Մի ծանր խոսք

«Բառեր արտասանելիս զգույշ եղիր, որպեսզի այդ բառը չդառնա ծանր քո խղճի համար»:

Բառեր, խոսքեր… Խոսքեր, որոնք հասնում են սրտին, հոգուն, մտքին: Այո՛, այո՛ ճիշտ լսեցիք ՝ հոգուն: Նրանք կարողանում են գտնել հոգուն: Նրանք գտնում են վայրը, որտեղ նա շատ հաջողված թաքնվում էր բոլորից:

Խոսքը հասնում և սկսում է խաղալ սրտի նուրբ լարերի հետ: Ասես կիթառ նվագելուց լինի: Բայց ցավոք, շատ հաճախ նվագողը նոտաները չգիտի: Նա ուղղակի տանջում է սրտին: Ինչ-որ բան է պահանջում, բայց ինքն էլ չգիտի` ինչ:

Խոսքերը ծանր են լինում: Ծանր, բայց ոչ կիլոգրամներով, այլ այն վայրի համար, որը նրա նշանակետն է:

Ավելի լավ կլինի չասեիր, ավելի լավ կլինի լռեիր… Բայց ո՛չ, ինչպե՞ս կարող է… Նա ասու՛մ է, խոսու՛մ է, հնարավոր է նաև ոչ միտումնավոր, բայց արդեն ուշ է… Նա ասա՛ց, վիրավորե՛ց… Հասցրեց նույնիսկ արցունք կորզել երկար ժամանակ արցունք  «չարտադրած» արցունքագեղձերից: Մի՞թե  նա դրանից հետո կարող է հանգիստ քնել, հանգիստ ապրել: Հնարավոր է… Բայց ո՛չ միշտ…

Խիղճը մի օր ոտքի կկանգնի: Կկանգնի ու կպահանջի հատուցում: «Ինչո՞ւ նման բան ասացիր: Մի՞թե նա արժանի էր քո ասված խոսքին»: Խիղճը թող խոսի, նրան միևնույն  է, պատասխանող չկա: Իսկ միգուցե կա՞… Դա ես չպետք է ասեմ: Հնարավոր է, որ խիղճն ու «խղճի տիրակալը» արդեն  հաշտվել են՝ համաձայնության են եկել: Բայց ծանր խոսքը մնացել է խոցվածի սրտի լարերի մեջ խճճված…

Փորձիր բուժել նրան՝ հանել վիրավորանք հասցրած խոսքդ նրա այդքան բարի սրտից: Իսկ միգուցե ես մի քիչ չափազանցնո՞ւմ եմ` մեղադրելով այդ մարդուն՝ նրան: Իսկ միգուցե նա իրո՞ք ճիշտ վարվեց ասելով այդ բառը՝ նախադասությունը : Թող դատի Աստված՝ ես դատավոր չեմ:

Միայն կասեմ, որ խոսքը սրի նման կարող է խրվել սրտի մեջ: Խրվել ու նրանից արյուն քամել, մինչև որ նա սպանված թռչնի նման վայր չընկնի… Կարող է նաև հակառակ գործողությունը կատարել: Ոտքի կանգնեցնել նրան: Ապտակել ու ծանր խոսքով ուշքի բերել…

Որոշեցի մի քիչ փիլիսոփայել, հուսամ ստացվեց: Փորձեցի նկարագրել իմ հոգեվիճակը, իմ զգացմունքները ծանր խոսք լսելիս: Այնպիսի խոսք, որ լսում եմ ոչ իմ հասցեին, բայց ես ինձ պատկերացնում եմ խոսքը ստացածի տեղում…

Շենքի տանիքում

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Նելլի՞, հետաքրքիր ա ինչի՞ մասին ես մտածում,- հարցրեց մայրս, նկատելով որ արդեն 5 րոպե է հայացքս մի կետից չեմ կտրում:

-Դու մեր շենքի տանիք բարձրացած կա՞ս,- լուրջ տոնով հարցնում եմ մորս։

-Չէ, ինչ գործ ունեմ տանիքում,- հարցի տարօրինակությունից զարմացած, մի քիչ մտածելուց հետո ասաց մայրս։

-Մամ, քանի՞ տարի է ապրում ես այս շենքում,- շարունակում եմ հարցաքննությունս։

-Դե, 15 կլինի, ինչի՞։

-Ու 15 տարի ապրելով այս շենքում, քեզ երբեք չհետաքրքիրց թե ինչ կա մեր շենքի տանիքում,- ասացի  այնպես, կարծես մայրս հանցանք էր գործել կամ  գիտեր, որ տանիքում ոսկի կա, բայց չի գնացել տեսնելու:

Այսպես մի քանի օր անընդհատ մտածում եմ մեր շենքի տանիքի մասին: Մի օր երբ, Սյուզիի հետ նստած էինք բակում( Սյուզին նաև իմ շենքակիցն է), առաջարկում եմ.

-Արի բարձրանանք տանիք:

-Արի,- շատ հանգիստ կերպով պատասխանում է Սյուզին:

-Երբ,- հարցնում եմ:

-Կիրակի:

Երկուսով նայում ենք աստղազարդ երկնքին… Մի րոպե լռություն… Այդ մի րոպեում երկուսիս մտքում ինչ մտքեր ասես չեն անցնում։ Ամեն օր բարձրանալ տանիք, ներկել, հարմարություններ ստեղծել, դա կլինի մեր թաքուն անկյունը և այլ ցնորված մտքեր, երբ երկնքից իջնելով իրար ենք նայում և սկսում ոգևորված պատմել մեր պլանները:

Գալիս է  սպասված կիրակի օրը, սակայն հանգամանքների բերումով չի ստացվում իրագործել մտածված չարաճճի պլանը: Հաջորդ օրը դասարանում պայմանավորվում ենք, որ տուն գնալու փոխարեն, կբարձրանանք տանիք: Այսպես էլ անում ենք: Մոտենում ենք տանիք տանող աստիճաններին.

-Ես առաջինը կգնամ,- ասում է Սյուզին և բարձրանում: Նրան հետևում եմ ես: Ակընկալիքները… Արդարացված չէին: Չգիտեմ, թե մենք ինչ էինք սպասում, բայց այնտեղ բավականին կեղտոտ ու փոշոտ էր, գետինը հող ու ավազ էր, իսկ փայտերի վրա՝ սարդոստայններ: Մի վայրկյանում հոդս ցնդեցին մեր երազանքները, բայց կարևորը՝ մենք տանիքում էինք:  Սկսում ենք զննել, հետո անցքով դուրս ենք գալիս տանիքի վրա ու սկսում նայել Ճամբարակին վերևից:

-Մեկը լիներ մեզ նկարեր,- մտածում ենք մենք: Բայց լավ, ինչ արած, դիմում ենք ամենազոր սելֆիի օգնությանը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Տանիքի վրա նստելուց, նկարվելուց հետո որոշում ենք արդեն գնալ տուն:

-Վայ Սյուզ, եստեղով էլ կարող ենք միանգամից մյուս շքամուտքով իջնել,- մեծ հայտնագործություն արած կանչում եմ Սյուզիին:

Ցանկանում ենք իջնել, բայց ձայներ ենք լսում, ինչ որ մեկը բարձրանում է, հետո կանգնում է ու նայում վերև…Երևի մեզ լսել է: Որպեսզի մեզ աննորմալի տեղ չդնեն, որոշում ենք տանիքից իջնել այն ժամանակ, երբ մեզ չեն տեսնի: Մի քանի րոպե սպասում ենք, երբ.

-Ո՞վ կա այդտեղ, ի՞նչ եք անում,- բարձրանալով տանիք վախեցած հարցնում է մեր կողքի շքամուտքի վերջին հարկում ապրող տիկին Գայանեն:

-Տիկին Գայան, ես ու Սյուզին ենք, ուղղակի բարձրացել ենք տանիք, բան չենք անում,- հեռվից պատասխանում եմ ես:

-Նելլի դու ես, այ աղջի, սիրտս սկսել էր հազարի տակ աշխատել, ես էլ ասում եմ ինչ ձայներ են։ Էս էքստրիմի պակաս ունեիք,- սկզբից մի քիչ բարկացած, հետո ծիծաղելով ասաց տիկին Գայանը,- եկեք, եկեք օգնեմ իջնեք:

Չհրաժարվեցինք առաջարկված օգնությունից, որովհետև իջնելը կարող էր մի քիչ վտանգավոր լիներ: Իջանք, ներողություն խնդրեցինք վախեցնելու համար և դուրս եկանք (արդեն մեր շենքի մյուս շքամուքով):

-Նելլի՞, էս խի՞ եք էստեղից իջնում,- զարմացած հարցրեց եղբայրս, ով դասից գալիս էր տուն:

-Է… Այ Դավո, գոնե շուտ գայիր, ասեինք`մեզ նեքևից նկարեիր,- ծիծաղելով ասաց Սյուզին, իսկ Դավիթը այդ ընթացքում փորձում էր լուծել այն հանելուկը, որին ականատես էր եղել քիչ առաջ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Տարօրինակ երազանք

-Վաղը Քրիստինեի ծնունդն է, ի՞նչ ենք անելու:

-Էսօր դասերից հետո կմնանք, մի բան կմտածենք,- որոշում ենք ընկերուհիներով:

Դասերը ավարտվում են, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Քրիստինեն առանց որևէ բան կասկածելու գնա տուն: Ստիպված վերցնում ենք պայուսակները և դուրս գալիս դպրոցից, մի քիչ գնում, նկատելով, որ Քրիստինեն անհետացավ մեր տեսադաշտից, նորից վերադառնում դպրոց: Մենք մտանք դպրոց, անգամ չկասկածելով, որ այդ օրը մեզ բազմաթիվ արկածներ է խոստանում:

Սկսում ենք մտածել, որոշում ենք հումորային շնորհավորանք գրել և յուրօրինակ կերպով այն ներկայացնել: Անցնում ենք աշխատանքի… Թերթի ձևավորման համար սկսում ենք մտնել դասարաններ և ինչ-որ փայլփլուն բան փնտրել: Չգիտես ինչու, սկսում ենք մեզ շատ խորհրդավոր պահել, ընդամենը մի փոքր փայլ պոկելու համար պահակներ ենք կանգնեցնում դռների մոտ, մի շշուկ լսելու դեպքում մտնում սեղանների տակ, մի խոսքով, ես այդ պահին ինձ զգում էի իսկական հանցագործ:

Այս ընթացքում եղանակը որոշում է Ճամբարակին մատուցել «հաճելի անակնկալ»:  Սկսում է կարկուտ… Կարկուտ, այն էլ ինչպիսի մեծության: Ուղղակի ասեմ, որ այդ կարկուտից ջարդվել են բազմաթիվ մեքենաների ապակիներ ու տանիքիներ: Սա ուղղակի պատկերացման համար:  Իսկ այդ ժամանակ մենք գտնվում էինք դպրոցում: «Մամայիս կասես, որ ես իրեն շատ եմ սիրում» , -մոտավորապես այսպիսի խոսքերով արդեն իրար հրաժեշտ էինք տալիս: Ու այդպես վախի մեջ անցկացնում ենք ևս կես ժամ…Արդեն ժամը 5-ն է, աշխատանքը ավարտել ենք և կարող ենք գնալ տուն:

-Պատկերացնո՞ւմ եք դպրոցի դռները փակ լինեն,- ծիծաղելով ասում է Լաուրան:

-Դպրոցի դուռը փակ ա,-լուրջ տոնով ասում է Էդիտան:

Իհարկե, մենք դա ընդունում ենք հումորով, բայց… Վերջապես կատարվեց մեր մանկության երազանքներից մեկը. մենք փակված ենք մնացել դպրոցում: Համաձայն եմ, տարօրինակ երազանք է: Դե, սկզբի րոպեները մենք, չգիտեմ ինչու, սկսեցինք ծիծաղել, բայց հասկանալով լրջությունը, սկսեցինք հիշել մեր տեսած ֆիլմերը: Առավելապես հիշեցինք գաղտնի գործակալների մասին կինոները… Դե, հասկացաք` ինչ միջոցներ սկսեցինք մտածել դպրոցից դուրս պրծնելու համար, բայց քանի որ պարան, լազեր արձակող շրթներկ, թռչող կոշիկներ և նմանատիպ իրեր չգտանք, որոշեցինք զանգել ամենազոր ՆՐԱՆ:

-Մամ, դպրոցում ենք մնացել, մի բան արա,- զանգում եմ մայրիկիս, իհարկե նրա ռեակցիան…տագնապալի էր,  բայց հեռախոսը անջատելով մայրս զանգում է մեր դպրոցի հաշվապահին, նա էլ իր հերթին զանգում է տնօրենին, իսկ տնօրենը զանգում է պահակին: Մի խոսքով, երեք աշակերտով խառնում ենք բոլորին:

Հեռվից պահակին տեսնելով ընդունում ենք մարտական կեցվածք, հասկանալով, որ նա իհարկե, չի շոյի մեր գլուխը:

-Երեխեք ջան, հո չե՞ք վախեցել: Մենակ էսօր եմ շուտ տուն գնացել, տեսեք` ինչ եղավ,- դպրոցի դուռը բացելուց հետո  անհանգստացած հարցրեց մեր պահակը: Մենք նրան հանգստացրինք և պատրաստվում էինք դուրս գալ դպրոցից, երբ մեքենայով եկան մեր դասատուներից ոմանք: Նրանց էլ հանգստացրեցինք և գնացինք տուն:

Իհարկե, միշտ ծիծաղելով ենք հիշում այդ օրը, բայց  կարևորը, կարող ենք ասել, որ մենք մի օր մնացել էինք դպրոցում փակված, կատարվել է մեր մանկության երազանքը… Տարօրինակ երազանք է:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեր ինքնության պարը

Պարերն ու ես… Մի քիչ անհամատեղելի զույգ ենք: Պարային տվյալներս ու բնավորությունս դեմ են մեր հարաբերություններին, բայց երբ խոսքը գնում է ժողովրդական, ազգագրական պարերի մասին, մեզ ոչինչ չի կարող բաժանել: 

Ճիշտ հասկացաք, այսօրվա նյութս կլինի ազգագրական պարերը…

Մինչ նյութս սկսելը, մտածում էի հենց այս թեմայով գրել, բայց ուղեղս հրաժարվում էր ինձ օգնության հասնել: Պետք էր դիմել սրտին ու զգացմունքներին: Բայց չէ… Ինչ-որ բան էլի այն չէ… Պետք է պարել:  Այսօր ամսվա վերջին ուրբաթն է: Երևի շատերը գիտեն, որ հենց այս օրը Կասկադում միջոցառում է, երբ երիտասարդները համախմբվում և կարելի է ասել, ձեռք-ձեռքի տված պահում են իրենց ինքնությունը: Ես Երևանում եմ, և հասկացա, որ մի քիչ պարելը ինձ չի խանգարի նյութս գրելու համար:

Պարում ենք: Չգիտեմ ով է կողքիս կանգնած, չի էլ հետաքրքրում: Անձրև է սկսում, այն խանգարելու փոխարեն ավելի է ոգևորում երիտասարդներին, հատկապես տղաներին, ովքեր. «սա տղամարդկանց պար է» գոչելով հավաքվում են կենտրոնում: Աղջիկներից ոչ մեկը չի համարձակվում խառնվել «տղամարդկանց պարին»: Ոտքերը ուժեղ հարվածում են գետնին և առաջ գնում (հարվածից ջրափոսի  ջուրը թռչում է վրաս, և ոչինչ որ ես մոտ 4 մետր այն կողմ եմ կանգնած), ձեռքերը պարզում, էլի հետ գալիս ու գոչում «քաշի՜»: Նորից են շրջան կազմում: Այս անգամ ուրիշ բան են գոչում: Ականջներս լարում եմ, բայց չեմ հասկանում:

-Ի՞նչ են ասում,-հարցնում եմ կողքիս կանգնած անծանոթին:

-Իրուր խետ (իրար հետ):

Սկսում է հաջորդ պարը, աղջիկները նույնպես միանում են:  Պարում ես ու մոռանում ամեն ինչի մասին: Սկսում ես մի տեսակ հպարտությամբ հիշել, որ հայ ես: Հիշում ես ժողովրդիդ անցած ուղին, նայում  ներկային ու ժպիտով նայում դեպի ապագա:

«Միասին» ճամբար, միասին ծնունդ, միասին հրաժեշտ

-Մանե, կցանկանա՞ս  ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:

-Այո, կցանկանամ: Ի՞նչ ճամբար է: Որտե՞ղ է: Մենակ ե՞ս եմ գնում,- միանգամից տվեցի մի քանի հարցեր:

-Ճամբարը  «Միասին»-ն է կազմակերպում: «Գոյատևելու դասընթաց» թեմայով է լինելու ,- հայրս փորձեց հիշել իմ տրված հարցերը հերթականությամբ,- Սևանա լճի ափին է լինելու: Մենակ կարող ես գնալ, բայց Սարգիսին հարցնենք, նոր:

Երբ մենք հարցրեցինք եղբորս, նա համաձայնվեց:

Մեր համաձայնությունից  հետո, սահմանված կարգով  «Միասին»-ի  կենտրոնական գրասենյակ ներկայացրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը:

Մեզ այնտեղ ասացին, որ մեր ջոկատավարը մեզ  կզանգահարի: Շատ էի սպասում  ջոկատավարիս զանգին:
Եվ ահա: Վերջապե՜ս: Շատ սպասված զանգ …

«Անծանոթ համար է: Հետաքրքիր է, ո՞վ է: Իսկ միգուցե ջոկատավա՞րս է»: Մի ներքին ձայն ինձ ասում էր, որ այդ զանգի հեղինակը ջոկատավարս է :

Փաստորեն  իմ ներքին ձայնը ճիշտ էր: Վերջ, մենք գնում ենք ճամբար:

Ճամբարն սկսեց անախորժ դեպքով: 12-րդ ջոկի ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ոչ-ոք չէր ստացել: Հիվանդանոց, բուժզննում, վախ, ստրես… Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:

Չեմ նկարագրի մնացած օրերը: Միայն կնկարագրեմ ծննդյանս օրը:

Մի  աղջիկ, որը շատ երազանքներ ունի  ապագայի հետ կապված, որը չի կարողանում  ընտրություն կատարել  ազատության և սահմանափակ կյանք վարելու միջև, որը շատ է ուզում, բայց միևնույն ժամանակ չի ուզում, դառնում է 16 տարեկան:

Ճամբարում  ժամը 22:00- ին սկսվում  է ուրախ ժամանցը: Պարում ենք, լիցքաթափվում…

Պարելու ժամանակ հանկարծ  լսում եմ.

-Այսօր շատ հետաքրքիր և հաճելի մի անձնավորության ծննդյան օրն է: 15-րդ ջոկի Մանեի: Շնորհավորենք նրան,- լսելով այս նախադասությունը  ես միանգամից նայեցի  ժամին՝ կես գիշերն անց էր: Բոլորը սկսեցին շնորհավորել, գրկել, համբուրել…

Առաջինը ինձ շնորհավորեց  ջոկատի տղաներից մեկը, իսկ հետո ինձ գրկեց ջոկատավարուհիս՝ մի հաճելի, աշխույժ, էներգիայով  լեցուն անձ:

Հետո ջոկիս երեխաների կողմից շնորհավորանքի խոսքեր լսեցի: Մի խոսքով,  ծնունդս սկսեց լավ տպավորություններով:

Առավոտ… Ժամը 6:10…

Ինչպես միշտ, ես շուտ էի վեր կացել: Զանգ ստացա մայրիկիցս: Նրանք պետք է գային՝ տորթ, միրգ և էլի նման բաներ բերեին:

-Մամ, բարև:

-Բարի լույս: Ես քեզ չեմ շնորհավորելու: Չնեղանաս` դեռ դու չես ծնվել:

- Չեմ նեղանում: Դուք ե՞րբ եք գալու…

Ու մենք այսպես խոսեցինք մեկ ժամ, բայց մորս կողմից շնորհավորանքի խոսքեր չստացա:

Օրս սկսվեց հորս շնորհավորանքով և մորս չշնորհավորանքով:

Առավոտվա իրադարձությունների շարունակությունը մի քիչ  ձանձրացնող է: Զանգ… Շնորհավորում եմ… Հասնես նպատակներիդ…

Իսկ այ, կեսօրվա իրադարձությունները ինձ համար  անմոռանալի հուշերի աղբյուր դարձան:

Ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես լողալ չգիտեմ, բայց շատ եմ ուզում սովորել: Այդ օրը ես սովորեցի, բայց իհարկե, երեխաների օգնությամբ: Մարիամը, Օնիկը, Կարենը, Վահեն ինձ սովորեցրեցին ջրի վրա մարմինը պահելու նրբությունները, սովորեցրեցին նստել ջրի հատակին  և այլն:

-Ինձ բաց չթողնեք: Խեղդվում եմ: Վախենում եմ: Պինդ բռնեք,- նման խոսքեր իմ շուրթերից ոչ-ոք չի լսել:

Ես սիրում եմ  ջուրը… Պարելով ջրի մեջ ես հասկանում եմ, որ ազատ եմ, որ ճախրում եմ` թևեր ունեմ:

Մենք լողափից վերադարձանք տուն: Գրեցի տու՞ն: Անկեղծ ասած, այս ճամբարը  ինձ համար բոլորից առանձնացված մի քաղաք է «Միասին» անվամբ, իսկ իմ ջոկատը` երեք սենյականոց բնակարան: Ունենք մայր, բայց չունենք հայր՝ նա խոպան է գնացել: Ունենք երեխաների տեսականի՝ չար-չարաճճի, խելոք, համեստ, եփող-թափող  և այլն: Մի քիչ շեղվեցի  թեմայից: Տուն վերադառնալուց հետո մայրս զանգեց:

-Մենք հասնում ենք:

Նրանք եկան, նրանք գնացին, մենք քեֆ արեցինք, ուրախացանք, ծիծաղեցինք…

Նշեմ նաև, որ իմ ծննդյան օրը առաջին անգամ անձրև եկավ: Անձրևի պատճառով տեխնիկան փչացել էր: Եվ մենք չպարեցինք:

Անցավ այդ օրը… Անցան նաև այդ օրվա հաջորդ օրերը… Եկավ հրաժեշտի պահը…

Արցունքներ, հրաժեշտի խոսքեր, կրկին հանդիպման մտքեր, գրկախառնություններ…

Կհանդիպենք…

Նպատակ, աշխատանք, համառություն

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

-Աշխատասիրություն, երեխաներ, աշխատասիրություն: Կարևոր չէ , թե դպրոց գալուց առաջ քանի թիվ կամ տառ ես իմացել, ոչ էլ կարևոր է տարրական դասարանները գերազանց ավարտելը: Երբեք ուշ չէ սովորելու համար, հիշեք Արթուրին,- միշտ նշում էր քիմիայի ուսուցչուհիս և ավելացնում,- հիշում եմ, որ Արթուրը մինչը 7-րդ, 8-րդ դասարան հազիվ էր կարողանում իր դրական գնահատականը ապահովել և՛ քիմիա, և՛ մաթեմատիկա, և՛ կենսաբանություն առարկաներից: Հետո նա որոշեց աշխատել: Նա սովորում էր, ստիպում էր ինձ, որպեսզի դասերից հետո մնամ և բացատրեմ այս կամ այն խնդիրը: Ես կարող էի մի խնդիրը նրան 5 անգամ բացատրել, բայց եթե չէր հասկանում, էլի էր պահանջում: Գիտե՞ք վերջում ինչ եղավ…  Նա սովորում է բժշկական համալսարանում՝ անվճար:

Բարեբախտաբար բախտ եմ ունեցել քիչ թե շատ ճանաչել Արթուրին: Նա սովորում էր մորեղբորս աղջկա հետ մի դասարանում, և քանի որ նրանք լավ ընկերներ էին, հաճախ առիթ էի ունենում նրան տեսնել քեռուս տանը: Ինձ թվում է, ձեզ էլ հետաքրքրեց այս երիտասարդը: Պատմեմ նրա մասին մի քիչ մանրամասն:

Ինչպես նշեցի, ուսուցիչներս հաճախ էին խոսում Արթուրի մասին: Փոքր հասակում աչքի չի ընկել ուսման մեջ:  Չգիտեմ, շաքար հիվանդությունը, թե այլ բան ստիպեցին նրան երազել բժշկի մասնագիտության մասին, և ոչ միայն երազել…Նպատակ դնել և հասնել: 12-րդ դասարանում սկսեց լրացուցիչ  պարապել քիմիա և կենսաբանություն:  Այդ շրջանում էլ քույրս պատմում էր, որ դասարանի  համար Արթուրը պատրաստել է էլեկտրական դասացուցակ: Դրա էությունը նրանում էր, որ ինչ դաս լինում էր, վառվում էր հենց այդ դասի լույսը: Նաև այդ ժամանակ մեր դպրոցում կար ԷՌՕԴԾ (էներգետիկ  ռեսուրսենրի օգտագործման դպրոցական ծրագիր)  խմբակ, որի շրջանակներում Արթուրը պատրաստել էր փոքրիկ լվացքի մեքենա, որի արտաքինը ուղղակի աղամանի տուփ էր և ստվարաթղթեր: Փոքրիկ մեքենան նույնիսկ լվացել էր գուլպաներ: Նրան դրա համար մրցանակ էին շնորհել, և հիշում եմ, միշտ հպարտությամբ մտնում էինք ԷՌՕԴԾ-ի կայք և հպարտանում ճամբարակցի Արթուրով:

Եկան ընդունելության քննությունները, և Արթուրը 1 թե 2 բալի պատճառով զրկվեց անվճարի հնարավորությունից: Այդ տարին նա չգնաց համալսարան: Սկսեց պարապել  և վերհիշել իր իմացածը: Հաջորդ տարվա ապրիլ-մայիսին մենք հաճախ էինք նրան տեսնում դպրոցում: Գալիս էր քիմիայի ուսուցչուհու մոտ՝ չպարզաբանված խնդիրնրը ևս մեկ անգամ հասկանալու: Կրկին դիմում է համալսարան և առավելագույն բալերով ընդունվում անվճար հիմունքներով:

Միշտ զարմանքով և հիացմունքով եմ նայում այդպիսի մարդկանց: Մտածում եմ, որ ես հաստատ այդքան կամքի ուժ չէի ունենա ամեն ինչ սկսել նոր էջից, պարապել ինքս ինձ, սովորել այդքան քրտնաջան: Շատ սովորելու բան ունենք նման մարդկանցից: Եվ գիտեք ինչ,  բոլորս էլ կարող ենք հասնել բարձունքների, իհարկե տարբեր մարդկանց մտավոր հնարավորությունները տարբեր են,  բայց էական դերը նպատակասլացության, կամքի ուժի, աշխատասիրության տարբերությունն է:

Երդվում եմ…

Սրանից երկու տարի առաջ, 2013 թվականի հուլիսի զորակոչի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար ծառայության գնացող  դեռեւս չհասունացած մտքով ու հոգով տղաների մեջ էր նաև մորաքրոջս տղան:

Բայց կային շատ տարբերություններ իր ու մնացած զինծառայողների միջև:

Եղբայրս՝ Սերգեյը, Ռուսաստանից էր եկել, իր պարտքը հայրենիքին  տալու համար: Պարտք, որի մասին ոչ մի տեղ չկա գրառված, և ոչ մեկը չի կարող ասել, որ դու պարտք ունես: Այդ պարտքը հոգու պարտքն է: Կարող ես չանել, չտալ պարտքդ, ավելի ճիշտ, կարող ես ազատվել ծառայությունից, բայց մի՞թե դա ճիշտ է: Ամեն մեկն այս հարցի պատասխանը տարբեր կերպ է պատկերացնում: Ես համարում եմ, որ սխալ է չծառայելը: Ընդամենը երկու տարի ու, վերջ: Ինչևիցե, բուն թեմայից շատ հեռացանք: Փորձենք վերադառնալ:

Նա 22 տարեկան էր, երբ եկավ ծառայելու: Ավելի մեծ տարիք, քան մյուսներինը, ավելի կայացած մարդ մյուսներից:

Նրան ծառայելու ուղարկեցին Ագարակ քաղաքում: Ծառայում էր ու, ինչպես բոլոր զինվորները, երազում էր տուն գալու մասին:

Երդման արարողությունը ցանկացած նորակոչիկի համար մի քիչ հուզումնալից, մի քիչ պարտավորեցնող գործընթաց է:

Եղբորս երդում տալու ժամանակ նրա ծնողները չէին եկել՝ Ռուսաստանում էին: Բայց իրենց փոխարեն գնացել էինք մենք: Մենքի մեջ մտնում են Սերգեյի մորաքույրները, տատիկն ու պապիկը:

Ես հագել էի զինվորական համազգեստ և փոխգնդապետի ուսադիրներ էի դրել:

Մեզ թույլ չէին տալիս, որ անցնեինք գիծը: Անընդհատ բարկանում էին, բայց նորից ու նորից մարդիկ անցնում էին: Միայն ես էի, որ ազատ անցնում էի, իսկ գծի կողքին կանգնած լեյտենանտը չէր կարողանում ինձ ինչ-որ բան ասել. Չէ որ ես կոչումով իրենից «բարձր էի»: Ես անցա գիծը և գնացի կանգնեցի եղբորս կողքին՝ շարքի մեջ, որպեսզի ինձ նկարեն իր հետ:

-Ի՞նչ ես անում: Կբարկանան:

-Սուս մնա: Նայի Մերիին,-ասացի ես և շրջեցի նրա դեմքը:

Նշեմ, որ նա էլ է այն մարդկանցից, որը դեմ է իմ զինվորական դառնալուն: Շատ անգամներ են եղել, երբ հեռախոսազրույցի ժամանակ ես իրենից նեղացել եմ: Բայց իմ սրտի մի անկյունում  միշտ էլ հասկացել եմ, որ չի ստացվելու, խոչընդոտներ շատ են լինելու: Նա ինձ մի անգամ ասաց.

-Կգամ`կխոսենք, ու դու կհասկանաս:

Ի՞նչ է խոսելու, ի՞նչ եմ հասկանալու…

Նա բանակից արդեն վերադարձել է, և երեկ այս երկու տարվա մեջ ես նրան առաջին անգամ տեսա:

Շատ էր փոխվել: Միգուցե միայն ի՞նձ այդպես թվաց, բայց նա արդեն ավելի ձիգ, հպարտ կեցվածք ունի: Ախր, ծառայել է…

Հիշո՞ւմ եք, ես ասացի, որ նա խոստացել էր, որ երբ գա, մենք զրուցելու ենք:

Ես երեկ խոսեցի իր հետ: Չեմ կարող ասել, թե ինչ փոխվեց այդ խոսակցությունից հետո իմ մեջ, բայց հաստատ գիտեմ. մի բան փոխվեց:

Ա՜խ, եղբայրս: Եկար ողջ ու առողջ, պարտքդ տված հայրենիքիդ: Հպարտանում եմ քեզանով: Այն ժամանակ էլ էի հպարտանում, բայց հիմա ուրիշ է:

Երդում տվեցիր երկու տարի առաջ: Միգուցե մի օր էլ ես կանգնեմ զինվորական համազգեստով և ասեմ. «ԵՐԴՎՈՒՄ ԵՄ»: Չգիտեմ…

Վերջապես ես տեսա Էջմիածինը

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Ամառ էր: էքսկուրսիայի օրը որոշված էր: Ուղևորվեցինք Էջմիածին: Բոլորս հավաքվել էինք դպրոցի բակում և սպասում էինք ավտոբուսին:

Սրտումս ինչ-որ կրակ էր վառվում, ու մարմինս անհանգստությունից դողում էր. ես ամեն կերպ փորձում էի պատկերացնել մուտքս դեպի երազանքներիս եկեղեցին:

Վերջապես եկավ ավտոբուսը: Մենք՝ բոլորս, տեղավորվեցինք, ու մեքենան շարժվեց դեպի երկնային երանություն: Ես ամբողջ  ճանապարհին չափում էի ամեն մի կիլոմետրը ու ինչքան մոտենում էինք այնքան ավելի արագ էր սիրտս դողում:

Հասանք… Ավտոբուսը կանգ առավ ու մենք՝ բոլորս, շարժվեցինք դեպի եկեղեցի: Ճանապարհին պատմության ուսուցչուհին ինչ- որ պատմություններ էր պատմում եկեղեցու մասին, բայց իմ միտքը վաղուց պոկվել էր ուղեղիցս ու պտտվում էր խոհերիս շուրջը: Ոտքերս դողալով՝ ինձ առաջնորդում էին հոգումս ծվարած  երազանքի գիրկը,  ու մենք, վերջապես, մտանք եկեղեցի: Այդ պահին սիրտս ուզում էր թռչել տեղից ու փարվել եկեղեցու սրտին: Ոտքերս չէի զգում, հուզմունքից լցվել էին աչքերս: Հոգումս ամեն ինչ խառնվել էր իրար, ուզում էի խոսել, բայց բառերը չէին ուզում դուրս թռչել շրթունքներիցս: Հիացած շրջում էի ու աչքերով կլանում ամեն ինչ, որ հանկարծ ոչինչ բաց չթողնեմ: Ու այդ պահին ես զգում էի Աստծո ներկայությունը: Ես հավատում եմ նրա մեծ զորությանը:

Երազանքս կատարվեց: Վերջապես ես տեսա Էջմիածինը:

Դա այն մեծ երազանքն էր, որ երկար տարիներ պահել էի սրտիս մի անկյունում՝ սպիտակ քողով ծածկված:

Աստված թևեր տա բոլորիս երազանքներին:

Արձակուրդ, ծանոթություն, ուրախ ժամանց

«Վերջապե՜ս… Այսօր կվերջացնեմ պարապմունքներս ու, մեկ ամիս արձակուրդ:  Անհավատալի՜ է ,- այսպիսի մտքերով վեր կացա անկողնուցս և պատրաստվելուց հետո  գնացի վազելու»:

«Հիմա տասին կգնամ պարապմունքի, մեկ էլ` չորսին: Չորսինը արագ կանցնի»,- վազելու ժամանակ մտածում էի ես:

Մենք պարապմունքի գնացող երեխաներով հաշվում էինք, թե քանի րոպե, քանի վայրկյան է մնացել մեր արձակուրդին:

Առաջին պարապմունքս վերջացրեցի:

- Երեխեք, մնաց 2 ժամ, կամ` 120 րոպե, կամ` 7200 վայրկյան,- ասացի ես,-ինձ թվում է` արագ կանցնի:

-Ինձ համար հավասար են երեքն էլ,- ասաց Ֆելիքսը:

- Իսկ ինձ համար կենսաբն ավելի արագ է անցնում,- ավելացրեց Լաուրան:

-Հա լավ, երեխեք, արագ քայլեք: Ես «նարկոտիկ» եմ ուզում,- ասացի ես և սկսեցի վազել:

Լավ, կատակ եմ անում: Մենք պարապմունքից հետո գնում ենք խնձոր ուտելու: Այդ ուտելը, կարելի է ասել, արդեն սովորություն է դարձել, կամ էլ կախվածության պես մի բան, ամենօրյա ծես` պարապմունքից հետո ծառից խնձոր քաղել և ուտել, իսկ հետո գնում եմ տուն:

-Լավ, Մերի, բեր` մի բան նայենք, որ ես մեկ ժամից էլի պարապմունքի եմ,- դիմեցի ես քրոջս:

Մենք ֆիլմն ընտրեցինք, և երբ սկսեցինք նայել, իմ հեռախոսը զնգաց:

-Իմացան` ֆիլմ ենք նայում, նախանձեցին, հա՞,- դժգոհեց քույրս:

-Մաման ա,-ասացի ես և միացրեցի հեռախոսը,- Հա, մամ, լսում եմ:

-Քեռին զանգեց: Արդեն հասել են: Ասաց` «Ես ինչի՞ չես երեխաներին Շամշադին բերել: Բա ես գիտեի, թե այստեղ են` ուզում էի տեսնել»: Իրենք երկու օր են մնալու Շամշադինում: Ուղարկե՞մ ձեզ իրենց տուն:

-Հըլա հարցնո՞ւմ ես: Ես իմ քեռիին վերջին անգամ հինգ թե վեց տարի առաջ եմ տեսել: Իսկ քեռուս տղային ընդհանրապես չեմ տեսել:

-Լավ, դե հավաքեք ձեր իրերը:

Զանգեց, ներսումս ամեն ինչ խառնեց ու անջատեց: Քեռին եկել ա, ուռռա… ուռռա… ուռռա… Հետաքրքիր ա, ի՞նչ տեսք ունի եղբայրս`Հովսեփը: Ոնց եմ ուզում տեսնել նրանց…

-Արդեն ուշանում եմ: Ես գնամ` դուք խելոք հավաքեք ձեր շորերը, ես կգամ ու կդնեմ ճամպրուկի մեջ: Լավ ես գնացի,- հրահանգեցի ես քրոջս և գնացի պարապմունքի:

Ամբողջ ճանապարհին ժպտում էի: Ժպտում ու թռվռում: Հասա պարապմունքի և տեսա, որ դեռ ոչ-ոք չի եկել: Լավ, տասը րոպե դեռ կա: Կսպասեմ:

-Սվետ,- ձայն տվեցի ինձ հետ պարապմունքի եկող ընկերուհուս, որ առանձին կանգնած էր:

-Վայ, չէի տեսել: Իսկ ինչո՞ւ ես այսքան ուրախ,- հարցրեց Սվետան:

-Քեռիս է եկել Ռուսաստանից: Հինգ-վեց տարի չեմ տեսել: Համ էլ, քեռուս տղան`եղբայրս էլ է եկել նրա հետ, իսկ եղբորս առաջին անգամ եմ տեսնելու:

-Նորից բարև ձեզ,-ասաց մեզ մոտեցող մեր մյուս ընկերուհին`Լաուրան:

-Լար, Մանեն այսօր առաջին անգամ եղբորն է տեսնելու,- շտապես տեղեկացնել Սվետան:

-Նո՞ր ա ծնվել,- մի քիչ ձեռք առնելով հարցրեց Լաուրան:

-Հա, նոր: Բայց քսան տարի առաջ:

-Ու դու երբեք չե՞ս տեսել,- զարմացավ Լաուրան:

-Ոչ, չեմ տեսել, առաջին անգամ է եկել Հայաստան, բայց վաղը կտեսնեմ:

Այսպես խոսելով բարձրացանք պարապմունքի:

Արդեն սկսվել էր պարապմունքը, երբ ես նայեցի ժամացույցին: Ավարտին մնացել էր մեկ ու կես ժամ, կամ` 90 րոպե, կամ`5400 վայրկյան:

-Երեխաներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք, ո՞նց սկսեմ խոսակցությունը Հոսիկի հետ (եղբորս դեռ մանկուց այսպես են դիմում) հետ: Ի՞նչ ասեմ:

-Դե, կգնաս կկանգնես դիմացը և կասես`«Մանե»:

- Չեմ դիմանա, կսկսեմ ծիծաղել:

Այսպես անցավ պարապմունքը:

Մնաց մեկ րոպե կամ 60 վայրկյան: Եվ վերջ, արդեն «մտանք արձակուրդ»…

…Եկավ արձակուրդի առաջին օրը: Ահա հասնում ենք Բայղուշ, Բվաձոր, կամ էլ Եղնիկասար:

-Էն քեռին ա: Նայեք,- բացականչեց Մերին:

Հուզվում եմ: Էսա` սիրտս դուրս կգա իր տեղից:

-Քեռի՜ ,- կանչեցի ես և գրկեցի նրան:

-Մանե, այս ինչքա՞ն ես մեծացել,- զարմացավ քեռիս:

-Հարսի՜կ,- հիմա քեռուս կնոջն են փաթաթվում:

-Վայ, Մանե ջան,-ասաց և գրկեց ինձ:

-Բարև,-ասացի ես Էլենին` քրոջս:

-Привет,- պատասխանեց նա ինձ:

-Осик, иди сюда, я вас познакомлю,-ասաց քեռակինս ռուսերենով: Չլինի՞ եղբայրս հայերեն չգիտի…

-Մանե,- ասացի ես և մեկնեցի ձեռքս:

-Հովսեփ,- լուրջ դեմքով պատասխանեց եղբայրս և սեղմեց իմ ձեռքը:

Մտավախությունս տեղին չէր: Երկուսն էլ հայերեն շատ լավ են խոսում:

Անցավ երկու ժամ, երեք ժամ…

-Իսկ ո՞ր կուրսում ես, Հոսիկ:

-Արդեն ավարտեցի չորրորդ կուրսը: Աշխատում էլ եմ:

-Օհո: Իսկ որտե՞ղ:

-Հիվանդանոցում: Իմ մասնագիտությամբ,- եղբայրս բժիշկ է դառնալու:

-Դու լավ երգում էլ էիր, չէ՞,- քեռուս պատմածները հիշեցի ես:

-Այո: Իմ ստուդիան էլ ունեմ: Ինձ այնտեղ Օսկար են ասում:

-Դե, քո երգերից միացրու` լսենք:

Երգեր լսելով անցավ մեր ժամանակը: Իզուր էի անհանգստանում, թե ինչպես ենք շփվելու ծնված օրից իրար չտեսած իմ զարմիկների հետ: Այնպիսի տպավորություն էր, ասես ճանաչում ու շփվել էինք իրար հետ միշտ: Սիրում եմ նրանց շատ-շատ: Ու նաև ուրախ եմ, որ վերջապես տեսա:

Ամառը Ճամբարակում

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Էսօր կիրակի է, չէ՞, ուշադիր եղեք. աղբի մեքենան, որ գա, լսենք,- մեր շենքի գրեթե բոլոր բնակարաններում կիրակի և չորեքշաբթի օրերին օրը սկսվում է այս խոսքերով: Բոլորը թողած իրենց գործերը, սպասում են «ձերդ գերազանցություն» աղբի մեքենային:

-Մա՜մ,-սկսում են երեխաները գոռալ բակից, հարևանները  մեկը մյուսի դռները ծեծելով իջնում են, հետո բակում մի քիչ «ոտները կախ գցում», իրար հայտնում վերջին նորությունները, պայմանավորվում, թե ով ում տուն պետ է գնա սուրճ խմելու:

Մեքենան գնում է, իսկ երեխաները շարունակում են իրենց կիսատ մնացած խաղերը.

-Ես մի պաս ունեի:

-Չէ, արդեն փչել ենք:

-Խարդախ եք խաղում, դե լավ, ոչինչ, արդարությունը միշտ էլ հաղթում է… Հոպ, էլի պաս բռնեցի, տեսա՞ք, ասում էի, չէ՞,-այսպես ոգևորված երեխաները խաղում են «գործնագործ»… Կամ` «կռուգավիկ», կամ`«բադեր և շներ»: Անվանեք խաղը, ինչպես ցանկանում եք:

-Լավ, գնանք ֆուտբոլի դաշտ, արդեն տղերքը հավաքված կլինեն…Տեսա՞ր ոնց երեկ 13:2 հաշվով հաղթեցինք: Էսօր պատասխան խաղ  են պահանջել,- որոշում են մեր բակի տղաները, որոնց թվում նաև եղբայրս է, ով ամեն անգամ իրենց ֆուտբոլային աստղաբաշխական հաշիվները ասելիս,  թվում է, թե բասկետբոլի  խաղի հաշիվ է ասում:

Քիչ անց բակ է իջնում մեր շենքի ամենասիրունիկ աղջիկներից մեկը.

-Էլե՞ն, ես ի՞նչ ես սիրունացել,- հարցնում եմ նրան, ով թվում է դժգոհ այն փաստից, որ բակի տղաները գնացել են ֆուտբոլի դաշտ, դատարկված բակում երեխա էր փնտրում:

-Ուզում էի համերգ ցույց տալ, բայց բոլորը գնացել են,-  դժգոհ պատասխանում է Էլենը և վազում տուն:

Օրը շարունակվում է իր հունով ընթանալ: Մեծերից ոմանք բրդերը հանել են ու պատրաստվում են «չփխել», ոմանք ձմեռվա համար պահածոներ են փակում, ոմանք զբաղված են տնային մյուս գործերով, իսկ երիտասարդները սպասում են երեկոյան զովին, որ գնան մի քիչ զբոսնելու:

-Սյուզ, բարև, գալի՞ս ես դուրս,- զանգում եմ ընկերուհուս:

-Ուզում եմ գալ, բայց մերոնք ասում են, որ կրակոցի ձայներ է գալիս, չեն թողնում,-պատասխանում է ընկերուհիս:

Բայց այդ հանգամանքն էլ ինձ ու մյուս ընկերուհիներիս չի ստիպում նստել տանը: Մենք սահմանամերձ գոտում ենք ապրում` Ճամբարակում, և սահմաններից լսվող կրակոցներին, ցավոք, վարժվել ենք: Հավաքվելով պայմանավորված վայրում, սկսում ենք առաջին հերթին իրար հարցուփորձ անել, թե ով է լսել կրակոցների ձայները:

-Լավ, եկեք թռվռալով ու կոր գծեր գծելով քայլենք, որ թշնամին չկարողանա նշան բռնել,- ծիծաղելով առաջարկում է Լաուրան: Բայց առաջարկը ընդունվում է բավական լուրջ համաձայնությամբ:

-Ախ, երանի ձեռս մի ավտոմատ լիներ ու այ, հիմա սահմանին լինեի… Ես էդ դիպուկահարին ցույց կտայի…,- բորբոքված ասում է Մանեն, իսկ մենք նայում ենք իրար ու ծիծաղում, քանի-որ բոլորս սպասում էինք Մանեի կողմից նման արձագանքի:

Թողնելով այդ խոսակցությունը, սկսում ենք զբոսնել, և մեր քայլերը ակամայից տանում են Ճամբարակի միակ զբոսայգին: Հետո խոսելով անցնում ենք Ճամբարակի  արդեն անգիր արած նույն փողոցներով: Ամեն ինչ նույնն է, միայն խոսակցության թեմաներն են տարբեր: Համարյա տարբեր:

Ահա արդեն ուշ երեկո է: Կրկին հանդիպելու ակնկալիքով բաժանվում ենք:

Մտնում եմ շենքի շքամուտք, և նոր թխած հացի հոտը սկսում է շոյել հոտառական օրգաններս: Սկսում  եմ  բարձրանալ աստիճաններով, հույս ունենալով, որ բույրի վերջին կայարանը կլինի մեր տունը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի