Պատերազմի ու իմ հերոսների մասին

Թվում էր, թե սովորական  կիրակի օր էր սեպտեմբերի 27֊ը: Տան գործեր, դասեր, ինտերնետ, հարազատներ։ Թվում էր… Սովորության համաձայն, արթնանալուց հետո հեռախոսս եմ ձեռքս վերցնում, facebook֊ի նորությունները թերթում: Այս  առավոտը ուրիշ առավոտ էր, տարօրինակ զգացողություններով։ Ընկերուհիս բանակում ծառայող ընկեր ուներ, նկատեցի, որ մի քանի անգամ զանգել է: Մտածեցի երևի մեր ամենօրյա հեռախոսազանգերից է, որոշեցի` հետո կզանգեմ։ Մտա իմ էջ  ու երանի այդ նյութերը չկարդայի…

Մեզ մանկուց ասել  են, որ ամեն ինչից թանկ Հայրենիքն է, եթե չլինի մեր երկիրը` չենք լինի նաև մենք, ու հա, ես շատ եմ սիրում մեր երկիրը:

Հանգամանքների բերումով, մենք ապրում ենք Ռուսաստանի Դաշնությունում, բայց ապրում հայի ոգով ու ավանդույթներով: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ շատ մեծ դժվարությամբ եմ  համակերպվել այս կյանքին` ընկերներից, հարազատներից ու հայրենիքից հեռու։ Կարդալուց միանգամից հետո գոռացի. «Պա՜պ, կարդացե՞լ ես, որ Արցախում պատերազմ ա, Նարեկը, պապ …»

Նարեկը ավագ եղբայրս է, ով մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր Հայոց բանակում։ Նարեկը փոքր հասակից սիրում էր ռազմական կյանքը, դպրոցական տարիքում հաճախել է «Պատանի  Երկրապահ» ակումբ, ուներ կրտսեր սերժանտի կոչում, 8-րդ դասարանից հաճախել է Տիգրան Մեծ-ի անվան ռազմամարտական հատուկ վարժարան։

Զգացի, որ լռություն է: Արագ հագնվեցի, դուրս եկա սենյակից ու տեսա, որ հայրս տխուր ու լարված լուրերն է լսում։

Հարցրեցի.

-Պապ, Նարե՞կը, բա: Իրենց մոտ էլ ա՞ կռիվ,- անհամբեր սպասում էի, որ մի բան կասի:

-Արևիկ, քիչ հարցեր տուր,-մի քիչ ջղայնացած պատասխանեց նա,- ես էլ քո պես տանն եմ։

Շատ նեղացած հետ գնացի իմ սենյակ։ Անկեղծ ասած, լարված իրավիճակ էր տանը, ոչ մի բանի հավես չկար։ Հեռախոսը ձեռքիս էր ամբողջ օրը, ու նորից ինձ զանգ եկավ: Ընկերուհիս էր։ Մեղավոր զգալով վերցրեցի հեռախոսը, ու սկսեց լացելով պատմել, որ զանգ չի գնում, տուն չի զանգել, ոչ մի նորություն չկա ընկերոջից։ Ես իմ վախերով ու լարված լինելով փորձում էի հանգստացնել իրեն, որ կռիվ է, երևի կապ չկա, երևի հեռախոս չունեն ու լիքը նման  պատճառներ: Հետաքրքիր է, չէ՞, իմ ներսում մեծ վախ ու տագնապ կա, բայց ես հանգստացնում եմ իրեն։ Խոսեցինք, մի քիչ թեթևացավ: Նորից գնացի պապայի մոտ, ամեն նոր բան կարդալուց պապային էի ցույց տալիս, կամ պապան էր ամեն 20 րոպեն մեկ հարցնում՝ ի՞նչ նոր բաներ եմ կարդացել։ Մենք Նարեկի մասին լուրեր էինք իմանում տատիկիս ու քույրիկիս միջոցով, ովքեր նույնպես ապրում էին Հայաստանում։ Ամեն խոսելուց պապան ասում էր.

- Քիչ մնաց, մամ, գործս ավարտեմ` մի քանի օրից անպայման գալու եմ։

Տատին էլ մեծ հույսով, բայց վախեցած ձայնով, պատասխանում Էր.

- Աստված մեծ ա: Վաղը հուսանք` լավ օր կլինի, կարիք չի լինի գաս: Երեխեք, ընտանիք ունես, իրանց ո՞ւմ հույսին ես թողնելու։

Չեմ կարող նկարագրել, թե ինչ քաոս էր մեր տանը: Ամեն հեռախոսազանգից մենակ լսում էի, որ պապաս գնում ա, ու հաստատ պետք ա տեսնի իր միակ որդուն, որ եթե իր հետ մի բան պատահի…

Անցավ մեկ շաբաթ: Ամեն օր նույն վատ լուրերը, լաց, քաոս, անորոշ իրավիճակ։ Դասի էի, մտա տուն, փոքր քույրս վազեց դռան մոտ ու կամաց ականջիս փսփսաց.

-Պապան վաղը գնում ա պատերազմ: Ես չեմ ուզում, վախենում եմ։

Պապաս առաջին անգամ չէր գնում պատերազմ, ու շատ ենք լսել պատերազմի մասին։ Երևի թե չհիշեմ մի օր, որ մեր տանը չհնչի Հայաստան անունը։

Նեղված, համարյա լացելով, ասացի.

- Հանգստացի, լավ կլինի: Պապան միշտ իր խոսքը կատարում ա,-ու մտա սենյակ: Նստած էին բոլորը։

Պապան խոսում էր հեռախոսով, քույրերս վախեցած ու լացելով նստած էին սենյակում… Ե՞ս, ես էլ ի՞նչ: Միշտ փորձում էի պապայի մոտ հանկարծ չլացել, որ իրեն վատ չզգա: Առանց էն էլ շատ տխուր էր: Ես էլ սկսեցի լացելով պապային մոտենալ…

-Պապ, բա մե՞նք։

- Արևիկ, մի սկսի, էլի: Լավ կլինի, իմ աղջիկ: Դուք բոլորդ իմ երեխեքն եք, բայց իմ միակ տղեն հիմա մահ ու կյանքի կռիվ ա տալիս, հասկանո՞ւմ ես: Պատերազմը ձեր համակարգիչների ու հեռախոսների միջի կռիվ խաղերից չի: Մի բախտ ա,  մի   շանս: Ես չեմ կարա մնամ, տղուս պետք ա հասնեմ։

-Հասկանում եմ, պապ, ես քեզ շատ եմ սիրում,- լացելով ասացի ու գրկեցի պինդ։

Հումորը չէր կորել պապայի.

-Դե լավ, էլ մի կեղծավորություն արա: Հեսա գնամ, ջղայնացնող չի լինի էլ։

-է, պապ,- նեղացած գնացի սենյակ։

Էդպես ամբողջ օրը նույն քաոսն էր: Տեսած կլինեք, որ կոնֆետներ, ուտելիք էին ինչ֊որ գրվածքներով ուղարկում մեր զինվոր տղերքին։

Հիշեցի, որ ժամանակ կա մինչև վաղը: Մենք էլ կարող ենք պատրաստել: Քրոջս հետ արագ հագնվեցինք ու գնացինք խանութ։

Արդեն տանն էինք, մաղթանքներ էի պապայից հարցնում, որ գրենք, ասում եմ.

-Պապ, գրե՞մ` Մանուկյան Նարեկին քույրերից, կամ` չէ, չէ, Մանուկյաններից` Նարեկին։

Պապան մի տեսակ թարս նայեց  ու ասաց.

-էդ զիզի-բիզի, թիթիզ բաները վերջացրեք ու անուն առանձին չգրեք: Ինձ համար սահմանում բոլորը  հավասար են: Սաղ էլ իմ տղերքն են, սիրուն չի, Արև: Մի ուրիշ լավ բան գրի։ Մտածեցի, որ իրոք, ճիշտ էր, իմ ու քո չկար, մեր ու ձեր չկար. բոլորը մերն են։

Արդեն երեկո էր: Պապայի ընկերներն էին գալիս-գնում: Երբ բոլորին ճանապարհել էինք, պապայի պայուսակն էինք դասավորում ու, ամենակարևորը ինձ համար կոնֆետներն էին: Րոպե մեկ ասում էի՝ չմոռանանք։

Նստած խոսում էինք, պապան.

-Խելոք կմնաք, դասերին ուշադիր եղեք, մամային կլսեք, որ նեղացնողներ լինեն` հոպարին կզանգեք ու ամեն հարցով հոպարին կդիմեք։

Լռություն էր: Տխուր ու լարված իրավիճակ: Չգիտեի՝ ինչ ասել, սիրտս լիքն էր.

- Պապ, բայց կգաս չէ՞, հաստատ:

- Բա ոնց, բալես, գալու եմ անպայման, չվախենաք, ցավդ տանեմ։

Լացելով գրկեցի պապային: Այդ մի քանի օրը շատ էի պապային գրկում ու ասում, որ շատ եմ սիրում: Պապան էլ գրկում էր երկար ու հետո մի կատակ անում անպայման։

Արդեն ուշ ժամ էր: Պապան հերթով ուղարկեց քնելու: Գիշերը պետք  է գնար, քույրերս «բարի գիշեր» ասացին ու գնացին քնելու: Մաման էլ ասաց, որ ձայն կտա պապայի գնալուց: Ինձ էլ ուղարկեցին, բայց քունս չէր տանում: Լաց էի լինում  միայն, բայց թաքուն, որ պապան չնկատի։

Գնալու ժամն էր մոտենում, պապան պատրաստ էր, զինվորական գրքույկն էր կարևորը ու անձնագիրը, ձեռքից ցած չէր դնում։ Մենք լուռ հետևում էինք մամայի հետ, գրկել էինք իրար: Պապան նստեց, ասաց, որ ուրախ լինենք` տղու մոտ ա գնում, իր երկիրը պահելու ա գնում, ու բացի էդ, ճանապարհ գնացողի հետևից չեն լացում։ Ամեն օր ուզում էի ասել, որ ես էլ եմ ուզում գալ, բայց հասկանում էի, որ կջղայնանա, ու չէի ասում։

-Պապ, գոնե կարա՞մ  գամ, քեզ ճանապարհեմ հոպարի հետ,- գիտեի՝ ինչ էր պատասխանելու, բայց հույսով սպասեցի պապայի խոսքին։

-Չէ, Արև, դասի եք վաղը: Մնա տանը` տնեցիքի մոտ, կռիվներ չանեք, խելոք մնացեք, մինչև գամ հասնեմ, բալես։

Լուռ էի, որովհետև պապայի որոշումները չէր քննարկվում։

Հոպարս հասավ, դուրս էին գալիս արդեն, պապայիս ընկերներն էլ էին եկել, մեր ավանդույթի համաձայն, չէի մոռացել ջուրը, դողացող ձեռքերով ջուրն էի պահել։

Քույրերս հրաժեշտ տվեցին լացելով: Ես արդեն հուզվել էի, մամայի հերթն էր, ու վերջապես եկավ իմ հերթը…

-Պապ, մի գնա, էլի, խնդրում եմ։

-Չեմ կարա, մի սկսի, Արև, մի լացի, ասել եմ, չէ՞` գալու եմ։

-Հա, պապ, դու միշտ ասում ու անում ես, չմոռանաս։

Գրկեց, ինքն էլ, ես էլ լացում էինք: Հազիվ բաց թողեցի պապային, ու շարժվեց մեքենան։

Անցան օրերը, ժամերը: Մեր տանն ուղղակի քաոսից ավելի վատ էր իրավիճակը։ Հաց չէր ստացվում ուտել առանց պապայի ու առանց իր հումորների, չէինք կարողանում քնել, կարոտ էր տիրում տանը։

Մի քանի օր էր, ինչ Հայաստանում էր, բայց կամավորագրվել էր ու շատ զարմանալի կերպով հենց Նարեկենց մոտ գնացել։

Ամեն նոր ցուցակում Մանուկյան ազգանունն էի ման գալիս, վախենալով ու սրտի դողով։

Երբ շանս էի ունենում պապայի հետ խոսելու, սիրտս ուրախություն էր զգում։

Միշտ իմ` բարև պապա, ո՞նց ես, պապ ջան-ը ժպիտ էր տալիս պապային։ Հոպարը խոստացել էր, որ պապային զանգելուց ինձ կկանչի, որ խոսեմ, եկել էր էդ օրը։

-Բարև, պապ ջան, ո՞նց ես:

Ծիծաղում էր, մեկ էլ.

-Բարև, Արև, բա ո՞ւր ա մուննաթդ,-շարունակում էր ծիծաղել։

Ես միշտ բարևելուց կոպիտ հնչող ձայնով եմ բարևում բոլորին ու երկարացնում վերջավորությունները։

-Աաա… Լավ էլի, պապ, էլի ձեռ ես առնում,-մուննաթով պատասխանեցի ես։

-Լավ եմ, իմ աղջիկ, դուք ո՞նց եք: Պատմի կարճ նորությունները։

Նարեկը կողքին էր.

-Բարև, քուրս, ո՞նց ես, նեղացնող չկա՞։

Չեմ կարա ասեմ՝ ինչ էի զգում իրենց հեռու լինելուց, բայց իրենց հոգատարությունից` երևի երջանկություն։

Ամեն խոսակցության վերջում Նարեկս ավելացնում էր.

-Շատ եմ կարոտում ու շատ-շատ սիրում եմ բոլորիդ։

Պապան էլ, սովորության համաձայն, մի կատակ պետք է ավելացներ.

-Լավ, լավ, հերիք ա ձևեր թափեք, անջատեք։

Նարեկս ու պապաս չդարձան այդ անիծյալ փամփուշտների զոհը, ամեն ինչ լավ է։

Ասեմ, որ պատերազմը փոխեց ինձ, չեմ ասի, թե առաջ չէի լսում պապայիս, բայց հիմա ամեն ինչ իր սրտով պետք է լինի, ու ամեն ինչ պետք է անեմ, որ իրեն երջանիկ ու գնահատված զգա, միշտ ժպտա։

Պատմությանս համար շատ ավելի երկար ժամանակ է պետք, բայց փորձեցի համառոտ ներկայացնել, շատ բաներ էլ չպատմեցի։

Ուզում եմ  ասել,  որ կյանքում երբեք չենք իմանա, թե վաղն ինչ կերպ կդասավորվի, ինչ կլինի, ինչ դժվարություններ կծագեն, ուզում եմ մենք գնահատենք մեր ծնողներին, մեր հարազատներին, մեր ընկերներին: Պատերազմը վառ ապացույց էր, որ միշտ չի մեր ուզածը կատարվում, բայց համոզված եմ, կորցնելու վախը փոխում է մարդկանց, սկսում ենք գնահատել  այն ամենը, ինչն առաջ թվում էր, թե էական չի:

Խոնարհվում եմ մեր Հերոս տղաների մայրերի ու հարազատների առջև, խոնարհվում եմ այն տղաների առջև, ովքեր հիմա սահմանում են ու շարունակում են ծառայել։

Խոնարհվում եմ իրենց ընտանիքները թողած  ու պատերազմ կամավորագրված հայրերի ու իրենց հարազատների առջև։

Թեև հույսը կորցրել ենք բոլորս, բայց ինչպես ասում են` թունելի վերջում միշտ լույս է լինում…

Գնահատե՛նք ու սիրե՛նք իրար, կարևորե՛նք մեր ապրած ամեն օրը:

Rima Sahijanyan

Մեղրաձորի հին հարսանեկան ավանդույթների հետքերով

Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ։ Հայկական գյուղերն այնքան ներփակված են եղել, որ հաճախ հարևան գյուղերի և նույնիսկ նույն գյուղում ապրող, բայց տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեցել են հարսանեկան տարբեր ավանդույթներ։

Հին հայկական ավանդական հարսանեկան ծեսերի հանդեպ հետաքրքրությունս սկսվել է դեռևս  տատիս՝ հարսանեկան հին ավանդույթների՝ «խնամախոսություն», «խոսքկապ», «նշանադրություն», «հղե կտրել», «Հալավօրհնեք», «շորձևքի» մասին պատմող  զրույցներից։ Վերջերս Մեղրաձորի պատմության մասին գրքի ուսումնասիրությունը առիթ հանդիսացավ, և ես որոշեցի գնալ Մեղրաձորի հին հարսանեկան ավանդույթների հետքերով… Կարծում եմ դրանք ձեզ էլ կհետաքրքրեն:

Աղջկատես

Գյուղում «աղջիկ ճարելու» իրավունքը բացառապես պատկանում էր երիտասարդ ամուսնացողի ծնողներին, մասնավորապես՝ մորը։ Ամուսնացողի մայրը, եղբոր կանայք կամ քույրերը աղջիկ էին ընտրում աղբյուրը ջրի գնալիս, եկեղեցում, հարսանիքների  կամ այլ հավաքների ժամանակ։ Երբեմն ավելի մոտիկից ճանաչելու համար որևէ պատրվակով այցելում էին իրենց տները։ Աղջկանից ջուր են խնդրում, որ առիթ ունենան իրեն «լավ զննելու», ասեղ թելել տալիս` ստուգելու համար նրա տեսողությունը, նայում ոտքերը «իլանջուղ» (անբուժելի վերք) չունենա և այլն։ Աղջիկ ընտրելիս հաշվի էին առնում նաև նրա մոր բնավորությունը, համեստությունը։ Դեպքեր են նկատվել, երբ հայրը կամ ավագ եղբայրն առանց նախօրոք տղային տեղյակ պահելու, նշան են տվել իրենց կողմից հավանած աղջկան։ Ընդդիմանալն անիմաստ է եղել։

Հարսնատես

Նշանտուքի հաջորդ օրը փեսան իր մեկ-երկու ընկերների հետ երեկոյան այցի էին գնում աներանց տուն՝ հարսնացուին տեսնելու՝ իրենց հետ տանելով օղի կամ գինի, չրեր, կոնֆետներ ու մի հատուկ նվեր հարսի համար։ Հյուրասիրությունից հետո հարսն ու փեսան հաճախ քենիներից մեկի հետ առանձնանում էին խոսելու։ Հարսը մինչև նվեր չստանար, փեսայի հետ չէր խոսում։ Նվերը կոչվում էր «խոսելա», որը սովորաբար լինում էր ճակատի ոսկի, մատանի կամ այլ արժեքավոր իր։

Շոր կտրեք

Հարսնացուի պսակի զգեստը պատրաստում են փեսայի ծնողները` հաճախ նշանտուքի ժամանակ ստացված նվերների հաշվին։ Այդ նպատակով հավաքվում են բարեկամ կանայք` «շոր կտրելու»։ Երկու կին, որոնք հմուտ են շոր կարելու գործում, գնում են հարսի տուն, վերցնում են նրա չափսերը, վերադառնում ու ձևում շորերը։ Ձևարար կինը մկրատը դնում էր կտորին ու ասում` «մկրատը չի կտրում»։ Սկեսուրը մի նվեր էր տալիս վերջինիս, որից հետո ձևում և իրար մեջ բաժանում էին՝ կարելու։ Վերջին ժամանակներս այս արարողությունը վերափոխվել է և կոչվում է «հարսին շոր առնել»։

Գլուխլվա

Հարսանիքից ութ օր անց հարսի մայրը մի քանի բարեկամուհիների հետ գալիս էր փեսայի տուն` հարսի (աղջկա) գլուխը լվանալու։ Հրավիրում էին նաև փեսայի հարազատ բարեկամուհիներին: Նրանք հանդիսավոր կերպով լվանում էին հարսի գլուխը և վերջում առատ հյուրասիրվում խնամու կողմից։

Գյուղում հարսանիքների ժամանակ մասնակիցներից մեկը փեսայի տուն հասնելիս բակում երգել է.

Թագավորի մեր դուրս արի, տես, թե ինչեր ենք բերե.

Թոնիր վառող ենք բերե, տախտ ավլող ենք բերե.

Կովեր կթող ենք բերե, գլուխդ տփող ենք բեր…

Բացի այս սովորույթներից, եղել են նաև «տաշտատրեք», «միս մորթելը», «հարսանիքի հրավերք», «թագավոր նստել», «շնորհօրհնեք», «հարսնահանեք» ծեսերը։ Կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, արագ փոփոխվում է, և այսօր հին հայկական ավանդական ծիսակարգերը փոփոխվել և արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող երանգ են ստացել։

taguhi aghasyan

Ուզում եմ

Երևույթներն ուշ ընկալելու պատճառով հաճախ դասընկերներս ինձ մի օտար բառով էին կոչում, որի հայերեն համարժեքը «ուշահասն» է: Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ ես ուշահասի պես նոր եմ «քնից» արթնանում:

Այս Նոր տարին, ավելի քան երբևէ, պետք է նոր լինի: Բոլորս պետք է սկսենք նոր կյանք: Ամանորին հնչող բարեմաղթանքներն անպայման կիրականանան, որովհետև այլևս շքեղ սեղանները չեն խամրեցնի բառերի արժեքը:  Փուչիկներով չեմ ուզում զարդարել տունը: Դրանք մի տեսակ «փուչ» են: Ազնվությամբ եմ զարդարելու տունը, որովհետև այն, ի տարբերություն փուչիկի, չի կարող պայթել կամ թսկել:

Տոնածառի լույսերը փոխարինելու եմ բարությամբ, որովհետև բարությունը չի մարում երբեք:

Խաղաղությունն էլ թող փոխարինի հրավառություններին, որ հետո երկինքը «կարկատելու» կարիք չլինի:

Միայն մի բան եմ ուզում նույնը մնա: Ուզում եմ շատ կոնֆետներ լինեն սեղանին, որ բոլորիս նոր կյանքը քաղցրությամբ սկսվի ու նաև… Ուզում եմ դիտենք «Տանը մենակ» ֆիլմը, որն Ամանորի լավագույն խորհրդանիշն է, ու վերըմբռնենք, որ ընտանիքը պետք է սիրել. հայրենիքը սկսվում է հենց ընտանիքից…

«Կենաց» առանց «Ո՜ղջ, առո՜ղջ»-ի

- «Հիմա՛ գոնե մի քիչ ապրենք, քանի դեռ ուշ չի… »

Մայրս սիրում է տարբեր մեջբերումներով լցնել մեր առօրյա կյանքը՝ հատկապես իմը, որովհետև նույնիսկ ի՛նքն իր մեջբերումները երբեմն չի լսում, ու որովհետև ամենից ուշադիր միայն ես եմ երևի շուրջբոլորս հնչող բոլոր բառերը վերցնում ու զտում ներսումս (միգուցե պարապ եմ, դրանից է):

Մտածում եմ, եթե մայրիկիս բոլոր մեջբերումներին հետևեինք, շատ-շատ բաներ այլ կերպ կլինեին: Մի խոսքով, ամեն ինչ միշտ ճիշտ կլիներ, ու նույնիսկ չէինք կարողանա բողոքել:

Մի րոպե, կներեք, ընկերուհիս է զանգում:

-Հաստա՞տ կգաս:

-Հա, գալու եմ:

-Համոզվա՞ծ ես, որ խնդիրներ չեն առաջանա:

- …

- …

-Լուրջ, գալու եմ, ինչ էլ լինի:

- Դե լավ ա, որ տենց ես տրամադրված:

-Հա, երևի…

Հանգամանքները, բախտը, փողը, երկիրը, մեր անտաղանդությունը կամ էդքան էլ կարող չլինելը, սուրճի բաժակի միջի օձը (ոնց-որ թե վատ նշան էր), թուղթուգիրը, վատ մարդիկ, բախտը, գուշակ Մանուշակն ու մի շարք էսպիսի հարմար բաներ, ավելի մեծ դեր ունեն մեր կյանքում, քան մենք ինքներս:

Երբեմն վատ երազի պես տեսնում եմ ինձ՝ամբողջ կյանքում ալարելուց, մի տասն անգամ թուղթուգրված, էդ ջահելների զարգացած մտածելակերպը չհասկացող, մի հատ էլ չընդունող, թոշակից բողոքող ու մեկ-մեկ էլ կողքի հարևանի հետ համեմատվելիս… Հետո ուշքի եմ գալիս ու հասկանում, որ ինչ էլ լինի, չե՛մ կարող էդպիսին դառնալ, որովհետև էդպիսին չեմ (հուսամ):

Տասնյոթն էլ ցրված ու անուշադիր լինելու, էգոիստ լինելու, ականջներն ու աչքերը փակ ապրելու կամ երևակայական կախարդական շարինգան աչքով աշխարհին նայելու ու հրաշքներ գործելու ժամանակը չէ: Արդեն ինքս ինձ վրա շատ աշխատելու և ամենավատը սպասելու ժամանակն է (էդպես երևի նյարդային համակարգս իրեն պաշտպանում է, որ մարդ ես, մի բան լինի՝ չգժվի): Արդեն գիտակցելու, դառն իրականությունը թխվածքաբլիթով կուլ տալու ու իրենց ուզածներից շատ հեռու կանգնածներին հեգնանքով չմոտենալու, վախկոտ չլինելու, մեկ-մեկ ալարելու, բայց բամբասող ու ապերջանիկ, գուշակ Մանուշակի մշտական «կլիենտ» տատիկի մասին վատ երազը տեսնելուց հետո՝ վեր թռնելու ու մի բան անելու, ապագա դժբախտներին փոխել փորձելու ու չկարողանալու, հետո կոմպրոմիսի գնալու, վերջում ամեն ինչի վրա թքելու ու դեմ գնալու ժամանակն է:

Էս թեյիս բաժակով էլ կենացս ասեմ ու գնամ: Խոսք եմ տալիս, երկար չի տևի (խոստումները պահելու ժամանակն էլ է):

Իմ կյանքում, բացի ինձնից, ոչ ոք ու ոչ մի բան մեղավոր չի լինի ապրած-չապրածիս, արած-չարածիս, տեսած-չտեսածիս համար:

Իմ կյանքում չգնահատված մարդ չի լինի, ուշադրություն ու սեր չստացածը չի լինի:

Իմ կյանքում չեն լինի «իսկ եթե»-ներ, «բա, որ»-ներ՝ բեկումնային պահերին:

(Կենացս քիչ-քիչ նմանվում է մոտիվացիոն վիդեոյի սցենարի):

Իմ կյանքում չեն լինի  «Նա կոտրեց ինձ, դրա համար էլ …» , «Դու՛ էիր մեղավոր, որ …»-ներ:

Իմ կյանքում չեն լինի «Ես չէի կարող», «Ինձ մոտ չէր ստացվի» կամ «Ես այդքան ունակ չեմ, որ… » արդարացումներ:

Իմ կյանքում կան ու կլինեն վատ մարդիկ, դժբախտ պատահարներ, կորուստներ, չընդունողներ, ընդիմացողներ, խանգարողներ, դժբախտ՝ «ճիշտ ապրել» քարոզողներ, բարբարոսներ, տարբեր «ճիշտ մտածողներ», որ վստահ են իրենց կարծիքը մյուսին հրամցնելու մեջ: Կլինեն վատ ժամանակներ՝ անտանելի թվացող ու անվերջ թվացող, կլինեն կոտրվելու, միգուցե հիասթափվելու, բոլոր կրքերը կորցրած ու թքած, աննպատակ ու անուրախ գոյատևելու շրջաններ:

Իմ կյանքն իդեալական չէ ու չի լինի, ու միգուցե ես մեկ-մեկ մոռանամ էն ամենը, ինչ հենց նոր գրեցի: Բայց իմ կյանքը չի՛ դառնա ափսոսանքի, մեղադրանքի, սահմանափակումների ու քննադատությունների կույտ ու առավել ևս,  չի՛ ընկնի ինչ-որ մեկի ոտքի տակ ու խանգարի՝ անպիտան դառնալու պատճառով: (Կարծես թե սովորել եմ իրերն իրենց անունով կոչել):

«Ո՜ղջ, առո՜ղջ»-ի  փոխարեն էլ մայրս հաստատ մի լավ բան կասի իր մեջբերումներից:

Իմ կորցրած աշունը

Աշունը… Տարվա բոլոր եղանակներից ամենասիրելին: Ես պաշտում եմ աշունը, գույները, տաք հագուստները, անձրևոտ առավոտները: Այս տարվա աշունը այլ էր: Բոլորիս մոտ այս աշունը պատերազմի հետ ասոցացվեց, որքան էլ փորձենք փախչել թեմայից, միևնույն է, բոլորիս տողատակերում պատերազմն է իր ներկան ստանալու:

Դեռ մեկ տարի առաջ այլ պլաններ կային այս աշնան հետ կապված… Համալսարան, դասեր, նոր շրջապատ, նոր կյանք: Բայց ամեն անգամ, երբ շատ եմ սկսում ամպերում սավառնել, երկինքներում մեկը ապտակում է ու իջեցնում ցած, դառը քմծիծաղով նայում վերևներից:

Գիտե՞ս, ես երբևէ ինձ հայրենասեր մարդ չեմ համարել: Առհասարակ ի՞նչ է հայրենասիրությունը: Սիրել հո՞ղը, որտեղ ծնվել ես, որը պատմականորեն քե՞զ է պատկանում: Իսկ արժե՞ հողակտորի համար այդքան արյուն թափել, այդքան երազանքներ սպանել: Գուցե և արժե, չգիտեմ: Միշտ փորձել եմ հեռու մնալ քաղաքականությունից, բայց բոլորս այդ գրողի տարածի զոհն ենք: Ես պարզապես ուզում եմ խաղաղ ապրել, պարզապես ուզում եմ, որ էլ մարդիկ չզոհվեն, որ էլ երեխաները պայթյունի ձայներից չարթնանան, որ էլ ընկերներս չվիրավորվեն: Ուզում եմ էլ հերոսներ չունենանք, որովհետև իրենց կարիքը չի լինի: Գուցե շատ մանկական են երազանքներս, ու ծիծաղելի նրանց համար, ովքեր «հողի կռիվ» են անում:

Չէ, մերոնց մասին չի խոսքս: Ես լավ գիտակցում եմ, որ մեզ համար սա պարզապես «հողի կռիվ» չէ, այլ ապրելու, ինքնության: Ես լավ գիտակցում եմ, որ Արցախն ու Հայաստանը մեզ համար պարզապես հող չեն, այլ ՏՈՒՆ են:

Աշունը միշտ ասոցացրել եմ մշտական տխուր տրամադրության, սիրուն գույների, ընտանեկան երեկոների, ֆիլմերի հետ: Այս աշունը միայն կարմիրի ու կորստի ցավի հետ ասոցացվեց: Որոշ մարդկանց չհասցրեցինք ասել, թե ինչքան կարևոր են իրենք մեզ համար: Որոշ մարդիկ հիմա էլ չկան՝ որ մենք լինենք: Բայց այսպես արդար չի՝ կյանքը մեկ այլ կյանքի գնով: Արդար չի, որ ընտրության հնարավորություն չտրվեց, ու ես հիմա կամ` մեկ ուրիշի չլինելու հաշվին: Շատ դաժան ես, աշու’ն: Ու անարդար է, որ ես հիմա այստեղ՝ տանը տաք նստած, անպետք տողեր եմ գրում այն դեպքում, որ այնտեղ՝ սահմանին, մեկը պատմության տողեր է գրում՝ զենքով ու արյունով:

Բայց գիտե՞ք, իրենք մեր հողի վրա երբևէ հանգիստ չեն ունենալու: Որովհետև ուրիշի դժբախտության վրա երջանկություն չեն կառուցում: Որովհետև այնտեղ, որտեղ զինվորի արյուն է թափվել, ու այդքան երազանքներ են կոտրվել, որտեղ խաղաղ բնակչություն է սպանվել… Պարզապես տիեզերքը չի կարող այդքան անարդար գտնվել, չի կարող թույլ տալ, որ հանգիստ ունենան:

Ես չգիտեմ, թե ինչ է հայ լինելը, որովհետև ինձ միշտ աշխարհի քաղաքացի եմ համարել: Հայրենիք ասելով միշտ հասկացել եմ այն մարդկանց, ում սիրում եմ: Բայց հիմա մարմնիս ամեն բջիջով զգում եմ, որ պետք է պայքարենք հենց այդ մարդկանց համար:

Ես վատատես չեմ ու գիտեմ, որ ամեն դեպքում հաղթելու ենք: Բայց ի՞նչ արժեք կունենա այդ հաղթանակը: Ի՞նչ սրտով ենք գնալու համալսարան, նստելու այն նստարաններին, որտեղ մի ժամանակ մեր հերոս տղերքն են նստել ու  էլ երբեք չեն նստելու: Էլ երբեք չեն գալու: Չեն գալու…

Նորից գրածս հուսահատ ստացվեց, չնայած վաղուց որոշել էի էլ նման տեքստեր չգրել: Ինչ արած, սա էլ իմ ձեռագիրն է՝ աշնան նման ամպամած, մռայլ:

Այսպիսով՝ այո, իմ աշունը, սիրուն աշունը կորավ անհետ:

Հոր նամակը սահմանից

«Իմ աղջիկ, նորից շտապում եմ…

Շատ էի կարոտել բոլորիդ: Կարոտել էի իմ ընտանիքը, սիրելիներիս, մտերիմներիս… Սիրում եմ բոլորիդ, բայց ես չեմ կարող ավելի շատ չսիրել իմ հայրենիքը։

Ավելի քան 1 ամիս է` մենք նորից պատերազմի մեջ ենք․ ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում հայության դեմ, այն էլ ինչ պատերազմ, թուրք-ադրբեջանաահաբեկչական ոսոխը նորից փորձեց անցնել այս լեռներով, ներս մտնել մեր դարպասներից ինչպես պտտահողմ, ինչպես ամպրոպն ահավոր։ Անցյալ դարերում մեր թշնամին այսքան նենգ ու վայրագ երբեք չէր եղել, բայց գիտե՞ս, մեր 18-20 տարեկան հզոր տղաները իրենց կենսագրության էջերն են շարունակում գրել Հայոց բանակի զինվորական մատյանում, յուրաքանչյուրն ուզում է դառնալ այս հողի առաջին պարիսպը: ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶՆԻՎ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ…

Չէ, ընկճված չեմ, այլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր հզոր բանակը տապալում է թշնամու զորքը: Ոչ մի ժամանակի և ոչ մի երկրի զինվոր չի կարող համեմատվել հայ զինվորի հետ իր քաջությամբ ու հայրենասիրությամբ, որովհետև հենց հայ զինվորի արյունով է թաթախված այս հողը, ամեն քարի ու ժայռի մեջ արյան կանչ կա։

Մենք ոչ մի թիզ հող չենք թողնի թշնամուն:

Ահա թե ինչու եմ շտապում, հայրենի հողը կանչում է ինձ, իմ զինակից ընկերները ինձ են սպասում։

Այսօր բոլորիս վիճակված է լինել անկոտրում և Արցախի զինվորն ու տերը։ Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրենիքից։ Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը կստիպի աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ՊԱՐՏՔ»:

Հաղթելու ենք, որովհետև…

Շուշիի կենտրոնում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքն է, որը ավերվել էր արցախյան ազատամարտի շրջանում և վերակառուցվելուց հետո նորից ավերվել վերջին պատերազմի ընթացքում։ Կողքին Շուշիի շիա-մահմեդական մզկիթն է, որը կառուցվել է տասնութերորդ դարում Գոհար տիկնոջ պատվին, երբ Շուշին դարձել էր Փանա խանի խանությունը, և այն մինչ այժմ պահպանվել է։ Պահպանվել է, որովհետև մենք հարգում ենք մշակույթը, պահպանում ենք այն, որովհետև մենք ճանաչում ենք մշակութային արժեքները և պատմական վայրերը, և կապ չունի` դրանք պատկանում են մեր կրոնին, թե ոչ։ Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ հերոսական մարտով ազատագրելով Շուշին` չենք վերացրել այս մզկիթը, պահպանել ենք այն որպես պատմամշակութային արժեք:

Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ անգույն  անապատ քշված  խեղճ ազգի զավակները ամբողջ աշխարհը իրենց տաղանդով և հայտնագործություններով գունավորել են։

Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ  Հովհաննես Ադամյանը ստեղծել է գունավոր հեռուստացույցը, Ալեք Մանուկյանը` ծորակը, Ջորջ Սիմջյանը` բանկոմատը…

Մենք հաղթել ենք, երբ Հովհաննես Թումանյանը գրել է «Թմկաբերդի առումը», Ավետիք Իսահակյանը` «Աբու Լալա Մահարին», Եղիշե Չարենցը` «Ես իմ անուշ Հայաստանին», Վիլյամ Սարոյանը` «Մարդկային կատակերգությունը», Պարույր Սևակը` «Անլռելի զանգակատունը»։

Մենք հաղթել ենք, երբ Վիկտոր Համբարձումյանը ապացուցել է տիեզերական հայեցակարգը, Ալենուշ Տերյանը` թերմոդինամիկայի կանոնները, Սողոմոն Թեհլերյանը` իր անմեղությունը։

Մենք հաղթել ենք, երբ Կոմիտասը ստեղծել է «Կռունկը», Արամ Խաչատրյանը` «Սուսերով պարը», Առնո Բաբաջանյանը` «Էլեգիան», Շառլ Ազնավուրը` «Լա Բոհեմը»…

Մենք հաղթել ենք, երբ Փարաջանովը ստեղծել էՆռ «Նռան գույնը», Ալբերտ Մկրտչյանը` «Մեր մանկության տանգոն», Ֆրունզե Դովլաթյանը` «Բարև, ես եմ»-ը։

Մենք հաղթում ենք, երբ տարբեր երաժշտական ժանրերում հանդես եկող սփյուռքահայ երաժիշտների համերգների ռեկորդային թվով տոմսեր են վաճառվում,

երբ հայ տաղանդավոր պատանիները ստեղծում են այնպիսի ռոբոտներ և տեխնոլոգիաներ, որոնք ցնցում են աշխարհը։

Մենք հաղթեցինք, երբ Ստեփանակերտում դաշնամուրի հնչյունները խլեցրին պայթյունի ձայները, երբ ավերված Ղազանչեցոցից թավջութակի ձայն լսվեց։

Եվ ընդհանրապես, մեր պատմության ընթացքում մենք միշտ հաղթել ենք ու հաղթելու ենք։

Իսկ ովքե՞ր են մեր թշնամիները. այդ հարցում արդեն մեր բախտը չի բերել: Մեր թշնամիները եկել են գրողի ծոցից, ինչ որ պահի, երբ տեսել են, որ մենք անհաշտ ենք, զավթել են մեր դրախտային տարածքները, տիրացել դրանց, դարեր անց նրանք պնդում են, որ այդ արժեքները` երգերը, պարերը, ուտեստները, գրքերը, եկեղեցիները, սարերը, ձորերը, անտառները, ջրերը իրենցն են։ Ծիծաղելի է. եկեք բոլորով ծիծաղենք։ Իսկ միջազգային հանրությունը հավատում է նրանց, ոչ թե որովհետև ինքը չգիտի Հայաստանի մասին, այլ որովհետև ինքը նավթոտ շահեր ունի. մեր թշնամիները կարողանում են նավթով բավարարել միջազգային հանրությանը։

Բայց չէ որ նավթով չեն կարող կառուցել Գանձասար ու Ղազանչեցոց, Երևանի շքեղ ճարտարապետություն ու Գյումրու անկրկնելի հումոր, նավթով չեն կարող օպերա և բալետ, ժինգյալով հաց և լավաշ ստեղծել: Չէ որ նավթով չեն կարող քոչարի պարել ու օրոր երգել։

Իսկ «Քարից շինել ձուկ և թռչուն` կավից» (Պարույր Սևակ) կարողանում ենք միայն մենք։

Նավթից կարող են միայն փող ստանալ։ Փողն էլ ոչ գեղեցիկ է, ոչ էլ հավերժ։ Թղթի կտոր է, որն այսօր կա, իսկ վաղը` ոչ։

Հետգրություն. ի դեպ փողի «հեղինակը» նույնպես մեր պայծառ ժողովրդից է. դոլարի կանաչը ստեղծել է հայազգի Քրիստափոր Տեր-Սերոբյանը: