suren ghazaryan

Հայրիկիս անցած ուղին

Որոշեցի  հարցազրույց վերցնել իմ հայրիկից, քանի որ նա իր կյանքում շատ դժվարություններ է տեսել  և անցել է բազում փորձությունների միջով:

Հայրս՝ Արտյոմ Ղազարյանը,  անկախ Հայաստանի նոր կազմավորված բանակի առաջին զինվորներից մեկն  է եղել և մասնակցել է Արցախյան պատերազմին:

-Պա՛պ, դու ե՞րբ ես  անցել ծառայության:

-1993-1994 թվականներին էին, երբ ես գնացի բանակ: 18 տարեկան ջահել տղա էի, դեռ շատ բան չէի հասկանում և,  երբ առաջին  անգամ ձեռքս զենք վերցրի` զգացի, որ հայրենիքիս ազատ ու անկախ լինելը ինձ ու ինձպեսների ձեռքերում է:

-Իսկ դու որտե՞ղ էիր ծառայում  և ի՞նչ  մարտերի ես մասնակցել:

-Մեր դիրքերը Քարվաճառում էին, մենք  անառիկ էինք պահում Քարվաճառի օդային դիրքերը: Թեժ մարտեր էին. այդ ժամանակ էր, որ մեր ընկերներից  40  հոգի բարձրացան Օմար լեռն ու չվերադարձան: Դաժան ու ահավոր օրեր էին, այնքան սպանված դիեր էինք տեսել, որ ահագին ժամանակ ուշքի չէինք գալիս: Դժվար էր մարդ  էակի վրա կրակելը, բայց երբ տեսնում ես` ինչպես են սպանում հարազատ դարձած ընկերոջդ, ինչպես են վայրենիները կոխորտում քո համար սուրբ հողը, և ինչ անհագուրդ ու վայրի ցանկությամբ են ուզում գրավել հողդ ու հայրենիքդ,  անկախ քեզանից  ԶԻՆՎՈՐ ես դառնում:

-Իսկ դու կարո՞ղ ես ինչ -որ  դեպք պատմել,  որը  ամենից  շատ է տպավորվել հիշողությանդ մեջ :

-1994 թվականի փետրվարի 24-ն  էր: Ցուրտ ճքճքան ձմեռվա օրերից մեկն էր, էնքան ցուրտ էր, որ շնչելիս քթերիս մեջ սառում էր:  Ու հանկարծ  շատ մոտիկից կրակոցի ձայներ լսեցինք  (չնայած այնքան էինք լսել, որ մեզ համար արդեն անսպասելի չէր): Ինչպես միշտ, վազեցինք դուրս, ու պարզվեց, որ մեզ  հետ ծառայող սևանցի մեր ընկերներից մեկը Սու-25 ինքնաթիռ էր խփել: Այդ օրը մեզ համար իսկական  տոն էր:

-Իսկ, ինչպե՞ս  վերջացավ  ծառայությունդ:

-1994 թվականի մայիսին, զինադադարից հետո: Մենք անցանք  «ծառայության հաջորդ փուլին»: Մենք սկսեցինք նորոգել զորանոցներն ու զորամասերը, ամրացնել դիրքերը: 1994 թվականի հոկտեմբերին մեզ փոխարինելու եկան Սեյրան Սարոյանի զորքերը:

Զորացրվել եմ 1994 թ. Նոյեմբերին`ծառայելով 1 տարի 6 ամիս:

Պարգևատրվել եմ «Մարտական գործողությունների մասնակից» շքանշանով:

-Այնուհետև  ինչո՞վ  ես զբաղվել:

-1997 թվականից անցել եմ ծառայության Մարտունու ՀՕՊ զորամասում, այնտեղ աշխատել եմ մինչև 2005 թվականը՝  ստանալով բազում պատվոգրեր: Դրանից հետո մինչ այժմ զբաղվում եմ մեղվաբուծությամբ:

Diana Karapetyan

Պապի, բո~…

-Պա~պ, պապի~…

-էն ում աղջիկնա~… Էս քեզ էլի Քյավառի ձկներն ու ռակնե՞րն են բերել…

-Չէ, պապ մաման ա բերել:

-Խի՞, պապադ էլի էդ ռակներին ու ձկներին բռնե՞լ ա…

-Չէ, էդ ձկները սատկել են, էն ռակներն էլ խեղդվել են:

…Այսօրվա պես հիշում եմ այս խոսակցությունը, կարծես թե երեկ լիներ, թեկուզ արդեն 15 տարի է անցել: Հիշում եմ, ոնց էր պապիկս ծիծաղում ու ինձ գիրկը առած համոզում էր, որ ձկները ու խեցգետինները չեն կարող խեղդվել:  Բայց ես, մեկ է, իմն էի պնդում, որ խեղդվել են, ու վերջ: Սիրում էի պապիկին օգնել ու իր հետ խաղալ: Սիրում էի պապիկին վախեցնելով արթնացնել,  իսկ պապիկս միշտ ժպիտով էր արթնանում, ամուր գրկում ու համբուրում էր ինձ: Երբեմն էլ ձևացնում էր, թե քնած է, ինչ է` ես իրեն արթնացնեմ, բայց դե ես արդեն գիտեի, թե պապիկը ինչի համար է ձևացնում:

-Պապի, բո…

-Ի~, պապի, արթնացի…

-Պապի, էլի եկել եմ …

-Պապիկ, էլի ձև ես անո՞ւմ:

-Գիտեմ, որ ձևացնում ես, արդնացի…

-Պապ, էլ չե՞ս խաղում ինձ հետ:

-Աշո պապիկ, արթնացի, դե~…

-Մամ, էս պապին ինձ հետ չի ուզում խաղալ, չլինի՞ էլ չի վախենում:

…Բայց այդ օրը ես այդպես էլ չկարողացա պապիկին արթնացնել: Երևի նա նեղացել էր ինձանից, կամ էլ երևի էլ չէր վախենում:

Հ.Գ   Կարոտել եմ…

Taron Aramyan

Եվ բարդ, և պարզ

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, մեծ ընտանիքում ՝ հորս, մորս, տատիկիս, պապիկիս և քույրերիս հետ: Քանի որ երեխաներից ամենամեծը ես եմ, քույրերիս` հատկապես փոքր քրոջս չարաճճիությունների համար պատասխան տալ միշտ ես եմ ստիպված լինում: Դա այդքան էլ հեշտ չէ:

Չնայած նրան, որ ես 16 տարեկան եմ, օրվա գրաֆիկս շատ խիտ է: Առավոտյան դպրոց, դասեր, կյանքի պատանեկան, ուրախ, բայց, միաժամանակ, ծանր և հետաքրքիր շրջան: Դասերից հետո լինում եմ մասնավոր ուսումնական հաստատությունում, որը չունի անուն, այնտեղ խորացված կերպով ուսումնասիրում եմ ֆիզիկա: Այսպես գրեթե ամեն օր: Տանը լինում եմ հիմնականում երեկոյան և հանգստյան օրերին: Հաճախակի փոքր խմբերով կազմակերպում ենք արշավներ, որտեղ մեզ հետ կատարվում են կյանքի ամենահետաքրքիր դեպքերը:

Ազատ ժամանակ, որը երբեմն կարողանում եմ ստեղծել ինձ համար, զբաղվում եմ հետաքրքիր մի զբաղմունքով, որը երևի չունի որևէ անուն: Լուցկու հատիկներով, առանց որևէ նյութերի, սոսնձի կամ հավելյալ առարկաների օգնության պատրաստում եմ տնակներ, ամրոցներ և եկեղեցիներ: Այդ զբաղմունքը հանգստացնում է իմ նյարդերը: TaronAramyantnak01Շրջապատից շատ եմ լսել, որ իմ բնավորությունը բարդ է: Տնակներ պատրաստելն էլ իմ բնավորության պես բարդ է: Եղել են դեպքեր, որ իմ այդ բնավորության պատճառով կամ շնորհիվ, ստացել եմ տարօրինակ կամ զավեշտալի մականուններ, որոնցից ես չեմ նեղվում և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ես այդ մարդկանց հետ մտածում եմ, թե ինչ նոր անուն կարելի է գտնել:

Մի խոսքով ես, միաժամանակ, և՛ բարդ եմ, և՛ պարզ, մի քիչ միամիտ և կարծում եմ, որ ինձ ճանաչելը այդքան էլ դժվար չէ:

ofelya hovhannisyan

Չարաբաստիկ դասաժամը

Ինչպես միշտ եկավ իմ սիրելի դասաժամը: Ֆիզիկա առարկան ընդհանուր առմամբ ես շատ եմ սիրում: Կրկին իմ սիրելի ուսուցչուհին դաս էր բացատրում, իսկ մենք բոլորս ուշադիր նրան էինք լսում:

Սակայն այսօր ամեն ինչ այլ էր: Տիկին Պետրոսյանը ինչպես միշտ ժպիտը երեսին դաս էր բացատրում մինչև այն պահը, երբ դեռ չգիտեր, որ աղջիկը` 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը ավտովթարից մահացել էր, իսկ տղան՝ 20-ամյա Հրանտը, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Զանգը հնչեց, և նա գնաց ուսուցչանոց:

Մեզ մոտ հանրահաշիվ էր, մենք ևս այդ չարաբաստիկ լուրի մասին տեղյակ չեինք: Դասն արդեն վերջանում էր, երբ մեր դասղեկը մտավ դասարան և հանրահաշվի ուսուցչուհուն դուրս կանչեց: Քիչ անց նա լացակումած ներս մտավ, մենք շփոթված անընդհատ հարցնում էինք, թե ի՞նչ է եղել, սակայն ոչ մի պատասխան: Հետո մեր ուսուցչուհին հավաքեց իր ուժերը և ցածրաձայն ասաց.

-Երեխաներ, դպրոցում աղմուկ չբարձրացնեք, ընկեր Պետրոսյանի աղջիկը մահացել է: Սակայն դեռ լուրը հաստատված չի:

Այդ պահից սկսած մենք լռեցինք, քարացել էինք, ոչինչ չէինք  խոսում: Մենք դեռ հույս ունեինք, որ Հռիփսիմեն ողջ է մինչև այն պահը, երբ դասընկերուհիս ներս մտնելով ասաց, որ ֆեյսբուքյան էջերում արդեն հաստատվել է նրա մահը: Հազիվ զսպելով ինձ՝ մաքրեցի արցունքներս:

Մենք երբևէ չենք տեսել ընկեր Պետրոսյանի երեխաներին, սակայն նա այնքան էր պատմում նրանց մասին, որ մեզ թվում էր, թե ճանաչում ենք նրանց: Հռիփսիմեն սովորում էր Բրյուսվի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում, գիտեմ, որ ուներ  բարձր առաջադիմություն, իսկ եղբայրը՝ Հրանտը, վերջերս էր վերադարձել բանակից և սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում:

Լավ է, որ կան այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք կարողանում են մարզերից ուսանողներին անվճար տեղափոխել Երևան, սակայն հիմա ինձ հուզում է մի հարց. Արդյո՞ք այդ ավտոբուսները տեխզննում անցնում են, սարքի՞ն վիճակում են, թե… Պետք է մեծ ուշադրություն դարձնել սրան, քանի որ գյուղերից քաղաք տեղափոխվող ուսանողները գյուղի, նաև մեր ողջ ազգի պայծառ ապագան են: Պետք է ուշադիր լինել, քանի որ ոչ  միայն  կարող են  իրենց կյանքը վտանգել, այլ նաև ուրիշների: Հատկապես ձմռան այս ցուրտ եղանակին առանց անվադողերը փոխելու չի կարելի երթևեկել:

Այս չարաբաստիկ պատմությունը չեմ կարողանում հանել մտքիցս: Ամեն րոպե Աստծուն խնդրում եմ, որ Հրանտը ապաքինված տուն վերադառնա, որ մեր սիրելի ուսուցչուհին… Չգիտեմ այս դեպքերում ինչ են ասում:

margarita araqelyan

Հայի գենը

Մեզ հաճախ թվում է, որ մեր ուսուցիչները միշտ ուսուցիչ են եղել, չեն ունեցել ոչ մանկություն, ոչ երիտասարդություն: Մինչդեռ երբ դասից դուրս հանդիպում ենք, զրուցում, պարզվում է ճիշտ հակառակը: Այսօր ես զրուցելու եմ մեր գյուղի «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի փոխտնօրեն Հասմիկ Կարախանյանի հետ:

-Ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Ես սովորել եմ Երևանի Պետական համալսարանում: Ավարտել եմ Ռոմանագերմանակա լեզուների ֆակուլտետիի ֆրանսերենի բաժինը: Մասնագիտությամբ բանասեր եմ և մանկավարժ:

-Ձեր ընտանիքի անդամները համաձա՞յն էին ձեր ընտրության հետ:

-Ընտանիքիս անդամները հարգում էին երեխաների կարծիքը և որոշումներին արգելք չէին հանդիսանում, օգնում էին՝ ինչով կարողանում էին: Նկատի ունեմ, որ ծնողներս օգնում էին գիտելիքի ձեռքբերման հարցում:

-Ի՞նչ կասեք ձեր սովորելու տարիների մասին:

-Շատ հետաքրքիր էին սովորելու տարիները, շատ հուշեր են մնացել: Այդ ժամանակ հաճախում էի երգչախմբի, որի ղեկավարն էր Հովհաննես Չեքիջյանը: Մենք այցելում էինք Գրողների տուն: Շատ հաճախ հանդիպում էինք գրողների հետ՝ Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի: Շատ մտերիմ էի Սիլվա Կապուտիկյանի հետ:

-Կպատմե՞ք մի հետաքրքիր դրվագ սովորելու հետ կապված:

-Մի անգամ փախել ենք դասից և փախցրել ենք դասախոսին՝ Վահե Գոդելին: Նա մեզ հետ պետք է վերջին երկու ժամը դասախոսություն կարդար, և ես կուրսեցիներիս տեղեկացրի, որ հայրս շատ լավ, շատ համեղ կիսաքաղցր գինի է բերել: Եվ մենք որոշեցինք գնալ մեր տուն և գինի խմել, կարտոֆիլ եփել և թթվով քեֆ անել: Բայց մենք չէինք կոմնորոշվում, մտածում էինք, որ Բելգիայից եկած գիտնականը կվիրավորվեր, և մենք կպատժվեինք դեկանատի կողմից: Ես էլ առաջարկեցի պարոն Գոդելին մեզ հետ տանել, որ դասախոսությունը կարդա մեկ այլ տեղում: Գոդելիի մայրը հայուհի էր, իսկ հայրը՝ բելգիացի, և նա միշտ ասում էր.

-Ախ, այդ հայի գենը:

Ես այդպես էլ ասացի.

-Հայի գենը խնդրում է, որ դուք դասախոսությունը կարդաք մեկ այլ տեղում, մենք անակնկալ ունենք Ձեզ համար:

Նա ժպտաց և ճար չունենալով՝ համաձայնեց: Գնացինք մեր տուն, և նա վերջում ասաց՝ այսպիսի դասախոսություն ես դեռ չէի կարդացել, ես այն երբեք չեմ մոռանա:

-Իսկ հիմա չե՞ք զղջում, որ ընտրել եք այդ մասնագիտությունը:

-Ոչ՛, իհարկե չեմ զղջում, քանի որ էությամբ ես շատ հայասեր եմ և հնարավորություն ունեմ հետաքրքրվելու այն ամենի մասին, ինչը կապված է հայրենիքի հետ: Իսկ ֆրանսերենի իմացությամբ ես կարողացա ծանոթանալ Եվրոպական մշակույթի, ֆրանսիական գրականության, կինոյի, մի խոսքով՝ արվեստի հետ, որով լցվեց իմ ներաշխարհը:

Հ.Գ. Ի դեպ, Հասմիկ Կարախանյանի հետ ես դեռ էլի եմ զրուցելու` այս անգամ մեր արտասովոր դպրոցի մասին:

anush

Այդ աղջիկը ես եմ

-Գը՜մփ,- նրա գցած պայթուցիկը պայթեց հենց հորեղբոր ոտքերի մոտ: Շագանակագույն աչքերով այդ չարաճճի տղան մի քանի օր չերևաց հոր աչքին. տնից շուտ էր դուրս գալիս ու վերադառնում, երբ հոր` աշխատանքից վերադառնալուց առաջ և փակվում սենյակում: Հաճախ էր երեք եղբայրների հետ գնում ձկնորսության. դա նրա սիրած զբաղմունքն էր: Լավ էր սովորում, դպրոցում իր չարաճճիությունների պատճառով միշտ ուրիշներին էին պատժում, բայց նա շատ բարի էր: Մեծացավ` հաղթահարելով ամեն դժվարություն, իսկ հետո բոլորին ծաղրող այդ երիտասարդը սիրահարվեց քոլեջ հաճախող մի աղջկա: Շատ չանցած` նրանք ամուսնացան, և ծնվեց մի աղջիկ: Այդ աղջիկը ես էի:

Հայրս համալսարանում չի սովորել, քանի որ երիտասարդ տարիքում կորցրել է հորը և դարձել տան ղեկավարը, բայց դա նրան չի խանգարում կիսով չափ լինել բժիշկ, ճարտարապետ, նկարիչ: Մայրս չափազանց խելացի կին է, միշտ կարողանում է հասկանալ ինձ ու բոլորին:

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, երկհարկանի մի տան մեջ՝ հորեղբորս ընտանիքի և տատիկիս հետ: Իմ սենյակը երկրորդ հարկում է, այդ սենյակին կից մի կիսախարխուլ պատշգամբ կա, հաճախ գիշերները ես քնում եմ այնտեղ, աստղերի տակ: Մի անգամ որոշեցի ցատկել պատշգամբից ու գնալ հեռու, բայց մտածեցի, որ դեռ ժամանակը չէ:

Ես պարզ մարդ եմ, չնայած, որ մի քանի անգամ քնել եմ պատշգամբում, չեմ սիրում քունը, այդ անիմաստ ինքնամոռացումը, իսկ երազներ ես առանց քնելու էլ տեսնում եմ, դրա համար քնել պետք չէ:

Ես սիրում եմ գիշերը, սիրում եմ այգաբացը, հաճախ վաղ եմ արթնանում ու բարձրանում կտուր, որ առաջինը ես տեսնեմ այն, իսկ մայրամուտին գրում եմ փոքրիկ թղթերի վրա, դրանք ամրացնում փուչիկներին և բաց թողնում:

Մի քանի տարի առաջ ես որոշեցի եղբայրներիս համար մի «անակնկալ» պատրաստել: Տան հետնամասում գտնվող հացատան դռան վրա ամրացրեցի մի կոշիկ, որը նկուղից էի գտել: Ես կարտոֆիլի մարգերի մեջ պառկած հետևում էի, երբ անսպասելիորեն եկավ հայրիկն ու… Կոշիկն ընկավ նրա գլխին: Հետո բոլորն իմացան, որ դա իմ ձեռքի գործն է, ես ամոթից մի քանի օր հորս աչքին չերևացի (պատմությունը կրկնվեց, հիմա ես հայրիկիս աչքին չէի ուզում երևալ):

Ասացի, որ մենք ապրում ենք տատիկիս հետ: Տատիկս բարի կին է, բայց երբ բարկանում է, պետք է շուտ փախչել: Մի անգամ, երբ փոքր էի, պատահմամբ հրդեհեցի ծնողներիս մահճակալը: Վառեցի լուցկին, մտածում էի, որ կկարողանամ հանգցնել, բայց` ոչ: Տատիկս ծխի հոտ առավ, նա վառարանի կողքին էր նստած, նայեց շորերին:

-Երեխե՛ք, էս ի՞նչ հոտ ա:

Ես արագ դուրս թռա ննջասենյակից:

-Կրա՜կ,- գոռալով վազում էի ես, կարծես կրակ էի ստեղծել և հիանում էի դրանով…

Իմ մանկությունը հիասքանչ է անցել: Գիշերները բոլորից գաղտնի բարձրանում էի մեր ընկուզենու վրա: Մի անգամ էլ բարձրացա ամենաբարձր ճյուղին ու մինչև իջնելս արդեն քսան անգամ «Հայր մերն» էի ասել ու Աստծուց մեղքերիս համար թողություն խնդրել… Երազում եմ դառնալ ծաղրածու, չնայած համալսարաններում երևի նման բաժին չկա, բայց կարծում եմ, որ դա ամենաբարդ մասնագիտությունն է: Վախենում եմ օձերից և սեփական հոգուցս, այն այնքան տարօրինակ է: Վերջերս ընկերուհուս նամակ ուղարկեցի, պարզվեց միայն ծրարն եմ ուղարկել, իսկ նամակն այդպես էլ չգտա:

Իմ շունը սատկեց: Բայց ախր, ես շուն չունեմ… Բայց որ ունենամ` կսատկի: Չգիտեմ ինչպիսին եմ ես, երևի միօրինակ կամ յուրօրինակ, դա ինձ քիչ է հետաքրքրում, իսկ հիմա ես միայն մտածում եմ թռչելու մասին:

jora petrosyan

Վարդենիսերեն

Վեցերորդ ժամն է, մոտս` քնած վիճակ: Ականջիս պոչով լսում եմ դասղեկիս հետևյալ խոսքերը.

-Մեր բարբառը «կ» ճյուղի բարբառ է, բլա… բլա… բլա…

Արթնացա դասարանցիներիս աղմուկից ու երբ հարցրեցի, թե ինչ է եղել, ասացին, որ տնայինի համար պիտի բարբառային բառեր գրենք: Մարդիկ ոգևորվել էին…

Եկավ հաջորդ օրը: Բոլորը կարդում էին իրենց տնայինները, իսկ ես մի միտք հղացա՝ կազմել վարդենիսերեն-հայերեն բառարան: Վերցնում եմ թուղթ և գրիչ ու սկսում գրի առնել ընկերներիս ասած բառերը: Այդ օրը ես տնային չէի գրել՝ քիմիայի պարապմունքի պատճառով: Մեկ օրվա համար տրված էր 250 խնդիր: Էհ, ինչևէ… Վերջում ստացա մեկ կամ երկու տասնյակ բառերից կազմված բառարան: Դե ինչ, սկսենք ուսումնասիրել վարդենիսերենը, որը տեղ-տեղ ոչ հայերեն բառեչից է նաև կազմվել.

Չայիր – սիզախոտածածկ տարածք

Սարեբարե – հիմար, թեթևսոլիկ

Գյորեմազ – մածնաթան

Փչուն – մի քիչ

Գրաղ – կողք

Քյունջ – անկյուն

Մարիֆար – վերաբերմունք

Լայաղ չէնել – չբարեհաճել

Բարբզնակ – վերին արտի ցորեն

Դաբր – անասնակեր

Ամանաթ – ուրիշի

Հալբաթ – երևի

Բալե – գոնե

Սաբախտան – առավոտյան

Աչողում – բարի լույս

Չուրի – մինչև

Բոլ ա – հերիք է

Չուրի բիլա – մինչև անգամ

Ռկել – նեղանալ

Ջանդակ – մարմին

Թալել – գցել

Ջարդխի բաց – շատ բաց

Ջաղդա – ճանապարհ

Գըռդաբո – երկկողմանի սղոց

Իսան – մարդ

Չափալախ – ապտակ

Յաբա – եղան

Ֆրնդախ – խաբեբա

Սնդխտել – պահել

Դիբլիկ – ափսե

Դիքյ – բարձունք

Իրիշկել – նայել

Հառիք – տանիք

Կան բառեր, որոնց թարգմանությունը չկա, գրական բառերով չենք կարող արտահայտել դրանց իմաստը: Դրանցից են՝ թոբա թե, իլա չէ և այլն:

tereza davtyan portret

Կարևոր զրույց

Կար մի ժամանակ, երբ ես ուզում էի դառնալ բժշկուհի: Բայց…

-Չէ՛, ոչ մի բժիշկ: Դու կարո՞ղ ես այդքան տարի սովորել, ու հետո, վարձի մասին տեղյա՞կ ես: Էդ ինչքան պիտի աշխատես, որ կորցրածդ ինը տարիներն ու գումարդ հետ բերես: Ուզո՞ւմ ես` գնա ինքնուրույն սովորի ու անվճար ընդունվի, ես որ համաձայն չեմ, -ասում էր հայրիկս:

Ես շատ էի նեղսրտում:

-Մի ժամանակ էլ, բալես, իմ պապան էր արգելում բժիշկ դառնալ,-պատմում է մայրիկս:

-Բա քեզ ինչի՞ համար էր արգելում, մամ:

-Ասում էր. «Ո՞նց կլինի աղջիկս գնա Երևան սովորի: Հետո էլ գյուղում ասեն. «Տեսա՞ր դրա աղջիկը գնաց սովորեց, ու ինչ իմանաս, ինչեր ա անում էնտեղմ բացի սովորելուց»:

-Մա, բայց դու մասնագիտությամբ հաշվապահ ես, չէ՞:

-Հա, բայց դա իմ սիրած մասնագիտությունը չի եղել: Սովորում էի Սևանում, ստիպված, որ գյուղից հեռու չլինեմ, մի մասնագիտություն ունենամ:

-Իսկ ի՞նչ կպամես աշխատելու տարիների մասին:

-Դե, աշխատելու տարիները իմ կյանքի լավագույն տարիներն էին: Ուրիշ էր ամեն ինչ, ես այդ տարիներին շատ երջանիկ էի:

-Մամ, բա ես հիմա ի՞նչ անեմ, ի՞ն չ մասնագիտություն ընտրեմ, որ պապան համաձայն լինի:

-Ես քեզ ծնողական խորհուրդ եմ տալիս. ինչ մասնագիտություն էլ որ ընտրես, պետք է ձգտես դառնալ պիտանի մարդ ու հետևես քո երազանքին:

Այս զրույցից անցավ որոշ ժամանակ: Ես որոշումս փոխեցի: Չեմ ուզում դառնալ բժիշկ, բայց նաև չեմ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: Բայց այս անգամ հարմար չգտա: Համոզված չեմ, որ այդքան տարի սովորելուց հետո աշխատանք կգտնեմ: Բայց հիմա գիտեմ մի բան. պետք է լինել ուժեղ, կառավարել ինքն իրեն, գնալ նպատակի հետևից, և վաղ թե ուշ կհասնենք հաջողության և ճանաչման, ինչ ոլորտ էլ որ ընտրենք:

karen karapeytyan

Իմ առաջին հաղթանակը

Կյանքում չեմ կարողանա մոռանալ այն օրը, երբ առաջին անգամ մտա թեքվանդոյի ռինգ, դա 2009 թվականն էր, նոյեմբերի 7-ը: Դա իմ առաջին մրցումն էր: Երբ իմացա, որ մրցելու եմ 6 հոգու հետ՝ լարվածություն զգացի, մտածեցի, որ ես չեմ կարողանա հաղթել եւ հիասթափված նստեցի նստարանի վրա: Մրցումների սկսվելուն մնացել էր մի քանի րոպե, երբ կարդացին իմ անուն ազգանունը, որպեսզի պատրաստվեմ դուրս գալ ռինգ:

Այդ պահին ինձ հետ մի անբացատրելի բան կատարվեց: Կարծես լինեի մի թունելի մեջ, որից դուրս գալու համար պետք է շատ երկար վազել: Ինչ-որ մի ուժ ինձ ուղղորդում էր ռինգ՝ դեպի իմ ապագան: Ամբողջ մենամարտի ժամանակ ես շատ լարված էի, եւ երբ ավարտվեց 1-ին ռաունդը, մենք մոտեցանք մեր մարզիչներին: Մարզիչս ինձ ասաց, որ չլարվեմ եւ փորձեմ առաջ գնալ, եւ ես այդպես էլ արեցի: Մենամարտի վերջում, երբ մրցավարը իմ ձեռքը բարձրացրեց՝ ի նշան հաղթանակի, արդեն երեւում էր թունելից դուրս գալու այդ դժվար ճանապարհը: Երբ իմ վերջին մենամարտն էր, ես ինձ պարտավորված էի զգում, դրանից էր կախված, թե իմ մարզական կարիերան ինչ ընթացք կունենար: Եվ ես դուրս եկա ռինգ: Ճիշտ է, զարմանալի է, բայց ես նրան հաղթեցի 14:0 հաշվով, եւ 2-րդ ռաունդի կեսից մրցավարը կանգնեցրեց մենամարտը ու հաղթանակը տվեց ինձ: Մրցավարը իմ ձեռքը բարձրացրեց որպես հաղթողի, քիչ անց ես կանգնած էի պատվո հարթակի առաջին տեղում: Երբ հանձնեցին ինձ իմ մրցանակը եւ պատվոգիրը, հասկացա, որ ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում: Եվ եթե ունես նպատակ, պետք է ամեն ջանք գործադրես ու անես ամեն ինչ` քո նպատակին հասնելու համար:

lilit harutyunyan lchshen

«Բնական մեղրը ծաղիկների խամ, խոտ ունի…»

Հարցազրույց Լճաշենի ամենահայտնի մեղվաբույծ 85-ամյա Ազնիվ տատիկի հետ

-Տա՜տ, տատի, ա՜յ տատի, լավ էլի, մի քիչ պատմի էլի քո մասին,- ամբողջ օրը Ազնիվ տատի հետևից ման գալով` կրկնում էի ես:

-Քա, բալա ջան, ի՞նչ պատմեմ, էն յան գնա, թող գործ անեմ:

-Տա՛տ, մի քիչ պատմի, թե ո՞նց ես ընտրել մեղվաբուծությունը:

-Լա՛վ, զայլես տարար, արի, նստի` պատմեմ:

-Ինչո՞ւ որոշեցիր դառնալ մեղվաբույծ:

-Պապաս մեղվաբույծ ա եղել ու շատ մեղուներ ա պահել, բայց հո էդքանը մենակ չի՞ արե, մերս էլ ա օգնե: Երկուսով պահե՜լ-պահե՜լ են, ու փոքր վախտից հետևելով՝ իմ մեջ սեր ա առաջացել էդ գործի հանդեպ:

-Իսկ ինչպե՞ս են մեղրը ստանում:

-Մեղրի ռամկեն դնում եմ ստու մեջը ու մսաղացի նման ֆռռցնում եմ: Մեղրը հոսում ու ծորալով լցվում ա ամանի մեջը,- ինչ-որ կլոր ու կապույտ տակառ ցույց տալով՝ պատմում է նա:

-Տատի, բա ինչպե՞ս պիտի տարբերենք իսկականը արհեստականից:

-Երբ կուլ տանք բնական մեղր, կոկորդը կսկսի թեթև ծակծկել, իսկ արհեստականը՝ կոկորդում ոչ մե խատ էլ բան չի առաջացնա: Բնական մեղրը ծաղիկների խամ, խոտ ունի, իսկ արհեստականը՝ շաքարի:

-Իսկ քանի՞ մեղվափեթակ ունես:

-էս պահին, բալա ջան, ես 20 մեղվափեթակ ունեմ ու էս տարի մեղուներս 200 կգ մեղր են տվե:

-Իսկ գնորդներ կա՞ն: Դա գումար վաստակելու միջո՞ց է

-Առնողները շատ են, որովհետև եթե մեղր արտադրողը լավ մարդ ա, մեղրի որակը չի կարող վատը լինել, բայց եթե վայիս մարդ ա՝ ամեն ճար կանի, որ առնողին խաբի: Գիդե՞ս մարդս շուտվանից մահացեր ա, ու իմ աբրուստը ես վաստակում եմ մեղվաբուծության միջոցով:

Պատմությունը կարելի էր լսել անվերջ, հարցեր տալը` նույնպես, բայց զգացի, թե ինչպես էին սկսում փակվել Ազնիվ տատի աչքերը: Երևի հոգնել ու ձանձրացել էր իր միայնակ կյանքից, ծանր աշխատանքներից ու իմ երկար-բարակ հարցերից: Լուռ փակեցի դուռը ու դուրս եկա, որպեսզի չխանգարեմ նրա մուշ-մուշ քունը…