gayane harutyunyan

Երևի կկարողանամ

Ես ունեմ բոլորի համար շատ տարօրինակ մի ընկեր: Բոլորս էլ գիտենք, որ այս կյանքում հազվադեպ են հանդիպում անդավաճան ընկերներ, իսկ ես գտա այդ միակին, ով դարձավ ինձ համար ամենաանդավաճան ընկերը: Ես դեռ մանկուց երազել եմ լինել պարուհի և ամեն օր մտածում եմ. արդյոք կարո՞ղ եմ հասնել երազանքիս, թե ոչ: Իսկ այդ ցանկությունը ինձ մոտ առաջացել է 3 տարի առաջ, երբ սկսեցինք պարել: Ես հաճույքով էի պարում հայկական պարը, դա ինձ համար մի մեծ աշխարհ էր: Եվ արդեն 2 տարի առաջ գյուղում տարածվեց, որ մեր Լճափ գյուղի համագյուղացիները՝ Արփինեն և Սոֆին, սովորեցնում են հայկական պարեր: Ես սկսեցի հաճախել այդ պարի խմբակը: Սովորեցինք պարել և առաջին անգամ բեմ դուրս եկանք բերք ու բարիքի փառատոնի օրը: 

Պարը ինձ տվեց ավելին, քան ես պատկերացնում էի: Ես բարձրանում էի մեծ բեմեր և պարելիս մտովի ինձ պատկերացնում հայտնի պարուհի: Բայց այդ պահը երկար չտևեց: Քիչ-քիչ երեխաները դուրս էին գալիս պարի խմբից: Խումբը փակվեց: Ես ապրում էի պարելով: Ես համոզված էի, որ եթե մեր խումբը չփակվեր, մենք կհասնեինք շատ մեծ բարձունքների:

Բոլորի համար սովորական մի օր մեր գյուղ եկավ մի բարի և շատ հայտնի պարուսույց՝ Արծրուն Ղարիբյանը, ով մեր պարուսույցն էր լինելու: Նա շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում, բայց պարզվեց, որ հոգով ու սրտով շատ բարի ու կատակասեր մարդ է: Նա սովորեցրեց շատ պարեր, և ես վերադարձա բեմ: Երանի նորից գնայինք դպրոց, բարձրանայինք երկրորդ հարկ և սկսեինք պարել: Երանի գոնե մի անգամ էլ լսեմ մեր շատ սիրելի պարուսույցի այս ջերմ խոսքերը, որոնց այնքան շատ եմ կարոտել. «Ով լավ կատարի այս շարժումը, նրան «Գրանդ քենդի» կոնֆետ եմ բերելու»:

Շուտով ուսում ստանալու համար պետք է տեղափոխվեմ Երևան և հիմա արդեն պետք է կողմնորոշվեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել: Ես սիրում եմ պարը, իմ ազգային պարը և միշտ սիրելու եմ: Հայկական պարը ինձ համար մեծ ուժ է: Ես կարծում եմ, որ հայկական պարի միջոցով մարդկանց մեջ կարելի է, արթնացնել հայրենասիրություն: Ես կիրականացնեմ երազանքս և կդառնամ պարուհի: Կսովորեմ «Բերդ» պարային անսամբլում և երբ ավարտեմ ուսումս, անպայման պետք է հետ վերադառնամ հայրենի գյուղ, քանի որ ուզում եմ իմ գյուղի երեխաներին սովորեցնել ազգային պարը:

Վստա՛հ եմ, որ նրանցից շատերը անհամբեր սպասում են, թե երբ գյուղում կհայտնվի մի լավ պարուսույց, որ իրենք էլ պարի հաճախեն: Հուսով եմ կկարողանամ, ինձ մոտ կստացվի…

Կարծես թե ձմեռը եկավ

Մեզ մոտ՝ Մարտունիում, կարծես ձմեռ լինի: Երկու օր առատ ձյուն տեղաց: Գիտեի, որ մոտ օրերս ձյուն է գալու: Սակայն, երբ տեսա արագավազ ձյան խոշոր փաթիլները, շատ զարմացա: Իմ կարծիքով, լինելու էր ձյան բարակ շերտ և հալվելու էր: Բայց հակառակը՝ ձյունն իջնում էր արագ և վստահ, կարծես փորձում էր ձմռան շունչ հաստատել:

Մեզ մոտ ավարտվել էր բերքահավաքը դաշտերում ու այգիներում: Այդ առումով մարդիկ հանգիստ էին: Լուծված է նաև վառելիքի խնդիրը: Այդ մասին մեզ մոտ մտածում են դեռ ամռանը:

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Լուսանկարը` Բելլա Առաքելյանի

Ձմեռն այս տարի մեր թաղամասում սպասված էր: Ավարտվել էր Մյասնիկյան փողոցի ասֆալտապատումը: Նախորդ տարիներին, երբ փետրվար-մարտ ամիսներին ձյունը հալվում էր, առաջանում էին մեծ ջրափոսեր: Երթևեկելն ու գնալ-գալը անտանելի էր դառնում: Այս տարի այդպես չէ, որովհետև մեր ճանապարհը նորոգվել է:

Մեզ մոտ, մանավանդ գյուղերում, ձմեռը կարծես հանգիստ է մեծերի համար: Գարնանը, ամռանը, աշնանը նրանք շատ են աշխատում հողամասերում ու այգիներում, և ավարտելով այդ աշխատանքները, ձմռանը կարծես հանգստանում են:

Ձյունն իջնում է արագ և առանց կանգ առնելու: Ձմռան շունչը զգացվում է:

Anush abrahamyan

Այո, ես տարբեր եմ

Միակ բանը, որ բնորոշ է ինձ ամբողջությամբ, դա փնտրելու մոլուցքն է: Փնտրում եմ մարդկանց ու բնության ժպիտը, չնայած դեռ չեմ գտել, բայց շարունակում եմ փնտրել: Փնտրում եմ նույնիսկ ինձ (որքան էլ որ անհավանական թվա) և ամենակարևորը, ցանկանում եմ գտնել «կես-կես»-երին: Երբևէ մտածե՞լ եք, թե ձեր շուրջն ապրող մարդկանցից քանիսն են կես կյանքով ապրողներ կամ, այսպես ասած, «կես-կես»-եր: Դրանք այն մարդիկ չեն, որ արթնանում են արևի հետ և փորձում ապրել, կամ էլ նրանք, ովքեր ապրում են աստղերի տակ` զգալով գիշերը: Նրանք են, ովքեր երբեք չեն շնչի գոյատևելու համար, որոնց համար անցյալը սոսկ հիշողությունների ամբողջություն չէ, այլ քողարկված ապագա: 

Նրանք կիսել են իրենց լույսի ու խավարի սահմանի վրա: Անդադար հավաքում են իրենց կյանքի հսկայական փազլը, ինչպես բոլորը՝ միայն այն տարբերությամբ, որ վերջին կտորը հենց իրենք են: Եվ ամենակարևորը՝ տառապում են անվերջ փնտրելու մոլուցքով: «Կես-կես»-երը տարբերվում են: Մի պահ մտածեք. միգուցե խոսքը ձե՞ր մասին է: Եթե այո, ապա մի տխրեք, դուք միայնակ չեք:

«Քեզ դժվար է հասկանալ, ինչո՞ւ ես այդքան ուրիշ»: Այս և նմանատիպ այլ արտահայտություններ հաճախ եմ լսում ինձ շրջապատող մարդկանցից, դրանք արդեն սովորական են ինձ համար:

Միգուցե, չէ՞ որ չեմ կարող նայել, թե ինչպես է հալվում ձյունը` սիրելով արևին, վախենում եմ մթությունից, միաժամանակ պաշտելով գիշերը: Չեմ սիրում լողալ, բայց ջուրն իմ տարերքն է: Թվում է, թե իմ մեջ ամեն ինչ իրարամերժ է, դրա համար էլ նման չեմ շատերին: Բայց եթե ինքս ինձ նույնացնեի բոլորի հետ, էջերով չէի գրի տարբերության մասին: Եթե սիրեի, այլևս չէի գրի մարդկանց մասին, ովքեր մոռանում են անհատին: Ենթադրում են հենց այնպես, «ոտքի վրա»: Երբեք չեն հարցնի անձրևից, թե ինչո՞ւ է այդքան թախիծ բերում ամպերից երկիր, և ինչու է ավելի հաճախ գալիս աշնանն ու գարնանը, այլ կբավարարվեն` ասելով, որ տարվա եղանակին է բնորոշ, և պետք է հիմնականում տանը մնալ` չհիվանդանալու համար:

Չեն հարցնի հողին՝ ինչո՞ւ է այդպես անուշ բուրում և ուժ տալիս հային, այլ կասեն` հողը կարևոր է, որովհետև նրանից բերք ենք ստանում: Նրանք երբեք չեն հարցրել ինձ՝ ինչո՞ւ եմ ուզում դառնալ ծաղրածու, այլ ուղղակի կասեն, որ տարօրինակ եմ ու երբեք չեմ հասնի նպատակիս:

Մարդիկ երբեք մահի կոկորդից չեն բռնի` կորստի համար պատասխան պահանջելու, այլ հանգիստ կմտածեն, որ կյանքի օրենքն է այդպիսին, իսկ օրենք փոխելու համար պետք է «մեծ» լինել: Եթե այդպես է, ապա ես ուզում եմ «մեծ» լինել:

Այո, ես տարբեր եմ, տարբեր եմ ամեն օր՝ միաժամանակ, նման լինելով բնությանը: Եվ վերջապես, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ տարբերվելը «Կես-կես-երի մասնագիտությունն է, այն մեղք չէ…

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Գեղարքունիքի գավառին վերաբերող առաջին տեղեկությունը հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին. «Ամասիան Արմավիրում բնակվելով՝ տարիներ անցնելուց հետո սերում է Գեղամին: Իսկ Գեղամը տարիներ անցնելուց հետո Արմավիրում սերեց Հարամային։ Նա Հարամային թողեց Արմավիրում բնակվելու իր որդիների հետ, իսկ ինքը գնաց հյուսիս-արևելքում եղած մյուս լեռան հետևի կողմը՝ մի ծովի ափ։ Նա շենացնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ և իր անունով լեռը կոչում է Գեղ, իսկ շեները՝ Գեղարքունի, որով կոչվում է նաև ծովը»։

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Գեղարքունիքի մարզում իմ հարազատ քաղաքը Մարտունին է։ Այն այդքան էլ քաղաք չէ, այլ մեծ ու շատ գեղեցիկ մի գյուղ է, որը գտնվում է կապուտաչյա Սևանի ափին և հսկվում է հավերժական պահապանների նման միշտ կանգնած Գեղամա և Վարդենիսի բարձրաբերձ լեռներով։ Գյուղի տարածքից մի փոքր հեռու բարձրանում է Արմաղան լեռը՝ սլացիկ հասակով շուք ու շնորհք հաղորդելով շրջապատին։ Լեռան խառնարանում գոյացել է հմայիչ մի լիճ՝ կողքը կառուցված եկեղեցով։

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Գյուղն ունեցել է իր հանդավայրերը, արոտավայրերը, ինչպես նաև յայլաները։ Դրանցից հայտնի են Դանիելի ձորը, Ներքին գոմերը, Հայրապետի տեղը, Վերին գոմերը։ Այդ անվանումներով արոտավայրերում աճում են փարթամ ու հյութալի խոտաբույսեր, լեռնային գույնզգույն ու բուրումնավետ ծաղիկներ ու տարբեր բանջարներ, որոնք տեղացիների խոսվածքում կոչվում են «ճավիկ, սիվտկուկ, ավելուկ, գմուկ, քեղ, սինձ, խաշխաշ, թթվարաշ, սավտուկ»։ Դրանցից մի մասը չորացվում, պահվում է, մյուս մասն էլ թթու դրվում։ Գյուղի հարավային մասի հեռավոր արոտավայրերի բարձունքներից, առանձնապես Սանգյառից, պարզ ու պայծառ երևում են Սիս ու Մասիս, որոնք նման են կապույտ տարածության մեջ ձգված սպիտակ շատրվանների։

Գյուղի բարձրադիր վայրերից սկիզբ առնող Ղարանլուղ կամ Կզնուտ գետի ջրերը գոյանում են ջինջ ու անապակ աղբյուրներից և միչև օգոստոսի վերջը տեղ-տեղ պահպանվող ձյունաշերտերից։ Որպես խմելու ջուր օգտագործվել են մաքուր ու չապականված գետակի, ինչպես նաև գյուղի հարավային մասում գտնվող աղբյուրների առատ ու սառնորակ ջրերը՝ Վանքի, Նազարի, Սագյառի, Դավուդի, Մնացի, Վերին գոմերի, Բրսեի, Կաթնաղբյուրի, Հոխանի աղբյուր։

Իմ ծննդավայրը Մարտունի է անվանվել ի պատիվ Ալեքսանդր Մյասնիկյանի, որի հեղափոխական ծածկանունն էր Մարտունի։ Հնում Մարտունին անվանվել է Մեծ կամ Ներքին Կզնուտ։ Կզնուտ բառը դեռևս ստուգաբանված չէ։ Այնուհետև Մարտունին անվանվել է Ներքին Ղարանլուղ, որը թուրքերեն բառ է և նշանակում է` մթություն։

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Մոտավորապես 200 տարի առաջ այսօրվա մարտունեցիների նախնիները գաղթելով Ալաշկերտի հովտից՝ պատմական Բագրևանդի Մանկասար գյուղից, իրենց հետ բերեցին բնօրրանի տոհմիկ իմաստուն բառ ու բանը, խոսքն ու զրույցը, սովորույթները։ Նրանք մինչ օրս հավատարիմ են մնում նախնիներից ժառանգած բարբառին, սովորություններին ու կենցաղին, միշտ վառ պահելով կորսված հայրենիքի հիշատակը։

Ալաշկերտը բարձր տեղ ա,

 Ջուրը խիվնդի դեղ ա․․․

 Ալաշկերտի խայու սիրտ Սևանի ջրով խովցավ։

hakob melqonyan

Ինչպես ավարտվեց մանկությունս

Ես մանուկ ժամանակ շատ չարաճճի եմ եղել, հաճախ տնից փախնում էի ու գնում խաղալու մինչև ուշ իրիկուն: Անկեղծ ասած, շատ էի բարկացնում տնեցիներին: Օրվա ընթացքում  ինձ մի երեք անգամ տուն էին բերում, բայց ես էլի փախչում էի: Իմ օրը շատ ուրախ ու զվարճալի էր անցնում, բայց  տանեցիների համար երևի այդքան էլ չէ, քանի որ շատ էի ջղայնացնում նրանց: Սակայն ջղայնանալու հետ մեկ տեղ ինձ շատ էին երես տալիս:

Արդեն հինգ տարեկան էի: Մանկապարտեզ գնալու ժամանակն էր: Առաջին օրը, երբ գնացի մանկապարտեզ, այսօրվա պես հիշում եմ. բոլորի հետ կռվեցի, և այդ կռիվը իմ ու երեխաների մեջ շարունակվեց մինչև մտերմանալը: Օրերը անցնում էին հետաքրքիր, ու ամեն օրն ուներ իր պատմությունը: Մանկապարտեզում կազմակերպվում էին հանդեսներ, շատ-շատ էինք զվարճալի խաղեր խաղում: Մի օր դաստիարակները հայտնեցին, որ հանդես ենք անելու: Շատ ուրախացա, և ինձ չկորցնելով, հարցրեցի.

-Ինձ ի՞նչ դեր եք տալու:

Դաստիարակը պատասխանեց.

-Հակոբ ջան, քեզ այս անգամ թագավորի դեր ենք տալու:

Շատ ուրախացա, քանի որ թագավոր էի դառնալու այդ հանդեսում: Հանդեսի ժամանակ շատ լավ կատարեցի իմ դերը,  չէ որ պատրաստվել էի մեկ շաբաթ: Անցավ  որոշ ժամանակ: Սեպտեմբերն էր արդեն, և ես պետք է հրաժեշտ տայի դաստիարակներին ու երեխաներին, որովհետև դպրոց էի գնալու: Ուրախացել էի, որ գրել-կարդալ եմ: Ունեի գրքեր, տետրեր, գրիչներ, մի խոսքով, պատրաստ էի դպրոցին:

Դպրոցական առաջին օրը ձեռք բերեցի ընկերներ և ընկերուհիներ, նաև ծանոթացա ուսուցիչների հետ: Սիրեցի բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը սիրեցի իմ դասվարին: Դասերի վերջն էր: Արդեն գնում էի տուն իմ նոր ընկերների ու ընկերուհիների հետ: Ուրախ-ուրախ մտա տուն, որ պատմեմ իմ դպրոցական կյանքի առաջին օրվա մասին:

Բայց եղբայրս կանչեց ինձ իր մոտ և ասաց:

-Հակ ջան, քեզ խելոք կպահես մինչև գամ:

Միանգամից լրջացա ու հարցրեցի.

-Ո՞ւր ես գնում, Գևոր:

-Հակոբ ջան, երկու օրից ինձ բանակ են տանում, ու դու պետք է խոսք տաս, որ խելոք կմնաս:
Մի պահ լացեցի, որ եղբորս բանակ են տանում: Հետո պատասխանեցի.

-Խոսք եմ տալիս, ախպեր ջան, որ ինձ խելոք կպահեմ մինչև գալդ:

Ուրախությունս միանգամից ջուրն ընկավ, ես այդ օրը անգամ հաց չկերա տխրել էի, եղբորս բանակ են տանում:

Առավոտյան դպրոց գնալու ժամն էր, հիշում եմ այսօրվա պես, թե ոնց մայրս ձայն տվեց.

-Հակոբ, վեր կաց, գնա դպրոց: Ուշ է արդեն:

Ես քնաթաթախ ասացի.

-Մամ, դպրոց չեմ ուզում գնալ, որովհետև Գևորին վաղը բանակ են տանում:

Մի պահ աչքս բացեցի ու նայեցի մայրիկիս դեմքին: Զգացի, որ մայրս հուզվել էր, և շատ ազդվեցի: Փորձեցի հանգստացնել մայրիկիս:

Հաջորդ օրը  առավոտյան հիշում եմ, բարեկամներով հավաքվել էինք, որ եղբորս բանակ ճանապարհենք: Եղբայրս մեկնեց ծառայության: Մի երկու օր հաց չկերա ու շատ էի տխրել, հետո քիչ-քիչ հասկացա, որ իմ եղբայրը գնացել է ծառայելու Հայոց բանակում, որ ես հանգիստ քնեմ:

Այդ օրվանից ես ասես փոխվեցի: Մեծացա, լրջացա: Օգնում էի տանեցիներին, էլ չարություն չէի անում: Կարճ ասած, արդեն փոքրիկ տղամարդ էի դարձել ու փոխարինում էի եղբորս:

Մանկությունս կարճ տևեց:

Իսկ քեզ գտել ենք կաղամբի միջից

Վաղաշենում կաղամբի բերքահավաքն ավարտվում է:
Կաղամբը բանջարաբոստանային այն մշակաբույսերից է, որը մեծ աշխատանք է պահանջում: Մայիս ամսին ցանում են սերմերը և մեկ ամիս հետո ստանում սածիլներ: Սածիլները տնկում են արդեն իսկ սարքած մարգերի մեջ և դրան զուգահեռ ջրում: Կաղամբի վեգետացիան տևում է 4-5 ամիս, կախված տեսակից: Լինում են դեպքեր, երբ վեգետացիայի շրջանում որդերը և խխունջները խանգարում են աճին: Եվ այդ ամենից խուսափելու համար մեկ անգամ օգտագործում են թունաքիմիկատներ: 

Բերքը հավաքում են հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում, բայց որպեսզի անակնկալ ձնից և ցրտահարությունից խուսափեն, ժամանակից մի փոքր շուտ են հավաքում` օրինակ, այս տարի մերոնք հավաքեցին հոկտեմբերի 25-ին:

Այդ բոլոր աշխատանքներից ամենահետաքրքիրը հավաքելու գործընթացն է, քանի որ օգնելու համար հավաքվում են հարազատները և միահամուռ ուժերով ավարտին հասցնում ամբողջ տարվա չարչարանքը: Հավաքելը այս տարի ավելի հետաքրքիր էր, քանի որ ես նոր էի դարձել 17.am-ի թղթակից, և պետք է ֆոտոներ անեի: Այդպես բոլորը աշխատում էին, իսկ ես հաճույքով նկարում էի նրանց կատարած աշխատանքը:

Հավաքելու ընթացքում անգործ մարդ չկա. մեկը կտրում է, մյուսները հավաքում, լցնում մեքենայի մեջ և բերում պահեստավորում, որպեսզի գնորդ գտնելու դեպքում վաճառեն:

Բայց այսքան չարչարանքներից հետո կաղամբի գինը շատ ցածր է` 40-50 դրամ, և հիասթափված գյուղացին շատ դեպքերում գերադասում է թափել, քան վաճառել: Եվ վերջապես կաղամբը այն եզակի կամ հումորային բույսերից է, որի հետ ասոցացնում են երեխաներին: Անձամբ ես, որ հիշում եմ, մայրս ասում էր. «Եղբորդ գնել ենք խանութից, իսկ քեզ կաղամբի միջից ենք գտել»: Ես միշտ կռվում էի, բայց երբ տեսնում էի կաղամբները, հավատում էի, քանի որ կաղամբի գլուխը այնպիսի տեսք ուներ, որ հնարավոր էր նրա միջից երեխա դուրս գար:

Seyran Soghoyan

Քառակուսի կյանք

Երբ դուրս ես գալիս բակ, քեզ թվում է, թե մտել ես համակարգչային սենյակ: Բոլորը հեռախոսները գրկած նստած են, տանը ասելով, թե` գնում եմ բակ խաղալու:

Ես ուղղակի հիացած եմ, որ որոշ ժամանակ ունեցել եմ, գոնե առանց «հեռախոսի» մանկություն:

Հիմա, երբ երեխային հագուստ կամ հասարակ մի բան՝ գրիչ ես առնում, նա ասում է, որ դրանից իմ ընկերն էլ ունի: Արի` ավելի լավը առնենք, իսկ առաջներում ընդհակառակը, ասում էին` ինչ լավ է. ես էլ, ընկերս էլ նույն շորից ունենք: Այս ամենի մասին տեղեկությունները, ավելի հարստացնում է մայրս, պատմելով իր ջերմ մանկություն մասին:

Ինչու հենց վերնագրեցի քառակուսի կյանք, որովհետև այս կյանքում ամեն ինչը կախված է հեռախոսից, բառիս ուղիղ իմաստով: Ամեն մի խոսքի մեջ կա այդ չարաբաստիկ բառը: Մայրս ասում է, ճիշտ է, հիմա հեռախոսով կարող ես զանգել ու գտնել տվյալ մարդուն ու շուտ գտնում ես, բայց առաջ մենք վազում էինք տնից տուն` իմանալու, թե որտեղ է կորել նա: Դա էլ ցավոտ կողմ ունի, գոնե այդ ժամանակ տեսնում էին իրար հարևանները, հավաքվում, ուրախանում, իսկ հիմա, բոլորը իրարից առանձնացած կյանք են վարում:

Ես հավատում եմ, որ ի վերջո այդ պահն էլ կգա…

mariam tonoyan

Էլի տանը մենակ

Էլի տանը մենակ… Հաճելի և երկարատև լռություն, ամփոփված ժամացույցի խլացող «տիկ-տակ»-ներով, Գյոթեի հանճարեղ տողեր, մի գավաթ թեյ և դուրեկան սառնություն` պատված աշնանային սառը շնչով: Գիրքս մի կողմ դրեցի ու պատուհանից դուրս նայեցի` ձյան փաթիլներ, դեռ տերևաթափ չեղած, կանաչ սաղարթներով ծառերի արանքում սպիտակ արահետ, իսկ ձյան կույտի տակ, խեղճացած ու գլուխը կախած` փոքրիկ ու անօգնական խատուտիկ… Ինքս ինձ մտածեցի. «Որքա՜ն զորեղ է բնությունը, որքա՜ն զարմանալի: Իսկ մերոնք դեռ չեկան, ժամանակն էլ չի անցնում»: 

«Որքան երկար են թվում մեզ այն արագընթաց, կարճ ժամանակները, երբ սպասում ենք, – կրկին մտածեցի ես,- օրինակ, այն ժամանակահատվածը, երբ լցված անհամբերությամբ` սպասում ենք մայրամուտի վերջին շողերին, որոնք այնքան ուշանում են: Բայց բավական է խեղդել քո մեջ անհամբերությունը և սևեռված ուղղակի հետևել արևի թեքվելուն, նկատելու համար, թե որքան արագ մայր մտավ երկրի լուսատուն, ու որքան երկար էր թվում այնժամ, երբ սպասում էինք:

Այդպիսի զարմանք առաջացնում է նաև տարածությունը: Նայի՛ր հորիզոնին փռված հսկա սարերի ձյունապատ կատարներին: Թվում է, թե այնքա՜ն մոտ են, չէ՞, ուր որ է` կարող ես դիպչել, բայց բավական է մտածել այնտեղ հասնելու մասին, և քո առջև կծառանա այն հսկա քաղաքն ու ճանապարհները, որոնք ահռելի տարածությամբ բաժանում են նախկինում մոտ թվացող լեռնագագաթները:

Ասում եք, մարդիկ նո՞ւյնպես զարմանալի են: Իհարկե՛, ամենազարմանալին հենց մարդն է: Նա խորհրդավոր ու վեհ է իրեն շրջապատող աշխարհում: Անկախ ամեն տեսակետներից, ես գտնում եմ, որ մարդը կանխատեսելի առեղծված է: Չէ որ նա ունի բազում դրսևորումներ` բարի, չար, արդար, խելացի… Հենց դրանում էլ կայանում է նրա առեղծվածային էությունը:

Կյանքը… Գուցե, անվանենք այն փորձությո՞ւն: Ի վերուստ տրված փորձություն, հասկանալու համար աստվածայինի արժեքը, նախքան աստվածայինը ճաշակելը: Փորձություն` մտածելու, տառապելու, արարելու, սխալվելու, ուղղվելու, գործելու, բազմանալու, հասկանալու համար:

Այո, բնությունը զորեղ է, բայց ինչպես ասում է Գյոթեն. մարդ պետք է բնությունից ճիշտ լինի, որպեսզի լավ մտքերը իրենք իրենց հայտնվեն, ինչպես Աստծո ազատածին զավակներ և բացականչեն` ահա մենք»:

Դուռը թակեցին, խախտվեց լռությունը, ծնողներս վերադարձան և տուն ներխուժեց աղմկոտ ընտանիքիս հաճելի մթնոլորտը:

ofelya hovhannisyan

Երբ տերևները թափվեն

Հարցազրույց հայրիկիս՝ Ժորիկ Հովհաննիսյանի հետ

Շուտով կգա իմ ամենասիրած եղանակը՝ ձմեռը: Ես շատ եմ սիրում տարվա այս եղանակը, քանի որ այն անմիջականորեն կապված է իմ հայրիկի հետ: Հայրիկս արդեն երկար ժամանակ է, ինչ մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի, և ես միայն ձմռանը կարող եմ տեսնել նրան: Երբ  ես փոքր էի, մայրիկս ինձ ասում էր, որ երբ աշուն գա,  ծառերի տերևները դեղնեն և ընկնեն ծառից, և երբ առաջին ձյունը գա, հայրիկը կգա: Եվ ես հետևում էի, թե ինչպես են ծառերի  տերևները դեղնում և ընկնում ծառից, բայց միշտ ծառի վրա մի քանի տերև մնում էին, և ես դրանից շատ էի բարկանում: Հետո ձյուն էր գալիս. ես ուրախությունից  ցատկոտում էի և ուրախությունս տատիկիս հետ կիսում: Սակայն դեռ չհասցրած կարոտս առնել՝ հայրիկս նորից գնում էր, և ես կրկին պետք է սպասեի, որ այդ ձյունը հալվեր, հաջորդ ձյունը գար…

Իսկ հայրիկիս հետ այս անգամ ես որոշեցի զրուցել ոչ մանկական թեմաներից:

-Հայրիկ, ինչպե՞ս որոշեցիր ընտրել քո մասնագիտությունը:

-Շատ փոքր տարիքում՝ մոտավորապես երևի 5 տարեկան էի, անընդհատ հեռուստացույցով նայում էի հայտնի նկարիչների կտավներ, որոնք ինձ շատ էին դուր գալիս, այդպես ես որոշեցի զբաղվել նկարչությամբ:

Մեր գյուղում կար մի վայր, որտեղ ես օրվա մեծ մասն էի անցկացնում: Այդ վայրը մենք, անվանում էինք «Խաչեր», քանի որ այնտեղ կան շատ գեղեցիկ խաչքարեր: Ես այնտեղ նստում էի մի մեծ քարի վրա և սկսում էի նկարել այդ խաչքարերը: Սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց հետագայում, կարելի է ասել, որ ես կատարելագործվեցի:

-Ի՞նչ ես ավելի շատ սիրում նկարել:

-Ես շատ եմ սիրում բնություն նկարել: Ծառեր, բույսեր, կենդանիներ և այլն: Սակայն չեմ կարողանում մարդկանց նկարել, քանի որ իմ պատկերացումներում նրանք այդքան էլ լավ չեն ստացվում:

-Իսկ բացի նկարչությունից էլ ինչո՞վ ես սիրում զբաղվել:

-Բացի նկարչությունից ինձ հատաքրքրում է դիզայներությունը: Շատ հետաքրքիր է, երբ որոշում ես, թե սենյակում ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել  այս կամ այն իրը:

-Ինչո՞ւ չշարունակեցիր քո մասնագիտությամբ:

-Դե~, երկար ժամանակ աչքաթող անելով իմ սիրած զբաղմունքը, մատնվեցի անգործության: Այստեղ աշխատանք չգտնելու պատճառով ստիպված եղա մեկնել արտասահման և հիմա շինարարությամբ եմ զբաղվում: Ես կարողանում եմ շատ գեղեցիկ շենքեր, կառույցներ, տներ վերանորոգել:

-Իսկ ամբողջ տարվա ընթացքում քանի՞ անգամ ես Հայաստան վերադառնում:

-Ցավոք սրտի, ես միայն ձմռանն եմ գործերս վերջացնում և, հետևաբար, միայն ձմռանն եմ գալիս Հայաստան:

-Իսկ օտարության մեջ գտնվելով՝ ի՞նչ դժվարություններ ես հաղթահարում:

-Իրականում շինարարի գործը այդքան էլ հեշտ չի, բայց իմ ամենամեծ դժվարությունը հարազատներիցս և երեխաներիցս հեռու գտնվելու փաստն է:

-Իսկ ինչպե՞ս են նրանք համակերպվում:

-Անկեղծ ասած, մեր բաժանումները շատ դժվար են լինում, բայց հիմա նրանք արդեն մեծ են և հասկանում են իմ գործի բնույթը:

-Իսկ ի՞նչ ես կարծում, նկարչությամբ զբաղվող մարդիկ մեծ եկամուտ ունենո՞ւմ են:

-Մեր երկրում մի փոքր դժվար է ապրելը, դրա համար մարդիկ հիմա ավելի շահութաբեր գործ են փնտրում:

-Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդությանը մասնագիտության ընտրության հարցում:

-Ամեն մարդ պետք է նպատակ ունենա և ընտրի իրեն հոգեհարազատ մասնագիտություն` հաշվի առնելով իր նախասիրությունները և հմտություները: Պետք է լսի իր սրտի ձայնը և գնա իր երազանքի հետևից:

Հիմա արդեն շատ մեծ եմ և հասկանում եմ, որ երբ հայրիկս գործերը վերջացնի, այն ժամանակ էլ կգա… Թեև մինչև հիմա սպասում եմ տերևների դեղնելուն, թափվելուն և ձյան գալուն: Ահա այդ պահերը կրկին մոտենում են, և շատ քիչ է մնացել: Բայց  ես այս անգամ չեմ ուզում մտածել հայրիկիս գնալու մասին, այլ ուզում եմ մտածել, թե ինչպես ամբողջ ընտանիքով պետք է նշենք Ամանորը…

diana karapetyan

Սերիալային տեղումներ

«Եվ մի քիչ այսօրվա եղանակի մասին:
Այսօր դասամիջոցներին հատկացված ամբողջ ժամանակահատվածում Դիանա Կարապետյանի ուղեղի վրա սպասվում են ուժեղ տեղումներ` հայկական սերիալների քննարկումների տեսքով: Որպեսզի զերծ մնալ դժբախտություններից, խնդրում ենք անջատել ուղեղը կամ ականջները»:

Նախ, մի բան ասեմ: Երեկ մտնելով 17.am-ի կայքը (ճիշտն ասած, ես շատ քիչ եմ օգտվում ինտերնետից, շաբաթը երկու օր հազիվ, այնն էլ, եթե դասերիս համար պետք է լինում, բայց երբ մտնում եմ էլ, պարտադիր պիտի մտնեմ 17.am և կարդամ նոր նյութերը), տեսնում եմ Վահե Ստեփանյանի նյութը, դե, երևի վերևի գրածից արդեն հասկացաք, թե խոսքը որ նյութի մասին է: Սկզբում մի քիչ նեղվեցի, որ այդ թեմայով արդեն նյութ կա, քանի որ ես ինքս ուզում էի անդրադառնալ այդ թեմային, բայց հետո ուրախացա, որ իմ նման մտածող մեկն էլ կա:

Ինչևէ, ինչի մասին էի ուզում խոսել: Դե, մի կողմից իմ բախտը բերել է, որ մայրիկս չի նայում ոչ մի հայկական սերիալ, և ես ինքս նույնպես ոչ մի հայկական սերիալ չեմ նայում, և թվում է, թե ամեն ինչ իդեալական է, բայց…
Բայց այ, իմ դասարանցիները տարված են բոլոր հայկական սերիալներով: Դե հա, որ նայում են` իրենց գործն է, բայց որ մի հատ էլ գալիս ու դասարանում էդ քննարկում են, դա ահավոր է:
(Այստեղ մի քիչ սպասիր. այս նյութս մի քիչ ծավալուն է լինելու, և եթե դու մտածում ես, որ այս նյութը քեզ կարող է վիրավորել, կարող ես չկարդալ):

Լավ, ինչ էի ասում… Հա, ես ընդհանրապես այդ սերիալներից գաղափար չունեմ, բայց և այնպես, ես կարծում եմ, որ դա անիմաստ ժամանակ «մեռցնելու» ձև է: Ես մայրիկներին և տատիկներին հասկանում եմ, բայց այ, 10-18 տարեկաններին (աղջիկ, տղա` կապ չունի)` ոչ:
Իմ կարծիքով, բոլոր սերիալները նույնն են, ու դրանց սցենարիստը ընդամենը մի հոգի է: Լավ, սցենարիստը ոչինչ, բայց Հայաստանում էլ դերասան չկա՞: Ու դեռ ինձ են ասում. «Ո՞նց ես էդ կորեացիներին տարբերում ու անունները հիշում»: Գոնե ամեն մի կորեական սերիալում կամ կինոյում տարբեր դերասաններ են, ոչինչ որ, իրենք մի քիչ իրար նման են (թեկուզ ինձ համար ընդհանրապես նման չեն), բայց հայկական սերիալներում բոլորը նույն դերասաններն են: Դե ուղղակի տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող ֆիլմերում են նկարահանվում, իբր թե ոչ ոք չի հասկանա: (Ու հիմա այստեղ կգտնվի մի խելոք, որ կհարցնի. «Բա որ չես նայում, ի՞նչ գիտես, որ նույն են»: Բացատրեմ:
Ես չեմ նայում, բայց օրվա մեջ կգտնվի գոնե մեկը, ով ինձ կպատմի որևէ սերիալ: Ու մի բան եմ հասկացել այդ սերիալներից` կա մի հարուստի տղա, ով սիրում է մի աղքատ աղջկա: Մի ուրիշ հարուստի աղջիկ` սիրում է այդ նույն հարուստի տղային: Այդ տղայի ծնողները ուզում են, որ տղան ամուսնանա հարուստ աղջկա հետ: Տղան դեմ է գնում ծնողներին, փախչում է աղքատ աղջկա հետ: Մի խոսքով, ինչպես կասեր մեր հարևաններից մեկը, «աջըբսանդալ ա, հո կինո չի»:

Դե, հիմա ազնվությամբ ասա` քանի՞ սերիալ մտքիդ եկավ այդ նույն սյուժեով: Ու իմ այս կարծիքը ընդհանրապես կապ չունի այն բանի հետ, որ ես նայում եմ
կորեական և ամերիկյան ֆիլմեր: Ես կինոման եմ և օրս չեմ պատկերացնում, եթե գոնե մի ֆիլմ չնայեմ: Բայց ֆիլմը իր բնույթով այնպիսին է, որ դիտողին մի բան սովորեցնի: Չէ որ այդ ֆիլմ ստեղծողը (կոպիտ բառ էր, բայց դե), որ ստեղծել է ֆիլմը, ստեղծել է նրա համար, որ դիտողը մի բան սովորի և մտածի կյանքի մասին: Ես կարող եմ ազնվությամբ ասել, որ այն սերիալները, որոնք ես նայել եմ ու նայում եմ, կյանքում ինձ շատ բաներ են սովորեցրել, որոնք, իմ կարծիքով, ես հայկական սերիալներից չէի կարող սովորել: Ես ընդհանրապես չեմ նեղվում, այլ ընդհակառակը, ուրախ եմ, որ ոչ ոքի նման չեմ, ես տարբերվում եմ: Սև ագռավների մեջ ես սպիտակ եմ:

Հ.Գ. Եթե դու չալարեցիր և կարդացիր, շնորհակալություն, բայց եթե դու դեմ ես իմ կարծիքին, գրիր պատասխան հոդված և պատմիր, թե ինչ ես սովորել հայկական սերիալներից: Միգուցե այդ նյութից հետո կփոխեմ իմ կարծիքը: Դժվար, բայց դե…