Arman Mkrtchyan

Դատարկ լռությունը

Սովորականի պես արթնանում ես։ Խմում ես մի դույլի չափ ջուր, որպեսզի գոնե մի քիչ փարատես աչքերիդ չորությունը։ Առանց նախաճաշելու` դուրս ես սողում տնից, գլխարկ էլ չես վերցնում. միևնույնն է եղանակը տաքանալու էր, նախորդ օրը ճշտել էիր։ Օդերով ես, ու թեև կանգառը մոտ է, իսկ ավտոբուսի գալուն մի քանի րոպե կա, միևնույնն է, միջինից արագ ես շարժվում։ Երևի ցրտից է։ Հա, այն կայքի կանխատեսումները, որոնք կարդացել էիր, հօդս ցնդեցին, երբ ականջներդ մետաղի սառնություն ձեռք բերեցին։ Անցնում ես դիմացի մայթ` դժվարությամբ համաձայնեցնելով քայլերդ մոտեցող մեքենաների հետ։ Դրանց վարորդները, երևի, Ֆորտ Բոյարդի «տակ են մնացել». հույսները կորցրած փորձում են բացատրել, թե որտեղ է ճանապարհն անցնելու «բանալին»։ Բայց կողքից երևում են միայն մեքենայի դիմացի լույսերի անկապ միացումներ ու անջատումներ։ Գտնելով բանալին, ոգևորված` (ընդհանրապես) այն փոխանցում ես մյուս մասնակցին։ Հաջորդ փուլն ավելի բարդ է. այդ դեպրեսիվ եղանակի ընկերակցությամբ` սպասել քո երթուղայինին։ Որպես կանոն, սպասում ես 5-10 րոպե, ոչ ավելի։ Բայց այսօր… կես ժամ։ Այսինքն շուրջ 30 րոպե դու ստիպված ես խոսել ինքդ քեզ հետ ինչ-որ «ծեծված» թեմաների մասին: Սակայն այս անգամ դու սառած ես, ու ոչ թե, ավելի ճիշտ` ոչ միայն, արտաքինից, այլ նաև ներսից։ Ճանաչելով քեզ` կարող ես ասել, որ շատ սովորական է, երբ ամբողջ օրը ուրախ ես լինում ու մի որևէ պահի վերածվում այտի վրա սառած արցունքի. դառը ու սառը։ Բայց այս անգամ զգացողությունն այլ է. ներսումդ ինչ-որ բան պակասել է։ Ունենալով, միլիոն անգամ նշեցի, թե ինչքան ժամանակ, սկսում ես հետազոտել բոլոր մտքերդ` դրանք ենթարկվելով վայրկյանական զննման։ Քիչ անց հասկանում ես, որ ամեն ինչ կարծես տեղում է. մտքերդ սովորականից ավելի նորմալ են թվում, իսկ տխրության ավազանին դեռ լցվելու տեղ կա։ Դու զգում ես խորը անորոշություն. ներսդ նորից դատարկվո՞ւմ է։

Այդ մտորումներով տարված՝ չես էլ նկատում, որ գրեթե բոլոր սպասողները գնացել են՝ մտածելով, որ ավտոբուս չի լինելու։ Դա, անկախ ամենից, նույնպես նորմալ է, քանի որ վերջին շրջանում երթուղայինի վարորդները հաճախ են գործադուլ անում։ Լավ, ինչևէ։ Քեզ ապուշ զգալով (դե, որովհետև հերիք չի էդքան սպասեցիր ու մեքենան չեկավ` ծակող մտքերն էլ 100% զեղչով «կապեցին» վզիցդ)՝ հետ ես դառնում ճանապարհի մյուս կողմ, բայց առանց որևէ հաղորդման մասնակցելու. անգամ այն վարողներն էին սառել ու հեռացել։ Նստում ես այլ տրանսպորտ, իջնում շրջանի ցածրին մասերից մեկը ու շարունակում ճամփադ` հաջորդ գազելի մեջ խցկվելով։

Սովորականից ավելի սովորական օր ես ունենում ու նույն մտքերով նստում երթուղային։ Սակայն այս անգամ միայնակ չես. փոփ ժանրի արտիստները մերթ շշնջում են, մերթ, անսարք ռադիոյի պես, աղմկում ականջներիդ մեջ։ Դա օգնում է. դու ցրվում ես` վերջապես մոռանալով առավոտվա ծակող մտքերը։ Այդ ընթացքում ձանձրույթից կողքերդ ես նայում, աչքերով շոշափում բոլոր լույսերը և ստվերները, նկատում ամեն մանրուք, բայց այլևս ոչինչ չես զգում` դետալների դերը մեծ համակարգում հասկանալուց հետո։ Ոչ մի զգացմունք։ Աչքերդ լռում են։ Բայց այդ լռությունը ճնշում է, ընկճում… վերջնականապես դատարակում ներսդ։ Մտքերդ չեն կորել, չէ, բայց սառած են. առավոտվա օդից էլ սառն են։

Մեքենան կանգնեց արդեն. տեղում էիք։ Նորից անշարժ նայում ես դուրս. եղանակը քիչ է փոխվել, ներսինդ` նույնպես։

-Չե՞ս իջնում։

Ձայնը հեռվից էր գալիս։ Երևի վարորդն էր։ Դրամը նրան ես փոխանցում ու իջնում։ Փողոցում շատ մարդիկ կային, բայց փողոցը դատարկ էր։

Արդեն տանն ես։ Չես հիշում` ոնց հասար. կարևոր չի։ Սենյակումդ ես։ Դուռը փակ է, պատուհանները` նույնպես։ Բայց սենյակում քամի կա, անտանելի սուր քամի։ Ներսիդ լռությունը քեզ պատռելով դուրս է հոսում, ինչից սենյակն էլ է լռում։ Ու դու վերջապես դատարկվում ես լռության մեջ` լռելով դատարկությունից։

Wake up Europe. Երևան, Օր 1-ին

«Մանանա» կենտրոնը (Հայաստան), Cafe Babel-ը (Ֆրանսիա) ու AreWeEurope-ը (Բելգիա)  հոկտեմբերի 9-15-ը Երևանում անց են կացնում Wake up Europe համատեղ ծրագիրը:

Լրագրությամբ հետաքրքրված 30 երիտասարդներս Եվրոպայի տարբեր երկրներից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից, Դանիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելգիայից և Հայաստանից հինգ օր շարունակ սովորելու և աշխատելու ենք ժամանակակից լրագրության չորս հիմնական ուղղություններով:

Լրագրության  խմբի   պատասխանատուն է Միք Տեր Ռիհորսթը: Այս ընթացքում Միքը, Լեա Մարշալը, Կիրիլ Հարթոգը դասընթացներ կվարեն «Գաղափարից մինչև պատմություն», «Ինչպես կառուցել օրիգինալ պատմություն», «Ինչպես ինտեգրել  պատմությունը մուլտիմեդիային» թեմաներով:

Վիզուալ լրագրության պատասխանատուն է Քրիստիան Հելգի Բյուսեն: «Գաղափարից մինչև ֆիլմ», «Ինչպես կառուցել ֆիլմը», «Ինչպես պատմել պատկերների միջոցով» դասընթացները վարելու են Քրիստիանը, Մաթիլդեն, Ալեսիան:

Փոթքասթի պատասխանատուն է Անտուան Լերոն: «Գաղափարից մինչև սցենար», «Ինչպես կառուցել և ձայնագրել փոդքասթը», «Ինչպես լարված պահել ունկնդրի ուշադրությունը» թեմաներով դասընթացներ կվարեն Անտուանը, Ալեքսանդր Ռիչին, Հելեն Փիլոն:

Տվյալների լրագրություն և դիզայն խմբի պատասխանատուն է Մարիյե Մարթենսը: «Գաղափարից մինչև վեբկայք», «Ինչպես ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ», «Ինչպես կազմակերպել սեփական տեղեկությունները» թեմաներով խոսելու են Մարիյեն և Ալեքսանդրը:

Մասնակիցներին հյուրընկալելուց հետ «Մանանա» կենտրոնից Հովնան Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանն ու նրա պատմության կարևոր էջերը, ինչպես նաև «Մանանա» կենտրոնի քսանհինգամյա գործունեության համառոտ պատմությունը: Հարցուպատասխանից, ակտիվ քննարկումներից հետո պարզեցի, որ Մարսելից հայազգի մասնակից ունենք` Աստղիկը: Անկախ ինձնից անգլերեն բարևեցի, բայց ստացա հայերեն պատասխան (մի այլ կարգի հաճելի պահ): Աստղիկը 21 տարեկան է ու մասնագիտությամբ լրագրող: Չնայած ծնվել ու մեծացել է Մարսելում` հայերեն և’ խոսում է, և’ գրում:

Հետո Միքը Հայաստանի ու լրագրության մասին ինտերակտիվ խաղի ֆորմատով բլից հարցեր էր պատրաստել: Իսկ վերջում արդեն բաժանվեցինք խմբերի: Ես նախօրոք ընտրել էի «վիզուալ» խումբը, որի ընթացքում քննարկեցինք թե ինչպես գաղափարը վերածել ֆիլմի, ինչպես խմբագրել այն ու ինչպես պատմել նկարների օգնությամբ հարցերը: Օրը շատ հագեցած էր, ու չնկատեցի, թե ինչպես մթնեց: Հա մոռացա նշել, որ տնային աշխատանք ունեմ` ներկայացնել սեփական ֆոտո/վիդեո աշխատանքներս: Դե ես գնացի ֆոտոներ ընտրելու…

FuckUp Nights Armenia

Ամեն հաջողության պատմություն փոքր և մեծ ձախողումներից հավաքված puzzle է․․․

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

«FuckUp Nights» համաշխարհային շարժումը ստեղծում է հարթակներ, որտեղ հաջողության հասած մարդիկ պատրաստ են խոսել իրենց պրոֆեսիոնալ ձախողումների մասին։ Այսպիսով հոկտեմբերի 7-ին «Mirzoyan Library»-ում հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր արդեն հոգնել էին  հաջողությունների մասին անթերի պատմություններից, որոնցից հետո սկսում ես մտածել, որ դու ուղղակի անհաջողակ ես։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Հայաստանում պրոֆեսիոնալ ձախողումներից խոսում են արդեն 9-րդ անգամ, բայց այս անգամ WCIT 2019 (World Congress on Information Technology)-ի շրջանակներում:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

4 համարձակ խոսնակներ կանգնեցին մեր առջև և սկսեցին կիսվել  «կադրի հետևում» մնացած անհաջողություններով։ Նրանցից առաջինը Արմեն Մկրտչյանն էր՝ iOS developer Տորոնտոյի Joist Inc ընկերությունում, ով կիսվեց ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև անձնական ձախողումներով։ Արմենի ձեռքից խոսափողը հաջորդաբար անցավ  Թաթուլ Աջամյանին (Wakie հավելվածի հիմնադիր), Հենրի Արսլանյանին (Crypto Leader,  FinTech ասոցիացիայի ներկայացուցիչը Հոնկոնգում) և Ջեյմի Մետցլին (technology futurist…):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Խոսնակների փորձը ցույց տվեց, որ ամենալավ պլանավորած և մտածված գաղափարներն էլ կարող են ձախողվել։ Օրինակ՝ ինչպես Թաթուլ Աջամյանը՝ կարող ես պրեզենտացիայիդ ժամանակ կանգնել, ասել ըստ քեզ շատ թույն միտք և չստանալ ոչ մի արձագանք դահլիճից, իսկ մի ուրիշ անգամ էլ մեկ ուրիշ լսարանի համար հանպատրաստից կսկսես խոսել, և ամեն ինչ ուղղակի անթերի կստացվի։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Կապ չունի` ի՞նչ ոլորտում ես աշխատում և ի՞նչ բիզնես գաղափարներ ունես, միշտ ամեն ինչում ձախողելու ռիսկ կա։ Բայց սեփական Fail story ունենալուց վախենալը անիմաստ է, այսպես թե այնպես ունենալու ես։ Միայն պետք է կարողանաս սովորել՝ ապագայում նույն սխալները թույլ չտալու համար։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

«FuckUp Nights» -ը մեծ մասամբ հենց սրա մասին է, այստեղ դու չես սովորում, թե ինչպես գտնել հաջողությանդ «բանալին», այլ հասկանում ես, որ իրականում ոչ մի բանալի էլ չկա․․․

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Իսկ դու՝ 17․am-ի ընթերցող, ո՞ր պատմություններն ես ավելի սիրում:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

suren karapetyan

Դո՞ւ ես օգտագործում սարքը, թե՞ սարքն է օգտագործում քեզ…

Խորհրդավոր հարցի հեղինակը հանրահայտ դերասան Դենզել Վաշինգտոնն է, երբ հարցազրույց էր տալիս BBC-ին։ Վերջերս նմանատիպ հարց ինձ էի տալիս ու լրիվ անտեղյակ էի Վաշինգտոնի հարցազրույցից։ «Սարք» ասելով նկատի ունեմ մեզնից անբաժան սմարթֆոնին։ Սրա ու այսօրվա աշխարհի մասին գրել եմ «Բացի կոճակը սեղմելու կարողությունից» հոդվածում։ Հիմա մի քայլ առաջ գնամ ու սկսենք քննարկել սոցիալական ցանցերը ու դրանց ազդեցությունը մեզ վրա։

Առավոտյան բոլորս միանգամից վերցնում ենք հեռախոսը ու սկսում անընդհատ news feed-ով ներքև իջնել, ստուգել ծանուցումները, insta-ից FB, FB-ից․․․(ստեղ կարա լինի ցանկացած կոմբինացիա) ու նման բաներ, հա ու ընդունում եմ՝ բացառություններ լինում են։ Իսկ, երբ սովորական ու շատ հաճախ ռեֆլեքսային դարձած գործողությունները չես անում, մի տեսակ տարօրինակ, ես կասեի նույնիսկ դատարկության զգացողություն է առաջանում։ Զգացողությունը կանվանեմ «մենակության սինդրոմ»։ Սրա պատճառը փորձեմ կարճ բացատրել․ երբ մենք սոցիալական ցանցերից ենք օգտվում, մեզ ընկերներով շրջապատված ենք զգում, որը, բնականաբար, արհեստական հոգեբանական աջակցություն է, բայց, երբ դադարում ենք դրանցից օգտվել, կանգնում ենք լուրջ հոգեբանական խնդրի առաջ։  Էս թեմայով խորհուրդ կտամ նայել հետևյալ վիդեոն։

Բոլորս էլ քիչ թե շատ կախվածության մեջ ենք։ Ռեֆլեքսորեն ստուգում ենք՝ ով լայքեց, նույնիսկ ստանում որոշակի բավականություն ու արդեն սկսում մտածել հաջորդ հրապարակման մասին։ Ավանդական կախվածություններին փոխարինելու են եկել սոցիալական ցանցերը։ Սրանք ունեն մարդկանց վրա ազդելու հզոր ռեսուրսներ։ Օրինակ ֆեյսբուքը, որը ունի մոտ 2 մլրդ օգտատեր (ավելին քան քրիստոնեության հետևորդներն են) վարձում է «ուշադրության մասնագետներին», ովքեր նույնականացնում են Լաս Վեգասի խաղատներից որոշ սկզբունքեր։ Այսպիսով աշխարհում պայքար է ընթանում մեր ուշադրության համար, իսկ մենք չենք էլ նկատում։

20180519_WOC855

The Economist-ը շատ հետաքրքիր հետազոտություն է արել 14-24 տարեկան բրիտանացիների շրջանում, ովքեր օգտվում են սոցիալական ցանցերից։ Հետազոտության արդյունքում առանձնացվեցին հետևյալ խնդիրները, որոնք ամենից հաճախ են հանդիպում՝ քնի խախտում, կարևոր իրադարձություն/նորություն բաց թողնելու մտավախություն, բուլլինգ, վախ արտաքինից (body image), անհանգստություն, դեպրեսիա և միայնություն։

Թեման շատ բարդ է ու ժամերով կարելի է քննարկել։ Ես ծայրահեղությունների կոչ չեմ անում, որովհետև ներկայում ունենք այն, ինչ ունենք` աշխարհը առանց սոցիալական ցանցերի անհնար է պատկերացնել։ Հա, չմոռանամ նշել, որ դրանք ունեն նաև բազմաթիվ դրական կողմեր, ուշադիր ուսումնասիրեք The Economist-ի արդեն մեզ հայստնի հոդվածը։

milena arakelyan

Հետ հայացք

28.09.2018

Տանը խառնաշփոթ է: Ամեն անկյունը, պատը, սեղանը, դատարկված պահարանը, ծաղկամանում չորացող ծաղիկները, դատարկ սենյակը, խոհանոցը, ամեն ինչ հեռացում է արտաշնչում: Ամեն մի անկյունում անբառ տխրություն է նստած: Հա, ճիշտ է, որ տունը առանց այդ էլ խոսել չի կարող, բայց երբ դու հեռանում ես՝ թողնելով ամեն ինչ, քեզ թվում է, որ տունը քեզ հետ հավասար փշրվում է, քեզ հետ հավասար լցվում ու դատարկվում է, էդպես էլ չհասկանալով վերջին քայլերի նշանակությունը: Սենյակում կուտակված ճամպրուկների կողքով անընդհատ անցնելիս նորովի ես տակն ու վրա լինում, նորից սթափվում, ասում՝ ի՞նչ է որ, որոշել եմ, ուրեմն գնալու եմ, ու ամեն բան լավ է լինելու: Էս տողերը մի րոպեով փրկում են քեզ, բայց երբ նայում ես հարազատներիդ աչքերին, որոնք մի հրաժեշտի տխրությամբ են ժպտում, իբր իրոք ամեն ինչ լավ է, էդ տողերը չքանում են, ու նորից ճամպրուկը քմծիծաղով աչքիդ առաջ է հայտնվում: Այնքան տարօրինակ անհանգստություն կա ներսումդ: Դու պատկերացում էլ չունես՝ ինչ ահռելի կարոտ է քեզ սպասվում հրաժեշտի վերջին գրկախառնությունից հետո: Հենց այսպիսի անհասկանալի զգացումներով էլ արդեն լքել ես:

 

28.09.19

 

Մեկ տարի է անցել: Գիտեք, էդ զգացումները հետ անդրադառնալու հակում ունեն՝ ամբողջովին նույնությամբ: Դու արդեն հազարավոր կիլոմետրեր հեռու ես, չկա հրաժեշտ, չկան հարազատներդ, չկան տան՝  քեզ մեղադրողի հայացքով նայող պատերը, կա միայն նոր քաղաք, որը արդեն մեկ տարի է ջանում է դառնալ քո տունը, կան նոր դեմքեր, բայց որոնցում շարունակ փնտրում ես այն աչքերը, որ անգիր գիտեիր, այն վերջին գրկախառնությունները, ամեն ինչ, ինչ կարոտ է առաջացրել մեջդ: Գնում ես համալսարան, այն տարօրինակ զգացումը ներսումդ, կարծես էլի հրաժեշտի ես պատրաստվում: Կմտածեք, գժվել է: Ինձ թվում է, երբ ինչ-որ երևույթ ապրում ես ամբողջ սրտով, եղանակը, օրը, ժամը նույնիսկ նոր քաղաքի օդը ստիպում է վերապրել մի տարի առաջ զգացածդ, ու դու խելառ ես երևում մարդկանց աչքերում, որովհետև պատրաստվում ես մի հրաժեշտի, որը անցել է արդեն, էլ գոյություն չունի: Դու տակնուվրա եղած ես, երեք օրից մեկնում ես՝ չգիտակցելով, որ արդեն հասել ես, արդեն մի տարի է հասել ես: Քո ու կարոտի միջև շարունակ վեճեր են, վեճեր, որոնք միշտ ավարտվում են այն տողերով, որ «ամեն ինչ լավ է լինելու»: Բայց դու համալսարանից դուրս ես գալիս խառնված, որովհետև երեք օրից թռիչքդ է, թռիչքդ՝ դեպի իրականություն:

Arman Mkrtchyan

Ներդաշնակության պահը

Դուրս ես գալիս փողոց։ Ներսդ դատարկվում է։ Դա հավանաբար քո վերջին պայքարն էր։ Այլևս չես կարողանում դիմադրել։

Հոգնածությունը վերստին իշխանություն է վերցնում գիտակցությանդ վրա, ու դու տրվում ես քամուն` մի քանի անգամ գրկախառնվելու պայմանով։ Սուրում ես ամայի փողոցով ի վեր։ Արևի ջերմացնող ստվերի տակ շոշափում ես ամեն քար, լսում խոտերի շշնջոցը, ներքաշում ամբողջ զով օդը, բոլոր գույներն ու լույսերը։ Պառկում ես գետնին ու ըմբոշխնում հողի փափկությունը։

Գինովցած բնության աննկարագրելի կատարելությունից`փակում ես աչքերդ ու փորձում անմահացնել բոլոր ձայները, գույներն ու բույրերը։

Արթնանում ես լռության աղմուկից։ Գետինը, որի վրա պառկել էիր, ամբողջությամբ ճեղքված է։ Արևը այլևս չի տաքացնում, այլ ընդհակառակը`սառեցնում է`անխնա օգտագործելով իր կիզիչ ճառագայթները։ Զգացումների բազմազանությունը փշաքաղեցնում է բոլոր բջիջներդ։

Արագ վեր ես կենում ու քայլում, բայց ոտքերդ ցավելու աստիճան թմրած են։ Կտրուկ ու խուլ հարվածով ընկնում ես գետնին, ինչից այն փշրվում է և սկսում արնահոսել ու ցավից գոռալով`ծամել ոտքերդ, քաշել քեզ ցած`դեպի անծայր անդունդը։ Մինչ խելքի ես գալիս, իր արմատները տարածում է մարմնիդ վրա։ Իսկ արևը սկսում է հալեցնել իր իսկ սառեցրած մարմինը։ Նրա ջերմությունը երակներովդ ներխուժում է արյանդ մեջ, որտեղից հասնում հոգնածությամբ ներծծված գիտակցությանդ ու անկուշտ լակում մտքերդ`ջնջելով ողջ էությունդ։ Դու  պարզվում ես, ձուլվում միջավայրի հետ։ Բայց էլ չես դիմադրում։ Հնազանդվում ես ու հանգիստ ձախողվում հողի տակ` թանձր ջրով լցված անդունդի մեջ։ Սուզվելով դուրս ես գալիս հոգնածության տիրապետությունից ու բնության հետ մտնում ներդաշնակության մեջ։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Արևմտյան հարևանը

Երբ պարզ դարձավ, որ գնում ենք Թուրքիա, սկզբում այդքան էլ ոգևորված չէի (դե, էլ չբացատրեմ` ինչու): Սրան հաջորդեց հարազատներիս, ծանոթներիս երկու «ճամբարի» բաժանվելը. առաջինը` «Ի՞նչ Թուրքիա, նուրիշ երկիր չկա՞ր», ու երկրորդը` «Թույն ա, գիտե՞ս ինչքան բան կա տեսնելու»: Հա, ու հաճախ նաև քրոջս հետ տալիս էինք համեմատաբար չեզոք պատասխան` «Գնում ենք Արևմտյան Հայաստան (իրականում` Ստամբուլ)»:

Այսպիսով Թբիլիսիից (դե, մեր «Զվարթնոցը» մեղմ ասած, հարմար գներ չի առաջարկում) ուղևորվեցինք Ստամբուլ: Երկու ժամ անց երևաց երեք կայսրությունների մայրաքաղաքը: Հենց իջանք ինքնաթիռից, մեզ հետ բոլորը խոսակցությունը սկսում էին թուրքերենով: Էսպես տասնյակ անգամ մեկ շաբաթվա ընթացքում, ու երբ շարունակում էինք անգլերենով, զարմացած նայում էին մեզ: Նստեցինք ավտոբուս ու դեպի կենտրոն: Ի դեպ, Ստամբուլի երթևեկությունը մի դաժան երևույթ է:

Մեր վարձակալած բնկարանը չկարողանալով գտնել` որոշեցինք տաքսի վերցնել: Բայց երբ վարորդը իմացավ հասցեն, պարզապես խորհուրդ տվեց ոտքով գնալ` մոտիկ էր: Իսկ նույնը պատկերացնենք հայաստանյան տաքսիստների պարագայում, եսիմ է…

Երեկոյան որոշեցինք դուրս գալ քայլելու: Ու հանկարծ նկատեցինք նույն տաքսիստին: Անմիջապես մեզ ճանաչեց, մոտեցավ ու խորհուրդ տվեց զգույշ լինել, Ստամբուլը մեծ քաղաք է: Սրան գումարվեցին ամենուր երևացող թուրքական դրոշները, մզկիթներից բարձր հնչող աղոթքները: Իրոք որ մշակութային շոկ էր: Երկուսիս համար էլ առաջին մուսուլմանական երկիրն էր: Իսկ առավոտյան հինգին քեզ շատ մոտ գտնվող մզկիթից եկող աղոթքի ձայնից վեր թռնելը թողնեմ առանց մեկնաբանության:

Սակայն ինչպես ասում են` առաջին տպավորությունը կեղծ է: Առաջին օրը շրջեցինք քաղաքի կենտրոնում, իսկ օրը ավարտեցինք թուրքական բաղնիքով` համամով: Հաջորդ օրը պատահական որոշեցինք միանալ անվճար տուրին: Եվ հենց էքսկուրսավարը իմացավ, որ մենք հայ ենք, որոշեց այն ավարտել հայկական թաղամասում: Քայլում էինք ու անընդհատ հանդիպում շինությունների, որոնք հայերն են կառուցել: Դե, պատկերացրեք մեր հպարտ հայացքները: Չգիտեմ` քույրս նույն հպարտ հայացքո՞վ էր, երբ սրճարանի աստիճաններից իջնելիս ոտքը ոլորեց (իսկ հետո պարզվեց, որ կոտրվածք է): Սրճարանը քրդերին էր պատկանում, ու երբ իմացան, որ հայ ենք, միանգամից փոխեցին իրենց վերաբերմունքը, հանկարծ վատ բան չմտածեք: Տնօրենի եղբայրը` Մեդենին, իր մեքենայով մեզ հասցրեց հիվանդանոց, մեզ հետ մնաց մոտ վեց ժամ: Մեդենին նոր էր սկսել անգլերեն սովորել, ու պատկերացրեք` ինչպես էինք շփվում իրար հետ: Բոլորը մեզ էին նայում, մենք իրեն անգլերեն էինք սովորեցնում, նա մեզ սկզբում` թուրքերեն, իսկ հետո նաև` քրդերեն: Ու էստեղից սկսեց իմ` Ստամբուլում միայնակ քայլելու, հայկական հետքեր գտնելու ու նոր ծանոթություններ հաստատելու «սովորությունը»: Եղա հինգ հայկական եկեղեցիներում, հինգ մզկիթում, ծանոթացա կորեացի ուսանողուհու հետ, ով «Արսենալի» ու մեր Հենոյի երկրպագուն էր, հայկական եկեղեցում հանդիպեցի Ստամբուլի Լեզվաբանական Համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկանին: Չհասկացա` ինչպես շաբաթը անցավ, բայց մի բանում կրկին համոզվեցի` շփվելով, միայն շփվելով մարդկանց հետ կարող ես ճանաչել երկիրը: Ուրիշ հարց է, որ քաղաքականությունը միշտ էլ համը հանում է…

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

#SSS19

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Ամառը լավ անցկացնելու տարբերակներից մեկը տարբեր ֆորումների, իվենթների, ֆեսթերի մասնակցելն է: Էլ չեմ ասում, որ բոլորս սիրում ենք ոչ ֆորմալ կրթության տարբերակը, ու հավես է, երբ ծեծված` «հաճելին համատեղել օգտակարի հետ» նախադասությունը արդիական է լինում:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Հուլիսի 28-ին մեկնարկեց Սևան Ստարտափ Սամիթը, որին ես մասնակցում էի, որպես ստարտափեր: Մեր ստարտափը՝ 4hars.com (for brides) իրենից ներկայացնում է օնլայն հարթակ, որտեղ ներկայացված են լինելու Երևանի բոլոր հարսանյաց խանութների զգեստները, իրականացվելու է առաքման ու խորհրդատուի ծառայություններ, որի միջոցով հարսնացուները խնայելու են գումար, ժամանակ, նյարդեր ու էներգիա՝ ամենաթանկ բաները:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Սևանա լճի ափին վրանային ճամբար` 7 հագեցած օրերով: Սամիթին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից: Ավելի քան 100 հաջողակ մենթորներ Հայաստան էին ժամանել իրենց փորձով կիսվելու, դասախոսություններ իրականացնելու, օգնելու՝ բացահայտել առավել արդյունավետ զարգացման գաղտնիքներն ու դրանց լավագույն միջոցները միջազգային շուկաներ մուտք գործելու համար:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Առաջիկա օրերին ստարտափերներին օգնում են պատրաստել իրենց ելույթները, որոնցով ներկայանալու էին շաբաթվա վերջին տեղի ունեցող բաթլին: Սամմիթի շրջանակներում campfire talk-երի ժամանակ հյուրերը պատմում էին իրենց հաջողության գաղտնիքներից, կիսվում փորձով, պատասխանում մասնակիցների հարցերին: Խարույկի շուրջ զրույցներից մեկի ժամանակ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը պատմում էր կոնտենտի ստեղծման ճանապարհներից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատմում էր, թե ինչպես հասավ այն կետին, որում հիմա է` բանակում պարապելով և ծառայությունից հետո համալսարան ընդունվելով:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Սկայպ տեսազանգ ունեցանք հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում ամենահետաքրքիր երկկողմանի սելֆիները եղան, հյուրընկալեցինք Հանրապետության վարչապետին և կառավարության անդամներին:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, առողջապահություն նախարար Արսեն Թորոսյանը,  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Վերջին օրը մասնակիցներին հանձնվեցին իրենց մրցանակները սամիթի և նրա հովանավորների կողմից:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ստամբուլ. Մշակույթների խաչմերուկում

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ստամբուլ, աղմուկ, մարդիկ, մշակույթների խաչմերուկ, չափից շատ տաքսի ու դե անընդհատ թեյ։ Մեկ շաբաթը մի վայրկյանի պես անցավ, և կարելի է ասել, որ քաղաքի նույնիսկ մեկ տոկոսը չհասցրի բացահայտել։ Բայց հենց մի տոկոսն էլ բավական է, որ հավաքես իրերդ և ուղիղ Ստամբուլ` մշակույթների խաչմերուկում հայկականը տեսնելու համար: