-21-08-38

Ինսպեկցիան ինչպես որ կա 

Բարև:

Այնպես ստացվեց, որ ես կարդացի Ձեր մտքերը: Ես չգիտեի, թե Ձեզ ինչն էր անհանգստացնում, բայց ես պատրաստ էի Ձեզ լսել:

Հետաքրքիր է լսել այն մարդկանց, ովքեր հարց բարձրացնել գիտեն, ովքեր համակերպվել չգիտեն: Շատերն անտարբեր են: Ատում եմ անտարբերությունը:

—Ախպեր, ինչ անում են, թող անեն, ես գործ չունեմ: Խոսելու եմ ընկնեմ կրակը:  Ինձ պե՞տք ա:

Չէ՛, քեզ պետք չի, ավելի շուտ՝ քո հեչ պետքն էլ չի: Դու ունես մի քանի քառակուսի մետր տարածք ու քո գլուխը:  Վերջ:

Ինչևէ,  Դուք հարցեր էիք բարձրացնում, և դա ինձ ուրախացրեց. միասին կբողոքենք: Դուք խորհում էիք մարդկանցից, արժեքներից, ազատության սահմանափակությունից, իսկ ես համարձակվեցի հետևել Ձեզ:

Հենց սկզբից ստիպեցիք մտածել թանկության մասին:

Ես էլ Ձեզ հետ շրջում էի քաղաքով՝ նայում քանդակներին, ու գիտե՞ք, զարմանալիորեն, ես էլ անհանգստացած էի: Դուք նայում էիք քանդակներին, ես էլ:

Մարդը միշտ էլ ազատություն է փնտրել, երազել ու յուրովի՝ հասել դրան: Փորձել է հասկանալ իրեն:

Արձաններ սարքի՛ր: Ինչի՞ համար: Քո ո՞ր պահանջմունքն ես բավարարում:

Ինչ որ հաստատ բա՞ն ես ստեղծում, ստաբիլ: Այդպես ապահո՞վ ես քեզ զգում:

Թե՞ մեղքերդ ես քավում ինչ որ մեկի հանդեպ. ինչ որ մեկի, ինչ որ բանի, ինչ որ ազգի, ինչ որ մարդկության, քո մարդկայնության:

Մշակույթ ես ստեղծում, գեղագիտական հաճույք պետք է ստանաս, որ հետո զգաս քեզ քո իսկ սարքած քաղաքակրթության ու մշակույթի ծուղակում, որ հասկանաս դրածդ պայմանականությունների, ձևականությունների շատությունից խեղդվում ես, ուզում ես ոռնալ:

Ոռնա՛ , չի փրկի: Հետո քեզ կիսագազան կզգաս ու կսկսես մեղադրել, թե տափաստանի գայլ ես, թե բավականաչափ լավը չես , այնուամենայնիվ, այս քաղքենի աշխարհի համար:

Մենք ստեղծել ենք մշակույթը, որպես մարդկային բնության ճնշման գործիք:

Թերևս երևի արձաններ սարքողներն իմ նման մարդիկ են, ովքեր փորձում են գտնել մնայուն մի բան: Փորձել են հասկանալ, թե կա այդպիսին. Գուցե հասկացե՞լ են:

Ամեն ինչ այնքան անկայուն է, իսկ կայունությունն այնքան ձանձրալի, որ լինելով անգամ ամենալավատես մարդը, հեշտությամբ կարող ես գուշակել, որ քեզ կյանքը այնքան կտարուբերի, մինչև կդառնաս սովորական ու չմտահոգվող, անտարբեր ու եսասեր, ցանկասեր, պճնամոլ կամ էլ` եսիմ: Դու չափուձևած, քաղքենի, ձևական հասարակության օրինակելի անդամ ես, ում գաղափարները քոնն են, ու որի բաղկացուցիչն ես դու:

Մենք սովոր ենք հետևել ընդհանուր միտումներին:

—Աշխարհն այդպիսին է, դրա համար ես էլ եմ այդպիսին:

Հարցեր չկան, դու արդարացված ես: Եղիր քո ուզած տականքը: Մինչդեռ ամեն ինչ մեկ հոգուց կարող է կախված լինել՝ քեզնից:

Երևի ամբողջ կռիվն այն է, որ մարդն իրենով է չափում մյուսներին՝ չափում, վերաչափում ու չի հասկանում:

Տարիներ շարունակ, հարմարվել ենք, դիմացել: Տարիներ շարունակ մեր արդարությունը նսեմացել է անարդարի մշտական շահերի կողքին:

«Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրան կտրում ա, ասեց` կոթը քեզնից ա»:

Ու այսպես մեզ կտրող կացնի առնվազն կոթը մեզնից է:  Բայց մի՞թե դա արդարացրե՞ց կացնին: Արդարացրե՛ց, ու արդարեցնողը ոչ թե դատավորն էր, այլ մեր մտածելակերպի մի հատված: Մենք սովոր ենք լռեցնել անարդարության ձայնը՝ լռեցնելով արդարինը:

-Սուս կացե՛ք, հավեսներդ չունենք: Եթե մեկը զանգակ է, մյուսը պետք է լինի բամբակ. շտապե՛ք,  «զանգակ» տեղերը սահմանափակ են:

Մեզ մանկուց սովորեցնում են լռել…

«Հոգու ծուլություն»՝ շատ դիպուկ բնորոշում էր:

Հոգով պետք է ծույլ լինես, որ չցանկանաս հասկանալ, ըմբռնել, գիտակցել: Հարգելի մարդ, դու ո՞նց ես կարողանում այդպես վիրավորել, այդպես արհամարհել:

Դու ավելի մեծ անարդարություն ես գործում, բոլոր այն անարդարություններից:

Ես չեմ քննադատում փոփոխությունների նկատմամբ Ձեր անհանդուրժողականությունը:

Ես հասկացա Ձեզ: Հարցը ոչ թե փոփոխություններն էին, այլ անհիմն փոփոխությունները, անձնական շահ հետապնդող փոփոխությունները:

Խորհրդային միության փլուզումից հետո սկսվեց սեփականացման գործընթաց, կամ «առ ու փախ»: Մարդիկ երևի կարծում էին,  որ դա Խորհրդային միությունից մնացած ավար է ու անասելի դաժանությամբ սկսեցին թալանել սեփական երկիրը:

Ես գիտեմ պատմություններ, որտեղ մարդիկ ուղղակի մասերի են սղոցել    բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, սարքավորումներ ու պարսիկներին ծախել՝ շատ ավելի էժան գնով, 1-2 օրում, առանց  ափսոսանքի, առանց երկմտանքի, առանց մեկ կաթիլ գիտակցության:

Վայրագություն անողներին հիշում են: Ամեն հարմար առիթով հիշում են:

Քաղաքս էլ  կրում է իր վրա  քարուքանդ արված գործարաններ, այլ շենքեր, հիշողություններ: Սարսափելի ափսոսում եմ, չնայած չեմ տեսել:

Ի՞նչն էր ստիպում այդ մարդկանց այդպես վարվել:

Այդպիսի սառնասրտությամբ երկիը թալանվում էր սկսած սեփականեցման գործընթացից:

Եթե սկզբնական շրջանում թալանը համատարած էր, ապա որոշ ժամանակ անց թալանչիների թիվը կրճատվեց և մնաց ստաբիլ մինչև 2018 թ-ի գարուն: Վնասը շատ մեծ է, բայց վնասի չափերն այդքան տպավորիչ չեն, ինչքան՝ մարդկային ագահության:

․..Երևի հասկանում էին, որ չէին կարող կանգ առնել, այդ իսկ պատճառով հույս ունեին, որ ուտելիքն ավելի շուտ կվերջանա:

Այս ամենը բնության օրենք չէր, այս ամենը անհաջող գործարք էր: Հասկացանք ու պայմանագիրը պատռեցինք: «Խի՞, տե՞նց  կարելի էր»:

Պայմանագիրն էր սխալ կազմած, կամ գուցե կողմերը չէին ըմբռնել իրենց իրավասության շրջանակները, ինչևէ, այլևս այդպես չպետք է լինի. Չպետք է լինի, եթե իհարկե չհայտնվեն քանդակագործներ, ովքեր սեփական շահի համար ամոթով կթողնեն իրենց արվեստը:  Խոսքը ոչ թե քանդակագործների մասին է, ովքեր սեփական շահի համար ամոթով են թողնում իրենց արվեստը, այլ՝ մարդու տեսակի, որը կոչվում է «քանդակագործ, ով սեփական շահի համար ամոթով կթողնի սեփական արվեստը»: Սովորակա՞ն մարդկային մղում է ցանկանալ դուր գալ քեզնից բարձր կանգնածին, երբ նա քեզ դուր չի գալիս, ամենևին:

Մեղքի զգացումը երևի անհարմար բան է: Պետք կլինի երկար համոզել ու խաբել այն՝ անիրավ լինելու համար… Կամ էլ չէ: Որոշ մարդկանց վարքը հիմնավոր կասկածներ է առաջացնում խղճի գոյություն չունենալու վերաբերյալ:

Արդեն շատ բան է փոխվել ու դեռ փոխվելու է, ու հույս ունեմ, որ փոխվելու են դեռ չփոխված ձևական մոտեցումները: Ձևականությունն ամենուր. վերևում, ներքևում, շուրջս, իմ մեջ. ամենուր:

Ձևականություններն այժմ փող լվալու ու խիղճ լվալու մեխանիզմներ են: Անում ենք, որ երևա արել ենք:

Ուղղակի ցիտեմ. «Հոծ գիծը դարձնում են ոչ հոծ, բայց հոծությունը մեջը մնացել է»:

Բա, բա, բա…

Բա՛…

Չնայած իրականում փոխվել է ամենակարևորը: Մի տարի առաջ ես նստած կլինեի գրելու հայաստանյան վիճակի մասին ու կգրեի ամեն մի թերություն, կբողոքեի, կսրտնեղեի, բայց այսօր՝ գրելուց մտածում եմ, թե շատ խի՞ստ չեղավ: Սա ոչ թե ինչ որ բան ծածկելու տրամադրվածություն է, այլ ինքս ինձ ու երկրիս տված հնարավորություն:

Խնդիրներ հիմա էլ կան, միշտ կլինեն։

Այս արձանները, համենայն դեպս դրանցից որոշները,  մարդիկ են եղել, ում մոռացել են կենդանության օրոք: Տարածված կարծիք կա, թե լավ մարդիկ միայն մեռելներն են: Դե հա, իրենք քեզ ոչ մրցակից են, ոչ սեփական ոչնչությունդ զգալու դրդող, ոչ էլ մշտական շահերիդ վտանգ:

Մարդը մարդուն չի մեծարի: Բայց էդ երևի ոչինչ: Մարդկությունը վաղուց ներել է իրեն այդ զանցանքը:

Մարդիկ մեռածներին չեն քննադատում, համենայնդեպս փորձում են դա չանել, բայց ի՞նչ անի այն խեղճ հերոսը, որ հերոսացավ կենդանության օրոք: Կքննադատվի, կոտնահարվի, նրան հավատ չեն ընծայի, բայց հարգելի հերոս, համբերի՛ր: Չեմ ասում համբերիր, մինչև հերոսանաս բոլորի աչքերում, այլ  գործդ շարունակիր: Արա այն, ինչ տանում է ընդ բարին:

Իրականում Հայաստանը մեծ երկիր է, ինչքան էլ նսեմանա տարբեր գործոնների ազդեցությամբ: Ինձ թվում է միայն մենք գիտենք, թե ինչ է նշանակում, երբ շունչդ կտրվում է հայրենասիրության զգացումից, ոչ այն մեկից, ինչ միայն դու ես զգում, այլ այն մեկից, որի պատճառով ոտքի են բոլորը, գոռում են, պայքարում են:

Ու այն պահին, երբ շունչդ այդպես կտրվում է, հասկանում ես, որ արժի ապրել: Ձե՞ռ ես առնում, ո՞նց թե արժի: Միայն հենց այդ պահի համար դու կապրեիր մի հավերժություն ու այդպես շնչակտուր կգոչեիր իսկությունդ. «Հայ եմ ախպեր, կայֆ ա!»:

Ուրիշ հարց է, որ մի տարի հետո կարող է և մոռանաս այդ ձգտումդ ու ինչ որ կասկածներ էլ կունենաս ու լիքը կենցաղ: Բայց դե չփչացնենք ռոմանտիկան, միևնույն է, մենք էն ազգն ենք, որ վտանգի դեպքում էնպես ոտքի կկանգնենք, որ մեր շունչն էլի կկտրվի հպարտությունից, իսկ թշնամունը՝ ուղղակի կկտրվի:

Կարծում եմ, համընդհանուր խնդիրները լուծելու համար պետք է սկսել մասնավորից: Տարօրինակ լավն ենք մենք:

Կանգ ես առնում մի վայրկյանով ու փորձում հասկանալ այդ վայրկյանը, իսկ վայրկյանն անցնում է, այն ըստ էության կարևոր էլ չի եղել. թող անցնի:

Մարդուն տրված մեծագույն օրհնանքն ու անեծքը մոռացությունն է: Մենք մոռանում ենք մեր ապրած վայրկյանների կարևորությունն ու կյանքը սարքում՝ անկարևոր, նույնիսկ մեզ համար:

Մենք անկեղծորեն ուրախանում ենք, սիրում, հպարտանում, մեծարում մի բան: Ինչ որ վայրկյանի մենք ամբողջ ուժգնությամբ զգում ենք կյանքը, նրա ընթացքը, սեր, երջանկություն կամ վախ: Այդ ամենն ամենաուժեղ փոթորկի նման ցնցում է մեզ ու … Ու վերջ:

Մենք մոռանում ենք..  Այդ ամենը մեզ հետ է կատարվել, բայց հիմա ամեն ինչ այսպես է: Դե բան էլ չկա ասելու:  Կհիշենք,  կժպտանք, հոգոց կհանենք ու կշարունակենք անել մի շատ կարևոր գործ, սարսափելի կարևոր գործ: Նորմալ չի, ախր:  Մարդ, ինչո՞ւ ես մոռանում:

Ո՞ւր են գաղափարներդ ու անկեղծ մղումներդ: Կարևո՞ր չեն:

Փայլող աչքերով նայում էիր հազարներին ու զգում, որ սիրտդ հարգանքն ու հիացմունքն է լցնում:

…Եթե հավատում էիր, հավատա մինչև վերջ:

Մենք ենք կյանքում ամեն ինչ անցողիկ սարքել: Ի սկզբանե այդպես չէր լինի:

Ես տպավորված էի Ձեր երազով:

Երբ փոքր էի, մի երազանք ունեի՝ դառնալ ռեժիսոր, սովորել նկարել երազներ այնպես, ինչպես դրանք կան:

Այդ երազանքիցս հույսեր չունեի, բայց հիմա տեսնում եմ, որ երազներ պատկերել հնարավոր է, և զգացողությունն է ճիշտ՝ մակոնդոյան:

Գուցե Մակոնդոն էլ էր մի մեծ երազ՝ գրողի մանկության մասին երազը:

Մարդիկ ու իրեր, որոնք իրենց տեղում չեն, այնպես, ինչպես այն շենքերը: Ափսոսեցի, որ Ձեր ընկերը գնաց մաթեմատիկական թեքումով:

Այնքան բան կա, որ կարող է` անչափ կարևոր է, բայց երբեք չես էլ իմանա, մինչև մի առավոտ չարթնանաս ու չհիշես լուսաբացի քաղցր երազդ: Տեսել ես հին սենյակդ, ուր արևի լույսն այդքան տարբեր էր ընկնում, օդն այդքան մաքուր էր, վաղուց մոռացված մեկին, ում պարզապես բարևում էիր միլիոն տարի առաջ, ով ուղղակի հավեսով էր բարևում, դպրոցիդ միջանցքը, որը յուրօրինակ հավաքատեղի էր քո թայֆի երեխեքի համար, ուր ինչ որ բանի եք սպասել, ուր ինչ որ գժություն եք արել, կամ խաղալիք. դու դեռ էնքան փոքր էիր, ու էդ խաղալիքը, փաստորեն, ամենասիրելին էր, ինչ որ վայրերի պատառիկներ:

Արթնանում ես ու հասկանում, որ կարոտել ես պարզը:

Հիշում ես մանկությունդ, երբ քայլում էիր այդքան ծանոթ փողոցով ու ինչ որ մտքեր մտածում: Ինքդ քո հետ, այստեղից, այնտեղից, ամեն ինչից ու ոչնչից, իսկ հետո, երբ մեծանաս, մի ինչ որ հիմար, հեռու գաղափար կգտնես գլխումդ ու չես հասկանա, թե որտեղից:

Մի՞թե այդ գաղափարը կարևոր չի: Ամենա՛կարևորն է:

Շատ թանկ, ավելի թանկ այն բոլոր հասուն ու խելացի մտքերից, կշռադատված որոշումներից, հաշվենկատությունիցդ:

Ինքս ինձ հետ խոսելու երթուղին…

Անցել է ավելի քան 150 տարի, այնքան բան է փոխվել, բայց հենց այդ փողոցն է ինձ ստիպում մտածել, ինչպես ինչ որ հաջողված ֆիլմ, ինչպես գրքերը, ինչպես այս գիրքը:

Երբեմն մենք երազում ենք մանկություն վերադառնալու մասին:  Բայց դեպի լավագույնը ձգտելու ճանապարհը պետք է տանի ոչ թե անցյալ, այլ՝ ապագա:

Դեպի անմեղություն, դեպի ոչ արարչություն, դեպի Աստված  ճանապարհը տանում է ոչ թե դեպի ետ, այլ առաջ, ոչ թե դեպի գայլը կամ մանուկը, այլ ավելի մեծ մեղք, ավելի խոր մարդկայնացում:

Մենք հասանք լավագույնին։

Երկիրը ես եմ: Մենք դա հասկացանք: Մենք հասկացանք, որ մենք ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է, մենք հասկացանք, որ ուժեղ ենք, անկոտրում, միասնական: Մենք հասկացանք, որ սիրում ենք ամեն մի քարն ու թուփը, մարդկանց՝ բոլոր մարդկանց, ամբողջ աշխարհը:  Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում ժպիտով գնալ վտանգի, մենք հասկացանք, որ հայրենիքի համար ոչինչ ափսոս չի տալ, մենք հասկացանք, որ մեկ ընտանիք ենք, այնպիսին՝ ինչպիսին աշխարհը չի տեսել: Մենք չկոտրվեցինք: Հպարտություն: Շատ Հպարտ եմ, շա՜տ: Ես հիմա ամբողջովին հպարտություն եմ, հավատ  և երջանկություն:

Հայոց աշխարհը  միայն հյուսիսային ազգերից չէ մեծագույնը, և մեզ այլևս ողբ պետք չէ:

Հ.Գ. Հույս ունեմ, որ այս երկու տառերը չեն  դարձնի ասվածը պակաս կարևոր, որովհետև դրանց հետևում կցանկանայի ասել, որ այս պատմվածքը եկավ լրացնելու իմ ֆավորիտների դեռ լիովին չկազմավորված ցանկը: Ինձ համար այս պատմվածքը երկխոսություն էր, ինչն ավելի քան տպավորիչ էր դարձնում այս ամենը (չգիտեմ ինչպես անվանել): Ես կարդում էի, ոգևորվում կարդացածովս ու փորձում հասկանալ, թե ինչ եմ մտածում: Ոգևորվում էի հասկացածովս ու ոգևորությամբս, ավելի ճիշտ՝ ոգեշնչվածությամբս:

Փակագծեր կային, որոնք բացել էր պետք, իսկ բացելով փակագծերը, բացվում էին սեփական երևակայությանդ դռները:

Հարազատ էր նաև գրելաոճը:

Ոճը՝ ամենաժողովրդական գրողի ու  փիլիսոփայական մտածողության մեջտեղում:

Ոչ թե ոսկե միջինը, այլ ինչ որ ծայրահեղականություն, որը ավելի քան պարզ է, բայց խոսում է բարդություններից:

Դուրեկան էին կտրված մտքերը, մտքերի պատառիկները, զգացողությունները, որոնք տանում էին դեպի բուն ասելիքը: Իսկ դու ի սկզբանե չգիտեիր, թե ուր ես գնում:

Քննադատության ոչ մի խոսք չեմ կարող ասել, որովհետև այդպիսիք չկան:

Ուստի շնորհակալություն: Շնորհակալ եմ նման պատմվածքի համար, նման հնարավորության համար:

Հույս ունեմ, որ գիրքը մեծ հաջողություններ կունենա ու երկրպագուների մեծ բանակ կհավաքի, և այս նախաձեռնությունը կդառնա հաջողությանն ընդառաջ դրված քայլերից մեկը:

mariam tonoyan

Իսկ մենք ի՞նչ կարող ենք

Մի մարդու գլուխը սաստիկ քոր է գալիս, գանգատվում է ընկերոջը.

-Էնպե՜ս է գլուխս քոր գալիս, կարծես գլխիս կաշին պոկ գա։

Ընկերը նայում է նրա գլուխը ու ասում.

-Գլխիդ ոջիլ կա։

-Գիտեմ,-անտարբերությամբ ձեռքը թափ տալով՝ ասում է մարդը։

Նրանց հաջորդ հանդիպման ժամանակ ընկերը հարցնում է.

-Առողջությունդ ո՞նց է։

-Լավ է, համա թե` գլխիս քորը չի անցնում,  քանի գնում ավելի ուժեղ է քոր գալիս։

Ընկերը որոշում է հիշեցնել.

-Գլխիդ ոջիլ կա։

-Գիտեմ,- դարձյալ անտարբեր ձեռքը թափ է տալիս մարդը։

Երբ հաջորդ հանդիպման ժամանակ մարդը կրկին բողոքում է գլխի քորից, ընկերը ծաղրով պատասխանում է.

-Մինչև գլխիդ ոջիլը չհեռացնես, քորը չի անցնի։

-Է՜, դե գիտեմ,- անմտաբար պատասխանում է մարդը։

Առակն ի՞նչ կցուցանե։ Յուրաքանչյուրիս մեջ ապրում են միլիոնավոր ոջիլներ տարբեր անուններով՝ «խարդախություն», «կեղծիք», «չարաշահում» և այլն։ Եվ երբ մենք գիտենք այդ ոջիլների մասին և չենք մտածում վերացնել դրանք, նշանակում է` նրանք շարունակելու են զարգանալ մեր մեջ, հոշոտել մեր խիղճը՝ զգալով մեր վերահսկողության պակասը կամ բացակայությունը։

Խոսքս ավելի հասկանալի դարձնելու համար ուզում եմ օրինակս ուղղել կոնկրետ ոլորտի վրա։ Յուրաքանչյուր համայնքում կգտնվեն մարդիկ, ովքեր կդժգոհեն համայնքի վիճակից, խնդիրներից, համայնքապետարանի աշխատանքից, գործազրկությունից, նրանցից շատերը հաստատաբար կասեն, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ համայնքի բյուջեն տնօրինողների մեջ է, մի մասը կպնդի, որ պետք է վերահսկել համայնքապետարանի աշխատանքը և արձանագրել թերություններն ու օրինախախտումները, բայց նրանցից քանի՞ տոկոսը կմտածի, որ այդ խնդիրները պետք է անհապաղ ոչնչացնել այն ոջիլների նման, որոնք անհարմարություն են պատճառում մարդուն։

Իրականում խնդիրներ տեսնելը հեշտ է, բայց երբ մտածում ես թերությունն ուղղելու մասին, չգիտես ինչու, դու քեզ այդ գործի մեջ փոքր մարդ ես զգում ու հետ ես կանգնում գաղափարիցդ։

Հայաստանում տարբեր կազմակերպություններ, այդ թվում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, իր գործունեության մեջ կարևորում են երիտասարդների շրջանում հղկելու պահանջատիրության գաղափարը, կոփելու այնպիսի հասարակություն, որն ունակ կլինի տնօրինել իր իսկ միջոցներով ձևավորված համայնքային բյուջեն։ Արդեն կես տարի Հայաստանի բոլոր մարզերի քաղլրագրողները վերահսկում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ուշադրություն դարձնում թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, ներկա գտնվում ավագանու նիստերին, հանրային լսումներին և այդ ամենի մասին գրված հոդվածների միջոցով իրազեկում հանրությանը։ Ծրագրի ավարտին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի քաղլրագրողները այցելեցին Գյումրու քաղաքապետարան, ծանոթացան Գյումրու ավագանու գործունեությանը և զեկույցներ ներկայացրեցին իրենց համայնքների ՏԻՄ գործունեության վերահսկողության արդյունքներից։ Ներկայացվեցին ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային թերությունների, այլև դրական աճերի մասին։

Հայաստանում Սահմանադրության ընդունումից հետո հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվել է նաև տեղական ինքնակառավարման համակարգը։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքի ղեկավարը, ավագանին, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով։ Մեր երկրում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը:

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ

1. Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ավագանու նիստերին։ Ավագանու նիստերը բաց են (քվեարկության միջոցով կարող են նաև փակ նիստ գումարել), և բոլոր որոշումները հրապարակվում են։

2. Ավագանու հերթական նիստերից առաջ՝ 7 օր շարունակ համայնքապետարանը պարտավոր է իրազեկել հանրությանը համացանցում, համայնքի պաշտոնական կայքում հայտարարության, ցուցանակների, ավագանու նստավայրում փակցված ծանուցման միջոցով։

3. Ավագանու լիազորությունների մեջ մտնում է հանրային մասնակցության կարգեր հաստատելը, այսինքն՝ համայնքապետին կից խորհրդակցական մարմնի ստեղծում, հանրային լսումների անցկացման կարգի հաստատում և քաղաքացիների ստորագրությամբ ավագանու որոշումների նախագծերի ներմուծում՝ ավագանու օրակարգ (մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքներում 16-ից բարձր տարիքի անձանց 4%-ի, 1001-10000 բնակչությամբ համայնքներում 2%-ի, իսկ 10001-ից ավելի բնակչությամբ համայնքներում 1%-ի ստորագրություններով):

Սա նշանակում է, որ բնակիչն իրավունք ունի իրեն հուզող հարցերով դիմել քաղաքապետին և առաջարկել ներմուծել ավագանու նիստի օրակարգ, մերժում ստանալու դեպքում, եթե խնդիրը հուզում է ոչ միայն իրեն, այլև ուրիշ բնակիչների, կարելի է ստորագրահավաքի միջոցով հարցը մտցնել օրակարգ։

Գուցե ընթերցողը չի՞ գիտակցում վերահսկողության ու պահանջատիրության կարևորությունը։ Այդ դեպքում ես հիշեցնում եմ, որ համայնքի բյուջեն ձևավորվում է ձեր գրպանի գումարներով և ավելացնում. «Եթե թույլ ես տալիս, որ թամբ դնեն մեջքիդ, համոզված եղիր, որ շուտով հեծնելու են»։

anush davtyan

Ամենաուժեղ դետեկտիվ կինոն

Տա-դամ․․․ տա-դամ․․․ տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դաաաամ․․․ տա-դա-դա-դա-դամ․․․

Եթե երգելով չկարդացիր վերևի տողը, ուրեմն հե՛տ դարձիր ու նորի՛ց սկսիր։ Մենք տեղափոխվում ենք մութ ու առեղծվածային աշխարհ, ուր ես ԽՍՀՄ գաղտնի գործակալ եմ, իսկ դու երևի դեռ չես էլ ծնվել։ Հետ ենք գնում տարիներով, գնում ենք այնտեղ, ուր ամենաուժեղ դետեկտիվ ֆիլմերն էին «live» տեղի ունենում։ Գնում ենք իմ երիտասարդություն։

Ես Սառով գյուղում եմ՝ Ռուսաստանում։ Գրում եմ 1947 թվականից։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Հուսամ՝ լավ։ Իսկ ե՞ս, ես հեռու եմ հայրենիքիցս, դեռ շատ կլսես, որ կարոտում եմ։ Նախնիներս Ղարաբաղից են, բայց ես հոգով նորբայազետցի եմ։ Որ ասեմ` Քյավառ, երևի ավելի լավ հասկանաս։ 1930-ին եկա Մոսկվա, ստիպված էի։ Ու էնպես ստացվեց, որ մնացի էստեղ։ Բայց ասում եմ, շատ եմ կարոտում Հայաստանը, Նոր Բայազետը։ Հիմա չէ, բայց մի օր պատվով հետ եմ գալու, շքանշաններովս գլուխ գովեմ։ Դե, սկզբից պատմեմ, որ բան հասկանաս։

Եկա Մոսկվա, սովորում էի Էներգետիկ ինստիտուտում, հետո անցա գործի մի տեղում, որն անուն չուներ․ համար 24 էինք ասում այդ գործարանին։ Մեր թողարկած արտադրանքից միայն ներսի մարդիկ էին տեղյակ։ Էստեղից էլ սկսվեց ամեն ինչը։

Դե, ասում եմ՝ հիմա 47 թիվն է, անտառի մեջտեղում՝ ԿԲ-11 գաղտնի օբյեկտում, ես սկսում եմ աշխատել բոլորից գաղտնի մնացած միջուկային կենտրոնի վրա։ Այստեղ եմ լինելու դեռ մոտ կես դար ու պատրաստվում եմ «միջուկային» փոքրիկ քաղաք ստեղծել։ Կես դարը քիչ չի թվում, չէ՞։ Կհասցնեմ հաստատ կատարելության հասցնել այն։ Լավ, մի քանի տարի առաջ գնանք, արի՛ 1959 գանք, երբ իմ գլխավորությամբ ստեղծվում է Կոնստրուկտիվ Բյուրոն։ Իմ շնորհիվ ԽՍՀՄ միջուկային զինանոցը թափ է առնում և մրցակից դառնում ԱՄՆ-ին։ Վատ չէ, հա՞։ Ո՞նց եք ասում հիմա։ Հա՜, զիլ է։ Այնքան, որ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս եմ դարձել, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ Ամենակարևորը՝ Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի։ Որ իմ ժամանակներից դուրս գանք, կարող ես Գավառ գնալ, կիսանդրիս կանգնած է հրապարակում, տարիների փոշին էլ վրան։ Մի քիչ փայլս կորցրել եմ, բայց ի՞նչ կապ ունի։ Արձա՞նն է, որ հերոսին պետք է գեղեցկացնի։

Վերջին պահն իրար հետ կարող ենք 1993-ում անցկացնել, հետո էլ չեմ գա հետդ, կներես։ Բայց կարծեմ գիրք է լույս տեսնելու իմ մասին, հոդվածներ էլ կգրեն շուտով, էդտեղ կհանդիպենք պարբերաբար։ Թող հիմա դեռ գաղտնի մնա բոլորի համար, թե ինչի համար եմ այսքան շքանշան ստացել, թող քեզ համար հիմա արդեն վայրի թվա այն, որ միջուկային զենքի պես բանը ԽՍՀՄ հպարտությունն էր ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Կյանքիս գործն էր դա։ Ե՞ս էի ընտրել։ Երևի հա, բայց ավելի շատ այս ուղին էր ինձ ընտրել։

Լավ դե, դու գնա առա՛ջ, ես 93-ում կմնամ։

Ես տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցն էի, 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը։ Էլ գաղտնի չեմ քեզ համար․․․

Anush abrahamyan

Սարի ճամփան

Մեր գյուղից հեռու՝ այնտեղ, որտեղ Գեղհովիտի կանաչ, բարձր սարերը երևում են, մի ճանապարհ կա: Մի քարոտ ու անհարթ ճանապարհ: Հազար անգամ տատիս հետ անցել ենք այդ ճանապարհով, հազար անգամ տատս «Հեյ, ջան հայրենիքն» ու «Ասպետի սերն» է ասել, ու հազար անգամ ես հիացել եմ, հպարտացել նրանով, որ տարիները իր հոգուն մոռացություն չբերին:

Հազար խոսք ու ծիծաղ ենք մաշել այդ ճանապարհին, հազար լուսաբաց դիմավորել ու հազար եղանակ:

Ու հազար անգամ ճանապարհը այդ ինձ բարդ ու երկար է թվացել, ու հազար անգամ աշխարհն ավելի կանաչ է թվացել, սիրուն, սարի կանաչին փռված կակաչի պես վայրի է թվացել, սարի քամու պես ազատ:

Սարի այդ երկար ճանապարհը հողի ու մարդու պայքար է թվացել՝ բերքի առատության պայքար:

Հազար անգամ տատիս հետ բեռնատարով անցել ենք այդ ճանապարհով՝ գարի տարել, ցորեն բերել, ու ամեն անգամ դրա հետ տատս աշխարհին կամք ու հոգի է բերել: Հացը վաստակելու բարեխիղճ ուղի է բերել:

Իմ աչքերում սարի այս ճամփան քարքարոտ է դեռ և վայրի, երկար, իմ ականջներում՝ «Հեյ, ջան հայրենիք», ու իմ հոգու մեջ այն խոսքերն են դեռ․

-Տատիկ, կարո՞ղ եմ սարը բարձրանալ…

zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ․․․

Քաղաքում, որտեղ
Մենք սիրում էինք ամեն ինչ հարգել
Սիրելու փոխարեն,
Ծաղիկներ չծաղկեցին,
Արևը մեզ սարքեց խանձահոտ,
Բայց չջերմացրեց,
Ու չջերմացան ոչ էլ էս քաղաքի պատերը մեր երգերից
Ու բեմից, որտեղ մենք բանաստեղծում ու փառաբանության տողեր էինք կարդում՝
Ամենքս մեր կուլ տված պաթոսը հետ տալով:

Էս քաղաքում, որտեղ մենք սիրում էինք հարգելը,
Հարգանքից շատ բան չծնվեց,
Մանավանդ՝ երեխաներ,
Ու ոչ էլ կարեկցանք ու հոգածություն,
Սիրահարվել էր պետք էս քաղաքին,
Քայլերի հետևից գնալ ու ճանաչել,
Արևի՝ մի կտուրից մյուսի վրա սահելը
Ու բակի երեխաների գլխին վայր ընկնելը նկատել,
Սիրահարվել էր պետք էս քաղաքին մի կարգին,
Որ ուզեիր՝ քոնը դառնա:

Էս քաղաքում մենք «հարգեցինք» սիրելու փոխարեն,
Ու գինին մեր ձեռքը կրակն ընկավ,
Ու կենացները սկսեցին կրկնվել ամենուր՝
Ամեն անգամ ավելի էժան ու հոգնած զգալով:
Մայրերի, կանանց, հողի ու նույնիսկ պահի կենացը մի բաժակով հարգեցինք
Ու դրեցինք ապակու տակ, պատից կախված, պատկերասրահում
Թանկ նմուշի պես
Տակն էլ գրեցինք. «Ձեռք չտալ»
Մինչև հաջորդ խմելը:

Էս քաղաքը, որին մենք նախընտրեցինք «հարգել»
Բեմերում, կենացներում ու թանգարանում,
Սերը մնաց նկուղներում՝
Ճամպրուկների մեջ,
Ու աղբը մնաց մայթեզրին թափված,
Գետնանցումները չդադարեցին միզահոտ լինել
Ու ընկած քարերը հին տեղը չվերադարձան
Պատկերասրահի կենացները սկսեցին ընկնել ու փշուր-փշուր լինել,
Քանի սեղանի շուրջ մենք կարծում էինք
Թե «հարգել» հենց միայն բառ էր:

Քաղաքում, որտեղ մենք հարգում էին սիրելու փոխարեն,
Գոնե մի թափառական կատվի չափ չզգացինք քաղաքի՝ մերը լինելը,
Եվ ահա, հարգանքից ջերմություն չծնվեց։

mariam tonoyan

Ես սովորեցի տեսնել

Աշխարհն անսահման է, անծիր, անսկիզբ ու անվերջ, կանխատեսելի ու առեղծվածային… Մարդը, ով աշխարհ է գալիս այն բացահայտելու համար, հաճախ ձեռնունայն էլ վերադառնում է, երբեմն կարողանում է բացահայտումներ անել, իսկ հազվադեպ՝ նրա մի մասնիկն է դառնում։ Մարդը հասկանում է, որ արժե մտածել իր գոյության, կյանքի, աշխարհի, լավի ու վատի, ճշտի ու սխալի մասին, երբ բախվում է մի անլուծելի, անհասկանալի, տանջող խնդրի, որի լուծումն անորոշության մեջ է։ Այդժամ ինքն էլ սկսում է կասկածել թվացյալ դոգմաներին ու աքսիոմներին, կասկածում է տիեզերքի անծայրածիր լինելուն, հարաբերականության տեսությանը, բոլոր ճշգրիտ գիտություններին, հստակ բանաձևերին, չգրված օրենքներին ու կանոններին, բոլոր ընդունված կարծիքներին, անգամ 2+2=4-ի ճշմարտացիությանը։ Իսկ երբ կասկածում ես,  նշանակում է՝ մոտենում ես ճշմարտությանը, այն մեծ իմաստությանը, որը քո ներսում է թաքնված, իսկ քո առաքելությունն է` ողջ կյանքիդ ընթացքում բացահայտել այն։

…Աշնանը Ղրիմի «Արտեկ» ճամբարում էի: Ես նրա հետ այնտեղ ծանոթացա: Մեր առաջին հանդիպման ժամանակ նա անխոս իր ափերի մեջ առավ երկու ձեռքս ու սկսեց շոշափել, հասկանալ ձեռքերիս կառուցվածքը, զգալ ջերմությունն ու ամենայն  նրբանկատությամբ՝ մատնահետքերս մտովի գծագրել։ Ես անշարժ կանգնել էի նրա առջև ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Նրա տարօրինակ ու անսովոր այդ շարժումն ինձ շփոթության մեջ էր գցել։ Մատներս առանձին-առանձին ուսումնասիրելուց հետո բաց թողեց ձեռքս և վերջապես խոսեց.

-Ուրախ եմ ճանաչել քեզ, Մարիամ։ Անունս Անաստասիա է։

Նրա ձայնը ցածր էր, բայց հնչեղ ու լսելի։ Այդպիսի ձայն ունենում են ուժեղ բնավորությամբ, համառ ու ազդեցիկ մարդիկ, լավագույն հռետորները։

-Ես չեմ տեսնում,- անսպասելի շարունակեց նա՝ մեղմ ու անկաշկանդ ժպիտով,- երբեք չեմ տեսել։ Մարդկանց ձեռքերն ինձ շատ բան են ասում նրանց մասին, իսկ ձայնի միջոցով նրանց արտաքինն եմ պատկերացնում։

Ես ցանկացա խոսել, ասել ինչ-որ բան՝ պարզապես ասելու համար, որ չլռեմ այդ խոսքերից հետո,  բայց բառեր չգտնելով, ուղղակի բռնեցի նրա ձեռքը։ Ժպտաց։ «Ուժեղ մարդ է»,- մտածեցի ես։

Նրան հասկանալը դժվար չէր, նա չուներ կոմպլեքսներ, ինչպես ես։ Կյանքի մասին նրա պատկերացումներն ավելի հարուստ ու լավատեսական էին, ապրելակերպն՝ ավելի ակտիվ ու բազմաբնույթ։ Անաստասիայի հետ իմ ծանոթությունն ստիպեց ինձ մտածել ոչ թե իրերի կառուցվածքի, այլ էության ու բնույթի մասին։ Աշխարհի կառուցվածքը գուցեև բոլորի համար նույնն է, բայց նրա բնույթն ու ընկալումը միշտ տարբեր է։ Ես հասկացա, որ նրանից շատ բան եմ սովորելու…

Հաջորդ մեր շփումների ժամանակ նա էլ չէր շոշափում ձեռքերս։ Բավական էր կողքին կանգնել, և նա շնչառությունիցդ իսկույն կնկատեր՝ ով է իր կողքին։ Բավական էր դիպչել ձեռքին և հպումդ կմատներ քո ով լինելը։ Բավական էր մի բառ ասել, և նա իսկույն կտար քո անունը։

Նա սիրում էր անվերջանալի հարցեր տալ (երևի այդպիսով լրացնում էր այն ինֆորմացիայի պակասը, որը մարդը տեսնելով է ստանում): Մի անգամ Անաստասիան հարցրեց.

-Դու աղմու՞կն ես նախընտրում, թե՞ լռությունը։

-Լռությունը,-պատասխանեցի ես ու նույն հարցը նրան ուղղեցի։

-Ես աղմուկ եմ սիրում։ Ուզում եմ անվերջ զգալ մարդկանց ներկայությունը, խոսել նրանց հետ, կապվել նրանց…

Կյանքը հոսում էր նրա երակներում, նրա ժպիտից արև էր ծորում։ Նա խմբի հետ և՛ պարում էր անթերի, և՛ մեծ ձեռքբերումներ ուներ թատրոնում (ընկերները պատմում էին, որ մի քանի փորձը բավական է, որ Անաստասիան ճիշտ ժամանակին բեմ դուրս գա և խաղա պրոֆեսիոնալի նման՝ զգացնել չտալով իր տեսողական խնդիրը), իսկ երգեր սովորում էր մեկ անգամ լսելով և երգում սոխակի պես մաքուր ու հնչեղ։ Կարողանում էր ինքնուրույն կարդալ ու գրել բրալյան այբուբենով, հետևաբար՝ զբաղվում էր նաև լրագրությամբ, միայն թե ինչ-որ տեղ գնալու համար, նրան ուղեկցորդ էր հարկավոր։ Այդ հարցում ես միշտ պատրաստ էի, որովհետև գնալով հասկանում էի, որ կյանքը նա տեսնում է այնպես,  ինչպես պետք է որ այն լիներ և ոչ թե այնպես, ինչպես այն կար։ Անաստասիան ինձ սովորեցրեց տեսնել։ Ես տեսա արևը, տեսա ծովը, տեսա բնությունն իր հրաշալիքներով, որոնք քանի որ միշտ մնայուն ու մեր աչքի առաջ են, մենք երբեք չենք տեսնում։ Այո՛, նայում ենք, բայց չե՜նք տեսնում, չե՜նք նկատում։ Նա դարձավ իմ անլուծելի հանելուկը, մտածմունքներիս առարկան, որը պետք է ինձ ինչ-որ կարևոր բացահայտման հանգեցներ։ Ես բացահայտեցի, որ տիեզերքի մասին բոլոր կանխատեսումները, պատմության բոլոր Էյնշտեյններն ու մաթեմատիկոսները, բոլոր օրենքները ստել են մեզ։ Դրանք հղկել, փոփոխել, շրջել են մեր աշխարհը։ Որովհետև աշխարհն այն չէ, ինչն ապացուցված ու կանոնակարգված է, այն չէ, ինչը մենք չափում ենք հազարավոր կիլոմետրերով կամ լուսատարիներով, աշխարհն այլ վայրում է՝ մեր ներսում, որը տեսնում է Անաստասիան, բայց չենք տեսնի մենք, որովհետև մենք տեսնում ենք աչքերով, իսկ նա՝ սրտով։

«Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմը

 Հարցազրույց «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի հեղինակ- ռեժիսոր Գոռ Ղազարյանի հետ

-Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմը։ 

-Տիգրան Մեծի և Հալեյի գիսաստղի միջև եղած կապի մասին առաջին անգամ տեղեկացա պատմաբան Արտակ Մովսիսյանի հեղինակային «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» փաստագրական ֆիլմից, որտեղ հեղինակը հակիրճ անդրադարձել էր այդ իրադարձությանը։

Զինվորական ծառայությանս վերջին շրջանում, երբ պատրաստվում էի «Հանուն Հայրենիքի» ամսաթերթում գրել հերթական գիտական հոդվածը, որոշեցի անդրադառնալ Տիգրան Մեծի գիսաստղին, քանի որ մեր կարծիքով, այն շատ ուշագրավ իրողություն է, որը արժանի է հասու լինել նախևառաջ հայ ազգի, ապա նաև օտարազգի ուսումնասիրողների լայն շրջանակներին։ Հարցրի պարոն Մովսիսյանից, ով որոշակի տեղեկություններից հետո ինձ ուղարկեց այս հարցը լուսաբանող մասնագետների՝ դրամագետ- պատմաբան Ռուբեն Վարդանյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հոդվածը, որը համացանցում տեղադրված էր միայն անգլերենով։

Ուսումնասիրելով վեջիններիս հոդվածը գիսաստղերի մասին, տիեզերագիտական նյութերը, ինչպես նաև Տիգրան Մեծի ռազմաքաղաքական հաջողությունները՝ պատրաստեցի հոդված, որը «Հանուն Հայրենիքի» ամսաթերթում տպվեց «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» վերնագրով։ Պետք է ասեմ, որ հենց հոդվածի աննախադեպ տարածումը նպաստեց այն ֆիլմ դարձնելու գաղափարի առաջացմանը։

-Ինչո՞վ է տարբերվում ձեր հոդվածը կամ ֆիլմը վերոնշյալ անդրադարձներից։

-Ռ. Վարդանյանը և Վ.Գուրզադյանը փաստել են՝ Տիգրանի դրամների վրա իսկապես Հալեյի գիսաստղն է, իսկ Ա.Մովսիսյանը իր ֆիմում իրազեկել է այդ մասին։ Մեր ֆիլմում մենք փորձել ենք տալ այդ իրողության գիտական բացատրությունը, մասնավորապես Տիգրան Մեծի հաջողությունների և գիսաստղի հայտնվելու կապի մասին։ Բացի այն, որ Հայոց երկնակամարում գիսաստղի հայտնվելը ընկալվել է Տիգրան Մեծի հաջողությունների երկնային նախանշան, ունի նաև իր գիտական հիմքերը։

-Ֆիլմը ինչպե՞ս ընդունվեց հանրության կողմից, և ինչպիսի արձագանքներ եղան։

-Ֆիլմը հիմնականում դրական ընդունվեց։ Չնայած Տիգրանի գիսաստղի մասին իրողությունը վերոնշյալ ուսումնասիրողների կողմից հաստատվել է 2005թ.-ին, սակայն հայոց մեջ առավելապես տարածվեց մեր հեղինակային ֆիլմի միջոցով, դրա մասին են վկայում նաև համացանցում բազմաքանակ դիտումները։ Ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց տեղեկացա, որ մի շարք դպրոցի տնօրեններ, նաև մասնագետ -ուսուցիչներ դպրոցներում կազմակերպել են ֆիլմի ցուցադրություններ։ Տիգրան Մեծի գիսաստղին անրադարձել է նաև գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը իր «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» գրքում։ Այս ամենը միաբերան վկայում են այն մասին, որ այս փաստը առաջիկայում մեծ ճանաչում կվայելի՝ մտնելով տարբեր ոլորտներ՝ գեղարվեստական գրականություն, պատմագրություն, կերպարվեստ և այլն։

Այստեղ պետք է խոսեմ նաև քննադատությունների մասին: Ոմանք առարկեցին՝ Վերջինյան աստղն է Տիգրանի դրամներին, բացատրեցինք, որ Վերջինյան աստղը իրապես պատկերված է Տիգրանի դրամների վրա, բայց այստեղ խոսքը ոչ թե առավել տարածված դրամների մասին է, որտեղ Տիգրանը պատկերված է «ավանդական» թագով, այլ դրամների համեմատաբար քիչ քանակության մասին, որոնք տարբերվում են իրենց պատկերագրությամբ։ Տիգրանի թագին ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղ է գտել գիսավոր աստղը։ Որոշներն էլ պնդում էին, իբր թե այն դրամահատարանի թույլ տված սխալ է՝ մոռանալով իհարկե, թե ինչպես կարող էին տարբեր դրամահատարաններ, տարբեր ժամանակաշրջաններում միևնույն սխալը թույլ տալ, և որ ամենակարևորն է, ինչպես կարող էին այդ «թերի» դրամները շրջանառվել փառահեղ արքայի կառավարման ժամանակաշրջանում։

-Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք այդ ընթացքում։

-Բոլոր դժվարությունները հեշտ հաղթահարելի են, եթե շրջապատված ես հայրենասեր մարդկանցով, որոնց մեջ պետք է նշեմ Մերի Ստեփանյանին, ով առաջարկեց և անշահախնդրորեն կատարեց ֆիլմի սցենարի ռուսերեն և անգլերեն թարգմանությունները։ Ֆիլմի տարբեր լեզուներով թարգմանությունը միտում ունի օտարների շրջանում մեծացնել հայագիտական նյութերի հանրամատչելիությունը, ինչպես նաև լրացնել այն կռվանների շարքը ընդդեմ պատմության կեղծարարների, առավելապես Ադրբեջանի։

-Արդյո՞ք սա Ձեր առաջին աշխատանքն է այս ոլորտում, եթե ոչ, ապա հակիրճ պատմեք մյուսների մասին։

-Հայագիտական ֆիլմեր սկսել եմ պատրաստել տասնվեց տարեկանից։ Առաջին աշխատանքս «Ես մարդասպան չեմ» փաստագեղարվեստական ֆիլմն էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հիմքում ուներ հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ձեռամբ եղեռնագործ Թալեաթի սպանության դրվագը։ Այդ ֆիլմը ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից ճանաչվեց ուսումնաօժանդակ նյութ։ Նկարահանել ենք նաև «Այլոց աչքերով» կարճամետրաժ գեղարվեստական համր ֆիլմը, ինչպես նաև «Սովորենք պատմությունից» հաղորդաշարը, որտեղ անդրադարձել ենք հայոց պատմագրության մեջ ըստ արժանավույն չգնահատված նշանավոր գործիչների։

-Ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, որոշ ֆիլմերում նաև օպերատոր։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ։

-Ֆիլմերը պատմագիտական են: Իմ մասնագիտությանը համապատասխանում է միայն ֆիլմի հեղինակ լինելը։ Մնացածը յուրացրել եմ ինքնուս։ Իրականում բոլորն էլ հոգեհարազատ են։ Պատմության հանդեպ սերը և վերջինիս չափազանց կարևոր նշանակության գիտակցումը իմ մեջ իհայտ է եկել դեռ մանկությունից: Երբեք պատմությանը չեմ վերաբերվել իբրև մասնագիտություն։ Պատմության կարևորությունը ընդգծեմ Նժդեհի խոսքերով. «Սիրով և երկյուղած մոտեցիր ազգային պատմությանը, և մի՛ մոռացիր, որ ցեղի հոգին ճանաչելու համար բավական չէ միայն ուսումնասիրել նրա պատմությունը, պետք է վերապրել այն»։ Ռեժիսորի համար ասեմ, որ փոքր հասակից սիրել եմ կինոաշխարհը և միշտ մտածել եմ` ինչու մենք ֆիլմերով այնպես գեղեցիկ չենք ներկայացնում մեր պատմության փառահեղ և էպիկական էջերը։

Ստեղծագործելիս միշտ փորձում եմ պահել շատ կարևոր պատվիրաններից մեկը. «Մի՛ ավելացրու աշխահի աղբը»։ Այսինքն, քո ստեղծագործության չգոյությունը ավելի օգտակար չպիտի լինի բնությանը, քան գոյությունը։ Այստեղ պետք է նշել, որ ֆիլմերը երբևէ չեն ունեցել որևէ հովանավոր և ստեղծվել են առանց զգալի նյութական միջոցների՝ հեղինակի նախաձեռնությամբ։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ֆիլմերում մի շարք գործառույթներ վերցրել ենք մեզ վրա։ Ինձ է պատկանում նաև ֆիլմերի համակարգչային մոնտաժը, որոշակի անիմացիաներ և գրաֆիկական աշխատանքներ։ Այս ամենը բնականաբար պրոֆեսիոնալ անձնակազմ չունենալու պատճառով է։ Օրինակ, «Ես մարդասպան չեմ» ֆիլմում տեքստը կարդում էի ես, իսկ «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմում ցանկություն հայտնեց Մարիամ Գևորգյանը։

-Ի՞նչ նշանակություն ունեն այս և նմանատիպ այլ ֆիլմերը։

-Տարիներ առաջ, երբ դեռ նոր էի սովորել օգտվել համացանցից, դեռ չգիտեի հայոց պատմության թեմաներով ինչ ֆիլմեր ունենք, և որոշեցի փնտրել։ Սկսեցի ինձ համար ավելի նախընտրելի թեմաներից` Պապ թագավոր, Արտաշես 1-ին։ Ոչինչ չգտա։ Մտածեցի՝ որոնեմ Տիգրան Մեծի մասին տեղեկություններ, ի վերջո մեր ամենաճանաչված արքան է, իր մասին մի բան գոնե պետք է լինի: Ցավոք գտա միայն Արտակ Մովսիսյանի փաստագրական ֆիլմը։ Այդ պահից նպատակադրվեցի հայոց պատմության թեմաներով ֆիլմեր պատրաստել, սկզբում վավերագրական, իսկ հետագայում, նյութական միջոցներ ունենալու դեպքում, նաև գեղարվեստական։ Բարեբախտաբար մենք հայոց պատմության մեջ ունենք այնպիսի առասպելական իրադարձություններ, որոնց մասին կարելի է հոլիվուդյան մակարդակի ֆիլմեր նկարահանել:

-Կա՞ն կինոաշխարհում այնպիսի ռեժիսորներ, որոնց կցանկանք նմանվել։

-Ինձ համար համաշխարհային կինեմատոգրաֆիայի գագաթը Սերգեյ Փարջանովն է, իսկ նրա ֆիլմերից «Նռան գույնը», որն ինձ համար դեռ շաունակում է մնալ առեղծվածային, և ես շարունակում եմ այն բացահայտել։ Նմանվել ինչ-որ մեկին, երբևէ չեմ ցանկանա, բայց նաև չպետք է թաքցնեմ, որ իմ ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Հենրիկ Մալյանը, Մոկո Հակոբյանը, Ներսես Հովհաննիսյանը և այլք:

-Ի՞նչ ծրագրեր կան կապված 2019 թվականի հետ։

-2019թ.-ին շարունակելու ենք «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը» ֆիլմի թարգմանությունները այլ լեզուներով (ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն), ինչպես նաև նախապատրաստվում ենք նկարահանել վավերագրական ֆիլմ Գառնիի ճակատամարտի առեղծվածի մասին և խոհափիլիսոփայական ֆիլմ «Խենթի» մասին։ Ծրագրերը հիմնականում կախված են նյութական միջոցներից, իսկ մենք նպատակ ունենք նկարահանել հայոց պատմության թեմաներով գեղարվեստական ֆիլմեր։

Nelli Bragina

Նրանք մենք ենք…

 «Ներառական կրթություն» բառակապակցությունը լսելիս մեզ թվում է, թե դա ինչ-որ հեռու, մեզ հետ չառնչվող հասկացություն է: Սովոր ենք խղճալ, այսպես կոչված, հաշմանդամներին, նրանց հետ շփվելիս ասես շնորհ ենք անում, մարդուն ընկալում ոչ թե ըստ անհատականության, անվան, այլ… Ըստ ախտորոշման:

Երբ է գալու այն գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ներառվելու պահանջ ու կարիք, ամեն մեկս էլ այդ ոլորտի սուբյեկտ է: Ամենքս էլ ունենք որևէ ֆիզիկական, հուզահոգեբանական սահմանափակում: Ասենք՝ մեկը նկարել չգիտի, մյուսը՝ լողալ, նիհար կամ գեր ենք, կարճլիկ կամ բոյով, մեկը սենտիմենտալ է, մյուսը՝ ինքնամփոփ: Ունենք տարբեր ունակություններ ու հոգեկերտվածքային առանձնահատկություններ: Ինտեգրվելու և հասարակություն կոչվող շրջանում ներառվելու կարիք ունենք բոլորս: Եվ ո՞վ է կավիճն առած գծել այդ շրջանը, որի ներսում գտնվողները «արտոնյալ» են, իրավատեր ու լիարժեք: Ո՞վ է որոշել չափանիշներ ու սահմանել կանոններ: Այս ամենն ինձ հիշեցրեց մանկական մի խաղ: Երեխաները թիմի կազմ որոշելու համար ձայնում են «ջա՛ն, ջա՛ն, շրջա՜ն», ցատկում ու հայտնվում շրջանի ներսում: Թիմում նույնիսկ չեն ընդգրկվում նրանք, ում ոտքի կեսը շրջանի եզրին է՝ եզրագծին… Նույնպիսի մի խաղ չե՞նք խաղում մենք՝ մեծահասակներս, խաղ՝ կյանք անունով, որից դուրս են մնում մեզ նմանները… Ու ինչպե՞ս չասել՝ օյի՜ն չի , արդա՛ր չէ…

Թվում է՝ քսանմեկերորդ դարում այլևս չպետք է խոսվեր ու գրվեր այս մասին: Անհեթեթ ու պարսավանքի արժանի են թվում այն ժամանակները, երբ, օրինակ՝ Բաբելոնում հայրն իրավունք ուներ սպանել «տարօրինակ» նորածնին, երբ այդպիսի մարդկանց համարում էին «սատանա կուլ տված», նետում էին ժայռերն ի վար…

Բայց… Քիչ բան է փոխվել: Հաշմանդամությունը, որ իրավաբանական եզրույթ է ու քաղաքացիական կարգավիճակ, այսօր էլ դառնում է անուն ու ճակատագիր: Գաղտնիք չէ, որ նման անձի համար մեկ խնդիրը ոչ թե այս կամ այն օրգանի ախտահարումն է, այլ այն ֆիզիկական ու հոգեբանական իրականությունը, որի միջավայրում փորձում է ապրել ինքը: Ավելին՝ նման անձինք բազմակի խոցելի են, քանի որ հիվանդությանը համակցվում են աղքատությունը, ծերությունը, ծնողազրկությունը… Փողոցներում հաճախ ենք տեսնում մուրացիկ հաշմանդամների: Հենց նրա՛նց են առավել հոժարությամբ կոպեկներ շպրտում: Բայց չէ՞ որ դա տվյալ մարդու ընտրությունը չէ, այլ հասարակություն կոչեցյալի պարտադրանքը: Երբևէ մտածե՞լ եք, թե քանի-քանի նման անձինք են ենթարկվում ինքնակամ բանտարկության՝ սեփական բնակարաններում… Ձեր կարծիքով դա նրա՞նց ընտրությունն է: Կա՞ մարդ, ով չի ուզում ապրել արժանապատիվ, ունենալ կրթություն ու աշխատանք, ընտանիք ու ձայնի իրավունք…

Այո՛, մարդը շա՜տ է քաղաքակրթվել: Ֆիզիկականին փոխարինել է հոգեբանական բռնությունը, անկելանոցներին՝ բնակարան կոչվող մեկուսարանները. երբեմն չգրված օրենքները գրվածներից կենսունակ են: Միայն թե այսօր նրանց հասարակությունից զատող՝ նախկին սրության նշտարը դարձել է անտեսանելի, բայց դեռ կտրում ու արյունում է, արյունոտում է երազանք, նպատակ, կյանք… Իսկ չէ՞ որ կտրում ու դեն են նետում խոցը, ուռուցքը, ավելորդը… Ավելորդի՛ն: Հիշեցի Դեմիրճյանի Սուրբիկ հանըմին ու նրա՝ տաք գուլպա գործող անդադրում ձեռքերը…

Այդպիսի Սուրբիկները ամենուր են, մեր կողքին…

Մեր շենքի առաջին հարկում մի աղջիկ էր ապրում՝ Լուսինեն: Մանկուց կաթվածահար էր: Գոտկատեղից վեր գեղեցիկ ու փարթամ օրիորդ էր, վար՝ տասնամյա երեխայի տկար ու արդեն ծուռումուռ ոտքեր, որոնք միշտ ծածկված էին: Իսկ ինչպե՜ս էր ասեղնագործում. նախշ նախշի կողքին, նախշ նախշից չքնաղ: Այդ սփռոցներն ինչ-որ կազմակերպություն էր կոպեկներով գնում ու արտերկրում վերավաճառում…

-Ինչո՞ւ բակ չես գալիս…

Մանկական ինքնավստահությամբ համոզում էի, որ սայլակով դուրս ելներ:

-Մարդիկ կնայեն…

-Մեկ կնայեն, երկու… Ու էլ չեն նայի…

Մի քանի տարի անց նրան թաղեցին հարսնացուի շորերով՝ անբիծ, կարոտող ու միայնակ… Այդպես էլ պատուհանից նայեց աշխարհին:

Հիմա հատուկ կրթությունից քայլ են կատարում դեպի ներառական: Իրավ, հատուկ դպրոցների մեծ մասը փակելը հեշտ էր: Բա հետո՛… Հետոն չի երևում տարիներ շարունակ: Գուցե մայրաքաղաքում այս առումով վիճակն ավելի բարվոք է: Մարզային դպրոցներում այդպես էլ չեն ձևավորվել մարժահոգեբանական թիմեր՝ հոգեբան, սոցմանկավարժ, լոգոպեդ և այլն… Ֆանտաստիկ ֆիլմի սցենար է հիշեցնում. ֆիլմ՝ լավ ու բարի ավարտով: Մինչդեռ իրականը անհեթեթ նատուրալիզմն է, ու լավ ավարտի ծերը չի երևում…

Մերի… Մեր դպրոցում ամեն օր աչքիս առջև է, թե ինչպես են մայրն ու քույրը մեծ դժվարությամբ դպրոց հասցնում յոթերորդ դասարանցի աղջկան: Սևանյան սառույց-բքի պայմաններում դա գրեթե անհնար է դառնում. տունը հեռու է, հաճախակի չեն կարողանա նաև մարզկենտրոն կամ մայրաքաղաք տանել, որտեղ կան մասնագետներ, իսկ շարժունակության պահպանումն ու կենսական գործառույթների զարգացումն օրախնդիր է: Ինձ զարմացրել է համադասարանցիների հոգատար վերաբերմունքը՝ տարիներ շարունակ… Երկու ձեռքից բռնած ճաշարան էին տանում, մենակ չեն թողնում, մինչ քույրը կամ մայրը կգան: Ուսուցիչները ևս ուշադիր են, նույնիսկ դասի ընթաքցքում կանգնում են աթոռի կողքին, որ Մերին… չընկնի: Ուսուցիչներն անում են ձեռքներից եկածն ու հնարավորը, բայց դա այնքան քիչ է… Ո՞ւր է աջակցող թիմը… Վիգոտսկու մոտակա գոտի, անհատական ուսուցման պլան… Գեղեցիկ բառեր, որոնք նիրհում են ՄԱԿ-ի կոնվենցիաներում, ՀՀ վավերացրած փաստաթղթերում… Իսկ այստեղ ճակատագրեր են՝ երեխաների ու ծնողների, քույրերի ու եղբայրների ճակատագրեր… Եթե անգամ ուսուցիչը բացառիկ պատասխանատու է ՝ «դասից հետո պահում է երեխային ու անհատապես զբաղվում», ապա շուտով հուսահատվում ու նյարդայնանում է, քանի որ չի տիրապետում հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի տեխնիկային: Որովհետև նա պարզապես ա՛յլ մասնագետ է: Նույնն է՝ թե թերապեվտին ասես. «Բա դու ի՛նչ բժիշկ ես, որ սիրտ ու թոքեր վիրահատել չես կարողանում»: Մինչդեռ անխտիր բոլոր երեխաներն էլ կարող են սովորել ու ստեղծագործել: Մարդկանց ընդունակություններն ու կարողություններն են տարբեր, ոչ թե մարդիկ: Հատուկ կարիքներ ունեցող անձինք շատ զգայուն են իրենց բնորոշող բառերի նկատմամբ: Ի վերջո, նրանք խղճահարության չեն կարոտ, այլ հավասար հնարավորություններ ունենալու, ինքնաիրացվելու, նպատակ ու գաղափար իրականացնելու…

Երևանում վիճակը գուցե թե քիչ այլ է: Հաճախ ենք հեռուստացույցով տեսնում ԱԻՆ-ում, մի երկու այլ հիմնարկներում աշխատող՝ հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձանց: Բայց չէ՞ որ Հայաստանը սոսկ մայրաքաղաքը չէ, իսկ մարզերում պատկերն այլ է: Կրթությունն է այն միակ փրկարար օղակը, որը մարդուն պահում է կյանք կոչվող մթնակոծ օվկիանի երեսին, ինքնուրույն ափ հասնելու հույս է տալիս…

Ասում են՝ հարկերի կրճատումով խրախուսենք, որ գործատուն հաշմանդամներին աշխատանք տա: Իսկ ի՞նչ աշխատանք կարող է կատարել մարդը, որը դպրոց չի գնացել: Ահա առաջնային օղակը, որի բացակայությունը սկիզբն է դառնում մեկ այլ՝ փորձանք դարձող փորձությունների, մենության ու աղքատության շղթայի… Նույնիսկ Երևանում երբեմն «աղվեսի ու արագիլի>> պատմությունն են հիշեցնում այսպես կոչված թեքահարթակները, որոնցով անցնելիս նույնիսկ քայլողը կարող է ընկնել ու ջարդուփշուր լինել, էլ ուր մնաց անվասայակով տեղաշարժվողը: Իսկ բազմահարկ շենքերի նեղլիկ վերելակների մասին խոսելն ավելորդ է: Մյուս կողմից էլ՝ գործարարն իր հաշվարկի տերն է. հաշմանդամի կարգավիճակն ունեցող մարդուն որտեղի՞ց փող, որ թատրոն ու ռեստորան էլ այցելի… Փող ունենում է աշխատողը, իսկ աշխատում է կրթություն ունեցողը: Ինչ օգուտ, թե բուհում կարող ես անվճար սովորել, եթե ֆիզիկապես անհնար է եղել դպրոց գնալը… Մարզային, գյուղական դպրոցներից քանի՞սն ունեն հատուկ պայմաններ:

Ի ցավ պետք է փաստել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները շատ են նաև գյուղական համայնքներում: Իննսունականների թերսնված սերունդն է պատճառը, անհաջող ժառանգականությունը, թե քիմիակոխ արված սնունդը… Էականն այն է, որ այդ երեխաների խնդիրը չէ, պահա՛նջն է, որը պարտավոր է օր առաջ բավարարել իրավական ու սոցիալական կոչվել հավակնող պետությունը: Մարդասիրական արժեքներ ենք տարփողում, բայց մարդուն մենակ ենք թողնում: Այո՛, կարծրատիպերը մտածելակերպ են ձևավորում, և այդ տեսակ մտածելակերպից զերծ չեն նաև այդ երեխաների ծնողները: Խտրականությունն սկսվում է ընտանիքում ու շարունակվում… Հաճախ հրաժարվում են գիտակցել, որ իրենց երեխան նեղ մասնագիտական աջակցության կարիք ունի: Կան ծնողներ, որոնք չեն էլ ուզում, որ իրենց երեխայի դասարանում նման երեխա սովորի…

Դեռ սա է իրականությունը, տիկնայք ու պարոնայք…

Ջնջե՛նք շրջանագծերը մեր աշխարհայացքից, ընդլայնենք հոգի ու հորիզոն…