IV միջազգային մեդիաֆորում «Արտեկ»

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ամեն հրաժեշտ վերադարձի սպասում ունի։ Հայաստանից մեկնելիս, երբ ինքնաթիռն անցավ մեր երկրի սահմանը, ու ենթագիտակցությունս ընկալեց, որ օտարության մեջ եմ, արյունս կարծես երակներումս սառեց, շեղվեց իր բնականոն ընթացքից ու, զգացնել տալով մենակությունս, հետ դառնալու մասին մտքեր ներմուծեց դեպի իմ ուղեղ։ Հետ դարձն անհնար էր, պետք էր համակերպվել։ Բայց հաճելի էր կռահել, որ առջևում ինձ նոր բացահայտումներ էին սպասվում։

«Արտեկում» առաջին բացահայտումս եղան մարդիկ։

Մարդիկ

Ինչպես ամենուր՝ մարդիկ տարբեր են, բայց յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ գերակշռող հատկություններ, որոնցից ձևավորվում է ազգային դիմագիծը, բնութագիրը։ Երբ շփվում ես տարբեր երկրներից ժամանած մարդկանց հետ միաժամանակ, այդ տարբերությունը նկատելն ավելի հեշտ է դառնում։ Օրինակ, ռուսներն ինձ թվացին լավատես, անկաշկանդ, թեթև ապրող մարդիկ, ովքեր ապրում են այսօրվա օրով, իսկ այսօրն անցկացնում ուրախ՝ թքած ունենալով կուտակված խնդիրների, բացասական կարծիքների վրա։ Օսերի մոտ գերակշռում էր շեշտակիությունը. կասեն ու կանեն այն, ինչ մտածում են։ Առաջնայինը իրենց դիրքորոշումն է։ Բուրյաթներն ու թաթարները հանգիստ բնավորություն ունեին, իսկ  տաջիկներն ու ուզբեկները՝ հայերիս պես «ջիգյարով» ասող-խոսող էին…

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Կարծրատիպերի հայրենիք Գավառում ծնված և մեծացած աղջկաս համար զարմանալի էր մի փաստ ևս։ 14-15 տարեկան ռուս աղջիկները սովորաբար արդեն ընտրած են լինում իրենց զուգընկերոջը ու կարող են անկաշկանդ շփվել, գրկախառնվել ուրիշների ներկայությամբ։

Հաջորդ ուշադրության արժանի բացահայտումս դասերն էին։

Դասերը

Ինչքա՜ն ջանքեր են պահանջվում հիվանդ ձևանալու համար, որպեսզի ստանանք մայրիկի թույլտվությունը մեկ օր դպրոցից բացակայելու համար։ «Իմ բախտը կարծես ինձնից առաջ է ընկել։ 20 օր առանց դպրոցի…»,-երանությամբ մտածում էի ես։

-Դպրոց էլ կգնաս, դասեր էլ կսովորես, գնահատականներ էլ կստանաս, դեռ ավելին՝ քեզ սպասվում են նաև մի շարք լրագրության վարպետաց դասեր,- ձայնեց ճակատագիրը վերևից։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

«Արտեկ» մեկնող երեխաները սովորում են ճամբարի դպրոցում՝ «Հոգվարթսում»։ Այսպես արտեկցիները կոչում են դպրոցն արդեն երկար տարիներ։ Պատճառը դպրոցի ճարտարապետությունն է։ Ոչ մի գերազանց հիշողությամբ ու ինտելեկտուալ կարողություններով օժտված երեխա չի կարող չմոլորվել այնտեղ։ Այդ պատճառով մեկ դասաժամ տրամադրվում է դպրոցի ներսում էքսկուրսիայի համար։ Քեզ թվում է, թե դպրոցի միջանցքները շարժման մեջ են, երբ հինգ րոպեում, ինքդ էլ չգիտես ինչպես, հայտնվում ես հսկա դպրոցի մյուս մասնաշենքում, կամ երբ մեկ հարկ վերև բարձրանալու համար դու նախ աստիճաններով ցած ես իջնում և հակառակը՝ իջնելու համար պետք է բարձրանաս։ Մոլորվելու դեպքում միակ օգնականներդ դասասենյակների տեղերը ցույց տվող, պատերին փակցված սլաքներն են ու յուրաքանչյուր հարկին համապատասխան պատերի գույները։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ես պետք է սովորեի 11-րդ դասարանում, ինչպես հայկական դպրոցում։ Սովորելու էի տարբեր ջոկատներից իմ հասակակիցների հետ։ Մաթեմատիկան և ռուսերենը անցկացվում էին ֆորմալ ձևով, իսկ մնացած առարկաները՝ յուրահատուկ մեթոդներով։ Օրինակ, աշխարհագրության դասին մեզ տարան Մասսադրայի ամրոց, որի թանգարանային հատվածին ու պատմությանը ծանոթանալուց հետո, աշխարհագրության ուսուցիչը տվեց հանձնարարություն. քայլերի միջոցով, համապատասխան մասշտաբ ու պայմանական նշաններ ընտրելով՝ գծել ամրոցի և նրա շրջակայքի հատակագիծը։ Քիմիայի ժամերին փորձերը կատարում ու եզրակացություններն արձանագրում էինք ինքներս: Օտար լեզուն անցավ անգլերեն «մաֆիա» խաղի միջոցով։ Ֆիզիկան անցկացնում էինք մագնիսների թանգարանում և փորձում էինք էներգիա ստանալ արևի, քամու, մեխանիկական եղանակով։  Հասարակագիտության դասին Սիմֆերոպոլի հնագիտական թանգարան գնացինք, դասը լսելու հետ մեկտեղ մենք նաև տեսնում էինք հին Ղրիմը՝ ցուցադրված նմուշների միջոցով։

Առաջին անգամ ես գոհունակությամբ զգացի, որ գործնականում կիրառելի են բոլոր այն գիտելիքները, որոնք սովորում ենք դպրոցում։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ինչպես ասացի, դպրոցից բացի  լրագրության ջոկատների համար նախատեսված էր վարպետաց դասեր Ռուսաստանի հայտնի լրագրողների  և այդ ոլորտին առնչվող այլ մասնագետների հետ՝ Դենիս Դուբովեր, Աննա Շուստեր, Իգոր Պրոկոպենկո, Մարիա Լևչենկո, Տիմուր Սոլովյով և այլք։ Վարպետաց դասերը նպատակային էին, որպեսզի մեդիաֆորումի մասնակից երիտասարդները պրոֆեսիոնալների փորձի միջոցով ամբողջացնեին իրենց հիմնական գիտելիքները և, խորհուրդներ ստանալով, ավելի արդյունավետ աշխատեին։ Տեսական մասն ավարտելուց հետո անցնում էինք գործնականին՝ նկարահանումներ, մոնտաժ, տեքստերի հավաքում և խմբագրում, և այդ ամենը շարունակվում է ողջ օրվա ազատ ժամերի ընթացքում։ Նկարահանված ռեպորտաժները ցուցադրվում էին «ЮнТВ» ալիքով։

Չնայած դասերով ծանրաբեռնված օրվա գրաֆիկին, արտեկցիներն այդ օրերի ընթացքում նաև ակտիվ հանգիստն էին վայելում։

Ակտիվ հանգիստը

Միջոցառումներ, խաղեր, էքսկուրսիաներ, զարմանահրաշ առաջադրանքներ, մրցույթներ. սրանք արտեկցու առօրյայի անբաժանելի մասն են կազմում։ Օրն այնքա՜ն երկար էր թվում, երբ տեսնում էի, թե ինչքան բան կարելի է հասցնել մեկ օրվա ընթացքում, բայց միևնույն ժամանակ, այն բավականին արագընթաց էր, երբ օրվա վերջում օրվա անցքերն էինք քննարկում։ Առաջին օրերին «Արտեկի» պատմությանը ծանոթանալու նպատակով՝ խմբային խաղեր անցկացվեցին, որի էությունը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր փուլում պատմվող արտեկյան պատմությունը լավ մտապահելուց ու համապատասխան առաջադրանքը կատարելուց հետո, անցնում էինք հաջորդ փուլին, որտեղ հարցերի միջոցով ստուգվում էր մեր՝ նախորդ փուլի ժամանակ ստացած գիտելիքները և ավելացվում նոր տեղեկություն։ Բացի խաղերից, «Արտեկում» բարձր մակարդակով կազմակերպվում էին միջոցառումներ ու մրցույթներ։ Միջոցառումներն ապշեցուցիչ էին, քանի որ ամեն տեսակ միջոցներ գործադրվում էին հանդիսատեսի համար համապատասխան միջավայր ստեղծելու ու անմոռանալի տպավորություններ փոխանցելու համար։ Պատկերացրեք՝ հանդիսությունների ստադիոնում դիմավորում են քեզ ծառայողական հագուստով անձինք, խնդրում են տոմսը, ինչպես գնացքում, և քեզ հրավիրում են ձեր տեղերը։ Միջոցառումն սկսվում է, էկրանին  այն գնացքն է, որով ճանապարհորդում ենք ժամանակի միջով։ Բեմին ներկայացումն է, իսկ հետևիցդ լսվում է իրական «թխկթխկոց», որոնք հիշեցնում են քեզ գնացի աղմկոտ ընթացքը։ Դերասանները խոսում են ռոբոտների մասին, ու չորս կողմից գալիս են իրականից չտարբերվող հսկա ռոբոտներ, խոսում են հրշեջներից, ու բեմի մոտ գալիս է հրշեջ մեքենան, փրկարարները վերևից իջնում են պարաններով…

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Նույնը կարելի է ասել մրցույթների մասին։ Ամեն երեկո հանդիսությունների հրապարակում ջոկատները ներկայանում էին տարբեր համարներով՝ երգի, պարի, ներկայացման։ Այդ ամենը բեմադրվում էր նույն օրվա ընթացքում ու հաճախ միայն մեկ փորձից հետո ստացվում էր լավ ելույթ ունենալ, որովհետև միջավայրը տրամադրող էր։

Էքսկուրսիաներ և արշավներ

Գուրզուֆի ծոցում ծվարած «Արտեկի» սաների համար հաճախ էին կազմակերպվում էքսկուրսիաներ և արշավներ։ Սևաստոպոլում մեզ սպասվում էր ապշեցնող «Ակվարիումը», որտեղ ակվարիումների մեջ, հաստ ապակիներից այն կողմ, ապրում էին Սև ծովի «բնակիչները»։ Կրիաներ, ձկների բազմազանություն, կոկորդիլոսներ, ութոտնուկներ, մուլտֆիլմի հայտնի կապույտ ձկնիկ դորիներ, նեմոներ և նույնիսկ շնաձկներ։ Էքսկուրսիաներ դեպի տարբեր ամրոցներ ու պատմամշակութային վայրեր, դեպի հնագույն Խերսոնեսի ավերակներ, ռուս կայսրերի հանգրվանած դղյակներ, անցկացվում էին շաբաթվա մեջ 1-2 անգամ։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լրագրողների ջոկատի համար միակ արշավը նախատեսված էր դեպի Այու-Դագ։ Հաղթահարելով հսկա սարի բարձունքը՝ մենք օծվեցինք որպես իսկական, հավատարիմ արտեկցիներ, և ջոկատավարները խորհրդանշական տառերով նկարազարդեցին մեր դեմքը։  Հետո մեզ առաջնորդեցին «Երազանքի քարաբեկորի» մոտ, որի շուրջը յոթ շրջան պտտվելուց հետո, ստորոտից մեզ հետ վերցրած քարերը դնում էինք քարերի ամենավերևում ու երազանք պահում, հավատալով, որ այն կկատարվի։ Շատերս պահեցինք նույն ցանկությունը՝ մի օր կրկին հանդիպել «Արտեկի» մեր ընկերներին։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Գուցե մի օր հանդիպենք… Գուցե։ Կային հրաժեշտի արցունքախառը գրկախառնություններ, կարմրած աչքերով, հուզված մարդիկ՝ շարժվող ավտոբուսիդ հետևից ձեռքը թափահարող, ու… Անվերջանալի օդային ճանապարհ, որը գուցե ընդմիշտ բաժանեց ինձ իմ 20-օրյա անհոգ, ուրիշ մանկությունից, բայց կար նաև հիշողությանս թերթերում տպված զրնգուն մի ձայն, որ հրաժեշտի պահին հորդորում էր չհուզվել. «Անպայման կհանդիպենք…»։ Կհանդիպե՛նք։ Ես, «Արտեկի» ընկերներս, դու, ու կպատմենք քեզ մեր անվերջանալի արկածների, տպավորությունների ու հեքիաթային այդ աշխարհի մասին, որի մասին ես դեռ այնքա՜ն քիչ բան եմ պատմել։ Անպայման կհանդիպենք։

anush davtyan

ՈւՖԱՌ-ին

Ես դանդաղ բացում եմ Microsoft word-ը, մկնիկը սահեցնում եմ, որ ստեղծեմ նոր էջ, ու սկսում եմ գրել։ Մինչ օրս բոլոր գրածս հոդվածները էս ձևով էին առաջանում։ Էս մեկն էլ բացառություն չէ, բայց էս անգամ մի բան փոխվել է։ Դեռ ոչ մի լավ խոսք չէի ասել համալսարանիս մասին, հիմա ուզում եմ։ Փորձում եմ։

Ուֆառն էն տեղը չէ, ուր կուզեի տեսնել ինձ։ Բայց եթե նորից ու նորից ասեն՝ ընտրի՛ր, նույն տեղն եմ գալու։ Ինչքան էլ ասեմ, որ էս բուհը ինձ ոչ մի հնարավորություն չի տալիս, ոչ մի կրթական կամ այլ առաջարկ չի անում, տեղ չի ուղարկում, ազատ ժամանակս ուտում է, որ ուրիշ բանով չզբաղվեմ, արդեն հասկանում եմ, որ սխալ եմ։

Եթե ամեն ինչը մի կողմ դնենք, բոլոր մասնագիտական հմտություններն անտեսենք, տակը կմնա ֆրանսերենը։ Գիտեմ, բոլորիդ կյանքը կերել ենք արդեն, ծեծել-սպանել ենք էս թեման, բայց ախր, լրիվ լուրջ եմ ասում, կյանքս ֆրանսերենի շուրջ է պտտվում։

Մի քիչ հետ գնանք։ Ցույցերի ժամանակ էր, Ցիտադելի մոտ էինք, փողոց էինք փակում։ Ընկերուհուս հետ կանգնած էի, որ մոտեցան ինձ․

-Ա՛ն, դու ֆրանսերեն գիտես, չէ՞։ Արի՛ հլը, չենք հասկանում՝ ինչ ա ասում։

Ցիտադելի խաչմերուկին մեքենա էր կանգնած, չէին թողնում՝ առաջ գնա (դե, փողոց ենք փակում, բնական է)։ Ղեկին ֆրանսիացի մի տղա էր, կողքին էլ մայրն էր նստած, ոնց հետո պարզվեց։ Մոտեցա բաց պատուհանին, ասացի՝ bonjour։ Էդ մի բառն էր, ազնիվ խոսք, ու դրանից հետո պիտի տեսնեիք, թե ոնց փոխվեց էդ մարդու դեմքը։ Ձեռքերը վերև է պարզել, Աստծուն շնորհակալություն է ասում, որ իրեն հասկացող կա էստեղ։ Իրավիճակը բացատրեց, ես էլ իրեն բացատրեցի, որ մինչև ժամը հինգը փակ ենք պահելու փողոցը, չի կարող անցնել։ Հասկացանք իրար, մեքենան թողեց էդ տարածքում, ոտքով գնաց մոր հետ։ Էս մեկ։

Ուրիշ բան պատմեմ։ Էնպես է ստացվել, որ բարեկամներիցս մեկի ամուսինը ֆրանսիացի է։ Արդեն հասկանում եք երևի, որ ոնց որ ամեն ընտանիքում, մեր տանն էլ են ասում․«Մի քիչ ֆրանսերեն խոսի՛ր հետը, լավ էլի»։ Առաջին հանդիպմանը դեռ մի տարի էր, ինչ ֆրանսերեն էի սովորում։ Ամենավատ շրջանն էր, բերանս չէր բացվում, ահավոր էր։ Մի տարի հետո, երբ գնացի Բելգիա, արդեն ցանկություն կար խոսելու։ Ինձանից գոհ մի երկու բան ասել եմ, չեմ էլ հիշում ճիշտ, թե սխալ։ Էս երկու։

Հաջորդ դեպքը Ֆրանկոֆոնիան էր։ Էլ ինչ բացատրեմ։ Էսպես ասեմ, ֆրանսերենի իմացությամբ էին ընտրում։ Ես էի էդպես մտածում, համենայն դեպս։ Վստահ էի, որ եթե չտիրապետեիր լեզվին, քեզ չէին ընտրի։ Էդտեղ էլ պետք եկավ։

Եթե շատ փոքր բաները չպատմեմ, ուղղակի ասեմ, որ Վերնիսաժում երկու ֆրանսիացիների էինք օգնել, ում հետ հարցազրույց ենք ունենալու շուտով։ Էս էլ ձեզ չորս։

-Անո՛ւշ, մեր լեզվով են խոսում,- ասաց Անետան։ Հա, արդեն մեր լեզուն է։ Մեղսի քեզ, ուֆաղ։ «Ղ» եմ ասում, որովհետև էդպես է ձևը։

Բայց էսքան որ խոսեցի, լեզվի մասին չէի ասում, Ուֆառից էի պատմում։ Ինչքան էլ չընդունեմ, բայց էս հնարավորությունները հենց ֆրանսիականն է տվել ինձ։ Էլի եմ դժգոհելու էս բուհից ամեն անգամ, որ նոր դասացուցակ ստանամ, ամեն անգամ, որ մոտենա քննաշրջանը, հենց վերջանա, հենց շաբաթ դասի կանչեն, հենց մեռելոցը հաշիվ չլինի։ Ինչքան ուժ ունեմ` բողոքելու եմ։ Ու ինչքան կարող եմ, նոր հնարավորություններ եմ ման գալու, որ արդարացնեմ էս չորս տարին, որ նվիրել եմ քեզ։

Վերջ, հա՞, ոնց որ թե։ Ասելիքս ասացի, նորից կարդացի գրածս։ Ուրեմն․․․

Ես դանդաղ սահեցնում եմ մկնիկը, պահպանում եմ գրածս, փակում եմ Microsoft word-ը ու ուղարկում էս ամեն ինչը ձեզ։

zarine kirakosyan

Արշակ պապի, ռադիոյի ու էդ օրվա մասին

Թե հնար լիներ, ասֆալտը կգոլորշիանար, Արշակունյացի ասֆալտը, որ ստվերի տակ փախչելու տեղ չուներ, ոչ մի կարգին ծառ կար, ոչ էլ մի անպետք բարձրահարկ նորակառույց, որ էս օրերին մի բանի կծառայեր։

Վամպիրների պես ամեն մեկս մի տեղ էինք քաշվել, որ արևին չհանդիպենք, էն արևին, որի մասին գարնանը երգեր էինք գրում։ Ժամը 12-ն էր, երբ ստվերդ հասակիցդ 20 անգամ կարճ է, եռահարկ շենքերի 70 սանտիմետրանոց ստվերներում նույն ուղղությամբ քայլելիս՝ հազիվ մի հոգի կտեղավորվեր, մյուսներս անիծում էինք արևը։ Պարբերական անիծողները, անեծքների դասական շարքի հերթականությամբ գալիս, հասնում էին «էս երկրին»։

Հոգնած ասֆալտի վրա բաց դռներով մի «օփել» էր կանգնած՝ ռադիոյի ձայնը էնքան բարձր, որ էդ պողոտայի աղմուկի ու ձայների արանքում չկորչի ձայնը, չհալվի, գա հասնի (երևի) Արշակ պապին, որ չգիտես՝ ինչի, ղեկի կողմից չէր նստել, մի ոտքը մեքենայի մեջ, մյուսը՝ մայթեզրին։

Ուշադիր լսում էր, թե ռադիոյով ոնց է երիտասարդ ու առույգ ձայնով մեկը հաղորդում քաղաքական լուրերը, կամազների, ֆուռերի ձայների արանքում մի կերպ որսում էր բառերը՝ ուշադիր ռադիոյին նայելով, իբրև թե որ ռադիոն աչքի առաջ էր, ավելի լավ էր լսելու։ Լսում էր, մինչև էս բառերը դուրս թռան, բայց էս անգամ մնացին օդում․

-Մշակվում է զարգացման 15-ամյա ծրագիր․․․

(Երևի) Արշակ պապը ժպտում էր, քմծիծաղ էր տալիս, 15 տարին իր համար էլ կատակ բան չէր, 15 տարին իր համար, թե բախտը բերեր, «մնացածն էր»։

Իջեցրեց ձայնը, շարունակությունն էլ չլսեց, երևի մտածեց՝ լուրերն իրեն չէին վերաբերում, կամ էլ չգիտեմ, ինչ իմանաս։

Իսկ ես կանգառում նստած գիտեի, որ իմ երթուղայինը 20 րոպեից շուտ չի գա, մի բան հորինել էր պետք, որ ժամանակին խաբեմ, հնարավոր ա, որ Արշակ պապի արտաքինով մարդու անունը Սամվել էր, ով ռադիոյի ձայնը չէր էլ լսում, մտքերով թոռանը՝ Արթուրիկին էր հիշել, որը նոր է սկսել քայլել, ու ժպտում էր։

Իմ մտքերից ես էլ ուրախացա, ուրախացա, որ ինքը չլսեց զարգացման 15-ամյա ծրագրի մասին (որ կարող է` չտեսներ), և որ թոռը սկսել է արդեն քայլել, քիչ մնաց շնորհավորեմ։
Արդեն երրորդ պատմությունն էի ուզում հորինել էս մարդու կյանքի մասին, երթուղայինս եկավ։

Շոգ էր, ինձ կտրեցի սցենարիստի նստարանից, ծառի տակից փախա դեպի ավտոբուս էնպես, ինչպես անձրևի ժամանակ ենք կանգառից վազում մեր երթուղայինը, որ մի կաթիլ անձրև չկպչի մեզ, իսկ հիմա մի բուռ արևից խոսափելով՝ նստեցի ու հիշեցի, որ 40 րոպեից միայն կարող եմ իջնել։ Իսկ դիմացս նստած էր մի զույգ՝ իրարից նեղացած կամ հոգնած կամ չգիտեմ, ճանապարհին կորոշեմ։

Ամառ էր, Արշակունյացի վրա ու մի քիչ շատ հեռուներում էլ ամառ էր, ու արևը գլխներիս հետ մի բան արել էր։

tatevik aramyan

Անհայտ ճակատագիր

-Մա՞մ, բա էդ ո՞վ էր զանգել։

-«Կարմիր խաչից» Աշոտ քեռու հարցով էին զանգել, ԴՆԹ-ի անալիզ պետք ա վերցնեն։ Դե, հնարավոր ա՝ ինչ-որ մի տեղ գտնեն իրեն, ու հիշողության կորուստ լինելու դեպքում նույնիսկ կարողանան իմանալ, որ հենց ինքն ա։

Ու էսպես, արդեն 25 տարի է անցել էն օրվանից, երբ քեռիս մեկնեց ռազմաճակատ։ Ու ամեն զանգից մամայիս սիրտը վեր է թռնում։ «Երևի ինչ-որ նորություն կա Աշոտիցս»,- մտածում էր մայրս ու սկսում նորից պատմել այդ չարաբաստիկ պատմությունը։ Դե, ես էի, էլի, եսասերի նման անընդհատ հարցեր էի տալիս՝ գիտակցելով, որ մայրս էդ ամենը հիշելիս ցավ է զգում։ Ինչևէ, երևի էս 25 տարիները մի քիչ, շատ քիչ բթացրել են էդ ցավը։

Քեռիս մեկնեց ռազմաճակատ էն ժամանակ, երբ նորաստեղծ բանակ էր զորակոչվել իր միակ տղան՝ Արշակը՝ եղբայրս։ Դե, ոնց կարող էր հանգիստ նստել, եթե տղային արդեն բարձրացրել էին դիրքեր Քյալբաջարում (Քարվաճառում): Քեռիս թողել է ամեն ինչ իր որդու կողքին լինելու համար։ Նրանք կռվում էին նույն ճակատում։ Չորս ամիս էր, ինչ քեռիս հեռու էր տնից ու կռվում էր էս մի թիզ հողը պահելու համար։ Բայց․․․ Դեկտեմբերին գիշերը խոշոր հարձակում Ադրբեջանի կողմից․․․ Կռիվը անհավասար էր, և ադրբեջանցիները գրավեցին դիրքերը։ Երկու կողմերն էլ շատ զոհեր տվեցին։ Եղան նաև անհայտ կորածներ, որոնց մեջ էր իմ Աշոտ քեռին։ Դիրքերը հետագայում հայկական կողմը հետ վերցրեց։

Քեռուս գտնել չէր հաջողվում։ Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ մղձավանջի միջով է անցել մորս ընտանիքը՝ տատս, պապս, մորաքույրս։ Փոքր քեռիս էլ կորցրեց առողջությունը՝ դիակների մեջ նրան փնտրելով։ Անընդհատ ու ամենուր փնտրում էին քեռուս, ամեն անցնող զինվորի մեջ տատս տեսնում էր իր որդուն։ Եկավ մի ժամանակ, որ էլ չէին փնտրում, նրան տվեցին անհայտ կորածի կարգավիճակ։ Էս վերջերս էլ հուշաքար կանգնեցրին, վրան գրված․ «Աշոտ Համբարձումի Ներսիսյան», էլի էդ նույն գրությունը՝ անհայտ կորած։ Էդ արտահայտության մեջ միաժամանակ այնքան ցավ ու այնքան հույս կա․․․

Երևի անորոշությունից ու սպասումից անտանելի բան չկա, չէ՞։ Ու այդ սպասման մեջ հույսը անպայման պետք է ներկա լինի։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ կարոտել ու սիրել մի մարդու, որին երբեք չեմ տեսել։ Հա, քեռ, ես հավատում եմ, որ դու ողջ ես ու մի օր կկարդաս գրածս։ Ես լի եմ լավատեսությամբ ու հույսով, ու գիտեմ, որ մի օր գալու ես, անպայման գալու ես։ Քո ընտանիքը, մենք քեզ սպասում ենք։

ofelya hovhannisyan

Անուշադրության վնասները

Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, սովորականի նման վաղ արթնացա և շտապեցի պարապմունքի: Ինձ համար պարապմունքի գնալը ավելի հեշտ ու հարմար, է քան տուն վերադառնալը: Քանի որ ամեն օր տուն վերադառնալիս ինչ-որ անհեթեթ, միևնույն ժամանակ, նաև հետաքրքիր և ծիծաղաշարժ բաներ են պատահում:

Երկուշաբթի օրը՝ պարապմունքից հետո, հոգնած նստեցի նստարանին ու սկսեցի փնթփնթալ քթիս տակ ու տեսնեմ, որ երթուղայինը կանգառի մոտ կանգնեց և պատրաստվում էր շարժվել: Առանց կարդալու, թե դա որ երթուղայինն է, արագ նստեցի: Ավելի ճիշտ, կանգնեցի, քանի որ նստելու տեղ չկար: Հենց սկզբից զգացի, որ մի բան այն չէ. անծանոթ դեմքեր, պատուհանից էլ չէի կարողանում դուրս նայել, որովհետև տեղս հարմար չէր: Քիչ հետո զգացի, որ ուրիշ ուղղությամբ ենք գնում, բայց ամաչեցի վարորդին հարցնել, դրա համար մի փոքր կռացա և առջևի նստած կնոջը հարցրի.

-Կներեք, մի բան էլի հարցնեմ, էս Գագարինի գազելը չի՞:

-Չէ, բալես, էս Գեղամավանի գազելն ա:

Հասկացա, որ շփոթվել եմ: Ուզում էի մի փոքր առաջ գնալ, հանկարծ զգացի, որ ձեռքս ինչ-որ մեկը բռնեց, երբ շրջվեցի, տեսա, որ այն նույն կինն էր, ում օգնությամբ հասկացել էի, որ շփոթվել եմ: Նա սեղմեց ձեռքս և ասաց.

-Բալես, կարո՞ղ ա շփոթվել ես:

-Դե՜, ես… Ճիշտն ասած՝ պետք ա Գագարինի գազելը նստեի:

-Արդեն հոգեբուժարանը անցնում ենք, կուզե՞ս՝ ասեմ վարորդին, թող կանգնի, ոտքով կգնաս Գառաժ (Սևանի թաղամասերից է, որը ամենամոտն էր ինձ ներկա դրությամբ), այնտեղից քո գազելը կնստես:

-Հա էլի, եթե դժվար չի, շատ եմ խնդրում, ասեք՝ թող կանգնի:

-Վա՜յ, իմ աղջիկ, քեզ վատ մի զգա, բոլորի հետ էլ պատահում ա: Ստեղ կանգնեք, թող իջնի էլի էս երեխեն:

Երբ առաջ եկա, որ իջնեմ, բոլորը ինձ էին ուշադիր նայում, ես արագ գլուխս կախեցի, որպեսզի հուզմունքս թաքցնեմ, բայց ապարդյուն, հայտնվեցի ավելի վատ իրավիճակում: Թղթապանակս, որի մեջ թղթերի մի ամբողջ կապոց կար, բացվեց, և թղթերս թափվեցին հատակին: Ես կռացա, որ հավաքեմ, այդ պահին գազելը կանգնեց, և ես, առաջ գալով, շտեմարանով հարվածեցի դիմացս նստած տղայի ուսին: Ներողություն խնդրելով՝ սկսեցի թղթերս հավաքել և գրպանիցս գումարը հանել: Արագ վճարեցի և ևս մեկ անգամ ներողություն խնդրելով՝ իջա գազելից: Դեռ ինձ երբեք այդքան վատ չէի զգացել:

Գառաժ հասնելը ավելի քան դժվար էր, հատկապես ինձ համար: Առնվազն 20-ից 25 րոպե էր անհրաժեշտ: Սակայն ամբողջ ճանապարհին այնքան հուզված էի, որ չնկատեցի էլ, թե ինչպես հասա Գառաժ: Այնքան անտրամադիր էի, մտածում էի, որ գժի տպավորություն թողեցի էդ մարդկանց մոտ: Դեռ մի հատ էլ շտեմարանով հարվածեցի ու թղթերս աջ ու ձախ թափելով իջա երթուղայինից:

Հիմա ավելի ուշադիր եմ, առանց կարդալու չեմ նստում ոչ մի երթուղային, բայց ամեն անգամ այդ վարորդին տեսնելիս գլուխս կախում եմ, իսկ ինքը ուշադիր նայում է ինձ ու ծիծաղում:

Բայց ես զգում եմ, որ տարբերվում եմ շատերից, և հաճախ ամաչկոտությանս պատճառով մեծ վնասներ եմ կրում:

izabella sanesyan

Իմ հոգու թարգմանը

Դեռևս հինգ տարեկան էի, բայց ծնողներս շատ էին ուզում, որ ես քանոն նվագել սովորեմ: Ինքս էլ միանգամից ուզեցի քանոն նվագել, երբ հեռուստացույցով տեսա գեղեցիկ քանոնահարուհուն ու լսեցի այդ կախարդական ձայներ արձակող գործիքի մեղեդին:

Ի վերջո, յոթ տարեկանում սկսեցի հաճախել Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց: Երբ առաջին անգամ գիրկս դրեցի քանոնը, այն մի քիչ ծանր էր, ես անընդհատ ինչ-որ լարերի էի դիպչում ու այդ լարերը կարծես սրտումս լինեին: Սկզբից ուսուցչուհիս նվագեց. ես անհամբեր իմ հերթին էի սպասում: Մի քանի ամսից արդեն բավականին լավ տիրապետում էի գործիքիս:

Հիշում եմ՝ երբ երեխաներին ասում էի, որ իրենք էլ երաժշտական դպրոց հաճախեն, բնականաբար հարցնում էին, թե ես ինչ գործիք եմ նվագում: Ու լսելով, որ քանոն եմ նվագում, կեսկատակ ասում էին.

-Ո՞նց… Ուրեմն եթե հիմա քանոն տամ, կարո՞ղ ես նվագել:

Այո՛, նույնիսկ երաժշտական դպրոցում շատ երեխաներ չգիտեին քանոնի մասին: Պատահում էր նաև, որ մի տեսակ իմիջիայլոց էին վերաբերվում՝ ասելով, որ անունը քանոն է, քանի որ եռանկյունու տեսք ունի ու… Կարելի է դրանով մե՜ծ թղթի վրա գծել: Ինձ նրանց այսօրինակ խոսքերը բնավ դուր չէին գալիս: Ես ուզում եմ, որ շատ ու շատ մարդիկ իմանան քանոն կոչվող հրաշալի երաժշտական գործիքի մասին: Հետո մտորում էի, որ հուսահատվել պետք չէ, քանի որ թեկուզ իմ գյուղի ու իմ դպրոցի համար կնվագեմ:

Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ես շարունակում եմ քանոն նվագել դպրոցական միջոցառումներին ու իմ՝ ութերորդ դասարանի համար: Ես նաև դաշնամուր եմ նվագում, բայց քանոնն ինձ ավելի հոգեհարազատ է: Երևի դա նրանից է, որ ամեն անգամ նվագելիս գիրկս եմ առնում քանոնս ու հիշում մեծ տատիկիս խոսքերը. «Այն երաժշտական գործիքը, որին գրկում ու հպվում ես, ավելի մոտ է սրտիդ, քան այն գործիքը, որի դիմաց նստում ես»: Ես հենց այդպես էլ զգում եմ:

Շատ կուզեի, որ հայերը շարունակեն քանոն նվագել, քանի որ այդ խոսուն մեղեդիներ արարող երաժշտական գործիքը մեր մշակույթի մի մասն է:

«Կանթեղ» գրական խմբակ

tatevik aramyan

Նրա հետ և առանց նրա

-Տաթ, էն ի՞նչ համար ա գալիս, հո 44-ը չի՞:

-Էհ, Սոն, մոռանում ես, որ էսօր ակնոցս չեմ վերցրել, էնքան շտապեցրիր, տանը մոռացա:

Մանկուց դեռ մի հիմար երազանք ունեի, որը, ցավոք, զարմանալիորեն դարձավ իրականություն (դե, երազանքները ընդհանրապես իրականանալու հատկություն չունեն): Երազում էի ակնոց կրել. հա, հա, ճիշտ կարդացիր: Բնականաբար չէի գիտակցում, թե ինչի համար է նախատեսված ակնոցը: Ինձ համար այն ուղղակի սիրուն էր, ու պատկերացնում էի, որ պետք է ունենամ տարբեր գույնի ակնոցներ, ու ամեն շորի հետ որը սազի, էն էլ դնեմ: Բայց արի ու տես, որ էս դեպքում էլ պատկերացումներն ու իրականությունը լիովին տարբերվում էին: Ակնոց դնելն արդեն պարտադիր էր: Կարիքը զգում էի ամեն տեղ, որտեղ հեռվում տեսնելու որևէ բան կար: Սկզբում ակնոց կրելը ինձ դուր էր գալիս, դե, նոր ոճային փոփոխություն էր արտաքինիս մեջ, բայց հիմա փոփոխությունների սիրահար լինելով՝ հոգնել եմ դրա անընդմեջ ներկայությունից: Բայց ամեն դեպքում հրաժարվել իմ փոքրիկ բարեկամից… Ոչ, աչքերս դեռ պատրաստ չեն դրան:

Իսկ երբ ինչ-ինչ պատճառներով կյանքիդ անբաժանելի դարձած մասը՝ ակնոցը, բացակայում է, ակամա հայտնվում ես զավեշտալի իրավիճակում: Քեզնից նեղանում են զուտ նրա համար, որ քեզ հեռվից բարևել են, բայց դու իրենց բարևին չես պատասխանել, որովհետև դեմքը չես տեսել:

-Տաթև, մեր հարևան Ասյա տոտային խի՞ չես բարևում, երեկ ասում ա՝ մեծ կնիկ եմ, անցնում ա, մի հատ չի էլ բարևում:

-Մամ, լավ էլի, ես անշնորհք չեմ, ուղղակի ակնոցս մոտս չէր:

Հա, ու հիմա էլ, պիտի սպասեմ, որ երթուղայինը հասնի կանգառ. ախր, ակնոցս…

zarine kirakosyan

Կիսաբաց լուսամուտներ՝ պատմվածքների ետնաբեմում

Ամեն օր սիրուն, ընտրված բառերով պատմվածքներ կարելի է կարդալ՝ էդպես էլ չիմանալով էդ պատմվածքների սևագրերը, ու թե ինչ կա պատմվածքների ետնաբեմում, ընթերցողից ու մաքրագրից էլ էն կողմ։ Արի իրար հետ սևագիր անենք էս պատմվածքը, սխալ տողերը չջնջենք, ու գրենք նույնիսկ էն, ինչ մենակ մտածելու համար է, արի ծանոթանանք պատմվածքների ետնաբեմերին։

Ամեն ինչ էսօր էսպես սկսվեց։
Իբր ուզում եմ մի բան գրել, բայց էս անտեր մտքիս երեք ժամ կլինի՝ մի կարգին բան չի գալիս: Աշխարհի երեսին ամեն ուշադրության արժանի ու չարժանի բան մտքովս անցած կլինի: Սկզբում մտածեցի, որ եթե մանկությունիցս մի դեպք գրեմ, մի բան դուրս կգա, հետո հիշեցի, որ մի կարգին չեմ էլ հիշում արդեն, նույնիսկ էդքան սիրելի պապիս ու տատիս դեմքերն եմ սկսել խառնել իրար։ Մոտավորապես հիշում եմ, որ մեծանում էի, տնեցիք մեկ-մեկ երես էին տալիս, պապս էլ շուտ-շուտ «Անահիտ»-ն էր պատմում, բայց դե ի՞նչ կա էդտեղ գրելու, է: Հա, բոլորն էլ մեծանում են։
Հետո հիշեցի, որ հաստատ պիտի պատմեմ իմ երթուղայինի արկածներից: Դե, իմ ուղեղում դրանք կարգին արկածներ էին, բայց թղթի վրա պարզվեց՝ ոչ մի բանի էլ պետք չեն, ոչ ծիծաղելի են, ու որ ամենավատն է, ոչ էլ հետաքրքիր։
Է, ի՞նչ կա որ, պատահում է, հետո ասացի՝ սրամտեմ, մի նոր բան մոգոնեմ, թե ասենք` պետությունը նոր հարկ պիտի ստեղծի, եթե դու «վերևի հարևան» ես կամ շենքում ապրող թմբկահար։ Դե, հա, միտքը էդքան էլ վատը չէր, մի խեղկատակություն գրել կլիներ, բայց հետո վախեցա՝ մի օր էս գրածս մի անհումոր պաշտոնավորի աչքի տակով անցնի ու սկսի լուրջ մտածել էս ուղղությամբ։
Էս էլ թողեցի։
Չէ, բայց մի բան գրել պետք ա, էսքան չեմ քնել։ Թե բացեմ կապոցով կիսատ թողած պատմություններս, ու շարունակենք իրար հետ, հնարավոր ա՝ մի պիտանի բան գտնվի։ Էս մեկի սկիզբը ոնց որ մի բանի նման է.

1. «Տեսնես` պատահականությամբ քանի՞ Հիտլեր են ժամանակից շուտ մեռել (չնայած՝ ժամանակից շուտը ո՞րն է, ճիշտ ժամանակին), կամ քանի ապագա Մոցարտ է մահացել տիֆից։
Օրինակ՝ հնարավոր է, որ Ստալինը 1,5 կգ է ծնվել ու մի կերպ է փրկվել: Դե, ի՞նչ կա որ, հնարավոր է, իսկ այ եթե… Այդ դեպքում չէին լինի Գրանդ Քենդիի cccr պաղպաղակները 21-րդ դարում, իսկ այ, 20-րդ դարում էլ ինչ ասես, որ չէր լինի»։

Չէ, է, չարժի, ի՞նչ օգուտ, թե ինչ կլիներ Ստալինի չլինելուց, Ստալինը ծնվել, ապրել ու կարգին մեռել է արդեն, cccr պաղպաղակներն էլ վատը չեն: Հետո Ստալինի մասին կատակելը կատակ բան չի, գլխիս մի բան չբերեմ: Էն Գորբաչովը դեռ ողջ է, (թե՞ ողջ չի), բայց հետաքրքիր է՝ տիֆից մեռած պոտենցիալ մոցարտներին որտեղից եմ մոգոնել, մեկ-մեկ գրածներս կարդում ու կարգին ծիծաղում եմ, հա՜։ Էս մեկը անցանք հաստատ, իսկ սա՞:

2․ «Այն օրերին, երբ դեռ խնձորը չէր հասնում ծառերին (խակ ուտում էինք), իսկ հայրս չգիտեր Մոսկվայի ասֆալտի գույնը, պապիկը հավաքում էր մեզ ու պատմում Անահիտի ու Վաչագանի պատմությունը։ Մենք, որ այդքան էլ քիչ չէինք, պապին հարցեր էինք տալիս այս ու այն կողմից Վաչագանի աչքերի գույնի ու կոշիկի ձևի մասին: Պատասխանները փոխվում էին ամեն պատմելու հետ, թե մի անգամ Վաչագանը սևահեր տղա էր, մի ուրիշ անգամ կարմրահեր էր ու կապուտաչյա, մի ուրիշ անգամ էլ պապս նույնիսկ ասաց, թե չի հիշում։
Իսկ մի ոչ այդքան գեղեցիկ օր դպրոցում տխրեցի, երբ իմացա, որ Անահիտի ու Վաչագանի պատմությունը ամենևին էլ պապս չէր գրել»։

Դե, սա շարունակել կարելի է, բայց ի՞նչ գրես: Էս պատմությունը էսպես էլ ավարտվեց, ու հետո բաներ կա՝ տրամադրություն է պետք գրելու համար: Էս գրելու համար պիտի մի կես ժամ նայեմ պապիս մեքենային, որ տարիներով բակում կանգնած՝ անձրևի հետ կյանքի ու մահվան կռիվ է տալիս, բայց էդպես էլ ոչ մեկը չի քշում, թե չէ` էսպես գյուղիցս 120 կմ հեռու՝ մահճակալիս պառկած՝ դժվար ստացվի։ Բայց եթե մտածում ես՝ արժի շարունակել, անպայման ասա, ինձ թվում է, մի օր (հաստատ ոչ էսօր) կարելի է գրել։

Օ՜, աչքովս մի հին բան ընկավ, մոռացա ասեմ, որ մեկ-մեկ էլ ինձ պոետի տեղ եմ դնում, ու փորձում եմ տողերը հանգավորել, թե չի ստացվում, էդպես էլ թողնում եմ, անունն էլ դնում արձակ բանաստեղծություն: Դե, հիմա էդպես կարելի է, եթե Դյուշանի պիսուարը («Շատրվան» աշխարհահռչակ գործն է) արվեստ է, իմ տողերին ի՞նչ է եղել, որ։
Լավ է՜, շատ եմ շեղվում: Դե, գիտեք, գիշերը ամեն տեսակ հիմարության մասին մտածելը հեշտ է: Ամեն դեպքում ուզում էի ասել, որ ես մեկ-մեկ էլ չափածո եմ գրում, ու էս մեկի սկիզբը մի քիչ հարազատ է նույնիսկ էս պահին՝ գիշերով, ու թե ուզում ես հետս գրել, արի հենց էս մեկն էլ շարունակենք։

Ու հնձած խոտի հոտն արևատապ
Նորից հանդերից իջել է տներ,
Գերանդիները ուսերին առած՝
Պապն ու տղերքը գնում են հանդեր։

-Սուրի՛կ պապ, ծանր ա ոնց որ գերանդիդ,
Գնում եմ սարը, նստի մեքենան։
-Վայ, ախպե՛ր Սերոբ, մեռնիմ արևիդ,
Մենք շատ ենք, ոչինչ, դու հանգիստ գնա։

-Սուրի՛կ պապ նստի, քո տեղը միշտ կա
Թե մեքենայում, թե գլխիս վրա,
Դու նստի ավտոն, ջահելնին կգան,
Կնեղանամ, հա՜, տղերքը վկա։

Բայց ես սա երեք տարի առաջ եմ գրել, նույն ոճով շարունակելու համար ժամանակի մեքենա պետք կգա: Արի` դու ինձ սպասիր կես ժամ, ես տեսնեմ՝ ինչ եմ անում էս տողերիս հետ: Տեսնեմ՝ Սուրիկ պապը նստում է, թե չէ։

04։05։ Ես եկա, հո շատ չսպասեցի՞ք, քնել է պետք: Էս ավարտն էլ դնեմ ու գնամ։

Մինչը օրը ճաշ էր դառնում հանդերում,
Գյուղում հարսները բամբասում էին,
Թե կաղ Ռաֆիկի տղա Բաբկենը
Սիրում է բոյով, գոռոզ Ասյային։

Թե Արան երկար նայեց Մանուշին,
Լուսիկը թարս էր լվացքը փռել,
Ու էն Լենայի փախցրած աղջիկը
Էդքանից հետո տուն է հետ դարձել։

Գյուղը ապրում է միշտ դժվար այսքան,
Բայց պարզ մտքերով էս կյանքի մասին,
Որ «հաց» ունենա սոված երեխան,
Ինքն էլ ունենա հարգանք ու պատիվ։

Չոբանը նոր էր տանում կովերին,
Արևն էլ դեռ նոր ուզում էր ելնել,
Բայց արթնացել էր վաղուց գյուղացին,
Ու հասցրել էր նա նույնիսկ հոգնել։

Պատանեկան IV մեդիաֆորում. «Արտեկ»

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Եթե ծնողներդ, տատիկդ կամ պապիկդ պիոներներ են եղել, ուրեմն, անկասկած լսել են 90 և ավելի տարիների պատմություն ունեցող  «Արտեկ» ճամբարի մասին, որտեղ հնարավորություն էին ունենում մեկնել պիոներները լավագույն ձեռքբերումների շնորհիվ։ Այսօր «Արտեկը» Ռուսաստանի լավագույն միջազգային ճամբարն է համարվում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում տարբեր երկրներից ժամանած երեխաները հնարավորություն են ունենում 20 օր անցկացնել Սև ծովի ափին, Այու-դագի կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Արջ սարի հարևանությամբ։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Արտեկում ճամբարականներին տրվում է միագույն հագուստ՝ ըստ ճամբարների. «ծովային» և «գետային»  ճամբարների գույնը կապույտն է, «ճենապակյա» ճամբարինը՝ մանուշակագույնը, «դաշտայինները» դեղին են կրում, «անտառայինները»՝ կանաչ և այլն։ Յուրաքանչյուր ճամբար ունի հատուկ ուղղվածության ջոկատներ՝ բնապահպանության, զբոսաշրջության, ծովային, լրագրության, բժշկական, ռազմահայրենասիրական և այլն։
Արտեկում օրը բավականին վաղ է սկսվում։ Երբ արևի կարմրանարնջագույն ճառագայթները նոր են խառնվում հորիզոնի կապույտին, արտեկցիներն արդեն արթուն են և շարք կազմած ճաշարան են շտապում։ Ճաշարանն ընդարձակ է, լուսավոր, մեր հագուստների գույնին համապատասխան կապույտ։ Ճաշարանի հենց մեջտեղում, մեծ վանդակի մեջ մի գունազարդ թութակ է ապրում, ով հաճախ իր կչկչոցով ավելի աղմկալի է դարձնում սնվելու ընթացքը։
Օրվա գրաֆիկն Արտեկում բավականին խիտ է։ Օրվա մեծ մասը երիտասարդները մասնակցում են վարպետաց դասերի, դպրոց են հաճախում, զանազան ծրագրեր են իրականացնում և անհամբերությամբ սպասում են «Աբսալյուտին»։ Այդպես կոչում ենք հանգստի ժամերը, որոնք սովորաբար ամեն անգամ տարբեր տևողություն ունեն։ Այդ ընթացքում ոչ ոք սենյակներից դուրս չի գալիս, և հայտարարվում է քնի ժամ։ «Աբսալյուտից» հետո ջոկատը սովորաբար հավաքվում է սենյակներից մեկում, քննարկում կազմակերպչական հարցեր։ Առաջին օրերին քննարկման օրակարգում կապիտանի ընտրության հարցն էր։ Կապիտանը ջոկատի պատասխանատուն էր լինելու ջոկատավարներից հետո։ Մեր՝ 6-րդ ջոկատը, որոշեց իրականացնել փակ ընտրություն, ինչի արդյունքում թեկնածություն առաջադրած մասնակիցներից կապիտան ընտրվեց Դանիելը՝ ամենահավասարակշռված տղան մեր ջոկատում։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Կհարցնեք` ինչպիսի՞ն են այստեղ մարդիկ։ Մարդիկ ամեն տեղ նույնն են, ցանկացած տարիքի, բնավորության, երևույթների հանդեպ ունեցած վերաբերմունքի… Առաջինը, ում հետ ծանոթացել էի, Ալեքսանդրան էր (Սաշա)՝ տարօրինակ ոճով, ինձ համար արտասովոր պահվածքով, թեև հաճելի բնավորությամբ համարձակ մի աղջիկ, ով մեր հանդիպման առաջին պահից սկսեց հարցուփորձ անել, հետաքրքրվել իմ նախասիրությունների, ազգային պատկանելիության ու լեզվի մասին։ Արտաքնապես պայծառ ու ժպտերես Սաշան բավականին տարբերվում էր մնացածից։ Նրա տարօրինակ դաջվածքները, մուգ գույներով շպարը ինձ անհասկանալի ու անիմաստ էին թվում, իսկ ականջների մեծ, շրջանաձև անցքերը ճամբարում բոլորի հետաքրքրությունն էր շարժում։ Արտեկ եկել էր աշխատանքային խմբի հետ, բայց ստացվել էր այնպես, որ խումբը բաժանվել էր, և Սաշան հայտնվել էր «ծովային» ճամբարում՝ մեզ հետ։
Ճամբարային կյանքի երկրորդ օրվա կեսից Արտեկում ապշեցուցիչ լռություն տիրեց, ու ճիշտն ասած, արտեկցիների այդչափ կազմակերպված պատասխանատվության զգացումը հիացրեց ինձ։ Բանն այն էր, որ նախապես զգուշացվել էր, որ Կերչի զոհերի հիշատակի համար հարգանքի տուրք է մատուցվելու։ Արտեկի բոլոր ճամբարների բոլոր ջոկատները մեկը մյուսի հետևից մեծ հրապարակում ծաղիկներով, մոմերով ու «Կե՛րչ, Արտեկը քեզ հետ է» գրությամբ պաստառներով լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհ դարձածների հիշատակը։
Այդ օրը հասցրինք նաև մեդիամենեջերների (երկրորդ անգամ մեդիաֆորում եկած ճամբարական, ում ծրագրերով նորեկները փորձ են ձեռք բերում)  երեք ծրագրերից ընտրել մեկը, որի վրա պետք է աշխատեինք այս օրերի ընթացքում։
Իսկ օրվա վերջում մեզ անակնկալ էր սպասվում։ Մեզ հանձնարարվեց տպավորությունների  նամակ գրել, որը փոստով ուղարկելու էինք ինքներս մեզ։ Մեր վերադարձից հետո միայն յուրաքանչյուրիս տուն պետք է հասներ՝ հիշեցնելու մեր անցկացրած անմոռանալի 20 օրերի մասին։

Դեռ Արտեկում եմ, էլի կգրեմ:

anush davtyan

Մոնտենեգրական արևից ու մեր արկածներից

Հոկտեմբեր ամիսն էր։ Մենք հինգ հոգով էինք ներկայացնում «Մանանան»։ Մոնտենեգրոյում էինք, ի դեպ։

Մոնտենեգրոյում ամառներն ավելի երկար են, բայց ոչ թե ամսվա մեջ օրերի քանակով, այլ «սոլյարի» գնացածի տեսք ունենալու հնարավորություններով։ Հա, բոլորը գնում են ծով մի նպատակով՝ արևային լոգանք ընդունելու։ Ու էս երևույթը տարիք, սեռ, հագուստ չի ճանաչում (լողազգեստի գծի տեղը չպիտի մնա)։

Հիմար կզգաս ինքդ քեզ, եթե հասնես Ադրիատիկ ծովի ափ ու գոնե փորձ չանես ջուրը մտնելու։ Փորձը ո՞րն է։ «Գաղտնի» լողափ էինք գտել, ոտքով-գլխով մեզ ջուրն էինք գցում։ Ու իրականում կապ չուներ՝ ով լողալ գիտի, ով՝ չէ։ Բոլորս մեկի պես ջուրն էինք մտնում։ Իմ ու քո չկար, լավ ու վատ չկար, մոտ ու հեռու չկար․ բոլորս մի մարդու պես գնացինք, կազմակերպիչներին էլ տարանք անգամ։

Հիմա էսպես նկարագրում եմ, հետ եմ դառնում, գրածս կարդում եմ, մտածում եմ, թե ամբողջ օրը լողափում ենք եղել, ոչ գործ ենք արել, ոչ բան։ Բայց դե, չէ։ Էս ամեն ինչի համար մենք օրվա մեջ ընդամենը մեկուկես ժամ ունեինք։ Իսկ մնացած ընթացքում կպած աշխատում էինք։

Ծրագրի նպատակն էր` սովորեցնել 8 երկրներից ժամանած 45 մասնակիցներին, թե ինչպես զրոյից մշակել և այնուհետև իրականացնել փոխանակման ծրագիր կամ թրեյնինգ։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում մենք հիմնականում քննարկում էինք «Erasmus +»-ի հարթակում ծրագրերի գաղափարներով դիմելու հիմունքները, անհրաժեշտ պայմաններն ու այն կարևոր կետերը, առանց որոնց դիմումը հաստատ չէր ընդունվի։ Սրանից բացի՝ մենք բոլոր հնարավոր ձևերով ծանոթանում էինք մյուսների հկ-ներին։

Ամեն օր ներկայանում էինք տարբեր մարդիկ, կիսվում էին իրենց փորձով, ներկայացնում էինք կազմակերպությունները, պատմությունը, անցած ճանապարհը, ամենադժվար պահերն ու ամենամեծ հաղթանակները։ Էլի եմ ասում՝ իմ ու քո չկար, ամեն տեսակի օգտակար ինֆորմացիան մենք շատ արագ տարածում էինք իրար մեջ, ուրիշի փորձը մերն էինք դարձնում։

Բացի այդ՝ այցելել ենք մի քանի մոնտենեգրական հասարակական կազմակերպություններ, ուր ծանոթացել ենք դրանց աշխատանքի հետ։ Այնուհետև զրուցել ենք հիմնադիրների հետ, հետաքրքրվել ենք, թե ինչ խնդիրների են հանդիպել գործունեության ընթացքում և թե ինչպես են դրանք հաղթահարել։

Ձեռք բերած գիտելիքների և փորձի հիման վրա՝ ծրագրի ավարտին մենք պիտի ներկայանայինք աշխատանքային տարբեր խմբերով՝ ծրագրի բովանդակությունը գրելու, հովանավորներ գտնելու, կամավորներին մոտիվացնելու, նոր աշխատակիցներին կազմակերպություն ներգրավելու և այլն։ Ամեն մի խումբ համակարգել էր իր կատարած աշխատանքը, ստացել էր գործողությունների հստակ հերթականություն, ոմանք անգամ ունեին գործնական օրինակներ, և այս ամենը վերջին օրը ներկայացվել էր բոլորի առաջ։ Ըստ էության՝ փորձը իրար մեջ փոխանակել էինք։

«Աշխատանքային» գիտելիքներից բացի՝ ամեն մեկս տուն վերադարձավ եվրոպական մշակույթից մի փոքր ավելի տեղյակ դարձած։ Յոթ օրում մենք հասցրինք ճանաչել իրար և փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ամեն ներկայացուցիչ բնորոշում իր երկիրը։ Կարծրատիպեր էինք կոտրում, օրինակ, հույների շատ պասիվ լինելու մասին, կամ որ ֆրանսիացիները շատ սառն են։ Բայց մյուս կողմից էլ ամեն օր ավելի ու ավելի էինք համոզվում, որ եթե իտալացիների ձեռքերը կապես, լեզուն էլ կապ կընկնի։

Հարցրե՛ք՝ ինչ եմ բերել հետս։ Չէ, լուրջ, հարցրե՛ք։ Հարցրե՛ք, որ ասեմ՝ շոկոլադ եմ բերել, թարմ արևայրուք, մի քանի հատ քար ծովափից, խխունջների խեցիներ, շորերիս վրա մնացած ծովի աղ, մեծ տպավորություններ, լավ հիշողություններ։ Հա, ու նոր գաղափարներ, որոնք անպայման իրագործելու ենք։