Milena Abrahamyan

Ամեն ինչ է սիրուն ու վանում

Ո՞ւմ են պետք գաղտնիքներն ու տխրությունը, ո՞ւմ են պետք մռայլությունն ու դժկամությունը։

Ամեն ինչ է սառում, կամ էլ թմրում, ամեն ինչ էլ մոռացվում է, կամ էլ վերանում, ամեն ինչն է սիրուն ու վանում։

Տխրությունդ քո մի մասը դարձնելով, ապրածդ օրերը անմիտ գլոր տալով ու հավատի մեջ ամեն բան պատսպարելով կյանքի սրտխառնող համը չես առնի, մեկ է։ Բայց պետք է։ Քո ուրախությունը զենք դարձնելով, լեցուն օրերդ գիրկդ առնելով ու կյանքիդ օրերը նախագծելով, կյանքի սիրավետ հոտը չես առնի, մեկ է։ Բայց պետք է։

Պետք է մի պահ հասկանալ քեզ, ընդունել ու ապրել մոտ ընկերոջ պես, ընդունիր երկուսին էլ, և՛ նրան, ում չես սիրում, և՛ նրան, ով ստեղծվում է։

Ապտակիր երկուսին էլ. և՛ նրան, ով մեղավոր է, և՛ նրան, ով կլինի մեղավոր։ Մոռացիր երկուսին էլ, նրան, ով չկա, և մյուսին, ով շուտով չի լինի։

Ոտքից գլուխ մեկն ես մյուսներից՝ ԴՈՒ։

zarine kirakosyan

Չավարտված պատերազմ

Ես  հիշում եմ. մեկ-մեկ ժպտում էինք,

Ու չէինք զգում դժոխքը մեզ կուլ տված,

Պատերազմը տաք վերք էր,

Նոր կոտրած ոտքի պես տաք էր,

Ցավը գալու էր հետո, բութ, առանց ընդհատման:

 

Տատս օրագրում պատմում էր.

«Վարդանը  պոստում էր,

Լվացք էի անում»,

Ո°վ  էր պատերազմի

Ժամանակ լվացք անում, այ կին,

Տուն մաքրում  հանձնելուց առաջ,

Ու  կեր տալիս հավերին:

 

Մենք  ապրեցինք պատերազմի ժամանակ ձեր պես,

Նախաճաշ սարքեցինք,

Մաքրեցինք պահարանի  փոշին,

Իմացանք ստիպված ապրելը որն է:

 

Ես կարծում էի 90-ականներին մութ ու ցուրտ,

Ցերեկը մութ ա եղել, ամռանը` ցուրտ,

Բոլորը տխուր մի անկյունում նստած են եղել  միշտ,

Մեր երեխաները չգիտեմ` ինչ կմտածեն մեր մասին,

Կհավատա՞ն մեր ժամանակներին:

 

Թումանյանը ասում էր. «Ապրե՜ք երեխեք, բայց մեզ պես չապրեք»:

Ես կարծում էի, դա մի իմիջիայլոց կենաց ա, «Ողջ եղեք»-ի պես:

Տատիս պես թոռներիս կասեմ.

«Մենակ կռիվ չլինի»,

Կհուսամ, որ չեն հասկանա:

 

Մեկ-մեկ մի երկու բառ ա հասնում կոկորդիս

Ու դուրս գալու տեղ չի գտնում,

Մեր շուրջն էլ  տխրություն տեղավորելու տեղ չկա,

Եկել եմ սարերին պատմեմ:

 

Պատերազմի մասին հնարավոր ա  լռել,

Աչքերը չթարթել, հետո  թուքը կուլ տալ,

Հնարավոր ա գրել ցաքուցրիվ,

էդպես էլ ոչինչ չասելով,

Հետո շարունակել լռել…

mariam tonoyan

«Ուխտագնացություն Արևելք»

Կան հեղինակներ, որոնց գործերին մոտենալուց առաջ կարիք է զգացվում ծանոթանալու նրանց ապրած կյանքին, սիրելի հեղինակներին, նախընտրած երաժիշտներին, հոգեկան ու ֆիզիկական կացությանը՝ ստեղծագործության ծնունդի պահին, հոգևոր-կրոնական կողմնորոշմանը կամ նույնիսկ այնպիսի տերմինների ու ոլորտների, որոնց հետ այս կամ այն պատճառով առնչվել է հեղինակը։ Այդ մարդկանց թվին է պատկանում նաև գերմանացի նշանավոր գրող Հերման Հեսսեն։ Կա կարծիք, որ Հեսսեի գրելաոճը կամ իսկույն սիրվում է ընթերցողի կողմից, կամ բացարձակապես վանում նրան։ Պատճառը երևի թե դժվարամատչելիությունն է ու պատկերների հստակության բացակայությունը։ Երբեմն գիրքն ավարտելիս ես ինքս ինձ հարցնում եմ՝ իսկ ինչի՞ մասին էր այն։ Պատասխանները տարրալուծվում են երկու ուղղություններով․ մի կողմում պատկերն ու ապրումն է՝ բարդ ու դժվարահաս, մյուս կողմում սիմվոլը՝ պարզ ու ոչ մի ենթիմաստ չթելադրող։ Մարդկային գիտակցությունը սիրում է ամեն պարզ բան վերծանել բարդ կառույցների ու դրանցում խորհուրդ փնտրել, բայց շատ հարցերի պատասխաններ երբեմն հենց մանրուքների մեջ են։ Հեսսեին բնորոշ է նյութին, երևույթին երկու առանցքներով օժտելը՝ ներքին և արտաքին, արդ՝ նրա ստեղծագործությունները երբեմն սիմվոլիզմի ժանրից հեշտությամբ վերածվում են ինքնակենսագրականի։

Վերջին տարիներին միմիայն Հեսսե ընթերցելուց ու վերընթերցելուց հետո միայն համարձակությունս ներում է բարձրաձայնել իմ անձնական լուծումներից մեկը նրա «Ուխտագնացություն Արևելք» ուտոպիայի բովանդակության մասին, չնայած այն բանին, որ «բառերը չեն նպաստում գաղտնի իմաստների ըմբռնմանը, խանգարում են դրան»։

Հեսսե ընթերցելիս իմ ամենասիրելի պահը ծանոթագրություններում ինչ-որ բառի կամ արտահայտության բացատրությունները կարդալն է։ Այդ «արարողակարգի» շնորհիվ էլ ես մի բոլորովին այլ դիտանկյուն բացահայտեցի «Ուխտագնացություն Արևելքը» վերլուծելիս։ Նախ, հարկ է նշել, որ գրքում առկա են և իրական, և մտացածին կերպարներ ու տեղանուններ։ Մտացածին կերպարներից շատերն իր այլ ստեղծագործություններում հանդիպող կերպարներ են, որոնց կերտած հեղինակը այստեղ նրանց որպես ընկեր կամ ուղեկից է ներկայացնում։ Դրանցից մեկը Լեոն է, որը, ինչպես ենթադրվում է, եղել է նաև Հեսսեի սիրելի կատվի անունը։ Եթե հաշվի առնենք գրքում պատմվող իրական հերոսների մասնակցությամբ իրադարձությունների համընկնումները տվյալ շրջանում կամ նախկինում Հեսսեի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, կարելի է ենթադրել, որ Լեոյի կերպարը հենց իր կատվի վերամարմնավորումն է վեպում։ Այս դեպքում ինչի՞ մասին է գիրքը, որը կարելի էր բոլորովին այլ կերպ ընկալել։

Հեսսեն ունեցել է կրոնական, աստվածաբանական բազմաճյուղ հետաքրքրություններ, և չկան հավաստի տվյալներ, որ նա երբևէ որևէ կրոնի պատկանելիություն ունեցել է։ Արևելք ուխտագնացությունը՝ Լույսի, Ճշմարտության հասնելու ուղին, կյանքի ու երազանքի ճանապարհն էր՝ յուրաքանչյուրի համար անհատական ու տարբեր։ Այդ ճանապարհը հաղթահարելու միակ ուղեկիցը հուսահատությունն է, որը բացակայում է միայն արթնացածների ու երեխաների մոտ։

Կարծում եմ, Հեսսեն այդ հուսահատությունն զգացել է կամ պարզապես փորձել է ցույց տալ ամենապարզ օրինակով, երբ ենթադրենք, կորել էր իր կատուն, որին նա Լեո էր կոչում։ Նա այդ կորուստը ներկայացնում է այսպես․ «Որքան մեզ համար ավելի ու ավելի որոշակի էր դառնում նրա կորուստը, այնքան կարծես ավելի կարևոր էր դառնում նրա անհրաժեշտությունը»։ Այո, կատուն, երբ նրան կապվում ես, արժեքավոր ու հարազատ է դառնում, չնայած նրան միշտ որպես երկրորդական կերպար ենք ընդունում կյանքում (ինչպես Լեոյին, ով այս ստեղծագործությունում որպես ծառա էր ներկայացված)։ Լեոյի միջոցով Հեսսեն իրեն հատուկ այլաբանությամբ ներկայացնում է ծառայության ու սպասավորության փիլիսոփայությունը․ «Ինչը երկար է ուզում ապրել, պետք է ծառայի։ Իսկ ինչը իշխել է ուզում, երկար կյանք չի ունենում»։ Ահա կորստի գիտակցական հուսահատության մեջ նրանում արթնանում է վերստյան գտնելու հավատը, որն «ամրակայուն  էր ու վստահություն էր ներշնչում», և նա պնդում է, որ հավատն իրականությունից զորավոր է։ Լեոն կարողանում էր քաղցրահունչ մեղեդիներ սուլել (երևի թե ակնարկում է իր կատվի հաճելի մլավոցը, որը հնչում էր «անսովոր բարեբանությամբ ու բնականությամբ»)։ Հետաքրքիր է, որ տարիներ անց (իրականում դա կարող է ավելի փոքր ժամանակահատված եղած լինել) հեղինակը հենց սուլոցը ճանաչելով է գտնում Լեոյին, որը, սակայն, (ինչպես հատուկ է կենդանիներին) չի ճանաչում նրան։ Վերջինիս քայլվածքի նկարագրությունը կարդալիս կարելի է պարզապես մի պահ հիշել, թե ինչպես են քայլում կատուները․ «երանավետ քայլքով ցած էր ընթանում նա երեկոյան փողոցի միջով, հազիվ միայն լսելի, բարականերբան ոտնամաններով»։ Անտեսվելով իր երբեմնի ընկերոջ կողմից՝ հեղինակը հետևում է նրան թփերի միջով, որպեսզի չկորցնի տեսադաշտից։ Ի՞նչ կարող էր սովորեցրած լինել կատուն հեղինակին․ դե իհարկե, խաղալ։ Լեոն ասում է․ «Խաղը հենց ինքը կյանքն է որ կա, գեղեցիկ ու երջանկավետ կյանքը․․․»։ Երբ հեղինակը խնդրում, փորձում է հասկանալ, թե արդյոք նա իրո՞ք մոռացել է իրեն, Լեոն պատասխանում է, որ նա մարդկանց ճանաչողներից չէ, բայց օրինակ շներին, թռչուններին, կատուներին շատ լավ է ճանաչում։ Իսկ այնուհետև Լեոյի սուլոցի վրա հայտնվում է գելխեղդ մի շուն։ Հուսահատության մեջ հեղինակն ի վերջո գիտակցում է, որ Լեոն ընդհանրության մեջ էր գտնվում իրեն շրջապատող ամեն ինչի հետ, միայն ոչ իր հետ, չնայած այնքան սիրում էր նրան ու կարիքը զգում։

Այս պատկերները, սակայն պարզագույններն են, որոնք կարելի է նկատել այս փոքրածավալ, բայց թաքնախորհուրդ ստեղծագործության մեջ, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է այլ նշանակություն ու խորություն որսալ։ Սա սիմվոլները կենսագրական դրվագների վերածելու անշուք մի փորձ էր, որը գուցե բնավ էլ իրականության հետ ընդհանուր եզրեր չունի, սակայն հեսսեասեր ընթերցողի համար, հավանաբար, նոր, անսովոր պարզ դիտանկյուն է:

seyran soghoyan

Մայրերը

Մի օր եկեղեցում կատարվեց իմ կյանքի ամենացավոտ հանդիպումներից մեկը։ Եկեղեցում ինձ մոտեցավ մի  զոհված զինվորի մայր՝ շատ հուզված, ճերմակած, տխուր ու ծերացած։ Ինձ գրկեց ու առողջություն ցանկացավ՝ արցունքն աչքերին։ Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հետս։ Նա ինձ ասաց, որ այս աշխարհում լրիվ մենակ է մնացել։ Ժպտաց ինձ ու գնաց՝ շարունակելու աղոթքը։ Նույնիսկ այս պարագայում նա չէր կորցրել իր հավատը, շարունակում էր աղոթել՝ իր որդու խաղաղ քնի ու հանգստության համար։

Եկեք մենք էլ ամեն վայրկյան աղոթենք նրանց  համար, որովհետև մեր խաղաղ քնի համար նրանք քնեցին հավերժ։

Աստված թող համբերություն և ուժ տա բոլոր որդեկորույս մայրերին։

mariam tonoyan

Արտաշունչ

Երեկոյի բույրն արդեն սփռվել էր ամենուր․ տոթը հետ էր քաշվել՝ տեղը զիջելով բարդիների սոսափի ներքո պարող տաք, ամառային քամուն։ Չորությունից բակի մի կտոր հողը ճաքճքել էր, ու չորացած խոտերի մեջ ուտելիք փնտրող կրիայի թափառումներն արդեն իզուր էին։ Խոհանոցից անշտապ գալով, կտրտած, կանաչ պղպեղը ձեռքերումս՝ բակ անցա, մոտեցա կրիային ու ավելորդ հանդիսավորությամբ այն շաղ տվի կենդանու առջև․

- Երկնքից մանանա իջնում է։ Գոնե դու հավատա։

Ապա տիրաբար կողպեցի դարպասը նրա վրա ու, թողնելով իր եզրավոր անսահմանության մեջ, դուրս եկա ու քայլեցի մոտակա հիվանդանոցի ուղղությամբ։

Արևի վայրէջքով պայմանավորված՝ փողոցներն այդ ժամերին մարդաշատ էին լինում։ Ամեն անցորդ իր բույրն ու ոտնահետքն էր թողնում փողոցում ու անցնում-գնում էր՝ անընդհատ թարմացնելով անծանոթ դեմքերն իմ հիշողության մեջ։ Այդ շարժի մեջ ու ամեն ինչի ցնդող ներկայությունում ամենամնայունը թերևս երկու տարեց հարևաններս էին, որոնց հանդիպում էի ամեն անգամ փողոցի այդ հատվածին հասնելիս։ Մեկը միշտ նստած էր կանգառում իր համար պատրաստված ստվարաթղթապատ, կարճլիկ պատի ծայրին, մյուսն էլ ամեն օր վերուվար էր քայլում փողոցի երկայնքով, որպեսզի պահպանի իր դեռևս շարժուն մկանները։ «Տարիքն ընկալելու երկու տարբեր օրինակներ են,- մտածում եմ,- մեկը՝ շատ անգամներ մահն աչք առած, դեռևս շարժման ու կյանքի է ծարավ, մյուսը՝ մշտապես լուռ ու գլխիկոր է, արհամարհանքով լցված դեպի առջևում խլրտացող ավտոմեքենաների հոսքը․ որոշել է, որ արդեն տարիքն առած մարդ է ու հոդացավեր է ներշնչել իրեն»։

Ակամա հիշեցի վերջերս աշխատավայրում գերմանացի հաճախորդի հետ ունեցած հեռախոսազրույցս։ Երբ նկատեցի, որ նա գրանցվել է ներդրումներ անելու համար, նա խոսափողից այն կողմ ծանր հոգոց արձակեց ու անտարբերությամբ պատասխանեց․

-Հիմա ես հիվանդանոցում եմ, մեկ է՝ վաղը մեռնելու եմ։ Ինչի՞ս է պետք․․․

… Հիվանդասենյակի հեղձուցիչ օդից ու բժշկական իրերի հոտից ազատվելու համար բուժքրոջը խնդրեցի կիսաբաց անել պատուհանը։ Նա, ում պետք է խնամեի, վերջապես կարողացավ քնել։ Միջանցքից լսվող հողաթափերի քստքստոցները հուշում էին, որ ինչ-որ մեկն ապաքինվում է, բայց սենյակի երկրորդ հիվանդը, որը վիրահատությունից հետո նոր էր պալատ տեղափոխվել ու դեռ ծանր էր շնչում, բոլորովին այլ բան էր քրթմնջում.

-Էս հիվանդանոցի ծառայությունները փաթեթով են։ Երեկ վերակենդանացման բաժնում էի, կարող էի և պալատ չհասնել։ Բայց դա էլ չի փրկում։ Էստեղ ընկնողը պետք է փաթեթից օգտվի։

Չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Գուցե հետվիրահատական հուզմունք էր։ Բայց մարդն ամեն անգամ բուժքույրի հեռանալուց հետո համառորեն իրենն էր պնդում.

- Ամեն ինչ արված է, որ մարդիկ շատ ժամանակ ու նյարդեր չծախսեն։ Լավ են մտածել, հիվանդին էլ անհանգստանալու տեղ չեն թողել։ Վիրահատարանը կա, հիվանդասենյակը՝ լավագույն դեպքում, անատոմիկը՝ կպած, սգո սրահը՝ երկու քայլի վրա, իսկ վերջին կանգառդ՝ մայթի մյուս կողմում։

Անտարբերությունիցս ասես զայրանալով՝ մարդը խոժոռվեց ու խնդրեց ավելի լայն բաց անել պատուհանը։ Անձրևում էր։ Բացելուց հետո, շերտավարագույրն ուղղելիս անձևի երկու տաք կաթիլ, քամու ձեռքից դուրս պրծած, պոկվեցին, ընկան մատներիս ու բացվածքից ավելի շուտ թաց ասֆալտի հոտը ներս լցվեց, քան անձրևի հեռավոր թարմության։ Փողոցի լույսերը թրթռալով մեկը մյուսի հետևից սկսեցին վառվել։ Գորշ լուսավորության ներքո, թթենիների ու ծիրանենիների սաղարթների միջով տեսողությունս ճամփի մյուս կողմում որսաց թրջված ու պսպղուն գերեզմանաքարերը ու դրանցից մեկի վրա (որը հակառակ մնացած գերեզմանաքարերի՝ դեմքով դեպի պատուհանն էր նայում) փորագրված տիկնոջ կծկված ժպիտը։

Մի պահ թվացող երկար դադարից ու ոչնչի մասին լուռ մտքերիցս հետո զգացի, որ  հիվանդի շունչը կտրվում է։ Դուրս վազեցի հերթապահ բժշկին կանչելու։

Նման դեպքերում, երբ ոչ աղոթել ես կարողանում, ոչ մտածել կամ օգնել ու հույսդ  հիվանդին իրենց հսկողության տակ առած բժիշկներն են, դու պարզապես քայլում ես նեղլիկ ու երկար միջանցքով, հենվում ես իրարից միայն համարակալումով տարբերվող մեկ այս դռանը, մեկ մյուսին կամ փորձում ես շշուկներ որսալ, որպեսզի մտածելու ինչ-որ այլ, ավելի թեթև բան գտնես։ Ահա կողքովս անցնում են երեք հոգի. մեկը՝ անվասայլակին նստած թմբլիկ, գունատ աղջնակ, մյուս երկուսը՝ հավանաբար նրա կրտսեր քույրը և նրանց մայրը։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ են խոսում.

-Շա՞տ է ցավում,- հարցնում է ամենափոքրը։

Գլխի թեթևակի շարժմամբ քրոջ պատասխանը կռահելով՝ նա նորից հարցնում է.

-Իսկ մաման էդ ցավին կդիմանա՞ր։

…Հիվանդասենյակի դուռը բացվեց, շրջվեցի, բժիշկները ինչ-որ բան քննարկելով հանգիստ քայլեցին միջանցքի հակառակ ուղղությամբ։ Միայն այդ ակնթարթին զգացի, որ կրծքավանդակումս ինչ-որ պահի բանտարկցած օդը հանկարծ դուրս հորդալ է ուզում. արտաշնչեցի։

seyran soghoyan

Ամեն ինչ լավ է լինելու

Հոգ տար քո մասին:

Առջևում դու ունես այնպիսի հնարավորություններ, որոնց մասին դու անգամ  մտածել չես կարող։ Քեզ սպասում է մեծ երջանկություն, դու անպայման կհասնես նրան, ինչի մասին երազում ես։ Քո վերքերը կսպիանան, ժպիտդ ավելի վառ կլինի, քո կողքին կհայտնվեն լավ մարդիկ, դու կստանաս կրթություն, կգտնես աշխատանք՝ տալով քեզ միայն հաճույք։

Մի կոտրիր քեզ: Չի կարելի ձեռքերը թուլացնել, պայքարիր ու հասիր քո նպատակին` փոքր քայլերով։ Լսիր քո սեփական ձայնին. դու ուզում ես, ուրեմն դու կարող ես։ Ես քեզ հավատում եմ, դու էլ քեզ հավատա։ Մի նստիր տեղդ, զարգացիր։ Կատարելագործվիր ու դարձիր լավը։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա իրական էությունը յուրաքանչյուր մարդու։ Քոնը կլինի լավագույններից մեկը, որովհետև դու կարողացար հաղթել քեզ։ Չգիտեմ՝ արդյոք կլինի՞ դա, կիրագործվի՞  իրական կյանքում, բայց դու փորձիր հավատալ, որ ոչ մի անհնարին բան չկա։ Շատերը սկսել են զրոյից, ու նայիր որտեղ են նրանք հասել։ Իսկ ի՞նչն է խանգարում քեզ։ Խորը շունչ քաշիր ու նայիր առաջ, քեզ սպասում է նոր օր, և դրա հետ նոր հնարավորություններ։

Ամեն ինչ կլինի, ոչինչ, որ ոչ առաջին փորձից։

Ահա թե ինչ եմ ինքս ինձ ասում ամեն օր։

Աստվածն առաջ, ամեն բան լավ է լինելու։

Մեր գյուղի մեծերը. Պապս

Պապս է… Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից: Երկար-բարակ բառերից, ճառերից հեռու, աշխատող, արարող ու ուժեղ  Սարո պապս։ Ինքը ամենից  լավ գիտի «քարից հաց քամել» արտահայտության իմաստը, լավ գիտի  կյանքի դառնությունների միջով անցնելու ու չծնկելու բանաձևը, լավ գիտի  ցավը ու ազնվությունը, ու այն, ինչ ինքը լավ գիտի, հասկանալը հեշտ չէ…

Միասին հաճախ ենք գնում գյուղի վերևի դաշտերը, ինքը`  խոտ քաղելու, ես էլ կողքից հարցեր տալու, խոսելու, լուսանկարելու, խեղճ պապիս զահլեն տանելու համար։  Ու երբ գերանդին ցած է դնում՝ տատիս մեզ  հետ դրած հացն ու պանիրը անուշ անելու, խնդրում եմ`  իր ու տատիս սիրո պատմությունը պատմի, որը պատրաստ եմ հարյուր անգամ լսել (ընտիր պատմության է, բայց չեմ գրի, որ հետո թողնի էլի իրեն լուսանկարեմ ու էլի հարցեր տամ)։

Օրվա վերջում պապ ու թոռ գյուղի փոշոտ ճանապարհներով հետ ենք գալիս տուն, ինքը` հոգնած, ես` առույգ, հոգումս բոլոր երևակայական  պատկերները, ուրախ ու տխուր դեպքերն ամբարած։ Հետ ենք գալիս տուն, որտեղ տատս հաստատ մի համով բան է եփել ու մեզ է սպասում…

Ամառը դեռ շարունակվում է, ես էլ գյուղում եմ ու սպասում եմ, թե երբ պապս ու ես  էլի դաշտ կգնանք:

Հ.Գ. Եթե պապիս ճանաչում եք, մի քանի բառով էլ դուք իրեն նկարագրեք: