artur badoyan

Շնորհավոր նոր տարի

Է՜, հոգնեցի տանը նստելուց, ի՞նչ անեմ, մի քիչ զբաղվեմ: Եվ մտքովս մի հետաքրքիր բան անցավ: Որոշեցի դուրս գալ տանից և մի քիչ ման գալ ու տեսնել, թե ինչ են անում մարդիկ մինչ Նոր տարին: Որոշեցի ու գնացի: Դրսում շատ հետաքրքիր էր, ամեն քայլափոխի մարդիկ միայն առևտրով էին տարված, հոգնեցի, բայց միևնույնն է, հետաքրքիր էր:

Քայլեցի և ճանապարհին մի մեծ և նոր խանութ տեսա: Լսել էի, բայց չէի տեսել այդ խանութը: Երբ մտա, զարմացա, որ այդքան գեղեցիկ խանութ էլ կա: Ու մի պահ մոռացել էի, որ հաջորդ օրը քույրիկիս ծննդյան օրն է, և ես ոչինչ չեմ արել: Փուչիկներ, նվերներ ու ժապավեններ գնեցի ու շտապեցի տուն: Գաղտնի մտա սենյակս, որ քույրս չտեսնի իմ պատրաստած անակնկալը: Ամեն ինչ դասավորեցի ու սպասում էի հաջորդ օրվան: Նախօրոք մեր հարևանին խնդրեցի, որ մի քանի ժամով զբաղեցնի քույրիկիս, մինչ ես կզարդարեմ մեր տունը: Առավոտյան իմ սենյակից դուրս չեկա, մինչև քույրս գնար: Շուտով զանգ եկավ, զանգողը մեր հարևանն էր.

-Կարինե ջան, բարև, կգա՞ս մեր տուն՝ սուրճ խմենք:

Քույրս գնաց, իսկ ես արագ սկսեցի տունը զարդարել մինչ նրա վերադառնալը: Վերջացրի և սպասում էի նրա գալուն, երբ արագ ներս եկան հարևաններն ու քրոջս ընկերուհիները, ու երկու րոպե չանցած՝ ներս եկավ քույրս:

Բոլորը սկսեցին ասել «շնորհավոր», իսկ ես պատահական ասացի.

-Շնորհավոր Նոր տարիդ:

Բոլորը սկսեցին ծիծաղել: Ես էլ ծիծաղեցի իմ ասածի վրա:

hakob melqonyan

Երազանքի հետևից

Այդ օրը սովորականի նման գնացի դպրոց: Երկրորդ ժամին եկան և հայտնեցին, որ Երիտասարդական հիմնադրամը մեր դպրոցից մի քանի աշակերտի իր հովանավորությամբ ուղարկելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երբ կարդացի ընտրվածների անունները, շատ զարմացա և ուրախացա, քանի որ այդ ցուցակում կար նաև իմ անունը: Ոգևորված այդ լուրից՝ գնացի տուն և սկսեցի պատրաստվել:

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, մենք ճանապարհ ընկանք: Մի քանի ժամ անց, մենք արդեն ինստիտուտում էինք: Սկսվեց մեր անմոռանալի հանդիպումներով լի օրը: Մենք հանդիպում ունեցանք ինստիտուտի սաների հետ, ծանոթացանք նրանց առօրյային: Ամենակարևոր հանդիպումը գեներալի հետ էր: Նա շատ հաճելի և մարդամոտ անձնավորություն էր, մեզ հետ զրուցեց և սիրով պատասխանեց մեր հարցերին:

Այնուհետև այցելեցինք ինստիտուտի թանգարան, որը լի էր ամենատարբեր զինատեսակներով, որոնք մնացել էին արցախյան գոյամարտի տարիներից: Այնտեղ գնտվող յուրաքանչյուր զենք իր պատմությունն ուներ: Թանգարան այցելելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք բոլորին և ճանապարհ ընկանք տուն:

Այդ այցելությունից մեծ բավականություն ստացած՝ որոշեցի մի օր վերադառնալ այդ ինստիտուտ, բայց այս անգամ ոչ թե որպես այցելու, այլ որպես այդ ինստիտուտի սան…

Artyom Avetisyan

Մեկ բացիկ` մեկ բնակարան

Աշակերտական խորհրդի անձնակազմով որոշեցինք պատվիրել «1 բացիկը 1 բնակարան է 1 անօթևանի համար» բացիկ նամակները, վաճառել և գումարը հատկացնել Գյումրիի անօթևան որևէ ընտանիքի: Պատվիրելու և ձեռք բերելու հոգսը վերապահեցինք ընկեր Հոխիկյան Արաքսին: Ամբողջ հարցերով զբաղվում էր նա: Երբ նա մեզ ասաց, որ արդեն պատվիրել է, մենք գրեթե ամբողջ շաբաթը դասասենյակից դուրս չէինք գալիս և ամեն րոպե նրանից հարցնում էինք, թե արդյո՞ք լուրեր չկան բացիկների մասին, թե ե՞րբ պատրաստ կլինեն, ե՞րբ կսկսենք վաճառել:

Պատրաստվում էինք Ամանորին, երբ տեսանք բացիկները: Սկսեցինք հետաքրքրվել և փորձեցինք ծրագիր կազմել, թե ինչպես կարելի է դրանք վաճառել: Նշեմ, որ բացիկը Գյումրու Յոթ վերք եկեղեցու բարեգործական խումբն է իրականացնում, որից գոյացած հասույթը տրամադրվում է 1988թ. երկրաշարժի հետևանքով մինչև օրս անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների գնմանը: Ստացանք մեր հասանելիք բացիկները: Նախ սկսեցինք վաճառել դպրոցում, հետո նաև մեր շրջապատում: Բացիկն արժեր 400 ՀՀ դրամ: Ուսուցիչներն առանց գումար խնայելու գնում էին, երբ լսում էին, որ դա Գյումրիի անօթևան ընտանիքների համար է արվում: Իսկ մենք, երբ վաճառում էինք, շտապում էինք դասասենյակ, բոլորին ներկայացնում գնորդի անունը և գումարը լցնում տարայի մեջ: Բոլորս շատ էինք ուրախանում ամեն մի հաջողությունից, որովհետև իրականանում էր մեր երազանքներից մեկը՝ օգնել անտուններին: Մենք շատ էինք չարչարվում, սակայն ոգևորվում էինք, երբ մեզ գնահատում և գովում էին: Կային աշակերտներ, ովքեր սկսեցին գնել և օգնել, որ վաճառվեն բացիկները: Երբ տեսանք, որ դպրոցում այլևս հնարավոր չէ վաճառել, սկսեցինք արդեն մեր` Լիճք գյուղում վաճառել: Հաշվեցինք տարայի գումարը և տեսանք, որ մեր ակնկալիքները գերազանցել են…

Երբ արդեն բոլոր բացիկները վաճառել էինք, ուրախանում և հպարտությամբ էինք լցվում մեկս մյուսի նկատմամբ: Հաջորդ օրը ընկեր Հոխիկյան Արաքսի հետ գումարը փոխանցեցինք բարեգործական կազմակերպության հաշվեհամարին: Ասեմ, որ բացի մեզանից կային նաև այլ մարզերի երիտասարդներ, ովքեր զբաղվում էին այդ ծրագրով, իսկ կազմակերպությունը հասույթը ամբողջացնում է ու զբաղվում բնակարան գնելու և տրամադրելու հարցերով:

Այս տարի, երբ հերթական ընտանիքը նվեր կստանա բակարան, մեր ուրախությունը կրկնակի կլինի. չէ որ մենք էլ մաս կունենանք այդ ուրախությունից:

rafayel najaryan

Տոնի երկու երեսը

Երբ դեռ փոքր էի, ամեն Նոր տարվա առավոտյան արթնանում վազում էի տոնածառի մոտ: Տեսնելով տոնածառի տակ դրված նվերները՝ շտապում էի դեպի դուռը, որ հասցնեմ տեսնել Ձմեռ պապին: Բայց ամեն անգամ չէի հասցնում: Բայց չէի էլ դադարում հավատալ նրա գոյությանը: Ճիշտն ասած՝ հիմա արդեն մեծ եմ, բայց դեռ հավատում եմ:

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր տանը հայտնվել է մեկը, ով բոլորից շատ է հավատում և սպասում Ձմեռ պապիկին՝ փոքրիկ քույրս է… Ամեն տարի, ամբողջ ընտանիքով առանձին-առանձին տարբեր նվերներ ենք գնում նրա համար։ Առավոտյան, երբ արթնանում է և տեսնում նվերները, շա՜տ-շատ է ուրախանում: Կարծես մոռանում է ամեն ինչ և տարվում նոր խաղալիքներով և հագուստներով։ Ժամը 12:00-ին հայրս լցնում է բաժակները և մի հայկական կենաց ասում, շնորհավորում ենք միմյանց և շարունակում տոնը՝ զանգահարելով մեր` երկրից դուրս ապրող բարեկամներին:

Բայց մեր օրն այդքանով չի ավարտվում՝ ես և մեծ քույրս էլ ենք նվերներ ստանում ու չնայած, որ արդեն գիտենք, թե ովքեր են այդ նվերների հեղինակները, մեկ է՝ շատ ենք ուրախանում։ Այդ ամենին հաջորդում է հարազատներին հյուր գնալու հին սովորույթը: Նաև հյուրեր ենք ընդունում մեր տանը։ Թեև Ամանորի համար շատ գնումներ ենք անում, բայց միևնույն է, մթերքը շուտ է վերջանում: Դա գալիս է նրանից, որ հայերը շատ հյուրասեր են: Ես կարծում եմ, որ Սուրբ ծննդյան տոները ամենալավը Հայաստանում են նշում։

Նոր տարին գալիս է՝ իր հետ բերելով խնդիրներ: Խնդիրներից մեկն այն է, որ մեծերը դժվարանում են հոգալ այս ծախսերը։ Մարդիկ կան, որ պարտքով գումար են վերցնում և նշում Նոր տարին: Մի՞թե մի քանի հոգու զարմացնելու համար ճիշտ է այդքան մեծ ծախսեր անել: Նաև, երբ ձյուն է գալիս, ճանապարհները գրեթե չեն մաքրում, իսկ դա դառնում է պատճառ, որ միմյանց հյուր գնացող մարդիկ ընկնեն սառույցի վրա, և ավտովթարներ տեղի ունենան: Չէ՞ որ այդ օրերին բոլորը գնում են միմյանց շնորհավորելու։

Ես, իմանալով, որ 17.am կայքը շատ են կարդում, որոշեցի գրել այս մասին՝ խնդրելով մեր իշխանությանը, որ այս տարի լինեն ավելի ուշադիր և զգոն, քանի որ այս օրերին լինում են ավելի շատ պատահարներ, քան սովորաբար։

Խնդրո՛ւմ եմ, այնպես արեք, որ երեխաների ամենասիրելի տոնը չփչանա…

ofelya hovhannisyan

Սպասումով լեցուն

Սկսվեց Ամանորյա եռուզեռը: Մշտապես սպասված այս տոնն արդեն մոտենում է: Անկախ տարիքից՝ բոլորն էլ սիրում և անխնա պատրաստվում են: Աշխարհի տարբեր վայրերում Նոր տարին տարբեր ավանդույթներով և հետաքրքրություններով են նշում: Մարդիկ մեծ ջերմեռանդությամբ են զարդարում ոչ միայն տոնածառը, այլև ամբողջ տունը, բակը, քաղաքներն ու գյուղերը: Եվ ամենակարևորը՝ Նոր տարվա գիշերը պահում են երազանքներ և հավատում, որ դրանք կիրականանան: Շատ հետաքրքիր տոն է: Բոլորն այդ օրը պարզապես մոռանում են իրենց հոգսերի մասին, մտածում, թե նոր տարում ի՞նչ կլինի, արդյոք ի՞նչ հաջողությունների կհասնեն:

Դասընկերներով որոշեցինք զարդարել մեր դասարանը: Մեր դասասենյակում ամեն ինչ այնքան թափթփված էր, որ ես մտածում էի, թե չենք կարողանա այն կարգի բերել: Բայց մենք այնքան ուրախ էինք, որ այդ ամենը չէինք էլ նկատում: Շատ քիչ ժամանակ ունեինք: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես են իմ դասընկերուհիներ Տաթևն ու Լուսինեն, հասարակ թղթերից այնպիսի գեղեցիկ զարդարանքներ պատրաստում: Ես չէի էլ հասցնում նայել՝ այդքան արագաշարժ աշխատանք ես դեռ չէի տեսել: Չնայած, մյուսներն էլ հետ չէին ընկնում: Դիանան, Սյուզաննան և Իշխանուհին մեր դասարանի ամենաբարձրահասակ աղջիկներն են: Դրա համար մենք փուչիկները փչելուց հետո անմիջապես նրանց էինք տալիս, որպեսզի կախեին տարբեր տեղերից: Իսկ Վիկտորյան և Քրիստինեն կարողանում էին փայլերից տարբեր տեսակի զարդեր ստանալ: Դե, ես էլ հետևում էի նրանց աշխատանքին և անհրաժեշտության դեպքում՝ օգնում նրանց: Մեզանից մի ժամ պահանջվեց, և մենք կարողացանք շատ գեղեցիկ զարդարել մեր դասարանը: Դասարանը զարդարելուց հետո գնացինք տուն:

Շատ եմ սիրում Ամանորի նախապատրաստական փուլը, ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է՝ սպասումով լեցուն: Ես ցանկանում եմ, որ այս տարի բոլոր ընտանիքներում հետաքրքիր և ուրախ անցնի Ամանորը, և կատարվեն բոլորի երազանքներն և ցանկությունները:

zara gevorgyan

Հանդիպումից բաժանում

Մի քանի ամիս առաջ էր, երբ իմացանք, որ հորաքույրս ՌԴ-ից փոքրիկ հրաշքի և ամուսնու հետ Հայաստան է գալու: Շատ-շատ էինք ուրախացել: Դե, պատկերացրեք, երեք տարի ապրելով իրարից հեռու, ոնց էինք  անհամբեր սպասում,  թե երբ է գալու դեկտեմբերի 17-ը:

Ճիշտ է, ես էլ անչափ կարոտել էի և սպասում էի նրանց գալուն, բայց… Բայց ինձ համար ամենահետաքրքիր և ամենասպասված պահը առաջին հանդիպումն էր  հորաքրոջս փոքրիկ  հրաշքի` Սիմայի հետ, ում այդքան տարիների ընթացքում տեսել էի միայն լուսանկարներով և սքայփով:

Շատ դժվար անցան այդ մի քանի ամիսը, բայց ավելի դժվար էին այն մի քանի ժամերը, երբ օդանավակայանից նրանք տուն հասան: Բոլորս մեծ սիրով և ուրախությամբ դիմավորեցինք նրանց: Եվ ես հանկարծ մայրիկիս թաքուն ասացի.
-Է, մամ, մինչև Սիմուլը սկսի ճանաչել մեզ, մինչև խաղա մեզ հետ, իրենք հետ կգնան:
Եվ այդպես տխուր ու չլսելով մայրիկիս պատասխանը, կրկին շտապեցի, որ թեկուզ մեկ անգամ ավելի գրկեմ զարմուհուս:

Արդեն սովորել ենք նրանց ներկայությանը, և չեմ պատկերացնում` ինչքան դժվար է լինելու մեր բաժանումը:

diana karapetyan

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Բլա, բլա, բլա…

Չեմ սիրում Նոր տարին: Հա բա ինչ, թեկուզ փոքր ժամանակ սիրում էի, էն էլ դե Ձմեռ պապիկի համար էի սիրում, բայց մի օր մայրիկին «բռնեցրի» Ձմեռ պապիկի տոպրակ սարքելիս, ու մայրիկս էլ ստիպված խոստովանեց, որ Ձմեռ պապիկ չկա: Թեկուզ սկզբում ասաց, որ Ձմեռ պապիկը չի հասցնում մեր տուն գա, դրա համար իրեն է կարգադրել, որ մեզ նվեր տա: Հա, հիշում եմ, ես էլ հլը սկզբում նեղվել էի, թե բա բոլորի տուն հասցնում է գնալ, մերն էլ չի հասցնում, ու հետո էլ որոշել էի, որ Ձմեռ պապիկին պիտի բռնեմ ծեծեմ, որ մեր տուն չի գալիս:

Ամեն Նոր տարվա գիշեր մի փոքրիկ ավել ունեի, վերցնում էի, նստում էի անկողնուս մեջ ու Ձմեռ պապիկին էի սպասում, իբր թե, հեսա կգա, ես էլ կբռնեմ ու կծեծեմ: Հա, բա ինչ, Ձմեռ պապիկը եկավ` ես էլ ծեծեցի: Հիմա, որ մտածում եմ, ասենք, գիժ էի` ի՞նչ Ձմեռ պապիկ: Հիմա փոքր երեխային ասում ես` խելոք մնա, որ Ձմեռ պապիկը քեզ նվեր բերի, թեքվում ասում է. «Դեբի՞լ ես, ի՞նչ Ձմեռ պապիկ: Ձմեռ պապիկ չկա»: Հա, լավ, բա ես ինչո՞ւ էի հավատում: Լավ, մոռանանք Ձմեռ պապիկին: Ի՞նչ էի ասում. ես Նոր տարին չեմ սիրում, քանի որ անիմաստ ենք նշում: Մինչև դեկտեմբերի 20-ը պիտի հասցնեն առևտուր անեն, թե չէ ամեն ինչ կամաց-կամաց թանկանում է (թանկանալն էլ հո թանկանալ չի, կրկնակի չէ, եռակի գին են դնում ապրանքին): Խանութներում շնչելու տեղ չի լինում, ու ամեն կողմից լսվում է. «Չարազը մոռացանք, թեկուզ ստեղ թանկ ա, ներքևից կառնենք», «Կնիկ, էլ ի՞նչ պտի առնինք», «Էս ի՞նչ թանկ ա», ու էլի նմանատիպ արտահայտություններ:

Հունվարի մեկից սկսվում է բարեկամ-հարևան գրոհը, գալիս են Նոր տարի շնորհավորելու: Էն, որ էդ մարդուն ամբողջ տարին չես տեսնում, մեկ էլ Նոր տարվան տեսնում ես: Դե, որ իրենք եկել են, դու էլ պիտի գնաս, բայց ամենավերջին պահն այն է, որ բոլորը երանի են տալիս, որ այդ օրը բուք ու բորան լինի, ու ոչ մեկը չգա: Հետո սեղանը դնում են ու ասում են, որ սեղանին ձեռ չտաք` չգան տեսնեն մի բան պակաս է, չարազին ձեռ չտաք, կգան-կգնան` հետո կուտեք: Բայց ով էլ գալիս է, չարազից մենակ չամիչը չի ուտում, ես էլ չամիչ չեմ սիրում: Ամեն տարի նույնը` տոլմա, բլինչիկ, «խոզի բուդ», աղցաններ… Տանջվում-տանջվում պատրաստում ես, վերջում մնում փչանում է: Դե իմա՞ստը:

Բա էն, որ սեղանը հավաքում ես, մտածում ես, որ վերջ, մեկ էլ, հոպ, մեկը գալիս է հյուր: Դե, Դիանա ջան, ոնց տարել ես` էնպես էլ հետ բեր: Գոնե Նոր տարին էլ օլիմպիական խաղերի նման 4 տարին մեկ լիներ, գոնե մի տարի շունչ կքաշեինք:

Շատերը անգամ գումար են բանկից վերցնում, որ Նոր տարի նշեն, հետո էլ ամբողջ տարին աշխատում, տանջվում են, որ այդ վարկը փակեն, ու այդպես ամեն տարի: Իմա՞ստը:

hasmik vardanyan

Նոր քննակարգը

12-րդ դասարան, ավարտական տարի, լարված պարապմունքներ, այս ամենի հետ մեկտեղ՝ նոր նախարար ու նոր քննակարգ: Մեկ ամիս շարունակ դպրոցի տնօրինության կողմից լսում ենք նույն խոսքերը. «Դիմումները պիտի փոխե՛ք, փոփոխություններ են եղել»: Իսկ այն հարցին, թե ինչ փոփոխություններ են լինելու, պատասխանում են. «Ի օգուտ ձեզ»: Ես համաձայն եմ, իրականում նրանք փորձում են հունվարից հետո մեր ծանրաբեռնվածությունը թուլացնել: Բայց…

Երբ ինչ-որ համաճարակ է տարածվում, համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ աշխարհի լավագույն բժիշկները փորձում են կանխել: Եվ ամեն նոր մեթոդ մշակելիս՝ փորձարկումներն անում են ինչ-որ կենդանիների վրա, մասնավորապես՝ մկների: Այժմ մեր Կրթության և գիտության նախարարությունը նոր նախարարի աջակցությամբ փորձում է կրկնուսույցների դեմ կանխարգելիչ միջոց գտնել: Իսկ մենք՝ այս տարվա շրջանավարտներս, դարձել ենք մկները, և մեր վրա փորձարկում են իրենց նոր մեթոդները: Դե, մենք էլ մկների նման սուսուփուս դիմանում ենք:

Այս ամենի մեջ միակ դժգոհությունս այն է, որ կիզակետում մենք ենք հայտնվել և ամեն լավ կամ վատ փոփոխություն՝ մեր գլխին է ջարդվում:

inesa soghoyan

Արձակուրդային պլաններ

Սկսվեցին, ջա՜ն, արձակուրդները սկսվեցին: Ինչքան էի սպասում: Ուռա՜, ամեն օր արդեն հավեսով կարթնանամ (ես երբեք զարթուցիչով չեմ արթնացել), մարմնամարզությունը կտևի երկար, կգնամ կլվացվեմ ու ամենասիրելի հարցս՝ թե՞յ, թե՞ սուրճ. համաձայնեք՝ բարդ ընտրություն է: Ու 15 օր շարունակ ստիպված չես արագ գործերդ վերջացնել, որ գնաս դասի, կամ հոգնած դասից գաս ու դաս սովորես, շուտ քնես ու կինո չնայես:

Վերջապես ստիպված չես գիշերվա 3-ին արթնանալ ու մտածել՝ հեռախոսդ կամ նվագարկիչդ լիցքավորման դրվա՞ծ է, թե՞ մոռացել ես: Եվ էլ չես ասի. «Մի հատ կոմպը կտա՞ս՝ դասերս գրեմ»:
Բայց ամենալավը արձակուրդների մեջ շատ ազատ ժամանակ ունենալն է: Արդեն կսկսեմ նվագարկչիս մեջ շատ երգեր ներբեռնել, կվերջացնեմ գիրքս, որն սկսել եմ մի քանի օր առաջ ու դասերի պատճառով չեմ հասցրել կարդալ: Ամենակարևորը՝ կգրեմ նյութեր 17.am-ին տպագրվելու համար:

mariam tonoyan

Արժեքներ

Երբ կոշիկդ մաշված է, և անձրևոտ օրերին ջուրը ոտքերդ է լցվում ու թրջում, այդ ընթացքում կարծես ջուրը միանգամից թրջի քեզ ամբողջությամբ ու հասնի մինչև մազերիդ ծայրը:

Փողի, հարստության մասին երբեք չէի մտածել:

Վերջերս այցելեցի մենակյաց Համեստ տատիկին, ում հաճախ ենք այցելում թաղի երեխաներով ու զրուցում նրա հետ: Նա ժամերով պատմում է Արցախյան պատերազմում զոհված որդու` Զավենի մասին, ցույց տալիս նկարները: Համեստ տատը ծեր, թոշակառու կին է, այրի է, ապրում է Գավառ քաղաքում: Որդիներից մեկը զոհվել է պատերազմում, երկրորդը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Մասնագիտությամբ հաշվապահ է եղել, միաժամանակ, աշխատել տարբեր գործարաններում: Հերթական զրույցներից մեկի ժամանակ, Համեստ տատիկը ցույց տվեց որդու` Զավենի  թղթապանակը, որի մեջ որդու ձեռքով գրված թղթեր էին, դպրոցական տետրեր, թղթե հետաքրքիր մարդուկներ ու կենդանիներ, որոնք հավանաբար պատրաստել էր մանկության տարիներին: Թղթերի կույտի մեջ հետաքրքրությունս շարժեց մի ճմռթված թուղթ, որը պարզվեց` Համեստ տատիկի որդու գրառած մտքերից էր: Տետրից պոկված թղթի կտոր էր, որը ամեն կողմերից զննելուց հետո սկսեցի կարդալ. «Ես ամեն վայրկյան փախել եմ ինձնից ու հիմա, կարծես սթափվելով, նայում եմ հետ ու ափսոսում ապրածս կյանքի, ավելի ճիշտ` չապրելուն հավասար կյանքի սխալների համար: Հիմա պետք է ծառայեմ հայրենիքիս, նմանվեմ մարդկանց, որոնք արյուն են թափել այն հողի համար, որի վրա ես վայելում եմ կյանքը` օրական մի մեքենա եմ փոխում: Հա, վախկոտ եմ, վախենում եմ հայտնվել աղքատիկ մի վայրում, որտեղ չգիտեմ` կդիմանամ, թե կմեռնեմ: Բացի վախկոտը, նախանձ էլ եմ: Նախանձում եմ աղքատներին, ովքեր մի կտոր հացի համար կյանք են տալիս, բայց պաշտպանվել գիտեն: Իսկ մենք` հարուստներս, կդիմեինք մեր մեծ շրջապատին, որ մեր հարցերը լուծեն: Մեկ-մեկ անգամ ցանկացել եմ լաց լինել, բայց հպարտությունս չի թողել: Հոգնել եմ այս թատրոնից: Երբ մնում եմ մենակ իմ ու իմ ճշմարտության հետ, զգում եմ, թե ով եմ ես իրականում`մի թույլ ու անօգնական տղա»:

Համեստ տատիկն ասաց, որ որդին սիրում էր դպրոցում, դասի ընթացքում գրել տետրի վերջին էջերին այն, ինչ մտածում էր. մտքեր, դժգոհություններ, քառատողեր…

Կարդալուց հետո սկսել եմ ավելի շատ մտածել փողի արժեքի մասին, փողով տարված, անձնուրաց ու մոլորված մարդկանց մասին, որոնք փողը համարում են կյանքի գերագույն արժեք ու մոռանում իրական արժեքների մասին…