lilit harutyunyan lchshen

Շարունակելով Անիին

Այսօր սովորականի պես մտա «17.am», որ կարդամ նոր նյութերը և հանկարծ տեսա Անի Շահբազյանի նյութը` «Իչայի գերիները» վերնագրով (եթե չեք կարդացել, ապա անպայման կարդացեք): Ւնձ շատ հետաքրքրեց այն, սկսեցի կարդալ և հասկացա, որ ինձ նման մեկն էլ կա, ով մեղմ ասած, այնքան էլ չի սիրում սերիալներ դիտել…

Ինչ վերաբերում է «Իչայի գերիներ»-ին, տան անդամներից կան, ովքեր դիտում են սերիալը, դասընկերներս՝ նույնպես, իսկ ես ստիպված լսում եմ նրանց քննարկումները: Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է լսել ամբողջ օրը, թե Տապուն ինչ չար է, նախանձ, կամ Իչան մեղք է, և այլն: Փորձենք մի պահ մտածել, թե ինչպես կարելի է դիտել մի սերիալ, որն ունի 1549 սերիա, որոնցից ամեն մեկը մեկուկես ժամ է տևում, այն էլ՝ մինչև 2020 թվականը: Ես չեմ ուզում պատկերացնել, որ մինչև 2020 թվականը պիտի լսեմ նմանատիպ քննարկումներ սերիալի վերաբերյալ, ու հետո ինձ ամենևին դուր չի գալիս, որ սերիալը անվանում են ֆիլմ: Ես կարծում եմ, որ սերիալի ու ֆիլմի միջև շատ մեծ անդունդ կա:

artur badoyan

Ֆակուլտատիվի առաջին օրը

Դասարանում նստած թեմատիկ գրավոր էինք գրում և հանկարծ ներս մտավ մեր ֆիզիկայի ուսուցիչ ընկեր Հովսեփյանը: Նա առաջ եկավ և հայտարարեց, որ այսօր լինելու է ֆակուլտատիվ:

Բացատրեց, թե ինչ ենք անելու, նաև ասաց, որ մասնակցելու են դպրոցի միայն լավագույն աշակերտները, քանի որ պայմաններ չկան շատ աշակերտների ընդունելու: Գրպանից հանեց մի թուղթ և կարդաց մասնակիցների անունները: Այդ ցուցակում կար նաև իմ անունը: Վերջում, երբ արդեն պետք է գնար, ասաց, որ դասերից հետո գնանք ուսուցչանոցի մոտ և սպասենք իրեն:

Դասերը ավարտելուն պես եկավ ընկեր Հովսեփյանը, և մենք գնացինք մեր լաբորատորիա, որտեղ ես առաջին անգամ էի լինում:

Մենք պետք է պատրաստեինք մի սարք, որը քամուց էլեկտրական էներգիա ստանար և փոխանցեր մարտկոցին: Եվ այս սարքով էլ ներկայանալու էինք մրցույթին, բայց անունը դեռ չէինք որոշել: Մրցույթի ժամանակ պետք է հայտարարվեր հաղթողի անունը: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ աշխատում էինք միասին և ժամանակը շատ հետաքրքիր էր անցնում:

Սարքի վրա աշխատելով մենք ձեռք բերեցինք մեծ, և ես հիմա ցանկանում եմ շարունակել այս աշխատանքը, իմ խումբն ունենալ և նոր սարքեր հնարել:

Աշխատանքը կիսով չափ պատրաստելուց հետո ընկեր Հովսեփյանն ասաց.

-Լավ, երեխաներ, ավարտեք: Վաղը կշարունակեք:

Մենք սարքը դրեցինք պահարանում, հավաքեցինք բոլոր գործիքները, փակեցինք դուռը և մեծ տպավորություններով ու հետագա աշխատանքը քննարկելով գնացինք տուն:

Լաբորատորիա դեռևս մեկ անգամ ենք գնացել, բայց աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Հաջողություն կհամարեմ՝ արևային հովացուցիչ, տիեզերք ինֆորմացիա ուղարկող սարք, էլեկտրատաքացուցիչ, հողմաղաց, մանրադիտակ և այլ սարքեր ստեղծելու և վերջնական արդյունքի հասցնելու հանգամանքը:

Իսկ մրցույթի օրը դեռ հստակ որոշված չէ, բայց արդեն պարզ է, որ մրցույթին ներկայացնելու ենք մեր սարքերը, այլ կերպ ասած, «գյուտերը»:

meri gevorgyan portret

Ամառը կմոտենա

-Երեխե՜ք, մոտենում է՜…

-Ի՞նչը, Մե՛ր:

-Ախր, մոտենում է:

-Վա՜յ, գժվել ե՞ս, ի՞նչն է մոտենում:

-Ախր, ո՞նց ասեմ, է՜, քիչ է մնացել՝ ընդամենը 6 ամիս ու կհասնի:

-է՜, դե ասա՝ իմանանք:

-Չեմ ասելու, գուշակե՛ք:

-Ամա՞ռը:

-Հա, ամառը մոտենում է, բայց ի՞նչ է հետը բերելու:

-Արև՞:

-Վա՜յ, դե չէ՛:

-Բա ի՞նչ պիտի բերի:

-Քննություննե՜ր:

-Վայ, լավ էլի, Մե՛ր, մի՛ հիշեցրու, ի՞նչ ենք անելու:

-Ախր, գոնե մյուս տարիների նման լիներ. բոլոր քննությունները` գրավոր, իսկ հիմա բանավոր քննություններ էլ ունենք: Էլ չեմ ասում օտար լեզվի մասին, որը նույնպես պետք է բանավոր լինի:

Խոսքս դեռ չէի վերջացրել, երբ ներս մտավ ընկեր Դանիելյանը ու ասաց.

-Արդեն որոշված է՝ քննությունների մի մասը լինելու է բանավոր: Արդեն սկսեք պարապել, որ կարողանաք լավ հանձնել:

-Ո՜ւֆ, տիկին Դանիելյա՞ն, ինչի՞ հենց մեր ժամանակ պիտի փոխվեր քննությունների ձևը:

-Մենք մեղավոր չենք, որ այսպես է որոշվել:

-Է՜, փոշմանել եմ:

-Ի՞նչն ես փոշմանել:

-Ես չպիտի ուշ գայի դպրոց, հիմա 9-րդ դասարանի քննությունները հանձնած կլինեի:

-Է՜, դե լա՜վ, հույսներդ դրեք ձեզ վրա, իսկ հիմա անցնենք դասին:

lilit harutyunyan lchshen

Մի քիչ էլ ես

Վերջերս կարդում էի «17.am»-ի նյութերը և նկատեցի, որ այն թղթակիցները, ովքեր այս կամ այն մարզից են, գրում են իրենց բարբառի մասին: Նշեմ, որ ես գտա շատ բառեր, որոնք նման էին մեր բարբառային բառերին: Իմ առաջին նյութի մեջ նույնպես գրել եմ բարբառային բառեր: Իմ կարծիքով այդ բառերը, որոնք օգտագործում էր տատիկս, ավելի քաղցր են դարձրել իմ նյութը: Եվ ես որոշեցի հրապարակել իմ գյուղի՝ Լճաշենի բարբառից որոշ հետաքրքիր և հաճախ օգտագործվող բառեր և արտահայտություններ:

Ամբրոց-աթարի դեզ

Ադե-մայր

Գուզ-ընկույզ

Գիդում եմ-գիտեմ

Գռշտել-հրել

Գոթի-ծույլ, անբան

Թալվա-գոմ

Թխշել-նստել

Կարակոփուն-կայծակ

Կմշնալ-ափսոսել

Կութի-հագուստի սնդուկ

Հալբաթ-երևի

Քյասիբ-աղքատ

Օյումշել-ուշքի գալ

Օղրթ-ճիշտ

Նվսատ-բկլիկ

Չխիշև-խնայողաբար

Ջեջիմ-ծածկոց

Տիլ-ցեխ

Սալըխ-լուր

diana karapetyan

Աստղիկ տատիկի հետ

Աստղիկ տատիկի հետ «Դուռակ» ենք խաղում: Ճիշտ է, նա իմ հարազատ տատիկը չի, այլ հարևանուհուս մայրն է, բայց նա ընդունում է ինձ որպես իր թոռնիկ: Միշտ ինձ հեքիաթներ է պատմում, և ես միշտ սիրով լսում եմ նրա հեքիաթները: Նա մեր գյուղ է եկել Արտաշատից: Սիրում եմ նրա բարբառը:

-Հըլը բաժնի էդ կառտերը, խաղանք,- ես արագ-արագ խառնեցի ու բաժանեցի:
-Քանի՞ հադ պըտի տաս, չո՞րս:
-Չէ՛, վեց:
-Լա՛վ, բաժնի:
-Ըհը, «Կոզրը» «Քյափն» ա՝ քյարփինջը:
-Հմի ես իկյաս ե՞մ:
-Չէ, վեցը իմ մոտն ա, ես եմ գալի:
-Արի, դե:
Ես նայեցի խաղաքարտերիս ու սեղանին դրեցի երկու հատ ութ: Մեկը «ղառի» ութն էր, մյուսը՝ սրտի: Աստղիկ տատին մատը պարզեց դեպի իր խաղաքարերը, երկու անգամ խաղաքարերի վրայով այս կողմ, այն կողմ տանելուց հետո հարցրեց.
-Էդ հընչի՞ ես երգու հադ էգե, հընչի ըտենց կարելի ա՞:
-Հա, Աստղի՛կ տատի, կարելի ա:
-Լավ, դը ան քեզի մի ադ ինը, մի հադ էլ յոթ:
-Հա, բայց սրանք չեն ծածկում է:
-Հընչի՞ չեն ծածկում, հը՞ն:
-Յոթը, եթե «կոզր» չի, չի կարա ծածկի, ինն էլ՝ էդ մասթից չի:
-Հա՜, լավ, աղջի՛կ ջան, լա՛վ, գիդես խաղալ չգիտե՞մ, ա՛ն քեզ՝ երգու հադ տաս, եղա՞վ:
-Եղավ, ես էլ չունեմ, դե «բիտա»:
-Սպասի՛, ես ունեմ, ես տաս ունեմ:
-Է՜, դու չես կարա գաս, իմ հերթն ա:
-Հընչի՞: Հա, լա՛վ «բիտա», ինձ երկու հատ քար տու դե:
Ես այդ խաղաքարերը դրեցի մի կողմ և չխաղացած խաղաքարերից երկուսը վերցրեցի ինձ և երկու հատ տվեցի Աստղիկ տատիկին: Նա վերցրեց խաղաքարերը և շփոթված հայացքով նայեց իմ տված խաղաքարերին:
-Վայ քու տերը խընդա, էս ի՞նչ եգավ ինձ, հընչի՞ նորմալ քար չեկավ,- ինքն իրեն խոսում էր,- հմի ես իկյաս ե՞մ:
-Հա՛, հիմա դու արի:
-Ա՛ն, դը քեզի երգու քար,- այդ ասելուն պես, սեղանին դրեց երկու խաղաքար` մեկը «խաչի» ութ, մյուսը՝ «խաչի» տասը:
-Աստղի՛կ տատի, սխալ ես էկե, ըտենց խաղ չկա:
-Էդ քու հմար կա, իմ հմար չէ՞, բը դու ո՞նց էն վախտ ինձի էրգու քար տվիր:
-Ես էն վախտ երկու քար տվեցի հա՛, բայց երկուսն էլ ութ էր, ուղղակի տարբեր մասթերի, իսկ դու ինձ երկու նույն մասթի քար ես տվել, մեկը պիտի քաշես:
-Վայ քու տերը խընդա, լավ՝ ըհը,- ասելուն պես, տասը հետ քաշեց:
Ու թարսի պես, ինձ մոտ ութին ծածկելու համար մի հատ տասը կար, ու ես ծիծաղս հազիվ զսպելով, տասով ծածկեցի:
-Հընչի՞ կխնդաս, աղջիկ ջան, բը էն վախտ, որ էդ տասը տալիս էի, մի բան գիդի չէ՞,- ծիծաղելով ասաց ու նորից հետ բերեց այդ «խաչի» տասը:
Խաղը նորմալ ընթանում էր. ես գցում էի` Աստղիկ տատիկն էր ծածկում, ինքն էր գցում՝ ես էի ծածկում: Արդեն սեղանին մնացել էր երկու չխաղացած խաղաքար:
-Վա՜յ, վա՜յ, վայ, ջա՜ն, վայ, վայ,- քթի տակ երգում էր նա,- հըմի ես էլի իկյաս ե՞մ:
-Չէ՛, ես եմ գալիս,- ասացի ես ու, նայելով խաղաքարերիս, ժպտացի, քանի որ իմ ձեռքում լավ խաղաքարեր էին:
-Արի՛ դը:
Ես սեղանին դրեցի երկու «վալետ», որոնցից մեկը «կոզրի վալետն» էր:
-Հըլը տեսնա՞ս ես, որ էլի երկու հատ իկյաս է:
Ես ժպտացի: Նա նայում էր մե՛կ սեղանին և մե՛կ իր քարերին, ու հայացքը խառնվում էր իրար:
-Ա՛ն, ըսրան «կոզրի կառոլ», ըսրան էլ՝ «կոզրի յոթ», հլը տես է, սաղ «կոզրերս» տանես, բը ես ի՞նչ անեմ առանց «կոզր», հը՞ն, «բիտա՞»:
-Չէ՛, իմ մոտ «Կառոլ» կա,- ժպտալով ասացի ես ու դեպի Աստղիկ տատին պարզեցի սրտի «կառոլը»: Նրա դեմքը այլայլվեց:
-Հըմի ես ի՞նչ անես եմ, հը՞ն, քաշեմ ծածկե՞մ, ծածկեմ քաշե՞մ,-ինքն իրեն սկսեց խոսել:
-Դե, եթե չունես, պիտի քաշես:
-Հո ես գի՞ժ չեմ, որ քաշեմ:
-Դե, «կոզրով» ծածկի:
-Հո ես գի՞ժ չեմ, որ «կոզրերս» տամ:
-Բա ի՞նչ պիտի անենք:
-Լա՛վ, ան էս «կոզրն» էլ տամ, վա՜յ:
-Բիտա:
Ես քաշեցի սեղանի երկու քարերը, քանի որ Աստղիկ տատի ձեռքին դեռ վեց հատ էլ կար:
-Վայ քու տերը խնդա, հըլը նայի, որ սաղ «Կոզրերը» քաշես է, հմի ես իկյա՞ս եմ:
-Ահա՛,- ասացի ես:
Խաղը էլի իր հունի մեջ ընկավ, ու ես հաղթեցի:
-Նայ, որ հաղթես է ընձի, հլը նորից բաժնի, խաղանք:
Ու ես նորից բաժանեցի խաղաքարերը: Մենք չնկատեցինք, թե ինչպես ժամանակն անցավ, մենք երկու ժամ խաղում էինք: Ես դեռ ուզում էի շարունակել խաղալ, բայց նաև ուզում էի քնել, քանի որ մյուս օրը դասի էի:
-Էդ քունդ տանես է՞, կուզե՞ս հեքիաթ պատմեմ, լսես:
-Ահա՛,- ես մի կողմ դրեցի խաղաքարերը և, տեղավորվելով Աստղիկ տատի կողքին, սկսեցի լսել նրա հեքիաթը: Այն շատ երկար էր, բայց, միաժամանակ, շատ հետաքրքիր…

Anush abrahamyan

Ում համար է գիշերը

Ես աշխարհը, երկինքն ու նույնիսկ ստվերների խաղը տեսնում եմ ապակուց այն կողմ: Դե հասկանում եք, բանն այն է, որ մայրս չի թողնում գիշերվա ժամը 2-ին (երբ ինձ համար սկսվում է գիշերային երջանկությունը) դուրս գալ տնից ու նստել աստիճաններին կամ մտնել հողամաս ու քարերով փորձել հարվածել լուսնին՝ մոռանալով տարածության մասին: Այդ փաստը երկար ժամանակ չէի կարող ընդունել ու ակամա սկսեցի սիրել նրանց, ովքեր ատում են քունը: Գիշերը՝ մոտավորապես «մտքի գրչից» 5 է պակաս: Բոլորը քնած են: Ի դեպ, այդ բոլորի մեջ ես չեմ մտնում: Վառարանը վաղուց հանգել է, բայց լսվում է նրա մեջ քամու մեներգը: Ես էլ ուրվականի նման կանգնած եմ պատուհանի մոտ ու փորձում եմ ինչ-որ բան գրել: 

Գրիչս չի գրում: Մոտենում եմ սեղանին, որ նոր գրիչ վերցնեմ, բայց ոտքս հարվածում եմ ինչ-որ իրի, ու այն աղմուկով գլորվում է հատակին (ազնիվ խոսք, ես այն դուրս կնետեի տնից, եթե առավոտյան գտնեի): Աղմուկը հաստատ արթնացրեց բոլորին, բայց բողոքները առավոտվա համար էին պահել: Վերջապես վերցրեցի մի գրիչ ու մոտեցա պատուհանին:

-Պառկիր քնելու,- հանկարծ լսվեց մորս ձայնը, «Փաստորեն հինգ րոպե անցել է».- մտածեցի ես և քթիս տակ ծիծաղեցի (մայրս հինգ րոպեն մեկ կրկնում է այդ արտահայտությունը): Վերջապես ես էլ չստեցի ու չասացի. «Հա, հիմա կպառկեմ», ուղղակի ասացի.

-Մամ, իսկ ո՞վ է ասել, որ գիշերը քնելու համար է, միգուցե ցերե՞կն է պետք քնել, իսկ գիշերը անել այն, ինչ անհրաժեշտ է:

-Սեփական փորձիցդ ես ասում, չէ՞:

Եվ այստեղ ես սկսում եմ իմ ճառը.

-Քուն իրականում գոյություն չունի, դա ինչ-որ մեկն է մտածել, ինչ-որ խելացի մեկը, որ երբ բոլորը քնեն, գիշերից վերցնի հանճարեղ մտքերը ու տա թղթին, կամ էլ հենց գիշերն է հորինել` տեսնելու համար. Արդյո՞ք հավատարիմ կմնան իրեն, թե` ոչ:

Եթե դուք գեթ մեկ գիշեր մոտենաք պատուհանին և ուղղակի չնայեք սկավառակի նման այդ երկնային մարմնին, այլ կարողանաք տեսնել նրա՝ ողջ մարդկության սառը երազի հոգին, ու բացելով պատուհանը, շնչեք հեռու տիեզերքից քամու բերած բուրմունքը, այլևս չեք ցանկանա քնել: Եթե դուք հասկանաք, որ լուսինը թույլ է տալիս նայել իրեն առանց ցավեցնելու աչքերը, դուք նրան կհրավիրեք ձեր մեջ, և չտխրեք, երբ հասկանաք, թե այդքան ժամանակ գիշեր եք եղել, գիշեր՝ առանց լուսնի: Եթե գեթ մեկ վայրկյան պատկերացնեք աստղերը իբրև ոչ թե հեռավոր հազարավոր մարմիններ, այլ ձեր սիրելիների ձեզ հետևող սրտեր, դուք կզրուցեք նրանց հետ, կզրուցեք ոչ իրական մի լեզվով:

Եթե բոլորը քնած լինեն, ո՞վ պետք է նկարի գիշերը՝ լուսինն իր աստղերով, դատարկ փողոցներում թավալվող քամուն, երդիկներից դուրս եկող ծուխը: Եթե բոլորը քնած են, ապա ո՞ւմ համար են աստղերը համաստեղություններ կազմում, ո՞ւմ համար է քամին ստվերների խաղ կազմակերպում, ո՞ւմ համար է լուսինը երկնքում:

Եթե ոչ մեկը չուզենա ապրել գիշերը, ինչո՞ւ նա գոյություն կունենա: Մի օր գիշերը կհեռանա, ու մարդիկ անդադար կապրեն ցերեկը, կաշխատեն, կմոռանան ներդաշնակության ու երազների մասին, քաոսային շարժման մեջ կլինի ամեն բան: Դա երևի մարդկանց սրտով կլինի: Երևի…

Իմ ճառը սպասվածից երկար տևեց, արդեն ուղիղ «սարսափների» ժամն է: Ես այդքան խոսելուց հետո լուռ նայեցի հեռուն՝ անսահամն հեռուն: Մայրս վեր կացավ, մոտեցավ ինձ, գրկեց, ու մենք միասին նայեցինք հանդիպակած լեռների հայելանման երեսներին, տեղ-տեղ ձյունից ազատված կրծքին: Պահի ազդեցության տակ չկարողացա հասկանալ` իրականությո՞ւն է, թե՞ ոչ:

Չգիտեմ, ինչքան էր անցել, բայց աչքերս փակվում էին: Չէի կարող իմ ճառից հետո մորս խոստովանել, որ ուզում եմ պառկել: «Այ թե հիմարություն արեցի,- մտածեցի ես,-շատ իմանայի, որ մայրս այսպես կարձագանքեր. կգար ու կկանգներ պատուհանի մոտ»:

-Մամ, եթե ուզում ես` պառկիր, հոգնած ես:

Բայց մայրս այլևս քնելու միտք չուներ: Ես նստեցի աթոռին ու սկսեցի ուշադիր նայել մորս, ով թույլ ժպտում էր: Հենց այդ ժամանակ ես մեծ սխալ թույլ տվեցի: Ուղղակի չհասկացա` ինչպես աչքերս փակվեցին մի քանի ժամով, իսկ առավոտյան… Առավոտյան…

Լավ, եկեք այստեղ բավարարվենք մի ժպիտով ու բարեսրտությամբ…

mariam tonoyan

Անծանոթ ընկերներ

Հա՛, ես եմ, էլի ես, որ երկուշաբթիից ուրբաթ դասից հոգնած և պայուսակս հազիվ քարշ տալով, դասից վերադառնալիս հանդիպում եմ քո անծանոթ, հպարտ կերպարին: Ես այն անծանոթն եմ, ում խաչվող ճանապարհները ծանոթացրել են քեզ: Հա՛, կիրակի օրերին եկեղեցու ճանապարհին նույնպես ես եմ, որ անկախ իմ կամքից, ուրվականի նման դուրս եմ գալիս ճանապարհիդ ու ինչպես սովորաբար անծանոթ անցորդները, ես էլ քայլում եմ, առանց որևէ հատուկ ուշադրության կամ գոնե «բարևի»: Բայց մի՞թե մենք անծանոթներ ենք: Գուցե… Բայց միայն տեսականորեն: Չե՞ս հավատում: Իսկ անծանոթը որտեղի՞ց իմանար, որ սիրում ես կապույտ, անամպ երկնքին նայել, որ սիրում ես աղմուկը, որ ունես սովորություն ձեռքումդ ինչ-որ բան տրորելու` ծաղիկներ, ծառից պոկած տերևներ, թղթե գնդիկներ: Դու չե՞ս, որ վախենալով քննադատ ընկերներիդ սխալ հայացքներից, ամաչում ես քեզ քրիստոնյա համարելով եկեղեցու պատարագներին մասնակցել, այլ դրա փոխարեն մոմ վառելուց ու աղոթքի մեկ-երկու խոսքեր մրմնջալուց հետո, աննկատ փախչում ես դուրս: 

Անծանոթը կնկատե՞ր, որ վերարկուիդ հաստ օձիքների տակ թաքցնում ես դեմքդ ոչ թե այն պատճառով, որ ցուրտ է, այլ որ զայրույթից ատամներով վերքեր ես բաց արել ներքին շրթունքիդ, որ ընկերներիդ հետ դպրոց ես գալիս ոչ թե այլ պատճառով, որ ինչպես ընկերներդ են պնդում` «աղջիկ հավանելու», այլ շրջապատիցդ ուղղակի հետ չմնալու պատճառով: Երևի սրա՞նք էին քո փողոցներում միայնակ թափառելու պատճառները:

Չէ՛, մենք հաստատ անծանոթներ չենք: Պատահական հանդիպումները ծանոթացրել են ինձ քո շարժուձևին, քո լուռ ու մենակյաց բնույթին, տանջվող, բայց վարպետորեն ու հպարտությամբ տանջանքը թաքցնող բնավորությանդ, սովորույթներիդ, մարդկանց հանդեպ ունեցած մեծ սիրուդ ու միաժամանակ, ատելությանդ: Հիշիր իմ այն ողջույնը, երբ շփոթված նույնիսկ չպատասխանեցիր` արագացնելով քայլերդ, իսկ հաջորդ օրը` ուրախ ժպիտով հենց դու շտապեցիր ողջունել ինձ:

Հաճախ անծանոթները մեզ այնքա՜ն ծանոթ են թվում: Պատահե՞լ է, որ խանութում, կամ որևէ այլ տեղ, անծանոթ մեկի մեջ քեզ հարազատ ինչ-որ մասնիկ գտնես, հետաքրքրությամբ լցված հայացքով ուղեկցես նրան: Հենց այդ հայացքներն են, որ անծանոթներին ընկերներ են դարձնում:

Դե ինչ, ընկերս, հիմա էլի ես եմ, որ քո կյանքի ճանապարհին անվերջ երթևեկելուց հետո, վերջապես դադար եմ առել «ընկերություն» կոչվող դժվարահաս կանգառում և որպես դիտորդ հետադարձ հայացք եմ նետում «անծանոթություն» կոչվող մշուշի միջով ու հասկանում, որ ընկերներ եղել ենք միշտ, գուցե անգիտակցաբար, գուցե որպես անծանոթներ, գուցե լոկ մտքերում, բայց անկասկած եղել ենք…

hakob melqonyan

Կարմիրգյուղի պատմությունը

Կարմիրգյուղը նախկինում կոչվել է Ղուլալի, քանի որ որոշ ժամանակ եղել է քրդի գյուղ, իսկ 1940 թվականի հունիսի 1-ին, վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղը հարուստ է բազալտի և ավազահանքերով, որոնց պաշարները գործնականում անսպառ են: Նախկինում Կարմիրգյուղը Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ էր մտնում: Մարդկանց մեծ մասը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, քիչ մասն էլ՝ ձկնորսությամբ: Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Ղուլալի անունը կրող այս տարածքը, բայց ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել: Եղած նյութերով կարող եմ հիշատակել, որ ըստ ձեռագիր մի հիշատակարանի՝ 1664 թվականին գյուղը կոչվել է Ղուլալի. «Գրեցավ… Ի յերկիրս Գեղամա, ի գիւղս, որ կոչի Ղուլալի»: Գյուղի մասին ուրիշ վկայություն մեր մատենագրության մեջ չկա: Մեր գյուղում մի հուզիչ դեպք է եղել, որը լսել ենք մեր պապերից. Ղուլալիի՝ Կարմիրգյուղի բնակիչ Ջաղջբնի Բագոն իր սեփական ոչխարները պահում էր գյուղի լճափնյա գոմերում: Նրա հորեղբոր տղան՝ Մամիկոնը, Բագոյին հաց էր տանում, երբ դեռ գոմերը չհասած՝ Նավիխանի մոտ, հեռվից ոչխարի հոտ է տեսնում: Ենթադրելով, որ իրենցը կլինի՝ ձայն է տալիս.

-Բագո՜, Բագո՜, այդ դո՞ւ ես, հաց եմ բերել,- պարզվում է, դրանք Բաշքենդի (այժմ Գեղարքունիք) քուրդ հովիվներ էին: Մտածելով, որ այդ տղան Հովհաննեսի եղբայրը կլինի` ձայն են տալիս.

–Արի՜, արի՜, ես եմ, հացը բեր:

Մամիկոնն առանց կասկածի գնում է այնտեղ: Քրդերը, հարց ու փորձ անելով, իմանում են, որ նա Հովհաննեսի հորեղբոր տղան է: Տղայի գլուխը դնում են մի մեծ քարի վրա, ապա քարով ծեծելով սպանում են և դիակը տեղում թողնելով, հեռանում: Անցնում է երկու օր, Մամիկոնը տուն չի վերադառնում: Սկզբում ծնողները հանգիստ էին, ենթադրում էին, թե մնացել է գոմերում: Հետո սկսում են անհանգստանալ: Ազգ ու բարեկամ խառնվում են իրար, սկսում են փնտրել: Հասնելով Բաշքենդի հողերի սահմանը՝ գտնում են Մամիկոնի դիակը: Այդ մասին հայտնում են շրջանի ոստիկանությանը: Ոստիկանները քրդերից մեկին ձերբակալում են, իսկ մյուսը թաքնվում է: Նրան գտնելու համար Բաշքենդ են գնում Գրիգորն ու Մակարը: Ստուգում են շատ տներ ու գոմեր, սակայն քրդին չեն գտնում: Վերջին մարգն են ստուգում, դարձյալ չեն գտնում: Հուսահատված ուզում են դուրս գալ: Հանկարծ Գրիգորը նկատում է, որ շուռ տված կողովը շարժվում է, վրա է հասնում և դաշույնի հարվածով պատռում է քրդի փորը, և նա տեղն ու տեղը մահանում է:

Մեր գյուղն ունի շատ հին պատմություններ, և ցավոք՝ լի է եղել դաժանություններով…

bella Araqelyan

Երբ որոշումը կայացվել է

Հարցազրույց բռնցքամարտիկ զարմիկիս` Մհեր Դավթյանի հետ

-Գիտեմ, որ զբաղվում ես բռնցքամարտով, որքա՞ն ժամանակ ես զբաղվում այդ սպորտաձևով և ի՞նչ մրցումների ես մասնակցել:

-Բռնցքամարտով զբաղվում եմ 10 տարեկանից: Մասնակցել եմ տարբեր մրցումների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

-Բռնցքամարտով զբաղվելու որոշումը քո՞նն էր, թե՞ քեզ ինչ-որ մեկը ուղղություն է ցույց տվել:

-Հայրս նույնպես զբաղվել է այս մարզաձևով, և նրա խորհրդով սկսեցի մարզվել, իսկ որոշ ժամանակ հետո արդեն իմ ցանկությամբ:

-Բացի բռնցքամարտից ուրիշ ի՞նչ սպորտաձևով ես զբաղվում:

-Դեռևս այլ մարզաձևերով չեմ զբաղվում, ուշադրությունս միայն այս սպորտաձևին եմ հատկացրել:

-Այսքան ժամանակ ի՞նչ մրցումների ես մասնակցել:

-Հայաստանի առաջնությանն եմ մասնակցել, մարզային և միջազգային այլ մրցույթների:

-Ի՞նչ պարգևատրումներ ունես:

-Հիմնականում առաջին հորիզոնականում եմ եղել լավ մարզավիճակիս շնորհիվ:

-Ի՞նչ նշանակություն ունի սպորտը քո կյանքում:

-Չեմ կարող հոբի համարել, բռնցքամարտը ուղղակի իմ կյանքի ուղեկիցն է:

-Իսկ առաջիկայում ի՞նչ մրցույթների ես մասնակցելու:

-Հիմա պատրաստվում եմ մեծահասակների Հայաստանի առաջնությանը:

-Կարողանո՞ւմ ես համատեղել ուսումը և սպորտը:

-Փորձում եմ, բայց չի ստացվում: Հետ չեմ մնում դասերիցս, ուսուցիչներս էլ զիջում են:

-Կա՞ ինչ-որ մեկը, որ դեմ է քո այդ որոշմանը, որ պետք է բռնցքամարտիկ դառնաս:

-Այո, եղբայրս, բայց նկատելով իմ ջանասիրությունը, նա սկսեց ինձ ոգևորել: