Մոլոկան տատիկի օգնականները

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Դե հիմա եկեք մտածենք, թե ինչ համայնքային ծրագրեր կարող ենք անել,- ասաց ընկեր Թորոսյանը, ով Access ծրագրի շրջանակներում մեր դասատուն է (Access-ը Ամերիկայի դեսպանատան կողմից հովանավորվող ծրագիր է, որը հնարավորություն է տալիս 2 տարի անվճար սովորել անգլերեն ու ծանոթանալ ամերիկյան մշակույթին):
Եղան բազմաթիվ հավանական ու անհավանական առաջարկներ, բայց կանգ առանք հաշմանդամ մոլոկան տատիկին օգնելու մտքի վրա: Քանի որ գարուն էր, իսկ մենք ունեինք երիտասարդ ու էներգիայով լի աշխատուժ, լավ հնարավորություն էր այդ էներգիան օգտագործել մի քիչ վար ու ցանքի վրա: Մի խոսքով, մենք պետք է վարեինք այդ տատիկի բանջարանոցը: Հաջորդ օրը շատ ոգևորված գնացինք «աշխատանքի»:
Ընդհանրապես Ճամբարակում շատ մոլոկաններ կան, ինչպես նշեցի, այդ տատիկը նույնպես մոլոկան էր, ապրում էր միայնակ: Նա բարի ժպիտը դեմքին դիմավորեց մեզ և ցույց տվեց տարածքը, որտեղ պետք է աշխատեինք: Անցանք գործի… Սկզբում ավելի շատ խոսելու, քան աշխատելու գործին:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի


-Էէէէ, էս երեխեքը էսօր պրծնողը չեն,- մեզ նայելով ասում էին հարևանները, իսկ մենք այդ խոսքերից վիրավորված սկսում էինք ավելի քիչ խոսել ու ավելի շատ աշխատել… Իհարկե դժվարությամբ էր ստացվում այդ պահին հիշած մի շարք պատմություններ պատմելու ցանկությունը զսպել:
Երկար աշխատելուց հետո մեր ստամոքսի ձայները սկսեցին հուշել, որ սոված ենք: Վարդուհին և Դիանան գնացին պաղպաղակի հետևից, երբ…
-Սպասեք, ես էլ եմ գալիս,- ասաց Վիկան ու վազեց դեպի խանութ… Ավելի ճիշտ դեպի ճահիճ: Ինչպես նման դեպքերում լինում է, փոխանակ նրան օգնության հասնելու, մենք սկսեցինք ծիծաղել:
Պաղպաղակը կերանք, սակայն մեր ստամոքսներին չկարողացանք գոհացնել, սկսեցինք սունկ հավաքել, ոմանք էլ փիփերթ քաղել: Հավաքելուց հետո տարանք տատիկի տուն, մաքրեցինք ու թողեցինք այնտեղ: Առաջին անգամ մտնելով մոլոկանի տուն, զարմացանք` տեսնելով, որ այդ տանը նրանց մշակույթը հնարավորինս պահպանված էր:
Չհաշված այն, որ չիմանալով, որ այգում գազարներ կան ցանած, մենք անխնա անցել էինք այդ գազարների վրայով, մենք մեզ շատ լավ էինք զգում, որ կարողացել էինք օգնել մի մարդու, ով իրոք օգնության կարիք ուներ:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Մեքենան տանիքի վրա

Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…

-Տեսա՞ք` ոնց ա մեքենան մտել Սիրուկանց տանիքը (ի դեպ, Սիրուկ տատիկը հայրիկիս տատիկի ընկերուհին է)…

Այդ պահին ամեն կերպ ուզում էի պատկերացնել «բեռնատարը տանիքում», բայց քանի որ չէր ստացվում, որոշեցի գնալ և աչքովս տեսնել։ Վազեցի սենյակ, որտեղից երևում էր տանիքը։ Հասկանում եմ, որ չեք կարող պատկերացնել դա, բայց հավատացեք, իրականություն էր։ Նախ ասեմ, որ մեր տների վերևում կա մեկ այլ թաղամաս, և տներն իրարից բաժանվում են ցանքատարածություններով։ Պատահաբար վերևից, առանց միջամտության, բեռնատարը իջել էր` ջարդելով  ճանապարհի խոչընդոտները (ծառեր, ցանկապատ) և մտել տանիք։
Այդ ժամանակ տատիկը իր ծոռան հետ նստած էր բակի նստարանին: Բարեբախտաբար նրանք չէին վնասվել: 
Հաջորդ օրն էր, պարապմունքից վերադարձի ճանապարհին մեր թաղամասում ուղղակի տեղ չկար քայլելու։ Ցեխն ու ջրափոսերը, որ թողել էին տրակտորներն ու կռունկը, ուղղակի անտանելի էին, բայց պատկերացնելով, թե ինչ էր կատարվել դրանից առաջ, ես լուռ գնացի տուն։ Տանը մեծ ոգևորություն էր տիրում.

-Շամշյանն եկել ա նկարել…

-Շամշյանի ոտքը սայթաքեց…

-Վա~յ, տեսա՞ր բոյն ինչ կարճ էր,- իրար հերթ չտալով ասում էին տնեցիները:

Մի քիչ կատակեցինք ու տատիկս (հայրիկիս տատիկը) ասաց.

-Կարևորը` պետությունն օգնի վերանորոգեն տանիքը: Մեծ կին ա:

Ճիշտն ասած, չէինք սպասում, բայց արդեն մի քանի օր է անցել, և շնորհիվ Ճամբարակի քաղաքապետարանի, տանիքը վերանորոգված է:

Փոստատար-ատաղձագործը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Մեր փոքրիկ համայնքում յուրաքանչյուրն ունի իր ձեռքի հմուտ աշխատանքը: Նրանցից մեկը մեր գյուղի փոստատարն է` Արմեն Հարությունյանը: Մասնագիտությանը զուգահեռ փայտից գեղեցիկ իրեր է պատրաստում՝ գդալներ, շերեփներ: Մեր դպրոցի ցուցափայտերն ու կավճամանները նույնպես պատրաստվել են նրա հմուտ ձեռքերով, բայց շատ ափսոս, որ չի կարողանում վաճառել դրանք: Ամռանը հաճախ հովեկներ են գալիս մեզ մոտ հանգստանալու: Թե կարողանում է, ամռան ամիսներին որոշ իրեր վաճառում է, մնացածը այդպես էլ չի վաճառվում:
Նրա ընտանեկան կյանքը այնքան էլ լավ չի դասավորվել. միայնակ երեք երեխա է մեծացրել՝ աղջիկը արդեն ամուսնացել է և ունի երկու երեխա: Տղան բանակում է, պահում է հայրենիքի սահմանները, իսկ մյուս տղան դեռ սովորում է դպրոցում` հինգերորդ դասարանում: Ունի նաև հիվանդ մայր, ում խնամք է հարկավոր: Տան պայմանները այնքան էլ բարենպաստ չեն: Եվ ինչպես բոլորս գիտենք, հնարավոր չէ սովորական փոստատարի աշխատանքով պահել հիվանդ մորն ու դպրոցական երեխային: Ու այստեղ նույնիսկ չեն կարող օգնել հմուտ ձեռքերը:

Քիմիական թագավորություն

Քիմիայի ժամերը ավելի հետաքրքիր դարձնելու համար մենք մեր ուսուցչի գլխավորությամբ կազմակերպում ենք տարբեր «խաղեր», խմբային աշխատանքներ, դերերով խաղեր, և այսօրն էլ բացառություն չէր:
-Վաղը պատմություններ կբերեք քիմիայի մասին,- ասաց ուսուցչուհիս:
-Մե՞նք պետք է հորինենք:
-Այո, դուք: Հեքիաթներ կամ ինչ-որ հետաքրքիր պատմություններ:
Ես եկա տուն և անցա գործի…
«Լինում է, չի լինում մի թագավորական ընտանիք է լինում: Թագավորն ունենում է մեկ որդի: Ժամանակն էր ամուսնացնելու արքայազնին: Եվ մի օր՝ սովորական ամառային օրերից մի օր, թագավորը կանչում է իր մոտ արքայազնին:
-Տղաս: Ես արդեն մեծացել եմ, ի վիճակի չեմ կառավարելու երկիրս: Դու պետք է ինձ փոխարինես: Բայց միայն մեկ պայմանով…
-Էլի՞ պայման,- ընդհատեց հոր խոսքը արքայազնը,- ես ինչ ծնվել եմ` դու պայմաններ ես դնում իմ առջև: Բավակա՛ն է:
-Ձայնդ ցածրացրո՛ւ: Իմացի՛ր` ում հետ ես խոսում: Ծնկի՛ արի:
-Ներիր ինձ, հայր:
-Ես ամենահզոր թագավորն եմ: Ամենաուժեղ թթուներից մեկի լուծույթը՝ աղաթթուն: Իսկ քո մայրը լավ լուծիչ է՝ H20-ն: Մենք երջանիկ ընտանիք ենք, քանի որ դու մեր հետնորդն ես՝ մեզանից ստեղծվածը՝ քլորաջրածինը: Դու հզոր ես, ուժեղ, կարող ես քեզանով անել իմ թագավորությունում գտնվող ցանկացած աղջկա (HCl-ն ամենաուժեղ թթուներից է: Կարողանում է փոխազդել ցանկացած մետաղի հետ բացառությամբ լարվածության շարքում ջրածնից աջ գտնվող մետաղների): Ես քեզ կթագադրեմ միայն այն ժամանակ, երբ դու ինձ մոտ գաս քո ընտրյալի հետ:
-Թույլ տուր գնալ:
-Գնա՛:
Արքայազնը ուներ երկու թեկնածու: Սակայն նրանցից մեկը գտնվում էր այլ թագավորությունում՝ H2- ից աջ գտնվող թագավորությունում: Նրանց միջև կապն անհնար է: Իսկ այն մյուս աղջիկը իրենց թագավորությունից է, սակայն կա մեկ խնդիր. արքայազնը այս մեկին ուղղակի հավանել է, իսկ այն մեկին սիրում է:
Անցավ որոշակի ժամանակ: Եղավ հարսանիք` յոթ օր-յոթ գիշեր: Արքայազնը ամուսնացավ Al-ի հետ:
2Al + 6HCl = 2 AlCl3 + 3H2
Արքայազնի մտքերը
Ես ինչ հիմարն եմ: Կորցրեցի սիրելիիս գահի համար: Սիրում եմ նրան, նա էլ` ինձ, ես վստահ եմ: Ես կխնդրեմ մայրիկիս տալ ինձ կախարդական խմիչք, որն ինձ կփոխի:
Վերջ արքայազնի մտքերին:
Նա գնաց և մոր մոտից վերցրեց այն նյութը, որն իրեն կփոխեր
հիմնովին:
2HCl+ HgSO4 = H2SO4 + HgCl2
-Ես միևնույն է, ուժեղ թթու եմ (H2SO4(խ)): Ես հիմա կկարողանամ լինել նրա հետ: Պետք է շտապել,- նա դուրս եկավ պալատից և ուղևորվեց իր հրաշքի մոտ: Նրանց հայացքները հանդիպեցին միմիանց և…. (Գուշակեք ինքներդ): 2H2SO4+ Cu = CuSO4 + SO2 + 2H2O
Ահա և վերջ…

Մեր պապերի ժառանգությունը

Սովորական առավոտ էր, որը չէր տարբերվում մյուս առավոտներից: Ինչպես միշտ ես արթնացա, և ինչպես հայրս է սիրում ասել` «ունքերս խառնած», լվացվեցի և սկսեցի պարապել: Ոչ մի ծրագիր չունեի օրվա համար, սակայն լսվեց մայրիկի ձայնը.

-Հագնվե՛ք, տեղ ենք գնում:

Անակնկալի գալով ես ու քույրս արագ հագնվեցինք և նստեցինք ավտոմեքենան:

Ճանապարհից հասկացա, որ Դիլիջանի ուղղությամբ ենք գնում, շատ եմ սիրում այդ ճանապարհը: Մեքենան արգելակեց, և մեզ ասացին, որ մնացած ճանապարհը ոտքով ենք բարձրանալու:

Ես ուրախացա, քանի որ շատ եմ սիրում ընտանիքիս հետ արշավների գնալ: Բարձրանում էինք կածաններով, ծառերին ուշադիր նայելով, ընտանիքով լուսանկարվելով, բայց դեռ չգիտեի, թե սարի գլխին ինչ կար:

Ճանապարհը երկար էր, բայց հոգնածություն չէի զգում: Հանկարծ կանգ առանք, և մայրիկը ասաց.

-Ահա՛, վերջապես տեղ հասանք:

Եկեղեցի էր, խոնարհված, սակայն նախշաքանդակներով պատված սյուները, կլոր կամարները, վեհ գավիթը հպարտ պատմում էին, թե որքան գեղեցիկ է եղել Կարմիր եղցի եկեղեցին:

Մայրիկը պատմեց, որ մեր առջև Կարմիր եղցի կամ Գետկավանք վանական համալիրն է: Կառուցել է Մխիթար Գոշը` 9-12-րդ դարերում: Ըստ պատմական վկայությունների, շրջակայքում գյուղեր են եղել: Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, այնուհետև թալանել և քանդել են մոտակայքում ապրող ազերիները: Այն գետնախորշով կապ է ունեցել դիմացի լեռան վրա կանգնած բերդի հետ, հիմա միայն բերդի ավերակներն են երևում: Սիրտս լցվեց տեսնելով այդ հրաշքը ամայի. լքված, պատված տատասկներով և փշերով: Ներս մտնելով ես կարծես լսեցի զանգերի ղողանջը, վանահոր աղոթքը իր փոքրիկ խցում, սակայն սարսռացի, տեսնելով, թե ոսկի որոնողները ինչպես էին քանդել խցի հատակը, քարերը ջարդել: Մայրս նկատեց,որ մի երկու ասեղնագործ խաչքարեր էլ չկան: Չնայած դրան քարերը լուռ խոսում էին, թե որքան գեղեցիկ են եղել իրենք, որքան մարդկանց աղոթք են լսել, որքան հայի շուրթեր են համբուրել իրենց: Դարերից եկած ամուր պատերը մեր պատմության խոսուն վկաներն էին, որքան ամուր են նրանք, որ դիմացել են այդքան արհավիրքներին:

Քիչ հետո ողջ ընտանիքով մաքրում էինք համալիրի շուրջ կուտակված աղբը: Այդքանը կարող էինք անել Աստծո տան համար: Շատ եմ ցավում, որ զբոսաշրջիկները փոխանակ խնամքով վերաբերվեն, աղտոտում են շրջակայքը, տեղահան անում քարերը: Քույրս հիշեց, որ այստեղ պահած իր երազանքը կատարվել է, իրոք հրաշք: Վերադառնում էինք լուռ ու տխուր, բայց և հպարտ մեր նախնիների թողած ժառանգությամբ: Հուսամ գոնե մեր սերունդը մի օր ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի Գետկավանքը, և գուցե մի օր նրա զանգերը կրկին ղողանջեն:

 

Կալավանյան աշնան խորհուրդը

Դեղնակարմիր անտառ, դեղնած տերևներ, պայծառ տխրություն… Ասել է, թե արդեն աշուն է, պայծառ աշուն: Նվազ ջերմությունը էլ չի կարողանում տաքացնել կարմրաթուշ բնությունը: Թռչունների երամը չափում է երկնքի անեզր տարածությունը: Անձրևի փոքրիկ կաթիլները կաթ-կաթ ընկնում են չոր հողին և հագեցնում նրա ծարավը: Քամին փաթաթվում է ծառերին, բայց նա էլ առաջվանը չէ: Նրա մեջ փոքր-ինչ դառնություն կա: Հաստաբուն կաղնիները չոքում են անտառի սրտում՝ եկել է նրանց ժամանակը: Սառնաշունչ գետը հավաքում է դեղնած տերևները, որոնք ընկել են իր ափերին: Անտառային տանձենիները առատ բերք են թափում գետի ջինջ ջրերում: Իսկ մարդկային մկանոտ ձեռքով կոտրվում են հաստաբուն կաղնու փոքրիկ, բայց ամուր պտուղները: Ամայի ձորում դեռ լսվում է դառնացած քամու խուլ հառաչանքը:

Մայրամուտն անձրևոտ էր, էլ չէր կանչում նա մեզ, իր նվազ շողերը հանդարտ սահեցնում էր պտղատու այգու վրայով:

Հանդարտ իջնում էր տխրություն, բայց դրա մեջ փոքրիկ ուրախություն կար:

Իմ հայրենի գյուղը`Կալավանը կամաց-կամաց ընկղմվում է աշնան թախծի մեջ:

Ամեն բան փոխվում է տարիքի հետ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Սկսեմ նրանից, որ առաջին դասարանից մինչև իններորդ դասարան հաճախել եմ վեցօրյա համակարգով: Դա շատ հարազատ էր դարձել, վարժվել էի և զարմանքով էի նայում այն փաստին, թե ինչպես են մյուս դպրոցներում հինգ օր հաճախում դպրոց: Ինձ թվում էր, թե նրանց ուսումնական օրը չափազանց ծանրաբեռնված է։ Բայց ավագ դպրոցում սկսեցի դպրոց հաճախել հնգօրյա ուսուցմամբ: Անկեղծ ասեմ, հիմա ինձ համար սա էլ է հարազատ դարձել, և ինչ-որ չափով ավելի ճիշտ ու հարմար է: Տարիքի հետ դասերն ու պարապմունքներն ավելի են շատանում, և ինձ թվում է մեկ կիրակին բավական չէ թե հանգստանալու, թե մնացած պարապմունքներին հաճախելու համար: Ես նախընտրում եմ հնգօրյա համակարգը:

Լիլիթ Բուլանյան

***

Դպրոցը յուրաքանչյուր անձի անհատականության ձևավորման գործընթացում առաջնակարգ տեղ է գրավում: Ես սովորում եմ 12-րդ դասարանում և այս տարի ավարտելու եմ դպրոցը: Պարապում եմ դպրոցից դուրս միասնական քննությունները բարձր միավորներով՝ անվճար «հաղթահարելու» համար: Եվ օրվա մեծ մասը տրամադրում եմ պարապմունքների ժամանակ տրված հանձնարարությունները կատարելու վրա: Դպրոցի դասերին ավելի քիչ ժամանակ եմ հատկացնում, չնայած դրան, ես սովորում եմ գերազանց, հասցնում եմ մասնակցել դպրոցում կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին:

Այս առումով ինձ ձեռնտու է հնգօրյա ուսուցումը: Ես կարողանում եմ գոնե շաբաթ օրը՝ չնայած էլի պարապմունքի եմ, մի որոշ չափով հանգստանալ:

Մեր դասարանը, կարելի է ասել, «բաժանված է երեք մասի»: Սռաջին մասը դրանք քիմիաի կողմնակիցներն են, երկրորդ մասը ՝ ֆիզիկայի, իսկ երրորդը՝ ոչնչի: Մենք առաջին կիսամյակից արդեն անցնում ենք ութ ժամով և՛ ֆիզիկա, և՛ քիմիա: Դա մի փոքր ճիշտ չէ: Ես չեմ ասում, որ ինձ ֆիզիկա անհրաժեշտ չէ: Անհրաժեշտ է, բայց ոչ ութ ժամով: Մյուսներին էլ քիմիան ութ ժամով անհրաժեշտ չէ….

Չգիտեմ, կարելի՞ է սա խնդիր համարել, թե ոչ, բայց ես ուրիշ խնդիր՝ այն էլ դպրոցի հետ կապված չունեմ:

Մանե Սարգսյան

Առանց կրկնուսույցների

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Երբ Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում սկսեցին գործել ավագ դպրոցները, բոլորը ասում էին, որ ավագ դպրոցների նպատակը այն է, որ երեխաները առանց կրկնուսույցի մոտ պարապելու  կարողանան միասնական քննություններ տալ և ընդունվել: Սակայն, ինչպես տեսնում ենք, սպասելիքները այնքան էլ արդարացված չեն:

Ճամբարակում բացվեց ավագ դպրոց, բայց մեր դպրոցը նույնպես չկարողացավ արդարացնել սպասելիքները: Քանի որ դպրոցը չունի բավարար թվով աշակերտներ և ֆինանսներ, և մենք ունենում ենք 2-3 հոսք: Եթե դու ընտրում ես բնագիտական հոսք, դու չգիտես, թե այնտեղ որ առարկաները ավելի խորացված կսովորես, քանի որ դա պարզ է դառնում միայն այն ժամանակ, երբ աշակերտները ընտրելով որևէ բնագիտական առարկա, ըստ մեծամասնության, դասարանը խորանում է այդ առարկայի մեջ:  Եվ հետո, բոլորը դեռ շարունակում են գնալ կրկնուսույցների մոտ:

Բայց երբ հիշում եմ մեր մարզի գյուղերից մեկի դպրոցի վիճակը, հասկանում եմ, որ մեր այդ պրոբլեմը շատ թեթև է: Երբ նայում ենք մեր ընտանեկան ալբոմը, հայրս հաճախ մի նկար է առանձնացնում, որտեղ նա է և ևս երկու երեխա, և ասում. «Դե սա էլ ես եմ ու իմ դասարանը»: Հայրս ժամանակին ֆիզկուլտուրա է ուսուցանել իրենց գյուղում, և չնայած մենք զարմանում ենք «նրա դասարանի» վրա, բայց վիճակը այդ գյուղում դեռ նույնն է: Ամեն դասարանում 3-4 աշակերտ, նույնիսկ մի դասարանում միայն մի աշակերտ կա: Մեր բարեկամներից մեկը աշխատում է  այդ դպրոցում, ես հարցնում եմ.

-Հիմա եթե մի հոգանոց դասարանի այդ երեխան հիվանդանում է, դաս չե՞ք անում, կամ եթե դասից փախնում է, ասում եք, որ դասարանը փախե՞լ է:

-Դե այդպես է, բայց հիմնականում 2-րդ, 3-րդ դասարանցիներին իրար հետ ենք պարապում, 4-րդ, 5-րդին` իրար, ու այդպես շարունակ: Մի դասաժամին 5 մասի եմ բաժանվում, որ դաս բացատրեմ,-պատասխանում է ընկեր Օհանյանը:

Խնդիրները շատ են, ուղղակի համեմատելով հասկանում ես, որ մեր խնդիրը շատ փոքր է:

Փոքր Հայաստանը իմ մեծ տեսախցիկով

Այս ամառ մենք ուղևորվեցինք Սյունյաց աշխարհ: Հիացած, վախենալով բարձունքից, աշխարհի ամենաերկար ճոպանուղուց դիտում էի մեր լեռնաշխարհի հրաշքները, անդնդախոր ձորերը, վեհ անսասան կիրճերը: Ահա Տաթևի վանքը բարձունքում: Ակամա տեսա դարեր առաջ այստեղ ճգնած ու աղոթող վանահայրերին, ականջներիս հասան կոչնակների ձայները: Վիթխարի ժայռերին թիկնել էր ճարտարապետական հրաշք կոթողը: Դեռ չէի հաղթահարել բարձունքի վախը, երբ իմ ընկերները մի նոր փորձություն էին պատրաստել ինձ համար: Մեզ բացատրեցին, որ տարածքում գտնվում է շարժվող սյունը: Մոտեցանք, ես այնքան էի տարվել, այնպես ուշադիր էի զննում նրա քարերը, հիմքը, ուզում էի տեսնել, թե ինչ մեխանիզմ է շարժում սյանը, երբ հանկարծ տղաներից մեկը գոչեց.

-Անու՛շ, փախիր, սյունը ընկավ:

Ճչացի և հեռու ցատկեցի: Բոլորը ծիծաղեցին վրաս: Գլուխս բարձրացրի, սյունը կանգուն էր: Ախր, ինչպե՞ս հավատացի, չէ որ այնպես էր կառուցված, որ անգամ հզոր երկրաշարժերը անզոր են եղել տապալելու:

Ճապոնացիները 20-րդ դարում ունենալով հզոր տեխնիկա, սկսել են կառուցել են իրենց տները ճոճվող սարքերի, զսպանակների վրա, իսկ իմ նախնիները այդ գաղտնիքը իմացել են դարեր առաջ` կատարելով ճշգրիտ հաշվարկներ, կիրառելով պարզ, միևնույն ժամանակ, հանելուկային միջոցներ, որոնք հիմա էլ զարմացնում են մարդկանց:

Ես ամբողջ ժամանակ լուսանկարում էի այն ամենը, ինչն ինձ ոգևորում, հիացնում ու հպարտության զգացումով էր լցվում: Ահա Տաթևը իմ աչքերով:

Խաղաղ կեսօր Վահան գյուղում