mariam tonoyan

Սիրո սիմֆոնիա

Երբեմն լուսնի աղոտ լույսի տակ,

Երբ հովը հուշիկ փեշերն է քաշում՝

Ալեկոծելով օվկիանը անհուն,

Հոգիս թռչնի պես վեր է սավառնում.

Իմ մեջ ծնվում է քաղցր մեղեդի, մի մեղմ եղանակ։

Եվ սոսիների սոսափյունը խորթ,

Հին ու մոռացված խրատի նման,

Մի պահ թվում է այնքա՜ն ավելորդ,

Բայց դառնում հանկարծ անչափ դուրեկան

Ու ներս է հորդում առանց մնացորդ։

Մեղեդուն այդ վայրի, հեթանոսական

Ձայնակցում են աստղեր ու լուսին,

Ժայռեր ու դաշտեր, մորեխ ու լուսան,

Բայց տիեզերքի մեծ համերգի մեջ

Անբիծ մաքրությամբ հնչում է մի ձայն,

Որ գեղգեղում է թռչունը ներսիս,

Ու ներդաշնակում այնքա՜ն միալար,

Այնպե՜ս երկնային ու լիակատար,

Որ ճանաչում եմ անունը քո խորթ,

Որ հին, մոռացված խրատի նման,

Մի պահ թվում էր այնքա՜ն ավելորդ…

Seyran Sogoyan new

Իմ բանակին ու զինակից ընկերներիս

Արամ, Ավո, Արթուր, Արտուշ Արզումանյան, Կարեն, Վահան, Վասպուր, Արամ, Վահե, Էրիկ ու կարող եմ այս անվանացանկը հերթով թվարկել… Այ, իրենց պետք է շնորհավորենք ու շնորհակալ լինենք, որ մեր հանգիստ քնի համար նրանք քնեցին հավերժ…

Մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր հավատն ուրանալն ու Աստծուց հեռանալն է։ Մինչ վտանգի շունչն ու համը չենք զգում, չենք սկսում աղոթել ու Տիրոջը կանչել։

Միշտ զայրանում ու նեղանում ենք Աստծուց` ինչու նա մեզ չի տալիս այն, ինչ մենք խնդրում ենք, իսկ մենք ի՞նչ ենք տալիս Աստծուն։

Հայոց բանակն ունի վերականգնվելու, վերապատրաստվելու, վերաիմաստավորվելու կարիք, ու հայրենիքի պաշտպանության գործը վստահված չէ միայն բանակին, վստահված է յուրաքանչյուր արժանապատիվ ՀԱՅ-ի։

Ամեն անգամ ուժեղ բանակ ու հզոր հայրենիք ունենալու համար, նայենք այն դրոշներով սրբատեղիին, որ հասկանանք հայրենիքի ու բանակի գինը։

Seyran Sogoyan new

Երկրորդ կյանքի համար

Եթե ինձ տրվել է ապրելու հնարավորություն, ուրեմն ես այն պետք է ճիշտ ու գրագետ օգտագործեմ։

Դրա համար ես մի քանի կետ եմ առանձնացրել, որպեսզի «Երկրորդ կյանքում» կարողանամ ինձ առավել ինքնավստահ, ակտիվ ու առողջ զգալ։

Իմ օրինակին Դուք էլ կարող եք հետևել։

1. Առավոտյան մինչև 8-ը արթնանալ,

2. Հանգստի ռեժիմ (1 ժամ ոչ մի խանգարող բան, ոչ մի հեռախոս),

3. Պարապել (մարզվել, քայլել)1.30 ժամ ամեն օր,

4. Կարդալ օրական 10-ը էջ,

5. 1 ժամ տրամադրել նոր հմտություններ սովորելուն,

6. Հետևել առողջ ու նորմալ սննդակարգին ու ջրի քանակին։

Ու նոր բան սկսելու համար պարտադիր չի, որ երկուշաբթի լինի։

Meri Hakobyan Gagarin

Հայոց դյուցազունները

Հայաստանը սպորտի բնագավառում տասնամյակներ շարունակ գրանցել   է հաջողություններ, որոնցով հպարտացել և հպարտանում ենք մինչ օրս։  Մարզիկները մեր հայրենիքն են ներկայացրել աշխարհին, նրանց հաղթանակներն իսկապես թանկ են և  կարևոր մեզ համար։ Նրանք  մեր ողջ ժողովրդի և հատկապես` երիտասարդ սերնդի  մեծ խանդավառությունը և ոգևորությունն ապահովողներն են։

Սպորտում բազմաթիվ հաջողությունների հասած մարզիկներից  է նաև Արթուր Սաքունցը, որը դարձյալ զարմացրեց իր ֆիզիկական բացառիկ կարողություններով։

Ժամկետային զինծառայող Արթուր Սաքունցը սահմանել է  համաշխարհային ռեկորդ` 1,5 տոննա քաշով մեքենան  6 մետրից ավելի քաշելու համար` շրջանցելով չինացի մարզիկի ռեկորդը։ Սաքունցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝սահմանելով համաշխարհային ռեկորդի նոր չափանիշ։

Մարզիկը  հարցազրույցի միջոցով  կիսվել է   իր գրանցած հաջողությունների մասին և ոչ միայն:

-Նախ ասեմ, որ սա իմ առաջին ռեկորդը չէր։ Զգացողություններս շատ հաճելի էին, փոքր ինչ նաև զարմացած էի, իսկ ամենակարևորը՝ հպարտություն էի զգում։

-Ո՞ր տարիքում եք արել ձեր առաջին քայլերը։

-Սպորտով զբաղվում եմ 4 տարեկանից, ռեկորդներ սկսել եմ գրանցել 16 տարեկանից։

-Այս բնագավառում ունեցե՞լ եք ձախողումներ և հիասթափություններ։

-Ձախողումներ շատ են եղել, սակայն երբեք չեմ հանձնվել։

-Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։

-Երբեք չհանձնվել։

-Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը։

-Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր:  Հայրենասիրությունը մարդուն  վճռական է դարձնում: Հայրենասիրությունն այն է, երբ  պատասխանատվություն ես կրում քո երկրի, ժողովրդի հանդեպ։

-Ո՞ր երկրում կուզեիք լինել և ինչո՞ւ։

-Որևէ  նախընտրած երկիր չունեմ, իրականում շատ երկրներում կարող էի լինել, սակայն նախընտրում եմ մնալ իմ երկրում, քանի որ շատ եմ սիրում։ Ինձ համար իմ երկիրն ամենագեղեցիկն է ու ամենաապահովը։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Հիմնականում սպորտով եմ զբաղվում, նաև ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել։

-Եթե հնարավորություն ունենայիք ձեր երկրում ինչ-որ բան փոխել, ի՞նչը կլիներ դա։

-Արդարությունը կվերականգնեի։

-Հայկական զինվորական համազգեստը ուժի և տոկունության խորհուրդ ունի, ի՞նչ զգացողություններ ունեք դուք, երբ կրում եք այն։

-Ես հպարտությամբ եմ կրում համազգեստը և մեծ պատասխանատվություն եմ զգում հայրենիքիս հանդեպ։

-Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը, համարում եք ձեզ երջանիկ մարդ։

-Եթե ազնիվ ես, ապա երջանիկ ես։ Երբ ընտանիքիդ անդամները  ողջ և առողջ կողքիդ են, ապա դրանից մեծ երջանկություն չի կարող լինել։

-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք մաղթել գալիք  2022 թվականին։

-Մաղթում եմ երկրիս խաղաղություն, սեր և Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը թող լինի բոլորիս հետ։

Շնորհակալ ենք, սիրելի՛ մարզիկներ, որ  ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց:

seyrannor

Ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար

Սիրելի կարդացող ու չկարդացող,

Ի՞նչ տվեց քեզ տարին ու ի՞նչ ստացար։

Ինձ համար դրանք ուղղակի թվեր են, որ ամեն անգամ ավելանում են ու դրան զուգահեռ ավելանում են մեր ուրախությունները, տխրությունները, հոգսերը, մտածմունքները, երջանիկ պահերը, հույսերը։ Թվերը ավելանում են, ու մենք միշտ հենց տարին փոխվելուց ենք փորձում նոր բան անել, փոխվել դեպի լավը, բարին, նպատակներ դնել կապված գալիք տարվա հետ, մինչդեռ կարող ենք դա անել ամեն օր, ամեն վայրկյան։

Մարդիկ միշտ կյանքը կապում են թվերի հետ, երբ թվերը «գոլդ» են, ուրեմն շատ հիասքանչ է ամեն ինչ։

Թվերը ոչ մի նշանակություն չունեն մեր կյանքում. մեր կյանքում նշանակություն ունեն, թե մենք ինչ ենք անում դեպի լավը հասնելու համար, ինչ ենք անում, որ հասնենք մեր նպատակներին։

Թող գալիք օրերը քեզ համար լինեն կողմնորոշման ու հասանելիության նպատակների ու նոր քայլերի, սիրելու ու սիրված լինելու, հոգ տանելու ու հարգված լինելու, օգնելու ու օգտակար լինելու, գտնելու ու երբեք չկորցնելու, խաղաղ մնալու օրեր։

Եկեք հիշենք, որ ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար։

Աստված թող բոլորիս առողջ ու խելամիտ պահի։

Նախատոնական

Նոր տարվա սպասելիքներով,  քննական ծանրաբեռնվածությունից մի կերպ ազատված՝ վերջապես ժամանակ գտա երկու խոսքով ցույց տալու ընկերուհուս՝ Մարիամի ընտանեկան հավաքույթ-նախապատրաստումը գալիք տոներին, որն այնքան տպավորել էր ինձ։

Այդ օրը նա փոքր ինչ անհանգիստ էր, որովհետև ուզում էր և տնային գործերն ավարտել, և դասերը սովորել, և բաց չթողնել սպասված օրվա հետաքրքիր պահերը.

-Հեսա բոլորը հավաքվելու են մեր տուն։

Մեզ մոտ՝ Գավառում, այդ օրերին բոլորը հավաքվում են հիմնականում փախլավա պատրաստելիս, բայց երբ նրան հարցուփորձ արեցի, պարզվեց, որ բանն այլ է.

-Հատկապես սուջուխի (շարոցի) պատրաստումը մեր ընտանիքում մեծ արարողակարգ է,-պատմեց Մարիամը՝ թելած ասեղով ծակելով ընկույզների «փորիկները»,- Ամեն տարի այս օրերին, առավոտյան մաման նախապատրաստում է համեմունքների կապոցը և հետո դրանով խյուսը պատրաստում։ Այդ ընթացքում ես, քույրերս շարեր ենք անում, մինչև գալիս են տատիկը, մեծ քույրս իր ընտանիքով, հարևանները, և ընդհանրապես` ով պատահի։

Մի պահ դադար տալով՝ Մարիամը սկուտեղներ ու ափսեներ բերեց կողքի սենյակից և շարունակեց իր պատմությունը.

-Երբ շփոթը պատրաստ է լինում, մենք նախ տաք-տաք համտեսում ենք ու համի մասին կարծիքներ ասում,- ասաց նա ու մի ափսե տաք շփոթ ու ընկույզ հյուրասիրեց ինձ,- տատիկին միշտ համը չի գոհացնում, բայց մենք հավանում ենք։

Այնուհետև Մարիամի մայրն սկսեց շարերը թաթախել շփոթի մեջ ու կախել։

-Դե իհարկե, արդեն պատրաստի կախված շարերից մեկը պարտադիր պոկվում-ընկնում է,-հերթական շարոցի պոկվելու ժամանակ ծիծաղեց Մարիամն ու սկուտեղը ձեռքս տալով՝ հայտարարեց,- սա ամենազվարճալի պահն է։ Լավ խաղ է, արի խաղանք։ Պետք է այնպես անենք, որ գետնին չկաթկթի։

Ու մենք սկսեցինք սկուտեղները ձեռքներիս վազվզել կախված երկարուկ շարերի միջով։

Երբ ամեն բան պատրաստ էր, և հարևաններին հյուրասիրելու համար շփոթով լի մի-մի աման ձեռքներիս փողոց դուրս եկանք, Մարիամը չարաճճի ժպիտով մի բան փսփսաց.

-Գիտե՞ս, մի հետաքրքիր բան էլ կա։ Տատիկս միշտ ասում է, որ իրենն ավելի համով էր ստացվել,-մի պահ լիաթոք ծիծաղում է ու ավելացնում,- չնայած իր բաժինն էլ է մաման սարքում։

Էս էլ մեր շարոցների փոքրիկ, համեղ պատմությունը։ Սիրտներդ ուզեց, չէ՞։

Գավառի լուսաբացները

Գավառում լուսաբացերն ուրիշ են, ամեն բացվող լուսաբացի հետ ես սպասում եմ: Ինձ թվում է, եթե դադարեմ սպասել, մի բան այն չի գնա իմ կյանքում։

Գուցե տարօրինակ թվա, բայց իմ անդադար սպասման մեջ կյանքի շարունակականությունն եմ փնտրում ու ինքս ինձ միշտ հարց եմ տալիս` ի՞նչ արեցի այսօր իմ կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Ես պարզապես սպասում եմ: Իսկ ամեն լուսաբացի հետ հասկանում եմ, որ իմ մեջ մեծ կյանք կա, որը պետք է ԱՊՐԵԼ։