milena araqelyan

Չհայրենիք

01.10.18: Հայաստան: Օդանավակայան: Պատկերացում չունեմ՝ ինչպես են լքում հայրենիքը: Հա, ամպագոռգոռ բառեր կարդացել եմ տարբեր գրվածքներում, ոչինչ չեմ զգացել, սառը հայացքով կարդացել եմ՝ կարծես էդպիսի երևույթ չի կարող պատահել: Օդանավակայանում հավաքվել են ընկերներս՝ միմյանցից ծայրաստիճան տարբեր, հավաքվել են մի նպատակով, հավաքվել են իրենցից մեկին ճանապարհելու՝ հույսով, որ մի օր հենց իրենք են ժպիտախառը դեմքերով դիմավորելու: Նայում եմ, հերթով նայում եմ նրանց դեմքերին, որ ձևացնում են՝ ուրախ են: Նայում եմ՝ անհագ նայելու ցանկությամբ: Վայ, գրեթե գիտակցում եմ, որ էլ չեմ տեսնելու, հասկանո՞ւմ եք, ոչ թե մեկ-երկու օրով, շաբաթներով կամ ամսով, չէ: Չեմ տեսնելու ու վերջ: Մեզ չեն բաժանում ընդամենը երեք-չորս կանգառները, բաժանելու են հազարավոր կիլոմետրերը, որոնց հաղթելը, չեմ ուզում գիտակցել, որ դժվար է լինելու:

Գրկախառնություն: Փորձում ես վերջին անգամ քո մի մասնիկը տալ նրանց ու վերցնել նրանցից: Չէ, քեզ խոսք ես տվել, լաց չես լինելու, մինչդեռ ուղեղումդ  անընդհատ պտտվում է Անահիտի՝ ‘«ու այդպես էլ մի կարգին հրաժեշտ չենք ունենում՝ օդանավակայաններում մի ծովաչափ լաց լինելով»: Ինքս ինձ խոստացածը մի վայրկյանում ցնդեց, երբ Լիլիթը ականջիս կրկնում էր. «Ամեն բան լավ է լինելու, լինելու է էնպես, ինչպես դու ես ուզում: Մենք միշտ կողքիդ ենք, մեզ կիլոմետրերը չեն հաղթելու»: Ախր, հենց այդ պահին հրաժեշտ երևույթ կոչվածը մտավ ուղեղս, ուժեղ հարվածեց: Մինչ այդ ես գիտեի, որ ամեն բան լավ է, չկան կիլոմետրեր, որ իրենք կողքիս են,  չկա «հեռացում» բառի գործողություն դառնալը: Ու արցունքները, առանց իրար հերթ տալու գլորվեցին:

Վերջ: Գնում եմ՝ արդեն գիտակցված: Էլ չեմ կարողանում նայել ընկերներիս դեմքերին: Փախչում եմ հայացքներից, մտքերումդ դաջվող ու ցավեցնող հայացքներից: Գնում եմ, առանց հետ նայելու:

Ինքնաթիռ: Ինձ թվում էր՝ արդեն համակերպվել եմ գնալ գաղափարի հետ: Չէ: Ականջակալներումս մեկը անընդհատ կրկնում է “save me from me”, ու հանկարծ ինքնաթիռը օդ է բարձրանում: Բարձրանալու հետ արցունքներս իջնում են: Արդեն հասկանում եմ ամպագոռգոռ հրաժեշտների մասին բոլոր գրվածքները:

***

Վայրէջք: Կիև: Չհայրենիք: Սառնությունից բացի ոչինչ չեմ զգում:

***

Նորից ինքնաթիռ: Նպատակակետիդ ավելի ես մոտենում: Ականջակալներումդ էլի նույն տողերն են, բայց հստակ գիտակցում ես, որ քեզ փրկողը միայն դու կարող ես լինել, ուրիշ ոչ ոք:

***

Վայրէջք: Փարիզ: «Չհայրենիք»: Համակերպվում ես զգացածդ սառնությանը: Ասում ես՝ հասել եմ, չանհանգստանաք, ու զգում, որ վերջ, դու արդեն հեռացել ես, ու մի օր նրանց անհանգստանալն էլ է հեռանալու:

Ուրիշ քաղաք: Ուրիշ-ուրիշ մարդիկ: Ուրիշ օդ, որը էդպես էլ չի հերիքելու: Համակերպվում ես: Տարբերակ չունես: Չես կարոտում: Քեզ հրահանգել ես՝ չկարոտել:

Աշունը Սոլակում

elada

Ուսանողական կյանք

Ուղիղ մեկ ամիս առաջ էր, երբ հասկացա, որ պետք է Երևանի փողոցների անունները սովորեմ, խորապես ուսումնասիրեմ Երևանի քարտեզը, կամ` թե որ տրանսպորտը քաղաքի որ մասն է գնում… Զուտ նրա համար, որ արդեն ուսանող եմ։

Ուսանողական կյանքս սկսվեց սեպտեմբերի 3-ին ժամը 6:00-ին, արթնացա առանց տրտնջալու: Չէ՞ որ առաջին օրն էր, որ պետք է մուտք գործեի Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին։

Առավոտյան պատրաստվեցի, շտապեցի կանգառ: Կանգառը գտնվում է գյուղամիջյան գլխավոր ճանապարհահատվածի վրա՝ մեր տան մոտակայքում։ Այն գյուղում հայտնի է Արզականի կանգառ անվամբ, քանի որ միայն տվյալ կանգառի վրա է դարբնանախշ տառերով գրված Արզական, մյուսները փոքրիկ սպասասրահներ են:

Կանգառում ինձանից և մի քանի ծլվլացող ծիտիկներից բացի ոչ ոք չկար, անգամ մեքենաների շարժը չէր նկատվում:

7:10-ին ուսանողական տրանսպորտը հայտնվեց կանգառում, նստեցի ու հենց այդ պահից «ուսանողական տրանսպորտ» անվանումն ինքս ինձ համար փոխեցի «շուկայագնաց տրանսպորտ», քանի որ ուսանողներից բացի տրանսպորտում կային մրգերով և բանջարեղենով լի պարկեր և արկղեր: Տրանսպորտը, սլանալով դեպի Երևան, իր ներսում միանգամից հավաքեց այնքան մարդ, որ հաշվելն անհնարին էր։ Ամեն անգամ փորձում եմ հաշվել, հաշիվս կորցնում եմ…

Նշեմ, որ առաջին օրը մի քանի «բարի» մարդկանց օգնությամբ կանգ առա Նար-Դոս փողոցի վրա, և ստիպված էի մոտ վեց կանգառ քայլել՝ մինչև համալսարան հասնելս։

Երբ հասա ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ, արդեն հասկացա, որ կարող եմ ինձ համարել ուսանող:

Կուրսընկերներով հավաքվեցինք, և ուղեկցեցին մեզ դեպի դահլիճ, որտեղ առաջին կուրսեցիներիս իր ողջույնի խոսքն ասաց ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դեկան պարոն Թադևոսյանը, այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը:

Մի շարք ողջույնի խոսքերից հետո եկավ մեզ համար մի պատմական պահ․ ամբողջ դահլիճով մեկ ասացին, որ լրագրողները կանգնեն ոտքի և հետևեն Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ պարոն Գալստյանին:

Մենք մեր փոքրիկ 8 հոգանոց կուրսով վստահ կանգնեցինք ոտքի, բոլորը ուշադիր մեզ էին նայում…

Իսկ մենք մեզ արդեն լրագրող էինք երևակայում… Ինչո՞ւ ոչ։

Սակայն, փոքր-ինչ հետո իմացանք, որ մենք դեռ «շնիկներ» ենք:

Հետևեցինք պարոն Գալստյանին, նա մեզ ուղեկցեց 205 լսարան, որը, ինչպես հայտնի դարձավ մեզ, անվանակոչված է Ստեփան Պողոսյանի անունով:

Պարոն Գալստյանի հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացանք, որ մենք այստեղ դեռ շատ ու շատ բաներ ունենք սովորելու, ուսումնասիրելու:

Ծանոթացանք մի քանի դասախոսների հետ, կիսվեցինք մտահոգություններով, ստացանք պատասխաններ:

Եվ այսպիսով, արդեն առաջին օրը մենք հասկացանք, որ դասարանը փոխարինել ենք լսարանով, դասղեկը՝ կուրսղեկով, և սա մեր նոր կյանքի առաջին հրաշք օրերից մեկն էր՝ մի փոքր արկածային, մի քիչ մտահոգ, առավել հիացական…

Ամեն ինչ դեռ առջևում է։

Նիկարագուան, System of a down –ը և հեղափոխությունը

Հարցազրույց նիկարագուացի Համիլտոնի հետ (խնդրեց բացի անունից ոչ մի ինֆորմացիա չհրապարակել), ով ինձ պես Բելգիայում անցկացվող «18-ը 18-ում» ծրագրի մասնակիցներից էր։ Կարճ ժամանակում իմացա Նիկարագուայում տիրող իրավիճակի մասին և փորձեցի ավելին իմանալ հարցազրույցի օգնությամբ։

-Կնկարագրե՞ս այսօրվա իրադրությունը Նիկարագուայում։

-Իրավիճակն իմ երկրում բավականին ճգնաժամային է։ Ամեն ինչ սկսվեց սոցիալական ռեֆորմից, որի համաձայն, թոշակները կրճատվում էին հինգ տոկոսով։ Ընթացքում կառավարությունը բազմաթիվ սխալներ էր թույլ տալիս։ Իրավիճակը շարունակվեց մինչև այն պահը, երբ մարդիկ ասացին՝ բավական է, սա արդեն չափն անցնում է։ Նրանք սկսեցին խաղաղ ցույցեր անել, սակայն բախվեցին կառավարության ճնշումներին։ Նրանք թալանվեցին, ծեծի ենթարկվեցին, նունիսկ եղան զոհեր: Սա էլ ավելի բորբոքեց ցույցերի ալիքը։

-Ինչպե՞ս սկսվեց ցույցերի երկրորդ փուլը։

-Այս անգամ երկրի բոլոր ուսանողները սկսեցին իրենց ձայնը բարձրացնել, բոլոր քաղաքներում մասսայական ցույցեր էին, և ոչ ոք այլևս չէր ցանկանում ճնշումների ենթարկվել։ Սակայն կառավարությունը կրկին գործի դրեց իր «մսաղացը»։ Սպանվում էին ուսանողներ, ովքեր պարզապես դեմ էին կառավարությանը և ցանկանում էին ազատություն։ Նրանք սկսեցին արգելափակել փողոցները՝ փորձելով կաթվածահար անել կառավարական ուժերը։ Նույնիսկ որոշ ոչ պետական կազմակերպություններ գործադուլ հայտարարեցին։ Բայց կառավարությունը՝ նախագահ Դանիել Օրտեգայի գլխավորությամբ, չէր ցանկանում հեռանալ, որովհետև Օրտեգաների ընտանիքին պատկանում են խոշոր ձեռնարկություններ, և իշխանությունից հեռանալը հավասար է ամեն ինչ կորցնելուն։ Չեմ կարող չնշել, որ այդ ընտանիքում իմ կարծիքով առավել կարևոր դեր ունի նախագահի կինը՝ Ռոզարիո Մուրիլիոն, ով պարզապես շահարկում է նախագահին։

-Իսկ հիմա նորից նույն ձևո՞վ եք արտահայտում ձեր բողոքը։

-Այո, մենք կրկին շարունակում ենք մասսայական ցույցերը, ստեղծում ենք բարիկադներ, արգելափակում ենք փողոցները։ Նոր երևույթ է ազգային բանակցությունը։ Այստեղ բանակցությունների սեղանի առջև են կառավարությունը և քաղաքացիական ակտիվիստները։ Սակայն սա արդյունք չի տալիս, որովհետև կառավարություն ոչ մի զիջման չի գնում և շարունակում է ամեն ինչ իր ուզածի պես հարմարեցնել։

-Ովքե՞ր են շարժման առաջնորդները։

-Առաջնորդները «Ապրիլի 19-ի ուսանողական շարժում»-ի անդամներն են: Անունից հասկանալի է, որ այս շարժումը ուսանողական է և սկսվել է ապրիլի 19-ին։

Կարևոր դեմքեր են՝ Լասթեր Ալեմանը (ուսանող), Ժոզե Ագուերին (անհատ ձեռներեց, հիմա բանտում է), Կարլոս Թյուներմանը:

-Ի՞նչ ես կարծում, «դրսից» օգնության կարիք ունի՞ նիկարագուացին։

-Ես կարծում եմ՝ այո։ Մեր պարագայում միայնակ պայքարելը կարծես հավասարազոր է մահվան։ Կառավարությունը հանգիստ սպանում է մարդկանց, նետում բանտերը։ Իմ ժողովուրդը ցանկանում է, որ մեծ պետությունները իրենց ուշադրությունը հրավիրեն մեզ վրա։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ես կանվանեմ եղեռն․․․

-Առանց բռնության հնարավո՞ր է իրականացնել հեղափոխություն։

-Մենք սկսել ենք նույն սկզբունքով և փորձում ենք հավատարիմ մնալ դրան։ Ես տեղյակ եմ ձեր Թավշյա հեղափոխությունից, այնպես որ, այն ամենևին էլ անիրատեսական չէ։

-Ես գիտեմ, որ System of a down-ի երկրպագու ես և Հայաստանի մասին նրանցից ես իմացել։ Նրանք որևէ կերպ քեզ «աջակցո՞ւմ» են այս ճգնաժամային պահին։

-Ես նրանց սկսել եմ լսել յոթ տարեկանից։ Սկսեցի ուսումնասիրել խմբի անդամների կենսագրությունները և հենց այդ ժամանակ էլ բացահայտեցի Հայաստանը։ Նրանք փորձում են մարդկանց սովորեցնել ունենալ ազատ միտք, չմտաշահարկվել, լինել վերլուծող և հեշտորեն չհիմարանալ։ Երբ ես մասնակցում եմ ցույցերին, ընթացքում լսում եմ նրանց երգերը, և կարծես նույն իրավիճակի մասին են երգում, որը հիմա իմ երկրում է։ Ես կարծում եմ, որ մենք և դուք չունենք մշակութային նմանություններ, բայց գաղափարները շատ նման են։

Ազգը դպրոցով է ազգ դառնում

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Հարցազրույց Սուսաննա Մանասյանի հետ, ով ծնվել է 1950 թվականին Արզական գյուղում, մանկավարժի ընտանիքում: Ավարտելով Արզականի ութամյա դպրոցը, միջնակարգ դպրոցի բացակայության պատճառով, ուսումը շարունակել է Ալափարսի Կիրովի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ էլ հենց ավարտել է ուսումը: Առաջին տարում դիմել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մեկ միավորով դուրս է մնացել, քանի որ մրցակցությունը բարձր էր: Երկրորդ տարում ընդունվել է բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը՝ միևնույն ժամանակ աշխատելով Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես երգի և երաժշտության ուսուցիչ, հետո՝ դասվար, այնուհետև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ինչպես ընկեր Մանասյանն է նշում՝ 46 երկար ու ձիգ տարիներ։ Աշխատանքի ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Սովետական Միության ժամանակ ստացել է բազմաթիվ պատվոգրեր շրջանային գործադիր կոմիտեի, կրթության բաժնի, նաև Հայաստանի լուսավորության մինիստրության, ԽՍՀՄ լուսավորության մինիստրության և այլ գերատեսչությունների կողմից: Այնուհետև հմտանալով աշխատանքի մեջ՝ նաև յոթ տարի աշխատել է որպես ուսումնական մասի վարիչ՝ կրկին ունենալով բավականին մեծ հաջողություններ: Այդ տարիներին դպրոցը բավականին բարձր ցուցանիշներ է հանդես բերել, որից հետո իր դիմումի համաձայն ազատվել է ուսմասվարի պարտականություններից և մյուս տարիներին եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ մինչև կենսաթոշակի անցնելը։ Ընկեր Մանասյանը նշում է, որ իր նախաձեռնությամբ է դուրս եկել տվյալ աշխատանքից, չնայած, որ ամբողջ կոլեկտիվը, աշակերտությունը, ծնողները խնդրել են, որ մնա և շարունակի իր գործունեությունը, սակայն ասում է, որ պետք է տեղը զիջել երիտասարդներին։ Ուսուցչուհին նաև նշում է, որ չնայած արդեն չորս տարի է, ինչ չի աշխատում, շատ կապված է իր նախկին սաների և գործընկերների հետ, ունենում է հաճախակի հանդիպումներ։ Ընկեր Մանասյանը ոգևորությամբ նշեց, որ իր ողջ կյանքում եղել է և կմնա մանկավարժ։

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

-Կպատմե՞ք Ձեր մանկավարժական գործունեության ամենահիշարժան պահերից։

-Իմ մանկավարժական գործունեության ամենահիշարժան բանն այն է, որ իմ սաներն այսօր դարձել են հանրապետությունում և հանրապետությունից դուրս հրաշալի մասնագետներ, և ես, տեսնելով նրանց հաջողությունները, շատ-շատ ուրախանում եմ:

-Ձեր ժամանակի դպրոցի և ներկայիս դպրոցի մասին կխոսե՞ք։ 

-Այն ժամանակ, բնականաբար, չեն եղել այն հարմարավետությունը, նաև տեխնիկական միջոցները, ինչ որ կա հիմա, բայց ուսման նկատմամբ հետաքրքրությունը եղել է շատ մեծ, աշակերտները սովորել են շատ լավ, և հիմնականում գերակշռում էր ուսման բարձր որակը։ Ժամանակները փոխվեցին, տեխնիկական միջոցները մուտք գործեցին դպրոց, և իհարկե, այդ առումով հեշտացել է և՛ ուսուցչի աշխատանքը, և՛ երեխաների աշխատանքը, սակայն այսօր երեխաների ընթերցասիրությունը հետին պլան է մղվել։ Եվ նախկին դպրոցներում ինձ դուր էր գալիս այն, որ նախկին սերունդը մի տեսակ ամոթխած էր, ավելի պարկեշտ էր, լայնախոհ: Դա շատ դրական կողմեր ունի, բայց նաև ունի բացասական կողմեր։ Չգիտես՝ ինչու, մարդ արարածն ավելի շատ վատն է ընդօրինակում, քան թե լավը, հատկապես՝ դեռահասը։ Այսօր այդ ճահիճը մեծ է, և դեռահասները մխրճվում են այդ ճահճի մեջ, և ուսումը մի տեսակ հետին պլան է մղվում: Իհարկե, կան նաև ուրիշ պատճառներ՝ ուսումնական ձեռնարկները, ծրագրերը, որոնք պետք է բեռնաթափվեն։ Ասօրվա դպրոցներում երեխաներն ավելի համարձակ են, ինչը ինձ դուր է գալիս։ Ավելի ինքնուրույն մտածող են, իրենց կարծիքը հայտնում են առանց քաշվելու։ Ինձ դուր է գալիս ներկայիս սերնդի համարձակությունը, իսկ ուսուցիչներն էլ դժվար են հարմարվում, ասում են՝ էս սերունդը էն չի։ Չէ, սերունդը լավն է, պարզապես պիտի մոտեցումը փոխել երեխաների հանդեպ։

-Իսկ ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կարևոր կրթությունը երեխայի համար։ 

-Բնականաբար, շատ կարևոր է, անձը ձևավորվում է իր ներաշխարհով։ Ինչպիսի սերմ ցանես, դա էլ պիտի հնձես, բնականաբար, մենք դաստիարակում ենք վաղվա քաղաքացուն, և վաղվա քաղաքացին ինքը պիտի նորից ընտանիք կազմի, սերունդ տա, և այսպես շարունակ։ Եվ ոչ միայն գիտելիք պետք է ունենա, այլ նաև հոգևոր ազգային արժեքները պետք է պահպանի։ Դա պահպանելը մեզ նման փոքր ազգերի համար շատ կարևոր է։

-Մի փոքր կխոսե՞ք կրթական համակարգի մասին։ 

-Բնականաբար, նոր կառավարությունը սկսել է այդ բարեփոխման ընթացքը… Դեռ փոքրիկ սերմիկներ են երևում, բայց հուսով եմ, որ ամեն ինչ դեպի լավը կգնա: Այն հարցերը, որոնք իրոք այսօր ինձ հուզում են, ինձ թվում է՝ կստանան իրենց լուծումը։

-Իսկ ներկայումս ինչո՞վ կարող եք հպարտանալ։ 

-Շատ բաներով, հատկապես ստեղծարար կենտրոններով, շատ գովելի է ինժեներական լաբորատորիաների բացումը։ Այսօր մեր երկիրը հարուստ չէ ո՛չ նավթով, ո՛չ այլ բաներով, և մենք փոխարենը պետք է ուղեղները լավ կրթենք, և թույլ չտանք ուղեղների արտահոսք․ դա մեր երկրին շատ է պետք։

-Ըստ Ձեզ՝ ուսուցիչների կատարած աշխատանքը որքանո՞վ է կարևոր։ 

-Շատ-շատ կարևոր է ուսուցչի կատարած աշխատանքը, ամեն ինչի հիմքը դնում է ուսուցիչը։

-Եվ վերջապես, աշակերտներ, որոնցով հպարտացել եք ու դեռ կհպարտանաք։ 

-Հպարտանում եմ ես իմ այն աշակերտներով, որոնք թե՛ հանրապետությունում, թե՛ հանրապետությունից դուրս կարողանում են ներկայացնել իրենց երկիրը, կարողանում են ներկայացնել իրենց ժողովրդին: Իրոք, ես հպարտանում եմ այդ սաներով, և այսօր էլ մենք ունենք աշակերտներ, որոնք միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում դառնում են հաղթող, փառք ու պատիվ իրենց: Իմ աշակերտներից են, օրինակ, Պետրոսյան Ցողիկը, որն այսօր բանասիրական կրթություն ունի և դպրոցի առաջավոր ուսուցիչներից մեկն է, Հովհաննիսյան Արմանը, որը բժիշկ է, այսօր, ցավոք սրտի, ԱՄՆ-ում է։ Եղիազարյան Արտուշը, որը հիմա Գերմանիայում է, իմ լավագույն աշակերտներից մեկն է, և էլի շատ շատերը… Այս պահին բոլորին թվարկել չեմ կարող, շատերը ուսուցիչներ են, բժիշկներ են, թեկուզ տրակտորիստ են, բայց արժանապատիվ մարդ են: Թող այսօր այն երիտասարդը, ով ընտրում է մանկավարժության բնագավառը, իսկապես նվիրյալը լինի դպրոցի և աշակերտի և ոչ միայն գիտելիքներ հաղորդի, այլ դառնա նոր սերունդ կրթող, դաստիարակողը: Ես կցանկանամ՝ այն մարդն ընտրի այս մասնագիտությունը, որը իրոք նվիրյալ է: Ա՛յ, մեծ մարդկանց ուսուցիչ են անվանել, թող, որ այդ ոգին մանկավարժական կրթություն ունեցող երիտասարդների հոգում սերմանվի, բազմապատկվի, և նրանք նվիրյալը լինեն այդ մեծագույն գործի, որովհետև ազգը դպրոցով է ազգ դառնում։

Lusine ghulyan

Թռչուններն էլ թռան

Դիլիջանում եղանակը անձրևային է, ու ես նորից նստած մեր պատշգամբում՝ նայում եմ երկնքին ու մտածում։ Այսօր թռչունները շատ են, տեսնես ո՞ւր են թռչում։ Թռչունները կթռչեն, էլի հետ կգան, իսկ եթե տարինե՞րը թռչեն, կարո՞ղ են հետ գալ։ Զգացի, որ շատ ծանոթ մտքեր են, մի անգամ էլ են առիթ ունեցել գլխումս հայտնվելու։ Բայց ե՞րբ։ Հա, հիշեցի, վերջին զանգին։

Վերջին զանգ, դպրոցի բակ, սև ու սպիտակ հագուստներ, ժպտացող դեմքեր ու իմ արտասվախառն աչքերը։

-Հը՞ն, Լուս, խի՞ ես լացում, ի՞նչ ա եղել,- լսում եմ դասընկերոջս ձայնը։

-Ախր, վերջին զանգ ա։

-Գի՞ժ ես, նենց ես ասում, ոնց որ քո վերջին զանգը լինի։

Իրոք, իմ վերջին զանգին մի տարի կա դեռ, բայց ախր, ժամանակը այնքան արագ է թռչում, որ շուտով հերթը ինձ էլ կհասնի։ Իսկ ես չեմ ուզում մեծանալ…

Գա՞նք իրականություն՝ ներկա։ Ամառային արձակուրդներ, օգոստոս, հաշված օրեր սեպտեմբերի 1-ին։ Հիմա իրոք այս տարի իմ վերջին զա՞նգն է լինելու։ Ավարտելո՞ւ ենք, ամեն մեկս մի տե՞ղ գնանք։ Տեսնես՝ տարիներ հետո կհանդիպե՞նք։ Թռչում են, էլի, տարիները, իսկ մենք հաճախ չենք նկատում։

-Լո՞ւս։

-Հա՞, մամ։

-Արի՛, հաց ենք ուտում։

Արդեն պիտի գնամ, մտքերս էլ կիսատ մնացին, լավ, հետո կշարունակեմ։ Վերջին անգամ նայում եմ երկնքին․ թռչուննե՞րն էլ թռան։

Նախապապիս հաշվիչը

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հին հաշվիչ՝ աբակ, հաշվիչի այս տեսակը հատկապես օգտագործվել է 19-20 դդ- ում:

Տան ձեղնահարկում պեղումներ անելիս, հայտնաբերեցի այն, որը պարզվեց պատրաստել է իր ձեռքով հայրիկիս պապը: Ի դեպ, հաշվիչի ներքևամասում փորագրել է իր անունը՝ Պողոս Պետրոսովիչ Մարգարյան, իսկ վերևամասում՝ հազիվ տեսանելի է դառնում 1918 թվականը, որտեղից կարելի է հասկանալ, որ այս հաշվիչը 100 տարեկան է:

Պողոս պապի թոռները նաև գտել են հաշվիչն օգտագործելու մի այլ ձև. նստել են վրան, և փոքր հատիկների գլորվելու օգնությամբ սլացել հատակի վրա, որը նրանց հաճույք է պատճառել, ինչի արդյունքում հատիկներից մի քանիսը բացակայում են…

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Ինչպես երևում է նկարում, 1918 թվականին այն եղել է Պողոս պապի ձեռքի հաշվիչը, որով նա հաշվել է իր՜ դարբնոցից ստացված օգուտը: Ի դեպՙ երևի արդեն ասել եմ, որ դարբնությունը մեր տոհմում փոխանցվել է ժառանգաբար՝ հորից որդուն: Հիմա հայրս է զբաղվում այդ արհեստով և համարվում է դարբինների չորրորդ սերունդը: Բայց 21-րդ դարում այդ արհեստի մեջ այլևս պիտանի չէ այդ հաշվիչը, քանի որ կան շատ ու շատ ժամանակակից սարքեր, որոնք մի քանի անգամ ավելի արագ և ճշգրիտ են հաշվում գործից ստացված օգուտը կամ վնասը: Բայց պապիս հաշվիչը թանկ է մեզ համար ոչ որպես գործածական առարկա, այլ հիշողություն և վստահություն, որ մենք կանք, խորը արմատներ և ավանդույթներ ունենք:

«Պահպանվում է» պետության կողմից

Վերջերս այցելել էի Կարենիսի (Գյումուշ) հանգստյան գոտի: Հանկարծ աչքովս ընկավ մոտակայքում գտնվող մի քարաշեն փոքրիկ կառույց և նրա վերևում նշմարվող մետաղե խաչ: Հետաքրքրասիրությունս զսպել չկարողացա. դժվարությամբ մոտեցա եկեղեցուն: Սարդոստայններով պատված վանդակի ճաղեր հիշեցնող փոքրիկ դուռը բացելով՝ մի պահ քարացա: Գորշ պատերը սարսուռ էին փոխանցում: Խորանի վերևի քարերը ցած էին գլորվել: Եթե դիմացի սեղանիկների վրա իրար մոտ շարված սրբապատկերները չլինեին, դժվար կլիներ կռահել, որ գտնվում եմ եկեղեցում: Սրբապատկերների կողքին դրված էր նաև Գարեգին Բ-ի լուսանկարը:

Ցավալի է: 5-րդ դարում կառուցված եկեղեցին եկել հասել է 21-րդ դար և գտնվում է անմխիթար վիճակում: Եթե անգամ մեկ բալանոց երկրաշարժ լինի տեղանքում, մոտ 1600 տարեկան եկեղեցին կհավասարվի հողին:

Պահպանվում է պետության կողմի՞ց: Իսկ ինչո՞ւ է նման սոսկալի վիճակում: Միգուցե նրա համար, որ «պահպանվում է» պետության կողմից:

Ուզում էի կարծրատիպերը կոտրել

Լուսանկարը` ԿԳՆ ֆեյսբուքյան էջի

Լուսանկարը` ԿԳՆ ֆեյսբուքյան էջի

Հուլիսի 3-14-ը Ռումինիայում տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 108 երկրներից թիմեր՝ 594 մասնակիցներով: Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցները արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե: Օլիմպիադայում ունեցել ենք նաև աղջիկ մասնակից` Նատալի Մուրադյանը, որը նվաճել է բրոնզե մեդալը:

Հետաքրքիր և անկեղծ զրույց ունեցա Նատալիի հետ, նա պատմեց իր՝ գիտության ուղին ընտրելու, նախասիրությունների, նպատակների ու երազանքների մասին:

-Ողջույն Նատալի, շնորհավորում ենք քեզ հաղթանակի կապակցությամբ: Մի փոքր կպատմե՞ս քո, քո նպատակների, նախասիրությունների մասին

-Ողջույն, շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Սովորում եմ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (կարճ` Ֆիզմաթ) և այս տարի տեղափոխվում եմ 12-րդ դասարան։ Ֆիզմաթ ընդունվել եմ 7-րդ դասարանից, այդ պահից կյանքս նոր թափ է ստացել, քանի որ Ֆիզմաթում դասավանդում են հրաշալի և բարձրակարգ մասնագետներ, ովքեր խթան հանդիսացան, որ շատ առարկաներ էլ ավելի շատ սիրեմ և հետաքրքրությամբ զբաղվեմ դրանցով։

Շուտով դառնալու եմ 17 տարեկան, բայց մեծ պլաններ միշտ եմ ունեցել։ Դեռ մանկուց երազում էի դառնալ մեծ գիտնական, ստեղծել նոր ռոբոտներ, որոնք կօգնեին մայրիկիս տնային գործերում։ Անցել են շատ տարիներ, բայց երազանքս դեռ չի փոխվել։ Շատ եմ ուզում ընդունվել իմ երազանքների համալսարան և դառնալ լավ ինժեներ։ Ու նպատակիս հասնելու ճանապարհի մի կանգառը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից մեդալ ունենալն էր, որը հաջողությամբ հաղթահարեցի։

Չնայած ժամանակիս մեծ հատվածն անցկացնում եմ մաթեմատիկա և անգլերեն պարապելով, բայց հանգստանալը նույնպես կարևոր է, որ ուղեղս կարողանա մաքսիմալ լավ աշխատել։ Ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ շփվելով, դիտում եմ անգլերեն ֆիլմեր, կարդում գրքեր, երբեմն նվագում եմ, բայց այս ամենից զատ ունեմ մի մեծ հոբբի. ես սիրում եմ գտնել հետաքրքիր ու գեղեցիկ նկարներ։ Փնտրում եմ նկարներ, երբեմն խառնում եմ իրար, անում եմ որոշ փոփոխություններ և ստանում իմ իդեալական նկարը, որը հետո լինում է հեռախոսիս էկրանին, որ շատ նայեմ։ Տարօրինակ հոբբի է միգուցե, բայց ինչ-որ չափով զարգացնում է երևակայությունը։

-Վերադարձար հաղթանակով, ինչպիսի՞ն են տպավորություններդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից: Կպատմե՞ս՝ ինչ դժվարություններ հաղթահարեցիր, և ի՞նչը քեզ օգնեց հաղթահարել դրանք և հաղթանակ տանել

-Օլիմպիադայից վերադարձել եմ շատ տպավորված, քանի որ ձեռք եմ բերել շատ նոր ընկերներ, ծանոթացել տարբեր ազգերի մշակույթներին ու սովորել շատ նոր ու հետաքրքիր բաներ, որոնք դեռ հաստատ պետք են գալու։

Օլիմպիադայի և, ընդհանրապես, շատ հարցերում մեծ կարևորություն ունի չլարվելը, իսկ դա կառավարելը բավականին դժվար է։ Այս տարի ամենամեծ դժվարությունս թերևս եղել է լարվածությունը հաղթահարելը ու առանց հուզվելու կենտրոնանալն ու լավագույն կերպով ներկայանալը։ Ինձ թվում է՝ ինչ-որ չափով ստացվեց կառավարել էմոցիաներս, ու դա ինձ շատ օգնեց օլիմպիադայի ընթացքում։

Ամենից շատ ինձ ոգևորում էին ընտանիքիս անդամները։ Նրանք ինձ սատար էին կանգնում ամեն հարցում և միշտ կողքիս էին իրենց բարի խորհուրդներով։ Շատ են ոգևորել նաև մի խումբ աղջիկներ, ովքեր անհամբեր սպասում էին, թե երբ եմ կոտրելու աղջիկների մասին բազմաթիվ կարծրատիպերը։ Ընկերներս ու բարեկամներս նույնպես կողքիս են եղել ամբողջ ընթացքում և մոտիվացրել իրենց ջերմ խոսքերով ու լավ մաղթանքներով։

Մոտիվացիա շատ եմ ունեցել։ Նախ ուզում էի երջանկացնել ծնողներիս։ Չնայած՝ նրանց համար իմ հաղթանակն այնքան կարևոր չէր, բայց միևնույնն է, ուզում էի, որ ինձնով հպարտանան։ Մեկ այլ մոտիվացիա էր կարծրատիպեր կոտրելը։ Մաթեմատիկայով զբաղվելիս նկատում էի մարդկանց թերահավատությունը։ Մարդիկ հակված չեն մտածելու, որ աղջիկը կարող է մաթեմատիկայով զբաղվել ու լուրջ արդյունքներ գրանցել։ Հիմա հուսամ՝ շատ աղջիկներ կհասկանան, որ իրենք նույնպես կարող են հետաքրքրվել մաթեմատիկայով, ֆիզիկայով, ինֆորմատիկայով ու, ցանկության դեպքում, հասնել մեծ բարձունքների։ Եվ ի վերջո՝ շատ էի ուզում տեսնել աշխատանքիս արդյունքը։ Ես երկար ժամանակ է, ինչ հաճախում եմ մաթեմատիկայի խմբակների, պարապում եմ ինքնուրույն ու շատ էի ուզում, որ կատարածս աշխատանքը երևար ու գնահատվեր։

-Ինչո՞ւ հենց մաթեմատիկա:

-Մաթեմատիկա սիրել եմ դեռ մանկուց։ Հայրս նույնպես սովորել է Ֆիզմաթում ու միշտ ուզում էր, որ գնայի իր հետքերով։ Պապիկս էլ էր սիրում մաթեմատիկա ու միշտ պատմում էր, թե ինչպես էր դասարանում բոլորից արագ լուծում խնդիրները, ես էլ լսում էի ու հիանում։ Երևի ինքս էի ուզում ստեղծել մի պատմություն, որտեղ խնդիրները լուծում էի ամենակրեատիվ ձևով ու բոլորին զարմացնում։ Երբ եկա Ֆիզմաթ, հանդիպեցի հրաշալի մասնագետների, ովքեր շատ օգնեցին ինձ։ Իմ մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Սարգսյանը և խմբակավարներ ընկեր Գոգյանը ու ընկեր Մարգարյանը ինձ ցույց տվեցին մաթեմատիկայի գեղեցկությունն ու սովորեցրին չնահանջել դժվարությունների հանդիպելիս։

-Ունե՞ս արդեն ակնկալիքներ հետագայում լրջորեն մաթեմատիկայով զբաղվելու համար

-Ինչպես արդեն նշեցի՝ ապագայում մտածում եմ դառնալ ինժեներ, իսկ մաթեմատիկան ուղղակի պարտադիր է ինժեներիայի մեջ մասնագիտանալու համար։ Իսկ հենց մաթեմատիկայի մեջ մասնագիտանալու ուղղությամբ դեռ շատ չեմ մտածել։ Կարծում եմ` ամեն ինչ ժամանակի հետ կորոշվի։

-Քո կարծիքով՝ ինչպե՞ս է մաթեմատիկան խթանում մարդկության զարգացումը:

-Մաթեմատիկան ամենուր է և ամեն բնագավառում։ Շատ մարդկանց գիտեմ, ովքեր հարցնում են, թե ինչպես է, օրինակ, սինուսների թեորեմն իրենց պետք գալու ապագայում։ Նրանք համարում են, որ մաթեմատիկայի դասընթացներին մենք սովորում ենք շատ ոչ պետքական բաներ։ Բայց ես ունեմ իմ տեսակետը. սինուսների կամ Պյութագորասի թեորեմը մեզ օգնում են մարզել մեր ուղեղը։ Մենք սովորում ենք ինչ-որ թեորեմ, ու դասի վերջում կան այդ թեորեմը կիրառող մի շարք խնդիրներ, որոնք պիտի լուծենք։ Աշակերտներն ունեն հնարավորություն՝ սովորելու կիրառել իրենց ունեցած գիտելիքները, տեսնել կարևորը մեծ պատկերի մեջ, նկատել ամենափոքրն ու ամենագեղեցիկը։ Մաթեմատիկական խնդիրների լուծումը օգնում է մարզել ուղեղը, քանի որ խնդրի շուրջ մտածելիս մարդը մտածում է տարբեր ուղղություններով, տալիս է խնդրին տարբեր զարգացումներ, շարժում է իր երևակայությունը։ Մաթեմատիկան կարծես սնունդ լինի ուղեղի համար։ Այն օգնում է մեզ զարգացնել մեր միտքը, դառնալ ավելի կրեատիվ, սովորել ուշադրություն դարձնել դետալներին ու շուտ չհանձնվել, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Մաթեմատիկան բացահայտում է աշխարհի գաղտնիքները, ցույց է տալիս համաչափությունն ու օրինաչափությունը և օգնում է գտնել բազմաթիվ առեղծվածների պատասխաններ։

-Ո՞րն է մաթեմատիկան սիրելու բանաձևը, ինչպե՞ս հասկանալ ու սիրել մաթեմատիկան

-Մաթեմատիկան սիրելու կամ մաթեմատիկայից ուժեղ լինելու համար պետք չէ լինել ի ծնե տաղանդավոր, այլ պետք է ունենալ ճիշտ մոտեցում։ Ուսուցիչները շատ կարևոր դեր ունեն երեխաների կյանքում, ու հենց նրանք են, որ պիտի սեր սերմանեն երեխաների մեջ, սովորեցնեն նրանց տեսնել առարկայի գեղեցկությունն ու գնահատել այն։ Ես շատ եմ առնչվել երեխաների հետ և նկատել եմ մի քանի սխալներ, որոնք չեն թողնում նրանց առաջ շարժվել։ Նախ, ինչպես նշեցի, ուսուցիչը շատ կարևոր է։ Եվ ինչպես շինություններում, այնպես էլ մաթեմատիկայում, շատ կարևոր է, որ հիմքը լինի ամուր, ինչում կարող են օգնել ուսուցիչները։ Շատ երեխաներ ամեն ինչ անում են ուղղակի ավտոմատ, առանց հասկանալու, թե ինչու հենց այդպես, կամ ինչու է, որ այդպես աշխատում է, իսկ մեկ այլ կերպ` ոչ։ Երեխան պետք է հենց սկզբից հասկանա, թե ինչպես է աշխատում մաթեմատիկան։ Իսկ հետագայում արդեն պետք է ուշադրություն դարձնել, որ դժվարությունների հանդիպելիս չսկսվի ավտոմատ քայլերի ռեժիմը։ Բազմաթիվ երեխաների գիտեմ, ովքեր խնդիրը ստանալուց հետո փորձում են խնդրի միջի թվերի մի մասը գումարել, մյուս մասը բազմապատկել և այդպես այնքան, մինչև որ ստանան գրքի հետևում նշված պատասխանը։ Բայց եթե երեխան սկսի հասկանալ, թե ինչու է քայլերի այդ հաջորդականությունը հանգեցնում լուծման, ապա կսկսի ինքնուրույն փնտրել լուծում և կզգա խնդրի գեղեցկությունը։ Իսկ լուծումը ճիշտ գտնելիս ինչպե՞ս չուրախանալ: