Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կարդա՞լ, թե՞ չկարդալ

- Ի՞նչ ես կարդում:

-«Ցախ Մեմեդ»:

-Ի՞նչ, «Փետ Մուհամե՞դ»… Թո՞ւրք ա:

-Դե տենց մի բան,- մեղավոր տոնով պատասխանում եմ մորս:

-Է, ուրիշ բան կարդա, թուրքերի հետ գործ չունես:

Այն ամենը, ինչ կապված է թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, մորս համար վատն է, բայց դա էլ արդարացված է, նա Արծվաշենից է: Հայրս էլ արդեն 23  տարուց ավել զինվորական է:

Բայց այդ կարծիքից զատ լսում եմ նաև ուրիշ կարծիքներ.

-Հա, դե թուրք ա` թուրք ա: Եթե հետաքրքիր ա` կարդա, ի՞նչ կապ ունի գրողը ինչ ազգ ա:

Հոգուս խորքում մորս կարծիքի հետ համաձայնելով մտածում եմ. «Ճիշտ ա, ի՞նչ կապ ունի` ինչ ազգ ա… Եթե իհարկե թուրք չի»:

Այսպիսով Համլետի հայտնի մենախոսությունը ինձ համար ևս բարդ հարց դարձավ: «Կարդա՞լ, թե՞ չկարդալ, այս է խնդիրը…»:

Սկզբունքներիս դեմ գնալով որոշեցի գիրքը ավարտին հասցնել: Ինչո՞ւ սկզբունքներիս դեմ գնալով, քանի որ միշտ բարկացել ու  չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր, օրինակ, թուրքական սերիալներ կամ ֆիլմեր նայելուց բացի մի բան էլ սկսում են գովազդել ու տարածել դրանք համացանցով: Ամեն դեպքում մտքումս ինձ արդարացնում էի` ասելով, որ գիրքը ֆիլմ չէ, ոչ էլ ծախվող ապրանք, կարդում եմ, որ տեսնեմ` գրողը իր ժողովրդին ինչպես է ներկայացնում:

Երևի թե ճիշտ կլինի նախ մի փոքր ներկայացնեմ գրքի սյուժեն: Դժվար չէ գուշակել, որ գիրքը հենց Ցախ Մեմեդի մասին է, ով իրենց և այլ 5 գյուղերի տեր Աբդի Աղայի ձեռքից շատ տանջանքներ տեսնելով, սիրած աղջկա հետ փախչում է, հետո ինչ-ինչ հանգամանքների բերումով դառնում ավազակ…Ավելի ճիշտ «ազնիվ» ավազակ, ումից շատերն են վախենում, և ում նպատակը Աբդի աղային սպանելն էր, որպեսզի ազատի իր համագյուղացիներին տանջանքներից:

Հետաքրքիր է, որ գրքի միակ ամբողջովին դրական կերպարը Հաթչեն է՝ Մեմեդի սիրելին: Գրքում տեսնում ես, որ երկրում ավազակները դարձել են նրանց ապրելակերպի անբաժանելի մասը, գյուղերի կառավարիչները դաժան են, իսկ գյուղացիները իրենց մեջ ամփոփում են ինչ-որ տեղ ազնվություն և բարություն, որոնք վախի քողի տակ կտրուկ փոխվում են չարության ու եսասիրության:

Ինչպես ինձ էր հետաքրքիր, նյութը ընթերցողին էլ երևի կհետաքրքրի, թե գրքում հայերի մասին ինչ որ ակնարկ կա՞, թե՝ ոչ: 336 էջի վերջին պարբերություն. «Այն հողերը, որ վերջին անգամ իր ձեռքն էր վերցրել Ալի Սաֆայի բեյը, սահմանակից էին Կարադութ գյուղին: Հողերի կեսից ավելին մնացել էին հայերի գնալուց հետո: Մնացած մասը բռնությամբ ու խարդախություններով խլել էր գյուղացիներից»:  Մայրս լսեր՝ էլի կասեր.

-Չեն էլ ասում հայերին դուրս անելուց հետո, ասում են` հայերի գնալուց հետո…

Չեմ ափսոսում, որ կարդացի, բայց եթե հանկարծ որոշեք Յաշար Քեմալի «Ցախ Մեմեդը» մտցնել ձեր գրքացանկի մեջ, չմոռանաք այն տեղավորել  ցանկի այն դիրքում, որ լինի մեր հայ գրողների ստեղծագործություններից հետո:

jora petrosyan

Տաղանդներին չներկայացնելը սխալ է

Չգիտես ինչու, շատերս ձգտում ենք հարցազրույց անցկացնել միայն հայտնի մարդկանց հետ, բայց  այս անգամ ես որոշեցի   ներկայացնել Դիանա Մանասյանին` տաղանդավորբայց ոչ հայտնի մի երգչուհու:

-Դիանա, սկսենք սկզբից: Ինչպե՞ս սկսեցիր քո ճանապարհը երգարվեստում:

-Իմ պատմությունը նման չէ մյուսների պատմությանը։ Ես չեմ  երգել 4 կամ 5 տարեկանում։ Երգարվեստ մուտք գործեցի, երբ 10 տարեկան էի, իմ սիրած երգչուհուն՝ Ադելին նմանակելով։   Այնպես ստացվեց, որ մեկնեցի ճամբար: Մի առավոտ  ընկերներիս համար երգում էի Ադելի «Rolling in the deep» երգը:  Ջոկատավարներից մեկը, պատահմամբ, տեսել էր ինձ երգելուց, և երեկոյան, երբ ամեն մեկս ներկայանում էինք մեր կարողություններով, ջոկատավարը խնդրեց, նույնիսկ ստիպեց,  որ երգեմ այն երգը,  որն առավոտյան լսել էր։  Դե, իհարկե չէի կարող հրաժարվել, որովհետև  ջոկատավարն էր ասում։  Ես` կարմրած ու հուզված, սկսեցի երգել, ու ինձ թվում էր, թե այնքան վատ եմ երգում, որ վերջում ծաղրելու են ինձ, ու սենյակի ապակիները կոտրվելու են: Իրականում տեղի ունեցավ   հակառակը: Ես ծափահարությունների և գովեստի խոսքերի արժանացա։

 -Այդ ճամբարային երեկոն ինչ-որ բան փոխե՞ց  քո կյանքում:  

-Այդ պատմությունից անցել են տարիներ, ու հիմա ես ծննդավայրիս՝ Վարդենիսի եկեղեցում մենակատար եմ:  Մենակատար եմ նաև Վարդենիսի հ.1 երաժշտական դպրոցի Ժողովրդական նվագարանների անսամբլում։ Անցած տարի գերազանցությամբ ավարտեցի  դաշնամուրի բաժինը: Հետո որոշեցի ժամանակս անտեղի չանցկացնել և  մեկ այլ երաժշտական գործիք ուսումնասիրել։ Հիմա սովորում եմ կիթառ նվագել, զուգահեռ ուսումնասիրում եմ նաև ջութակն ու քանոնը:   Հետագայում, եթե զբաղվածությունս էլ ավելի չմեծանա, այլ գործիքներ էլ կուսումնասիրեմ:

-Իսկ ապագայի ի՞նչ ծրագրեր ունես: 

-Ցանկություն ունեմ կրթությունս շարունակել կոնսերվատորիայում։ Առաջին մասնագիտությամբ ուզում եմ  վոկալիստ-երգչուհի դառնալ։
Ի դեպ, երբ  կոնսերվատորիա ընդունվելու մասին խոսում եմ ընկերներիս,  ծանոթներիս հետ,  նրանք ասում են,  որ ամեն ինչ  զուր է,  քանի որ Վարդենիսում չկան համապատասխան մասնագետներ,  ովքեր կպարապեն նախքան կոնսերվատորիա ընդունվելը։ Բայց այնտեղ սովորելու ցանկությունս այնքան մեծ է, որ պատրաստ եմ  Երևան հասնել։

-Հուսանք, որ կկատարվի քո այդ մեծ երազանքը:

-Գիտե՞ք, իրականում ես շա՜տ երազկոտ եմ։  Բայց  երազանքներիս,  որպես երազանք չեմ նայում։  Փորձում եմ դրանք դարձնել նպատակ և հասնել այդ նպատակներին։

-Իսկ  կա՞  երազանք, որը քեզ անիրականանալի է թվում:

-Թերևս մի երազանք. երգել բրիտանացի երգչուհի Ադելի հետ նույն բեմում։  Ունենալ գործիքային և վոկալային բենդ, Վարդենիսում բացել վոկալի դպրոց.  սրանք առաջ երազանքներս էին, բայց այժմ   նպատակ են ինձ համար,  որոնք պետք է անպայման իրագործեմ:

-Իսկ երաժշտությունից բացի, այլ հետաքրքրություններ ունե՞ս: 

-Կարող եմ ասել, որ արդեն հմտացել եմ  հաղորդավարության ասպարեզում։ Անցած տարի մասնակցության հայտ լրացրեցի  «TEDx kids Yerevan» 2015-ի համար։ Ամեն ինչ շատ պատահական և հապշտապ ստացվեց։  Չհասցրի հստակեցնել թեման, և ընդհանուր առմամբ, այդ մրցման մասին այդքան էլ տեղեկացված չէի։  Թեմաս երգ-երաժշտությունն էր, բայց չանցա հիմնական կազմ:  Ես ընդհանրապես նահանջել չեմ սիրում,  այդ պատճառով մասնակցության հայտ լրացրի նաև այս տարի։ Քանի որ  ցանկություն ունեմ որպես երկրորդ մասնագիտություն, ընտրել հոգեբանությունը, որոշեցի  «TEDx kids Yerevan»-ում հանդես գալ «Մարդկային հոգեբանությունը և ժեստերի լեզուն» թեմայով: Այս տարի նախընտրական փուլը դժվարացել էր, մասնակցության հայտերը շատ էին՝ 500-ից ավելի: Պետք է ընտրվեր ընդամենը 25-ը։ Հուրախություն ինձ`ընտրվեցի: 

-Քո կարծիքով, հետաքրքի՞ր էր այդ թեման լսարանի համար:

-Թեմաս ժեստերի մասին էր: Մի քանի օրինակ բերեմ: Օրինակ, բոլորս գիտենք, որ  բութ մատը վեր պարզած ժեստը շատ տարածված է։ Իսկ տեղյա՞կ եք, որ   տարբեր երկրներում այն  տարբեր կերպ է մեկնաբանվում։  Օրինակ` ամերիկյան հասարակության մեջ, դա ճանապարհին մեքենա կանգնեցնելու ժեստն է:  Միմյանց դիմաց պահելը նշանակում է,  որ ամեն ինչ հիասքանչ է,  իսկ այ, Հունաստանում այն հայհոյանք  է համարվում, և շատ դեպքերում  օգտագործվում է աշակերտներին կամ ուսանողներին լռեցնելու համար։ Իսկ ծխելու ձևը կարող է շատ տեղեկություններ հաղորդել այն մասին,  թե ինչպես է վերաբերվում անհատն իր կյանքին. երբ ծուխը փչում է դեպի վեր,  նշանակում է,  որ  կյանքն իրեն դուր է գալիս,  եթե ներքև՝ վատատեսորեն է տրամադրված, եթե ուղղահայաց է փչում,  նշանակում է,  որ   իր կյանքում ամեն ինչ հավասարակշռված է։

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր նոր-նոր են մուտք գործելու երաժշտական աշխարհ: 

-Որպես հոգով  ամուր անձնավորություն, ով կարողացել է բարդ ուղի անցնել, մինչև երգարվեստում որոշ  չափով հաստատվելը, այս խորհուրդը կտամ. միշտ վստահեք ձեր ուժերին,  եղեք պայքարող,   փորձեք գտնել ելքեր` ձեր ուժերը բացահայտելու համար,  երբե՛ք մի նահանջեք,  քանի որ երգարվեստն ունի շատ բարդ ուղի,  որտեղ  կարող ես արդյունքի հասնել միայն աշխատասիրությամբ և համառությամբ։

Դիանան ինքն էլ այս նշանաբանով է առաջնորդվում, և հուսով ենք, անպայման մի օր նա կհասնի իր նպատակին:

Պապիկիս սարքած խաղահրապարակը

Պապիկս շատ հետաքրքիր անձնավորություն է: Պապիկիս հմուտ ձեռքերը կարող են վերանորոգել, սարքել տանը փչացած կամ կոտրված յուրաքանչյուր իր: Մի օր առավոտյան արթնացա ու դուրս եկա բակ, աչքերիս չէի հավատում, փոքրիկ եղբայրներիս համար «խաղահրապարակ» էր սարքել: Ու ես էլ կատակով ասացի. «Փողով կաշխատացնեմ»:

Ծիծաղեց ու ասաց, որ էլի է բաներ ավելացնելու կիսատ «խաղահրապարակին»: Ու երևի հավեսը կորավ, որովհետև դեռ ոչինչ չի ավելացրել: Բայց երեխաները ամեն օր խաղում են մեր փոքրիկ կիսատ «խաղահրապարակում»:

Սա էլ պապիկիս փոքրիկ «գյուտը», բայց ես համոզված եմ, որ նա դեռ շատ «գյուտերի» հեղինակ կդառնա…

«Թող լը մե ատ զարգեմ». մեկ օր Վանեվան գյուղում

Գյուղ Գեղարքունիքի մարզում, որտեղ հավի ձուն դա «խավտիք» -ն է,  գոմը՝ «թալվա»-ն,  իսկ աքլորը՝ «ճետ»-ը։
Արևամուտին բարձրանալով տանիս (գոմի տանիք),  կարող ես տեսնել Սևանա լիճը՝ ողողված արևի արնագույն ու ծիրանագույն ջերմ շողերով։

Երբ ծանոթ մարդ տեսնի քեզ, անպայման կասի.

-Գյա, օր էկել ես ըստի,  հորի՞ մեր օջախ չիս էկե։

Հասկացա՞ք, թե ինչ է նշանակում։  Եկեք թարգմանենք միասին:

«Գյա»-ն դա «ախպերն» է,  «օր»-ը՝ որ,  «ըստի»՝ այստեղ, «հորի»՝ ինչու։  Դե, մնացածն էլ, իմ կարծիքով, հասկացաք։
Անցնելով Պավելի մետաղի ջարդոն դարձած տրակտորների ու կոմբա յնների համար վերջին հանգրվան հանդիսացող քանդված շենքի մոտով՝ կհանդիպես Արտիզան կոչվածին, որը իբրև թե փոքր լողավազան է։

Մի փոքր ավելի խորանալով կհանդիպես խիտ ծառերի մեջ գտնվող մի տան,  որտեղ ապրում է մի ծեր պապիկ։ Տեղացիների ասելով,  մե աշխարհ խնձորի ծառ ունի,  բայց «Ոչ մեկի չի տա:  Հըմա կուզեն քյաղեն,  փետ կ’առնի,  գընգի կետև»։

Դե, իսկ վերջում վայելենք գյուղական կյանքի «համն ու հոտը» ֆոտոշարքի միջոցով։

Երիցուկների փունջը

Շատ եմ սիրում զբոսնել և հաճախ հետս տանում եմ նաև փոքր եղբայրներիս: Մեր գյուղը` Կալավանը, անտառածածկ լեռների մեջ է գտնվում: Փոքր եղբայրներիս հետ անտառում զբոսնելը հետաքրքիր է և աշխույժ: Նրանք հավաքում են ճանապարհին պատահած գրեթե բոլոր ծաղիկները և ստացված ահռելի փունջը նվիրում են ինձ:

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Մի օր զբոսնելիս նրանք հավաքեցին ճանապարհին պատահած բոլոր երիցուկները: Մի մեծ ու գեղեցիկ փունջ էր ստացվել: Եվ իհարկե, համաձայն սովորության, նվիրեցին ինձ: Ես շատ հավանեցի այն ու անմիջապես նկարեցի: Հետո գեղեցիկ փունջս բերեցի տուն ու դրեցի ծաղկամանի մեջ: 

Շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի փոքրիկ եղբայրներ:

 

mane m sargsyan

Նորի հինը

Վախենում եմ… Չեմ քնել գիշերը… Անհանգիստ եմ… Տարօրինակ է, հանգիստ եմ… Լացս գալիս է… Լավ է լինելու…

Իմ լսողական ընկալիչը արդեն սովորել էր համարյա ամեն պահի այս նախադասությունները լսելուն:

Սովորական դարձած այս բառերի խումբը, որը անհանգիստ իմաստ էր արտահայտում, շատերի համար անսովոր էր:

-Ինչքան են անհանգիստ: Հլա տեսեք` ոնց են նիհարել:

-Նիհարե՞լ,- մտածում էի ես,- ի՞նչ եմ արել, որ նիհարեմ: Հա, ճիշտ է, պարապում եմ, բայց հա հետո ի՞նչ: Չնայած երևի ամենածանր գործը հենց այդ պարապելն է, եթե իրոք պարապում ես, ոչ թե զբաղվում մտավոր մարզանքով, իբր ֆիզիկականն ավարտել ես:

-Քիմիան և կենսաբանությունը ուղեծրից դուրս առարկաներ են: Չփորձեք համեմատվել մյուս պարապողների հետ: Քիմիան իր մեջ ներառում է և ֆիզիկա, և մաթեմատիկա, և հայոց լեզու, և կենսաբանություն,- ասում էր մեր ուսուցչուհին:

Առաջին քննությանը կարող ենք ասել ցտեսություն: Վերցնել նրա հետ կապված բոլոր հիշողությունները և պահել մեծ կիսագնդերի մի անկյունում, իսկ նյութականը` նկուղի խուլ անկյունում, կամ էլ օգտագործել որպես թուղթ` այրելու համար:

Բացումն արված էր: Կարծում եք հաջորդին արդեն վախ, անհանգստություն չկա՞ր: Գիտեք, եթե այսպես մտածեք, շատ կսխալվեք, քանզի անհանգստությունը եռապատկվել, քառապատկվել էր, և առանց դեղահաբի այդ վիճակից հեշտորեն չէինք կարող դուրս գալ:

-Արդեն փորձ ունեք, ավելի հեշտ կլինի:

Իսկ ոչի՞նչ, որ պատասխանատվությունը ավելի է մեծանում և բարձր ստանալու գաղափարը սկսում է զբոսնել մտքում: «Պատվի հարց է»,- այսպես են ասում մեծերը:  Մենք պատվով հաղթահարեցինք: Եվ հիմա էլ պատվով վայելում ենք մեզ հասանելիք արձակուրդը: Հաջողություն բոլոր նրանց, ովքեր ընդունվեցին այս տարի:

«Կռվում» հաղթեցինք, մնում է «պատերազմը»:

Կանաչ ճանապարհ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ո՞ւմ հետ է խաղում Դավիթը

-Բարև Դավիթ:

-Բարև:

-Ի՞նչ ես անում:

-Խաղում եմ:

-Ինչի՞ ես միշտ մենակ խաղում:

-Մենա՞կ, բայց ես մենակ չեմ:

-Բա ո՞ւմ հետ ես խաղում:

-Հրեշտակիս:

-Հրեշտակի՞դ… Բա հիմա ինքը որտե՞ղ ա:

-Էստեղ, մոտս նստած:

Դիտավորյալ նստեցի իր ցույց տված տեղը.

-Բա հիմա՞:

-Հիմա ի՞նչ, նստեցիր հրեշտակիս վրա,-շարունակելով խաղալ, անտարբեր պատասխանեց նա:

-Ի՞նչ տեսք ունի:

-Նույն ինձանից, ուղղակի սև շորերով: Աղջիկներինը` սպիտակ շորերով են լինում:

-Բոլորը ունե՞ն հրեշտակ:

-Իհարկե,- երևի միամտությանս վրա զարմացած ասաց Դավիթը:

-Իսկ իմ հրեշտակը ի՞նչ ա անում:

-Ի՞նչ իմանամ, պետք է ասես.  «Հրեշտակ, դուրս արի միջիցս», որ տեսնեմ:

Կրկնեցի, երևի դուրս եկավ… Ես չտեսա, բայց նա հաստատ տեսավ…

Ամենաբարի դասղեկը

Հիշում  եմ, երբ  5-րդ դասարանում  էինք, որ  ասացին. «Ընկեր  Վիրաբյանը  ձեր  դասղեկն է»: Շատ  ուրախացանք,  հատկապես  ես: Այն  ժամանակ  լիովին չէի  զգում,  թե  ինչպիսի հիանալի  անձնավորություն  է:  Օրվա  մեծ  մասը  անցկացնում էր  մեր  կողքին: Հետո մեծացա  ու սկսեցի  ավելի գնահատել  նրա  հենց  մարդ  որակը, որը  քչերը  կարող են պահպանել  իրենց  մեջ: Բարությունն ու  արդարությունը  քայլում  են  նրա  հետ  կողք-կողքի: Մեծ  տղային  կորցնելուց  հետո նրա  հոգում  մեծ  վերք մնաց, որ  անհնար  էր բուժել: Բայց  սրտի  մաքրությունը  նրան ոտքի  կանգնեցրեց:Նա մեզ  ներում  էր գրեթե  ամեն  ինչ, անգամ  ամենախիստ պատժելի արարքները: Ու  բոլոր  դասարանները  կերազեին  ունենալ նման  դասղեկ, ուղղակի  բարության մարմնացում:

Հիմա, երբ ավարտեցի  դպրոցը,  հասկացա՝ հեռանում  եմ երկրորդ  մորիցս, այսքան տարի իր  գրկում փայփայել  է ինձ  ու  մյուսներին:

Խոստանում  եմ  միշտ բարձր  պահել նրա  անունը …