Meline Hayrapetyan

Խաղաղ առավոտների պատրանքը

Լույսն անշտապ բացվում էր այնպիսի խաղաղությամբ, ասես աշխարհում ամեն բան իր տեղում էր, կարծես բոլոր շունչ ունեցողներն ու դրանից զրկվածները այդ առավոտ արթնանալու էին երջանիկ թեթևությամբ։

Այնքան համոզիչ էր պատկերը, որ ես կատարյալ մոռացության էի տվել այն փաստը, որ այսպիսի մի վարակիչ խաղաղությամբ էր րոպե առ րոպե բացվել նաև, օրինակ, 1889թ.-ի ապրիլի 20-ը, երբ Վերին Ավստրիայի մի անիծյալ անկյունում՝ աշխարհում հարյուր հազարավոր ուրիշ մանուկների պես իր աչքերը բացեց Ադոլֆ անունով ու չարագուշակ ազգանունով այդ ժամանակ դեռ իր կարճատև անմեղությունը ապրող մեկը։ Երևի այդ առավոտ ինձ նման մի երազող խաղաղության մասին նույն հեքիաթն էր ներշնչել իրեն՝ գաղափար իսկ չունենալով, որ հենց այդ պահին բացված զույգ անմեղ աչքերը անթարթ հաճույքով դիտելու էին հեղինակային մի կոտորած։ Հետո շղթայակապ օրենքով նման խաղաղություններ էլի շատ կրկնվեցին, ասենք՝ 1914 թ. հուլիսի 28-ին։ Այդ առավոտ ոչ մի մարգարե չէր կռահում, որ ամառային գեղեցիկ օրը հետո, պատմության մեջ մտնելով, սերունդների մոտ սարսուռ է առաջացնելու՝ իբրև առաջին «համամարդկային խաղի» սկիզբ։ Հետո գարնանային նոր կյանք ազդարարող հանգստությամբ բացվելու էր 1915թ․ ապրիլի վերջին տասնօրյակի չորրորդ օրը՝ նորից ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, որ այդ հանդարտ առավոտվա երկինքը ժամեր անց ականջ է դնելու հազարների ճիչերին։ 1937թ․, 1939թ․, 1945թ․․․․ Շարքը շարունակելը ցավալիորեն երկար կտևի։ Մոլորակի պատմության բոլոր արյունոտ ամսաթվերին նախորդել են խաղաղ ու գեղեցիկ առավոտները։ Այդ օրը, այդ պահին, սակայն, ես այսքանի մասին չէի մտածել ու ոչ մի առավոտ էլ չեմ մտածել, հակառակ դեպքում վեր կենալու ու օրը ապրելու ցանկությունը իսկույն կմեռներ։

Արդեն կատարյալ լուսացել էր։ Խաղաղության մասին մտքերով քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Այն բացելու ու խաղաղությունը ներս խոթելու մի անդիմադրելի ձգտում ունեի։ Դեռ չգիտեի, որ գալու է մի ժամանակ, երբ ամեն եկող օրվա հետ ես ցանկանալու եմ ավելացնել դռների քանակը՝ դրանք երբեք չբացելու երազանքով։ Դա այն ժամանակ էր լինելու, երբ ես լիարժեք ճանաչելու էի աշխարհը ու նրա կեղտից պատսպարվելու հուսահատ փորձեր էի մտածելու։

Դուռը բացելուց հետո, անմիջապես, ուշադրությունս գրավեց անսովոր մի ձայն։ Կանգնած իմ պատրանքների խաղաղության մեջ՝ հայացքով սկսեցի փնտրել դրա հեղինակին, ու կարճատև որոնումներս հայացքս ուղղեցին դեպի բակի խորքը, որտեղ անհիշելի ժամանակներից բանտված մի բարեկամ ունեինք՝ սպիտակ ու մեծ շունը։

Երկաթե շղթան կոկորդին ամրացված՝ նա աղերսագին իր զույգ աչքերով ուտում էր խիղճս։ Երկար ժամանակ բթացած իմ պատասխան հայացքն էլ կանգ էր առել նրա վրա։ Հետո միայն հասկացա, որ հայացքի ու անսովոր իր լացի հետևում ազատության հույսն էր պահել։

Ո՞վ գիտե, երևի ամեն առավոտ ինձ ու բոլորիս նույն այս անօգնական կերպարանքով էր դիմավորել, բայց մենք, խաղաղ աշխարհի պատրանքով տարված, նրա առաջ խղճուկ 2 կտոր հաց էինք դրել՝ ազատության ճիչը խլացնելու անմիտ ցանկությամբ։

Կույր է մարդը իր զույգ գունավոր աչքերով։ Այնքան կույր, որ վայրկյաններ առաջ կարծել էր, թե աշխարհն իր երջանկության րոպեներն է վայելում։ Բայց ինչպե՞ս է նման բան հնարավոր, երբ նրա բնակիչներից թեկուզ մեկին երկաթե շղթան արգելում է շնչել։

Նայում էի պատկերին ու չէի կարողանում ներել ինձ ու բոլորին, ովքեր ազատ ապրել էին մեկի քթի տակ, ով զրկված էր դրանից։

Հիմա, երբ խեղճ այդ էակը գրավել էր ուշադրությունս, պարզորոշ նկատում էի, թե որքան էր մեծանում աչքերի թախիծը, երբ տեսադաշտում հայտնվում էր ուրիշ մի շուն՝ առանց կոկորդ ցավեցնող շղթայի։

Նայում էի աչքերին ու դրանցում տեսնում աշխարհի բոլոր բանտվածների խտացված վիշտը։

-Պապ, ինչի՞ բաց չենք թողնում էս խեղճին,- հայացքով շանը ցույց տալով սկսում եմ,- թող մի քիչ էլ ազատ ֆռֆռա։

-Իրա համար կապված ա, էլի,- անթաքույց անտարբերությամբ պատասխանում է հայրս, որին պատկանում էին շան պաշտպանի, դատավորի ու դատախազի միաժամանկյա դերերը։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով նա էր վճռել, որ խեղճն իրավունք չունի ազատ ապրելու։

-Բայց ընդհանրապես տրամաբանական չի, չէ՞, պա՛պ, բոլոր հարևանների շները ազատ են, ինչի՞ ա հենց մեր Դանին բացառություն (շանը Դանիել անունն էինք տվել, չնայած՝ հետո շոկային բացահայտում եղավ ու պարզվեց Դանիի՝ իգական սեռին պատկանելը, բայց շնորհիվ Մաշտոցի՝ այդ հարցը լուծվեց նրա անվանը վերջից ընդամենը ա տառն ավելացնելով… և վերջ, Դանիելլան կնքված էր)։

-Ինչի՞ ես խորացել, հենց Դանին ա բացառություն, որովհետև հենց ինքն էր մի քանի ամիս առաջ հարևանի էրեխու վրա հարձակվել։ Վտանգավոր ա։

Դանին չարություն էր արել ու մարդկային օրենքներով պատժվելով՝ զրկվել ազատությունից։ Բայց կա արդյոք գոնե մեկ երաշխիք, որ մյուս ազատ շները ինչ-որ մի օր չեն անի չարություն, կա՛մ արդեն չեն արել, կա՛մ հենց այս պահին չեն անում։ Այդ դեպքում թող բոլորը իրենց շների վզին նման մի ծանրաքաշ շղթա փաթաթեն ու ինձ ազատեն հոգի հանող այդ անհավասար տեսարանից, Դանիին ազատեն իր ու իր նմանի ծայրահեղ տարբեր կենսաձևերից։

-Պա՛պ, արի ազատենք, հա՞, Դանիին։ Հաստատ էլ վատ բաներ չի անի։

-Ի՞նքն ա ասել, որ չի անի,- լուրջ դեմքով հարցնում ա պապան էնպիսի տոնով, ասես րոպե առաջ իր համար իմաստ չստացած էդ խոսակցությունից ազատվել է ուզում։

-Խոսք ա տվել, Դանին էլ իրա խոսքի տեր տղա ա,- հակահարված եմ տալիս ես՝ Դանիի աղջիկ լինելու հետ էդպես էլ չհամակերպված տոնով։

-Լավ,- իր բնավորության համաձայն չի կարողանում ինձ մերժել հայրս ու հետո ավելացնում ժպտալով,- բայց եթե քեզ հոշոտի՝ էլ չեմ խառնվելու, որովհետև Դանին իրա խոսքի տեր տղա ա։

Շուտով սկսվեց Դանիի արդարացման ու ազատման գործողությունը։ Ինձ թվում էր, որ մոլորակը իր ծնունդից մինչև այդ պահը երբեք նման գեղեցիկ տեսարանի ականատեսը չէր եղել։

Շղթաներից ազատվելուն պես անբնական մի ցատկով դուրս պրծավ իրեն տհաճ պահեր պատճառած օթևանից։ Հետո էլ երբեք չտեսա նրան այդ կողմերում։ Անձրև, ձյուն, անտանելի շոգ․․․ Կարևոր չէր, բնության ոչ մի ճնշում նրան չտարավ իր նախկին տունը։ Գերադասում էր թրջված ու արևահարված իր ազատությունը։

Մի օր էլ այն պահին դուրս եկա տնից, երբ Դանին բակի անկյունում իր սպիտակ թաթերով հողն էր փորում։ Երկար հետևեցի տեսնելու համար, թե ինչ կա մտքին..․ և ինչ՝ փորած հողի կողմն էր քարշ տալիս շղթաները, որով կապված էր եղել երկար ժամանակ։ Հետո տեղավորեց դրանք հողի տակ ու արագ-արագ ծածկեց հողը։

Դանին թաղեց անազատության իր կապանքները, որ էլ ոչ ոք չկարողանա բանտել իրեն։

Հիմա նա ազատ է ու թեև ամեն օր իր բարձր թռիչքով օդից պոկում է մորս փռած լվացքն ու աստվածային անեծքների է արժանանում, բայց մենք բոլորս ուրախ ենք, որ Դանին էլ ազատ է մեզ պես, որ մենք չենք ամաչում նրա մոտ մեր ազատության համար։ Չարություններ անելիս էլ անգամ մեզնից ոչ ոքի մտքով չի անցնում, որ կարելի է նրան նորից զրկել ազատությունից։

Մի միտք խելագար պտույտով տակնուվրա է անում գլուխս։ Մտածում եմ՝ որքան հրաշալի կլիներ ամեն բան, եթե մոլորակի վրա գտնվող բոլոր բանտված էակները վերստին գտնեին իրենց ազատությունը նույնքան հեշտությամբ, որքան Դանին։

Պաշտպանները համոզեին դատավորին, որ մեղադրյալն էլ երբեք չարություն չի անի (ինչպես ես էի համոզում) դատավորը հավատար դրան ու մեղադրյալի ձեռքերը ազատեր երկաթե շղթաներից (հորս նման), իսկ մեղադրյալն էլ՝ պահելով խոստումը, իսկապես էլ երբեք չարություն չաներ (ինչպես Դանին)։ Անգամ լվացք չպոկեր։

Այդ ժամանակ միգուցե առավոտները բացվեին ոչ թվացյալ երջանկությամբ։

 

Դեկտեմբեր, 2019

 

marat sirunyan

Մշեցոնց գյուղի լեգենդը՝ Գեթոն

Ճամփի կեսին իր տեսածն ու հոր պատմածները հիշեց Գեթոն, աչքերը պեծկլտացին, սիրտը կատաղությունից ճզմվեց, արյունը եռաց երակներում, ու դրանք փքվեցին պայթելու աստիճան, ինչից նրա տեսքն ավելի ահարկու դարձավ, ատամները կրճտացնելով մի կերպ զսպեց իրեն։

-Սարիբեկ, դո՞ւ լը զիմ մտկին իս։

-Երևի,- նույն մտահոգությամբ մռայլ պատասխանեց Գեթոյի առջևից գնացող միջահասակ երիտասարդը։

-Ըսոնց միտք ծուռ ի, զիմ սիրդ լավ բան չի վգայե․․․

Որդնավից Ղարալ տանող լեռնային արահետի վրա էին, ճանապարհին սկիզբ կար, վերջը՝ չէր երևում։
1918 թվականն էր՝ ռուս-թուրքական պատերազմի առաջին տարին։ Թուրք երկու- երեք ասկյար եկան Որդնավ ու պահանջեցին, որ գյուղի երիտասարդները խմբվեն ու գնան իրենց հետ՝ իբր ինչ-որ աշխատանք կատարելու։ Նույնը կրկնվեց երկրորդ անգամ, ու հենց այդ խմբի մեջ էլ հայտնվեցին Սարիբեկ ու Գեթևան Այվազյանները՝ երկու հորեղբորորդիները։

-Սարիբե՜կ, քիշի՞ս 15 թվին իմա՞լ․․․
-Քիշի՜մ,- Գեթոյի հարցը բերանում թողած պատասխանեց Սարիբեկը։
-Թուրք ուր կաշին հազար տագ լը փոխե, էլի նույն թուրքն է․․․ Էն վախտ սաղ թողին, հմգը՝ գուզին տեղ հանին․․․ ,- ատամների կրճտոցից օդը խեղճացավ։
-Մդկինըդ ըսե,- Գեթոյին լավ ճանաչելով առանց ավելորդ ժամանակ կորցնելու հարցրեց Սարիբեկը։
-Սարիբեկ, քու ձեն խորոդ է, քու երգով հառաջուծ էրտծողներուն խաբար ղրգե, թե Գեթոն կսե՝ հենց նշան իդանք, հասնին ու դեմուծ էրտծող ասկյարին գեդնին զարգին, ես լը եդնուց էրտծողին, որ փրգվինկ․ թե չէ՝ մըր շապատն ուրպատից լը շուդ գիկա։

Սարիբեկը մի պահ լռեց, ապա որքան ձայնալարերում ուժ կար երգեց․

-Մեզի տանին «վար ու ցանի»,
Խոպը զարնվավ ժեռ քարի։
Գեթոն կսե՝ Էս ի՞նչ զուլում,
էգավ, դիբավ, մըր ջանին։

Հառճի շարկեն էրտծող դղեք,
Հենծ որ նշան ձզի տանք,
Հասեկ, բռնեկ հառճի շանը,
Մենկ՝ եդինի հախեն գանք․․․

Առաջին շարքից պատասխան եկավ․

-Թե որ Գեթոն մզի հեդ է,
Մենք վախնալու բան չունինք:
Էնոր ուժին ժեռ քար, թե լեռ,
Դիմանալու ճար չունին․․․

Մոտ 22-ամյա մշեցի Գեթոն ամենքին էր հայտնի իր ուժով․ եզան լուծը, որ եզը հազիվ էր քարշ տալիս, նա ձեռքում ճիպոտի պես էր շարժում։ Նրա մասին լեգենդներ էին հյուսվում․․․

Մի փոքր էլ գնացին ու մի հարմար տեղում Գեթոն նշան տվեց, թե ժամանակն է։ Նույն պահին առջևից գնացող երկու տղամարդիկ հարձակվեցին իրենց առաջնորդող ասկյարի վրա, նրան խեղդեցին, զենքը վերցրին ձեռքից ու գլորեցին սարն ի վար, իսկ այդ նույն պահին Գեթոն վերջից եկող երկու ասկյարին տապալեց ու մի հսկա քար տեղից պոկելով գլորեց նրանց վրա։ Հետո փոխարեն փախչելու, շարունակեցին ճամփան՝ դեպի Ղարալ, ուր էլ տանելու էին իրենց։ Իրենք փրկվեցին, բայց դեռ գործն ավարտված չէր․ չէ՞ որ իրենցից առաջ մի խումբ տղամարդկանց էլ էին տարել։ Նախ պետք էր հասկանալ՝ նրանք ո՞ղջ են արդյոք, թե ոչ, ապա մտածել՝ ինչպես ազատել նրանց։ Դրա միակ տարբերակը՝ գնալ այնտեղ, ուր կարող էին նրանց տարած լինել, իսկ այդ տեղի մասին նրանք իմացել էին թուրք ասկյարների խոսակցությունը լսելով։

Գնացին-գնացին ու հասան լեռան գագաթին՝ «Ղարալվա գլուխ» կոչված տեղին, որտեղից ամբողջ գյուղը երևում էր։ Թաքնվեցին ու սկսեցին հետևել գյուղի շարժին։ Սպասեցին մինչև երեկո, ու արդեն պարզ էր, թե որտեղ էին մյուսները։ Մնում էր միայն հասկանալ, թե ինչպես պետք է ազատեին նրանց․ զենք կար, բայց ախր, դա դեռ պետք է կարողանային գործածել․․․ Մինչև թեժ քննարկում էր գնում՝ ինչ անել ու ամենքն իր հերթին, թե դրանից դուրս մի բան էր ասում, նկատեցին, որ Սարիբեկը լուռ է, իսկ Գեթոն չկա․․․

Գեթոն միայնակ իջել էր այն ախոռը, որտեղ թուրքերը պահում էին հայերին։
Ախոռը երկու հոգով էին հսկում՝ մեկը մուտքի մոտ էր, մյուսը՝ հակառակ կողմում։ Վերջինս մութն ընկնելուն պես մեջքը դեմ էր տվել ախոռի պատին ու երազներով էր տարվել, դրա համար էլ Գեթոն նրա կողմից մոտեցավ ախոռին, ու այդ պահին ասկյարի արթնանալն ու հավետ քուն մտնելը մեկ եղավ։ Հետո բարձրացավ կտուր, այնտեղից էլ մի ցատկով գետնին փռեց մուտքը հսկողին։ Դուռը կոտրեց ու ներս մտավ։ Գյուղացիները տեսնելով նրան, սկսեցին ուրախ բացականչել, սակայն Գեթոյի սաստող հայացքը բոլորին զգաստացրեց: Ախոռում փակված գյուղացիներն էլ հաստատեցին թուրքերի ոչ բարի մտադրությունների մասին։ Ու շտապ, բայց անաղմուկ դուրս եկան բոլորն ու շարժվեցին դեպի սարը։ Երբ հասան մյուսներին, ուրախության կանչերին զուգահեռ Գեթոյի հրահանգով սկսեցին բացականչել․

- Ռուս գյա՜լ դի, ռուս գյա՜լ դի․․․,- զուգահեռ օդ կրակելով՝ ասկյարներից խլած զենքերից։

Քիչ անց մթի մեջ լսվեց թուրքերի սարսափած աղաղակները, որ մի-մի ճրագ առած այս ու այն կողմ էին փախչում՝ լսելով, թե ռուսը գալիս է․․․

Այսպիսով Գեթոյի շնորհիվ փրկվածներն ու նրանց սերունդները հաստատ համոզվեցին, որ թուրքի խոսքին թեկուզ դարեր անցնեն, չի կարելի հավատալ։ Իսկ Գեթոյի ուժն ու քաջությունը սերնդեսերունդ անցնելով չմոռացվեց։

Հ․Գ․

Սա իրական պատմություն է, որն ինձ է հասել պապիս՝ Սարիբեկ Այվազյանի որդի Գրիշա Այվազյանի միջոցով, ում էլ պատմել է իր հորեղբայր Ավագը։

Երգը, որով Սարիբեկը նշան էր տալիս, իրականում եղել է այլ, սակայն, ցավոք այն չի պահպանվել, այդ պատճառով իրապատման մեջ եղածը հորինեց նրա ծոռը՝ ես․․․

Որդնավ գյուղն այժմ Լոռու մարզի Ջրաշեն գյուղն է, Ղարալը՝ Կաթնաջուրը։

Մայիս, 2017թ

anahit ghazakhecyan nor

Գնալ քեզնից, լքել ինձ

Ես գիտեմ, որ վաղն առավոտյան քայլելով կգնամ ինձ ամենամոտ կանգառը, կփոխեմ երկու երթուղային, կհասնեմ ու կգրկեմ մարդու, ում տեսնելը ընդամենը այդ երեք գործողությունն է: Կարճ, կոնկրետ: Անհնար՝ ոչինչ: Ես նաև գիտեմ, որ մեր սպասվելիք հանդիպումներն արդեն կարող եմ հաշվել մատներիս վրա ու գիտակցում եմ, որ վերջին մատները էդպես էլ չծալված կմնան: Ես լաց եմ լինում: Մեկ-մեկ արցունքներով, իսկ ավելի հաճախ՝ մտքում. էդպես էլ է լինում:

Քանի օր է՝ ասում եմ, կրկնում եմ մտքումս, գրում եմ ինչ-որ տեղ, սկսում եմ «թույլ տուր չսիրել քեզ» տողը՝ դիմելով երկրին, որտեղ ապրում եմ: Չեմ շարունակում:

***

-Թույլ տուր՝ երբ ապտակում ես ինձ, ուժ գտնեմ մյուս այտս պարզելու,- ասում եմ ես հերթական անգամ՝ մայրաքաղաքիդ ամենահերթական փողոցներից մեկն անցնելիս, երբ մարմնիս մի ծայրից մյուսը կոտրված եմ, երբ ամբողջ ձայնով ինչ-որ բան եմ գոռացել ականջիդ, բայց չես լսել, չլսելու ես տվել:

Բայց էսօր էլ չեմ կարող, լուրջ եմ ասում: Էսօր քայլում էի Կոմիտասի պողոտայով ու լաց լինում, մտքումս ինչ ասես ասում էի քեզ, շրթունքներս թեթև շարժվում էին՝ «չեմ սիրում քեզ»-ն արագ ու համարյա անձայն արտասանելով:

«Ինչո՞ւ»,- զարմացած կնայեիր դեմքիս, եթե մարմին լինեիր ու թաշկինակ կառաջարկեիր:

Ես մաքրում եմ աջ աչքս, ձեռքով ուղղում եմ ունքերս՝ ըստ սովորության, արցունքները, մեկ է, գնում են աչքերիցս, էլի ըստ սովորության.

-Մոտ ընկերս լքում է քեզ: Չնայած լքել բառում էնքան անհուսություն կա: Կարելի է ասել՝ նա թողնում է քեզ, հեռանում է քեզնից, վեր է կենում ու գնում, որոշել է մեկնել: Իսկ լքում է ինձ: Դրա համար առանց քո թույլտվության ես «չ» եմ ավելացնում զգացմունքիս առաջ:

***

Թույլ տուր լինել ու մնալ: Հենման կետ տուր ինձ: Քեզնից գնացել ու գնում են նրանք, ովքեր կիսում են բոլոր հիշողություններս: Քեզնից գնում են էստեղ-էնտեղ, բայց ինձ են թողնում: Քեզ հավերժ հրաժեշտ են տալիս՝ օդանավակայաններում մի ծովաչափ լաց լինելով, իսկ մենք մի կարգին հրաժեշտ էդպես էլ չենք ունենում: Իրար գրկում ենք, ասում ենք՝ գնալուց առաջ նորից կհանդիպենք, ասում ենք՝ լաց չլինես: Լաց չլինես: Կարծես թե հեշտ է: Չենք գնում վերջին հանդիպումներին, որովհետև դա պիտի ծանրանա մեր ներսում, պիտի կուտակվի ու երբեք չկորչի:

Ընկերս գնում է: Ես իրեն չեմ մեղադրում, ես իրավունք չունեմ:

Դու ինձ մի մեղադրիր: Դու իրավունք չունես ինձնից սեր պահանջելու:

***

Օդանավակայան: Հրաժեշտ: Ես այս ամենը լավ գիտակցում եմ: Վերջին գրկախառնություն: Վարագույր: Վարագույրի հետևից՝ լացի խզզոց: Փոխադարձ մեղադրանքներ: Ինքնաթիռները օդ են բարձրանում:

Սրբում եմ արցունքներս: Նայում մայրաքաղաքիդ իմ՝ 5-րդ հարկի պատուհանից:

Գլխով ես անում, ասում ես՝ կարող ես չսիրել: Ասում ես՝ ամեն օր թռչող ինքնաթիռներն իմ թույլտվությունն են:

Կարող եմ:

***

Երկուսս էլ չենք հավատում:

Նոյեմբեր, 2017

Margarita Khazaryan

Ապագան ուսուցիչների ձեռքերում

Մի օր մենք իսկապես կկարողանանք քաղաքակիրթ ու խելամիտ հասարակություն ունենալ։ Օրերից մի օր մենք փայլուն հաղթանակներ կունենանք բոլոր ոլորտներում։ Այդ օրն անկասկած կգա, եթե մենք մի օր սովորենք գնահատել նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են սերունդներ դաստիարակելու գործին։ Մենք լավ մասնագետներ ու լավ մարդիկ կլինենք, եթե գիտակցենք, որ աշխարհում ամենապահանջվածն ու ամենակարևորը հենց ուսուցչի մասնագիտությունն է։ Եթե մենք սովորենք հարգել ուսուցիչներին և նրանց ծախսած էներգիան ու տարիները, մենք հզոր ու անպարտելի ազգ կդառնանք։

Բայց նախքան կգա այդ օրը, մենք այժմ ստիպված ենք ապրել մի հասարակության մեջ, որտեղ ապագա մանկավարժներին ծաղրում են, փորձում կոտրել, պնդում են, որ ուրիշ մասնագիտություն պիտի ընտրի կամ ընտրեր. սովորական դասատու է դառնալու, ամսական հիսուն հազարի հույսով պիտի գոյատևի, թող գնա, ծրագրավորող կամ դիվանագետ դառնա։ Նորաձև մասնագիտություններ են, ասում են։ Վերջերս իմացանք նաև, որ յոթանասունհինգ հազար դրամ աշխատավարձ ստացողները նորմալ կրթություն չեն ստացել։ Սա ասվում է այն դեպքում, երբ մեր ուսուցիչներից շատերը հենց այդքան են վարձատրվում։ Հեգնա՞նք, վիրավորա՞նք, ինչպե՞ս անվանենք այս երևույթը։

Ես, իհարկե, չեմ ցանկանում արժեզրկել ոչ մի մասնագիտություն, բայց չեմ կարող նաև թույլ տալ, որ նսեմացնեն ուսուցչի դերն ու կատարած աշխատանքը։

Ազգին փրկողները իրենց մասնագիտությանն ու առաքելությանը նվիրված ուսուցիչներն են։ Իմ բախտը բերել է, և ես ունեցել եմ նման ուսուցիչներ, բայց պետք է նաև ընդգծել, որ ոչ բոլորի բախտն է բերում։ Շփում ունենալով Հայաստանի տարբեր մարզերում ուսում ստացած մարդկանց հետ՝ հասկացել եմ, որ կան նաև ուսուցիչներ, ովքեր հենց իրենք են իջեցնում ուսուցչի վեհագույն կերպարի կարևորությունը։ Պարզվում է, որ գյուղերից մեկում վեցից ութերորդ դասարանի աշակերտները չգիտեն նույնիսկ այբուբենը։ Ցավալի է, չէ՞։ Իհարկե, դուք կարող եք ասել, որ պատճառը հավանաբար այն է, որ այդ երեխաները չեն սովորում կամ սովորել չեն կարողանում։ Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք կարողացել այբուբենը սովորել յոթօրյա ճամբարում։ Հարց է առաջանում. կան չսովորող երեխանե՞ր, չհասկացված, չբացատրված դա՞ս, թե՞ անուշադիր ուսուցիչ։ Ես ընդունում եմ, որ դպրոցում տրվող գիտելիքների ողջ պաշարը բոլորի համար հասանելի չէ։ Այստեղ կարևոր է նաև մտավոր ունակությունների, հիշողության գործոնը։ Բայց նորմալ, առողջական խնդիրներ չունեցող երեխաների՝ հայերեն տառերը գրել չիմանալը ինչպե՞ս արդարացնենք։

Թող նրանք խորապես չիմանան բոլոր առարկաները, բայց գոնե տարրական գիտելիքների պետք է տիրապետեն, չէ՞։

Ցավոք, մենք ունենք նման ուսուցիչներ, որոնց գերագույն նպատակը տանը նստած չմնալն է։ Ի՞նչ կարևոր է՝ երեխաներին ինչ-որ տալիք ունի ինքը, թե ոչ։ Այո՛, կան նաև այսպիսի ուսուցիչներ։

Բայց կան նաև ուսուցիչներ, ովքեր իրենց գոյությամբ աշխարհն ավելի լավն են դարձնում, ավելի բարի ու գեղեցիկ։ Ինքնատիպ ուսուցիչներ են, ովքեր և՛  գիտելիքներով են փայլում, և՛ իրենց մարդ տեսակով։ Մեզ հենց նրանց նման ուսուցիչներ են պետք։ Եվ մենք կունենանք, էլի կունենանք այդպիսի ուսուցիչներ։ Ուսուցիչների նոր սերունդ է գալու, որոնք դուրս են գալու բոլոր ստանդարտներից և ապացուցելու, որ չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան մանկավարժինը։

Ի վերջո այն, որ աշակերտները դասը չեն լսում, դա միայն աշակերտի մեղավորությունը չէ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ երեխաները ռոբոտներ չեն, ովքեր զուրկ են մտքերից ու հույզերից։ Երեխաներն էլ ունեն իրենց խնդիրներն ու կարիք՝ խելամիտ խորհուրդների ու հասկացված լինելու։ Կարևոր է լինել ոչ միայն առարկայի, այլև կյանքի ուսուցիչ։ Ուսուցիչ, ով կկարողանա հասկանալ աշակերտի հոգեբանությունն ու անհրաժեշտության դեպքում կփակի մատյանն ու կխոսի աշակերտի սրտից։ Այդ բաց թողնված դասը հետո էլ կարող ենք լրացնել, բայց երեխայի թույլ տված սխալները գուցե և անդառնալի լինեն։

Մեզ պետք են աշակերտներին և իրենց մասնագիտությունն իսկապես սիրող, աշակերտների մեջ տարբերություն չդնող և մտքեր չսահմանափակող ուսուցիչներ։ Եվ ես հույս ունեմ, որ մեր այդպիսի ուսուցիչների քանակը օրեցօր մեծանալու է։

Վճռորոշ քայլ է ուսուցիչ դառնալու որոշում կայացնելը։ Չգիտեմ՝ ապագան ինձ որ կողմ կտանի, բայց եթե ես ուսուցիչ լինեմ, ապա պիտի գիտակցեմ, որ ես ունեմ հնարավորություն՝ գիտակից ու հայրենասեր սերունդ դաստիարակելու, հայոց լեզվի և գրականության հանդեպ սեր ու հոգատարություն սերմանելու։ Եվ այդ հնարավորությունը սխալ օգտագործելու դեպքում ես՝ որպես մասնագետ, կհավասարվեմ զրոյի։ Ես երբեք ուսուցիչ չեմ դառնա, եթե վստահ չլինեմ, որ մտնելու եմ դասարան` որպես սիրված, երեխաներին հասկացող, իր կոչմանն ու առաքելությանը լիարժեք նվիրված ուսուցիչ։

Իմ առջև կան լավ ուսուցիչների օրինակներ, և ես կփորձվեմ նմանվել նրանց, եթե ուսուցիչ դառնալու պատվին արժանանամ…

Syazanna Kharatyan Lori

«Հեսսեն ինձ քանդեց ու ասաց. «Դե հիմա ինքնուրույն հավաքիր քեզ»

Մոտ 3 տարի է, ինչ Լիաննա Պուլուզյանը սոցիալական հարթակում տեղադրում է իր կարդացած գրքերն ու պատմում սիրելի հերոսների մասին, առանձնացնում մեջբերումներն ու քննարկում գրքի ժանրերը, այլ կերպ ասած, նա բուքբլոգեր է։ «Էջը սկզբում որպես բլոգ չեմ դիտարկել, այն ինձ համար մի վայր էր, որտեղ պահում էի կարդացածս գրքերը»,- ասաց նա։ Կարճ ժամանակում Լիաննան կարողացավ լսարան ձևավորել ու արդեն էջին այլ մոտեցում ցուցաբերել, այսօր  ունի 26000-ից ավելի իրական հետևորդ ու գրքերի պահանջարկ ունեցող մեծ լսարան։ Սովորելով համակարգչային գիտությունների բաժնում երբեք չի ցանկացել, որ  մասնագիտությունը լինի հումանիտար  ուղղությամբ, որովհետև գիրք կարդալը հոբբի է, իսկ, եթե նա պարտավորված որևէ գիրք կարդար ինչ-որ ժամկետում` կհիասթափվեր։ Բուքբլոգինգով զբաղվելու ընթացքում Լիաննան բնագրից թարգմանել է Ջո Նավարոյի «Եղիր բացառիկ» գիրքը։

Թարգմանելու առաջարկը ստացել է խմբագրությունից, որտեղ աշխատել է գրքերի մարքեթինգի, կոնտենտի ստեղծման և նոր հրապարակվող գրքերի խմբագրության վրա։ «Մի քանի անգամ մերժել եմ առաջարկը, որովհետև կարծում էի` չեմ կարող, բայց մի օր համարձակություն հավաքեցի և համաձայնեցի մեկ հատվածի վրա աշխատել, հավանություն ստանալուց հետո ամբողջ գիրքը թարգմանեցի»,- ասաց նա։ Այժմ այլ գրքեր թարգմանելու առաջարկ ունի, որի մասին դեռևս չի ցանկանում բարձրաձայնել։

Թե քանի գիրք է ընթերցել, դժվարանում է նույնիսկ մոտավոր նշել, բայց բոլոր կարդացածներից առանձնացնում է Հերման Հեսսեի «Դեմիան» ստեղծագործությունը։

«Գրքի մասին միշտ դժվարանում եմ խոսել ու կարծում եմ, երբեք էլ չեմ խոսի, բայց իմ գիտակից կյանքը բաժանվում է «Դեմիանից» առաջ ու հետո։

Այն, ինչ ես կամ հիմա, այս գրքի շնորհիվ է։ Հեսսեն ինձ քանդեց ու ասաց.

-Դե հիմա ինքնուրույն հավաքիր քեզ»,- մեջբերեց Լիաննան։

Կյանքի տարբեր փուլերում նա տարբեր է, ու դրա պատճառով դժվարանում է իրեն որևէ կերպարի նմանեցնել. Վերջերս կարդացի «Ուտել, Աղոթել, Սիրել» գիրքը ու սարսափելի նմանություն գտա իմ ու հերոսուհու միջև, երբ նա Իտալիայում էր. շարունակությունը չկարդացի»,- նշեց բլոգերը։ Գիրքը կիսատ թողնելն ունի իր պարզաբանումը. «Այնտեղ հերոսուհին երեք երկիր է այցելում ու երեք բան փնտրում կյանքից.

Իտալիայում նա հաճույք էր փնտրում, ինչը համընկավ իմ` այս տարվա նպատակի հետ։ Ես ինձ խոստացել էի այս տարի ուղղակի երջանիկ լինել, վայելել ժամանակը ու դադարել սպասել, որ մի օր լավ կլինի։ Այդ պահին միայն այդքանի կարիքն ունեի. մնացածը չհետաքրքրեց»,- ասաց Լիաննան։ Նա հաճախ գրքերը կիսատ է թողնում` նորից վերադառնալու ակնկալիքով. «Հիմա ավելի հստակ գիտեմ` ինչ եմ փնտրում։ Ու երբ զգում եմ, որ գիրքը համապատասխան չէ, կիսատ եմ թողնում` հետո կարդալու մտքով»։ Իր ստեղծագործական գործունեության մասին ասում է. «Ես գրում եմ այնքան, ինչքան այսօր ցանկացած մարդ։ Համացանցը բոլորիս հնարավորություն է տվել գրելու, լսելի դառնալու, բայց այն, ինչ անում եմ հիմա, ինստագրամի սահմաններից դուրս գալ չի կարող։ Ես գրքի գրող չեմ»,- ընդգծեց բլոգերը։ Բլոգին աշխատանքի նման է վերաբերվում, քանի որ  անհնար է համարում ժամանցը համատեղել իր գրաֆիկի հետ։ 2 տարի իրեն ոչ ոք դեմքով չի ճանաչել, վերջին շրջանում է հանրայնացնել իր ով լինելը։

«Ու բլոգն ինձ համար դարձավ այցեքարտ. Ինձ շատերն են ճանաչել բլոգով, ու հետագա շատ աշխատանքային առաջարկներ ստացել եմ այդպես»,- նշեց նա։ Իրեն ճանաչված մարդ չի համարում, թեպետ հաճախ անծանոթները բարևում են, խոսում, ինչի պատճառով երբեմն իրեն անհարմար է զգում, չկողմնորոշվելով` ինչպես արձագանքել։  Եթե իր կյանքը գիրք լիներ, հարմար վերնագիր չի կարողանում ընտրել, բայց հեղինակը կլիներ Հենրի Լի-ին, որը հորինված կերպար է։

«Երբեք չդադարեք երազել, որովհետեւ երազանքը մի օր անպայման իրականանում է, մեր ջանքերի ու հավատքի շնորհիվ»,- եզրափակեց նա։

Լսարանից պատերազմի դաշտ և հակառակը

Նրանց պատմությունները նույնն են, բայց միևնույն ժամանակ, տարբեր ու յուրահատուկ: Նրանց 44 օրը նման էր գրքի կամ ինչ-որ ֆիլմի, որի հաջորդ տեսարանին բոլորս լարված սպասում էինք, և հակառակ բոլոր ֆիլմերի, մենք ուզում էինք, որ այն րոպե առաջ ավարտվի:

Այս ֆիլմում էմոցիաները տարբեր էին, բայց մեկ նպատակի համար դրանք դարձել էին այնքա՜ն նույնը…  Իսկ որտեղի՞ց նրանց այսքան ուժ, կամք ու նպատակ ավելին անելու հայրենիքի համար: Հերո՞ս, իսկ միգուցե այս բառը դեռ քի՞չ է նրանց համար:

Գոռը… Հայաստանի ամերիկյան համալսարանի լսարաններից մինչև պատերազմի դաշտ ու հակառակը:

Գոռին բնութագրելիս առաջին բառը պիտի լինի բարությունը, իսկ հետո հայրենիքի համար կյանքը չխնայելու պատրաստակամությունը: Ծառայության անցնելը նրա համար ոչ թե լոկ հայրենքի պարտքն էր, այլ պատասխանատվություն ու սեր առ հայրենիք, որը գործով պիտի ապացուցվեր: «Ամեն ինչի մեջ պետք է դրականն ու լավը տեսնել»,- ասում է Գոռը և աչքերի մեջ թախիծով, բայց ժպիտով ու հպարտութամբ պատմում իր երկու տարիների, և հատկապես պատերազմի մասին:

-Ծառայել եմ Լուսակերտում, հրետանային գնդում, որպես կրտսեր սերժանտ, ապա տեղափոխվել Արցախ, Ստեփանակերտի Ցոր զորամաս: Միշտ մարտական ու պատրաստ ենք եղել ամեն ինչի, անգամ ամենաանհնարինին: Ամեն ինչ լավ էր, բայց

Բայցից հետո, միշտ շունչդ պահած ես լսում, քանի որ այդ պահին շատերի ժպիտն ուղղակի սառել է, շատերը չեն հասցրել անգամ վերջին ջրի կաթիլը խմել… Իսկ շատերն էլ սառել են մի պահ, բայց հավաքել իրենց և սկսել պայքարը հանուն հայրենիքի:

-Բայց սեպտեմբերի 26-ին հրաման ստացանք պատրաստ լինելու, քանի որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել: Անգամ մեկ վայրկյան չենք մտածել հետ նայելու, փախնելու կամ վախենալու մասին: Մեր մտքով նման բան չէր կարող անցնել: Ու հաջորդ օրը  մեր առօրյան նույն կերպ սկսվեց, ու րոպեներ հետո ամեն ինչ փոխվեց, որովհետև այն, ինչ ստեղծվում է տարիների ընթացքում, վայրկյանի մեջ հողին էր հավասարեցվում: Յոթն անց էր, տագնապ, տագնապ ու էլի տագնապ: Կենտրոնացման շրջանում մնացինք 3 օր, ապա Արցախի ամեամեծ գյուղ՝ Հաթերք: Լեռներում ու ձորերում ապրելն ավելի էր մոտեցնում մեզ մեր հայրենիքին: Ապրում էինք այնտեղ ու նրանով:

Ախր, հայրենիքին տերեր պետք չեն, հայրենիքին տեր կանգնել է պետք, իսկ Գոռն այդ պարտականության կրողներից մեկն է: Նա լեռներում ու ձորերում ավելի մոտ էր իր այդքան սիրելի հայրենքին, որտեղ իրականության հետ առնչվելն այդքան էլ հեշտ գործ չէ:

-Երբ որ նայում էինք երկնքին, անդադար լույսեր էին, ու մեկ-մեկ ուզում էիր փակել աչքերդ ու հաջորդ րոպեին, երբ բացես, գոնե մի վայրկյան դու էլ լինես հարձակվողը, բայց չկար մարտական գործողություն, մենք ուղղակի պաշտպանվում էինք: Մեզ պահում էին մեր արած կատակները, հույսն ու հավատը: Շարունակվում էր անվերջ թվացող պատերազմը: Հոկտեմբերի սկզբին տարան Շուշի, զանգեցի եղբորս ու տեղյակ պահեցի, դե կարող ա հետ չգայի, բայց գիտեի, թե ինչի եմ զոհվելու ու պատրաստ էի….

Մենք շատ հաճախ ենք ծրագրեր մշակում մեր կյանքի համար, չիմանալով, թե որ պահին և ինչպես կփոխվի ուղեցույցը: Գոռն ապագա ծրագրավորող է, բայց կմտածե՞ր արդյոք, որ հազարավոր զրոների ու մեկերի խաչմերուկում խաղաղություն է ծրագրելու:

-Շատ ընկերներ կորցրեցի, մոտ ընկերներ….

Ժպտերես տղայի դեմքից միանգամից կորչում է ժպիտը, չէ՞ որ կան թեմաներ, որոնց մասին խոսելիս մենք ինքներս մեր էմոցիանեերը դժվար ենք կառավարում:

-Ականանետը շարքից դուրս էր եկել, ու պետք ա ռացիայի մարտկոց տանեի կես կիլոմետր հեռու: Նման կրիտիկական պահերը մեզնից անպակաս չեն եղել: Էդ ընթացքում ռուս լրագրող մոտեցավ, հաճելի էր, որ կարողանում էի երկրիս պաշտպանի գործին կցված նաև ներկայանալ ճիշտ ու չվախենալ ոչ մի տեսակ արգելքից: Կես կատակ կես լուրջբայց մի փոքր էլ խանգարում էր, որովհետև այդ պահին ականներ էի պատրաստում:

Պատերազմի դաշտից կամ հիշողություններ են գալիս, կամ տղաներ, ովքեր երբեմն թաքցնում են իրենց հույզերը, բայցևայնպես ամուր պահում այն հիշողությունները, որոնք փոխել են իրենց կյանքը:

-Հին փամփուշտներ էինք գտնում Շուշիից ու ոգեշնչվում, հետո հուզվում էինք շատ: Պահ եկավ, երբ հարկ կար գիշերելու գերեզմանոցում: Չէ, դա էնպես չի, որ շատ դժվար կամ ամենադաժան պահերից ա եղել: Շատերս փրկվում էինք, միևնույն ժամանակ մտածելով, որ հերթը մերն ա: Հիշում եմ Հաթերքի հողից պատրաստված տունըԵռաբլուր գնում եմ շատ….

Գոռի երկար դադարն ասում էր ամեն ինչ, չէ՞ որ այն հայրենիքի լռության տունն է, որտեղ միայն դրոշների շշուկներն են, իսկ ծնողները…

-Երազում եմ, որ մի օր երեխաներիս ձեռքը բռնած կգնամ Արցախ ու կպատմեմ, կասեմ, որ ձեր պապան էս հողի համար կռիվ ա տվել, բայց վախենում եմ այն մտքից, որ միայն նրանց կպատմեմ, ու այդպես էլ չեմ կարող կանգնել այն հողին, որը Սրբություն է, որի համար կյանք ու արյուն չի խնայվելԵս անգամ հիմա պատրաստ եմ պայքարել իմ հայրենիքի համար:

Պատերազմը մեզնից կամ տանում, կամ ավելի է ամրացնում այն, ինչ մենք ունեք: Ես էլ, մյուսն էլ, մեկ ուրիշը հեռվում, Գոռը, շատերս, խոստում ունենք, որ ուր էլ որ լինենք, հայրենիքին մենակ չենք թողնելու, ինչ էլ որ լինի: Կրթությամբ ու աշխարհի գիտելիքները մեր տուն բերելով այն դարձնելու ենք այն, ինչի մասին մեր շատ զոհված ընկերները երազում էին:

Պատերազմը փոխել է Գոռին, դարձրել ավելի հոգատար ու բարի, որովհետև հայրենիքը նման կորովով երիտասարդների կարիքը շատ ունի: Այսօր Գոռը շարունակում է իր կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային գիտություն բաժնում: Հայրենիքի համար լավագույն մարդ լինելու համար նա ունի բոլոր տվյալները, նա արել է ամենաանհնարինը՝ չմտածելով անգամ իր սեփական կյանքի մասին, իսկ այժմ նույն պատրաստակամությամբ էլ հասնելու է այն լավագույն մասնագետի բնութագրին, որի կարիքն այսօր մենք՝ հայերս, շատ ունենք…

Այս ֆիլմում էմոցիաները տարբեր էին, բայց մեկ նպատակի համար…

 

Մոշի հետեւից

marat sirunyan

ԷԴ Ո՞ՆՑ ԵԿԱՎ-ԱՆՑԱՎ

Իրական զրույցների հիման վրա

-Իմացա՞ր՝ Սամոն մեռավ։
-Ո՞նց։
-Ո՞նց են մեռնում։
-Հենց էնպես վեր կացավ ու մեռա՞վ։
-Դե՜, հա, էլի։
-Բա խի՞։
-Ապրելը չէր գալիս, մեռավ։
-Գոնե կարգի՞ն մեռավ։
-Դե մեռավ, էլի…
-Է՜, գլխներումդ խելք չկա էլի։
-Էդ խի՞ որ։
-Բա խելքը գլխին մարդը կմեռնի՞։
-Իյա, բա դու չե՞ս մեռնելու։
-Ես հո շաշ չեմ՝ մեռնեմ։
-Բա ի՞նչ ես անելու։
-Ապրելու եմ։
-Էդ ինչքա՞նի հույս ունես, ա՜յ Ապո բիձա։
-Է՜, էս էնքան խոսցրիր, եկար-անցար, հա՞, թո՜ւ․․․
-Տնաշե՜ն, դու զրո էիր, ես՝ իրեք, դառա չորս, դրա անցնելն էլ ո՞րն ա։
-Է՜, որ ասում եմ՝ գլխումդ խելք չկա․ դու նարդուց ի՞նչ ես հասկանում։
-Է՜․․․
-Տո զխկո՜ւն, էդ խելքով էլ ուզում ես քելեխս ուտես, հա՞․․․ Հազար տարի կապրե՞ս։
-Պա՜հ-պա՜հ, հազա՜ր, չէ մի չէ․․․ Գոնե ասեիր՝ հարուր, տնաշե՜ն։
-Հարուրն ի՞նչ ա․․․ Հարուր եմ էլի, հա՜-զա՜ր․․․
-Դու կապրես, կապրե՜ս․․․
-Բա աչքի թայն էլ չե՞մ հանի․․․ Է՜, որ ասում եմ՝ նարդի խաղալ չգիտես․ աչքս թարթեցի, թե չէ՝ կրիր, է, հետո՞․․․
-Դե լա՜վ, դարդ մի արա․․․ Կաղնու չափ ապրելու ես, հետո, ո՞վ գիտի, մի էդքան էլ կաղնու պես պառկած կապրես, ոնց էլ չլինի էդ ընթացքում մեկին կհասցնես հաղթես։
-Բերանդ խեր բաց արա, օղո՜ւլ, ի՞նչ պառկել, կարգին պիտի մեռնեմ՝ քնեմ ու չզարթնեմ․․․
-Բախտավորությու՜ն․․․
-Գնացի․․․

***
-Բարի օ՜ր, տղե՜ք, էս ի՞նչ լավ գործի եք։
-Աստծու բարին, ոնց որ միշտ՝ զառ ենք գլորում։
-Բա էս Ապո բիձեն ո՞ւ րա, երեկ կրեցի, էլ սիրտ չի՞ անում գա։
-Ո՜նց, չե՞ս իմացել, ա՛յ տա։
-Ի՞նչը։
-Մեռա՜վ․․․
-Ո՞նց` մեռավ։
-Ո՞նց են մեռնում։
-Բայց ուզում էր ապրեր, խի՞ մեռավ։
-Է՜հ, ո՞վ չի ուզում․․․
-Գոնե կարգի՞ն մեռավ։
-Դե հա էլի՝ մեռավ․․․

2017/06/04

anahit ghazakhecyan

Ասելիք` ցպահանջ

Աշխարհում
էնքան ուրվական կա.
գալիս, մնում են մեջս,
քաշ չունեն,
բայց ծանրությունից քիչ ա մնում
շունչս փչեմ:

Էնքան ուրվական կա.
անտարբեր, մոխրագույն,
կանաչ հայացքով,
երեքշաբթի օրերին
թափառող:

Տատիկն ասում ա՝
շորդ հանի, մարդու վրա
ինչ-որ բան կարել չի կարելի:

Չեմ հանում:

Կարելի ա, տատ:
Ոչ թե մենակ շոր կարել, տատ,
մարդուն կարելի է
ուրվականակապ անել,
մարդուն խաբել ա կարելի, տատ,
մարդուն կարելի է միտք տալ
ու գրիչը ձեռքից վերցնել,

Տատ, մարդուց գողանալ էլ ա կարելի,
պոկել,ուզում ես հավատա, ուզում ես` չէ,
բայց սպանելն էլ ա արդարացում գտնում,

տատիկ,
կասես՝
հա՞:

Հա, կարելի ա էդ էլ, տատ.
անտեսելով,
ապրելու հենակ չտալով,
ստեղծելու հնար չթողնելով,
դե կարելի ա, տատ: Ի՞նչ կա որ:

-իրիկունը աղբ թափել չի կարելի,-

էլի կրակն ես ընկնում, տա՛տ

Ասում եմ՝ հիմա չի կարելին
կրճատվել,
սեղմվել ա մի քանի պատվիրանի,
մի քանի դիմացող օրենքի մեջ.
չ տառը տեղի ա տալիս:
տատ, մի բան ասե՞մ.

հիմա սիրել ա կարելի:

-Վա՜յ, էդ ո՞նց…ամոթ չի բա՞:

-Ամաչել չկա, տատ:

-Սիրելու համար շուտ չի՞:

-Սիրելու համար մենակ ուշ ա լինում, տատ:

Տատ, էդպես մի նայիր էլի:

-Մեր ժամանակ ուրիշ էր…

հա, տատ, ուրիշ էր:

Ատամները սրած ժամանակ էր, տատիկ,
խելքը գլխին
սիրելը մեղք էր,
դու պապիկին կարգին չես էլ ճանաչել, չէ՞:

Գիտեմ,
հիմա սիրելու ժամանակն ա,
իրար ճանաչել ու սիրելուց հետո
չսիրել էլ ա կարելի, տատ:

Բանաստեղծություններ գրել ա կարելի,
տարբեր մարդկանց մասին գրելը ներվում ա,
հիմա ուզում ենք հասկանալ
Մայակովսկու աննորմալ սերը,
ուզում ենք արվեստից չամաչել:
հիմա Մանոն Լեսկոն, կարծեմ,
դպրոցի գրադարանավարը թարս-թարս նայելով չի տալիս:

(Աշխարհում էնքան ուրվական կա-

ու ինձ մեկ-մեկ թվում ա՝

հերթով մեջս ապրել են:

Քեզ էլ ա թվում, տա՞տ:)

Տատ, այ տատ,
վերնաշապիկիս կոճակը ընկել ա,
կկարե՞ս,
ասեղը թելել եմ, տատ,
չէ,
չեմ հանելու,
շտապում եմ,
ուշանում եմ սիրելու ժամանակից, տատիկ…
ուշանում եմ, ուշանալ չի կարելի, տատ,

էդ մի բանը

չի կարելի…

 

 Jul 3, 2016 @ 13:27