Չորս անմոռաց օր

Երբ դու ապրում ես Ջերմուկում, ու երբ գալիս են ամառային արձակուրդները, ամենահարմար վայրը, ուր կարող ես գնալ, ճամբարն է, իմ դեպքում Ready to access oportunities regional camp 2018-ն էր: Հուլիսի 10-14-ը ես գտնվում էի Սևանում, որտեղ անցկացրի հիանալի ժամանակ, ձեռք բերեցի նոր ընկերներ ու գիտելիքներ: Գիտե՞ք, երևի էդպիսի բովանդակալից ու ինֆորմացիոն չորս օր վերջին անգամ ունեցել էի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի՝ 17.am-ի կազմակերպած մեդիա-ճամբարի ընթացքում: Այնքան շատ են տպավորությունները, որ որոշեցի գրել ճամբարի մասին ու կիսվել դրանցով:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես նստեցի դեպի Սևան գնացող ճամբարականներով լի միկրոավտոբուսը, որտեղ ինձ միանգամից ընդունեցին այնպես, ինչպես հարազատին կընդունեին: Մենք հենց առաջին վայրկյաններից ցանկանում էինք իմանալ միմյանց մասին ամեն ինչ, դառնալ ընկերներ ու երբեք չբաժանվել: Երբ հասանք ճամբար ու ծանոթացանք մյուս մասնակիցների հետ, մեր ոգևորությունը ավելի մեծացավ: Երբ ամեն ոք իրեն էր ներկայացնում ու իր գործունեությունը իր համայնքում, բոլորս հասկանում էինք, որ հայտնվել ենք ստեղծագործ, խելացի ու էներգիայով լի մարդկանց շրջապատում:

Գիտե՞ք` ամենից շատ նաև տպավորվել է այն պահը, երբ եկել էր ճաշի ժամը, և բոլորս սպասում էինք, ինչպես շատ ճամբարներում է լինում, ոչ համեղ ճաշի, ու հանկարծ միանգամից անակնկալի եկանք այդ համեղ ու հրապուրող ուտելիքից, որին արդեն ճամբարի մյուս օրերի ընթացքում անհամբեր սպասում էինք: Մեր ճամբարի անմնացորդ մաս էին կազմել նաև Պատրիկը ու մեր պահապան շունը` Էտոն:

Պատրիկը Բելգիայից է, ու եկել է հայկական ճամբար որպես կամավոր: Մենք միասին գնացինք Սևան լողալու, հետո նայեցինք Բելգիա-Ֆրանսիա ֆուտբոլային խաղը: Պատրիկը մեզ համար էքսկուրսիա կազմակերպեց դեպի «Կիլիկիա» նավը, որի մասին պատմեց և տեղեկացրեց, որ այն ճանապարհորդել է գրեթե ամբողջ աշխարհով և հիմա սպասում է վերանորոգման, որի հետ կապված խնդիրներ կան:

Դե, իսկ Էտոն մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր հենց առաջին վայրկյաններից: Այնպիսի բարի ու նվիրված կենդանի էր, որ նրան սկսեցին սիրել ու շոյել նույնիսկ ճամբարականներիցս նրանք, ովքեր վախենում են շներից: Չմոռանամ պատմել նաև մեր դասընթացավարների` Շուշաննա Աբովյանի, Սոնա Նահապետյանի, Խաչատուր Մարգարյանի և Սոնա Գրիգորյանի մասին, որոնք ոչ միայն մեզ տվեցին գիտելիքներ ամերիկյան համալսարանների, էլ.նամակների, ինքնակենսագրականների ու հարցազրույցների, հրապարակախոսության ու ազատ խոսքի, առաջնորդության ու գենդերային հավասարության ու այլ թեմաների մասին, այլ դարձան մեր լավ ընկերները, տվեցին մեզ դրական լիցքեր ու մոտիվացրին: Մենք նաև ավելի մանրամասն տեղեկացանք Flex ծրագրից, որից հետո մեզնից շատերը ոգևորված ցանկացան դառնալ նրա մի մասը ու փորձել իրենց գիտելիքները ու բախտը:

Հիշում եմ նաև խաղերը, հանգստյան ժամերը, որոնց ժամանակ մենք հաստատ էլի ինչ-որ ծիծաղաշարժ բաներ էինք մտածում ու անում: Իսկ տաղանդի երեկոյի մասին էլ չխոսեմ, ինչքան տաղանդավոր էին իմ հարևանները, մեկը մյուսից ավելի լավը, ու ոչ ոք ոչ մեկին չէր զիջում իր հմտություններով, որոնք ավելի էին կատարելագործվել ճամբարի ընթացքում: Չմոռանամ գրել նաև նամակների մասին, որոնք մենք գրում էինք մեր ընկերներին, իսկ վերջում ընթերցելիս հուզվում ու համոզվում, որ նրանց երբեք չենք մոռանա ու միշտ կապի մեջ կլինենք:

Հիշում եմ վերջին օրը Սևանի ափին: Բոլորս տխուր էինք, բայց բոլորիս դեմքին ժպիտ կար: Սևանն էլ էր ալեկոծվել ու միացել մեզ: Մենք տխուր էինք, որ վերջացան ճամբարի օրերը, բայց հասկանալով, որ դա մեր վերջին հանդիպումը չի կարող լինել, ժպտում էինք և ուրախանում:

Այդ չորս օրերի ընթացքում մենք բացահայտեցինք ու զարմացրինք ինքներս մեզ ու մեր ընկերներին, և իհարկե, այդ ամենի ընթացքում մեր կողքին էին ճամբարի միշտ դրական կազմակերպիչները` Արմինեն, Աննան և Շուշաննան: Ես և ճամբարի մյուս մասնակիցները անչափ շնորհակալ ենք նրանց այդպիսի անմոռանալի օրերի և յուրահատուկ մթնոլորտի համար, որը ստեղծվել էր նրանց շնորհիվ: Իսկ նրանց, ովքեր ընթերցում են այս նյութը, հորդորում եմ, որ եթե ևս մեկ անգամ տեսնեն այս ճամբարին մասնակցելու հայտը, ապա անպայման դիմեն ու հավատան, որ այդ ճամբարային օրերը կփոխեն իրենց ու իրենց կյանքը, ինչպես իմն ու ընկերներինս փոխեցին:

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 9

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Առաջին հոսքի վերջին օրն էր։ Նախապատրաստել էինք տարբեր բաներ երեխեքի համար։ Թեթև օլիմպիադա անցկացրինք՝ արագ փորձություններով։

Կազմել էինք ցուցակ, որ ամեն ջոկատից ամեն երեխա գոնե մեկ անգամ մասնակցի։ Մոտ տասը-տասնմեկ փորձություն էինք մշակել։ Օրինակ՝ ալյուրով լցված ափսեի միջից բերանով գտնել կոնֆետը, բայց էս ամեն ինչը փակ աչքերով։ Կամ ով ավելի արագ կուտի բուլկին, ով ավելի արագ կառանձնացնի ոսպը սիսեռից։ Մի քանի հատ էլ թիմային ունեինք։ Օրինակ՝ ով ավելի արագ կարող է բաժակից թեյի գդալով ջուր խմեցնել դիմացինին կամ ծիրանի կորիզները կոտրել ու տալ մյուսին։

Էսքանից ամենադժվարը երևի բուլկին էր։ Մի քիչ չոր էր, երեխեքը տանջվելով էին ուտում. կուլ չէր գնում։ Հետևից գոռում էին. «Կե՛ր, կե՛ր»։ Բայց ում է պետք, եթե չեն կարողանում։

Էսպես էլի մի քանի բան, որ համ սովորեն իրար հերթ տալ, համ էլ թիմային աշխատանքի ունակություն ունենան։

Փորձություն կար, որ պիտի փուչիկ փչեն արագության վրա։ Դրա հաջորդ փուլում, էդ փչած փուչիկներին նստելով, պիտի պայթեցնեին։ Բայց էս երեխեքը էնքան էին ակտիվացել, որ ասացին՝ մենք քթով էլ կարանք։ Ու որոշեցին քթով անել։ Էնքան էլ լավ չէր ստացվում։ Մեկը փորձեց կծել էդ խեղճ փուչիկը, բայց բան չստացվեց։

Ժյուրի ունեինք, որ գնահատում էր երեխեքին։ Փորձություններից մեկը վարունգը ձևավոր կճպելն էր։ Ժյուրին իր ճաշակով գնահատեց ու միավորը տվեց էն թիմին, որի կճպած վարունգը հավանել էր։ Բայց մեր մեջ ասած՝ շատ վատ էին ձևավորել, անտանելի վատ։

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Օրվա վերջում երեխեքը հայտարարեցին, որ մեզ համար միջոցառում են ուզում անել։ Փոքր ներկայացում, որին մի օրում պիտի պատրաստվեին։ Փորձերից մեկին ներկա էի։ Որոշել էին հարուստների ու աղքատների փոխհարաբերությունների մասին բեմադրություն անել։ Գործողություններր դպրոցում էին լինելու՝ դասարանի երեխեքի միջև։ Բայց ցավոք սրտի, էդպես էլ չհասցրին պատրաստվել։ Կիսատ մնաց։ Համենայնդեպս, մենք իմացանք, որ իրենք խելոք մտքեր էլ են ունենում, ոչ թե մենակ՝ չարություն ու կռիվ են անում։

Էդ նոտայի վրա գնացին քնելու, որ առավոտը զարթնեն ու ճամփա ընկնեն։ Նոր հոսքը պիտի գար, ու էդ ավտոբուսով գնային հին երեխեքը։

Լիքը-լիքը գրկեցինք իրար, «ես Ձեզ կկարոտեմ»-ներ լսեցինք։ Բարի ճամփա ասացինք և ուղարկեցինք Գյումրի։

Հա, երեխեքից մեկի մաման խնդրել էր, որ նկարեմ իր աղջկան, հետո նկարներն ուղարկեմ ինտերնետով։ Քանի օր անցել է, բայց դեռ ինձ գրում է, որ իր աղջիկը անդադար պատմում է, թե ինչ լավ էր ճամբարում, թե ոնց է կապվել ինձ հետ։ Անկեղծ ասած՝ էնքան էլ չեմ հավատում, որովհետև հեչ լսող չէր էդ երեխեն։ Բայց որ ամեն մեկը հետը մի լավ բան տարել է, դրանում համոզված եմ։

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 9

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Օրը սկսվեց սովորականի պես։ Մարզանքից, նախաճաշից ու սանիտարական ժամից հետո, երբ եկավ դասերի ժամանակը, ամեն մեկն իր ջոկատն առավ, գնաց մի սենյակ, որ զբաղվի հետները։

Մենք գնացինք ճաշարան, որտեղ դաշնամուրն է դրված, որ երեխեքին դաշնամուրի դաս տամ։

Մի թեթև խոսեցի նոտաներից, օկտավաներից, դիեզներից ու բեմոլներից։ Հետո «Жили у бабуси» երգը սովորեցրի մի քանի հոգու։ Ընդհանուր գոհ մնացին։

Քիչ անց եկան ու բոլորիս կանչեցին դուրս. դիմացի սար արշավի էինք գնալու։ Օրը ցուրտ էր, ամպամած ու քամոտ։ Վերցրինք տաք շորեր, ջուր ու էլի տաք շորեր։ Պիտի արշավի գնայինք դիմացի սարը։

Երբ բոլորը հավաքվեցին, սկսեցինք աստիճանաբար բարձրանալ։ Սարը ահագին բարձր էր, ու էդ խոտերի միջով բավականին դժվար էր գնալը։ Ես վերջից էի քարշ գալիս։

Պարոն Արտաշից՝ մեր սարկավագից, սովորեցի, որ սարը ոլոր-մոլոր ճամփեքով են բարձրանում, ոչ թե ուղիղ մի գծով, որ չհոգնեն։ Հետդարձին արդեն ավելի խելոք գտնվեցինք։

Բարձրանալու ամբողջ ճանապարհին ջոկատիս Հասմիկը ծաղիկներ էր քաղում ինձ համար։ Բայց սարի գլխին երկու րոպեով մենակ թողեցի ծաղկեփունջս, էլ չգտա։ Հետադարձին Հասմիկը նորից քաղեց համարյա նույն ծաղիկներից, որ տեղը լրացնի։

Սարի գլխին երգում էինք «Գինի լից»-ն ու «Թամզարա»-ն։ Զրուցում էինք տարբեր բաներից, ծաղիկներ էինք հավաքում, հետո ամեն մեկը իր «սիրածին» էր տալիս էդ ծաղիկները։

Հետդարձին արդեն դիմացից էի գնում, առաջին խումբն էի իջեցնում։ Ահագին արագ իջանք, հասանք տեղ ու սկսեցինք շատ արագ հաց դնել, որովհետև ճաշի ժամից ուշացել էինք։

Հանգստի ժամին, երբ ջոկատավարներով հույս ունեինք հանգստանալու, ճամբար ձի բերեցին։

Երեխեքը հերթով նստեցին վրան, պտտվեցին բակի դիմացի հատվածով։ Ջոկատավարներն էլ օգտվեցին էդ ակցիայից։ Մերը բոնուսով էր բայց. շենքի շուրջբոլորը լրիվ պտտվել ենք։

Ես էնքան էի լարվել, որ իջնելուց դեռ հինգ րոպե հետո էլ մկաններս ձգված էին։ Առանց էդ էլ վախենում էի, որ կընկնեմ, մի բան էլ ճանապարհին տնօրենի շունը դուրս թռավ։ Մտածում էի ձին կխրտնի, բայց չէ, լավ պրծա։ Վերջում լարվածությունից չէի կարողանում իջնել էդ ձիուց, գերադասում էի մնալ վրան։

Էս հագեցած օրվա վերջում «դիսկոտեկ» կազմակերպեցինք, որ երեխեքը լիցքաթափվեն։ Պարեցին, ուրախացան։ Վերջում էլ բոլորս միասին ազգային պարեցինք։ Լավ ստացվեց։ Նախորդ օրվանից հետո էս մեկը հաջողված էր։ Վաղը վերջին օրն է լինելու էս հոսքի հետ։ Տեսնենք՝ ոնց կանցնի։

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 8

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Ութերորդ օրը մեծ կռիվ եղավ։
Օրվա ընթացքում մանր-մունր հրմշտոցները աճեցին ու դարձան մի լիարժեք «խփոցի»։

Մեր ճամբարում ամեն օրը բրազիլական սերիալից մի թողարկում էր։ Սկզբում երկու աղջիկ սիրում էին նույն տղային, հետո տղան ամեն մեկին առանձին-առանձին սեր խոստովանեց։ Հետո դրա մասին իմացավ ամբողջ ճամբարը, ու սկսվեց տասնօրյակի ամենաճոխ կռիվը։
Է՛լ էդ տղայի սենյակ գնալ-գալ, է՛լ գոռգռոցներ, է՛լ հրմշտոցներ, է՛լ դուռը շրմփացնել։ Բոլորը խառնվել էին էդ կռվին։ Ով հասցնում էր, խփում էր էդ տղային, որովհետև «իրեն հասնում ա»։
Էս ամեն ինչը լուծվեց մի կերպ, հանդարտվեցին բոլորով։ Մեկ էլ հաջորդ օրը էդ աղջիկներից մեկի (այսուհետ՝ Մարիամ) համար կռիվ են անում:

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Մի խումբ աղջիկներ մտել էին ֆուտբոլի դաշտ. անունով՝ իրենք էլ պիտի խաղային։ Իսկ իրականում մեր նկարիչ պարոն Սարգսին խնդրում էին, որ իրենց դիմանկարն անի։ Պրն Սարգիսն էլ, ախր, ինքն է ընտրում, թե ում նկարի։ Օրինակ՝ ինձ ինքն էր կանչել (հա, ես էլ եմ օգտվել էդ ակցիայից)։ Տղաներն էլ ջղայնացան, ասացին՝ դուրս գնացեք, խանգարում եք։ Աղջիկների հեչ պետքն էլ չէր։ Մեկը քաշեց Մարիամի թևից, որ գնա դաշտից, էդ սիրահարված տղան էլ չդիմացավ, բռունցքով խփեց քաշողի քթին։ Քաշողի եղբայրն էլ իր հերթին չդիմացավ, խփեց դրա բերանին։

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Ու էս ամեն ինչը էնքան արագ կատարվեց, որ նորմալ բան էլ չհասկացանք։ Մինչև իրարից պոկեցինք, տարանք մի կողմ, սրանք էլ ավելի բորբոքվեցին։
Հետո հատ-հատ ամեն մեկի հետ զրուցել ենք, որ տեսնեք, թե ով էր մեղավոր, ինչից սկսվեց ամեն ինչ։ Ու էս պատմության վերջում էդ սիրահարված տղային ուղարկեցին տուն, որովհետև մենակ մի օրվա մեջ արդեն երեք կռիվ արել էր։ Էդ տղան էլ, իմիջիայլոց, իմ ջոկատից էր։ Ու ընդհանրապես կապ չունի, որ մնացել էր ընդամենը երկու օր։

anush davtyan

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 6

Մտադրվել էինք տարբեր դասեր անել երեխեքի հետ։ Բայց ինչպես համարյա ամեն օր,  պլանները լրիվ խառնվեցին։

Դասերի համար հատկացված ժամին, երբ մենք պիտի զբաղվեինք ամեն մեկս իր ջոկատով, ճամբար այցելեց Հայր Սուրբը ու բերեց եկեղեցու երգչախումբը։ Ասում էր, որ ամենաշատը 12 րոպե կտևի։
Քառասուն րոպե անց Հայր Սուրբը հարցրեց.
-Հոգնա՞ծ եք, երեխե՛ք։ Դե լավ, շատ չտանջեմ ձեզ, քարոզ չեմ կարդա։ Կարդա՞մ։
Ու սկսեց քարոզ կարդալ, ինչը տևեց էլի մոտ 20 րոպե։
Երեխեքը հալվել էին սեղաններին, զգացվում էր, որ տանջվում էին։
Երեխաներին ակտիվացնելու համար երեկոյան որոշեցինք մի բան անել։ Տանգոյի երեկո կազմակերպեցինք։
Նախօրոք երեխեքին բացատրում էի, թե ոնց պիտի տղան կանգնի, ոնց՝ աղջիկը։ Հետո տղաների հետ առանձին զրույց ունեցանք, որ ֆուտբոլից հետո գնան, մաքրվեն, լվացվեն, սիրուն հագնեն, որ աղջիկներն ուզենան իրենց հետ պարել։
Էս տղերքը գնացին, զուգվեցին-զարդարվեցին, օծանելիքները ցանեցին, ակնոցները դրեցին ու ներկայացան դահլիճ։
Աղջիկներն էլ ոնց կարում, սիրունանում էին։ Ճամպրուկների խորքերում պահած էն լավ-լավ շորերը հանեցին, հագան, մազերը թափեցին, հավաքեցին, էլի թափեցին, էլի հավաքեցին, վերջապես հանգստացան։ Եկավ ներքև իջնելու պահը, սրանք հրաժարվում են։
Էս երեխեքը էնքան էին վախենում, որ իրենց պարի չեն հրավիրի, որ նախընտրում էին չգնալ։ Հերթով համոզելով տարել եմ դահլիճ։ Ով զույգ չուներ, բոլորին զույգ ենք գտել, ջոկատավարներն ու տնօրենն էլ են պարել, որ նստած մարդ չմնա։ Բայց մեկ է, կային էնպիսի դեմքեր, որ տղաներին քացով խփում, հեռու էին ուղարկում։
Մի խոսքով, կռվով-դավով սրանց պարեցրինք։ Ուրախացան ահագին։ Պարելու ժամանակ երեխեքը բամբասում էին, թե ով ում հետ է ընկերություն անում։ Իրար հետ պարողները գրեթե միշտ իրար ընկեր-ընկերուհի էին։ Ու էս բրազիլական սերիալը մենք ամեն օր ենք նայում։

Ամեն դեպքում օրը շատ հագեցած է անցնում, եթե մի քանի դրամա ենք խառնում։ Երեխեքն էլ խոսելու առիթ են ունենում երեկոյան տանգոյի ժամանակ։

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 5

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Նախաճաշից ու սանիտարական ժամից հետո երեխեքին բաժանեցինք ջոկատներով, որ դաս անենք։

«Մանանայում» սովորած խաղը, որ իրարից անկախ մի քանի բառ ենք վերցնում ու դրանցով փորձում ենք պատմություն գրել, ես փորձարկում էի երեխեքի վրա։ Հանձնարարեցի 10 րոպեում պատմվածք գրել, բայց էնպես, որ կարդամ, բան հասկանամ էդ գրածից։
Մի մասը լավ էլ կարողացան։ Ճամբարի տնօրենն էլ հավեսով կարդում էր գրածները։ Վերջում էլ ջոկատի լավագույններին կոնֆետ տվեցի որպես մրցանակ։
Ճաշից հետո գնացինք արշավ։ Էս անգամ ուրիշ սար արդեն։ Ճամբարի հետևով դուրս եկանք, երկար ճամփա գծելով գնացինք սար։ Էնքան էլ սիրուն ուղիղ գծով էինք գնացել, հպարտանում էինք մեզնով։
Մինչև գագաթ ճանապարհը շատ երկար չէր, բայց դժվար էր։ Էդ սարի մոտով գետ է հոսում, ու դրա համար կողքերը լրիվ ճահիճ է դարձել։ Իրար օգնելով, հրելով, քաշելով՝ մի կերպ հասանք սարի փեշերին։
Աստիճանաբար վերև էինք բարձրանում, տեղ-տեղ կանգնում էինք, որ շունչ քաշենք։ Երեխեքն էլ անդադար քաղում էին լիքը-լիքը ծաղիկներ, տալիս էին կամ ջոկատավարներին, կամ իրենց հավանած աղջիկներին։ Վերջում ծաղկեփունջս մի կեպ էի պահում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Որ հասանք գագաթին, էդ ինչ սիրուն տեսարան բացվեց… Արփի լիճն էր։
Բացի սիրուն տեսարանից՝ բոլոր օպերատորների կապը մաքսիմալ լավ բռնում էր։ Էս ճամբարը Բերմուդյան եռանկյունու պես է լրիվ։ Ներսում մեկ կապ կա, մեկ չկա։ Եթե կա էլ, հատուկ կետերում. օրինակ՝ ճաշարանի անկյունում, տղաների սենյակի վերջին պատուհանի մոտ, ջոկատավարներից մեկի սենյակի դռան հետևից։

Սարի գլխին երեխեքին մի քիչ ազատություն տվեցի, զանգեցին տուն։ Ջոկատիցս մեկը մոտեցավ, ասում է՝ ընկե՛ր Անուշ, մամաս ուզում է խոսի Ձեզ հետ։ Վերցրի հեռախոսը։ Մաման ասում էր, որ իրա աղջկան նկարեմ, հետո վայբերով նկարները ուղարկեմ իրեն։ Թե բա՝ հուշ ա, թող մնա։

Հետդարձի ճանապարհին ջոկատիցս մի տղա ու մի աղջիկ իրար ձեռք բռնած էին գնում։ Մաքուր օդը մտերմացնում է մարդկանց։ Ու իրենց պատմությունը ընդամենը մի փոքր մաս է էս սիրային տարբեր խաղերից, էս բրազիլական սերիալից, որ կա ճամբարում։
Ամեն առավոտ տեղի «բիբիսիները» տեղեկացնում են, թե ինչ է կատարվել էդ գիշերվա ընթացքում։
Ամեն ցերեկ տեղի «բիբիսիները» պատմում են, թե ինչ նոր արկածներ են եղել պատանի սիրահարների կյանքերում։

Պարապ չենք մնում էստեղ։ Ուրախանում ենք երեխեքի պատմություններով։

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 4

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Երեխեքի առօրյան աշխատում ենք լցնել դասերով էլ։ Օրինակ՝ այսօր Վարդավառի մասին Աստվածաշնչից տեղեկություններ էր պատմում ջոկատավարներից մեկը՝ ընկեր Անին։

Քանի որ էս երեխեքը բոլորը եկեղեցու խմբակներ են գնում, իրենք ավելի լուրջ են մոտենում հավատքին ու աղոթքներին։
Մեր ճամբարի սարկավագն ասաց, որ մկրտվածները ամեն կիրակի կարող են ու պիտի եկեղեցի գնան՝ հաղորդություն ստանալու։
Ու քանի որ Վարդավառն էլ կիրակի օրն էր, մենք գնացինք ճամբարից մի 400 մետր հեռու մատուռը, որ 2000-ականներին էր կառուցվել։
Դրանից հետո երեխեքին հավաքեցինք ու գնացինք գյուղի մոտի հէկ-ը, որ մի 4կմ հեռու էր (տնօրենի ասելով շատ մոտիկ է, ուղղակի մենք սովոր չենք)։  Ճանապարհին ջոկատս խոստանում էր, որ ընկեր Անուշին ջրելու են։ Բայց հասանք տեղ, մոռացան ամեն ինչ, թռան գետը ու ոտից գլուխ ջուր դառան։ Ընկեր Անուշը չոր էր հետ վերադառնում, մինչև ջրի շշերը չհանեցին ու բոլոր կողմերից չջրեցին։
Ճամբարի բակում էլի մի լա՜վ ջրվեցին, հավեսները հանեցին։
Ճաշից հետո էլի «Պատմական լոտո» էինք խաղում։ Էս երեխեքը ահագին հետաքրքրասեր են, եթե ինֆորմացիան կարողանաս լավ մատուցել, ուշադրություն գրավել։ Կարգին ուրախացա, որ լոտոյից դուրս ասածներս հիշում էին, լատիներեն «veni, vidi, vici»-ն նույնիսկ հիշեցին։ (Մեր մեջ ասած՝ սովորեցրել եմ, որ էդպիսի օղի էլ կա):
Էս գնալ-գալով երկար օրվանից հետո քամվել էի։ Ասում եմ՝ երեխեք, թռանք քնելու, ասում են՝ վա՜յ, բա խաղալը։ Հարցրի՝ հոգնած չե՞ն, ասում են՝ չէ, ի՞նչ եք ասում։ Որտեղի՞ց սրանց այսքան էներգիա։ Էնքան շատ, որ գիշերը չեն քնում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Հա, բան պատմեմ, բայց մեր մեջ մնա։
Գնացի տղաների սենյակ, որ հանգստացնեմ։ Էնքան էին աղմուկ անում, որ մինչև իմ սենյակ հասնում էր։ Ես ու ընկեր Վիլենան մտանք սենյակ, խոսում ենք դրանց վրա, որ աղմուկ չանեն։ Մեկ էլ զգամ, որ տարօրինակ են ծիծաղում սրանք։ Ի՞նչ արած լինեն։
Երկու հոգով մտել էին մեկի տեղերի մեջ, մեկին վերմակի տակ էին պահել։ Էն էլ ի՞նչ վերմակ։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Ասում ենք՝ Հաբեթ, թռար տեղդ։ Ասում է՝ հանված եմ, ամաչում եմ։ Ի՞նչ կլինեք էդ պահին։
Մի 5 րոպեից էլի մտա սենյակ, էս անգամ լավ էր, ազդվեցին։ Հիմա մենակ սենյակիս աղջիկների նուրբ խռռոցի տակ եմ քնելու։

Անուշ երազներ, ընկե՛ր Անուշ։

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 3

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Երբ քո ջոկատը հերթապահ չի, առավոտը բարի է։

Էսօրվա համար ծանր գործեր չկային, օրվա պլանը մշակել էինք երեկ գիշերը, մնում էր իրագործելը։ Եղանակը մի քիչ վատն էր, դրսում շատ չխաղացին, թե չէ՝ ամեն ինչ հարթ անցավ։
Առավոտյան մարզանքը ես եմ վարել, թու-թու-թու, լսում էին, սուս էին երեխեքը, լավ անցավ։
Դասերի ժամին «Պատմական լոտոյից» քարտեր էինք վերցրել, ջոկատներին սովորեցնում էինք հարցերի պատասխանները։ Ձեռքի հետ էլ ինչ հասցնում՝ պատմում էի հարակից թեմաներից։ Դարվինիզմից էլ ենք խոսել, ըմբշամարտից էլ, կիթառի լար էլ ենք հասցրել պոկել։ Ամեն ինչ արել ենք։
Մինչև հանգստի ժամը շատ թե քիչ լավ էր ամեն ինչ։ Բայց հանգստի ժամին գժվեցին երեխեքը։ Պատերն էին մագլցում, մահճակալներն էին շարժում՝ չնայած, որ արդեն 3-րդ օրն է, իսկ իրենք ամեն օր ամեն ազատ ժամի տեղափոխություն են անում։
Երկու սենյակ պատժվել էին, ետճաշիկից հետո մի ժամ չխաղացին, սենյակներում մնացին։
Էդ ընթացքում չպատժված տղաներր դրսում ֆուտբոլ էին խաղում, աղջիկներն էլ ինձ հետ ներսում էին։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Սպրոտլանդիա էի արել երեխեքիս համար։ «Վազք՝ արգելքների հաղթահարումով» էի սարքել ձեռքի տակ եղած միջոցներով՝ պարանով, օղակներով։ Ժամանակ էի պահում, վազելով անցնում էին, հետո գնդակը պիտի ամենաշատը 3 փորձից գցեին զամբյուղը։
Զարմացա, բայց տղաների մի մասին էլ հետաքրքրեց էս խաղը։
Հետո ջոկատիս ավագին վոլեյբոլով հաղթեցի, նեղսրտած եկավ «ռեվանշի»։ Նորից հաղթեցի, մտածեցի՝ հերիք է։
Մի քանիսին սեղանի թենիս խաղալ սովորեցրի, ճամբարի լավ խաղացողի հետ խաղացի, բայց էլի հաղթեցի։
Մի պահ մտածում էի. «Չեմ խղճում էս երեխեքին, հաղթում եմ, կարող է՝ նեղվեն»։ Բայց հետո ասացի՝ լավ դե, խաղում ենք հիմա։
Աջ ու ձախ բոլորի հետ 3 ժամ խաղացինք ջոկատավարներով, մեր էներգիան սպառվեց, երկրորդ շունչը վերջացավ, իրենք դեռ թռվռում էին։
«Պատմական լոտոյի» սովորածներն ամրապնդեցինք, մի քիչ էլ թռվռացին ու գնացին ընթրելու։
Սրանից հետո սկսվեց «կաշը»…
Վայրենի ձայների վրա ընկեր Լուսինեն եկավ (մեր խոհարարը ու համատեղությամբ ճամբարը հովանավորող եկեղեցու աշխատողը, ով ընտրում է ճամբար եկող երեխեքին): Ընկեր Լուսինեն երեխեքի ահ ու սարսափն է։ Իրեն հունից հանելը ամենաբարդ բանն է։ Բայց էս անբնական ձայների վրա ինքն էլ զայրացավ։
Երեխեքի վրա ահագին խոսեց, որ ագրեսիա ու չարություն կա մեջները, դրա համար մարդկային ձայներ չեն հանում։ Իսկ դրա տեղը ինքը ուզում է զրնգուն ծիծաղ լսի ու իրար հանդեպ հարգանք։
Էսօր, իրոք, համը հանել էին։ Կռիվների քանակն էլ նորմայից ավել էր։ Տնօրենը սպառնաց, որ մյուս օրվա Վարդավառին գետի մոտ չի տանի (լեզուները կուլ գնաց սրա վրա):
Նախատեսել էինք, որ բժշկուհին՝ տատիկս, մրսելու մասին մի երկու խոսք ասի նախքան գնալը, բայց չտեղավորվեցինք ժամանակի մեջ։
Տատիի մոտ «անիմաստ» հիվանդներ շատ են գնում։
-Ընկա թևիս վրա, երեխեքը վրայովս անցան, թևս ցավում ա։
-Ես բան չեմ արել, ոտքս բռնվել ա։
Ու նման թեթև բաներ։ Տատին էլ հերթով վիրակապ է փաթաթում, երեխեքն էլ գիտեն, թե դա է բուժելու ձևը. արագ լավանում են։
Էսօր շատ խոսեցինք երեխեքի վրա, բայց տեղին էր, շատ էին կատաղել։
Տեսնենք՝ վաղը ոնց կպահեն իրենց։
Մինչ վաղը, ժողովո՛ւրդ։

Անակնկալ հանդիպում Լեյլա տատիկի հետ

Օրեր առաջ Կալավանում էր հյուրընկալվում մեր շատ սիրելի հեղափոխական տատին՝ Լեյլա տատին: Նրան մեզ մոտ՝ Կալավան էր հրավիրել Վահե Դարբինյանն իր հյուրատանը ՝ «Huga Hous»- ում հանգստանալու: Նրանց Դպրաբակ գյուղից դիմավորել էր «Time land» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Գյուղում նրանց դիմավորեցինք մեծ սիրով, փուչիկներով, քաղցրավենիքով: Ուրախ, ժպտերես, էներգիայով լի մի տատիկ, որի աչքերը, կարծես հեքիաթի հերոսուհու աչքեր լինեն, իսկ ձեռքերը նուրբ ու փափուկ:

Տատիկն անչափ ուրախացել էր, ճաշելուց հետո գնաց հանգստանալու: Ի դեպ, մոռացա նշել, որ նա միայնակ չէր, եկել էր իր ազգականի հետ:

Երեկոյան մենք՝ ես, քույրիկս և հարսիկս որոշեցինք այցելել տատիկին:

-Բարև Ձեզ:

-Վա՜յ, բարև Ձեզ, համեցեք նստեք:

-Ինչպե՞ս եք, տատի ջան:

-Լավ եմ, ապրեք, երեխեք ջան: Եկել եք նկարվե՞ք, եկեք, եկեք՝ նկարվենք:

-Ճիշտն ասած, տատի ջան, եկել ենք Ձեզ հետ ծանոթանալու և մի փոքր զրուցելու, բայց անպայման կնկարվենք:

Նստեցինք, երկա՜ր-երկա՜ր զրուցեցինք: Տատիկը մեզ պատմեց դրվագներ իր կյանքից, նաև պատմեց, թե ինչպես է մասնակցել Թավշյա հեղափոխությանը, ժամեր շարունակ կանգնել Հանրապետության հրապարակում:

Տատիկը լսողության հետ մի փոքր խնդիր ուներ, քանի որ փոքր ժամանակ պատվաստում էին արել, և նա զրկվել էր լսողությունից: Երկարատև բուժումների հետևանքով լսողությունը փոքրիշատե վերականգնվել էր:

Մենք երեխաներով տատիկի համար «Դուխովը» երգեցինք, ուրախ ծափ էր տալիս, ոգևորում, նաև հպարտանում, որ նման փոքրիկ գյուղում այսքան հայրենասեր երեխաներ կան:

Մենք էլ մեր հերթին ենք շնորհակալ, թե Լեյլա տատիկին, թե նրա պես հարյուրավոր մարդկանց, ովքեր ոտքի կանգնեցին՝ մտածելով մեր վաղվա օրվա մասին:

arpine

«Դիրքավորվել որպես լրագրող և մոռանալ բոլոր համակրանքները»

C5D62F69-C564-4CB4-B510-09BFF0258DF9Հունիսի 4-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին: Նա «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Հանդիպումը կազմակերպել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ը (ուսանողական գիտական ընկերությունը): Հանդիպումը կազմակերպվել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար, սակայն այն բազմաթիվ մարդկանց էր հետաքրքրել, ուստի բացի ապագա ժուռնալիստներից Չարենցի սրահում կային նաև այլ ֆակուլտետի ուսանողներ և համալսարանի շրջանավարտներ: Իսկ ի՞նչ տվեց հանդիպումը ապագա լրագրողներին և ոչ միայն: Ստորև ձեզ եմ ներկայացնում մանրամասներ, որոնք հանդիպման օրը հրապարակված ոչ մի տեսանյութում չեն եղել: Վերլուծությունը թողնում եմ քեզ, սիրելի’ ընթերցող: Հանդիպումը սկսկվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով և շարունակվեց ներկաներին հուզող հարցերով: Լրագրողներին հետաքրքեց` ինչպիսին են Աննայի «լրագրողական» կյանքը և մասնագիտության մասին պատկերացումները:

-Տիկին Աննա, կցանկանայի արձանագրել, որ, անշուշտ, Դուք լրատվադաշտում հաջողակ եք եղել և կաք, ու ես, որպես ուսանող, ով դեռ նոր է մտնում լրատվադաշտ, ուզում եմ իմանալ, թե ինչպիսի՞ն էին Ձեր առաջին քայլերը:
- Դա առաջին կուրսում էր: Մենք պետք է տպագիր հոդվածներ ունենայինք և ներկայացնեինք դեկանատ, և ես ստիպված պետք է նյութ տպագրեի: Այն ժամանակ դեռ նոր էին Երևանի փողոցներում հայտնվել մուրացկաններ, և ես, որքան գիտեմ իմ համակուրսեցիների ամեն երկրորդը, նյութ էր գրում մուրացկանության թեմայով: Իմ առաջին հոդվածը նույնպես  այդ թեմայով էր, և տարա «Լրագիր» թերթի խմբագրություն: Ի ուրախություն ինձ` հոդվածս տպագրվեց հաջորդ օրվա համարի երրորդ էջի վերևի հատվածում: Եվ ես շատ ուրախացել էի, որովհետև դա ոչ թե ընդհանուր մուրացկանության խնդրին վերաբերող հոդված էր, այլ շատ լավ հիշում եմ մի հայրիկ` իրավաբանի կրթությամբ, իր երկու երեխաների հետ անցումի տակ երաժշտական գործիքներ էր նվագում և գումար էր վաստակում: Դա այդ թվականներին չտեսնված և չլսված բան էր: Սա եղել է մուտքը:

-Տիկին Հակոբյան, դեռ անցած տարի հայտնի դարձավ, որ մամուլի ազատության ինդեքսը Հայաստանում բավականին իջել է: Ի՞նչ կասեք Դուք մամուլի ազատության մասին:
-Հայաստանում մամուլի ազատությունը մշտապես լուրջ խնդիր է եղել, և մենք պետք է շատ լավ տեղեկացված լինենք դրա մասին: Մենք` լրագրողներս, բազմաթիվ ճնշումների ենք ենթարկվում, բազմաթիվ միջոցներով լրագրողները ծեծի են ենթարկվել: Վերջին շրջանում առերևույթ այնպիսի քաղաքականություն էր որդեգրվել նախորդ իշխանությունների կողմից, որ, ըստ էության, մամուլը շատ ավելի ազատ էր երևում, և բռնություններ չէին կիրառվում լրագրողների նկատմամբ: Հիմա նոր կառավարության աշխատանքային պայմաններում ես մեծ հույսեր ունեմ, որ առաջին օգուտը այս հեղափոխությունից կքաղենք մենք` լրագրողներս, և լրատվամիջոցները:

Ըստ Աննայի` լրագրողը գործում է իր խղճի, իր պրոֆեսիոնալիզմի, իր կրթության և իր համոզմունքների, պետական շահերի շրջանակներում: Եվ իր համար` որպես գործող լրագրողի, ազատությունն այն է, որ դու որևէ բան գրելիս չես մտածում` տվյալ անձնավորությունը ինչպես կարձագանքի: Ինչքան բարձր լինեն գիտելիքները, կրթությունը և ինչքան բարձր մակարդակի վրա լինեն դրանք, այնքան մեր ազատությունից չեն տուժի մարդկային այլ արժեքներ: Լրագրողը պետք է անաչառ լինի:
-Հայտնի է, որ 2012-2013թթ. պրն. Փաշինյանի և առաջին նախագահի ճանապարհները բաժանվեցին այն պարզ պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցել, հայտնի է նաև, որ Թավշյա հեղափոխությունը որոշակիորեն իրականացավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ: Քաղաքականապես որքանո՞վ է սա ազնիվ: Եվ 2012 թվականին, երբ Փաշինյանը առաջադրվեց ԱԺ-ի (Ազգային ժողով) պատգամավոր, կարգավիճակի փոփոխությամբ դադարեցրեց խմբագրական գործունեությունը. Պատրաստվո՞ւմ եք արդյոք Դուք` Ձեր կարգավիճակի փոփոխությամբ, դադարեցնել խմբագրական գործունեությունը «Հայկական ժամանակ» օրաթերթում:
-Շնորհակալ եմ երկու հարցերի համար: Առաջին հարցի հասցեատերը ես չեմ: Երկրորդ հարցը ավելի ցավոտ է և շարունակությունն է առաջին մասի: Ես կառչած եմ և շատ դժվար կբաժանվեմ «Հայկական ժամանակ»-ից, գլխավոր խմբագրի պարտականություններից, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ առնվազն երկու ամիս ես չեմ կարողացել իմ աշխատանքային պարտականությունները կատարել: Ինձ նաև ընկերները, բարեկամները հուշում են, որ էթիկայի  տեսակետից ճիշտ չի լինի, նոր կարգավիճակից ելնելով, շարունակեմ մնալ: Ես մինչև վերջերս վստահ էի, որ կարող եմ գտնել լուծում, բայց, ելնելով այս օրինակից,  նույնիսկ չկարողացա Ձեր հարցին պատասխանել: Արդեն սկսում եմ անհանգստանալ և կարծում եմ այդ հարցին որևէ լուծում կգտնվի, ինչքան էլ որ ես դա չուզենամ:

Հարց բարձրացվեց նաև  մեր գերբը փոխելու վերաբերյալ, և դրա համար խնդրեցին Աննայի աջակցությունը: Որպես աջակցություն` Աննան ասաց, որ կարող են դիմել «Հայկական ժամանակի»-ի օգնությանը` տպագրելով հոդված, և այն մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, տեղյակ կլինեն այդ խնդրի մասին: Հավելեց, որ մամուլը մեծ ուժ ունի:

Բուհը ավարտած մի հեքիաթագիր Աննային նվիրեց իր հեքիաթներից մի քանիսը, նշելով, որ Աննան բազմազավակ մայր է: Աննան շնորհակալություն հայտնեց նրան` նվերների համար:

-Այս Թավշյա հեղափոխության ողջ ընթացքում մի շարք գործող լրագրողներ նույնպես  մասնակցել են, արել են իրենց քայլը և ունեցել են քաղաքական դիրքորոշում: Եղել են նաև քննադատություններ շատ ավելի մասնագիտական լրագրողների կողմից. տվյալ լրագրողը իրավունք չուներ մասնակցել նման շարժումների, քաղաքական դիրքորոշում ունենալ, քանի որ չի կարող պահել օբյեկտիվությունը, և իր հոդվածներում սուբյեկտիվ կարծիքը ակնհայտ կդրսևորվի: Ուզում եմ նաև Ձեր կարծիքը իմանալ. ի՞նչ եք Դուք մտածում, արդյոք ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Արդյո՞ք սա կապ ունի լրագրողների ազատության հետ:
- Դա շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ հարց եք բարձրացնում: Ես կարող եմ իմ օրինակով, մեր օրինակով ասել. մենք երկու անգամ ենք առիթ ունեցել լուսաբանել և աշխատել համաժողովրդական շարժման ընթացքում. դա եղել է  2008 թվականին և վերջին հեղափոխության շրջանում: Որպես այդ ամենի միջով անցած լրագրող, լրատվամիջոցի ղեկավար` ամեն հաջորդ հոդվածի հետ կապված մտածում էինք` ինչպես պահենք, կամ այդ նույն խնդիրը արդյոք կա՞, թե՞ չկա: Ի վերջո հանգեցինք հետևյալ բանաձևին. լրագրողը, ճիշտ է, լրագրող է, ըստ իս, մասնագիտական պարտականություններ ունի, պարտավոր է անաչառ լինել. այս ամենը մենք գիտենք, բայց դա չի վերաբերում, օրինակ, պատերազմական իրավիճակներին, համաժողովրդական շարժումներին… Բայց այդ իրադարձությունների ավարտից հետո պետք է արագ վերադառնալ հին դիրքերին, դիրքավորվել որպես լրագրող և մոռանալ բոլոր համակրանքները:

Ներկաներին հետաքրքրեց նաև, թե ինչպես է Ջավախքից նվեր ստացած շունիկը: Աննան պատասխանեց` հրաշալի է, իրենց բակում է, շատ լավ շունիկ է: Անունը Արջուկ է, և ինքը շունիկին հաճախակի պաշտպանում է Շուշանից և Արփիից (ծիծաղում է):
Աննան ծիծաղելով նշեց նաև, որ ամուսնու քաղաքական որոշումների վրա բացարձակապես չի ազդում:
Հանդիպման ավարտին վարչապետի կինն ասաց.
-Ես, իհարկե, ուզում եմ շնորհակալությունս փոխանցել Ձեզ` այս հանդիպման և հարցերի համար: Հավատացեք` հարցերը շատ հետաքրքիր էին ինձ, և հուսամ ձեզ` պատասխանները:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը տիկին Հակոբյանին առաջարկեց ամեն տարի սեպտեմբերի մեկին Մայր բուհում դիմավորել ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցիներին` որպես ֆակուլտետի շրջանավարտ: Աննան, ի պատասխան առաջարկի, ժպտաց: