
Երանի հիմա
Երանի հիմա Ամանորյա տրամադրությունը լիներ այնպես, ինչպես մանուկ ժամանակ։
Երբ բոլորը մեզ հետ էին՝ ընկերները, հարազատները։
Ուրախ ծիծաղ ու ոչ մի դարդ ու մտածմունք։ Բայց, ցավոք, ժամանակի ընթացքում մենք «հնանում ենք»։ Սկսում ենք ամեն ինչ բարդացնել, դադարում ենք ուրախանալ պարզ բաների վրա։ Բթությունը լցվում է մեր կյանք, ու հին բարի Ամանորյա հեքիաթը վերածվում է` «վերջապես ե՞րբ է տաքանալու»:
Եվ տաքանալու է, բարեկամս, մի օր կտաքանա, պետք չէ շտապել։ Մինչ մենք շտապում ենք, մեզ հետ զուգահեռ ժամանակն է շտապում։
Երանի մի օր այնպես տաքանա, որ մարդկանց սառած սրտերը հալչի, ու անտարբերն ու քարի կտորը մարդու վերածվեն։
Կգա այդ օրը, համոզված եմ։ Կգա, երբ մենք դա ուզենք, երբ մենք կսկսենք սիրել ու հարգել մեկս մյուսին ու կսպասենք մեր հրաշքին, որն անպայման կգա։

Ապրելու կոմպոզիցիա

Աղոթք արձագանքող պատեր

Էմոցիոնալ զեղումներ՝ տիեզերքի, երջանկության, սիրո և պատերազմի մասին…
Մի օր, մի սովորական օր, ես արթնացա ու հասկացա, որ ուզում եմ գրկել Երկիր մոլորակը: Ես զգացի այդ գրկախառնության ուժը, իմ թևերի բացվածքը և մեր ձուլումը, ես հասկացա, որ սիրում եմ, անասելի սիրում եմ այս կյանքը: Մի սովորական օր, երբ հերթական անգամ թևերս քամու առաջ բացեցի, սպասումով, որ ինձ վեր կհանի, ես վեր բարձրացա՝ ոտքերս գետնին կպած, բայց բարձրացա: Ինչ-որ պահից հասկացա, որ տիեզերքը ավելի քան ուժեղ է, ու մտքերս սկսեցի տիեզերք ուղարկել, մեկ-մեկ էլ վախենալով, որովհետև հաճախ վատ մտքեր եմ ունենում: Ես հավատում եմ, հավատում եմ, որ ինչքան ես եմ սիրում էս կյանքը, էդքան ինքը ինձ է սիրում:
Հաճախ գլուխս շատ բարձրացրած եմ քայլում, որ աչքիս միայն երկինքը երևա ու քթիս կպնի սառը օդը, հավատացեք՝ դա նման չէ այն օդին, որը դիմացդ նայելով քայլելուց ես շնչում: Երկինքը ֆիլտրում է իմ ներսը, մաքրում է ինձ, օգնում է ու փրկում, ես վստահ եմ:
Մի օր արթնացա ու հասկացա, որ երջանկությունը ունեցածդ ոչինչն էլ սիրելն ու գնահատելն է: Երջանկությունը ուղղակի տեսնելն ու նկատելն է, ոչ թե ունենալը կամ չունենալը: Եվ ես այնքան երջանիկ ու շնորհակալ եմ ամեն ունեցածիս ու չունեցածիս, ամեն դրական ու բացասական զգացածիս համար:
Ու քանի դեռ մայրս անընդհատ կրկնում է, որ շատ բարի եմ, որ պետք է դադարեմ հավատալ, այդքան շատ հավատալ մարդկանց, միևնույն է, ես շարունակում եմ կուրորեն հավատալ: Եվ կապ չունի, թե ինչի կհավատաք, հավատը ամենակարևոր արժեքն է անկեղծ հարաբերություններ ստեղծելու, մարդկանց և կյանքը սիրելու համար:
Բայց մի օր, ամենատաք աշնանային օրերից մեկի ժամանակ, ես սկսեցի չհավատալ հումանիզմին: Այդ օրը պատերազմ սկսվեց, ես սկսեցի ատել: Այն օրը, երբ հրապարակվեցին առաջին զոհերի անունները, ես սկսեցի ատել: Իսկ այսօր պատերազմից մեկ տարի անց, ես էլի հավատում եմ, որ մեզ փրկվելու համար սեր ու համերաշխություն է պակասում, մեզ պակասում է գիտակցումը, որ երջանկությունը պալատներ ունենալու ու մի ողջ երկրագունդ զավթելու մեջ չէ: Երջանկություն է թեկուզ մի փոքրիկ հողակտորի վրա ամենափոքր, բայց ջերմ տուն ունենալը:
Այսօր, երբ աշխարհը կործանվում է բազմաթիվ չար մարդկանց պատճառով, ես հավատում եմ, որ մի օր մենք կվերագտնենք խաղաղությունը, երբ միմյանց մասին հոգ տանենք ու հասկանանք, թե ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:
Միայն թե իրար չսպանենք…

Սուրբ Սուրբ
Սարի Սուրբ մատուռը՝ Գեղարքունիքի մարզի ամենաբարձր պատմության հուշարձանը, գտնվում է Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա:
Զոլաքար գյուղում միայնակ ապրող մի մարդ երազ է տեսնում, թե ինչպես իր տնից ոչ հեռու գտնվող գոմում հրաշք է կատարվում: Գոմի մսուրում նա լույս է տեսնում, իսկ գոմի ու մսուրի շուրջը` օձեր, որոնք այդ լույսից կուրանում են, իսկ լույսը տարածվում է դեպի երկինք: Այս մարդը վեր է կենում ու գիշերով գնում գոմ: Ճրագի լույսով տեսնում է, որ մսուրում պառկած է մի գեղեցիկ կին` իր երկու նորածինների հետ, որոնց հասցնում է անուններ տալ ու մեռնում է: Նրա վերջին բառերն էլ լինում են երեխաների անունները` Խաթուն և Հովհաննես:
Որբերը մեծանում են ծերունու տանը և երկուսն էլ իրենց նվիրում են Աստծուն: Ամենուր նրանք պատմում են Աստծո ու աստվածային հրաշքների մասին, իրենք ևս շատ հիվանդների բուժում են իրենց հրաշք ձեռքերով ու աղոթքներով: Երբ Խաթունը մահանում է, եղբայրը նրան հողին է հանձնում Սևանա լճի ափամերձ մի վայրում, գերեզմանի վրա մի փոքրիկ մատուռ է կառուցում և գնում է դեպի լեռները: Նա բարձրանում է մի բարձր սարի վրա, քրոջ մատուռի դեմ դիմաց, հասարակ քարերով մի հյուղակ է սարքում և մինչև իր կյանքի վերջը ապրում է այնտեղ:
Այժմ այդ սրբավայրերը վերանվանվել են «Ծովափան խաչքար» և Սարի Սուրբ Հովհաննես: Մինչև այժմ էլ ժողովուրդը մեծ հավատով է այցելում այս սրբավայրերը: Խաթունը առավել հայտնի է սիրահարներին օգնելու մեծ զորությամբ, իսկ Սարի Սուրբը, որտեղ բարձրանալը բավականին դժվար է, ավելի շատ հայտնի է որպես արու զավակ չունեցող մայրերի ուխտատեղի:
Վարդավառի տոնին գյուղացիների մեծ մասը նախընտրում են այցելել այս սրբատեղի, նոր դրանից հետո տոնել Վարդավառը։
Ես նույնպես Զոլաքար գյուղից եմ և շատ եմ սիրում այցելել Սարի Սուրբ, ստորև կտեղադրեմ սրբավայրի նկարներից։

Պատերազմի դառը հետևանքները…
Սա էլ կանցնի, բայց ոչինչ չի լինի առաջվանը, իսկ գիտե՞ս ինչու, որովհետև պատերազմն իր հետ տարավ ամեն ինչ, տարավ տղերքին, էն տղերքին, ովքեր նոր պիտի մտնեին հասուն կյանք, սովորեին, աշխատեին, սիրեին ու սիրվեին՝ զգային կյանքի քաղցրությունները, ամուսնանային, երեխաներ ունենային, որով կդառնային ամենաերջանիկները, երբ կլսեին, թե ոնց է իրենց փոքրիկը ասում` պա՜պ։ Ատում եմ պատերազմները, որոնք իրենց հետ տանում են ամեն ինչ։
Ինչքա՞ն երազանքներ, սերեր, կյանքեր մնացին կիսատ… Չէ՞ որ նրանք էլ էին ուզում ապրել, չէ՞ որ կյանքը քաղցր է յուրաքանչյուրիս համար։ Իսկ դուք, տղերք, 18, 19 տարեկան էիք ու չխնայեցիք ձեր կյանքը։ Տղերք, դուք իսկական առյուծներ եք։ Դուք հանուն մեզ գնացիք, հանուն հայրենիքի, հանուն ձեր ընտանիքների…
Ցավոտ է, շատ ցավոտ, այստեղ չկա իմ և քո, չկա ծանոթ և անծանոթ, ցավը նույնն է ու մեր բոլորին է, բայց առավել ցավոտ է նրանց ծնողների համար։
Պատերազմ, ես ատում եմ այս բառը։ Պատերազմ, որը սովորեցրեց ավելի շատ սիրել, ավելի շատ գնահատել կյանքը, ավելի կարևորել ներկան, քան թե ապագան։
Մարդիկ երազկոտ են, դրա համար միշտ մտածում են վաղվա մասին, միշտ ասում ենք` լավ, դե վաղը կանեմ այդ գործը, վաղը կասեմ, որ սիրում եմ, որ ներել եմ, որ կարոտել եմ, որ սպասում եմ, և այսպես ամեն ինչ թողնում ենք վաղվան, այն վաղվան, որն այդպես էլ չի գալու…

Ամեն ինչ իր ժամանակին
Արդեն մեկ տարի անցել է պատերազմից։ Շատերը գոնե մի պահ ժամանակ չտրամադրեցին մտածելու` ինչով բուժեն, օգնեն, կարեկցեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեին և ունեն հիմա։ Նրանց համար, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա՝ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է։
Ցավոք, ազգս կրկին դաս չքաղեց. էլի արհամարհական թերթեց էջն ու անցավ առաջ։
Պատերազմից հետո հասկացա, որ մարդիկ ու երևույթները ժամանակից արագ են փոխվում։
Իմ կյանքը երկու մասից բաղկացած եմ համարում. պատերազմից առաջ և հետո։
Ուզում եմ և առաջինին բաց թողնեմ, և հետո-ին։
Ինձ համար կյանքը երեք օրերն են։ Երեկն արդեն անցել է, ու դու ոչինչ չես կարող փոխել, վաղը դեռ չի եկել, ու կարող է չլինի։ Դրա համար փորձենք այսօրը պատվով գործել, որ չզղջանք մեր արածների համար։
Մի խոսք կա, որի հետ 100 տոկոս համաձայն եմ. ամեն ինչ ժամանակին կլինի։
Եվ իրոք: Դու կարող ես պայքարել մինչև վերջին քրտինքը, բայց եթե դեռ ժամանակը չէ, քո մոտ կամ ոչինչ չի ստացվելու, կա’մ էլ դու չես կարողանալու արժանվույն գնահատել այն, ինչի համար պայքարում էիր։ Ու վերջիվերջո, կկորցնես ընդմիշտ։
Մի շտապեցրու կյանքիդ, շարունակիր առաջ գնալ, բայց մի սպանվիր՝ փորձելով ինչ-որ բան ստանալ։
Ամեն ինչ ժամանակին կլինի։
Մենք ենք մեր պատմության հեղինակը։
Եթե զգում ենք, որ մնացել ենք նույն էջի վրա, հիշենք, որ ամեն վայրկյան կարող ենք նոր գլխից սկսել գրել:

Փողոց նայող պատուհանը

Կյանքից ավելի թա՞նկ
Միլիարդավոր մարդիկ այցելել են այս կյանքն ու գնացել՝ հանգիստ փակելով դուռն իրենց հետևից։
Ապրել են, զգացել են, սիրել են, ինչպես մենք։
Բոլորը՝ առաջինից մինչև վերջինը, վերացել են։
Եթե յուրաքանչյուր մարդ այս երկրում հասկանա դա, ժամանակ կունենայի՞նք հիմարությունների, չսիրելի աշխատանքի, ատելության, ագահության, տրտմության, անհավատ լինելու, ծուլության, ցինիզմի, թուլության, արհամարհանքի։
Կծախսեի՞նք մենք մեր թանկագին ամիսները կյանքի՝ ուրիշների կյանքերին խառնվելով ու խանգարելով։
Կվախենայի՞նք այն մտքից, ինչ է մտածում ամբոխը մեր մասին։
Օգտագործենք մեզ տրված ժամանակն առավել քան ճիշտ, ու օգտակար դարձնենք և’ մեզ համար, և’ նրանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։