Լուսանկարը` Արթուր Ալոյանի

Հայաստանի գյուղերը. Լիճք, Գեղարքունիքի մարզ

mariam tonoyan

Եթե մի փոքր այլ լիներ

Մեր ծանոթության առաջին օրը նա լուռ էր: Նստած դպրոցական վերջին շարքի նստարանին՝ հայացքով լուռ տնտղում էր մեզ՝ իր նոր դասընկերներին: «Ինձ նման դժվար է հարմարվում նոր շրջապատին»,- մտածեցի ես ու ակամա քայլեցի դեպի այն նստարանը, որտեղ նա էր նստած: Նստեցի նրա կողքին: Դարձյալ լուռ էր, մինչև որ հարցրի նրա անունն ու, ի զարմանս ինձ, նա միայն ասաց անունն ու կատարյալ անտարբերությամբ երեսը շրջեց դեպի պատուհանը: Հաջորդ օրերին ինձ հաջողվեց փոքրիշատե մտերմանալ նրա հետ ու հասկանալ նրա՝ շրջապատից մեկուսանալու պատճառը:

-Ես մանկատնից եմ,- մի օր հանկարծ իր խոսքին հատուկ լակոնիկ ոճով ասաց նա՝ հազիվ իրեն զսպելով, որ հայացքն անբնականորեն չփախցնի աչքերիցս: Այն փաստից, որ ես դա անմիջական ու ժպիտով ընդունեցի, նա զարմացավ.

-Կարծում էի, թե էլ ընկերություն չես անի ինձ հետ…

Այդ փոքրիկ դժվարությունը հաղթահարելով՝ շուտով մտերմացավ ողջ դասարանի հետ ու ամրապնդեց վստահությունը մեր նկատմամբ:

-Ես շատ երազանքներ ունեմ,- պատմում էր նա, երբ դասամիջոցին զրույցի էինք բռնվում,- ամենամեծ երազանքս լավ մարդ լինելն է, իսկ հետո՝ տաղանդավոր ու ճանաչված նկարչուհի: Կարծում եմ՝ ցանկացած մարդ նախքան մասնագիտություն ընտրելը պետք է մարդ լինելու արվեստին տիրապետի՝ լինի հարգալից, շնորհքով, դաստիարակված, արդար, լավությունը գնահատող ու բարեհոգի: Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կանգնում ենք ինչ-ինչ դժվարությունների առաջ, որոնք մարդուն որոշ չափով ընկճում են: Նման դեպքերում ես խորհուրդ եմ հարցնում ինձնից մեծ մարդկանցից, քանի որ գիտեմ, որ նրանցից շատ բան կարելի է սովորել, բայց երբեք չեմ կոտրվում: Եթե մեզ ի վերուստ տրված է դժվարություններով լեցուն կյանքի ճանապարհ, մենք պարտավոր ենք հաղթահարել դրանք պատվով՝ առանց դժգոհությունների, ու մեր համառ կամքի շնորհիվ կհասնենք մեր բոլոր երազանքներին:

-Ես շատ դեպքերում անհամարձակ ու վախկոտ եմ,- շարունակեցի ես,- դա երբեմն խանգարում է իմ առաջընթացին: Իսկ դու վախեր ունե՞ս:

-Ցանկացած վախ հաղթահարելի է: Ես ամենաշատը վախենում եմ սխալներ թույլ տալուց ու մենակությունից: Բայց դա քո պատկերացրած մենակությունը չէ: Ես կարող եմ լինել հազարավոր մարդկանց մեջ, բայց, միևնույն է, ինձ մենակ զգալ: Իսկ քո պատկերացրած մենակությունը ես շատ եմ սիրում, երբ կարող ես նստել ու անվերջ մտածել:

-Բայց ինչո՞ւ մենության մեջ:

-Մարդիկ հաճախ ինձ չեն հասկանում, երբեմն նեղացնում են խտրական վերաբերմունքով՝ մոռանալով, որ բոլորս էլ Աստծո առաջ հավասար ենք, երբեմն բարձրից են նայում:

-Ինչպե՞ս բարելավենք մեր հասարակության վատ կողմերը,- տխրեցի ես:

-Կարծրատիպեր են, ի՞նչ կարող ես անել: Մարդիկ իրենց երեխաներին ուսման են տալիս, բայց մոռանում զուգահեռաբար դաստիարակել, բարձր գնահատականներ են պահանջում, փոխարենը մեծամիտ են դարձնում: Եթե դա մի փոքր այլ լիներ, ոչինչ էլ բարելավելու կարիք չէր լինի:

lilit harutyunyan lchshen

Մեկ տարի 17-ի հետ

Բարև ձեզ: Հիմա կասեք՝ ինչի որոշեցի այսօր բարևել բոլորիդ, դեռևս ոչ մի նյութիս մեջ չէի բարևել: Բայց այսօր ուրիշ է, այսօր չափից շատ ուրախ եմ: Ուղիղ 1 տարի առաջ այս օրը 17.am-ը հրապարակեց իմ առաջին նյութը: Հիշում եմ, թե քանի օր էի տանջվել իմ առաջին, պարզունակ, սակայն ինձ համար շատ կարևոր նյութի վրա, ու այն հրապարակված տեսնելը աննկարագրելի զգացողություն էր:

Առաջին անգամ էր, որ հարցազրույց էի վերցրել ինչ-որ մեկից ու առաջին անգամ այն հայտնվեց մի կայքում, որի նյութերը կարդում են հազարավոր մարդիկ: Հիմա հստակ գիտեմ ու կարող եմ ասել, թե ինչ տվեց ինձ 17-ը: Այն ինձ տվեց նոր ընկերներ, մտքերս ազատ արտահայտելու հնարավորություն և մասնագիտական ճիշտ կողմնորոշում: Եթե մինչ այս երկմտում էի մասնագիտության ընտրության հարցում, ապա հիմա հաստատ գիտեմ, որ լրագրողի մասնագիտությունն եմ ընտրելու:

17-ը ինձ տվեց գիտելիքներ, որոնք իմ հետագա կյանքում մեծ դեր են ունենալու և այնպիսի գիտելիքներ, որ հաստատ ուրիշ ոչ ոքից հնարավոր չէր ստանալ: 17-ը մի աշխարհ է, փոքրիկ, բայց միևնույն ժամանակ մեծ ընտանիք, որտեղ ամեն մեկն իր ուրույն տեղն ունի:

Երբեմն ծուլանում եմ նյութ գրելու հարցում, երբեմն էլ ժամանակը չի բավականացնում, բայց աշխատում եմ որքան հնարավոր է շուտ-շուտ գրել: Մի խոսքով՝ չեմ ուզում երկար գրել, քանի որ ինքս էլ երկար-բարակ նյութեր կարդալ չեմ սիրում: Միայն շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր միշտ իմ կողքին են և ինձ օգնում են նյութերս ավելի լավը դարձնելու գործում:

Շնորհակալ եմ, 17, դու ինձ համար ուրիշ աշխարհ ես:

ofelya hovhannisyan

Փոթորկից հետո

Երկու օր առաջ Հայաստանի տարբեր մարզերում ուժեղ փոթորիկ էր լինելու: Երբ լսեցի այդ մասին, մտածեցի, որ մեզ մոտ՝ Գագարինում, երևի մի փոքր ավելի մեղմ կլինի, բայց իմ սխալ կանխատեսման պատճառով հասցրի մի փոքր վախենալ: Ես և ընկերուհիս դաս էինք անում մեր տանը: Չնկատեցինք էլ, թե ինչպես ժամանակն անցավ: Երբ նայեցինք ժամացույցին, նկատեցինք, որ արդեն բավականին ուշ է: Դասերը վերջացնելուց հետո ես որոշեցի տուն ճանապարհել ընկերուհուս, որովհետև արդեն բավականին ուշ էր, դրսում ցուրտ էր և մութ:

Նախքան բակ իջնելը, ես և Տաթևը համոզված էինք, որ դրսում տաք է, բայց երբ դուրս եկանք շքամուտքից, դադարեցինք խոսել: Քամին այնքան ուժգին էր, որ ծառերն ու սյուները ինքնաբերաբար շարժվում էին: Մենք երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե որ ճանապարհով գնալ, որ ապահով տեղ հասնենք: Ի վերջո որոշեցինք բաց տարածությունով վազել, որպեսզի շարժվող տանիքները չվնասեն մեզ:

Տաթևին բարեհաջող տուն հասցնելուց հետո ես չէի ուզում մտածել, որ պետք է մենակ տուն վերադառնամ, բայց, բարեբախտաբար, կարողացա առանց ուշադրությունս որևէ բանի վրա կենտրոնացնելու՝ շտապել տուն: Ինձ ավելի շատ սարսափեցնում էր այն փաստը, որ դրսում միայն ես էի Օֆելյա փոթորկի դեմ (երբ հետևում էի լուրերին, տեղեկացա, որ Իռլանդիայում նույնպես շատ ուժգին փոթորիկ է եղել, որն անվանել են Օֆելյա):

Artyom Avetisyan

Արցունքների մեջ խեղդված տատս

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից:

anush davtyan

Մենակ ապրելու գաղտնիքները

Հենց սկսում ես մենակ ապրել, շատ արագ հասկանում ես վիճակիդ բոլոր առավելություններն ու թերությունները։ Ոնց որ մինչև էդ էլ էիր գիտակցում, որ քեզ համար ճաշ չեն սարքելու, դասի գնալուց չեն արթնացնելու, լվացքդ էլ մի օր թե մի շաբաթ կախած մնա դուրսը, մեկ է՝ քո տեղը չեն հավաքելու։ Բայց մենակ էս ամեն ինչի մեջ ընկնելուց հետո ես հասկանում, թե ինչը ինչից հետո էր։

Օրինակ՝ ինձ պես մենակ ապրող մեկին շատ հաճելի է, որ ցանկացած սենյակում ու ցանկացած տեղում կարող ես շպարիդ պարագաները թողնել, չհավաքել դրանք, որ ժամանակին կանգառ հասնես, 58-դ չգնա։

Կամ էլ որ նոութբուքի բացելն ու երգի սկսվելը մեկ են լինում, ու ամենաբարձրի վրա ամեն անգամ երգում է քո դրած ռուսական ռեփը, որը, իրականում, ոչ մի կարևոր իմաստ չի բերում հետը, բայց դրա տակ տանը շարժվելը առանձնակի հաճույք է։

Լավ կողմ է, որ թաքուն-թաքուն կարող ես Կիևյան 9 հասցեում գտած կատվի ձագին պահել (եթե լավ կնայեք` տարեք, էլի, էդ կատվին, աննման երկնագույն աչքեր ունի), բայց որ բերես տուն, մաման հաստատ կիմանա, ու հետո լավ բան չի ստացվի։ Կատվի հետ կլինես, բայց ոչ թե տանը, այլ երկուսով՝ դրսում։

Ու նման լիքը լավ կողմեր, որ ինչքան պատմես, էնքան ավելի շատ են լինելու։

Բայց ես միշտ չէի մենակ, ոչ էլ երկար էսպես կմնամ։ Բայց էս էլ հերիք էր ինձ, որ շատ-շատ կարևոր բան հասկանայի։ Եթե եղբայրդ հետդ չի մնում, մաման ուտելու բան քիչ է դնում ու չի հարցնում, թե ինչ կա տանը։ Մոր սիրտը հանգիստ է արդեն։ Ըստ նրա՝ դու քո գլխի ճարը շատ էլ լավ տեսնում ես։ Դե, սուտ չէ, լավ էլ մնում եմ։

Բայց պահ կա, որ հասկանում ես՝ ինչ վատ դրության մեջ ես, եթե քո տեղը խանութ իջնող չկա դեղերդ բերելու համար։

Սենյակով ման ես գալիս, կողքդ մարդ չկա, ձայն չի գալիս, ու դու կարողանում ես հստակ լսել, թե ոնց ես Դարթ Վեյդեռի պես շնչում։ Չգիտեմ՝ ինքը փնչացնելով ներշնչում էր, թե արտաշնչում, բայց ես արտաշնչում էի հաստատ։

Հետո էլ էսքան հիվանդանալու արդյունքում սկսում ես հասկանալ օրգանիզմդ, հարմարվել ինչ-որ ձևով։ Անձեռոցիկի տուփը հետդ ես ման տալիս, օրինակ, որ հենց պահը գա, ձեռքիդ տակ լինի։ Կամ անցնում ես ջրակայուն շպարի, որ արցունքների հետ սևաներկդ էլ հետը չհոսի։ Բայց ամեն դեպքում, ինչպես միջին վիճակագրական ցանկացած «21-րդդարցի», մտնում ես համացանց ու գանգատներդ գրում, մի լավ ման գալիս, վերլուծում բոլոր հավանական-անհավանական հիվանդությունները, ընտրության արդյունքում թողնում մի երկու հատ, որ կարող են լինել մոտդ։ Հետո էդ երկուսն էլ համեմատում ես, քեզ ավելի համապատասխանը գտնում ու եզրակացնում, որ սենց-սենց հիվանդ ես դու, բուժումն էլ, դե, տակի մասում միշտ գրած կա։ Ուղղակի հիմնականում, չնայած էդքան կարդալուն, մեկ է՝ չես էլ հետևելու խորհուրդներին։ Էդպես մի քանի օր հիվանդ ես մնում ու սկսում ես մտածել, որ մենակ լավ չի, խնամող չկա։ Զանգում ես հերթով բոլորին, տեղեկացնում, որ ծանր օրեր ես քաշում։ Այ, էս պահին մոր սիրտն անհանգստանում է, ահազանգում տատիկին ու կանչում տուն։ Տատին էլ դեղերով ու մրգերով գալիս է, գիշերով գլուխդ կապել տալիս, որ «շուտ լավանաս, Անուշի՛կ ջան»։

Տատիկի դեղերն էլ հրաշքներ են գործում։ Նախորդ օրվա գլխացավն ու գրիպը լրիվ հանում են մեջիցդ, լավացնում, տեղը դնում քեզ։ Դարթ Վեյդեռին ուղարկում են երկարատև հանգստի, որ էլ ձայնը դուրս չգա։

Տատիկը գնում է իրենց տուն, դու մնում ես էլի մենակ, բայց արդեն հաջորդ երեք օրվա համար սարքած ուտելիքով ու մրգերի մի շաբաթվա պաշարով զինված։

Մենակ մնալը շատ առավելություններ ունի։ Օրինակ, որ միայն քո հետևից պիտի հավաքես, երբ ուզես, ինչքանը ուզես, որ մասը ուզես։ Որ կարող ես ծնունդը տանը նշել ու մի քանի հոգու էլ հրավիրել։ Բայց դա մի շարք էլ թերություններ ունի։ Օրինակ՝ ինչքան էլ մենակ մնաս, խիզախությունդ չի հերիքի, որ տանը կենդանի պահես («քեզ պահի հլը», ինչպես կասեր մաման)։

Մի խոսքով՝ քանի դեռ մենակ եմ, դաս անելու տեղը հոդվածներ եմ գրում, ու խանգարող չկա, «չէ» ասող չկա։ Երևի խիղճս տանջի, որ ծուլանում եմ, կամ քունս տանի, որ ուշ եմ քնում՝ մինչև գիշերվա հազարը դաս անելու համար։ Թե չէ, նորմալ է ամեն ինչ։ Դիմանում եմ դեռ։

Nelli Khachatryan

Վերցրո՛ւ

Վերցրո՛ւ, սա քո կյանքն է: Ուզում ես՝ կախի պատից ու նայի կամ ճմրթի գցի… Կամաց, նայի՝ ուր ես քցում, ուրիշի վրա մի գցիր: Ձախ նայիր, պուճուր քայլող բաներ են, կարող ես նրանց վրա գցել, կտանեն: Կամ եթե չես ուզում, նրանց վրայով թռի՛, էնտեղ քեզ ոտքեր կտան, ուր ուզում ես՝ գնա:

Մի քիչ զգո՜ւյշ, ինչ ես գնդակի նման էս պատով, էն պատով տալիս, դու էլ էդքան մի փայփայի, մի քիչ ձախ կողքինիցդ օրինակ վերցրու:

Տե՛ս, նա էլ որոշել է ոսկի շրջանակի մեջ դնել, նոր կախել պատից: Հեյ, վեր կաց քնից ու էդ էլ գլխիդ տակից հանի, տվածս բարձ չի:

Մոռացա ասել. կարող եք երկու հատը բարակ թելով իրար կարել: Մի րոպե, չէ, մի տուր նրան: Ախր, ընդամենն ասացի՝ իրար կարեք։

Էն մեկն առած ո՞ւր ա վազում, դիմացդ նայիր, փոս է: Ի՞նչ կլինի՝ էն բոյովին ասա՝ ձեռքինդ խաղալիք չի: Այ, էն մեկին տեսնում ես, չէ՞, կողքինը, հաշվել եմ՝ արդեն 6-րդ անգամ է խազում, վրան գունավոր ներկ լցնում, մեկը չկա ասի՝ մեկ է՝ փոսերը երևում են:

Դու ի՞նչ ես հետս կանգնել ուրիշներին նայում: Արագ կյանքդ վերցրու, գնա՛ մի անկյունում զբաղվի:

ofelya hovhannisyan

Մեր դասղեկը

Ընկեր Սիմոնյանը մեր գերմաներենի ուսուցչուհին է, նա մեզ երրորդ դասարանից սկսել է դասավանդել: Այդ ժամանակ դեռ ընկեր Սիմոնյանը իմ դասղեկը չէր, բայց ամենասիրելի ուսուցչուհին էր: Նա մեզ համար իսկապես շատ թանկագին մարդ է, ում շնորհիվ մենք շատ գիտելիքներ ենք ստացել:

Գերմաներենն ինձ համար այն առաջնային առարկաներից է, որը ես սովորում եմ մեծ հաճույքով: Մի անգամ, երբ ընկեր Սիմոնյանը դասը պատմել էր հանձնարարել, ես այդքան էլ լավ չէի սովորել, բայց տեսնելով, որ աշխատել եմ և ջանացել եմ դասը պատմել սովորել, նա ինձ ոգևորելու համար բարձր գնահատեց: Հիմա ես մեծ պատասխանատվությամբ եմ գերմաներենի դասերը սովորում պատմել, բայց սովորում եմ ոչ թե նրա համար, որ բարձր գնահատական ստանամ, այլ որ գոհացնեմ ուսուցչուհուս: Նա մեզ վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական երեխաներին: Մի անգամ, երբ հարցրինք ընկեր Սիմոնյանին, թե նա քանի երեխա ունի, պատասխանեց՝ 21: Մենք բոլորս զարմացած իրար էինք նայում, իսկ ընկեր Սիմոնյանը ծիծաղելով ասաց, որ ունի երկու աղջիկ և մեկ տղա, իսկ բացի նրանցից՝ ունի նաև 18 երեխա: Մենք անմիջապես հասկացանք, որ խոսքը հենց մեր մասին էր: Ուսուցչուհիս մեզ համար հիանալի խորհրդատու է: Աշակերտները ոչ միայն խորհուրդ են հարցնում նրանից, այլ նաև պատմում են իրենց անձնական գաղտնիքները:

Մենք դասընկերներով հատկապես շատ ենք սիրում էքսկուրսիաների գնալ ընկեր Սիմոնյանի հետ: Փոքր տարիքում մենք միշտ ցանկանում էինք, որ մեր ծնողները մեզ հետ գան էքսկուրսիայի, որպեսզի մենք չկորչենք և մեզ ապահով զգանք: Իսկ հիմա մենք մեզ ապահով ենք զգում մեր դասղեկի հետ:

Nelli Khachatryan

Ցավոտ մի հարց

Մինչ սկսելը ուզում եմ մի հարց տալ. քո պատկերացրած ապագայում դու որտե՞ղ ես: Չէ, էդ հավես փայտից կամ շքեղ տները մի կողմ թող: Խոսքս բնակավայրի՝ քաղաքի, գյուղի կամ թեկուզ երկրի մասին է: Եթե ամեն դեպքում ոչ երևակայությունից զուրկ լինելու պատճառով, այլ գիտակցության մակարդակից ելնելով՝ քեզ չպատկերացրիր օտար երկրում՝ շարունակենք:

Հերթական անգամ դասընկերոջս հետ «պաթոս-պաթոս» վիճում էի ու ասում, թե ինչքան լավ է Ճամբարակում, ու ինչքան եմ այն սիրում, երբ նա ինձ նույն հարցը տվեց: Հա, ու ես այդպես էլ չպատասխանեցի: Դե, հիմա, կարելի է ասել, ապրում եմ Երևանում, կավարտեմ, եթե ամեն ինչ իմ պլանավորածով լինի (վերևում, ներքևում կամ իմ ներսում ինչ-որ մեկին ծիծաղեցրի), կգնամ ծրագրավորման դասերի, կսովորեմ ու աշխատանքի կտեղավորվեմ:

Կներես, Ճամբարակ, բայց այս պլաններում կարծես թե չկաս, այդպես նեղացած հայացքով էլ մի նայիր: Մտածիր՝ դու ինձ աշխատանքով կապահովե՞ս: Դե, եթե ծրագրավորող դառնամ, ցանկալի է իմ մասնագիտությամբ: Երևի չէ, չէ՞:

Հետո կարո՞ղ ես այնպես անել, որ զարգանամ: Ախր, դու էլ, ոնց որ չաշխատող, տանը նստած մեկը լինես, որ հասարակությունից կտրվում, սոցիալապես չի զարգանում, աշխարհից ու կյանքի ռիթմից հետ է մնում:

Մեղադրում եմ ու մտածում, որ մենք հետ գանք ու փոխենք: Ես էլ իրավունք ունեմ մեղադրելու քո ծնողներին: Ի՞նչ անեմ, որ քո մեծ քրոջը՝ Երևանին, ավելի շատ են սիրել, ամեն ինչ նրան են տվել ու զարգացրել:

Եսասեր եմ… Դու էլ:

Տվածս հարցի շուրջ մտածեցի՞ր: Դո՞ւ էլ թաքուն Երևան պատկերացրիր: Չէ, մի արդարացիր: Գիտեմ, որ համայնքդ շատ ես սիրում: Ես էլ եմ շատ սիրում Ճամբարակը:

Բայց դու էլ դեռ մի պատասխանիր, գիտեմ, որ ցավոտ է:

heghine grigoryan

Այդ նա է

Դպրոցից տուն եմ գալիս: Էլի լսվում է հարազատ ձայնը կամ գուցե մեղեդին: Մինչև օրս էլ ինձ դուր է գալիս այդ նվագը՝ նրա նվագը: Չգիտեի, թե ով էր:

Փոքր էի: Ամեն անգամ այդ ձայնը լսելուց տարօրինակ զգացողություն էի ունենում: Հետո սկսեցի նկատել, որ այն ինձ դուր էր գալիս, և ինձ համար այլևս սոսկ ձայն չէր, այլ նվագ: Չգիտեի, թե ով էր նվագում, ինչով և որտեղ:

Էլի սկսվեց. նորից նույնը: Դուրս էի վազում, լսողությունս լարում ու քայլում այս ու այն կողմ: Չէի գտնում:

Նա ուշ-ուշ էր գալիս: Իսկ ես սպասում էի նրան՝ չգիտեմ, թե ում:

Սովորական մի օր էր, կամ գուցե անսովոր, որովհետև որոշել էի գտնել նրան: Էլի նույն խառը, կցկտուր նոտաներն էին լսվում: Քայլերս ուղղեցի դեպի նվագը և այս անգամ մոտեցա կտուրից իջնող խողովակին, որին երբեք ուշադրություն չէի դարձրել: Զարմանքս մեծ էր: Մինչ այդ տեսել էի միայն, որ խողովակով անձրևաջուր է հոսում, իսկ այդ պահին նրանով հոսում էին նոտաներ: Քամին էր նվագում: Դժվար էր հավատալ, որ այդ ամենն ընդամենը քամին էր, և ես չհավատացի:

Այդ նա է: Չգիտեմ՝ ով է, որտեղից և ինչով է նվագում, բայց միևնույնն է՝ ինձ մինչև հիմա էլ դուր է գալիս նրա նվագը: