Meri Harutyunyan Gagarin

Կարդալը ճամփորդություն է

 Մենք մանկուց ենք կապվում գրքերի հետ: Դեռ կարդալ չգիտենք, բայց վերցնում ու թերթում ենք էջերը, նայում նկարները: Մեծանալով՝ ընկերանում ու բարեկամանում ենք գրքերի հետ:

Ես ուզում եմ պատմել իմ գրքերի մասին: Բացի իմ դասագրքերից, ես տանը ունեմ մի մե՜ծ գրադարան՝ բազմապիսի գրքերով: Տեսականին մեծ է: Դեռ չեմ հասցրել կարդալ բոլորը, բայց երբ ձեռքս եմ առնում գիրքը, ասես ժամանակը կանգ է առնում: Գիրք կարդալու վրա ծախսած ժամանակը ոչ թե կորսված է, այլ կրկնակի շահած:

Իմ կարդացած անխտիր բոլոր գրքերը հետաքրքիր են: Հիմա տարված եմ պատմավեպերով: Վերջերս կարդացի Րաֆֆու «Սամվելը»: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրել էր հանուն հայրենիքի, հայրենասիրությունից մղված սպանությունների մասին լսածս: Լսել էի նաև Սամվելի քաջության մասին: Վեպը կարդալով՝ համոզվեցի, որ այնտեղ շատ ավելի հետաքրքիր դրվագներ կան: Ասես հրաշքով հայտնվել էի հինգերորդ դարում. մտովի տեսնում էի խորհրդավոր ամրոցները, անտեսանելի կերպով մասնակցում իրադարձություններին:

Երբ դպրոցում որևէ գիրք են հանձնարարում, այլևս չեմ մտահոգվում, թե որտեղից կգտնեմ այն: Մեր ընտանեկան գրադարանում հերթականությամբ շարված են գրքերը՝ ըստ հեղինակների: Տատիկս ամենաարագն է գտնում պետք եկած գիրքը:

Երբ առաջին անգամ հյուր են գալիս մեր տուն, այդքան գրքեր տեսնելով, զարմացած հարցնում են.

-Այսքանը կարդացե՞լ ես…

Ես ինքնավստահ պատասխանում եմ.

-Դեռ ոչ, բայց անպայման կարդալու եմ:

Եվ իսկապես, հաստատ կգա այն օրը, երբ ես կարդացած կլինեմ մեր տան գրադարանի բոլո՜ր գրքերը: Չէ՞ որ ամեն մի գիրք յուրահատուկ մի աշխարհ է՝ սպասված ճամփորդություն՝ լի արկածներով ու հրաշքներով:

«Կանթեղ» գրական խմբակ

zarine kirakosyan

Ամանորյա քրոնիկոն

Դեկտեմբերի 31
Էս տարի  սարի դոշին քիչ մեքենա ու մարդիկ կան, թվում է,  լռությունը չի կոտրվելու, բայց  մեկումեջ ընդհատվում է ձյան ճռճռոցով.
-Պապ, ժողովուրդը էլ էս օրով գերեզման չի գնում, մարդիկ սկսել են Սուրբ Ծննդից հետո գնալ:
-Տատն ու պապը չգիտեն, որ ադաթները փոխվել են, իրանք էսօր են սպասելու,-կատակի տվեց  երևի, կամ էլ` չէ:
Հետո էլի քար լռություն էր: Կես ժամից արդեն կեսօրի կողմերը ձյան ճռճռոցն ու խնկի հոտը աջ ու ձախ ուղեկցում էին, հին մեռելներին հյուր եկածները գերեզմանների արանքներով հմտացած, բարձրանում էին` հասցնելով շաղակրատել կենցաղային հարցերով, նոր շիրիմների մոտ բոլորը լուռ էին, լացին մեկ պակաս լուռ:

Հունվարի 1

-Մոսոն դի կյա, էտ սեղանը տեսեք ինչ եք անում:
Մոսո` ամեն հունվարի մեկ սկսվում է իր` մեր տուն գալով:
-Հըն, կամանդիր, ի°նչ կա սահմաններին, էս օրերին հո շատ չե՞ն  կրակում:
-Մի օր` լավ, մի օր` կեշ, Վարդան ջան:
-Մամիկո°ն,- Մամիկոն` 14  տարեկան եղբայրս,- լսել եմ` Գերմանիա ես քյացել, վե՞նց զատերին էտ  նեմեցնին:
-Լավն էին, հոպար:
-Հա, ասում են` լավ երկիր ա: Քյացեք, քյացեք, մենք էլ տենանք` ինչ ենք անում: Քյանք (գնանք), երկու ժամից պիտի պոստ դյերեմ (բարձրանամ), ռավետը սմենափոխ ա:
Զանգ.
- Հա, հա, իմ  հընգեր Մամիկոնին հիշում իր, չէ՞: Չէ, էն, վեր Հորադիզ 94-ին զոհվեց, իրանց տուն եմ եկել: Հա իրա ախպոր` Վարդանի: Բա վե°նց դենք դյերի պոստ, վեր ճամփեքը փակ ա:
Հեռուստացույց.
-Սիմբա, խնդրում եմ կրկնիր, «Ակունա մատատա»:
-Բայց դա ի՞նչ է նշանակում, Տիմոն:
-Անհոգ եղիր:

Հունվարի 2

-Մամ, էս տարի ինչի՞ տարի էր, անընդհատ մոռանում եմ:
-Խոզի, բալես:
-Մամ, բայց Խոզի տարին եղել ա: Հիշում եմ մեր օրացույցը, վրեն հիմար շորերով ծիծաղելի խոզ էր նկարած:
-Ճիշտ ես հիշում, բայց էդ 12 տարի առաջ էր,  2006-ին:
- 2006-ին,12 տարի առաջ:

12տարի առաջ…

Հունվարի 3

-Ժիրո ջան, բարև, լավ տարի ըլի, տա՞նն եք:
-Հա, Վարդան ջան, բայց տավարից եդը:
Տավարից եդը – տավար` նույն ինքը, անասուն, եդը` հետո, տավարից եդը` վերջին անգամ  անասուններին կեր տալուց հետո, ձմեռվա ժամանակով երեկոյան ժամը 18:00-ին:
-Լավ, ժիրո ջան, դե կրեվանք:
Օրվա լուսանալը ամեն տեղ չի, որ արևի հորիզոնից բարձրանալն ա,  օրվա լուսանալը էդ մեկ-մեկ առավոտ գոմի դուռ բացելն ա, կարաս արևից էլ շուտ բացես… Օրն էլ մթնում ա էդ նույն դուռը վերջին անգամ փակելուց հետո: Թող թանձր մութ լինի, թե  հլը գործ կա անելու` առավոտն ու իրիկունը դու պիտի որոշես:
Հետաքրքիր բան ա:

Ամանորին ընդառաջ

ani vardanyanԱյս օրերին ավելի ես կարևորում ունեցածդ, ակամա ափսոսում ես չունեցածիդ համար ու վերապրում ես կորուստներդ…

Ես սիրում եմ Ամանորը: Երկիր մոլորակի վրա թերևս չկա այնպիսի բնակիչ, որը չի սիրում այս տոնը: Յուրաքանչյուր ոք մտովի հաշվարկ է անում, թե քանի օր մնաց:

Ունեցածս ամենակարևոր հարստությունը վեց հոգուց բաղկացած իմ ընտանիքն է. պապիկս, տատիկս, մայրիկս, ես, քույրս ու փոքրիկ եղբայրս: Ինձ հիմնականում դուր են գալիս երեկոները, քանի որ այդ ժամանակ բոլորը տանն են: Երեկոյան մենք զբաղվում ենք տարբեր բաներով. օրինակ՝ ես ու պապիկս շաշկի ենք խաղում, քույրիկս եղբորս հետ նկարում է, մայրիկս զբաղվում է խոհանոցային գործերով, տատիկս հեռուստացույց է դիտում:

Ես վստահ եմ, որ իմ ընտանիքն աշխարհի ամենաբարի ու լավ, զարմանահրաշ ընտանիքներից է: Բայց… Այնքա՜ն եմ կարոտում հայրիկիս: Ես նրա մասին խոսել չեմ կարողանում, որովհետև բառերը հեղձուկ են դառնում ու սեղմում կոկորդս, դառնում են արցունք ու հոսում են…

«Ժպիտ, ծիծաղ, հումոր» ու նման բառերն ինձ համար անցած երկու տարիների ընթացքում ասես թշնամի են դարձել:

Երբ տասը տարեկան աղջնակը կորցնում է իր կյանքի մի մասնիկին, ով սոսկ ծնողի պես չէր, այլ մտերիմ ընկերոջ, ուրեմն պարզից էլ պարզ կլինի, որ դու չես կարող ժպտալ, երբ ամբողջ հոգիդ ցավում է:

Ես իմ կյանքի ընթացքում շատ դաժան բաների եմ հանդիպել, բայց սրանից դաժան չէի էլ կարող պատկերացնել: Անչափահաս աղջկա աչքերը բացվեցին, փոխվեց բնավորությունը և աշխարհին սկսեց այլ աչքերով նայել: Ամեն ինչ կատարվեց նրա աչքերի առաջ, բայց նա ուժեղ մնաց ու չկոտրվեց: Նրա աչքերի առջև փոխվեց աշխարհը, և լիովին փոխվեց նա ինքը: Դա անբացատրելի մի պահ էր, որը զգացի ես…

Ասում են՝ ամանորյա հրաշքն իրականացնում է երազանքները: Իմ նվիրական ցանկությունն է, որ աշխարհում ոչ մի երեխա չկորցնի իր ծնողներին, որ ընտանեկան երջանկությունը լիարժեք լինի: Երանի բոլոր մարդիկ միմյանց հանդեպ լինեն բարի, սիրալիր ու ընկերական…

«Կանթեղ» գրական խմբակ

Anush abrahamyan

Թվում է

Դուք չեք ճանաչի նրան։ Նրա անհարթ ճանապարհին ոչ մեկը չի պատահել, ոչ մեկը չի սրբել իր այտերը, չի մաքրել իր հոգին կասկածանքից, չի կապել երջանկությանը։ Նրա սիրելին չեկավ հեռավոր ու ձիգ ճանապարհներից։ Երևի մեռավ կամ իրենից սիրուն աղջկա հանդիպեց։ Չհիշեց, որ աշխարհից մոռացված մի գյուղում իր ճանապարհին պառավեց մի օրիորդ, ինչպես ինքն է ասել՝ երկարածամ, բարակ մեջքով, սև աչք ունքով, հիմար մի օրիորդ։

Ժամանակը Սոնա մորաքրոջ հոգուն ոչ հանգստություն է բերել, ոչ նոր սեր ու ոչ էլ սիրելիին։ Հակառակը, գյուղի ծանր աշխատաքից մեջքի անտանելի ցավ է բերել, բոստան (բանջարանոց) մենակ ջրելուց, սառելուց՝ ոտքերի ցավ, ու ամենավերջին, ամենածանր ցավն է բերել՝ սպասման, կարոտի ու խեղճ ժպիտի ցավը։ Հեռավորությունը Գառնիկին տարել, ու ոչ մի ճանապարհ նրան հետ չի բերել, ոչ մի հեռագիր կամ նամակ նրա ողջությունը չի փաստել, ոչ մի լուսաբաց գյուղի վրա այդքան գեղեցիկ ու թախծոտ չի իջել, որքան նրանց հրաժեշտի օրը։ Բլրի ճանապարհին տղաների խմբից հետ ընկած Գառնիկը ամուր բռնել է Սոնայի մատները.

-Կգամ, կգամ, հաստատ կգամ։

Ասում են՝ Սոնա մորաքույրը ամեն առավոտ կովերին անտառ տանելուց հետո էդ ճանապարհի քարին նստելիս կիսաձայն ասել է այս խոսքերն ու նայել բլուրների կողմը, որտեղ ճանապարհը երկու մասի է կիսվում ու կորչում բլուրների մեջ։ Էդ ճանապարհով քչերը եկան, շատերը մնացին բլուրներից այն կողմ։ Ճանապարհը մի սառը հայացք դարձավ սպասողների համար։ Սև ու սպիտակ հիշողությունների հայացք։

Սոնա մորաքույրը վաղուց է մահացել խոր ծերության մեջ, ոչ միայնակ․ եղբոր թոռներով, հարսներով շրջապատված։ Ու թվում է՝ օտարության վերջին ու խորը ցավը սրբել տարել է իր հետ, սպասումը ու հոգի մաշող կարոտը՝ ևս։

Թվում է…

nelli khachatryan

Կարևոր հայացքը

Օդը սառն է։ Էլի քեզ վրա ջղայնանում ես, որ շարֆդ չկապեցիր, ու շղթադ բարձրացնում, ուզում ես էլի բարձրացնել, բայց էլ տեղ չկա, հասել է վերջին։ Մրսած քայլում ես, ալարում ջրափոսը շրջանցել, բացում դուռը ու հանում անձը հաստատող փաստաթուղթը։

Հիմա կարող էի տանը թեյ, չէ, «չայ» խմել (թեյը մի տեսակ պետք է սրճարանում խմել)։ Երևի էս մտքերով մարդիկ փողոցում քայլում են, էն ջրափոսի վրայով թռչում ու բացում ընտրատեղամասի դուռը։ Խուճապ։ Ինչքան էլ քեզ բացատրեն կամ տեսանյութով ընտրելու կարգը նայես, մեկ է, մտածում ես՝ երբեք ինքնուրույն չես հասկանա՝ առաջինը որ սեղանին մոտենալ։ Այ էս խուճապն արտահայտող դեմքով մարդիկ մտնում, հետո կանչող ձայներին արձագանքելով՝ մոտենում են սարքին, որ մատնահետք ստուգվի։ Սարքը չի ճանաչում։ Մյուսինն էլ չի ճանաչելու։ Գյուղը, որտեղ դիտորդ էի, ոչնչով չտարբերվելով մնացած գյուղերից՝ ստիպում է մարդկանց էնքան աշխատել, որ մատնահետքը կորցնեն։

Անձը հաստատող փաստաթուղթը, իհարկե, բերել են, որ մոտենան մյուս սեղանին… Չէ, էն տատին ոնց որ չի բերել։ Հիշողություն..․ Ինքն իր վրա ջղայնացավ։ Երևի կգնա, էլ չի գա։ Հազիվ էր քայլում։

-Բայց էսքան թուղթ ինչի՞ եք տալիս, է, էսքանը ի՞նչ եմ անելու, ինձ մեկը հերիք է։

Չէ, դե կարգն է, ինչքան էլ որոշած են գալիս, պետք է բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները վերցնել։ Դե, հիմա հերթ կանգնեք, որ մտնեք քվեախցիկ։ Վայ, էն երեխեքն առաջին անգամ են քվեարկում, նվերը չտվին, կրծքանշան ա, ուրիշ բան չի, առաջ նայեք` Ձեր հերթն եկավ, մտե՛ք, ինչ էլ ուրախ ա դուրս գալիս, սպասեք, է, մի շտապեք՝ դրոշմը կպցնեն։

Էն տատին հետ եկավ, ասում ա՝ անձնագիրս բերել եմ։

Ընտրողների մեծամասնությունը 60-ն անց էին։ Երևի թեյը նրանց էլ չի գրավում, բայց մի տեսակ ուրիշ հայացքով էին տուն վերադառնում․ իրեն կարևորված զգացող մարդու հայացքով։

Ընտրի՛ր

Բանական էակը իր կյանքի ընթացքում բազմիցս կանգնում է ընտրության առջև։ Վաղ տարիքում  ընտրում է, թե ինչպիսի հագուստ կրի, տարիներ անց ընտրում է մասնագիտություն, գիտակցաբար ընտրություն է կատարում բարու և չարի, օգտակարի և անիմաստի միջև, հասուն տարիքում ընտրում է կողակցին…

Ընտրության բազմազանությունը և անհատի կողմնորոշումը ձևավորում է հաստատուն բնավորություն։ Չափահաս դառնալով՝ յուրաքանչյուրիս առջև դրվում է մեկ այլ, առավել պատասխանատու ընտրության հնարավորություն. համայնքապետի թեկնածուների, ավագանու անդամների, Ազգային ժողովի պատգամավորների, նախագահի…

Հատկապես պետական մասշտաբի հասնող ընտրություններին պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ դրանցից է բխում երկրի ապագան, ազգի բարեկեցությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը, արժանապատիվ ու պահանջատեր սերնդի և ժողովրդավար պետության կերտման դժվարին գործընթացը։

Տարիներ շարունակ հայոց մեջ գերակշռել է այն կարծիքը, որ թեկուզ ընդդիմադիր թեկնածուի ընտրելու պարագայում, ընտրությունների արդյունքում միշտ պարզվելու է, որ ձայների մեծամասնությամբ ընտրվել է այն կուսակցությունը կամ անհատը, որը հովանավորվում է իշխող կուսակցության (այս դեպքում՝  Հանրապետականի) կողմից։ Տարիներ շարունակ մենք վաճառել ենք մեր ապագան 10.000 դրամով, որովհետև ոմանք կարողացել են մեզ համոզել, որ չգիտես ինչի համար շտաբներում արձանագրվող անձնագրային տվյալները, ինչ-որ անհեթեթ հաշվարկները կարող են մատնել քեզ, եթե ընտրես ոչ այն թեկնածուին, ում խոստացել ես ընտրել, այլ նրան, ում առաջարկած ծրագիրն ավելի իրատեսական ես համարում։ Մեզնից շատերը հպարտանում են, որ հաջողացրել են և՛ 10.000 դրամ «շահել», և՛ ընտրել իրենց ուզած թեկնածուին։ 

Բայց արդյո՞ք նրանք այդպիսով իրենց մեջ չեն հասունացրել կաշառք վերցնողի հոգեբանությունը, կամ տեղյա՞կ են արդոք, որ կաշառք տալն էլ, վերցնելն էլ քրեորեն պատժելի են… Ինչևէ, յուրաքանչյուրս էլ կարող ենք գիտակցել ու սեփական վերլուծությունն անել, բայց ո՛չ երբեք կրկնել նույն սխալը՝ օրինակ ծառայելով ապագա սերունդներին։ Ըմբռնելով վտանգի ռիսկայնությունը՝ ընտրությունների կարևորության ու մեծ պատասխանատվության մասին սովորեցնում են ավագ դպրոցներում։ Հասարակագիտության դասագրքերի նյութերը պատմելուց բացի, այս տարի ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց իրականից չտարբերվող Ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու։ Գավառի ավագ դպրոցում ևս կազմակերպվեցին դասընթացներ, որոնցից հետո վիճակահանությամբ ընտրվեցին «թեկնածուների», «հանձնաժողովի անդամների», «վստահված անձանց» և «լրագրողների» դասարանները։ Մեկ օրվա պատրաստությունից, քարոզարշավից հետո, դպրոցում կազմակերպվեցին Ազգային ժողովի ընտրություններ։ Հաղթող կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի նիստի։

Ահա թե ինչպես են իրազեկվում և իրենց պատասխանատու, իրավագիտակից ընտրողի դերում պատկերացնելով, խրախուսվում դեռևս ընտրության իրավունք չունեցող, կամ առաջին անգամ ընտրող աշակերտները։

Գոնե այժմ, երբ չկա կաշառք, իսկ բաժանվող մանդարինները ոչ մի դեր չեն խաղում, երբ հնարավորություն ունես հանգիստ խղճով ու գլուխդ բարձր հայտարարել, որ ժողովրդավար երկրիդ համար մի լավ բան ես արել, որ քո պետության տերը դու ես: Բաց մի թող հնարավորությունդ, թող նախկին անարդարությունների արդյունքում ձևավորված անտարբերությունդ, հրաժարվիր չեզոք քաղաքացու, խեղճացած ենթարկվողիդ կարգավիճակից, գնա և ընտրի՛ր՝ վստահ լինելով, որ քո քվեն որոշիչ է։

 Լուսանկարները՝ ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջից

ofelya hovhannisyan

Շատ կարևոր խորհուրդը

Երբեք չէի պատկերացնի, որ շատ դժվար կկողմնորոշվեմ մասնագիտության ընտրության հարցում: Որոշել էի, որ պետք է դերասանուհի դառնամ, հետո՝ չէ, մտափոխվեցի, զգում էի, որ ինձ համար չէ: Մտածեցի ռեժիսոր դառնալ, բայց ինձ նաև մտահոգում էր այն, թե սովորելուց հետո որտեղ պետք է աշխատեմ: Հետո հաստատ որոշել էի, որ պետք է գերմաներենի ուղղությամբ գնամ, բայց կրկին զգում էի՝ մի բան այն չէ, իմ սրտով չէ: Ավարտում էինք 11-րդ դասարանը, բոլորը արդեն որոշել էին, թե ինչ են ուզում դառնալ, իսկ ես դեռ մտահոգ էի, դեռ տատանվում էի: Հաշված օրեր էին մնացել ամառային արձակուրդներին, երեխաների մեծ մասը էլ դասի չէր գալիս, իսկ վերջին օրը միայն 4 հոգով էինք գնացել: Աշխարհագրության ժամն էր, մենք պետք է դաս պատմեինք, բայց ոչ ոք դասը չէր սովորել:

Ընդամենը մի անգամ էի դասը կարդացել, ոչինչ չէի հիշում, ի՞նչ պատմեի: Մեզանից ոչ մեկը դասը չպատասխանեց, բայց անբավարար չստացանք, թեև այդ անբավարարը, անգամ եթե ստանայի, ինձ համար ոչ մի արժեք չէր ունենա այն խորհրդի դիմաց, որը ինձ ընկեր Գալոյանը տվեց: Պատմում էինք, թե ինչ մասնագիտություններ ենք ընտրել, երբ ես ասացի՝ ինչ եմ որոշել, ընկեր Գալոյանը ինձ ասաց.

-Այ օրինակ՝ ինչո՞ւ լրագրությամբ չես ուզում շարունակել, ես միշտ կարդում եմ քո նյութերը, լավ ես գրում: Աշխատանք ավելի հեշտ կգտնես:

Դրանից հետո, երբ տուն եկա, անընդհատ մտածում էի այդ մասին և ի վերջո որոշեցի, որ պետք է լրագրող դառնամ: Ես սկսեցի սիրել այս մասնագիտությունը, այն էլ՝ շատ: Իմ մասնագիտության վերաբերյալ ես լսեցի ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ, օրինակ․

-Ի՞նչ ես գտել էդ անտեր մասնագիտության մեջ, կարո՞ղ ես իրենց նման աներես լինել:

Այդ ժամանակ ես ինձ այնքան վատ զգացի: Բայց ոչ, ես այս անգամ վստահ էի իմ որոշման մեջ, բնականաբար, կան մարդիկ, որոնք միշտ կցանկանան կոտրել քեզ, բայց պետք է, այն էլ ճակատագրական որոշումներում, միշտ հաստատակամ լինել: Դա էլ անցավ, քանի որ իմ շրջապատում այնպիսի մարդիկ կան, որոնք դրական կարծիք արտահայտելուց բացի՝ սատարում են ինձ: Ինչպես կարող եմ մոռանալ իմ դասղեկի մասին, երբ պատմում էի նրան իմ մտահոգությունների մասին, և ասացի, թե ինչ կարծիք են արտահայտել իմ մասնագիտության վերաբերյալ, նա ինձ հանգստացրեց՝ ասելով.

-Իհարկե, շատ ճիշտ որոշում ես կայացրել: Մի մտածիր, շատ լավ բան ես որոշել, հաստատ կկարողանաս։

Եվ ապագա մասնագիտությունս օգնում է ճշգրիտ, արագ ու համակողմանիորեն իրազեկել հանրությանն այն ամենի մասին, ինչն այդ պահին մարդկանց տեսադաշտից դուրս է, վարագույրից այն կողմ:

lilit harutyunyan lchshen

Կամավորները Լճաշեն գյուղից

Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է: Առանց դրամական փոխհատուցման ակնկալիքի, բարի գործեր կատարելով, մենք ինքներս մեզ համար լավ աշխարհ ենք ստեղծում: Մենք` կամավորներս, օրինակ ենք ծառայում նոր սերնդի համար, որպեսզի վերջինս շարունակի կամավորական գործունեության ավանդույթը:

Կամավորների միջազգային օրվա առթիվ զրուցեցի «Լիկիու երկիր» ՀԿ-ի նախագահ և ուղղակի կամավոր Մարինե Հարությունյանի հետ:

-Ե՞րբ և որտե՞ղ եք սկսել զբաղվել կամավորությամբ:

-Կամավորությամբ սկսել եմ զբաղվել դեռևս 2004թ.-ից Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում: Այդ տարիներին կամավորության մասին քիչ բան էր հայտնի գյուղական համայնքներում: Հետաքրքրությունս ինձ ստիպեց գնալ և հասկանալ կամավորության գաղափարը:

-Ինչպե՞ս ինտեգրվեցիք կամավորական խմբում, ի՞նչը շարժառիթ հանդիսացավ, որ շարունակեք կամավորական գործունեությունը:

-Շարժառիթը հասարակութայն մեջ առկա խնդրիների նկատմամբ անտարբեր չլինելն էր: Կամավորությունը լավ հարթակ էր ինձ համար, որպեսզի կարողանամ համայնքիս համար խնդիրների լուծման առաջարկներով հանդես գալ: Վեր հանել ու լուծել հասարակության մեջ առկա խնդիրները:

-Ի՞նչ ուղի եք անցել կամավորական աշխատանքում:

-Լճաշեն համայնքի երիտասարդական խմբում սկզբում ինտեգրվեցի որպես խմբի անդամ, հետո բնապահպանական հանձնախմբի ղեկավար, հետո որպես համանախագահ: 2008թ.-ից ընտրվեցի որպես Լճաշեն համայնքի ՀԵՆԱ (Համայնքային Երիտասարդական Նախաձեռնությունների Ակումբի) ղեկավար: 2012թ-ից մինչ օրս Հանդիսանում եմ «Լիկիու երկիր» ՀԿ նախագահ:-

- Ի՞նչը շարժառիթ հանդիսացավ, որ երկար տարիներ շարունակեք կամավորական գործունեությունը առանց որևէ ակնկալիքի:

-Շարժառիթը իմ հայացքներն էին, որ այդպես էլ չփոխվեցին տարիների ընթացքում: Կամավորությունը չի ենթադրում աշխատավարձ, բայց խոստանում է տալ անփոխարինելի բաներ, օրինակ` գիտելիքներ, փորձ, կարողություններ, շփումների բարձր շրջանակ:

zarine kirakosyan

Ո՞վ ես դու

Ու հնարավոր է, որ կողքի մի անհայտ կամ հայտնի մոլորակի վրա երկու տեղաբնիկ նստել, գլուխը դրել են ծնկներին (եթե նրանք էլ մեզ նման ծնկներ ունեն), ծիծաղելով նայել են մեզ, որտեղ մենք իրար կոչել ենք ռուս, թուրք, չինացի, փարիզեցի, լոռեցի ու սարիթաղցի, իսկ իրենք ուղղակի՝ երկրացիներ:

Իրենք նայել ու չեն հասկացել, թե որն էր Մակեդոնացու, Նապոլեոնի, Տիգրան Մեծի ու Չինգիզխանի արշավանքների իմաստը, եթե դրանից մեր մոլորակի չափերն իրենց աչքին չէին մեծանում:
Իրենք նայել ու չեն հասկացել, թե ինչու այդ գնդի վրա ապրող մարդիկ չհավատացին Գալիլեյին, երբ ասաց՝ երկիրը կլոր է, բայց հավատացին, որ մեծ կրիաների վրա են ապրում, իրենք նայել ու ամեն նոր ու կարևոր քայլ անողի մեջ բարեկամի են տեսել: Չեն հասկացել, թե ինչի համար են մարդիկ սահմաններ ստեղծել ու ինչի համար են այդ գծերի երկու կողմերում մարդիկ մահանում՝ զենքերը ձեռքներին, գծերը հետ ու առաջ տալով, իրենք տեսել են Մեքսիկայից Ամերիկա անցնող բոլոր միգրանտներին, հետո անհասկանալի հայացքով նայել են մեզ, հետո՝ իրար, ու ուսերը թափ տվել։

Իրենք քմծիծաղ են տվել, երբ Արքիմեդը ասել է «էվրիկա», հուզվել են առաջին շոգեքարշի ծխից ու հնարավոր է՝ այդ ընթացքում երաժշտություն են լսել, ծիծաղել են հավերժական շարժիչ ստեղծող գիտնականների վրա ու հայտնվել են Ժյուլ Վեռնի ու Լեոնարդոյի երազներում, պատմել լուսնի շուրջ պտտվելու հնարավորության ու ինքնաթիռի մասին, ու փոշմանել մի ինչ-որ երկուհազարմեկյան սեպտեմբերի 11-ի: Իրենք գիտեն, թե որտեղ է Չարենցի անհայտ գերեզմանը, տեսել են կրակի համար քարերն իրար շփող մեր նախնիներին ու Արտեմիսի տաճարը վառող Հերոստատին, իսկ հետո նայել են թաշկինակի համար մեռած Դեզդեմոնային նույն անհասկանալի հայացքով ու էլի ուսերը թոթվել:

Իրենք լսել ու չեն հասկացել մեզ, չեն հասկացել մի գնդի վրա 5000 լեզուներով խոսելու իմաստը, չեն հասկացել սևամորթների ստրկությունը, իսկ հետո ցանկացել են երկնքից մի աստղ վերցնել ու դնել Լինկոլնի ճակատին ու կատաղած երկնքից մի քար էլ Հիտլերի գլխին տալ:

Իրենք տեսել են Լենոնին ու ասել՝ վերջապես, հիպիներին տեսնելիս մտածել են, որ մի տեղ ուրիշ մոլորակի վրա հանդիպել են երևի, իրենց էլ է դուր եկել Էլվիսի «Բլու շուզը», ու Վան Գոգի «Աստղալից գիշերը»։ Նրանք նայել են այլմոլորակայինների մասին բոլոր ֆիլմերը ու չեն հասկացել՝ ինչու չենք հավատում իրենց գոյությանը, եթե հավատացինք ծառերի՝ հոգիներ ունենալուն։ Մեր ստեղծած այլմոլորակայինների կանաչ կերպարների վրա ծիծաղել են հայելու դիմաց, ու ասել “oh no!”: Եթե սատանան «պրադա» է կրում, միգուցե այլմոլորակայինները անգլերեն են խոսում, ինչ կա որ։

Իրենք չեն հասկացել «հայրենիք» բառը, չեն հասկացել կայսրերին, նախագահներին, արքաներին, ցարերին ու ավելի շատ՝ սուլթաններին: Հերոսներ չեն փնտրել մարտի դաշտերում, որտեղ մարդիկ իրար սպանում են: Չեն հասկացել Քրիստոսի, Բուդդայի, ու Մուհամեդի հետևորդներին, ատել են ինկվիզիցիան, չեն հասկացել Խաչակրաց արշավանքը, բայց սիրել են Սուրբ Ծնունդը, չգիտես՝ ինչու: Իրենց էլ է դուր եկել կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծննդյան երգերը, ու հա, հնարավոր է մի պահ ցանկացել են երկրացի լինել, բայց Աֆղանստանում, Սիրիայում ու Մոսկվայի մետրոյում, Հերոսիմայում ու Բեռլինի պատի վրա իրենք սկսել են մեզ էլի չհասկանալ:

Մեզ հետ քանդել են Բեռլինի պատը, Լենոնի հետ գրել են “War is over if you want it” երգը:
Իրենք չեն հասկանա մեզ, իսկ մենք մեղավոր չենք, որ էս աշխարհին տիեզերքից չնայեցինք էդպես էլ, չտեսանք մեր փոքրությունը էդ հեռուներից, ու «ո՞վ ես դու» հարցին, անունից, ազգությունից ու կրոնից առաջ չպատասխանեցինք՝ մարդ:

nelli khachatryan

«Ինֆեռնո»

Ասում է՝ եթե թուղթը վերցնես, կիսես երկու մասի, դնես իրար վրա ու էլի կիսես, ու էդպես՝ 50 անգամ, թղթի հաստությունը կհասնի արեգակին: Երկրաչափական պրոգրեսիա: Հա, մոռացա ասել՝ Զոբրիստն է ասում: Նաև ասում է, որ մեկ օրում բնակչության թիվն ավելանում է քառորդ միլիոնով: Էդ ամենն ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահին: Ու գիտե՞ք՝ ինչ է առաջարկում, առաջարկում է մարդկանց այլևս չբուժել կամ համաճարակ տարածելով բնակչության թիվը նվազեցնել, որովհետև մարդկային տեսակի քանակը արդեն թույլատրելիի սահմանը հատել է:

Մոռացա ասել: Խոսքը Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպի հերոսների մասին է:

Արդեն հետաքրքիր է, չէ՞: Դե, եկեք ասեմ, որ էս մեր Զոբրիստը էդ համաճարակը արդեն ստեղծել, ինքնասպան է եղել ու հուշումներ է թողել, որ գտնեն: Էստեղ պետք է ծանոթանանք Լենգդոնի՝ «կինոյի տղայի» հետ, որը Հարվարդի համալսարանում դասախոս է: Նրան օգնության են կանչել, որովհետև մեր Զոբրիստը, շատ սենտիմենտալ անձնավորություն լինելով, իր բոլոր հուշումները Դանթեի «Աստվածային կատակերգության» միջոցով է թողել, իսկ Լենգդոնը Դանթեի մեծ գիտակ է:

Եթե արվեստի սիրահար ես, կամ գոնե հասկանում ես, որ վերնիսաժում վաճառվող նկարներին պետք չէ հիացած նայել, քեզ համար էս գրքում մեծ գիտելիքների պաշար կա:

Առանց տեսնելու՝ անգիր պատկերացնում ես Բոտիչելլիի Դժոխքի քարտեզը, առնվազն ուզում ես տեսնել Վազարիի գաղտնի ուղերձ պարունակող որմնանկարը: Սիրտդ կոտրվում է, երբ իմանում ես, որ Միքելանջելոյին միշտ իր կերտած Դավթի կերպարով պատկերացնելուց հետո պարզվում է, որ նա իր սիրեցյալին է էդպես պատկերել, իսկ Բոտիչելիի հանրահայտ «Վեներայի ծնունդը» ուղղակի հարսանեկան նվեր է:

Էսպես արվեստոտ ու արկածային որոնումներից հետո Զոբրիստի համաճարակը գտնում են: Բայց արդեն ուշ էր, այն արդեն տարածվել էր: Ու գիտե՞ք ինչ, ամենատարօրինակն այն է, որ գրքի վերջում Զոբրիստի արած քայլը նույնիսկ մի պահ խելամիտ է թվում: Բայց չեմ ուզում պատմել համաճարակի մասին: Ուղղակի գիրքը կարդալիս մի քիչ երկար սկսում ես մտածել:

Հա, ինչ էի ուզում ասել։
Կարդացեք, լավն է: Դեն Բրաուն. «Ինֆեռնո»: