marieta ispiryan

Մեր ճագարիկը

Դեռ շատ վաղ տարիքից հայրիկս ինձ սովորեցնում էր, որ ոչ մի բանից չվախենամ, միշտ վեր գտնվեմ ամեն տեսակի ցավից, և ասում էր․ «Ամեն ինչ մարդու համար է»։

Հայրիկիս այդ խոսքերը ինձ միշտ ուղեկցում էին, և մի անգամ, երբ ես արդեն հինգ տարեկան էի, առջևի երկու ատամներս ցավում էին, բայց ես սովորությանս համաձայն, ոչ ոքի չէի ասում։ Հետո այդ ատամները սկսեցին շարժվել։ Ես որոշեցի ինքնուրույն այդ երկու ատամները քաշել, որովհետև մինչ այդ հեռուստացույցով տեսել էի, թե ոնց է երեխան իր ատամը քաշում, և ես էլ փորձեցի, ու ստացվեց։ Մայրիկս, իհարկե, ինձ վրա շատ բարկացավ, սակայն ես չէի զղջում արածիս համար։

Դրանից հետո անցավ երկու տարի։ Ես արդեն նկատել էի, որ առջևի ատամներս շատ առաջ են աճում։ Մայրիկս ասում էր, որ դա այն պատճառով է, որ իրենից թաքուն էի քաշել ատամներս։

Այդպես ես գնացի առաջին դասարան։ Դպրոցում ինձ ատամներիս համար ճագարիկ էին ասում։ Դա ինձ շատ էր զայրացնում։ Ես լացելով գնում էի տուն ու մայրիկիս ասում, որպեսզի բարի փերիին կանչի, որ ատամներս իր կախարդանքով ուղղի։ Շատ վիավորական էին դասընկերներիս խոսքերը ատամներիս մասին, սակայն, երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա էլ իմ առանձնահատկությունն է, և ես չեմ պատկերացնի ինձ առանց իմ «ճագարիկի ատամների»։

Բոլորս էլ ունենք թերություններ, ուղղակի բոլորը չէ, որ կարող են այդ թերությունները ընդունել և շտկել:

Մեր խաղերը

Մի օր բացում ես աչքերդ և հասկանում, որ մեծացել ես, կորցրել անհոգ տարիներդ, նրանք առանց քեզ հարցնելու հեռացել են անվերադարձ: Հե՜յ, մանկություն, այդ ո՞ւր ես շտապում, մի քիչ կանգնիր` խոսենք, քեզ հիշեցնելու այնքան բան ունեմ, չնայած դու ինձանից էլ լավ ես հիշում:

Մենք չորսն ենք, չորս «հարազատ արյուն»: Չորսով այնքան խաղեր կարող եք խաղալ, բայց մենք չէինք սիրում կրկնվել, մենք էինք ստեղծում մերը, նորը և միգուցե միակը իր ոճի մեջ:

Այ, օրինակ, «Ճանապարհային պտույտ». լսե՞լ եք այս խաղի մասին, կարծում եմ, ոչ: Այս խաղը սովորելը շատ հեշտ է, ուղղակի սպասում ես այն օրվան, երբ հայրիկդ ձեզ նորից կտանի Շամշադին` Սարի ճանապարհով, իսկ հետո սպասում ես, թե երբ պետք է մեքենան պտույտ կատարի, և նրա հետ հավասար թեքվում ես աջ կամ ձախ: Իսկ ամբողջ խաղի էությունը կայանում է հակառակորդին տապալելու մեջ, և պարտված է համարվում նա, ով կդիմեր մայրիկի օգնությանը: Մի քանի շաբաթ առաջ նորից Սարի ճանապարհով տեղ էինք գնում, և ակամա հիշեցինք մեր հորինած խաղի մասին, պտույտի հետ թեքվում էինք, կրկին տապալում թշնամուն», բայց չստացվեց այս ամենից նորմալ խաղ: Կարո՞ղ եք կռահել` ինչու: Մենք մեծացել ենք արդեն:

Հիշում եմ, թե ինչպես չէի սիրում քնել: Չէ քնելը սիրում էի, ուղղակի քույրիկներիս հետ միևնույն ժամին չէի ուզում քնել: Ախր, ես մեծացել էի, ես իրավունք ունեի մեկ ժամ ուշ պառկել քնելու, միայն սերիալս նայելուց հետո: Եվ գիտեք` ինչ էի անում, որ հայրիկս չբարկանար և թողներ մեկ ժամ էլ արթուն մնայի: Դասերս, երբ սովորում էի, օրագիրս չէի լրացնում, իբրև թե մոռացել եմ, և լրացնում էի միայն այն ժամանակ, երբ քույրերս գնում էին քնելու, ժամանակ էի շահում և վայելում սերիալս:

Հե՜յ մանկություն, հետ կգաս գոնե մի օրով, որ կարողանամ խաղալ իմ խաղերը…

davit ghahramanyan

Ցամաքաբերդն ու նավապետ պապս

Ես այսօր հանդիպելու եմ մեր գյուղի ամենատարեց մարդու` Միշա Գրիգորյանի հետ, ով 1975-1985 թվականներին կոլխոզ է ղեկավարել:

-Միշա պապ, Ձեզ կխնդրեմ, որ մի քիչ պատմեք մեր գյուղի մասին, թե ինչպիսի պատմություն ունի այն:

-Դավիթ ջան, մեր գյուղը, ինչպես տեսնում ես, շրջապատված է սարերով, իսկ առջևում է Սևանա լիճը: Շատ հին պատմություն ունի մեր գյուղը, շատ հին ժամանակներից ունի Ցամաքաբերդ անունը:

-Իսկ այստեղ առաջ շա՞տ մարդիկ են ապրել:

-Չէ, այստեղ հնում բնակվել է մի հինգ տուն, հետո տարիների ընթացքում շատացել են:

-Միշա պապ, հիշո՞ւմ ես էստեղ ովքեր են առաջ ապրել:

-Իհարկե, հիշում եմ. Մկրտչյան Ջիվանը, Հովհաննիսյան Գրիգորը, Կարապետյան Լևոնը, Դավթյան Մուշեղը, որը ձկնորս է եղել և շատ է օգնել համագյուղացիներին հայրենական պատերազմի ժամանակ, սովի տարիներին: Այդ տարիներին էր, երբ ես երեխա էի, այս գյուղում նկարահանեցին «Սևանի ձկնորսները» ֆիլմը: Մեր գյուղից մի քանի հոգի նկարահանվում էին այդ ֆիլմում:

-Միշա պապ, ես գիտեմ, որ այն ժամանակ իմ պապը նավապետ է եղել: Կպատմե՞ս նրա մասին:

-Դավիթ ջան, քո պապը Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղից էր: Չափահաս տարիքում իր մի քանի բախտակիցների հետ անդամագրվել է Սևանում նոր կազմակերպված նավագնացության կոլեկտիվին: Եվ նա, հանդիպելով Մարտիրոսի դստերը` Աստղիկին, ամուսնացել և բնակություն է հաստատել Ցամաքաբերդում: Քո պապը՝ Քրիստափորը, երկար տարիներ նավագնացությունում բարժա (բեռնանավ) էր ղեկավարում: Կյանքի վերջին տարիներին զբաղվեց այլ աշխատանքներով: Ամուսինների համատեղ կյանքը կարճ չտևեց, ունեցան յոթ շնորհալի երեխաներ, վայելեցին այն օրհնանքը, որն ասում է՝ յոթ որդով սեղան նստես:

-Իսկ ինձ կպատմե՞ս, թե ինչպես է առաջացել Ցամաքաբերդ անունը:

-Այդ ժամանակ գյուղի մեծ հատվածը գտնվում էր ջրի մեջ, Սևանա թերակղզին կղզի էր, նավերով էինք գնում վանք: Հետո, տարիների ընթացքում ջուրը ցամաքեց, և դրա համար գյուղը կոչվեց «ցամաքած բերդ»:

-Իսկ հայրենական պատերազմին այս գյուղից մասնակցողներ եղե՞լ են:

-Իհարկե, մասնակցել են մոտ 100 զինվոր, որոնց ընդամենը կեսն է հետ վերադարձել:

Միշա պապի հետ երկար զրուցեցինք: Նրա զրույցից ես շատ բան իմացա ոչ միայն Ցամաքաբերդի, այլ իմ նավապետ պապի մասին, որին լիճն այնքան է գրավել, որ լեռնային գյուղից հասցրել է Սևան:

hasmik vardanyan

Պապ ու թոռ

Վեց տարի առաջ հորեղբորս ընտանիքը համալրվեց: Ծնվեց նրա երկար սպասված տղան: Մինչ տղայի ծնվելը որոշված էր, որ նրան պետք է անվանեն Միխայիլ՝ ի պատիվ պապիկիս: Այդ օրը ամենաուրախը պապիկս էր, այն պարզ պատճառով, որ նրա փոքր թոռը կրելու էր իր անունը: Պապիկս շատ լավ մարդ էր, մեծ հարգանք էր վայելում համագյուղացիների շրջանում և դրա հետ մեկտեղ շատ հպարտ էր իր ընտանիքով ու թոռներով: Այդ հպարտությունը Միշիկի ծնվելուց հետո կրկնապատկվել էր: 

2016 թվականի հունվար 12-ը ամենադաժան օրն էր, երբ առավոտյան արթնացանք, ու եկավ այդ չարաբաստիկ զանգը: Պապիկս մահացել էր: Դա ծանր հարված էր ընտանիքիս համար, կատարվածից մինչ օրս ուշքի չենք գալիս: Անցան օրեր: Նստած զրուցում էինք, հիշում պապիկին, երբ դուռը բացվեց, և ներս եկավ Միշիկը: Նա մի պահ սթափեցրեց բոլորին՝ կարծես մութ տեղը լույս տվեց: Միշիկը ընդամենը 6 տարեկան է, շատ բան չի հասկանում, բայց շատ ընդհանուր գծեր ունի պապիկիս հետ, շատ նմանություններ, օրինակ՝ նեղանալու, խոսելու, նույնիսկ հաց ուտելու ձևը: Կարծես պապիկիս կրկնօրինակը լինի: Ամեն անգամ, երբ տալիս ենք Միշիկի անունը, բոլորիս ներսում կարծես մի ներքին հանգստություն է իջնում: Երբ նայում ենք նրան, պատկերացնում ու հիշում ենք պապիկին:

Պապիկս մեզ համար միշտ ողջ կմնա:

ruzanna gevorgyan1

Արդեն տասը տարի է…

Ապրիլից մինչև նոյեմբեր հայրս մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Մի խոսքով` տարվա կեսը և մի քիչ ավել մեզ հետ չի լինում: Փոքր ժամանակվանից հայրիկիս հիշում եմ կարոտով… Այդ ամիսների ընթացքում տան ամբողջ ծանրությունը մայրիկիս ուսերին է լինում: Հայրս այնտեղ աշխատում է, որ մենք այստեղ բարեկեցիկ կյանքով ապրենք: Հայրս կատարում է շատ ծանր աշխատանքներ, որ ես և եղբայրս ինչ-որ բաների հասնենք: Նա ուզում է, որ մենք անպայման ուսում ստանանք, որ իր նման չտանջվենք, այլ կարողանանք արժանապատիվ վաստակել մեր հացը:

Ամեն անգամ, հորս գնալու օրը ես շատ տխուր եմ լինում, բայց որպեսզի հայրս էլ չտխրի, փորձում եմ թաքցնել: Երբ հայրս գնում է, կարծես ամեն ինչ միապաղաղ է դառնում: Այդ ամիսների ընթացքում մայրս կատարում է և’ տղամարդու, և’ կնոջ գործեր: Տեսնելով մորս ու հորս տանջանքը` իմ առջև նպատակ եմ դրել` հասնել մեծ հաջողությունների, որպեսզի իմ ծնողները հպարտանան ինձանով, որ գոնե այդպես ուրախացնեմ ծնողներիս և իմաստավորեմ իրենց տանջանքը: Միշտ մտածում եմ, որ մեր երկիրը այնքան շատ պիտի զարգանա, որ մենք մեր Հայաստանում ապրենք ու աշխատենք: Մեր Հայաստանը այնքան բարգավաճի, որ մեր հայրերը ստիպված չլինեն գնալ արտագնա աշխատանքի:

heghine grigoryan

Արևը բարև կիտա

Երեկոյան, երբ արևն ուր որ է, մայր էր մտնելու, փոքրիկ քույրիկս` Մանանը, ով 3 տարեկան է, սկսեց պնդել, որ հյուր գնանք տատիկին: Ես դասերս դեռ չէի սովորել և սկսեցի նրան համոզել, որ արդեն ուշ է, բայց ապարդյուն: Նա նվնվում էր ու իրենը պնդում: Ես որոշեցի նրան բացատրել, որ արևը մայր է մտնում, որ արդեն մթնում է, ու դրսում ցուրտ է լինելու: Նրան գրկեցի ու տարա պատուհանի մոտ: Մենք հետևում էինք արևին, և ես նրան բացատրում էի, որ երբ արևը մտնում է սարի հետևը, մթնում է, և երբ առավոտյան դուրս գա, լույս կլինի, ու մենք միասին կգնանք տատիկին հյուր: Քույրիկս սկսեց ինձ ուղղել.

-Խեվինե’ (նա այդպես է ինձ դիմում, որովհետև դեռ չի կարողանում «Հ» և «Ղ» տառերը կարգին արտասանել և «Հեղինե»-ից ստացվում է «Խեվինե»: Ինչ արած…), Չէ… Արևը մեկ խատ (հատ) թուշիկ ունի, աչուկ ու բերան ու մեկ խատ էլ՝ քիթիկ: Եբ որ վավըն արևն գիկա, մենք կերտանք (երբ որ վաղը արևը գա, մենք կգնանք): Ընձի բարևա կիտա արևըն: Արևն կերտա գիշերանոց խագնի, քնի, որ վավն գա իմ խետ խավա (խաղա): Տե՛ս, մգա մութ ա կեվնի (կլինի) ու «луна»-ն գիկա, մեկ էլ «twinkle star»-ն ու իրար խետ դուս կմնան քնին: Իսկ «облако»-ն արևի խետնա կերտա, որ առավոտն իրար խետ գան ծավիկներուն (ծաղիկներին) մութ չևնի (չլինի): Օր գիկա, բարևա կիտա ու խավա իմ խետ…

Դե, պատկերացնում եք հիմա, քույրիկս իրար է խառնում Մարտունու բարբառը, մուլտերից լսած ռուսերեն բառերն ու անգլերեն երգերը, ու այդպես է խոսում:
Հետո երբ արդեն արևն էլ չէր երևում, նա սկսեց աստղերի մասին անգլերեն (բնականաբար, դարձյալ աղավաղված) երգ երգել: Պարզվեց, որ փոքրիկ կամակորը հասկանում էր, թե երբ է ցերեկ լինում, երբ` լուսին գալիս, և որ գիշերը դուրս գնալ չի կարելի: Ուղղակի նրա համառությունն էր գլուխ բարձրացրել և այն էլ այն ժամանակ, երբ ես դասերս էի պատրաստում…

Artyom Avetisyan

Ընկերությունն ավելին, քան հաղթանակը

Այս անգամ ևս մասնակցեցինք «Հայ ասպետ» մրցախաղին՝ ձեռք բերելով հաղթանակ և շատ գիտելիքներ: Բոլորս շատ ուրախ էինք, թեև այդ խաղի ժամանակ մրցույթից դուրս մնաց Երևանի թիմը: Խաղին մասնակցում էին Երևանի, Աբովյանի և Լիճքի թիմերը: Մենք ներկայացնում էինք Լիճքը: Խաղն ընթանում էր հիասքանչ, արդար ձևով և անչափ հետաքրքիր: Բոլոր թիմերն էլ ցուցաբերեցին հարուստ գիտելիքներ, ուղղակի միավորների անբավարար քանակը հիմք դարձավ, որ Երևանի թիմը եզրափակիչ փուլ դուրս չգա: Խաղի մթնոլորտը շատ ընկերական էր և չէր զգացվում միայն հաղթելու տրամադրությունը: Բոլոր թիմերն էլ մեկը մյուսին սատարում էին և ցանկանում էին, որ իրենց հետ մրցակցող թիմն անցներ եզրափակիչ: Երբ ավարտվեց խաղը, մասնագետները հայտարարեցին, որ հաջորդ և վերջնական փուլ են անցել Լիճքի և Աբովյանի թիմերը, իսկ Երևանի թիմը չնչին միավորներով է հետ մնացել: Բոլորը միմյանց ձեռք սեղմեցին, շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին հետագա խաղերում: Իսկ ընկեր Արաքս Հոխիկյանը բոլորիս առաջարկեց հաղթանակի առիթով պարել «Ծաղկաձոր» պարը և ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տալ մյուսներին:

Խաղին մեզ երկրպագելու էր եկել Անուշը` 17-ի մեր պատանի թղթակիցներից, այն համեստ և գեղեցիկ աղջիկը, ով «17.am»–ի Սևանի մեդիաճամբարի ժամանակ իմ և մյուս պատանի թղթակիցների հետ անցկացրեց իր մեկ շաբաթը: Երբ նրան տեսա «Հայ ասպետ»-ի դպրոցի բակում, մի տեսակ սիրտս հուզմունքով լցվեց, աչքերիս չէի հավատում, որ իմ նոր ընկերներից մեկին էի հանդիպել: Նա ինձ հետ մտավ դպրոց և շուրջ 3 ժամից ավելի մնաց դպրոցում, մնաց մինչև խաղի վերջը: Նա ծանոթացավ մեր ուսուցիչների հետ և հիանալի տպավորություն էր թողել նրանց վրա:

Երբ վերադարձանք գյուղ, մեր շատ սիրելի ընկեր Հոխիկյան Աշոտը՝ դպրոցի փոխտնօրեններից մեկը, ով մեզ հետ պարապում է մրցախաղի հարցերը, ճանապարհի կեսին հայտարարեց, որ մեզ տանելու է իրենց տուն` հյուրասիրելու և մի քանի բացատրական աշխատանքներ տանելու, թե՛ հաղթանակի, և թե՛ հետագա մրցույթի վերաբերյալ: Եվ այդպես էլ եղավ: Իսկ ուսուցիչներից մեկը՝ ընկեր Ռաիսա Մինասյանը, առաջարկեց, որ կարելի է հաղթանակի կապակցությամբ անակնկալ մատուցել ուսուցիչներին և ուսուցչանոցում մեր ազգային պարերից մեկը պարել, որպեսզի մեր հաղթանակի լույսն ու ջերմությունը հաղորդենք նրանց, ինչպես նաև տեսնեն, թե ինչպես են մեծանում իրենց դաստիարակած ու դասավանդած աշակերտները: Եվ հենց երկուշաբթի օրը, ընկեր Հոխիկյան Արաքսի գլխավորությամբ, ով ևս մեզ հետ պարապում է, մեզ հետ չարչարվում և մեզ ուժ ու գիտելիք է հաղորդում, ուսուցչանոցում ներկայացրինք «Փափուրի» պարը: Ամբողջ ուսուցչական անձնակազմը հիացել ու ուրախացել էր մեր հաղթանակի և պարի համար: Բոլորը բարձր ու անթերի էին գնահատում Հոխիկյանների՝ հոր և աղջկա կատարած աշխատանքը: Ինչ վերաբերվում է Հոխիկյան Արաքսին, նա դարձյալ չունի հանգստանալու ժամեր, որովհետև այժմ կրկին պարապում ենք «Հայ ասպետ»-ի հաջորդ փուլի համար, որպեսզի մասնակցենք մրցույթի եզրափակիչ խաղին: Նա օրվա մեծ մասը մեզ հետ է անցկացնում և հաճույքով է աշխատում յուրաքանչյուր վայրկյանը: Իսկ մենք փորձում ենք ամեն ինչ անել, սովորել և յուրացնել ամեն թեմա, որպեսզի հուսախաբ չանենք նրանց: Այժմ փորձում ենք հաղթել, որովհետև հաղթանակի դեպքում հաղթող թիմն արժանանալու է դեպի Արևմտյան Հայաստան 7-օրյա արշավի հնարավորության: Իսկ աշակերտներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և հմտությունները: Մարինեն հրաշալի ձայնով է խոսում, Սյուզին լավ նկարչուհի է: Ասեմ, որ Սյուզին մեր հաղթանակի կապակցությամբ մեզ նկարել էր «սմայլիկի» ձևով, ունենք նաև երգիչներ՝ Էմման, Արենը, Լիլին և Հայկը, իսկ նրանց նվագակցում է Յուրան՝ դաշնամուր նվագելով: Թիմում եմ ես, իսկ ես կարողանում եմ լավ գրել և շարադրել իմ մտքերը, նաև Վահանն է, ով մեր գերհոգնածությունը թոթափում է իր կատակներով և հումորներով: Թիմում են նաև մեր շատ սիրելի Արսենը, Հայկուհին և Արեգնազը, ովքեր կարողանում են մեզ խորհուրդներ տալ դժվար պահերին և դուրս բերել անելանելի վիճակներից: Հա՛, մոռացա ասեմ, որ մեր Էմման ունի նաև լավ տրամաբանություն և վելուծական միտք, հենց դրա համար նրան հանձնարարել են սովորել պատմողական և բարդ թեմաները, իսկ Հայկի հետ ընդհանրապես մեկ հարցի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, այսպես ասած՝ ջրերը մեկ առվով չեն հոսում: Հա՛, մեկ էլ՝ ես տարբերվում եմ բոլորից իմ ժպիտով ու շատախոսությամբ: Մի խոսքով, մեր թիմում ամեն մեկն ունի իր կարևոր տեղը:

Ինչպես հասկացաք, մենք ունենք ծանրաբեռնված ու դժվար, բայց ուրախ պահերով և գիտելիքներով լի օրեր: Հենց դրա համար շնորհակալություն ենք հայտնում ընկեր Հոխիկյաններին մեզ այս առիթները ընձեռելու համար:

levine hambardzumyan

Սևանա լճի անտառը

Հարցազրույց հայրիկիս՝ Արմեն Համբարձումյանի հետ

-Հայրի’կ, ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչո՞ւ որոշեցիր դառնալ անտառապահ:

-Դե, իմ հայրն էլ էր անտառապահ, փոքր ժամանակ շատ էի սիրում այդ գործը, հաճախ նրա հետ գնում էի անտառ:

-Պապին քեզ ինչո՞ւ էր տանում անտառ:

-Ես նրան օգնում էի հավաքել ծառերի այն ճյուղերը, որոնք ծառահատումներից հետո մնացած էին լինում:

-Մի քիչ կպատմե՞ս քո գործից:

-Դե~հ, մեր գործը այդքան էլ դժվար չէ: Մենք պետք է մեզ բաժին հասած տարածքը հսկենք, որ ծառահատումներ տեղի չունենան:

-Որքա՞ն ժամանակ ես մնում այնտեղ: 

-Գարնանը և ամռանը մեկ ժամ, քանի որ ծառահատումներ քիչ են լինում, իսկ աշնանը և ձմռանը ավելի շատ, քանի որ մարդիկ ուզում են վառելափայտ տանել:

-Իսկ հիմա ծառահատումներ հաճա՞խ են լինում:

-Այո’, հիմա ցուրտ է, մարդիկ գալիս են վառելափայտ տանելու:

-Ծառատունկ տեղի ունենո՞ւմ է անտառում:

-Հիմա ծառատունկ չի լինում, բայց եղել է տարիներ առաջ:

-Անտառն ի՞նչ խնդիրներ ունի և ի՞նչ լուծումներ եք գտնում:

-Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ կատարվում են ծառահատումներ, որպեսզի ծառերը չմնան ջրի տակ:

-Նման դեպքեր հաճա՞խ են լինում:

-Այո’, և նման դեպքերը շատ մեծ վնաս են հասցնում անտառին և լճին:

-Կա՞ն արդյոք այնպիսի ծառատեսակներ, որոնք անտառում հազվագյուտ են:

-Կարծում եմ, չկան:

-Վառելիքի համար ո՞ր ծառերն են հատում:

-Բարդի, ակացիա, սոճի, փշատենի:

-Իսկ ստուգատեսներ լինո՞ւմ են: 

-Այո’, օրինակ երեկ ամբողջ օրս այնտեղ ստուգողների հետ եմ եղել: Փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո, անցանք բոլոր տարածքները ստուգելուն:

-Իսկ քո տարածքում ծառահատումներ եղել ե՞ն:

-Ո’չ, բայց շատերի տարածքներից շատ ծառեր էին հատել:

-Իսկ երբ նրանք նկատում էին, որ ծառահատում է տեղի ունեցել, ի՞նչ էին անում:

-Ըստ ծառահատումների քանակի` ակտ են կազմում:

Anush abrahamyan

Տասը օրերից մեկը

Այս ամռան երեք ամիսների ընթացքում ես ապրել եմ ընդամենը տասը օր։ Ամեն օր ասես կաղապարվածի պես ապրում էի իմ ապրած նախորդ օրը։ Ահա իմ ապրած տասն օրերից մեկը։

Օրս սկսվեց այնպես, ինչպես մյուս օրերը։ Սարսափելին այն չէր, որ գազօջախին ճաշի փոխարեն մածունն էի դրել, այլ այն, որ ստիպված էի մաքրել , փայլեցնել գազօջախը ու, որպես անուշադրության պատիժ՝ մաքրել ամբողջ խոհանոցը, չնայած տատիկս խիստ անհանգստանում էր սպասքի ու մնացած իրերի համար։

Վերջացրել էի իմ տաժանակիր աշխատանքն ու հոգնած ընկել բազմոցին, երբ հանկարծ ներս մտավ հորեղբայրս ու առաջարկեց իր հետ գետ գնալ։ Միանգամից համաձայնեցի, օգնեցի նրան հավաքել ձկնորսական իրերը և քայլեցինք դեպի անտառ, որի միջով էլ հոսում էր գետը։ Ուրախ էի, որ վերջապես կզգամ ջուրը ,անտառային քամին ու բնության կանաչ շղարշը հոգուս վրա։

Ճանապարհից հոգնել էինք, երբ հասանք ու նստեցինք երկու րոպե՝ շունչ առնելու։ Հետո հորեղբայրս հագավ իր ձկնորսական հագուստը, վերցրեց ծանր ուռկանը, որն ինքն էր գործել, ու մտավ ջուրը: Ես էլ էի ուզում հետևել իրեն, բայց կարգադրեց փայտ հավաքել, քանի որ շուտով կմթներ ։ Ես երբեք նման հաճույքով գործ չէի արել, հավաքում էի նաև այն, ինչը նույնիսկ վառել հնարավոր չէր։ Գործս ավարտել էի․ մի հսկայական խարույկի համար փայտ էի հավաքել։ Հաշվի չառնելով, որ ուրիշ հագուստ չեմ վերցրել, մտա գետը։ Ջուրը սկզբում սառը թվաց, հետո՝ հաճելի, մանավանդ այն ժամանակ, երբ պատահմամբ սահեցի ու ամբողջ հասակով ընկա ջրի մեջ։ Ջրում մի պահ դադարեց անտառի երաժշտությունը։ Չեմ ժխտում, ուզում էի հնարավորինս շուտ գլուխս դուրս հանել ջրից։ Թվում էր, թե կխեղդվեմ, երբ ոտքի կանգնեցի, ու հորեղբայրս ասաց, թե իբր ուռկանի մեջ ինչ-որ հսկայական կենդանի կա։ Առաջինը մտքովս անցավ ջրշունը, որի մասին միայն լսել էի ու շունչս պահած հետևում էի, թե ինչ կլինի։ Բայց հորեղբայրս ծիծաղելով ասաց, որ ձնկներ են ու շատ մեծ քանակությամբ։ Ուռկանը մի կերպ հասցրեցինք ափ ու հաշվի չառնելով, որ մթնում է, թպրտացող ձկները տեղափոխեցինք պարկերի մեջ։ Թեև հրդեհելն ինձ մոտ լավ էր ստացվում, բայց մի քանի անհաջող փորձից հետո միայն կարողացա կրակ ստանալ։ Այդ ընթացքում հորեղբայրս զանգեց հայրիկին, որ գա մեզ տուն հասցնի:

Արդեն մեկ ժամ անցել է, բայց հայրս չկա, իսկ կրակն ուզում է հանգել։ Ես էլ դեռ չեմ չորացել․ մի կես ժամ էլ սպասելուց հետո հորեղբայրս բարկացավ ու որոշեց, որ ոտքով պետք է հասնենք տուն։ Դա իմ սրտով չէր։ Ճանապարհի մեծ մասն անցնում էր անտառով, բացի այդ ես վախենում էի գիշատիչ կենդանիներից։ Նրան համոզել չկարողացա, յուրաքանչյուրս վերցրեցինք մեր բաժին ծանր բեռն ու շարժվեցինք։

Լուսինն արդեն երկնակամարում էր ու իր շողերով լուսավորում էր մեր ճամփան։ Իմ կանաչ ճամփան այդ ժամին թվում էր սարսափելի։ «Ահ,՜ հիմա դուրս կցատկեն գայլերը էս կողմից, չէ, էն կողմից»։ Զգալով իմ վախը, հորեղբայրս անդադար կրկնում էր․ – Բալես, քիչ մնաց, կհասնենք։

Երբ մեծ դժվարությամբ հասանք տուն, հազում էի, գլուխս պտտվում էր։ Երբ տուն մտանք, ապշեցինք․ հայրս նստել էր բազմոցին ու քնել, բայց երբ արթնացավ ու տեսավ ձկները, նույն րոպեին սկսեց եփելու գործընթացը։ Գիշերվա մոտավորապես մեկն էր կամ երկուսը, իսկ մենք վայելում էինք հորս ձեռքով պատրաստված համեղ ձուկը:

Չնայած հաջորդ օրը հիվանդացա, բայց դա իմ կյանքի ամենալավ օրն էր։ Թե հնար լիներ, ես այդ օրը կապրեի հազար և ավելի անգամ: Այն օրը, երբ առաջին անգամ պատկերացրեցի, թե հորեղբորս ուռկանի մեջ ջրշուն կա:

Hasmik Miqayelyan

Արդեն որոշել եմ

Սերը դեպի երաժշտությունն իմ մեջ արթնացել է մանկապարտեզի տարիներից: Հիշում եմ, երբ մանկապարտեզի երգի ուսուցչուհին նստում էր իր դաշնամուր առջև և սկսում նվագել, ես ուշադրությամբ նայում էի նրա ձեռքերին և նույն շարժումները կատարում էի տանը սեղանի վրա:

Այդ տարի երջանկությանս չափ չկար: Վերջապես կատարվելու էր իմ վաղեմի երազանքը. այդ տարի ես պետք է ընդունվեի Համլետ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին իմ շատ սիրելի ուսուցչուհի ընկեր Չքոլյանի մոտ: Նա մինչ այժմ էլ ուսուցանում է ինձ:

Մեր երաժշտական դպրոցում գործում են ժողովրդական և դասական երաժշտության բաժիններ: Սովորեցնում են նաև երգ և կիթառ: Ամեն տարվա վերջում հաշվետու համերգ է տեղի ունենում, իսկ տարվա ընթացքում՝ դասարանական համերգներ:

Երաժշտական դպրոցում սովորեցի յոթը տարի: Անցած տարի ավարտեցի: Ամեն ինչ սովորականի պես էր: Կարծես չէինք գիտակցում, որ սա ավարտական միջոցառում է, այլ ոչ թե սովորական տարեվերջյան համերգ: Ամեն ինչ շատ լավ էր միչև այն պահը, երբ միացրին «Վերջին զանգ» կոչվող երգը: Բոլորիս աչքերից միանգամից հոսեցին արցունքներ: Ես երբեք չէի արտասվել այս տարիքում: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում ինձ հետ: Ու հենց այդ պահին որոշեցի, որ ես երաժշտական դպրոց գնալու եմ նաև մյուս տարի, քանի դեռ ունեմ այդ հնարավորությունը: Ես զգացել եմ, որ երաժշտությունը իմ կյանքի մի մասն է դարձել: Հենց այդ պատճառով էլ շարունակելու եմ ուսումս այս ուղղությամբ: Չգիտեմ՝ ինչ են որոշել մյուսները, բայց ես ընդունվելու եմ երաժշտական ուսումնարան, հետո կտեսնենք՝ գուցեև կոնսերվատորիա: