
Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի
Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի
Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
Ուզում եմ մի քիչ դիլեմայից պատմել, այսինքն, ուղղակի դիլեմայից չէ, թեև, ոնց Անահիտն է ասում. «Անընդհատ դիլեմա է, ու ինձ թվում է՝ բացատրելու ոչ մի բան չկա», այնուամենայնիվ մի սիրուն գրքի մասին, բայց էդ ամենի մասին պատմել ոչ էնքան լրագրողի, որքան ավելի շատ ընկերոջ աչքերով:
Ես երկրորդ հերթի ուսանող եմ, ինչը նշանակում է, որ մինչև 7-ը համալսարանում եմ լինում: Փիլիսոփայության վերջին դասն էր, առաջին 40-ը նստեցի, երկրորդին արդեն խնդրեցի, դուրս եկա: Իրիկնային Երևանի նեղ ու լայն, մեծ ու փոքր, հարազատ ու չէ փողոցներով գնացի, որ հասնեմ գրատուն, որովհետև նույն օրը թանկագիններից մեկի համար շատ կարևոր օր էր:
Մի խոսքով, ուզում եմ ձեզ մի յուրահատուկ ծնունդի մասին պատմել՝ Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա» բանաստեղծությունների առաջին ժողովածուի շնորհանդեսի մասին: Դեկտեմբերի տաք երեկոներից մեկին՝ 19-ին ժամը 19-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ շնորհանդեսը: Ամսաթվի ընտրությունը բացարձակ պատահական չէր, եթե Անահիտի հետ խոսել ես ամեն ինչից, ապա դժվար թե չիմանաս, որ 9 թիվը կարևոր նշանակություն ունի իր համար: Գիրքը բաղկացած է ծովերից, ընդ որում 9+1 ծովերից: Յուրաքանչյուր ծով ունի իր գույնն ու երաժշտությունը, բացի վերջին ծովից, որն Անահիտի խոսքերով, ամենահասարակ ու ամենաչպարտադրող ծովն է: Փաստորեն վերջին ծովը ոչ գույն ունի, ոչ երաժշտություն, գույնի ու երաժշտության մեջ ընտրությունը մերն է, վերջին ծովն ունի մեկ բանաստեղծություն, որով էլ ավարտվում է գիրքը:
Անահիտն ինքն իրենով առանձնահատուկ է ու հենց էդպես առանձնահատուկ էլ անցկացրեց իր շնորհանդեսը: Հաղորդավարի փոխարեն ինքն ու իր ընկերները ներկայացրին գիրքը, գրքի պատմությունը, բանաստեղծություններ ընթերցեցին, զրուցեցին, խոսեցին ժամանակակից պոեզիայի պարզապես լինելու ու լավը լինելու մասին: Անահիտը իր խոսքը սկսեց «Մեռած պոետների ընկերակցություն» ֆիլմի մեջբերումով. «Պոեզիան, գեղեցկությունը, ռոմանտիկան ու սերը, այն բաներն են, որոնց համար մենք ապրում ենք»: Ի դեպ, գրքի շապիկի նկարը ևս Անահիտինն է, ինչը ավելի իսկական է դարձնում ամենը: Գրքի խմբագիրը «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանն է, ով ուրախությամբ նկատեց միջոցառման բազմամարդ լինելը ու նշեց դրա մասին ասելով. «Ուրախալի է, որ միջոցառումն այսքան բազմամարդ է, և ներկաները եկել են հարգելու Անահիտի գիրը»,-ծիծաղով ու ժպիտով ավելացրեց,- Դժվար է աշխատել բոլոր տաղանդավոր գրողների հետ, այդպիսի մարդիկ հնարավոր չէ՝ կամակորություններ չունենան:
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
«Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը խոսեց գրքից, բայց նախ և առաջ իր ու հեղինակի ծանոթության մասին պատմեց: Անահիտը «Գրանիշ»-ին ամբողջական բանաստեղծական շարք էր ուղարկել և անցյալ տարի տարվա հայտնությունն էր ճանաչվել:
Շնորհանդեսի ընթացքում Անահիտն ընթերցեց գրքի իր ամենասիրելի բանաստեղծություններից, իր բանաստեղծություններից ընթերցեցին նաև ժամանակակից գրողներ Արմեն Սարգսյանը, Համլետ Առաքելյանը: Ներկաների շարքում էին նաև հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը և հայ ժամանակակից գրող Արամ Պաչյանը:
Երեկոն իրականում շատ հետաքրքիր անցավ, արվեստից ու պոեզիայից խոսելով, իրար ճանաչելով ու սիրունագույն բանաստեղծություններ լսելով:
Ասելիք շատ կա, բայց լավագույնների հետ զրույցներից պետք չէ ամեն բան պատմել, ուստի, գուցե դա պետք է մնա միայն իմ ու հեղինակի միջև:
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
Ինչեր ասես, որ չի անում մի գավաթ սուրճը։ Մարդկանց առօրյա հոգսերից հասցնում է մինչև քաղաքականություն։ Քաղաքականությունից էլ` դեպի նոր սպասելիքներ։ Մարդիկ նոր ընտրություններից նոր ակնկալիքներ ունեն։ Եվ այս ընտրություններին մարդիկ իրենց մասնակցությունը պարտադիր են համարում, իսկ իրենց ձայնը արժեվորված։ Այս մասին են պատմում ընտրական շտաբերում և տանը պատրաստված սուրճը։ Այդպես էլ մեր տանը սուճը արեց իր գործը։ Հարևանները պատմում էին իրենց ակնկալիքների ու ցանկությունների մասին։ Նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ հաճախ են այցելում ընտրական շտաբներ ու տեղեկանում նոր իրողությունների մասին։ Շտաբներից մեկն էլ մեր հարևանի տանն է։
Գյուղացիների մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում նախընտրական քարոզարշավը և յուրաքանչյուր թեկնածուի մասին տարբեր կարծիքներ են արտահայտում։ Այլ է դրությունը շտաբներում, որովհետև ամեն շտաբ իր թեկնածուին է գովաբանում։ Սակայն կան այնպիսի շտաբներ, որոք փորձում են ինչ որ կերպ շատ ընտրողներ ու բնականաբար նաև շատ ձայներ հավաքել։
Շատերը կարծում են, որ որքան շատ ընտրողներ հավաքեն, այնքան մեծ օգուտ կունենան, բայց թե որտեղից են օգուտ ստանալու` ոչ ոք չգիտի։
Սուրճը, բացի քննարկումից, բերում է նաև բամբասանք։ Մի շտաբում բամբասում են մյուս շտաբից, տանը բամբասում են բոլոր շտաբներից ու նրանց ներկայացուցիչներից։ Բամբասում են այն մարդկանց պահվածքից, ովքեր ինչ որ կերպ աշխատում են ուղղորդել, թե ում ընտրել։ Եվ հենց ուղղորդողներն էլ նկատում են, որ բոլորը տարակարծիք են ու չեն պատրաստվում ընտրել նրան, ում խորհուրդ են տալիս։ Մարդիկ արդեն միամիտ չեն, որ հավատան բոլորին, մարդկանց տառապանքը փորձ ունի։ Սակայն նրանք հավատում են նոր կառուցվող ապագային, այդ մասին անգամ սուրճի բաժակի տակ մնացած նստվածքն է պատմում։
Այսօր ընտրություններ են, դեռ սուրճ չեն խմել…
Համոզված եմ, որ բոլորդ էլ լսած կլինեք, և չեմ բացառում, որ մտահոգված կլինեք (#չքաղաքականացնել) ՀՀ պետական պարտքով: Սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն էլ պատկերացնում, թե այն իրենից ինչ է ներկայացնում, և պարզապես ալիքի ազդեցության տակ շարունակում են քննադատել կառավարությանը: Դրա համար որոշեցի գրել այս նյութը և փորձել բացատրել:
Նախ, միանգամից տարանջատենք` ներքին և արտաքին պարտքեր հասկացությունները: Առաջինի դեպքում պետությունը «պարտք է» իր իսկ քաղաքացիներին: Անհնա՞ր է, բացատրեմ. ի՞նչ ենք մենք անում, երբ մեր ծախսերը գերազանցում են եկամուտները. բնականաբար պարտք ենք վերցնում: Պարտք կարող ենք վերցնել մեր բարեկամներից (պայմանական` ժողովուրդ) կամ` ֆինանսական կազմակերպություններից (արտասահմանի ծանոթներ): Բարեկամից վերցնելը ավելի շահավետ է. դե, ցածր տոկոսադրույք, համ էլ «լավություն կանես»` տոկոսներ վճարելով: Երկրորդ տարբերակն էլ դասական օրինակով որևէ միջազգային բանկից կամ պետությունից փոխառնություն վերցնելն է:
Իսկ ինչպե՞ս է պետությունը պարտք վերցնում իր իսկ ժողովրդից: Տարբերակները շատ են, սակայն կնշեմ ամենատարածված եղանակը` պարտատոմսերը: Սրանք յուրահատուկ արժեթղթեր են, որոնք գնելուց հետո քեզ տոկոսի ձևով եկամուտով են ապահովում: Պետությունը վերցնելով վճարածդ գումարը, այն ներդնում է որոշակի ոլորտում կամ ծրագրերում, դրա միջոցով ստանում է եկամուտ և որոշ ժամանակ անց քեզնից հետ գնելով պարտատոմսը` մարում է պարտքը: Եվ այստեղ հետաքրքիր բան է տեղի ունենում. բնակչությունը պարտատոմսերի հաշվին ստանում է լրացուցիչ եկամուտ, այսինքն, ստացվում է հայտնի կարգախոսի հակառակ տարբերակը` «Շահում է պետությունը, շահում ես դու»: Սակայն իրականում ամեն ինչ այդպես դրախտային չէ: Պետական պարտատոմսերը, որպես կանոն, ապահովում են ցածր եկամտաբերություն, և բնակչությունը հաճախ շահագրգռված չէ սովորական պարտատոմսերի փոխարեն պետականը գնել: Եվ հենց այս պահին էլ պետությանը «օգնության» են գալիս արտասահմանի բարեկամները: Վերցնում ենք պարտքը և սկսում ուրախ ապրել, մինչև կգա այն մարելու ժամանակը:
Պետության դեպքում կարելի է նաև լրացուցիչ քանակությամբ փող թողարկել կամ հարկերը բարձրացնել, սակայն երկուսն էլ հղի են վտանգավոր երևույթներով: Չափից շատ թողարկումը կտանի փողի արժեզրկմանը, իսկ հարկերի բարձրացումը` աշխատելու մոտիվացման նվազման: Դրա համար պետությունը հիմնականում դիմում է պարտքային գործիքներին:
Ներկայում չկա այնպիսի պետություն, որը չունենա պետական պարտք: Այդպիսի պայմաններում ոչ մի տնտեսություն չէր գոյատևի: ՀՀ պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ 2016թ.-ին կազմել է 56.7%, իսկ 2017թ.ին` 58.9%, և ըստ Արժույթի միջազգաին հիմնադրամի (ԱՄՀ), այն կշարունակի աճել: Բանն այն է, որ նախկինում սահմանադրությամբ սահմանվում էր արտաքին պարտքի վերին սահման (ՀՆԱ 60%), սակայն հիմա այդ օրենքը չի գործում, և պետական պարտքը կարող է գերազանցել այդ շեմը:
Սակայն արդարության համար նշեմ. այնպիսի հզոր պետություններ, որոնց պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ ավելի մեծ թիվ է կազմում, քան մեր երկրում` Ճապոնիա` 223,8%, Հունաստան` 180%, Իտալիա` 131%, Բելգիա, ԱՄՆ` 104%, Ֆրանսիա` 98,5%, Մեծ Բրիտանիա` 90,4%, Գերմանիա` 64%: Գուշակեք, թե որ երկիրն ունի ամենափոքր պետական պարտքը. պատասխան` Հյուսիսային Կորեան իր 1,5%-ով:
Վատ կողմն այն է, որ մենք չենք կարող համեմատվել վերը նշված երկրների հետ, քանի որ, նրանք ունենալով ընդգծված տնտեսական առաջադիմություն, ի վիճակի են ժամանակին մարել պարտքը, իսկ մեր նման փոքր տնտեսության համար մեծ չափերի հասնող արտաքին պարտքը, իրոք, վտանգավոր է: Օրինակ, 2013թ.ին ՀՀ-ն Ռուսաստանի տրամադրած գազի նկատմամբ կուտակել էր 300 մլն դոլարի պարտք և որպես փոխհատուցում «Հայռուսգազարդում» ունեցած իր 20% բաժնեմասը վաճառեց ռուսական «Գազպրոմին», ով դրանից հետո դարձավ «Հայռուսգազարդի» 100%-անոց սեփականատերը: Ուղղակի նշեմ, որ «Հայռուսգազարդը»-ը համարվում է ռազմավարական նշանակության կառույց, որը փաստացի չի պատկանում ՀՀ-ին…
Հ.Գ.-Հուսամ, մի քիչ լուսավորեցի, հիմա հանգիստ կարող եք մտահոգիչ ստատուսներ գրել պետական պարտքի մասին, և ի դեպ, այս նյութի գաղափարն էլ ծագեց Վալենտինա Չիլինգարյանի պատին արված գրառումից:
Արմանը ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, բռնցքամարտի Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր։ 18-ամյա Արմանը 8 տարեկանից սկսել է զբաղվել բռնցքամարտով. «Հայրս բռնցքամարտիկ է եղել, մանկուց սիրել եմ բռնցքամարտը և միշտ իմացել եմ, որ հենց այս մարզաձևով եմ զբաղվելու»։
Սակայն նրա առաջին սպորտաձևը եղել է լողը։ 2 տարի զբաղվել է լողով. «Լողով կամ ֆուտբոլով զբաղվելը, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է բոլոր բռնցքամարտիկների համար»։
Առաջին անգամ Արմանը հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, սակայն մինչ այդ նրան ոչ ոք այդ ասպարեզում չի տեսել. «Ես կարելի է ասել նորություն էի բոլորի համար, որովհետև կողմնակի մրցումներ չեմ ունեցել. առաջինը հանդես եմ եկել Հայաստանի առաջնությունում, իսկ երկրորդը՝ Եվրոպայի»։
Հիշում է՝ 12 տարեկան էր, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչն էր, պետք է մենամարտեր թուրք մարզիկի հետ. «Այդ առաջնությունում մեր մարզիկներից 3-ը թուրքի հետ էին մրցում. «Ընկերս պարտվեց՝ զոհ գնալով անարդարությանը, տեսնելով դա և զսպելով հուզմունքս կարողացա սթափվել և մտնել ռինգ։ Շատ մեծ դժվարությամբ և վնասվածքներով հաղթեցի մրցակցիս։ Դա մեծ ուրախություն էր թե՛ իմ, թե՛ ամբողջ թիմի համար»։
Արմանի կարծիքով բռնցքամարտում ամենաբարդը հոգեբանորեն տրամադրվելն է, բայց ոչ թե ամեն մենամարտից առաջ, այլ ընդհանրապես. «Ոչ մի սպորտսմեն չի մտնում կռվելու և մտածում, որ հիմա քիթս կջարդեն կամ ուղեղի ցնցում կստանամ. ոչ ոք բռնցքամարտիկի չափ մարտից առաջ անհանգստանալու պատճառ չունի։ Պետք է կարողանաս կտրվել աշխարհից և քեզ համար ստեղծես բռնցքամարտիկի հոգեբանություն. դու բռնցքամարտիկ ես ու վերջ»։
Ինչպես գրեթե բոլորի, այնպես էլ մեր հերոսի մոտ առավոտյան, երեկոյան, մարզումներից առաջ և հետո լինում է ցանկություն՝ ավարտելու սպորտում սկսածը. «Հիասթափություն բոլորի մոտ է լինում՝ հատկապես հայ բռնցքամարտիկների, որովհետև դրսում խտրականությունը շատ մեծ է հայերի նկատմամբ. մենք կամ պետք է առավելագույն միավորներով հաղթենք, կամ մեր ձեռքը ռինգում չեն բարձրացնի. այլ տարբերակ լինել չի կարող՝ համենայնդեպս, բռնցքամարտում։ Դրա համար մենք հույսներս դնում ենք միայն ու միայն մեր ուժերի վրա»։
Իսկ թե ո՞րն է ամենաարժեքավորը ինչ տվել է իրեն բռնցքամարտը՝ դժվարանում է ասել, որովհետև և՛ տվել է, և՛ վերցրել. «Կարծում եմ ավելի շատ տվել է։ Եթե չզբաղվեի սպորտով, պետք է անիմաստ ժամանակ վատնեի, ծխեի, խմեի (ինչպես երիտասարդության մեծամասնությունը), դրա փոխարեն բոլոր ասպարեզներում ձեռք բերեցի պայքարելու ունակություն»։
Արմանն այլ նախասիրություններ էլ ունի. սիրում է ընթերցել, երաժշտություն, արվեստ՝ ամեն ինչից էլ գաղափար ունի։ Ապագայի վերաբերյալ աշխատում է պլաններ չկազմել, որովհետև հանգամանքները միշտ խանգարում են, սակայն ունի մեկ նպատակ. մի քանի ամիս է, ինչ չի մարզվում ձեռքի կոտրվածքի պատճառով. «Պետք է գնայինք Թուրքիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, բայց վնասվածք ստացա։ Վիրահատությունից հետո պետք է վերսկսեմ մարզումներս»։
Բռնցքամարտը Արմանի համար չի կարող ապրուստի միջոց լինել, որովհետև միայն գումարի համար կռվելը իր համար չէ, միշտ չի ընդունել դա. «Եթե գա մի օր, երբ ես զգամ, որ այլևս չեմ սիրում իմ աշխատանքը և սպորտով զբաղվում եմ միայն գումար վաստակելու համար՝ առանց վարանելու կթողնեմ այն»։
Իսկ նրանց, ովքեր նոր են սկսում զբաղվել բռնցքամարտով, Արմանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել և օրինակ վերցնել նախկին բռնցքամարտիկներից, քանի որ մերօրյա բռնցքամարտը ավելի շատ դարձել է գումար աշխատելու միջոց, քան սպորտաձև։ Ներկայիս բռնցքամարտիկներից առանձնացնում է Վասիլի Լոմաչենկոյին. «Նա, իմ կարծիքով, կատարյալ բռնցքամարտիկ է թե՛ մարտաոճի, թե՛ հոգեբանության առումով։ Հիմա նույնիսկ վատաբանում են իրար շոու անելու և գումար վաստակելու համար։ Մուհամեդ Ալին էլ էր այդպես վարվում, բայց նա դա անում էր իր հակառակորդներին հոգեբանորեն ճնշելու համար։ Նախկինում բռնցքամարտի մեջ հոգի կար, իսկ որտեղ գերակշռում է գումարը, այնտեղ ստեղծվում է շոու, իսկ շոուն արհեստական երևույթ է, որտեղ բացակայում է հոգին»։
Վերջում Արմանը հավելեց, որ միշտ էլ կլինեն մարզիկներ, ովքեր անվերապահորեն կնվիրվեն այս լեգենդար մարզաձևին, որն, իր կարծիքով, ավելի շատ գիտություն է։
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
«Սալամ ալեյքոմ»:
Եկել եմ՝ մի քիչ կարևորի մասին խոսենք: Ֆակուլտետս նշում է 50-ամյակը, արդեն կես դարեկան է:
Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 9-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշեց հիմնադրման 50-ամյակը: Մեկնարկեց նաև Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18):
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Արտաքին գործերի աշխատակազմի ղեկավար Վահագն Մելիքյանը, ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, հյուրեր հայաստանյան և միջազգային կառույցներից:
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
Բացման պաշտոնական արարողությունը իր ողջույնի խոսքով սկսեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ապա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին՝ ասելով․
-Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ արևելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը։
ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ներկաներին շնորհավորեց՝ իրականում չիմանալով՝ հանդես գալ որպես նախկին ուսանող, ներկա դասախոս, թե նախարար: Ապա ավելացրեց․
-Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ուզում եմ նշել մի առանձնահատկություն, որը մշտապես տարբերել է ֆակուլտետի՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության, իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը: 21-րդ դարում այլևս չպետք է լինեն այնպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, երբ ճնշվում է բուհի ինքնավարությունը: Ես վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել այս հաջողություններին:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ ֆակուլտետի անցած ուղու, ներկա ձեռքբերումների, հայտնի շրջանավարտների և գործունեության հիմնական ոլորտների մասին զեկուցմամբ: Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց 1921-1922 թվականների արխիվային փաստաթղթեր, որտեղ նշված է, որ համալսարանի առաջին հինգ ֆակուլտետներից մեկը եղել է արևելագիտականը, որը հետագայում միացվել է պատմաբանասիրական ֆակուլտետին: Նաև կարևոր մի փաստ արձանագրեց՝ ըստ վիճակագրական տվյալների ՀՀ դիվանագետների առնվազն 1/3-ն արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են:
Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
Հնչեցին նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Վիտալի Նաումկինի ողջույնի ուղերձները:
ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեցին արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը, ԵՊՀ պատվոգրի արժանացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Լևոն Պետրոսյանը, ապա պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան ՀՀ արտակարգ և լիազոր մի շարք դեսպաններ, ինչպես նաև թյուրքագիտության, իրանագիտության և արաբագիտության ամբիոնների ասիստենտներ, դոցենտներ և դասախոսներ:
Հանդիսավոր բացման և պարգևատրման արարողությունից հետո մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (նոյեմբերի 9-10): Կոնգրեսի ընթացքում ընթերցվեցին մոտ 70 գիտական զեկուցումներ Մերձավոր Արևելքի պատմության, արևելյան լեզուների, գրականության, մշակույթի, իսլամի վերաբերյալ: Կոնգրեսին մասնակցում էին 30 գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներից:
Լինելով ֆակուլտետի ուսանող՝ շնորհավորում եմ ընկերներիս և դասախոսներիս, շնորհավորում եմ համալսարանին նման ֆակուլտետ ունենալու համար:
Նորից իմ գյուղի արիշտան։ Այս թեման շոշափում եմ արդեն երրորդ անգամ, և ամեն անգամ ինձ թվում է, թե վերջին անգամն է։ Ուրեմն սկսեմ նրանից, որ մյուս տարիների համեմատ՝ այս տարի մենք արիշտա պատրաստել ենք երեք անգամ։ Դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր և ավանդական-գյուղական։ Առաջին անգամ արիշտան պատրաստել ենք սեպտեմբերին։ Պատճառն այն էր, որ տանը ունեինք սև ալյուր, և որ տատիկիս փոքր քույրը գտնվում էր Հայաստանում և արդեն երկար տարիներ է, ինչ չէր մասնակցել արիշտա պատրաստելու գործին, չնայած, որ միշտ բաժին է ունեցել և բոլոր իր հյուրերին հյուրասիրել ու զարմացրել է արիշտայով։ Առաջին անգամվա խմորը հունցել են տատիկս ու իր երկու քույրերը, նրանց օգնության էին հասել հարսները և տատիկիս փոքր քրոջ թոռնուհին, որը երբեք չէր տեսել արիշտա, և իր համար խմորը տրորելը բատուտի վրա ցատկոտելու պես մի բան էր։ Կեսօրից հետո պատրաստման ղեկավարները` քույրերը, գործը բաժանեցին հարսների, աղջիկների ու թոռների միջև, և հետաքրքիր պատմություններ պատմելով ու կատակելով՝ այնպես վերջացավ գործը, որ կարծես չէինք էլ սկսել, պարզապես մի փոքր ալյուրոտվել էինք։ Այս արիշտան ուներ իր պատրաստման նպատակը։ Պետք էր այն վաճառել և գումարով խնջույք կազմակերպել։ Իհարկե, խնջույքը իր ժամկետից հետ չմնաց, քանի որ եթե կա արիշտա, ուրեմն կա գնորդ։
Երկրորդ անգամ արիշտա պատրաստեցինք հոկտեմբերի սկզբին։ Այս անգամ ղեկավարներից միայն երկուսն էին, և թոռները տանը չէին։ Խմորը հունցել էր տատիկս` պատրաստելու նախորդ գիշերը, և առավոտյան մեզ դպրոց ճանապարհելուց հետո սկսել էին պատրաստել։ Տատիկս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս խաբել էր բոլորին և ասել, որ հունցել է մեկուկես-երկու փութ խմոր, իսկ իրականում այն երեք փութից ավելի էր։ Մինչև մենք դասից վերադարձանք տուն, մնացել էր մի քանի գունդ խմոր, և արդեն վերջացնում էին։ Առաջին բանը, որ տուն գալուն պես ինձանից ուզեցին, սուրճն էր։
Երկրորդ անգամվա պատրաստած արիշտան արդեն վերջացել է։ Դրա մի մասը տատիկս վաճառել է, մի մասը՝ տվել հարազատներին։ Երկրորդ և երրորդ անգամվա արիշտան պատրաստել ենք արդեն նոր աղացած ալյուրով: Նոր ալյուրի որակը բավականին բարձր է և արիշտայի համար հարմար։ Երրորդ անգամ տատիկս խմորը էլի հունցեց պատրաստման նախորդ երեկոյան և այս անգամ՝ ռեկորդային չորս փութ, ինչի մասին խոստովանեց ամբողջությամբ պատրաստելուց հետո։ Այս անգամ բոլորը տանն էին։ Ես պատրաստման ողջ ընթացքում մասնակցում եմ բոլոր ենթագործերին։ Ես կտրում եմ խմորը կտորների, բացում եմ դրանք, տալիս եմ կտրտման և տանում եմ փռելու վայրը։ Կարելի է ասել՝ այդ գործի «փոքրիկ մրջյունը» ես եմ, և փորձում եմ բոլոր գործերը հասցնել։ Իհարկե, այդ ամենը ես մենակ չեմ անում, և անում եմ հաճույքով։ Պատրաստման ողջ ընթացքում ես շրջում էի ամենուր և ինչ-որ ֆոտոներ անում, փորձում լուսաբանել ողջ ընթացքը։ Բնականաբար, քույրերը չէին ցանկանում, որ իրենց նկարեմ, բայց դե, արիշտան էլ խոսել չգիտի։ Երրորդ անգամվա արիշտան կիսով չափ բովված է, սա էլ նախատեսված է վաճառքի, հարևանների և տան համար։
Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի
Եկավ հինգերորդ օրը՝ հիշեցնելով, որ այսօր հերթը իմն է։ Բոլորը նյութ արդեն հասցրել են գրել, մնացել եմ ես։ Եվ հիմա, սրճարանից հետո, երբ մնացածը քնած են, կսկսեմ օրագիրը գրել․․․
Օրը սկսեց ակտիվ նախավարժանքով, որը այս անգամ անցկացնում էր Էլիան (Իտալիա)։ Նրան հետո միացավ Դավիդը (Բոսնիա), ով չափից շատ ակտիվ էր (ի դեպ, նա սենյակակիցս է)։ Այս օրը տարբերվում էր մնացածներից նրանով, որ հենց մասնակիցներով էինք կազմակերպում ընդմիջումները։ Երեկ իրականացված «կազմակերպությունների նորաձևության ցուցահանդեսին» փոխարինելու եկավ կազմակերպությունների պաշտոնական ներկայացումը։
Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի
Ներկայացված ՀԿ-ները Շվեդիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից Մոնտենեգրոյից, Բելառուսից, Սերբիայից էին։ Յուրաքանչյուր ՀԿ համառոտ ներկայացնում էր իր գործունեությունը, տեսլականը և առաքելությունը, ինչպես նաև սեփական SWOT անալիզի արդյունքները։ Կարևոր էր նաև «մասնակցություն» և «ներդրում» հասկացությունների տարբերակմանը նվիրված կարճ քննարկումը։ Հաջորդ հետաքրքիր թեմաներից էին` դրամաշնորհները, ծրագրեր գտնելու համար ներկայացված գործիքները, կայքէջերը։ Օրը շատ ակտիվ էր․ անընդհատ հարց-պատասխան, փորձի ներկայացում և փոխանակություն։ Նաև Լիլիթը հասցրեց հոգեբանական թեստ իրականացնել, որը կօգներ կամավորներին մոտիվացնել։ Ամենաարդյունավետ թեման ինձ համար այն էր, թե ինչու են ՀԿ-ները գրեթե միշտ ունենում երիտասարդների ներգրավման խնդիրներ, և որն է պատճառը։ Բնականաբար փորձեցինք լուծումներ և տեսակետներ առաջարկել։
Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի
Ընթրիքից հետո, երբ սովորաբար ազատ ենք լինում, այսօր նշանակված էր քննարկում, սակայն արդեն նախօրոք բաժանված խմբերով։ Ես ընտրել էի «թղթակիցների», Հովնանը՝ «ինչպես մոտիվացնել կամավորներին», Անուշը և Լիլիթը՝ «ինչպես ներկայացնել նյութը կամավորներին», իսկ Աննան՝ «դրամահավաքների» թիմերը։ Մեկ ժամ քննարկումից հետո գիտելիքներով հարստացած անցանք հագստի:
Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի
Երեկոն շարունակեցինք արդեն մտերմիկ շրջապատում․ ծովի ափին՝ մեղմ քամու առկայությամբ և կիսալուսնի շողերի ներքո(շատ գեղարվեստական ստացվեց, բայց դե ուրիշ ձև հնարավոր չէր նկարագրել )․․․